ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ ընդէ՞ր է ինձ բնաւն, որ ի սաղմոսին,
Այնպիսեաց բանիցն ի կիր արկանել,
Որ ի նախատինս միանգամայն
Եւ ի նզովս ինձ յարակային,
Հանապազ երգել իմովքս տաւղաւք:
Քանզի զիա՞րդ արդեւք զշուք երջանկին
Ինձ` դատապարտելոյս նմանեցուցից` ասել ընդ նմին,
Թէ` Ոչ մերձեցաւ առ իս թիւրեալն սրտիւ:
Զիա՞րդ զկարգադրութիւնս տանցն
Ի յայսմանէ զկնի թուելոցն զարհուրեցուցչաց,
Ընդակից կայից կանոնաց աւրինաւորին,
Զինուորին եւ թագաւորին եւ մարմնական հրամանատուին,
Որք եւ երկնայնոցն են համբուրելիք,
Ասելով` Ոչ յուսահատ եղէց ի կենաց
Պատմողս աւետեացս եւ նորոյս աշակերտ,
Անմասն յամենուստ բարեկարգութեանց:
Զիա՞րդ, ըստ իրաւախորհ արդարոյն,
Ընդդէմ մեղաւորացն մահու զինեցայց առակաւ առաւաւտին
Ի սկիզբն արթնութեանն միշտ պատրաստական լինելոյ,
Որ եւ ոչ զանդամս մարմնոյս գանեալ խրատեցի:
Զիա՞րդ մասնակցեալ մեծին արութեան`
Սատակեցից ի քաղաքի տեառն զանաւրինեալսն,
Որ եւ ոչ զբուսեալ բիծս հոգւոյս իմոյ մեռուցի:
Զիա՞րդ ստեցից գրողին չեւ յայտնեցելոցն,
Թէ` Զմոխիր որպէս հաց կերայ:
Զիա՞րդ, որ ոչ միացուցի յիմոցս կրից կաթիլ մի պղտոր
Ընդ յստակ արտաւսր աղբերց երգողին, ասեմ ընդ նմին,
Թէ` Զըմպելի իմ արտասուաւք խառնեցի,
Եւ` Արտասուաւք իմովք զանկողինս իմ թացի:
Զո՞րս ինձ գրեցից մեղաւք մահացեալս,
Յորժամ սիրողն Աստուծոյ ի բոլոր սրտէ`
Զյանցմունս նախնեացն իւր վարկանիցի,
Թէ` Մեղաք մեք ընդ հարս մեր, անաւրինեցաք եւ յանցեաք,-
Եւ որ ի վախճանն յանգի սաղմոս`
Իրաւամբք առ իս, քան առ Իսրայէլ:
Որո՞վք յարգեցայց դասիլ ընդ բարիսն,
Յորժամ մարդկային հնարից այս դեղ պատուեցաւ,
Որ ոչ յիս գտաւ,
Ի գարշութենէ կերակրոց ի մահ սովեցեալք
Եւ յաճախութենէ ճգանց ի հոգւոց նուաղեալք,
Ըստ խորութեան ինքնաւրէն կրաւնից հրէից եւ հեթանոսաց:
Զիա՞րդ արդարութիւն իմ մնայ յաւիտեանս,
Զոր ոչ բնաւ իսկ կատարեցի:
Բ
Եւ զի մի տաղտկացայց` յամեալ ի բանիս,
Ի համառաւտել զսոյն փութացայց:
Զի՞նչ ունիմ ասել ի տեղի բանիցն,
Զոր աստուածաշունչ ձայնն նուագեաց աւրհնելոյն Դաւթի,
Թէ` Բոլորով սրտիւ իմով խնդրեցի զքեզ:
Զիա՞րդ ընդ սմին զմեծն քան զայս,
Թէ` Յամենայն ճանապարհէ չարաց արգելի զոտս իմ:
Ի՞բր ընդ եդեալս եւ զայն մատուցից,
Թէ` Ի սրտի իմում թաքուցի զբանս քո,
Որպէս զի մի մեղայց քեզ:
Ո՞րպէս զունայնութեանցս, իբր զլրութեանց,
Ճառեցից ընդ պարս մաքրոց,
Թէ` Ի պատուիրանաց քոց իմացեալ`
Ատեցի զամենայն ճանապարհս չարաց:
Զիա՞րդ զհեզոյն ճշմարտութիւն
Իմում ստութեանս մշտնջենական երդմնահարութիւն կարգեցից`
Ուխտեալ ընդ հաւատարմին.
Երդուայ, զոր հաստատեցի, պահել զդատաստանս արդարութեան քոյ:
Զիա՞րդ ինձ հրեշտակ մահագոյժ անհրաժեշտ վճռի`
Զբանին պատգամ կրկնեցից,
Թէ` Հեռի է ի մեղաւորաց փրկութիւն:
Զիա՞րդ չարս իսկապէս` զբարեացն գրեցից,
Որք ի տեառնէ առնուն զնոյն հատուցումն,
Զայս տուն յեղյեղել,
Թէ` Բարի առնէ Տէր ուղղոց սրտից:
Զիա՞րդ զհամառաւտն փոխատրութիւն անաչառութեան
Վրիպեցելոյս` ինձ սահմանեցից,
Թէ` Զթիւրեալսն յափշտակութեամբ տանի ընդ այնոսիկ,
Որ գործեն զանաւրէնութիւն:
Զիա՞րդ զաստուածազգեստին պանծանս
Ամաչեցելոյս` ինձ պատուաստեցից` ասել զնորայսն,
Թէ` Տէր, ոչ բարձրացաւ սիրտ իմ, եւ ոչ զբաւսան աչք իմ,-
Եւ որ յետ սորին պատմին ասացեալքն:
Զիա՞րդ զանճառն քան զմարմին բան
Ի ցոյցս առից քաջալերութեան վհատելոց,
Ես` գանձ գեհենին, ասել ընդ աւծեալն Աստուծոյ հոգւովն,
Թէ` Յառաջագոյն տեսեր, զի ոչ գոյ նենգութիւն ի լեզուի իմում,-
Ի սկզբնաւորն նախաձայնեալ սաղմոսիս
Մինչեւ ի լրումն աւարտման բանիս:
Զիա՞րդ դասակցութեանց դժնէից մարդոց համաբան
Այրս մահու եւ որդիս սատակման բարբառիմ զբարեշնորհին.
Ո՞չ ահա զատելիս քո, Տէր, ատեցի,-
Եւ զմնացուածն սորին կարգի:
Զիա՞րդ մեծաւն վստահութեամբ տաւնելի վեհին,
Անձն իմ, եւ դու աշխար աշխարհի,
Զանդատ քո ոգի յառաջ ընծայեալ,
Մեծացուցանես ընդ պսակելոյն,
Թէ` Փորձեա զիս, Տէր, եւ տես,
Թէ իցե՞ն անաւրէնութիւնք ի ձեռս իմ,-
Եւ զյաւելուածն, որ զհետ սորին:
Զիա՞րդ, ես գոլով, եւ յայլոց աղաւթեմ ապրել`
Յուսացելոցն յԱստուած ձայնակցեալ.
Պահեա զիս, Տէր, ի ձեռաց մեղաւորի եւ ի մարդոյ չարէ:
Զիա՞րդ համբարձայց ընդ փառաւորեալն մաղթել Աստուծոյ,
Թէ` Դու ես յոյս եւ բաժն իմ յերկրին կենդանեաց:
Զիա՞րդ, իբր հանդիսացեալ ընդ ճգնաւորին,
Զմրցանակն յաղթանակի թագաւորին մատուցանելով,
Զառաւելեալն քան զաւրինակ աղերս աղաւթից,
Թէ` Ինձ սպասեն արդարք քո, մինչեւ հատուսցես ինձ:
Գ
Բարեբանեալ է եւ այս իմաստ հոգեւոր
Եւ տէրունի գործոյն նմանի,
Որ զփորձիչն պատկառեցոյց,
Յորժամ զամենայն արհամարհեսցէ
Եւ զսկզբնապատճառն եղելոց միայն ընտրեսցէ`
Ասելով, թէ` Երանի~ ժողովրդեան, որոյ Տէր Աստուած է նոցա:
Մեծ է եւ այս բարձրութիւն շնորհի
Եւ զգուշական համարձակութիւն` լցեալ երանութեամբ,
Թէ` Սուրբք քո աւրհնեսցեն զքեզ:
Ըղձալի է եւ այս ընտանութիւն մերձաւորական հոգեւոր հաղորդութեան
ՅԱստուած յուսալ եւ ի նոյն արձանանալ,
Բանիւ սաղմոսին բերկրեալ,
Թէ` Զկամս երկիւղածաց իւրոց առնէ Տէր,-
Եւ զկարգ բանին կատարէ,
Մինչեւ զողբալին եւ զզուարճալին ազդեսցէ,
Թէ` Պահէ Տէր զամենեսեան, որ սիրեն զնա,
Եւ զամենայն մեղաւորս սատակէ Տէր,-
Ի գլուխս լրման գրոց նուագարանաց սաղմոսիս,
Իբր թէ զաւրինակն իսկ եցոյց վերջին հատուցման արդարոց եւ մեղաւորաց:
Զուգակցորդք են միմեանց եւ զկնի երգեցեալքս,
Զի թէ` Ընդունի զհեզս Տէր,
Եւ խոնարհ առնէ զամբարտաւանս մինչեւ յերկիր,-
Ապա ինձ ո՞րքան եղկութիւնք կան առաջի:
Իսկ եթէ` Հաճի Տէր ընդ ժողովուրդ սուրբ
Եւ բարձր առնէ զհեզս ի փրկութեան,-
Ապա հերքեալս ի բարեմասնութեանց` ես ո՞ւր հաստատեցայց:
Իսկ եթէ աւրհնելի է Աստուած ի սուրբս նորա տիրապէս,
Ապա աւտարս ես ի մաքրութեանց ընդ ո՞րս դասեցայց:
Իսկ եթէ ի կանխերգիցն մերձ այսր եդից
Յիշատակարան ինձ կշտամբութեան,
Թէ` Սիրեցէք զՏէր, սուրբք նորա,
Զի ստուգութիւն խնդրէ Տէր
Եւ կրկին հատուցանէ ամբարտաւանիցն,-
Ապա յորո՞ւմ գնդի ես գտայց
Գերեալս ի գաղտնեաց գտողին չարեաց:
Դ
Քանզի զոր աւրինակ տատանին տագնապաւ տերեւք տնկոց եղեւին ծառոց,
Շարժեալք ի հողմոց ուժգին բախելոց` հոսեալք ի խոնարհ,
Այնպէս ջանացաւ ջարդել զընթացից իմոց վերարձակութիւն
Քաջաբեր ուղէշս` զյարմարեալս ձեռամբ անեղ մշակիդ:
Զոր հաստատեսցես` արմատացուցեալ վերստին դարձեալ
Նոր պտղաւորութեամբ անապականաւ
Յանդաստան կենաց խնամոց քոց կամացդ,
Ամենապարգեւ թագաւոր Քրիստոս, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:

Բան ԿԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ ինչո՞ւ համար պիտի մեջ բերեմ և իմ տավիղով երգեմ անդադար,
Սաղմոսարանի խոսքերն այն բոլոր,
Որոնք իմ դեմ են միշտ և շարունակ, որպես նախատինք և որպես նզովք:
Ինչպե՞ս կարող եմ շուքը երջանկի հարմարեցնել ինձ դատապարտվածիս,
Այսպես ասելով նրա հետ մեկտեղ, թե՝ նենգամիտը ինձ չմոտեցավ:
Եվ ինչպե՞ս դարձյալ զարհուրեցուցիչ, հաջորդ տողերում կարգով թվարկված՝
Բարեմասնություններն այն բոլոր, որոնք հին օրենքի թագավորի, զինվորական մարգարեի
Եվ մարմնական հրամանատարի նկարագիր գծերն են,
Երկնայիններին անգամ ցանկալի՝ կրկնեմ և կյանքից չհուսահատվեմ,
Ես, որ նոր օրենքի ավետարանիչ և շնորհների աշակերտ լինելով հանդերձ
Այդ երկնահաճո արժանիքներից անմասն եմ իսպառ:
Ըստ իրավախոհ արդարի՝ ինչպե՞ս պիտի զինվեմ մեղավորների դեմ,
Պատրաստ լինելով առավոտյան վաղ արթնացածի164Սաղմ. ՃԱ. 8 պես
Սպանել նրանց, ըստ առակողի:
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ գանահարելով չխրատեցի:
Ինչպե՞ս արդ մեծի արիությունը օրինակելով՝
Կարենամ ջնջել անօրեններին Տիրոջ քաղաքից,
Երբ իմ հոգու մեջ բուսած մեղքերն իսկ չմեռցրի ես:
Ինչպե՞ս սուտ խոսեմ նրա մոտ, որին ծածկվածները հայտնի են արդեն,
Ասելով՝ «Մոխիրն իբրև հաց կերա».
Ես, որ Երգողի աղբերակների հստակ արցունքին
Իմ հուզումներից պղտոր մի կաթիլ իսկ չմիացրի,
Ինչպե՞ս նրա հետ կարող եմ ասել՝
«Ըմպելիքս խառնեցի ես արտասուքներով Եվ անկողինս արցունքներով թրջեցի»:
Եվ ապա, որո՞նք վերագրեմ ես ինձ՝ մեղքերով մահացյալիս,
Երբ աստվածասերն ի բոլոր սրտե նախնյաց հանցանքներն
Իրենն է համարում, ասելով այսպես.–
«Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրինացանք և հանցանք գործեցինք»,
Եվ այս սաղմոսի հետագա բոլոր տողերը, որոնք
Իրավամբ ինձ են հարմար ավելի, քան Իսրայելին:
Ինչո՞վ արժանի լինեմ դասվելու բարիների հետ,
Երբ չգտնվեց իմ մեջ այն դեղն իսկ, որ հարգվեց որպես մարդկային մի գյուտ,
Այսինքն գարշելով կերակուրներից՝ մահու չափ քաղցել,
Եվ երկարատև ճգնություններով՝ հոգով նվաղել,
Ըստ տարակրոն հրեաների և հեթանոսների երբեմնի սովորության:
Արդարությունն իմ ինչպե՞ս կարող է մնալ հավիտյան, որը ես երբեք ի գործ չդրի:

Բ

Բայց, որպեսզի երկարաբանությամբ չդառնամ տաղտկալի,
Պիտի աշխատեմ խոսքս համառոտել:
Ի՞նչ կարող ես ասել այն խոսքերի տեղ,
Որոնք նվագեց օրհներգ ու Դավթի ձայնն աստվածաշունչ, Թե՝
«Բոլոր սրտովս ես քեզ փնտրեցի»:
Ինչպե՞ս սրա հետ ասեմ ավելին,
Թե՝ «Ամեն տեսակ չար ճամփաներից ոտքս կտրեցի»:
Ինչպե՞ս սրա հետ ասեմ ավելին,
Թե՝ «Իմ սրտի մեջ պահեցի խոսքերդ, որպեսզի քո դեմ չմեղանչեմ»:
Ինչպե՞ս ունայնություններս որպես կատարելություններ ճառեմ մաքուրների հետ,
Թե՝ «Քո պատվերներից դաս առնելով, ատեցի բոլոր ճանապարհները չարագործների»:
Ինչպե՞ս ես հեզի ճշմարտությունը՝ իմ խաբեբայի մշտնջենական
Սուտ երդումների հետ համակարգեմ, ուխտելով հավատարմի հետ,
Թե՝ «Հաստատապես երդվեցի պահել դատաստանդ արդար»:
Ի՞նչպես կկնեմ ես այն պատգամը, թե՝
«Փրկությունը հեռու է մեղավորներից»:
Որը իմ վերջին վճռի մահագույժ հրեշտակն է:
Ինչպե՞ս չարս իրոք, բարիների պես,– 
Որոնք Տիրոջից առնում են իրենց հատուցումն
արդար, Հեղեղելով այս տողը ասեմ, թե՝ «Տերը բարիք
կանի ուղղամիտներին»:
Ինչպե՞ս այն անաչառ և կտրուկ փոխատրությունը մոլորյալիս,
Թե՝ «Սխալվածներին հափշտակելով կտանի նրանց հետ, ովքեր գործում են անօրենություն»:
Ինչպե՞ս պարծանքը Աստվածազգեստի պատվաստեմ ես ինձ՝ ամոթահարիս,
Նրա խոսքն ասելով. «Չբարձրացավ սիրտս,
Տեր, Եվ աչքերս երբեք չզվարճացան»:
Ինչպե՞ս ընդունեմ մարմնականից վեր խոսքն անճառելի,
Որպես քաջալեր հուսահատվածիս, գանձիս գեհենի,
Ասելով Աստուծո Հոգով օծյալի հետ,
«Առաջուց տեսար, որ լեզվիս վրա նենգություն չկա»,
Եվ սաղմոսի այս մարգարեական գլխի սկզբից մինչև վերջ գրված խոսքերը բոլոր:
Եվ ինչպե՞ս ինքս, որ համաբան եմ դժնասիրտ մարդկանց և դասակից նրանց,
Ես, որդիս մահով ջնջվելու արժան՝ բարեշնորհի խոսքը բարբառեմ.–
«Չէ որ, ահա, Տե՛ր, քեզ ատողներին ես ատեցի»,–
Եվ մնացածներն ապա այս կարգի:
Ինչպե՞ս դու, ա՛նձն իմ, որ աշխարհի ամենեն աշխարելին ես,
Տոնելի Վեհի վստահությամբ
Չստուգված հոգիդ առաջ մղելով, պանծաս ինքնագով պսակվածի հետ,
Թե՝ «Փորձիր ինձ, Տեր, և տես՝ կա՞ միթե անօրենություն իմ ձեռքերի մեջ»,
Դրա հետ նաև հավելվածները:
Չար լինելով ես՝ ինչպե՞ս չարերից ազատվել մաղթեմ,
Իրենց հույսն Աստուծո վրա դրածներին ձայնակցելով,
Թե՝ «Պահիր ինձ, Տեր, մեղավոր և չար մարդու ձեռքերից»:
Ինչպե՞ս վեր կենամ՝ փառավորյալի հետ աղոթելու Աստծուն,
Թե՝ «Դու ես իմ հույսն ու բաժինը կենդանյաց երկրում»:
Ինչպե՞ս, իբրև թե ճգնավորի հետ մրցման դուրս եկած,
Հաղթանակի մրցանակը թագավորիդ մատուցելով,
Այս աննմանակ աղոթքն անեմ ես աղերսագին.-
«Արդարներդ պիտի սպասեն, մինչև դու հատուցես ինձ»:

Գ

Բարեբանյալ է նաև հոգևոր այս միտքը,
Որով ամեն ինչ արհամարհելով,
Արարածների սկզբնապատճառին է ընտրում միայն ասելով՝
«Երանի՛ այն ժողովրդին, որի տերը իր Աստվածն է».
Եվ այս նման է Տիրոջ վարմունքին, որով նա փորձչին հանդիմանեց նրա անպատկառության համար:
Մեծ է նաև այն շնորհը երանությամբ լի համարձակությունն այն երկյուղած,
Թե՝ «Քո սուրբերը պիտի օրհնեն քեզ»:
Ըղձալի է նաև հոգևոր հաղորդության ընտանությունն այն մտերիմ,
Որով մարդ իր հույսը դնում է միայն Աստուծո վրա
Եվ նրա մեջ էլ մնում հաստատուն սաղմոսի խոսքերով քաջալերական,
Թե՝ «Տերը կատարում է իր երկյուղածների կամքը»,
Եվ ապա թե՝ «Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան,
Եվ ջնջում բոլոր մեղավորներին»:
Պատգամներ տխուր և ուրախական
Սաղմոսարանի վերջին գլուխների մեջ,
Որոնք ցույց են տալիս արդարների ու մեղավորների վերջին հատուցման օրինակները:
Իմաստով միմյանց հաղորդակից են և ա՛յն երգվածները,
Թե՝ «Տերն հեզերին իր մոտ կընդունի
Եվ մինչև գետին կխոնարհեցնի ամբարտավաններին»:–
Ուրեմն որքա՜ն եղկություններ կան իմ առաջ:
Իսկ եթե՝ «Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին
Եվ հեզերին բարձրացնում է փրկելով նրանց»,–
Հապա ես զուրկս արժանիքներից՝ ի՞նչ հույսով ամրանամ:
Իսկ եթե Աստված սրբերից է օրհնվում իսկապես,
Հապա ես օտարս մաքրությունից՝ որո՞նց կարգը դասվեմ:
Իսկ եթե սրանց մոտ դնեմ իբրև հանդիմանության հիշատակարան,
Կանխերգածներից այս տողը, թե՝
«Սիրեցեք Տիրոջը, ո՜վ նրա սուրբեր,
Զի ուղղություն է ուզում նա և կրկնակի կպատժի գոռոզներին»,–
Հապա ո՞ր գնդում պիտի լինեմ ես,
Գերիս գրավված՝ գաղտնի մեղքերի գյուտարար չարին:
Քանզի, ինչպես որ կտատանվեն տագնապով տերևները եղևնու դալար տունկերի
Ու շարժվելով ուժգին հողմերից՝ կթափվեն գետին,–
Այդպես էլ ջանաց ջարդել չար ոգին իմ վարք ու բարքի
Բարեբեր ճյուղերն՝ ի վեր բարձրացած,
Եվ որոնք անեղ մշակիդ ձեռքով էին հորինված,
Կրկի՛ն ու կրկին արմատացնելով հաստատի՛ր ամուր
Նո՛ր անապական պտղավորությամբ զարդարելով այն
Քո խնամատար կամքին հանձնված՝ կյանքի անդաստանում,
Ամենապարգև թագավոր Քրիստոս, օրհնյա՛լ հավիտյան. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա

Ինչո՞ւ մեջ բերել ու երգել տավղով այսպես անդադար
Սաղմոսարանի խոսքերն այն բոլոր,
Որոնք իմ դեմ են ուղղվում շարունակ
Որպես նախատինք, պարսավ ու նզովք։
Իսկ ինչպե՞ս պիտի կարողանայի
Փառքն այն երջանկի փոքր-ինչ պատշաճել
Դատապարտյալիս՝ իր հետ ասելով,
Թե՝ «Չմոտեցավ նենգամիտը ինձ»։
Կամ ինչպե՞ս հաջորդ զարհուրեցուցիչ
Տներում կարգով մեկ առ մեկ հիշված՝
Օրինապահին, զինվորականին,
Թագավորին ու մարմնական հզոր հրամանատվին
Հատուկ ամենայն արժանիքներն այն,
Որոնք մինչնիսկ համբուրելի են երկնայիններին,
Կրկնեմ ու կյանքից չհուսահատվեմ
Ես, որ լինելով նորի աշակերտն
Ու քարոզիչն իր ավետիսների,
Այդ շնորհներից անմասն եմ իսպառ։
Ըստ իրավախոհ արդարի, ինչպե՜ս
Զինվեմ ես ընդդեմ մեղավորների,
Առակով ասած, առավոտյան վաղ արթնանալուն պես
Պատրաստ լինելով նրանց ջնջելու,
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ
Գանահարելով չխրատեցի.
Ինչպե՞ս այդ մեծի սխրագործությամբ
Կոտորեմ բոլոր անօրեններին տիրոջ քաղաքի,
Երբ չմեռցրի ախտաբծերն իսկ, հոգուս մեջ բուսած։
Ինչպե՞ս ես ստեմ նրան, որի մոտ
Չհայտնվածներն իսկ գրված են արդեն,
Ասելով՝ «Մոխիրն իբրև հաց կերա».
Ես, որ երգողի աղբերակայլակ արցունքին հստակ
Հեծեծանքի մի պղտոր շիթ, կաթիլ իսկ չխառնեցի,
Ինչպե՞ս կարող եմ ասել նրա հետ՝
«Ըմպելիքներս խառնված են եղել արտասուքներով
Եվ անկողինս արցունքներով եմ թրջել» շարունակ։
Երբ նախնիների հանցանքները ողջ
Աստվածասերն այն իրենն համարի՝
«Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ,
Անօրինացանք, հանցագործեցինք»,
Այլև բոլորն այն, ինչ ասված է այս երգում մինչև վերջ,
Որոնք ավելի ինձ են պատշաճում, քան Իսրայելին, —
Ո՞ր մեկը պիտի ինձ վերագրեմ
Ես, որ մեղքերով մեռած եմ իսպառ։
Ինչո՞՛վ կարող եմ արժանի լինել
Բարիների հետ դասվելու պատվին,
Երբ չարեցի այն, ինչ ճանաչված ու
Հարգված է որպես մարդկանց դեղ ու ճար,
Այն է՝ գարշելով կերակուրներից՝ մահու չափ քաղցել
Եվ երկարատև ճգնությամբ՝ հոգով նվաղել իսպառ,
Ըստ տարակրոն հրեաների ու
Հեթանոսների հին սովորության։
Ինչպե՞ս կարող է հավիտյան մնալ
արդարությունն իմ,
Երբ այն ես երբեք չեմ գործադրել:

 

Բ

Սակայն որպեսզի շատախոսությամբ չլինեմ տաղտկալի.
Կաշխատեմ այժմ խոսքս կարճ կապել։
Եվ ի՞նչ կարող եմ ասել արդարև, այն խոսքերի տեղ,
Որ աստվածաշունչ ձայնով նվագեց Դավիթ օրհներգուն՝
«Իմ ամբողջ սրտով որոնեցի քեզ».
Կամ մեծն առավել՝ «Ոտքս կտրեցի
Ամեն տեսակի չար ճամփաներից».
Եվ կամ՝ «Պահեցի խոսքերդ իմ սրտում,
Որ չլինի թե քո դեմ մեղանչեմ»։
Ինչպե՞ս կարող եմ նանրություններն իմ
Մաքուրների հետ մատուցել որպես կատարելություն
«Պատվիրաններից քո դաս առնելով՝
Ատեցի բոլոր ճանապարհները չարագործների»։
Ճշմարտությունն այն խոնարհի ինչպե՞ս
Շարահարելով մշտնջենական սուտ երդումներիս,
Ուխտելով ասեմ հավատարմի հետ՝
«Հաստատ երդվեցի՝ պահպանել արդար օրենքները քո»։
Իսկ ինչպե՞ս կրկնեմ պատգամն այս հապա,
Որ հիշատակն է անճողոպրելի վճռիս մահագույժ,
Թե՝ «Փրկությունը հեռու է բոլոր մեղավորներից»։
Ինչպե՞ս կարող եմ չարս իսկապես
Բարիների այս հատուցումն արդար,
Որ ստանում են նրանք տիրոջից,
Վերագրել ինձ՝ կրկնելով տողն այս՝
«Բարիք կանի տերն ուղղամիտներին»։
Ինչպե՞ս ինքս անձամբ վերահաստատեմ
Բազմավրեպիս փոխհատուցումն այս անաչառ, հատու՝
«Հափշտակությամբ խոտորվածներին
Տերը կտանի բոլոր նրանց հետ,
Ովքեր գործում են անօրենություն»։
Աստվածազգեստի պարծանքն այս ինչպե՞ս
Պատվաստեմ թշվառ ամոթահարիս՝
«Չգոռոզացավ բնավ սիրտն իմ, տե՜ր,
Եվ աչքերս երբեք չզվարճացան»։
Գերմարդկային այս խոսքն անճառ ինչպե՞ս
Ընդունեմ որպես վհատյալների քաջալերություն
Եվ ինչպե՞ս կրկնեմ գանձս գեհենի
Աստծո հոգով այն օծյալի հետ՝
«Առաջուց տեսար, որ լեզուս բնավ չունի նենգություն»։
Ես՝ դասակիցս դժնասիրտ մարդկանց,
Մահվան համաբան՝ սատակման որդիս,
Ինչպե՞ս բարբառեմ բարեշնորհի խոսքերն այս հապա՝
«Չատեցի՞, տե՜ր, քո ատելիներին»։
Ո՜վ անձն իմ, ո՜ղբդ աշխարհի, ինչպե՞ս
Տոնելի վեհի մեծ վստահությամբ
Անստույգ հոգիդ հրամցնելով
Պանծաս ինքնագով՝ պսակյալի հետ՝
«Փորձիր, տե՜ր, և տե՛ս, մի՞թե ձեռքերն իմ
Ապականված են անօրենությամբ»։
Ինքս չարագործ յինելով հանդերձ՝
Ինչպե՞ս պաղատեմ այդպիսիներից փրկելու համար.
Ձայնակցած Աստծուն հուսացողներին,
Թե՝ «Պահի՛ր ինձ, տե՜ր, մեղավորի ու չար մարդու ձեռքից»։
Ինչպե՞ս բարձրանամ մաղթելու Աստծուն փաոավորի հետ,
Ասելով՝ «Դու ես բաժինն ու հույսն իմ կենդանյաց երկրում»։
Իսկ ինչպե՞ս, հապա, իբրև մրցակից այն ճգնավորին.
Պսակն հաղթության երկնի արքայիդ մատուցանելով
Կրկնեմ աղերսանքն այս անօրինակ՝
«Արդարները քո կսպասեն, մինչև դու ինձ հատուցես»։

 

Գ
Բարեբանյալ է սաղմոսի և այն խորհուրդն հոգևոր,
Որ ամենայն ինչ արհամարհելով՝
Ընդունում է լոկ արարածների նախապատճառին
Տալով «Երանի՜ այն ժողովրդին,
Որի տերը իր աստվածն է միայն».
Սա պատշաճում է տիրոջ այն գործին,
Որով նա փորձչին ամոթ հասցրեց։
Մեծ է և շնորհն այս վսեմափառ,
Լի երանությամբ, այլև երկյուղած համարձակությամբ
«Սրբերդ պիտի օրհնաբանեն քեզ».
Ըղձալի է հույժ նաև հոգևոր
Հաղորդակցության ընտանությունն այս մերձ ու մտերիմ,
Որն հորդորում է հուսալ Աստծուն
Եվ ապավինել նրան, բերկրելով սաղմոսի խոսքով՝
«Իրագործում է տերը միշտ կամքն իր երկյուղածների»,
Որն ավարտվում է ողբախառն ուրախ այս ազդարարմամբ՝
«Տերը պահում Է ամենքին, ովքեր սիրում են իրեն
Եվ ջնջում բոլոր մեղավորներին».
Սաղմոսերգության այս ավարտական գլուխների մեջ
Տրված է կարծես արդարների ու մեղավորների
Վերջին հատուցման օրինակը հենց։
Իմաստով միմյանց զուգակից են և երգերը հաջորդ.
Եթե, ըստ նրանց, «Տերն ընդունոմ է հեզերին միայն
Եվ մինչև գետին խոնարհեցնում բարձրահոններին»,
Ուրեմն որքա՜ն եղկություններ են հեգիս սպասում.
Իսկ եթե «Տերը սիրում է միայն իր ժողովրդին
Եվ կբարձրացնի հեզամիտներին՝ փրկելով նրանց»,
Հապա ես՝ զուրկս արժանիքներից, ո՞ւմ ապավինեմ.
Իսկ եթե Աստված իր սրբերից է օրհնվում տիրաբար.
Ես, որ օտար եմ, զուրկ մաքրությունից,
Որո՞նց հետ պիտի դասակից լինեմ.
Իսկ եթե դնեմ և կանխերգներից
Սրանց մոտ՝ որպես ինձ նախատինքի հիշատակարան՝
«Սիրեցե՛ք տիրոջ, ո՜վ նրա սրբեր,
Զի պահանջում է նա շիտակություն
Եվ կհատուցի կրկնակի բոլոր բարձրահոններին»,
Հապա ո՞ր գնդում ես պիտի լինեմ,
Ես, որ գերի եմ չարահնարի գաղտորսակներին։
Եվ ահա, բարդու նկուն, դողահար
Ու տագնապալի տերևների պես,
Որոնք հողմերի բախումից վայրագ
Պոկոտված՝ դողդոջ թափվում են գետնին,
Չարը մոլագար ջանաց ջարդոտել
Ի վեր ամբարձած բարեբեր ճյուղերն իմ կյանքի ծառի.
Հարդարված անեղ մշակիդ ձեռքով։
Արմատավորի՛ր նորից, հաստատի՛ր
Նոր անապական պտղաբերությամբ՝
Կամքիդ խնամքով բարգավաճ կյանքի անդաստանի մեջ,
Ամենապարգև արքա՜ Քրիստոս,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս, ամեն։