ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Արքայ երկնաւոր, Տէր բոլորեցուն,
Առ ամենայն բան յամենայնի միշտ երկայնամիտ,
Աստուծոյ կենդանւոյ անքնին Որդի,
Ահա անդ է ողորմելն իսկապէս,
Յորում հատաւ ակնկալութիւն վաստակոյն,
Անդ է բարեգործելն,
Յորում տեսութիւն իմաստիցն խափանեցաւ,
Յայնմ ժամու է մարդասիրելն,
Յորում տկարութեանն վտանգ
Պաշարեալ տիրեաց ներքոյ եւ արտաքոյ,
Անդանաւր է բժշկութիւն աստուածային քո ձեռինդ,
Յորժամ բնաւ անդամոցն տեղի ետ կենդանութիւն,
Այն վայր է այցելութեան,
Յորում ելք հնարից ոչ գոյ,
Այն է քո մեծութիւն,
Յորժամ զյուսահատութեան վէրն առողջացուսցես,
Այն է հարազատ քում ազգակցութեան,
Եթէ յանակնկալն ժամու արուեստաւորեսցես փրկութիւն,
Այն է հանդիսարան քում յաղթանակի,
Եթէ զփակեալն մուտս կենաց ի սպասումն շնչոյս բացցես,
Այն են քո շնորհք վայելչականք,
Եթէ զչարեացս իմոց մոռացեալ` զբարեացդ քո յիշեսցես,
Յայսմ ես անոխակալ,
Եթէ ապախտաւորիս ընդ երախտաւորացն խնամարկեսցես,
Ի սոսին ծանեալ գիտացից,
Եթէ նայեցար ի նուէր բանիս նախնի գթութեամբդ,
Եթէ զսովորութիւն չարեացս բարձցես:
Բ
Յաղագս այսորիկ հիւսին բանք,
Եւ եղանակին նուագերգութիւնք,
Յորժամ տէրն բարի` չարն ծառայի
Զբարեգործացն պարգեւեսցէ,
Որ մինչ իրաւամբք մնասցէ բանտի,
Նա յարքայական ապարանս զնա հանգուսցէ,
Մինչ հրաւիրեալ է ի գուբ տղմոյ,
Նա ի բազմականս ամենապատիկս գահոյից գրգեցուցանիցէ,
Մինչ բրելոյ զաչսն դիտեսցէ,
Նա ի բարձրութիւն բերկրութեան հայեցուցանիցէ,
Մինչ ծայրատութեան մատանցն սպասէ,
Նա մատանի համարձակութեան մատուցանիցէ,
Մինչ հայի հարուածոց գանից,
Նա գթոց գիրկս արկանիցէ,
Մինչ պատրաստեալ յուսայ կորստեան,
Նա երեւելի տեսողաց բազմաց առնիցէ,
Մինչ ակն ունի սատակման մահու,
Նա ընդ կենացն եւ փա~ռս ընծայեցուսցէ,
Մինչ հատման գլխոյն նայեսցի,
Նա զնոյն պսակաւ պայծառացուցանիցէ:
Այս պտուղք աւրհնութեան, գթած, սքանչելարմատ քում շառաւիղաց,
Այս արգասիք կենաց արարչականդ քո հրամանաց,
Այս իղձք խորհրդոց խոստովանեալդ քո տենչանաց,
Այս նշոյլք լուսոյ ամենասփիռդ ճառագայթից,
Այս ախորժութիւն ճաշակաց բարեբանեալդ քո քաղցրութեան:
Գ
Քո միայնոյ են այսոքիկ, Տէր,
Ի քէն ազդեցաւ գրել ինձ զսոսին:
Ահա զքոյսդ յատուկ աղերս աղաչեմ, աւրհնեալ,
Ի քոյոց այտի պարգեւեալ շնորհեա:
Բաց, Տէր, զգանձս քո բարիս, ըստ աղերսանաց առակին,
Մի խառնեսցես ի համբարս բարեացդ քոց ի չարեացն իմոց:
Մի շտեմարանեսցես զատելիսն քո, որ են ոխութիւնք եւ ցասմունք,
Ընդ սիրելիսն քո, որ են գթութիւնք եւ ողորմութիւնք:
Մի պահեսցես ի ստացուածս քո պաշտելիս զանախորժելիսն քո,
Որ են մթութիւնք եւ դաժանութիւնք,
Եւ զիմ վնասելիսն, որ են մեղք եւ թշուառութիւնք:
Մի գրեսցես աջովդ աւրհնութեան ի մատենիդ կենաց
Զմուրհակ պարտուց իմոցս անիծից,
Այլ զանհնարաւորս ինձ համարեալս`
Մեծացուսցես կրկին առաւել զանուն քո, Տէր, ի նոսին,
Ցուցանել զդոյն ինձ դիւրինս եւ հեշտականագոյնս:
Դ
Շատ են իմ պարտիքս եւ անդր քան գթիւ,
Այլ ոչ այնքան հրաշալիք, իբրեւ զքո ողորմութիւնդ:
Բազում են մեղանքս,
Այլ յաւէտ են նուազեալ առաջի քոյդ ներողութեան:
Յաճախ են չարութիւնքս,
Այլ յաղթական են համայնից,
Հզաւր, ամենակալ, քոյդ մարդասիրութիւն:
Ինձ են անհամար իմոյս անձին բիծք,
Այլ քեզ յոյժ գրաւեալ են ընդ սահմանաւ:
Ոչ են այնքան զաւրաւորք առ կենդանութիւն զէնք մեղանաց
Պատկառեցելոյս պտղաբերութեան,
Որքան յիշատակ մահու կենդանւոյդ`
Առ վանումն կործանողին բռնութեան:
Զի՞նչ ազդեսցէ փոքր խաւար աւուրդ Աստուծոյ,
Զիա՞րդ բաւեսցէ դոյզն ինչ աղջամուղջ մեծիդ ճառագայթից,
Զիա՞րդ համբարձցի, կշռեսցի ընդ խաչի քո կրից
Խակութխն հեշտութեան մարմնոյս տկարութեան:
Զի՞նչ երեւեսցի յաչս ամենակալիդ քո առատութեան
Կոյտք մեղանաց ամենայն տիեզերաց.
Ահա կոշտ մի հողոյ դիւրափխրելի`
Ի կարծրութենէ բախման վանեցեալ,
Իբր զպղպջակ անձրեւոյ`
Բազմազեղ հոսմամբ քո կամաց չքացեալ, պայթեալ անդստին:
Ե
Զի՞նչ պիտոյ են քում զաւրութեանդ ամենահնարդ կարողութեան
Ժամանակաց առաւելութիւն առ յանցուածոց իմոց քաւութիւն,
Ոչ քթթել մի ական,
Ոչ խուն մի տեսութիւն ածանցական,
Ոչ սակաւ մի նայեցուած փայլական,
Ոչ կիսամասնեայ յամրութիւն,
Ոչ փութացելոց ոտից յեղյեղումն,
Ոչ յելից բարձրութենէ միոյ կանգնոյ կաթի անկելոյ,
Ոչ գիծ մի չափոյ մտաց հետեւեցելոյ,
Ոչ նշողից արագութիւն,
Ոչ շնչոյ տուրեւառութիւն,-
Ոչ ինչ յայսմ յանգոյ եւ յանտպաւորական նմանութենէ
Անձեւ աւրինակաց յաւէտ անկայից`
Այնքան առժամայնք կամ հարեւանցիկք,
Որքան եղծմունք, ցնդմունք եւ հալմունք
Մեղացս սառնամանեաց պահեստի` քումդ զաւրութեան,
Աստուած ամենայնի Տէր Յիսուս Քրիստոս,
Որդին անքնին կենդանւոյդ Աստուծոյ:
Որ տաս, պարգեւես արեւ քաղցրութեան չարաց ընդ բարիս
Եւ անձրեւես երկաքանչիւրոցն անաչառապէս,
Կշռես, սահմանես իրաւամբք եւ զվտանգս կրիցն հաւասարաբար,
Որոց մեծ է հանգիստն առ ակնկալութիւն պարգեւին`
Փոքր խթանաւ փորձութեան զսակաւութիւն պարտուցն աստէն վճարես,
Իսկ որ զերկիր ընտրեցին` ներես ողորմութեամբ,
Տալով եւ սոցա դարման ընդ նոցա` միշտ առ քեզ դարձին սպասես:
Եւ քեզ փա~ռք ամենազաւրիդ առ ամենայն հրաշագործութիւն
Բարեխնամող երկայնմտութեան,
Աւրհնեալ յաւիտեան:
Ամէն:

Բան ՀԴ

Սրտի խորքից խոսք Աստուծո հետ

Ա

Արքա՛ երկնավոր, դու Տե՜ր բոլորի,
Ամեն բանի մեջ և ամեն դեպքում միշտ երկայնամիտ,
Կենդանի Աստուծո անքնին Որդի:
Այնտեղ պետք է ողորմել իսկապես,
Ուր կտրված է հույսը վաստակի.
Այնտեղ պետք է բարեգործել,
Ուր խափանված է մտքի տեսողությունը.
Ա՛յնժամ պետք է մարդասիրել,
Երբ տկարության վտանգն է պաշարել ներքուստ և արտաքուստ.
Այնտե՛ղ է անհրաժեշտ ձեռքիդ բժշկությունն աստվածային,
Ուր տեղի է տվել բոլորովին անդամների կենդանությունը.
Այնտե՛ղ պետք է լինի այցելությունը,
Ուր ելքի հնար չկա.
Այնժա՛մ է քո մեծությունը,
Երբ անհուսալի վերքն առողջացնես.
Ա՛յն է հարազատ քո բնությանը,
Որ անակնկալ ժամին փրկության համար հրաշագործես,
Ա՛յն ժամանակ հանդես կգա քո հաղթանակը,
Երբ վերջին շնչիս՝ կյանքի փակված դուռն իմ առջև բանաս.
Այն են շնորհներդ վայելչական,
Որ մոռանալով իմ չար գործերը՝ քո բարիները հիշես,
Նրանո՛վ ես դու անոխակալ,
Որ ապերախտիս երախտագետի հետ խնամարկես.
Այնժամ ես միայն պիտի հասկանամ,
Թե ընդունեցիր բանավոր նվերս՝ նախկին գթությամբդ,
Եթե վերացնես իմ չար սովորությունները:

Բ

Այս պատճառով են հյուսվում ճառեր ու նվագերգություններ եղանակվում,
Երբ Տերը բարի՝ բարեգործներին հասանելիքից պարգևատրում է և՛ չար ծառային:
Այնպես որ մինչ նա բանտի է սպասում իրավամբ՝
Տերը նրան արքայական ապարանքի մեջ է նստեցնում.
Մինչ կանչված է նա տղմուտ գուբի մեջ բնակվելու,
Նրան ամեն տեսակի կոչունքների մեջ գահերի վրա է բազմեցնում.
Մինչ նայում է նա, որ աչքերը փորեն,
Նայվածքը նրա ուղղում է դեպի ուրախ բարձունքներ.
Մինչ սպասում է նա իր մատների ծայրատումին,
Համարձակության մատանի է մատուցում նրան214Ղուկ. ԺԵ. 22.
Մինչ վախենում է գանակոծվելուց,
Նրան գթառատ իր գիրկն է առնում.
Մինչ կորստյան է պատրաստվում ահով,
Բազմության առաջ, ի տես բոլորի՝ վեր է բարձրացնում.
Մինչ նա սատակիչ մահվա՛ն աչք ունի,
Նրան կյանքի հետ տալիս է և՛ փառք.
Մինչ սպասում է իրեն գլխատեն, Նրան պսակով է պայծառացնում:
Սրանք են, գթա՜ծ, պտուղներն օրհնյալ քո սքանչելարմատ շառավիղների.
Սրանք են կյանքի արգասիքները քո արարչական հրամանների.
Սրանք են ըղձալի խորհուրդները քո խոստովանված տենչանքների.
Սրանք են լույսի ճաճանչները քո ամենասփյուռ ճառագայթների.
Սրանք են ախորժելի ճաշակները քո բարեբանյալ քաղցրության:

Գ

Եվ այս բոլորը քոնն են միայն, Տե՜ր,
Քո ներշնչումով եմ գրել սրանք.
Ուստի ես, օրհնյալ, աղաչում եմ քեզ, այդ պարգևներիցդ ի՛նձ էլ շնորհիր.
Բա՛ց, Տեր, քո բարիքների գանձարանը, ըստ առակողի աղերսանքների:
Բարիքներիդ ամբարներում չխառնես դու իմ չարիքներից.
Չշտեմարանես քեզ համար սիրելի գթության և ողորմության հետ ատելի ոխեր և բարկություններ.
Քո պաշտելի ստացվածքներում չպահե՜ս քեզ համար անախորժ մթություններ ու դժնություններ,
Եվ ինձ վնասող մեղքեր ու թշվառություններ:
Կյանքիդ մատյանում քո օրհնյալ աջով չգրե՜ս դու պարտամուրհակն իմ անեծքների,
Այլ ինձ համար անհնար համարվածները դյուրին ու հեշտ ցույց տալով՝
Կրկնակի անգամ և է՛լ ավելի մեծացնես դու քո անունը, ո՜վ Տեր:
Տալիքներս շատ են և անհաշիվ,
Բայց քո հրաշալի ողորմությունն անհամեմատ ավելի է.
Բազում են մեղանչանքներս,
Բայց ներողությանդ հետ համեմատած՝ շա՜տ քիչ են նրանք,
Հաճախակի են չարություններս,
Բայց հաղթող է միշտ ամեն բանի դեմ մարդասիրությունդ, ո՜վ ամենակալ.
Անձիս արատներն ի՛նձ համար են ծանր և անթվելի,
Բայց քեզ համար խիստ թեթև են նրանք և սահմանափակ.
Ամոթապարտիս պտղաբերած մեղքերի զենքերն այնքան զորեղ չեն կենդանանալու,
Որքան հիշատակն անմահիդ մահվան՝ կործանողի բռնությունը վանելու համար:
Փոքրիկ խավարն ի՞նչ կարող է ազդել Աստծուդ լույսին.
Դույզն աղջամուղջը ինչպե՞ս դիմանա ճառագայթներիդ.
Քո խաչելության չարչարանքի հետ ինչպե՞ս կշռվի
Իմ տկար մարմնի հեշտասեր խակությունը.
Ամենակալիդ առատության աչքին ի՞նչ են որ մեղքերի կույտերը ողջ տիեզերքի,
Եթե ոչ հողի դյուրափխրուն կոշտ, որ իսկույն ևեթ կփոշիանա քարի հարվածով,
Եվ կամ անձրևի պղպջակ, որ կամքիդ հորդառատ հոսմամբ կպայթի իսկույն և կչքանա:
Քո ամենազոր և ամենահնար կարողությունը
Իմ հանցանքները քավելու համար ժամանակի պետք չունի բոլորովին,–
Ո՛չ ակնթարթի,
Ո՛չ թռուցիկ ակնարկի տևողության,
Ո՛չ կայծակնային կարճատև նայվածքի,
Ո՛չ ամենափոքր ուշացման,
Ո՛չ փութագնաց ոտքի քայլափոխի,
Ո՛չ կանգունաչափ բարձրությունից կաթիլի անկման,
Ո՛չ մտքով քաշված մի գծի,
Ո՛չ լույսի արագության,
Ո՛չ շնչառության չափ միջոցի:
Այս բոլոր անձև, աննշան և անկայուն օրինակներից
Ո՛չ մեկը այնքան առժամյա արագ և փութանցիկ չէ,
Որքան մեղքերիս կուտակված սառույցների հալվելը, ցնդելն ու վերանալը քո զորությամբ,
Աստվա՜ծ բոլորի Տեր Հիսուս Քրիստոս,
Որդիդ անքնին՝ կենդանի Աստուծո:
Դո՛ւ, որ քաղցր արև ես պարգևում բարիների հետ նաև չարերին,
Եվ անձրևում ես ամենքի վրա անաչառորեն,
Կշռում ես իրավամբ և չափում նրանց վշտերն ու հոգսերն հավասարապես.
Փորձության փոքրիկ խթանով ես դու վճարել տալիս պարտքերը նրանց այստե՛ղ իսկ,
Որոնք մեծ համբերությամբ սպասում են վերին հանգստին:
Իսկ ովքեր երկրային կենցաղն ընտրեցին,
Դու ողորմությամբ ներո՜ւմ ես նրանց,
Սրանց էլ տալով դարման նրանց հետ՝ սպասում ես դու միշտ նրանց դարձին:
Փա՜ռք ամենազորիդ՝
Բարեխնամ երկայնամտությամբ գործած քո բոլոր հրաշքների համար,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Տե՜ր ամենայնի, արքա երկնավոր,
Ամենքի համար, ամեն ինչի մեջ միշտ երկայնամիտ,
Անքնին որդի կենդանի Աստծո,
Այնտեղ իսկապես պետք է ողորմել,
Ուր չքացել է լիովին ամեն ակնկալություն.
Այն ժամանակ է բարեգործել պետք,
Երբ տեսությունն է մտքի խափանված.
Այնժամ պետք է միշտ մարդասեր լինել,
Երբ տկարության վտանգը իսպառ
Տիրապետում է ներսից ու դրսից.
Այն ժամանակ է լինում հարկավոր
Բժշկությունը սրբազան ձեռքիդ,
Երբ բոլորովին տեղի է տալիս կենդանությունը
Մարդու էության բոլոր մասերում.
Այնտեղ պետք է միշտ օգնության հասնել,
Ուր չկա ելքի որևէ հնար.
Այնժամ կերևա մեծությունը քո,
Երբ բուժես վերքերն հուսահատության.
Այն է իսկական քո բնությունը,
Որ անակնկալ ժամին փրկություն հրաշագործես.
Հաղթահանդեսը քո այն կլինի,
Որ վերջին շնչում կյանքի փակված դուռն իմ առաջ բանաս.
Այն է շնորհը քո վայելչական,
Որ մոռանալով չար գործերը իմ՝
Հիշես շարունակ բարությունը քո.
Նրանով ես հենց դու անոխակալ,
Որ ապերախտիս երախտագետի հետ խնամարկես։
Սրանք տեսնելով պիտի համոզվեմ,
Որ այս բանական նվերն իմ առ քեզ
Ընդունել ես դու նախկին գթությամբ
Եվ սովորույթներն իմ, չար ու հոռի, պիտի խափանես։
Բ
Բարեբանություն, գովքեր են հյուսվում,
Եղանակվում են երգ ու նվագներ,
Երբ տերը բարի՝ իր չար ծառային
Վարձատրում է բարեգործների հասանելիքով.
Այնպես որ, մինչդեռ նա սպասում է իրավամբ բանտի,
Սա արքայական ապարանքում է հանգչեցնում նրան.
Մինչ վճռված է նրան տղմի գուբ,
Սա գուրգուրում է պերճաշուք ու ճոխ
Բազմոցների ու գահույքի վրա.
Մինչ սպասում է աչքերն հանելուն,
Հայացքը նրա ուղղում է դեպի զվարթ բարձունքներ.
Մինչ դողդողում է, որ իր մատները պիտի ծայրատեն,
Սա մատուցում է նրան մատանին համարձակության.
Մինչ վախենում է գանակոծումից,
Նրան գթառատ իր գիրկն է առնում.
Մինչ պատրաստվում է ահով՝ կորստյան,
Բազմության առաջ, ի տես բոլորի, վեր է
բարձրացնում.
Մինչ սպասում է տանջամահության,
Կյանքի հետ նաև փառք է շնորհում.
Մինչ բռնված է գլխատման դոդով,
Պսակներով է զարդարում նրան։
Սրանք են, գթա՜ծ, պտուղներն օրհնյալ
Սքանչելարմատ շառավիղներիդ,
Սրանք՝ կենարար արգասիքները
Հրամանների քո արարչական,
Այս է խորհուրդը խոստովանված քո իղձ ու տենչերի.
Լույսի շողերը ճառագայթների քո համայնասփյուռ
Եվ բարեբանյալ ճաշակներն ախորժ մեծիդ քաղցրության։
Գ
Այս բոլորն ահա քոնն են միայն, տե՜ր,
Քանզի գրված են քո ներշնչանքով.
Ուստի և, օրհնյա՜լ, աղաչում եմ քեզ,
Մի՛ թող անկատար աղերսանքն իմ այս,
Որ ուղղված է քեզ քո իսկ բաղձանքով։
Բա՛ց բարությանդ գանձարանը, տե՜ր,
Ըստ առակողի աղերսանքների.
Իմ չարիքներից չխառնես այնտեղ
Ճոխ բարիքների պաշարներին քո.
Սիրելիներիդ՝ ողորմածության ու գթության հետ,
Չշտեմարանես ատելիներդ՝ ոխ ու բարկություն.
Քո նվիրական ստացվածքի մեջ
Չպահես մեծիդ անախորժելի
Մթություններ ու դաժանություններ,
Այլև ինձ համար վնասիչ մեղքեր ու թշվառություն.
Կենացդ գրքում օրհնյալ քո աջով
Չգրես, գթա՜ծ, պարտամուրհակը իմ անեծքների.
Ինձ անհնարին համարվածները
Ցույց տալով դյուրին ու հեշտ չափազանց՝
Առավել ես կբարձրացնես անունը քո, տե՜ր:
Շատ են պարտքերս, չափից ավելի,
Ողորմությունդ, սակայն, անսահման
Բարձր է ամեն մի հրաշալիքից.
Բազմաբազում են մեղանչումներս,
Բայց հույժ նվազ են քո ներողության համեմատությամբ,
Հաճախական են չարություններս,
Բայց հաղթական է ամեն ինչի դեմ
Մարդասիրությունն ամենակալիդ.
Արատներն անձիս համար են ծանր ու անթվելի,
Բայց քեզ համար շատ թեթև են նրանք ու սահմանափակ.
Ամոթահարիս պտղաբերած ողջ
Մեղքերի բեռներն այնքան ուժ չունեն կենդանանալու,
Որքան հիշատակն անմահիդ մահվան՝
Կործանարարի բռնությունները վանելու համար։
Փոքրիկ խավարն ի՞նչ կարող է անել Աստծուդ լույսին,
Դույզն աղջամուղջը մեծիդ, ճաճանչին ինչպե՞ս դիմանա,
Ինչպե՞ս կշռվի քո խաչելության չարչարանքի հետ
Հեշտասիրական սանձարձակությունն իմ տկար մարմնի։
Ի՞նչ են քո աչքում, ո՜վ ամենակալ,
Բազմակույտ մեղքերն ամբողջ տիեզերքի,
Եթե ոչ, հողի դյուրափխրուն կոշտ,
Որ մի կարծրության բախմամբ՝ անհապաղ
Փոշիանալով կցնդի անհետ,
Կամ թե անձրևի չնչին պղպջակ,
Որը հոսանքով բազմազեղ կամքիդ
Պայթելով՝ իսկույն պիտի չքանա։
Իմ հանցանքները քավելու համար
Ամենահնար զորությունը քո
Պետք չունի ինչ-որ մի ժամանակի.
Ո՛չ ակնթարթի, ո՛չ թեթևակի մի ակնարկության,
Ո՛չ վայրկենապես նետված հայացքի,
Ո՛չ իսկ ավարտին չնչին հապաղման,
Ո՛չ արագոտն մի քայլափոխի,
Ո՛չ մի կանգնաչափ բարձունքից ցայտող կաթիլի անկման,
Ո՛չ մտքով անգամ մի գիծ քաշելու,
Ո՛չ արագության շանթ ու կայծակի,
Ո՛չ իսկ միջոցի մի շնչառության։
Այս բոյոր չնչին անկերպ, անորոշ
Եվ հույժ անկայուն օրինակներից
Ոչ մեկը այնքան առժամանակյա ու փութանցիկ չէ,
Որքան մեղքերիս պահեստում դիզված
Սառցակույտերի հալվել, ցնդելն ու
Անհետանալը մեծիդ զորությամբ,
Աստվա՜ծ բոլորի, տե՜ր Հիսուս Քրիստոս,
Կենդանի Ասածո անքնին որդի,
Դու, որ արև ես տալիս քաղցրությամբ
Բարիների հետ նաև չարերին
Եվ անձրևում ես անաչառորեն ամենքի վրա,
Կշռում բաշխում ես իրավամբ նրանց
Հոգս ու վշտերը հավասարապես,
Եվ նրանց, որոնք մեծապես հանգիստ՝
Ակնկալում են պարգևները քո,
Փորձության փոքրիկ խթանով՝ սակավ
Պարտքերն այստեղ ես վճարել տալիս,
Իսկ երկրայինը նախընտրողներին
Ներում ես մեծիդ ողորմածությամբ,
Սրանց էլ դարման տալով նրանց հետ՝
Միշտ սպասում ես դարձերին առ քեզ.
Բոլորի համար՝ փա՜ռք ամենազոր,
Բարեխնամող ու երկայնամիտ հրաշագործիդ,
Օրհնաբանությո՜ւն հավիտյանս, ամեն։