Կարինե Ավետիսյան
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ, Գլուխ Բ, 9...
1947 թվականին Վիեննայի Մխիթարեան տպարանում մի անչափ կարևոր աշխատություն է հրատարակվել՝ Մխիթարեան Ուխտի Հայրերից՝ Դոկտոր Հ. Վահան Վ.Ինգլիզեանի «Հայաստան Սուրբ Գրքի մէջ . Սուրբ գրական-աշխարհգրական ուսումնասիրութիւն» վերնագրով:
Գիրքը հեղինակի՝ Վիեննայի համալսարանում 1929 թվականին ներկայացված «Դոկտորության քննաճառն» է:
Մի անգամ ևս՝ խորին երախտիքս Հայր Եղիշե Վարդապետ Աւետիսեանին՝ հիշյալ աշխատությունն ինձ տրամադրելու համար:
Հնագույն բազմաթիվ գրքերից կազմված «Աստվածաշունչ» մատյանը ուսումնասիրության կարևոր աղբյուր է ոչ միայն աստվածաբանների համար, այլ նաև՝ արևելագետների և, ընդհանրապես, հնագույն պատմությամբ հետաքրքրվողների համար:
Չնայած դարեր անցած թարգմանությունների պատճառով որոշ անունների, տեղանունների անճշտությունների և, ինչպես Խորենացին է նշել վաղուց, պատմության ընտրովի և միակողմանի շարադրանքին:
Երախտապարտ Հայր Ինգլեզյանին՝ մեր նախնիների հսկայածավալ երկրի հետ աղերսվող տեղանունների որոշակիացման ուղղությամբ կատարած ահռելի գործի համար, կուզեի անդրադառնալ քննարկման ոլորտից դուրս մնացած որոշ կետերի պարզաբանումներին:
Արտաքուստ աննշան բառային ոչ ճշգրիտ թարգմանությամբ հետագայում էականորեն փոփոխվել ու խեղաթյուրվել է պատմությունը:
Առաջին իսկ ներածական էջում հեղինակն ընթերցողի ուշադրությունը սևեռում է մի դրվագի վրա, ուր Հրեաստանը տեղակայված է Միջագետքի և Գամիրքի (Կապադովկիայի) միջև ( «Գործք Առաքելոց, Գլուխ Բ,9):
Իրավացիորեն նշելով, որ Տերտուղիանոսն ու Սբ. Աւգոստինոսը տակավին մինչև 427 թ. իր Retractiones գործում և մինչև իր մահն Իտալիայում «հաստատուն կմնա այստեղ փոխանակ Judaeam - Armeniam կկարդայ»:
Այսինքն՝ 1-2-րդ դարերում ապրած լատինացի գրող ու աստվածաբան Տերտուլիանոսը և 3-4-րդ դարերի փիլիսոփա ու աստվածաբան Սուրբ Ավգոստինոսն աներկբա պնդում են, որ անկասկածորեն Հայկական տարածքի մասին է խոսքը և « Armenia -Հայաստան» են անվանում այն (կարդում):
Առանց խորանալու անպտուղ ենթադրությունների մեջ, հիմք ընդունելով, որ երբեմն Սրբազան հայրերը տվյալ հատվածը ներկայացնում են կա՛մ առանց «Հրեաստանի», կա՛մ տեղը դրված՝ «Հայաստան», «Սիւբիա» (Սուբրիա, Շուպրիա, Ծուպրիա, Ծոփք-Կ.Ա.), կա՛մ՝ «Հրեայք»... և, չգտնելով այս առեղծվածային հարցի պատասխանը, հեղինակը գրքում քննարկում է միայն Արարատ, Միննի, Ասքանազ և Թորգոմ անուններին առնչվող հատվածները:
Մեր ուշադրությունն այժմ սևեռենք հենց ա՛յս բաց թողնված հարցի լուսաբանման վրա, քանզի վերջինիս պարզաբանումն էական նշանակություն ունի հետագա ողջ պատմության մեջ տարածված մի մեծ «շփոթի» համար:
Ժամանակի մոտավոր քարտեզների վրա թռուցիկ մի հայացքն անգամ պարզում է արտաքուստ խրթին թվացող խնդիրը:
Այդ ողջ տարածքում «Հուրիների Երկիրն» էր, մեր հեռավոր «Երկիր Նաիրին», «Մայր Տունի թագավորությունը», որը եգիպտական աղբյուրներից հայտնի է որպես «Միտանի թագավորություն» կամ «Հուրիների Երկիր»:
Իր երբեմնի հզորությունը կորցնելուց հետո այն առանձին ինքնիշխան թագավորությունների էր վերածվել: Այդ իսկ պատճառով տարածքը նշվում է Սուբրիա կամ Հայաստան անվամբ:
Սուբրիայի՝ Ծոփքի մասին առանձին կանդրադառնանք հաջորդ գրառման մեջ:
Նախորդ հրապարակումներում տարբեր առիթներով հիշատակված՝ խեթերի մայրաքաղաք Հատուշայի սեպագիր սալիկներում հանդիպող «Հուրիլի» - «Հուրիներ» բառը Հայկական Լեռնաշխարհի բնիկների՝ Հայերի համար էր գործածվում:
Հնագույն գրավոր աղբյուրներում հիշատակվող «Հրեայք»՝ «Հուրի» Երկրի (Միտանիի՝ Մայր Տունի թագավորության) բնակիչներն էին, ուր պաշտվում էր Արևը ( Հուրը):
Ուստի, Աստվածաշնչի վերոհիշյալ հատվածում «Հուրիների Երկիրը» թերևս անտեղյակության պատճառով որպես «Հրեաստան» է ընկալվել ու հետագայում մեկնաբանվել (թարգմանվել) որպես Հուդայի երկիր՝ տարակուսանք հարուցելով ուսումնասիրողների շրջանում:
Իսկ թե ինչպե՞ս է այնուհետև «Հրեա» անվանվումը գործածվել այլ՝ սեմական ցեղախմբի համար՝ այլ ուսումնասիրության խնդիր է:
Միայն նշենք, որ աշխարհի ոչ մի այլ լեզվում այդ բառը չի գործածվում այսօրվա մեր կիրառած հասկացությամբ ...
Քննարկման արժանի կարևոր մի հարց՝ ուղղված լեզվաբաններին...
Խնդրո առարկային՝ Գործք Առաքելոցի (Գլ. Բ, 9) թվարկմանը վերաբերող հարցին առնչվող մի հատված ենք գտնում նաև Արտաշես Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքում:
«Դուք հիշո՞ւմ եք Պենտեկոստեի օրվա գեղեցիկ տեսիլը.
Եվ եղև հանկարծակի հնչումն յերկնից... և առաքյալները սկսան խոսել յայլ լեզուս...
«մարք և իղամացիք և որ բնակեալ են ի Միջագետս, ի Հրեաստանի և ի Գամիրս»:
Տերտուլիանոսը և Օգոստինոս Հիպոնացին այդ թվարկման մեջ սխալ են գտնում:
«Ի Հրեաստանի» ընթերցվածը ճիշտ չէ և ոչ տեղին:
Հրեաստանը առաքյալների հայրենիքն էր, խոսքը ավելի շուտ պետք է գնար ուրիշ լեզուների մասին, և ապա՝ հրեից անունը տրվում է երկրորդ անգամ:
Միջագետքի ու Գամիրքի միջև ընկած է Հայոց Աշխարհը և ոչ՝ Հրեաստանը:
Պետք է լինի՝ «ի Հայաստանի»:
Այդպես է եղել նախնական բնագրում (վերջին մտքի հղումը՝ Մ. Օրմանյան, «Ազգապատում», Կոնստանդնուպոլիս, 1912թ., մեջբերումը՝ Ա. Մարտիրոսյան, «Մաշտոց», էջ 81):
Ուրեմն՝ նախնական բնագրի «ի Հայաստան»-ը թարգմանվել է «ի Հրեաստան»...
Դա, թերևս, հենց վառ ապացույց է, որ հնագույն Հուրիների երկիրը, Հրո Երկիրը՝ ինչպես Չարենցն է գրել, հենց Հայաստանն է:
Սխալը, հետագայում այդ երկիրը որպես «Հուդայի երկիր» ներկայացնելն է, և, հետևաբար, եբրայեցիներին «հրեաներ» անվանելը...
Հ.գ. Հնագույն շրջանի պատմության ու մշակույթի հարցերի շուրջ այլ մտորումներ՝ նշված կայքում.