ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Իսկ զառիթսն մահու դիպուածս
Դժոխարմատ ծառոյս դառնութեան պտուղք`
Ընտանիք թշնամիք, հարազատք հակառակք եւ որդիք դաւաճանողք,
Ստորագրեցելովք մասամբքդ նշանակեցից`
Գրեալ յանուանէ, որ են այսոքիկ,
Սիրտս նանրախորհուրդ, բերանս չարախաւս,
Ակնս յայրատատես, ականջս վրիպալուր,
Ձեռնս մահաձիգ, երիկամունքս անփորձ,
Ոտնս մոլորաշաւիղ, ընթացքս աներկիւղ,
Հետք խոտորնակ, շունչ ծխախառն,
Գնացք խաւարային, գոյութիւն լերդի վիմական,
Խորհուրդ ծորեալ, կամք անկայուն,
Չար անփոփոխ, բարեմասնութիւն սասանեալ,
Անձն տարագիր, աւանդ վաճառեալ,
Գազան վիրաւոր, թռչուն նետահար,
Փախստական քարավէժ, ըմբռնեցեալ վնասապարտ,
Աւազակ ծովակուր, զինուոր նենգաւոր,
Մարտիկ անպատրաստ, սպառազէն անժուժկալ,
Մշակ հեղգացեալ, աղաւթական անխրախոյս,
Բեմական ստորնաքարշ, քահանայ անկնդրուկ,
Աւրինական աննուէր, դպիր կշտամբեալ,
Իմաստակ խելագար, ճարտասան անճոռնի,
Կերպ անպատկառ, դէմք անամաւթ, երես լպրշեալ,
Գոյն անհամբոյր, տիպ տմարդի, գեղ ծանակեալ,
Խորտիկ խանգարեալ, ճաշակ գարշեցեալ,
Այգի գաղձնաւոր, որթ որդնահար,
Պարտէզ փշաբեր, հասկ ուտճահալ,
Մեղր ի մկանց ճարակեալ,
Անպատսպար անկեալ, սնապարծ յուսահատ,
Անհամոզելի նզով, անհաշտական բաժանեալ,
Ունայնաբան շաղակրատ, պաճարամիտ գոռոզ,
Անասնաւրէն ապիրատ, դժոխային ագահ, աներասան յանդուգն,
Մոլեգնութիւն անաստուած, ձեռնաձգութիւն սպանող,
Տատասկացան երկրագործ, երջանկութիւն եղկելի,
Մեծութիւն վատթարեալ, վայելչութիւն անշքեալ, կարողութիւն տկարացեալ,
Բարձրութիւն խոնարհեալ, փառաւորութիւն ընդոտնեալ,
Պատուիրանազանցութիւն յարակայ, սխալանք ինքնակամ,
Մատակարար կամակոր, խորհրդակից նենգաւոր, բարեկամ հատուածեալ,
Հազարապետ գողամիտ, մերձաւոր կծծի,
Բաշխող ժլատ, վերատեսուչ կարկամ,
Ոգի անախտակիր, իղձք անսէր,
Բարք ատեցող, աղիք անգթականք,
Գնացք անխոհեմ, աներեւոյթք վնասեալք,
Ծածուկք անիծեալք, դիպուածք թշնամանեալք,
Վաճառական վատնիչ, շահարար շուայտեալ,
Պաշտաւնեայ արբեցող, գանձուց ոստիկան երկմիտ,
Պատգամաւոր բանսարկու, դռնապան քնէած.
Աղքատ հպարտ, մեծատուն ժխտող,
Դիւանապետ անաւրէն, պահապան մատնիչ, բնակակից չարախաւս,
Սուրհանդակ անժաման, թղթաբեր պարտաւոր,
Առաքեալ խռովարար, միջնորդ անիմաստ,
Արքայ արտալած, թագաւոր թարմատար, կայսր ոգեկործան,
Իշխան տիրադաւ, զաւրավար զրկող,
Դատաւոր ակնառու, ռամիկ ինքնագործ,
Նախատողի` ծաղր, սիրելւոյ` աշխար,
Բանագրի` դսրով, յանդիմանչի` դատախազութիւն:
Քանզի եւ ի վեհագունիցդ կոչմանց էր ուրեք արդեւք, զի էի,
Իսկ ի վատթարականացդ մասանց` եկն երբեմն եհաս, զի եղէ:
Արդ, այսքան վնասակարութիւնք խարդախութեանց յաճախագունից,
Յորոց յոմանց խաբեցայ իբրեւ զյիմար,
Եւ յոմանց տիրեցայ իբրեւ զտկար`
Կամաւ մատնեալ զիս ինքն մահու:

Բ
Արդ, զո՞րս ի վերագրելոցդ մասանց`
Քեզ ատելեաց եւ իմ կորուսչաց,
Ի սպաս պաշտաման քեզ ընծայեցից.
Զո՞րպիսիս ապականութեամբ պարագրեալս`
Ամենասուրբդ քո մեծութեան հանդէպ կացուցից,
Եւ կամ ո՞րքանեաւք երկայնմտութեամբք
Համբերեսցես այսքանեաց պարտուց,
Ո՞րքան ներես, ո՞րպէս լռեսցես.
Զիա՞րդ իսկ անսայցես, ի՞բր ոչ մատնեսցես
Հարուածոց գանից զարժանիս սատակման մահու:
Արդ, այսոցիկ աննշոյլ մթութեանց հոգւոց խաւարի
Ողորմութեամբ լուսոյ քոյ պատահեսցես`
Բժշկել, քաւել եւ կենագործել,
Զաւրեղութիւն անվթարելի:
Եւ քեզ փա~ռք յամենայնի:
Ամէն:

Բան ԾԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Իսկ իմ՝ մահառիթ մեղքերի դժոխարմատ ծառիս դառն պտուղները,
Որոնք ընտանի թշնամիներ են, հակառակորդ
հարազատներ և որդիներ դավաճան155Երեմ. ԺԲ. 8
Ստորև պիտ նշեմ մանրամասն ու ցույց տամ իրենից իսկ անունով,
Որոնք են ահա՛,–

Բ

Սիրտ նանրախորհուրդ, բերան չարախոս,
Աչք հայրատատես, վրիպալուր ականջ, ձեռքեր մահաձիգ,
Երիկամունք անփորձ, մոլորաշավիղ ոտքեր,
Ընթացք աներկյուղ, խոտորնակի հետք, ծխախառն շունչ,
Գնացք խավարային, լյարդ քարահանգույն,
Դատարկ խորհուրդ, անկայուն կամք, անփոփոխ չարիք,
Բարեմասնություն սասանյալ, հոգի տարագիր, վաճառված ավանդ:
Վիրավոր գազան, նետահար թռչուն,
Փախստական քարավեժ, բռնված հանցապարտ, ծովակուր ավազակ:
Նենգավոր զինվոր, անպատրաստ մարտիկ, անժույժ սպառազեն,
Անաշխույժ մշակ, անխրախույս աղոթավոր, ստորաքարշ բեմական,
Քահանա անկնդրուկ, օրենուսույց աննվեր:
Դպիր կշտամբված՝ խելագար իմաստակ, անճոռնի ճարտասան:
Կերպարանք անպատկառ, անամոթ դեմք և լպիրշ երես,
Գույն անհրապույր, տմարդի տիպ, ծանակված գեղեցկություն,
Խանգարված խորտիկ, գարշելի ճաշակ,
Դաղձախեղդ այգի, որդնահար որթ, փշաբեր պարտեզ,
Հասկ ուտիաճակեր և մեղր՝ դարձած մկների ճարակ,
Անպաշտպան անկյալ, սնապարծ հուսահատ, անհամոզ նզովյալ,
Անհաշտ բաժանված, ունայնաբան շաղակրատ, անասնամիտ գոռոզ,
Անասնորեն ապիրատ, դժոխային ագահ, հանդուգն ապերասան,
Մոլեգնություն անաստված, ձեռնձգություն սպանիչ,
Տատասկացան երկրագործ, երջանկություն եղկելի,
Վատթարացած մեծություն, անշքացած վայելչություն,
Տկարացած կարողություն, խոնարհված բարձրություն,
Ոտնակոխ փառավորություն, պատվիրանազանցություն մշտական և ինքնակամ սխալանք,
Մատակարար խարդախ, նենգավոր խորհրդակից,
Բարեկամ գժտված, հազարապետ գողամիտ,
Մերձավոր կծծի, բաշխող ժլատ, վերատեսուչ կարկամ,
Ոգի անկարեկիր, ըղձանքներ անսեր.
Մարդատյաց բարք և անգութ աղիք,
Ընթացք անխոհեմ, աներևույթ ախտեր,
Անիծյալ գաղտնիքներ, նախատելի դիպվածներ:
Վաճառական վատնող, շվայտ շահարար, արբեցող պաշտոնյա,
Խարդախ գանձապահ, բանսարկու պատգամավոր, դռնապան քնկոտ:
Աղքատ հպարտ և զլացող մեծատուն:
Դիվանապետ անօրեն, պահապան մատնիչ, բնակակից չարախոս,
Սուրհանդակ անժաման, մեղապարտ թղթաբեր,
Խռովարար առաքյալ և միջնորդ անմիտ:
Արքա արտալած, թագավոր թարմատար, կայսր հոգեկործան,
Իշխան տիրադավ, զրկող զորավար,
Աչառու դատավոր, ինքնագլուխ ռամիկ:
Նախատողի ծաղր, սիրելիի լաց,
Բանագրի պարսավ, հանդիմանողի դատախազություն:
Քանզի վեհագույն այդ կոչումները ես էի կրում երբեմն իրոք,
Իսկ հետո վատթար որակումներին այդ արժանացա:
Սրանք են ահա և այլ բազմաթիվ խարդախություններն այն վնասակար,
Որոնց մի քանիսից խաբվեցի ես որպես հիմար,
Եվ ոմանց կողմից տկարաբար տիրվեցի,
Ինքս ինձ կամովին մատնելով մահվան:

Գ

Արդ, քեզ ատելի և ինձ դեպի կորուստ տանող
Վերոհիշյալներից որո՞նք ընծայեմ քեզ ի սպաս պաշտամունքի.
Ապականությամբ պաշարվածիս որպիսի՞ք ներկայացնեմ քո ամենասուրբ մեծությանը.
Եվ կամ դու որքա՞ն երկայնամտությամբ պիտի համբերես այսքան մեղքերիս.
Որքա՞ն ներես, ինչպե՞ս պիտի լռես,
Եվ մանավանդ ինչպե՞ս պիտի հանդուրժես.
Մահու սատակման արժանուս ինչպե՞ս չենթարկես գանակոծության:
Բայց անճառագայթ մթությամբ խավարամած հոգիներին
Քո ողորմության լույսո՜վ հանդիպի՜ր դու,
Բժշկելու, քավելու և կենագործելու համար նրանց.
Ո՜վ զորեղություն անվթարելի, քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա
Իմ դժոխարմատ մահառիթ ծառի
պտուղները դառն.
Որոնք ընտանի թշնամիներ են,
Հակառակորդներ մոտ ու հարազատ,
Դավաճան որդիք,
Ստորև պիտի նշեմ մեկ առ մեկ իրենց անունով.
Ահա և դրանք.

Բ
Միտք նանրախորհուրդ, բերան չարախոս,
Տարփահայաց աչք, ականջ թյուրալուր,
Մահաձիգ ձեռքեր, երիկամ անթոր,
Մոլորուղի ոտք, աներկյուղ ընթացք,
խոտոր ճանապարհ,
Ծխախառն շունչ, երթ խավարային,
Քարազանգված լյարդ, հեղհեղուկ մտքեր,
Անհաստատուն կամք, չարիք անփոփոխ,
Բարեմասնություն, խախտված հիմնովին,
Տարագիր հոգի, վաճառված ավանդ,
Վիրավոր գազան, նետահար թռչուն,
Փախչող գահավեժ, բռնված հանցապարտ,
ծովահեղձիկ հեն,
Անպատրաստ մարտիկ, նենգավոր զինվոր,
Ցոփ սպառազեն, թուլամորթ մշակ,
Անսիրտ աղոթիչ, ստոր բեմական,
Անխունկ քահանա, անձիր վարդապետ,
Կշտամբված դպիր, ցնդած իմաստակ, բռի ճարտասան,
Լպիրշ կերպարանք ու անպատկառ դեմք,
Անամոթ երես, անմարդկային տիպ,
Ծանակելի գեղ, անհրապույր գույն,
Փչացած խորտիկ, զազրաթորմի համ,
Գաղձախեղդ այգի, որդնահարված որթ,
Ուտիճակեր հասկ, փշաբեր պարտեզ,
Մեղր, որ դարձել Է մկներին ճարակ,
Անպաշտպան անկյալ, սնապարծ անհույս,
Անճար նզովյալ, անհաշտ բաժանված,
Դատարկ շաղակրատ, հավամիտ գոռոզ,
Գազան ապիրատ, դժնդակ ագահ,
Սանձազերծ լկտի, մոլագար դժխեմ, գռփող
մարդասպան,
Որոմ ու տատասկ ցանող երկրագործ,
Հեգ երջանկություն, մեծություն սմքած,
Բարեզարդություն՝ զրկված պերճանքից,
Տկարացած ուժ, ընկած բարձրություն,
Փառավորություն՝ արված ոտնակոխ,
Անդուլ զանցառու, ինքնակամ գայթող,
Նենգ խորհրդակից, կամակոր տնտես,
Գժտված բարեկամ, գողամիտ հսկիչ,
Մերձավոր կծծի, ժլատ բաշխատուր, գծուծ տնօրեն,
Ըղձանքներ անսեր, սիրտ անկարեկից,
Ամենատյաց բարք, աղիքներ անգութ,
Անխոհեմ ընթացք, անարգ դիպվածներ,
Հոռի գաղտնիքներ, ծածկություններ պիղծ,
Զեխ վաճառական, շվայտ շահարար,
Արբշիռ պաշտոնյա, խարդախ գանձապետ,
Բանսարկու դեսպան, դռնապան քնկոտ,
Աղքատ հպարտ ու ճղճիմ մեծատուն,
Ժանտ ատենապետ, մատնիչ պահապան,
չարախոս դրկից.
Անհաս սուրհանդակ, մեղապարտ բանբեր,
Առաքյալ սադրիչ ու խռովարար, թանձրամիտ միջնորդ,
Տարագիր արքա, անարգ թագավոր, կայսր
հոգեկործան,
Տիրադավ իշխան, զորավար զրկող,
Խտրող դատավոր, անաշխատ ռամիկ,
Նախատողի ծաղր, բարեկամի ողբ,
Գրողի պարսավ, հանդիմանողի ամբաստանություն։
Կար ժամանակ, որ կրում էի ես
Շատերն այդ վսեմ հորջորջումներից,
Իսկ հետո վատթար որակումներին
Աստիճանաբար արժանի դարձա,
Այնքա՜ն բազմադեպ ապականարար այդ չարիքների
Մի մասից, իրոք, խաբվեցի որպես հիմար ու անգետ,
Իսկ մյուսներին իմ տկարությամբ հպատակվեցի՝
Կամովին ինքս ինձ մատնելով մահվան։

Գ
Քեզ ատելի ու ինձ կորստաբեր
Վերոգրյալի ո՞ր մասը արդյոք
Ընծայեմ ի սպաս քո պաշտամունքին,
Որպիսինե՞րը ներկայացնեմ
Քո ամենասուրբ մեծության առաջ
Ամփոփարանս ապականության,
Եվ կամ դու ինչպե՞ս, ի՞նչ համբերությամբ
Այդքան մեղքերս պիտի հանդուրժես,
Ներես ու լռես կամ՝ լսես նույնիսկ,
Չենթարկես մահվան արժանավորիս գանակոծության։
Սակայն աննշույլ մթամածության
Խավարով պատած այս հոգիներին
Քո ողորմության լույսո՛վ ընդունիր՝
Նրանց բուժելու, կենագործելու, քավելու համար,
Ո՜վ դու զորություն անվթարելի,
Քեզ փառատրությո՜ւն հավիտյանս, ամեն։