Ա
Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա՛,
Դեպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստված.
Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող`
Անձս տոչորող թախծության հրի վրա դնելով` Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առավե՛լ սիրով,
Քան պատարագը բոլորանվեր, մատուցված ծխով ամենաառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու
Հաճությամբ հոժար և ո՛չ բարկությամբ:
Բանավոր զոհիս նվերն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակից սենյակի խորքից
Բարձրանա և քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո՛ր,
Թող որ տաղտկալի չթվա քեզ այդ,
Ինչպես ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դեմ բողոք է գրել Եսային0Եսայի Ա. 15
Եվ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝ Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում
ասված1Սաղմ. ՀԲ.7:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն, Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը
կանգնեց2Բ. Թագ. Զ. 17 Հանուն գերադարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին:
Բ
Բայց և ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի
Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա3Հովել Գ. 2-4,
Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ Էությունս հուզող շարժումներ ներհակ
Ու խուռն ամբոխվող խռովություններ:
Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով՝
Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ, Ինձ մահվան գերի դարձնելով համակ,
Ինչպես երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը,
Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով,
Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում4Գործք ԺԳ. 38, Հռովմ. Ը. 2-3:
Զի եթե ճիշտ է, որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես Գիրքն է ասում,
Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ Կեդրոնի հովտում նեղանձուկ5Հովել Գ. 2, 14,–
Դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր,
Որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն ինձ պարզ,
Ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մարմնացյալ Աստուծո,
Որը ենթակա պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների,
Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն ինձ պիտի ավելի սաստիկ,
Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու,
Որ մի ժամանակ եդովմայեցի և փղշտացի և այլ բարբարոս ազգերի զարկեց:
Եվ, սակայն, նրանց չարչարանքները կարճատև եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի, ո՛չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,-
Ըստ մարգարեի և առակողի6Եսայի ԻԴ, 17, Երեմ. ԽԸ. 43,-
Սաստիկ տագնապով դուռս ափ առած՝ Մշտնջենական ամոթն են իրենց գծագրում արդեն:
Եվ արդ, միայն դո՛ւ կարող ես գտնել հրաշագործ դեղեր,
Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման և տարակույսի,
Քավի՛չ բոլորի, անսահմանելի բարձրությանդ մեջ
Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:
Բան Բ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Քանզի մարմնավոր շուրթերով, ահա՛, ուղերձ ես կարդում բարձրյալ Աստծուն,
Որ գործերով է գրավվում միայն և չի կաշառվում բանաստեղծությամբ,
Եվ քո սրտի մեջ նայում ես դու միշտ դեպի Եգիպտոս,
Համապատասխան քեզ ի՞նչ օրինակ դնեմ ես այստեղ, անձ իմ հանցավոր:
Պատժակից եմ ես քանդված Սոդոմին,
Պապանձված դատախազն եմ Նինվեի,
Սոսկալի բարբարոս՝ ավելի, քան տիկինն հարավային,
Քանանից վատթար ավելի և Ամաղեկից համառ,
Կուռքերի քաղաք անբժշկելի7Երեմ. ԾԱ. 9,
Հին Իսրայելի ապստամբության մնացած բեկոր,
Հիշատակարան պահված՝ Հուդայի ուխտազանցության8Երեմ. Գ. 11:
Կշտամբված եմ ես ավելի, քան Ծուրը Եվ Ծայդանից ավելի տարամերժված.
Խորթաբարո ավելի, քան Գալիլիան,
Եվ քան անհավատ Կափառնայումն աններելի9Մատթ. ԺԱ. 23-24. Պարսավված եմ ես, ինչպես Քորազինը և
Բեթսայիդայի հետ բամբասված.
Անպարկեշտության մեջ սպիտակած մազերն եմ
Եփրեմի10Ովսեե Է. 9.
Աղավնու նման մեղմ եմ ես՝ հիմարությամբ և ո՛չ հեզությամբ11Ովսեե Է. 11.
Օձ եմ ես բանավոր եղեռնական՝ առյուծի կորյուններից ծնված12Եսայի Լ. 6.
Ժանտությամբ լցված քարբի ձվերի կերպարանքն ունեմ13Եսայի ԾԹ. 5,
Պատկերն եմ ես Երուսաղեմի վերջին հարվածների,
Ըստ գուշակության տեսանողների և տերունական խոսքի համաձայն:
Կործանման հասած մերժված տաղավար եմ ես,
Կրկնակի ներկված շինվածք եմ խոսուն՝
Խորտակված դռան ջարդված փականքով:
Ժառանգություն եմ վայելուչ թեև, սակայն և
թողնված, Մոռացված տուն եմ աստվածակերտ,
Ինչպես ասել են Մովսեսը, Դավիթն ու Երեմիան:
Բորոտությամբ վարակված բանական մի տուն
եմ ես՝ Ապաշխարության խրատին ենթարկված,
Օրենքով նորոգված և ծեփված կավով՝ ողոք հեզության,
Բայց ճարահատված այլևս բուժման մի ելք գտնելուց՝
Շինողի ձեռքով լրիվ քանդըված,
Եվ հրամանով Հզորի, իբրև արդար հատուցում,
Դուրս նետված անսուրբ մի վայր՝ անխնա,
Հեռու վտարված և տարագրված14Հմմտ. Ղևտ. ԺԴ. 35-46:
Հողի տակ թաղված դրամն եմ անպետ՝
Ավետարանի ավանդակորույս ուրացողի քանքարի նման15Մատթ. ԻԵ. 24-25:
Բ
Սակայն դու, ո՜վ Աստված,
Աստվա՛ծ հոգիների բոլոր ու մարմինների,
Աստվածաշնորհ Մովսեսի դավանությամբ,
Եվ ըստ ձայնի երկայնամիտ ու բազումողորմ
սուրբ Հովնանի,-
Տուր ինձ ուժ, որպեսզի քո օրհնյալ կամքին ի
հաճություն Կարողանամ ավարտել աղոթամատյանն այս ողբերգական,
Որ սկսել եմ ես ահավասիկ:
Եվ մինչ արցունքով եմ սերմանում խոսքերս
Մեզ համար պատրաստված օթևաններդ տանող Ճանապարհի վրա ոտք դրած պահին այս իմ, Թող որ, երբ հասնեմ հունձքն հավաքելուն՝
Դառնամ բերկրալից ու երջանիկ և լիովին քավված՝
Բարի օրանների երանական արդյունքով:
Մի՛ տար ինձ սրտի արգանդ անորդի Իսրայելի պես,
Եվ ոչ էլ ցամքած ստինքներ աչքի, ո՜վ ամենագութ:
Լսի՛ր բանական աղաչավորիս, հզո՛ր ողորմած,
Նախքան երկնքին, երկինքը՝ երկրին, երկիրը՝
գինուն, ցորենին, ձեթին, Եվ սրանք բոլորն էլ Իսրայելին16Ովսեե Բ. 21-22՝ ի՛նձ լսիր. Երկնավորների աղերսը առ քեզ՝
Թող ազդի հոգուս, քան թե տարրերին ապականացու:
Ստեղծիչ ես դու, և ես ինքս՝ կավ.
Հեծեծագին այս աղոթքներիս նախամուտքում. Հայտնի՛ր, գթառատ, քաղցր կամքըդ ինձ՝ տարակուսյալիս,
Որպեսզի այստեղ, երկրի վրա իսկ զորանամ ես,
Եվ, երբ որ բացվի երկինքը վերին,
Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ, անընտել՝
Մոմի պես հալվեմ, սպառվեմ իսպառ, ջնջվեմ մեջտեղից:
Սիրտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է գոչել աղոթքով17Ովսեե Բ. 21, Զաք. Ը. 12,–
Ուժ՝ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից,
Եվ ո՛չ անձկությամբ ու չարչարանքով քեզ որոնելուց:
Ա՛ռ մաղթանքներիս ավանդն այս և տուր ողորմությունը քո շնորհների:
Ընդունիր դու այս փոքրը տկարիցս և շնորհիր մեծը հզորիդ կողմից:
Զղջումիս խոսքերն արա՛ զորավոր, մեզ ուղարկելով Հոգիդ բարձունքից,
Պատգամներով այն աստվածաշունչ, որոնք դրել եմ ես այս գրքիս մեջ:
Հաճի՛ր, բարերար, լուսավորելով ճշմարտապատում առակն Եսայու,
Մատուցելով ինձ՝ մահվան արժանուս
Գոյությանս անարգաձայն պղնձի փոխարեն՝ շնորհիդ ոսկին՝
Անզարդ, սևաթույր երկաթի տեղակ՝ հրաշեկ պղինձը Լիբանանի18Եսայի Կ. 17,
Որ օրինակ է առաքինության,
Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահավոր,
Որ չթափանցի երկյուղդ այնտեղ:
Թող որ չլինեմ ես անպտուղ՝ փոքր այս վաստակիս մեջ՝
Անբերի հողում, իզուր, ապարդյուն սերմանողի պես:
Չլինի, որ երկնեմ ես, և չծնեմ,
Ողբամ՝ և չարտասվեմ, խորհեմ՝ և չհառաչեմ,
Ամպեմ, և չանձրևեմ, ընթանամ՝ և չհասնեմ,
Ես ձայն տամ, և դու չլսես, պաղատեմ՝ և անտես մնամ,
Կողկողեմ՝ և ինձ չողորմես, աղաչեմ՝ բայց ոչինչ շահեմ,
Զոհ մատուցեմ, և չմխամ,
Տեսնեմ քեզ՝ և դատարկ դուրս գամ:
Դեռ քեզ չդիմած՝ լսիր ձայնս դու, ո՜վ միայն հզոր:
Մեղքերով ապրած օրերիս չափով
Տանջանքի տուգանք վճարել մի՛ տա ինձ՝ չարագործիս:
Փրկիր ինձ, գթած, լսիր, ողորմած,
Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,
Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապավեն,
Բարերարիր, հզոր, ազատիր, ամենակալ,
Կյանք տուր, նորոգող, վերականգնիր, ահավո՛ր,
Լուսավորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս,
քավի՛ր, անքնին, Պարգևատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ,
Հաշտվիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ,
Ջնջիր պարտքերս, օրհնյա՜լ:
Երբ հասնի վերջին օրս թշվառ,
Եվ ես հառեմ աչքերս տեսնելու վտանգները կրկնակի,
Քո փրկությո՜ւնը տեսնեմ թող, հո՜ւյս և խնամակալ:
Եվ երբ ուշադիր նայեմ դեպի վեր՝ ամենագրավ ճամփին սոսկալի,
Խաղաղության հրեշտակդ թո՛ղ քազցրությամբ հանդիպի ինձ:
Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցույց տուր ինձ դու, Տե՜ր,
Երկնավորներից եկած երջանիկ, մաքուր մի ոգի,
Որ լուսաթռիչ՝ ի՜նձ հասնի՝ սիրուդ պարգևը առած:
Հասցրու ինձ նույնպես կարեկից մի՝ մեռած արդարներից.
Հուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգևիր:
Քա՜վ լիցի, թե դու, ո՛վ բարեբանյալ, որ փրկությունն ես բոլորի,
Հիվանդ ոչխարիս դժնդակ գազան և մի տաս ուղեկից.
Պարգևիր վերին կյանք անապական՝ մեղքով մեռածիս,
Եվ փրկություն՝ պարտքերի տակ կործանվածիս:
Գ
Մի՞թե պիտի մոռանաս բարերարելդ, ո՜վ ակնկալություն,
Պիտի անտեսե՞ս գթասիրելդ, ո՜վ խնամող.
Պիտի փոփոխե՞ս մարդասիրելդ, ո՜վ անփոփոխ.
Պիտի նահանջե՞ս կենսագործելուցդ, անվախճա՜ն.
Պիտի թողնե՞ս ողորմությունդ, երջանի՛կ պտուղ.
Պիտի աղավաղե՞ս բարեշնորհ ծաղիկը քո քաղցրության.
Պիտի անպատվե՞ս նյութը պանծալի քո հարստության.
Պիտի պակասեցնե՞ս փառքը վարսերի քո բարձրապանծ19Ա. Թագ. ԻԶ. 19,
Պիտի չպահե՞ս պսակիդ պայծառ զարդը վայելուչ:
Եթե ողորմածներին է երանությունը,
Եվ դու, որ համակ արքայություն ես սիրով լիուլի,
Մի՞թե չպիտի պարգևես դու քո փրկությունն ամբողջ.
Դեղ չդնե՞ս պիտի իմ վերքերին
Եվ սպեղանի՝ խոցվածներիս և տկարությանս՝ դարման չպիտի՞ տանես,
Պիտի չծագե՞ս լույս՝ խավարի մեջ –
Ինձ, որ զորությանդ վրա եմ միայն իմ հույսը դրել,
Տիեզերակա՛ն դու կենսապարգև:
Դո՛ւ միայն ունես փառք իսկ ի բնե, մշտնջենապես,
Եվ արարածներն համայն առհավետ վկայում են այդ:
Օրհնված ես դու և փառավորված հավիտենության մեջ եռապատիկ
Եվ իմանալի հավիտյանների սահմանից էլ վեր՝ Միշտ ու միշտ. ամեն:
Բան Գ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Տե՛ր իմ, Տե՛ր պարգևատու, ինքնաբուն բարի,
Բոլորին տիրող հավասարապես, միայն Արարիչ դու ամեն ինչի.
Փառավորյալ անքնին, ահեղ ահարկու, սոսկալի հզոր,
Անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի,
Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշոշափելի, անորոնելի,
Անսկիզբ և անժամանակ, անշամանդաղ գիտություն,
Համարձակ տեսողություն, ճշմարիտ էականություն,
Բարձր և խոնարհ, օրհնաբանված գոյություն.
Անստվեր ծագում, ամենափայլ ճառագայթ, խոստովանված լույս,
Անտարակույս վստահություն, կատարյալ հանգիստ,
Անհեղելի կնիք, անսահման պատկեր, վկայված անուն,
Ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության,
Հաց՝ հոգին հաստող, սեր՝ մթանն օտար, աներկբա խոստում,
Ծածկույթ ցանկալի, զգեստ անկապուտ, օթոց
բաղձալի, Զարդ վայելչական, մեծազոր պաշտպան, գովված ապավեն,
Աննվազելի շնորհ, անպակասելի գանձ,
Անապական անձրև, արփիացնցուղ ցող,
Ամենաբույժ դեղ, ձրի բժշկություն, կրկնաձիր առողջություն,
Վեհագույն խրախույս, անպատիր կոչում, հանուր ավետիս,
Ստրկամեծար թագավոր, աղքատասեր պաշտպան, մշտահարուստ տվող,
Անխափան ընթացք, աննահանջ հրաման,
Անհամառոտ հույս, երկար տեսողություն, տուրք անզղջական,
Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք, անաչառ աչք,
Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր, բերկրության բերումն,
Անուն կենդանի, նախախնամող մատ,
Անմոլար ճամփա, անխարդախ ընթացք, կենդանարար կամք,
Աննենգելի խրատ, աննախանձ պատիվ, լայնարձակ հնարք,
Անձկական պայման, անգտնելի հետք, աներևույթ շավիղ,
Անչափագիր պատկեր, քանակությո՜ւն անսահման,
Աննմանական տիպ, անզուգական գութ, ողորմություն բազմազեղ,
Խոնարհություն տոնելի, համբույր փրկարար,
Կա՜ն դեռ շատ ուրիշ խոսքեր ավելի վեհ ու վայելուչ
Նվիրելու քեզ՝ աստվածությանդ:
Օրհնված, գովված, բարեբանված, քարոզված, ավետարանված,
Հռչակված, հնչեցված, պատմված,
Աղաչված կամքով անխաբելի,
Եվ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ քաղցր բխումով,
Որոնք մեր հաջորդ ճառերում պետք է որ լուսաբանվեն:
Որով և պիտի դու զվարթանաս իմ փրկությամբ, ո՜վ երանություն,
Ախորժ զգացմամբ լցված լիուլի:
Դատարկ բառերով հյուսված երգով չէ, որ փառավորվում ես դու,
Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ դառնա մի պատճառ քո մեծ փրկության:
Բ
Ողբե՜ր երգեցի ես շարահյուսված այս նոր մատյանում,–
Որն իբրև կցորդ, մեծապես գիտակ բոլոր վշտերի՝
Նշավակում է ուրույն պատկերով կրքերը ամեն մարդու պատահող,–
Այս երկրում ապրող ամեն հասակի բանականների համար անխտիր,
Աշխարհում ցրված բազմասփյուռ բոլոր քրիստոնյաների,
Բոլոր նրանց, որոնք կյանքի առաջին շրջանումն են,
Եվ նրանց, որոնք արբունքի են հասել,
Նրանց, որ մոտ են անկար ծերությամբ կյանքի վախճանին,
Մեղավորների և արդարների,
Բարձրահոն ինքնամեծարի և իր սխալն ընդունող անձնադատի,
Բարիների և եղեռնագործների, նկունների և արիների,
Ստրուկների և հպատակների,
Գերաշխարհիկների և սեպուհների, միջակների և պայազատների,
Շինականների և տոհմիկների, արուների և էգերի,
Հրամայողների և հնազանդվողների, վսեմների և նվաստների,
Վեհերի և փոքրերի, ազնվականների և ռամիկների,
Ձիավարժների և հետևակների, քաղաքացիների ու գեղջուկների,
Ահավորի սանձով բռնված գոռոզ արքաների,
Վերնականների հետ խոսակցող մենակյացների,
Մաքրակենցաղ ու տիրանվեր զգաստների,
Երջանկակրոն և ընտրելագույն քահանաների,
Վերակացու և բարեզգեցիկ առաջնորդների,
Նախաթոռ գահակալների, սրբանվեր տեսուչների համար,
Որոնցից ոմանց՝ աղերս-աղաչանք և ոմանց՝ բարի խրատներ
Հորինեցի ես աղոթքի համար՝ այս մատենիկով,
Որ հոգուդ զորությամբ եմ ձեռնարկել,
Գրի առնելով մաղթանքներ պես-պես,
Որպեսզի խնդրանքներն այս բոլորի սրանով ընդմիշտ
Քո մեծ գթությա՜նը ներկայացվեն:
Գ
Արա՛ այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ,
Բժշկի՛ր նրանց հոգիները դու և հանցանքները սրբի՛ր,
Թո՛ղ պարտքերը նրանց և արձակի՛ր կապանքները մեղքի:
Արտասուքները թող բխեն սրանով հրահանգվողների,
Եվ թո՛ղ սրանով պարգևի նրանց իղձ ապաշավի:
Շնորհվի թող, ո՜վ Տեր, նրանց հետ և ի՛նձ զղջումի կամք,
Ինչպես և նրանց՝ ի՛մ իսկ բառերով՝ շունչ բարեհամբույր.
Թող այս մատյանով և ի՛նձ նվիրվի պաղատանքը նրանց,
Եվ իմ խոսքերով իմ փոխարեն էլ խնկվեն նրանց հեծեծանքները:
Ողբերգությունն այս սիրով ճաշակող սրտերում թող որ
Շնորհիդ լո՜ւյսը մտնի և բնակվի:
Եթե պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայվեն,
Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, որոնք կենդանի են քեզ համար.
Եթե սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից,
Ո՜վ խնամակալ, անձրևի՛ր նաև նրանք ի՛նձ վրա:
Հաղորդակիցներն այս կենաց գրքի՝ թող փրկվածներին լինեն դասակից:
Քո կամքով, օրհնյալ, թող որ նաև ե՛ս համարվեմ փրկված:
Եթե խոսքերի իմ ազդեցությամբ որևէ մեկի
Սրտի խորքերից Հնչեն հառաչներ աստվածահաճո,
Թող որ նրա հետ, ո՜վ բարձրյալ, և ե՛ս օգտվեմ քեզանով.
Թե մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ քեզ կարկառվի,
Թող իմ ձայնի հետ հասնի, միանա
Եվ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցվող աղոթքների.
Եթե ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,
Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին նվիրված լինեմ:
Եթե բանավոր պատարագն այս իմ հաճո լինի քեզ և գնահատես,
Ուրիշներինն էլ, առաջ, քան թե իմ, թող քեզ ընծայվի.
Եթե տրտմությամբ մի ոք սրտաբեկ նվաղի տկար,
Թո՛ղ կանգնի դարձյալ հառաչանքների այս հաստարանով՝ քեզնով հուսադրված.
Եթե ամբարտակն ապահովության խորտակվի մեղքով,
Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապես կառուցվի՜
դարձյալ, աջովդ պաշտպանված.
Եթե հանցանքի սրով կտրվի հույսի լարը ձիգ,
Ամենակալիդ կամքով թող դարձյալ կցվի ամրապես՝ քո պատվաստումով.
Եթե հոգեկան ցավի մի վտանգ պաշարի մեկին մահացու կերպով,
Թող որ փրկություն գտնի սրանով՝ հույսով ապրելու,
Ո՜վ կեցուցիչդ քեզ աղոթողի:
Տարակուսանքի տագնապով եթե խոցոտվի մի սիրտ,
Թո՛ղ քո քաղցրությամբ՝ բուժվի սրանով և առողջանա.
Թե անքավելի մեղքի կորստյամբ մեկն ընկղմել է խոր անդունդի մեջ,
Այս կարթով թող որ դեպի լո՜ւյսը գա՝ քո պաշտպանությամբ.
Թե խավարային գործերով թմրած՝ ուժասպառ է ոք,
Թող որ զորանա քեզ ապաստանած, միա՜կ ապավեն.
Եթե պահպանակը վստահության լքել է մեկի հոգին,
Ա՛յս միջնորդությամբ թող ձեռքդ նրան ընդունի դարձյալ և ամրապնդի.
Եթե ոք հսկող պահապաններից հեռու դեգերի,
Այդպիսին թող որ սպասի սրանով նորոգչիդ դարձին.
Եթե դիվային ջերմի սարսուռը խռովի մեկին,
Սթափվի՛ թող նա խաչիդ խորհրդի
Այս խոստովանված ու երկրպագված նշանի առջև.
Անօրենության խորտակիչ հողմի մրրիկը եթե
Մարդու մարմնեղեն շինվածքն աշխարհի ծովում հարվածի,
Թող որ քո կողմից շինված այս ղեկով, առագաստներով խաղաղվի՜ դարձյալ:
Դ
Մատյանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրյա՜լ,
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր:
Սկսածն այս իմ՝ իր ավարտին հասցրու դու
Եվ թող քո Հոգին խառնվի սրան:
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,
Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին
Եվ ընդունում փառք բոլորից. ամեն:
Բան Դ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ քանզի խոսել սկսեցի քեզ հետ,
Որ կենդանի շունչն ունես ձեռքիդ մեջ բազմամեղ հոգուս՝
Սարսում եմ սաստիկ տագնապով իրոք ու դողդողում եմ երկյուղից ահա՛,
Զի հիշելն անգամ քո անխուսափելի և անաչառ դատաստանի մասին,
Ուր պիտի մեղքերն իմ կշտամբվեն, ո՜վ Արարիչ երկնի և երկրի,
Ահավոր է և անպարփակելի ու վեր ամեն սահմանումից:
Մանավանդ, որ չկա բժշկություն իմ բազմավտանգ, անողջանալի սաստիկ վերքերին,
Որոնք ստացա հոգիս կորստյան մատնողի մահաբեր ժանիքներից
վ չիք պատասխան «պատերազմի օրն», - ըստ առակողի20ժողով. Ը. 8:
Հնար չի լինի ո՛չ խոսքով արդարանալ, ո՛չ վերարկուի տակ պահվել,
Ո՛չ դիմակավոր՝ կեղծել և ո՛չ երեսպաշտ խոսքերով մոտենալ,
Ո՛չ շինծու ձևերով խաբել, ո՛չ կցկտուր բառերով ստել,
Ո՛չ արագոտն փախչել, ո՛չ թիկունք դարձնել, Ո՛չ երեսն ի վայր՝
դեմքն հողին քսել, Եվ ո՛չ էլ երկրի խորքերում թաքնվել,
Քանզի ծածկվածները բաց են քեզ համար և աներևույթներն՝ հրապարակված:
Արդարությունն իմ նվազել է իսպառ և ունայնացել,
Մեղքերս հայտնի են դարձել և շատացել են է՛լ
ավելի, Մնացական են չարություններն իմ, և ես՝ կորստական.
Իրավունքի կշիռն է պակասած, և անիրավությունն իմ՝ միանգամից զորացած.
Բարեգործության պտուղներն են հալած, և սխալմունքներն արձանացած.
Ավանդն է կորած, և դատակնիքն այժմվանից գտնված.
Մահվան մուրհակն է գրված, և ավետման կտակն եղծված.
Բարերարն է տխրած, և բանսարկուն ուրախացած.
Հրեշտակների գունդը թախծած, և սատանան խնդասիրտ պար բռնած.
Վերնական զորքը ողբի մեջ, և երկրայինները բերկրած.
Սպանողի մթերանոցն է լի, և պահպանողի գանձը կողոպտված.
Օտարի մասն է կանգուն, և Ստացողի պարգևը՝ մատնված,
Ստեղծողի շնորհն է մոռացված, և կորուսչի ծուղակները պահված.
Փրկչի երախտիքն է հեգնված, և Բելիարն է զվարթացած.
Կենաց աղբյուրն է փակված, և գոռոզի ժանգը ժանտիս հասած:
Բ
Եվ արդ, ինչպես Գիրքն է ասել դեռ առաջուց21Հոբ Գ. 2-3, Ցանկալի չէ՞ր արդյոք չստեղծվել երբեք արգանդի մեջ, Չձևավորվել որովայնում և չծնվել,
Ո՛չ մարդկանց թվում գրվել և ո՛չ աճել, առնել հասակ,
Ո՛չ գեղեցիկ պատկերով զարդարվել և ոչ էլ օժտվել խոսելու ձիրքով,
Քան թե ենթարկվել այսպիսի սաստիկ ու սարսափելի ծանրությունների,
Որոնց չեն կարող դիմանալ կարծր քարերը նույնիսկ,
Էլ ո՜ւր կմնան մարմինները լույծ:
Գ
Ուստի, բարեգութ, աղաչում եմ քեզ, տո՜ւր ինձ ողորմություն,
Դու, որ քո խոսքերով սահմանեցիր մեզ վարվել այսպես,
Ասելով. - Տվե՛ք այդ նվերն Աստծուն՝ ձեր փրկության համար,
Ու մաքրվեցեք, քանզի ողորմություն եմ ուզում ես և ո՛չ պատարագ:
Այդ խոսքդ հիշելով, բարձրացի՛ր ահա վերստին, խնկվա՜ծ,
Դու, որ ունես ամեն ինչ և ամեն ինչ քեզանից է.
Քեզ փա՜ռք բոլորից. ամեն:
Բան Ե
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ես որ մարդ եմ երկրածին՝
Անկայուն կյանքի երևույթներով զբաղված,
Եվ պատրող գինու հիմարությամբ արբած,
Որ ստում եմ ամեն ինչով ու ոչ մի բանով ճիշտ
չեմ խոսում, Վերոհիշյալ բոլոր ախտանիշներն իմ մեջ կրելով,
Ես ի՞նչ երեսով հանդգնեմ կանգնել ատյանիդ
առաջ, Ո՜վ արդարադատ, ահավոր անճառ, անպատում, հզոր Աստված բոլորի:
Մեղանչած հոգուս ապերախտությունն համեմատելով երախտիքիդ հետ,
Պիտի ցույց տամ, թե զորեղ ես դու միշտ իրավունքիդ մեջ,
Եվ հանիրավի գործերովըս ես՝ հավետ պարտական:
Դու ստեղծեցիր ինձ քո պանծալի պատկերի նման,
Քո նմանությամբ օժանդակելով անուժ-տկարիս:
Բ
Խոսելու շնորհով զարդարեցիր ինձ և փայլեցրիր ներշնչումով22Ծննդ. Բ. 7,
Ճոխացրիր ինձ մտքով և իմաստությամբ աճեցրիր,
Հանճարով հզորացիր ինձ՝ մյուս շնչավորներից տարբերելով,
Իմանալի Հոգով շաղեցիր ու պճնեցիր անձնիշխանությամբ,
Ծնեցիր հայրաբար, սնեցիր դայակորեն, խնամեցիր որպես տեր,
Տնկեցիր ամբարիշտիս քո գավթի մեջ,
Ոռոգեցիր կենաց ջրով և ավազանի ցողով մաքրեցիր.
Ու կենսատու վտակով արմատացրիր,
Երկնային հացովդ ջամբեցիր
Եվ արբեցրիր արյամբդ աստվածային,
Անհպելի և անհաս բաների ընտանեցրիր,
Երկրային աչքիս համարձակություն տվեցիր
նայելու քեզ, Եվ փառքիդ լույսով պարածածկեցիր,
Անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ քեզ մոտեցրիր,
Մահկանացու մոխիրս անարգ՝ հարգեցիր իբրև լույսի ճաճանչ,
Քո Հորը հզոր, ահավոր, օրհնյալ՝
Մարդասիրաբար անարժան անձիս հայր անվանակնքեցիր:
Նանրությամբ լցված բերանն իմ չայրեցիր,
Երբ ինձ ժառանգակից անվանեցի քեզ.
Չկշտամբեցիր, երբ հանդգնեցի քեզ կցորդվելու:
Չստվերացրիր աչքիս տեսողությունը, երբ ես հայացքս հառել էի քեզ.
Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր և ինձ,
Չխորտակեցիր դաստակը բազկիս, երբ անմաքրապես բարձրանում էր քեզ.
Չկոտրտեցիր մատներիս հոդերը, երբ քո կենաց Բանն էի շոշափում,
Մառախուղ չպատեց շուրջս, երբ, ո՜վ ահավոր, պատարագ էի ձոնում քեզ23Ինչպես որ պատահեց քահանաներին, երբ տապանակը տաճարի մեջ դնելուց հետո մի ամպ հանկարծ լցրեց Աստուծո տունը, խափանելով նրանց տեսողությունը:.
Չփշրեցիր շարքն ատամներիս, երբ ըմբոշխնում էի քեզ, անսահմանելի՜.
Բարկությամբ խոտորնակ չգնացիր ինձ, մինչ ես խոտորնակի հետևեցի քեզ,
Ինչպես վարվեցիր Իսրայելի տան հետ մոլորագնաց.
Չխայտառակեցիր հարսնարանիդ մեջ ինձ՝ պարերգությանդ անարժանիս,
Ոչ էլ զգեստն իմ գծուծ տեսնելով հանդիմանեցիր անօրենիս,
Կամ կապկապելով ձեռքերս ու ոտքերս՝ արտաքին խավարը հալածեցիր:
Գ
Բարիքներն այս բոլոր և ներողամիտ համբերությունդ
Ընդունել եմ ես քեզանից, ո՜վ բարերար, օրհնյալ և միշտ երկայնամիտ,
Եվ սակայն հանցապարտս ես փոխարինեցի նրանք
Մարմնական և հոգեկան երկրաքարշ հուզումներով
Եվ մտածումներով՝ ախտախորհուրդ ու բազմածուփ:
Սրանք են ահա՛, Աստված իմ և Տեր,
Որ վճարեցի ես քո այնքա՜ն բարիքների փոխարեն.
Ես ինքս հատուցեցի այս չարիքները քեզ,
Ինչպես Մովսեսն իր հանդիմանական առակովն
է ասում, Իմաստությունը մոռացած՝ հիմարություն սիրողս,
Բոլոր այդ բարիքներդ ու երախտիքներդ ես իմ
ունայն վարքով չարաչար վատնեցի:
Բարձրյալիդ խնամքով գումարված լուսավոր շնորհներն այս անճառ
Ցնդեցրի ես խելագարության մրրկով:
Եվ թեպետ բազում անգամ հոգածու ձեռքերդ ինձ երկարելով
Ուզեցիր դու ինձ քաշել դեպի քեզ, բայց ես չցանկացա,
Նմանվելով մարգարեից ամբաստանված Իսրայելին:
Թեև խոստացա քեզ հաճոյանալ, բայց ուխտն իմ չպահեցի,
Այլ նույն չարիքը նյութեցի դարձյալ՝ նախկին կենցաղիս վերադառնալով:
Սրտիս անդաստանը հերկեցի փշեր աճեցնելու համար,
Որպեսզի որոմն արդյունավորվի:
Ինձ են վերաբերում աստվածարյալ սուրբ մարգարեների առածները բոլոր.
Զի դու ինձանից խաղող սպասեցիր, և ես փուշ ընձյուղեցի.
Ես օտար այգիս՝ դառն ու անախորժ պտուղներ տվի.
Փաթաթվեցի հողմին անհաստատ,
Որով մշտածուփ տատանումներով՝ այս կողմ ու այն կողմ եմ տարուբերվում.
Եվ ինչպես որ երանելի Հոբն է ասում՝ գնացի ճամփով անդառնալի,
Ավազի վրա կառուցեցի ես շենք հիմարության՝
Լայն արահետով խաբվեցի հասնել անձկալի
կյանքի, Ինքս փակեցի ելքն ուղևորիս
Եվ կորստյանս խորխորատը ես իմ կամքո՛վ բացի:
Խցկեցի պատուհանն ականջներիս, որ չլսեմ խոսքդ կենդանի,
Փակեցի նայվածքն հոգուս աչքերի, որ չտեսնեմ կյանքի սպեղանին:
Չընդոստնեցի մտքիս լքումից ու թմրությունից՝
Ի լուր պատգամիդ ահավոր փողին.
Չզգաստացա մեծ դատաստանի հրափորձ օրվա
գուժկան գոչյունից.
Չզարթնեցի նիրհից մահացու քնի, որ դեպի կորուստն է առաջնորդում:
Հանգիստ չտվի երբեք քո հոգուն ես իմ մարմնեղեն տաղավարի մեջ.
Բանական շնչիս հետ չխառնեցի մասը պարգևած քո շնորհների.
Ես ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստն, ըստ առակողի,
Մեռցնելու համար կենդանի հոգիս:
Դ
Բայց ինձ ի՞նչ օգուտ՝ հյուսել այս խղճուկ խոսքերը մորմոք, չափաբերական,
Երբ որ անցել է չափն իմ մեղքերի, և անհնար է բուժումը նրանց:
Լոկ դո՛ւ կարող ես կյանք ընձեռել ինձ՝ հոգով մեռածիս,
Եվ անոխակալ՝ ձեռք կարկառել ինձ, օգնելու համար դատապարտվածիս,
Ո՜վ կենդանի դու Աստուծո
Որդի, քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:
Բան Զ
Ա
Բայց ի՞նչ բարիք ինձ և կամ ի՞նչ օգուտ,
Եթե շարելով տողերն այս ողբիս ես հուսալքվեմ
Ու դուրս չթափեմ խոսքի խարանով
Մահացու վերքիս շարավն ամբարված,
Եվ կամ սրտիս մեջ կուտակված ցավի,
Հոգեկան խիթի ծանրությունն ամբողջ
Զզվանք պատճառող մատնամխությամբ ի դուրս չփսխեմ:
Բ
Եվ քանզի արժանի չեղա պարծենալու փառքով սրբերի հետ,
Որոնց բերանները լի են ծիծաղով, և շրթունքները՝ ցնծությամբ,
Ըստ առակողի և սաղմոսողի,-
Ուստի և երկրորդ կարգին դիմեցի,
Որպեսզի այստեղ հիշատակեմ ես իմ նմաններին,
Թեև իմ բարքի թերությունների հետ համեմատած՝
Նույնիսկ նրա՛նք էլ բարձր են ինձանից,
Ինչպես ապաշխարողը՝ չապաշխարողից:
Այսպես, տոնելի եղավ Մանասեն, Պատիվ ստացավ և փարիսեցին,
Զի ես նրանցից ավելի՛ դաժան ամբարիշտ եղա:
Գովվեց անառակ որդին, քանի որ չեղավ նա ինձ պես անդարձ ուխտազանց:
Հիշվեց կեղծավոր որդին Ամասիայի,
Որ չեղավ ինձ չափ ապերախտ սաստիկ և շնորհուրաց:
Օրհնություն առավ ավազակն անգամ, որ դատախազն է անհավատների.
Պոռնիկ կինն անգամ պատիվ ստացավ, իբրև նախամայր զղջացողների:
Փարավոնից ոչ պակաս կարծրացրի ես իմ սիրտը.
Ոչ նվազ եբրայական խուժանի կատաղությունից`
Արարչիդ դեմ ընդվզեցի, Աստվածամարտներից ետ չմնացի
Ու չխորշեցի բոլորիս ստեղծողիդ ուրանալուց:
Ծփացի մրրիկներից հուզված ծովի նման.
Չսարսեցի սաստիկ քո հրամանից ու չպատկառեցի այնքան,
Որքան մեծածուփ ծովի ալիքներն իրենց ափերից:
Իմ գործերի չափն ու քանակը որոշելու համար ավազակույտը վերջացավ,
Պակասեցին նրանց անբավ շեղջերը՝ չափելու կուտակումներն իմ անօրեն արարքների:
Գ
Թեպետև թվով շատ են ծովափին համահավաքված ավազները,
Բայց չունեն նրանք ծնունդ և աճում,
Իսկ իմ մեղքերը ու հանցանքները այնքան շատ են, որ հիշել չի լինի,–
Մեկն իր ծնունդով և մեկ ուրիշն իր շառավիղներով.
Մեկն իր բծերով, մյուսն՝ արկածներով.
Մեկն իր փշերով, մյուսն՝ արմատներով.
Մեկն իր կազմությամբ, և մեկ ուրիշը իր պտուղներով.
Մեկն իր մասերով, մյուսը՝ ճյուղերով.
Մեկն իր ոստերով, մյուսն իր ցողունով.
Մեկն իր ճանկերով, մյուսը՝ մատներով.
Մեկն իր խլրտմամբ, և մյուսն իր ուժով.
Մեկն իր ազդեցությամբ, մյուսն օրինակներով.
Մեկն իր հետքերով, մյուսը՝ մնացորդներով.
Մեկն իր ստվերներով և մեկ ուրիշն իր մթություններով.
Մեկն իր հարձակմամբ, մյուսն՝ հնարքներով.
Մեկն իր պատրությամբ, մյուսն իր դիտավորություններով.
Մեկն իր գրոհով, մյուսը՝ չափերով.
Մեկն իր խորությամբ, մյուսը՝ գարշանքներով.
Մեկն իր կայծերով, մյուսն իր կրքերով.
Մեկն իր մթերմամբ, մյուսն իր գանձերով.
Մեկն իր ցնցուղով, մյուսն՝ աղբյուրներով.
Մեկն իր գետերով, մյուսն իր շանթերով.
Մեկն իր հրդեհներով, մյուսն իր ամոթով.
Մեկն իր վիհերով, մյուսն՝ անդունդներով.
Մեկն իր բորբոքումներով, մյուսն՝ աղջամուղջներով.
Մեկն իր ամպրոպներով, մյուսն իր կայլակներով.
Մեկն իր հորձանքով, մյուսն՝ հեղեղներով ու սառույցներով.
Մեկն իր դռներով, մյուսը՝ շավիղներով.
Հնոցն իր տապով, կրակն իր գոլորշիներով.
Ճարպի հալոցն իր ճենճերումներով.
Օշինդրը իր դառնություններով. Կործանարարն իր հպատակներով.
Բռնավորն իր հելուզակներով.
Գոռոզն իր սպառազեններով.
Ավազակապետն իր գումարտակներով.
Գազանն իր կորյուններով. Խածանողն իր ծակոտվածքներով,
Եվ ապականություն գործողն իր նմաններով:
Դ
Սրանք են ահա՛ հոգիներն համայն մեր ապականող
Գլխավոր մեղքերն իրենց ենթակա և ստորադաս բոլոր մասերով,
Որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է բյուր - հազարներից:
Իսկ ամբողջական թիվը կարող է իմանալ լոկ նա՛,
Որը մեր կողմից չեղյալ համարվածները
Տեսնում է, որպես արդեն գոյություն ունեցող գործեր:
Արդ, եթե մեկը չխաբի իրեն կամ չձևանա
Ու չանհավատի կեղծավորաբար, և պարզ ու հասարակ վարվի,
Ճանաչի իրեն որպես մարդ մահկանացու,
Համարի երկրածին իրեն և իր չափի ու սահմանի մեջ մնա,-
Այդպիսին պետք է հասկանա, որ ես զուր չգրեցի
Մեղքերի բոլոր դեպքերը այստեղ,
Որոնց գլխավոր մասերը մեկ-մեկ թվեցի վերև,
Կամ ամբողջությամբ չսահմանեցի իսկությունը ես
Այն տեսակ-տեսակ սխալանքների,
Որոնք պտտվում, գալար են գալիս մեր բնության մեջ:
Այլ բյուրավոր չար արգասիքներից միայն մի փոքրիկ չափով ցույց տվի,
Մնացածները թողնելով, որ դուք սրանց միջոցով ուսումնասիրեք,
Թեև ո՛չ լրիվ և ամբողջապես:
Բան Է
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Սակայն, որպեսզի փրկության հույսն իմ իսպառ չկտրեմ
Եվ, մնալով անզեն, չմատնվեմ ձեռքն այն աներևույթ հակառակորդների,
Որոնց մասին ես հիշատակեցի վերև ահավոր պատկերների տակ,
Եվ որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնածին բուսած ընտանի թշնամիներ,
Ապա, ես այստեղ այդ բազմամբոխ ու հզոր մարտիկների
դեմ ցույց պիտի տամ նաև
Աստվածային ամենահաղթ և անպարտելի ախոյաններ,
Չնայած որ դա կսկծալի ցավ է,
Անհասանելի ծառերի դժվարակութ պտուղ,
Եվ անկոխ ճամփաների տառապալից տաժանք:
Բայց աչքերից կաթած կաթիլ մի արցունք
Կարող է բանսարկուի չարագունդ զորքերը բոլոր ցամաքեցնել,
Ինչպես տկար խլրտումով գետնաքարշ սողացող
Բազմոտանի զեռուների ու որդերի վրա
Ընկած ձեթի կաթիլ և կամ դույզն ինչ թույն սատակչական:
Հեծեծող սրտի հոգուց դուրս ելած հառաչանքները
Բարկ արևի հետ խառն տոթաշունչ խորշակի պես
Հալեցնում են մեղքերի սառույցները սաստիկ,
Քանզի որդերի պես որքան հեշտածին են մեղքերը,
Նույնքան էլ դյուրամեռ են նրանք այս դիմադրական միջոցներով:
Բ
Բայց ես չպիտի դադարեմ դարձյալ դատելուց ինքս ինձ՝ դատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառն խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ:
Քանզի եթե ինձ նեղողներից ոմանց սատակեցնում եմ,
Սակայն ոմանց էլ ուժ եմ տալիս ես, որ կենդանանան,
Անդարձ կորստյան մատնելով հոգիս:
Ես տունկս դառնության, որ անառակ վարքի գարշությունը ծաղկեցրի.
Բարունակս ապականաբեր և մահողկուզյան, որ կորստյան գինին երկնեցի.
Քանանի զավակս և ո՜չ Հուդայի՝ մեծ Դանիելի խոսքի համաձայն.
Որդիս գեհենի և ո՛չ արքայության.
Ժառանգս դժոխքի և ոչ թե փառաց փափագելի.
Նյութս տանջանքի և ո՛չ հանգստյան.
Ապերախտս երախտավորիդ և ապաշնորհս բազմապարգևիդ հանդեպ.
Մշտապես մեղավորս երկայնամտիդ հանդեպ.
Բարերարիդ քաղցրությունը դառնացնողս.
Ծառաս չար և վատ, ըստ տերունական հանդիմանության.
Իմաստունս չարագործության մեջ, ըստ նախագուշակության Եսայու.
Ժիրս՝ զազրելի ժանտագործության մեջ.
Փութաջանս՝ Տիրոջը բարկացնելու մեջ.
Մշտաշարժս՝ սատանայական գյուտերի մեջ.
Ես վիշտ հանապազօրյա՝ Արարչին.
Թույլս՝ բարի թռիչքների մեջ.
Ծույլս՝ երանական վիճակ ընտրելու գործում.
Դանդաղս՝ խոստացվածներին ուշք դնելու մեջ.
Անարիս՝ պիտանի և օգտակար ձեռնարկություններում.
Պաշտոնյաս տիրադրուժ և երախտամոռ:
Գ
Վա՜յ մեղավոր հոգուս, որ բարկացրի իմ Արարչին.
Վա՜յ կորստյան որդուս, որ կենդանության պարգևը մոռացա.
Վա՜յ պարտապանիս բյուր ու անհամար այն քանքարներին,
Որոնք անկարող եմ հատուցանել.
Վա՜յ ծանր ու դժվար մեղքերի բեռնակրիս,
Որ չեմ կարող հանգստարան վերադառնալ.
Վա՜յ տերունական մեղքեր գործող հանցավորիս,
Քանի որ չկա հնար՝ հզորին ներկայանալու.
Վա՜յ եղեգընյա դյուրավառ նյութիս,
Որ տոչորվելու եմ գեհենի մեջ.
Վա՜յ ինձ, որ հիշում եմ, թե՝ Աստուծո բարկության նետերն հրեղեն են.
Վա՜յ ինձ՝ հիմարիս, որ չըմբռնեցի,
Թե ծածուկ գործերն հրապարակվելու են անպայման.
Վա՜յ ամբարիշտիս, որ միշտ անդադրում չարությունների ոստայն հյուսեցի.
Վա՜յ ինձ, որ պարարեցի մարմինս իբրև կեր անմեռ որդերի,
Ես ինչպե՞ս պիտի տոկամ թունավոր այդ կտտողներին.
Վա՜յ ինձ, երբ ըմպեմ բաժակը մահվան,
Եվ ինչպե՞ս պիտի կրեմ ես տուգանքն հավիտենական.
Վա՜յ ինձ, երբ ելնի եղկելի մարմնիցս անարժան հոգիս,
Ինչպե՞ս պիտի ներկայանամ ճշմարիտ դատավորին.
Վա՜յ ինձ, երբ լապտերիս յուղն սպառվի,
Զի եթե մարի, էլ չի վառվի նա,
Վա՜յ ինձ պակուցման համար այն ահեղ ու տագնապալից,
Երբ առագաստի մուտքը փակվի.
Վա՜յ ինձ, երբ լսեմ երկնավոր թագավորի վճռով կնքված
Սիրտս դող հանող և սասափելի այն խոսքն ահավոր,–
«Քեզ չեմ ճանաչում»24Մատթ. ԻԵ. 12:
Բան Ը
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Արդ, ի՞նչ պիտի անես, ա՛նձն իմ կորուսյալ,
Ուր պիտի թաքնվես, ինչպե՜ս ազատվես,
Կամ ինչպե՜ս ելնես մեղքերի բանտից,
Քանզի բազում են պարտքերդ և վճարելիքներդ անթվելի.
Կշտամբանքը սաստիկ է, և նախատինքն՝ անվախճան.
Հրեշտակներն անողորմ են, և դատավորն՝ անկաշառ.
Ատյանն հզոր է, և բեմն՝ անաչառ.
Քստմնելի են կշտամբանքներն ու հատուցումներն անողոք.
Հրամանն ահարկու է, և հանդիմանությունները՝ մերկապարանոց.
Հրեղեն են գետերը, և վտակներն՝ անանցանելի.
Խավարն է թանձրամած, և մառախուղն՝ անթափանցելի.
Անճողոպրելի է գուբը, և տագնապը՝ մշտնջենավոր,
Տարտարոսն ամենակուլ է, և սառնամանիքն՝ անզերծանելի:
Եվ այս դառնությունները բոլոր քեզ համար են արդարև,
Իբրև տաժանելի և դժնդակ օթևաններ՝ անտանելի պատուհասների,
Ո՜վ դու անարժան ա՛նձն իմ մեղավոր, չարագործ, պոռնիկ,
Բազմաբիծ և ամբողջապես անմաքրության անդաստան:
Քո իսկ գործերի արդյունքն ես, ահա՛, ժառանգելու դու,
Վրիպյա՛լդ ուղղությունից և խոտորյա՛լդ մաքրությունից,
Հեռացել ես արդարությունից և պարկեշտության կարգուկանոնից.
Ունա՛յնդ դու՝ հոգեպարգև հարստությունների լիությունից,
Նախանձարկո՛ւդ ամենակալ և բարերար թագավորի25Ա. Կորնթ. Ժ. 22:
Բ
Եվ այսպես ահա՛ կառուցեցիր դու քեզ համար
Արգելարան անել և որոգայթ անփախչելի,
Ինքդ իսկ խոստովանելով, թե անբժշկելի են վերքերդ
Եվ կրած հարվածներդ՝ անօրինակ,
Հաստատելով, թե մահապարտ անձիդ բեկությունն է անբուժելի,
Ո՜վ դու չարդ բարիների մեջ,
Ո՜վ դու դառնությունդ քաղցրությանց մեջ,
Ո՜վ խավարդ լուսազարմերի մեջ,
Ո՜վ կողոպտվածդ պճնվածների մեջ,
Ո՜վ պախարակվածդ գովվածների մեջ,
Ո՜վ ամբարիշտդ բարեպաշտների մեջ,
Ո՜վ շնչավորդ բանականների մեջ,
Ո՜վ անմիտդ մտացիների մեջ,
Ո՜վ անհանճարդ իմաստունների մեջ, Ո
՜վ անմաքուրդ ընտրյալների մեջ,
Ո՜վ մեռածդ ողջերի մեջ,
Ո՜վ զազիրդ սրբերի մեջ,
Ո՜վ արբշիռդ պարկեշտների մեջ,
Ո՜վ կեղծավորդ արդարների մեջ,
Ո՜վ անպիտանդ պիտանիների մեջ,
Ո՜վ անարգդ փառավորների մեջ,
Ո՜վ նվազդ առավելությունների մեջ,
Ո՜վ գերիդ գերագույնների մեջ, Ո
՜վ նվաստագույնդ վեհերի մեջ,
Ո՜վ աղքատդ ունևորների մեջ,
Ո՜վ անարժանդ փրկվածների մեջ,
Ո՜վ տնանկդ բարձրերի և հոգեպես հարուստների մեջ,
Եվ բաժանվածդ դու օրհնվածներից:
Բան Թ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ ողբագին աղաչանքների այս կտակարան իմ մատյանի մեջ
Ի՞նչ բամբասանքներ շարադրեմ արդյոք ես քեզ արժանի, ո՜վ անձն իմ թշվառ,
Սևերեսըդ դու և պատասխանի համար անբարբառ,
Անպիտանըդ՝ Աստուծո և սրբերի հաղորդակցության:
Քանզի եթե ես ծովի ջրերը մելանի փոխեմ
Եվ բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը թղթի նման տարածեմ,
Կտրեմ եղեգնի անտառները և գրիչներ շինեմ՝
Մի մասն իսկ բազում անօրինական իմ արարքների
Դարձյա՛լ չեմ կարող ես գրի առնել:
Եվ Լիբանանի մայրիներն եթե իրար զոդելով շինելու լինեմ կշեռքի լծակ,
Ու նժարներից մեկի մեջ դնեմ լեռն Արարատյան՝
Դարձյա՛լ չի կարող հավասարվել նա իմ մեղքերի հետ:
Բ
Ես ծառ բարձուղեշ՝ ստվար ոստերով, սաղարթախիտ, բայց անպտուղ,
Ճիշտ ու ճիշտ նման այն թզենուն, որ Տերը չորացրեց:
Թեև իսկապես վարսագեղ, սաղարթազարդ,
Արտաքին տեսքով բարեշուք ես դու,
Պաճուճված, ինչպես պսակով մի պերճ,–
Եվ հեռվից նայողներին երևում ես բաղձալի,
Բայց երբ մոտենա Տնկողն իր ուզածը փնտրելու,
Ամեն բարիքից դատարկ և ունայն պիտի գտնի
քեզ, Եվ գարշելի՝ գեղեցկությանդ մեջ՝
Տեսնողներին ի ծաղր և նախատողաց՝ նշավակություն:
Քանզի եթե անժամանակ, չսպասված ժամին՝
Տունկը հերապանծ, անպտուղ և անկենդան,-
Որ մի պատկերն է անպատրաստ մեղավորների,- Ենթարկվեց անեծքի,
Եվ կամ թե հողն այն, ոռոգված ցողով,
Որ երկրագործի թափած աշխատանքների դիմաց
Բազմապատիկ արդյունք չտալու պատճառով լքվում է և մոռացվում,–
Հապա ուրեմն դու, ո՜վ անձն իմ եղկելի,
Դու հո՛ղ բանավոր ու տունկ կենդանի,
Որ չես տալիս պտուղ իր ժամանակին,
Ի նչպե՞ս կարող ես վերի առակում հիշված պատիժը չկրել, ինչպե՞ս:
Քանզի դու բոլոր արդյունքն ու բերքը նանիր գործերի,
Առաջին մարդուց սկսած մինչև սերունդը վերջին,
Եվ գյուտերը նոր, որոնք քեզ ստեղծող Աստուծո համար
Ատելի են խիստ, անախորժելի՝
Անպակաս չափով, առավելապես մեջդ ընդունեցիր:
Գ
Եվ քանզի ես քեզ արի նշավակ-նպատակակետ իմ մտադրությանց, ա՛նձն իմ անպիտան,
Բանաստեղծական խոսքերովս, ինչպես պարսաքարերով,
Քեզ, իբրև վայրի անընտել գազան՝ պիտի քարկոծեմ անողորմաբար:
Եթե մինչև իսկ չկարողանամ արդար անվանվել,
Սակայն առաջին պատասխանիս մեջ, ինչպես
մի ոսոխի հետ, Ոգորեմ պիտի ես հոժարակամ, ինչպես իմաստունն է բարբառել մեծ26Առակ. ԺԸ. 17:
Եվ իմ մտքերի, մտածումների հույզերը թաքուն
Իբրև չար գործեր՝ կատարված արդեն, խոստովանելով,
Քո առջև պիտի տարածեմ բոլոր, Աստված իմ և Տեր,
Քանզի ի՛նչ չափով որ պիտի չափեմ մեղադրանքն անձիս,
Միևնույն չափով պիտի աննվազ քո գթությա՜նը ես արժանանամ,
Ընդունելով քո շնորհներն առատ իմ ամենամեծ պարտքերի տեղակ:
Որքան ճարակեն վերքերն անհնար և անբուժելի,
Այնքան ավելի և կրկնապատիկ բարձրյալ բժշկիդ
Հրաշագործության իմաստությունը բարեմասնորեն պիտի հռչակվի:
Հանցանքներն որքան որ ավելանան,
Նո՛ւյնքան փոխատվիդ առատությունն բարեբանելով՝
Պիտի պսակվի, ըստ քո խնկելի առակի, ընդմիշտ27Ղուկ. Է. 43:
Քանզի փրկում ես դո՛ւ և դո՛ւ քավում,
Նորոգում ես աջով քո և չորացնում մատով.
Արդարացնում ես հրամանովդ և ողորմությամբդ ազատում.
Երեսովդ լուսավորում ես և քո դեմքով զվարճացնում.
Բարերարում ես Հոգով քո և յուղիդ օծումով սփոփում
Ու շնորհիդ ցողով զվարթացնում ես դու:
Դո՛ւ ես տալիս մխիթարություն և վհատության մոռացում.
Վերացնում խավարը վշտերի և հեծության ողբերը՝ ծիծաղի փոխում:
Եվ քեզ է վայելում օրհնություն՝ գովությամբ հանդերձ, երկնքում,
Նախահայրերից բոլոր և նրանց սերունդներից,
Հավիտյանս հավիտենից. ամեն:
Բան Ժ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Թե՛ զղջումն ուժգին և թե՛ մոլեգին մեղանչումը մեզ
Կորստյան են մատնում հավասարապես:
Թեպետև նրանք օտար եմ միմյանց և նմանությամբ իրարից տարբեր,
Բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք,
Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն հուսահատության:
Զի կասկածում է մեկը Հզորի ձեռքի զորությանն,
Իսկ մյուսը չորքոտանի անասնի նման, անզգայաբար
Խզում է հույսի առասանն իսպառ:
Ուստի առաջնին միշտ փաղաքշելով՝ խնդում է սատանան,
Իսկ երկրորդով լիզելով արյունն, իբրև կերակուր՝
Պարարվում է նա դժոխորովայն գազանի նման:
Բ
Արդ, բազմահարված բրով ծեծվածի և մահվան ափը հասածի նման
Դույզն-ինչ շունչ դարձյալ և կենդանության ոգի առնելով՝
Պետք է զորանալ, կազդուրվել ու կանգնել, Հառնել կորստից անկենդանական,
Օգնություն առած Քրիստոսի ձեռքով, որ
գո՜ւթ է տածում բոլորի հանդեպ.
Նաև երկնավոր բարերար Հորից ձեռք բերեմ պտուղ փրկության և բժշկության
Ինձ՝ մեղավորիս և ախտավորիս.
Եվ սկսելով ողբերգությունն այս աղերսանքների,
Ես հավատքի շենքը պիտի կառուցեմ:
Զի ոմն նախնիներից հավատքով զինված՝
Փոխադրվեց իսկույն երկնային կյանքն անմահական.
Ապաշխարության դեղն ընդունելով, զղջման միջոցով՝
Նա անկեղծության գրավականը ժառանգեց այստեղ,
Առավել քան նրանք, որոնց նրա հետ առաքյալն է հիշատակում28Եբր. ԺԱ. 36.
Որոնք երկրի վրա մրցման հանդեսներ կատարելով,
Ապագա երկնավոր պարգևների հույսով՝ հավատացին
Ու փարթամացան անտեսանելի ճոխություններով:
Արդ, հի՛շենք այստեղ Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ,
Թե՝ «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է»:
Եթե ընտրյալների աստվածահաճո բարեմասնությանց չափն այստեղ քննենք.
Հավատքը պիտի գտնենք գերազանց, ամեն ինչից վեր,
Քանզի նրանով կարող են մտնել սուրբ խորանից ներս:
Առանց հավատքի փառաց Տերն անգամ
Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը
մեզ, Այլ նախ և առաջ իբրև լծակից իր բարերարությանը,
Մեր հավատքը նա պահանջեց մեզնից:
Նա՛ է մոտեցնում մարդուն Աստուծո,
Կյանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան ընդունակությամբ,
Զի օրհնաբանված Աստուծո բերանն էր, որ վկայեց,
Թե՝ «Հավատքը քո փրկեց քեզ»:
Քանզի արդարև հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը,
Մտերմությունն Աստուծո հետ և բարձրյալին ծանոթ լինելը
Հավատքի մասն են – մի երջանիկ և ընտրյա՜լ բառ,
Որ հարատևելով մնում է անվթար և անպարփակ,
Պատվակից լինելով սիրո և հույսի:
Զի մանանեխի ամենափոքրիկ հատիկի չափով հավատքը եթե
Կարող է ծովի խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
Ապա ճիշտ է, որ կյանքի առաջնորդն այս նախաշավիղ՝
Հավատն ընդունեցինք որպես աներկմիտ աստվածապաշտություն:
Սիրո և հույսի դասակից և Երրորդության փառատրելի անվամբ պատվված
Այդ հավատքն է, որ հոգու աչքերով աներկբայորեն
Տեսնում է ծածուկները բոլոր և ապագան:
Քանզի այս երեք առանձին մասերն եթե միասին և նույն խորհուրդով դիտես,
Նրանց շնորհիվ,
Աստուծով պիտի հավետ ճոխանաս:
Քանզի եթե հավատաս նրան, կսիրես նաև,
Որով և կհուսաս նրա աներևույթ պարգևներին:
Նրան փա՜ռք հավիտյանս. ամեն: