ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Ընդ այսր հառաչանաց թախծութեան ողբոց
Ի բազմաց կերպից շարակարգելոց,
Եւ ամենից հոգւոց ողորմեա,
Գովեալ եւ երկայնամիտ թագաւոր,
Նաեւ այնոցիկ առաւել,
Որոց հատեալ է ակնկալութիւն փրկութեան կենաց,
Որք ննջեցին անպատրաստաբար`
Շիջեալ լապտերաւք իւղոյն պակասութեան:
Ահա յիշեա, Տէր իմ գթութեան,
Եւ ի յայս եւս պատճառ իրաւունս ինձ գրեա,
Քանզի թէ եւ ի փառս ահաւորութեան սքանչելեաց մեծիդ`
հակառակաւքն հանդերձեցեր զկազմած մարդոյս,
Զոմն` ծանր, եւ զոմն` թեթեւ,
Զմին` զով, եւ զմիտսն` հրային,
Զի դիմադրութիւնն ի հակառակացն հարթ պահեցեալ`
Արդար կոչեսցուք հաւատարիմ հաւասարութեամբն:
Եւ յայսմ ի դատման առաքինութեան
Վերաբերեալ ընդ համբարձելոյն,
Զխոնարհութիւնն առ կաւն դիտման անմոռաց պահեալ`
Պսակ ընկալցուք ճգնաւորական:
Այլ քանզի յայսմ կանոնէ ուխտի վրիպեցաք,
Եւ անասնաբար սահեցմամբ
Ըստ հողոյն զիջման ընդ երկիր մածաք`
Այլ ոմն` ախտիւ, եւ այլ ոմն` անգթութեամբ,
Միւսն մասն` մոլութեամբ ամենաբաղձ կերակրոց
Իբր գազան մշտաբոյծ յարակայ կապեալ ընդ բնութեանս:
Իսկ ի քառիցս ոմն, անըմբռնելի եւ անողոքելի սլացմամբ
Ի բաց ոստուցեալ, վայրենապէս ամբարտաւանէ:
Եթէ ջեռնումք տապով սիրոյն, որ ի քեզ,
Նշխարաւ բոցոյն, որ ի մեզ,
Ցուրտն առընթեր կենակից նմին,
Զնոյն կասեցուցեալ, բարւոյն ընդմիջէ.
Եթէ աւդականաւն հրեշտակայնովն յառիցիմք ի քեզ,
Ծանրութիւն թանձրու անդրանիկ նիւթոյս այս հողոյ,
Ի ստորեւ քարշեալ, խափանէ:
Բ
Եւ արդ, յամենուստ պարտեալ եւ իսպառ լքեալ,
Իբր զապիկար հաշմեալ` հերքեցայ, կորեայ վանեցայ,
Վատնեալ ի բազմաց` ի մահ գրաւեցայ,
Վասն որոյ ի պարգեւականէն զրկեցեալ`
Յողորմութեանն կողմ նայիմ
Եւ պատկառեալ դիմաւք համայնից ունողս
Զբնաւից աղերսաբանեմ զմեռելոցն` քեզ կենդանեաց,
Քանզի կարող ես յաւէտ հնարիւք
Եւ կորստականացն` ըստ իս մեռելոցն,
Ամենայն ինչ քեզ զաւրելի է,
Նա զի եւ ընդ անտկար կարելոյդ եւ կամելդ է ախորժելի:
Արդ, այսց երկուց բարգաւաճ շնորհաց նորոգչաց
Առ միմեանս եկեալ` կարելն ընդ կամելն,
Բարձեալ եղիցի եւ յուսահատութեանն վհատութիւն ազգաց մեղաւորաց,
Եւ ժամանեալ հասցէ աւետեացդ լոյս
Հոգւոց բժշկութեան քումդ հրամանի,
Տէր ամենայնի, աւրհնեա~լ յաւիտեանս:
Ամէն:

Բան ՁԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բազմազանորեն շարահյուսված այս հառաչագին ու տխրաթախիծ ողբերի փոխարեն
Ողորմի՛ր բոլոր հոգիներին դու, թագավո՛ր գովյալ և երկայնամիտ,
Եվ առավել ևս նրանց, որ չունեն կենաց փրկության ակնկալություն,
Ինչպես և նրանց, որոնք ննջեցին ի մահ անպատրաստ՝ յուղի պակասից հանգած լապտերով:
Ուստի և հիշի՛ր, Տեր իմ գթառատ, և այդ պատճառով տուր ինձ իրավունք,
Թե ի փառս ահավոր և սքանչելի մեծիդ՝
Մարդու կազմվածքը բաղադրեցիր դու իրար հակառակ տարբեր տարրերով՝
Մեկը ծանր և մյուսը թեթև, մեկը սառն և մյուսը ջերմ,
Որպեսզի մենք այդ ներհակություններն հարթ պահելով միշտ՝
Նրանց համերաշխ հավասարությամբ կոչվենք արդար:
Եվ այսպես, առաքինաբար, երբ հոգու հետ բարձրանանք,
Չմոռանանք և մեր խոնարհությունը կավի վերաբերմամբ
Եվ ընդունենք պսակ ճգնավորական:
Եվ սակայն, ուխտազանց եղանք այս կանոնի դեմ,
Զիջելով կառուցվածքին մեր հողեղեն՝ անասնորեն սողալով կպանք երկրին՝
Մեկն իր ախտերով, մեկն անգթությամբ,
Մյուսն ամենաբաղձ կերակուրների իր մոլությունով,
Որպես մշտաբույծ գազան շարունակ կապված մնալով մեր բնության հետ:
Պատահում է մերթ, որ մեկը այդ չորս տարրերից մեր մեջ,
Անողոքելի, անզուսպ սլացքով ոստնելով ի դուրս,
Ամբարտավանում է վայրենապես:
Եվ այսպես եթե տաքանանք մենք քո սիրո ջերմությամբ,
Մեր մեջ գտնվող բոցի նշխարով,
Ցուրտը առընթեր և կենակից նրան՝ կասեցնելով այն, ընդմիջում է բարուն:
Եթե էությամբ հրեշտակային օդաճեմ դեպի քեզ թևել ուզենք,
Այս առաջնաստեղծ հողեղեն նյութի ծանրությունը հոծ
Մեզ քաշելով՝ կխափանի մեր թռիչքը իսկույն:

Բ

Արդ, ամեն կողմից պարտված ու լքված,
Որպես ապիկար, հաշմված՝ մերժվեցի, կորա, քշվեցի.
Եվ մաշված իսպառ բազում մեղքերից ի մահ գլորվեցի.
Որի համար էլ պարգևներից զուրկ՝ ողորմության կողմն եմ նայում,
Եվ ամոթահար երեսով ե՛ս էլ, որ տեր եմ ամեն տեսակ մեղքերի,
Աղերսում եմ քեզ բոլոր կենդանի մեռյալների հետ,
Զի կարող ես միշտ մի հնար անել ինձ նման մեռած ու կորածներին.
Ամեն ինչի մեջ զորավոր ես դու.
Եվ մանավանդ որ կարենալուդ հետ՝ և՛ կամենալն է քեզ ախորժելի:

Գ

Եվ արդ բարգավաճ ու կենսանորոգ շնորհներն այս երկու,–
Կամենալն ու կարենալը իրար մոտ գալով,
Կվերանա անհույս վհատությունը բոլոր մեղավորների
Եվ կգա այնժամ, կհասնի շուտով հոգիներ բուժող
Քո հրամանի լույսն ավետավոր, Տե՜ր ամենայնի,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Այսքան բազմակերպ շարակարգությամբ
Թախծալից ողբ ու հառաչանքներիս
Փոխարեն գթա՛ բոլորի հոգուն,
Թագավո՜ր գովյալ և երկայնամիտ.
Առավել նրանց, որոնք կորցրին
Կյանքի փրկության հույս ու ապավեն,
Որոնք անպատրաստ ննջեցին հավետ
Ձեթի պակասից մարած լապտերով:
Ահա հիշի՛ր այս, տե՜ր իմ գթության,
Եվ իրավացի՛ համարիր դու ինձ և ա՛յս խնդրանքով.
Քանզի ի փառս սքանչելի ու ահավոր մեծիդ՝
Մարդուս կազմվածքը բաղադրեցիր տարրերից ներհակ,
Որոնցից մեկը թանձր ու ծանր է, մյուսը՝ թեթև,
Մեկը՝ սառնաշունչ, մյուսն՝ հրային,
Որպեսզի մենք այդ հակամարտների
Դիմադրությունն իրար նկատմամբ
Անաչառ կերպով հավասար պահած՝
Ներդաշնակելով՝ արդար համարվենք։
Եվ առաքինի այս դատողությամբ,
Որքան էլ տարրով վերասլացիկ բարձր ճախրեինք,
Չպետք է մտքից հանեինք իսպառ
Խոնարհությունը հողին նայելու
Եվ ընդունեինք տքնության պսակ։
Բայց որովհետև վրիպեցինք այս ուխտի կանոնից,
Հողի տարերքով, անասունի պես,
Սահեցինք իջանք ու կպանք երկրին,
Եվ մեկը ախտով, մեկն անգթությամբ,
Մյուսը անսանձ որկրամոլությամբ՝
Ընդմիշտ անհագուրդ մի գազանի պես
Կառչած մնացինք բնությանը մեր։
Լինում է նաև, որ մեկնումեկը այս չորս տարրերից
Անզուսպ սլացքով, անսանձ ոստնումով տեղից դուրս պրծած՝
Ամբարտավանում է վայրենաբար.
Եթե այրվում ենք քո սիրո տապով՝
Բոցիդ նշխարով, որը մեր մեջ է,
Նրան առընթեր ցուրտը կենակից
Կասեցնելով այդ՝ արգելակում ու կանխում է բարին.
Եթե օդային-հրեշտակային
Տարերքով պարզվում, ձգվում ենք առ քեզ,
Ծանրությունը մեր թանձր ու հողային անդրանիկ նյութի
Ներքև քարշելով՝ խափանում է այդ։
Բ
Եվ այսպես, բոլոր կողմերից պարտված ու լքված իսպառ,
Իբրև ապիկար հաշմված՝ մերժվեցի ու վռնդվեցի,
Վատնված լիովին՝ մահվան գիրկն ընկա,
Որի պատճառով, պարգևից զրկված,
Ողորմության եմ հայացքս հառել
Եվ ամոթահար դեմքով՝ կրողս համայնինն իմ մեջ
Աղերսում եմ արդ բոլորի համար,
Որոնք թեև ողջ, բայց մեռած են քեզ,
Քանզի կարող ես, հնարներ ունես
Եվ ինձ պես մեռյալ կորուսյալներին փրկագործելու.
Ամեն, ամեն ինչ զորելի է քեզ,
Նամանավանդ որ քո այդ անտկար կարենալուդ հետ
Նաև կամելդ է քեզ ախորժելի։
Գ
Եթե միանան երկու բարգավաճ
Այդ կենսանորոգ շնորհները քո՝
Կարողանալդ կամենալուդ հետ,
Կանցնի և ամեն հուսահատություն
Ու վհատություն մեղավորներից,
Եվ կժամանի քո հրամանի՝
Հոգիներ բուժող լույսն ավետաբեր,
Տե՜ր ամենայնի, օրհնաբանյա՜լդ հավիտյանս, ամեն։