ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Հայ-թուրքական ընդհարումները շարունակվեցին այնուհետև վեց ամսից ավել։ Իսկ ռուս բյուրոկրատիայի ձեռնարկած նոր միջոցն այն էր, որ պատժիչ արշավախումբ ուղարկվեց Ղարաբաղի Վարանդա գավառը` բացառապես հայերին պատժելու համար։
Թե ինչու էին միայն հայերը պատիժ կրում, իսկ թուրքերը բոլորովին հանգիստ էին թողնվում, սա ցարական չինովնիկների մեկ այլ գաղտնիքն էր։ Ընդհարումները վերջանալուց հետո` անգամ դատաստանական գործեր սկսվեցին դարձյալ միայն հայերի դեմ, որոնցից շատերը Սիբիր աքսորվեցին, մինչդեռ թուրքերն ազատ մնացին պատիժներից․․․
Պատժիչ արշավախումբը մի նոր աղետ դարձավ Վարանդայի համար։ Ցարի զորքերը գազանություն չթողեցին, որ չկատարեն հայ գյուղերում։ Կողոպուտը, էկզեկուցիան, տուգանքները, ծեծերը, նույնիսկ պառավ կանանց բռնաբարումը սովորական բաներ էին այդ «քրիստոսասերների» համար։
Ահա մի կտոր այն հեռագրից, որ Շուշիի կանայք ուղարկեցին Նիկոլայ Բ-ի կնոջը.
«Մի ամբողջ տարվա հայ-թուրքական կոտորածի արյունահեղ սարսափներից հետո մեզ` հայերիս վրա պայթեց մի նոր և ավելի ահեղ արհավիրք, որի նմանը մեր պատմությունը չի հիշում նույնիսկ մահմեդական տիրապետության ժամանակներից։
Մեր գավառն է ուղարկված կազակների թռուցիկ խումբը, իբր թե հայերին ու թուրքերին խաղաղեցնելու և նրանց մեջ կարգն ու հանգստությունը վերականգնելու համար։ Այս զորախումբը, որի հրամանատարն է փոխգնդապետ Վիվերինը, և որի գործողությունները ղեկավարում են գավառապետ Ֆրեյլիխը և հաշտարար միջնորդ Երմոլաևը, գավառի խաղաղ հայ ազգաբնակչության վրա այնպիսի սարսափելի բաներ է գործադրում, որոնց նկարագրելը մարդու երակների մեջ արյուն է սառեցնում։
Զինաթափ անելու պատրվակով կազակները մտնում են անպաշտպան ազգաբնակչության տները, կողոպտում են բոլոր արժեքավոր իրերը, ոչնչացնում և անպետք դարձնում ժողովրդի վերջին ստացվածքը, թափում են հացահատիկների ամբողջ պաշարը ցեխի մեջ և հենց այստեղ էլ ոտնահարում, տրորում են։
Գյուղացիներին գանակոծում են և ենթարկում ամենասոսկալի տանջանքների, որոնց պատճառով մահվան դեպքերը հազվագյուտ չեն, և կատարում են այնպիսի շատ ուրիշ բաներ, որպիսիները չեն կատարվել նույնիսկ թշնամու երկրում։
Եվ ահա դեռևս թուրքերի ձեռքով հրդեհված գյուղերի և քաղաքների մխացող ավերակների առաջ երևում են նոր ավերակներ՝ կազակների ձեռքով կատարված, և թուրքերի ձեռքից ընկած զոհերի դեռևս թարմ գերեզմաններին կից ավելանում են նորերը` կազակների շնորհիվ։ Եվ այդ բոլորը կատարվում է նրանց հրամանատարների ներկայությամբ։
Բայց որ ամենասարսափելին է և, որ կարող է խորապես վրդովեցնել ամեն մի կնոջ, դա այն է, որ պղծվում է ամեն մի կնոջ համար ամենանվիրական սրբությունը` նրա կուսությունը։ Իրենց ամուսինների, եղբայրների և հայրերի աչքի առաջ բռնաբարվում են կանայք, քույրերը և աղջիկները, սկսած վաթսուն տարեկան պառավներից մինչև տասնմեկ տարեկան աղջիկները։ Չեն խնայում անգամ երկունքով բռնված կանանց անկողինները»։
Այս բոլորը իսկապես սարսափելի է, բայց եզակի և անօրինակ չէր 1905 թվի ու դրան հաջորդող տարիների համառուսական իրականության մեջ։
Լեո, «Անցյալից»