ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ
ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Տէր, տէր գթութեանց եւ Աստուած ողորմութեանց,
Անուն մեծութեան, ձայն ահաւորութեան,
Կոչումն սաստկութեան, լուր անհասութեան,
Բարբառ դողութեան, հնչումն հիացման,
Յուսադրութիւն բարերարութեան ամէնողորմ քաղցրութեան,
Յորմէ երկուցեալ սասանին ամենայն բնութիւնք եղելոց:
Ի քո սպառնալեաց ահիդ պակուցման
Սաւառնին սերոբէք, ամփոփին քերոբէք,
Պարուրին պարք լուսակերպիցն,
Երկնչին հիացմամբ բոլոր պետութիւնք վերնոցն,
Նոյնք ցնծան դողութեամբ մեծաւ ի մի նաւակատիս բերկրութեան,
Զարհուրին դեւք, ընկրկին չարութեանցն գունդք,
Պակասին խաւարասիրացն հոգիք,
Անդնդոց մատնին հրեշտակք աւտարին,
Կապին նշանաւ խաչին յարձակմունք դիմամարտին,
Փակին ի ստորին բանտի քինաւոր ամաղեկացիքն,
Անխզելի հանգուցիւք պաշարին խումբք հակառակորդին,
Արգելին անզերծ զնդանաւ մահազինացն կաճառք,
Պնդին ի մետաղս ահեղ հրամանիդ այսականացն գումարք,
Պապանձին կարկեալ ընդդիմաբանիցն դասակցութիւնք,
Պարաւանդին հիւծմամբ կորստեան աներեւութիցն ժողովք,
Անլոյծ շղթայիւք նեղին առաքելութիւնք դերաքրիստոսին:
Բ
Ահա կարկառեմ մատամբք ձեռինս
Զտեառնագրութիւն նշանիդ ի ժամ գիշերիս,
Որ ոչ մթանաս խաւարաւ անգիտութեան, ամենեւին տեսականութիւն,
Քան թէ ի լոյս անմատոյց հանգուցեալ բնակիս:
Ընկալ զաղաչողս վտանգաւոր գոհաբան
Ընդ պահպանութեամբ թեւոց հզաւրիդ,
Փրկեա ի ցնորից եկամուտ պղտորութեանց,
Սուրբ արա զզգայարան հայելեաց սրտիս նկատմանց,
Ամրացո փայտիւդ կենաց ի տխրական անրջոց,
Արեամբ քո սրսկեա զշրջարկութիւնս կայիցս,
Զհետս ելումտիցն կաթուածով կենարար կողիդ գծագրեա,
Երդոցն պահպանարան քառակերպիդ ձեւակերպութիւն եղիցի,
Հանդէպ տեսութեան աչացս ամբարձման
Փրկականդ քո կրից խորհուրդ առդիցի,
Ընդ բարաւոր յարկիս չարչարանաց քոց գործի հաստիցի,
Զծառոյդ աւրհնութեան հաւատք յուսոյ իմոյ կախիցի:
Արգել, Տէր, սովաւ զսատակիչն հոգւոց,
Մտցէ անխափան պաշտպանն լուսոյ:
Եւ ընդ սաստիկ ծանրութեան ցաւոցս`
Եւ զբեռն պարտեացս թեթեւացո,
Զոր ի լռարանի մտացս ամփոփման մահճացս անկողնի,
Ուշաբերեալ զյուսահատութեանցն դառն պտղոցն,
Խոստովանիմ ամենագիտիդ զանհամար մասունս գործոց
Չարաչար անաւրէնութեանցս:
Գ
Հանգո զվաստակեալս ի բազմածուփս աշխատութենէ,
Բարձ զտագնապ տարակուսանաց ոգւոյս կործանման,
Զդառնութիւնն ընդ վշտացն,
Զհեծութիւնն ընդ կարեացն,
Զանձկութիւնն ընդ թշուառութեանցն,
Զհառաչմունսն ընդ խորտակմանցն,
Զբեկութիւնսն ընդ ապշութեանցն,
Զթմբրութիւնսն ընդ շրտմանցն,
Զարբեցութիւնն ընդ յիմարութեանցն,
Զթերամտութիւնն ընդ խելագարութեանցն,
Զսառումն սիրոյն եւ զհրային ջերմութիւն աղուական ախտին:
Աւժանդակ լեր տկարութեան բազմատխուրս տարտամութեան
Բարեգործ աջովդ շնորհի, ձեռամբդ նորոգողի,
Մատամբդ կենսաբաշխի, փառաւքդ մշտափայլի,
Յարակայութեամբդ անեղծի, երեսաւքդ զուարթականի,
Իսկութեամբ էիդ պաշտելի, բարձրութեամբդ երկրպագելի:
Հատո զչարաչար հեծութիւն կորստականս խեղդման,
Զնոր գիւտ չարին, զհին խարդախութիւն բանսարկուին,
Զաւտար ազդեցմունս ի մահ կրթողին,
Զանյարմարական երեւոյթս հանապազորդեան եղեռնագործին:
Զառ աչս հնարադրութիւն դժնդակ դիւին,
Զողոքական բոցաշնչութիւն ձգող կախարդին:
Պահեա ի տեղւոջ հանգստեան մեռաւրինակ այսր դադարման
Յաներեւոյթ մտածութեանց, ի մասնաւոր սխալութեանց,
Ի մեծագոյն գայթակղութեանց, ի փոքրագոյն ոտնառութեանց,
Ի խաբեբայ չար ձանձրութեանց:
Հեռացո զանհանդէպ մտածութիւնս
Ի զգայութեանց ծառայիս յանցաւորի,
Զկիրս բասրելիս, զվարս թշնամանելիս,
Զդիպուածս պատկառելիս, զհետս վրիպելիս,
Զպատիրս ձաղկելիս, զխորհուրդս անգոսնելիս,
Զաւելաբանութիւնս նշկահելիս:
Դ
Անսխալ հոգւով եւ անշաղախ մարմնով
Զապաւինեալս ի քեզ հանդերձեա
Ի շնչմանէ հողմոց, ի զարկմանէ բռնութեանց,
Ի բախմանէ փոթորկաց, ի յոստմանէ մրրկաց,
Ի յարձակմանէ գազանաց:
Ի կափման աչացս հայեցուած սրտիս մի ստուերասցի,
Այլ զուարթասցի, պայծառասցի, վայելչասցի,
Ընդ քեզ փայլեսցի, Տէր Յիսուս Քրիստոս,
Լուսաւոր վառմամբ անշիջանելեաւ:
Բանիւ քո սրբեա զպատսպարանս բազմականիս
Ի խորամանկութեանց, ի զբաղմանց,
Ի քո ատելի յիշատակաց, ի վերնամարտ մտածմանց,
Ի քրէական մորոսութեանց, ի տիրանենգ անշնորհութեանց,
Յաստուածընդդէմ հերձուածութեանց:
Գնդիւք վերնայնոցդ վերակացու ինձ լիցիս
Պետութեամբք, իշխանութեամբք, զաւրաւորաւքն անյաղթականաց`
Մաքուր մատակարարաց սուրբ աստուածութեանդ,
Առաքեալքն` աւետեաց Աւետարանաւն, մարգարէքն` կտակարանաւքն,
Մաղթանք երջանկացն ի կատարածի աւուրն ընծայեալ:
Որովք նիրհեցից երկիւղիւ ըստ քեզ տրտմութեամբ
Եւ զարթեայց շնորհաւք քո կրկին ուրախութեամբ:
Եթէ վհատութեամբ ննջեցից,
Յարեայց դարձեալ հոգեւորական բերկրութեամբ,
Եթէ ընկողմնեցայց մեղանաւք,
Կանգնեցայց վերստին` զատեալ ի խղճէ անաղտ անբծութեամբ:
Ե
Լուր խնդրուածոց ամենահառաչ ձայնիս հեծութեան,
Միայն բազմագութ,
Բարեխաւսութեամբ սրբոյ Աստուածածնիդ
Եւ ամենայն արդարոց եւ նահատակաց ընտրելոց:
Եւ քեզ փառք յամենեցունց իմովս գոչմամբ վերառաքեցեալ
Սրբովք զուարթնոցն անմահականաց դասուց`
Ի գովեստ Հաւր քոյ` Աստուծոյ մերոյ
Եւ Հոգւոյդ Սրբոյ` բնաւից հաստողի եւ նորոգողի
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ՂԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՜ր, Տե՜ր գթությանց և Աստված ողորմությանց,
Անուն մեծատառ, ձայն ահեղալուր, կոչումն ահավոր,
Համբավ անպարփակ, բարբառ սոսկալի, հնչումն հիասքանչ,
Հուսադրություն բարերար, ամենողորմ քաղցրություն.
Որից վախեցած սասանվում են ողջ արարածները:
Ահիդ պակուցիչ սպառնալիքից՝
Սավառնում են սերովբեները ու քերովբեները թևամփոփվում,
Պարուրվում են պարերը լուսակերպների,
Երկնային բոլոր պետությունները երկնչում հիազարհուր,
Ու ցնծում են ողջ երկյուղած դողով՝ նավակատիքի բերկրությամբ:
Զարհուրում դևերն ու ընկրկում են գնդերը չարի,
Չքվում ոգիները խավարասեր,
Անդունդ գլորվում հրեշտակներն օտարի,
Խաչի նշանով խարխափում են հարձակումները ընդդիմամարտի,
Փակվում են քինոտ ամաղեկացիք բանտի խորքերում,
Անլուծելի հանգուցումներով պաշարվում խմբերն հակառակորդի,
Մահազենների գումարտակները արգելափակվում զնդանում անզերծ,
Դևերը պրկվում ահեղ հրամանիդ մետաղների մեջ՝
Ընդդիմախոսներն ամենայն պապանձվում անձայն,
Աներևույթների բազմությունները պարավանդվում են կորստյան հյուծմամբ,
Ու նեղվում անլույծ շղթաների մեջ առաքելությունք սուտ-քրիստոսների:

Բ

Մթին գիշերվա այս ժամին ահա՛ ձեռքիս մատներով
Նշանիդ տյառնագրությունը քեզ եմ կարկառում.
Քեզ, որ ոչ միայն չես մթնում անգիտության խավարով, ո՜վ ամենատես,
Այլև անմատույց լույսի մեջ ես բնակվում ու հանգստանում:
Աղաչում եմ քեզ գոհաբանությամբ, ընդունի՛ր դու ինձ,
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր դրսից եկող պղտոր ցնորքներից,
Մաքրի՛ր սրտիս աչքերի տեսողության զգայարանքը դու,
Կենաց փայտովդ ինձ ամրապնդիր տխուր անուրջների դեմ,
Արյունովդ սրսկիր բնակարանիս շուրջ-բոլորը,
Կողքիդ կենարար արյան կաթիլով գծագրիր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևիդ ձևակերպումը թող պահպանարան լինի երդիկիս,
Ու խորհրդանիշն ամենափրկիչ քո տանջանքների,
Թող որ դեպի վեր նայող աչքերիս հանդեպ լինի միշտ,
Չարչարանքներիդ գործիքը թող իմ տան դռան ճակատին դրոշմվի,
Հավատքն իմ հույսի թող որ օրհնության ծառից կախվի քո:
Կաշկանդի՛ր դու, Տե՛ր, այդ նշանովդ հոգիների սատակչին,
Եվ թող ներս մտնի առանց արգելքի պաշտպանը լույսի,
Ցավերիս սաստիկ ծանրության հետ մեղքերիս բեռն էլ թեթևացրու
Մահճում, մտամփոփ լռարանիս մեջ,
Մտաբերելով հուսահատության պտուղները դառնահամ,
Խոստովանում եմ ամենագետիդ բոլոր անօրեն գործերը իմ չար:

Գ

Հանգստացրո՛ւ վաստակյալիս իմ բազմածուփ աշխատանքից,
Կործանված ոգուս տարակույսների տագնապը ցրի՛ր,
Դառնությունը վշտերի հետ և հեծությունը ցավերի հետ,
Անձկությունը թշվառությունների հետ,
Հառաչանքները խորտակումների հետ,
Սրտաբեկությունը ապշությունների հետ,
Թմրությունը շվարման հետ,
Արբեցությունը հիմարությունների հետ,
Սառելը սիրո և հրաբորբոք ջերմությունը ցոփ- ցանկական ախտի հետ,
Օժանդակ եղիր՝ ամենատխուր տարտամությամբ տկարացածիս,
Բարեգործ աջով քո շնորհատու, ձեռքովդ նորոգող, մատովդ կենսաբաշխ,
Մշտափայլ փառքովդ, անեղծ մշտակայությամբդ, երեսովդ զվարթ,
Պաշտելի Էիդ իսկությամբ և բարձրությամբ երկրպագելի
Կտրի՛ր խեղդվողիս վշտալից հեծեծանքները,
Չարի հնարքը նոր և բանսարկուի խարդավանքը հին,
Օտար դրդումներն ի մահ մղողի,
Անպատշաճ դեպքերն ամենօրյա եղեռնագործի,
Աչքակապ ճարպկությունները դաժան դևի,
Փաղաքշական բոցաշնչությունը գրավող կախարդի:
Պահպանի՛ր դու ինձ այս մահահանգույն հանգստյան վայրում՝
Թաքուն մտքերից, մասնավոր սխալանքներից,
Մեծագույն մոլորանքներից, փոքրագույն սայթաքումներից Ե
վ չար խաբուսիկ ձանձրություններից:
Հեռացրո՛ւ հանցավոր ծառայիս զգայություններից
Խորհուրդներ անդեպ, կրքեր բասրելի, վարք անարգելի,
Դեպքեր անպատկառ, վրիպելի հետքեր, պատրանքներ ծաղրելի,
Խոհեր անգոսնելի և ավելորդաբանություններ արհամարհելի:
Քեզ ապավինածիս զինի՛ր անսխալ հոգով և մաքուր մարմնով՝
Հողմերի շնչից, բուռն հարվածներից,
Փոթորիկների բախումից, մրրիկների պոռթկումից
Եվ գազանների հարվածներից զերծ մնալու համար:
Երբ փակեմ աչքերս՝ սրտիս նայվածքը թող չստվերանա,
Այլ զվարթանա, պայծառանա ու վայելչանա,
Փայլի թող քեզ հետ, Տեր Հիսուս Քրիստոս, լուսավոր վառմամբ անշիջանելի:
Խոսքովդ մաքրիր իմ ննջատեղին՝
Խորամանկություններից, երկյուղներից,
Քեզ ատելի հիշողություններից,
Աստվածամարտ մտածումներից, Հանցավոր խենթություններից,
Տիրանենգ անշնորհքություններից Եվ աստվածընդդեմ պառակտումներից:
Խնամակալ լինես ինձ երկնային քո գնդերով, պետություններով
Եվ իշխանություններով զորավոր ու անհաղթելի,
Որոնք մաքուր մատակարարներ են սուրբ Աստվածությանդ.
Առաքյալներն՝ ավետյաց Ավետարանով,
Մարգարեներն իրենց Կտակարաններով,
Եվ վերջին օրը երջանիկների քեզ ընծայվող մաղթանքներով:
Այնժամ երկյուղով և քեզ հաճելի տրտմությամբ ես պիտի նիրհեմ284Բ. Կորնթ. Է. 9
Եվ քո շնորհիվ բուռն ուրախությամբ արթնանամ կրկին:
Եթե վհատությամբ ննջեմ նույնիսկ.
Հոգևոր բերկրությամբ պիտի հարություն առնեմ դարձյալ,
Եթե մինչև իսկ մեղքով ընկողմանեմ,
Պիտի կանգնեմ կրկին՝ մաքուր խղճով և անաղտ անբծությամբ:

Դ

Լսի՛ր խնդրանքներն իմ հառաչալից և հեծեծագին, միա՜կ բարեգութ,
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ
Եվ արդարների բոլոր ու ընտրյալ նահատակների:
Բոլոր կողմերից, քո բարձունքն ի վեր, իմ ձայնով փառք եմ առաքում ես քեզ,
Միշտ սուրբ և անմահ զվարթունների միջոցով՝ Ի գովեստ քո Հոր և մեր Աստուծո, Եվ ամեն ինչի ստեղծիչ և նորոգող Սուրբ Հոգուդ, Հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Տե՜ր, տե՜ր գթության և ողորմության,
Անուն մեծության, ձայն ահագնալուր,
Կոչում սաստկության, համբավ անպարփակ,
Դողազդու բարբառ, հնչում հիասքանչ,
Բարերարության և ամենողորմ
Քաղցրության անսուտ հուսադրություն,
Որից սարսափած սասանվում են ողջ
Արարածները իրենց բնությամբ:
Ահիդ պակուցիչ սպառնալիքից
Սերովբեները ճախրում են, թևում,
Քերովբեները ամփոփվում են լուռ,
Պարուրվում է պարն հրեշտակների,
Երկնային բոլոր պետությունները
Հիացմամբ սարսում, ցնծում են դոդով՝
Նավակատիքի անափ բերկրությամբ.
Դևերը սոսկում, և ընկրկում են գնդերը չարի,
Չքվում են սմքած հոգիները մութ ու խավարասեր,
Սկսբնաչարի հրեշտակները
Գահավիժում են անդունդներն ի վայր:
Խաչիդ նշանով խափանվում են խոլ
Հարձակումները ընդդիմամարտի,
Փակվում են քինոտ ամաղակեցիք ստորին բանտում,
Անլուծանելի հանգուցումներով
Կապվում են խմբերն հակառակորդի,
Մահազենների գումարտակները
Բանտվում են անել զնդանների մեջ,
Դիվականները պրկվում են ահեղ
Հրամաններիդ արգելաններում,
Դասակցությունը դիմախոսների
Կարկամում է ու սսկվում պապանձված,
Աներևույթի բազմությունները
Պարավանդվում են կորստյան հյուծմամբ
Եվ անլուծելի շղթաների մեջ
Նեղվում են բոլոր առաքյալները սուտքրիստոսի:
Բ
Կեսգիշերային այս լռության մեջ
Նշանդ օրհնյալ՝ ձեռքիս մատներով
Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,
Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում
Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ
Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:
Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ՝
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս
ցնորքներից,
Մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության,
Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ
Այս տխրաթախիծ անուրջների դեմ,
Արյամբդ ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ,
Կողիդ կենարար սուրբ կաթիլներով
Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան,
Վեր հառած աչքիս տեսության հանդեպ
Թող որ պատկերվի խորհուրդը միայն
Ամենափրկիչ տառապանքներիդ,
Չարչարանքների քո գործիքը թող
Սեմիս ճակատին դրոշմվի ամուր,
Հավատքը հույսիս՝ կախվի հանապազ ծառիցդ օրհնության:
Սանձի՛ր սրանցով, տե՛ր, հոգեսպանին.
Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ անխափան.
Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս՝
Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ:
Եվ ահա մահճում, ամփոփված մտքիս լռարանի մեջ,
Մտաբերելով պտուղները դառն հուսահատության՝
Խոստովանում եմ ամենագետիդ
Անօրեն ու չար գործերս բոլոր:
Գ
Հանգստացրո՛ւ հոգնատանջիս, տե՜ր,
Այսքա՜ն բազմածուփ տառապանքներից,
Ցրի՛ր կործանվող հոգուս տագնապներն ամենավարան,
Դառնությունները վշտերով հանդերձ,
Հառաչանքները ցավագնած սրտիս,
Թշվառություններն իրենց անձկությամբ,
Խորտակումներիս ողբը դառնահեծ,
Վհատությունն իր վարանումներով,
Տատամսումներն այս իրենց թմրությամբ,
Արբեցությունն իր հիմարության հետ,
Տարակույսներն այս խենթ ու խելագար,
Սիրո սառումն ու տարփական ախտի հրայրքներն անշեջ:
Օգնակա՛ն եղիր տկարիս, տարտամ ու բազմատխուր,
Բարեգործ աջով քո շնորհաձիր,
Նորոգող ձեռքով, մատով կենսաբաշխ,
Մշտափայլ փառքով, հարակայությամբ անապակ, անեղծ,
Զվարթ երեսով, այնքա՜ն պաշտելի Էիդ իսկությամբ
Եվ քո բարձրությամբ երկրպագելի:
Կտրի՛ր չարաչար հեծեծանքներն այս կործանիչ խեղդման,
Խափանի՚ր չարի հնարքները նոր
Եվ բանսարկուի խարդավանքը հին,
Ի մահ ձգողի դրդումներն օտար,
Հանապազաջան եղեռնագործի
Մտապատկերներն անարգ, անվայել,
Դժնդակ դևի որոգայթները ցնորապատիր,
Թովիչ կախարդի բոցաշնչությունն աղվական ու մեղկ:
Պահի՛ր անվրդով այս մահանման հանգստավայրում՝
Թաքուն մտքերից, սխալմունքներից նոր ու անսովոր,
Գայթումներից մեծ, այլև փոքրագույն սայթաքումներից,
Ձանձրություններից չար ու պատրական։
Վանի՛ր հանցավոր ծառայիս խելք ու զգայությունից՝
Մտքերն անպատեհ, կրքերն ախտաբույծ, վարքը բասրական,
Դեպքերն անպատկառ, հետքերը խոտոր,
Պատրանքներն ունայն ու ձաղածանակ,
Խոկումներն անարգ, բարբաջանքները արհամարհելի:
Ապավինածիս բարձրյալիդ պահի՛ր
Անխաթար հոգով, մարմնով անարատ՝
Հողմերի շնչից, ալեբախումից հորդ հեղեղների,
Փոթորիկների լլկանքից դժխեմ,
Խոլ մրրիկների պոռթկումից վայրագ
Ու գազանների հարձակումներից:
Աչքս փակելիս սրտիս նայվածքը թող չմթագնի,
Այլ զվարթանա, պայծառ տեսք առնի ու վայելչանա,
Փայլի քեզ հետ, տե՜ր Հիսուս Քրիստոս,
Անշիջանելի լուսավոր վառմամբ:
Խոսքովդ մաքրի՛ր իմ ննջատեղին՝
Նենգություններից, մտազբաղումից երկրասիրական,
Մեծիդ ատելի հիշատակներից,
Մտորումներից, վերնամարտ ու վես,
Հանցապարտական խենթություններից,
Տիրադավումից երախտամոռաց
Եվ աստվածընդդեմ մոլություններից հերձվածողական:
Ինձ խնամակա՛լ եղիր գնդերով վերնայիններիդ,
Պետություններով և իշխանությամբ,
Սուրբ աստվածության մաքուր, զորավոր
Ու անպարտելի պաշտոնյաներով.
Առաքյալները ավետարանով թող ինձ պաշտպանեն,
Մարգարեները՝ կտակարանով,
Երջանիկները՝ մաղթանքով իրենց,
Որ մատուցեցին վախճանի ժամին:
Որպեսզի նիրհեմ երկյուղով ու քեզ հաճո տրտմությամբ
Եվ ուրախությամբ, քո շնորհներով, արթնանամ կրկին.
Թե վհատությամբ ննջելու լինեմ,
Թող հառնեմ դարձյալ հոգու բերկրությամբ.
Եթե մեղքերով մտնեմ անկողին,
Թող մաքուր խղճով, անբիծ, անաղարտ վեր կենամ նորեն:
Դ
Լսի՛ր դառնահեծ ու հառաչաձայն
Խնդրանքներն իմ այս, միա՜կ բազմագութ,
Սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտիր
Արդարների ու նահատակների բարեխոսությամբ:
Բոլորի կողմից, անմահական սուրբ
Հրեշտակների դասի միջոցով,
Իմ գոչմամբ փառք եմ վերառաքում քեզ՝
Ի գովեստ քո Հոր և մեր Աստծո,
Սուրբ Հոգուդ, համայնն հաստող, նորոգող՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն:

Ի ՓԱՅՏՆ ԵՐՋԱՆԻԿ ԲԱՐԵԲԱՍՏՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՀԱՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ, ԱՂԱՉԱՆՍ ԵԴԵԱԼ ԸՆԴ ԿԵՐՊԱՐԱՆՍ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՆ
Ա
Գոհանամ զքէն, բարեգութ, միայն մարդասէր, արարիչ երկնի եւ երկրի, Որդի Աստուծոյ կենդանւոյ, այն ինչ զարթուցեալ անձկութեամբ սիրոյ քոյ յիշատակի ի լրութիւն հնչման փայտիդ հրաւիրման, որով բախեալ զձայնարձակութեանցն զազդողարան` սթափեցաք, կանգնեցաք` ի վեր յարուցեալ ի մեռաւրինակս թմբրմանէ, ուստի իբր կոչմամբ սփոփանաց բանի` բերեալ ձգեցաք ի ժամ պաշտաման աւրհնաբանութեան` յանդիման լինել քեզ ուրախութեամբ հանդէպ հատուցմանս բեմի:
Բ
Ահա փա~ռք քեզ, անսահման անուն եւ անբովանդակելի զաւրութիւն, որ այսքանեաւք հնարաւորութեամբք ընդ փրկութեան իմում հոգացար, գոհաբանեալ անեղծ իսկութիւն, որ կերպարանեցեր հրաշիւք աստստին զհանդերձելոցն նմանութիւն, հանդարտ գործեաւ վայելչականաւ փայտի անաւթոյ առ քունս անյարիր սաստիկս որոտացեր, որպէս թէ ընդ ծուլութեանս դանդաղութիւն զյանդիմանութիւն խրատուդ խառնեցեր, ի հայրենի սիրոյդ հեզութիւն զուժգնութիւն ճայթմանն յարեցեր, յընդոստ զարկուած երկուց միջնորդաց` մարդասիրապէս քաղցր անձրեւեցեր, ոչ մեղմութեամբ մեղմական վանկիւ նիրհմամբ ընկղմեցեր եւ ոչ անխնամաբար ահաւորութեամբ զտառապեալ հոգիս զարհուրեցուցեր: Ծնրադրական երկրպագութիւն ստեղծիչդ բոլորից, որ այժմէն ցուցեր համայն յայտնապէս զաւրինակ ահեղ բարբառոյն մեծի աւուրն յարութեան, կենդանացուցեր ի դադարմանէ դժոխական անբանութենէ, ի խնդիր ելեալ կոչեցեր զպակասամիտս ի գինիդ ուրախութեան, արարեր զսոյն լինել հանդերձիչ անարատ հարսինն առ սէր փեսայիդ, երկուցեր փոքր այս խթանաւ զապարասանին զվիթխարութիւն, լուծ ստուար կրթութեան ստամբակին ուսոյ զայս իր գործեցեր, վարապան վանիչ չարախաւսին կզակաց եդեալ կազմեցեր: Փառատրեալ յաւէտ անբաւ բարձրութիւն մեծիդ Աստուծոյ, որ փոխարկեցեր զփայտին պարտիս յազատութիւն շնորհիդ կենաց, իմաստնացուցեր վերստին դարձեալ զյիմարս ցնդեալ` հոգեւորական հանճարովդ, կարկառ կռճմամբ զանբժշկութիւն հարուածոց աւձին առանց մոռացման միշտ թարգմանեցեր, ընդ Երրորդութեանդ գծագրութիւն զկապն երեքկին իմ վնասակարին ի կատարածին սովիմբ կրկնեցեր:
Գ
Գովեստ ներբողից բուրմամբ խնկոց վերառաքեմ քեզ, ամենախնամ, զի ի ստապատիր կռոցն բազմաստուածութենէ առաւել յաճախագունիւք որսացար զանձն իմ պարտաւոր ի քո երկրպագութիւն, խրոխտ եւ ահարկու նուիրեալ փայտիւս զճշմարտութիւնն քարոզեցեր, մեծացուցեր այսր պատճառաւ պատշաճականաւ զնոր աւետարանութեանդ պատիւ: Սոյն ինքն աղաղակ բարձրութեան գոչման սպառազինութեանդ քոյ, արքայ պետութեանդ կայսերաց երկրի Տէր Քրիստոս, նշան խրախութեան աւարտման հանդիսի մարտի քոյ, Յիսուս, յորում իմանալին փարաւոն կապեալ ըմբռնեցաւ, կռփիչ հանապազորդեան գլխոյ գագաթան հպարտացեալ չարագործին` շերտս այս տաշեցեալ: Սովաւ գումարին ի պատերազմի որդիք Սիոնի ընդդէմ աշխարհակալին խաւարի,տաւն իմն աստուածաւանդ կրթութեան կարգեալ ի հեռուստ այս դրաւշուած իւղեալ` առանց հնանալոյ եւ կամ խափանման, նշանակիչ ժամանակի ապագայիցն հատուցման` ի բացուստ անդր ծանուցմամբն,ազգակից հանգունանման կենացն փայտի, որ ի դրախտիդ Աստուծոյ, կոչարան բարւոք հաւաքման փոյթ ընթացիւք ի յարկն աւրհնութեան, պատկեր տեսակի տնկոյն գիտութեան ի կարգ ընտրութեան բարւոյն եւ չարի, յիշատակ մեծ տեառնագրութեան յերեսս կերպիս Հոգւովդ Սրբով զնշան խաչիդ, նախազեկոյց աւետամատոյց փառաց գալստեան ի դշխոյն պահեալ սուրբ թագաւորիդ, յորդորիչ քաջալերական մաքրապարիցն խրախճանութեան, անախտական սիրարկու անձնահամբոյրն կցորդութեան շքեղաշուք քողընծայ ամենածին կուսի թագուհւոյ, յարդարիչ ծածուկ պճնութեան, որ ի հոգին է վայելչութիւն, նմանութիւն պատգամին Սինայ, որ ի տէրունեացն արտաքս առաքէր, միշտ աւրիորդ պանծալի` անշաղախ որդւոց մայր անարատից, սովաւ փառազարդէր:
Դ
Գերագոյն քան զԵրիքովին փողովն եղջերեայ զբռնութիւնն Բելիարայ սովաւ հարթեալ տապալեցեր, քարինս արձակեցեր պարսիւս այս փայտեայ ընդդէմ Գողիաթու, գայիսոն նորոգ կառուցեր` վկայ ահարկու կործանմանն սատանայի, զþի խոր աճեցեալ արմատս մեղացն մեքենայիւս այսու խլեցեր, զմոռացեալ գործոցս իմ պարտիս այսր երախտեաւք ընդ իս կապեցեր: Զոր եթէ այլ իմն ձայն Բանիդ Աստուծոյ անուանեմ նախապատում եկաւորութեանն, ոչ սխալեմ, քան թէ ճշմարտեմ: Ի տկար ամանս այս նիւթոյ հոգեկրի` մեծութիւն գործոցդ Յիսուսի առաւելապէս պատմեալ հռչակի, բիւրաւոր աւգնականութիւնս վերնապարգեւս եւ քոյինատուրս ի յայսմ անպատսպար ապաւինութենէ երկրականաց զարմանագրեցեր:
Ե
Խոստովանեալ անունդ անքնին մարդասիրիդ բարեխնամութան, խնկեալ խորհրդով սրբամասնութեան` անգծագրելի կերպարան լուսոյ, որ կրկնաձիր նշանաւս այսու նետս արձակեցեր հեռաձիգս, ձայնատրականս, աւդաչուս եւ յարմարաթռիչս, ունողս յինքեան հոգի կենդանի, որով անսխալ հանդիպմամբ զնպատակն խաւարային աղեղնաւորին գաղտնութեան յաւէտ կործանմամբ ի յետս ընկճեցեր: Իբր զպատնէշս ամրաբերձ բերդամարտութեան, կանգնաւորս, անվայրարկելիս` աստուստ անդանաւր զկտեալ դիպուածս այս փայտի զարկման` հրեշտակ կամարար թշնամւոյն ներհակ վերյուղարկեցեր: Բանիւ հրամանի մեծիդ ակնարկութեան, աւծութեամբ շնորհիդ արեամբ քո խառնեալ, զայս եղջիւր խեթկիչ մոլի գոռոզին իբր զխաչիդ փրկանակ յեսանեալ սրեցեր: Ի մեծ ազդմանէ այսր աղաղակի գեր քան ի վերնոցն քանդեալ վերացաւ դրանդն ամրութեան կամաց անվայելուչ եւ ամէներկչոտ խենեշութեան կարճամտին` ընդ հրէական սրտին իմաստից եւ ստուերական տանն կործանութեան:
Զ
Փառաբանութիւն քեզ վերընծայեմ, անմահ թագաւոր, զոր արարեր եւ հաստատեցեր աջովդ քո հզաւր, աղաչեմ զքեզ, կրկին ներգործեա: Անցուցեր սովաւ, հերքեալ առ ի մէնջ, զխէթ դժնդակ խորամանկութեան բանսարկուին, զտաժանական տապ մեղաց, զհողմ դառնութեան շնչման խաբողին, զտարր արկածից մահու երկիւղի, զառ ի յաւդից ցնդմանէ վնասակար բերմունս տխրեցուցիչս, զայսախառն հեծեծութիւնս թալկացուցիչս: Ցրուեա վերստին քոյինազէն հեծանաւս, աւժանդակեալ թեւաւք նշանիդ, զամպս հրածինս, զորոտմունս կարկտաբերս, զցաւագին ցոլմունս հրախաւար կեղծաւորութեան փչման բազմոտանի վիշապին, զսուր սատակման, զճակատամարտ դիմեցման, զյարուցելոցն ի վերայ վայրենական խորհրդոց զդիւացն կաքաւս: Յորմէ զարհուրին յայսմ իրէ փոքուէ` տեղի տուեալ մեծաւ դողութեամբ, կիրթ իմն ծանաւթութեամբ յայտնի գիտացեալ, թէ յայս ազգ ձայնի յառնէ տէր ի դատաստանն: Եւ խրախուսին յոգի արութեան, զրահեալ պնդապէս սուսերաւ Հոգւոյն, աստուածարեալ մարտիկք ամենայն ի ձեւ կանոնի այսր յիշատակի, որ զամենափորձ հրոյն ընտրութենէ գոչմամբ անկերպադրելեաւ համաւրէն ազանց քարոզէ ի յաւրինաւոր ասպարէզ երջանկաբար նահատակութեան:
Է
Հարաւ ահա փող աւագափող, համբարձաւ սովաւ Աստուած աւրհնութեամբ, պատմեցաւ սովիմբ ամենայն երկրի, հնչեաց ի լսելիս բաժանման հեթանոսաց, ձայն պահապանաց մեծին զաւրացաւ, ըստ բանին Եսայեայ, եւ ի նոյն բարբառ առհասարակ ցնծասցուք: Ցնդեցան ջրոյն առակաւ ի ձեռն սորին թշնամիք խաչին, անպատուեցաւ ճաշակն պտղոյ առաջին փայտին, տաւնեցաւ նիւթս այս խորհրդական կենաց անուանեալ, անարգեցաւ երկաթ առ ի պէտս պատերազմի, իբր զսրբութիւն Տեառն` ի սանձս երիվարին մեծին նշանի այս փայտ կենաձայն յարմարագրեցաւ, ամփոփեցաւ աւծեալս ցպով հովուին երկնայնոյ սուր իշխանութեան մարդկային ձեռին: Ոչ գծեաց ի քար տաճարին մուրճ ինչ գործողի, իսկ յաստուածակերտս խորան փայտս այս նուիրեալ ընդ խաչին թեւոց սլացեալ զաւրէ: Ոչ ի գլուխս ամսոցն եւ կամ յեւթնիցս եւթներորդս յոբելինիցն` ի յանկեան ուրեք խափանմամբ փողէ, այլ ընդ ծագս տիեզերաց եւ ընդ ծիրս եզերաց, ի ծոցս ջուրց բազմութեան ծովուց եւ կղզեաց նոցա յաճախ սաստկութեամբ,
անարգել ճայթմամբ իմն աստուածայնով հնչեցեալ աւետարանէ: Կոտորեցան սուսերք սատակողին այս փայտի ցուցմամբ` յանաւգտակարէ անտի մեզ փոխաձեւեալ ի խոփս եւ ի մանգաղս:
Ը
Ոչ արձագանք անձանաց ի խորոց ինչ գանչութենէ խիստս առաքեցեալ եւ ոչ դժնդակապէս, ըստ իմաստակի ումեմն աւտարի, զաւդ վիրաւորեալ, ոչ անախորժ սրութեամբ ընդ ունկն մտեալ եւ ոչ զաման ուղղոյն անկամակութեամբ չար թնդեցուցեալ, ոչ ոսկերցն փուշ խրտուցման յանձն բուսուցեալ եւ ոչ մտացն այլայլ ապշութիւն առաջի արկեալ, ոչ զանգակ նիւթոյ պղնձոյ դանդաչեցուցեալ եւ ոչ քար ընդ վիրգս սալի առանց քաղցրութեան առ նոյն զարկուցեալ: Պարփակարան անխորտակելի նորոյս Սիոնի, մի սա ի սպասուցն կազմուածոց արարչաւանդիցն գլխաւորաց, զոր եկեղեցականքս քրիստոնէից ընդ ղեւտականացն զգուշաւորապէս բարձեալ յանձանձեն, աւրինակ ձայնի հրեշտակին, զոր առակողին բան` հաւուն կոչմամբ այսու տեսակաւ զայն տպաւորեաց, նոր գործի շնորհի նուագարանաց Աւետարանին` զարթուցիչ Հոգւոյն առ մեզ, քան առ աւրհնաբանութիւն սաղմոսարանին ի վերայ Եղիսէին: Սկզբնապար նախընթացութեան աղէյարմար ջութակաց` բարետաւիղ ողբերգարկութեանց, բարացուցական բամբռան բառացի բարառնութեանց, սրինգ նորոգ այլ իմն տեսակաւ` առեալ մեզ ընդ հնոյն փոխանորդութեամբ, ոչ հեթանոսաւրէն ուրուաձայն հնչման եւ կամ հրէաբար խակախորհութեան, զոր մարգարէն տերամբ ազդեցոյց` Ի բաց արա յինէն,- այլ զսա սիրեաց եւ կրկին պատուեաց մաքրական տածմամբ` ահարկու դիւաց եւ ամենայն չար պատահարաց:
Թ
Եւ արդ, ընկալայ աւրհնաբանութեամբ, յարգեալ գովեստիւ զայս տուր սրբութեան` ինձ պահպանութիւն եւ քո փառատրութիւն, քո պաշտաւն եւ իմ գոհութիւն, անաղանդ արուեստ բարձրութեան արարչական փառաւորութեանդ: Մտցէ ձայնդ այդ աստուածարեալ ընդ պատուաստ յաւդիցս շաղկապութեան` հանել ի հոգւոյս զպատիրս դիւաց եւ զմուտս անիծից եւ մեղաց ապականութեան: Արասցես լինել զայս իր նշանակիչ ջնար ջահաւորական, անջրելի նամակ, ջատագով անխափանական տէրունական անաւրինականացդ: Ահա պարգեւեա սովաւ, բարեգութ, աղաչեմ, հզաւր, կրկին մեզ շնորհեա պահպանութիւն ի դիմամարտից յաներեւոյթ եւ յերեւելի: Ընձեռեա մեզ, ձեռն ամենալի, որ բանաս եւ մատուցանես պատրաստաբար բաշխմամբ ի մասունս բազմապիսիս, աւդոց քաղցրութիւն, անձրեւաց շահեկանութիւն: Պակասեսցին քոյով հրամանաւ այսու բարբառով հողմ տապախառն, շնչումն ցաւաբեր, յարձակմունք հինից չար խարդախութեանց: Սովաւ խափանեսցին ամենայն դիմամարտութիւնք զինուորութեանց դժնեայ մատնչին, հալեսցին, հատցին եւ մեռցին յերջանիկ ձայնէ աւծեալս այս փայտի որդն եւ ուտիճ եւ ամենայն նմանք սոցին, ոոր ի մերոց մեղաց զաւրացեալ` ընդ մեզ պատերազմին: Արմատացո մեզ սովաւ տունկ երանութեան զյուսոյդ ի քեզ մեծ պաշտպանութիւն, ստեղծիչ բոլորից, տէր արարածոց, զայս ծառ Սաբեկայ, որ ունի կախեալ ի դիտակ ոստոցն զաւանդ սուրբ նորոգ այժմու փրկութեանս ծաղկեալ քեւ, Քրիստոս, ի պտուղ կենաց անմահականաց: Փախիցեն յանհուն հեռաստան խորին խաւարի այսր փայտի փառաւորելոյ բարեզեկոյց ձայնարձակութեամբ` նեսարք ներհակք ստապատիրն ստորնականաց բազմաձեռնեան խարդաւանողաց: Մերժեսցին սովաւ ի յանդոց պտղատոհմական արաւրադրութեանց մերոց սահմանաց եւ ի քո մշակեալ կենդանի երկրէ վէրք վատնիչք եւ հոյլք մորմոքեցուցիչք, կտրեսցին սովաւ յաւելուածք կրկնատգեղ եւ անվայելուչ պատահմանց` ի հնարից չարին ի մեզ յայտնելոց: Իսկապէս վանեսցի սովաւ, որք յերկաքանչիւրոց բնութեանցս մերոց վերերեւին, ինքնաստեղծութիւնք մերձաւոր դաւաճանողաց, յումեմն` աւտարին վրիպակ մտածմունս, եւ յայլումն` գարշ գոյութիւնք անմաքուր զեռնոցն ապականողաց: Փրկեա, Տէր Յիսուս, աղաչեմ զքեզ, փրկեա, բարերար, կարկառեա առ իս զաջն ամենագով եւ աւգնեալ ինձ սովաւ` զերծո զիս յամենեցունց ընդդիմացողաց:
Ժ
Խառնեսցի, միասցի հրաման քո ի սոյն` առ ի փոխարկել զադամանդեայ սիրտս յիմարեալս ի քոյին բանիդ արդիւնատրութիւն: Հարցես, մխեսցես զայս նեցուկ հրաշից քումդ սքանչելեաց ի սիրտս ծորեալս եւ յոգիս լքեալս եւ հաստատեսցես` կազմեալ պնդապէս ի կայումն ուղիղ, անսասանելի, իսկ զանընդոստն կակղացուսցես` զարթնուլ եւ զգաստ լինել յոգի հեզութեան աստուածաւանդ քո պատուիրանիդ, որպէս զՊաւղոսն եւ զՄատթէոսն: Յիշեցո, մարդասէր, պատուեալս այս փայտիւ զերախտիս խաչիդ, որով զանճառսն ներգործեցեր: Բարձ յինէն, կեցուցիչ, զվտանգ պարտեացս պանծալի լծակաւք ամբառնալեաց նոր տապանակիդ: Բացցին կամաւք քո, հզաւր, ի յայս ձայն կենաց լսելիք սրտից յամառեցելոց: Լուիցեն յայս մեծի բարութեան ի քումդ ակնարկութեան ականջք խլից: Պարզեսցին ի ձեռն սորին լեզուք համրացելոց: Լուսաւորեսցին ի սոյն տեսարանք աչաց` հայել մաքրապէս ի քեզ պշուցեալ անայլայլաբար: Զղջասցին, դարձցին կազդուրեալ կամք յափրացելոց: Ընձեռեալ տացես, Տէր, տագնապելոյս անձրեւ արտասուաց: Եղիցի քեւ սա մեզ լուր ցնծութեան, ձայն ուրախութեան, բարբառ բերկրութեան, նուագ հանգստեան, նիւթ երանութեան, պատճառ փրկութեան, առիթ քաւութեան, մերժումն վշտաց, խզումն խեղդմանց, ընդարձակութիւն նեղութեանց, համառաւտումն խեթմանց, հալածումն հեծութեանց, թեթեւութիւն թառաչմանց, յապահովութիւն կարեաց, կարգադրութիւն կրից, սփոփութիւն վհատմանց, բժշկութիւն ցաւոց, տեւականութիւն հեղգութեանց, ուշադրութիւն անտեսիցն:
ԺԱ
Ի յայս կամուրջ ցանկալի, անխոտոր եւ անխոտորնակ եւ ի վերնաշաւիղ, բարձրաբերձ, սրբահետ սանդուղ երկնաչու առ Հայր քո աւրհնաբան, ահաւոր անուն ձգեալ մատուսցես, բարերար, Հոգւոյդ առաջնորդութեամբ միանալ ի քեզ անընդմիջելի: Որով եւ սրբոյ միոյ միայնոյ եւ միասնական տէրութեանդ եւ անեղծ արարչութեանդ ի կենդանեաց եւ յանշնչականաց հաստելոց վայելչական գոհութեամբ փա~ռք եւ իշխանութի~ւն յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Մ.Խերանյան

Բան ՂԲ

Խորհրդածություն և աղաչական պարզաբանություն
ժամահարի երջանիկ բարեբախտության փայտի վերաբերյալ

Ա

Գոհունակությունս եմ հայտնում քեզ, բարեգութ,
Միակ մարդասեր, երկնքի ու երկրի արարող,
Կենդանի Աստծու Որդի, Զարթնած քո հիշատակի սիրո անձկությամբ
Փայտիդ հրավերով,
Որ հնչեցրիր մեր ականջներին.
Եվ սթափվեցինք, ելանք մահակերպ թմրության միջից,
Կարծես սփոփիչ խոսքի կոչումով՝
Պաշտամունքի և օրհնության ժամին
Հանդիպելու քեզ ցնծությամբ
Այս հատուցման բեմի առջև:

Բ

Փա՜ռք քեզ, ահա, անուն անսահման
Եվ զորությունդ անընդգրկելի,
Որ փրկությունն իմ հոգացիր
Հնարներով բազմաքանակ.
Գոհաբանված անեղծ իսկություն,
Որ այստեղ հրաշքով կերպարանեցիր
Նմանությունը գալոց օրերի,
Որ վայելչական խաղաղ գործիքով այս փայտե
Որոտացիր սաստիկ, երբ քնած էի անկանգնելի,
Կարծես ծուլության դանդաղությանը
Խառնեցիր խրատիդ հանդիմանանքը,
Հայրական սիրուդ հեզությանը
Ճայթման ուժգնություն միացրիր.
Երկու միջնորդի ընդոստ հարվածին
Քաղցր անձրևեցիր մարդասիրաբար,
Փափուկ վանկերի մեղմ նիրհի մեջ չընկղմեցիր,
Եվ կամ անխնա ահավորությամբ
Տառապած հոգիս չզարհուրեցրիր:
Երկրպագություն ծնրադրական
Բոլորի ստեղծչիդ,
Որ հստակորեն՝ ցուցադրեցիր արդեն իսկ հիմա
Հայտնության մեծ օրվա ահեղ գոչումը,
Կենդանացրիր դժոխային անբանությունից,
Որոնելով կանչեցիր պակասամիտներին
Ուրախության գինուդ284aԱռակ. Թ.5.
Սրան դարձրիր անարատ հարսին հանդերձավորող
Փեսայիդ սիրույն.
Վախ ներշնչեցիր այս փոքր խթանով
Վիթխարահսկա ապերասանին,
Կրթիչ ստվար լուծ դարձրիր այս իրը
Ստամբակի ուսին.
Չարախոսի կզակին զսպող սանձ դրեցիր:
Մեծդ Աստծու անբավ բարձրությունը
Փառաբանյալ է հավետ,
Որ փայտի պարտքերը փոխարկեցիր
Կյանքի շնորհիդ ազատության,
Դարձյալ, վերստին իմաստնացրիր
Ցնդած հիմարիս՝ Հոգևոր քո հանճարով,
Կարկառ կրճտումով
Օձի հարվածի անբուժելությունը
Առանց մոռացման բացատրեցիր,
Երրորդությանդ կերպարանքի հետ
Ինձ վնասողի կապը դարձնում ես եռակի ամուր
Աշխարհի վերջին:

Գ

Ամենախնամ, խունկերի բուրմամբ
Ներբողյան գովք եմ վերառաքում քեզ,
Որ բազմաստվածյան ստապատիր կուռքերից առավելորեն
Մեղսական հոգիս դարձրիր քո երկրպագությանը:
Խրոխտ, ահարկու, նվիրական այս փայտով
Քարոզեցիր ճշմարտությունը,
Այս պատշաճությամբ մեծացրիր նոր ավետմանդ պատիվը:
Հենց սա զինավառությանդ բարձրագոչ աղաղակն է,
Կայսրերի երկրի արքա, Տեր Քրիստոս:
Քո մարտի ավարտի ուրախ հանդեսի նշանը, Հիսուս,
Որով կապկպվեց փարավոնը իմանալի.
Տաշած այս շերտը գոռոզացած չարագործի գլխի կատարի
Մշտական նեղիչն է:
Սրանով են Սիոնի որդիները խմբվում պատերազմում
Ընդդեմ խավարի աշխարհակալին285Եփես. Զ. 12:
Այս հինօրյա օծված արձանը աստվածային հրահանգների մի տուն է,
Որ չի հնանում և անխափան է286Ծննդ. ԻԸ. 18-19,,
Որ հեռվից եկող նշանն է գալիք հատուցման ժամանակի–
Ազգակից ու համանման կենաց փայտին,
Որ Աստծու դրախտում է.
Կոչման վայր է շտապ ու բարվոք հավաքումի,
Օրհնության վայր է.
Գիտության տունկի պատկերակիցը՝
Չարի ու բարու ընտրության ունակ,
Եվ մեծ հիշեցում խաչիդ նշանով տյառնագրվելու
Սուրբ Հոգու շնորհով,
Ավետող նախասացություն
Սուրբ թագավորիդ գալստյան հուսով սպասող դշխոյին.
Մաքուրների խմբի խրախճանության գոտեպնդող հորդոր.
Անապական սիրարկու անձնահամբույր միացման
Շքեղաշուք քողազարդ ամենածին կույս թագուհուն.
Հարդարիչը ծածուկ պճնանքի,
Որ հոգու վայելչությունն է.
Եվ նման է Սինայի պատգամին,
Որ դուրս էր հորդում Տիրոջից.
Անարատ որդիների մայր,
Պանծալի ու անշաղախ օրիորդը փառազարդվում էր սրանով:

Դ

Երիքովի եղջերափողից առավել այս [գործիքով]
Գետնամած տապալեցիր
Բելիարի բռնությունը.
Փայտե այս պարսով քար արձակեցիր Գողիաթի վրա,
Նորոգ գայիսոն կառուցեցիր
Իբրև վկա սատանայի ահեղ կործանման287Հմմտ. Հեսու Ը. 18-19
Մեղքի խոր աճած արմատները այս գործիքով խլեցիր,
Իմ մոռացված հանցապարտ գործերը սրա
երախտիքով ինձ վերադարձրիր:
Թե այն Բան Աստծուդ գալուստը հայտնող այլ ձայն անվանեմ՝
Չեմ սխալվի, այլ իրավ կլինեմ Հոգեկիր նյութի տկար ամանըս,
Իսկ Հիսուսիդ մեծագործությունները պատմվելով՝
Կհռչակվեն առավելապես:
Վերուստ պարգևված բյուր օգնություններ,
Որ դու ես տալիս, Այս անպատսպար ապավինությունից
Ի զարմացումն՝ երկրայիններին տրամադրեցիր:

Ե

Հանրաճանաչ է բարեխնամ մարդասիրությանդ
Անունն անքննելի,
Սրբամասն խորհրդով խնկարկված,
Լույսի կերպարանք անգծագրելի,
Որ այս կրկնաձիր նշանով
Արձակեցիր հեռաձիգ նետեր՝
Ձայնատրական և օդագնա և հարմարընթաց,
Կենդանի հոգի իրենց մեջ կրող,
Որոնցով անսխալ դիպուկությամբ
Խավարի աղեղնավորի գաղտնի նպատակը Հավետ կործանմամբ մերժեցիր:
Իբրև բարձրամուր պատնեշ բերդամարտության,
Կանգուն ու անխորտակելի,
Այստեղից այնտեղ, ուղարկեցիր թշնամու դեմ Այս փայտի զարկի հունչերը
Իբրև կամարար սուրհանդակներ:
Մեծ ակնարկությամբ քո հրամանի,
Արյանդ խառնված օծության շնորհով,
Հեսանելով սրեցիր մոլի գոռոզի խեթկիչ եղջյուրն այս,
Ինչպես խաչդ փրկական:
Եվ մեծ ազդումից այս աղաղակի,
Երկնայինների ձայնից ավելի Քանդվեց, վերացավ ամուր դրանդին
Կարճամիտների անվայելուչ երկչոտ վատասրտությունը,
Հրեական պատկերացումների
Եվ ստվերական տան կործանման հետ:

Զ

Վերընծայում եմ փառաբանություն,
Քեզ՝ անմահ թագավոր,
Որ ստեղծեցիր, հաստատեցիր
Աջով քո հզոր,
Աղաչում եմ քեզ, կրկին կատարիր:
Սրանով անցկացրիր՝
Մեզնից հերքելով
Բանսարկուի խորամանկության դժնի վտանգը,
Մեղքի տապը տաժանական,
Եվ դառն հողմը խաբողի շնչման,
Մահվան երկյուղի տարրն արկածների,
Օդի ցնդման վնասակար տխրեցուցիչ հետևանքները,
Թալկացնող դիվական հեծությունները:
Այս հեծանով, որ քո զենքն է,
Նշանիդ թևերի օժանդակությամբ
Ցրիր վերստին հրածին ամպերը,
Եվ կարկտաբեր որոտները,
Բազմոտանի վիշապի փչումի
Հրախավար կեղծավորության ցավագին ցոլմունքը,
Սատակիչ սուրը, հարձակողական մարտը,
Վայրենի մտքերով գրոհող դևերի պարերը:
Այս փոքրիկ իրից զարհուրում են [դրանք]
Ու մեծ դողումով տեղի են տալիս,
Հին ծանոթությամբ հայտնապես գիտնալով,
Որ այսպիսի ձայնից է Տերն ելնում դատելու:
Եվ հոգեպես խրախուսվում են արիությամբ՝
Ամրապես զինվելով Հոգու սուսերով՝
Մարտիկները բոլոր աստվածարյալ.
Այս հիշատակի կանոնով,
Որ անպատմելի գոչմամբ
Բոլոր ազգերին կազդարարի
Երջանկաբար նահատակվելու օրինավոր ասպարեզում
Ամեն ինչ փորձող հրի դատաստանը:

Է

Ահա հնչեց ավագ փողը288Եսայի ԻԷ. 13, Սաղմ. ԽԶ. 6,
Որով համբարձավ Աստված օրհնությամբ,
Պատմվեց սրանով ամեն մի երկրի,
Հնչեց ականջին աշխարհասփյուռ հեթանոսների,
Մեծ [Սիոնի] պահապանների ձայնը բարձրացավ՝
Եսայիի խոսքի համաձայն,
Եվ նույն բարբառով կցնծանք բոլորս289Եսայի ԾԲ. 8.
Սրանով խաչի թշնամիները ցնդեցին ջրի առակի նման290Ելք ԺԴ.
Անպատվվեց առաջին փայտի պտղի ճաշակումը,
Խորհրդավոր նյութն այս տոնվեց՝ կոչվելով կյանքի [փայտ]291Առակ. Գ. 18,
Անարգվեց երկաթը պատերազմական,
Ինչպես Տիրոջ սրբություն292Զաք. ԺԳ. 20 Ձիու սանձի վրա
Մեծ նշանի կենսաձայն փայտն այս հարմարեցվեց.
Երկնային հովվի այս օծված ցուպով
Պատյան դրվեց մարդկային ձեռքի իշխանության սուրը293Ա. Թագ. ԺԷ. 39-40:
Տաճարի վեմին քարտաշի մուրճ չգործեց294Գ. Թագ. Զ. 7,
Իսկ աստվածակերտ խորանների մեջ
Փայտն այս նվիրական Սլանալով խաչի թևերով՝ զորավոր է:
Ոչ թե ամսագլխին,
Կամ յոթն անգամ յոթ հոբելյաններին
Մի անկյունում խափանվելով է փողհարում295Ղևտ. ԻԵ. 9, Սաղմ. Ձ. 4, Այլ տիեզերքի չորս ծագերում Եվ ծիրերում եզերքների,
Ծովերի անտակ ջրերի ծոցում ու կղզիներում,
Մեծ սաստկությամբ, Ինչ-որ աստվածային անարգել ճայթումով Ավետելով հնչում է:
Այս փայտի հայտնությամբ
Կոտրվեցին սատակողի սուսերները,
Մեզ համար անօգտակարությունից
Ձևափոխվելով խոփերի ու մանգաղների296Եսայի Բ. 14:

Ը

Չհնչեց արձագանք խոր անձավներից Եվ ոչ օդը վիրավորելով դժնդակապես՝
Ըստ օտար մի իմաստակի,
Ոչ անախորժ սրությամբ ականջ մտնելով
Եվ ոչ ուղեղի ամանը չար տհաճությամբ թնդացնելով,
Ոչ մարմնին ոսկոր խրտնեցնող փուշ բուսցնելով,
Եվ ոչ միտք այլայլող ապշություն առաջացնելով,
Ոչ պղնձանյութ զանգ հնչեցնելով,
Եվ ոչ քարը սալարկի հետ տհաճ զարկվելով:
Նոր այս Սիոնի անխորտակ պարիսպ՝
Սա արարչավանդ գլխավոր սպասքներից է,
Որ քրիստոնյա եկեղեցականները
Ղևտացիների հետ խնամում են զգուշորեն կրելով,
Հրեշտակի ձայնի օրինակով,
Որ առակողի խոսքը այսպես տպավորեց
Հավքի կանչի նմանությամբ297Ժողով. ԺԲ. 4:
Ավետարանի նոր շնորհալի նվագարան՝
Աստուծո Հոգին առ մեզ արթնացնող,
Քան թե սաղմոսարանի օրհնությունը Եղիսեի վրա298Դ. Թագ. Գ. 15.
Նախընթաց սկզբնապարող է նա
Բարետավիղ ողբերգությանց հարմարալար ջութակների,
Բամբռի բառացի բարառնությանց բարքը պատկերող.
Մի այլ տեսակի նոր սրինգ տրված մեզ Հնի փոխարեն,
Ոչ թե հեթանոս ուրվաձայն հնչման,
Կամ հրեական խակամտությամբ,
Որ Տիրոջ ազդմամբ մերժեց մարգարեն՝299Ամովս Ե. 23 «Հեռացրո՛ւ ինձնից»,
Այլ սիրեց սա ու կրկին պատվեց մաքուր հոգալով
Իբրև ահարկու դևերին ու չար պատահարներին:

Թ

Եվ արդ, ստացա օրհնաբանությամբ,
Հարգանքով գովեցի սրբության այս տուրքը՝
Ինձ պահպանություն, փառատրություն քեզ,
Քեզ պաշտամունք և ինձ գոհություն,
Անթերի կերտվածք արարչական բարձր փառքիդ:
Աստվածարյալ այդ ձայնը թող մտնի
Հոդերս շաղկապող պատվաստի մեջ,
Հանելու հոգուցս դևերի խաբեությունը,
Ստացած անեծքներն ու զազիր մեղքերը:
Այս իմաստավոր առարկան դարձրու
Ջահավառ ջնար, անջրելի նամակ,
Անխափան ջատագով քո տերունի տնօրինությունների:
Ահա սրանով պարգևիր, բարեգութ,
Աղաչում եմ, հզոր, Մեզ կրկին շնորհիր պահպանություն
Աներևույթ ու երևելի թշնամիներից:
Ամենալի ձեռք, տուր մեզ,
Որ բաց ես անում և մատուցում ես սիրով բաշխելով
Այլևայլ բաներ,
Օդի քաղցրություն և անձրևների օգտակարություն:
Ըստ Քո հրամանի սրա բարբառով թող պակասեն՝
Տապախառն հողմ, ցավաբեր փչում,
Գրոհները չար խարդախ հեների,
Խափանվեն սրանով բոլոր հակամարտությունները
Դժնի մատնիչի զորքերի,
Հալչեն, վերջանան, մեռնեն
Երջանիկ օծյալ այս փայտից որդ և ուտիճ Եվ բոլոր նմանները,
Որ զորանալով մեր մեղքերից՝ Կռվում են մեր դեմ:
Սրանով հույսիդ երանության տունկն արմատացրու
Մեզ պաշտպանելու, ստեղծիչ բոլորի,
Արարածոց Տեր, Սաբեկի ծառն այս,
Որի ոստերից կախված է, քեզանով ծաղկած, Քրիստոս,
Նոր սուրբ ավանդը արդի փրկության,
Պտուղը կյանքի անվախճանական:
Այս փառատրելի փայտի բարեհունչ ձայնարձակումով
Խորին խավարի անհուն հեռուները փախչեն
Խարդավանող բազմաձեռք ստապատիր ստորնականների
Ներհակ չարքերը:
Հերքվեն սրանով մեր սահմանների
Ստորադրված, ընտիր-պտղավետ անդաստաններից
Եվ քո մշակված կենդանի երկրից՝
Վատնիչ վերքերն ու մորմոքեցնող [միջատի] հույլերը,
Սրանով հատվեն հավելված պատահարները՝
Կրկնագեղ կամ վայելուչ,
Որ գալիս են մեզ չարի հնարներից.
Իսկապես վտարվեն սրանով,
Այն ինքնաստեղծ բաները, որ երկակ մեր բնության մեջ
Վերերևում են իբրև մերձավոր դավաճան,
Մեկին վրիպակ, օտարոտի մտածումներ,
Մյուսի մեջ՝ ապականող կեղտոտ զեռունների
Գարշ գոյացումներ.
Փրկիր, Տեր Հիսուս, աղաչում եմ քեզ,
Փրկիր, բարերար, ինձ մեկնիր աջդ ամենքից գովված,
Օգնելով սրանով՝
Ազատիր բոլոր թշնամիներից:

Ժ

Հրամանդ թող խառնվի, միանա սրան,
Հիմարացած ադամանդե սիրտս փոխարկելու
Դեպի քո խոսքի արդյունատրություն:
Քո սքանչելի հրաշքի նեցուկն այս
Խփես, մխրճես ծորած սրտերն ու լքված հոգիները,
Ամրապես կազմելով հաստատես Ուղիղ, անսասանելի լինելության,
Իսկ անշարժին կակղեցնես, որ զարթնի Եվ զգաստ լինի հեզ հոգով
Քո աստվածության պատվիրանի հանդեպ,
Պողոսի ու Մատթեոսի նման300Գործք Թ. 1-9:
Մարդասեր, հիշեցրու այս պատվյալ փայտով
Երախտիքները քո խաչի, Որով անճառ գործեր կատարեցիր,
Իմ միջից հանիր, ապրեցնող, մեղապարտության վտանգը
Նոր տապանակիդ պանծալի լծակներով301Ելք ԻԵ. 14:
Հզոր, քո կամքով բացվի կյանքի այս ձայնին
Սրտի ականջը համառողների, Խուլ ականջները լսեն ակնարկությունդ մեծ
այս բարությամբ, Սրա միջոցով պարզվի լեզուն համրացածների,
Լուսավորվի տեսողությունը աչքերի՝
Մաքրապես նայելու քեզ անայլայլ պշությամբ,
Կազդուրվի, զղջա, դարձի գա կամքը ձանձրացածների:
Տեր, տագնապածիս ընձեռելով տուր Արցունքի անձրև:
Սա քեզնով լինի մեզ ցնծության լուր,
Ուրախության ձայն, բերկրանքի բարբառ,
Հանգստյան նվագ, քավության առիթ,
Վշտերի հերքում, խեղդումի խզում,
Եվ արձակություն նեղությունների,
Կրճատում խեթման, հերքում հեծության,
Թառանչումի թեթևացում, կարիքից ապահովություն,
Կրքի կարգավորում, վհատումի սփոփություն,
Բժշկություն ցավերի, հեղգության մեջ համբերություն
Եվ ուշադրություն անտես բաներին:

ԺԱ

Անխոտոր ու անխոտորնակ այս ցանկալի կամրջով
Եվ վերնաշավիղ բարձր սրբագնա երկնաչու սանդուղքով
Քո օրհնաբանված, ահեղ անունով Հոր մոտ տանես,
Բարերար, Հոգուդ առաջնորդությամբ Միանալու քեզ անբաժանելի,
Որով և սուրբ մեկ ու միակ,
Միասնական տերությանդ
Եվ անեղծ արարչությանդ ստեղծած
Կենդանիներից ու անշունչներից, վայելուչ գոհությամբ՝
Փառք և իշխանություն Հավիտյանս հավիտենից, ամեն:

Վ.Գևորգյան

..................... Այս գլխի փարգամանությունը պետք է լինի ԲԱՆ ՂԴ-ի տակ .....................

ԱՂԱՒԹՔ ԹԱՐԳՄԱՆԱՒՐԷՆ ՎԱՍՆ ՍՐԲԱԼՈՅՍ ԻՒՂՈՅՆ ՄԻՒՌՈՆԻ
Ա
Սուրբ, ահաւոր անուն բարձրեալ, անպատում, անձկութեան փափագ յարախորժելի, ի սրբերգենիցն փառատրողաց միշտ սրբաբանեալ բնակեալդ ի սրբում, լի եւ ամենազեղուն բարութեամբ առատաձեռն աննուազելի, լոյս բարի եւ ծագումն գովելի, երկրպագեալ փառաւորութիւն, ահեղ եւ անզննելի, ամէն եւ յամենայնում: Այսու բանիւ դաշամբք յուսոյ ուխտ ընդ քեզ միութեան, հզաւր, այո, ամէն, ալէլուիա, գովեալ թագաւոր հանուրց, Աստուած բոլորից, ստեղծիչ գոյից եւ տէր կամարար, միայն առիթ պատճառաւորաց, փրկիչ եւ աւծեալ մշտապաշտելի:
Բ
Ուստի մեկնապէս թարգմանեալ ի մեզ զայս գանձ անվաճառ եւ հարստութիւն անփոխադրելի, Յիսուս Քրիստոս արքայ երկնաւոր, որում դողութեամբ մեծաւ սպասեն անմահականացն ահեղից լուսաբերան բոցաշնչութիւնք, կրկնեալ քեզ յաւժարութեամբ ի հաճութենէ անխոտոր մտաց` ծունր գոհութեան, ստեղծող էութեանց, որ են ի տեսման եւ ի ծածկութեան: Որ եսդ եւ էիր միայն բովանդակ ամենեւին անպակասելի, առեր զմերս իսկապէս համայն, զի ի լրութենէ քումմէ լցուսցես, աւրհնեալ եւ բարեբանեալ, ծանուցեալ յաւէտ միշտ անքննութեամբ ողորմութեամբ մեզ ի փրկութիւն` ի փառս եւ ի գովեստ անճառ բարձրութեան ահաւորիդ բարերարութեան: Սկզբնաձիր աւծմանս շնորհի մեծախորհուրդ հրաշազարդութեան, քանզի լոյս քո մեզ ծանուցեալ, ճառագայթ անհաս, ծագումն անսահման, արեգակն անաչառասփիռ, աստղ սահմանիչ երկակշիռ տարրութեանց, ճրագ ոտից եւ լոյս հետեւմանց, որով ի ցոյցս իմաստից եկեալ տեսութեամբ բանիս այս յարմարութեան` տաւնեմք պարերգութեամբ հրեշտակաւրէն, յստակամտաբար, փրկավայելուչ կնդրկաւ խնկեալ զպարգեւաբաշխ առատատրութիւն ամէնիմաստիդ յիւղ զուարթ անբիծ դաւանման: Քանզի յիսկզբան անդ կապտեցելոյ ողորմելի տխրականութեամբ ի փչմանէ բարձրագոյն շնորհին հայրն իմ սկզբնաստեղծ եւ հնացեալ յաւէտ մեղացն գերմամբ` ի մահ գրաւեցաւ, կապեալ ընդ եղծման ապականութեան անզերծ հանգուցիիւ, ի ծառոյն պատճառաւորեալ յանկումն անյարիր ամենակործան գլորման, հերքեալ ի լուսոյ` այսր խաւարին վայրի մատնեցաւ,- իսկ դու, գթած տէր ողորմութեան, քանզի յաւէտ քան զնոոյն ծանեար, զոր ստեղծեր, եւ զի չէիցն ակնկալութեամբ չեկաց, յոր ինչ էրն, որով անկարողանայր իսկապէս տեսանել ի լոյսն վերին անմատոյց գերակայութեան անսահմանելոյդ, ոչ մշտափայլ յարակայ վառմամբ անաղաւտելի տարածանեցեր, այլ գիշերայնոյն ոտնալպիրծ, մթին արհաւրաց ձեռնակալութիւն ձիթոյ` շարամանութեամբ նիւթոյ պատրուգի ընդ նոյն զանգելոյ, յաւրինակ քո անախտ միութեամբ ընդ մեզ խառնելոյ` մարդասիրապէս հիւսեալ կազմեցեր, զի որ ի ստուերս մահու տարագրեալ գտաք կանխակորուստ տնկովն պարտեաց, ի պատճառ իրին ազգակցաւ պտղոյն ջահաւորեցեալ հաւատոյն վառմամբ` ի նոյնն դարձցուք խնկաւորութիւն, որպէս եւ փայտին մահու` մածմամբ քո ի նա ածեալ մածուցեր զմեզ, առակաւ մեծի խոորհրդոյն միաւորեալ ի փայտն կենաց:
Գ
Եւ արդ, որպէս ոչ է աւր լրմամբ առանց գիշերոյ, եւ ոչ տնաւրէնութիւն յարկի` առանց ձիթոյ պիտոյից խնդրոյ: Քանզի իբր աւրինակն հասարակային ոչ նուիրաւոր` զմարմնաւոր աչաց տեսութիւն լուսաւոր առնէ, նոյնպէս եւ մաքրեալն քոյինաշունչ շնորհին ընտրութեամբ անիմանալեաւ զաներեւոյթ հոգիս միութեամբ ի մեզ անտեսիդ հրաշափառապէս պայծառացուցանէ: Զի որպէս յիջումն լուսարանի սուրբ աւազանին լուացմամբ մարմնոյն զանձինն հաւատամք առնուլ սրբութիւն, սոյնպէս ի յաւծումն իւղոյն պարարեալ յուսով` զՀոգւոյն զաւրութիւն սովիմբ եւ ի սոյն համարիմք ունել ամենայնիւ աներկմտելի: Եւ որպէս հրամանդ տէրունական աւրհնաբանելի զքաւութիւն մեղաց ախտացելոցն նախավճռէիր, իսկ ոչ հաւատ ունողացն առ այն` բժշկութիւն հրաշալի յանդիմանակաց անդուստ առ նմին մարմնոյն տեսակի հաւատարիմ վկայ անդարձիցն հաստատէիր, սոյնպէս իւղս այս փրկութեան լուսով կատարեալ` հեղեալ ի մեզ աւծանէ զարտաքին խորանս, իսկ զներքին մարդս, աներեւակ ծածկապէս մտեալ, նոր կենդանածնէ:
Դ
Պատկեր պանծալի այս զանգուած նիւթոյ արարչիդ երկնի. քանզի որք զիւղոյն կրեցին աւգտութիւն, որ յողորմութենէն շահընծայութիւն, եւ դու ի գովեստ քեզ զայս բան սահմանեալ, թէ` Ողորմած եմ ես Տէր. քանզի որպէս սիրոյն անուան կցորդես Աստուած, նոյնպէս ի մասնէ եւ այսու զիջեալ գծագրիս` ըստ տնտեսութեանն, որ առ մեզ: Վեհագոյն մեծութեան խորհրդոյ յարմարաւոր դիմակերպութիւն այս ճարպ պարարտութեան երկրի թանձրութեան հողանիւթ գոյականութեան. զի որպէս սոյն մասն ի կենդանւոյն ոչ ի կերակուր հրամայիւր անդ ըստ Աւրինին, այլ արարչութեանդ բոլորովին պտուղ որոշիւր, նոյն նմանութեամբ եւս եւ աստանաւր, իբր զզաւրութիւն Տեառն մատչելի, յայս աւանդ հաճութեան էիդ աստուծոյ վայելչապէս տուեալ նուիրի, հոգւոյս հարազատ զուգաճանապարհ, արարողիդ պահեալ եւ ուխտեալ: Քանզի ոչ շունչ արեան եւ ոչ ճենճեր ինչ զուարթութեան աւրինակ հոգւոյս իմոյ եւ կարոյս ընդ անդամաթիւս մսոյն ծախի, այլ արքայութեանդ վերնում վիճակի տէրունական բազմականին ձաւնեցեալ ճաշակ, այս նիւթ ջահաւորական մշտաբորբոք անաղաւտելի:
Ե
Ոչ էր մատչելի ի նախագահութիւն արու անդրանիկ դատիչ քննողաց, եթէ ոչ աւծմամբ ինչ նշանակէր, ոչ քահանայութիւն ի յանկոխելին տեղի ձեռնարկէր, եթէ ոչ այսու կատարեալ լինէր: Յակոբ զքարն պատկեր վիմին, խորհուրդ երկար` խորանին ընտրութեան, աւծմամբն տպաւորեալ կերպացոյց, առ որ զիջումն անճառ բարձրելոյդ տեսութեամբ սանդղոցն յարմարութեան, եւ զիս ի վեր տանելոյն անդուղեկցութեամբն, զարձանն իւղեալ կառոյց նպատակ` ի ցոյցս ապառնեացն յիշատակի: Ահարոնեան քահանայութեանն պայծառութիւն հրամանաւ մեծիդ Աստուծոյ աւծմամբն ճոխանայր, որով ի գլխոյ անտի ի մաւրուսն զեղեալ գերափառ իւղոյն զարմանազան կենդանագրութիւն, ըստ սաղմոսողին, զփառաց նախնոյն առակէր զանդրադարձութիւն եւ զշնորհիդ կենաց սրբութեան ընդ մեզ խառնութիւն: Թագաւորութիւն ոչ էր պանծալի անդանաւր պատկերաւն ստեղծագործիդ, եթէ ոչ եղջերբ իւղոյն աւրհնութեան ձեռնադրեալ` պսակաւ պճնութեան թագին յանուն քո, Քրիստոս, գլուխ ամբառնայր: Եւ զիա՞րդ զնախնին վեհից մոռացայ, զծառայն մեծիդ եւ զկերպարանն անպարագրելոյդ. ո՞չ ահա Մելքիսեդեկ յաւրինակ ճշմարտիդ ահաւորութեան ի Ձիթաստանեաց լերինն, ուր յետոյ ոտք մարմնացելոյդ Աստուծոյ զետեղեալ կացին, ի վերնոց անտի հրեշտակաց ի պտղոց տեղւոյն իւղեցաւ. ուստի շիրմի սկզբնահաւրն պաշտպան եպիսկոպոսական արքայապատիւ ճոխութեամբ ի քէն հանդերձեալ նստաւ, մինչեւ յայտնեցար` երեւեալ լրմամբ համայն իսկութիւն ադամային կենագործութեանդ:
Զ
Եւ արդ, քանզի քո են շնորհք, եւ քեզ վայել են գոհաբանութիւնք, աւրհնաբանեալ Որդի Աստուծոյ, դու ինքն յամարեա բարենշմար տպաւորութեամբ զաղաչանս իւղաւորականս, խնկապատարս, զմռսալիրս պատճառ քեզ փառաց եւ ինձ` մեղապարտիս` առիթ բժշկութեան: Մատո, տէր Յիսուս, վիրացս աներեւութից զայս ձէթ լուսանիւթ եւ արկ ի սոյն խարանս խոցոյ մահացուի զկաթուած աւրհնութեան իւղոյդ փրկութեան անապակ գինեաւ սիրոյդ` միութեամբ արարչականաւ պատսպարեալ պատանաւք խնամոց, զի յիշատակարանս թարգմանաւրէն բանիս մաղթանաց վայելչական իմն յարմարութեամբ ի թեւս Հոգւոյդ զկարգ իւր գտցէ: Ի վերայ Դաւթի Հոգի քո, բարձրեալ, յայնմ աւրէ խաղաց, յորմէ աւծութեամբն նուիրեցաւ: Սաւուղ յայր յայլ եւ ի մարգարէս ոմանս անդուստ իսկ գրեցաւ, յորժամ աւծումն ժամանեցաւ գագաթան նորին: Արքայութիւնն Ասորեստանեայց աւծմամբն գրաւեալ մատուցաւ ի կցորդութիւն տանն Իսրայելի: Կայսերս ոմանս նշանաւորս, վեհս եւ երեւելիս ի խժականաց բարբարոս ազգաց, իւղս այս, կենսացնցուղ ցաւղով անձրեւեալ, իբր կարթիւ որսացաւ ի յընտանութիւն հպատակութեան մեծիդ Աստուծոյ: Բանն, որ առ Կիւրոս երկնաւորին պատուասիրութեան, զաւծեալն ձայն նմին մեծ վարկաւ: Ձայն սաղմոսողին գեր, քան զմարգարէութիւն, զաւծեալն անուն նախայարմարեաց` կանոնափակ ընդմիջարկութեամբ պատուէր աւանդեալ` Մի մերձենայք եւ մի մեղանչէք: Առ Հեղիաս առաքելութիւն աստուածային հրամանատրութեանն, նշանակ իմն հանելոյ ի պաշտամանէ անտի Բահաղու, զաւծելութիւնն ի Քորէբ ազդեաց Յէուայ եւ Ազայելի: Իւղ թափեալ անուն փեսայիդ ի հոգելից բանից իմաստնոյն վերավկայեալ` կանխաւ իսկ գրեցաւ, որպէս զի Հոգի, Աստուծոյ յաւէտ պատկեր եւ նշանակիչ, զի փոքուս զմեծդ կերպադրութիւն քեւ նկարագրեալ` ընդ քեզ միասցուք առմամբ քո շնորհից:
Է
Եւ զի՞ եւս երկարս, պատուածաւրէնս, բացականագոյնս, գծագրականս եւ առակաւորս շարագրեցից առաջի վերնոյդ եւ ահաւորիդ մաղթողական բանաստեղծութիւնս: Տէրդ եւ կենդանարարդ, արարիչդ երկնի եւ երկրի, ի յաւծմանէ անտի սկսար քարոզել զԱւետարանն արքայութեան, վկայեալ անդուստ ի Յովհաննէ` աւծեալ եւ գառն Աստուծոյ, բարձող մեղաց աշխարհի: Զի թէպէտ ընդ աւծմանն աւրհնութեան Հոգին էր քեզ իսկաբար լրմամբ եւ աստուածութեանն խառնութիւն բովանդապէս, այլ անունն պաշտի խորհրդեամբ շնորհին հրաշափառապէս ազդելոյ ի սուրբսն, զի զստրկութիւն ադամեան մարմնոյն մեծանալ յաւէտ այսու յորջորջմամբ պատրաստ արասցես: Բացեալ զառածս մարգարէութեանն Եսայեայ` դու ինքն աստուածութիւնդ մարդացեալ ընթերցար, հաւատարիմ առնել զբան ծառայից քոց, Տէր, եւ իբրեւ ծանուցեալ եղեր աւծութեամբն ի կարգ անդ բանին, թէ` Հոգի Տեառն ի վերայ իմ, որով եւ աւծ իսկ զիս,- ապա փակեցեր ի հանգիտափառն աւծելութենէ զորքանութիւն երկաքանչիւրոցն, յայտ արարեալ խտրոցաւ սահմանի ընդարձակ հեռաւորութեամբ մեծաւ կնքեցեր, զմերս` կաթուածով ինչ շնորհազարդեալ, եւ զքոյդ` իսկութեամբ ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյդ հաւասարութեամբ թարգմանեալ: Ի նախածանաւթ մերակերպութեանն պանծալի իմն գովեստիւ` աւծեալն կոչմամբ ի հրեշտակացդ փառատրողաց արարածոց երկրի ծանուցար, զոր մարգարէն կանխաւ գուշակեաց զþի Յորդանան եւ յընտրեալն լեառն Թաբորական հայրենի ձայնիդ եկաւորութիւն, թէ որ` Պատմէ ի մէջ մարդկան զաւծեալ իւր, զոր սաղմոսին ձայն կանխաւ պատմէ` հզաւրիդ փառաց զայս պատիւ տուեալ` առ ի զառեալդ ձեռնադրելոյ` Աւծ զքեզ Աստուած, Աստուած քո իւղով ուրախութեան:
Ը
Հոգի երեսաց մերոց Տէր Քրիստոս, որ է աւծեալ անունդ իսկոյն, որով զփչումն կենդանութեան ի դէմս մեր լոյս բարերարութեամբդ քո ազդեցեր. իմաստութիւն ումեմն երջանկի, մարդասիրութիւն խոստովանելի, ասելով առ ոմն, թէ եդ վկայութիւն առաջի Տեառն աւծելոյն` զնոր աւետեացս վկայելով, թէ` Կաւշիկս անգամ ոչ առի յամենայն մսեղեաց: Երգոցն երգ, իւղեփեցական գինի զԱստուծով ծանուցեալ զխորհուրդն ի գովեստ հարսին սուրբ եկեղեցւոյս, զմուռս առաքինութեան հանդերձ ամենայն առաջին իւղովն, եւ եւս զմուռս եւ կնդրուկ մաքրութեան վարուց յամենայն փոշեաց անուշից իւղովքն զանգեալ` անդստին եւ այսր յառաջաբերեաց: Դանիէլ, զկենսատու մահու քոյ, Քրիստոս թագաւոր երկնի, ի վեր քան զաւրինակ կոչումն ձայնի զայս անուանագրեալ, վկայեաց յայտնի, թէ զկնի վաթսուն եւ ինն եւթներորդացն սպանցի աւծեալն, եւ աւծեալ առաջնորդ զքեզ յորջորջեաց: Ճրագակիր աշտանակն Զաքարիայ Ադդովայ, որ ի Բարեքեայ, իւղոյն բարեբաշխ բացատրութեամբ ի մասունս եւթանց առաջադրութեանց գնդիցն վառելոց` ի ջահէ անտի զաւրութեամբ անեկամտաբար վիճակաւորեալ, զի քոյդ լրութենէ ի մեզ փրկութիւն եւ աւծելութիւն գերաբնապէս նախազեկուցեր: Զոր ըստ աւրինին անդուստ գուշակման ի խորանին, որ ի տաճարին, ամէնընտել իմն կրթութեամբ սովորաբար մատուցեալ լինէր, պանք բաղարջընծայք եւ նաշիհք իւղովք խառնեցեալք, եւ զուարակք եզանց իւղարկեալք, եւ տիրական անուամբ ձայնեցեալք, եւ հաւուց ոմանց թաթաւմամբ յազգակից ճարպին ի յարիւն, այսր խորհրդոյ առձեռն տեսակք եւ նշանակիչք յարմարականք քեզ, միածին ծնունդ աւրհնաբանեալ մեծիդ Աստուծոյ, միայն դու աւծեալ նորոգ եւ զարմանալի` ինքնութեամբ, համայն էութեամբ, իսկապէս լրմամբ ամենայնիւ անպակասելի:
Թ
Եւ զի՞ եւս իցէ բազմապատիկս նշանակել առ այս մեծ խորհուրդ անհասանելի եւ ոչ ճաշակել զքեզ, քաղցրութիւն, իմանալ քեւ զայս, թէ զի՞նչ իցէ իւղն, եթէ ոչ զտխրութիւնն ի փայտն պարտեաց սովիմբ բժշկեալ, ըստ սաղմոսողին, զուարթ գործեսցես. եւ զի՞նչ պարարտութիւնն, եթէ ոչ զկերակուրն մահու սովաւ մոռասցուք` լցեալ ի սմանէ. եւ զի՞նչ աւծութիւնն, եթէ ոչ զմոխրոյն թշուառ տեսութիւնն ի ձեռն սորին փոխարկեսցուք ի պայծառութիւն յաւէժ ուրախութեան, անուամբ քո փրկեալ` յոգի զաւրութեան Հաւր անուանեսցուք. եւ զի՞նչ արդեւք մարգարէին հոգեւոր ըղձականութիւն ամենատենչ բաղձանացն իցէ իմանալ, որոյ ծերութիւնն առակի ի ձէթ պարարտութեան, եւ կամ աւծանելն իւղով զգլխոյն վերամբարձութիւն, եթէ ոչ զհին խարդախութիւն սգոյն սաստկութեան ի մահ կործանմանն կենագործեալ դեղովս այս կենաց` պատսպարեալ աւժանդակեսցես. եւ զի՞նչ ճրագին լուսաւորելոյ շնորհակալութիւն, եթէ ոչ ի մէջ իմն անյուսութեան մեղացն միգի եւ կռապաշտութեանն խաւարի` կերպակցապէս միութեամբ ի յիս էմմանուէլ. եւ կամ զի՞նչ մարգարէն աստուածաբանեալ ի սփոփանս զուարթարարս աւրհնութեան նշանակ յայտնի վայելչապէս ոմանց աւետէ` Աւծցին իւղով ի մրրոյ պարզելոյ, եւ կամ իմաստունն ի դիմաց հարսինն ասէ աւրիորդացն` Հաստատեցէք զիս իւղով եւ գեղեցկազարդ խնձորով յարկեալ ծածկեցէք, եւ ի պարտէզ իւղենեաց տածեալ գրեցէք, եթէ ոչ, այսր ահա ընտրական նիւթիւ հոգւով քո լցեալ, ի սոյն լոյս տեսցուք զանիմանալիդ ի մեզ բարձրութիւն, գովեալ: Եւ արդ, քեզ, միայն խնամակալ, պատճառդ բարի բնաւին եղելոց, ձեռն համբառնամ տարածմամբ բազկացս, երիկամանցս գործակցութեամբ, սրտիս հեծութեամբ, լեզուիս եւ շրթանցս ձայնարկութեամբ` լուր ողորմութեամբ, Տէր, պաղատանացս խնդրուածոց առ քեզ կարդալոյս: Շնորհաւորեալ այսու պարգեւաւք` գոհաբանութիւն քեզ վերընծայեմ, հզաւր, ահաւոր, բարձրեալ, անքնին, անփակ փափագմամբ միշտ համբուրեցեալ, սուրբ, սուրբ եւ միայն միշտ սուրբ, աւրհնեալ հանապազ, յաւէժ անդադար երգաձայնութեամբ: Ընձեռեա առաւել բարերարութիւն իսպառ վրիպելոյս, տուր յոյս քաղցրութեան ոչ մասին միոյ մատուցման լուսոյ արժանաւոր ինչ հանդիպելոյս` լայնել քեւ, բարի, զնրբութիւն ծածուկ խորհրդոյս, գոհութիւն խառնեալ ընդ աղերս` ասել ընդ Դաւթի` Ընկալաք, աստուած, զողորմութիւն քո, եւ զծածուկս գաղտնեացդ անտեսից իմաստութեամբ քո յայտնի արարեր:
Ժ
Եւ արդ, մեծութիւն քեզ, ամենակալ, առատաձեռն աննուազելի, ամենափոյթ առ ի գթութիւն, մշտայաւժար ի բժշկութիւն, զի միացուցեր, խառնեցեր ընդ մերձաւոր, դիւրագիւտ, ընտանի նիւթոյս զհրաշս անճառս քումդ սքանչելեաց ահաւորութեան: Քանզի զոր երկին ամենայն բարձանց` երկրիս լայնութեամբ եւ անդնդոց ներքնոց խորութեամբ, ծովուց բազմութեամբ ոչ զաւրէ տանել, այլ իբր զդոյզն ի մեծէ բերի, ի փոքր գոյս տեսականեցեր զաւրութեամբ սահմանեալ ճշմարտապէս անհրապուրելի, զի մի նորոգ իմն երեւելով յայլ էութենէ առ աչս հարեւանցի երկեւանութիւն ինչ վարկանիցի` վիրաւորել քան թէ բժշկել անընտրաբար զկարծիս մտաց: Քանզի որպէս մարմին քեզ հաւաստապէս, աւրհնաբանեալ Որդի Աստուծոյ, իսկութիւն եւ ոչ աւրինակ ի յարդեանց ցորենոյ արարչապէս միշտ հանդերձեցեր, եւ կայլակ կողիդ` զարիւն խաղողոյ, եւ արգանդ կենաց հոգեւոր ծննդեան` զառատութիւն ջուրց յոլովութեան, նոյնպէս եւ զՀոգի անմահիդ փչման սովաւ եւ ի սոյն արդիւնատրեցեր. երկունք կենաց, որոյ կերպարան յառաջ եկելոյն եւ ոչ հեթանոսութեամբ է փոխարկութիւն, որպէս ոչ տեառնագրութեան խաչական փայտի ինչ երկրորդութիւն, նստելոցս յերկրի խաւարի ըստ նմանութեան քո, տէր, ծագեցեր: Քանզի յայս կերպարան շնորհի զանպակաս լրութիւն անհասիդ յայտնեալ աշխարհի լուսաւորեցեր, զի մի տնանկն կարաւտասցի, եւ մի ընչեղն բարձրամտեսցի, ըստ աւդոյ հաւասար բաշխման եւ լուսոյ արեգական տարածման եւ ջրական վտակաց զեղման, զի հաւասարապէս բաշխիւր երկրածնաց մանանային զուգամասնութեամբ` փոքունցն առաւել, քան մեծամեծացն:
ԺԱ
Իսկ այս նիւթոյ տեսաւորութիւն խորին խորհրդոյ եւ ի բնուստ անդուստ հրաշապէս ունի զթարգմանութիւն, որպէս զի ոչ երկմիտ ինչ շութափութեամբ անհաստատապէս զտեղի փոխէ եւ ոչ նենգողաբար զբնակութիւն ինքեան լքանէ, քանզի ոչ վերջնականաւք աճառովք հերքի եւ ոչ յընդդիմակցէ ումեքէ ողողեալ արտաքս ելանէ: Վասն զի որպէս պատահումն գունոյ յէութիւն մարմնոյ անփոփոխ իմն եւ անհրաժեշտ, որ գոլովն գոյացուցանէ եւ ոչ գոլովն ապականէ, այսպիսեաւ իմն յարմարութեամբ իւղոյս զաւրութիւն անդստին ի յիւրոց անտի կերպարան զառեալն ունողի միասնական զուգութեամբ ընդ մեզ իսկ կցորդեցեր, Տէր Յիսուս Քրիստոս, ընդ իրին գոյի եւ զաւրինակն լծակցելով. քանզի զանիմանալին տեսութեան աչաց եւ մտաց ըղձից ի դէմս բերեալ կերպաւորեցեր, ի պտղոց երկրի ճնշեալ մզելով, զարմանալեաւք հրաշագործութեամբ մատակարարիլ մեզ պատրաստեցեր: Մանաւանդ զի ոչ յոլովից խառնից ի մի եկելոց խմբակցութենէ զանազան ծաղկանց, ըստ հնոյն եւ ստուերին բազմաբուրեան այլայլութենէ, զայս իւղ աւծութեան հրամանատրեցեր, այլ իբր զաւրինակ փոխեալ զայն առ այս` դու ինքն խառնեցար ի սոյն մաքրութիւն վերնալոյս ձիթոյ: Որ թէպէտ անճառ են համեղութիւնք քումդ անուշութեան, եւ ընդ աւրինակաց իրիք ոչ համեմատի, այլ ծաղիկ դաշտի եւ շուշան հովտաց եւ նարդոս ընտիր եւ եղեգնախունկ` խառնեալ հալուէիւ, յարմարութեամբ հոտոյ քրքմոյ` փթթեալ ողկուզոյ եւ ազնիւ գինւոյ, ոչ սոսկ քան թէ իւղոյ միութեամբ պատշաճապէս աւրինակեցար փառաւորեալ անունդ անքնին, որ զամենայն լնուս եւյիրէ իմեքէ ամենեւին ոչ կարաւտանաս: Ուստի ոչ շփոթելովք ի հակառակաց բռնադատութեանց` բաժանեալ կամաց մեկին առակի, այլ ի սիրոյ հաւանութենէ աստուածապէս ի մէնջ պարարիս` վասն մեր ըստ մեզ առ ամենայն վայելչական նմանութիւն աւրինակեցեալ, առ որս լոյս բարի եւ հուր ջեռուցիչ, տապ սիրոյ` առանց մասին ինչ շնչման անգթական սառնացրտութեան այս զանգուած նիւթոյ կաթուածոյ ձիթոյ մաքուր մտաց տեսեալ իմանի, որով յիրաւի սովաւ ի յաստուած է միանալի: Ընդ Սողոմոնի աւծելոյ, որդեգրեցելոյ Աստուծոյ երգեմ բերանով հարսինն երկնաւոր փեսայիդ բարեբան գոհաբանութիւն` համբուրեալ ի յիղձս մտաց զհոտ իւղոց քոց, քան զամենայն խունկս, եւ իբր զբանս կենաց յաւիտենականաց ունողի, ըստ հոգելից բանի իմաստնոյն եւ աստուածաբան աւետարանչին, զհետ քո ի հոտ իւղոց քոց ընթասցուք` լուացեալ զերեսս ջուրբք կենաց, որ ի վեր է, քան զերկին աւդոյս այսորիկ, եւ աւծեալ զգլուխս անախտական իւղովդ երկնայնով` յանդիման եղէց քեզ ուրախութեամբ, զուարթապէս եւ ոչ տխրաբար:
ԺԲ
Այս իւղ խնկելի, պաշտելի եւ երանելի ոչ սոսկ աւծումն ուղղոյս սենեկի եւ կամ հերաց վարսից գագաթան նպաստ ինչ մատուցանի, եթէ ոչ տէրունական կենսատու խաչիւդ տեառնագրեսցի: Սոյն իւղ զարմանահրաշ աւրհնութեան լուսոյ զհրեայն եւ զխուժն, զհնդիկն եւ զբարբարոսն, զսկիւթացին եւ զելլենացին, զդուժն դժնէաբար եւ զարհաւրատեսակ շանագլուխն սոսկավիթխար, զտէրն ազատ եւ զստրուկն ծառայածին քրիստոսեան արարեալ` անուամբ քո կնքէ եւ Հոգւոյդ Սրբոյ ընծայէ եւ Հաւրդ երկնաւորի հարազատ որդի հաստատէ: Բազմաւրինակ են սովաւ արուեստից տեսմունք, յարմարեցեալք նախ` նիւթոյն, ապա` զաւրութեանն: Քանզի իբր անաւթ փայտեղէն, մինչ չեւ աւծեալ իցէ, դիւրաբար հերձի եւ, անաւգուտ եղեալ, անպատուի, նոյնպէս եւ մարդ, ոչ իւղեալ սովաւ, հեշտեաւ խորտակի եւ, մեկուսի եղեալ առ ի քէն, ոչ լուսաւորի: Մատն սա քո, Յիսուս, որով զհրաշալիսն զարմանագրես, քանզի իբր անգծելի կազմութեամբ, կարծր պահպանակաւ,ամենապատրաստն շրջարկութեամբ պաշտպանեալ ծածկէ յայլագունակ, խրթնի եկամտից, մինչ զի ասուի մաքրութեան, թաթաւեալ ի սմա, ոչ ներկի արեամբ եւ ոչ տխրատեսակ երփնիւ այլայլի: Նա զի եւ թափանցանց իմն խառնութեամբ հոգեպէս ընդ թանձրութիւն մերս գոյութեան մտեալ անցանէ. զի թէ անէծք սաղմոսողին ձիթոյ առակաւ ընդ ոսկերս չարին համայնիւ բաշխի, ո՞րչափ եւս Հոգիդ սոյն ճարպով լուսոյ զաներեւոյթ ներքնոյն տեսակս կենագործեալ ողջացուցանէ, ազդումն տուեալ ի խորոց անտի շնչման հագագին` մինչեւ ի սպառուած ծայրիցն եզերաց զբնաւն ընկղմէ զյիշատակ մարմնոյ մահուն արկածից, քանզի կենդանական զաւրութիւն քո միշտ ահաւոր, Տէր Յիսուս Քրիստոս, ի սմին խառնեցեալ` ընդ սոյն իսկ բնակէ:
ԺԳ
Այս աւծումն բարետեսիլ եւ առ բռնամարտիկ, մերկամրցանակ ըմբիշս, իբր զաւրաւոր հնարից կերպարան ճգնաւորական, անըմբռնելի ձեռաց ներհակին, աւրինաւք պաշտի, դիւաց եւ ախտից հզաւր ահարկու: Քանզի յոգնապաճոյճ պճնութիւն բանին Եզեկիելի առ իմանալին փարաւոն հենգնաւոր առակագրութեամբ, ողբականաւք շարայարմարեալ. Յորժամ եղեր, ասէ, եւ հանդերձեցար ընդ աւծելոյ քերոբէին, ուր արձանքն հրեղէնք հաստատեալ կառուցան: Աւրհնաբանեալ ահաւորութիւն ամենավայր ձեռնկալութեան, որ միշտ անճառ ես բանից եւ գերազանցեալ` քնութեանց, որ Աւետարանաւն կենաց խնկիս յարակայ` իբր նորածին աւծեալ ի քաղաքի Դաւթի, եւ ի քահանայապետին հարցմանէ` Դո՞ւ ես աւծեալն` որդի աւրհնելոյն, եւ յերանաւորն դաւանութենէ Պետրոսի` Աւծեալ միայն` Որդի Աստուծոյ կենդանւոյ, եւ յապահաւատ քննողացն, եթէ` Դո՞ւ ես աւծեալն, ասեն, ասա մեզ համարձակ, եւ ի կանոնականացն քոց հաւատամք յաւծեալդ ուսուցիչ եւ տէր ամենայնի: Եւ Հերովդէս յառաջ, քան զսոյն, զաւծեալդ անուն յայտնապէս հարցեալ. եւ զիա՞րդ գրեն, դու իսկ ասացեր, զաւծեալն աստուծոյ` զտէրն Դաւթի զանսկիզբն Որդի` ժամանակաւ որդի: Քանզի այսպէս ընկալաք վայելչաբար զայս թարգմանեցեալ, որ ի մեզ բերի ծայրն կատարման խորհրդական կոչմանն` վիճակ քրիստոնէից նախապատուութեան:
ԺԴ
Այնքան ունի ահաւորութիւն, միանգամայն եւ սրբութիւն, իւղաւորական խնկաւորութիւն սոսկալի անունս աւծութեան, մինչ զի որպէս ոչէ համարձակել ուրուք յերկրայնոցս Աստուած անուանիլ, այլ` աստուածային, նոյնպէս ոչ բերէ մարմին զՔրիստոսդ անուն անձին համարել, այլ` զքրիստոնեայն,անտանելի նախնոյն մեծութեան մկրտչին` ջուրբք զՀոգին հրաւիրողին. Քանզի չեմ ես, ասէ աւծեալն, այլ առաքեալ առաջի նորա: Սովաւ շրջէին, որպէս բանն ազդէ աւետարանչին Մարկոսի, առաքելականացն լծակցութիւնք, իբր ազգակից հարազատ ձեռինդ Աստուծոյ` այսու վարեցեալք, քանզի իւղով աւծանէին եւ առանց մարդկային հնարից անուամբ քո բժշկէին: Վասն զի որպէս խաւար` ի լուսոյ եւ ցաւ` յառողջութենէ, գիշեր` ի տուընջենէ եւ մահ` ի կենաց, այսպէս եւ ի սոյն իրէ տիրապարգեւէ ամենայն չարին երեւոյթք մերժին, խափանին եւ բնաւին ամփոփին: Քանզի որպէս ճանճք զազիրք եւ փոքր զեռունք սարդից եւ ունկնամտից, իբր ի դեղոց մահու, յայս նիւթոյ սպառեալ պակասին, սոյնպէս լրութեամբ շնորհի աւրհնութեան սոյն իւղ զաւրացեալ` եւ զայսս վանէ, եւ զմուրհակս չարեաց ջրէ, եւ զվճիռ մահու պատառէ: Ոչ է աւազան կատարեալ առանց աւծման աւժանդակութեան: Եթէ աւազակացն մահու խոցման զմարդն առաջին` այս դեղ փրկութեան մատուցեալ տուաւ, եթէ անճարակ վիրացն Յակոբայ եւ Իսրայելի` սոյն իր պատուական յիշատակեցաւ: Այս իւղոյ փափագեալ Դաւիթ` իբր ձիթենի պտղալից ի տան Աստուծոյ յուսով յարակայի, լքեալ զթլփատութիւնն` անդստին զմկրտութեանս շնորհէ գուշակէ: Եւ զի՞ է ինձ զայսմանէ ճառել եւ համայնին կարծել հասանել, որ եւ ոչ վերինքն զաւրեն ձեռնարկութեամբ ինչ բանի զսոյն խորհուրդ ի մասնաւորէ ինչ ճառելով նշանակել, թողում ասել, թէ յիսկութենէ:
ԺԵ
Փա~ռք քեզ միշտ եւ յամենայնի, անմահ թագաւոր, ի յայժմու երգեցեալ աւրհնաբանութեանս, զոր արարեր եւ կատարեցեր առ իս, բարեխնամ, գթած եւ երկայնամիտ, հարուստ եւ առատ ամենայաղթող, անդստին եւ հարցն գծագրելով զաւրինակն` մինչեւ ի լրումն ածեր զիսկութիւն ճշմարտապէս: Դու լոյս իսկ բնութեամբ եւ արեգակն մշտապայծառ` եւ զաշակերտացն դաս լոյս անուանեցեր, որով զարարածս ամենայն երկրի ճառագայթիւք երջանիկ շնորհի նոցին լցուցեր: Ընկալար զիւղն անուշութեան յումեմնէ ի յոտս` յաւրինակ ընդունելութեան մաղթանաց առ քեզ, եւ ի միւսմէ պոռնկէ` ի գլուխ` նշանակ սիրոյ գթութեանդ առ մեզ, մշտափափագ բաղձանաւք անսահմանելիդ ի սոյն հոտոտեալ, մինչ զի ուխտիւ անփոխադրելեաւ աւրէնս յարակայս աւրհնաբանելիս` քոյինահրաման պատուէրս կենաց ընդ համաւրէն աշխարհ քարոզել զսակաւաձեռն իւղոյն յարգաւորութիւն` զարմանս հրաշից լսողացն, առ ապառնեացն յուսադրութիւն: Դուք աւծութիւն ունիք զսրբոյն,- ասաց երջանիկն առաքելութեանց` մեկնեալ զխորհուրդն, որ ի մեզ զեղեալ յառաւելութենէ կենդանարարիդ անպակաս բովանդակութեան: Ուստի յաւէտ իմն յարմարաւոր եւ հանգունատիպ առ ի մասնաւորն նմանութիւն լուսոյդ եւ Հոգւոյդ Սրբոյ` այս կաթուած աւրհնութեան ի վերնոյդ բարեբաստութեանց անսպառաբար սրսկեցեալ ի մեզ. եւ ասի լոյս` իբր զնախաթիւ գոլ ստեղծուածոց եւ արարչութեանդ պատկերակից, որով զխաւար մթութեան մեղաց հալածես,- իսկ հուր, զի յամենայն տարր արարածոց հաւասարապէս ունի զուգութիւն ըստ էականին կշիռ բաշխութեան, ծածուկ եւ յայտնի, լռեալ եւ ծանուցեալ, եւ եթէ ոչ ընդհարցի ի հակառակէն, ոչ ի յինքնասաստ յաւժարմտութենէ բաղձայ բորբոքիլ. դարձեալ եւ` աւծումն, զի արքայաբար որդեգրեալ ընդ քեզ` ի ժառանգութիւն Հաւրդ մատուսցես, ողորմութեանդ ազգակցաւ նկարեալ ի մեզ անեղծանելի` ի հանդերձեալ փառսն փայլեսցուք. դարձեալ եւ` հոգի, զի մաքրեալ զարկածս խաբէութեանն, որ ի բանսարկուին ներգործութենէ, նորոգ փոփոխմամբ, հոգւով եւ ճշմարտութեամբ Հաւրդ երկնաւորի երկրպագեսցուք` բեւեռեալ ընդ քեզ յուսոյն հաւատովք, ամենապարգեւ:
ԺԶ
Ահա արդարեւ յաւէտ իսկապէս իւղս այս լուսապատար, խնկալիր` վերնականիդ սիրոյ տեսութիւն: Վասն որոյ եւ Պաւղոս իսկ պատշաճ վարկաւ ի ճառ գոհաբանութեանն` ասելով յայտնի. Որ աւծ զմեզ ձեւք հանդերձ ի Քրիստոս Յիսուս` Աստուած է` որ եւ կնքեաց զմեզ եւ ետ զառհաւատչեայ Հոգւոյն ի սիրտս մեր. եւ դարձեալ` Մի, ասէ, տրտմեցուցանէք զՀոգին Սուրբ Աստուծոյ, որով կնքեցարուք յաւուրն փրկութեան: Պատկառելի եւ անվանելի աւծութեանս յորջորջութիւն` իբր ի նորումս յաւէտ, քան ի հնումն: Քանզի բանն դաւթեան սաղմոսին զտիրական տնաւրինականացդ սկզբնաւոր կրիցդ խորհուրդ ճշմարտաբար վերասահմանէ. Ժողովեցան, կուտեցան իշխանք ժողովրդոց վասն Տեառն եւ վասն աւծելոյ նորա: Մարգարէութիւն մեծ տպաւորեալ զանսրբելի արեանդ պարտիս հրէախումբ չար մոլեգնութեանն, որ ի տէրդ յանդգնութիւն. Ո՞վ է, որ ձգիցէ զձեռն իւր յաւծեալ տեառն եւ քաւեսցի: Քանզի թէ եւ յազգայնոյն սպանաւ Սաւուղ, այլ ոչ իսպառ մերժեցան յամաւթ եւ ի նախատինս ազգաց աւտարաց, մինչեւ արեանդ աստուծոյ հաղորդեալ գտան: Գրաւական մեծ յիշատակի ապագայիցն ժառանգութեան աղաւթանուէր աղերսարկութիւն ասել սաղմոսին. Վասն Դաւթի` սիրելւոյ քոյ մի դարձուցաներ զերեսս քո յաւծելոյ քումմէ. եւ դարձեալ` Նայեա եւ տես յերեսս աւծելոյ քոյ եւ արա ողորմութիւն ընդ աւծելոյ քոյ:
ԺԷ
Ձեռին քոյ, Քրիստոս, երկրպագեալ պարգեւատրութիւն այս հիւթ լուսակիր, քանզի ոչ այլ մեծ բարձրութիւն յարքայութեանն ճոխութենէ ասէ մարգարէն ի դիմաց քոց, Տէր, քան թէ` Գտի զԴաւիթ ծառայ իմ եւ իւղով սրբով իմով աւծի զնա: Ուստի կիրթ իմն յիշատակաւ զքոյդ համբուրեալ լուսոյ աւծութիւն, տէր Յիսուս Քրիստոս, ծանիցուք զքեզ անփոփոխ մշտնջենաւորութիւն, թէ դու ես ամենայն եւ յամենայնի միայն թագաւոր թագաւորութեանց եւ ճշմարիտ աւծեալ իւղելոց, փառաբանեալ երկրպագութեամբ երէկ եւ այսաւր: Քանզի զոր աւրինակ պատրոյգ, թացեալ ի ճարպում, ոչ երեւեցուցանէ ինչ նշոյլ, մինչեւ հուրբ լուցեալ վառիցի, սոյնպէս եւ այս աւծութիւն լուսոյ, առ ի մեզ հեղեալ, ի հանդերձեալսն ջահաւորի: Այս է կերպարանին մեկնաւոր բացերեւութիւն, ի նախնեացն եւ այսր բերեալ, բարենշան իմն յարմարութեամբ հրաշապայծառ երանգաւ գունեալ:
ԺԸ
Արդ, այսոցիկ պատճառ վեհագոյն մասանց կեցուցչաց, աստուածականաց արարչութեանդ հարազատաց, առանց որոյ ոչ է գրիլ քրիստոսեան, եւ ոչ նազովրեցի անուանիլ, եւ ոչ յիշատակիլ յորդիս Յուդայի եւ կամ խրախոյս բառնալ յանուն աստուծոյ Յակոբայ, այս հիւթականութիւն աւրհնութեան ձիթոյս, յորում Սուրբ Երրորդութեանդ խառնեցեալ միաւորի` ճառագայթ շնորհաց, շուք մերոց դիմաց, նկարագրութիւն երեսաց, բարեձեւութիւն պատահմանց, լուսաւորութիւն աչաց, տեառնագրութիւն բբաց, վայելչութիւն այտից, զարդ կերպարանաց, պահպանարան շրթանց, հանդերձիչ կրաւնից, յարմարիչ վարուց, շաղկապ հաւաքմանց, զաւրութիւն անձանց, ուժգնութիւն դիմեցմանց, խափանիչ յուռթից, քակտիչ կմայեկաց, նահանջիչ ձեռնածուաց, խայտառակիչ կախարդաց, գտիչ աղանդից, բռնախոյեան դիւաց, փարատիչ ցաւոց, կատարիչ կնքեցելոց, տենչանք երախայից, անզնին արտաքնոց, հիացումն հեթանոսաց, նախանձարկու անհաւատից, մերկացուցիչ գաղտնեաց, յարգանք յետնոց, փառք ստրկաց, պճնումն կանանց, աճեցումն տղայոց, հրճուանք ծերոց, ձեռնադրիչ նուիրելոց, զգուշութիւն մաքրոց, պսակ թագաւորաց, ճոխութիւն արքայից, յառաջադրութիւն կայսերաց: Քանզի զոր աւրինակ աման ինչ կնքեալ նշանակիչ իմն է ներքնայնոցն մեծագնութեան, նոյնպէս բարձրութիւն շնորհին ի մեզ սովաւ ծածկեցեալ յանուն քո, Աստուած Տէր Յիսուս Քրիստոս, վայելչական իմն տեսակաւ ծանուցեալ նշանակի: Իսկ անունն իսկոյն անդստին ի նոյն յորջորջեալ կոչմամբ, ըստ հոգելից արանց իմաստնոց, որ յԵգիպտացւոց անտի սկսեալ, ի դէմս ածելով զիրին կերպարան` ահաւոր խորհրդոյ պատկեր:
ԺԹ
Քանզի միւռոնս այս աւրհնաբանեալ, զոր մարգարէն կանխաւ լոյս աչաց գրեթէ զսոյն աղերսեալ խնդրէր, ըստ քերթութեանն բառի, որ ըստ խտրութեանն հոմերոնի, թարգմանեալ իմանի` ինձ մայր, այսինքն է` առ ի յինքն ձգող զմերս բնութիւն զաւրապէս, եւ կայուն հաստատել չքնաղ փոփոխմամբ զջուրց լուծականութիւն առ աւազանին լուսաւորութիւն, եւ իբրեւ զդեղ մածուցիչ կաթին` ի նոյն ինքն յեղանակել զցնդեալս իմ վայրագութիւն եւ զաղբերց հեղեղեալ մշտահոսութիւն: Իսկ մառնամուտ, որ եւ այս միւռոն ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է` մթին, որ եւ խաւարչուտ գոլ եւ ծածկեցեալ կամ անտեսական: Որ եւ սոյն կոչումն դիմառութեան չէ աւտարացեղ, քանզի արդարեւ յիրէ անտի անունն նշանակի, վասն զի անքնին է այս խորութիւն յաւէտ, քան զամենայն սրբութեանց սրբոց: Զի ոչ եթէ ջրոյ աւրինակաւ զաղտ ինչ լուանայ եւ կամ հացի բնութեամբ զսիրտն հաստատէ, այլ նորոգ իմն յարմարութեամբ ի մասունս ազդողականացն տնաւրինապէս տեառնագրի, սակայն անհասութեամբն վերնականաւ եւ զանունն ունի անքնին: Քանզի որպէս Աստուած իսկ եւ իսկ ի լոյս անմատոյց ասի, իսկ անսահման փառաւորութեամբն յեղանակաւ իմն անբաւութեան ի խաւար անզնին ծածկեալ իմանի` փակեալ արտաքուստ ի ձեռնարկութեանց մերոց իմաստից, նոյնպէս եւ այս ծորումն լուսոյ ի լեզուաց ոմանց ճարտարաց ի ճահ ճեմութեանց դրականապէս անուանագրութեամբ մռայլ առձայնի, վասն ոչ զաւրելոյ երկրածին բնութեան զիսկն գիտելոյ: Իսկ զի զերկաքանչիւրս աստուածականացն անդստին յինքեան հարստաբար, տիրապէս ունի, քանզի ի կոչումն անուան բարձրելոյն նմանակերպեալ` կրկին մեծանայ իւղս այս` նուիրեալ ամենաբուրեան ազնիւ կնդրկաւ. վասն զի Աստուած մեր հուր ծախիչ է, ըստ Մովսեսի, եւ դարձեալ` լոյս է, ըստ Յովհաննու, ուստի եւ Եսայի ճշմարտապէս զսոյն ակնարկէ` Եղիցի, ասէ, լոյսն Իսրայէլի ի Հուր:
Ի
Դարձեալ այլ իմն կերպացուցանելով զբանս առ ի նոյն պատկեր յայտնութեան իրի, վասն զի ոչ մոռանամ զիմն նողկութիւն, որ ի գթութենէ մեծիդ քաղցրացաւ` վերստին գովեստիւ աւրհնեալ: Քանզի մեռայ, որ է դառնութիւն, այսինքն` նշանակ իմն յարմարական չարչարաւոր կրից տաժանմանց, որ եւ միւռոն ստուգաբանեալ մեկնապէս ըստ մեզ` մեռելութեան ազգականութիւն: Քանզի այսու աւծմամբ հոգեւորականաւ, խզեալ կամ հատեալ ի սնոտիասէր, մահակերպարան, տաղտկազազրական հեշտութեանց հակառակողին, որ աւդախոնաւ մեղկութեամբ զքնարս ձայնատրական եւ կամ զարկուած վերածածկութեան մզնարհեստ, ուժգնաբարբառ, խրոխտահնչական կազմածոյ թմբկիս գործականութեան ջրացիր իմն գիջութեամբ անվայելուչ թուլադաշնակեալ` ի ստորեւ կորստեան քարշէ զաւրինակ մերս գոյութեան,- կապիմք յուսով վերստին դարձեալ ընդ անճառ խորհրդոյ խաչի քոյ, Քրիստոս, մկրտեալ ի մահ կենդանւոյդ` անվախճան կենացդ սովաւ հաղորդիմք` ի քեզ իսկ, Աստուած, համայնիւ խրախուսեալ իսպառ ամենեւին անհատուածելի:
ԻԱ
Այս իւղ զդրաւշեալն քառակուսեան յանուն քո, Յիսուս, նշանի բարձրելոյդ հաւասար հաստէ, շնորհ ընձեռեալ զուգափառ եւ նմանատիպ արեան կեցուցիչդ, նոյն անվանելի փառաւք պսակեալ` մեծացուցանէ: Փայտ անուանի իւղոյ աւրհնութեան, ըստ մարգարէին կանխաձայնութեան, զþի հասարակաց կազմեցեալ բուսոց անտառաց զաւրապէս ուղղեալ, ի խակութենէ չարին արկածից եւ աւտար կարծեաց ի ստեղծողդ վերաբերեալ` առ նոյն նիւթս կենաց հասուն ներգործէ: Զի եւ որ ի մեզ մտիցն պատուհանաց մշտաբացիկ թափանցանցութիւնք, յանուն մեծութեան ահաւորիդ զաւրութեան ի խոհական իմն համեստութիւն քեւ տեառնագրեցեալ` առ ի յըղձակերտ աւթեւան Հոգւոյդ, անազդելի պատրանաց չարին խաւարահողմ խարդախողին: Այսու լուսով զսպեալ ամփոփիմք ի նուագ գոհութեան երեկորեացն պաշտաման ընդ երկնայնոցն ղամբարաց` առ աւրինակ վառման շնորհիդ, որ ի մեզ: Ի սոյն յիշատակ փրկութեան բարեացն սովաւ տնկեցեալ ծագի եւ ծաղկաւէտ եղեալ պտղածնի: Ի սպաս ընթրեացն պատրաստութեան յետնում գիշերի մեծիդ գալստեան` ահա զայս լոյս ճրագի համարեալ ի կիր արկանեմք:
ԻԲ
Դաձեալ ըստ գրածացն գումարութեան քսան եւ չորիցն շարադրութեան, որ յալփաբետաց անտի վերաթուի մինչեւ ի քսաներորդ երկրորդն կարգի, յորում զայս խորհուրդ խորութեան անդուստ թարգմանեալ` ճաշակ հեշտալի, որոց հաղորդին, ջամբել պատրաստեմք ամենակազմ յարմարութեամբ: Քանզի յութսներորդէ անտի գրոյ ի չորեքհարիւրն փոխաբերեալ` ստուգաբանաւրէն քննութեամբ ընդ ձիթոյն անուան նիւթ ճշմարտագրի, որ է կերպարան արդեան խմորոյ յինքն բերողի զզանգուածն զաւրեղապէս, որ ոչ սակաւն ի յոլովէն պարագայի, քան թէ ի նոյն իրն դարձուցեալ, ըստ աւետարանական առակին, զամենայն առ ինքն վերաբերեալ աճեցուն առնէ:
ԻԳ
Սոյն իւղ հեզութեան` միշտ համբարձման եւ խոնարհութեան աւրինակ եւ նմանութիւն, առ ոմն կակուղ պատառաւ մատուցեալ ջամբի, հարթակշիռ եւ բարեյարմար բանի կերպարան, իսկ համայնիցս լուծականաց, հոսանուտ եւ ստորածորելի նիւթից` գերափառ, վերաշրջական, հրաշափառ խորհրդոյ պատկեր, քանզի եւ յաման ինչ մորթոյ արկեալ` ոչ ըստ գինւոյ ձեւոյ եւ կամ ջրոյ թացութեան մեղկէ, այլ ի սահման պատշաճին պահէ: Այսպէս ընկալեալ զքոյոցդ բարեաց անհաւասար առաւելութիւն, Որդի Աստուծոյ կենդանւոյ, զսրբանուէր այս աւծելութիւն ի ճակատ դիմացս արեամբ քո գրեմք եւ ի բնութիւն շնչոյս Հոգւով քո տպաւորեմք` հաւատացեալ խորհրդով մտացս, եթէ յաւէտ յայտնեսցի, նորոգ փայլեցեալ բազմաճաճանչ ծայրարձակութեամբ` ի տարածումն յոգնատեսիլ, զարմանահրաշ ընդարձակութեան, պտուղ իւղոյ` ընծայեալ զլոյս ի փառս ապառնեացն հանդերձելոց: Այս ճարպ հոգեւոր, երջանիկ եւ վերնանշոյլ ի դէմս երեսաց իմս պատկերի, քումդ նշանաւ ջահաւորեսցի:
ԻԴ
Եւ քանզի իբր անհաս, ոչ ըմբռնական այս մեծ զաւրութիւն, արագ սլացմամբ ի թեւս թեթեւս մտաց պայմանի, անդր քան զկարծիս ուշոյ իմաստից անհուն հետեւման անհետ փախստեան` լայն իմն միջոցաւ իսպառ որոշեալ, փակեցաւ յինէն, ոչ աւրինակեցաւ կցորդաւ, ոչ նմանեցաւ զուգամասնութեամբ, ոչ սահմանեցաւ ձեւակերպութեամբ, ոչ կշռեցաւ ընկերին չափով, այլ ահա ընդ աստուածեան խաչիդ նշանի հաւասարութեամբ արեան կեցուցչիդ հոգիապէս գերազանցեցաւ: Եւ արդ, աւրհնեա զմեզ, Տէր, սովաւ եւ ի սոյն: Եւս եւ անունդ քո ահաւոր, լուսաւոր, երկնաւոր եւ զարմանաւոր, ի գովեստ փառաց անճառից մաքրակրաւնից բուրվառաւ խնկեալ, սուրբ, սուրբ, անքնին, անպատում, բարձրեալ, ողորմած, վերերգեալ, ճշմարիտ, բարերար եւ սուրբ, արա սովաւ փրկութիւն, տուր եւ քաւութիւն, պարգեւեա բժշկութիւն, հանդերձեա շնորհ, առատաձեռնեա երանութիւն: Յաւծումն այս ձիթոյ երկնանձրեւ լուսոյ անարատ գտայց. յիւղեալս այս թեզան բանաւորական մի մտցէ եւ մի գրաւեսցէ տխրականութիւն աղտոյ մեղանաց` շաղախել երբէք զոգւոյս կերպարան: Եղիցի սոյն ինքն, որոց մատչին աւծանիլ սովաւ, հարսնապաճոյճ պանծանաւք պճնել գեղայաւրէն, սուրբ վայելչութեամբ` երջանկապէս յոգի զարդարեալ: Եղիցի հուրս այս լուսափառ եւ աստուածաձիր մերձեցելոցն ի սոյն ընտրութիւն մուխ կրկնեռաց եւ բարեփափագ ջերմութեան այլ յաւրինուածոյ, որով ամենայնիւ ամենապատրաստ պնդութեամբ ի կարծրականումդ անսասան վիմիդ յարակայեցեալ` միշտ արձանացայց` ի քեզ հաստատեալ աներկմտելի: Լիցի նշանակ վերնամրցանակ այսր պարգեւի սովաւ վառելոցն` ոչ ողողիլ ջուրբ, ոչ այրիլ հուրբ, ոչ ցրտանալ ի սառնութենէ, ոչ վնասակար հողմով շիջանիլ, ոչ աղտեղիլ յուրուական ինչ պղծութենէ, ոչ զպահեալսն չարին մատնել եւ ոչ ի ստորեւ ելիցն զմթերս զանձուն կենաց յիմարաբար արտաքս հանել, ոչ անպատսպար մնալ ի թեւոց քոց աւգնութենէ եւ ոչ զէացեալն ի մեզ աւծութիւն անմաքրապէս ի բաց մերկանալ: Այլ եղիցուք քեւ ի սոյն հրացեալ, սովիմբ պարարեալ, սովաւ լուսաւորեալ, այսու արդարացեալ, ազատացեալ, պսակեալ եւ թագաւորեալ: Եւ քեզ միայնոյ` միայն աւծելոյ յամենեցունց աւրհնութիւնք երգոց, ալէլուք լեզուաց, հնչմունք ձայնից, յաղթականութիւնք գովեստից, բարեբաստութիւնք շրթանց, սրբաբանութիւնք սաղմոսաց` ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Այն` իմ ձեռնարկութիւն ի սրբութիւնսն, եւ այս` արձանագրութիւն ի սրբութեանցն սրբութիւն:

Մ.Խերանյան

Բան ՂԳ

Մեկնողական աղոթք
սրբալույս յուղ մեռոնի մասին

Ա

Սուրբ և ահավոր անուն անպատում, բարձրյալ,
Միշտ ախորժելի, անձկալի փափագ,
Սրբերգու փառատրողներից միշտ սրբաբանված,
Որ բնակվում ես սուրբ վայրում,
Լի ամենազեղ բարությամբ,
Առատաձեռն աննվազելի,
Լույս բարի և ծագումն գովելի,
Երկրպագված փառավորություն,
Ահեղ և անզննելի, ամեն և ամեն ինչի մեջ:
Դաշն հույսի այս խոսքով
Քեզ միանալու ուխտ եմ անում,
Հզոր, այո՛, ամե՛ն, ալելուիա,
Հանուրի գովյալ թագավոր,
Բոլորի Աստված, գոյերի ստեղծիչ և կամարար Տեր,
Միակ առիթդ պատճառվածների,
Փրկիչ և օծյալ մշտապաշտելի:

Բ

Ուստի մեկնությամբ պարզաբանելով մեզ համար
Անվախճան այս գանձը ու անփոխադրելի հարստությունը,
Հիսուս Քրիստոս, երկնային արքա, որին մեծ դողով սպասարկում են
Ահեղ անմահների լուսաբերան բոցաշնչությունները,
Խոնարհվելով կամահոժար, անխոտոր մտքով,
Գոհությամբ ծունր եմ դնում, ստեղծո՛ղ էությունների,
Որ կան տեսանելի և ծածուկ:
Որ ես և էիր միակ բովանդակը՝ անպակասելի ամենևին,
Մեր [պատկերն] առար, իսկապես համայն,
Որպեսզի քո լրությունից լրացնես,
Օրհնյալ և բարեբանյալ, հավետ ճանաչված,
Միշտ անքննելի ողորմությամբ մեր փրկության համար,
Ի փառս և գովեստ անճառ բարձրությանը
Ահավոր բարերարիդ:
Սկզբնաձիրդ մեր օծման շնորհի
Մեծախորհուրդ հրաշազարդության,
Քանզի քո լույսը ճանաչեցինք,
Անհաս ճառագայթ, անսահման ծագում,
Անաչառասփյուռ արեգակ301aՄատթ. Ե.45
Երկակշիռ տարրերի սահմանազատ աստղ,
Ոտքի ճրագ և ընթացքի լույս302Սաղմ. ՃԺԸ. 105,
Որով այս խոսքիս հարմարության տեսությամբ
Տոնում ենք հրեշտակական պարերգությամբ,
Հստակ մտքով, փրկչավայելուչ կնդրուկով
խնկելով Ամենիմաստիդ առատ պարգևաբաշխումը,
Անբիծ դավանման զվարթ յուղով:
Քանզի հենց սկզբից կողոպտվեց իբրև շնորհված
Բարձրագույն շնորհից, Ողորմելի տխրությամբ,
Սկզբնաստեղծ հայրն303Ադամը իմ,
Գերի մեղքերի՝ մահվան մատնվեց,
Անզերծ հանգույցով կապվեց մերժելի ապականության,
Ծառի պատճառով՝ անկումն անդարձ ամենակործան գլորման,
Լույսից մերժվելով՝ մատնվեց այս խավար վայրին:
Իսկ դու, գթած տեր ողորմության,
Ավելի քան նա ճանաչեցիր նրան, որ ստեղծեցիր,
Չեղածի անկնկալությամբ չմնաց այնտեղ,
Ուր էր նախապես,
Դառնալով անկարող տեսնելու լույսը
Անսահմանելիիդ վերին անմատչելի գերակայության,
Ոչ թե մշտափայլ հարատև վառմամբ
Տարածեցիր [լույսն] անաղոտ,
Այլ գիշերի մթության մեջ, որ սայթաքում են ոտքերը,
Ձեռք բերիր ձեթն ու պատրույգի նյութին հյուսելով՝
Օրինակ տվիր անախտ միությամբ մեզ միանալուդ,
Մարդասիրաբար հյուսելով կազմեցիր.
Որպեսզի կանխակորուստ ծառի պատճառով
Մահու ստվերով տարագրվածներս,
Նրա ազգակից պտղի պատճառով
Ջահավորվելով հավատի վառմամբ
Վերստին դառնանք նույն խնկարկության,
Ինչպես որ մահվան փայտին կապվեցիր,
Մեզ նույնպես նրա մոտ տարար կապեցիր,
Մեծ խորհրդի օրինակով միավորվելով կենաց փայտի հետ304Ծննդ. Գ. 22:

Գ

Արդ, ինչպես օրը թերի է առանց գիշերի,
Նույնպես է տնտեսությունն առանց հարկ եղած
ձեթի, Քանզի ինչպես սովորական, ոչ նվիրական
Յուղն է լուսավորում մարմնական աչքի տեսողությունը,
Նույնպես անիմանալի կերպով
Քոյինաշունչ շնորհի ընտրությամբ մաքրվածը
Աներևույթ հոգիները միավորում է մեզ
անտեսիդ Հրաշափառապես պայծառացնելով:
Եվ ինչպես իջնելով սուրբ ավազանի լուսարանը,
Մարմինը լվանալով՝ հավատում ենք, թե սրբություն ենք ստանում,
Այդպես յուղի օծումով հուսավառվում ենք,
Սրանով կարծում ենք անտարակուսելիորեն
Հոգու զորություն ստացած:
Եվ ինչպես օրհնաբանելի տերունական հրամանդ
Նախավճռում էր մեղքերի քավումն ախտացյալների,
Իսկ դրան չհավատացողների հանդեպ
Հրաշալի բժշկություն անելով՝
Մարմնական աչքով տեսանելի,
Հաստատում էիր վստահելի վկա305Մատթ. Թ. 1-9,,
Այսպես և այս յուղը՝ կատարյալ փրկության
լույսով, Լցվելով մեզ վրա՝ օծում է մեր խորանն արտաքին,
Իսկ ներքին մարդու մեջ մտնելով ոչ ակնհայտ, այլ ծածկապես՝
Նոր կենդանություն է հաղորդում:

Դ

Նյութի զանգվածն այս երկնի Արարչիդ
Պատկերն է պանծալի.
Քանի որ ովքեր յուղի օգուտն ստացան,
Ստացան և ողորմություն306Մատթ. ԻԵ. 7-8,
Եվ ի գովեստ քեզ դու սահմանեցիր սա՝
«Ողորմած եմ ես, Տեր»307Երեմ. Գ. 12,
Որովհետև ինչպես սիրո հետ նույնացնում ես Աստված անունդ308Ա. Հովհ. Դ. 8
Նույնպես և մասամբ կոչվում ես սրանով,
Մեզ պարգևվածով
Պարարտ ճարպն այս վեհագույն մեծության խորհուրդն է կերպավորում
Թանձր երկրային հողանյութ գոյացությամբ:
Որովհետև կենդանու այս մասը ուտել չէր թույլատրվում այնտեղ,
Ըստ հին Օրենքի,
Այլ արարչությանդ [արժանի] պտուղ էր համարվում309Ղևտ. Է. 23-25,,
Նույնպես և այստեղ,
Որպես Տիրոջը մատչելի զորություն,
Վայելչապես նվիրվում է Աստված Էիդ,
Հաճության ավանդն այս՝
Հոգուս հարազատ զուգաշավիղ,
Ուխտով պահված Արարողիդ:
Քանզի իմ հոգու օրինակն ու կարողությունը՝310Ծննդ. Թ. 4
Անշունչ արյունը և զվարթության ճենճերը [Զոհի] մսի հատվածների հետ չեն ոչնչանա,
Այլ վերին արքայությանդ են ձոնվում ճաշակման,
Այդպես՝ այս նյութը ջահավորական
Մշտաբորբոք ու անաղարտելի:

Ե

Անդրանիկն արու չէր կարող լինել
Դատաքննությանը նախագահող՝ Առանց օծումով դրոշմված լինելու,
Եվ չէր կարող անկոխելի տեղը մտնել քահանայության,
Եթե սրանով կատարյալ չլիներ: Օծումով կնքելով քարը,
Որ խորհրդանիշն էր ընտրության խորանի311Ծննդ. ԼԵ. 14
Հակոբը երազում տեսավ հարմար սանդուղքը,
Որով իջնելը անճառ Բարձրյալիդ
Եվ իմ ելնելը խորհրդանշվեց.
Նա վեմ կանգնեցրեց և օծեց յուղով Ի ցույց, հիշատակ գալոց օրերի312Ծննդ. ԻԸ. 10-12:
Ահարոնի քահանայության պայծառությունը
Մեծդ Աստուծո հրամանով օծմամբ էր ճոխանում313Ղևտ. Ը. 30,
Որով գլխից դեպ մորուքն իջնող գերափառ յուղը,
Ըստ սաղմոսողի զարմանազան նկարագրության314Սաղմ. ՃԼԲ. 2,
Նախահոր փառքի վերադարձն էր
Եվ կյանք բաժանող քո սուրբ շնորհի
Գիրկընդխառնումը մեր բնության հետ:
Թագավորությունը պանծալի չէր քո ստեղծած պատկերով,
Թե յուղի եղջյուրով չձեռնադրվեր
Պճնության թագ ու պսակով, Հանուն քո, Քրիստոս315Ա. Թագ. ԺԶ. 1.13,
Վեր չբարձրանար
Եվ ինչպես մոռացա վեհերից առաջինին,
Մեծությանդ ծառային և անպարագրելիիդ պատկերին,
Մելքիսեդեկը չէ՞ր՝ ահավոր ճշմարտությանդ
օրինակ, Ձիթենյաց լեռան վրա, Ուր հետո կանգնեցին
Մարմնացած Աստծուդ ոտքերը,
Այն վերին հրեշտակների ձեռքով
Այստեղի պտուղներից օծվեց,
Ուստիև նախահոր շիրմի պաշտպան նստեց՝ Ք
եզնից եպիսկոպոսական արքայապատիվ ճոխություն ստանալով,
Մինչև հայտնվեցիր իբրև կատարյալ իսկություն՝
Ունակ Ադամին կենագործելու:

Զ

Արդ, որովհետև քոնն է շնորհը
Եվ քեզ է վայել գոհաբանություն,
Ո՜վ օրհնաբանված Որդի Աստուծո,
Դու հարմարեցրու իմ բարենշմար աղաչանքները՝
Յուղավոր, խնկապատար ու զմռսալիր
Քեզ պատճառ փառքի,
Ինձ՝ մեղապարտիս, բուժվելու առիթ:
Տեր Հիսուս, աներևույթ վերքիս մոտեցրու
Ձեթն այս լուսանյութ Եվ մահացու խոցի այս խարանին դիր
Յուղիդ օրհնյալ կաթիլներ,
Քո սիրո անապակ փրկարար գինով,
Արարչական միությամբդ316Ղուկ. Ժ. 30
Խնամքի պատանքով պատսպարելով,
Որ մաղթական խոսքի մեկնողական շարադրանքս
Մի վայելուչ հարմարությամբ քո Հոգու թևերով
Իր կարգը գտնի:
Բարձրյալ, քո հոգին Դավթի վրա իջավ այն օրը317Ա. Թագ. ԺԶ. 13, Ե
րբ որ օծումով նվիրագործվեց.
Սավուղն այլ մարդ դարձավ
Եվ մարգարեների շարքը դասվեց,
Երբ իր գագաթին օծում ստացավ318Ա. Թագ. Ժ. 1-7.
Ասորեստանցոց արքայությունը
Օծմամբ գրավված՝ կցորդվեց տանն Իսրայելի.
Կայսրեր մի քանի՝ Նշանավոր, վեհ ու երևելի,
Խուժիկ, բարբարոս ազգուցեղերից,
Կենսացնցուղ ցողով անձրևած այս յուղը
Որսաց, ինչպես կարթով, ընտանի դարձրեց Մեծիդ
Աստուծո հպատակության:
Երկնային պատվասիրության՝
Կյուրոսին ուղղված խոսքից
Օծյալ հորջորջումը մեծ համարվեց319Եսայի ԽԵ. 1
Եվ Սաղմոսողը մարգարեությունից նախընտրեց
Օծյալ կոչումը՝ տարբերակեց ու սահմանազատեց,
«Մի՛ դիպչեք նրանց և մի՛ մեղանչեք»320Սաղմ. ՃԵ. 15:
Քորեբում Եղիային Աստծուց առաքելություն շնորհվեց՝
Օծելու Հեուին ու Ազայելին,
Որ նշանակում էր հրաժարեցնել
Բահաղի պաշտամունքից321Գ. Թագ. ԺԹ. 9, 15-16:
«Փեսայիդ անունը թափված յուղ է» հոգելից խոսքով
Վերավկայել է իմաստունը322Երգ. Ա. 3, Նախապես գրվեց
Հոգին, որ Աստուծո ճիշտ պատկերն ու նմանակն է,
Քեզնով փոքրի մեջ մեծդ է պատկերված,
Շնորհդ ստանալով միանանք քեզ հետ:

Է

Այլևս ինչու հույժ երկար ու մանվածապատ,
Հեռու, գծագրական և այլաբան շարադրեմ
Վերինիդ ու ահավորիդ առջև Աղոթական բանաստեղծություն:
Տերդ և կենդանարարդ, Արարիչդ երկնի և երկրի,
Օծումից հետո սկսեցիր քարոզել արքայության Ավետարանը323Ղուկ. Դ. 18,
Այն օրերից վկայվելով Հովհաննեսի միջոցով
Իբրև Օծյալ և Գառն Աստուծո
Եվ վերացնող աշխարհի մեղքերի324Հովհ. Ա. 29:
Թեպետ քո օծմանը Հոգին էր բովանդակ էությամբ,
Խառնված աստվածությանը ամբողջապես,
Այդ [օծյալ] անունը պաշտվում է իբրև խորհրդանիշ
Սրբերի մեջ հրաշափառորեն ազդող շնորհի,
Որպեսզի ադամական մարմինը ստրկացած
Պատրաստ դարձնես այս հորջորջումով
Միանգամայն բարձրանալու:
Բանալով Եսայիի մարգարեությունը
Դու ինքդ՝ մարդացած աստվածությունդ կարդացիր՝
Հավաստելու քո ծառաների խոսքը, Տեր,
Եվ երբ օծությամբ ճանաչեցիր խոսքը, թե
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որով հենց ինձ օծեց»325Եսայի ԿԱ. 1: Ղուկ. Դ. 18,
Հետո փակեցիր Որոշեցիր երկու հավասարափառ օծյալների որքանությունը,
Խտրոցով նշեցիր սահմանի ընդարձակ հեռավորությունը
Եվ կնքեցիր,
Մերը միայն մի կաթիլով շնորհազարդելով,
Իսկ քոնը բացատրեցիր Հոր և Հոգու հետ
Կատարյալ հավասարությամբ:
Մեր կերպարանքով երբ հայտնվեցիր՝
Օծյալ կոչումով, գովեստով իբրև,
Փառաբանիչ հրեշտակները
Երկրային արարածներին ծանուցեցին,
Որ մարգարեն նախապես գուշակեց
Հորդանանում և ընտրյալ լեռ Թաբորում Հոր ձայնի գալուստը, թե՝
«Մարդկանց շրջանում պատմում է իր օծյալի մասին»326Ամովս Դ. 13:
Որ և սաղմոսի ձայնն է պատմում կանխավ.
Հզորիդ այս փառքն ու պատիվը՝
Տրված ձեռնադրությամբ ստացածդ մարմնի.
«Օծեց քեզ, Աստված, քո Աստվածը Յուղով ուրախության»327Սաղմ. ԽԴ. 8:

Ը

Մարգարեի «Մեր հոգու շունչը» խոսքը, Տեր Քրիստոս328Երեմ. Ողբ. Դ. 20,
Որ իսկական օծյալ կոչումդ է,
Որով կենդանության շունչ ներարկեցիր
Լույս բարերարությամբդ՝ ի դեմս մեր329Ծննդ. Բ. 7.
Մի երջանիկ իմաստուն խոստովանելի մարդասիրությամբ
Մեկին ասել է, թե Տիրոջ օծյալի առջև վկայեց.
Նորից ավետեց «Անգամ կոշիկ չվերցրի բոլոր
մարմնեղեններից»330Սիրաք. ԽԴ. 13, 19. Հմմտ. Մատթ. Ժ. 10. Ղուկ. Ժ. 4:
Երգ երգոցը Սուրբ Եկեղեցի հարսին գովելու համար
Աստուծո ցույց տված խորհուրդը լուսաբանում է
Համեմատելով յուղեփողական գինու հետ՝
Զմուռսն առաքինության, առաջին յուղով հանդերձ,
Եվ զմուռս ու կնդրուկ մաքուր վարքի՝
Ամեն տեսակ անուշաբույր փոշիներով ու Յուղով շաղախած,
Առաջ բերեց այնժամ ու այժմ ևս:
Քրիստոս, երկնքի թագավոր,
Դանիելը կենսատու մահդ հստակ գուշակեց,
Քեզ անվանադրեց գերազանց բառով,
Եվ հորջորջեց քեզ օծյալ առաջնորդ.
«Օծյալը կսպանվի վաթսունինը յոթներյակ հետո»331Դան. Թ. 25, Դան. Թ. 26:
Բարեքի որդի Ադովյան Զաքարիայի ճրագակիր աշտանակին
Յուղի բարեբաշխությամբ վառվող յոթնմասնյա գնդերից
Քո լրության մասին՝ հանուն մեր փրկության և օծության
Նախապատմեցիր գերբնականորեն332Զաք. Ա. 1: Դ. 1-7:
Ըստ հին օրենքի նախանշման՝ Տաճարի մեջ, խորանի առջև
Ամենընտելությամբ սովորույթ էր մատուցելու
Բաղարջաբլիթներ, յուղով խառնած շարմաղալյուր,
Յուղով օծած մատաղ եզներ,
Որ կոչվում են տիրոջական,
Եվ որոշ հավքեր՝ թաթախած Ճարպին ազգակից արյան մեջ333Ելք ԻԹ. 10. Ղևտ. Բ. 12, ԺԴ. 5-7:
[Այդ ամենը] սրա խորհրդի հայտնի նշան են,
Որ հարմար են քեզ,
Մեծ Աստուծո Միածին ծնունդդ օրհնաբանյալ,
Միայն դու ես օծված նոր ու զարմանալի՝
Ինքնությամբ, ամբողջ էությամբ,
Իսկապես լրմամբ Եվ ամեն ինչով անպակասելի:

Թ

Եվ ի՞նչ կարիք կա բազմապատկելու
Անհասանելի այս մեծ խորհրդի զուգակշիռներ
Եվ չճաշակել քեզ, ո՜վ քաղցրություն334Սաղմ. ԼԳ. 9,
Քեզնով իմանալ, թե ինչ է յուղն այս,
Որ մեղքի փայտից եկած տխրությունը
Նրանով ես բուժում, զվարթացնում, ըստ սաղմոսողի335Սաղմ. ՃԳ. 15,
Կամ պարարումը, որով մոռանում ենք մահացու կերը,
Կամ օծությունը, որով մոխիրի թշվառ տեսքը
Սրա միջով պիտի փոխարկենք
Հավերժ խնդության պայծառությանը336Եսայի ԿԱ. 3:
Եվ փրկվելով քո անվամբ, զորության
Հոգով Պիտի որդեգրվենք Հորը:
Եվ մարգարեի հոգևոր ըղձականությունը,
Եվ բաղձանքը ամենատենչ
Իր ծերությունը պարուրվի ձեթով337Սաղմ. ՂԱ. 11,
Կամ գլխի կատարը օծանել յուղով338Սաղմ. ԻԲ. 5:
Հին խարդախությունը սաստիկ սուգի,
Մահի ու կործանման, Կյանքի այս դեղով չկենագործվի՝
Պատսպարելով պիտ օժանդակես.
Եվ ո՞րն է ճրագի լուսավորելուն շնորհակալիքը,
Եթե ոչ մեղքի անհասության մեգի և կռապաշտության խավարի մեջ
Կերպակցելով միավորեցիր ինձ հետ իբրև Էմմանուել339Եսայի Է. 14, Մատթ. Ա. 23:
Եվ կամ ինչո՞ւ մարգարեն, որ աստվածաբանում է
Սփոփիչ ու զվարթարար օրհներգությամբ,
Հստակ ու վայելուչ ավետում է ոմանց,
Թե՝ «Կօծվեն յուղով՝ մրուրից մաքրած»340Եսայի ԻԵ. 6:
Կամ իմաստունը հարսի անունից ասում է օրիորդներին.
«Ինձ յուղով զորացրեք ու ծածկեցեք
Գեղեցկազարդ խնձորով»341Երգ. Բ. 5,
Եվ՝ «Ձիթենյաց պարտեզ տանելով գրկեցեք»342Երգ. Զ. 1,
Թե ահավասիկ այս ընտիր նյութով, քո Հոգով լցված չլիներ,
Այս լույսով կտեսնեինք, գովյալ, անիմանալի քո բարձրությունը,
Եվ այժմ քեզ, միակ խնամակալ,
Բոլոր ստեղծվածների բարի պատճառդ,
Ձեռք եմ կարկառում ես բազկատարած,
Գործակցությամբ երիկամներիս, սրտիս հեծությամբ,
Լեզվիս ու շրթունքներիս ձայնարկումով.
Լսի՛ր ողորմությամբ, Տեր,
Քեզ ուղղված խնդրանքս պաղատական,
Պարգևներով այս շնորհված
Իմ գոհությունն եմ քեզ վերառաքում,
Հզոր, ահավոր, բարձրյալ, անքնին,
Եվ միշտ համբուրված անտակ փափագով,
Սուրբ, սուրբ և միակդ միշտ սուրբ,
Մշտապես օրհնյալ՝ հավերժ, անդադար երգեցողությամբ:
Իսպառ վրիպածիս ընձեռիր առավել բարերարություն,
Քաղցրության հույս տուր, որ քո լույսից մի մասին
Անարժան եմ եղել,
Քեզնով ընդլայնվել, բարի,
Ծածուկ խորհրդի նրբությունը,
Աղերսանքիս գոհություն խառնել, Դավթի հետ ասել՝
Աստված, Ստացանք ողորմությունդ343Սաղմ. ԽԷ. 10
Եվ գաղտնիքների ծածուկ մասերը
Քո իմաստությամբ հայտնի դարձրիր:

Ժ

Արդ, մեծություն քեզ, [ով] ամենակալ,
Աննվազելի առատաձեռն,
Գթության գործում [միշտ] ամենափույթ,
Մշտահոժար բժշկությանը,
Որ միացրիր, մերձավորին խառնեցիր,
Դյուրագյուտ, ընտանի նյութիս անճառ հրաշքը
Քո սքանչելիքի ահավորության:
Որովհետև ամեն բարձրության երկինքը
Երկրի լայնությամբ և ներքին անդունդների խորությամբ
Ծովերի բազմությամբ չի կարող տանել,
Այլ իբրև չնչինը բարի մեծից
Փոքր գոյիս մեջ տեսակավորեցիր զորությամբ
Սահմանելով ճշմարտորեն անհրապուրելի,
Որ ինչ-որ նոր երևալով այլ էությունից
Հարևանցի կասկած հարուցի
Վիրավորելու, քան բժշկելու,
Առանց խտրության մտքի, կարծիքի:
Օրհներգված Որդի Աստուծո,
Ինչպես մարմինդ ցորենի հացից ես հանդերձում՝
Ուղիղ իմաստով և ոչ այլաբան,
Եվ խաղողի արյունը՝ կայլակ քո կողից,
Իսկ ջրերի առատությունը՝
Հոգևոր ծննդի ու կյանքի արգանդ,
Նույնպես և անմահիդ փչմամբ մեզ տրված հոգին343aՀովհ. Ի.22
Սրանով, սրա մեջ արդյունատրեցիր կյանքի երկունք,
Որից առաջացած կերպարանքը չի ձևափոխվի
Անգամ հեթանոսությամբ,
Ինչպես չի երկրորդվի տյառնագրությունը Խաչափայտի:
Տեր, խավար երկրում նստածներիս
Քոյանման լույս ծագեցրիր344Եսայի Թ. 2:
Որովհետև շնորհի այս կերպավորումով
Աշխարհին ցույց տվիր
Անհասիդ անպակասելի լրիվությունը
Եվ լուսավորեցիր, որպեսզի տնանկը կարոտ չմնա
Եվ ոչ հարուստը մեծամտանա,
Ինչպես որ օդն է հավասար բաշխվում, Կ
ամ արեգակի լույսն է տարածվում,
Եվ կամ հոսում են վտակներ ջրի,
Որ երկրածիններին տալիս են հավասարաբար
Մանանայի զուգամասնությամբ՝
Փոքրերին ավելի, քան մեծամեծին:

ԺԱ

Իսկ այս նյութի խորին խորհրդի տեսանելությունը
Բնականորեն և հրաշապես է բացատրվում,
Որ ոչ թե երկմիտ հապշտապությամբ
Անհաստատապես իր տեղն է փոխում
Եվ ոչ նենգելով լքում է իր պահարանը,
Քանի որ ոչ օճառով է իսպառ հերքվում,
Եվ ոչ ինչ-որ ընդդիմակցից ողողվելով դուրս է ելնում:
Որովհետև ինչպես պատահած գույնը
Անհրաժեշտ բան է մարմնի էության համար,
Որ լինելով գոյացնում է, չլինելով ապականում,
Այդպիսի մի հարմարությամբ այս յուղի զորությունը,
Որը իր հատկության բերումով
Զբաղեցրած տեղից անբաժան է,
Դու կցորդեցիր մեզ հետ միասնաբար,
Տեր Հիսուս Քրիստոս,
Եղած իրի հետ միավորեցիր և օրինակը՝
Որովհետև աչքի տեսության և մտքին, ըղձին անիմանալին
Առաջ բերելով կերպավորեցիր,
Երկրի պտուղներից ճզմելով ու քամելով,
Զարմանալի հրաշագործությամբ
Պատրաստեցիր մեզ մատակարարելու:
Մանավանդ որ ոչ թե բազում և զանազան ծաղկանց
Խառնումով ու խմբակցությունով
Եվ բազմաբույր այլայլումով՝
Օծման այս յուղը հրահանգեցիր՝
Ըստ հին ու ստվերական օրենքի345Ելք 23-25,
Այլ դա օրինակ համարելով
Եվ ինքդ խառնվեցիր
Վերնալույս ձեթի այս մաքրությանը:
Ու թեպետ անճառելի են քո անուշ համեղությունները,
Եվ համեմատելի չեն այլ օրինակների հետ,
Այլ դաշտի ծաղիկը, հովտի շուշանը,
Ընտիր նարդոսը, եղեգնախունկը՝
Հալվեով խառնած,
Քրքումի հաճելի բույրով,
Փթթած ողկույզի և ազնիվ գինու,
Ոչ սոսկ յուղի միությամբ,
Պատշաճորեն պատկերացար,
Փառավորյալ և անքնին անուն,
Որ ամեն ինչ լիացնում ես
Եվ որևէ բանի բնավ չես կարոտում:
Ուստի ոչ թե հակառակ առարկաների
Բռնորեն խառնում,
Որ օրինակն է բաժան կամքերի,
Այլ հոժար սիրով մեր կողմից պարարվում ես
Դու աստվածապես.
Մեզ համար ըստ մեզ պատկերանում ես
Կատարյալ վայելչությամբ,
Եվ բարի լույս, ջերմացնող հուր Եվ սիրո տապ,
Առանց անգութ ցրտի շնչման,
Տեսնում են մաքուր մտքերը և ճանաչում
Ձեթի նյութեղեն կաթիլների մեջ,
Որով հնարավոր է իրոք Աստծուն միանալ:
Օծված և Աստծուն որդեգրված Սողոմոնի հետ
Հարսի բերանով երգում եմ երկնային փեսայիդ
Բարեբան գոհություն,
Մտքի ըղձանքով համբուրելով քո յուղերի հոտը,
Ավելի քան բոլոր խունկերը346Երգ. Ա. 2,
Եվ որպես հավիտենական կյանքի խոսք ունեցողի
Իմաստուն և աստվածաբան Ավետարանչի347Հովհ. Զ. 69
Հոգելից խոսքի համաձայն348Առակ. Դ. 10,
Յուղերիդ բույրով քո հետքով պիտի ընթանանք349Երգ. Ա. 3
Երեսներս լվանալով կյանքի ջրերով,
Որ վեր է քան այս օդի երկինքը,
Եվ գլուխս օծելով երկնային անապական յուղով՝
Ուրախությամբ քեզ ընդառաջ կգամ,
Զվարթորեն և ոչ տխրությամբ:

ԺԲ

Խնկելի յուղն այս, Պաշտելի ու երանելի,
Սոսկ ուղեղի պահանոցը
Կամ գագաթի վարսերը օծելով օգուտ չի տա,
Եթե տերունի կենսատու խաչովդ չտյառնագրվի
Զարմանահրաշ օրհնալույս յուղն այս
Հրեային ու խուժին, հնդիկին ու բարբարոսին,
Սկյութացուն ու հելլենին,
Դժնի դուժին ու արհավրատեսիլ
Սոսկավիթխար շնագլխին,
Ազատ տիրոջն ու ծառայածին ստրուկին Քրիստոսյան դարձնելով՝
Քո անվամբ է կնքում, ընծայում Սուրբ Հոգուդ
Եվ երկնային Հորդ հարազատ Որդի հաստատում350Կող. Գ. 11:
Բազմատեսակ են սրա հրաշալիքները
Նախ՝ հարմարված նյութին, ապա՝ զորությանը:
Որովհետև ինչպես փայտեղեն անոթը Քանի չի օծվել,
Հեշտությամբ ջարդվում է ու դառնում անպետք,
Արժեզրկվում է, Նույնպես և մարդը՝ չօծված սրանով,
Հեշտությամբ խորտակվում է
Եվ քեզնից հեռու լինելով՝ չի լուսավորվում:
Հիսուս, սա քո մատն է, որով351Ղուկ. ԺԱ. 20
Զարմանագործում ես հրաշալիքներ,
Որովհետև նրա անգծելի կազմությամբ
Ու կարծր պահպանությամբ պաշտպանելով
Ամենապատրաստ շրջաբերությամբ
Ծածկում է այլևայլ եկամուտ բաներից,
Այնպես որ սրա մաքրությամբ օծվածը
Արյամբ չի ներկվի
Եվ չի այլայլվի տխուր գույներով:
Եվ մանավանդ իր թափանցել-խառնվելու հատկությամբ
Հոգեպես մտնում է մեր թանձր մարմինը,
Ու եթե սաղմոսողի անեծքը ձեթի պես
Չարի բոլոր ոսկորներին է հասնում352Սաղմ. ՃԸ. 18,
Որչափ առավել Հոգիդ Լույսի սույն ճարպով կյանք տալով ողջացնում է
Ներքին վերքերը անտեսանելի,
Եվ այն խորքերից ազդումն է տալիս Հագագի շունչին,
Ներգործելով ծայրանդամների վերջը,
Մոռացնել տալիս մարմնի մահվան արկածները,
Որովհետև, միշտ ահավոր, Տեր Հիսուս Քրիստոս,
Քո կենսարար զորությունը խառնված է սրան,
Եվ բնակվում է նրա հետ:

ԺԳ

Այս օծումը բարետեսիլ
Բռնամարտիկ, մերկամրցման ըմբիշները ևս ունեն:
Իբրև ճգնական հնարանքների զորավոր խթան,
Անբռնելի՝ հակառակորդի համար
Պաշտվում է օրենքով, Հզոր և ահարկու է դևերի և հիվանդության դեմ:
Զի Եզեկիելի բազմապաճույճ պճնած խոսքով,
Որ հեգնում էր իմանալի փարավոնին այլաբանորեն,
Ողբական երանգներով. «Երբ ստեղծվեցիր, ասում է,
Օծյալ քերովբեի դեմ կռվելու պատրաստվեցիր,
Ուր հրեղեն քարեր էին հաստատված»353Եզեկ. ԻԸ. 13-14:
Օրհնաբանված ահավորություն,
Որ ձեռքդ հասնում է ամեն տեղ,
Խոսքով անճառելի և քննությունից վեր,
Մշտապես խնկվում ես ավետարանով,
Իբրև օծյալ նորածին՝ Դավթի քաղաքի մեջ,
Եվ քահանայապետի հարցին՝ թե
«Դո՞ւ ես Օծյալը՝ Օրհնյալի Որդին»354Մարկ. ԺԴ. 61
Պետրոսի երանելի դավանությունն էր՝
«Միակ Օծյալը՝ կենդանի Աստուծո Որդին»355Մատթ. ԺԶ. 16
Իսկ թերահավատ քննողները հարցնում են՝
«Դո՞ւ ես Օծյալը, ասա համարձակ»356Հովհ. Ժ. 24
Նաև քո կանոններից հավատում ենք Օ
ծյալ ուսուցչիդ և բոլորի Տիրոջդ357Մատթ. ԻԳ. 10, Հովհ. ԺԳ. 13-14:
Սրանից առաջ Հերովդեսը Օծյալ անունով
Քեզ էր փնտրում հայտնապես358Մատթ. Բ. 4
«Ինչպե՞ս ես գրում,- ասացիր ինքդ,-
Աստուծո Օծյալը և Տերը Դավթի, Որդին անսկիզբ,
Որդի՝ ժամանակով»359Մատթ. ԻԲ. 43-45:
Այսպես ըմբռնեցինք վայելչաբար
Այս բացատրությունը, որ մեզ տալիս է
Խորհրդավոր կոչման լրումը,
Որ նախապատիվ է [դարձնում] քրիստոնյաների վիճակը:

ԺԴ

Այնքան ահավոր, միաժամանակ այնքան սուրբ է
Յուղի սոսկալի, խնկավոր «օծություն» անունը,
Այնպես որ, ոչ ոք երկրայիններիցս չի համարձակվի
Աստված կոչվել, այլ՝ լոկ աստվածային,
Նույնպես չի կարող մարմնավոր մեկը
Իրեն Քրիստոս համարել, այլ՝ լոկ քրիստոնյա,
Դա անհնար էր և առաջին մեծ մկրտչին՝
Ջրերով Հոգուն հրավիրողին360Մատթ. Գ. 16,
Որովհետև, ասում է, ես օծյալը չեմ,
Այլ ուղարկված եմ նրա առջևից361Հովհ. Գ. 16:
Ինչպես Մարկոս Ավետարանչի խոսքն է՝362Մարկ. Զ. 7. 13
Սրանով էին շրջում առաքելական լծակիցները,
Իբրև Աստծու ձեռք, օգտվելով սրանից,
Քո անվամբ բուժում էին, առանց մարդկային դեղամիջոցի:
Քանի որ ինչպես խավարը լույսից,
Հիվանդությունը առողջությունից,
Գիշերն օրվանից ու մահը կյանքից,
Այդպես և այս տիրապարգև նյութից
Մերժվում են չարի բոլոր հանգամանքները,
Խափանվում են և իսպառ վերանում:
Քանզի ինչպես որ զազիր ճանճերը,
Սարդեր, զեռունները ականջամուտ,
Իբրև թույնից՝ սպառվում, պակասում են այս նյութից,
Այդպես այս յուղը երբ զորանում է
Օրհնության շնորհիվ՝ և՛ դևերին է հալածում,
Ե՛վ չարքի մուրհակներն է ոչնչացնում,
Եվ մահավճիռն է պատռում:
Ավազանը կատարյալ է լոկ օծման օգնությամբ:
Թե՛ ավազակներից մահացու խոցված
Առաջին մարդուն տրվեց փրկության այս դեղը363Ղուկ. Ժ. 34, Թե՛
Հակոբոսի և Իսրայելի անբույժ վերքերին [Իբրև դեղ] այս պատվական իրը հիշվեց364Եսայի Ա. 6:
Այս յուղն էր փափագում Դավիթը հարակա հույսով
Իբրև պտղավետ ձիթենի Աստուծո տան մեջ365Սաղմ. ԾԱ. 10,
Այնժամ մերժելով թլփատությունը՝
Գուշակեց շնորհը մկրտության:
Եվ ինչո՞ւ եմ ես ճառում սրանից,
Կարծելով՝ կարող եմ սպառել նյութը,
Մինչդեռ վերիններն իսկ ի զորու չեն
Մասնակիորեն բացահայտել այս խորհուրդը, Եվ կամ՝ էապես:

ԺԵ

Փառք քեզ միշտ և ամեն ինչում, անմահ թագավոր,
Այժմ իմ երգած օրհնաբանությամբ,
Որ արեցիր, կատարեցիր ինձ համար,
Բարեխնամ, գթած և ներողամիտ, Հ
արուստ և առատ, ամենահաղթող,
Հայրերից սկսած՝ օրինակ տվիր,
Լրման հասցրիր իսկությունը ճշմարտապես:
Դու՝ բնությամբ՝ լույս ես և արեգակ մշտապայծառ,
Եվ աշակերտներիդ դասը լույս անվանեցիր366Մատթ. Ե. 14,
Որով երկրի բոլոր արարածներին
Նրանց երջանիկ շնորհի շողերով լցրիր:
Մեկից անուշ յուղ ստացար ոտքերիդ՝
Նշան, որ ընդունելի են քեզ ուղղված խնդրանքները367Հովհ. ԺԲ. 3,
Եվ մի այլ պոռնկից՝ գլխիդ,
Նշանակ մեր հանդեպ գթառատ սիրույդ368Ղուկ. Է. 46:
Անսահմանելիդ մշտափափագ բաղձանքով հոտոտեց յուղն այս,
Հաստատուն ուխտով սահմանածդ մշտակա օրենք օրհնաբանելի՝
Կյանքի պատգամներ քոյահրաման
Քարոզելու աշխարհով մեկ Արժանավորությունը համեստ յուղի՝
Ի զարմանս հրաշքը լսողների,
Ի հուսադրություն գալիք սերնդի369Մատթ. ԻԶ. 3:
Դուք սրբից ունեք օծությունը՝370Ա. Հովհ. Բ. 20
Ասաց երջանիկն առաքյալներից,
Մեկնաբանելով օծման խորհուրդը,
Որ տալիս ես մեզ կենդանարարիդ
Անպակաս էության առավելությունից:
Ուստի գերազանցորեն քեզ նմանատիպ և հարմարավոր
Լույսիդ և Սուրբ Հոգուդ,
Օրհնության կաթեցումն այս, որ սրսկվում է մեզ վրա անսպառ,
Նաև Լույս է կոչվում,
Իբրև ստեղծվածներից առաջինը
Եվ արարչությանդ պատկերակից,
Որով հալածում ես մեղքի խավարը:
Իսկ Հուր է կոչվում, որովհետև
Ամեն տեսակ տարրերի հետ
Հավասարապես զուգավորվում է՝
Բաշխված հայտնապես, թե ծածուկ,
Լուռ, թե հռչակված,
Ու թե չբախվի հակառակորդի՝
Չի բաղձա բորբոքվել ինքնասաստ կամքով:
Նաև՝ օծումն, որ արքայաբար Որդեգրելով, քեզ հետ միասին՝
Մատուցես Հորդ ի ժառանգություն,
Ողորմությանդ [այս] ազգակիցը
Մեր մեջ նկատվի անեղծանելի,
Որպեսզի փայլենք գալիք փառքի մեջ:
Կոչվում է Հոգի, Որպեսզի խաբեության հետքը մաքրելով,
Ուր բանսարկուի ներգործությամբ էր,
Նոր փոփոխվելով Երկնային Հորդ երկրպագենք
Հոգով և ճշմարտությամբ371Հովհ. Դ. 23
Հույսի հավատքով քեզ հետ բևեռված,
Ամենապարգև:

ԺԶ

Ահա արդարև ճշմարտագունեղ
Այս լուսապատար, խնկալից յուղը
Վերնայնիդ սիրո արտացոլումն է,
Որի համար և Պողոսը պատշաճ դատեց
Գոհաբանական ճառի մեջ ասել հայտնապես.
Ով մեզ օծեց ձեզ հետ միասին ի Քրիստոս
Հիսուս՝ Աստված է, որ և կնքեց մեզ և մեր սրտերին
Հոգու առհավատչյան տվեց372Բ. Կորնթ. Ա. 21-22 Ու նաև ասաց.
Մի՛ տրտմեցնեք Աստծու Սուրբ Հոգին,
Որով կնքվելու եք փրկության օրը373Եփես. Դ. 30:
Պատկառելի և անվանելի է Այս օծություն հորջորջումը
Ինչպես հին օրենքում, Առավել և նորում:
Տիրական տնօրինություններիդ ու չարչարանքիդ
Անցած խորհուրդն է ակնհայտ դարձնում
Դավթյան սաղմոսի այն ասույթը, թե՝
Տիրոջ և իր Օծյալի դեմ374Սաղմ. Բ. 2
Հավաքվեցին, կուտակվեցին
Իշխանները ժողովուրդների:
Մեծ մարգարեությունն էր ակնարկում
Մոլեգնաչար հրեաների խմբի՝
Անջնջելի արյանդ մեղքի տակ մտնելը,
Երբ հանդգնեցին տերությանդ դեմ.
Ո՞վ է, որ ձեռք պիտի մեկնի Տիրոջ օծյալին
Եվ քավություն գտնի375Ա. Թագ. ԻԶ. 9:
Որովհետև թեպետ Սավուղը
Իր ազգակցի ձեռքով սպանվեց376Բ. Թագ. Ա,
Օտար ազգերի ամոթն ու նախատինքը
Իսպառ չմերժեց [նրանց],
Մինչև որ Աստուծո արյանդ հաղորդվեցին:
Ապագայի մեծ հիշողության գրավական են
Աղոթանվեր աղերսանքներն այն,
Որ ասում էր իր սաղմոսով.
Հանուն քո սիրելի Դավթի
Երես մի՛ դարձրու քո Օծյալից377Սաղմ. ՃԼԱ. 10:
Ու դարձյալ.
Նայիր և տես քո Օծյալի երեսը378Սաղմ. ՁԳ. 9,
Եվ՝ Ողորմություն արա Օծյալիդ379Սաղմ. ԺԷ. 51:

ԺԷ

Քրիստոս, երկրպագելի պարգևն է ձեռքիդ
Լուսակիր հյութն այս,
Եվ արքայական իր ճոխության մեջ
Չի տեսնում ուրիշ բարձրություն մի մեծ,
Քան քո անունից ասված քո խոսքը.
Գտա իմ ծառա Դավթին
Եվ իմ սուրբ յուղով օծեցի նրան380Սաղմ. ՃԼԱ. 10:
Ըստ սովորության հիշելով և համբուրելով
Քո լուսեղեն օծությունը,
Տեր Հիսուս Քրիստոս, Քեզ ճանաչում ենք՝
Անփոփոխելի մշտնջենություն,
Դու ես ամենը, ամեն ինչի մեջ,
Միակ թագավոր թագավորությանց,
Եվ յուղվածների ճշմարիտ օծյալ,
Երեկ և այսօր
Փառաբանվածդ երկրպագությամբ:
Ինչպես պատրույգը ճարպի մեջ թրջված
Նշողում չունի՝ մինչև չվառվի,
Այդպես և լույսի այս օծությունը՝ թափված մեզ
վրա, Ապագայում է լուսավառվելու:
Սա [օծման] մեկին բացատրությունն է՝
Նախնիներից մինչև օրս,
Բարենշան օրինակով մի հարմարած,
Հրաշապայծառ գույնով ներկած:

ԺԸ

Արդ, պատճառը ապրեցուցիչ վեհագույն մասանց,
Աստվածային արարչությանդ հարազատների,
Առանց որի հնարավոր չէ քրիստոնյա լինել,
Եվ կամ անվանվել Նազովրեցի,
Կամ հիշատակվել Հուդայի որդի,
Խրախույս կարդալ հանուն Հակոբի Աստուծո381Եսայի ԽԴ. 5,
Այս ձեթի հյութը, որի մեջ
Միավորվում է սուրբ Երրորդությունդ,
Շնորհքի ճառագայթ, շուքը մեր դեմքի,
Նկարագիրը մեր երեսների, բարեձևությունը պատահմունքի,
Աչքերի լույսը, բիբերի տյառնագրությունը,
Այտերի վայելչությունը, կերպարանքի զարդը,
Շրթունքների պահպանարանը, Հանդերձիչը կրոնների,
Վարքի հարմարիչ, հավաքման շաղկապ,
Անձանց զորություն, ընդդիմացող ուժ,
Հուռութ խափանող, հմայանք քակտող,
Ձեռնածուների հալածիչ, կախարդների խայտառակիչ,
Աղանդները բացահայտող, դևերին հաղթող,
Ցավեր փարատող, կնքվածներին սրբագործող,
Նորադարձների տենչանք, անիմանալի՝ իմաստուններին
Ապշությունը հեթանոսների, անհավատների
նախանձը շարժող, Գաղտնիքները բացահայտող,
Հարգանք՝ նվաստներին, փառք՝ ստրուկներին,
Պճնումն կանանց, աճումն մանկանց,
Ծերերի հրճվանք, նվիրվածների ձեռնադրություն,
Զգուշացում մաքուրներին, պսակ թագավորներին,
Ճոխությունն արքաների և կայսրերի մտադրություն,
Քանի որ կնքված ամանը ցույց է տալիս
Պարունակության մեծագնությունը,
Նաև մեզ տրված շնորհի բարձրությունը՝
Սրանով ծածկված քո անվամբ,
Աստված Տեր Հիսուս Քրիստոս,
Վայելուչ ինչ-որ համեմատությամբ Դառնում է ճանաչ:
Իսկ նրա անունը նույն հորջորջումով,
Ըստ հոգելից իմաստունների,
Դեռ եգիպտացիներից սկսած
Բացահայտում է իրի պատկերը՝
Ահեղ խորհրդի կերպարանքը:

ԺԹ

Չէ՞ որ մյուռոնը այս օրհնաբանված,
Որ մարգարեն նախապես աղերսելով
Աչքի լույս էր խնդրում382Սաղմ. ԺԲ. 4,
Քերթողական խոսքով բացատրած՝
Հոմերոնը թարգմանվում է «իմ մայր»,
Այսինքն, որ մեր բնությունը ուժգնորեն ձգող,
Եվ կայունացնող չքնաղ փոփոխմամբ
Հոսուն ջրերը լուսավոր ավազանի,
Եվ կաթ մածուցող մակարդի նման
Իր մեջ է հաստատել վայրենությունս
Եվ հեղեղը աղբյուրների մշտահոս:
Իսկ մառնամուտը նույնպես մյուռոն է նշանակում,
Մի այլ բառով արտահայտված,
Այսինքն՝ մթին, որ խավարչուտ է
Եվ ծածկված է, անտեսանելի:
Օտարացեղ չէ այս դիմառնական կոչումը բառիս,
Քանի որ իրոք անուն է դրվում իրին համաձայն
Եվ անքննելի է խորությունը այս,
Քան թե ամեն մի սրբություն սրբոց:
Քանի որ ոչ թե ջրի նման է աղտը լվանում,
Կամ սիրտն ամրացնում հացի բնությամբ,
Այլ նորոգ ինչ-որ մի հարմարությամբ
Տնօրինապես տյառնագրվում է զգայարաններին,
Սակայն վերնական անհասությամբ
Ունի անուն անքննելի:
Եվ ինչպես ասվում է՝
Աստված անմատույց
Լույսերի մեջ է, իսկ անսահման փառավորությամբ383Ա. Տիմ. Զ. 16
Անբավ խավարում ծածկված է անտես384Հմմտ. Սաղմ. ԺԷ. 12:
Արտաքուստ փակված՝ հասու չենք նրան:
Նույն կերպ է և այս ծորումը լույսի
Որոշ ճարտար լեզուներից
Պատշաճ ասությամբ անվանագրված՝
Մռայլ է կոչվում, Քանի որ անհնար է
Երկրածին բնությամբ իսկությունն զգալ:
Իսկ իր մեջ հարստաբար ու տիրականապես
Երկու Աստուծո անուն է կրում:
Եվ բարձրյալի անվանը նմանվելով
Կրկնակի է մեծանում այս յուղը՝
Նվիրագործված ամենաբուրյան ազնիվ կնդրուկով,
Զի Աստվածը մեր սպառիչ կրակ է385Բ. Օր. Դ. 24 ըստ Մովսեսի,
Ու նաև լույս է, ըստ Հովհաննեսի386Ա. Հովհ. Ա. 5,
Ուստի Եսային ճշմարտորեն է սրան ակնարկում՝
Լույսն Իսրայելի հուր պիտի դառնա387Եսայի Ժ. 17:

Ի

Դարձյալ նոր ձևով ներկայացնեմ՝
Իրը հայտնելու նոր մի պատկերով,
Չմոռանալով իմ նողկությունը,
Որը քաղցրացավ գթությամբ մեծիդ՝
Նորից ու նորից գովեստով օրհնել:
Մեռա՝ դառնություն է նշանակում388Ելք. ԺԵ. 23,
Տաժանելի կիրք և չարչարանքներ:
Մյուռոն՝ մեր լեզվով թե ստուգաբանենք,
Պիտի թարգմանենք մահ-մեռելություն:
Որովհետև այս հոգևոր օծմամբ
Մենք կտրվում ենք սնոտիասեր,
Մահակերպարան, տաղտուկ ու զազիր,
Հեշտություններից հակառակվողի,
Որ օդախոնավ մեղկություններով,
Ինչ-որ ջրացիր մի խոնավությամբ
Աղավաղում են հունչը քնարի իմ լսողության,
Թմբուկ-թաղանթի ներդաշնությունը
Ուժգին հնչումով մի անվայելուչ
Ներքև է ձգում, մատնում կորստյան
Հեռանկարը մարդուս գոյության:
Դարձյալ, վերստին հուսով ենք կապվում
Քո խաչի անճառ խորհրդին, Քրիստոս,
Դու, որ միշտ ողջ ես՝ մահով մկրտված,
Աստված, և հաղորդ քո խրախույսով՝
Սրանով ենք մենք հաղորդվում կյանքիդ,
Եվ՝ բոլորովին անբաժանելի:

ԻԱ

Հիսուս, չորս կողմից դրոշմած այս յուղը
Բարձրյալիդ խաչի պես հաստատում է
Կեցուցչիդ զուգափառ և նմանատիպ արյան
շնորհը,
Եվ մեծարում է՝
Նույն անմերժելի փառքով պսակված:
Ծառն այդ կոչվում է օրհնյալ յուղի փայտ,
Ըստ մարգարեի կանխասացության389Եսայի ԽԱ. 19,
Դա սովորական անտառի տունկից կազմվածը
Հզոր մի ուժով փրկում է չարի նենգ արկածներից
Եվ օտարոտի մտածումներից,
Վերադարձնում է քեզ՝ ստեղծողիդ,
Հասցնում նրան կյանքի նույն նյութին:
Եվ մեր մտքի պատուհանը մշտաբաց ու դյուրաթափանց
Տյառնագրում ենք հանուն ահավոր մեծիդ զորության,
Որ զգայարանքս խոհականորեն զգաստանան քեզնով,
Իբրև ըղձական օթևան Հոգուդ,
Եվ խավարահողմ խարդախող չարի
Խաբեության դեմ անհաղորդ մնան:
Զսպված այս լույսով՝ կենտրոնանում ենք,
Երեկոյան պաշտամունքի
Գոհաբանական նվագերգության,
Աստղերի հետ, որ նշանն են
Մեր մեջ վառվող քո շնորհի:
Սրանով են և փրկության բարի հուշարկումները
Տնկվում մեր սրտում ու պտղաբերում,
Քո մեծ գալստյան վերջին գիշերի Ընթրիքի համար
Այս լույս ճրագն ենք, ահա՝ կիրառում:

ԻԲ

Իսկ այժմ տառաթվերի գումարով դիտենք.
Թե քսանը չորսով մենք բազմապատկենք,
Եվ գտնենք տառը քսաներկուերորդ՝
Կբացատրենք խորին իմաստը [սրբալույս] յուղի,
Որ թարգմանվում է ճաշակ հեշտալի,
Եվ պատրաստում ենք այն ընկալելու մենք ամբողջապես:
Երբ ութսուն նշող գրի փոխարեն դնենք չորս հարյուրը,
Ստուգաբանենք՝
Ձեթի անվան հետ նյութ է ստացվում,
Որ կերպարանքն է թթու խմորի:
Սա զանգվածն իրեն ենթարկել գիտե,
Որ ոչ թե քիչն է շատի ընդերքում,
Այն ամեն ինչը իր կողմն է ձգում՝ աճեցնելով,
Ինչպես ասում է Ավետարանը390Մատթ. ԺԳ. 33, Ղուկ. ԺԳ. 21:

ԻԳ

Այս համեստ յուղը միշտ օրինակն ու նմանությունն է
Համբարձման և խոնարհության:
Երբեմն իբրև կակուղ պատառ է տրվում, ընկալվում,
Համակշիռ ու հարմար խոսքի պես,
Երբեմն, սակայն, գերափառ է նա,
Բոլոր լուծական, հոսանուտ, ծորող նյութերի վրա
Շրջում է իբրև
Այն հրաշափառ խորհրդի պատկեր:
Երբ որ լցվում է կաշվե պարկի մեջ՝
Ոչ թե գինու կամ ջրի պես թրջում,
Այլ պահպանում է հին պատշաճ ձևը:
Այսպես ստանալով առավելական
Այս բարիքը քո,
Որդիդ կենդանի Աստուծո,
Սրբանվեր այս օծելությունը
Մեր ճակատին ենք գրում քո արյամբ,
Ու քո Հոգով տպավորում ենք մեր սրտում,
Եվ հավատում ենք խորապես,
Որ նա մի օր թե հայտնվի
Բազմաճաճանչ շառայլներով՝
Տարածվելու բազմատեսիլ,
Զարմանահրաշ ընդլայնումով,
Լույս կընծայե գալիք օր ու սերունդներին:
Երջանիկ ու վերնանշույլ ճարպն հոգևոր
Թող իմ դեմքին քո նշանով լուսավառվի:

ԻԴ

Եվ կարծես անհաս, անըմբռնելի
Մեծ զորությունն այս
Մտքի սլացքի թեթև թևերով,
Որ շա՜տ, շատ վեր է մեր ըմբռնումից,
Անկանգ շարժումով, անհետ փախստյամբ
Ու լայն տարածքով տարաբաժանված,
Թաքնվեց ինձնից և չօրինակվեց.
Կամ զուգորդաբար չնմանակվեց,
Կամ սահմանումով չձևակերպվեց,
Եվ չկշռվեց զուգակցի չափով,
Այլ աստվածային խաչի նշանիդ հավասարությամբ
Եվ, կեցուցիչ, քո արյան հետ միայն
Հոգևորապես գերազանց եղավ:
Եվ հիմա օրհնիր մեզ, Տեր, սրանով:
Նաև ահավոր, լուսեղ, երկնային և զարմանալի
Քո անունը, Տեր, թող փառաբանվի,
Մաքրակրոնների բուրվառով խնկված,
Սուրբ, սուրբ անքնին, անպատում, բարձրյալ,
Ողորմած, երգված, ճշմարիտ,
Բարերար և սուրբ,
Սրանով փրկագործիր, և քավություն տուր
Բժշկություն պարգևիր, շնորհով օժտիր,
Առատաձեռնիր, ով երանություն:
Օծվելով երկնանձրև լույսի այս ձեթով՝
Անարատ լինեմ, Յուղված բանավոր այս հենքի մեջ թող
Մեղքի բիծն անգամ չտխրեցնե,
Որ հոգուս կերպը մնա անարատ:
Եվ թող բոլորը, որ կմոտենան օծվելու սրանով՝
Հարսնապաճույճ վեհությունով գեղազարդ,
Սուրբ վայելչությամբ ու երջանկորեն Հոգով զարդարվեն:
Թող այս լուսափառ և աստվածատուր
Կրակը իրեն մոտեցնողներին լինի կրկնեռաց մուխ
Եվ բարեփափագ ջերմության ու հորինվածքի երկաթ,
Որով ամբողջովին, ամենապատրաստ պնդությամբ
Քո կարծր անսասան վեմի վրա հարակա
Միշտ արձանանում,
Աներկբայորեն ի քեզ հաստատված:
Ով սրանով զինվի՝
Նշանակ լինի երկնամրցանակ այս մեծ պարգևին.
Ո՛չ ջրով թրջվի, ոչ այրվի հրով, ոչ ցրտահարվի,
Ո՛չ վնասաբեր հողմն իրեն մարե,
Ո՛չ աղտեղանա ինչ-որ ուրվական պղծություներից,
Եվ պահվածները չարին չմատնե391Հուդա. Ա. 1,
Ո՛չ աշխարհից հեռանալիս անմտաբար
Դուրս նետել կյանքի գանձերն ամբարված,
Եվ քո թևերի օգնությունից զուրկ չմնալ [հանկարծ],
Մեր մեջ էացած [սուրբ] օծությունից,
Անմաքրությամբ չմերկանալ:
Այլ քո հաճությամբ կիզվենք նրանով,
Պարարվենք իրմով և լուսավորվենք,
Նրանով ազատված և արդարացված,
Պսակված ու թագավորած:
Եվ քեզ, միակիդ, միակ Օծյալիդ
Բոլորի երգը օրհնաբանական,
Եվ լեզուների փառատրությունը,
Հնչմունք ձայների, հանդիսավոր գովք,
Եվ շրթունքների բարեբանություն,
Սրբաբանությո՛ւնը սաղմոսների Հոր և Սուրբ Հոգու հետ
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արեգա՜կ արդար, օրհնյա՜լ ճառագայթ,
Լույսի կերպարանք, փափագ անձկալի,
Անքնին բարձրյայ, անպատում զորեղ,
Բարու բերկրություն, հույսի տեսություն,
Գովյալ երկնավոր, թագավոր փառքի,
Քրիստոս արարիչ, խոստովանված կյանք,
Թերություններն ու վրիպումներն այս
Բազմասխալ իմ ողբամատյանի
Ամենազոր քո խոսքով լրացրած՝
Մատուցի՛ր որպես հաճելի աղերս երկնավոր քո հոր:
Դու, որ առնելով իմ տեսքն՝ ինձ համար
Անեծքի ծանր փորձություններին
Քեզ ենթարկեցիր, կենա՛ց օրհնություն,
Բարեխնամող տեսո՛ւչ համայնի՝
Թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա,
Եթե հանձն առար ինձ համար մեռնել, Աստվա՜ծ
բոլորի,
Որքա՜ն առավել և այժմ պիտի հաճես կարեկցել
Տաժանավորիս տվայտանքներին,
Մեզնից ստացած ազգակից մարմնով՝
Մեղապարտիս տեղ աղոթելով միշտ հորդ փառակից:
Բ
Թող շնորհիվ քո պատվական արյան,
Որ մատուցվում է միշտ ի հաճություն առաքչիդ
կամքին,
Դատապարտյալիս պատիժներն համակ ջնջված
վերանան,
Պարտքերը զիջվեն, ամոթը ցրվի,
Անարգանքները տրվեն մոռացման,
Դատավճիռը փոխվի ի բարին,
Որդերը սատկեն, լացը վերանա,
Ատամնակրճտումն իսպառ դադարի,
Ողբերն սպառվեն, արցունքներն հատնեն,
Սուգը փարատվի, խավարն հալածվի,
Մարի, խափանվի հուրն այս սաստկաբոց,
Եվ բնաջնջվեն տանջարանները զանազանակերպ:
Գ
Թող որ ամենքին կյանք կամեցողիդ
Ու պարգևողիդ գթությունը գա,
Լույսդ ճառագի, փրկությունդ փութա,
Օգնությունդ հասնի, այցդ ժամանի,
Ողորմությանդ ցողն շտապելով՝
Ոռոգի պապակ անդաստաններն այս
Թշվառությամբ խոր մահվան վիհն ընկած գոս
ոսկորներիս,
Եվ կենարարիդ սրբազան արյան բաժակն երկնավոր,
Որ միշտ անսպառ պատարագվում է
Որպես հիշատակ ննջեցյալների
Հոգու փրկության ու կենդանության,
Ծաղկեցնի ու պտղաբեր դարձնի դաշտն իմ
մարմնեղեն՝
Խնամարկելով լույս օրիդ համար,
Որպեսզի նրա մեղքերով իսպառ մահացած հոգիս
Քո շնորհներով, քո մեջ զորացած, նորոգվի քեզնով,
Եվ ես, ազատված մեղքերից, անմահ մի
կենդանությամբ՝
Հարության ժամին արդարների հետ
Արժանի դառնամ Հորդ օրհնության,
Որի հետ քեզ փա՜ռք, իսկ քո Սուրբ Հոգուն
Բարեբանությո՜ւն՝ անլուռ գոհությամբ
Այժմ, հանապազ և հավիտենից հավիտյանս. ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Աստուած յաւիտենական, բարերար եւ ամենակալ,
Ստեղծիչ լուսոյ եւ յաւրինիչ գիշերոյ,
Կեանք` ի մահու եւ լոյս` ի խաւարի,
Յոյս ակնունողաց եւ երկայնմտութիւն տարակուսելոց,
Որ ամէնարուեստ իմաստութեամբ քո
Դարձուցանես յայգ զստուերս մահու:
Աննուազ ծագումն եւ անմուտ արեգակն,
Քանզի ոչ զաւրէ ծածկել զփառս տէրութեան քոյ խաւար գիշերոյ,
Որում կրկնի ծունր երկրպագութեան ամենայն եղելոց`
Երկնաւորաց եւ երկրաւորաց սանդարամետականաց:
Որ լսես զհեծութիւն կապելոց
Եւ հայիս յաղաւթս խոնարհաց
Եւ ընդունիս զխնդրուածս նոցա,
Աստուած իմ եւ թագաւոր իմ,
Կեանք իմ եւ ապաւէն իմ,
Յոյս իմ եւ վստահութիւն իմ,
Յիսուս Քրիստոս, Աստուածդ ամենայնի,
Սուրբդ, հանգուցեալ ի հոգիս սրբոց,
Մխիթարութիւն վշտաց եւ քաւարան մեղուցելոց,
Որ գիտես զամենայն յառաջ, քան զլինել նոցա,
Առաքեա զպահպանողական զաւրութիւն աջոյ քոյ
Եւ փրկեա զիս յերկիւղէ գիշերի եւ ի դիւէ չարէ,
Որպէս զի զյիշատակ սոսկալի եւ սուրբ քո անուանդ,
Միշտ համբուրեալ շրթամբք հոգւոյ ըղձութեան շնչոյ,
Կեցից պահպանեալ ընդ այնոսիկ,
Որ կարդան զքեզ ի բոլոր սրտէ:
Բ
Եւ ի դրոշմէ խաչի քոյոյ նշանիդ,
Զոր աստուածային արեամբ քո ներկեալ նորոգեցեր
Եւ ի նոյն շնորհ որդեգրութեան զմեզ մկրտեցեր
Եւ ի փառս պատկերի քոյ նկարեալ յաւրինեցեր,
Այսու պարգեւաւք աստուածականաւք
Ամաչեսցէ սատանայ, քակտեսցին մեքենայքն,
Բարձցին որոգայթքն, պարտեսցին մարտուցեալքն,
Պակասեսցին զէնքն սայրասուրք,
Մերժեսցի մէգն, փարատեսցի խաւարն, մեկնեսցի մառախուղն,
Բազուկ քո հովանասցի, եւ աջ քո կնքեսցէ,
Վասն զի գթած ես եւ ողորմած,
Եւ անուն քո կոչեցեալ է ի վերայ ծառայից քոց:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով
Փա~ռք եւ իշխանութի~ւն յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ՂԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվա՜ծ հավիտենական, բարերար և ամենակալ,
Ստեղծող լույսի և հորինող գիշերի,
Դու կյանք՝ մահվան մեջ և լույս՝ խավարում,
Հույս՝ սպասողների և համբերություն տարակուսյալների.
Որ ամենարվեստ քո իմաստությամբ ստվերը մահվան փոխում ես այգի,
Աննվազ ծագում և անմայրամուտ արեգակ,
Զի գիշերվա մութն անզոր է իսպառ քողարկել
փառքը քո տերունական,
Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում՝
Երկնավորներն ու երկրավորներն և սանդարամետականները բոլոր:
Դու լսում ես հեծեծանքները կապյալների, ունկնդրում խոնարհների աղոթքին
Եվ ընդունում ես նրանց խնդրանքները,
Աստված իմ և թագավոր իմ, կյանք իմ և ապավեն իմ,
Հույս իմ և վստահություն իմ,
Տե՜ր Հիսուս Քրիստոս, Աստված բոլորի,
Սրբերի սրտում հանգչող սո՛ւրբդ դու,
Մխիթարություն վշտերի և քավարան մեղավորների,
Որ գիտես ամեն ինչ՝ նրանց լինելուց առաջ:
Ուղարկի՛ր պաշտպան զորությունն աջիդ
Եվ գիշերային երկյուղից ու չար դևից ինձ փրկիր,
Որպեսզի հիշատակը սոսկալի և սուրբ քո անվան
Միշտ համբուրելով հոգուս շուրթերով՝
Ըղձական շնչով ապրեմ պահպանված բոլոր նրանց հետ,
Որոնք անդադար ի բոլոր սրտե քեզ են կանչում, Տե՜ր:

Բ

Եվ դրոշմից խաչի քո նշանի,
Որ աստվածային արյամբդ ներկելով դու նորոգեցիր,
Եվ մկրտելով մեզ որդեգրեցիր,
Եվ նկարեցիր ու հորինեցիր պատկերիդ փառքով,–
Պարգևներով այդ աստվածային թող ամոթահար լինի սատանան,
Մեքենայությունները քանդվեն թող ու որոգայթները վերացվեն,
Մարտնչողները պարտվեն թող որ, և թող չլինեն զենքեր սայրասուր,
Մշուշը ցնդի, մութը փարատվի, մառախուղն անցնի:
Բազուկդ հովանի լինի թող և աջդ կնքի.
Քանզի գթած ես դու և ողորմած,
Եվ քո անունով են կոչվում ծառաներդ392Իմա՝ քրիստոնյա
Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ հավե՜րժ փառք, իշխանություն:

Վ.Գևորգյան

..................... ԲԱՆ ՂԲ .....................
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աստվա՜ծ բարերար և ամենակալ,
հավիտենական,
Արարիչ լույսի, հաստիչ գիշերվա,
Դու կյանք մահվան մեջ և լույս խավարում,
Սպասողի հույս և համբերություն վարանածների,
Որ ամենարվեստ քո իմաստությամբ
Ստվերը մահվան այգի ես փոխում, ՛
Աննվազ ծագում, անմուտ արեգակ,
Քանզի անզոր է մութը գիշերվա
Ծածկելու փառքը մեծիդ տերության,
Որին ծնրադիր երկրպագում են էակները ողջ՝
Երկնավորներն ու երկրավորները,
Բնակիչները սանդարամետյան:
Ունկնդրում ես միշտ դու կապյալների հեծեծանքներին
Եվ խոնարհների աղոթքին լսում,
Ընդունում նրանց խնդրանքներն առ քեզ:
Աստվա՜ծ իմ, կյա՜նք իմ, թագավոր ու տեր,
Հո՜ւյս իմ, ապավեն և վստահություն,
Հիսո՜ւս Քրիստոս, Աստվա՜ծդ համայնի,
Սուրբ, որ հանգչում ես սրբերի հոգում,
Վշտաբեկների մխիթարություն,
Քավարան բոլոր մեղանչածների,
Որ ամենայն ինչ գիտես դեռ նրանց լինելուց առաջ.
Հղի՛ր պահապան զորությունն աջիդ,
Փրկի՛ր գիշերվա երկյուղից խավար,
Փրկի՛ր չար դևից,
Որ հիշատակը քո սոսկալի ու սրբազան անվան
Համբուրելով միշտ շուրթերով հոգուս,
Շնչիս անձկությամբ,
Ապրեմ՝ պահպանված բոլոր նրանց հետ,
Որոնք կանչում են քեզ ամբողջ սրտով:
Բ
Ար՛դ, դրոշմից քո խաչի նշանի,
Որ աստվածային արյամբդ ներկելով դու նորոգեցիր,
Մկրտեցիր մեզ որդեգրության շնորհով նրա
Եվ հորինեցիր քո նմանությամբ՝ պատկերիդ
փառքով,—
Այդ պարգևներից աստվածային թող դևը ամաչի,
Ի դերև ելնեն խարդավանքները նենգ ու դժնախոհ,
Խափանվի ամեն վարմ ու որոգայթ,
Մարտնչողները պարտված կործանվեն,
Խորտակվեն բոլոր զենքերը սուրսայր,
Մշուշը ցնդի, մութը փարատվի,
Եվ մառախուղը չքանա անհետ:
Թող որ բազուկդ հովանի դառնա և աջդ կնքի,
Քանզի գթած ես, տե՜ր, և ողորմած,
Անվամբդ են կոչվում ծառաները քո:
Եվ քեզ, Սուրբ Հոգովդ, բարձրյալ Հորդ հետ,
Իշխանությո՜ւն, փա՜ռք, հավիտյաններից հավիտյանս,
ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արեգակն արդար, ճառագայթ աւրհնեալ,
Լուսոյ կերպարան, փափագ անձկութեան,
Բարձրեալ անքնին, զաւրեղ անպատում,
Բարւոյ բերկրութիւն, յուսոյ տեսութիւն,
Գովեալ երկնաւոր, թագաւոր փառաց,
Քրիստոս Արարիչ, խոստովանեալ կեանք:
Եւ արդ, զթերութիւն վրիպանաց բազմասխալ ձայնի եղկելոյս,
Ամենազաւրդ բանիւ լցեալ,
Մատուսցես յաղերս հաճութեան Հաւր քում բարձրելոյ,
Որ վասն իմ ի փորձ եկիր անիծից`
Կերպարանեալ զիմ նմանութիւն,
Ամենեւին կենաց աւրհնութիւն,
Վերնոց եւ ներքնոց բարեխնամող տեսուչ համայնից:
Զի թէ յանձն առեր մեռանիլ վասն իմ,
Աստուած եւ տէրդ բոլորեցուն,
Ո՞րչափ հաճեսցիս առաւել եւ այժմ
Վտանգաւորս կրից կարեկցել`
Ընդ իմ պարտաւորիս միշտ աղաւթելով
Ազգակցաւ մարմնոյդ առելոյ ի մէնջ`
Առ համապատիւդ քո Հայր:
Բ
Եւ վասն արեանդ պատուականի`
Միշտ մատուցելոյ ի հաճութիւն կամաց առաքչիդ,
Բարձցին վտանգք մեղուցեալ դատապարտելոյս,
Թողցին պարտիքն, ապաքինեսցի ամաւթն,
Մոռասցին պատկառանքն, բարեգործեսցին դատակնիքն,
Սատակեսցին որդունքն, վերասցի լալն,
Հանդարտեսցէ կրճումն ատամանցն,
Սպառեսցին ողբքն, հատցին արտասուքն,
Մերժեսցի սուգն, հալածեսցի խաւարն,
Վատնեսցի հուրն սաստկութեան,
Հերքեսցին տանջանարանքն բազմաւրինակք:
Գ
Եկեսցեն գթութիւնք կամողիդ,
Եւ պարգեւողիդ կենաց ամենից,
Ծագեսցի լոյսդ, արագեսցէ փրկութիւնդ,
Հասցէ աւգնութիւնդ, ժամանեսցէ այցելութիւնդ,
Կանխեսցէ ցաւղդ ողորմութեան,
Յառաջեսցէ, արբուսցէ զանդաստանս պասքեալ`
Անկեալ ոսկերացս թշուառութեամբ ի վիհն մահու:
Ծաղկեցուսցէ, պտղաբերեսցէ
Բաժակդ երկնաւոր արեան կենարարիդ
Զերկիրս խնամեալ աւուրն լուսոյ,
Որ անծախապէս միշտ պատարագի`
Յիշատակ կենաց փրկութեան հոգւոցն ննջեցելոց,
Զի ամենայնիւ մահացեալ հոգիս մարմնովս մեղաց`
Շնորհաւք քո, գթած, ի քեզ զաւրացեալ` քեւ նորոգեցայց,
Զատեալ ի մեղաց անմահ կենդանութեամբ`
Ի յարութեանն արդարոց, Հաւր քում աւրհնեցեալ:
Ընդ որում քեզ փա~ռք,
Եւ Հոգւոյդ Սրբոյ բարեբանութի~ւն`
Վայելչական գոհութեամբ
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ՂԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արեգա՛կ արդար, օրհնյալ ճառագայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անպատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս շարադրանքի
Պակասները դո՛ւ լրացրու խոսքով քո ամենազոր
Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դու ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝
Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՜ց օրհնություն,
Բարեխնամ տեսուչ երկնայինների և ողջ երկրայնոց:
Զի թե հանձն առար մեռնել ինձ համար, Աստվա՜ծ բոլորի,
Ո՛րքան ավելի պիտի ուզենաս կարեկցել և այժմ
ինձ, տառապալից տագնապահարիս,
Ազգակցիդ մեզ՝ մեզնից մարմնացյալ,
Մեղապարտիս հետ միշտ աղոթելով Հորդ համապատիվ:

Բ

Եվ պատվական արյանդ միջնորդությամբ,
Որ մատուցվում է միշտ առաքչիդ կամքին ի հաճություն՝
Թող վերացվեն վտանգները մեղավոր դատապարտյալիս,
Պարտքերը զիջվեն, ամոթը փարատվի,
Մոռացվեն խայտառակություններն ու դատավճիռն ի բարին փոխվի,
Սատակեն որդերն, ու լացը վերանա,
Դադարի կրճտումն ատամների թող,
Ողբերն սպառվեն, Արտասուքները ցամաքեն թող որ, սուգը հեռանա,
Խավարն հալածվի, ու հուրը սաստիկ մարի,
մոխրանա, Եվ բազմապիսի տանջարաններն ի բաց մերժվեն:

Գ

Եվ թող բոլորին կյանք կամեցողիդ ու պարգևողիդ գթությո՜ւնը գա,
Թող լույսդ ծագի, փրկությունդ փութա, օգնությունդ հասնի,
Այցելությունդ ժամանի, և ողորմությանդ ցողը կանխահաս
Թող որ շտապի՝ հույժ թշվառությամբ մահվան վիհն ընկած
Իմ ոսկորների պապակ անդաստանը ոռոգելու:
Կենարար արյանդ բաժակն երկնավոր, որ պատարագվում է միշտ, անսպառ
Հանուն ննջեցյալների հոգու փրկության և կենաց,
Թող ծաղկեցնի և պտղաբերի լուսավոր օրվանդ
համար մշակված դաշտն իմ մարմնեղեն,
Որպեսզի նրա մեղքով իսպառ մահացած հոգիս,
Քո շնորհիվ, գթա՜ծ, քո մեջ զորացած,
Եվ մեղքերից ազատ, անմահ կենդանությամբ
Նորոգվեմ արդարների հարության օրը՝ Հորիցդ օրհնված,
Որի հետ փառք քեզ և քո Սուրբ Հոգուն
Եվ բարեբանություն վայելչական գոհությամբ,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

................. ԲԱՆ ՂԳ ...................
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արեգա՜կ արդար, օրհնյա՜լ ճառագայթ,
Լույսի կերպարանք, փափագ անձկալի,
Անքնին բարձրյայ, անպատում զորեղ,
Բարու բերկրություն, հույսի տեսություն,
Գովյալ երկնավոր, թագավոր փառքի,
Քրիստոս արարիչ, խոստովանված կյանք,
Թերություններն ու վրիպումներն այս
Բազմասխալ իմ ողբամատյանի
Ամենազոր քո խոսքով լրացրած՝
Մատուցի՛ր որպես հաճելի աղերս երկնավոր քո հոր:
Դու, որ առնելով իմ տեսքն՝ ինձ համար
Անեծքի ծանր փորձություններին
Քեզ ենթարկեցիր, կենա՛ց օրհնություն,
Բարեխնամող տեսո՛ւչ համայնի՝
Թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա,
Եթե հանձն առար ինձ համար մեռնել, Աստվա՜ծ
բոլորի,
Որքա՜ն առավել և այժմ պիտի հաճես կարեկցել
Տաժանավորիս տվայտանքներին,
Մեզնից ստացած ազգակից մարմնով՝
Մեղապարտիս տեղ աղոթելով միշտ հորդ փառակից:
Բ
Թող շնորհիվ քո պատվական արյան,
Որ մատուցվում է միշտ ի հաճություն առաքչիդ
կամքին,
Դատապարտյալիս պատիժներն համակ ջնջված
վերանան,
Պարտքերը զիջվեն, ամոթը ցրվի,
Անարգանքները տրվեն մոռացման,
Դատավճիռը փոխվի ի բարին,
Որդերը սատկեն, լացը վերանա,
Ատամնակրճտումն իսպառ դադարի,
Ողբերն սպառվեն, արցունքներն հատնեն,
Սուգը փարատվի, խավարն հալածվի,
Մարի, խափանվի հուրն այս սաստկաբոց,
Եվ բնաջնջվեն տանջարանները զանազանակերպ:
Գ
Թող որ ամենքին կյանք կամեցողիդ
Ու պարգևողիդ գթությունը գա,
Լույսդ ճառագի, փրկությունդ փութա,
Օգնությունդ հասնի, այցդ ժամանի,
Ողորմությանդ ցողն շտապելով՝
Ոռոգի պապակ անդաստաններն այս
Թշվառությամբ խոր մահվան վիհն ընկած գոս
ոսկորներիս,
Եվ կենարարիդ սրբազան արյան բաժակն երկնավոր,
Որ միշտ անսպառ պատարագվում է
Որպես հիշատակ ննջեցյալների
Հոգու փրկության ու կենդանության,
Ծաղկեցնի ու պտղաբեր դարձնի դաշտն իմ
մարմնեղեն՝
Խնամարկելով լույս օրիդ համար,
Որպեսզի նրա մեղքերով իսպառ մահացած հոգիս
Քո շնորհներով, քո մեջ զորացած, նորոգվի քեզնով,
Եվ ես, ազատված մեղքերից, անմահ մի
կենդանությամբ՝
Հարության ժամին արդարների հետ
Արժանի դառնամ Հորդ օրհնության,
Որի հետ քեզ փա՜ռք, իսկ քո Սուրբ Հոգուն
Բարեբանությո՜ւն՝ անլուռ գոհությամբ
Այժմ, հանապազ և հավիտենից հավիտյանս. ամեն: