ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, քանզի յաւէտ յառաջնում զղջմանն
Յուսահատութեանն բանիւ լքայ
Եւ տարակուսանաց հեծանաւն ի մահ ձաղկեցայ,
Աստանաւր ի յոսոյն կերպարան փոխեալ` յարգահատել համարձակեցայց`
ԶԵրրորդութիւնն Սուրբ կարդալով յաւգնականութիւն ինձ` մեղաւորիս:
Որ եւ անդստին իսկ յաւրհնաբանելն
Եւ ի դաւանելն զկենդանարարն բնաւից Աստուած,
Իսկոյն եւ կոչումն ընտանի ձայնի
Ահաւորութեան անուան շնորհաձիրն բարերարի,
Մահացելոյս է կենդանութիւն,
Ըստ մարգարէին նախաճառութեան,
Թէ` Որ կարդայ զանուն Տեառն, նա կեցցէ:
Բ
Իսկ ես ոչ միայն կարդամ,
Այլ նախ հաւատամ մեծութեան նորին,
Ոչ եթէ վասն պարգեւաց նորա դարձեալ մատուցեալ յողոք դեգերիմ,
Այլ իբր զկենդանութիւն իսկապէս
Եւ զշնչոյ տուրեւառութիւն հաւաստի,
Առանց որոյ ոչ է շարժողութիւն կամ ընթացութիւն,
Զի ոչ այնքան յուսոյն հանգուցիւ,
Որքան սիրոյն կապանաւք բերիմ:
Ոչ ի տուրսն, այլ ի տուողն յաւէտ կարաւտիմ,
Ոչ փառքն են ինձ անձկալի,
Այլ փառաւորեալն է համբուրելի,
Ոչ կենացն փափագանաւք,
Այլ կենարարին յիշատակաւն միշտ ճենճերիմ,
Ոչ վայելիցն տարփանաւք հեծեմ,
Այլ հանդերձաւղին տենչանաւք` յերիկամանց աստի կականիմ,
Ոչ զհանգիստն խնդրեմ,
Այլ զհանգուցչին երեսս աղաչեմ,
Ոչ հարսնարանին խնջոյիւք,
Այլ փեսային անձկութեամբ մաշիմ:
Ի ձեռն որոյ զաւրութեան վստահապէս ակնկալութեամբ,
Վերագրեցեալդ յանցանաւք բեռանց,
Աներկմիտ յուսով հաւատամ`
Ի կարողին ձեռն ապաստանեալ.
Ոչ քաւութեան միայն հասանել,
Այլ զնոյն ինքն տեսանել`
Յողորմութիւն եւ ի գթութիւն
Եւ յերկնիցն ժառանգութիւն,
Թէպէտ եւ յոյժ եմ տարագրելի:
Գ
Եւ արդ, բազում պատկառանաւք ամաչեցելոց դիմաց կորացեալ,
Զմիջնորդ ազդման կափուցմանց երկակի շրթանցս`
Արժանափակ աղխիւ կարկելոց առ անհամարձակ լեզուիս շարժութիւն,
Նորոգեցից ի յերգ հառաչման պաղատանաց յեղանակութեանց
Աղիողորմ հեծեծանաց` ի բարձունս աղաղակելոյ.
Ընկալ քաղցրութեամբ, տէր աստուած հզաւր, զդառնացողիս զաղաչանս,
Մատիր գթութեամբ առ պատկառեալս դիմաւք,
Փարատեա, ամենապարգեւ, զամաւթական տխրութիւնս,
Բարձ յինէն, ողորմած, զանբերելի ծանրութիւնս,
Անջրպետեա, հնարաւոր, զմահացու կրթութիւնս,
Աւարեա, միշտ յաղթող, զխաբողին հաճութիւնս,
Բացադրեա, վերնային, զմոլելոյն մառախուղ,
Կնքեա, կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս,
Ցրուեա, ծածկատես, զըմբռնողին չար գտմունս,
Խորտակեա, անքնին, զմարտողին դիմեցմունս:
Տեառնագրեա քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս,
Պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս,
Գծագրեա քո արեամբդ զմուտ սեմոց սենեկիս,
Կերպացո զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս,
Ամրացո քո աջովդ զհանգստեանս խշտի,
Մաքրեսցես ի խաղբից զծածկարան անկողնոյս,
Պահեսցես քո կամաւքդ զտառապեալ անձն ոգւոյս,
Անխարդախ արասցես զքո շնորհեալ շունչ մարմնոյս,
Կացուսցես շրջափակ զպար զաւրուդ երկնայնոյ,
Կարգեսցես ի դիտի ընդդէմ դիւացն դասու:
Դ
\Տուր հանգիստ բերկրութեան
Մահահանգոյնս նիրհման
Ի խորութեան գիշերիս`
Բարեխաւսութեամբ հայցուածոց
Սրբոյ Աստուածածնիդ
Եւ ամենայն ընտրելոց:
Ամփոփեալ պարուրեա
Զպատուհան տեսութեանց
Զգայարանացս իմաստից`
Անզարհուրելի զետեղմամբ
Ի ծփական խռովութեանց,
Կենցաղական զբաղմանց,
Անրջական երազոց,
Խաւլականաց ցնորից`
Յիշատակաւ քո յուսոյդ
Անվնասելի պաշտպանեալ:
Եւ սթափեալ վերստին
Ի ննջմանէ ծանրութեան,
Ամենազգաստ արթնութեամբ,
Հոգենորոգ զուարթութեամբ
Ի քեզ արձանացեալ,
Զայս ձայն մաղթանաց բուրմամբ հաւատոց
Քեզ, ամէնաւրհնեալ թագաւոր փառաց անճառից,
Փառաբանողաց երկնագումար խմբից երգակցեալ`
Յերկինս առաքել:
Զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Բան ԺԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, քանզի զղջման նախընթաց գլուխներում
Հուսահատության խոսքերով լքվեցի սաստիկ,
Եվ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ,
Ուստի և այստեղ վերադառնալով հույսին վերստին՝
Համարձակվեմ պիտի գո՜ւթ շարժել ես,
Սուրբ Երրորդությանը մեղավորիս օգնության կանչելով:
Գիտեմ, որ եթե օրհնաբանեմ ես և դավանեմ
Արարածներին բոլոր կյանք տվող Աստծուն,
Եվ ընտանի ձայնով կանչեմ անունն ահավոր շնորհապարգև Բարերարի,
Նա կենդանություն պիտի տա, անշուշտ ինձ՝մեղավորիս,
Ըստ մարգարեի կանխասացության,
Թե՝ «Ով որ կանչի Տիրոջ անունը, նա պիտի ապրի»:
Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան,
Այլ հավատում եմ նրա մեծությանն ամենից առաջ.
Ոչ թե գալիս եմ խնդրելու նրա պարգևները ես,
Այլ նույնիսկ իրեն, որ կենդանությունն է
ճշմարտապես, Շնչառությունն իսկ, առանց որի չի՛ք շարժում և ընթացք:
Ո՛չ այնքան հույսի հանգույցով, որքան սիրո կապով եմ ես կապվում նրան.
Ու ոչ թե տուրքի, այլ այն տվողի կարոտով եմ ես վառվում շարունակ:
Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի, Այլ փառավորյալն է համբուրելի,
Ոչ թե ապրելու կյանքի փափագով,
Այլ կենարարի հիշատակով եմ տոչորվում ես միշտ:
Ոչ թե վայելքի տարփանքով եմ ես հեծում ողբաձայն,
Այլ այն կազմողի տենչանքովն եմ խոր հառաչում սրտանց:
Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել Հանգստարարի:
Ոչ թե հարսանքատան խնջույքի, այլ փեսայի անձկությամբ եմ մաշվում,
Որի զորության շնորհիվ՝ վստահ ակնկալությամբ,
Հավատում եմ ես աներկմիտ հույսով,
Որ վերոգրյալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ՝
Ապաստանելով ամենակարողի ձեռքին,
Ոչ միայն պիտի հասնեմ քավության, այլև պիտի տեսնեմ իրեն,
Ընդունելու գութն ու ողորմությունը և ժառանգելու երկինքը նրա,
Թեև հո՜ւյժ մերժելի եմ:

Բ

Եվ արդ, ամոթահար սաստիկ ու կորագլուխ,
Գրչովս, որ խոսքի միջնորդ է դառնում
Ամուր կողպեքով փակված, պապանձված իմ
շրթունքներին, Չկարողանալով շարժել լեզուս անհամարձակ,
Պաղատանքների նոր երգեր ահա՛ պիտի ոգեմ ես՝
Ի վեր ուղերձված իմ աղիողորմ հառաչանքների աղաղակներով:

Գ

Ընդունի՛ր սիրով, Տեր Աստված հզոր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.
Քաղցր գթությամբ մոտեցիր դու ինձ՝ ամոթահարիս.
Փարատի՜ր, ամենապարգև՛, ամոթալի տխրություններս,
Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրություններս,
Հեռացրո՛ւ, հնարագետ, սովորություններս մահացու.
Խափանի՛ր, մի՛շտ հաղթող, հրապույրները խաբողի.
Վանի՛ր, վերնային, մառախուղը մոլորեցնողի.
Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի.
Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի.
Խորտակիր, անքնի՛ն, հարձակումները մարտնչողի.
Տյառնագրի՛ր անունովդ լուսացույց երդն իմ հարկի.
Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս.
Գծագրիր քո արյունով սեմը սենյակիս մուտքի.
Դրոշմիր քո նշանը աղոթյալիս ճանապարհին,
Ամրացրու քո աջով խշտյակն իմ հանգստի.
Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.
Պահպանիր քո կամքով տառապած հոգիս.
Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը մարմնիս.
Կանգնեցրո՛ւ շուրջն իմ՝ պարը երկնային քո
զորքերի, Որպես դիմամարտ՝ դևերի գնդին:
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգույն նիրհիս խորին գիշերում՝
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտրյալների:
Տեսությանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,
Ամփոփիր այնպես ու պարուրիր,
Որ պաշտպանվեն միշտ անսասանելի
Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,
Խռովահույզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական
Ու հիշատակով աներկբա հույսիդ մնան անվնաս:
Որպեսզի երբ սթափվեմ իմ ծանր քնից,
Ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ զվարթությամբ քո դեմ արձանացած,
Աղաչանքն այս իմ՝ հավատքի բուրմամբ,
Ո՜վ ամենօրհնյալ թագավոր անճառ փառքերի,
Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին՝ Քո բարձունքն ի վեր՝ առաքեմ առ քեզ:
Զի փառավորյալ ես դու արարածներից բոլոր Հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա

Քանզի նախընթաց զղջման խոսքերով
Սաստիկ վհատված՝ հուսալքվեցի,
Տարակույսների հեծանով ինքս ինձ ձաղկեցի ի մահ, 
Ուստի և այստեղ վերստին հույսին վերադառնալով, 
Պիտի հանդգնեմ գթություն շարժել, 
Օգնության կանչել մեղատանջ անձիս սուրբ Երրորդության։
Գիտեմ, որ, անշուշտ, դավանելր լոկ,
Օրհնաբանելն իսկ նորեն համայնի կենարար Աստծուն,
Ընտանի ձայնով կանչելը միայն
Ահավոր անվան շնորհապարգև մեծ բարերարի՝
Կենդանություն է մեռածիս արդեն,
Ըստ մարգարեի կանխասացության՝
«Ով կանչի տիրոջ անունը, կապրի»:
Իսկ ես ոչ միայն կանչում եմ, այլև
Նախ հավատում եմ նրա մեծության,
Ոչ թե անձկությամբ իր պարգևների
Համար եմ այսպես նրան պաղատում,
Այլ հենց իր՝ իբրև բուն կենդանության,
Շնչի աներկբա տուրևառության,
Առանց որի չիք ընթացք ու շարժում.
Ոչ այնքան հույսի հանգույցով, որքան 
Սիրո կապով եմ աղերսված նրան:
Ոչ թե շնորհի, այլ շնորհատվի 
Կարոտով եմ ես այրվում շարունակ.
Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի,
Այլ փառավորյալն է համբուրելի. 
Ոչ թե ապրելու, կյանքի փափագով, 
Այլ կենարարի հիշատակով եմ ճենճերում անվերջ. 
Ոչ թե վայելքի տենչով եմ հեծում,
Այլ պատրաստողի բաղձանքով եմ միշտ
Սրտիս խորքերից ողբում աղեկեզ.
Հանգիստ չեմ փնտրում, այլ պաղատում եմ 
Տեսնել երեսը հանգստարարի, 
Ոչ թե հարսնետան խրախճանքի, այլ
Փեսայի անանց անձկությամբ եմ ես մաշվում միալար, 
Որի զորությամբ, հանցանքներիս ողջ բեռներով հանդերձ,
Հավատում եմ ես աներկմիտ հույսով,
Ամենավստահ ակնկալությամբ,
Ապավինելով կարողի ձեռքին՝
Ոչ միայն հասնել քավության, այլև հենց իրեն տեսնել՝
Ընդունելու գութ ու ողորմություն 
Եվ ժառանգելու երկինքն Աստծո, 
Թեև չափազանց մերժելի եմ ես:

Բ
Սաստիկ ամոթից դեմքով գետնահակ ու կորագլուխ,
Անկարող շարժել լեզուս անվստահ ու անհամարձակ, 
Դիմելով գրչին, որ միջնորդ է մի 
Ամուր կողպեքով արժանապես փակ, պապանձ շուրթերիս, 
Նոր հառաչաձայն պաղատանքների երգեր ոգելով՝ 
Հեծեծանքներով դառն ու աղեկեզ 
Բարձունքներն ի վեր պիտի առաքեմ:

Գ
Ընդունի՛ր սիրով, մեծազո՜ր Աստված, 
Աղաչանքները դառնացած սրտիս. 
Ամոթահարիս մոտեցի՛ր մեծիդ բարեգթությամբ. 
Փարատի՛ր իսպառ, ամենապարգև՜, 
Տխրությունն իմ այս նշավակելի. 
Այս անտանելի ծանրությունները 
Վերցրո՛ւ, թոթափի՛ր ինձնից, ողորմա՜ծ. 
Կտրի՛ր մահացու սովորույթներն այս, ո՜վ հնարագետ.
Ավարի՛ մտանիր, մշտապես հաղթո՜ղ,
Հրապույրները մոլորապատիր.
Ցրի՛ր, վերնայի՜ն, գայթակղության մառախուղն անհետ.
Խափանի՛ր, փրկի՜չ, հարձակումները կորուստ նյութողի.
Ջնջի՛ր, ծածկատե՜ս, որոգայթներն այս նենգ ու պատրական.
Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի՛ր, հզո՜ր։
Կնքի՛ր անունովդ լուսանցույցն հարկիս. 
Պարփակի՛ր ձեռքովդ առաստաղն իմ տան,
Օծի՛ր քո արյամբ մուտքն իմ սենյակի, 
Սուրբ նշանը քո դրոշմի՛ր ամուր 
Մաղթողիս բոլոր ճամփեքի վրա. 
Աջովդ ամրացրո՛ւ խշտիս հանգստյան
Մաքրիր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից,
Կամքովդ պահպանի՛ր հոգիս տառապյալ 
Ու մարմնիս շունչը, քեզնից շնորհված, անարատ պահի՛ր, 
Շրջափակի՛ր ինձ ամուր՝ երկնային զորքիդ բազմությամբ՝
Որպես դիմամարտ դևերի գնդին:
Սուրբ Աստվածածնիդ և ընտրյալների բարեխոսությամբ՝ 
Շնորհի՛ր նիրհիս այս մահահանգույն՝ 
Խորին գիշերում բերկրալի հանգիստ:
Ամփոփի՛ր մտքիս և զգայության 
Տեսանելիքի պատուհանները, պարուրի՛ր այնպես, 
Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝
Ամեն մրրկահույզ ալեբախումից, 
Առօրյա նանիր հոգսերից բոլոր,
Անրջական սին երազանքներից, 
Այս ցնորքներից խենթ ու խոլական, 
Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ:
Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից,
Լիովին զգաստ ու հոգենորոգ
Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝
Մաղթանքներն իմ այս, հավատքիս բուրմամբ,
Ո՜վ ամենօրհնյալ ու անճառելի փառքի թագավոր, 
Զուգաձայնությամբ ողջ երկնագումար 
Փառաբանական բազմություններիդ, 
Բարձունքներդ ի վեր առաքեմ առ քեզ: 
Քանզի դու բոլոր արարածներից
Փառավորյալ ես հավիտյաններից հավիտյանս, ամեն: