Author
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Antoine De Saint-Exupéry - Letter to a Hostage

 

I

1940-ի դեկտեմբերին, երբ անցնում էի Պորտուգալիայով, որպեսզի մեկնեմ Միացյալ Նահանգներ, Լիսաբոնն ինձ երեւաց որպես մի լուսավոր ու տխուր դրախտ: Այդ միջոցին այնտեղ շատ էին խոսում մոտալուտ ներխուժման մասին, եւ Պորտուգալիան կառչում էր իր երջանկության պատրանքից: Լիսաբոնը, որ աշխարհում գոյություն ունեցող ամենահմայիչ ցուցահանդեսն էր կառուցել, ժպտում էր փոքր-ինչ գունատ մի ժպիտով, նման այն մայրերի ժպիտին, որոնք ոչ մի լուր չունեն պատերազմի մեջ գտնվող որդուց եւ ճիգ են գործադրում նրան «փրկելու» սեփական հավատով. «Որդիս կենդանի է, քանի որ ես ժպտում եմ...»: Այդպես էլ Լիսաբոնն էր ասում. «Տեսե՛ք՝ ես ինչքա՜ն երջանիկ եմ, եւ խաղա՜ղ, եւ լավ լուսավորվա՜ծ...»: Ողջ աշխարհամասը վայրի լեռան պես, բնակեցված իր արնախում ցեղերով, ծանրորեն ճնշում էր Պորտուգալիային. տոնական Լիսաբոնը հակադրվում էր Եվրոպային. «Ինչպե՞ս կարող են ինձ նշանակետ դարձնել, երբ ես այսքա՜ն ջանք եմ գործադրում չթաքնվելու, երբ ես այսքա՜ն խոցելի եմ...»:

Իմ երկրի քաղաքները գիշերով նման էին մոխիրի, ուր ես ետ էի վարժվել ամեն տեսակ լուսավորությունից, եւ այս փայլփլուն մայրաքաղաքն ինձ անհասկանալի տհաճություն էր պատճառում: Եթե մոտակա արվարձանը խավար է, չափազանց լուսավորված ցուցափեղկի ադամանդները դեպի իրենց են ձգում շրջմոլիկներին: Զգում ես շուրջը պտտվողներին: Այդպես ես զգում էի Լիսաբոնի վրա ճնշող եվրոպական գիշերը, ուր ռմբակոծիչների թափառական խմբերն էին վխտում, որոնք ասես հեռվից այս գանձի հոտն առել էին:

Բայց Պորտուգալիան չգիտեր, թե ինչ ախորժակ ունի հրեշը: Նա հրաժարվում էր վատ նախանշաններին հավատալուց: Պորտուգալիան խոսում էր արվեստից մի հուսահատ վստահությամբ: Արդյո՞ք կհամարձակվեին իրեն տրորել արվեստի իր պաշտամունքի մեջ: Նա ի ցույց էր դրել իր բոլոր հրաշալիքները: Արդյո՞ք կհամարձակվեին իրեն տրորել իր հրաշալիքների մեջ: Նա ցուցադրում էր իր երեւելի այրերին: Քանի որ չուներ բանակ, չուներ թնդանոթներ, նա զավթիչների երկաթի դեմ հանել էր իր բոլոր քարե ժամապահներին՝ բանստեղծներին, հետազոտողներին, կոնկիստադորներին: Քանի որ չուներ բանակ եւ թնդանոթներ, Պորտուգալիայի ողջ անցյալն էր զավթիչների ճանապարհը փակում: Արդյո՞ք կհամարձակվեին իրեն տրորել իր փառահեղ անցյալի ժառանգության մեջ:

Այսպես ամեն երեկո ես թախծոտ թափառում էի այս հաջողված, ծայրահեղ բարձրաճաշակ ցուցադրության միջով, ուր ամեն բան հասնում էր կատարելության, մինչեւ իսկ երաժշտությունը՝ այնքան զուսպ, այնքան չափի զգացումով ընտրված, որ մեղմորեն հոսում էր այգիների վրա՝ առանց փայլի, որպես շատրվանի պարզ մի երգ: Արդյո՞ք կքանդեին այս հրաշալի չափի զգացողությունը:

Եվ իր ժպիտի ներքո ես Լիսաբոնն ավելի տխուր էի գտնում, քան իմ հանգած քաղաքները: Ես հանդիպել եմ, գուցե դուք էլ եք հանդիպել, այն տարօրինակ ընտանիքներին, որոնք իրենց սեղանին պահպանում են հանգուցյալի տեղը: Նրանք ժխտում են անդառնալի կորուստը: Բայց չեմ կարծում, թե այդ մարտահրավերը մխիթարիչ լինի: Մեռածներին պետք է վերաբերվել որպես մեռածների: Այդ կերպ նրանք իրենց հանգուցյալի դերում ներկայության մի այլ ձեւ են ստանում: Բայց այդ ընտանիքները հետաձգում են նրանց վերադարձը: Նրանք հանգուցյալներին դարձնում են հավիտենական բացականեր, հավիտյանս ուշացած սեղանակիցներ: Նրանք վիշտը փոխանակում են բովանդակություն չունեցող մի սպասումով: Եվ այդ տներն ինձ երեւում են ընկղմված անդարմանելի տկարության մեջ, որն առավել հեղձուցիչ է, քան վիշտը: Ես հանձն առա կրելու, Տե՛ր իմ

Աստված, օդաչու Գիյոմեի վիշտը՝ վերջին կորցրած ընկերոջս, որին խփեցին իր օդային փոստատարության ժամանակ: Գիյոմեն չփոխվեց: Նա այլեւս երբեք ներկա չի լինի, բայց երբեք բացակա չի լինի նույնպես: Իմ սեղանի նրա սպասքը ես զոհաբերեցի՝ անօգուտ այդ թակարդը, եւ նա ինձ համար դարձավ իրական հանգուցյալ ընկեր:

Բայց Պորտուգալիան փորձում էր հավատալ երջանկությանը՝ պահպանելով նրա դանակ-պատառաքաղը, տոնական կանթեղներն ու երաժշտությունը: Լիսաբոնում երջանկություն էին խաղում, որպեսզի Աստված բարեհաճեր հավատալ դրան:

Իր տխուր մթնոլորտի համար Լիսաբոնը պարտական էր նաեւ որոշ փախստականների ներկայությանը: Ես ի նկատի չունեմ նրանց, ովքեր ապաստան էին փնտրում: Ես ի նկատի չունեմ այն գաղթականներին, որոնք երկիր էին փնտրում՝ իրենց աշխատանքով այն բերրիացնելու: Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր հեռացել էին յուրայինների թշվառությունից՝ իրենց դրամը ապահովագրելու համար:

Չկարողանալով տեղավորվել հենց քաղաքում, ես ապրում էի Էշտորիլում՝ կազինոյի մոտ: Ես նոր էի դուրս եկել ծանր պատերազմից. օդային իմ ջոկատը, որ ինն ամսվա ընթացքում չէր դադարեցրել Գերմանիայի վրայով իր թռիչքները, գերմանական մեկ հարձակման ընթացքում կորցրել էր իր անձնակազմի երեք քառորդը: Հայրենիք վերադարձիս ճանապարհին տեսել էի ստրկության գաղջ մթնոլորտն ու քաղցի սպառնալիքը: Ճաշակել էի մեր քաղաքների թանձր գիշերները: Եվ ահա ինձանից երկու քայլ այն կողմ, ամեն երեկո, Էշտորիլի կազինոն լցվում էր փախստականներով: Լռելյայն կադիլլակները, որ ձեւացնում էին, թե ինչ-որ տեղ են շտապում, նրանց իջեցնում էին մուտքի ծածկերի տակ փռված մանր ավազին: Նրանք կրում էին ընթրիքի համար նախատեսված իրենց զգեստները՝ երբեմնի նման: Նրանք ցուցադրում էին իրենց կրծկալներն ու մարգարիտները: Նրանք հրավիրված էին մեկը մյուսի կողմից ստատիստների այդ ընթրիքին, ուր իրար ասելու ոչինչ չունեին: Այնուհետեւ նրանք պտուտախաղ էին խաղում կամ բակարա՝ նայած իրենց ունեցած գումարին: Ես երբեմն գնում էի նրանց դիտելու: Ես ո՛չ զայրույթ էի զգում, ո՛չ հեգնանք, այլ մի անորոշ տագնապ: Այնպիսին, ինչպիսին ձեզ սարսռեցնում է կենդանաբանական այգում՝ արդեն վերացած մի կենդանատեսակի վերջին վերապրածներին դիտելիս: Նրանք տեղավորվում էին սեղանների շուրջը, խմբվում էին խիստ դեմքով մի խաղաբանկ դնողի դիմաց եւ ջանում էին զգալ հույսը, հուսահատությունը, վախը, ցանկությունն ու հրճվանքը: Ողջերի նման: Նրանք խաղում էին մի գումարով, որը գուցե հենց այդ պահին արդեն զրկվել էր իր արժեքից: Նրանք վճարում էին մի դրամով, որը գուցե արդեն ժամկետանց էր: Նրանց սեյֆերում պահված արժեթղթերն ապահովագրված էին գուցե արդեն առգրավված կամ օդային հարձակումներից վնասված, քանդման ճանապարհին գտնվող գործարանների կողմից: Նրանք մուրհակներ էին դնում Սիրիուսի վրա: Կառչելով անցյալից, նրանք ջանում էին հավատալ, որ ամիսներ ի վեր ասես ոչինչ չէր ճայթել երկրի վրա, որ խաղին տենդագին տրվելու իրավունք ունեն, որ իրենց չեքերը երաշխավորված են, որ իրենց պայմանագրերը հարատեւելու են: Այս ամենն անիրական էր, նման էր տիկնիկների բալետի, եւ տխուր էր: Նրանք անկասկած ոչինչ չէին զգում այս ամենից: Ես թողնում էի նրանց, գնում էի ծովափ՝ թարմ օդ շնչելու: Էշտորիլի ծո՜վը, ջրային քաղաքի ծո՜վը, ընտելացած այս ծո՜վը, ինձ թվում էր, որ այն նույնպես մտել է խաղի մեջ: Նա ծովածոց էր հրում լուսնի լույսով ողողված իր մեն-միակ ալիքը՝ սեզոնից դուրս երկարափեշ մի զգեստի նման:

Ես շոգենավի վրա դարձյալ հանդիպում էի նրանց՝ իմ այդ փախստականներին: Այդ շոգենավը նույնպես տագնապ էր տարածում: Այդ շոգենավը մի աշխարհամասից մյուսն էր տեղափոխում արմատից զուրկ այդ բույսերը: Ես ինքս ինձ ասում էի. «Ուզում եմ ճանապարհորդ լինել, չեմ ուզում լինել փախստական: Ես իմ երկրում այնքան բան եմ սովորել, որոնք մի այլ վայրում անօգուտ կլինեն»: Բայց ահա իմ փախստականները գրպաններից հանում էին հասցեների իրենց ծոցատետրերը՝ իրենց ինքնության վկայության բեկորները: Նրանք ձեւացնում էին, որ դեռեւս ինչ-որ մեկն են: Ամբողջ ուժով կառչում էին

ինչ-որ իմաստից: «Գիտե՞ք, ես այսինչն եմ,- ասում էին նրանք,- այսինչ քաղաքից եմ... այսինչի բարեկամը... ճանաչո՞ւմ եք այնինչին...»

Եվ պատմում էին մի ընկերոջ պատմությունը, իրենց կրած մի պատասխանատվության պատմությունը կամ գործած մի զանցանքի պատմությունը, կամ չգիտես էլ ինչ մի պատմություն, որը կարող էր իրենց կապել ինչ-որ մի բանի հետ: Սակայն ոչինչ այդ անցյալից այլեւս նրանց չէր ծառայելու, քանի որ լքել էին իրենց երկիրը: Անցյալը դեռեւս շատ տաք էր, շատ թարմ, շատ կենդանի, ինչպիսին սիրո հիշողություններն են սկզբնական շրջանում: Քնքուշ նամակների մի կապոց ես պատրաստում: Դրան կցում ես մի քանի հուշ: Այդ ամենը խնամքով կապում ես ժապավենով: Եվ մասունքը սկզբում մի թախծոտ հրապույր է առաջացնում: Հետո կապուտաչյա մի շիկահեր է անցնում, ու մասունքը մեռնում է: Ընկերը, պատասխանատվությունը, հայրենի քաղաքը, տանդ հիշողությունները նույնպես գունաթափվում են, եթե այլեւս ոչնչի չեն ծառայում:

Նրանք շատ լավ զգում էին այդ: Ինչպես Լիսաբոնն էր երջանիկ ձեւանում, նրանք էլ այդպես ձեւացնում էին՝ իբր հավատում են, որ շուտով վերադառնալու են: Հաճելի է անառակ որդու բացակայությունը: Բայց այդ բացակայությունը խաբուսիկ է, քանի որ նրա ետեւում կա հայրական տունը: Բացական հարեւան սենյակում է, թե երկրագնդի հակառակ կողմում, տարբերությունն էական չէ: Հեռվում գտնվող ընկերոջ ներկայությունը կարող է ավելի զգալի լինել, քան իրական ներկայությունն է: Դա նույնն է, ինչ աղոթքը: Ես երբեք իմ տունն այնքան չեմ սիրել, որքան Սահարայում եղած ժամանակ: Երբեք նշանածներն իրենց հարսնացուներին այնքան մոտ չեն եղել, որքան տասնվեցերորդ դարի բրետոն նավաստիները, երբ երկու անգամ անընդմեջ նավարկում էին մինչեւ Հոռն հրվանդան եւ ծերանում էին հանդիպակաց քամիների ստեղծած պատի դեմ: Նրանց համար վերադարձը սկսվում էր մեկնումի պահից: Իրենց վերադարձն էր, որ պատրաստում էին նրանք՝ իրենց ամուր ձեռքերով առագաստ պարզելով: Բրետանիայի նավահանգստից մինչեւ հարսնացուի տուն ամենակարճ ճանապարհն անցնում էր Հոռն հրվանդանով: Եվ ահա իմ գաղթականներն ինձ թվում էին բրետոն նավաստիներ, որոնցից խլել էին իրենց բրետոնուհի հարսնացուներին: Ոչ մի հարսնացու նրանց համար այլեւս իր պատուհանին չէր վառում իր համեստ ճրագը: Նրանք ամենեւին անառակ որդիներ չէին: Նրանք այնպիսի անառակ որդիներ էին, որոնք չունեն վերադառնալու հայրական տուն: Այդ ժամանակ է, որ սկսվում է իսկական թափառումը՝ սեփական էությունից դուրս:

Ինչպե՞ս վերակառուցվել: Ինչպե՞ս քանդել հիշողությունների ամուր կծիկը: Այդ ուրվական-նավը՝ հանց քավարան, բեռնված էր դեռ չծնված հոգիներով: Իրական էին միայն նրանք, այնքան իրական, որ ուզում էիր մատով դիպչել, ովքեր նավի անձնակազմի մեջ էին եւ ազնվացել էին իրական պարտականություններով՝ ովքեր սկուտեղներ էին կրում, փայլեցնում պղինձներ, փայլեցնում կոշիկներ եւ, թեթեւակի մի արհամարհանքով, սպասարկում «մեռածներին»: Ամենեւին էլ աղքատության պատճառով չէր, որ փախստականներն արժանանում էին անձնակազմի այդ թեթեւ քամահրանքին: Դրամը չէր, որ պակասում էր, այլ թանձրությունը: Նրանք այլեւս այսինչ տան, այնինչ ընկերոջ, այնինչ պատասխանատվության մարդիկ չէին: Նրանք այդ դերն էին խաղում, բայց դա այլեւս իրական չէր: Ոչ ոք նրանց կարիքը չուներ, ոչ ոք չէր պատրաստվում որեւէ հարցով դիմել նրանց: Ի՜նչ հրաշք է այն հեռագիրը, որը ձեզ տակնուվրա է անում, արթնացնում է գիշերվա կեսին, եւ վազել է տալիս կայարան. «Հասի՛ր, ես քո կարիքն ունեմ»: Մենք արագ գտնում ենք ընկերների, որոնք պատրաստ են մեզ օգնելու: Եվ դժվարությամբ ենք արժանանում նրանց, ովքեր մեզանից են օգնություն պահանջում: Իհարկե, բայց վերադառնանք, ոչ ոք նրանց չէր ատում, ոչ ոք նրանց չէր նախանձում, ոչ ոք նրանց չէր ձանձրացնում: Բայց եւ ոչ ոք նրանց չէր սիրում միակ, իսկական սիրով: Ես ինքս ինձ ասում էի՝ տեղ հասնելուն պես նրանց կընդունեն բարի գալուստի կոկտեյլներով, մխիթարական ընթրիքներով: Սակայն ո՞վ կցնցի նրանց դուռը՝ պահանջելով, որ ընդունեն իրեն. «Բա՛ց արա, ե՛ս եմ...»: Երեխային պետք է երկար կերակրել կրծքով, մինչեւ որ նա ինքն սկսի այն պահանջել:

Ընկերությունը պետք է երկար աճեցնել, մինչեւ որ ընկերդ կպահանջի ընկերության իր հասանելիքը: Պետք է, որ մի քանի սերունդ վերանորոգի քանդվող հին դղյակը, որպեսզի սովորի այն սիրել:

II

Եվ ես ինքս ինձ ասում էի. «Կարեւորն այն է, որ ապրած կյանքից մի բան մնա: Եվ սովորույթները: Եվ ընտանեկան տոնը: Եվ տունը, որի հետ հիշողություններ են կապված: Կարեւորը վերադառնալու համար ապրելն է...»: Եվ ես զգում էի, որ վտանգված եմ այն հեռավոր բեւեռների փխրունության պատճառով, որոնցից կախված էր իմ էությունը: Ես կանգնած էի իրական անապատը ճանաչելու եզրին եւ սկսում էի հասկանալ մի գաղտնիք, որն արդեն վաղուց էր ինձ նվաճել:

Ես երեք տարի ապրել եմ Սահարայում: Ինչպես շատերն ինձանից առաջ, ես նույնպես երազել եմ հասկանալ նրա կախարդանքը: Ով ճանաչել է կյանքը Սահարայում, ուր ամեն բան առերեւույթ միայնություն է ու զրկանք, այնուամենայնիվ արցունքներով է հիշում այդ տարիները՝ որպես իր ապրած լավագույն տարիներ: «Ավազի կարոտ, միայնության կարոտ, տարածության կարոտ» բառերն ընդամենը գրական ձեւակերպումներ են եւ ոչինչ չեն բացատրում: Բայց ահա, առաջին անգամ, իրար վրա դարսված ուղեւորներից դռդռացող շոգենավի վրա ինձ թվաց, որ հասկանում եմ, թե ինչ է անապատը:

Իհարկե Սահարան մատուցում է, ընդհուպ մինչեւ տեսադաշտից անհետանալը, միայն նույնատիպ ավազ, ավելի ճիշտ՝ խճախառը ավազադաշտ, քանի որ այնտեղ ավազաթմբերը հազվադեպ են: Այնտեղ մշտապես լող ես տալիս դժվարությունների միեւնույն իրավիճակի մեջ: Եվ այդուհանդերձ աներեւույթ աստվածություններն այնտեղ կառուցում են ուղղությունների, զառիվայրերի եւ նշանների մի ցանց, մկանների գաղտնի ու կենդանի մի համակարգ: Այլեւս չկա միանմանություն: Ամեն բան կողմնորոշվում է: Նույնիսկ լռությունն այնտեղ ամեն անգամ տարբեր է:

Լինում է խաղաղության լռություն, երբ թշնամի ցեղերը հաշտվում են, երբ երեկոն իր թարմությունն է բերում, եւ թվում է, թե դադար ես առնում մի նավահանգստում՝ առագաստներն իջեցրած: Լինում է միջօրեի լռություն, երբ արեւը կասեցնում է մտքերդ ու շարժումներդ: Լինում է խաբուսիկ լռություն, երբ հյուսիսային քամին տեղի է տալիս, եւ միջատների հայտնվելը՝ օազիսից պոկված ծաղկափոշու պես, հայտարարում է իր հետ ավազ բերող արեւելյան փոթորկի խուժելը: Լինում է դավադրության լռություն, որը, գիտես, խմորվում է հեռավոր մի ցեղի մեջ: Լինում է խորհրդավորության լռություն, երբ արաբների միջեւ կայացվում են գաղտնի որոշումներ: Լինում է լարված լռություն, երբ սուրհանդակն ուշանում է վերադառնալուց: Գիշերային սուր լություն, որին ականջ դնելու համար պահում ես շունչդ: Վերջապես թախծոտ մի լռւթյուն՝ երբ մտաբերում ես նրանց, ում սիրում ես:

Ամեն բան ձգտում է մի բեւեռի: Ամեն մի աստղ մի ճշգրիտ ուղղություն է ցույց տալիս: Նրանք բոլորը մոգերի աստղերն են: Նրանցից յուրաքանչյուրը ծառայում է իր սեփական աստծուն: Այս մեկը ցույց է տալիս մի հեռավոր, դժվար հասանելի աղբյուրի ուղղությունը: Եվ տարածությունը, որ բաժանում է այդ աղբյուրից, ճնշում է պատնեշի նման: Այս մյուսը ցույց է տալիս մի ցամաքած աղբյուրի ուղղությունը: Եվ աստղն ինքն էլ ցամաքած է թվում: Եվ դեպի ցամաք աղբյուրը տանող ճանապարհ չկա: Մի ուրիշ աստղ էլ ծառայում է որպես ուղեկցող՝ դեպի մի անծանոթ օազիս, որի գովքն են արել քոչվորները, բայց հնարավոր չէ այնտեղ գնալ ըմբոստացած մի ցեղի պատճառով: Եվ ավազը, որ բաժանում է այդ օազիսից, կախարդական հեքիաթի մարգագետինն է թվում: Մի ուրիշն այդպես ցույց է տալիս ուղղությունը հարավային մի ճերմակ քաղաքի՝ այնքան հյութեղ, մրգի նման, որ ուզում ես ատամ խրել մեջը: Այդպես մի ուրիշն էլ՝ ծովի ուղղությունը:

Վերջապես, համարյա անիրական բեւեռներ շատ հեռվից մագնիսացնում են այս անապատը. մանկության տուն, որ միշտ կենդանի է հիշողությանդ մեջ, ընկեր, որի մասին ոչինչ չգիտես, բացի այն, որ նա կենդանի է:

Այսպիսով զգում ես, որ այդ ուժերը տարածվում են վրադ ու կենդանություն տալիս քեզ, ձգում են դեպի իրենց կամ վանում, ընդունում են քեզ կամ դիմադրում: Եվ զգում ես քեզ՝ հաստատուն կանգնած կարեւորագույն ուղղությունների կենտրոնում:

Անապատը ոչ մի շոշափելի հարստություն չի հրամցնում, այնտեղ տեսնելու եւ լսելու ոչինչ չկա, այնուամենայնիվ ներքին կյանքն այնտեղ հեռու է ննջելուց, ընդհակառակը, ավելի կայուն է, եւ չենք կարող չընդունել, որ մարդն այնտեղ գործում է աներեւույթ միջնորդությունների շնորհիվ: Մարդուն տնօրինում է Ոգին: Անապատում ես արժեմ այն, ինչ արժեն իմ աստվածությունները:

Այսպիսով, եթե իմ տխուր շոգենավի վրա զգում էի, որ հարուստ եմ, եւ ապագաս դեռեւս բերրի է, որ ապրում եմ կենդանի մոլորակում, դա Ֆրանսիայի գիշերվա մեջ իմ ետեւում կորցրած մի քանի ընկերոջ շնորհիվ էր, եւ ինձ համար նրանք սկսում էին դառնալ ամենակարեւորը:

Ֆրանսիան բնականաբար ո՛չ վերացական մի աստվածուհի էր ինձ համար, ո՛չ էլ պատմաբանի մի ձեւակերպում, այլ իրական մարմին, որից ես կախում ունեի, կապերի մի հանգույց, որն ինձ կառավարում էր, բեւեռների մի համակարգ, որին ձգտում էր իմ սիրտը: Նրանց, ում կարիքն ունեի ինձ ուղղորդելու համար, ուզում էի զգալ, որ ավելի ամուր ու տեւական են, քան ես ինքս: Իմանալու համար՝ ո՞ւր վերադառնալ: Գոյությո՛ւն ունենալու համար:

Իմ երկիրն ամբողջությամբ պարփակված էր նրանց մեջ եւ նրանց միջոցով ապրում էր իմ մեջ: Այդպես էլ ծովում նավարկողի համար աշխարհամասը պարփակվում է մի քանի փարոսի հասարակ փայլի մեջ: Փարոսը բոլորովին չի չափում հեռավորությունը: Նրա լույսը ներկա է աչքերիդ մեջ՝ պարզ եւ հասարակ: Եվ աշխարհամասի բոլոր հրաշալիքները պարփակվում են այդ ուղղորդող աստղի մեջ:

Եվ ահա այսօր, երբ Ֆրանսիան լռելյայն, իր ողջ բեռով հանդերձ գտնվում է լիակատար օկուպացիայի մեջ՝ ինչպես բոլոր կրակները մարած մի նավ, որ չգիտես՝ ողջ դուրս կգա՞ արդյոք ծովի փոթորիկներից, նրանցից յուրաքանչյուրի ճակատագիրը, ում ես սիրում եմ, ինձ տանջում է առավել դաժանրորեն, քան կտանջեր իմ մեջ բույն դրած մի հիվանդություն: Եվ պարզվում է, որ իմ էությունը վտանգված է, որովհետեւ նրանք խոցելի են:

Նրան, ում ես տագնապով հիշում եմ այս գիշեր, հիսուն տարեկան է: Հիվանդ է: Հրեա է: Նրան հաջողվե՞լ է արդյոք ողջ նմալ գերմանական ահաբեկչության մեջ: Պատկերացնելու համար, որ նա դեռ շնչում է, ուզում եմ հավատալ, որ զավթիչները չգիտեն նրա մասին, որ թաքնված է իր գյուղի գյուղացիների լռության հուսալի պատնեշի ետեւում: Միայն այդպես՝ ես հավատում եմ, որ նա դեռ ապրում է: Միայն այդպես, անցնելով մեր ընկերության հեռավոր թագավորության միջով, որը ոչ մի սահման չունի, կարող եմ ինքս ինձ զգալ ոչ թե փախստական, այլ ճանապարհորդ: Քանի որ անապատն այնտեղ չէ, ուր կարծում ես: Սահարան ավելի կենդանի է, քան մի մայրաքաղաք, եւ ամենաեռուն քաղաքն անգամ անապատ է դառնում, եթե կյանքի կարեւորգույն բեւեռները կորցնում են իրենց ձգողականությունը:

III

Ուրեմն ինչպե՞ս է կյանքը ստեղծում այդ ուժեղ հանգույցը, որի շնորհիվ մենք ապրում ենք: Որտեղի՞ց է գալիս այդ ուժը, որն ինձ ձգում է դեպի ընկերոջս տուն: Որո՞նք են ուրեմն այն կարեւորագույն պահերը, որ նրա ներկայությունը դարձրեցին այն բեւեռներից մեկը, որոնց կարիքը ես ունեմ: Ո՞ր գաղտնի իրադարձություններն են հունցել յուրահատուկ այս քնքշանքները եւ, նրանց միջով՝ սերը հայրենիքի նկատմամբ:

Իրական հրաշքնե՜րը, որքա՜ն անաղմուկ են նրանք: Կարեւորագույն իրադարձություննե՜րը, որքա՜ն պարզ են նրանք: Այն պահի մասին, որ ուզում եմ ձեզ պատմել, այնքան քիչ բան կա ասելու, որ ինձ հարկավոր է այն վերապրել երազելով, խոսել ընկերոջս հետ:

Պատերազմից առաջ էր: Այդ օրը մենք միասին անց էինք կացնում Սոնի ափին, Տուրնյուից ոչ հեռու: Ընթրելու համար ընտրեցինք մի ռեստորան, որի փայտյա պատշգամբը կախվում էր գետի վրա: Արմունկներով հենված մի հասարակ սեղանի, որ կրում էր հաճախորդների դանակների հետքերը, մենք պատվիրեցինք երկու պերնո: Բժիշկը քեզ արգելել էր ոգելից խմիչք օգտագործել, բայց հատուկ առիթներին դու խարդախում էիր: Այդ օրն այդ առիթներից մեկն էր: Չգիտենք ինչու, բայց դրանցից մեկն էր: Այն, ինչ մեզ ուրախություն էր պատճառում, ավելի անշոշափելի էր, քան լույսը: Այդպես ուրեմն, դու որոշեցիր պատվիրել հատուկ առիթների մեծ բաժակ պերնոն: Մեզանից մի քանի քայլ այն կողմ երկու նավաստի բեռնաթափում էին նավակը: Մենք նրանց հրավիրեցինք՝ պատշգամբի բարձունքից կանչելով, ու նրանք եկան: Ուղղակի եկան: Մեզ համար այնքա՜ն բնական էր ընկերներ հրավիրելը՝ մեզ երկուսիս վերաբերվող աներեւույթ այդ տոնին: Այնքա՜ն ակնհայտ էր, որ նրանք կպատասխանեն մեր հրավերին: Մենք չխկացրեցինք բաժակները նրանց հետ: Պայծառ արեւ էր: Այն իր ջերմ մեղրով ողողում էր հանդիպակաց ափի բարդիներն ու հարթավայրը՝ մինչեւ հորիզոնի ծայրը: Մենք գնալով ավելի ուրախ էինք դառնում ՝ առանց հասկանալու, թե ինչու: Արեւն այնքա՜ն վստահ էր լուսավորում, գետն այնքա՜ն վստահ էր հոսում, ընթրիքն ընտիր ընթրիք էր, նավաստիներն ընդունել էին մեր հրավերը, մատուցողուհին այնքա՜ն երջանիկ սիրալիրությամբ էր մեզ սպասարկում, ասես մի հավիտենական տոն էր կառավարում: Մենք լիարժեք խաղաղության մեջ էինք, ամուր հաստատված քաղաքակրթությունը մեզ լավ պաշտպանում էր քաոսից: Մենք վայելում էինք կատարյալ մի իրավիճակ, ուր բոլոր ցանկություններն իրականություն են, եւ այլեւս ոչինչ չունենք իրար մաղթելու: Մենք մեզ զգում էինք մաքուր, շիտակ, լուսավոր ու բարեհոգի: Մենք չէինք կարող բացատրել, թե ինչ ակնհայտ ճշմարտություն էր մեր առաջ բացվում: Բայց մեզ տիրում էր վստահության զգացողությունը: Համարյա գոռոզության հասնող վստահության:

Այդպես տիեզերքը մեր միջով իր բարի կամքն էր հավաստում: Միգամածությունների խտացումը, մոլորակների կարծրացումը, առաջին ամեոբաների ձեւավորումը, կյանքի կատարած հսկայական աշխատանքը՝ ամեոբայից մինչեւ մարդ, ամեն բան երջանիկ կերպով համընկնում էր մեր մեջ եւ հանգեցնում այդ մեծ բավականությանը: Հրաշալի էր, իսկակա՛ն հաջողություն:

Այսպես մենք ըմբոշխնում էինք այդ լուռ փոխըմբռնումն ու սրբազան ծիսակատարության նմանվող մեր ընթրիքը: Նման մի քրմուհու՝ մատուցողուհու գնալ-գալը օրորում էր մեզ, եւ նավաստիների հետ մենք չխկացնում էինք բաժակները միեւնույն հավատքի պատկանող հավատացյալների պես, թեեւ չէինք կարող ասել, թե ինչ հավատքի: Նավաստիներից մեկը հոլանդացի էր, մյուսը՝ գերմանացի: Վերջինս նախկինում փախել էր նացիզմից՝ հետապնդվելով որպես կոմունիստ, գուցե որպես տրոցկիստ, կամ կաթոլիկ, կամ հրեա (հիմա չեմ հիշում, թե ինչ պիտակ էին փակցրել նրան): Բայց այդ ժամին նավաստին ոչ մի պիտակ չուներ: Կարեւորը բովանդակությունն էր, մարդկային խմորը: Նա պարզապես ընկեր էր: Եվ մենք ընկերներով համամիտ էինք: Դու համամիտ էիր: Ես համամիտ էի: Նավաստիներն ու մատուցողուհին համամիտ էին: Ինչո՞ւմ էինք համամիտ, պերնոյի՞, կյանքի իմաստի՞, օրվա հաճելիությա՞ն: Դա նույնպես չէինք կարող ասել: Բայց այդ համաձայնությունն այնքան լեցուն էր, այնքան ամուր ու խորը՝ իր սեփական էության անվիճելի օրենքների վրա հիմնված, թեեւ անհնարին էր այն բառերով ձեւակերպել, որ մենք պատրաստ էինք այդ համեստ տաղավարը վերածելու ամրոցի, պաշտպանություն կազմակերպելու եւ մեռնելու գնդացիրները ձեռքներիս, եթե պետք լիներ փրկել այդ էությունը:

Ի՞նչ էություն... Սա է, որ դժվար է բացատրել: Վախենամ որսալ ոչ թե ամենակարեւորը, այլ ընդամենը դրա արտացոլումները: Բառերն անզոր են, եւ ճշմարտությունս կարող է չքանալ: Ամենեւին պարզ չի լինի, եթե հավակնեմ ասել, որ մենք պատրաստ էինք կռվել՝ փրկելու համար այն, ինչ կար նավաստիների ժպիտի մեջ, քո ժպիտի մեջ, իմ ժպիտի մեջ, մատուցողուհու ժպիտի մեջ՝ այն հրաշքը, որ այս արեւը միլիոնավոր տարիներ պատրաստել էր եւ մեր միջոցով դարձրել այսքան հաջողված ժպիտ:

Հաճախ ամենակարեւորն անկշռելի է: Այստեղ կարծես կարեւորն ընդամենը մի ժպիտ էր: Բայց հաճախ ժպի՛տն է ամենակարեւորը: Ժպիտով վարձատրվում ենք: Ժպիտով պարգեւատրվում ենք: Ժպիտով կյանք ենք ստանում: Ժպիտ կա, որի համար պատրաստ ենք մեռնել: Եվ քանի որ այդ յուրահատուկ ժպիտը մեզ ազատում էր մեր օրերի անձկությունից, հաղորդում ինքնավստահություն, հույս, խաղաղություն, այսօր ես ուզում եմ պատմել մի այլ ժպիտի մասին՝ միտքս ավելի լավ բացատրելու համար:

IV

Իսպանիայում էր, քաղաքացիական պատերազմի վերաբերյալ իմ թղթակցության ժամանակ: Ես անզգուշություն ունեցա գիշերվա ժամը երեքին առանց թույլատրության ներկա գտնվելու առեւտրական մի կայարանում գաղտնի զինամթերքի բեռնավորմանը: Ջոկատների աշխույժ գործողություններն ու խավարը կարող էին նպաստել իմ աննկատ մնալուն: Բայց ես կասկածելի թվացի զինված անարխիստներին:

Ամեն բան շատ պարզ ստացվեց: Ես դեռ ոչինչ չէի կասկածում նրանց փափուկ, անձայն մոտենալու մասին, մինչդեռ նրանք արդեն մեկ ձեռքի մատների նման դանդաղ փակվում էին վրաս: Կարաբինի փողը թեթեւակի սեղմեց փորս, եւ լռությունն ինձ խորհրդավոր թվաց: Վերջապես ձեռքերս վեր բարձրացրեցի:

Ես նկատեցի, որ նրանց հայացքները կենտրոնացած էին ոչ թե դեմքիս, այլ փողկապիս վրա (այդպիսի զարդարանքը չէր խրախուսվում անարխիստների այդ տիրույթում): Մաշկս պրկվեց: Սպասում էի հրացանի պարպվելուն, դատապարտումների հապճեպ իրականացման շրջան էր: Սակայն կրակոց չեղավ: Մի քանի վայրկյան տեւած բացարձակ ունայնությունից հետո, որի ընթացքում ինձ թվաց, թե աշխատող ջոկատները այլ պար են պարում մի այլ աշխարհում, իմ անարխիստները գլխի թեթեւ շարժումով ինձ նշան արեցին՝ առաջ անցնել, եւ մենք սկսեցինք անշտապ քայլել բեռնավորման անցուղիներով: Ձերբակալությունն իրականացվեց կատարյալ լռության մեջ, շարժումների արտակարգ խնայողությամբ: Այդպես գործում է ստորջրյա աշխարհը:

Քիչ հետո ես հայտնվեցի պահակակետի վերածված մի նկուղում: Նավթի կանթեղով հազիվ լուսավորված, կարաբինները ոտքերի արանքում՝ ուրիշ ոստիկաններ ննջում էին այնտեղ: Նրանք չեզոք ձայնով մի քանի բառ փոխանակեցին ինձ ձերբակալած պարեկների հետ: Նրանցից մեկն ինձ խուզարկեց:

Ես իսպաներեն խոսում եմ, բայց Կատալոնիայի լեզուն չգիտեմ: Այնուամենայնիվ հասկացա, որ իմ փաստաթղթերն են պահանջում: Ես դրանք մոռացել էի հյուրանոցում: Պատասխանեցի,- «Հյուրանոց... Թղթակից...», չիմանալով՝ իմ խոսքը նրանց մի բան ասում էր, թե ոչ: Ոստիկանները ձեռքից ձեռք անցկացրին իմ ֆոտոապարատը՝ որպես իրեղեն ապացույց: Նրանցից ոմանք, որ հորանջում էին՝ հետույքները փակցրած անհավասար ոտքերով իրենց աթոռներին, մի տեսակ ձանձրույթով վեր կացան ու հենվեցին պատին:

Գերիշխող տպավորությունը ձանձրույթն էր: Ձանձրույթն ու քնատությունը: Ինձ թվում էր, որ այդ մարդկանց ուշադրության տիրապետումն իրեն մինչեւ վերջ սպառել էր: Ես կնախընտրեի տեսնել թեկուզ թշնամանքի մի նշույլ՝ որպես մարդկային փոխհարաբերություն: Բայց նրանք ինձ այդ պատվին չէին արժանացնում ո՛չ զայրույթի որեւէ նշանով, ո՛չ նույնիսկ հանդիմանությամբ: Ես մի քանի անգամ փորձեցի բողոքել

իսպաներենով: Իմ բոլոր բողոքները պարապ էին: Նրանք նայում էին ինձ առանց արձագանքելու, ասես նայում էին ակվարիումի մեջ գտնվող չինական մի ձկան:

Սպասում էին: Ինչի՞ն էին սպասում: Յուրայիննեից մեկի վերադարձի՞ն: Լուսաբացի՞ն: Ես ինքս ինձ ասում էի. «Սպասում են, մինչեւ սովածանան»:

Ես ինքս ինձ ասում էի նաեւ. «Հիմա մի հիմարություն կանեն: Ուղղակի ծիծաղելի է...» Այն, ինչ զգում էի, ավելի շուտ անհեթեթության տհաճությունն էր, քան թե տագնապ: Ինքս ինձ ասում էի. «Եթե սրանց սառույցը հալվի, եթե ուզենան շարժվել, կկրակեն»:

Արդյո՞ք իսկապես վտանգի մեջ էի: Արդյոք չգիտեի՞ն, որ ես ոչ վնասարար եմ, ոչ լրտես, այլ լրագրող: Արդյոք չգիտեի՞ն, որ փաստաթղթերս հյուրանոցում էին: Արդյոք որեւէ որոշում կայացրե՞լ էին: Ո՞րն էր այդ որոշումը:

Ես նրանց մասին ոչինչ չգիտեի, բացի այն, որ կրակում են՝ առանց առանձնապես գիտակցությանը զարկ տալու: Հեղափոխության առաջապահները, ինչ կուսակցության էլ որ պատկանելիս լինեն, որսում են ոչ թե մարդկանց (նրանք մարդուն չեն դատում իր էությամբ), այլ ախտանշաններ: Իրենց հակառակվող ճշմարտությանը նրանք վերաբերվում են որպես համաճարակի: Կասկածելի մի ախտանշանի համար նրանք վարակիչին ուղարկում են բուժկետ՝ մեկուսացման: Գերեզմանոց: Ահա թե ինչու ինձ չարագուշակ էր թվում այս հարցաքննությունը, որ ժամանակ առ ժամանակ միավանկ ալիքներով թափվում էր վրաս, եւ որից ես ոչինչ չէի հասկանում: Իմ կաշին էր խաղարկվում կուրորեն: Այդ էր նաեւ պատճառը, որ ես մի տարօրինակ պահանջ էի զգում՝ որեւէ բան գոռալ իմ մասին, որ կհաստատեր որոշակի ճակատագրի տեր իմ իրական մարդ լինելը: Օրինակ՝ իմ տարիքը: Ա՛յ, դա տպավորիչ է՝ մարդու տարիքը: Դա ամփոփում է ողջ կյանքը: Հասունությունը գալիս է դանդաղ: Այն կազմավորվում է բազում խոչնդոտներ հաղթահարելով, բազում ծանր հիվանդություններից բուժվելով, բազում տառապանք խաղաղեցնելով, բազում հուսահատություններից դուրս գալով, բազում հանդուգն քայլերից հետո, որոնց մեծ մասն արել ես առանց մտածելու: Այն կազմավորվում է այնքա՜ն իղձերի, այնքա՜ն սպասելիքների, այնքա՜ն ափսոսանքների, այնքա՜ն մոռացումների, այնքա՜ն սիրո միջով անցնելով: Մարդու տարիքը... այն իրենից ներկայացնում է փորձառությունների եւ հիշողությունների հաճելի մի բեռ: Ի հեճուկս բոլոր որոգայթների, խառնաշփոթությունների, անհարթությունների, լավ թե վատ՝ երկանիվ սայլակի նման շարունակում ես ինչ-որ կերպ առաջ գնալ: Եվ հիմա, բարեբախտության համառ համապատասխանությունների շնորհիվ, հասել ես այստեղ: Երեսունյոթ տարեկան ես: Եվ եթե Աստված կամենա, երկանիվ սայլակդ դեռ հեռու կտանի հիշողություններիդ բեռը: Այսպիսով ինքս ինձ ասում էի. «Ահա, թե ուր եմ հասել: Երեսունյոթ տարեկան եմ...»: Շատ կուզեի դատավորներիս ծանրաբեռնել իմ այս անկեղծությամբ... բայց նրանք ինձ այլեւս չէին հարցաքննում:

Այդ պահին հրաշք տեղի ունեցավ: Օ՜, շատ համեստ մի հրաշք: Մոտս սիգարետ չունեի: Ինձ հսկողներից մեկը ծխում էր, ես մի շարժումով նրանից սիգարետ խնդրեցի ու մի թեթեւ ժպտացի: Նա սկզբում ձգվեց, ձեռքը դանդաղ քսեց ճակատին, հայացքը բարձրացրեց՝ արդեն ոչ թե փողկապիս, այլ դեմքիս ուղղությամբ եւ, ի զարմանս ինձ, նույնպես ժպտաց: Ասես օրը բացվեց:

Այս հրաշքը չքանդեց ողբերգության հանգույցը, այլ ուղղակի ջնջեց այն, ինչպես լույսը խավարն է ջնջում: Այլեւս ոչ մի ողբերգություն չկար: Այս հրաշքը առերեւույթ ոչինչ չփոխեց: Նավթի զզվելի կանթեղը, սեղանը՝ վրան ցրված թղթերով, պատին հենված մարդիկ, առարկաների գույնը, հոտը, ամեն բան մնում էր նույնը: Բայց նաեւ ամեն բան փոխվել էր իր իսկ էության մեջ: Այս ժպիտն ինձ փրկեց: Դա մի նշան էր՝ նույնքան որոշակի, նույնքան ակնհայտ՝ իր գալիք հետեւանքներով, նույնքան անդառնալի, որքան արեւի ծագելը: Այն մի նոր դարաշրջան էր բացում: Ոչինչ չէր փոխվել, բայց ամեն ինչ փոխվել էր: Սեղանը՝ վրան ցրված թղթերով, կենդանություն ստացավ: Նավթի կանթեղը կենդանություն ստացավ: Պատերը կենդանություն ստացան: Այդ նկուղի մեռած առարկաների վրայով ծորացող

ձանձրույթը հրաշքով չքացավ: Ասես աներեւույթ մի արյուն նորից սկսեց հոսել՝ ամեն բան միավորելով մեկ մարմնի մեջ, ամեն ինչի տալով նոր իմաստ:

Մարդիկ նույնպես չէին շարժվել, բայց եթե մի վայրկյան առաջ ինձանից այնքան հեռու էին, որքան նախաջրհեղեղյան մի ցեղ, այդ պահին վերածնվեցին ինձ ավելի մոտ մի նոր կյանքով: Ես արտակարգ ձեւով զգացի նրանց ներկայությունը: Այո՛, ներկայությունը: Եվ զգացի, որ ազգակից եմ նրանց:

Տղան, որն ինձ ժպտաց, որը մի վայրկյան առաջ ընդամենը պարտականություն էր, գործիք, հրեշավոր միջատ, այժմ ինձ թվում էր մի փոքր անճարակ, համարյա ամաչկոտ՝ հրաշալի մի ամաչկոտությամբ: Ոչ թե, որ պակաս կոպիտ էր, քան մի ուրիշը, այդ տեռորիստը, այլ որովհետեւ իր մեջ արթնացավ մարդն իր խոցելիությամբ: Մենք բոլորս հաճախ մեզ խիստ տեսք ենք տալիս, բայց սրտի խորքում գիտենք, թե ինչ է երկմտանքը, կասկածը, տխրությունը...

Դեռ ոչինչ չէր ասվել: Այնուամենայնիվ ամեն բան լուծված էր: Երբ նա սիգարետը մեկնեց ինձ, ես շնորհակալություն հայտնելով ձեռքս դրեցի այդ անարխիստի ուսին: Այդ սառույցը կոտրվելուց հետո մյուս անարխիստները նույնպես դարձան մարդիկ, ես մտա նրանց բոլորի ժպիտի մեջ՝ ինչպես նոր ու ազատ մի աշխարհի:

Ես մտա նրանց ժպիտի մեջ, ինչպես մի ժամանակ Սահարայի մեր փրկարարների ժպիտի մեջ: Օրեր շարունակ մեր ընկերները մեզ փնտրելուց եւ գտնելուց հետո վայրէջք էին կատարել հնարավորին չափ մոտ, մեծ լոնքերով գալիս էին դեպի մեզ եւ, որպեսզի լավ տեսնենք, թեւերի ողջ ուժով թափահարում էին ջրի տիկերը: Փրկարարների ժպիտը՝ եթե ես էի վթարից տուժած, վթարից տուժածների ժպիտը՝ եթե ես էի փրկարարը, հիշում եմ՝ որպես մի հայրենիք, ուր այնքա՜ն երջանիկ եմ եղել: Իսկական ուրախությունն այն է, որը կիսում ես ուրիշների հետ: Փրկարարությունն ընդամենը այդ ուրախության առիթն էր: Ջուրն ամենեւին չի կարող հրապուրել, եթե մարդկանց կողմից արված սրտանց նվեր չէ:

Հիվանդին ցուցաբերած խնամքը, վտարանդիին հատկացրած ապաստանը, նույնիսկ հանցանքի ներումը, արժեք ունեն միայն այն ժամանակ, երբ ժպիտն է լուսավորում այդ տոնը: Մենք միավորվում ենք ժպիտով, որն ավելի վեր է, քան խոսքերը, քան մարդկանց դասերը, քան կուսակցությունները: Ամեն մեկս ունենք մեր սովորույթները, բայց մենք միեւնույն հավատքի հավատացյալներն ենք:

V

Ուրախության այս տեսակը արդյո՞ք մեր քաղաքակրթության լավագույն պտուղը չէ: Տոտալիտար մի բռնապետություն նույնպես կարող է բավարարել մեր նյութական պահանջները: Բայց մենք պարարտացնելու ենթակա կենդանիներ չենք: Բարգավաճումն ու հարմարավետությունը բավարար չեն մեզ համար: Մենք, որ դաստիարակվել ենք մարդու նկատմամբ հարգանքի պաշտամունքով, մեզ համար ամենաթանկը հասարակ ծանոթություններն են, որ հաճախ դառնում են հրաշալի տոներ...

Հարգանքը մարդու նկատմամբ: Հարգանքը մարդու նկատմամբ... Սա է հիմնաքարը: Եթե նացիստը հարգում է բացառապես նրան, ով իրեն է նման, ուրեմն նա հարգում է միայն ինքն իրեն: Նա մերժում է արարչագործ հակասությունները, կործանում է վեր բարձրանալու հույսը եւ գալիք հազարամյակի համար մարդու փոխարեն ստեղծում է մրջնանոցի ռոբոտներ: Կարգ ու կանոնը՝ կարգ ու կանոնի համար, դա ամորձատում է մարդուն, զրկում իր հիմնական կարողությունից, այն է՝ վերափոխել աշխարհը եւ ինքն իրեն: Կյանքն է ստեղծում կարգ ու կանոնը, ո՛չ թե կարգ ու կանոնը՝ կյանքը:

Իսկ մեզ թվում է, որ, հակառակը, մեր վերելքը չի ավարտվել, որ վաղվա ճշմարտությունը սնվում է երեկվա սխալից, որ հենց հաղթահարելի հակասություններն են մեր աճի սնուցող հողը: Նույնիսկ նրանց, ովքեր տարբեր են մեզանից, մենք ընդունում ենք որպես յուրայինի: Ի՜նչ յուրօրինակ ազգակցություն, այն հիմնվում է ապագայի, եւ ո՛չ անցյալի վրա:

Նպատակի, եւ ո՛չ ծագման վրա: Մենք մեկս մյուսիս համար ուխտավորներ ենք, որ տարբեր ճանապարհներով ջանում ենք հասնել միեւնույն ժամադրությանը:

Բայց ահա մարդու նկատմամբ հարգանքը՝ մեր վերելքի նախապայմանը վտանգված է այսօր: Ժամանակակից աշխարհի արհավիրքները մեզ մխրճել են տգիտության մեջ: Մենք խճճված ենք խնդիրների մեջ, որոնց լուծումները հակասական են: Երեկվա ճշմարտությունը մեռած է, վաղվանը դեռ պետք է կառուցել: Ոչ մի ընդունելի լուծում տրված չէ, եւ մեզանից յուրաքանչյուրն իր մեջ պահում է ճշմարտության մի փոքր մասնիկ: Եվ քանի որ ճշմարտություն պարտադրող ակնհայտ ոչինչ չկա, քաղաքական կրոնները դիմում են բռնության: Եվ ահա, պառակտվելով եղանակների ընտրության մեջ, մենք մոռանում ենք, որ շտապում ենք դեպի միեւնույն նպատակը:

Ճանապարհորդը, որ մագլցում է սարը մի աստղի ուղղությամբ, եթե թույլ տա, որ իրեն կլանեն վերելքի դժվարությունները, կմոռանա, թե ո՞ր աստղն էր իրեն ուղեկցում: Եթե քայլի միայն առաջ գնալու համար, երբեք տեղ չի հասնի: Տաճարում վարձու աթոռներ տվող սպասուհին եթե ագահորեն տարվի աթոռների վարձակալությամբ, կմոռանա, որ ծառայում է Աստծուն: Այդպես էլ ես, մխրճվելով քաղաքական կրքերի մեջ, կմոռանամ, որ քաղաքականությունն իմաստ ունի այն դեպքում միայն, եթե ծառայում է մարդու հոգեւոր էությանը: Երջանիկ պահերին մենք ճաշակել ենք մարդկային բարձր փոխհարաբերությունները, մեզ համար ճշմարտությունը դրա մեջ է:

Ինչպիսին էլ լինի գործելու անհրաժեշտությունը, չի կարելի մոռանալ, թե ինչու ենք գործում, այլապես այդ գործողությունը կմնա անպտուղ: Մենք ուզում ենք սերմանել հարգանք մարդու նկատմամբ: Ինչո՞ւ ենք ատում իրար, երբ գտնվում ենք միեւնույն ճամբարում: Մեզանից ոչ ոք իրավասու չէ իրեն վերագրելու մաքրագույն մտքի մենաշնորհը: Ես կարող եմ պայքարել հանուն այն ճանապարհի, որ ես ընտրել եմ, չընդունելով մեկ ուրիշի ընտրած ճանապարհը: Ես կարող եմ քննադատել նրա բանականության կատարած քայլերը: Բանականության կատարած քայլերը հաստատուն չեն: Բայց Ոգեղեն առումով ես պարտավոր եմ հարգել այդ մարդուն, քանի որ նա ձգտում է դեպի միեւնույն աստղը: Հարգանք մարդու նկատմամբ: Հարգանք մարդու նկատմամբ... Եթե մարդու նկատմամբ հարգանքի հիմքը դրված է մարդկանց սրտերում, ապա մարդիկ ի վերջո կհիմնեն ընկերային, քաղաքական կամ տնտեսական այնպիսի կառույց, որ կծառայի այդ հարգանքին: Որեւէ քաղաքակրթություն նախ եւ առաջ հիմնվում է էության վրա: Այն նախ եւ առաջ մարդու մեջ եղած կույր ցանկությունն է որոշակի ջերմության նկատմամբ: Հետո է, որ մարդը, ավելի ու ավելի սխալվելով, բռնում է դեպի կրակը տանող ճամփան:

VI

Ահա թե ինչու, ի՛մ ընկեր, ես կարիքն ունեմ քո ընկերության: Ես ծարավի եմ ունենալու մի ուղեկից, որը, վեր ելնելով մտքի ստեղծած վեճերից, կհարգի իմ մեջ դեպի այդ կրակը գնացող ուխտավորին: Ես կարիքն ունեմ ժամանակ առ ժամանակ նախօրոք համտեսելու այդ խոստացված ջերմությունը եւ, ինքս ինձանից վեր ելնելով, հանգչել այնտեղ, ուր մենք վստահաբար պետք է հանդիպենք:

Ես այնքա՜ն եմ հոգնել բանավեճերից, անհանդուրժողականություններից, մոլեռանդություններից: Ես կարող եմ գալ քեզ մոտ առանց համազգեստ հագնելու, առանց հնազանդվելու ինչ-որ մի ղուրանի օրենքների, առանց հրաժարվելու իմ ներսում եղած հայրենիքից: Քո կողքին ես կարիք չունեմ արդարանալու, պաշտպանվելու, ապացուցելու. քո կողքին ես խաղաղություն եմ գտնում՝ ինչպես մի ժամանակ Տուրնյուում: Իմ անճարակ խոսքերից վեր, դատողություններիցս վեր, որոնցում կարող եմ սխալվել, դու իմ մեջ գնահատում ես Մարդուն: Դու պատվում ես հավատքի, սովորույթների, յուրահատուկ սիրո առաքյալին իմ մեջ: Եթե ինչ-որ բանով տարբերվում եմ քեզանից, ամենեւին չեմ վնասում

քեզ, այլ հարստացնում եմ: Դու ինձ հարցեր ես տալիս այնպես, ինչպես կտայիր մի ճամփորդի:

Ինչպես ամեն մի մարդ, ես նույնպես կարիք ունեմ, որ ինձ հասկանան, ես քեզանով ինձ մաքուր եմ զգում ու գալիս եմ դեպի քեզ: Ես կարիք ունեմ գնալու այնտեղ, որտեղ մաքուր եմ: Ամենեւին էլ իմ դատողություններով ու արարքներով չէ, որ դու ճանաչել ես ինձ: Ընդունելով ինձ այնպիսին, ինչպիսին կամ, անհրաժեշտության դեպքում դու հանդուրժում ես նաեւ իմ արարքներն ու դատողությունները: Երախտապարտ եմ քեզ, որ ինձ ընդունում ես այնպիսին, ինչպիսին կամ: Ինչի՞ս է պետք ընկերը, որն ինձ պետք է դատի: Եթե ինձ հյուր է գալիս մի ընկեր, որը կաղում է, ես նրան հրավիրում եմ նստելու սեղանի մոտ, այլ ոչ թե խնդրում, որ պարի:

Ի՛մ ընկեր, ես քո կարիքն ունեմ այնպես, ինչպես լեռան գագաթի, ուր շնչում են ազատ: Ես կարիք ունեմ քո կողքին կռթնելու սեղանին, մեկ անգամ եւս, Սոնի ափին, խախտված տախտակներով մի փոքրիկ պանդոկում, եւ հրավիրելու երկու նավաստիների ու նրանց հետ չխկացնելու բաժակները՝ խաղաղության մեջ, օրվա պես պայծառ ժպիտով:

Եթե դեռ կարող եմ կռվել, ես կկռվեմ քեզ համար: Ես քո կարիքն ունեմ՝ այդ ժպիտի վերադարձին ավելի ուժգին հավատալու համար: Ես կարիք ունեմ քեզ նեցուկ կանգնելու, որ ապրես: Տեսնում եմ, թե որքան թույլ ես, որքան վտանգված, թե ինչպես ես քարշ տալիս քո հիսուն տարիները, թե ինչպես ես դողդողում, քրքրված վերարկուի մեջ, նպարեղենի մի աղքատ խնութի մայթին՝ մեկ օր ավել գոյատեւելու համար: Դու՝ այնքա՜ն ֆրանսիացիդ, զգում եմ, որ մահվան վտանգը քեզ կրկնակի է սպառնում, որովհետեւ ֆրանսիացի ես, որովհետեւ հրեա ես: Ես զգում եմ, թե ինչ արժե այն համայնքը, որը վեճ չի հանդուրժում: Մենք բոլորս Ֆրանսիայից ենք՝ ինչպես միեւնույն ծառի ճյուղեր, եւ ես կծառայեմ քո ճշմարտությանը, ինչպես դու կծառայեիր իմ ճշմարտությանը: Մեր՝ դրսում գտնվող ֆրանսիացիներիս պարտքն է այս պատերազմում հալեցնել գերմանական ձյան տակ սառած ցանքերը: Մեր պարտքն է նեցուկ կանգնել ձեզ՝ այդտեղ մնացածներիդ: Մեր պարտքն է ձեզ ազատագրել այն հողի վրա, ուր դուք լիարժեք իրավունք ունեք հաստատելու ձեր արմատները: Դուք քառասուն միլիոն պատանդներ եք: Միշտ հալածանքների նկուղներում է, որ ծնվում են նոր ճշմարտությունները. քառասուն միլիոն պատանդներ այնտեղ մտորում են իրենց նոր ճշմարտությունը: Եվ մենք կանխավ հնազանդվում ենք այդ ճշմարտությանը:

Քանզի դո՛ւք եք, որ մեզ ցույց եք տալիս ուղին: Մե՛նք չենք, որ պետք է ոգեղեն կրակը հասցնենք նրանց, ովքեր այն արդեն սնում են իրենց սեփական էությամբ՝ ինչպես մոմի լույսով: Գուցե դուք ամենեւին չկարդաք մեր գրած գրքերը: Գուցե չլսեք մեր խոսքը: Գուցե դեն նետեք մեր գաղափարները: Մե՛նք չենք հիմնում Ֆրանսիան: Մենք կարող ենք միայն ծառայել նրան: Մեր արածի դիմաց երախտագիտության սպասելու ոչ մի իրավունք չունենք: Չկա որեւէ ընդհանուր չափանիշ ազատ մարտի եւ գիշերային ջախջախման միջեւ: Չկա որեւէ ընդհանուր չափանիշ զինվորի արհեստի եւ պատանդի արհեստի միջեւ: Դուք սրբե՛ր եք:

 

Ֆրանսերենից թարգմանեց Մկրտիչ Մկրտչյանը

Source
Մկրտիչ Մկրտչյան
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Publushed: Friday, 22 March, 2019