ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Աստուած անսահման, ծնունդ Աստւոծոյ հարազատ, անթարգմանելի,
Արարիչ բնաւին եղելոց, Քրիստոս թագաւոր,
Լոյս` ի խաւարի սրտից մթացելոց,
Ընդ մեզ` լրմամբ, եւ ընդ առաքչիդ` իսկութեամբ,
Մերայնովս զքոյինսդ ծանուցանող հրաշապէս:
Հայր քո աւրհնեալ, երկնաւոր, անճառ,
Որ առաքեացդ զքեզ ի վերուստ,
Ում փառակիցդ ես արարչութեամբ,
Այնքան հոգացաւ փրկութեան իմոյ տարագրեալ գերւոյ,
Մինչեւ զքեզ իսկ մատնեաց մարդկան:
Իսկ դու, կարող գոլով ի վեր քան զվիշտս`
Զտնտեսութեանս աւարտել խորհուրդ,
Հաճեցար ընդ պարտեցելումս զմահուն ճաշակել բաժակ`
Անթերի մարդկութեամբ եւ անպակաս աստուածութեամբ:
Եւ Հոգիդ Սուրբ կենդանարար, որպէս` քո եւ Հաւր քոյ` իսկակից
Եւ համապատիւ էութեամբ` ծնողիդ եւ ծնիցելոյդ:
Մի Երրորդութիւն կատարեալ ի դիմաց երից անորոշելի հատուածոց,
Անսկիզբն եւ անժամանակ, բնաւին բարերար,
Համայն կենդանարար, բոլորից խաղաղարար,
Ստեղծիչ գոյից եւ յաւրինիչ ամենից,
Անքակութեամբ եւ միով բնութեամբ փառաւորեալ:
Բ
Իսկ եթէ Հայրն գթած, երկնաւոր, հզաւր` մին յէութենէն,
Վասն մահապարտիս յանցանաց մատոյց
Զմիայնակ ծնունդդ յանքնին ծոցոյն,
Ոչ անխայեալ յՈրդիդ` ի համապատիւդ եւ ի սիրելիդ,
Այլ կամաւ նուիրեաց մահու չարչարողացն զինու,
Ըստ մարգարէութեանն Զաքարիայ,
Վասն զի զարթնուլ սրոյն ի վերայ հովուին,
Եւ հարկանիլ նոյն ինքն հաւտապետին,
Եւ ցրուիլ ոչխարացն հաւտին,
Որպէս աւրինակն նուրբ նախագրին,
Եւ ուխտադրութիւն խորանին,
Եւ նուիրումն արեան սպանդին,
Եւ առակ խորհրդոյ աբրահամեան պատարագին,
Զփրկութիւն թշուառացելոյս
Ի կամաց կեցուցչիդ յառաջագոյն նկարագրէր,-
Եւ արդ, հի՞մ տրտմիս, անձն իմ,
Կործանեալ ոչ յաստուածուստ հնարաւորութեանց,
Այլ ի քումդ ինքնագործ հակամտութեանց,
Կամ ընդէ՞ր զիս խռովես`
Յուսահատութեամբ սատանայականաւ զմիտս հարեալ:
Յուսա յԱստուած, խոստովան լեր նմա, եւ նա հոգայ վասն քո,
Ըստ դաւթեան սաղմոսին եւ այլ մարգարէի կենսախրախոյսն բանի:
Գ
Իսկ յեղանակ խնամարկելոյ հաստողին ի վեր է,
Քան զսահման կշռութեան մտաց հրեշտակաց եւ երկրականաց,
Եւ եթէ բիւրս կրկնեսցի, ոչ լինի չափեալ,
Քանզի անբովանդակելոյն եւ բարերարելն է անճառելի:
Նա զի ոմն աւրհնեալ զոմն աւրհնաբանեալ
Յերրորդական համագոյութենէն առաքեաց,
Իսկ նա ի հաճութիւն կամաց առաքչին մեռաւ,
Եւ միւսն ահաւոր ի յերկուցն հաւանութիւն
Մեծաջան բաղձանաւք մաղթէ:
Իսկ համաբարոյ միակամութեանն ցուցակ`
Առ ի զնոյն բարի ներգործել,
Որպէս հոգին` կենդանւոյն, եւ բանն` բանականին,
Պայծառութիւնն` փառացն, եւ կերպարանն` էութեանն:
Առ կեանսն` փոյթ, առ ողորմութիւնն` սթափ,
Առ ձեռնկալութիւնն` պատրաստ, առ փրկութիւնն` կազմ,
Առ առատութիւնն` յորդ, առ յաճախութիւնն` զեղուն,
Առ անբաւութիւնն` լի, առ աննուազութիւնն` փարթամ,
Առ երկայնմտութիւնն` ճոխ, առ անհասութիւնն` բարձրեալ,
Մի Երրորդութիւն կատարեալ` ի յանձանց երից, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն: up
Բան ԽԴ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Աստվա՜ծ անսահման, անբացատրելի հարազատ ծնունդ միակ Աստուծո,
Արարիչ բոլոր արարածների, Քրիստոս թագավոր,
Լույս՝ խավարի մեջ՝ մթնած սրտերի.
Մեզ հետ՝ մարդ կատարյալ և առաքչիդ հետ՝ իսկական Աստված,
Որ մեր բնությամբ քոնն ես ծանուցում հրաշապես:
Օրհնյա՜լ է Հայրդ երկնավոր և անճառ,
Որ առաքեց քեզ երկնից և որին փառակից ես դու արարչությամբ.
Տարագիր գերուս փրկության համար նա այնքա՛ն հոգաց,
Որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց:
Իսկ դու, որ կարող էիր առանց վշտի ավարտել խորհուրդը տնօրինության,
Հաճեցար մահվան բաժակը ըմպել մեղապարտիս հետ՝
Անթերի մարդկությամբ և անպակաս աստվածությամբ:
Եվ Սուրբ Հոգին քո կենդանարար, ինչպես որ քո, այնպես և իսկակից է Հորդ,
Եվ էությամբ համապատիվ՝ ծնողիդ հետ և՛ ծնվածիդ:
Մի Երրորդություն կատարյալ՝ անբաժանելի և անանջատ երեք դեմքով:
Անսկիզբ և անժամանակ, բացարձակ բարերար,
Համակ կենդանարար, ամբողջապես խաղաղարար,
Ստեղծիչ գոյությանց և հորինող ամենայնի,
Անքակտելիորեն և մի բնությամբ փառավորված:
Բ
Իսկ եթե գթած երկնավոր Հայրը հզոր՝ մեկն է էությունից՝
Մահապարտիս հանցանքների համար զոհաբերեց իր անքնին ծոցի ծնունդը միակ,
Չխնայելով իրեն համապատիվ սիրելի Որդուն,
Այլ կամովին նվիրեց նրան մահվան զենքերով
չարչարողներին, Ըստ Զաքարիայի մարգարեության,
Թե՝ «Պիտի զարթնի սուրը հովվի վրա, Եվ պիտի զարկվի հոտապետն ինքը,
Ու ոչխարների հոտը ցրվի»,
Ինչպես նախագրողի օրինակը նուրբ128Ակնարկում է ամաղեկացոց դեմ պատերազմի միջոցին Մովսեսի և ուխտը խորանի,
Եվ նվիրումն արյան սպանդի,
Եվ խորհուրդն աբրահամյան պատարագի,
Որոնք կանխապես նկարագրեցին փրկությունն հեգիս՝ կեցուցչիդ կամքով,-
Ուրեմն էլ ինչո՞ւ ես տխրում, ա՛նձն իմ,
Որ քո իսկ գործով և հոժարությամբ ես կործանվել դու
Եվ ո՛չ Աստուծո կամեցողությամբ.
Կամ ինչո՞ւ ես դու խռովում, սիրտս՝
Մտատանջվելով սատանայական հուսահատությամբ:
Հուսա՛ Աստծուն և խոստովանիր, Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ՝
Դավթյան սաղմոսի և մարգարեի կենսախրախույս խոսքի համաձայն:
Գ
Իսկ ստեղծողի խնամակալության չափն ու եղանակը ավելի վեր է,
Քան հրեշտակների և մարդկանց մտքի կշռության սահմանն,
Ու թե բյուր անգամ կրկնվի՝ դարձյալ չափել չի լինի,
Զի բարձրյալ Տիրոջ և՛ բավարարելն է անճառելի:
Մանավանդ որ նա՝ մեկը օրհնված համագոյական Երրորդությունից՝ բազկատարած կանգնելը, որը համարում է օրինակ՝ Հիսուսի խաչելության:
Ուղարկեց մյուսին այն օրհնաբանված,
Որը և մեռավ ի հաճություն իր առաքչի կամքին:
Մյուս երրորդն ահեղ երկուսի հավանությամբ
Բարեմաղթում է մեծաջան բաղձանքով:
Իսկ միևնույն բարի իրագործումների մեջ
Նրանց համամիտ միակամության ապացույցներն են՝
Հոգին՝ կենդանու և բանը՝ բանականի,
Պայծառությունը՝ փառքի և կերպարանքն՝ էությանը:
Փույթ՝ ապրեցնելու, սթափ՝ ողորմելու,
Օգնության ձեռք կարկառելու և փրկելու՝ պատրաստ,
Առատատրությամբ՝ հորդ, շատությամբ՝ զեղուն,
Անբավությամբ՝ լի, աննվազությամբ՝ փարթամ,
Երկայնամտությամբ՝ ճոխ և անհասությամբ՝ բարձր,-
Մի Երրորդություն կատարյալ եռանձնյա,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աստված անսահման, անբացատրելի,
Հարազատ ծնունդ միակ Աստծո,
Արարիչ համայն արարածների, արքա՜ Քրիստոս,
Լույս՝ խավարի մեջ մթնած սրտերի,
Որ և մե՛զ հետ ես՝ լրությամբ ամբողջ,
Ե՛վ առաքչիդ հետ՝ էականությամբ,
Մեր կերպարանքով՝ քոնն ես ծանուցում
սքանչելապես։
Օրհնյալ է հայրդ երկնավոր անճառ,
Որ առաքեց քեզ մեզ մոտ ի վերուստ,
Ում փառակից ես դու արարչությամբ.
Այնքան հոգաց նա փրկության համար
տարագիր գերուս,
Որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց։
Իսկ դու, որ առանց որևէ վշտի
Կարող էիր քո տնօրինության խորհուրդն ավարտել,
Հանցապարտիս տեղ հանձն առար ըմպել
բաժակը մահվան,
Անթերի՝ որպես մարդ և կատարյալ՝
աստվածությամբ քո;
Համակամ է ձեզ նաև սուրբ Հոգին
կենդանապարգև.
Որն իսկակից է ու համապատիվ
Ե՛վ քեզ՝ ծննդիդ, և՛ ծնողիդ հետ։
Ահա կատարյալ մի երրորդություն,
Անբաժանելի, անմասնատելի երեք դեմքերով,
Անսկզբնավոր ու անժամանակ,
Համակ բարեգործ, համակ կենսատու ու խաղաղարար,
Հաստիչ բովանդակ արարածների,
Անբաժանությամբ ու մի բնությամբ միշտ
փառաբանված։
Բ
Իսկ եթե գթած հայրը երկնավոր՝
Ամենակարող մեկն էությունից,
Իմ՝ մահապարտիս մեղքերի համար
Զոհաբերեց իր ծոցի անքնին ծննդին միակ,
Չխնայելով իրեն փառակից սիրելի որդուն՝
Կամովին հանձնեց մահվան զենքերով չարչարողներին
(Զաքարիայի այն մարգարեությամբ,
Թե՝ «Պիտի զարթնի սուրն հովվի վրա,
Պիտի զարկվի հենց հոտապետն ինքը,
Ու ոչխարների ողջ հոտը ցրվի»,
Այլև նախագրի օրինակը նուրբ,
Ուխտը խորանի, նվիրումն արյան
Եվ աբրահամյան պատարագների խորհուրդն
արդեն իսկ
Պատկերել էին վաղուց, կանխապես
Փրկությունն հեգիս կեցուցչի կամքով),
Ինչո՞ւ ես տխրում ուրեմն, անձն իմ,
Երբ կործանվել ես քո իսկ գործերով,
հակամիտությամբ
Եվ ոչ թե կամքով բարերար Աստծո,
Կամ ինչո՞ւ ես ինձ խռովում այսպես
Սատանայական հուսահատության մտալլկանքով.
Հուսա՛ Աստծուն ու խոստովանի՛ր,
Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ,
Դավթյան սաղմոսի ու մարգարեի
Կենսախրախույս խոսքի համաձայն։
Գ
Իսկ ստեղծողի խնամարկության
Չափն ու եղանակն ավելի վեր է,
Քան սահմանները հրեշտակների
Ու բոլոր մարդկանց մտքի կշռության.
Եվ եթե դրանք բյուրապատկվեն իսկ,
Միևնույն է, այն չափել չեն կարող,
Զի անպարագրի և բարերարելն է անճառելի։
Մանավանդ որ մեկն օրհնյալ համագո
Երրորդությունից
Ուղարկեց մյուս օրհնաբանյալին,
Որ և մեռավ իր առաքչի կամքի հաճության համար.
Իսկ ահեղն երրորդ նրանց միաբան՝
Բարեմաղթում է մեծաջան ըղձով։
Միևնույն բարի ներգործման համար՝
Նրանք համաշունչ միակամությամբ
Հարաբերում են մեկմեկու այնպես,
Ինչպես, ասենք թե, հոգին՝ կենդանուն,
Լեզուն ու միտքը՝ բանականներին,
Պայծառությունը՝ փառքին, կերպարանքն ու
տեսքն՝ էության։
Կյանք շնորհելու համար՝ փութաջան,
Գթալուն՝ սթափ, փրկելուն՝ պատրաստ,
Ձեռնկալության՝ միշտ բարեհոժար,
Առատությամբ՝ հորդ, լիությամբ՝ զեղուն,
Անբավությամբ՝ հեղց, անհատությամբ՝ ճոխ,
Վեհանձնությամբ՝ պերճ, անհասությամբ՝ վեհ,
Մի երրորդություն եռանձն անթերի՝
Օրհնյա՜ լ, փառավոր հավիտյանս, ամեն։