Author
Միսաք Մեծարենց

Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Եւ ես` հանգոյն երփնալուցկի վառող մանկան`
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դէմքի մը վրան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զանգակներո՜ւ պէս զայն կախեմ ամէն դըրան`
Ու զերթ նարօտ ամէն դըրան զայն պըսակեմ:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ճրագներու պէս զայն բոցեմ բազմաստեղնեան`
Խաւարին մէջ ամէն երդ ու խրճիթներու:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զայն սրբասաց իմ հոգեակիս ընեմ խորան`
Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրեան:
Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական,
Ու չըլլայ որ ուրիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվէժին մէջ դափիս ձայնին:
Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական,
Ու չըլլա՜յ որ ծափիս ձայնին երգը գուժկան
Եսիս սենեա՜կն ունենայ` ցու՜րտ առանձնարան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ու սեղանիս վըրայ դրուած մէն մի նըկան`
Զոյգ մը խինդե՜ր գէթ ունենայ թող խաչանիշ:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ու բաղխեմ զայն սրտիս ժայռին` իբրեւ մական`
Որ բղխեցնէ ջուրն աներկմիտ երանութեան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զայն ջուրերու վըրայ ձըգեմ իբրեւ ուռկան,
Զայն իբր արօր ակօսներո՜ւն ձըգեմ վըրան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զայն իբր անձրեւ ցօղեմ ամէն դաշտին վըրան,
Զայն իբր արեւ բաշխեմ ամէն հորիզոնի:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զայն ընդգրկած իտէալին ըլլամ որսկան.
Զայն լաստ ըրած ես Լոյսերու նաւո՜րդն ըլլամ:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ժողվել` հոգւոյն մէջ ծերերուն, կոյսին, մանկան,
Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանուորին:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ժողվել` հոգւոյն մէջ ամէնո՜ւն, համայնական
Հոգւոյն ամէն մասնիկներուն մէջ` ամէն ժամ:
Ճամբաներէն, ու գետերէն, ու դաշտերէն,
Անտառներէն, ու լեռներէն, ու ձորերէն,
Տանիքներէն, ու տուներէն, ու դուռներէն`
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական:

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։

Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։

1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։

1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա(Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։

Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։

1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։

1901-1902 թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը իբրև հսկիչ։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։

Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։