Պարույր Սևակ | ՀՍՍՀ Գրողների Միության հինգերորդ համագումարի ելույթը
19 May 2014 Ճառ 0 comments
Կարծում եմ, որ իմ ելույթով ունկնդիրներից շատերին պիտի հիասթափեցնեմ, որովհետև նրանք երևի սպասում են, թե ես ի՛նչ և ինչպե՞ս պիտի պատասխանեմ ինձ հասցեագրված այն ամբողջ քննադատությանը, որ բացահայտ ու կիսածածուկ հնչում է ահա ավելի քան վեց ամիս մամուլի էջերից և որ պակաս չեղավ նաև այս օրերին:
Ես նման մտադրություն չունեմ, բայց հարկ եմ համարում ավելացնելու, որ նման մտադրության բացակայությունը բնավ էլ չի ենթադրում պատասխանելիքի բացակայություն:
Ավելին, ես ունեմ այնպիսի պատասխաններ, որոնցից հետո մեր ժողովուրդն ասում է. դե եկեք ձեր մեռելը տարեք: Բայց այսօր մեռելոցի օր չէ, այլ լուրջ մի համաժողով, որ ինձ թույլ չի տալիս իջնելու «ես ասեցի, նա ասեց»-ի մակարդակին:
Ես երևի ունկնդիրներին պիտի հիասթափեցնեմ կրկնակի, եթե ասեմ, որ խոսելու եմ մեկ արմատական հարցի մասին, որ ունի երկու բուն` ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, որոնք առերևույթ կարծես կապ չունեն գրականության հետ, բայց ըստ էության գրականության ծնողներն են:
Սնապարծությո՞ւնը…
Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: Նունիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք:
Իսկ ինքնասպանությո՞ւնը…
Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է:
Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ:
Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն:
Մեր նոր պատմագրության առաջին մեծը` Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,- մեծ մեղք կլինի այս մոռանալը: Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևյալն էր, քանի որ Նոյյան տապանն իջել է Արարատի գագաթին, ուրեմն Հայաստանն է արդի մարդկության օրրանը: Քանի որ (ըստ նույն Սուրբ գրոց վկայության) Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի միջև, ուրեմն Հայաստանն է «Երկիր դրախտավայրը»: Քանի որ…
Այս «քանի – որ» -ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք. Այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր…»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա…»: «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»:
Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններին էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՛ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»:
Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համամիութենական (ու համաշխարհային) հնչեղություն և ստիպում մեզ թարգմանել դրանք: Պլատոնին և Արիստոտելին 6-րդ դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՞ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին:
Ահա այս հարցն է, որ պիտի մտահոգի և մտատանջի մեզ` հայ գրականության մշակներիս, և ա՛յս բարձունքից մենք նայենք մեր գրական բոլոր լուրջ և անլուրջ վեճերին:
Թե ավագ սերնդի գրողները (այսօր և հավիտենից հավիտյան) ամենայն անկեղծությամբ կարող են տարակուսանքով (նաև անկեղծ թշնամությամբ) նայել կրտսերների գրածին,- ավելի քան բնական է. ամեն մի սերունդ, ինչպես որ ամեն մի տուն, ունի իր առաստաղը: Բայց ինձ ապշեցնում է ավագ կոչվելուց շատ հեռու, նույնիսկ երիտասարդ գրականագետների և գրականության պատմաբանների պահվածքն ու մտածելակերպը: Մասնագիտության բերումով նրանք շա՛տ ավելի լրջորեն, շա՛տ ավելի կապակցված պիտի գիտենան մեր գրականության պատմությունը: Մի՞թե տարօրինակ էր, որ գրաբարին հետևեց աշխարհաբարը, կլասիցիզմին ռոմանտիզմը, ռոմանտիզմին ռեալիզմը, ռեալիզմին` սիմվոլիզմը:
Թե՞ մեր հարգարժան գրականագետները կարծում են, որ գրականության զարգացումը, գրական հոսանքների և դպրոցների գոյացման բնականոն երևույթը կանգ է առնում հենց մե՛զ վրա: Նրանք ոչ միայն տարօրինակ բան չեն տեսնում, այլև հատորներ են լցնում` ապացուցելու, որ գրականության զարգացումը պիտի Ալամդարյանից հետո ծներ Պատկանյանին, սրանից հետո` Թումանյանին, սրանից հետո` Տերյանին, սրանից հետո` Չարենցին: Իսկ հիմա՞: Աշխարհը վերջացա՞վ: Կյանքը կա՞նգ առավ: Այս անտեր բանաստեղծություն կոչվածը այլևս պիտի չունենա՞ նոր մակարդակ, մտածողության նոր ձև, նոր որակ:
Սա այնքան պարզ մի հարց է, որ առաջանալ կարող է միայն այնտեղ, որտեղ գործում են երջանիկ անգիտությունը և ահռելի պահպանողականությունը, նախապաշարմունքն ավելի, քան աչալրջությունը, սովորույթի ուժն առավել, քան գիտակցությունը:
Ասում են, որ սովորույթը մարդուս երկրորդ բնությունն է: Բայց մեզնից շատ-շատերի համար դա երևի դարձել է պարզապես առաջին բնություն: Եթե մենք չենք կարող ավելի գործնական միջոցներով պայքարել այդ ահավոր ուժի դեմ, ապա եկեք գոնե հետևենք պայծա՜ռ Մարկ Տվենի խորհրդին. «Սովորույթը սովորույթ է, նրան լուսամուտից դուրս չես նետի,- ասում էր նա,- հարկավոր է սովորույթին քայլ առ քայլ հրապուրելով դուրս հանել տնից»:
Եվ եթե մենք կարողանանք վարվել այսպես, ապա ոչ այսօր, գեթ վաղը կհասկանանք, որ թե՛ բանաստեղծության, թե՛ արձակի մեջ եկել, գործում է մի սերունդ, որի արածն ու վաղվա անելիքը ստիպված պիտի կոչես նոր հոսանք կամ նոր դպրոց:
Խնդրանքով կամ սպառնալիքով, կոչով կամ հայհոյանքով, տպագրությունն արգելակելով կամ տպվածը վարկաբեկելով կարելի է, այո՛, նրանց միառժամանակ խանգարել, բայց կանխել` բնա՛վ երբեք: Այդ նույնն է, թե անձրևի դեմ պայքարես աղոթքով կամ խսիր-կարպետով, հոսանքի դեմ` ձեռքիդ ափով կամ ջղայնությամբ ու գոռոցով:
Ասում են, որ գրական հիշյալ սերունդը սերակալում է ոչ թե մայրենի, այլ օտար կաթի վրա: Նախ` սուտ է, եթե նկատի առնենք այս սերնդի լավագույն և արդեն հասուն ներկայացուցիչներին. մնացածը կա՛մ կվերադառնան իրենց հող ու ջրին, կա՛մ պարզապես հող ու ջուր կդառնան, այսինքն` չեն դառնա գրող: Բայց մի րոպե ընդունենք, որ դա իրոք էլ այդպես է: Իսկ ո՞վ ասաց, որ հայ երիտասարդ գրողը պիտի սովորի միայն «Հացի խնդրից» ու «Հացավանից», բայց ոչ նաև Գոլսուորսիից ու Հեմինգուեյից, միայն Թումանյանից ու Տերյանից, բայց ոչ նաև Ներուդայից և Լորկայից: Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ: Այո՛: Բայց մի՞թե ավելի ենք հարուստ, քան Սահարան ավազով: Իսկ գիտե՞ք, որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՞ք, թե ու՞մ համար: Սահարա՜յի համար… ավա՜զ` Սահարա՛յի համար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում:
Բետոն ունենալու և մեր ազգային գրական շենքը կառուցելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել` որտեղից էլ որ դա լինի: Եվ այսպե՛ս, ճիշտ այսպե՛ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նո՛ւյն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ` սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան: Եվ ավելորդ եմ համարում նման մի դահլիճում իմ այս միտքը մանրելու, յուրաքանչյուր ոք պիտի որ իմանա դա:
Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների (մանավանդ փոքր ժողովուրդների) հարատևման երկու եղանակ կա միայն. կա՛մ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կա՛մ ապրել նախնական-վաչկատնային կյանքով: Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի: Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ` աշխարհի առաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին: Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո՛չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխվենք:
Ես այսքան շեշտված ու շատ խոսեցի այս առիթով, որովհետև յուղում են այն անիվը, որ շատ է ճռռում, և դա մի ճոռոց է, որ միայն գլխացավանք չի պատճառում, դա մի ճռռոց է, որ վտանգում է մեր երկանիվ կառքի ոչ միայն սլացումը, այլև գոյությունը, եթե մենք այս ճռռոցին ուշք չդարձնելով ընթանանք, ապա մեր գործերն էլ կընթանան ավազի ժամացույցի պես. դանդաղ կհոսենք-կհոսենք և խըրթ` կվերջանանք, և ուշ կլինի, ու թերևս չգտնվի մի օտար «բարի» ձեռք, որ մեզ վերցնի և շուռ տա ավազի ժամացույցի պես:
Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ: Գուցե: Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ: Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը: Տագնապն է այն շախմատիստի, որ ցայտնոտի մեջ է:
Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից:
Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…
Այստեղ է ահա, որ ես պիտի դառնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ` զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ` ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը` իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»: Եվ իսկապես էլ աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերևս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի և աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ատելու ըստ երևույթին շատ անհրաժեշտ գիտությունը:
Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ: Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը: Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք… Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել: Թույլ տվեք ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա՛տ-շա՛տ-շա՜տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով: Եվ եթե Մայակովսկին ասում էր` հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ թե հրշեջային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մե՛ր ժողովրդի մասին: Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի: Իսկ վիրավոր ազգը, ինչպիսին մենք ենք` քառակի: Ըստ որում ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի, այլ արդարության մի պահանջի, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղաքագետի, ապա ամեն մի արվեստագետի համար:
Այստեղ խոսքս կենտրոնացնեմ անդրկովկասյան ժողովուրդների բանաստեղծների վրա` հիշեցնելով հային, վրացուն և ադրբեջանցուն, որ մենք թոռներն ենք Աբովյանի և Ախունդովի, Սունդուկյանի և Ծերեթելու: Եվ այս ասելով ես չեմ անում ժողովուրդների եղբայրության այն ժուռնալիստական կոչը, որից մեր ատամներն առել են: Ես ուզում եմ, որ մեր մեծերի ստվերները հետապնդեն մեզ, նույնիսկ սատանայի կամ շեյթանի նման, միայն թե հիշեցնեն, որ մենք պիտի արժանի դառնանք իրենց հիշատակին ոչ թե ճառով, այլ ապրելակերպով ու գործով:
Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»: Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում` ի վնաս հարևան ժողովրդի, որևէ հայ ճանապարհաշինարար խիճ է սարքում հարևանի խաչքարերից, որևէ հայ երկրաբան պայթեցումներ է կատարում հարևան հինավուրց եկեղեցու կամ մեչիդի պատերի տակ, որևէ հայ բանաստեղծ հայհոյական խոսք է ասում հարևանի հերոսի հասցեին:
Այսպիսի ամեն մի փաստ ըստ էության արձանագրվում է տվյալ ազգի անձնագրի «հատուկ նշումներ» բաժնում և ծանրացնում է ազգի «դատական գործի» ոչ թե արդարացման, այլ մեղադրանքի բաժինը:
Մեզ` մոտիկ ու հեռու ժողովուրդների գրողներիս համար այսպիսի արդարամտությամբ ապրելու մեկ առիթը արժի մեկ սքանչելի պոեմ կամ վեպ, որովհետև, նորից եմ կրկնում, ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»:
Բայց ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվության հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը:
Ուրեմն, եկեք մեկ րոպե մտածենք ա՛յս մասին:
Դեռ չի լռել մեծ Ռուսթավելու փառավոր հոբելյանի առավել քան փառավոր նշման արձագանքը, ա՛յն հոբելյանի, որ հայերս նշեցինք որքան շուքով, այնքան ավելի ուրախությամբ: Իսկ գոնե այդ առիթով մենք գործնականապես մտածեցի՞նք, որ մեծ Շոթայից ամբողջ 200 տարի առաջ արարչագործել է Նարեկացին, որին ես` ազգային սնապարծության ոխերիմ թշնամիս, համարում եմ մարդկության մեծագույն հանճարներից մեկը: Եվ ոչ միայն ես, այլև ֆրանսիացիք, որ նույն կարծիքն են հայտնել Նոբելյան մրցանակի արժանացած իրենց գրողների շուրթերով: Իսկ ինչպե՞ս, իսկ ինչպե՞ս մտածեցինք Նարեկացու հոբելյանի մասին, եթե մինչև այսօր էլ կան հայեր (չակերտավոր մարքսիստներ, փիլիսոփաներ և գրականագետներ), որոնք Նարեկացու հանճարեղ պոեմը պարզապես աղոթագիրք են համարում:
Իսկ ինչպե՞ս մենք մտածենք Նարեկացու հոբելյանի մասին, եթե հեռու-հեռավոր ֆրանսիացիների վերջին տարիների գրական կյանքը լեցուն է Նարեկացիով, իսկ մոտիկ-մերձավոր ռուսները Նարեկացու անունն էլ չգիտեն ո՛չ իրենց, այլ մե՜ր մեղքով:
Վաղը–մյուս օր լրանում է Մովսես Խորենացու ծննդյան 1500-ամյակը. ա՜յն Խորենացու, որի «Պատմությունը», հակառակ Նարեկացու «Մատյանի», վաղո՜ւց թարգմանվել է աշխարհիս բոլոր քաղաքակիրթ լեզուներով, որովհետև հիրավի ունի միջազգային արժեք: Կնշե՞նք այս հոբելյանը: Չե՛մ կարծում:
Հիմա մտովին գամ ու հասնեմ մեր ժամանակներին ու հասնեմ մեր գրողների միության աշխատանքներին` դարձյալ մնալով ազգային արժանապատվության հողի վրա:
Մենք ահագին բան ենք թարգմանել ռուսերեն` չխոսելով թարգմանությունների որակի մասին: Իսկ թարգմանե՞լ ենք արևմտահայ բանաստեղծներից գեթ մեկին, ա՛յն բանաստեղծներից, որոնցից յուրաքանչյուրը մի այլ ժողովրդի լեզվով կհնչեր շատ ավելի հասկանալի և կբարձրացներ մեր ժողովրդի վարկը: Չենք թարգմանել ու չենք էլ մտածում կարծեմ:
Հիմա գանք ու հասնենք մեր օրերին: Շատ շուտով գնալու ենք գրողների համամիութենական համագումարի: Իսկ ինչպե՞ս ենք գնալու, ի՞նչ երեսով, մեր ո՞ր նվաճումը ցույց տալու հպարտությամբ: Մեր վիճակն այնտեղ կնմանվի շքեղ հարսանիքում աղքատ ազգականի անմխիթար վիճակին: Եվ այդպես կլինի այն պատճառով, ինչը կոչվում է գրական քաղաքականություն: Եթե գրողների միությունն ընդհանրապես ունի գրական քաղաքականություն, ապա դա կարելի է կոչել միմյանցից շատ հեռու երկու բառով, որոնցից մեկը շատ է հայերեն, իսկ մյուսը շատ է օտար` մատաղ և գազոն:
Այո՛, հարկ ու պատշաճ է, որ մատաղը հավասար բաժանվի, բայց գրականության մեջ այդպես վարվել նշանակում է մատաղ անել հենց գրականությունը: Մորթել այն, նույնիսկ խեղդամահ անել: Ճիշտ այդպես էլ, թերևս, վատ չէ գազոն ասվածը, բայց… զբոսայգիներում, իբրև կանաչ ցանկապատ` տների առջև: Իսկ գրականությունը մկրատել երեք կողմից, այն էլ ուղիղ ու հարթ, իսկ չհանդուրժել, որ որևէ մեղապարտ թուփ, որևէ մեղավոր շիվ գլուխ բարձրացնի գազոնային հավասարության վրա, նշանակում է… ինքներդ գտեք, թե ինչ է նշանակում:
Գրականությունը եթե ենթակա է որևէ օրենքի, ապա ենթակա է անտառի օրենքին, անտառի՛ և ոչ թե գազոնի՛…
Այս գազոնային քաղաքականությունը եթե վարվեր միայն տեղում` Հայաստանում, դեռ կարելի էր հանդուրժել մի կերպ: Բայց այս գազոնային քաղաքականությունը մերոնք վարում են նաև համամիութենական ասպարեզում` հայ արդի գրականությունը ռուսերեն թարգմանելիս: Ես ինձ թույլ եմ տալիս ավելորդ մի անկեղծություն, որպեսզի ասեմ, որ ռուսերեն թարգմանվելու հարցը հիմա համարյա թե դարձել է մի քանի շիշ հայկական կոնյակ կոնծելու դժվարություն: Հաճախ թարգմանվում են այնպիսի հեղինակներ, որոնք պարզապես գրող չեն, կամ այնպիսի երկեր, որոնք պիտի չհրապարակվեին նաև հայերեն: Թարգմանական գործի այսպիսի ընթացքը մեր արդի գրական վարկին հասցնում է միանգամից երկու հարված: Այս հարվածներից մեկն այն է, որ մեր գրական արտադրանքի լավագույնը կա՛մ բնավ չի թարգմանվում, կա՛մ էլ թարգմանվում է շատ ցածրորակ: Հարվածներից երկրորդն էլ այն է, որ թարգմանվում են խոտանային երկեր և ռուս հրատարակիչների, ինչպես նաև համամիութենական բազմամիլիոն ընթերցողի մեջ ամրապնդում այն կարծիքը, որ Հայաստանում գրականությունը նույն վիճակում է, ինչ վիճակում է կինոն կամ, ներեցեք, ֆուտբոլը:
Ժամանակն է, որ հայ գրականության թարգմանությունը դադարի գրողների անձնական շահագրգռության կամ նախաձեռնության գործը լինելուց և դառնա գրողների միության նոր ղեկավարության գործը, եթե կուզեք` ամենակարևո՛ր գործը:
Տեղն է եկել այս ամբիոնից ամենայն լրջությամբ հարուցել մի հարց, որ ինչքան կապ ունի ազգային արժանապատվության հետ, է՛լ ավելի ունի պարզապես անհետաձգելիության արժեք: Մեր հարևան հանրապետություններն իրենց ռուսերեն գրքերի մեծագույն մասը տպագրում են հենց տեղում` Բաքվում ու Թբիլիսիում: Արժե հիշեցնել, որ Մեժելայտիսի «Մարդը», որ արժանացավ բարձրագույն մրցանակի, հրատարակվեց ոչ թե Մոսկվայում, այլ Լիտվայում: Նույնը կարո՞ղ ենք անել մենք: Ե՛վ այո, և՛ ոչ: Այո՛, եթե շա՜տ ցանկանանք: Ո՛չ, որովհետև մեր պետհրատի հնարավորությունները շատ սուղ են: Մեր հանրապետության նոր ղեկավարությունը, որ ընդամենը կես տարի է ղեկի առջև, այս կարճ ժամանակաշրջանում մեզ համար արեց շատ ավելին, քան մենք պահանջում էինք ամբողջ տասը տարի: Մենք, վերջապես, ազատվեցինք այն մի խումբ օտար բառերից, որ բռնի սոսնձել էին մեր կոկորդին: Թույլատրվեցին դահլիճներում լսել մեր հոգևոր սքանչելի երաժշտությունը: Հունվարից հրատարակվելու է գրական նոր ամսագիր: Ավելացել են գրական մամուլի ինչպես հաստիքները, այնպես էլ հոնորարը:
Թույլ տվեք բոլորիդ անունից ի սրտե շնորհակալություն հայտնել այս ամենի համար և միաժամանակ, դարձյալ բոլորիս անունից, մեր ղեկավարությունից խնդրելու պես պահանջել, որ նա անի հաջորդ քայլը` հանրապետությունն ապահովի ռուսական հրատարակչությամբ: Այդ դեպքում, կարծում եմ, մենք էլ կկարողանանք անել այն, ինչ անում են մեր հարևանները:
Բայց մենք հիմա էլ կարող էինք անել բաներ, որոնք կապ չունեն հարուցածս հարցի հետ: Մենք չէի՞նք կարող Հայաստան հրավիրել ռուս նշանավոր բանաստեղծների կամ գրողների մի խումբ. նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի նրանք այստեղ, մեր աչքի առջև, թարգմանեն մեր բանաստեղծ-գրողի այն երկը, որ կարող էր ունենալ համամիութենական հնչեղություն:
Չէ՞ որ այդպես են վարվում ուրիշ գրողների միություններ: Իսկ մենք չենք արել: Եվ չենք արել լոկ ա՛յն պատճառով, որ չունենք գրականության ընդհանուր շահերի գիտակցություն, լոկ ա՛յն պատճառով, որ գրողների միության ղեկավարությունը վարում է ընդհանուր հավասարեցման, ոչ մեկի խաթրին չդիպչելու մատաղա-գազոնային քաղաքականություն: Ընդ որում, անարդար չլինելու համար ավելացնեմ` հարկադի՛ր, քաղաքականություն: Հարկադի՛ր, որովհետև այդպիսին է մեր գրական միջավայրը, որտեղ իշխում է հաշիվն ավելի, քան` անկեղծությունը, որտեղ աներեսներից ու լաչառներից վախենում են ավելի, քան հարգում ու գնահատում են տաղանդավորներին, որտեղ անձնական ցավը ծածանվում է դրոշակի պես, իսկ համընդհանուր շահը դրոշակի կոթի տեղ էլ չի դրվում: Ես արդեն խոսում են ոչ թե գրողների միության մեղքերի, այլ մե՛ր իսկ արատների մասին:
«Չի օգնի փառքը, եթե ցավում է փորը» ,- ասել է Կիպլինգը: Այս սրամիտ խոսքը մեր գրական միջավայրում կորցնում է իր արժեքը, որովհետև խոսքի երկու մասերը պարզապես համընկնում, նույնանում են, այսինքն` մեզանից շատ-շատերի փորացավն այլ բան չէ, քան փառասիրությունը կամ փառամոլությունը, որ ինչպես հայտնի է, հիվանդություն է անբուժելի՜: Ես բժշկական նոր գյուտ չեմ արել, ուստի և պիտի խոսեմ բուժելի՜ հիվանդությունների մասին` դառնալով մեր գրական մամուլին:
Սկսում եմ «Լիտերատուրնայա Արմենիա»-ից և ա՛յն պատճառով, որ այդ ամսագիրը կապ ունի մեր գրականությանը համամիութենական հնչեղություն տալու համընդհանուր շահագրգռության հետ: Ամսագրի խմբագրությունը չէ՞ր կարող իր շուրջ համախմբել ռուս մի քանի իսկական բանաստեղծների, նրանց մեկընդմիշտ կապել Հայաստանին, որպեսզի նրանք թարգմանեին հայ պոեզիան և ոչ թե պատահական մարդիկ: Կարող էր: Բայց ո՜ւմ վեջն է:
Ամսագրի խմբագրությունը թարգմանություններ է մուրում, փոխանակ դա կազմակերպելու, իսկ այն, ինչ որ կազմակերպվում է… Տե՜ր Աստված, բոլորովին վերջերս, բոլորովին մասնավոր մի առիթով ես իմացա ու համոզվեցի, որ խմբագրության այսպես ասած պրակտիկայի մեջ գոյություն չունի մի այնպիսի տարրական բարեխղճություն, որպիսին է թարգմանությունը բնագրի հետ համեմատելը: Ավելին, խմբագրության աշխատակիցը ջնջում է այն, ինչ խելքին բրդում է, ավելացնում այն, ինչ միտքը գալիս է, իր մեկ ու միակ արդուկով, եթե այդ արդուկը մինչև իսկ մնացել է Սումարոկովի դարաշրջանից, հարթեցնում է գրական երկերն այնպես, որ այլևս ոճական ոչ մի տարբերություն չի մնում կիրովականցի Նոր Այրի և Նորայր Ադալյանի միջև: Դա անհասկանալի խայտառակություն է, որ պիտի գրավի գրողների միության նորընտիր ղեկավարության ուշադրությունը:
Իսկ մեր մյուս` առայժմ միակ հայերեն ամսագի՜րը: Ժամանակի խնայողության իմաստով ես պիտի սրտանց շնորհակալություն հայտնեմ ամսագրի խմբագրությանը, որովհետև «Սովետական գրականության» տասներկու մամուլանոց համարը ինձանից շատ ավելի քիչ ժամանակ է խլում, քան «Ավանգարդ» թերթի չորս էջը: Չի կարելի ասել, թե ամսագիրը չունի գրական քաղաքականություն: Ունի: Դա ոչ մի քաղաքականություն չունենալու քաղաքականությունն է:
Ամսագրերն այն բանի համար են, որ գրական նախաճաշ տան ընթերցողին` մինչև պետհրատային ճաշը: Ընթերցողն ի՞նչ պիտի մտածի մեր գրական սննդի մասին, եթե նրան հրամցվող նախաճաշը մի «աջաբսանդալ» է կամ «վինեգրետ», առանց սրանց վիտամինային կարողության:
Եվ ո՞վ է ամսագրի խմբագիրը: Ի՞նչ հմտություններով և առաքինություններով է օժտված այս մարդը: Ինձ թվում է, թե ընկեր Կուրտիկյանն իր առջև դրված ամեն մի էջի վրա կարդում է մի չգրված ու չեղած նախադասություն. «Զգուշացե՛ք, մահացու է»: Այս զգուշությունն է նրա միակ առաքինությունը, ավելին զգուշավորությունը, ահռելի՛ զգուշավորությունը, բայց այս առաքինությամբ կարելի է ղեկավարել, դիցուք, պայթուցիկ նյութերի վարչությունը: Պայթուցիկ նյութերի վարչությունը, բայց ոչ պայթուցիկության կարոտ և պայթեցիկությամբ ապրող գրականությունը: Այս պատճառով էլ ես ուզում եմ հավատալ, որ գրողների միության նորընտիր ղեկավարությունը ոչ միայն ընկեր Կուրտիկյանի համար կգտնի ավելի հարմար աշխատանք, այլև կթարմացնի ամսագրի ողջ խմբագրական կազմը: Դա ես համարում եմ անհետաձգելի հարց:
Իսկ «Գրական թե՞րթը»:
Իսկ «Գրական թերթ»-ին ուզում եմ ընդամենը մի հարց տալ. «Գրական թերթը» չի՞ ամաչում իր ավագ եղբորից «Լիտերատուրնայա գազետա»-ից` գոնե մի հարցում: «Լիտերատուրնայա Գազետան» հարուցում և լուծում է համապետական նշանակություն ունեցող խնդիրներ: Հիշենք գոնե Բայկալի, Կասպից ծովի, անտառների գործը: Իր գոյության վերջին 10-15 տարվա ընթացքում «Գրական թերթը» հարուցե՞լ է արդյոք քիչ թե շատ կարևոր որևէ հարց և հետապնդել դրա լուծմանը:
Ես գիտեմ, որ «Գրական թերթի» աշխատակիցը, կամ խմբագիրը, եթե իմ չափ անկեղծ ու հանդուգն լինի, իմ հարցին ինձ հարցով կպատասխանի. «Իսկ ո՞վ թույլ կտա, որ հարուցեք»: Այստեղ ես արդեն դիմում եմ մեր վերադաս մարմիններին և հարցնելու պես աղաչում նրանց. «Ինչո՞ւ եք դուք «Գրական թերթը» այնքան հեռացնում իր ավագ եղբորից` հնարավորությունները սահմանափակելու իմաստով, գուցե դուք առաջնորդվում եք հին հունական մի առածո՞վ, ըստ որի «այն ինչ կարելի է Զևսին չի կարելի Եզին», բայց «Լիտերատուրնայա գազետան» էլ Զևս չէ, այլ ընդամենը մի այնպիսի Եզ է, որպիսին է «Գրական թե՛րթը»: Եզ, որի պաշտոնը մեկ է և սրբազան: Թույլ տվեք, որ մեր հայկական Եզն էլ լուծ քաշի, հերկի ու կալսի: Մեր վերադաս ղեկավարությանը ես պիտի մի հարց էլ տամ: Արդյոք կուրտիկյանական զգուշավորության մեջ մասնավոր մեղք չունե՞ք նաև դուք, և արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի մենք բոլորս միասին գործենք ըստ մեկ այլ, այս անգամ զուտ հայկական առածի, որը նույնպես եզան վրա է կառուցված: Ես կարծում եմ, որ բավական է, հերիք է «եզը վերցնել և տակը հորթ ման գալ»:
Ավելորդ զգուշավորությունը, ցեղական մտավախությունը, անհիմն կասկածամտությունը կարող են հասցնել երիկամունքի հոգևոր բորբոքման, մի հիվանդության, որ դեպի մահ է տանում: Եթե մենք բոլորս էլ կարողանանք գիտակցել այս, ապա մեր գրականությունը կսկսի աճել հեքիաթի մանկան պես ոչ տարով, այլ օրով:
Քանի որ հասա մանուկին, խոսքս ավարտեմ երիտասարդներով: Կարող է թվալ, թե բանաստեղծության մասին զեկուցող ընկեր Հրանտ Թամրազյանը շատ անխիղճ վարվեց մեր երիտասարդ պոեզիայի հետ: Ես այլ կարծիքի եմ: Դա անխղճություն չէր, այլ զուտ տրամաբանական եզրահանգում: Պոեզիայի այն ըմբռնումը, որ ուներ զեկուցողը, և գրական այն ճաշակը, որի ջատագովանքն էր ողջ զեկուցումը, չէին կարող չհասցնել երիտասարդական գրականության համարյա թե ուրացմանը: Այսքանով Հրանտը տրամաբանական էր: Բայց տրամաբանական չեմ համարում զեկուցման ամենավերջը, որ մի կոչ էր ետ` դեպի Թումանյանն ու Չարենցը: Դեպի Թումանյանը` հասկացանք, դեպի Չարենցը` նույնպես, բայց դեպի Թումանյանն ու Չարենցը միաժամանակ` սա արդեն պարզապես անհասկանալի է: Ըստ էության, Չարենցի անունն այստեղ պարզապես ձևի համար է տրված, որովհետև հավկուրության դեպքում էլ չի կարելի չտեսնել, որ մեր երիտասարդների իննսունութ տոկոսը, եթե պապ ունեն, ապա նրա անունը Չարենց է, միայն ու միայն Չարենց: Ես մեծն Թումանյանին թողնում եմ իր անկրկնելի և անզուգական վսեմության մեջ և Թամրազյանի կոչից հանելով Չարենցի անունը անում եմ ուղղակի հակառակ մի կոչ` Չարենցից սկսած դեպի առաջ: Այս կոչերից ո՛րը ճիշտ դուրս կգա, կերևա հաջորդ համագումարին, բայց երևում է անկեղծ ասած, նաև այժմ: Եկել են տաղանդավոր երիտասարդներ և գալիս են ամեն օր: Հազար անգամ ճիշտ է Սերո Խանզադյանն իր վերջին հոդվածներից մեկում, երբ պնդում էր, որ երիտասարդները սկսել են շատ ավելի լավ, քան ես ու Խանզադյանը սկսեցինք: Ուզենք թե չուզենք, վաղը նրանցն է: Իսկ ի՞նչ է պատահել: Զավակ ենք ամուսնացրել և փոխանակ ուրախանալու, տանն արդեն կռիվ է ընկել և գիտե՞ք ինչի համար. դեռ չծնված երեխայի ինչպիսին լինել կամ չլինելու առիթով: Հայնեն իրեն հատուկ մի սրամիտ խոսք ունի. «Անհեռատեսները մտածում են, թե Կապիտոլիումը գրավելու համար նախ և առաջ հարկավոր է հարձակվել սագերի վրա»: Երիտասարդների վրա Թամրազյանի հարձակումը շատ բանով է նման դրան, բայց նախ սագերի վրա հարձակվելով չես գրավի Կապիտոլիումը, որ համաշխարհային արդի պոեզիայի մակարդակն է: Եվ ապա, որ ամենակարևորն է և ամենաուրախանալին, մեր բազմաթիվ շնորհալի երիտասարդները սագեր չեն, այլ մի ողջ վիթխարի սերունդ, որին պատկանում է ապագան` ուզենաս թե չուզենաս: Եթե Թամրազյանը գրական կենդանի ընթացքին նայեր անկաշառ հետազոտողի աչքով և ոչ թե կանխակալ ու կանխակարծ հայացքով, ապա կհասներ ուղիղ հակառակ եզրակացության, որն է` եթե մի ողջ սերունդ, համարյա առանց բացառության և՛ արձակի, և՛ չափածոյի մեջ քայլում է մի ճանապարհով, որ դուր չի գալիս Թամրազյանին, ապա սխալ է Թամրազյանը և ոչ թե ճանապարհը: Մեր երիտասարդներին, իհարկե, կարելի է շատ դիտողություններ անել, տալ շատ անհրաժեշտ խորհուրդներ, սակայն այսօր դրա ժամանակը չէ: Եվ բացի սրանից, խորհուրդը, ինչպես անաստված Շոուն է ասել, նման է լուծողականի` հեշտ է տալը, բայց դժվար է ընդունելը, մի անհոգի ճշմարտություն, որ վատ չէր լինի, եթե կախված լիներ մեր քննադատներից շատերի շեմից… Այսուհանդերձ, եթե պիտի խորհուրդ տալ երիտասարդներին, ապա իմ խորհուրդն է` Չարենցից սկսած դեպի առաջ: Գալով ստացած և ստանալիք տհաճություններին, ապա ինձ և մեր երիտասարդներին պիտի մխիթարեմ հին և հավիտենական ճշմարտությամբ. «Ով կարող է` անում է, ով չի կարող` ուսուցանում է»:
/Ծափահարություններ/
Նախագահ. – Հայտարարվում է ընդմիջում:
1 ՀՍՍՀ Գրողների Միության հինգերորդ համագումար, 1966թ. նոյեմբերի 17-19
Աղբյուր՝ http://granish.org/paruyr-sevak-speech/