Բան ԼԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ այսպես ահա՛ սաստկացրի ես ինձ անսփոփելի ցավ պատճառող կրքերս,
Ողբալով երկար և՛ հեծեծագին, և՛ մեծահառաչ,
Որ դու, ողորմա՜ծ, սկզբնահայրդ անհայտ ու ծածուկ մեղքերի խոստովանության,
Որդիդ կենդանի Աստուծո, Տեր Հիսուս Քրիստոս,
Քաղցրությա՜մբ նայես քավելու համար.
Արդարև կարող ես դու և ձեռնհաս ես ճշմարտապես,
Եթե կամենաս՝ հնարներ ունես դու.
Ինչքան որ կամենում ես, այնքան էլ կարողանում ես,
Հարստանում ես դու մեծապես՝ տալով, քան թե առնելով,
Բազմանում են գանձերդ ցրվելով, քան թե հավաքելով,
Շատանում է ստացվածքդ սփռելով, քան թե խնայելով,
Դիզվում են պաշարներդ տարածելով, քան թե ամբարվելով,
Հավատալով այսպես այս բոլորին՝ հույս ունեմ ես,
Թե փրկության ե՜լք կգտնեմ քեզանով: Հավատում եմ անարգս պատվականի հետ,
Եվ հույս ունեմ ես Աբրահամի հետ և Աննայի.
Զի մեկը հավատաց քո խոսքին, և մյուսը քահանայապետի ձայնին անսաց:
Ուստի և մեկը խոր ծերության մեջ դարձավ անհամար որդիների հայր,
Հուսալով, թե պիտի կարողանար Սառայի արգանդն ամուլ ու զառամ՝
Բազում ժողովուրդների, մարգարեների և ընտիր թագավորների
Պտղածին և օրհնաբեր անդաստա՜ն տեսնել:
Իսկ մյուսն՝ անմշակ երկիր - սենյակը իր որովայնի Բարգավաճեց յոթ զավակներով,–
Թի՜վ անհաշվելի, որ աստվածային հավիտենություն է նշանակում,
Նրա հարակայության սահմանն անհետազոտելի,
Եվ ավազանի նորածին որդոց առատություն անսպառ:
Թիվն այս պանծալի, որ չունի իրեն զույգը հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,
Կուսություն է մի ուրույն ընտրությամբ միշտ նվիրական՝
Որ անճառորեն հավիտենության դժվարմեկնելի խորհուրդն է խորին ու մեր մտքից վեր98Պյութագորյան ըմբռնումով, որ մուտք է գործել նաև քրիստոնեական բնազանցության մեջ, յոթ թիվը համարվում էր կույս թիվ, որովհետև տասից ցած ոչ մի թիվ ծնունդ չի տալիս նրան կամ ծնունդ չի առնում նրանից. այդ պատճառով էլ համարվում էր հավիտենականության խորհրդանիշ::

Բ

Արդ, համարի՛ր դու փրկությունից հուսահատ
հոգուս համար որպես արդարացում
Ամենավարան ու կողկողագին ձայնն այս դառնապես հեծեծող սրտիս,
Իմ հավատքի փոքր այս դավանանքը խնդրագին
Վերոգրյալ երջանիկների հավատքին հավասար դասելով,
Որպեսզի ես էլ ապրեմ նրանց հետ բերկրալից կյանքով,
Ամուր կառչելով քո շնորհներին, քան թե գործերիս:
Մանավանդ որ քո շնորհները բարձր են և կրկնակի փառավոր
Եվ չեն կշռվում ու չափվում խոսքով,
Ու հավատում եմ ես անտարակույս, թե հզորապես կարող են քավել
Մեղքերս բոլոր՝ խաղաղեցնելով խռովությունն իմ:
Այդ շնորհներն են՝ քո ահավոր արյան հետ միասին և՛ մարմնավոր ծնողդ խնկելի,
Առաքյալների խմբերը, դասը մարգարեների,
Եվ գնդերը ողջ՝ հեծյալ, հետևակ և սպառազեն,
Ու մերկամարտիկ քաջաբար մրցող մարտիրոսների, մենակյացների,
Բույլքը ընտրյալ և բարեկրոն վանականների,
Հույլքն երկրի վրա ապրող երկնային հոգեղենների,
Զինվորություններն մեզ կցորդակից վերնականների,
Տուրքը երախայրիքների, մատուցումը զվարակների,
Ջահավառումներն ու բույրը յուղով օծված խունկերի,
Հաղթանակը փրկության նշանների,
Կառուցումներն աստվածաբնակ խորանների,
Եվ շնորհի խորհուրդը կատարող ձեռքերը քահանաների:
Այսպես մեր ամեն մի շարժումի մեջ Աստծուն ենք հիշում,–
Երբ քայլ ենք փոխում, ձեռք ենք կարկառում, բազուկ բարձրացնում,
Բարի գործերի համար գոհություն և գայթումների համար աղաչանք ենք վերընծայում.
Ընտանեկան զրույցներում և հասարակաց խոսակցության միջոցին
Մեր բնական ձայնի, գործերի հաջողության և առաքինական ջերմեռանդության պահերին,
Գիշեր թե ցերեկ, քնած ժամանակ և կամ արթմնի,
Քեզնով առաջնորդված հոգևորների օգտակար ընթացքում,
Ազգերի միջև պատերազմների և դևերի հետ մղվող մարտերում
Հերձվածողների հետ վիճաբանելիս,
Փոքրերի և մեծերի հետ վերաբերվելիս,
Ըմպելիքներ խմելու և կերակուրներ ճաշակելու
միջոցին, Մեզ համար հաճո և թե վշտալից բոլոր դեպքերում,
Որոնցից առաջինների համար աղոթում ենք մենք, որ մնան այնպես,
Եվ մյուսները՝ որպեսզի դու զերծ պահես նրանցից՝
Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապես,
Քանզի ամեն ոք հավատում է, թե օգնելու պատրաստ՝ կարող ես դու միշտ,
Տակավին ծծկեր երեխաներին, դեռահաս պատանիներին,
Վայրենաբարո մարդկանց և գոռոզ ստամբակներին:
Եվ թատերական տեսարանների մեջ մինչև անգամ,
Եվ խառնիճաղանջ բազմությունների խուռներամներում
Եվ կամ հզորիդ կամքին անհաճո կաքավումների ու կայթերի մեջ
Դու չե՛ս մոռացված:

Գ

Դո՛ւ ստեղծեցիր, բոլորին, և քո՛նն են բոլորը,
Եվ դու բոլորի՜ն պիտի ողորմես, միա՜յն բարեգութ.
Զի թե մեղանչեն իսկ՝ քոնն են, քանզի քո հաշվի մեջ են,
Եվ գիտեն քո զորությունը, ինչպես առակողն է աղոթել,
Որին ես ինքս էլ ձայնակից եմ իմ խղճուկ խոսքերով,
Որպես հանցավոր հաստատելով այդ:
Հանդգնում եմ ասել, թե նա, ով գովեստով է տալիս անունդ, հավատալով, թե կաս,
Եվ եթե նույնիսկ նա յոթնապատիկ անգամ հանցանքով վարակված լինի,
Ինչպես բերված է որպես ապացույց-օրինակ՝ արդյոք քոնը չէ՞ դարձյալ:
Երբեմն արջնաթույր ագռավների մեջ
Սպիտականիշ աղավնիների երամներ ենք տեսնում,
Եվ ձիերի մեջ խրոխտ, անմաքուր՝ որոջներ հանդարտաբարո,
Եվ գազանակերպ շների թվում՝ օրհնված գառներ,
Խստության մեջ՝ հեզություն,
Թերության մեջ՝ կատարելություն,
Հանձնապաստանության մեջ՝ խոնարհություն,
Ստության մեջ՝ ճշմարտություն,
Խորամանկության մեջ՝ միամտություն,
Նենգամտության մեջ՝ անբծություն,
Չարագործության մեջ՝ բարություն,
Լկտիության մեջ՝ պարկեշտություն,
Անգթության մեջ՝ ողորմություն,
Անհուսության մեջ՝ ապաշավություն,
Բարկության մեջ՝ քաղցրություն,
Թշնամության մեջ՝ հաշտություն,
Խածանողության մեջ՝ անոխակալություն,
Չարչարանքի մեջ՝ քաջալերություն,
Եվ նետաձգության մեջ՝ օրհնություն:
Ուստի անկարող եղա ես դատել ճշգրիտ կերպով,
Թե այն ո՞վ պիտի երկրածիններից կարենա կանխել ժառանգելու քեզ,
Որ կշտամբում ես անաչառորեն և արդարությամբ
Այն ամբարիշտին, որը ինքն իրեն մաքուր է
կարծում Եվ այն պոռնիկին, որ զղջացել է:
Բոլորի համար բարեգործդ դո՛ւ, միա՜կ թագավոր,
Օրհնյալ ի բարձունս, հավիտյանս. ամեն:

Բան ԼԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ես հետինս վերոհիշյալ արժանավորներից,
Պատժապարտների կարգը արդարև դասելով ինքս ինձ,
Ողորմություն եմ խնդրում քեզանից բոլորի աղերս-աղոթքների հետ՝
Նկունների հետ և անհամարձակների,
Տկարների հետ և փոքրիկների,
Ընկածների հետ և արհամարհվածների,
Տարագրվածների հետ և դեպի քեզ դարձածների,
Երկմիտների հետ և աներկմիտների,
Կործանվածների հետ և վերականգնածների,
Ընկճվածների հետ և հաստատվածների,
Գլորվածների հետ և կանգնածների,
Մերժվածների հետ և ընդունվածների,
Ատվածների հետ և կոչվածների,
Ապշածների հետ և զգաստների,
Անառակների հետ և զսպվածների,
Հեռացածների հետ և մոտեցածների,
Հերքվածների հետ և սիրվածների,
Ամոթահարների հետ և զվարթացածների
Եվ ամաչկոտների ու խնդամիտների հետ:
Սակայն ես այստեղ կպատմեմ դարձյալ ոչ թե մեղքերը Երուսաղեմի,
Ըստ մարգարեի հրամանառության իր նախնի ժողովրդի վերաբերյալ,
Կամ Հակոբի տան գործերն անօրեն –
Այլ պիտի գամ հայտնելու իմ մեղքերը,
Քանզի իմ մահվան աղետի վրա ավա՜ղ ասելով ըստ մարգարեի,
Ես ինքս իմ ձայնով պիտի մեղադրեմ ինձ՝
Սաղմոսողի խոսքի համաձայն,
Որպեսզի իմ այս համայնապատում խոստովանությամբ
Պետք չունենալով այլևս ավաղ բացականչելու,
Մեկ անգամ ընդմիշտ մաքրվեմ Էիդ օրհնյալ հրամանով:

Բ

Եվ արդ, ահավասիկ, ծունկի գալով բարերարիդ քաղցրության առջև,
Փռվում եմ հողին ցույց տալու համար, թե ինչպես եմ ես ի մահ գլորվում,
Ես, որ սողունի նման սահելով և անասնական գետնաքարշությամբ,
Կամավոր կերպով գամեցի ինքս ինձ այս կորստական անցավոր կյանքին
Եվ սակայն հիմա հենված քեզ, ո՜վ Տեր,
Ինչպես մարմնով Դավթի արմատից ընձյուղված99Եսայի ԺԱ. 1
Եվ անճառորեն անեղ աստվածությանդ հետ
շաղկապված հաստատուն գավազանի վրա, որպես կյանքի նեցուկի,
Երախտիքներիցդ պատկառելով՝ կիսով չափ պիտի կանգնեմ դարձյալ,
Կիսաբաց դեմքս հակած դեպի վար, և աչքս դեպի վեր,
Խղճալի հայացք հառելով քեզ,
Տե՜ր, որ մոտիկ ես մեր հեծություններին,
Եվ ողորմություն ես բոլորովին, համակ քաղցրություն,–
Եվ լիճը լույսիս լցրած արցունքով՝
Հույսով լեփ-լեցուն պաղատանքներս մեծությա՜նդ պիտի ես վերընծայեմ:
Լսի՛ր աննվազ և ամենառատ երկայնամտությամբ՝ քեզ դառնացնողիս,
Դո՛ւ մեր փրկության պայմանըդ միակ: Աստվա՛ծ բոլորի, անճառ մեծություն,
Անբովանդակելի բնություն, անքննելի իսկություն,
Հզոր զորություն, կարող բարերարություն, անպակաս լրություն,
Անճառ ժառանգություն, վայելչական վիճակ,
Առատ պատրաստություն, անստվեր իմաստություն,
Տենչալի տուրք, անձկալի շնորհ, բաղձալի բերկրություն,
Անտխուր հանգիստ, անտարակույս գյուտ, անկապտելի կյանք,
Անծախելի ստացվածք, անփոխարինելի բարձրություն,
Ամենարվեստ բժիշկ, անսասան հաստատություն,
Դարձուցիչ մոլորվածների, գտնող կորուսյալների,
Հույս՝ ապավինածների, լույս՝ խավարածների,
Քավիչ մեղանչածների, ծածկարանդ փախչողների,
Անդորրիչ խռովյալների, փրկություն մահացածների,
Արձակիչ կապվածների, ազատիչ մատնվածների,
Պատսպարան սահածների, վշտակիցդ սայթաքածների,
Երկայնամտություն տարակուսյալների.
Լուսեղեն տեսք, ցնծության ցույց, օրհնության անձրև,
Հոգի երեսաց, զորություն դեմքի, հովանի գլխի,
Շարժիչ շուրթերի, ազդումն խոսքի, կառավար անձի,
Բարձրացնող բազկի, երկարող՝ ձեռքի, սանձակալ սրտի,
Ընտանի անուն և մերձավոր ձայն,
Կցորդություն հարազատ, խնամածություն հայրական,
Խոստովանված անուն, պաշտելի պատկեր, անպարագիր տիպ,
Երկրպագված տերություն, բարեբանված հիշատակ,
Խնդության մուտք, անվրեպ շավիղ, փառքի դուռ,
Ճշմարտության ճանապարհ, երկնաճեմ սանդուղք,
Եվ այլ բազմաթիվ խոսքեր գովեստի, անհամար շարքով, անբավ տողերով,
Որոնք ո՛չ երկրածին բերանը կարող է արտաբերել,
Ո՛չ կարող է տանել մարմնեղեն գործիքը,
Եվ ոչ էլ հոգեղեն իղձերը կարող են կշռել:

Գ

Ամեն տեսնող աչք քեզ է նայում, Տե՛ր, Աստվա՜ծ բոլորի,
Եվ դո՛ւ էլ նայիր քեզ հառաչաձայն պաղատող բոլոր քո ծառաներին,
Աղախիններին, թե նրանցից էլ աղաչող լինի:
Ընդունի՛ր և իմ այս ողբ ու լացով ցանկասեր աչքիս ցողն արցունքների,
Որով, Տե՜ր Քրիստոս, թրջում եմ ահա՛ ոտքը անարատ քո մարդեղության,
Եվ օրինակով այն խորհրդավոր՝ հանցավոր կնոջ մազերի100 Մագթաղինացու,
Ընդունի՛ր նաև իմ դավանությունն ու դարձը առ քեզ.
Եվ համբույրներով իմ շրթունքների՝ կյանքի փրկարար հաղորդությունը քո ճաշակելու՝ Համաշունչ կերպով կապիր ինձ քեզ հետ անլույծ միությամբ:
Որպես երաշխիք քո ողորմության և քո գթության նո՛ւյնպես բարերար,
Փոքր իմ հավատքի փոխարեն թող որ քո մեծ պարգևը ընդունեմ քեզնից:
Գթառատ սիրով, ծառայիս հանդեպ որ դավանում է անունդ անձկալի,
Թող որ խստաշունչ հողմերը ձմռան՝
Փոխարկվեն հանդարտ մեղմաշունչ օդի,
Սաստիկ մրրիկը՝ ախորժ զեփյուռի,
Կասկածներն երկչոտ՝ մեծ վստահության,
Եվ պատիժների պատուհասները՝ երանության,
Թախծագին տագնապները՝ հոգևոր խրախճանքի,
Ալեկոծությունները ծփանուտ՝ խորին խաղաղության,
Եվ ղեկի թիավարումները՝ ապահով նավահանգստի՜ հասնեն թող,
Մեղքերի բեռների բերքն իմ փոխարկվի՛ թող շնորհաց թոշակի:
Քեզանից եկող այս բյուր և բոլոր բարություններով
Թող որ բարձրանա ամենահզորիդ անունը խնկված ու խոստովանված.
Թող ամաչի չար բանսարկուն՝ վռնդված և հալածական.
Թող ոչնչանան մուրհակները մեղքերիս.
Կտրվեն կարթերը, և որոգայթները հեռացվեն,
Կտրատվեն կապանքներն ու վիհը վանվի,
Վնասները վերանան, ցնդեն պատրանքներն ու մեղքերը ջրվեն,
Պարտաթղթերը պատռվեն, լուծը խորտակվի ևքեղիքը քանդվեն:
Թող որ փոխարեն չար հանցանքների մռայլ մթության
Նաև դևերի մեզ շրջապատող բանակների տեղ՝
Փառքիդ արևը հասնի մեզ աջից, ձախից, դիմացից, թիկունքից նույնպես,
Լուսավորելու և ապրեցնելու, փրկելու համար:
Իսկ նրանց վրա, ովքեր լիահույս ապասում են քո լույսի երևալուն՝
Թող գարնանային ջինջ առավոտյան ճաճա՜նչը շողա:
Զի կարող ես դու ամեն ինչի մեջ և բարերար ես բոլորի համար,
Կամենում ես դու, որ ամենքն ապրեն և փրկությունն ես ուզում բոլորի:

Դ

Ո՜վ ամենապարգև ձեռք Հիսուս Քրիստոսի,
Դարձի՛ր դեպի ինձ, քո շնորհատու աջը կարկառելով,
Բնակվի՛ր իմ մեջ և միացիր ինձ,
Չհեռանալով սիրո քո սենյակ՝ անձուկ իմ սրտից:
Նկարագիրըդ անեղծանելի, որ նշխարն է քրիստոնեական փրկավետ կոչման պանծալի լույսի,
Հանդիսանալով միջնորդ քո տեղակ՝
Թող ինձ հետ հավետ մնա անկորուստ այս մատյանի մեջ
Ա՛յն հոգով, որ մեզ հավիտենական կյանքի կտակ էր խոստացել անճառ հորինողդ երկնից:
Եվ քեզ՝ պատճառիդ միակ, և մյուսիդ՝ միակ պատճառից,
Եվ քեզ՝ որ դարձյալ պատճառն ես մեկի,
Երրյակ անձնավորությանդ և մի աստվածությանդ
Վայելում է փառք վեհ երկնավորներից և սրբերի դասերից,
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԼԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բանաստեղծությունս այս պաշտամունքի,
Որ հոգուս բերքից նվիրում եմ քեզ, օրհնյա՜լ բարեգութ,
Խառնի՛ր, կցելով հավասարապես խնկազգեստների նվիրումներին,
Բարեպաշտ կնոջ՝ Մարիամի յուղի հետ անուշահոտ:
Հավասարելով նույն այն երջանիկ պոռնիկների հետ,
Որոնց հարգանքով հավերժահրաշ ընդունեցիր դու,–
Թող որ մեծապես պարարվես և իմ նվաստ խոսքերով,
Անհասանելի և բարեբանյալ բարձրյալիդ գլխին տեղ տալով նրանց,
Զերծ սաղմոսողի բամբասանքներից, որ ասում է, թե՝
«Մեղավորի յուղը թող չօծի վարսագեղ գագաթը»:
Այլ արա՛ այնպես, որ զորեղացած կրկնակի չափով
Բուրումն այս գրքիս խոստովանության ազդի շատերին,
Նման համասփյուռ, ամենատարած տանն աշխարհալիր,
Եվ լինի նրանց հիշատակի պես անմոռանալի:
Դու նույն այն Տերն ես, որ զգաստացրիր կանանց մեղավոր և չարախորհուրդ,
Որոնց այլաբանական նմանությունն էր վարքը մարգարեի,
Որ ճշմարտատիպ քո պատկերի պես կերպավորեցիր.
Առաջ նրա՛նց մեջ այն անճառորեն տպավորելով՝
Ծայրագույն շնորհիդ կատարումը դու ինձ ցույց տվեցիր:
Անասուններին որպես կերակուր գարու փոխարեն՝
Քո կենաց հացի ցորենի բերքը դու բազմահամբար մեզ պարգևեցիր:
Ապականացու արծաթի տեղակ քո արքունական պատկերը տվիր.
Հիմարաբար թմրեցնող գինու փոխարեն Արարչիդ արյան բաժակը տվիր.
Հին ժողովրդի հայրատ կնոջից առած յուղի տեղ՝ շնորհիդ օծումն ինձ դարձրիր դու.
Վերցված գլխաշուք կտավի տեղակ՝ անբիծ վերարկուն.
Պերճաշուք ապարանջանի փոխարեն՝
Օրենքով, Ավետարանով և գործնական առաքինությամբ ձեռք բերված թռիչքներ բարեմասնության.
Ականջը վայելչորեն զարդարող գինդի փոխարեն՝
Հիշատակն անստվեր տերունի ձայնիդ. Եվ լանջքը պճնող մանյակի տեղակ՝
Քո դրած քաղցր և արդար լուծի օրենքներն համակ:

Բ

Բայց ինչո՞ւ սրանցով պարծենամ ես և չամաչեմ դարձյալ նրանց համար:
Ուստի փոխելով եղանակն այս ողբերգական աղոթագրքի,
Ինչ որ հարմար է ինձ և արժանի՝
Մեղապարտությանս պատիժը պիտի հատուցեմ ես այս գլխում,
Որպես խստագույն դատախազ՝ համառոտ մեջբերումներ անելով մարգարեական գրվածքներից,
Ոչ թե նրանց հետ պարելով ուրախ, այլ լծակցելով նրանց ողբերին,
Ուր կան հառաչներ, հեծության ձայներ, ցասկոտ բողոքներ,
Խորտակիչ նախատինքներ, սաստիկ լաց ու կոծ:
Բայց մեծ Աստծուդ գութն ամենահաս հույս ներշնչեց ինձ,
Որով և վերև հիշված բազմաթիվ աղետների հետ տրվեցին նաև՝
Զղջումներ, խոստովանություններ, ավետիս, պարգև,
Լույսի երևումներ, խրախույսներ աստվածային, փառքի ժառանգություն,
Հրաշքների հայտնություններ և տեսիլներ սքանչելի,
Որոնցից ոմանք հույս են ներշնչում, ոմանք պատճառում վհատություններ,
Որոնց մեջ կամավ, ինձ՝ կործանվածիս վիճակվեց կորուստ:
Զի եթե վարագույրի ծածկոցը Եզեկիելն Աստուծո զգեստ անվանեց101Եզեկ. ԺԶ. 16,
Որով ժողովուրդը կարկատուն կուռքեր ստեղծեց, որը պոռնկանալ է համարում նրանց համար,
Հապա ես ո՜րքան ավելի պատիժ պետք է որ կրեմ,
Անմաքուրս, որ Աստծուն եմ հագել ներսից ու դրսից:
Զարմանում եմ ես, թե ինչպե՜ս չեմ կիզվում,
Շշմում, թե ինչպե՜ս չեմ հափշտակվում,
Տանջվելով, լքվելով, չարչարվելով ու ջախջախվելով,
Մանրվելով, խորտակվելով, կտրվելով ու կտոր - կտոր լինելով
Կորուսչի ժանիքներից, ինչպես որ գրված է Գրքում:
Բայց պահված է ինձ միայն սա՛, որպես հիշեցուցիչ շող փրկարար հույսի,
Թե Քրիստոսյան Ավետարանը կյանք է ճշմարիտ,
Ինչպես որ բառն էլ ա՛յդ է ծանուցում. Որով տրվում է՝ մեր մեղքերին դարձ,
Պարտքերին՝ շնորհում, եղծումներին՝ նորոգություն,
Քավություն անօրենության, բուժումն վերքերի,
Անդորրություն տագնապի, ներումն պատժի,
Հանդարտումն պատերազմի, անձրև՝ կրակի
վրա, Պատուհասի փոխարեն՝ պարգև,
Եվ սատակման տեղակ՝ շնորհի արժանացում,
Եվ կյանքի ազատություն՝ մահվան գործիքի փոխարեն:

Գ

Բայց ինչո՞ւ հիշեմ այսքանն ու մեկ-մեկ թվարկեմ այստեղ,
Անճառելիներն ի բաց թողնելով:–
Բարձրյալ Հոր հիշատակությամբ մեր կցորդությունը Որդու հետ,
Հանուն միածին Որդու՝ ընտանությունը Հոր հետ,
Եվ հաղորդումն Հոգու հետ՝ սրանց ակնարկությամբ
Խաչի փրկանքը և սփոփանքը խոսքի,
Ամենագետի կշռով հոժարակամ վարձատրումն բարվոք,
Ավազանը կենդանարար, որպես միջնորդ հաշտության,
Եվ այլ բարիքներ անթիվ, անհամար՝ բարերարիդ կողմից կուտակված,
Որ զերծ են լծից և հարկից ազատ, Իշխող են և ո՛չ իշխանության տակ:
Սրանք են ահա, որ մահվան դառնության մեջ ինձ անտարակույս կյանք են ավետում.
Զի եթե սրանք ես չունենայի, դեռևս վաղո՜ւց կորած էի ես,
Իսկ և իսկ, ինչպես երգողն է ասել:
Որդուն փոքրացնելով չէ, որ ես փառավորում եմ Հորը,
Եվ ոչ էլ Հոգին նվաստացնելով՝ Որդուն եմ տալիս նախապատվություն,
Այլ դավանում եմ Երեքն Համափառ՝ նույն Արարչությամբ:

Դ

Ամենակալ, բարերար և մարդասեր Աստվածըդ ամենքի,
Երևացողների, աներևույթների Արարիչ,
Փրկող և զորացնող, խնամող և խաղաղարար,
Հոգի հզոր Հոր, Արդ՝ աղերսում ենք քեզ բազկատարած
Մենք ահավորիդ առջև, գոչելով, Մաղթանքով հեծության,
Սաստիկ դողալով և երկյուղով մեծ
Մոտենում ենք անզննելի զորությանըդ մատուցելու
Նախ՝ պատարագը մեր այս բանական,
Իբրև հայրական անսասան պատվին
Աթոռակցի և փառակցի, արարչակցի,
Եվ քննողի՝ գաղտնիքները խորածածուկ102Ա. Կորնթ. Բ. 10,
Կատարյալ կամքի Էմմանուել Հոր՝
Քեզ առաքողի, բոլորի փրկչի, Կենդանացնողի և ստեղծողի:
Քո միջոցով մեզ ծանուցվեց միասնական աստվածությանդ
Անձնությունը միասնական Երրորդության:
Քեզանով և քո միջոցով շառավիղները առաջին Նահապետաց, որ տեսանող անվանվեցին,
Անցյալներն ու գալիքները, Եղածներին ու չգոյացածներին
Անպաճույճ խոսքով վերապատմեցին:
Քեզ Մովսեսը Աստծու Հոգի ճանաչեց103Ծննդ. Ա. 2,
Որ ջրի վրա քո ընթանալով,
Զորություն անսահման, Հոգածու հզոր հովանավորմամբ
Պաշտպանելով թևատարած,
Գթասիրելով նոր ծնունդներիս՝
Պարզեցիր խորհուրդը գավազանի,
Որի օրինակով վերջին վարագույրի
Հոսուն մանվածը ստեղծելուց առաջ,
Տիրապես կարող,
Անէությունից՝ բոլոր գոյերի ու էակների
Բնությունն ամբողջ ստեղծագործեցիր:
Քեզանով բոլոր արարածները
Պատրաստվում են նորոգվելու
Հարության ժամին,
Որ մեր այս կյանքի օրն է հուսկ վերջին
Եվ օրն առաջին՝ ողջերի երկրի:
Քո ազգակիցը հոժար միությամբ
Հնազանդվեց քեզ՝ իբրև իր Հորը:
Հոր էակիցը, անդրանիկ Որդին՝
Մեր կերպարանքով, քո գալն ավետեց,
Ճշմարիտ Աստված՝
Հավասար ու համագոյ Հորը հզոր,
Քեզ հայհոյելն անքավելի համարեց,
Քեզ հաստելով՝ ըմբերանեց չարախոսներին,
Եվ ներեց արդար ու անարատ գտիչն ամեն ինչի,
Որ մեր մեղքերի համար մատնվեց
Եվ հարություն առավ՝ արդարացնելու մեզ104Հռովմ. Դ. 25:
Փառք նրան քո միջոցով, Բարեբանություն քեզ՝ ամենակալ
Հոր հետ Հավիտյանս հավիտենից. ամեն:

Ե

Վերստին կրկնեմ խոսքի նույն կարգով,
Մինչև որ ազդմամբ հավատի լույսը հայտնվի
հրաշապես Վերավետելու նոր խաղաղություն105Հովհ. Ի. 19-21:
Արտասվալից հառաչելով՝ Աղաչում և աղերսում ենք
Արարչությանդ՝ փառավորված բոլորի կողմից,
Անեղծ, անստեղծ և անժամանակ գթած Հոգուդ,
Որ մեր անմռունչ հեծությունների
Բարեխոսն ես ողորմած Հորդ առջև,
Որ պահում ես սրբերին Եվ մաքրագործում հանցավորներին,
Եվ տաճարներ ես կանգնեցնում
Բարձրյալ Հորդ կենդանի ու ապրեցնող կամքին106Ա. Կորնթ. Գ. 16:
Արդ՝ ազատիր մեզ անմաքուր բոլոր գործերից,
Որ հաճելի չեն քո բնությանը,
Թող չմարի փայլը լույսիդ շնորհների
Մեր աչքերի հայեցումից,
Որովհետև իմացանք՝ կմիանաս մեզ,
Թե հար աղոթենք և ապրենք ընտիր, խնկելի վարքով107Մատթ. ԺԸ. 20, Ա. Կորնթ. Զ. 17:
Եվ քանզի մեկըդ Երրորդությունից պատարագվում է,
Մյուսն ընդունում՝
Իր անդրանիկի հաշտարար արյամբ Դառնալով դեպ մեզ,
Դու կընդունես մեր պաղատանքները
Եվ կհարդարես մեզ օթևաններ՝
Պատվական, բոլոր հարմարանքներով,
Երկնավոր գառանդ ճաշակումը վայելելու,
Որպեսզի առանց դատապարտող պատիժների
ընդունենք Նոր կյանքի փրկության անմահարար այս մանանան108Հովհ. Զ. 49-50:
Եվ թող հալչի մեր գայթակղությունն այս հրից,
Ինչպես մարգարեն կենդանախարույկ կայծակմամբ Ունելիով մատուցեց109Եսայի Զ. 6-7,
Որ ամենուր քարոզվի քո գթությունը,
Ինչպես Աստուծո Որդով՝
Հոր քաղցրությունը, Որ անառակ որդուն մոտեցրեց հոր ժառանգությանը110Ղուկ. ԺԵ. 20-32
Եվ պոռնիկներին առաջնորդեց
Արդարների երանության երկնային արքայությանը:
Այո՛, այո՛, մեկն եմ ես նրանցից,
Ինձ ևս ընդունիր նրանց հետ Որպես մեծ մարդասիրության կարոտածի,
Քո շնորհներով փրկվածի,
Քրիստոսի արյունով գնվածի, Որ այս ամենի մեջ և ամեն ինչում Երևա քո աստվածությունը:
Հոր հետ փառավորված համապատվորեն,
Մի կամք և մեկ իշխանություն գովական,
Որովհետև քոնն է գթությունը,
Ե՛վ կարողությունը, և՛ մարդասիրությունը,
Զորությունն ու փառքը՝ Հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Բան ԼԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Սրանք են ահա՛ իմ թշվառացած շնչի իղձերը և դավանանքներս քեզ հարմարական,
Քեզ, որ ամեն ինչ բովանդակում ես խոսքով, Տե՛ր Աստված,
Ինչ որ ճառել եմ նախորդում՝ այստեղ պարզեմ պիտի ես երկրորդ անգամ:
Իսկ խուռն բազմության առջև գրավոր բեմախոսություն
Կամ ժողովրդին մեկնաբանումներ անելու համար
Այս աղերսական աղոթքները ես նվեր բերեցի,
Որոնք հետևյալ գոհաբանական տողերի մեջ եմ շարադրել ահա՛:

Բ

Աղաչում եմ անփոփոխելի և ամենազոր տերությանը հզոր Հոգուդ,
Ուղարկիր ցողը քո քաղցրության և բարեգործի՛ր,
Դրոշմելով հոգուս և զգայություններիս իշխող իմ մտքում
Ամենալից շնորհը քո բազմապարգև ողորմության:
Հերկի՛ր մարմնեղեն կարծրացած սրտիս բանական անդաստանը,
Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր:
Խոստովանում ենք՝ քո ամենիմաստ էությամբ է, որ
Ծաղկում են մեր մեջ, աճում-ուռճանում պարգևներն ամեն:
Դո՛ւ ես ձեռնադրում առաքյալներին ու մարգարեներին ներշնչում,
Ուսուցանում ես վարդապետներին ու համրերին խոսեցնում,
Բացում խուլերի ականջները փակ:
Ազգակիցը քո, էակիցը Հոր անդրանիկ Որդին
Քո գործակցությամբ իրագործելով այս բոլորն ահա՛,
Քեզ Հոր իսկության հավասարակից Աստված հռչակեց:
Շնորհ արա՛ նաև ինձ՝ մեղավորիս, որ ես էլ խոսեմ համարձակությամբ
Կենդանարար խորհուրդն ավետյաց Ավետարանիդ,
Արագաթռիչ մտքի ընթացքով անցնելով անհուն ասպարեզներով
Քեզնից ներշնչված Կտակարանների:
Եվ երբ ձեռնարկեմ ես հանդիսավոր մեկնաբանության՝
Հասնի՜ թող որ քո գթությունը նախ, իր ժամանակին ներշնչելով ինձ՝
Քեզ արժանին, պիտանին և հաճելին՝ Քո աստվածության փառքի և գովեստի,
Ինչպես նաև կաթուղիկե Եկեղեցու կատարյալ շինության համար:
Երկարի՛ր ինձ վրա աջդ ամենամերձ
Եվ զորացրո՛ւ ինձ գթությանդ շնորհներով.
Փարատի՛ր իմ մտքից մոռացության մեգը մթին,
Ցրելով նրա հետ և՛ խավարը մեղքի, Որպեսզի մտքով և խոհերով այս երկրավոր
կյանքից ի վեր բարձրանամ: Լուսավորի՛ր դու վերստին իմ մեջ, ո՜վ գերահզոր,
Աստվածային հրաշալի ծագումն անստվեր,
Որպեսզի արժանի լինեմ ուսանելու և ուսուցանելու,
Որպես բարի օրինակ՝ աստվածասեր լսողներին:

Գ

Խոստովանում, դավանում ենք,
Պաշտում ենք ու երկրպագում
Ամենասուրբ Երրորդության
Միասնությունը զուգափառ.
Անճառելի աստվածություն,
Մշտաբարի և նույնագոյ համապատիվ,
Մտքի սլացքին անհասանելի
Վեր՝ ամեն մի օրինակից և բարձր՝ նմանությունից,
Որ գերազանց է անպարագիր բացարձակությամբ,
Առաջ՝ քան հիմքը հավիտենության,
Դեռ չստեղծված, չտարրացած էակներից,
Անթարգմանելի օրհնաբանությամբ
Ամենահարուստ մեծությամբ հավետ պսակված,
Ժամանակները սահմանող,
Ժամանակի մեջ կերպ առածների Հորինող-պատճառ,
Տեսանելիներն ու անտեսները ստեղծող
Ո՛չ անվամբ է չափվում,
Ո՛չ հորջորջմամբ է նշանակելի,
Ո՛չ որակով նմանված Եվ ոչ կշռած քանակով:
Չի ձևանում օրինակով,
Չի ճանաչվում որպիսությամբ,
Տարածված չէ թերությամբ,
Ամփոփված չէ լրությամբ,
Երբևէ չէ գրավված Եվ կամ մի տեղ ամփոփված:

Դ

Հայր գթության, ամեն ինչի Տեր,
Աստված բոլորի, որ երկնքում են և երկրում,
Բացի Բանից միակ, որով իրենն է ամեն ինչ,
Բոլոր շնչերի տվող ու ստեղծիչ,
Բացի իսկակից Հոգուց,
Որով համայնը կազմեց:

Ե

Մեկը երեք անձնավորությունից՝
Երջանկափառ համազոր ահավորությունից,
Այն վերևներից խոնարհվեց ներքև,
Որ ի սկզբանե անբաժան էր ներքևիններից,
Մնալով անբաժան փառքի աթոռից
Եվ անկարոտ իր ծնողի տեսության,
Պարզաբար մտավ կույսի արգանդը,
Այնտեղից ելավ՝ մարմին առնելով անբաժանելի,
Լիակատար մարդ և անպակաս աստվածություն:
Միակ Որդին միակ Հոր
Եվ միածին անդրանիկը Աստվածամայր տիրածին կույսի:
Իրական երկրածին մարդ եղավ՝ լինելով Արարիչ,
Բայց նման չէր նա երկրածիններին,
Այլ նոր ու չքնաղ Թագավորներին հրաշափառ,
Չտեսնվեց նա դարերում Եվ չպատահեց ժամանակներում,
Ըստ սաղմոսողի եղավ անդրանիկ111Սաղմ. ՁԸ. 28
Թագավորների ամբողջ աշխարհի:
Մարմնում մեր բնությամբ կերպ առավ անապակ խառնմամբ,
Հոգու և մարմնի հարաբերությամբ,
Ոսկու և հրի, Կամ ավելի պարզ՝
Լույսը օդի հետ, Անփոփոխ և անանջատ:
Նա եկավ կամավ խաչին մեռնելու,
Հանց անարատ գառ զոհվելու գնաց112Եսայի ԾԳ 7,
Եվ մի զորավար ինքնիշխանությամբ
Փրկագործեց իր արարածներին:
Երբ կենդանի էր՝ չարչարվեց իրոք
Եվ գերեզմանվեց՝ աստվածությունից անբաժանելի:
Եռօրյա թաղմամբ
Այն դժոխական սանդարամետում վհատ բանտվածներին
Քարոզեց նորոգում և լույս:
Եվ ավարտելով փրկագործ ամբողջ
Խորհուրդը իր մարդեղության՝
Վերակենցաղեց նա աստվածաբար:
Հողմերի թևով քերովբեների վրա բարձրացավ113Սաղմ. ԺԷ. 11:
Ծածկվեց ամպով անքննելի114Գործք Ա. 9:
Ծածկվեց երկնից վեր բարձրանալով
Ճոխությամբ բազմեց սկզբնաժառանգ Հոր աթոռին հավասար,
Որից բնավ չբաժանվեց,
Ձեռքբերովին չկորցնելով, Չնվազեցնելով սեփականը:
Որով և գալու է դատաստանին հատուցման
Արդար իրավանց չափով կշռելու գաղտնիքը,
Որին սպասում ենք,
Որին՝ աղոթում, Հավատալով՝
Ամեն ինչում, ամեն ինչով
Ամենակալ տերությանն իր,
Որ իսկապես մեկն է միայն այն միակից Եվ միակի փառակցությամբ
Հավիտյանս երկրպագված:

Զ

Մշտապես օրհնում, բարեբանում ենք Հոր և Որդու հետ
Նրանց էակից Հոգուն:
Նա ամենազոր,
Կատարյալ և սուրբ և ճշմարիտ է,
Որ արարածներ ստեղծեց անէից,
Ինքնագործ է և իշխանակից մյուս երկուսին՝
Անեղծ, անսահման թագավորությամբ,
Պատճառն առաջին, ահավոր Բանը
Նույն այդ ինքնության, Նույնն է նաև բարձրացած Հոգին:
Բարի ինքնակալ,
Հոր պարգևները ամենքին բաշխող՝
Հանուն Միածնի փառքի պանծացման,
Որ սահմանեց օրենքները,
Ներշնչող եղավ մարգարեներին,
Առաքյալների մեջ տպավորվեց ազգակցի փչմամբ115Հովհ. Ի. 22:
Աղավնակերպ Հորդանանում հայտնվեց,
Եկողի փառքի մեծության համար,
Եվ ավանդական գրքերում փայլեց,
Հանճարեղացրեց և զորեղացրեց իմաստուններին,
Վարդապետներին կատարյալ դարձրեց.
Օծեց արքաների, օժանդակեց թագավորների,
Վերակացուներ տվեց, փրկություններ կարգադրեց,
Ձիրք շնորհեց, քավություններ հանդերձեց,
Քրիստոսի մահվամբ մկրտվածներիս116Հռովմ. Զ. 3
Իր բնակությունը մաքրագործեց117Եփես. Բ. 22,
Որին Հոր և Որդու հետ Նաև Սուրբ Հոգին ներգործեց118Հովհ. Ե. 19
Եվ ինքն Աստված է՝
Խնկված տիրապես Ամենայնը և ամենայնի մեջ119Ա. Կորնթ. ԺԵ. 28:

Է

Երրորդության մեջ նախորդ հիշվողը Մեծ չէ մյուսից,
Նվաստ չի լինում իր նմանակցից հետո հիշվելով,
Կամ մեկին ակնարկելիս դեմքի շփոթում չի լինում
Եվ երեքի տրոհմամբ առանձին դեմք չի դառնում:
Եվ չէր մեծարվի Հայրն ամեն ինչով՝
Իր մեջ չունենար Բանի զորություն,
Եվ կամ չունենար թե Հոգին իր հետ՝
Անշունչ, անկենդան մեկը կլիներ Եվ կնվազեր ամեն հորդորից:
Բանը եթե չճանաչվի Հոր անվամբ՝ Մի որբ կլինի, [կլինի] լքյալ
Սերած ինչ-որ մի մահկանացուից:
Նույնպես և Հոգին Նշանակալից պատճառ թե չունի՝
Անշուք ինչ-որ բան կլինի միայն,
Թափառիկ իբրև անդասելի շունչ:
Բայց եթե մեկը փորձի բաժանել Հորը իր Որդուց,
Հակաճառելով, թե նախ նա չկար,
Կամ բամբասանքով մի անբանական
Պատվել ցանկանա վեհ մեծությունը,
Եվ կամ բխողին նսեմ համարի Իբրև էապես ոչ հոգևորի՝
Այդպես այլ, օտար մի բան է մուծվում
Կամ այլայլական ինչ-որ շփոթում Սուրբ Երրորդության անարատ պատվին,
Այդպիսիներին հավատո բանի պարսաքարերով
Հերքում ենք, դուրս ենք վտարում
Իբրև գազանի կամ դժնի դևի,
Նզովում նրանց, նրանց դեմ փակում [Սուրբ] եկեղեցու գավիթը, որ և
Դուռըն է կյանքի:
Ուստի փառք տալով Երրորդությանը՝
Որպես մեկ և նույն տերություն,
Ամբողջական ու հավասարազոր,
Զուգաձայն սրբասացությամբ, համարժեք հարթությամբ,
Օրհնյալ, փառաբանյալ երկնքում ու երկրում,
Անդրանիկների խմբից և երկրածին բանականներից
Հավիտյանս հավիտենից: Ամեն:

Ը

Արդ, այս մատյանում պատկերված ծածուկ խորհուրդների բարձրաձայն խոստովանությունը
Մեծ Աստծուդ ամենալուր ականջներին ընծայեցի ես,
Եվ ահա՛ նրանով սպառազինված՝ մտա ասպարեզ:
Բայց ոչ թե նրա համար, որ կարոտ լինելով ձայնիս՝ նրանով մեծանաս,–
Զի երբ տակավին չէիր ստեղծել դու ամենայն ինչ,
Երկինքը անմահ փառաբաններով
Եվ երկիրը՝ հողաստեղծ բանականներով,
Դու փառավորված էիր արդեն քո լրության մեջ,–
Այլ, որպեսզի ինձ՝ մերժվածիս նույնպես, անճա՛ռ քաղցրություն,
Արժանի անես քեզ ճաշակելու՝ խոսքիս հաղորդությամբ:
Սակայն ի՞նչ պետք է, որ կյանքի կանոն - արքունի հրամանիդ համաձայն ասեմ՝ Ադոնա՝ Տեր,
Եվ հրամայված պատվերդ չկատարեմ, Ես, որ իմ ձեռքով իսկ ջնջեցի ինձ,–

Պատգամիդ նվիրված ոսկեղեն տախտակս խոսուն,
Աստվածային մատներովդ գրված, և որը խորտակելն է իրավացի120Ելից ԼԲ. 19.
Եվ ես այժմ նրա նմանությունն երկրորդ՝ տխրատեսիլ մուրով եմ պատկերում:
Բայց, քանզի բազում խանդաղատանքով պաղատեցի քեզ,–
Որոնք չեն գրված թեև այս գլխի տողերի շարքում,–
Լսիր, բարեգութ, այս խոսքերի հետ նաև բոլորը:
Թող աղերսագին այս աղոթքներս էլ հոդվեն նրանց հետ,
Թերևս մաքուրների և քո կամքը կատարողների կողմից
Յուղով շաղախված և մեջը խորիսխ բաղարջի նման
Հացն այս նվիրված՝ դրվի քո փառքի սեղանի վրա:

Թ

Բայց դու, բարերար, համակ մարդասեր,
Քրիստոսդ մի՝ միակ Աստուծո, հզոր և ամենակալ,
Որ գերազանցում ես քաղցր ու խնամածու քո գթությամբ
Ոչ միայն ինձ գոյակից մարդկանց առհասարակ,
Որոնք ենթակա են խռովումների և բազմապիսի հակառակությանց՝
Այլև անարատ հրեշտակներին,
Եվ սրանցից էլ նույնիսկ ավելի՝ սրբասուններիդ անբիծ, անբասիր,
Որոնցից մեկն էր նաև Եղիան, որի խստության նշանները
Երեք ձևով երևան եկան Քորեբ լեռան վրա՝
Շարժով ահագին, կրակով կիզիչ, և ուժգին հողմով:
Իսկ քո հեզությունը երկայնամիտ հայտնվեց մեղմիկ օդի քաղցրությամբ, հանդարտաբարո.
Զի ողորմություն ես կամենում դու միայն ու միայն, ինչպես գրված է:
Թեև մարդկային սերնդից ոմանք գեղեցիկ վարքով
Առաքինաբար այլ նմանություն առան երկնային,
Սակայն երկրածին են նրանք նույնպես՝ մարդկանցից ընտրված:
Իսկ դու չես կարող չարանալ, զի բարի ես իսկությամբ,
Համորեն օրհնյալդ, համա՜կ փրկություն, Լիովին հանգիստ և անդորրություն ընդհանրական, Դեղ առողջարար՝ ախտավորների համար համորեն,
Կենդանի ջրի աղբյո՛ւր դու վճիտ, ըստ Երեմիայի:
Դարձի՛ր դեպի ինձ և ողորմիր, անկարո՜տ Աստված,
Դու, որ այնքա՜ն ծարավի ես ու պապակ իմ փրկությանը,
Որ մինչև անգամ երկնային անմահ և օրհնաբանող զվարթուններին պաշտոն հանձնեցիր
Հանուն մարդկության փրկության կարգված
Քահանաներ և քավչապետներ հավիտենական ի դիմաց մեր երկնավորների,
Թշվառ լքյալիս հաշտության համար պաղատելու քեզ մշտնջենապես,–
«Ողորմիր Երուսաղեմին». որը լուսավոր մի խորհուրդ ունի,
Թե այս երկրավոր Երուսաղեմի սույն օրինակով խնդրում են նրանք
Քո մեծ հայտնությամբ ողորմել վերին Երուսաղեմին,
Եվ քեզ կցորդված մարդկանցով՝ ընկած հրեշտակների դատարկը լցնել:

Ժ

Արդարև լսեցիր դու, բարեգո՛ւթ, անսացիր, թագավո՛ր,
Ունկնդրեցիր, կյա՜նք և հույս, ի միտ առար, երկնավո՛ր,
Հարգեցիր, հզո՛ր, նկատեցիր, ծածկագե՛տ,
Տեսար, խնամակա՛լ, կարեկցեցիր, անպատո՛ւմ:
Խոնարհեցիր, մի՜շտ բարձրյալ, նվաստացար,
ահավո՛ր, Հայտնվեցիր, անճա՛ռ, ամփոփվեցիր, անսահմա՛ն,
Չափվեցիր, անքնի՛ն, թանձրացար, ճառագա՛յթ,
Մարդացար, անմարմի՛ն, շոշափեցիր, անքանա՛կ,
Կերպավորվեցիր, անորա՛կ,
Կատարեցիր իսկապես բաղձանքն աղաչողների:
Զվարթունների բերանով եղար թշվառիս՝ Բարի, բարեխոս, միջնորդ կենդաի,
Պատարագ անմահ, սպանդ անվախճան,
Նվեր մաքրունակ, ողջակեզ անծախ, բաժակ անսպառ:
Ուստի, ողորմած, մարդասեր, օրհնյալ,
Քո կենդանատու կամքով թող որ միշտ բարեբախտ լինի հոգիս մեղավոր,
Գովյա՜լ երկայնամիտ, քեզ վայել է փառք հավիտյանս. ամեն:

Բան ԼԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, Տե՜ր զորությանց, մեծութուն ահեղ,
Անտարակույս տեսողություն, կամք ամենաընդարձակ, առատությո՛ւն անպակաս.
Ո՞վ կկարողանա պարերգության հանդեսով պատվել ցողի մեկ կաթիլը քո բարության,
Դո՛ւ, որ հետամուտ ես միշտ միջոցներ գտնել իմ փրկության համար:
Եվ դեռ ավելի պիտի գրեմ, որպեսզի պատմվի գալոց:
Հրեշտակասեր չանվանվեցիր դու, որ հիմնեցիր պետությունները նրանց:
Ոչ էլ ասացիր երբևիցե, թե սիրում ես երկինքն իր ջահերով,
Որոնք քո մատներով հորինեցիր դու.
Այլ ի պատիվ քեզ՝ մեծագույն գովության արժանի՝ մարդասիրությունը գերադասեցիր,
Որով կրկնակի՛ մեծացրիր դու քո անունը անճառ սոսկալի խորհուրդներով:
Լուսակերպարան երկրայիններին այն՝ սպասավորներ կոչեցիր
Եվ հատուկ մատակարարումների վերակացուներ.
Իսկ երկրածիններիս մահկանացու՝
Պերճացրիր դու տիրական և աստվածային քո պաշտելի անվամբ.
Ամեն սահմանից, կշռից ու չափից վեր քո ծայրագույն բարության մաքուր ծորումի համար
Կտակներ անթիվ և անբավ ճառեր հորինվեցին քեզ:
Դու ևս, մեկն աստվածային էությունից, մարդանալով,
Ոմանց՝ իրենց համար, և ոմանց՝ այլոց,
Զեղեցիր կյանքի պարգևներ առատ, պես-պես հրաշքներ,
Սքանչելիքներ աստվածագործ և նշաններ ճշմարտատեսիլ:
Եթե գթալով դու ողորմեցիր թերահավատ անդամալույծին,
Տեսնելով, որ նրան խնամողները հույսով են դիմում քեզ121Մատթ. Ը. 2-4,,
Ո՜րքան ավելի զորավոր պիտի լինի քո խոսքը ամենակարող
Մաքրելու համար մարմինն ախտալից քեզ հառաչագին աղաղակողիս:
Քանզի արդարև շատ ավելի մեծ հրաշք է սրբել անմաքուր հոգին,
Քան թե լվացված պատկերը աղտին դարձնել անենթակա.
Մանավանդ որ ավազանի շնորհն ավելանալով երկրորդի վրա՝
Է՛լ ավելի է բարձրացնում հայրենի փառքն անճառ:

Բ

Դո՛ւ ես, Տեր, որ մաքրում ես մեզ,
Ինչպես առաջուց ցույց տվեցիր դու Մովսեսի վրա՝ քո ընտրյալի:
Դու վերակացու եղար Հակոբի տոհմին,
Նրա մեղքերի և անօրենությունների մեջ,
Երբ Եգիպտոսում՝ հեթանոսական խավարում
նրանք խարխափում էին:
Դո՛ւ ես լուսավորում մեղավորներին իրենց ընթացքի մեջ, ըստ երգող Դավթի:
Դո՛ւ ես, որ սրտի քարեղեն կարծրությունը փոխարկում ես մարմնի կակղության,
Որպեսզի կարող լինի քո խոսքն իր մեջ ընդունելու:
Դո՛ւ ես, որ կարող ես ընձեռել ա՛յլ սիրտ և մեկ ճանապարհ՝
Երկնչել քեզնից կյանքի բովանդակ տևողության մեջ:
Դո՛ւ ես, որ խստամիտների մեջ դնում ես քո երկյուղը միշտ,
Որպեսզի հավատքով ուշք դարձնեն քեզ, մարգարեների խոսքի համաձայն:

Գ

Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ շրթունքների աստվածեղեն անձրևների կաթիլը կենարար,
Որպես բանալի՝ լսելիքներիս դռա՜նը մոտեցրու,
Որով խորամանկ բանսարկու օձի թույնը վերցնես ու բժշկե՜ս դու:
Քո ամենակալ ձեռքով բռնիր շարժվող գործիքն իմ խոսողության,
Եվ ազդի՛ր նրան ձայնի զորություն,
Դո՛ւ, որ տալիս ես լեզու բոլորին՝ ընտիր խոսելու.
Որպեսզի ես էլ, դաստիարակվելով պատշաճապես,
Չլինի, որ մեր նախահոր նման հանդուգն խոսելով՝ զրկվեմ քո լոյսից,
Եվ անբանության դատապարտվեմ՝ որսողից քշված:
Քո կենդանաբաշխ աջը երկարելով՝
Լուսավորի՛ր վերստին խավարած աչքերն իմ հոգու,
Որ չլինի թե վիշապի շնչով մարելով լապտերն համարձակության՝
Գրվանի ներքո մնամ ծածկված122Հմմտ. Մատթ. Ե. 15:
Վերցրո՛ւ անօրենություններն իմ, Տե՛ր, և նետիր նրանք խորքերը ծովի,
Որ փոքր է անչափ քո անսահման մեծության համեմատությամբ,
Ուր իմ մեղքերը կարող են սուզվել, ըստ մարգարեի:
Կործանված հոգուս համար կանգնիր նշան վստահության123Եզեկ. Թ. 4,
Որ չլինի թե կառուցվելով վհատության կոթող124Հմմտ. Եզեկ. ԺԶ. 31՝
Ծածկվածները հրապարակ հանի բարձրաձայն:
Բա՛ց բժշկարանիդ կենաց վարդապետարանը,
հզո՜ր և գթած, Որպեսզի մեր մեջ կորուսչի ցանած, մշակած բոլոր որոմները չար՝
Կամքիդ մանգաղով ընդհուպ արմատից հնձես ու թափես:
Երբ Պետրոսի պես քայլերս ուզեցի ուղղել դեպի քեզ, Աստված բոլորի,
Սուզվեցի և ես այս աշխարհային մեղսածուփ ծովի ալիքների մեջ,
Մոտեցրու աջը քո ազատարար, օգնելու համար ինձ՝ սասանյալիս,
Քանանուհու հետ ձայնակից՝ ե՛ս էլ սրտիս խորքերից
Պաղատում եմ քեզ, ահա՛, սովահար որսորդական շան նման կաղկանձող.
Քո բազմազեղուն ու ճոխ սեղանից բաժին հան և ինձ՝ թշվառ սովյալիս,
Որպես ապրուստի կերակուր տալով փշրանքներն հացի:
Փրկի՛ր նյութեղեն խորանն իմ, ո՛վ դու,
Որ աշխարհ եկար փնտրելու կորածին և ապրեցնելու:
Զի քո է մեծություն, հաղթություն և զորություն.
Դո՛ւ ես քավություն և բժշկություն, նորոգություն և երանություն.
Եվ քեզ է վայելում փա՜ռք,
երկրպագություն հավիտյանս. ամեն:

Բան ԼԶ

Ա

Որքան էլ շատ լինեն մեղքերս,
Շնորհիդ փրկարար արդյունքներն անթիվ
Եվ հանդիսադրումն այն չարչարանքների, որոնք հանձն առար՝
Գերազանցում են նրանց միշտ իրենց առավելությամբ:
Հոգիներն համայն իր մեջ ամփոփող աջդ արարչագործ
Մահվան գործիքի՝ Խաչի նշանի վրա գամեցիր,
Որպեսզի կամքիդ դեմ երկարող ձեռքս թուլացնես:
Համընթաց քո զույգ ոտքերդ ազատարար
Իմ անսանձության պատճառով պատժարանի փայտին կպցրիր,
Որպեսզի զսպես դու գթածաբար վայրագությունը փախչող թշվառիս:

Բ

Չհրամայեցիր, որ քո օրհնյալ գագաթը կռփողների ձեռքը գոսանար,
Դու, որ քարերի կարծրությունը ճեղքեցիր,-
Որպեսզի այդ օրինակով՝ և ի՛նձ ներելդ կանխավ ավետես:
Քեզ՝ խոստովանված Աստծուդ գանող անպիտաններին չսպառնացիր,
Դու, որ արուսյակը մթնացրիր125Եսայի ԺԴ. 12
Որ մահացածիս բարությամբ հանդերձ հանգիստ շնորհես:
Հայհոյիչների չարախոս բերանը չչորացրիր,
Դու, որ լուսնի պատկերը արյան երանգով գունավորեցիր,-

Որպեսզի քեզ գովելու համար անհամարձակ լեզուս զորացնես
Չսաստեցիր քեզ նախատողների մոլեգնությունը,
Դու, որ տարերքն անգամ սասանեցիր,–
Որպեսզի թշվառ գլուխս գթությանդ օծումով յուղես:
Քեզ մոլորեցուցիչ անվանող աստվածասպանների ծնոտների հոդվածներն իրարից բաժանելով չխախտեցիր,
Դո՛ւ, որ քարերի կարծրությունը ճեղքեցիր,–
Որպեսզի բարուց դատարկ իմ հոգին ընդունայնության հոժարությունից հանդարտեցնես:
Պահապանների սրերը իրենց ընդերքը չմխեցիր,
Դո՛ւ, որ օձի որովայնը հողի վրա սողալուն մատնեցիր,-

Որպեսզի ոսկորներն իմ տառապյալ մարմնի,
իբր գանձարանում պահված՝ Հարության կենացն արժանացնես:
Երբ կենդանակիր քո գերեզմանի տապանաքարը կնքում էին,
Նրանց տեղնուտեղը թիկունքի վրա պառկեցնելով՝ երկրի անդունդները չսուզեցիր,
Որպեսզի հոգուս տապանակի մեջ լույսիդ նշխարը հանգչեցնես:
Երբ քեզ կորած և իբրև երկրավոր մարմին գողացված էին համբավում,
Դու՝ համայնաջինջ և սպառսպուռ չկրճատեցիր նրանց սերունդները,
Որպեսզի և ինձ, բարուն հետևող հիշատակվելու անարժանիս իսկ
Անկորուստ կերպով, անվնասելի՝ փրկվածներին մասնակից դարձնես:
Երբ ուրացողները մոլեգնաբար, որպես մատնության անարգ գրավական՝
Քո Հոր տաճարի գանձարանից մաս էին հանում, կաշառք տալով արծաթ կրկնակապեն՝
Չդարձրիր նրանց դու քարե արձան,
Նման՝ Մովաբի տատին126Ղովտի կնոջը: պատահած այն հին հարվածի:
Որպեսզի և ինձ՝ հաստատությանս մեջ վրիպյալիս
Եվ մահվան իշխանությանը վաճառվածիս թշվառ՝
Արյամբ քո փրկելով՝ հաստատուն վեմիդ վրա կառուցես:
Օրհնյա՜լ ես կրկին, օրհնյա՜լ վերստին,
Ամեն ինչի մեջ միշտ օրհնաբանված՝ հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԼԷ

Ա

Եվ արդ, թեպետև իմ բարու համար քո ինձ շնորհած վերոհիշյալ պարգևներից
Շատ քչերն այստեղ ես գրի առա,
Ո՜վ ամենագութ բարերար, գովյալ և ամենազոր,
Բայց և այնպես՝ նրանք արքայազուններ են և ինքնակալ իշխաններ,
Զորության որդիներ են նրանք և վեհածիններ մեծափառ, լուսանորոգ և հրաշապատիվ, Որոնք հռչակված են բարձր բռնած հաղթական դրոշներով՝ պսակապաճույճ գեղազարդված, Բերելով իրենց հետ անթիվ օրհնաբան, քաղցրահամբույր և հեզ,
Երջանիկ խաղաղասեր և աստվածահաճո պետությունները այն վերին նահանգների,
Որոնց վերաբերմամբ աղոթեց մարգարեն՝ ասելով.
«Տե՜ր, զորություններդ արթնացրու և մեզ փրկելու փութա՛»,
Դրանք ավելի զորավոր են հալածելու մեր մեղքերը
Եվ հալելու ու հեռացնելու կարկուտն անհուսության,
Քան թե զորապետը նախամարտիկ՝ երկնային պարի–
Գիշերավարը այն խավարասեր127Հրեշտակապետ Միքայելը, որ զգետնեց ապստամբ երկնային զորաց պետին, սատանան կամ արուսյակը:, որը առաջին հակառակորդն էր բարի Աստծուն:
Անհնար է թվել այն բոլոր շնորհները, որոնք բարձրյալի կողմից
Անձրևեցին տկարիս, թշնամուս և ապերախտ ծառայիս վրա:
Իսկ եթե ոք համարձակվի խոսել կարողանալ, ամբողջը թողած՝
Շատ քիչը պիտի կարենա հիշել այդ շնորհներից:
Դրանց հետ նաև մտաբերելով առաջին նյութը,
որից ստեղծվեց, Իբրև մի տկար և նկուն՝ հերքված մեծ զորությունից պիտի պարտվի:

Բ

Սակայն, թեպետև այսպես գրեցի,
Եվ դարձյալ նույնը պիտի վկայեմ հողիս թերահաս խակության
Եվ ստեղծողիդ կատարելության ու բարիքների և իմ անարժանության մասին,–
Բայց ամենալույս և բազմազեղուն, աննախանձ, գովյալ քո արարչության զորության հանդեպ
Կփշրվի բանսարկուի պատճառած սրտի կարծրությունը:
Նա է, որ փորձում է հուսահատ վհատությամբ քարացնել սիրտս,
Սպառել և խոպանացնել երկու աղբյուրներս,
Որոնք իմ զգայական եդեմի մեջ բխեցրեց
տնկողը, Որպեսզի նրանցով ոռոգվի առատ ու ծաղկի իմ
մեջ բարեգործության դրախտը կենսատունկ:
Ուստի թող չլինի, որ արտասուքներս ցամաքեցնելով,
Աղանդահնար պատրանքներով և չարաչար խորամանկությամբ
Դուրս հանի դարձյալ ինձ իմ նախկին փափուկ վիճակից:
Իսկ երբ երևա հրաշափառորեն համբարձված Աստվածն
Իր խաղաղությամբ միջնորդն հաշտության աստվածների մեջ,
Շնորհաց կտակը բերելով իր հետ,–
Բախվելով նրան, ինչպես վիմեղեն ամրապինդ լեռան,
Կցնդեն բոլոր վնասակար խարդախություններն ու կարճամիտ սրտնեղությունները,
Հազիվ թե հոսող փոքրիկ ջրի պես, կամ հողի նման, որ փշրվելով կփոշիանա:

Գ

Արդ, ոչ թե մարդկանցից են գալիս կշտամբանքներս, ինչպես Հոբն է ասում,
Այլ ամենատես աչքերից վերին հրամայողիդ,
Որի երկյուղից խիղճս տագնապած՝ սոսկում եմ,
սարսում կասկածանքներով: Եվ սակայն դարձյալ սրտաբեկ՝
Ապաստանում եմ հույսիդ հաստատուն, կենդանի անեղծ.
Որպեսզի ողորմությամբ նայես դու ինձ,
Իբրև կորստյան պատժին արժանու,
Երբ ես երկնայնիդ բարերարությանը ներկայանում ձեռնունայն և ապշահար,
Երախտիքները անպատում փառքիդ բերեմ ես ինձ հետ ու քեզ հիշեցնեմ.
Քեզ, որ ո՛չ մոռացությամբ տարված ես նիրհում,
Ոչ էլ մինչև իսկ ակնթարթի չափ ընդմիջումներով՝ հեծեծանքներն ես անտեսում վշտի:
Վերցրո՛ւ ինձանից, աղաչում եմ քեզ, լուսավոր խաչովդ՝ խեղդը հանցանքիս,
Հոգատարությամբ տարակուսական տխրությունը իմ,
Փշանյութ պսակով՝ բողբոջն իմ մեղքերի,
Գանակոծությամբ՝ հարվածը մահիս,
Ապտակի հուշով՝ տանջանքն ամոթիս,
Թքի թշնամանքով՝ գարշությունս անգոսնելի, Լեղու ճաշակմամբ՝ դառնությունը հոգուս:
Քոնն են այս բոլոր բարությունները անբովանդակելի,
Միակ Աստուծո միածի՛ն Որդի,
Որոնց հետ և իմ չարությունները հիշատակելով,
Քո ամենօրհնյալ անունն եմ կանչում բարձրաղաղակ՝ հոգեղենների պաղատանքներով:
Մեղապարտությամբ ամոթահարիս զղջման խոստովանության նայիր
Եվ սատակելու արժանի որդուս ողորմիր՝ անմահ մահով մեռնելու.
Որպեսզի բազում մեղքերիս չափով
Կրկնապատկվելով առավելապես՝ քո ողորմությո՜ւնդ ավետարանի
Եվ հռչակվի վեհ ահավոր հնչմամբ երկնքի մեջ միշտ և երկրի վրա: Եվ քեզ՝
Հոր և Սուրբ Հոգու հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Բան ԼԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ինչպես որ նախորդ գլուխներից մեկում գրության առա
Մարմնական անդամների օրենքի արգասիք համարվող
Մեղանչանքների այն խավարային գլխավոր ծնունդները,
Որոնք տիրեցին մահվան ժառանգորդիս,-

Այդպես էլ և այժըմ, այստեղ, հետևյալ խոսքերիս կարգին
Պիտի հիշատակեմ ես փոքր ի շատե,
Ինչպես անսահման ծովի ջրերից մի կաթիլ առած՝
Հոգևոր կյանքի այն օրենքները,
Որոնք լուսածնունդներին ազատագրում են Հիսուս Քրիստոսով:

Բ

Կայսերական են ոմանք արդարև, բազմած բարձր գահի վրա,
Եվ շնորհների պաշարով լցված ու հարստացած:–
Թագավորն իր սիրելիներով,
Արքան իր պատվավորներով,
Պսակավորն իր իշխաններով,
Բարեհռչակվածն իր համբավներով,
Հաղթողն իր փողերով,
Զորավարն իր մարտիկներով,
Գովյալն իր փառքով,
Փեսան իր պարավորներով,
Դշխոն իր օրիորդներով,
Փեսավերն իր հանդերձանքներով,
Ազատությունն իր շնորհներով,
Խոստովանությունն իր քավությունով,
Օգնությունն իր ձեռքով,
Պահպանությունն իր աջով,
Պարգևն իր զարդով,
Կենաց նշանն իր ամրությունով,
Կնիքն իր նկարագրով,
Ամպն իր հովանիով,
Արվեստն իր հրաշքներով,
Հոգին իր անեղծությունով,
Խոսքն իր կատարումով,
Ուխտադրությունն իր լրումով,
Զորությունն իր հրամաններով,
Ավազանն իր սքանչելիքներով,
Մանանան իր անապականությունով,
Կենդանի վեմն իր վտակներով,
Հրեղեն սյունն իր ճառագայթներով,
Որոտումն իր ազդումներով,
Վերին հույսն իր փրկությունով,
Օրհնության ծառն իր պտուղներով,
Եվ բարունակն իր բարիքներով:
Եվ որպեսզի, չլինի թե բոլորն ասելով՝ ամբողջն աչքաթող անեմ,
Ինչպես արևին նայելիս կայլայլվի աչքն ու կտկարանա,
Պետք է որ լռեմ ես շատն ասելուց և քչին հասնեմ,
Բավականանալով ամենապիկար իմ կարողությամբ:

Գ

Բայց ավա՜ղ հավետ այստեղ իմ թշվառ, եղկելի հոգուն,
Քանզի խոսքիս կարգն ստիպում է ինձ
Ավետավոր ձայնի հետ խառնել և՛ գուժկան բողոք.
Քանի որ սրանց հետ և սրանց առընթեր
Կան՝ արդարությունն իր կշիռներով,
Վճիռն իր հատուցումներով,
Քննությունն իր լույսով,
Հանդիմանությունն իր լապտերներով,
Մերկությունն իր պատկառանքներով,
Հայտնությունն իր ամոթով,
Անբիծն իր վաստակներով
Եվ սխալվածն իր պատիժներով:

Դ

Դարձյա՛լ և դարձյալ ողբ ինձ կրկնապես, թշվառ եղկելուս,
Քանզի անհնար բարկությամբ, ահա՛,
Գալիս է, հասնում հասակիս հասկին մանգաղը նրան հնձելու համար:
Դատավորն՝ ատյանի, և հզորը բեմի համար,
Սպառնացողը կորուստի մատնելու, բազուկը՝ դատաստան տեսնելու,
Պատժիչ գավազանն՝ հարվածելու, սպառազինումը՝ վրեժխնդրության,
Եվ հովիվն ընտրություն անելու համար:
Եվ քանզի վերջին օրը հատուցման դատի պիտի ինձ դատապարտյալիս
Քո այն խոսքը, որ դու ինձ ասացիր,
Կանխի՛ր այն, բարեգութ, նախընծա քո քաղցրությամբ,
Եվ ինձ որ վարանական երկյուղով հեծում եմ նվաղաձայն,
Զորացրո՛ւ վերջին տագնապման ժամիս քո օրհնյալ ձեռքով,
Առաջին օգնությամբ մխիթարելով, բժշկելով, քավելով, և կենդանի պահելով:
Եվ քեզ փա՜ռք ամեն ինչի մեջ, հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԼԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանզի թողի կերպըս առաջին դևի թելադրանքով
Եվ կորցրի իսպառ իմ ծուլությամբ,–
Ուստի այժմ իմ մեջ ցույց պիտի տամ ես կերպարանքը հին.
Դառն ու թախծալից հոգու հեծությամբ
Անաչառ խայտառակումով, հրապարակորեն,
Հավաքված անթիվ և ամեն ազգի բազմությունների
Վերապատմեմ ես պիտի բարձրաձայն և մեծաբարբառ աղաղակելով:

Բ

Շնչավոր մի մատյան եմ ես, որն ունի իր մեջ
Ներսից ու դրսից ողբեր ու վայեր և ձայներ
տխուր, Իսկ և իսկ նման Եզեկիելի տեսլի տոմարին:–
Քաղաք անպատվար և անմահարձան,
Տուն՝դռան ամուր փականքներից զուրկ,
Աղ՝ միայն տեսքով, այլ ոչ թե համով,
Ջուր աղի, անախորժ՝ ծարավների համար,
Գետին՝ անօգուտ՝ հողագործության,
Դաշտ լքված՝ հեղեղավայր կնյունի,
Անդաստան՝ խոպանացած և տատասկաբեր,
Աստվածախնամ հողս հոգևոր, որ բանսարկուի
պատրանքներո՜վ մշակվեցի,
Յուղընձյուղ փայտ եմ պտղակորույս,
Հատանելի մի ծառ ունայնաբույս,
Կրկնամեռ խոսուն մի տունկ եմ անհույս,
Ամբողջովին շիջած ճրագարան անլույս:
Այժմ վերստին սույն նմանությամբ
Այլ ավաղական բազում պատկերներ պիտի կրկնեմ ես:-

Ամոթի դառն պատուհասն է պահված հեգիս,
Կրճտումն ատամների և աչքերի լաց անվերջ՝ եղկելիիս,
Հայրական անսպասելի ցասում՝ ստահակիս,
Ապականություն աննորոգելի՝ մեղանչած մարմնիս,
Նոր կշտամբություն՝ ախտալից հոգով, չարիք
գտնողիս, Տարակուսանքի տարտամ տագնապներ՝ մահով
գերվածիս, Որոնք երկնային զորքերը կտան թշվառիս,
Վկայելով, թե որոմի խրձի պես վառվելու է վշտակիր հոգիս,
Ահարկու ձայնով ազդարարելով անբժշկությունը հուսալքվածիս:

Գ

Արդարև, սրանք կատակերգական նվագներն են ահա՛
Այն քնարահար շրջիկ պոռնիկի, որ ծեծելով իր կուրծքը, լալագին
Հնչեցնում է հույժ կսկծեցուցիչ, խղճալի ողբեր,
Ինչպես Եսային է ասում առակով՝
Տյուրոսի մասին գրած պատգամում:
Եթե ապառնի դիպվածն այն փոքրիկ, իբրև մոտալուտ պատկերացնելով,
Բողոքում էր նա պես-պես, բազմակերպ ավաղումներով,
Լացով ու կոծով պարողների պես,–
Հապա ինձ համար, որ սպասելով Տիրոջ գալստյանն անպայման մնացի անպատրաստ բոլորովին,
Որքա՜ն և որպիսի՜ վհատեցուցիչ երգեր պիտի մրմնջեմ ես:
Արդ, եթե դատաստանի ահավորությունը հիշեմ վերստին,
Բազմացնեմ պիտի աշխատանքս ես,
Իսկ եթե տանջանքներս իսկությամբ աչքիս առաջ բերեմ՝ երկյուղս կաճի,
Եվ եթե ճշգրիտ պատկերացնեմ ես տեսարանները նրանց՝
Ինձ համար նախատեսված հատուցումները կավելանան,
Քանզի առաջուց նախատեսելով այդ բոլորը ես, չապաշխարեցի, թեկուզ անագան:
Բայց դու խնայեցիր ինձ, գթած, մարդասեր, հզոր, բարերար,
Ամենապարգև Քրիստոս թագավոր, օրհնյալ հավիտյան. ամեն:

Բան Խ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ամենակալ Աստված բարերար, ստեղծո՛ղ բոլորի,
Ունկնդրի՛ր հառաչանքներիս ձայնին տագնապահույզ.
Եվ ինձ ապագա կասկածանքների երկյուղից փրկի՛ր,
Կարող զորությամբդ ինձ ազատելով մեղքի պարտքերից,
Քանզի քո անբավ մեծությամբ և իմաստությամբ անհուն՝
Հնարավոր է քեզ մոտ ամեն ինչ:

Բ

Եվ քանզի հեռվից տեսնելով հոգուս աչքերով ահա՛
Ահավորափայլ հանդեսը քո հանդերձյալ դատաստանի,
Նկատում եմ ես արդեն կանխապես
Ցերեկը լուսավոր ու հուսալից՝ սրբերի համար,
Եվ օրը խավար՝ պատժապարտիս պատուհասի
համար, Ուստի և չկա ոչինչ, որ լինի փախուստիս համար ապաստանարան.
Ո՛չ անդունդները խորունկ և ո՛չ վիհերն անտակ,
Ո՛չ լեռները բարձրաբերձ և ո՛չ քարանձավները,
Ո՛չ ժայռերը կարծրակուռ, ո՛չ էլ ծործոր ու ծերպ,
Ո՛չ փապարները փոսավոր և ո՛չ հոսանքը հեղեղների,
Ո՛չ բավիղները խորշերի, ո՛չ շտեմարանները
հարկերի, Ո՛չ թաքստոցները սենյակների, ո՛չ էլ ծմակները
հովիտների, Ո՛չ ծործորները դժվարանց, ո՛չ բլուրները բազմակուտակ.
Ո՛չ քամիները մեծաշունչ, և ո՛չ ծովերն անծայր,
Ո՛չ հորձանքները սահանքների, և ո՛չ ափերը
հեռավոր, Ո՛չ ողբերի ձայները և ո՛չ հեղեղներն արցունքի,
Ո՛չ շարժումը մատների, ո՛չ ձեռքերը վերամբարձ
Եվ ոչ էլ պաղատանքը շրթունքների:

Գ

Այս բոլորից՝ սաստկագույն և անճողոպրելի՝
Դո՛ւ միայն, Քրիստոս, կարող ես փրկել բազմամեղ հոգիս,
Քո անդորրությամբ և քո դյուրությամբ ամենահնար:
Ուստի և նայի՛ր ինձ շրջապատող վտանգներին անզերծանելի,
Դո՛ւ միայն քաղցրդ բոլորի հանդեպ.
Կենազեն խաչիդ հաղթական սրով կտրատի՛ր բոլոր ցանցերը վարմիս,
Որոնք ամենուստ պաշարել են ինձ մահու գերյալիս,
Տո՛ւր հանգստություն սասանյալ ոտքին թյուր ընթացողիս.
Բուժի՛ր հրատապ ջերմին տոչորումն մղձկյալ սրտիս,
Մերժի՛ր դիվային և չարահնար շշուկները իմ՝ քեզ պարտավորիս.
Հալածի՛ր անհույս մթությունն հոգու՝ չարին կենակցիս.
Ցրի՛ր ծխամած թանձրությունները բռնավոր մեղքերիս.
Կորցրո՛ւ ապական ցանկությունները զազիր կրքերիս.
Նորոգի՛ր մեծիդ անվան պաշտելի փառքի լուսեղեն պատկերն ի հոգիս.
Զորացրո՛ւ շնորհիդ փայլը շողշողուն որպես շուք դեմքիս,
Մտատեսության ընդունակություն տուր հողեղենիս,
Հարմար հորինմամբ վերահարդարիր, որ տեսնի քեզ պարզ՝
Լուսազարդ մաքրությամբ զտելով մռայլը մեղավորիս,
Աստվածային կենդանի, անեղծ, երկնավոր լույսովդ ծածկելով երեք պատկերներն անձիս:
Զի դու ես միայն օրհնյալ Հորդ հետ ի գովեստ Սուրբ Հոգուդ
Հավիտյանս հավիտենից. ամեն: