սրի Աուրոբինդո

- 1 - 
Մարդու մեջ կան երկու դաշնակից ուժեր՝ իմացությունն ու իմաստնությունը: Իմացությունը ճշմարտության այլակերպված միջավայրի այն մասն է, որին շոշափուկներով մոտենում է բանականությունը, իսկ իմաստնությունը բացահայտվում է Աստվածային հայացքի ոգով:

- 2 - 
 Ներշնչանքը լույսի բարակ առու է, որը հոսում է անվերջից ու անմահության իմացությունից, այն հիմնականում գերազանցում է բանականությանն ավելի, քան ինքը, բանականությունը կգերազանցեր զգայական իմացությանը: 

- 3 - 
 Երբ փորձում եմ խոսել, միտքս շշնջում է. « Ես կասեմ սա կամ սա », բայց Աստված բառերս փոխում է և շուրթերս արտաբերում են ինչ - որ ուրիշ մի բան, որից միտքս սարսռում է:
 
- 4 - 
 Ես Ջանյանի* չեմ, որովհետև չունեմ այլ իմացություն, բացի նրանից, որ Աստված տալիս է ինձ իր գործերը կատարելու համար: Եվ ինչպե՞ս կարող եմ իմանալ, այն ամենն ինչ տեսնում եմ, խելացի՞ է արդյոք, թե՞ անմիտ: Ո՛չ, ամեն ինչ այդպես չէ՛, աչքերիս առաջ բացվածը ո՛չ խելացի է, ո՛չ էլ անմիտ, այն պարզապես ճիշտ է:

- 5 - 
 Եթե մարդիկ կարողանային ստանալ միայն թեկուզև թեթևակի շողարձակումն այն անվերջանալի բերկրանքի, այն կատարյալ ուժերի, տարերային իմացության լուսաբեր ոլորտների, մեր գոյության այն բացարձակ խաղաղության, որը սպասում է մեզ այդ տարածությունում, որտեղ դեռ չի հասել մեր կենդանական էվոլյուցիան, ապա նրանք կթողնեին ամեն ինչ և չէին հանգստանա այնքան ժամանակ, մինչև չհասնեին ու չտիրեին այդ գանձերին: Բայց նեղ է ուղին, ու դժվարությամբ են բացվում դռները, և մշտարթուն են Բնության հավատարիմ պահապանները՝ վախը, անվստահությունն ու կասկածը, որոնք մեզ թույլ չեն տալիս լքել նրան ընտել արոտավայրերը:
 
- 6 - 
 Վերջերս հասկացա, երբ բանականությունը մահանում է, լույս աշխարհ է գալիս Իմաստնությունը: Մինչ այդ ազատությունը ես ունեի միայն գիտելիք:

- 7 - 
 Այն, ինչը մարդիկ գիտելիք են անվանում, ընդամենը գիտակցության ընդունած սխալ երևութականություններ են, իսկ Իմաստնությունը ներթափանցում է ամեն մի ծածկույթ ու իսկապես տեսնում է :

- 8 - 
 Գիտակցությունը բաժանում, վեր է հանում մանրամասնությունները և միմյանց հետ հակադրության մեջ դնում: Իմաստնությունն ընդհակառակը` միավորում և հաշտեցնում է հակադրությունները համապարփակ ներդաշնությունում:

- 9 - 
 Եթե քո համոզմունքը իմացություն ես համարում, իսկ ուրիշներինը մոլորություն, տգիտություն կամ շառլատանություն, ապա դու իրավունք չունես հարձակվելու աղանդների վրա նրանց մեղադրելով դոգմատիզմի և անհանդուրժողականության մեջ:

- 10 - 
 Հոգին գիտի միայն այն, ինչը տեսել կամ երբևէ զգացել է, իսկ մնացյալը երևութականություն է, նախապաշարում և սուբյեկտիվ կարծիք:

- 11 - 
 Իմ հոգին գիտի, որ անմահ է: Իսկ դու բաժան - բաժան ես անում մեռյալ մարմինդ և հաղթական հարցնում. « Իսկ ո՞ւր է քո հոգին և անմահությունը»: 

- 12 - 
 Անմահությունը մահից հետո, մենտալ անձի գոյությունը չէ, թեև այն իրոք չի մահանում, այլ անծնունդ ու անմահ Էությամբ արթուն մնալուն տիրապետելն է, որի միջոցն ու ուղեկիցը մարմինն է: 

- 13 - 
 Համոզիչ փաստարկներով նրանք ապացուցեցին, որ Աստված չկա, և ես հավատացի նրանց: Բայց հետո ես տեսա Աստծուն, քանի որ Նա եկավ ու ինձ գիրկն առավ: Այժմ ինչի՞ն հավատամ, այլոց փաստարկների՞ն, թե՞ սեփական փորձին:

- 14 - 
 Ինձ ասացին. «Այդ ամենը զգայախաբություններ են»: Ես որոշեցի պարզել, իսկ ի՞նչ է զգայախաբությունը, և պարզեցի, որ այդ բառով բնորոշում են սուբյեկտիվ կամ հոգեկան ապրումները, որին չի համապատասխանում ոչ մի օբյեկտիվ կամ ֆիզիկական իրականություն: Այդ ժամանակ ես նստեցի ու տարվեցի մարդկային խելքի հրաշքներով:

- 15 - 
 Զգայախաբությունը (հալյուցինացիա) գիտական տերմին է, որը սովորաբար նշանակում է մեր նյութապաշտական տեսադաշտից դուրս գտնվող ճշմարտությունների եզակի բռնկումներ, որպես վարպետ նկարչի վրձնահարվածների պատահական ամբողջություն կամ Բարձրագույն և համապարփակ Բանականություն, որն իր գիտակցական գոյությամբ մտադրվել ու ասես կտավի վրա է արարել այս աշխարհը: 
 
- 16 - 
 Ինչը մարդիկ զգայախաբություն են անվանում, դա մտքում և զգացմունքներում այն բանի արտացոլումն է, որը գտնվում է մեր առօրյա մտային ու զգացմունքային դաշտից դուրս: Նախապաշարումներն արդյունք են այդ արտացոլումների մտավոր ոչ ճիշտ մեկնությունների: Ուրիշ զգայախաբություններ գոյություն չունեն:

- 17 - 
 Մի՛ նմանվիր ներկայիս բազմաթիվ բանավիճողներին, որոնք միտքը թաղում են իմաստուն բառերի մեջ և փնտրողներին քնեցնում գիտական լեզվի և բանաձևերի կախարդիչ հմայքներով: Փնտրի՛ր անդադար, գտի՛ր պատճառն այն ամենի, ինչը մակերեսային հայացքից թվում է պարզ պատահականություն կամ պատրանք:

- 18 - 
 Ինչ - որ մեկը որոշել է, որ Աստված պետք է լինի այսպիսին կամ այնպիսին, այլապես նա Աստված չէ: Իսկ իմ կարծիքով, ինձ ընդամենը տրված է հասկանալ, որ Աստված կա, և ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է Նրան ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի Ինքը: Քանի որն է այն տիպարը, որով մենք կարող ենք դատել Նրա մասին: Նմանօրինակ դատողությունները արգասիքն են մեր անմիտ եսասիրության:

- 19 - 
 Տիեզերքում պատահական ոչինչ չկա:Պատրանքի գաղափարն արդեն իսկ պատրանք է: Մարդկային բանականությունը ցայսօր պատրանք չի ծնել, որն իր մեջ խեղաթյուրված ճշմարտություն չպարունակի:

- 20 - 
 Քանի դեռ ես ամեն բան տարանջատող միտք ունեի, շատ բաներից խորշում էի, այն պահից, երբ մոռացա նրա մասին, արդեն աշխարհով մեկ փնտրում էի այլանդակին ու զզվելիին, բայց արդեն ոչ մեկին, և ոչ մյուսին չէի գտնում:

- 21 - 
 Աստված բացեց իմ աչքերը, որովհետև ես տեսա գռեհիկի վեհանձնությունը, նողկալիի գրավչությունը, հրեշի կատարելությունն ու գեղեցկությունը խեղվածի:

- 22 - 
 Քրիստոնյաներն ու վայշնավները փառաբանում են թողությունը, իսկ ինչ ինձ է վերաբերում, ապա ես հարցնում եմ.« Ի՞նչը ես պետք է ներեմ, և ո՞ւմ»:

- 23 - 
 Աստված ինձ հարվածեց մարդու ձեռքով, և մի՞թե այժմ ես պետք է ասեմ. «Ես ներում եմ քո հանդգնությունը, ո՜վ Աստված»:

- 24 - 
 Աստված ինձ բարիք բերեց խոցելով ինձ: Այժմ ի՞նչ է, պետք է ասեմ. «Ո՜վ Ամենակարող, ես ներում եմ Քո չարությունն ու դաժանությունը, բայց այսուհետև այդպես մի՞ վարվիր»:
 
- 25 - 
 Երբ դժբախտությունից ուժասպառ այն չարիք եմ անվանում կամ խանդ ու հիասթափություն ապրում, գիտեմ, որ իմ մեջ կրկին արթնանում է հավերժական հիմարը:

- 26 - 
 Երբ տեսնում եմ ինչպես են ուրիշները տառապում, ինձ դժբախտ եմ զգում, բայց իմաստնությունը, որն ինձ չի պատկանում, տեսնում է՝ կատարվող բարիքը և օրհնում է: 

- 27 - 
 Պարոն Ֆիլիպ Սիդնին ինչ - որ առիթով պատմեց մի հանցագործի մասին, ում տանում էին մահապատժի. «Եթե Աստծո ողորմությունը չլիներ, այդ ճանապարհով ես պետք է գնայի՝ պարոն Ֆիլիպ Սիդնին»: Բայց եթե նա ավելի իմաստուն լիներ, ապա կասեր. «Ահա, Աստծո ողորմությամբ գնում է պարոն Ֆիլիպ Սիդնին»: 

- 28 - 
 Աստված հզոր և դաժան Չարչարող է, որովհետև Նա սիրում է: Դուք դա չեք հասկանա, չէ որ Քրիշնային չեք տեսել և Նրա խաղերի մասնակիցը չեք եղել:

- 29 - 
Նապոլեոնին համարում էին բռնակալ և կայսրական ստահակ, իսկ ինձ երևում էր Եվրոպայով քայլող ռազմի Աստված:

- 30 - 
 Ես մոռացել եմ թե ինչ բան է արատն ու ինչ է առաքինությունը: Ես ամենուր միայն Աստծուն եմ տեսնում, Նրա խաղը տիեզերքում և կամքը մարդկության մեջ:

- 31 - 
Ես ցեխերի մեջ խաղացող երեխա տեսա, նույն երեխային տեսա նաև մոր կողմից լվացված ու մաքրությունից շողացող, բայց ամեն անգամ ինձ դողն էր տիրում նրա կատարյալ մաքրության առաջ: 

- 32 - 
Այն ինչին ձգտում կամ ճշմարիտ եմ համարում չի կատարվում, դրանից պարզ հետևում է, որ չկա Ամենաիմաստունը, ով կկառավարեր աշխարհը, այլ կա միայն կույր Պատահականություն կամ դաժան Կամայականություն: 

- 33 –
 Աստվածամերժը ինքն իր հետ պահմտոցի խաղացող Աստվածն է, բայց արդյո՞ք նրանից տարբերվում է հավատացյալը: Թերևս այո, որովհետև նա տեսել է Աստծո ստվերը և կառչել նրանից:

- 34 - 
 Ո՜վ Ամենասեր, պատժի՛ր ինձ, եթե անմիջապես դա չանես, ես կմտածեմ, որ Դու ինձ չես սիրում:

- 35 –
 Օ,՜ Դժբախտություն, օրհնյա՛լ լինես, որովհետև դո՛ւ բացեցիր Սիրեցյալիս դեմքը:

- 36 –
 Մարդիկ մինչև այժմ սիրահարված են վշտին: Երբ նրանք տեսնում են մեկին, ով վեր է ցավից և Ուրախությունից, անիծում են նրան և գոռում. «Օ՜, դու անզգա »: Ահա թե ինչու է Քրիստոսը մինչ այժմ Երուսաղեմում գամված խաչին:

- 37 –
 Մարդիկ սիրահարված են մեղքին: Երբ նրանք տեսնում են մեկին, ով վեր է արատից ու առաքինությունից, նրան անիծում են և գոռում . «Ա՜յ դու հիմքեր ոտնահարող, անխիղճ ու անբարոյական»: Ահա թե ինչու Շրի Քրիշնան դեռևս Վրինդավանում չի ապրում: 

- 38 –
 Ոմանք պնդում են, իբրև Քրիշնան երբևէ չի եղել, որ Նա առասպել է: Նրանք նկատի ունեն Երկրի վրա, որովհետև եթե Վրինդավանը ընդհանրապես գոյություն չունենար, ապա չէր գրվի Բհագավատգիտան:

- 39 –
 Ապշեցուցիչ է, գերմանացիները ժխտում են Քրիստոսի գոյությունը, բայց և այնպես մինչ այժմ Նրա խաչելությունը շատ ավելի նշանակալից պատմական իրադարձություն է, քան Կեսարի մահը:
- 40 - 
 Հաճախ հանգում ես այն մտքին, որ իրական նշանակություն են ունեցել այն դեպքերը, որոնք երբևէ չեն եղել, որովհետև նրանց հետ համեմատած պատմական բոլոր իրադարձությունները թվում են խամրած ու աննշան: 

- 41 –
 Պատմությանը հայտնի են չորս մեծագույն իրադարձություններ. Տրոյայի պաշարումը, Քրիստոսի կյանքն ու խաչելությունը, Քրիշնայի արտաքսումը Վրինդավան և նրա զրույցը Արջունայի հետ Քուրուքշետրայի դաշտում: 
Տրոյայի պաշարումը ծնեց էլլադային, Վրինդավան արտաքսումը ծնունդ տվեց սիրո և նվիրումի կրոնին, (քանզի մինչ այդ միայն մեդիտացիաներ ու երկրպագություններ էին), Քրիստոսն իր խաչից Եվրոպային մարդասիրություն սովորեցրեց, Քուրքուշետրայի դաշտի զրույցը դեռ պետք է ազատագրի մարդկությանը: Եվ այնուհանդերձ պնդում են, որ այս չորս իրադարձություններից և ոչ մեկը չի եղել: 

- 42 - 
Ասում են Կտակարանը հորինվածք է, իսկ Քրիշնան՝ պոետների ստեղծագործություն: Այդ դեպքում փառաբանենք Աստծուն այս երևակայության արգասիքի համար և գլուխ խոնարհենք արարողներին:

- 43 –
 Եթե Աստված ինձ տեղ է հատկացրել դժոխքում, անհասկանալի է, ինչո՞ւ ես պետք է ձգտեմ դեպի երկինք: Աստված շատ ավելի լավ գիտի թե ինչ է անհրաժեշտ իմ բարեկեցության համար:

- 44 - 
 Եթե Աստված ինձ երկինք է ձգում, այդ դեպքում, եթե անգամ Նա մյուս ձեռքով փորձում է ինձ դժոխքում պահել, ես պարտավոր եմ վեր սլանալ:

- 45 –
 Ճշմարիտ են միայն այն մտքերը, որոնց հակառակները ևս ճիշտ են իրենց ժամանակին ու իրենց տեղում: Անվիճելի դոգմաները կեղծիքի ամենավտանգավոր ձևերն են: 

- 46 –
 Տրամաբանությունը ճշմարտության ոխերիմ թշնամին է, ինչպես նաև կեղծ բարեպաշտությունը մեծագույն թշնամին է առաքինության, որովհետև առաջինը չի տեսնում իր մոլորությունները, իսկ երկրորդն՝ իր անկատարությունը: 

- 47 –
 Ես անգիտության խորունկ քնի մեջ եկա մի տեղ, որտեղ մեդիտացիայի համար սրբազան մարդիկ էին հավաքվել, բայց նրանց ընկերակցությունն ինձ ձանձրալի թվաց, իսկ հավաքատեղին՝ կատարյալ բանտ: Երբ ես արթնացա, Աստված ինձ իրականում բանտարկեց, այն դարձնելով մեդիտացիայի ու Իր հետ հանդիպման նախատեսված վայր: 

- 48 –
 Երբ ես հաճույքով ձանձրալի մի գիրք կարդացի, հասկանալով հանդերձ նրա ձանձրույթի կատարելությունը, իմացա որ միտքս հնազանդ է:

- 49 –
 Ես գիտեի, որ միտքս հնազանդ է, երբ հիանում էր այլանդակի գեղեցկությամբ, լավ հասկանալով թե ինչու են ուրիշները զզվանք ու ատելություն զգում նույնի հանդեպ:

- 50 –
 Զգալ և սիրել գեղեցկության և բարության Աստծուն չարի ու այլանդակի մեջ, բայց միաժամանակ սեփական կատարյալ սիրո մեջ ձգտել բուժել վերջիններիս չարից ու այլանդակությունից, ահա թե որն է կատարյալ առաքինությունն ու բարոյականությունը:

- 51 –
 Մեղավորին ատելն ամենամեծ մեղքն է, որովհետև այդ նշանակում է Աստծուն ատել, բայց դրա մեջ ընկնողը հրճվում է իր կատարած բարձրագույն առաքելությամբ:

- 52 –
 Երբ ես լսում եմ «արդարացի զայրույթ» արտահայտությունը, ինձ ապշեցնում է մարդկանց ինքնախաբեության կարողությունը:

- 53 –
 Զարմանալի է. մարդիկ կարող են սիրել Աստծուն, բայց ի զորու չեն սիրելու մարդկությանը: Այդ դեպքում ո՞ւմ են նրանք սիրում:

- 54 –
 Կրոնական տարբեր աղանդների միջև տեղի ունեցող կռիվները նման են գավաթների միջև սկիզբ առած վեճին, թե ո՞վ է միակ արժանին անմահության նեկտարն իր մեջ կրելու: Թող նրանք վիճեն, իսկ մենք կխմենք այդ նեկտարը, անկախ այն բանից, թե որ բաժակի մեջ էր այն լցված ու կանմահանանք:

- 55 –
 Դուք ասում եք, որ ամեն բաժակի մեջ խմիչքն իր համն ունի: Բայց չէ՞ որ դա միայն համն է, իսկ ի՞նչը կարող է նեկտարին զրկել անմահության ուժից:

- 56 –
 Դարձիր անծայրածիր իմ մեջ, ո՜վ Վարունա, արթնացրու իմ մեջ հզորությունդ, ո՜վ Ինդրա, շլացնող և շողարձակ եղիր, ո՜վ Արեգակ, համակվիր դյութանքով և քնքշությամբ, ո՜վ Լուսին: Եղիր կատաղի և սարսափազդու, ո՜վ Ռուդրա*, եղեք պոռթկուն և նպատակասլաց, ո՜վ Մարուտաներ*: Եղիր քաջ և ուժեղ, ո՜վ Արյամա*: Եղիր քաղցրակիրք և հաճույք պարգևող, ո՜վ Բհագա*: Եղիր նուրբ, քնքուշ, սիրող և կրքալի, ո՜վ Միտրա*: Եղիր պայծառ և մշուշը ցրող, ո՜վ Լուսաբաց, ո՜վ Գիշե՛ր, եղի՛ր հանդիսավոր և լի մտքերով գաղտնի: Ո՜վ Կյանք, եղի՛ր առատ, շռա՛յլ և ուրա՛խ: Ո՜վ մահ, ուղղիր ընթացքս կացարանից կացարան: Ամեն ինչին ներդաշնակություն բե՛ր, ո՜վ Բրահմանասպատի: Թույլ մի տուր այդ աստվածների ստրուկը դառնամ, ո՜վ Կալլի: 

- 57 –
 Ո՜վ մոլեգին վիճող, երբ բանավեճում հաղթանակ ես տոնում, քեզ միայն կարելի է անկեղծ խղճալ, որովհետև դու կորցրել ես իմացությունդ մեծացնելու հնարավորությունը:

- 58 –
 Վագրը գործում է համաձայն իր բնության, և ուրիշ ոչինչ չգիտի. ահա թե ինչու է նա աստվածային և նրա մեջ չարություն չկա: Իսկ եթե նա գեթ մեկ ակնթարթ իրեն կասկածեր, կդառնար հանցագործ:

- 59 –
 Կենդանին դեռևս չի շվայտացել ու չի ճաշակել չարի և բարու իմացության պտուղը, աստվածությունը հրաժարվել է նրանցից հանուն հավիտենական կյանքի, իսկ ահա մարդը գտնվում է բարձրագույն երկնքի և ստորին բնության միջև:

- 60 –
 Կրոնի մեծագույն մխիթարություններից մեկը կայանում է նրանում, որ ժամանակ առ ժամանակ դուք կարող եք բռնել ու մի լավ քոթակել Աստծուն: Մարդիկ չարախնդում են վայրենիների հիմարության վրա, երբ այս կամ այն խնդրանքի պատասխանը չստանալով նրանք ամեն անգամ ծեծում են իրենց աստվածներին: Բայց իրականում հենց ծաղրողներն են հիմարներն ու վայրենիները: 

- 61 –
 Մահ չկա: Մահանալ կարող է միայն Անմահը: Այն ինչ մահկանացու է, չի կարող ծնունդ կամ մահ ունենալ: Ոչինչ վերջնական չէ: Միայն Անսահմանը կարող է հաստատել իր սահմանները, վերջավորը ոչ սկիզբ ունի և ոչ էլ վերջ, որովհետև հենց սեփական սկիզբն ու վերջը մտովի պատկերացնելը ապացույցն է անվերջության: 

- 62 –
 Լսելով թե ինչպես էր հիմարը լուրջ կեցվածքով կատարյալ հիմարություններ դուրս տալիս, տարակուսել էի, թե դրանով ինչ էր ցանկանում ասել Աստված: Քիչ մտածելով ես տեսա ճշմարտության ու իմաստնության խեղաթյուրված դիմակը:

- 63 –
 Աստված Մեծ է, - ասում է մահմեդականը: Իրապես Նա այնքան Մեծ է, որ կարող է Իրեն իրավունք վերապահել անհրաժեշտության դեպքում նաև թույլ գտնվել: 

- 64 –
 Աստված հաճախ ձախողվում է սեփական գործերում: Այդ նշանն է Նրա անսահման աստվածայնության:

- 65 –
 Քանի որ Աստված հզոր ու անպարտ է, Նա կարող է իրեն իրավունք վերապահել թույլ գտնվելու: Նա այնքան անբիծ է, որ կարող է առանց կորստի իրեն թույլ տալ վայելելու մեղքի հաճույքը: Ունենալով կատարյալ իմացությունն ամեն տեսակ հաճույքների, կարող է վայելք գտնել նաև տառապանքում: Նա Ինքը իմաստնությունն է, ուստի և իրեն իրավունք է վերապահում հիմարություն թույլ տալ: 

- 66 –
 Մեղքն այն է, ինչը մի ժամանակ իր տեղում է եղել, իսկ այժմ իր տեղում չէ:Ուրիշ մեղք չկա:

- 67 –
 Մարդու մեջ մեղք չկա, կան միայն հիվանդություններ, անհուսալի տգիտություն և ուժի ու հնարավորությունների սխալ կիրառում:

- 68 – 
 Մեղքի զգացումն անհրաժեշտ է, որպեսզի մարդը նողկանքով լցվի սեփական արատների նկատմամբ: Դրանով Աստված մարդուն հնարավորություն տվեց հաղթահարել եսասիրությունը: Իսկ մարդը Աստծո տվածին արձագանքեց նրանով, որ վատ գիտակցելով սեփական մեղքերը, շատ լավ է տեսնում այլոց մեղքերը: 

- 69 –
 Մեղքն ու առաքինությունը խաղ են, որոնք մենք խաղում ենք Աստծո հետ, հակառակվելով մեզ կատարելության տանող Նրա ջանքերին: Սեփական առաքինության գիտակցումը մեզ օգնում է թաքուն փայփայել մեր արատները:

- 70 –
 Առանց խղճահարության քննիր ինքդ քեզ, այդ ժամանակ ուրիշների հանդեպ ավելի բարեգութ և կարեկցող կդառնաս:

- 71 – 
 Միտքը դեպի ճշմարտություն արձակված նետ է, այն կարող է խոցել նշանակետը, բայց ոչ մի դեպքում թիրախն ամբողջությամբ չի կարող ծածկել: Բայց նետաձիգը չափից ավելի գոհ է իր հաջողությունից, որ ցանկանա ձգտել ավելիին հասնել:

- 72 –
 Արթնացող Իմացության նշանն այն զգացումն է, որ ես դեռևս շատ քիչ բան գիտեմ կամ գրեթե ոչինչ չգիտեմ: Բայց և այնպես, եթե ես իրապես կարողանայի իմանալ այն, ինչը ես գիտեմ, այդ դեպքում կտիրապետեի ամբողջին:

- 73 –
 Երբ գալիս է իմաստնությունը, ահա նրա առաջին դասը. «Այնպիսի գաղափար ինչպիսին է իմացությունը, գոյություն չունի, առկա են միայն Անվերջանալի Աստվածության շողարձակումները»:

- 74 
 Գործնական գիտելիքը քիչ այլ մի բան է, այն իրական է և օգտակար, բայց երբևէ ամբողջական չէ: Այդ պատճառով ընդհանրացնելն ու համակարգելը թեև անհրաժեշտ է, բայց և կործանարար է:
- 75 –
 Մենք պետք է համակարգենք, բայց անգամ համակարգ ստեղծելով ու նրանով առաջնորդվելով, պետք է ամուր հիշենք այն ճշմարտությունը, որ բոլոր համակարգերը իրենց բնությամբ անցողիկ են և ոչ ամբողջական:

- 76 –
 Եվրոպան հպարտանում է իր գործնական և գիտական կազմակերպվածությամբ և մեծագույն ձեռքբերումներով: Ես սպասում եմ մինչև նրա կազմակերպվածությունը կհասնի կատարելության, ու այդ դեպքում իր ծնածը կխորտակի իրեն:

- 77 –
 Հանճարը հայտնագործում է համակարգ, միջին հնարավորություններով օժտված մարդը այն դարձնում է շաբլոն, որն էլ քանդվում է նոր հանճարի գալով: Վտանգավոր է, երբ բանակ մարտի են տանում վետերաններ, որովհետև Աստված հակառակորդի կողմից կարող է ուղարկել Նապոլեոնին:

- 78 - 
Երբ մեր գիտելիքները թարմ են, նրանք անպարտելի են, երբ հնանում են նրանք, կորցնում են իրենց արժանիքները: Դա կատարվում է, որովհետև Աստված երբեք նույն տեղում չի մնում:

- 79 – 
 Աստված` անսահման Հնարավորություն է, դրա համար էլ Ճշմարտությունը երբեք չի հանգստանում: Եվ ահա թե ինչու է Մոլորությունը արդարացվում նրա զավակների կողմից: 

- 80 –
 Որոշ հավատացյալների լսելով կարելի է ենթադրել, որ Աստված երբևէ չի ծիծաղում: Հայնեն մոտ էր ճշմարտությանը, երբ Նրա մեջ սկսեց տեսնել աստվածային Արիստոֆանին:

- 81 –
 Ժամանակ առ ժամանակ աստվածային ծիծաղը դառնում է անտաշ և գրեթե անտանելի նուրբ լսողության համար: Նրան քիչ է Մոլիեր լինելը, Նա պետք է լինի և Արիստոֆան, և Ռաբլե:

- 82 - 
 Եթե մարդիկ կյանքին այդքան լուրջ չվերաբերվեին, ապա շատ արագ կկարողանային այն ավելի կատարյալ դարձնել: Աստված երբեք լուրջ չի վերաբերվում Իր աշխատանքներին, ահա թե ինչու ենք մեր առաջ տեսնում այս չքնաղ Տիեզերքը:

- 83 - 
 Ամոթն իր հիասքանչ պտուղներն է բերում, գեղագիտության և բարոյագիտության մեջ, և մենք հազիվ թե կարողանայինք առանց նրա ապրել, բայց մնացած դեպքերում այն թուլության նշան է և տգիտության վկայություն: 

- 84 - 
 Գերբնականն այն է, որի բնությունը դեռևս անհայտ է, չի գիտակցված և նրա ուժերին մենք դեռևս չենք տիրապետում: Մարդուն հատուկ հրաշքի ծարավը ցույց է տալիս, որ նրա վերելքը դեռ չի ավարտվել:

- 85 - 
 Գերբնականին չհավատալը բնական է և խելամիտ, բայց գերբնականի նկատմամբ ունեցած հավատն էլ իր իմաստնությունն ունի:

- 86 –
 Մեծագույն սրբերը հրաշքներ էին գործում, ավելի մեծերը պարսավում էին, իսկ ամենամեծ սրբերը և՛ գործում, և՛ պարսավում էին:

- 87 –
 Բաց աչքերդ և տես. իրականում ինչ է աշխարհը և ով է Աստված: Թող հաճելի և ունայն անուրջներդ:

- 88 –
 Այս աշխարհը Մահն է արարել, որպեսզի այն կյանք ձեռք բերի: Ցանկանում ես վերացնե՞լ մահը, այդ դեպքում կանհետանա նաև կյանքը: Քեզ չի տրված մահը ոչնչացնել, բայց կարող ես այն վերածել ավելի բարձր գոյության:

- 89 - 
 Այս աշխարհը ծնունդ է առել դաժանությունից, որպեսզի նա կարողանա սիրել: Ցանկանում ես վերացնե՞լ դաժանությունը, կվերանա նաև սերը: Քեզ տրված չէ վերացնել դաժանությունը, բայց դու կարող ես այն վերափոխել իր հակառակով` խելահեղ Սիրով ու Արբեցումով: 

- 90 –
 Այս աշխարհը ստեղծվել է Տգիտությամբ և Մոլորություններով, որպեսզի նրանք կարողանան գիտելիք ձեռք բերել: Ցանկանում ես վերացնե՞լ տգիտությունն ու մոլորությունները, այդ դեպքում կվերանա նաև գիտելիքը: Քեզ տրված չէ վերացնել տգիտությունն ու մոլորությունը, բայց դու կարող ես նրանց փոխակերպել գիտակցությունը գերազանցող բարձրագույն լուսապայծառ ուժի:

- 91 –
 Եթե գոյություն ունենար միայն Կյանքը, առանց մահի, այդժամ չէր լինի նաև անմահությունը: Եթե գոյություն ունենար միայն Սերը, առանց դաժանության, ապա ուրախության փոխարեն կլինեին միայն առօրյա, անցողիկ հիացմունքները: Եթե գոյություն ունենար միայն գիտակցությունը, առանց տգիտության, ապա մեր մեծագույն ձեռքբերումները դուրս չէին գա սահմանափակ մտածողության ու կենցաղային իմաստնության սահմաններից: 

- 92 –
 Վերափոխված Մահը դառնում է Կյանք, որը և ինքը՝ Անմահությունն է: Վերափոխված Դաժանությունը դառնում է Սեր, որը և անդիմադրելի էքստազն է: Վերափոխված տգիտությունը դառնում է Լույս, որը տարածվում է գիտելիքի ու իմաստնության սահմաններից դուրս:

- 93 –
 Ցավը Մայրական հպում է, որը մեր մեջ զարգացնում է ավելի Կատարյալ հրճվանք ապրելու ընդունակությունը: Եռաստիճան է նրա ուսուցումը: Սկզբում համբերությունն է, հետո հոգու անխռովությունը, և վերջապես էքստազը: 

- 94 –
 Ամեն մի հրաժարում կատարվում է հանուն ավելի մեծ ու դեռևս անճանաչելի երջանկության: Ոմանք հրաժարվում են որպեսզի զգան պարտքի զգացման ուրախությունը, մյուսները հանուն հոգու երանության, երրորդները հրաժարվում են հանուն Աստվածային հրճվանքի, չորրորդները հանուն ինքնախարազանման, իսկ քո հրաժարումը թող լինի անցում դեպի ազատություն և անդրսահմանայինի անվրդով սքանչանք: 

- 95 –
 Միայն ցանկությունից բացարձակ հրաժարումը կամ ցանկության լիարժեք բավարարումը կարող է տանել Աստծո գիրկը, որովհետև թե մեկ, և թե մյուս դեպքում կատարվում է գլխավոր պայմանը` ցանկությունը մահանում է:

- 96 –
 Հոգուդ փորձառությամբ ճանաչիր Գրվածքների ճշմարտությունը, այնուհետև եթե քեզ հաճելի է այդ հաստատիր տրամաբանությամբ, հետո կարող ես անգամ ժխտել սեփական ապացույցները, սակայն ոչ մի դեպքում մի կասկածիր սեփական փորձիդ:

- 97 –
 Երբ հավատում ես հոգուդ փորձառությանը, և մերժում ես այլոց հաջողակ փորձառությունները, իմացի՛ր, Աստված հիմարացնում է քեզ: Մի՞թե հոգուդ հովանու միջով չես լսում Նրա ինքնագոհ ծիծաղը:

- 98 –
 Հայտնությունը, դա անմիջական տեսունակությունն է, անմիջական լսումն է Ճշմարտության կամ ներշնչված հիշողությունը նրա մասին՝ դրիշտի, շրուտի, սմրիտի: Սա բարձրագույն ապրում է, որը միշտ կարելի է վերապրել: Ոչ այն բանի համար, որ դա հայտնել է Աստված, այլ, որ այդ տեսել է հոգին: Գրվածքի խոսքը մեզ համար բարձրագույն Ճշմարտության արտահայտություն է հանդիսանում: 
( դրիշտի – տեսիլք, շրուտի – հայտնության ունկնդրում, սմրիտի - աստվածների դեմ ըմբոստացած ու աստվածուհի Կալիի կողմից սպանված)

- 99 –
 Գրվածքի Խոսքը անսխալական է:Սխալ կարող են լինել մեկնությունները, որոնք Գրվածքին սիրտ ու միտք են տալիս:

- 100 –
 Խուսափի՛ր կրոնական մտքերի և փորձերի ամեն տեսակ գետնաքարշությունից, նեղմտությունից ու մակերեսայնությունից: Ամենաընդարձակ հորիզոններից ավելի ընդարձակ եղիր: Ավելի բարձր, քան Կանչենջանգան*, և ավելի խորունկ, քան խորքերն օվկիանոսների:

- 101 –
 Աստծո տեսադաշտում չկա մոտ ու հեռու, ներկա, անցյալ ու ապագա: Բոլոր նման հասկացությունները ընդամենը ձեռքի տակի միջոցներ են Նրա աշխարհի հեռանկարչության 
համար :

- 102 –
 Արևը պտտվում է Երկրի շուրջ: Դա ճիշտ է ու անկասկածելի զգայարանների համար, բայց մտքի համար սխալ է: Երկիրը պտտվում է արեգակի շուրջը: Դա ճիշտ է մտքի, բայց սխալ է բարձրագույն տեսունակության համար: Ոչ արևը, ոչ երկիրը, չեն շարժվում, կատարվում է միայն հարաբերությունների փոփոխություններ Արևի և Երկրի գիտակցությունների միջև:

- 103 –
 Վիվեկանանդան փառաբանելով սանյասին*, ասում էր, որ Հնդկաստանի ողջ պատմության ընթացքում միայն մեկ Ջանակա* գոյություն ունի: Այնքան էլ այդպես չէ, որովհետև Ջանական առանձին անհատ չէ, այլ ինքնակալ թագավորների մի ամբողջ տոհմ է և հաղթական կանչը իդեալի:

- 104 –
 Հարյուր հազարավոր նարնջագույնով զգեստավորված սանյասիներից քանի՞սն են արդյոք կատարյալ: Բայց հենց այդ մի քանի կատարյալներն ու կատարելությանը մոտեցողներն են հաստատում ճշմարտացիությունը Իդեալի:

- 105 –
 Եղել են բազմաթիվ կատարյալ սանյասիներ, որովհետև սանյասան քարոզվել է ամենուր և շատերն էին վարժվել դրանով: Եթե այդպես վարվեինք ազատության գաղափարի հետ, մենք էլ կունենայինք հարյուրավոր Ջանակներ*:

- 106 –
 Սանյասին առանձնանում է հատուկ հագուստով ու արտաքին պիտույքներով: Ահա թե ինչու մարդիկ կարծում են , կարող են հեշտությամբ ճանաչել նրան, բայց Ջանական շրջում է աշխարհիկ հագուստով, և չի գոռում իր ազատության մասին, ու անգամ Նարադան* չկարողացավ տեսնել նրան:

- 107 –
 Հեշտ չէ գտնվել աշխարհում ու ազատ մնալ և ապրել սովորական մարդու կյանքով, բայց հենց միայն նրա համար, որ դժվար է, մենք պետք է փորձենք և ապրենք այդպես:

- 108 –
 Անգամ աստվածային իմաստուն Նարադան, նայելով Ջանակային, կարծեց թե նա անառակի մեկն է թաղված աշխարհիկ կյանքի մեջ ու հարբած իր հարստությամբ: Քանի դեռ դու մարդկային հոգին չես տեսնում, ինչպես կարող ես դատել ազա՞տ է մարդը, թե ոչ:

- 109 –
 Այն ամենն, ինչ բարձր է մարդկային ձեռքբերումների սահմանից, նրան անհնարին է թվում և իրոք նրան դժվար կլինի հասնել դրան միայն սեփական ջանքերով, բայց հանկարծ ամեն ինչ դառնում է պարզ ու հեշտ, երբ գործի գլուխ է անցնում մարդու ներսի Աստվածը:

- 110 –
 Տեսնել Արևի կառուցվածքը կամ Մարսի ուրվապատկերը անշուշտ մեծ ձեռքբերում է, բայց երբ կունենաս այնպիսի սարք, որն ինչպես ափիդ մեջ քեզ ցույց կտա մարդկային հոգին, դու կծիծաղես ֆիզիկական գիտությունների հրաշքների վրա, ինչպես մանկական զվարճալիքների:

- 111 –
 Իմացությունը մանուկ է իր բոլոր հայտնագործություններով հանդերձ, որովհետև հազիվ ինչ - որ նոր բան է իմանում արդեն ուրախ հարայ - հրոցով փողոց է վազում: Իսկ Իմաստնությունն իր հայտնագործությունները պահպանում է խոր և մեծագույն լռության մեջ: 

- 112 –
 Գիտությունն այնպես է խոսում ու իրեն պահում, ասես տիրապետում է բոլոր գիտելիքներին: Իմաստնությունն իր հավերժական առաջընթացում, միայն իր ոտնաձայների արձագանքն է լսում անընդգրկելի օվկիանոսի ամայի ափերում:

- 113 –
 Ատելությունը գաղտնի հակումների հատկանիշ է, որը ցանկանալով ինքն իրենից թաքնվել, կատաղությամբ ժխտում է սեփական գոյությունը: Դա էլ է Աստվածայինի խաղ իր արարվածում: 

- 114 –
 Եսասիրությունը միակ մեղքն է, ստորությունը` միակ արատը, ատելությունը` միակ հանցագործությունը: Մնացած ամեն ինչ հեշտությամբ կարելի է վերափոխել բարու, իսկ այդ որակներն աստվածության ամենահամառ հակառակորդներն են: 

- 115 - 
 Աշխարհն անվերջ պարբերական տասնորդական կոտորակ է, որի ամբողջ մասը Բրահման է: Թվում է, պարբերությունը սկսվում և վերջանում է, բայց կոտորակային մասն անվերջանալի է, այն երբեք վերջ չի ունենա ու իրականում, երբևէ սկիզբ էլ չի ունեցել:

- 116 –
 Իրերի սկիզբն ու վերջը մեր փորձառության պայմանական տերմիններն են: Իրերի ճշմարիտ գոյության համար այդ ձևակերպումները ճիշտ չեն, քանի որ գոյություն չունի ոչ սկիզբ և ոչ էլ վերջ:

- 117 –
 «Քանի որ չի եղել ժամանակ, երբ ես գոյություն չեմ ունեցել, ինչպես և դու, ու այս աշխարհի տիրակալները, ապագայում էլ բոլորս կշարունակենք մեր գոյությունը»: 
Ոչ միայն Բրահման, այլև կենդանի ու անկենդան ամեն ինչ, որ գտնվում են Բրահմանի մեջ, հավերժ են: Նրանց ստեղծումն ու ոչնչացումը մեր արտաքին գիտակցության հետ պահմտոցի է խաղում: 

- 118 –
 Սերը մենության հանդեպ, իմացության նախատրամադրվածության նշան է: Իմացությունը հասանելի է դառնում միայն այն դեպքում, երբ մենության անփոփոխ զգացումը մեզ չի լքում ոչ ամբոխի մեջ, ոչ կռվի դաշտում, և ոչ էլ շուկայի եռուզեռում: 

- 119 –
 Եթե մեծ գործեր կատարելով, որոնք մեծ հետևանքների են բերում, իվիճակի ես հասկանալ, որ ոչինչ չես արել, այդժամ իմացիր, որ Աստված քո աչքերից հանել է կնիքը:

- 120 - 
 Եթե նստած լեռնագագաթի խաղաղության ու լռության մեջ, տեսնում ես հեղափոխություններ, որոնք կատարվում են քո կամքով, նշանակում է դու տիրապետում ես աստվածային տեսունակությանը ու ազատ ես արտաքինը երևակայական տեսնելուց: 

- 121 –
 Հիմարություն է սիրել կամ արհամարհել անգործությունը: Անգործություն գոյություն չունի: Եթե պարապ ինչ - որ պահի ոտքով խփել ես ավազների մեջ գտնվող քարին, քո գործողությունը արձագանքով լսվում է երկու կիսագնդերում էլ:

- 122 –
 Եթե չես ցանկանում Կարծիքի գերին մնալ, նախապես ստուգիր, ճշմարիտ է արդյոք քո միտքը, այնուհետև պարզիր, ճշմարիտ է արդյոք նրա հակառակը, և վերջապես գտիր այդ երկուսի միջև եղած տարբերությունն ու բանալին դեպի Աստվածային ներդաշնակություն:

- 123 –
 Կարծիքը ճիշտ ու սխալ չի լինում, այլ միայն կյանքում օգտակար կամ անպիտան, որովհետև այն Ժամանակի ստեղծագործությունն է և ժամանակի հետ կորցնում է իր ազդեցությունն ու նշանակությունը: Ուստի կարծիքից վեր բարձրացիր, և անանց իմաստնությունը փնտրիր: 

- 124 –
 Օգտագործիր կարծիքը կյանքում, բայց նրան թույլ մի տուր հոգիդ շղթայակապել:

- 125 –
 Ամեն մի օրենքի համար, ինչպիսի ընդգրկուն կամ խիստ էլ որ լինի, միևնույն է, երբևէ կգտնվի հակադիր մեկ այլ օրենք, որը կկասեցնի, կփոխի, կթուլացնի կամ կդադարեցնի նրա գործունեությունը:

- 126 –
 Ամենասահմանափակող օրենքը, Բնության Օրենքն է: Այն իրենից ներկայացնում է միայն որոշակի մշտական պրոցես, ինչը հենց Բնության Տիրակալի արարումն է, և նրա անփոփոխ զենքը: Ոգին է նրան ստեղծել և Ոգին էլ կարող է ավելի բարձր լինել նրանից, բայց սկզբից մենք պետք է բացենք մեր բանտի դռները և սովորենք ավելի շատ ապրել Ոգու մեջ, քան Բնության:

- 127 –
 Օրենքը պրոցես է կամ սահմանում, բայց հոգին միայն օգտվում է պրոցեսներից և ոչ մի սահմանման մեջ չի տեղավորվում: 

- 128 –
 «Բնության հետ ներդաշնակ ապրիր» , - ազդարարում է Արևմուտքի կանոնը, բայց ո՞ր բնության, մարմնի՞, թե՞ նրա, որն ավելի բարձր է մարմնից: Ահա թե նախապես մեզ ինչն է պետք ճշտել:

- 129 –
 Ո՜վ դու Անմահության որդի՛, ապրիր ներդաշնակ ոչ թե Բնության, այլ Աստծո հետ: Ստիպիր, որ նա էլ ներդաշնակ ապրի քո մեջ թաքնված աստվածության հետ: 

- 130 - 
 Ճակատագիրը Ժամանակից և Տարածությունից դուրս գտնվող այն ամենի Աստվածային կանխատեսությունն է, որին Տարածության և Ժամանակի մեջ դեռ վիճակված է կատարվել: Ամեն Աստվածային նախասահմանում իրագործվում է բախման և պայքարի ուժերով պայմանավորված Ուժով ու Անհրաժեշտությամբ: 

- 131 –
 Աստծո Կամքի և նախախնամության գոյությունը քեզ իրավունք չի տալիս ձեռքերը ծալած նստել և ապավինել նախախնամությանը, որովհետև քո գործողությունը Նրա կարևոր շարժիչ ուժերից մեկն է: Ուրեմն վե՛ր կաց, և գործի՛ր, ոչ թե եսասիրությամբ, այլ որպես Նրա կողմից նախասահմանված հանգամա՛նք, գործի՛ք և տեսանելի պատճա՛ռ իրադարձության: 

- 132 –
 Երբ գիտելիք չունեի, զզվում էի հանցագործներից, մեղավորներից, ընկածներից, թեև իմ ներսում էլ քիչ չէր թե հանցանքը, թե կեղտն ու մեղքը: Երբ ես մաքրվեցի ու աչքերիցս կնիքը ցած ընկավ, հոգուս ներսում խոնարհվեցի գողին, մարդասպանին, և ոտքերն ընկա պոռնիկի: Որովհետև տեսա, որ այդ հոգիներն իրենց վրա են ընդունել չարիքի դաժան բեռը մեր բոլորի փոխարեն խմելով թույնը, այդ կեղտոտ փրփուրը համաշխարհային օվկիանի: 

- 133 –
 Տիտանները աստվածներից ուժեղ էին, որովհետև նրանք Աստծո հետ համաձայնության գալով հակառակվում էին Նրան, կրելով Նրա զայրույթի ու թշնամանքի ծանրությունը: Բայց աստվածները կարողացան վերցնել միայն քաղցր բեռը Նրա Սիրո և բերկրանքը հիացմունքի:

- 134 –
 Երբ կկարողանաս տեսնել, թե որքան անհրաժեշտ է տառապանքը ամեն ինչ թագադրող հրճվանքի համար, ձախողումը` կատարյալ հաջողության հասնելու, իսկ հապաղումը` վերջնական պոռթկումի համար, այդժամ հնարավոր է կարողանաս, թող որ աղոտ ու ոչ այնքան պարզ հասկանալ Աստվածային գործունեության պատկերը: 

- 135 –
 Ամեն մի հիվանդություն առողջությամբ նորովի հրճվելու ճանապարհ է, ամեն տառապանք և չարիք, Բնության նախապատրաստությունն է ավելի մեծ երջանկության և բերկրանքի, ամեն մահ դարպաս է դեպի մեծագույն անմահություն: Իսկ թե ինչո՞ւ է այդպես, Աստծո գաղտնիքն է, որին կհասնի միայն եսասիրությունից մաքրված հոգին:

- 136 –
 Ինչո՞ւ են ցավ զգում քո միտքն ու մարմինը, որովհետև ծածկոցների տակ թաքնված քո հոգին ցավ է ուզում կամ էլ նրանից հաճույք ստանում, բայց եթե դու խղճաս ու հակառակվես կամքիդ, կկարողանաս քո ցածր բնության վրա տարածել ոգու բարձրագույն ոլորտներում թագավորող 
մաքուր հրճվանքի ու երանության օրենքը: 

- 137 –
 Չկա այնպիսի անխախտ ու անփոփոխելի օրենք, որի համաձայն այս կամ այն շփումը արտաքինի հետ ցավ կամ հաճույք կծնի: Այդ ռեակցիան կախված է նրանից թե հոգին ինչպես է դրսից պատասխանում Բրահմանի հարձակմանը կամ ճնշմանը: 

- 138 –
 Ներսումդ գտնվող հոգու ուժը հանդիպելով դրսից եկող նմանատիպ ուժի, չի կարողանում մարմնի և մտքի ճիշտ ռեակցիան գտնել, ուստի դու ցավ, վիշտ ու անհանգստություն ես ապրում: Երբ սովորես հարադրել քո ներքին ուժի պատասխանը համաշխարհային ուժի պահանջներին, կտեսնես, որ ցավը հաճույք է ծնում կամ փոխակերպվում է երանության: Ճիշտ հարաբերակցությունը երանության պայմանն է: Ռիտամը* բանալին է Անանդայի*:

- 139 –
 Ո՞վ է գերմարդը: Նա՛, ով կարող է ներքուստ մասնատված մարդկային ես - ով վեր բարձրանալ կլլող նյութական աշխարհից և գտնել ինքն իրեն, ամբողջական և խանդավառված աստվածային ուժով, աստվածային սիրով ու երջանկությամբ և աստվածային իմացությամբ: 

- 140 –
 Երբ մարդկային սահմանափակ ես - ը պահելով քեզ գերմարդ ես կարծում, դու պարզապես սեփական հպարտությանդ զոհն ես, սեփական ուժիդ խաղալիքն ու երևակայությանդ գործիքը: 

- 141 –
 Նիցշեն գերմարդուն պատկերացնում էր առյուծի ոգով, որը դուրս էր եկել ուղտի կաշվից, բայց գերմարդու իրական զինանշանն ու խորհրդանիշը ուղտին բազմած առյուծն է կանգնած առատության կովի վրա: Եթե չես կարող լինել ողջ մարդկության ստրուկը, դեռ պատրաստ չես նրա տերը դառնալու, և եթե դու չես կարող սեփական բնությունդ նմանեցնել Վասիշտխիի առատության կովին, որի պտուկներից մարդկությունը կարող էր իր ցանկացածը ստանալ, այդ դեպքում ինչ իմաստ ունի քո առյուծաձև գերմարդ լինելը: 

- 142 - 
 Եղի՛ր աշխարհի համար առյուծի նման անվա՛խ ու հզո՛ր, ուղտի նման համբերող ծառայության մեջ, կովի նման հանգիստ, և ներողամիտ մոր պես գթառատ: Անհագորեն համտեսիր Աստծո ուրախություններն ինչպես զոհին հոշոտող առյուծ, բայց քո ետևից բեր նաև ողջ մարդկությանը, անձնատուր լինելու և արածելու առատության ու էքստազի այդ անծայրածիր դաշտերում: 

- 143 –
 Եթե արվեստի դերը միայն բնության կույր նմանակումն է, այդ դեպքում եկեք կրակի տանք բոլոր պատկերասրահները և փոխարինենք ֆոտոստուդիաներով: Բայց քանի որ Արվեստը բացահայտում է այն, ինչ թաքցնում է Բնությունը, նկարչի համեստ կտավը թանկ է ավելի քան մեծահարուստների միլիոններն ու գանձերը թագավորների: 

- 144 –
 Եթե միայն նմանակում ես տեսանելի Բնությանը, նշանակում է լույս աշխարհ կբերես կամ դիակ, կամ այլանդակություն: Ճշմարտությունն ապրում է տեսանելի և շոշափելի իրականությունից այն կողմ:

- 145 –
 Ո՜վ, բանաստեղծ, ո՜վ նկարիչ, երբ դու հայելի ես դնում Բնությանը, երբևէ մտածո՞ւմ ես, իսկ Բնությունը հրճվո՞ւմ է արդյոք քո աշխատանքով: Ավելի շուտ Նա երես կշրջի դրանից: Քո հայելում ի՞նչ պետք է նա տեսնի, ինքն իրե՞ն: Ո՛չ, ընդամենը անկենդան ուրվանկար ու արտացոլում, և դժգույն նմանակում: Դու պետք է բռնես Բնության խորհրդավոր հոգին, պետք է նրա արտաքին դրսևորման մեջ անդադար փնտրես ճշմարտությունը, իսկ այդ ոչ մի հայելի ցույց չի տա ոչ քեզ, և ոչ նրան, որին ցանկանում ես ճանաչել:

- 146 –
 Ես Շեքսպիրի մեջ շատ ավելի մեծ և հետևողական բազմակողմանիություն եմ տեսնում, քան հույների: Նրա բոլոր ստեղծագործությունների մեջ էականը բազմակողմանի, ունիվերսալ կերպարներն են, սկսած Գոբբո Լանսելոտայից և նրա շնից, մինչև Լիրն ու Համլետը: 

- 147 –
 Հույները բազմակողմանիության էին գալիս նկատի չառնելով անհատական բնավորության նրբագույն գծերը: Շեքսպիրն իր որոնումներում ավելի առաջ գնաց, ամբողջացնելով ամենահազվադեպ անհատական որակները: Նա օգտվեց այն հնարքից, որով աշխատում է Բնությունը, որպեսզի մեզանից թաքցնի Անվերջությունը և մարդկությանը հայտնի դարձրեց մարդու մեջ ապրող Անանտագունին (անհամար հատկություններ կրողին): 

- 148 –
 Շեքսպիրը, ով ստեղծեց Բնությանը հայելի դեմ անող ստեղծագործողի կերպարը, միակն է բոլոր բանաստեղծներից, ով երբևէ այնքան չիջավ, որպեսզի կրկնօրինակի, ճշգրիտ վերարտադրի կամ պատկերի: Ընթերցողը, ով Ֆալստաֆի, Մակբեթի, Լիրի կամ Համլետի մեջ եթե տեսնում է բնության կրկնօրինակում կամ զրկված է հոգու ներքին տեսողությունից կամ հիպնոսված է բանաձևերով: 

- 149 –
 Նյութական աշխարհում որտե՞ղ կգտնեք, Ֆալստաֆի, Մակբեթի կամ Լիրի: Այնտեղ միայն նրանց ստվերներն են կամ գունատ նմանակումները, իսկ իրենք վեր են այդ բոլորից: 

- 150 –
 Կան երկուսը, որոնց համար հույսը կորած չէ: Մարդ, ով զգացել է Աստծո հպումը և հետևել է նրան, և մյուսը` համոզված անաստված, մտասույզ թերահավատը: Բոլոր կրոնների դավանաբաններն ու ազատախոհության անմիտ շատախոսները, մեռած հոգիներ են կյանք անունով մահվան ճանապարհով գնացող:

- 151 –
 Մի գիտնականի մոտ մարդ եկավ, ցանկանալով ինչ - որ բան սովորել: Գիտնականը ծանոթացրեց նրան մանրադիտակի և աստղադիտակի կատարած զարմանալի հայտնագործություններին, բայց նա ծիծաղեց ու ասաց. « Բայց չէ որ սրանք տեսողությանը ապակիով պարտադրող պատրանք են, որը դու օգտագործում ես իբրև միջանկյալ տարածք: Մինչև անզեն աչքով չտեսնեմ, չե՛մ հավատա»: 
Այդժամ գիտնականը մի շարք լրացուցիչ տեղեկությունների և փորձերի միջոցով ապացուցեց նրան իր իմացության ճշմարտացիությունը, բայց մարդը դարձյալ ծիծաղեց ու ասաց. «Այն ինչ դու ապացույց ես համարում, ես պատահականություն եմ համարում, իսկ բազմաթիվ պատահականությունների ամբողջությունը դեռ ապացույց լինել չի կարող: Ինչ վերաբերում է քո փորձերին, փաստ է, որ նրանք կատարվել են ոչ նորմալ պայմաններում ու իրենցից ներկայացնում են Բնության ինչ - որ անմտություն»: Ծանոթանալով մաթեմատիկական դուրսբերումների հետ, նա զայրացած գոռաց. «Բայց չէ որ այս ամենը խաբեություն է, անհեթեթություն և սնապաշտություն: Չես ուզում արդյոք ինձ համոզել, որ այս կաբալլիստական աբսուրդ նշանները ինչ - որ իրական միտք ու նշանակություն ունեն»: 
Այդժամ գիտնականը դուրս վռնդեց նրան, որպես անհույս հիմարի, քանի որ չճանաչեց սեփական ժխտման համակարգը և իր մերժողական մտածողության մեթոդը: 
Եթե մենք չենք ցանկանում ընդունել անաչառ ու անկողմնակալ ուսումնասիրության արդյունքները, ապա միշտ էլ կարող ենք մեր չցանկանալը հիմնավորել հազար ու մի համոզիչ փաստարկներով կամ ուսումնասիրության այնպիսի պայմաններ ներկայացնելով, որոնք ի չիք կդարձնեն տվյալ ուսումնասիրության արդյունքները: 

- 152 - 
 Երբ մեր միտքը թաղված է նյութական աշխարհում, ապա նյութն է ընդունվում որպես միակ իրականություն, բայց վերադառնալով ոչ նյութական մտածողության, մենք տեսնում ենք, որ նյութը միայն արտաքին ծածկույթն է և զգում ենք, որ գոյն է բանականության միակ իրականությունը: Իսկ թե այս ներկայացված երկուսից ո՞րն է ճիշտ, միայն Աստծուն է հայտնի, բայց մարդն այդ երկու վիճակները ապրելով, հեշտությամբ կարող է ասել, թե նրանցից որում ավելի շատ թաքուն գիտելիք, հզորություն և երանություն կա: 

- 153 - 
 Կարծում եմ ոչ նյութական իմացությունն ավելի ճշմարիտ է, քան նյութականը, որովհետև առաջին դեպքում ինձ հայտնի է ամեն ինչ, որը թաքնված է երկրորդում, և բացի այդ կարող եմ օգտվել նաև նյութի մասին բանականության գիտելիքներից: 

- 154 –
 Դժոխքն ու դրախտը գոյություն ունեն միայն հոգու գիտակցությունում: Այո, բայց նույնը կարելի է ասել նաև Երկրի մասին, բոլոր մայրցամաքներով, ծովերով, դաշտերով, անապատներով սարերով ու գետերով հանդերձ: Ամբողջ աշխարհը ոչ այլ ինչ է քան կերպար, կառուցված Հոգու գիտակցությունում:

- 155 - 
 Գոյություն ունի միայն մեկ հոգի և մեկ գոյություն: Նշանակում է, մենք բոլորս տեսնում ենք նույն օբյեկտիվ իրականությունը: Բայց այդ միակ հոգի - գոյության մեջ միահյուսվում են բազմաթիվ մտքեր ու բազում ես - եր, դրա համար նույն Օբյեկտը մենք տեսնում ենք տարբեր կողմերից ու տարբեր լույսերի ներքո:

- 156 - 
 Իդեալիստը սխալվում է, քանի որ ոչ թե Բանականությունն է աշխարհներ ստեղծել, այլ նա, ով ստեղծել է բանականություն, ստեղծել է նաև աշխարհները: Բանականությունը միայն տեսնում է արդեն ստեղծվածը, ( ընդ որում կեղծ լույսի ներքո, որովհետև նրա տեսածը կիսատ է և հատվածական ):

- 157 –
 Այսպես էր խոսում Ռամաքրիշնան, այսպես էր խոսում Վիվեկանանդան:
Այո, բայց թույլ տվեք ճանաչել նաև այն ճշմարտությունները, որոնք Ավատարը չի թաքցրել խոսքերում և որոնց մասին իր դասերին լռեց մարգարեն: Աստծո մեջ միշտ էլ շատ ավելի է թաքցրած, քան մարդը կարող է հասնել իր մտքով կամ արտահայտել բառերով:

- 158 - 
 Ո՞վ էր Ռամաքրիշնան: Աստծո մարմնացումը մարդու մեջ, բայց նրա ետևում Աստված երևում է որպես անսահման անանձնական և բազմակողմանի Անձնավորություն: Եվ ո՞վ էր Վիվեկանանդան Շիվայի պայծառ հայացքով, բայց նրա ետևում բացվում է աստվածային հայացքը, որից ծնունդ է առել և ինքը, և Շիվան, և Բրահման, և Վիշնուն և ամենքին գերազանցող ՕՄ - ը:

- 159 –
 Նա, ով չի ընդունում Քրիշնային, որպես Աստծո մարմնավորում մարդու մեջ, չգիտի Աստծուն ամբողջությամբ: Ով գիտի միայն Քրիշնային, չգիտի նաև Քրիշնային: Բայց և այնպես միանգամայն ճիշտ է նաև հակառակը, եթե դու կարող ես տեսնել անսահման Աստծուն գունատ, թոշնած, անբույր ծաղկի մեջ, նշանակում է դու ճանաչել ես Նրա կատարյալ իրականությունը: 

- 160 –
 Զգուշացիր դատարկ մետաֆիզիկի որոգայթից, ոտք մի դիր հողի վրա անպտուղ ինտելեկտուալների: Թանկ է միայն այն գիտելիքը, որը կարող է ծառայել կենդանի երջանկությանը և մարմնավորել զգացմունքներում գործողություն, ստեղծագործություն ու կյանք: 

- 161 –
 Դարձիր այն գիտելիքը, որին տիրապետում ես, և ապրի՛ր նրանով, այդժամ իմացությունդ կապրի քո մեջ, ինչպես կենդանի Աստված:

- 162 –
 Էվոլյուցիան դեռ չի ավարտվել, բանականությունը բնության վերջին խոսքը չէ, իսկ մտածող կենդանին` արարման բարձրակետը: Ինչպես մի ժամանակ կենդանուց ծնունդ առավ մարդը, այնպես էլ այժմ մարդուց ծնունդ կառնի գերմարդը:

- 163 –
 Ազատության հիմքում ընկած է օրենքն անշեղ կերպով կատարելը: Այդ պատճառով շատ հոգևոր դպրոցներում մարդը պետք է համբերատար ենթարկվի և իր բնության ստորին օղակներում օրենքներով առաջնորդվի, մինչև հոգին կկարողանա հասնել աստվածային գոյության ազատությանը: Այն դպրոցները, որոնք սկսում են ազատությունից, նախատեսված են միայն ոգով հզորների, իրենց բնությամբ ազատների կամ նախկին մարմնավորումներում ազատություն ձեռք բերածների համար:

- 164 - 
 Չունենալով համապատասխան ուժ, օրենքն ինքնակամ, ամբողջական և խելամիտ պահպանելու համար, որն իրենք հաստատել են իրենց վրա, նրանք պետք է հնազանդվեն ուրիշների կամքին: Սա է ազգերի դատապարտված լինելու գլխավոր պատճառը: Երբ պարոնը եսասիրությամբ ոտնահարում է շփոթված ստրուկի հոգին, վերջինս ստանում կամ եթե կարողանում է, ուժով ձեռք է բերում մի նոր հնարավորություն իր ներքին ազատության միջոցով ազատություն ստանալու: 

- 165 –
 Պահպանել ոչ այնքան ուրիշների օրենքները, որքան այն, որոնք ինքներս ենք սահմանել մեր վրա: Ահա թե այժմ մենք ինչ պետք է հասկանանք ազատություն ասելով, քանի դեռ հոգու բարեփոխում չենք ապրել: Միայն Աստծո և Հոգու մեջ մենք կարող ենք վայելել կատարյալ ազատությունը: 

- 166 –
 Մեղքի ու առաքինության երկակի օրենքը մեզ համար սահմանել են, որովհետև մենք դեռևս մեր ներսում կատարյալ կյանքն ու կատարյալ իմացությունը չենք բացահայտել, որոնք մեզ անշեղորեն կառաջնորդեին հոգու ինքնիրականացման ճանապարհով:
Մեղքի ու առաքինության օրենքը կկորցնի իր իշխանությունը մեզ վրա, երբ Աստվածային Արևը ամբողջ զորությամբ կշողարձակի ճշմարտությունն ու սերը ճանաչող հոգիների վրա: Մովսեսից հետո եկավ Քրիստոսը, Շաստրամներին փոխարինեցին Վեդաները:

- 167 –
 Աստված, որ ապրում է մեր մեջ, միշտ ճշմարիտ ուղիով է մեզ առաջնորդում, անգամ այն ժամանակ, երբ մենք տգիտության մեջ ենք: Պարզապես վերջին դեպքում մենք նպատակին հասնում ենք երկարատև թափառումների և զարտուղի ճանապարհների միջոցով:

- 168 –
 Յոգայի մեջ խաչի նշանն արտահայտում է հոգու և բնության սերտ ու կատարյալ միաձուլումը, բայց հետագայում տգիտության ցեխը մտնելու պատճառով այն դարձավ տառապանքի և քավության խորհրդանիշ: 

- 169 –
 Քրիստոսն աշխարհ եկավ որպեսզի մաքրագործի և ոչ թե իրագործի: Նա նախապես գիտեր, որ իր առաքելությունը դատապարտված է, և նախատեսել էր իրեն մերժող աշխարհ Աստծո սրով իր անխուսափելի վերադարձը: 

- 170 –
 Մուհամեդի առաքելությունն անհրաժեշտ էր, այլապես մենք մեր ինքնամաքրման չափազանց մեծ նվիրումով, ի վերջո կհանգեինք այն մտքին, որ Երկիրը արարվել է միայն քահանաների համար, իսկ քաղաքը ստեղծվել է որպես անապատի նախամուտք:

- 171 –
 Երբ արդեն ամեն ինչ ասված է, Սերը և Ուժը վերջապես կկարողանան փրկել աշխարհը, բայց ոչ առանձին Սերը կամ միայն Ուժը: Ուստի Քրիստոս ապավինում էր երկրորդ գալստյանը, իսկ Մուհամեդի կրոնն այնտեղ, ուր այն իմամների տեսքով դեռ չի քարացել հենվելով Մահդիի* վրա:

- 172 –
 Օրենքը չի կարող փրկել աշխարհը, այդ իսկ պատճառով Մովսեսի պատվիրանները մարդկության համար մեռած են, իսկ բրահմինների Շաստրաները խեղաթյուրվում են և մահանում: Ազատություն ստացած օրենքն է ճշմարիտ ազատարարը ոչ թե պանդիտը, այլ յոգը, ոչ թե ճգնակյաց կյանքը, այլ ցանկություններից, տգիտությունից և եսասիրությունից ներքին հրաժարումը:

- 173 –
 Անգամ Վիվեկանանդան զգացմունքներին տրվելով մի անգամ սխալվեց, հայտարարելով, որ անձնական Աստված չափազանց անբարոյական է, որպեսզի խոնարհվեն Նրա առաջ, և բոլոր բարի մարդկանց պարտքն է դիմակայել Նրան: Բայց երբ աշխարհը ղեկավարում են ամենակարող վերբարոյական Կամքն ու Բանականությունը, այդ դեպքում հակադրվել Նրան իհարկե անկարելի է: Մեր դիմադրությունը, հենց Նրա նպատակին կծառայի և կդառնա Նրա կամքի արտահայտությունը: Ուստի ավելի լավ չէ՞ չանիծել կամ մերժել, այլ հասնել և հասկանալ Նրան: 

- 174 –
 Որպեսզի ճանաչենք ու հասկանանք Աստծուն, մեզ անհրաժեշտ է հրաժարվել մեր եսասիրությունից ու տգիտությունից ծնված մարդկային դրվածքից կամ պետք է նրանց դարձնենք համապարփակ և վեր բարձրացնենք:

- 175 –
 Եթե բարի մարդը մահանում կամ անհաջողության է մատնվում, իսկ չարն ապրում և բարգավաճում է, նշանակում է արդյոք, որ Աստված պետք է չա՞ր լինի: Նման պնդումներում տրամաբանություն չեմ տեսնում: Նախ ապացուցեք ինձ, որ մահն ու անհաջողությունը չարիքներ են: Հաճախ ինձ թվում է իրենց գալու պահին նրանք մեծագույն բարիք են մեզ համար: Բայց մեր սրտերը, ջղերը մոլորության տանելով մենք համառորեն, ամենուր տեսնում ենք նրանց համար չարը՝ անցանկալին ու տհաճը: 

- 176 –
 Մտովի ետ նայելով, տեսնում եմ, որ եթե չսայթաքեի ու չտառապեի, չէի հասկանա կյանքիս բարձրագույն հրճվանքները: Թեպետ տառապանքի, անհաջողության պահերին միշտ էլ խրվել եմ հուսահատության անդունդը: Քանի որ մենք մեր քթից այն կողմ չենք տեսնում, մեզ թույլ ենք տալիս նվնվալ ու տրտնջալ: Լռեցե՛ք, ով հիմար սրտեր: Սպանեցե՛ք Ես - ը, սովորե՛ք լայնախոհ, տիեզերական տեսունակությունն ու զգացողությունը: 

- 177 –
 Կատարյալ տիեզերական տեսունակություն և զգացողություն, ահա մոլորություններից և տառապանքից ազատվելու լավագույն միջոցը, բայց մարդկանց մեծամասնության առաջընթացն ընդամենը սեփական Ես - ի սահմանների ընդարձակումն է:

- 178 –
 Մարդիկ խոսում և մտածում են, «Հանուն իմ հայրենիքի», «Հանուն մարդկության», «Հանուն ողջ աշխարհի», իսկ իրականում նրանք նկատի ունեն. «Հանուն ինձ, իմ հայրենիքում», «Հանուն ինձ, մարդկության մեջ», «Հանուն ինձ, իմ մտքում նույնացած ողջ աշխարհին»: Գուցեև դա ընդարձակումն է մտքի սահմանների, բայց ազատագրումը չէ: Դուրս գալ լայնարձակ տարածքներ և գտնվել ընդարձակ բանտում, ամենևին նույնը չեն:

- 179 –
 Ապրիր հանուն քո մերձավորների Աստծո, հանուն քո ներսի Աստծո, քո և քո թշնամու երկրի Աստծո, մարդկության Աստծո, ծառի, քարի կենդանիների մեջ եղած Աստծո, աշխարհի սահմաններից դուրս գտնվող Աստծո, ու այդժամ քո առջև կբացվի ազատության ուղիղ ճանապարհը: 

- 180 –
 Գոյություն ունեն մեծ ու փոքր հավերժություններ, որովհետև հավերժությունը հոգու գաղափար է և կարող է գոյություն ունենալ ինչպես Ժամանակի մեջ այնպես և ժամանակից դուրս: «Շաշվատիհ սամահ» արտահայտությունը նկատի ունի երկարաձիգ տարածություն և ժամանակի անընդհատություն կամ գործնականում անչափելի կյանքի ընթացք: Միայն Բացարձակ Աստված է ապրում բացարձակ անմահության մեջ: Բայց և այնպես, երբ ավելի խորն ես նայում, տեսնում ես, որ աշխարհում ամեն ինչ իր գաղտնի էությամբ հավերժական է: Չկա վերջ ու երբևէ չի եղել սկիզբ: 

- 181 - 
 Երբ ինչ - որ մեկին հիմար ես անվանում, (ինչը երբեմն պետք է անես), մի մոռացիր, որ մի ժամանակ աշխարհի առաջին հիմարը հենց ինքդ էիր:

- 182 –
 Աստված սիրում է անհրաժեշտության դեպքում հիմար ձևանալ, իսկ մարդիկ այդպես են վարվում, թե անհրաժեշտության, և թե ոչ անհրաժեշտ պահերի: Այս է ամբողջ տարբերությունը:

- 183 –
 Բուդդիստի կարծիքով խեղդվող մրջյունին փրկելն, ավելի մեծ գործ է քան կայսրություն հիմնադրելը: Այս գաղափարի մեջ կա իր ճշմարտությունը, բայց նրան հետևելով հեշտությամբ կարելի է ծայրահեղությունների մեջ ընկնել:

- 184 –
 Առաքինություններից որևէ մեկի չափից ավելի գովաբանումը, թեկուզև դա լինի կարեկցանքը, մյուսների հետ համեմատելը նշանակում է սեփական ձեռքերով փակել իմաստնության աչքերը: Աստված միշտ շարժվում է ներդաշնության մեջ:

- 185 –
 Քանի դեռ հոգիդ տարբերություն է դնում, խղճահարությունը կարող ես պահպանել տառապող կենդանիների համար: Իսկ մարդկությունը քեզանից ակնկալում է առավել բարձր ինչ - որ բան, նրան պետք է սեր, ըմբռնում, բարեկամություն, օգնություն եղբոր ու հավասարը հավասարի:

- 186 –
 Հաճախ չարի նման, որն իր լուման է բերել համայն աշխարհի բարիքի համար, առաքինու հասցրած վնասից էլ է տառապում բարությամբ տոչորված հոգին: Թող սա չխռովի և չտխրեցնի քեզ, ավելի լավ է դու փնտրի՛ր, ու գտի՛ր Աստծո գործունեության ձևը մարդկության մեջ հասկանալու խաղաղությունը: 

- 187 –
 Աստվածային նախախնամության մեջ չարիք չկա, կա միայն բարիք կամ նրա կայացման պրոցեսը:

- 188 –
 Առաքինությունն ու մեղքը ստեղծվեցին, որպեսզի քո հոգին պայքարի մեջ զարգանա: Բայց նրանց պտուղները պատկանում են Աստծուն, որի գոյությունը մեղքից ու առաքինությունից դուրս է:

- 189 –
 Ապրիր ներքին կյանքով և թող արտաքին աշխարհի իրադարձությունները քեզ չխռովեն:

- 190 –
 Բարեսրտությունդ ցուցադրելու համար այս ու այն կողմ ողորմություն շաղ մի տուր: Հասկացի՛ր և սիրի՛ր բոլորին, ում օգնում ես: Թող քո ներսում կատարվի հոգուդ կազմավորումը:

- 191 –
 Օգնիր աղքատներին, երբ նրանք կողքիդ են, բայց և ջանք գործադրիր, որպեսզի քո օգնության կարիքը զգացող աղքատներ ընդհանրապես չլինեն:

- 192 –
 Համաձայն հին հնդկական իդեալների, հասարակությունը պահանջում էր, որ քուրմը կամովին հրաժարվեր աշխարհիկ հաճույքներից, լիներ մաքուր, գիտուն ու անշահախնդիր ուսուցաներ համայնքին: Թագավորը պետք է պատերազմներ վարեր, կառավարեր, թույլերին պաշտպաներ ու անհրաժեշտության դեպքում կյանքը չխնայեր մարտադաշտում: Վաճառականը պետք է առևտուր աներ շահույթ ստանար և համայնքին բարեգործություններ կատարեր: Աշխատավորը պետք է աշխատեր մնացած բոլորին նյութական բարօրություն ապահովելու համար, իսկ որպես ծառայությունների պարգև նա ազատվում էր ինքնազրկման, արյան կամ հարստության տուրքից:

- 193 –
 Աղքատության գոյությունն ապացույց է մեր հասարակության սխալ ու անարդար կառուցվածքի, իսկ հասարակական բարեգործությունները ոչ այլ ինչ են, քան կողոպտիչների մեջ խղճի ուշացած և դեռ թույլ խայթոցներ:

- 194 –
 Մեր հնագույն, էպիկական պոետներից Վալմիկին, որպես արդար և լուսավոր հասարակության հատկանիշ հիշատակում է ոչ միայն համատարած գրագիտությունը, բարոյականությունը և հոգևոր կյանքը, այլև այն, որ «չեն լինի ճարահատությունից կոշտ կերակուրով սնվողներ, և բոլորը թագադրված կլինեն, օծված, և ոչ ոք չի առանձնանա ճոխությամբ»:

- 195 –
 Աղքատության առկայությունը կարող է օգտակար ու բարենպաստ լինել միայն առանձին խավի ու անհատի համար, բայց մահացու է դառնում և աղքատացնում է կյանքը, զրկելով նրան հարստությունից ու հնարավորությունից, եթե անբնական ձևով վերածվում է համընդանուր կամ ազգային նպատակի: Մարդկային զարգացող հասարակարգի մոդելը ոչ թե Սպարտան, այլ Աթենքն է: Հնագույն Հնդկաստանը հզոր երկիր էր, լինելով մարմնացումը մեծագույն առատության ու շռայլության իդեալի: Հնդկաստանի ներկայիս կյանքը համընդանուր մենակյացության է տանում և անհավանական չափով աղքատացել է, իսկ երկիրը ուժից զրկվելով անկում է ապրում: 

- 196 - 
 Աղքատությունն ավելի անհրաժեշտ չէ հասարակության կյանքի համար, քան հիվանդությունը առողջ մարմնին: Մեր կյանքի կերտվածքը և նրա ճշմարիտ կազմակերպման չիմացությունը երկու մահացու պատճառներ են, որից հնարավոր էր խուսափել: 

- 197 –
 Չարժե զուր հույսեր տածել, որ նյութական անապահովության հաղթահարումը կբերի մարդկանց երջանիկ և բավարարված կյանքի կամ հասարակությունը կազատվի իր արատներից ու ամենաբազմազան խնդիրներից: Դա միայն առաջին անհրաժեշտ պայմանն է: Քանի դեռ ներսում, այսինքն հոգու ձևավորման մեջ կան արատներ, արտաքինից միշտ կլինեն խռովություն, քաոս և հեղափոխություն: 

- 198 –
 Եթե հոգին թույլ լինի հիվանդությունը դարձյալ մարմին կվերադառնա: Որովհետև մտքի ախտը մարմնի ախտի թաքնված պատճառն է: Ճիշտ այդպես էլ աղքատությունն ու անհաջողությունները հասարակության մեջ միշտ կուղեկցեն մարդուն, քանի դեռ մարդկության միտքը մնում է եսասիրության իշխանության ներքո: 

- 199 –
 Կրոնն ու փիլիսոփայությունը ձգտում են ազատագրել մարդուն իր Ես - ից, և այդ դեպքում մեր ներսում երկնային արքայությունը բնական կերպով կմարմնավորվի արտաքին աշխարհում իբրև աստվածային պարգև:

- 200 –
 Միջնադարյան քրիստոնեությունը մարդկությանը քարոզում էր. «Մա՛րդ, քո անցողիկ կյանքում դու մեղսագործ կենդանի ես ու որդ Աստծո առաջ, արդ թող եսասիրությունդ և ապրիր հանուն սպասվելիք երանելի կյանքի և անձնատուր եղիր Աստծուն և Նրա սպասավորների հոգածությանը»: Սրանից ոչմի լավ բան չստացվեց: Ժամանակակից գիտությունը մարդկությանն ասում է. «Մա՛րդ, դու մահկանացու ես և Բնության առաջ ընդամենը մրջյուն ես, որդ կամ աննշան փոշեհատիկ տիեզերքի անհուններում: Արդ ապրիր հանուն պետության ու ինչպես մրջյուն քեզ նվիրաբերիր հմուտ կառավարչի կամ գիտական մասնագետի խնամքին»: Արդյոք այս ուսմունքն ավելի՞ օգուտ կբերի, քան առաջինը:

- 201 - 
 Վեդանտան ասում է. «Մա՛րդ, դու քո բնությամբ ու էությամբ Աստծո հետ ես, իսկ հոգով միավորված ես մերձավորներիդ: Ուստի արթնացի՛ր, և ձգտի՛ր քո բարձրագույն աստվածությանը, ապրի՛ր, քո՛ և ուրիշների մեջ ապրող Աստծո համար»: Այս ուսմունքը մի ժամանակ հասանելի էր միայն քչերին, այժմ այն պետք է պատկանի համայն մարդկությանը, քանի որ այն կարող է ազատություն պարգևել: 

- 202 –
 Մարդկային ցեղը հասել է իր զարգացման առավել բարձունքների, երբ Բնության առաջ ավելի վճռականորեն է հաստատել իր դերը, ազատությունն ու բազմակողմանիությունը:

- 203 –
 Մարդ - կենդանին աղոտ, մեկնարկային սահմանն էր, իսկ ժամանակակից բանական մարդը բազմաթիվ հնարամիտ ճանապարհների խաչմերուկ է: Հզոր գերբնական մարդն է մեր մարդկային որոնումների շողարձակ ու անդրսահմանային նպատակը:

- 204 –
 Կյանքն ու գործունեությունը լիակատար ծաղկման են հասնում և դարերով քեզ համար վերջնական իմաստ են ձեռք բերում, երբ դու ի զորու ես դառնում խորհրդանշել և արտահայտել ամեն ինչում, ամեն մտքում, գործողության, արվեստի և գրականության մեջ, կյանքում, հարստություն ձեռք բերելիս՝ տիրապետելով և օգտագործելով այն սեփական տանդ, պետության և իր ցածրագույն, մահկանացու էությամբ Միակ Անմահի՝ հասարակության մեջ :

ԿԱՐՄԱ 

- 205 –
 Աստված նպատակաուղղում է մարդուն, իսկ մարդը շեղվում է ճշմարիտ ճանապարհից: Բարձրագույն բնությունը հետևում է ցածրակարգ, մահկանացու բնության դեգերումներին: Ահա խառնաշփոթն ու հակասությունը, որից մենք պետք է խուսափենք, ամբողջանալով մեր մեջ: Եվ միայն այդ դեպքում կկարողանանք հասնել հստակ իմացության և ճիշտ գործողության:

- 206 –
 Լավ է, երբ կարեկցանք ես զգում բոլոր կենդանի արարածների հանդեպ, վատ է, երբ դառնում ես խղճմտանքիդ գերին: Բացի Աստծուց, մի՛ ստրկացիր ոչ ոքի, անգամ Նրա ամենալուսավոր հրեշտակներին: 

- 207 –
 Երանությունը Աստծո կողմից մարդուն տրված ժառանգությունն է: Սկզբում ձեռք բեր այդ մեծագույն բարիքը քեզ համար, որպեսզի հետագայում այն անմնացորդ բաժանես մերձավորներիդ:

- 208 –
 Հարստություն դիզողը ինքն իր համար չարիք է դիզում, եթե անգամ այն անվանում է դրախտ և առաքինություն:

- 209 –
 Անգիտությանս մեջ կարծում էի, զայրույթը կարող է վեհանձն լինել, իսկ վրեժը՝ մեծ: Այժմ երբ նայում եմ Աքիլեսսին իր էպիկական մոլեգնության մեջ, տեսնում եմ հիասքանչ մի մանկան իր հմայիչ զայրույթի պահին և ուրախանում ու զվարճանում ամբողջ հոգով:

- 210 –
 Ուժն ազնիվ է, երբ վեր է զայրույթից: Կործանելը փառապանծ գործ է, բայց այն կորցնում է իր փառքը, երբ վրեժից է ծնվում: 
Թող, թե՛ առաջինը, թե՛ երկրորդը, որովհետև այդ ամենը ցածրոգի մարդու բախտաբաժինն է:

- 211 –
 Բանաստեղծները շատ են գրել մահվան ու արտաքին աշխարհի դժբախտությունների մասին, բայց միակ իսկական ողբերգությունը հոգու պարտությունն է, իսկ միակ իրական էպոսը` մարդու հաղթական վերելքն է դեպի աստվածություն: 

- 212 –
 Սրտի և մարմնի ողբերգությունը նման է ջարդված խաղալիքի կամ մեկ այլ աննշան դեպքի պատճառով երեխաների լացի: 
Ժպտա ինքդ քեզ, բայց զվարճացրու երեխաներին, և թե կարող ես մասնակից դարձիր նրանց խաղին: 

- 213 –
 «Հանճարեղ մարդկանց մեջ, միշտ էլ կա աննորմալ ու արտասովոր ինչ - որ բան»: 
Իսկ ինչո՞ւ ոչ, չէ որ հանճարի բնությունը միշտ էլ տարբերվում է ընդունված կանոններից, իսկ նրա հոգեկենտրոնը շեղված է սովորական մարդու հոգեկենտրոնի համեմատությամբ:

- 214 –
 Հանճարը բանտված Աստծուն ազատելու Բնության առաջին փորձն է իր կողմից ձուլված մարդկային կաղապարում, որի պրոցեսում կաղապարը իհարկե տուժում է, բայց առաջացած ճաքերը զարմանալիորեն աննկատ են և աննշան :

- 215 –
 Բնությունը հաճախ կատաղում է իր իսկ դիմադրությունից, և այդ դեպքում նա ավերում է ուղեղը, որպեսզի ներշնչանքին ազատություն տա, որովհետև նման դեպքերում նրա ջանքերին մեծապես դիմակայում է մատերիայով կլանված միջին ուղեղի հավասարակշռությունը: Ուշադրություն մի դարձրու նման խենթությանը, և ի բարիք օգտագործիր այդպիսի խենթերի ոգևորությունը: 

- 216 –
 Ո՞վ կարող է դիմագրավել Կալիի մոլեգին ուժի և հրեղեն աստվածության ներխուժմանը: Միայն մարդը, որին արդեն տիրել է Կրիշնան: 

- 217 –
 Հարկ չկա ճնշողին ատելու, որովհետև եթե նա ուժեղ է, քո ատելությունն ավելի դաժան է դարձնում նրա ճնշումը, իսկ եթե նա թույլ է, ավելորդ է ատելությունդ:

- 218 –
 Ատելությունն ուժի սուրն է, բայց այն երկսայր է, և նման է Կրիտյեի* հին մոգերին, ովքեր իրենց զոհին բաց թողնելով, կատաղությունից վերադառնում և խժռում էին ուղարկողին:

- 219 –
 Հակառակորդիդ մեջ սիրիր Աստծուն, եթե անգամ խոցում ես նրան: Այդ դեպքում դժոխքը ձեզանից և ոչ մեկի բախտաբաժինը չի դառնա:

- 220 –
 Մարդիկ խոսում են թշնամիների մասին, բայց ո՞ւր են նրանք: Տիեզերական մեծ ասպարեզում, ես միայն այս կամ այն թիմում հանդես գալիք ռազմիկների եմ տեսնում:

- 221 –
 Սուրբն ու հրեշտակը միակ կուռքերը չեն: Տիտաններն ու հսկաները նույնպես արժանի են հիացմունքի:

- 222 –
 Հնագույն լեգենդների համաձայն, տիտաններն են աստվածների նախնիները: Նրանք աստվածներ են ցայսօր: Ճիշտ այդպես էլ ոչ մի Աստված ամբողջությամբ աստվածային չէ, եթե նրանում թաքնված չէ տիտանը:

- 223 –
 Եթե Ռամա* չեմ կարող լինել, կլինեմ Ռավանա*, որովհետև նա է Վիշնայի խավար կողմը:

- 224 –
 Միշտ զոհաբերի՛ր, զոհաբերի՛ր և զոհաբերի՛ր, բայց միայն հանուն Աստծո և մարդկության, այլ ոչ թե հանուն զոհաբերության:

- 225 –
 Եսասիրությունը սպանում է հոգին, բնաջնջի՛ր այն: Միայն տես, որ քո այլասիրությունը չսպանի մերձավորիդ հոգին:

- 226 –
 Այլասիրությունը հիմնականում եսասիրության նրբագույն ձև է:

- 227 –
 Նա, ով չի խոցում, երբ Աստված է նրան պատվիրում, մեծ ավերածություններ է առաջ բերում աշխարհում:

- 228 –
 Հարգիր մարդկային կյանքը, քանի դեռ այդ հնարավոր է, բայց ավելի հարգիր մարդկության կյանքը:

- 229 –
 Մարդիկ անզուսպ կատաղության պահին ատելությունից կամ վրեժից դրդված սպանություն են գործում: Շուտ թե ուշ իրենց գործած չարիքը ետ դառնալով կհարվածի նրանց: Նրանք կարող են նաև սառնասրտորեն սպանել, սեփական շահից ելնելով: Աստված նրանց չի ների: Եթե սպանում ես, թող որ մինչ այդ հոգիդ ճանաչի մահը, որպես ինչ - որ իրականություն, և տեսնի Աստծուն՝ և՛ հարվածողի, և՛ այն ընդունողի մեջ: 

- 230 –
 Քաջությունն ու սերը միակ անհրաժեշտ առաքինություններն են: Եթե անգամ մնացած բոլոր հատկանիշները թուլանան կամ քուն մտնեն, այս երկուսը հոգին կենդանի կպահեն:

- 231 –
 Ստորությունն ու եսասիրությունը միակ արատներն են, որոնք դժվար ներելի եմ համարում: Բայց հենց նրանք են ամենուր տարածված: Ուստի պետք չէ այն ուրիշների մեջ ատել, այլ անհրաժեշտ է քո ներսում նրանց ոչնչացնել:

- 232 –
 Ազնվությունն ու մեծահոգությունը հոգու եթերային ամրություններն են, առանց նրանց մենք տեսանելի ոչնչություն ենք բանտարկված:

- 233 –
 Ձգտիր ոչ թե այն առաքինություններին, որոնք գովերգվում և փառաբանվում են մարդկանց կողմից, այլ նրանց, որոնք ծառայում են քո կատարելությանը, և որոնք քեզանից պահանջում է քո բնության մեջ թաքնված Աստված: 

- 234 – 
Այլասիրությունը, պարտքը, ընտանիքը, հայրենիքը, մարդկության համար դառնում են հոգու շղթաներ, երբ դադարում են լինել նրա գործիքները:

- 235 –
 Մեր երկիրը Աստվածային Մայր է, նրա մասին մի չարախոսիր, քանի դա չես կարող անել սիրով և քնքշանքով:

- 236 –
 Մարդիկ դավաճանում են հայրենիքին, հանուն անձնական շահի, բայց չեն դադարում հավատալ, որ իրավունք ունեն սոսկումով նողկանք զգալ մայրասպանությունից:

- 237 –
 Փշրի՛ր անցյալի հնացած կաղապարները, բայց պահպանիր նրա ձեռքբերումները և ոգին, այլապես քեզ կզրկես ապագայից:

- 238 –
 Հեղափոխություններն անցյալը ջարդ ու փշուր անելով նետում են կաթսայի մեջ, բայց վերջ ի վերջո այնտեղից է վեր բարձրանում հենց նույն հին Էսոնը* նոր կերպարանքով:

- 239 –
 Համաշխարհային պատմությունը հաշվում է ընդամենը կես դյուժին հաջողությամբ պսակված հեղափոխություններ, թեև նրանք ևս մեծ հաշվով ձախողումներ են հիշեցնում: Բայց և այնպես հենց մեծ ու վեհանձն անհաջողությունների շնորհիվ է մարդկությունը առաջ շարժվում:

- 240 - 
 Աթեիզմը անխուսափելի բողոք է ընդդեմ եկեղեցիների արատավորության և դավանաբանական սահմանափակվածության: Այն Աստծո համար այդ թղթե կեղտոտ տնակները խորտակող քար է:

- 241 - 
 Մարդկանց որքան ատելություն և հիմարություն է հաջողում տեղավորել «Կրոն» մակագրությամբ գեղեցիկ փաթեթում:

- 242 - 
 Աստված ամենալավ ուղղորդոողն է, երբ ամենամեծ փորձությանն է տանում, լիովին սիրում է, երբ դաժանորեն պատժում է, կատարելապես օգնում է, երբ մոլեգին ընդդիմանում է:

- 243 - 
 Եթե Աստված իր վրա չվերցներ մարդկանց փորձելու տաժանակիր պարտականությունը, աշխարհը շատ շուտով կհասներ կործանման:

- 244 –
 Ներքին փորձություններ թույլ տուր, որպեսզի սպառես ցածրագույն կրքերդ: 

- 245 –
 Եթե թողնես Աստված մաքրի քեզ, Նա ինքը քո ներսում կվերացնի չարիքը: Իսկ եթե դու համառորեն քո էշը քշես, կներքաշվես մեղքի և տառապանքի հորձանուտը: 

- 246 –
 Այն ամենն ինչը որ մարդիկ չար են համարում, դու չար մի անվանի: Մերժիր միայն այն, ինչ Աստված է մերժում: Բարի մի անվանիր այն ամենը, որ մարդիկ բարի են համարում, ընդունիր միայն այն, ինչ Աստված է ընդունում: 

- 247 –
 Երկու ուղեցույց աստղեր` պարտքը և սկզբունքն են աշխարհում մարդկանց ճանապարհ ցույց տալիս: Բայց դեպի Աստված եկողը հրաժարվում է նրանցից, փոխարինելով դրանք Աստծո կամքով: Եվ եթե մարդիկ դրա համար անիծում են քեզ, մի վշտացի՛ր, ո՜վ աստվածային զենք, այլ շարունակիր քո ճանապարհը, ինչպես քամի ավերող կամ արև՝ արարող: 

- 248 –
 Աստված քեզ իր զենքը դարձրեց, որպեսզի դու մարդկանց կողմից գովասանքի չարժանանաս, այլ համարձակորեն կատարես Նրա կամքը: 

- 249 –
 Նայի՛ր աշխարհին, ինչպես Աստծո թատրոնի, դարձի՛ր այդ Դերասանի դիմակը, և Նա քո միջոցով թող խաղա Իր դերը: Երբ մարդիկ փառաբանեն կամ սուլեն քեզ, մի մոռացիր, որ նրանք ևս դիմակներ են, և միայն քո ներսում Աստծուն ունկնդրիր, որպես միակ հանդիսատեսի ու քննադատի:

- 250 –
 Եթե մի կողմում կանգնած լինի միայն Քրիշնան, իսկ մյուս կողմում ողջ աշխարհը սպառազինված` գնդացիրներով և թնդանոթներով, միևնույն է դու ընտրիր քո աստվածային մենությունը: Մի՛ վախեցիր, որ աշխարհը կբզկտի և ռումբը կտոր - կտոր կանի մարմինդ, իսկ հեծելազորը ցեխի մեջ կտրորի մնացորդներդ, որովհետև միտքը միշտ եղել է առերևույթ մի բան, իսկ մարմինը՝ թաղանթ: Եվ միայն Ոգին է իր ծածկոցներից ազատագրված հաղթական ճամփորդում: 

- 251 –
 Եթե պարտության մեջ քո վախճանն ես տեսնում, պայքարի մեջ մի՛ մտի՛ր, եթե անգամ ուժեղ ես: Որովհետև ոչ ոք չի կարող Ճակատագրին կաշառել, իսկ Ուժը պարտավոր չէ ծառայելու իրեն կրողին: Բայց պարտությունը վերջը չէ, այլ դարպաս է կամ մի նոր սկիզբ:

- 252 –
 Ասում ես. «Ես պարտվեցի»: Այլ կերպ ձևակերպիր. « Աստված շրջանցիկ ճանապարհներով է դեպի Իր նպատակը գնում»:

- 253 –
 Աշխարհում պարտություն կրելով, փորձում ես Աստծուց կառչել: Եթե աշխարհը քեզնից ուժեղ է, մի՞թե կարծում ես Աստված թույլ է: Ավելի լավ է դիմես Նրան, որ ի կատար ածելու համար ստանաս Իր ուժն ու Իր հրամանը:

- 254 - 
 Քանի դեռ գործն իր կողմում թեկուզ մեկ անկոտրում հավատով հոգի ունի, նա չի կարող մեռնել: 

- 255 - 
 «Առողջ դատողությունն այդպիսի հավատի համար հիմք չի տալիս», փնթփնթում ես դու: Անմի՛տ, եթե առողջ միտքը «հիմք տար», հավատը քեզ պետք չէր գա և չէր պահանջվի քեզնից:

- 256 –
 Սրտի հավատը, թաքնված գիտելիքների խավար և հաճախ աղավաղված արտացոլումն է: Կասկածները հաճախ հավատացյալին ավելի շատ են տանջում, քան ամենաերդվյալ թերահավատին: Նա համառում է, որովհետև նրա ենթագիտակցության որոշակի հատված գիտելիք է տնօրինում: Ու հենց նա էլ թույլատրում է և կույր հավատին և անորոշ կասկածներին, և առկա գիտելիքով մարդուն տանում է բացահայտման: 

- 257 –
 Աշխարհն իր շարժիչ ուժը համարում է բանականության լույսը, իսկ իրականում այն շարժման մեջ է դնում սեփական հավատն ու ինտուիցիան:

- 258 –
 Գիտակցությունը հարմարվում է հավատին կամ դատողությունների միջոցով գտնում է ինտուիցիայի ապացույցը, բայց նրա շարժիչ ուժը համարվում է ենթագիտակցությունը: Դրա համար են մարդիկ կարծում, որ իրենք արդյունավետ են գործում:

- 259 –
 Բանականության միակ խնդիրն է կանոնակարգել և քննադատաբար գնահատել ըմբռնումները: Ն ա ինքն իրեն չի տիրապետում որոշում կայացնելու կամ գործողության մղելու ընդունակության: Ձևացնելով, իբրև թե ինչ - որ բան է ինքը թելադրում կամ գործողության մեջ է դնում, բանականությունն իրեն է վերագրում ուրիշ գործող ուժերի կատարած աշխատանքը:

- 260 –
 Քանի դեռ Իմաստնությունը քեզ չի այցելել, օգտագործիր միտքդ Աստծուց իրեն բաժին հասած նպատակով, իսկ հավատն ու ինտուիցիան, համապատասխանաբար իրենց նշանակությամբ: Քո ինչի՞ն է էությանդ տարբեր մասերի իրարամերժ կռիվը:

- 261 –
 Մշտապես ունկնդիր եղիր իրականությանը և գործիր ըմբռնումներիդ համաձայն, որոնք ժամանակի ընթացքում կսրվեն, բայց ոչ միայն դատող ուղեղի ընկալումներով: Աստված դիմում է սրտին, երբ ուղեղն ի վիճակի չէ Իրեն հասկանալ: 

- 262 –
 Երբ սիրտդ քեզ ասում է. « Դա կպատահի ինչ - որ կերպ, ինչ - ինչ պայմաններում, ինչ - որ ժամանակ» , մի՛ հավատա նրան, բայց ականջալուր եղիր, երբ նա բացահայտի քո համար Աստվածային հրամանն իր ողջ պարզությամբ ու լայնարձակությամբ:

- 263 –
 Եթե այդպիսի հրաման ես ստացել, միայն հոգա այն կատարելու մասին: Մնացածը Աստծո կամքն է ու նախախնամությունը, որը մարդիկ անսպասելի հաջողություն, ձեռքբերում կամ ճակատագիր են անվանում:

- 264 –
 Եթե առջևում մեծ նպատակ ունես, իսկ հնարավորություններդ սահմանափակ են, միևնույն է՝ գործիր, որովհետև միայն գործողության միջոցով կարող են ավելանալ հնարավորություններդ:

- 265 –
 Մի անհանգստացիր ոչ՝ ժամանակի, և ոչ՝ հաջողությունների համար: Կատարիր քո առաքելությունը, անկախ այն բանից պարտություն է քեզ վիճակված, թե փառք: 

- 266 –
 Այդ հրամանը քեզ կարող է հայտնվել երեք կերպ. ինչպես քո էության կամք և հավատ, ինչպես քո սրտով և մտքով ընկալված բարձրագույն նպատակ, և ինչպես Նրա կամ Իր հրեշտակների Ձայն:

- 267 –
 Լինում են ժամանակներ, երբ գործելը կամ խելամիտ չէ կամ անհնար է: Նման դեպքերում ֆիզիկապես առանձնանալով տրվիր ինքնամաքրման կամ հոգուդ գաղտնարաններում սպասիր աստվածային ձայնի կամ նշանի:

- 268 –
 Հարկ չկա հապշտապ արձագանքել ամեն մի ձայնի, որովհետև գոյություն ունեն կեղծ ոգիներ, որոնք պատրաստ են խաբել քեզ: Թող որ սիրտդ մաքրվի ու նոր միայն՝ լսիր:

- 269 –
 Հաճախ թվում է, որ Աստված ամուր կանգնած է անցյալի կողմը, և այդժամ անցյալն ու ներկան հաստատուն բազմում են գահին և զգեստավորվում անխորտակելի, «Ես հավերժ կլինեմ» - ով: Նման պահերի մի դադարիր ջանք թափել, եթե անգամ քեզ թվա, որ դու պայքարում ես ամենայնի Տիրոջ դեմ, որովհետև այդ Նրա ամենախիստ փորձությունն է:

- 270 –
 Դեռ ոչինչ կորած չէ, եթե անգամ մարդկային տեսանկյունից գործը թվում է պարտված ու անիմաստ: Ամեն ինչ կորած է միայն այն դեպքում, երբ հոգին հրաժարվում է ջանք գործադրել:

- 271 –
 Նա, ով ցանկանում է բարձրագույն հոգևոր բարձունքների հասնել, պետք է անցնի անվերջանալի գայթակղությունների և փորձությունների միջով: Թեև մեծամասնությունը միայն մտածում է ինչպես կաշառի քննողին: 

- 272 –
 Պայքարի՛ր, քանի դեռ ձեռքերդ ազատ են, օգտագործիր սեփական ձեռքերդ, ձայնդ, միտքդ և զենքերի ողջ տեսականին: Թշնամիները քեզ շղթայել են զնդանում և խցոցով փակե՞լ են բերանդ: Այդ դեպքում պայքարիր խաղաղությամբ լիահույս քո հոգով և հեռահար կամքով, եթե անգամ ամայացած ես, շարունակիր պայքարել ողջ աշխարհն ընդգրկող այն ուժով, որը բխում է քո ներսում գտնվող Աստծուց:

- 273 –
 Մի՞թե կարծում ես, որ քարանձավում կամ լեռնակատարին գտնվող ճգնավորը ընդամենը քարե արձան է կամ անբանի մեկը: Դու ի՞նչ գիտես այդ մասին: Գուցե նա աշխարհը լցնում է իր հզոր կամքի հոսանքներով, և վերափոխում է այն իր լուսավորված հոգեուժով:

- 274 –
 Հերոսներն ու մարգարեները գալիս են նյութական աշխարհ, որպեսզի հռչակեն և կատարեն այն, ինչ ազատագրվածը սկսում է տեսնել սեփական հոգու բարձունքներում:

- 275 –
 Թեոսոֆներն առանձին դեպքերում սխալվում են, բայց ըստ էության ճիշտ են: Ֆրանսիական հեղափոխությունը կատարվեց, որովհետև ինչ - որ մի հոգի հնդկական լեռնագագաթների ձյուների մեջ անրջում էր այն մասին, որ Աստված ազատություն է, հավասարություն և եղբայրություն:

- 276 – 
 Ամեն բառ ու գործողություն ավարտուն վիճակով սկիզբ է առնում հավերժական Լռությունից և Խաղաղությունից:

- 277 – 
 Օվկիանոսի խորքերում հանգիստ է, իսկ մակերեսին` ամեհի ալիքներ են մռնչյունով ցնծում: Ազատագրված հոգին կատաղի գործողության թեժ պահին Օվկիանոսի է նման: Հոգին չի գործում, Նա միայն իրենից արտաշնչում է ամենուր տարածվող գործողության հզոր հոսանքները: 

- 278 –
 Ո՜վ Տիրոջ զինվո՛ր, և՛ հերո՛ս, անարգա՞նքը, թե՞ ցավն է պատճառը թախծիդ: Չէ՞ որ կյանքդ փառք է, գործերդ` ծառայություն, հաղթանակդ` քո աստվածացումը, պարտությունդ` կամարը քո հաղթության:

- 279 –
 Քո ցածրագույն բնությունը շփվելով մեղքերի ու դառնությունների հետ շարունակո՞ւմ է տառապել: Բայց այդ ամենի վրա, քեզ համար տեսանելի է, թե ոչ, իշխում է քո թագավորական հոգին անխռով, ազատ և շողարձակ: Հավատա, որ Մայրն իր աշխատանքի ավարտին քո բուն էությունը կվերափոխի ուրախության և մաքրության: 

- 280 –
 Եթե սիրտդ կասկածանքների մեջ է, եթե երկար տարիներ առաջ չես շարժվում, եթե ուժդ սպառվել ու տրտնջում է, միշտ հիշիր մեր Ուսուցչի և Սիրեցյալի հավերժական խոսքերը. « Մի տխրի՛ր, Ես կազատեմ քեզ ամեն տեսակ մեղքից ու չարիքից »:

- 281 –
 Մաքրությունը քո հոգու հատկանիշն է, իսկ ինչ վերաբերում է գործողությանը, ապա ինչպես դատել, մաքո՞ւր են նրանք, թե՞ ոչ: 

- 282 –
 Օ՜, մա՛հ, մեր անտեսանելի ընկե՛ր, նոր հնարավորությունների նվիրատո՛ւ, մինչ դարպասները կբացվեն, մի՛ վախեցիր մեզ նախապես զգուշացնել, որովհետև մենք նրանցից չենք, ում սարսափեցնում է նրանց երկաթե ճռինչը:

- 283 –
 Հաճախ մահն իրեն պահում է ինչպես անկիրթ ծառա, բայց երբ նա երկրային ցնցոտիները փոխում է փայլուն հագուստով, նրան կարելի է ներել և՛ հանդուգն արարքները, և՛ կոպիտ հումորները: 

- 284 –
 Ո՞վ կարող է քեզ սպանել, օ՜, անմահ հոգի: Ո՞վ քեզ ցավ կպատճառի, օ՜, հավերժ ուրախության Տիրակալ:

- 285 –
 Երբ քո ցածրագույն բնությունը կսկսի սիլիբիլի անել թուլության և խուճապի հետ, ինքդ քեզ ասա. «Ես Բաքոսն եմ, Արեսը և Ապոլոնը, Ես մաքուր ու անհաղթ Ագնին եմ, Ես Սուրյանն* եմ՝ կրակի հզորությամբ հավերժ փայլատակողը»:

- 286 –
 Քո մեջ մի խեղդիր դիոնեսյան հրճվանքն ու ուրախությունը, միայն զգուշացիր՝ հանկարծ այդ ամեհի ալիքների վրա լողացող ծղոտ չդառնաս:

- 287 –
 Սովորիր քո մեջ ամփոփել բոլոր աստվածներին, ոչ մի դեպքում չկորցնելով կայունությունդ նրանց ներխուժման ժամանակ և չթուլանալ այդ ծանրության տակ:

- 288 –
 Մարդիկ հոգնում են ուժից և ուրախությունից, և առաքինություն են համարում թախիծն ու թուլությունը, հոգնում են գիտելիքներից և տգիտությունը համարում են սրբություն, հոգնում են սիրույց և անգթությունը անվանում են իմաստնություն ու լուսավորչություն: 

- 289 –
 Կան հնազանդության բազմաթիվ տեսակներ: Տեսել եմ, ինչպես էր վախկոտը հարվածի տակ դնում երեսը: Ինչպես էր ֆիզիկապես թույլ մարդը, ում ինքնահավան ջարդարարը հարվածեց, հանգիստ ու ուշադիր նայում իրեն վիրավորողին: Տեսել եմ՝ ինչպես էր մարմնավորված Աստված սիրահոժար ժպտում նրանց, ովքեր իր վրա քարեր էին նետում: Առաջինը ծիծաղելի էր, երկրորդը` ահավոր, երրորդը` աստվածային ու սուրբ: 

- 290 –
 Քեզ վիրավորողներին ներելը մեծահոգություն է, բայց մեծահոգություն չէ, երբ մերձավորիդ հասցրած չարությունն ես ներում: Այնուամենայնիվ կարող ես՝ դա էլ ներիր, բայց եթե անհրաժեշտ է, հանգիստ վրեժխնդիր եղիր:

- 291 –
 Երբ ասիացիները եղեռն են իրականացնում` գազանություն է, իսկ երբ եվրոպացիները՝ քաղաքական անհրաժեշտություն: Գնահատեք տարբերությունը և խորհեք այս աշխարհի առաքինությունների մասին:

- 292 –
 Զգուշացիր չափից ավելի զայրացած բարեպաշտներից: Շատ շուտով կտեսնես, թե նրանք ինչպես են ի կատար ածում կամ ներում այդ նույն արարքները, որոնք այնքան մոլեգին դատապարտում էին:

- 293 –
 «Իսկական երեսպաշտությունն այնքան էլ շատ չէ մարդկանց մեջ»: Այո, բայց չափից շատ է դիվանագիտությունը և ավելի շատ ինքնախաբեությունը: Վերջինս լինում է երեք տեսակի՝ գիտակցված, ենթագիտակցական և կիսագիտակցական, ընդ որում վերջինն ավելի վտանգավոր է: 

- 294 –
 Թույլ մի տուր, որ ցուցադրական առաքինությունը քեզ խաբի, բայց և մի խորշիր հայտնի ու անհայտ արատներից: Այդ ամենը մարդկության երկարատև անցման շրջանում անհրաժեշտ ու անխուսափելի ծախսեր են: 

- 295 –
 Մի նողկա աշխարհի այլանդակ ծամածռություններից: Աշխարհը վիրավոր, թունավոր մի օձ է, որ նախանշված ճամփով պիտի կաշին փոխի և կատարելագործության հասնի: Սպասի՛ր, չէ՞ որ դա աստվածային գրազ է և այդ ցածրությունից է վեր բարձրանալու Աստված իր ողջ փայլով ու հանդիսավորությամբ:

- 296 –
 Ի՞նչ ես սարսափած երես թեքում դիմակից: Նրա զզվելի, ծիծաղելի կամ տհաճ տեսքի ներքո թաքնված է Քրիշնան, որը ծիծաղում է անմիտ զայրույթիդ, էլ ավելի անմիտ արհամարհանքիդ, զզվանքիդ և այնքան հիմար քո վախի վրա:

- 297 –
 Եթե քո մեջ մերձավորիդ հանդեպ քանահրանք նկատես, նայիր սեփական սրտիդ և ծիծաղիր անմտությանդ վրա:

- 298 –
 Խուսափիր դատարկ վեճերից, բայց ոչ մտքերի ազատ փոխանակությունից: Եթե ստիպված ես վեճի մեջ մտնել, սովորիր քո հակառակորդից: Որովհետև անգամ հիմարից, եթե նրան ունկնդրես ոչ թե լսելով ու քննադատելով, այլ սեփական հոգու լույսով, ապա կարելի է բավականաչափ իմաստնություն քաղել:

- 299 - 
 Ամեն ինչ մեղրի վերածիր, ահա աստվածային կյանքի օրենքը:

- 300 –
 Միշտ պետք է խուսափել անձնական վեճերից, բայց չխուսափել հասարակական պայքարից: Ու անգամ այդ դեպքում հարգանքի տուրք տուր հակառակորդիդ ուժին:

- 301 –
 Երբ կարծիք ես լսում, որը քեզ դուր չի գալիս, ուսումնասիրիր այն, և նրա մեջ ճշմարտություն գտիր:

- 302 –
 Միջնադարյան ճգնավորներն ատում էին կանանց, կարծելով, որ Աստված նրանց ստեղծել է վանականներին գայթակղելու համար: Վատ չէր լինի, եթե ավելի բարձր կարծիքի ունենային թե Աստծո, և թե կանանց մասին:

- 303 –
 Եթե կինը գայթակղել է քեզ, ո՞վ է մեղավոր դո՞ւ, թե՞ նա: Անմիտ մի ձևացիր ու ինքդ քեզ մի խաբիր:

- 304 –
 Կանանց հյուսած թակարդներից խուսափելու համար կա երկու եղանակ: Առաջինը հեռու մնալ բոլոր կանանցից և երկրորդ` սիրել բոլոր արարածներին:

- 305 - 
 Ճգնակեցությունն անշուշտ շատ օգտակար է առողջությանը, քարանձավը լեցուն է խաղաղությամբ, իսկ լեռները աներևակայելի գեղեցիկ են, բայց և այնպես աշխարհում դու պետք է խաղաս այն դերը, որը քեզ համար Աստված է նախատեսել:

- 306 –
 Աստված երեք անգամ ծիծաղեց Շանքարայի վրա: Առաջին անգամ, երբ նա վերադարձավ, որպեսզի մոր աճյունը կրակին տա, այնուհետև, երբ նա մեկնաբանեց Իշա Ուպանիշադը և երրորդը, երբ նա զայրացավ Հնդկաստանի քարոզիչների անգործության համար:

- 307 –
 Մարդիկ միայն հաջողության են ձգտում, սակայն եթե բախտ է վիճակվում անհաջողության մատնվել, ապա միայն այն պատճառով, որ Բնության ուժն ու իմաստությունը գերազանցում է նրանց գործնական միտքը: Միայն Աստված գիտի, երբ և ինչպես խելացի սխալվել և շահել պարտվելով:

- 308 –
 Մի՛ հավատա՛ այն մարդուն, ով անհաջողություն և տառապանք չի ճանաչել: Մի՛ գնա նրա երջանկության ետևից, և նրա դրոշի տակ, մի՛ կռվիր:

- 309 –
 Ահա երկուսը, որոնք մեծարման ու ազատության համար պիտանի չեն: Մարդ, որը երբևէ չի եղել ուրիշի ստրուկը, և ազգ, որը երբևէ չի ճանաչել օտարի լուծը: 

- 310 –
 Բարձրագույն նպատակիդ հասնելու համար ճանապարհներ և ժամկետներ մի՛ գուշակիր: Աշխատի՛ր, իսկ ժամկետ ու ճանապարհներ սահմանելը թող ամենագետ Աստծուն: 

- 311 –
 Աշխատիր այնպես, կարծես շատ շուտով, մեկ կյանքի ընթացքում պետք է իրագործես իդեալդ: Աշխատիր առանց ձեռքերդ ծալելու, ասես համոզված ես, որ նրան կարելի է հասնել միայն հազարամյակների աշխատանքով: Այն, ինչին դու անգամ ամենահամարձակ երևակայությամբ չես սպասում հինգերորդ հազարամյակում, կարող է ծաղկել վաղը, արևածագին, իսկ այն ինչին ոգևորված սպասում ես այսօր, կարող է քեզ կանխորոշված է անհաշիվ վերածնունդներիցդ հետո:

- 312 –
 Մեզանից ամեն մեկի առաջ, միլիոնավոր կյանքեր կան երկրի վրա ինքներս մեզ իրականացնելու համար: Այդ դեպքում ինչի համար է այս շտապողականությունը, տրտունջն ու անհամբերությունը:

- 313 –
 Քայլիր արագ ու լայն քայլերով, որովհետև նպատակը հեռվում է: Երկար մի հանգստացիր, որովհետև ճանապարհի վերջում քեզ է սպասում քո Ուսուցիչը:

- 314 –
 Ես հոգնել եմ մանկական շտապողականությունից, որն աղաղակում, չարաճճիություններ է անում և մերժում իդեալը միայն նրա համար, որ Ոսկյա Բարձունքների չի հասել, մեր շատ կարճ օրվա կամ մի քանի արագահոս հարյուրամյակների ընթացքում:

- 315 –
 Հոգիդ կրքերից ազատ կենտրոնացրու նպատակների վրա, և նրան հասիր ներսումդ եղած աստվածային ուժի օգնությամբ: Այդ դեպքում հենց նպատակը կստեղծի միջոցներ իրեն հասնելու համար: Ավելին, հենց ինքը կդառնա այդ միջոցը: Որովհետև նպատակը դա Բրահման է, այն արդեն իսկ իրականացված է: Դու պետք է միշտ նրան տեսնես որպես Բրահմանի, միշտ տեսնես որպես հոգուդ մեջ իրականացվածի:

- 316 –
 Մտքով ծրագրեր մի կազմիր, թող որ աստվածային տեսունակությունդ քո փոխարեն ծրագրեր կազմի: Երբ քեզ մոտ ինչպես գործ ինչ - որ հնարավորություն է հայտնվում, որը պետք է կատարես, այն քո նպատակը դարձրու, իսկ ինչ վերաբերում է բարձրագույն նպատակիդ, ապա այն ինքն իրեն կիրականացնի աշխարհում ու արդեն իսկ իրականացված է քո հոգում: 

- 317 –
 Մարդիկ իրադարձությունները տեսնում են, որպես ինչ - որ անավարտություն և ձգտում են նրանց իրականացնել: Դա կեղծ տեսողություն է: Դեպքերը չեն իրականացվում, նրանք զարգանում են: Բարձրագույն իրադարձությունը հենց Բրահմանն է, որն արդեն իսկ իրականացվել է անհիշելի ժամանակներում, իսկ ներկայում այն միայն դրսևորում է իրեն:

- 318 –
 Ինչպես հանգած աստղի լույսն է Երկիր հասնում հարյուրավոր տարիներ հետո, այդպես էլ Բրահմանի մեջ նախապես տեղի ունեցած դեպքերը, մեր նյութական աշխարհում միայն հիմա են դրսևորվում:

- 319 –
 Իշխանությունը, հասարակությունը, թագավորները, ոստիկանությունը, դատավորները, հասարակական կազմակերպությունները, եկեղեցիները, օրենքները, մաքսավորները, բանակը, այս բոլորը ժամանակի անցողիկ հատկանիշներն են, որոնք մի քանի տասնյակ դարեր մեզ են փաթաթվել, որովհետև Աստված մեզանից թաքցրել է իր դեմքը: Երբ Նա նորից մեզ կներկայանա Իր ողջ ճշմարտությամբ և գեղեցկությամբ, այդ ամենը կլուծվեն Նրա կուրացուցիչ լույսի մեջ: 

- 320 –
 Անարխիան (անկարգությունը) մարդու իրական աստվածային վիճակն է, ինչպես ճանապարհի վերջում, այնպես էլ ճանապարհի սկզբում: Բայց միջնամասում այն ուղիղ ճանապարհով մեզ սատանայի թագավորություն կտանի:
- 321 –
 Հասարակության կոմունիստական սկզբունքն իր էությամբ ավելի բարձր է անհատապաշտությունից, որպես եղբայրություն բարձր է նախանձից ու փոխադարձ թշնամանքից: Բայց սոցիալիզմի բոլոր գործնական նախագծերը Եվրոպայում ստրկություն է, բռնություն և բանտ:

- 322 –
 Եթե կոմունիզմին վիճակված է երբևէ վերականգնվել Երկրի վրա, ապա դրա հիմքերը կլինեն հոգևոր եղբայրությունն ու եսասիրության վախճանը: Բռնի միավորումը և մեխանիկական բարեկամությունը կավարտվեն համաշխարհային ձախողումով:

- 323 –
 Գործնականորեն իրականացված Վեդանտան է* միակ կենսունակ հիմքը կոմունիստական հասարակության: Այն սրբերի թագավորություն է, որի մասին երազել է քրիստոնեությունը, մահմեդականությունը և պուրանական հինդուիզմը:

- 324 –
 «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», հրապարակեցին ֆրանսիական հեղափոխականները, բայց իրականում այն դարձավ միայն ազատություն հավասարության թույլ խառնուրդով, իսկ ինչ վերաբերում է եղբայրությանը, ապա հաստատվեց միայն Կայենի և Բարաբայի եղբայրություն: Հաճախ այն իրեն տրեստ կամ սինդիկատ է կոչում, երբեմն եվրոպական համաձայնություն: 

- 325 –
 Եվրոպական առաջադեմ միտքը ազդարարում է . «Եթե ազատությունը չստացվեց, եկեք փորձենք ազատությունը և հավասարությունը, բայց քանի որ նրանց բավական դժվար է համատեղել հավասարությունը ազատությամբ, փոխարինենք եղբայրությամբ: Եղբայրություն իրականացնել հնարավոր չէ, ուստի այն փոխենք արտադրական միավորումով»: Բայց կարծում եմ, այս անգամ էլ Աստծուն խաբել չի հաջողվի:

- 326 –
 Հնդկաստանում կային համայնքային կյանքի երեք կառույցներ: Գյուղական համայնք, միավորված մեծ ընտանիք, և սանյասիների միաբանություն: Նրանք բոլորն էլ փլուզվեցին կամ հասարակական կյանքի եսասիրական հայացքների տարածման չափով փլուզվում են: Բայց մի գուցե այդ դեռևս անկատար ձևերի փլուզվելն անհրաժեշտ է, որ համաշխարհային և աստվածային կոմունիզմը կայանա՞: 

- 327 –
 Առանձին անհատը չի կարող հասնել կատարելության, առանց հրաժարվելու հանուն աստվածային Գոյության ամեն ինչից, որը հիմա իրենն է համարում: Ճիշտ այդպես չի կարելի խոսել կատարյալ հասարակության մասին, քանի դեռ մարդկությունը հանուն Աստծո չի հրաժարվել այն ամենից, ինչ ունի:

- 328 –
 Աստծո աչքին մանրուքներ չկան, թող քո աչքին էլ ոչինչ մանրուք չթվա: Խեցու կազմավորման համար Նա այնքան աստվածային ուժ ու եռանդ է դնում, որքան կայսրություն հիմնելու: Շատ ավելի հարգելի է լավ կոշկակար լինելը, քան հարուստ ու անհասկացող թագավոր:

- 329 –
 Քեզ նախասահմանված աշխատանքին կատարելապես չտիրապետելը, և նրա անկատար արդյունքներն ավելի լավ են, քան արհեստական հմտությունը և փոխառնված կատարելությունը:

- 330 –
 Գործողության նպատակը արդյունքը չէ, այլ Աստծո հավերժ երանությունն է կայացման, տեսունակության և անելիքի մեջ:

- 331 –
 Աստվածային աշխարհը, մինչև մեծ գործի անցնելը, աստիճանաբար է առաջ շարժվում, փոքրիկ ձեռքբերումներով:Եթե ցանկանում ես, որպեսզի աշխարհը երբևէ դառնա մեկ ազգ, սկզբից հաստատիր ազգի ազատությունը:

- 332 –
 Ազգ չեն ստեղծում ոչ ընդհանուր արյունը, ոչ լեզուն և ոչ էլ կրոնը: Այդ ամենը միայն անհրաժեշտ օժանդակություն և նշանակալից առավելություններ են: Բայց երբ մարդկային համայնքն առանց ընտանեկան կապերի միավորվում է միասնական շարժման մեջ, ցանկանալով պաշտպանել նախնիների ընդհանուր ժառանգությունը կամ ժառանգների համար ընդհանուր ապագա ապահովել, այդ դեպքում կարելի է ասել, որ ազգն արդեն գոյություն ունի:

- 333 –
 Ազգը, դեպի Աստված տանող ևս մեկ առաջադիմական քայլ է, որը զարգացման փուլով բարձրացել և հեռացել է ընտանեկան մակարդակից: Այսինքն մինչև ազգի կայանալը, պետք է թուլանան կլանային և ցեղային կապերը: 

- 334 –
 Ընտանիք, ազգ, մարդկություն, սրանք Վիշնուի* երեք քայլերն են մասնատվածությունից դեպի ընդհանուր միասնականություն: Առաջինն արդեն ընդունել է ավարտական տեսք: Այսօր մենք զբաղված ենք երկրորդի կատարելագործմամբ, իսկ դեպի երրորդ անցումը պատրաստվում ենք կատարել և առաջամարտիկներն արդեն այդ ուղղությամբ ճանապարհ են հարթում: 

- 335 –
 Մարդկության ներկա բարոյական մակարդակով, դեռևս առողջ ու ամուր մարդկային միավորումներն անիրական են: Բայց ինչու իդեալականին ժամանակավոր մոտենալը, մեզ համար չդառնա լարված ձգտումի ու չթուլացող ջանքերի պարգև: Իդեալին հետևողական մոտեցումը, մասնակի հաջողությունները, և ժամանակավոր ձեռքբերումները Բնության ճանապարհի նշաձողերն են: 

- 336 –
 Նմանակումը հաճախ, ուսուցման համար վատ նավ չէ, բայց նրա վրա երբեք ադմիրալական պատվադրոշ չի ծածանվի:

- 337 –
 Ավելի լավ է կախվել, քան միանալ հաջողակ նմանակողների ամբոխին:

- 338 –
 Աշխարհում կատարվող գործերի ճանապարհն անիմանալի է: Երբ Ավատար Ռաման զրկում է կյանքից Վալիին կամ Քրիշնան` մարմնավորված Աստվածը, սպանում է իր քեռուն` բռնակալ Կանսին, որպեսզի ազատագրի իր ազգը, ո՞վ կարող է ասել, բարի՞ք են գործում, թե՞ չարիք: Բայց մենք զգում ենք, որ նրանք գործում են աստվածային կերպով:

- 339 –
 Հակազդումը կատարելագործում և արագացնում է առաջընթացը, զարգացնելով և մաքրելով նրանում ամփոփված ուժը: Թույլերը դա չեն հասկանում: Տեսնելով, որ փոթորիկը քշում և տանում է անպաշտպան նավը նրանք հուսալքվում են նավահանգստին մոտենալիս, բայց անձրևի շղարշի ներքո թաքնված և օվկիանոսի ալիքների մեջ մոլորված նավը քշվում է դեպի Աստծով պատրաստված նավահանգիստ: 

- 340 - 
 Դեմոկրատիան մարդկային հոգու բողոքն էր ընդեմ միապետական բռնակալության, հոգևորականության և վերնախավի: Սոցիալիզմը մարդկային հոգու բողոքն էր ընդեմ պլուտոկրատական* դեմոկրատիայի: Անարխիան ինչպես երևում է, կդառնա մարդկային հոգու ըմբոստացումն ընդդեմ սոցիալիստական բյուրոկրատիայի բռնակալության: Երկարատև երթեր պատրանքից - պատրանք և անհաջողությունից - անհաջողություն, ահա եվրոպական առաջընթացի իրական պատկերը:

- 341 –
 Դեմոկրատիան Եվրոպայում, դա կառավարության, ծախու դեպուտատների կամ շահամոլ կապիտալիստների կառավարումն է քողարկված ազգի կամարտահայտման հատուկենտ բռնկումներով: Եվրոպական սոցիալիզմը թերևս կլինի չինովնիկների և ոստիկանների տիրապետություն, քողարկված վերացական պետության առաջնայնության թեորիայով: Անիմաստ է պարզել, թե որ կարգերն են լավ և դժվար է նաև պարզել, նրանցից ո՞րն է ավելի վատ: 

- 342 –
 Դեմոկրատիայի ձեռքբերումներից կարելի է համարել անձնական կյանքի ապահովությունը, ազատությունը և բարօրությունը, տրված առանձին բռնակալի կամ մի բուռ եսասերների կողմից, իսկ արատը՝ մարդկային մեծության անկումը:

- 343 –
 Մթնում խարխափող մարդկությունը հավերժորեն երազում է հասարակության և պետական կառավարման ձևերը կատարելագործելով բարելավել գոյության պայմանները: Բայց արտաքին միջավայրը կարելի է բարելավել միայն հոգու կատարելագործմամբ: Միայն քո ներքին աշխարհը կարող է դառնալ այն աշխարհը, որով դու կուրախանաս նաև արտաքին կյանքում: Ոչ մի կատարյալ կառուցվածքներ չեն կարող քեզ ազատել քո էության օրենքից:

- 344 –
 Մշտապես հետևիր, որպեսզի չտրվես մարդուն հատուկ մեղադրելու կամ իրականությունը անտեսելու հակումին, եթե անգամ երկրպագում ես նրա նմանակին կամ խորհրդանիշին: Մարդու ոչ թե մեղսածին լինելը, այլ մոլորություններին ենթարկվածությունն է նրա առաջ բացում չարի դարպասները:

- 345 –
 Ճգնավորի հանդերձը հարգելով տես նաև, թե ո՞վ է այն կրում, այլապես երեսպաշտությունը սրբազան վայրեր կներխուժի և ներքին սրբությունը կհեռանա դեպի առասպել:

- 346 –
 Շատերն են ձգտում ապահովության կամ հարստության և քչերն են գիրկն առնում աղքատությանը ինչպես հարսնացուին: Դու ձգտիր դեպի Աստված, և միայն Նրա գիրկը: Թող Նա քո փոխարեն ընտրություն կատարի թագավորական պալատի կամ աղքատի կերակրամանի միջև: 

- 347 –
 Ի՞նչ է արատը, եթե ոչ ստրկացնող սովորություն, և ո՞րն է առաքինությունը, եթե ոչ մարդկային կարծիք: Հետևիր Աստծուն և կատարիր Նրա կամքը կամ գնա այն ճանապարհով, որը Նա է նախատեսել:

- 348 –
 Աշխարհիկ վեճերի ժամանակ ոչ հարուստին պաշտպանիր նրա հարստության համար, ոչ՝ աղքատին, նրա աղքատության, ոչ՝ թագավորին, նրա թագավորության և հզորության, ոչ ժողովրդին, որը միշտ լի է հույսերով և ոգևորված է նպատակներով: 
Եղիր միայն Աստծո կողմը: Եթե իհարկե Նա քեզ չի հրամայի դուրս գալ Իր դեմ, ու այդ դեպքում կատարիր Նրա կամքը ամբողջ եռանդով և հոգուդ կրքով:

- 349 –
 Ինչպես ճանաչեմ Աստծո կամքը իմ նկատմամբ: Ես պետք է ազատվեմ եսասիրությունից, հեռու վանելով նրան իր բոլոր թաքստոցներից ու էության ապաստաններից, և ընկղմվեմ մերկացած և մաքրված հոգով նրա անվերջանալի արարումներում: Եվ այդժամ Նա՝ Ինքը կբացահայտի Իր կամքը:

- 350 –
 Միայն մերկացած և ամոթ չճաշակած հոգին կարող է լինել մաքուր ու անմեղ, ինչպես եդեմական պարտեզում ապրած Ադամը:

- 351 –
 Քո հարստությամբ մի՛ պարծեցիր և մի՛ փնտրիր մարդկային գովասանք աղքատության ու ինքնազրկանքի համար, թե մեկը, և թե մյուսը եսասիրությունը սնող հասարակ կամ նրբընտիր կերակուրներ են:

- 352 –
 Այլասիրությունը օգտակար է մարդու համար, բայց կորցնում է իր նշանակությունը, երբ դառնում է ինքնասիրության նրբին մի ձև և գոյատևում մերձավորների ներողամիտ եսասիրության հաշվին: 

- 353 –
 Այլասիրությունը կարող է փրկել քո հոգին, բայց տես, որպեսզի դո՛ւ նրան փրկես, որ մերձավորներիդ հավերժ տանջանքների չդատապարտես:

- 354 –
 Ինքնահրաժարումը մաքրվելու հզոր զենք է, այն ոչ ինքնանպատակ է, ոչ գոյության վերջին հրաման: Քո նպատակը պետք է լինի ոչ թե կյանքը մեռցնել քո մեջ, այլ աշխարհում կատարել Աստծո կամքը: 

- 355 –
 Դժվար չէ ճանաչել մեղքով ու արատներով իրականացված չարիքը, բայց խորաթափանց հայացքը կարող է տեսնել նաև ինքնագոհ կամ շահամոլ առաքինու կատարած չարիքը:

- 356 –
 Սկզբում Բրահմինն* էր կառավարում սրբազան գրքերի և ծեսերի միջոցով: Նրան փոխարինելու եկավ քշատրիան*՝ սրով և վահանով: Այժմ մեզ կառավարում են վայշյանը* դոլլարի և հասարակության մեքենայացման միջոցով, իսկ շեմին կանգնած է շչուդրան*՝ ազատագրված բանվորն իր կոլեկտիվ աշխատանքի վարդապետությամբ: Բայց ո՛չ քուրմը, ո՛չ իշխանավորը, ո՛չ առևտրականը և ո՛չ էլ բանվորը չեն համարվում մարդկության իրական կառավարողները: Մուրճ ու մանգաղի բռնապետությունը դատապարտված է կործանման, ինչպես նմանատիպ բոլոր բռնապետությունները: Միայն եսասիրության մահվամբ, երբ Աստված մարդուց կվերցնի նրա ողջ ունիվերսալ բնության ղեկավարումը, այս Երկիրը կարող է ծնունդ տալ ուրախ և երջանիկ նոր էակների ռասայի:

- 357 –
 Մարդիկ ձգտում են վայելքների և տենդագին իրենց թշվառ կրծքին են սեղմում այս կրակե հարսնացուին: Իսկ այդ պահին աստվածային մաքուր երանությունը նրանց թիկունքում կանգնած, իզուր սպասում է, որ իրեն նկատեն, ցանկան ու տիրեն:

- 358 –
 Մարդիկ մանր հաջողության և ողորմելի իշխանության ետևից ընկած հյուծվում և ուժաթափվում են մրցավազքում, իսկ Աստվածային անսահման ուժն այդ պահին տիեզերքում իզուր սպասում է նրանց տրվելու դիպվածին: 

- 359 –
 Մարդիկ փորփրում են գիտելիքի մանր փշրանքները և դրանցից սահմանափակ և ժամանակավոր փիլիսոփայական համակարգեր հորինում: Այն դեպքում, երբ նրանց գլխավերևում տարածվում է ծիածանափայլ թևերը լայն պարզած անսպառ իմաստնության խինդը:

- 360 –
 Մարդիկ համառորեն ձգտում են բավարարել և հագեցնել իրենց ողորմելի, սահմանափակ գոյությունը գիտակցության և տպավորությունների միջնորդությամբ, որոնք նրանք խմբավորում են ողորմելի «ես» - ի շուրջ: Այն դեպքում, երբ ոչ ժամանակով, ոչ էլ տարածությամբ չսահմանափակված Հոգին հնարավորություն չունի իր ողջ ուրախությամբ և մեծությամբ դրսևորվելու:
 
- 361 –
 Ո՜վ Հնդկաստանի ոգի՛, դուրս ե՛կ խոհանոցից ու աղոթատնից, որտեղ թաքնվել ես Կալիյուգայի պանդիտների հետ շլացած: Դեն նետի՛ր խարխլված օրենքների, և դակշինի անհոգի ծեսերի ու անօրեն փողերի շղարշները: Ինքդ քո մեջ փնտրի՛ր, դիմի՛ր Աստծուն, և վերականգնի՛ր քո իրական բրահմանությունը և քշատրիությունը հավերժական Վեդաների օգնությամբ: Վերականգնի՛ր մոռացված վեդայական զոհաբերությունների ճշմարտությունը, դարձի՛ր դեպի հինավուրց ու հզոր Վեդանտան: 

- 362 –
 Մի սահմանափակիր զոհաբերությունդ հրաժարվելով աշխարհիկ բարիքներից, կամ որոշ ցանկություններից ու կրքերից, թող ամեն միտքդ, գործդ և ուրախությունդ նվիրաբերություն լինեն քո ներսում բնակվող Աստծուն: Իրականացրո՛ւ ճանամփորդությունդ դեպի քո Աստված, թող որ երազդ ու արթնությունդ դառնան զոհաբերություն Քրիշնային:

- 363 –
 «Դա չի համաձայնեցվում իմ Շաստրայի* կամ Գիտության հետ», - ասում են կանոների կողմնակից տառակերները: Հիմարնե՛ր: Եթե գրվածքներից դուրս գոյություն չունի ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարիք, մի՞թե նշանակում է Աստված ընդամենը գիրք է: 

- 364 –
 Ինչո՞վ առաջնորդվեմ իմ ճանապարհին, Աստծո խոսքո՞վ, որն ավետում է. «Ահա Իմ կամքը, ո՜վ իմ ծառա», թե՞ վաղուց արդեն մեռած մարդկանց կանոններով: Ո՛չ, եթե ինձ անհրաժեշտ է դողալ և հաշտվել, ավելի լավ է ես Աստծո առաջ դողամ և հաշտվեմ, քան գրքի էջերի կամ պանդիտի մռայլ հայացքի: 

- 365 –
 «Դու կարող ես խաբվել», - կասես դու:Հնարավոր է, չէ որ քեզ ամենևին էլ Աստծո խոսքը չի առաջնորդում: Բայց և այնպես ես գիտեմ, որ Նա չի մերժում նրանց, ովքեր հավատում են Իրեն անգամ իրենց անգիտության մեջ, և այնուամենայնիվ ես հայտնաբերեցի, որ Նա մեզ ուղորդում է սիրով ու իմաստնությամբ, եթե անգամ թվում է, թե բացահայտորեն խաբում է մեզ, բայց և այնպես ավելի լավ է ընկնել կենդանի Աստծո թակարդը, քան փրկվել մեռած բառերի հավատով:

- 366 –
 Լավ է հետևել Շաստրային, քան սեփական կամքին կամ ցանկությանը, այդպես կարող ես ուժ ձեռք բերել ներսիդ գազանին սանձելու համար: Բայց ավելի լավ է հետևիր Աստծո կամքին, այդպես դու կհասնես կանոնների և սահմանափակումների վրա գերիշխող Նրա բարձրաբերձ գագաթներին:

- 367 –
 Օրենքը տհասների ու ստրկամիտների համար է: Նրանք կշեղվեն ճանապարհից, եթե գլխավերևներում օրենք չլինի: Իսկ դու, Քրիշնայի մեջ ազատագրված նրա տեսանելի, կենդանի լույսն ես, գնա ընկերոջդ ձեռքը բռնած և լուսավորիր ճանապարհը հավերժական Վեդաների կանթեղով:

- 368 –
 Վեդանտան* Աստծո կանթեղն է, նախատեսված առաջնորդելու և ազատագրվելու քեզ ստրկության, եսասիրության խավարից: Երբ Վեդաների լույսով հոգիդ կլուսավորվի, անգամ քեզ էլ անհրաժեշտ չի լինի այդ կանթեղն աստվածային, որովհետև դու կգնաս ազատ և վստահ, պայծառ արեգակի հավերժական լույսերով ողողված:

- 369 –
 Ի՞նչ իմաստ ունի միայն իմանալ: Ասում եմ քեզ. «Գործի՛ր, և եղի՛ր, որովհետև դրա համար է Աստված քեզ այս մարդկային կերպարանքը տվել»:

- 370 - 
 Ի՞նչ իմաստ ունի միայն լինել: Ասում եմ քեզ. «Արարի՛ր կայացումդ, հենց դրա համար ես դու մարդ ստեղծվել այս նյութական աշխարհում»:

- 371 –
 Գործողության ուղին ինչ - որ իմաստով ամենադժվարինն է, Աստվածային եռամիասնության գլխավոր, սյունավոր ճանապարհին: Բայց արդյո՞ք այն չի համարվում, թեկուզև այս նյութական աշխարհում, ամենահեշտը, ամենալայնն ու ամենաուրախը: Քանի որ մենք ամեն պահի հանդիպում ենք Աստված - մշակին և ներաճում ենք Նրա գոյության մեջ աստվածային հազարավոր առնչություններով:

- 372 –
 Ահա թե ինչն է զարմանալի գործողության ճանապարհին: Անգամ Աստծո նկատմամբ թշնամանքը կարող է դառնալ փրկության միջոց: Հաճախ Աստված ավելի արագ է դեպի իրեն գրավում և գերում, երբ Նա կռվում է մեզ հետ ինչպես մեր ոխերիմ, անպարտելի ու անհաշտ թշնամի:

- 373 –
 Ընդունե՞մ մահը, թե՞ ըմբոստանամ նրա դեմ, մարտնչե՞մ նրա հետ ու հաղթե՞մ: Թող լինի այնպես, ինչպես կորոշի Աստված իմ ներսում: Որովհետև ապրեմ թե մեռնեմ, ես միշտ կլինեմ: 

- 374 –
 Ի՞նչ է այն, որին դու մահ ես անվանում: Կարո՞ղ է արդյոք Աստված մահանալ: Ո՜վ մահից սարսափո՛ղ, քեզ մոտ եկել է Կյա՛նքը, հանուն զվարճությունների մահվան տեսք ընդունած, և սարսափի դիմակը հագին:

- 375 –
 Գոյություն ունեն ֆիզիկական անմահության հասնելու եղանակներ, և այդ դեպքում մահը գալիս է մեր կամքով, և ոչ թե Բնության թելադրանքով: Բայց ինչ - որ մեկը կցանկանա՞ արդյոք հարյուր տարի կրել նույն հագուստը կամ դարերով մնալ նույն նեղված կացարանի բնակիչ: 

- 376 –
 Վախն ու տագնապը կամքի խեղաթյուրված էության դրսևորումն է: Դու ինքդ ես կյանքի կոչում այն, ինչից զգուշանում ու ինչի մասին անդադար մտածում ես, մտքումդ անընդհատ նվագելով նույն եղանակը: Որովհետև միտքդ թաքուն ձգտում է նրան, ինչից խորշում է արթուն կամքդ: Եվ այդ Ենթագիտակցական միտքն ավելի հզոր է, լայն և ավելի մեծ հնարավորություն ունի կենսագործելու իր մտածածը, քան քո արթնացած ուժն ու միտքը: Բայց ոգին ավելի ուժեղ է, քան նրանք երկուսը միասին: Ուստի ապաստան գտիր վախից և հույսից ամենազոր Ոգու, անսահման հանգիստ ու անխռով թագավորությունում:

- 377 –
 Աստված այս անսահման աշխարհը ստեղծեց Ինքնաճանաչումով, որը դրսևորվում է ինչպես ինքն իրեն իրացնող Կամքի Ուժ: Նա անգիտությունն օգտագործեց, որպեսզի սահմանափակի իր անսահմանությունը, բայց վախը, հոգնությունը, հուսալքությունը, իր նկատմամբ անվստահություն և թուլություն խրախուսելը, գործիքներ են որոնց օգնությամբ Նա քանդում է Իր իսկ ստեղծածը: Լավ է, երբ նրանք բոլորն էլ ուղղված են քո ներսում թաքնված չարի, ստորության, և անհամաձայնության դեմ, իսկ եթե նրանք ուղղված են կյանքիդ և ուժիդ ակունքների դեմ, հնազանդեցրու և ոչնչացրու նրանց, այլապես կկորչես: 

- 378 –
 Մարդկությունը երկու հզորագույն զենք օգտագործեց իր ուժերն ու ուրախությունները ոչնչացնելու համար, դա սխալ հաճույքն է և ոչ ճիշտ ժուժկալությունը:

- 379 –
 Մենք սխալ ենք թույլ տվել, ու թույլ ենք տալիս, երբ կռապաշտության հիվանդություններից բուժումը փնտրում ենք ճգնակեցության մեջ, իսկ ճգնակեցությունից բուժումը կռապաշտության մեջ: Մենք անվերջ տարուբերվում ենք երկու պատիր հակադրությունների միջև: 

- 380 –
 Խաղերի մեջ պետք չէ չափազանց անհոգ լինել, իսկ կյանքում ու աշխատանքում չափազանց լուրջ: Եվ խաղի, և կյանքի մեջ մենք փնտրում ենք անհոգ ազատություն և լուրջ կարգ ու կանոն: 

- 381 –
 Գրեթե քառասուն տարի, ապրելով բարեկեցության մեջ, ես թույլ առողջություն ունեի, և անվերջ տանջվում էի թեթև ու ծանր հիվանդություններից, սխալմամբ այդ պատուհասն ընդունելով որպես բնության կողմից ինձ տրված բեռ: Երբ ես հրաժարվեցի դեղերից, բոլոր հիվանդությունները հիասթափված ձրիակերների նման սկսեցին լքել իմ մարմինը: Միայն այդժամ ես հասկացա, թե բնությունն ինչ հզոր ուժ է թաքցրել իմ էության մեջ, և թե որքան են Հույսն ու Հավատը բարձր բանականությունից, որը որպես աստվածային օգնություն Աստված է նախատեսել այս մարմնի մեջ կյանքը պահպանելու համար: 

- 382 –
 Նկատի առնելով մեր չհաղթահարվող տգիտությունը ժամանակակից մարդուն անհրաժեշտ է տեխնիկան: Մեր կյանքը հագեցնելով բազմազան ոչ պիտանի հարմարություններով ու տեխնիկական հնարամտություններով, մենք անխուսափելիորեն հրաժարվում ենք Արվեստից և նրա մեթոդներից, քանի որ պարզությունից ու ազատությունից հրաժարվելը նշանակում է հրաժարվել գեղեցկությունից: Շրջապատը, որում ապրում էին մեր նախնիները հարուստ էր, անգամ շքեղ, բայց ոչ երբեք ճչացող:

- 383 –
 Ես չեմ կարող Եվրոպական բարբարոս բարեկեցությունն ու ճչացող լիությունը քաղաքակրթություն անվանել: Մարդիկ, որոնք ոգու ազատություն չունեն, ու իրենց միջավայրը չեն կարողանում բարենորոգել, չի կարելի քաղաքակրթված անվանել:

- 384 –
 Եվրոպայի ազդեցության տակ ժամանակակից արվեստը դարձավ կյանքի անպիտան հավելված կամ խղճուկ սպասարկուն, թեև պետք է որ լիներ նրա գլխավոր կառավարիչն ու անփոխարինելի կարգադրիչը:

- 385 –
 Հիվանդությունն առանց պատճառի ձգձգվում ու ավելի հաճախ է մահվան պատճառ դառնում, քան այն իրապես անխուսափելի էր, որովհետև հիվանդի միտքը կենտրոնանում է մարմնական հիվանդության վրա, դրանով իսկ սնելով նրան:

- 386 –
 Բժշկագիտությունը մարդկության համար ավելի շուտ անեծք դարձավ, քան օրհնություն: Այն կանխեց համաճարակների նախկին ուժը և հայտնագործեց հրաշագործ վիրաբուժությունը: Բայց միաժամանակ մարդու մեջ թուլացրեց բնական առողջությունը, բազմապատկելով հիվանդությունների թիվը: Այն վախ և կախվածության զգացում մտցրեց մարդու մտքի և մարմնի մեջ: Այն մեր օրգանիզմին սովորեցրեց չվստահել բնական առողջությանը, այլ անհուսալի հենարաններ փնտրել սրտխառնուք առաջացնող դեղուդարմաններում:

- 387 –
 Բժիշկը դեղն ուղղում է հիվանդության դեմ: Երբեմն այն հասնում է իր նպատակին, իսկ երբեմն վրիպում: Մենք վրիպումները չենք հաշվում, բայց մեր հիշողություններում խնամքով հավաքում և պահպանում ենք նշանակետին հասածները, որպեսզի նրանց գիտություն կոչվող համակարգը բերենք:

- 388 - 
 Մենք ծաղրում ենք վայրենու կույր հավատը հեքիմի հանդեպ: Բայց մի՞թե բժիշկների հանդեպ պակաս սնահավատ է քաղաքակիրթ մարդը: Վայրենին համոզվում է, որ որոշակի աղոթքների կրկնությունը հիվանդություններից հաճախ բուժում է իրեն: Նա հավատում է դրան: Քաղաքակիրթ այցելուն համոզվում է, որ որոշակի դեղամիջոցի ընդունումը հաճախ բուժում է որոշակի հիվանդություններից: Նա հավատում է դրան: Այսպիսով ո՞րն է նրանց տարբերությունը: 

- 389 –
 Հյուսիսային Հնդկաստանի ջերմախտով տառապող հովիվը, մեկ կամ երկու ժամ նստելով գետի սառը ջրի մեջ, այնտեղից դուրս է գալիս բուժված ու առողջ: Կրթված մարդն այդ անելով կմեռնի, բայց ոչ նրա համար, որ բնության դեղամիջոցը մեկին բուժում և սպանում է մյուսին, այլ որովհետև միտքն ամենամահացու կերպով մեր մարմիններում ամրագրել է կեղծ սովորություններ: 

- 390 –
 Բուժում է ոչ այնքան դեղը, որքան բժշկի և դեղի նկատմամբ հիվանդի հավատը: Եվ առաջինը և երկրորդը սեփական ուժերի նկատմամբ հիվանդի ունեցած բնական հավատի կոպիտ փոխարինողներ են, որոնք ինքն է ոչնչացրել: 

- 391 –
 Մարդկությունն ավելի առողջ եղել է այն ժամանակներում, երբ բժշկությունը շատ ավելի քիչ նյութական և բուժական միջոցներ ուներ: 

- 392 –
 Ամենաառողջ և ուժեղ ցեղերը, որ պահպանվել են Երկրի վրա, աֆրիկյան վայրի բնիկներն են: Բայց արդյոք այդպիսին կմնա՞ն, երբ նրանց ֆիզիկական գիտակցությունը քաղաքակրթության հետ շփման պատճառով ենթարկվի խեղաթյուրման:

- 393 –
 Հիվանդությունների բուժման և կանխարգելման համար մենք պետք է դիմենք մեր մեջ թաքնված աստվածային առողջությանը: Բայց Հալենը, Հիպոկրատը և նրանց նմանները մեզ դեղամիջոցների մի ամբողջ զինանոց և լատինական բանդագուշանք նվիրեցին իբրև մարմնական առողջության Աստվածաշունչ:

- 394 –
 Բժշկագիտությունը գործում է լավագույն նկատառումներից ելնելով, իսկ այն գործնականում իրականացնողները իրոք բարեգութ են, հաճախ պատրաստ նաև ինքնազոհողության, բայց ե՞րբ են բարի մտադրությունները խանգարել տգետներին՝ չարիք չգործելու:

- 395 –
 Եթե անգամ բոլոր բժշկական միջոցները իրականում ու իրենց բնույթով լինեին գործող, իսկ բոլոր բժշկական տեսությունները՝ ճշմարիտ, մի՞թե մենք ավելի հեշտ կտանեինք բնական առողջության և կենսուժի կորուստը: «Անչարը», որը մահ է բերում իր տակ քնած մարդկանց, առողջ ծառ է իր բոլոր մասերով, բայց և այնպես մահաբեր է նա:

- 396 –
 Մեր մեջ ամփոփված ոգին է իրեն հնազանդ մարմնի ամենահզոր բուժարարը և իրական համադարման տվողը:

- 397 –
 Մեր ներսում թաքնված Աստված, ինքն իրեն իրականացնող անսահման Կամքն է: Կարո՞ղ ես արդյոք մահվան վախից ազատագրված, Նրան ներկայացնել, բայց ոչ փորձնական, այլ հանգիստ և բացարձակ հավատով, քո բոլոր հիվանդությունները: Վերջ ի վերջո դու կտեսնես, որ իր արվեստում Նա կգերազանցի միլիոնավոր բժիշկների:

- 398 –
 Նախազգուշական հազարավոր միջոցներով պաշտպանված առողջությունն է բժշկի կտակարանը, բայց այդ կտակարանը ո՛չ Աստծուց է, ո՛չ Բնությունից: 

- 399 –
 Ինչ - որ ժամանակ մարդը տիրապետել է բնական առողջությանը, և հիվանդության դեպքում միշտ կարողացել է վերադառնալ այդ բնական վիճակին: Այժմ Բժշկագիտությունը մեր օրգանիզմը լցնում է անքանակ դեղերով, և խեղում է մեր երևակայությունը ամենուրեք վխտացող միկրոբների զորքերի առասպելներով:

- 400 –
 Լավ է մեռնել ու վերջակետ դնել դրանով, քան կյանքը մշտապես անցկացնել միկրոբների առասպելական զորքերի հարձակումներից պաշտպանվելով: Եթե նման տեսակետը ինչ - որ մեկին կթվա բարբարոս ու անկիրթ, ես հաճույքով կնդունեմ իմ կիմերիական խավարը: 

- 401 –
 Վիրաբույժները փրկում և բժշկում են կտրելով և հաշմելով: Ավելի լավ չէ՞ փորձել հենց Բնության մեջ զորավոր բուժիչ միջոցներ գտնել:

- 402 –
 Հավանական է, ինքնաբուժումը դեռ շուտ չի գա փոխարինելու բժշկությանը: Դրա պատճառը վախն է, ինքն իրեն չհավատալը և դեղերից ֆիզիկական, անբնական կախվածությունը, որին Բժշկագիտությունը սովորեցրեց մեր միտքն ու մարմինը, դարձնելով այն մեր երկրորդ բնությունը: 

- 403 –
 Հիվանդությունների ժամանակ դեղերը մեզ անհրաժեշտ են միայն նրա համար, որ մեր մարմինները սովորել են այդ դեղամիջոցներով ապրելու արվեստին: Բայց անգամ այդ դեպքում մենք հաճախ տեսնում ենք, որ Բնությունն առողջացնելու համար այն պահն է ընտրում, երբ բժիշկները կորցնում են կյանքը փրկելու բոլոր հույսերը:

- 404 –
 Մեր առողջացնելու ուժի նկատմամբ անվստահությունը գալիս է դրախտից ֆիզիկապես արտաքսվելուց: Բժշկագիտությունը և վատ ժառանգականությունը Աստծո երկու հրեշտակներն են, որոնք կանգնած են նրա դարպասների առաջ, մեզ թույլ չտալով վերադառնալ և կրկին մուտք գործել այնտեղ: 

- 405 –
 Բժշկագիտությունը մարդկային մարմնի հանդեպ նման է մեծ Տերության, որը փոքրիկ Պետությանը թուլացնում է իր հովանավորությամբ կամ նմանվում է բարեհաճ ավազակի, որը զոհին ցած գլորելով մահու չափ ծեծում է, որպեսզի հետո իր կյանքը նվիրաբերի նրա հաշմված մարմինը բուժելու համար: 

- 406 –
 Հաճախ դեղերը բուժում են, երբ ոչ միայն գրգռում և թունավորում են մարմինը, այլ երբ հիվանդության վրա նրանց ֆիզիկական ներգործությունը ամրապնդված է ոգու ուժով: Եթե այդ ուժին ազատ գործելու հնարավորություն ընձեռնվեր, դեղամիջոցները նույն պահին ավելորդ կդառնային:

- 407 –
 Ես Բհակտա* չեմ, որովհետև աշխարհից չեմ հրաժարվել հանուն Աստծո: Կարո՞ղ եմ արդյոք հրաժարվել այն բանից, ինչը Նա ինձանից խլել է ուժով, իսկ հետո վերադարձնում է իմ կամքին հակառակ: Դա չափազանց դժվար է ինձ համար:

- 408 –
 Ես Բհակտա չեմ, ես Ջանյանի* չեմ, ես Աստծո աշխատողը չեմ: Այդ դեպքում ո՞վ եմ: Գործի՞ք իմ Տիրակալի ձեռքերին, շվի՞, աստվածային Հովվի շուրթերին, թե՞ Աստծո շնչից քշվող տերև:

- 409 –
 Աստծո հանդեպ անձնվեր սերը կատարելության չի հասնում, քանի դեռ չի դարձել գործողություն և իմացություն: Եթե հետապնդում ես Աստծուն ու արդեն հասնում ես Նրան, բաց մի թող քանի դեռ ամբողջությամբ չես տիրապետում Նրա իրականությանը: Եթե դու տիրապետես Նրա իրականությանը, հետևողականորեն ձգտիր տիրել այն ամբողջապես, Իր ողջ լիությամբ: Նրա իրական ներկայությունը քեզ աստվածային իմացություն կպարգևի, Նրա լիակատարությունը քեզ աստվածային վարձատրություն կբերի և ազատ, կատարյալ երջանկություն ողջ տիեզերքում:

- 410 –
 Ոմանք հպարտանում են Աստծո նկատմամբ ունեցած սիրով: Իսկ ես հպարտանում եմ նրանով, որ չեմ սիրել Աստծուն: Այդ Նա է ինձ գտել իր սիրով, և ստիպել Իրեն պատկանել:

- 411 –
 Տեսնելով, որ Աստված կին է, ես միայն աղոտ պատկերացում կազմեցի սիրո մասին: Եվ միայն երբ ինքս այդպիսին դարձա ու ծառայեցի իմ Տիրոջն ու Սիրեցյալին, այդժամ ամբողջությամբ ճանաչեցի Սերը:

- 412 –
 Անհավատարիմ լինել Աստծուն, ահա մեծագույն գաղտնածիսությունը, հանուն որի արարվեց աշխարհը:

- 413 –
 Աստծո նկատմամբ ունեցած իրական վախը մեզ բաժանում է Նրանից, իսկ Նրա առաջ վախ խաղալը ուժեղացնում է սքանչանքի զգացողությունը:

- 414 –
 Հրեաները հորինեցին աստվածավախ մարդու, Հնդկաստանը` Աստծուն ճանաչող և սիրող մարդու: 

- 415 –
 Աստծո ծառան ծնվեց Հրեաստանում, բայց հասունության հասավ արաբների մեջ: Հնդկաստանի երջանկությունը սիրող ծառան է:

- 416 –
 Կատարյալ սերը հեռացնում է վախը, բայց ամեն դեպքում վտարված լինելու մասին թեկուզև թեթև հուշի ստվեր պահպանիր, այդ դեպքում կատարելությունն ավելի կատարյալ կդառնա: 

- 417 –
 Քո հոգին Աստծո վայելքն ամբողջությամբ դեռ չի ճաշակել, եթե չի համտեսել նաև Նրա թշնամին լինելու ուրախությունը, ով ընդդիմանում է Նրա մտահղացումներին և մահու կռվի է բռնվում հետը:

- 418 –
 Եթե չես կարող Աստծուն ստիպել քեզ սիրի, ստիպիր Նրան պայքարել հետդ: Եթե Նա քեզ իր սիրող գիրկը չի առնում, հարկադրիր Նրան ըմբիշների գրկախառնություն:

- 419 –
 Հոգիս կռվի մեջ գերեվարված գերին է Աստծո: Բայց մինչև հիմա նա ոգևորությամբ, սրտի բաբախով ու հրճվանքով է հիշում հեռավոր անցյալում մնացած այդ պատերազմը: 

- 420 –
 Այս աշխարհում ամենից շատ ատում էի ցավը, մինչև Աստված ինձ չստիպեց տանջվել և տառապել: Այդ ժամանակ հասկացա, որ ցավը ընդամենը բարձրագույն հաճույքի կամայական և խեղաթյուրված դրսևորում է:

- 421 –
 Աստված մեզ չորս տիպի ցավ է ուղարկում: Պարզապես ցավ, հաճույք պատճառող ցավ, ցավ, որը հենց ինքը հաճույքն է, և մաքրամաքուր խելահեղ սքանչացում:

- 422 –
 Եթե անգամ բարձրանում ես երանության այնպիսի աստիճանի, ուր ցավն անհետանում է, այն միևնույն է գոյություն ունի, վերափոխված անզուսպ սքանչանքի: 

- 423 –
 Բարձրանալով Նրա ուրախության ավելի ու ավելի բաձրաբերձ գագաթներ, ես ինձ հարց տվեցի, կա՞ արդյոք աճող երանությանը սահման և սկսեցի անգամ վախենալ Աստծո գրկախառնությունից:

- 424 –
 Աստծո հանդեպ սիրուց հետո բարձրագույն հրճվանք է բերում Աստծո նկատմամբ տածած սերը մարդկանց մեջ: Այն բացի եղածից սիրո ուրախություն է պարգևում շատերի նկատմամբ:

- 425 –
 Հնարավոր է մարմնի համար ավելի լավ է միամուսնությունը, բայց մարդկանց մեջ Աստված սիրող հոգին մշտապես ներկա է այս աշխարհում որպես ոչնչով չշղթայված, բոլորին իր գիրկն առնող հիացած սիրահար: Եվ այնուամենայնիվ հենց սրանում է ամբողջ գաղտնիքը, նա ամենուր միայն մեկ ու միակին է սիրում:

- 426 –
 Ողջ աշխարհն իմ հարեմն է, իսկ նրանում գտնվող ամեն կենդանի էակ ու անշունչ առարկա իմ ցնծության աղբյուրը:

- 427 –
 Մի ժամանակ չգիտեի ո՞ւմ եմ ավելի շատ սիրում, Քրի՞շնային, թե՞ Քալիին: Քալիին սիրելով ինքս ինձ էի սիրում, բայց Քրիշնային սիրելով ես սիրում էի ուրիշին, թեպետ ի վերջո նրանում ես իմ եսն էի սիրում: Ահա թե ինչու ես Քրիշնային ավելի շատ սիրեցի քան Քալիին:

- 428 –
 Ի՞նչ իմաստ ունի Բնությամբ հիանալ կամ երկրպագել Նրան որպես Աստծո Ուժ, Ներկայություն ու Դիցուհի: Եվ այդ հիացումը ի՞նչ գեղարվեստական կամ էսթետիկական հաճույք ունի: Գաղտնիքն այն է, որ հոգին այնպիսի հաճույք ստանա Բնությունից, ինչպիսին մարմինն է ստանում կնոջից:

- 429 –
 Երբ բացվում են սրտի աչքերը, Բնությունը, Միտքն ու Գործողությունը, գաղափարները, զբաղմունքները, ճաշակները, առարկաները, ամեն ինչ դառնում է Սիրելի և ծառայում սքանչանքի աղբյուր:

- 430 –
 Փիլիսոփաները մերժելով աշխարհը որպես Մայա, չափազանց իմաստուն են, խիստ և սուրբ, բայց հաճախ ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ նրանք մասամբ հիմար են և շատ հեշտությամբ թույլ տվեցին Աստծուն խաբել իրենց:

- 431 –
 Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ կարծիքով ես իրավունք ունեմ պնդելու, որպեսզի Աստված այս աշխարհում Իրեն պարգևի ինձ այնպես, ինչպես որ այս աշխարհից դուրս: Այլապես Նա ինչո՞ւ արարեց այս աշխարհը, եթե ցանկանում է հրաժարվել այդ պարտականությունից:

- 432 –
 Մայավադինն ասում էր, որ իմ Անձնական Աստված ցնորք է, և նախընտրում էր երազել դիմազուրկ Էության մասին: Բուդդհիստն այդ էլ է մերժում, որպես հորինվածք, նախընտրելով անրջել Նիրվանայի և երանելի ոչնչի մասին: Այսպիսով այս երազողներից ամեն մեկը սկզբունքորեն մերժում է մյուսի տեսակետը, իրենը ներկայացնելով որպես համադարման: Հետևաբար այն ինչի մեջ հոգին բարձրագույն հրճվանք է ապրում, դառնում է մտքի համար բացարձակ իրականություն:

- 433 –
 Անձից դուրս Մայավադինը տեսնում է աննկարագրելի Գոյություն: Ես հետևելով նրան Անձի սահմաններից դուրս, այնտեղ, աննկարագրելի Անձնավորության մեջ գտա իմ Քրիշնային:

- 434 –
 Երբ առաջին անգամ Քրիշնային տեսա, սիրեցի Նրան ինչպես խաղընկերոջ ու բարեկամի մինչև Նա չխաբեց ինձ: Այդ ժամանակ ես զայրացա և չներեցի Նրան: Այնուհետև Նրան սիրեցի ինչպես իմ սիրեցյալին, բայց Նա դարձյալ ինձ խաբեց: Ես նորից զայրացա և ավելի շատ քան առաջ, բայց այս անգամ ստիպված էի ներել Նրան:

- 435 –
 Ինձ վիրավորելով, Նա ինձ ստիպեց ներել Իրեն, ոչ նրա համար, որ ընդունեց իր մեղքը, այլ որովհետև դարձյալ ինձ վիրավորեց: 

- 436 - 
 Մինչ Աստված կփորձեր ներում ձեռք բերել ինձ հասցրած վիրավորանքի համար, մենք անդադար վիճում էինք: Երբ Նա հասկացավ իր սխալը, վեճերը դադարեցին, որովհետև ես ստիպված էի ամբողջովին ենթարկվել Նրան:

- 437 –
 Քանի աշխարհում ես տեսա ինձնից ու Քրիշնայից բացի ևս մեկին, ես լռեցի ամեն ինչի մասին, որը կատարվել էր հետս Աստծո կամքով: Բայց այն պահից, երբ ես սկսեցի ամենուր միայն Նրան տեսնել ու ինձ, ես մոռացա ամոթի մասին և կնիքն իմ շուրթերից ցած ընկավ: 

- 438 –
 Այն ամենն ինչ ունի իմ Սիրելին, պատկանում է ինձ: Արդ ինչո՞ւ եք ինձ նախատում զարդարանքներովս հպարտանալու համար, որոնք Նա է ինձ նվիրել:

- 439 –
 Իմ Սիրելին հանեց իր թագն ու թագավորական մանյակը և ինձ բաժին արեց: Բայց սրբերի և մարգարեների հետևորդները նախատում էին ինձ ու ասում. «Նա ընկել է սիդդխերի* ետևից»:

- 440 –
 Ես աշխարհում կատարում էի իմ Սիրեցյալի հրամանն ու ինձ Գերողի կամքը: Բայց նրանք աղաղակում էին. « Սա ի՜նչ երիտասարդներ այլասերող և բարքերը խռովող է»:

- 441 –
 Եթե ես ձեր գովեստները փնտրեի, ո՜վ սրբեր, եթե վախենայի կորցնել իմ բարի անունը, ո՜վ դուք մարգարեներ, իմ Սիրելին երբեք թույլ չէր տա Իրեն մոտենալ, ու ինձ ազատություն չէր պարգևի Իր սրբազան թագավորությունում:

- 442 –
 Իմ Սիրեցյալի հրճվանքից արբած, ես հենց աշխարհի մարդաշատ խաչմերուկներում իմ վրայից դեն նետեցի աշխարհիկ հանդերձները: Իմ ի՞նչ գործն է աշխարհիկ մարդկանց քմծիծաղն ու նողկանքը փարիսեցիների:
- 443 –
 Քեզ սիրողի համար, օ՜, Աստվա՛ծ, աշխարհի պարսավանքները նման են վայրի մեղրի, իսկ ամբոխից թռչող քարե կարկուտը` ամառային անձրևի: Որովհետև արդյոք Դո՞ւ չես, որ հայհոյում և քարեր ես նետում, Դո՞ւ չէ, որ ներկա ես քարերի մեջ, որոնք ինձ խոցում ու ցավ են պատճառում:

- 444 –
 Մարդիկ Աստծո մեջ չարիք են համարում այն, ինչն իրենք կամ չեն կարողանում հասկանալ կամ սխալ են հասկանում, և ձեռք բերելով սխալ են օգտագործում: Նրանք բարություն և սրբություն են անվանում միայն այն, ինչը անհուսորեն փնտրում են խավարում և ինչի մասին աղոտ պատկերացում ունեն: Իսկ ես Նրա մեջ սիրում եմ ամեն ինչ:

- 445 –
 Նրանք ինձ խելագար են անվանում, ո՜վ իմ Աստված, որովհետև ես Քո մեջ թերություն չեմ տեսնում: Բայց եթե ես իրականում էլ Քո սիրուց խելազուրկ լինեմ, ապա չեմ ցանկանա նորից խելամիտ դառնալ:

- 446 –
 «Սխալնե՛ր, մոլորություննե՛ր, փորձություննե՛ր», - գոռում են նրանք: Ինչ փայլուն ու հիասքանչ են Քո սխալները, օ՜ Աստված: Քո մոլորությունները կենդանի են պահում ճշմարտությունը, իսկ քո փորձություններով կատարելագործվում է աշխարհը:

- 447 –
 «Կյա՜նք, կյա՜նք, կյա՜նք», - լսում եմ կրքի աղաղակները: «Աստվա՜ծ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ», պատասխանում է հոգին: Մինչև դու չտեսնես և չսիրես Կյանքը ինչպես եզակի Աստծո, Կյանքի ուրախությունը քեզ համար անհասանելի կմնա:

- 448 –
 «Նա սիրում է նրան», - ասում են զգացմունքները, իսկ հոգին ասում է, - «Աստվա՜ծ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ»: Ահա գոյության համընդհանուր բանաձևը: 

- 449 –
 Եթե դու ի զորու չես սիրել ամենագարշելի որդին ու ամենազազրելի հանցագործին, ինչպե՞ս կարող ես կարծել, թե Աստծուն ընդունել ես քո ոգու տանը:

- 450 –
 Սիրել Աստծուն, մերժելով աշխարհը, կնշանակի կատարել ջերմեռանդ, բայց անկատար երկրպագություն:

- 451 –
 Մի՞թե սերը, միայն խանդի կինն ու ծառան է: Եթե Քրիշնան սիրում է Չանդրաբալիին*, իսկ ինչո՞ւ ես չպետք է սիրեմ նրան:

- 452 –
 Դու սիրում ես միայն Աստծուն և դրա համար հակված ես նախապատվությունը տալ Նրա սիրուն: Բայց դա կեղծ հավակնություն է հակասող ճշմարտությանն ու բնական ընթացքին: Որովհետև Նա Միակն է, իսկ քո նմանները՝ շատ: Ուստի ավելի լավ է հոգով և սրտով միավորվիր բոլոր էակներին, ու այդ ժամանակ աշխարհում կմնաս միայն դու, ում Նա կարող է սիրել:
- 453 –
 Ես վիճում եմ այն մարդկանց հետ, որոնք այնքան հիմար են, որ չեն սիրում իմ Սիրեցյալին, և ոչ նրանց, ովքեր ինձ հետ կիսում են Նրա սերը:

- 454 –
 Ուրախացիր նրա հետ, ում Աստված սիրում է, և խղճա նրանց, որոնց Նա առերես ատում է:

- 455 –
 Դու արհամարում ես անաստվածին նրա համար, որ նա Աստծուն չի՞ սիրում: Այդ դեպքում դու էլ արժանի չես սիրո, որովհետև քո սերն առ Աստված կատարյալ չէ:

- 456 –
 Կա մի բան, որով կրոններն ու եկեղեցիները իրենց տալիս են սատանայի իշխանությանը, դա նրանց նզովքն է: Երբ եկեղեցու սպասավորը երգում է. «Անեծք Մարանաֆին», ես լսում եմ սատանայապաշտի աղոթքը:

- 457 –
 Երբ հոգևորականը անիծում է, նա անտարակույս աղերսում է Աստծուն, բայց դա բարկության և խավարի Աստվածն է, ում տրվում են ինքն ու իր անեծքը: Որովհետև ինչպես ինքն է մոտենում Աստծուն, այդպես էլ Աստված ընդունում է նրան:

- 458 –
 Սատանան ինձ սաստիկ ձանձրացրեց, մինչև չհասկացա, որ այդ Աստված է ինձ փորձում: Այդժամ տառապանքները ընդմիշտ հեռացան ինձանից:

- 459 –
 Ես ատում էի սատանային, և ինձ մահու չափ զզվեցրել էին նրա գայթակղություններն ու տանջանքները: Եվ չէի կարողանում հասկանալ, ինչու էին նրա հրաժեշտի խոսքերը այնքան քաղցրաձայն, որ երբ նա կրկին վերադառնում ու իր ծառայությունն էր առաջարկում, ես ափսոսանքով էի նրան մերժում: Այնուհետև հասկացա, որ այդ Քրիշնայի խաղերն են, ու իմ ատելությունը փոխվեց ծիծաղի: 

- 460 –
 Նրանք չարի գոյությունը բացատրեցին նրանով, որ Սատանան ուժեղ է Աստծուց: Բայց ես ավելի մեծ կարծիք ունեմ իմ Սիրեցյալի մասին: Ես հավատում եմ, որ աշխարհում առանց Աստծո բարձր կամքի ոչինչ չի կատարվում ո՛չ Դրախտում, ո՛չ դժոխքում, ո՛չ ջրերում:

- 461 –
 Մեր անգիտության մեջ մենք նման ենք երեխաների, որոնք հպարտանում են առանց որևէ մեկի օգնության քայլելու կարողությամբ և շատ հիացած են իրենց հաջողությամբ, որպեսզի զգան մայրական ձեռքի ներկայությունը թիկունքին: Բայց երբ մենք արթնանում ենք, ետ նայելով տեսնում ենք, որ Աստված միշտ ուղեկցել և աջակցել է մեզ: 

- 462 –
 Սկզբում, ամեն անգամ մեղքի կեղտոտ ճահիճն ընկնելիս, լաց էի լինում, չարանում իմ ու Աստծո վրա այդ տառապանքների համար: Հետագայում համարձակությունս հերիքում էր այնքանով, որպեսզի հարցնեմ. «Ընկեր ջան, ինչո՞ւ ինձ դարձյալ ցեխը գցեցիր»: Ավելի ուշ այդ խոսքերն էլ շատ խիստ ու ինքնավստահ թվացին, ու ինձ մնաց միայն լուռ վեր կենալ, խեթ նայել Նրան, և հագուստներս թափ տալ:
- 463 –
 Աստված այնպես է ստեղծել կյանքը, որ աշխարհը հոգու ամուսինն է, իսկ Քրիշնան նրա աստվածային սիրեկանը: Աշխարհի հետ մեզ կապում է ծառայելու պարտքը, օրենքի կապանքները, անվիճելի հասարակական կարծիքը և սովորական ցավի ու հաճույքի ապրումները: Սակայն մեր սրտի երկրպագությունն ու մեր ազատ և գաղտնի ուրախությունը նվիրված են մեր Սիրեցյալին: 

- 464 –
 Աստծո ուրախությունը սրբազան ու հիասքանչ է: Այն գաղտնիք է և հիացմունք, որի վրա արհամարհանքով ծիծաղում էր առողջ դատողությունը: Բայց հոգին, որը գեթ մեկ անգամ ճաշակել է այդ երջանկությունը, արդեն նրանից չի հրաժարվի, ինչպիսի վատ համբավ, տանջանք ու անհաջողություն իր հանդեպ այն բերի: 

- 465 –
 Աստված Աշխարհի Հոգևոր ուսուցիչն է և քո գիտակցությունից ավելի իմաստուն է: Ապավինիր Նրան և ոչ թե այդ ինքնահավան թերահավատին, ով հավերժ զբաղված է ինքն իրենով:

- 466 –
 Թերահավատ միտքը միշտ կասկածում է, քանի որ անկարող է հասկանալ, բայց հավատը Սիրեցյալ - Աստծո հանդեպ միշտ համառում է ճանաչողության մեջ, թեև անկարող է հասկանալ: Մեր խավարի մեջ մեզ և՝ միտք է անհրաժեշտ, և՝ հավատ, իսկ թե նրանցից ով է ավելի ուժեղ, միանգամայն պարզ է: Մի գեղեցիկ օր ես կկարողանամ հասկանալ ինձ համար այսօր դեռևս անհասանելին, բայց հավատն ու սերը կորցնելով ես ամբողջովին կհեռանամ Աստծո կողմից նախատեսված նպատակից:

- 467 –
 Ես կարող եմ դիմել Աստծուն` ինձ ուղեկցողին ու ուսուցչին, և հարցնել. «Ես ճի՞շտ եմ, թե՞ Դու քո սիրով ու իմաստնությամբ բանականությանս թույլ տվեցիր խաբել ինձ»: Կասկածիր սեփական մտքիդ վրա, բայց ոչ մի դեպքում մի կասկածիր Աստծո առաջնորդությանը:

- 468 –
 Ամենասկզբից դու Աստծո մասին ոչ լիարժեք պատկերացում ես ստացել, ահա թե ինչու այժմ եռում ես զայրույթից և մերժում Նրան: Ո՜վ մա՛րդ, կկասկածե՞ս արդյոք քո ուսուցչին, այն բանի համար, որ նա միանգամից ողջ գիտելիքը քեզ չի տվել: Ավելի լավ է հասկացիր դեռևս ոչ լիակատար ճշմարտությունը և նրան համապատասխան տեղ հատկացրու, որպեսզի առանց վտանգների անցնես ավելի լայն իմացության, որն այժմ բացվում է քո առաջ: 

- 469 –
 Աստված այսպես է իր սիրույն սովորեցնում երեխայի և թույլի հոգիները: Նա քայլ առ քայլ նրանց առաջ է տանում, թաքցնելով իր բարձրաբերձ ու դեռևս նրանց համար անհասանելի բարձունքները: Բայց մեզնից ամեն մեկն արդյոք չո՞ւնի որևէ թուլություն: Եվ մի՞թե մենք բոլորս էլ Նրա աչքին փոքրիկ երեխաներ չենք:

- 470 –
 Եվ ես տեսա, որ այն ամենն, ինչ Աստված թաքցրել էր ինձանից, թաքցրել էր Իր սիրո և իմաստնության մեջ: Եթե ես կարողանայի առաջ անցնել ինձ տրված ժամանակից, մեծագույն բարիքն ինձ համար կարող է փոխվել դառը թույնի: Բայց և շատ հաճախ, մեր իսկ խնդրանքով, Նա մեզ տալիս է խմելու՝ այդ թույնը, որպեսզի մենք սովորենք երես շրջել նրանից ու իմացությամբ համտեսենք Նրա ամրոսն* ու նեկտարը:
- 471 –
 Անգամ աթեիստը մեր օրերում պետք է տեսնի, որ ամբողջ արարչագործությունը մոտենում է ինչ - որ անսահման և մեծ նպատակի, որին էվոլյուցիան մտադրվել է տանել իր բնությամբ: Բայց անվերջանալի նպատակը և նրա իրականացումը ենթադրում են անսահման իմաստնություն, որը նախապատրաստում, ուղղորդում և ներդաշնության է տանում, պահպանելով ու իմաստավորելով այն: Ընթերցիր այդ Իմաստնությունը և ծառայիր նրան քո մտքով, եթե եկեղեցում ոչ՝ ակնածանքով, եթե անգամ հոգում, նրանում չես տեսնում սիրտ՝ լցված անսահման սիրով և միտք՝ լի անվերջանալի փայլատակումներով և անգամ այդ ժամանակ ինքդ անտեղյակ դու ամեն դեպքում կխոնարհվես և կծառայես Քրիշնային: 

- 472 –
 Սիրո Աստվածն ասաց. « Անճանաչելիի ու Աննկարգրելիի ետևից գնացողները գալիս են Իմ ետևից և Ես ընդունում եմ նրանց»: Այս բառերով Նա արդարեցրեց պատրանքային արվեստի և ագնոստիցիզմի հետևորդին: Ո՜վ Աստծո նվիրյալ, այդ դեպքում ինչի՞ համար ես հարձակվում նրանց վրա, ում ընդունում է քո Տերը: 

- 473 –
 Կալվինը, որ պնդում էր հավերժական դժոխքի գոյությունը, Աստծուն չճանաչեց, բայց Նրա դաժան դիմակներից մեկը ներկայացրեց որպես Նրա հավերժական իրողություն: Եթե անվերջանալի Դժոխքը գոյություն ունենար, ապա միայն որպես անվերջանալի երանության ապաստան, որովհետև Աստված Անանդան է և նրանում չկա այլ հավերժություն, քան Նրա երանության հավերժությունը:

- 474 –
 Երբ Դանթեն ասաց, որ Աստծո կատարյալ սերը ստեղծեց հավերժական Դժոխք, ըստ ամենայնի նա ավելի մեծ իմաստնություն գտավ քան ինքն էր հասկանում: Որովհետև պատահական պայծառացումներն ինձ մղեցին Դժոխքի գոյության մտքին, որտեղ մեր հոգիները անզուսպ էքստազի փուլեր են ապրում ու ասես հավերժորեն թաղվում Ռուդրայի* լայն բացված քնքուշ ու սարսափելի գիրկը: 

- 475 –
 Աշակերտել Յոգ - Ուսուցչին, որդեգրվել Հայր - Աստծուն, զգալ աստվածային Մոր քնքշանքը, աստվածային Ընկերոջ ձեռքսեղմումը, մեր Խաղընկերոջ ծիծաղն ու զվարճանքը, երանելի ծառայությունը Տիրակալ Աստծուն, զմայլուն սերը աստվածային Սիրեցյալին, ահա այս մարմնում մարդուն հասանելի բարձրագույն հրճվանքների յոթ տեսակները: Կարո՞ղ ես նրանց բոլորին միաձուլել որպես բարձրագույն ամբողջություն, ծիածանի բոլոր գույներով շողշողացող: Այդ դեպքում ոչ մի երկնքի կարիք չես ունենա և ավելի ազատ կլինես, քան Ադվայտայի հետևորդը:

- 476 –
 Այս աշխարհը ե՞րբ կվերափոխվի, կնմանվի երկնքին: Այն ժամանակ, երբ մարդիկ երեխաներ կդառնան` տղաներ ու աղջիկներ և Աստծո հետ միասին, Քրիշնայի և Քալիի մարմնավորումներով, ամենաուրախ տղայի ու ամենաուժեղ աղջկա նման, կխաղան դրախտային այգիներում: Հին հրեաների Դրախտը ամենևին վատը չէր, բայց ահա Ադամն ու Եվան չափազանց հասուն էին, իսկ նրանց Աստված չափազանց ծեր էր, խիստ և պաշտոնական, որպեսզի նրանք կարողանային դիմակայել Օձի գայթակղությանը:

- 477 –
 Հրեաները մարդկությանը փաթաթեցին Աստծո իրենց պատկերացումը, որպես դաժան ու հզոր տիրակալի, և ուրախությանը խորթ, անողոք դատավորի: Իսկ մենք Քրիշնային տեսնելով, նրան գիտենք որպես երեխայի խաղին սիրահար և ուրախ քրքջացող խենթի: 

- 478 –
 Աստված, ով ժպտալ չգիտի, չէր կարող արարել այս զվարճալի տիեզերքը:

- 479 –
 Աստված վերցրեց երեխային, որպեսզի նրան գուրգուրի Իր երանության օրորոցում, բայց մայրը լաց էր լինում անմխիթար, որովհետև իր համար երեխան մահացել էր:

- 480 –
 Երբ ցավ եմ զգում, թախիծ կամ ողբերգություն, ես ասում եմ. «Դե ի՞նչ, Ծերուկ, դու դարձյալ փորձում ես ինձ վախեցնել»: Եվ սկսում եմ ցավից հաճույք կորզել, վշտից` ուրախություն և ողբերգությունից` երջանկություն: Այդ ժամանակ, երբ Նա տեսնում է, որ բացահայտված է, ինձնից հեռացնում է իր ուրվականներին և խրտվիլակներին: 

- 481 - 
 Աստվածային գիտություն փնտրողը Քրիշնայի պատմության մեջ, տեսնում է հագուստներ գողացող հովիվ - աղջկա:Այն Աստծո հետ հոգու հարաբերության խոր ու իմաստալից ասքերից մեկն է: Աստծուն նվիրված մարդը, աստվածային ուժ է, որում կատարյալ արտահայտություն են գտնում նրա սրտի միստիկական զգացումները: Իսկ անառակությունն ու մաքրակրոնությունը նույն մեդալի երկու կողմերն են, պարզապես թեթևամիտ պատմություն: Սուրբ Գրվածքներում մարդիկ տեսնում են միայն սեփական ներաշխարհի արտացոլումը:

- 482 –
 Իմ սիրելին հանեց վրայիցս մեղքի ծածկոցը, և ես հաճույքով թույլ տվեցի, որ այն ցած ընկնի: Հետո նա ձգեց ծածկոցը առաքինության, բայց ես ամաչեցի, վախեցա և դիմադրեցի նրան: Եվ միայն այն ժամանակ, երբ նա ուժով պոկեց դրանք, ես նո՜ր միայն տեսա թե հոգիս ինձնից ինչքան հեռու էր թաքնվել: 

- 483 –
 Մեղքը Կրիշնայի խորամանկությունն ու դիմակն է, երբ նա ցանկանում է թաքնվել առաքինի հայացքից: Դե՛, փարիսեցի՛, մեղավորի մեջ տե՛ս Աստծուն, իսկ սիրտդ մաքրագործող մեղքին, գրկի՛ր եղբոր պես:

- 484 –
 Աստծո նկատմամբ սեր, մարդկանց նկատմամբ ներողամտություն, ահա կատարյալ իմաստնություն տանող առաջին քայլը:

- 485 –
 Անհաջողություններն ու անկատարությունը դատապարտողը կշտամբում է Աստծուն: Նա սահմանափակում է սեփական հոգին ու խաբում սեփական տեսողությանը: Մի դատի՛ր, այլ ճանաչի՛ր Բնությունը, օգնի՛ր եղբայրներիդ, բժշկիր նրանց և զորացրու քո կարեկցանքով նրանց ունակություններն ու քաջությունը:

- 486 –
 Սերը դեպի տղամարդը, կինը, առարկաները, մերձավորները, հայրենիքը, կենդանիները, մարդկությունը, այս բոլորը սեր են առ Աստված, մարմնավորված այդ կենդանի կերպարներում: Ուրեմն, սիրի՛ր և աճի՛ր ոգով, որպեսզի ամեն ինչից բավականություն զգաս, օգնես բոլորին ու հավերժ սիրես:
 
- 487 –
 Եթե աշխարհի ինչ - որ առարկաներ կամ երևույթներ հաստատուն կերպով չեն ենթարկվում վերափոխման կամ ուղղման Աստծո կատարյալ նմանությամբ, ապա կարող ես վերացնել նրանց սրտի քնքշանքով, բայց գործելու հաստատակամությամբ: Միայն սկզբից համոզվիր, որ Աստված քեզ է տվել քո սուրը, և երաշխավորել է առաքելությունդ:

- 488 –
 Ես պետք է իմ մերձավորին սիրեմ ոչ այն պատճառով, որ նա ապրում է մոտերքում, որովհետև ի՞նչ է նշանակում մոտ կամ հեռու, և ոչ այն պատճառով, որ կրոնն է ինձ սովորեցնում նրանում եղբայր տեսնել, որովհետև որտե՞ղ է այդ եղբայրության արմատը, այլ նրա համար, որ նա, այդ ես եմ: «Մերձ» և «Հեռու» հասկացությունները նշանակություն ունեն միայն մարմնի համար, իսկ սիրտը վեր է դրանցից: Եղբայրության կապերը միավորում են արյունակից մարդկանց, հայրենակիցներին, նույն հավատի հետևորդներին կամ ամբողջ մարդկությանը, բայց ի՞նչ է մնում այդ եղբայրությունից, երբ անձնական շահը բարձրագոչ հայտարարում է իր մասին: Միայն այն դեպքում, երբ մենք ապրում ենք Աստծո մեջ և այդ տիեզերական միասնության պատկերով փոխում ենք մեր մտածողությունը, սիրտը և մարմինը, այդժամ իրական է դառնում այդ խորը, անշահախնդիր և հաստատուն սերը:

- 489 –
 Երբ ապրում եմ Քրիշնայի մեջ, անհետանում են «ես» - ն ու անձնական շահը, և միայն Աստված կարող է դատել, որքան խորն ու անսահման է իմ սերը: 

- 490 –
 Քրիշնայի մեջ ապրողի համար անգամ թշնամությունը վերափոխվում է սիրախաղի ու եղբայրական ըմբշամարտի:

- 491 –
 Կյանքը բարձրագույն երանություն ապրած հոգու համար չի կարող չարիք կամ վշտալի պատրանք լինել: Այն ավելի շուտ ամբողջությամբ ներկայանում է սիրո երգեցիկ ելևէջ ու աստվածային Սիրեցյալի ու Ընկերոջ ծիծաղ:

- 492 –
 Դու կարո՞ղ ես Աստծուն տեսնել որպես անմարմին Անվերջություն, բայց և սիրես Նրան, ինչպես տղամարդը կսիրի իր սիրեցյալին: Նշանակում է քո առջև բացվել է Անսահմանության բարձրագույն ճշմարտությունը: Կարո՞ղ ես Անսահմանությունը կերպավորել մի թանկագին մահկանացու մարմնում, և Նրան տեսնել, առանց բացառության, բոլոր տեսանելի և շոշափելի մարմիններում: Նշանակում է, անվերջության ամենալայն ու ամենախորը ճշմարտությունն էլ դարձավ քո սեփականությունը: 

- 493 –
 Աստվածային Սերը դրսևորվում է միաժամանակ երկու ձևով և խաղաղ ու անհուն Օվկիանոսի խորքերում տեղի ունեցող Տիեզերական շարժման մեջ, որը լցնում է ողջ տիեզերքը, իր հավասարաչափ ազդեցությունը թողնելով աշխարհի յուրաքանչյուր առարկայի վրա այնպես, ասես այդ ամենը եղել է նրա հարթ հատակում, և հզոր, լարված ու սքանչահամակ անձնական շարժման մեջ, նույն Օվկիանոսի ծփացող մակերեսին, որը տարբեր բարձրության ու ուժգնության ալիքներ ծնելով ինքն է ընտրում, թե որ առարկան իր ամենակուլ գիրկն առնի, ծածկելով փրփուրների և ցայտող ջրերի համբույրներով: 

- 494 –
 Ես ատում էի ցավը, փախչում նրանից և զայրանում նրա պատճառած տառապանքների համար: Այժմ ես տեսնում եմ, որ եթե չլինեին իմ տառապանքները, ես չէի կարող ձեռք բերել, զարգացնել և կատարելագործել մտքով վերապրելու ընդունակությունը, իսկ սրտով և մարմնով՝ հաճույքը, իր ողջ լիությամբ ու բազմազանությամբ: Վերջ ի վերջո Աստծո գործերը միշտ էլ իմաստ ունեն, եթե անգամ Նա այդ ամենը թաքցնում է ավազակի կամ բռնապետի կերպարի ներքո: 

- 495 - 
 Ես երդվեցի, որ աշխարհի դառնությունները, հիմարությունը, դաժանությունն ու անօրենությունն ինձ չեն կարող ստիպել տառապել, ուստի հաստատակամորեն սիրտս քարի պես կարծրացրի, իսկ միտքս փայլեցրի հանց պողպատ: Ես դադարեցի տանջվել, բայց երջանկությունը լքեց ինձ: Հետո Աստված ջարդեց սիրտս և վերստին միտքս հերկեց: Դաժան, չթուլացող ցավի ու տանջանքների միջով հասա ցավին խորթ երանության վիճակի, իսկ վշտի, զայրույթի և խռովության միջով` դեպի անծայրածիր իմացության և անխռով խաղաղության:

- 496 –
 Երբ հասկացա, որ ցավը հաճույքի հակառակ կողմն է, ու դեպի այն տանող ճանապարհը, սկսեցի դժբախտություններ հավաքել գլխիս և տառապանքս բազմապատկել իմ գոյության բոլոր մասերում: Որովհետև անգամ Աստծո ուղարկած տանջանքները սկսեցին ինձ կարճատև, թույլ ու ոչ - գործուն թվալ: Ու այդժամ իմ Սիրելին ստիպված էր կանգնեցնել ինձ և բացականչել. «Վերջ տուր, իմ խարազանի հարվածները լիովին բավարար են քեզ»:

- 497 –
 Հնում ճգնավորների և ապաշխարող մեղսավորների ինքնախոշտանգումները հիմար խեղաթյուրումներ էին: Բայց միևնույն է, այդ աղճատումների ետևում թաքնված էր սրբազան իմաստնություն:

- 498 –
 Աստված մեր իմաստուն և կատարյալ Բարեկամն է, որովհետև գիտի՝ երբ մեզ խոցի, և երբ փաղաքշի, երբ սպանի ու երբ փրկի և պաշտպանի:

- 499 –
 Համայն արարածների աստվածային Բարեկամն իր ընկերասիրությունը թաքցնում է թշնամու դիմակի տակ, մինչև մեզ դրախտային երանության չպատրաստի: Ու այդժամ ինչպես Քուրուքշետրայի դաշտում, պատերազմի, տառապանքի ու ավերումի ահարկու երրորդության Տիրակալները չքանում են, և Քրիշնայի հրաշք դեմքը, քնքուշ ձեռքերն ու գրկելու համար ստեղծված մարմինը ճաճանչներով են հեղեղում հուզված ու ըմբռնող նրա հավերժական եղբոր ու խաղընկերոջ հոգին:

- 500 –
 Տառապանքը մեզ հնարավորություն է տալիս փորձարկել Երանության Տիրակալի ողջ հզորությունը, և բացի այդ Ուժի Տիրակալի բարձրագույն դրսևորումը կրելու ընդունակությունը: Ցավը ուժի դարպասները բացող բանալին է, և դեպի երանության քաղաք տանող բարձրագույն ճանապարհը: 

- 501 –
 Բայց և այնպես, օ՜, մարդկային հոգի՛, մի ձգտիր դեպի ցավը, որովհետև դա չէ Նրա կամքը, ձգտիր միայն ուրախության, իսկ ինչ վերաբերում է տառապանքին, այն անկասկած Նրա կամքով կգա, այնքան հաճախ ու ամբողջական, որքան անհրաժեշտ է քեզ: Ու այդժամ, համբերի՛ր, որպեսզի վերջ ի վերջո ճանաչես տառապանքում թաքնված հրճվանքը:

- 502 –
 Ո՜վ մա՛րդ, մերձավորիդ ցավ մի պատճառիր, միայն Աստված է իրավասու ցավ պատճառել կամ էլ նրանք, որոնց Ինքն է երաշխավորել: Բայց զոռ տալով ֆանատիզմիդ քեզ նրանցից մեկը մի կարծիր, ինչպես Տորքվեմադը*: 

- 503 –
 Հնում գործի և երկաթյա կամքի տեր մարդկանց մեջ գործում էր հետևյալ ազնվական երդման ձևը. «Դա ճիշտ է այնքան, որքան այն, որ Աստված գոյություն ունի»: Իսկ մեր ժամանակակիցներին անհրաժեշտ է մեկայլ ձևակերպում. «Դա ճիշտ է այնքան, որքան այն, որ Աստված սիրում է»:

- 504 –
 Գիտությունն առավելապես օգտակար է Աստված ճանաչողին և սիրողին, որովհետև այն հնարավորություն է տալիս, ավելի խորը և մանրամասնորեն հասկանալ մատերիայում արտահայտվող Աստվածային զարմանահրաշ արվեստն ու հիանալ նրանով: Առաջինն ուսումնասիրում և բացականչում է. «Տե՛ս, Ոգին ինչպես է դրսևորվում մատերիայում», իսկ երկրորդն ասում է. «Տե՛ս, ահա նրբագիծը Իմ Սիրեցյալի, Տիրակալի, և Կատարյալ Վարպետի ամենազոր ձեռքով քաշած»: 

- 505 –
 Ո՜վ տիեզերական Արիստոֆա՛ն, ով իր ստեղծած աշխարհին է նայում ու ծիծաղում քաղցրալուր ծիծաղով, թույլ չե՞ս տա արդյոք՝ ես էլ աշխարհին նայեմ աստվածային աչքերով, ու միանամ տիեզերքը լցնող քո ծիծաղին:

- 506 –
 Կալիդասան դիմելով համարձակ այլաբանության, Կայլասի իրար վրա կուտակված ձյունապատ լեռները համեմատում է իրենց ճերմակությամբ ու մաքրությամբ՝ Շիվայի որոտաձայն, գեղգեղուն ծիծաղի հետ: Դա ճիշտ է, և երբ նրանց պատկերը տպավորվում է սրտում, բոլոր երկրային տագնապները ներքևի ամպերի նման ցրիվ են գալիս, անցնելով անէության իրենց իրական վիճակին:
 
- 507 –
 Հոգու ամենաանսովոր փորձը կայանում է նրանում, որ երբ նա բացահայտում է, որ հնարավոր պատուհասի տեսքն ու սպառնալիքը դադարում են իրեն հուզել, անհետ կորչում են նաև դժբախտությունները: Հենց այդ ժամանակ մենք լսում ենք, ինչպես է այդ անիրական ամպերի ետևից Աստված ծիծաղում մեզ վրա:

- 508 –
 Ո՜վ Տիտան, քո ջանքերով հասա՞ր արդյոք նպատակիդ: Դու տիրացե՞լ ես գահի, ինչպես Ռավանը և Խիրանյաքաշիպուն, և քեզ աստվածներն ու աշխարհի տիրակալն է արդյոք սպասարկում: Բայց այն, ինչն իրականում փնտրում էր հոգիդ, քեզնից խույս տալով հեռացավ:

- 509 –
 Ռավանը մտովի կարծում էր, որ ծարավի է համաշխարհային տիրապետության, և Ռամայի նկատմամբ հաղթանակի: Բայց նպատակը, որը ոչ մի վայրկյան նրա հոգին չէր լքում, դեպի երկինք շուտափույթ վերադառնալն ու Աստծուն նորից ծառայելն էր: Եվ դրա ամենակարճ ճանապարհը նա տեսնում էր Աստծո հետ կատաղի գոտեմարտում:

- 510 –
 Ամենամեծ երջանկությունը Նարադայի պես Աստծո ստրուկ լինելն է, իսկ ամենադաժան դժոխքը` Աստծո կողմից մերժված լինելով, աշխարհի տիրակալ լինելը: Այն ինչ տգետների պատկերացմամբ իբրև մեզ մոտեցնում է Աստծուն, իրականում ավելի շատ է հեռացնում Նրանից:

- 511 –
 Աստծո ծառան, այդ արդեն ինչ - որ բան է, բայց առավել բարձր է Աստծո ստրուկը:

- 512 –
 Իհարկե չկա ավելի մեծ երջանկություն քան աշխարհի տիրակալ լինելն է, եթե համընդանուր սեր ես վայելում, բայց դրա համար դու ստիպված ես միաժամանակ լինել նաև մարդկության ստրուկը:

- 513 –
 Վերջ ի վերջո, երբ հանրագումարի բերես երկարատև ծառայություններդ Աստծուն, կգտնես, որ քո գլխավոր աշխատանքն անկատար է, և դու շատ քիչ բարիք ես ստեղծել հանուն մարդկության սիրո:

- 514 –
 Աստծո ստրուկը կարող է երկու գործերով լիովին սիրաշահել իր Տիրոջը: Առաջինը` Նրա տաճարների հատակները մաքրելիս երկյուղածությամբ լռելն է, իսկ երկրորդը`աշխարհի ասպարեզներում մարտնչելն է հանուն մարդկության մեջ Նրա աստվածայինի կենսագործման: 

- 515 –
 Մարդկանց թեկուզև փոքրիկ օգուտ բերողը, եթե անգամ նա տխրահռչակ մեղավոր է, Աստված ընդունում է նրան Իր սիրելիների և ծառաների շարքերը: Անպայման կտեսնի Հավիտենականի դեմքը:

- 516 –
 Ո՜վ սեփական թուլությունների զո՛հ, վախի երկյուղվածությամբ սքողված մի՛ շրջիր հայացքդ Աստծուց: Նրան մի՛ մոտեցիր քո շողոքորթ թուլությամբ: Նայի՛ր, Նրա հայացքում դու կտեսնես ոչ թե խստությունը Թագավորի և Դատավորի, այլ ժպիտը Սիրեցյալիդ: 

- 517 –
 Դու չես կարող ճանաչել հոգուդ ուժը, մինչև չսովորես Աստծո հետ ըմբշամարտի բռնվել ասպարեզ ելած երկու ընկերների պես: 

- 518 –
 Սումբխան* սկզբից սրտով ու մարմնով սիրում էր Կալլիին, հետո զայրացավ նրա վրա, և նրա հետ պայքարի մեջ մտնելով հաղթեց և բռնելով նրա մազերից երկնքում երեք անգամ իր շուրջը պտտեց, բայց հաջորդ պահին Կալլին սպանեց նրան: Այդպիսին են չորս քայլերը, որոնք Տիտանին դեպի անմահություն են տանում և դրանցից ամենաերկարն ու ամենադժվարը վերջինն է: 

- 519 –
 Կալլին դա Կրիշնան է, հայտնված սարսափազդու Ուժի կերպարով և համակված սիրո ցասումով: Նա իր կատաղի հարվածներով խոցում է մեր ինքնությանը մարմնում, կյանքում և գիտակցության մեջ, որպեսզի ազատագրի անմահ ոգին:

- 520 –
 Համաձայն հրեական հնագույն զրույցի, մեր նախնիները մեղք են գործել, համտեսելով չարի և բարու արգելված պտուղը: Նրանք թերևս կխուսափեին անմիջական հետևանքից, եթե հենց նույն պահին համտեսեին նաև կենաց ծառի պտուղը, բայց այդ ժամանակ մարդկության մեջ չէր իրականացվի Աստծո մտահաղացումը: Նրա զայրույթը մեր հավերժական օրհնանքն է: 

- 521 –
 Եթե դժոխքը գոյություն ունենար, ապա այդ կլիներ դեպի բարձրագույն երկինքներ տանող ամենակարճ ճանապարհը: Որովհետև Աստված արդարև սիրում է:

- 522 –
 Աստված մեզ վռնդում է ամեն մի Եդեմից, որպեսզի մենք ստիպված անապատի միջով գնանք դեպի ավելի աստվածային Դրախտ: Եթե քեզ համար դեռևս անհասկանալի է, թե ինչի համար է շիկացած ավազների միջով այս հոգնեցուցիչ անցումը, նշանակում է բանականությունդ հիմարացրել է քեզ, ու այդ ամենի ետևում դու չես ճանաչել քո հոգուն, նրա աղոտ ցանկություներն ու գաղտնի հրճվանքները: 

- 523 –
 Առողջ միտքն ատում է ցավը, որովհետև ցավի սաստիկ ցանկությունը, որը մարդիկ հաճախ սնուցում են իրենց մտքերում, անբնական է և հակասում է Բնությանը: Բայց հոգին իր կարիքներն ու պահանջներն ունի և նա այնքան գործ ունի մտքից ու նրա տառապանքներից, որքան դարբինը հնոցում՝ երկաթի ցավից: 

- 524 –
 Հաճախ խղճահարությունը դառնում է սիրո լավագույն փոխարինողը, բայց նա միշտ էլ ընդամենը փոխարինող է մնում: 

- 525 –
 Ինքդ քո նկատմամբ խղճահարությունը միշտ էլ ծնվում է ինքդ քեզ սիրելուց, բայց մերձավորի նկատմամբ խղճահարությունը ոչ միշտ է նրա հանդեպ ունեցած սիրուց ծնվում: Երբեմն դա եսասիրական ցանկություն է քեզ տառապանքից պաշտպանելու համար, երբեմն՝ ինչպես հարուստի կողմից արհամարհանքով աղքատին տրված ողորմություն: Ավելի լավ է քո մեջ աստվածային կարեկցանքը զարգացրու, քան մարդկային խղճահարությունը: 

- 526 –
 Ոչ թե սիրտը կրծող և ներքին էությունը թուլացնող խղճահարություն, այլ աստվածային կարեկցանք, լի ուժով և խաղաղությամբ: Հենց աստվածային մասնակցությունն է այն բարեգործը, որին մենք պետք է զարգացնենք:

- 527 –
 Մարդկայնորեն կարեկցողի համար ամենադառը հայտնագործությունն այն է, որ մերձավորիդ մարմինն ու միտքը տառապանքից ազատելը ոչ միշտ է օգտակար նրա հոգուն, գիտակցությանը կամ էլ մարմնին:

- 528 –
 Մարդկային խղճահարությունը ծնվում է տգիտությունից և թուլությունից, այն հույզերի ստրուկն է: Աստվածային կարեկցանքը հասկանում, տարբերակում է ու փրկում:

- 529 –
 Տարբերություն չդնող կարեկցանքը բնավորության ազնվագույն գիծ է: Կենդանի էակին անգամ չնչին չափով չվնասելը մարդկային բոլոր առաքինություններից բարձրագույնն է, բայց Աստծուն հատուկ չեն, ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը: Մի՞թե դրա համար է մարդն ավելի ազնվազարմ ու լավը, քան Ամենասիրողը:

- 530 –
 Սիրի՛ր մարդկանց, ծառայի՛ր նրանց, բայց զգուշացիր նրանց գովասանքը փնտրելուց: Ավելի լավ է ենթարկվիր քո ներսում թաքնված Աստծուն:

- 531 –
 Չլսել Աստծո և նրա Հրեշտակների ձայնը, ահա թե ինչպիսին է առողջ հոգին, մարդկային հասկացմամբ:

- 532 –
 Աստծուն տես ամենուր, և Նրա տեսքից մի՛ սարսափիր: Հավատացած եղիր, որ ամեն մի սուտ իր կայացման կամ ոչնչացման պրոցեսում գտնվող ճշմարտություն է: Ամեն ձախորդություն` թաքնված հաջողություն է, ամեն թուլություն` ուժ է, որը թաքնվում է ինքն իրենից, ամեն ցավ` գաղտնի ու մոլեգին զմայլանք է: Եթե դու ամուր ու հաստատակամ ես քո հավատում, վերջ ի վերջո կտեսնես և կճանաչես Ամենաճշմարիտին, Ամենահզորին, և Ամենաերանելիին: 

- 533 –
 Մարդկային սերը մեռնում է սեփական հափշտակվածության պատճառով, մարդկային ուժերը սպառվում են սեփական լարվածությունից, մարդկային իմացությունը ի զորու չէ տեսնելու թաքնված ու մութ կողմը գնդաձև ճշմարտության, այն դեպքում, երբ աստվածային իմացությունը միավորում է հակադիր ճշմարտությունները և հաշտեցնում նրանց: Որքան շռայլորեն է ծախսվում, այնքան ավելի է շատանում աստվածային ուժը:Աստվածային սերն անմնացորդ վատնում է իրեն, բայց դրանով հանդերձ չի ցամաքում և չի պակասում: 

- 534 –
 Գլխավոր պատճառը, թե ինչու գիտակցությունը չի կարողանում հասնել կայուն, գնդաձև ու կատարյալ ճշմարտության, Ճշմարտություն որոնող գիտակցության համար կեղծիքի մերժումն է: Աստվածային միտքը ձգտում է կեղծիքից չփախչել, բայց հասնել ճշմարտությանը, որը թաքնվում է անգամ ամենաանհեթեթ և հեռուն տանող մոլորություններում:

- 535 –
 Ամեն հետազոտման օբյեկտի ճշմարտությունն իր լիարժեքությամբ, դա մի համապարփակ ամբողջական ոլորտ է, որը հավերժ պտտվում է միակ սուբյեկտի և ճանաչողության օբյեկտի` Աստծո շուրջ, բայց երբևէ չի առնչվում Նրա հետ:

- 536 –
 Գոյություն ունեն բազմաթիվ խորը ճշմարտություններ, որոնք զենքի նման վտանգավոր են անփորձ տիրոջ համար: Ճիշտ օգտագործման դեպքում նրանք Աստծո զինանոցում դառնում են գերարժեքավորներն ու հզորագույնները:

- 537 –
 Բութ համառությամբ մենք կառչում ենք մեր խղճուկ, ամբողջականությունից զրկված, խավարի և տխրության մեջ թաղված անհատական գոյությանը, երբ մեզ է կանչում Աստծո ամենազարմանալի գաղտնիքներից մեկը՝ տիեզերական կյանքի երանությունը: Նմանատիպ զարմանք է հարուցում լոկ անվերջանալի կուրությունը, որով մենք աշխարհ նետված մեր էգոն համարում ենք տիեզերական գոյության ստվեր: Հենց խավարի այդ երկու տեսակներն են Մայայի իմաստն ու ուժը: 

- 538 - 
 Աթեիզմը Աստծո բարձրագույն ճանաչողության ստվերն է կամ խավար կողմը: Ամեն մի սահմանում, որով մենք ամփոփում ենք Աստծուն, եթե անգամ այն դարավոր ճշմարտություն համարվող խորհրդանիշ է, դառնում է սուտ, երբ մենք այն ընդունում ենք որպես ամեմահիմնավոր սահմանում: Աթեիստն ու ագնոստիկը կոչված են մեզ հիշեցնելու մեր իսկ մոլորությունը: 

- 539 –
 Աստծո գոյության մերժումը նույնքան օգտակար է մեզ համար, որքան նրա ապացույցը: Նա Ինքը աթեիստի տեսքով մերժում է սեփական գոյությունը, մարդկային իմացության կատարելագործման համար: Բավական չէ տեսնել Աստծուն, և ունկնդրել Նրան Քրիստոսի և Ռամաքրիշնայի խոսքերով, մենք պետք է տեսնենք և լսենք Նրան նաև Հեքսլիի և Հեգելի մեջ:

- 540 - 
 Կարո՞ղ ես արդյոք Աստծուն տեսնել քեզ տանջողի ու սպանողի մեջ, մինչև անգամ քո մահվան ու խոշտանգումների պահին: Ի զորո՞ւ ես Նրան տեսնել այն մարդու մեջ, որին ինքդ ես սպանում, տեսնես ու սիրես նրան մինչև իսկ սպանության պահին: Այդ դեպքում դու հաղորդակցվել ես բարձրագույն իմացությանը: Ինչպե՞ս կարող է Քրիշնային հասնել նա, ով ոչ մի անգամ չի խոնարհվել Քալիին:

ՀԱՎԵԼՎԱԾ

- 541 –
 Ես գիտեմ ճիշտը, և թե հակառակը իմ ասածի, բայց և այնպես, այն ինչն այժմ ասում եմ, ավելի ճշմարիտ է:

- 542 –
 Բարեկամներս, ես համաձայն եմ ձեզ հետ, որ Աստված, եթե Նա գոյություն ունի, դև է ու հրեշ: Դե իսկ դուք ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել այդ առթիվ:

- 543 –
 Աստված բարձրագույն Ճիզվիտն է: Նա ամեն անգամ չարիք է գործում, որպեսզի նրանից բարիք ստացվի: Ամեն անգամ ուղին շեղում է, որպեսզի դուրս հանի ճշմարիտ ճանապարհ: Ամեն անգամ ճնշում է մեր կամքը, որպեսզի նա վերջապես անսահմանափակ ազատություն ստանա: 

- 544 –
 Մեր չարն Աստծո համար չար չէ, այլ անգիտություն և անկատարություն: Մեր բարին ավելի քիչ անկատարությունն է:

- 545 –
 Մոլեռանդը ճիշտ է, երբ թող որ քիչ էլ ավելի զայրույթով պնդում է, որ մեր ամենամեծ և մաքուր առաքինությունն անգամ Աստծո էության առաջ մեղքի է նման: 

- 546 –
 Լինել չարից ու բարուց այն կողմ չի նշանակում տարբերություն չդնել մեղսավոր և առաքինի արարքների միջև: Այդ նշանակում է հասնել բարձրագույն և համընդհանուր բարօրության: 

- 547 –
 Այդ բարօրությունը, մարդկային բարոյականության հարաբերական և մոլորություն տանող առաքինությունը չէ, այն վերբարոյական է ու Աստվածային: 

Author
Sri Aurobindo