Author
Ռուսերենից թարգմանեց Վահան Հարությունյանը

ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ. գիտության, արվեստի. կրոնի առողջություն
ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԸ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԻ, ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ՄԵՏԱՖԻԶԻԿԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՆՃԱՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Էյնշտեյնի հարաբերականության
տեսությունը` միայն մաս հայ գիտնականի
մշակած համընդհանուր տեսության

Երբ տեսնում ես Երկիր մոլորակի էկոլոգիական, հոգևոր-մշակութային և սոցիալական աղետալի վիճակը, մտածում ես, թե ի՞նչ է անում համաշխարհային գիտությունը, ինչու՞  ելքեր չի գտնում, ինչո՞ւ  չի բացահայտում մոլորակի առողջության օրենքները, ինչու՞  չի կրթում պետական- քաղաքական վերնախավերը` իրավիճակը շտկելու համար: Բայց գիտությունը ինչպես ելքեր գտնի, ինչպես կրթի ուրիշներին, երբ ինքն է հայտնվել իրեն ծնած նյութապաշտական աշխարհայացքի և սահմանափակության թակարդում: Գիտությունը գլուխը մխրճել է նյութի մեջ – գենի և սպիտակուցի, մոլեկուլի ու ատոմի, տարրական մասնիկների աշխարհը և այնտեղ է փնտրում ԿՅԱՆՔԻ պահպանման և զարգացման օրենքերը: Փնտրում է ու չի գտնում, որովհետև ԿՅԱՆՔԸ անսահմանորեն ավելի խորն է ու շքեղ, քան միայն նրա կրողներից մեկը` տեսանելի նյութն ու նրա օրենքները:

Բայց ներկա գիտությունը մեջքի վրա չի ընկնում. նյութի օրենքների ճանաչողությամբ նա ստեղծում է տեխնիկայի հրաշքներ, գրեթե արհեստական ինտելեկտ, հիանում է իր ստեղծածով, խաղում իր խաղալիքներով, հետո կուռք է դարձնում և խոնարհվում դրանց առջև: Եվ թե հարցնես` քո ուսումնասիրած նյութական աշխարհը, այդ թվում` բնությունն ու իր տարերքները, արևն ու աստղերը, այս զարմանալի Տիեզերքը Ի՞ՆՉ ՈՒԺ Է ամբողջացնում, ԱՄԲՈՂՋ դարձնում և պահում սքանչելի ներդաշնակության մեջ, ապա գիտությունը չի պատասխանի քո հարցին, այլ մի գոռոզ հայացքով կչափի քեզ և կգնա իր հերթական "հրաշքը" ստեղծելու:

Համաշխարհային գիտությունը ծանր հիվանդ է, և նրա հիվանդությունը աշխարհայացքային է: Նյութի գիտությունը անտեղյակ է, որ կա Ոգու գիտություն, նաև չգիտի, որ Ոգու և Նյութի միջև սահման չկա, դրանք նույն Տիեզերական Նյութի խտացման տարբեր աստիճաններն են, տարբեր տատանողական (վիբրացիոն) մակարդակներով, որոնք ձևավորում են բազմաշերտ ու բանական Տիեզերքը: Եվ մոլորակային կյանքի հիմքը` մայրօրինակը (մատրիցան) գտնվում է ոչ թե տեսանելի և շոշափելի նյութի` գենի ու սպիտակուցի մեջ, այլ Տիեզերական Նյութի միջուկում, որտեղ Նյութի տատանման հաճախականությունը անչափելի բարձր է, իսկ Բանականությունը` Բացարձակ է:

Ներկա գիտությունը նաև հասու չէ, որ Տիեզերքի բարձր շերտերը, Բանականությունից բացի, օժտված են ու կրողն են Բարձրագույն Էթիկական Օրենքների, որոնք նյութի խտացումով էջք են անում նաև մարդկային հասարակության մեջ և սնում մարդկության էթիկայի օրենքները: Ահա թե ինչու` երբ ժամանակակից գիտությունը փորձում է լուծել մոլորակին տիրած էկոլոգիական ճգնաժամը` հաջողության չի հասնում, քանի որ նա անտեղյակ է Բարձրագույն Էթիկական Օրենքներին, առանց որոնց անհնար է գտնել անհրաժեշտ բանալիները: Ահա թե ինչու` երբ ժամանակակից քաղաքակրթությունը որպես առաջնակի արժեք հռչակում է մարդու իրավունքները, բայց ամենուր և ամեն օր դրանք խախտում է, քանի որ դեռևս չի ճանաչել Տիեզերական Իրավունքը և դրանից բխող մարդու բնական իրավունքները: Ահա թե ինչու` երբ ներկա գիտությունը ձգտում է ստեղծել առողջ կրթական, առողջապահական, սոցիալական, տնտեսական և այլ համակարգեր` դա նրան չի հաջողվում, քանի որ մարդու կրթության, առողջության, սոցիալական և տնտեսական կյանքի իրական գիտելիքները և օրենքերը պարփակված են ոչ թե տեսանելի նյութի տիրույթում, այլ Տիեզերական Կյանքի Օրենքների մեջ: Ահա թե ինչու` երբ Երկրագնդի պետականությունները ձգտում են համերաշխության հասնել, մեր տուն- մոլորակը խնամել ու մաքրել, պատերազմներին վերջ տալ` դա նրանց չի հաջողվում, որովհետև այդ պետականությունները սնվում են օգտապաշտության և եսապաշտության օրենքներից, և նրանց անծանոթ է մնում Տիեզերական Օրենսգիրքը:

Ահա, երբ այս մտածումներով հիմնում էինք "Ազգ և առողջություն" հանդեսը` ցանկանում էինք նրա առաջին համարում ներկայացնել այնպիսի մի գիտնականի, որի կերպարը կարող էր լուսավորել Հայաստանի գիտության ապագա ճանապարհը: Եվ չէինք գտնում, և տվայտում էինք, մանավանդ` այս վերջին ժամանակներում, երբ Հայաստանի գիտության ակադեմիական համակարգը պատրաստվում է ապամոնտաժման, իսկ "բարեփոխված" նորի ստեղծման համար, իհարկե, "օգնության" են հասել միջազգային կազմակերպությունները` համաշխարհային անգիտության` էթիկայից և իմաստությունից զուրկ այդ կենտրոնները:

Բայց այս անգամ էլ գիրք ու աղբյուր ուղարկող ձեռքը չուշացավ. հեռավոր մանկությունից եկող և մեր այսօրվան օգնող մի հոգի ճիշտ օրին ու ժամին բերեց գիրքը` Հովհաննես Դավթյանի  "Հիմնարար դաշտի տեսությունը" ( О.К. Давтян. Теория фундаментального поля. Ереван, "Айастан", 1995г)

Ահա թե ո'ւմ էինք սպասել, ահա թե ո'վ կարող է լինել մեր (և ոչ միայն մեր) Գիտության Զորավարը և հավաքել գիտության առողջ ու կենսունակ զորագունդը: Եվ ոչինչ, որ Զորավարը ֆիզիկական կյանքից հեռացել է 1990 թվականին: Նրա գիրքը, տեսությունը և գործերը ապրում են:

Հ. Դավթյանը աշխատել է հիմնարար դաշտի տեսության, հարաբերականության ընդհանուր տեսության վրա և դուրս է բերել դաշտի նոր հավասարումներ, որոնց նկատմամբ Էյնշտեյնի հավասարումները մասնակի բնույթ ունեն և մաս են կազմում ընդհանուր տեսության: Տարածության և ժամանակի, Նյութի և Տիեզերքի տեսական ուսումնասիրությունները գիտնականին բերել են այն եզրահանգման, որ նյութական Տիեզերքը ունի մի թագ` լուսապսակ, որը անսահման ինֆորմացիայի, հիշողության ու բանականության կրողն է: Մարդկային էությունը այդ դաշտի մի մասն է և "մահից" հետո, պահպանելով ինքնագիտակցությունը, դուրս է գալիս ֆիզիկական մարմնից և ձուլվում Տիեզերքի լուսե պսակին:

Հիմնարար ֆիզիկայի միջոցով դեպի Տիեզերական Բանականության` Աստծո գոյության տեսական հիմնավորումը – ահա գիտնականի անցած ուղին:

Հանդեսի այս համարում տպագրում ենք Հ. Դավթյանի մենագրությունից մի քանի հատված` հետագայում հրատարկումները շարունակելու մտադրությամբ: Հովհաննես Դավթյանը կարող է լինել այն խորհրդանիշը, որի կերպարի տված էներգիան կարող է առաջ մղել մեր գիտությունը:

Երբ որևէ գիտնական մտնում է հինավուրց մի վանք և նայում նրա երկնաթռիչ կամարներին կամ էլ բնության տաճարում նայում է աստղալից երկնքին, ապա նրա սրտի ու երևակայության մեջ գուցե շարժվում է ճշմարտության իղձը, բայց երբ նա վերադառնում է աշխատանոց` նորից կոպիտ նյութն ու նրա բաղադրիչները կալում-կապում են նրան և կասեցնում ոգու թռիչքը: Սակայն հայտնի է, որ աշխարհի խոշորագույն հայտնագործությունները արել են ներզգայական ճանաչողությամբ օժտված գիտնական-երազողները, որոնք ոգևորության վայրկանին, երբեմն էլ քնի մեջ` երազի միջոցով հանգել են անհրաժեշտ գիտական հանգուցալուծման: Այդ վեհ վայրկյանին գիտնականի անհատականության միջուկը, նրա միտք–զգացումը թողնում են նրա անձի` ուղեղ – կրթություն – աշխարհայացքի անձուկ տարածքները, սլանում ինքն իր էության խորքը, նրա միջոցով դուրս գալիս, կապվում Տիեզերքի գեոնային պսակին (Հ. Դավթյանի եզրույթով ) և այնտեղ տեսնում հիմնախնդրի միակ ճիշտ գիտական լուծումը, փնտրված բանաձևը, վերծանումը: Այդ վայրկյանին գիտնականի համար այս և այն աշխարհ չկա, նյութի և ոգու բաժանում չկա, նյութի գիտություն և ոգու գիտություն չկա.– այլ կա մեկ աշխարհ` Տիեզերքը, կա մեկ նյութ` Բացարձակը ածանցյալները` տարբեր ձևերի մեջ և կա մեկ գիտություն` անկանխակալ ու արարչական գիտելիք–մեթոդաբանությամբ զինված:

Ահա այս գիտնականը կարող է բարձրանալ ճանաչողության լեռը` հաղթահարելով բոլոր խութերը և հասնել վսեմ գագաթին: Իսկ այնտե¯ղ… Լեռան գագաթին քանի հազար տարի նրան արդեն սպասում են երկու հոգի: Արվեստագետը, որի ամեն ներշնչանքի պահը զրույց է Բացարձակի հետ, քանզի նրա գրած ամեն տողի, վրձնի հարվածի կամ ստեղծած մեղեդու մեջ իրեն արտահայտում է` գրում, նկարում, երգում է Բացարձակը: Եվ երկրորդ հոգին. լեռան գագաթին է Օծյալը, որին արդեն հազարամյակներ հայտնի են իրական գիտության ակունքներն ու օրենքները:

Ահա` այն երկիրը, որի մտավորականությունը կարող է իր գիտակցության մեջ ստանալ այսպիսի գիտնականի, արվեստագետի և Օծյալի գիտելիքի ու իմաստության համաձուլվածքը,- ահա այդ երկիրը կբռնի իրական առաջադիմության ուղին:

Երջանիկ լինենք, որ հայ գիտնական Հովհաննես Դավթյանի հանճարի խաչմերուկում հանդիպել են` Գիտությունը և Կրոնը, իհարկե` նաև Արվեստը, որովհետև նրա ամբողջ կյանքն ու գործը շնչում են արիությամբ և ներդաշնակությամբ:

Լ.Դ.

Հովհաննես Կարապետի Դավթյանը ծնվել է 1911թ. ապրիլի 15-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, հողագործների ընտանիքում: Գյումրիի Խրիմյան յոթամյա դպրոցն ու Մանկավարժական տեխնիկումը ավարտելուց հետո նա 1931թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանը, այնուհետև կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում և 1936 թ. այն ավարտել է գերազանցության դիպլոմով: Մինչև 1939թ. աշխատել է Մոսկվայի նավթաբանության ինստիտուտի Ֆիզիկական քիմիայի ամբիոնում, որտեղ 1938թ. պաշտպանել է քիմիական գիտությունների թեկնածուական թեզ` "Մոլեկուլների ասոցացիայի տեսություն" թեմայով:

1939-46թթ Հ. Դավթյանը աշխատել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտում, որտեղ զբաղվել է էլեկտրաքիմիական էներգիայի հիմնախնդիրներով և պաշտպանության ոլորտում կատարել է հույժ պետական գաղտնիք հանդիսացող գիտական աշխատանքներ: 1944թ. պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան: 1947թ. հրատարակել է "Վառելանյութի քիմիական էներգիան էլեկտրական էներգիայի ամիջական փոխակերպման հիմնախնդիրը" գիրքը: Այդ աշխատությունը աշխարհում առաջինն էր, որտեղ ներկայացված էին ջերմային էլեմենտների աշխատանքի տեսությունն ու տեխնոլոգիաները: Այդ աշխատանքների համար Հ. Դավթյանը պարգևատվել է "Կարմիր աստղ" շքանշանով: Պատերազմից հետո մեկ տարի աշխատել է Կազանում: 1946թ. ՀԽՀ ԳԱ նախագահությունը նրան հրավիրում Հայաստան: Հ. Դավթյանը հիմնում է ֆիզիկական քիմիայի լաբորատորիա, որը ծառայել է որպես բազա` ռադիոակտիվ իզոտոպների հարստացման և գազային խառնուրդների անջատման ընդհանրացված տեսության ստեղծման համար: Միաժամանակ քվանտային քիմիայի թեմաներով դասախոսում էր ԵՊՀ-ում: Նախանձախնդիր գործըկերների կոմից հալածանքների ենթարկվելով տեղափոխվում է Վիլնյուս, որտեղ ղեկավարում է տեղի համալսարանի ամբիոնը: 1953թ. ստանում է ֆիզիկայի պրոֆեսորի կոչում և հաղթելով մրցույթը ընտրվում է Օդեսայի համալսարանի ֆիզկական քիմիայի ամբիոնի վարիչ: 1962թ. հրատարակում է "Քվանտային քիմիա"` ԽՍՀՄ-ում առաջին նմանօրինակ դասագիրքը:

1968թ. Հ. Դավթյանը նորից հրավիրվում է Երևան: Շուտով թողնում է փորձարարական աշխատանքները և զբաղվում է տեսական ֆիզիկայով ու իմաստասիրությամբ: Նա ամբողջովին կլանված էր կյանքի ու մահվան, հոգու անմահության և բարոյագիտության մասին մտորումներով: Հանգուցյալ կնոջ` Է. Մասյուկի հուղարկավորությունից հետո, գիշերը նրան երազում հայտնվում է մի Լուսավոր Էակ, տալիս է սպիտակ մի թուղթ, որի վրա գրված են եղել հավասարումներ: Առավոտյան Հ. Դավթյանը հիշողությամբ վերատադրում է այդ հավասարումերը, որոնց վրա աշխատելով` հետագայում պարզում է, որ դրանք արտացոլում են հարաբերականության համընդհանուը տեսությունը, որի մասնավոր դեպքն է համարվում Ա. Էյնշտեյնի տեսությունը: Ա. Էյնշտեյնի հեղինակությունը այնքան բարձր էր, որ ոչ մեկը այդ մասին հրապարակումներ չեր անում: Այնուհետև Գերմանիայում "Annalen der Phyzik" ամսագրում, որի խմբագիրը ժամանակին եղել է Ա. Էյնշտեյնը, տպագրվում են այդ հավասարումները: Այդ հավասարումներից բխում է այն հետևությունը, որ հնարավոր է Տիեզերքում գոյություն ունենա Գերբանականություն:

1972թ. Հ. Դավթյանը ամուսնանում է Է. Լալայանի հետ, որի հետ միասին գրում է "Գրիգոր Նարեկացու աշխարահայացքը" ծանրակշիռ աշխատությունը: Հ. Դավթյանը վախճանվել է 1990թ., չի ունեցել ժառանգ, սակայն թողել է եզակի կարևորություն ունեցող գիտական ժառանգություն:

Հ. Դավթյանի կատարած աշխատանքների մասին ծայրագույնս համառոտ տեղեկագրությունը կազմել է շուրջ 100 էջ, որը հրատարակվել է 2001թ. Երևանում "Հովհաննես Դավթյան" վերնագրով /ռուսերենով/:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Հ. Դավթյանի "Հիմնարար դաշտի տեսություն" գրքից և ակնկալում ենք, որ կգտնվեն բարեգործներ, որոնց ֆինանսական աջակցությամբ հայերենով կհրապարակվեն Հ. Դավթյանի համաշխարհային գիտության փառավոր մաս կազմող բոլոր աշխատանքները: Նրա աշխատանքների պսակը "Հիմնարար դաշտի տեսություն" մենագրությունն է, որն ամփոփում է նրա աշխատանքները աշխարհակառույցի` տարածության և ժամանակի, նյութի և Տիեզերքի մասին:

Պատրաստեց Վ. Հարությունյանը

Հովհաննես ԴԱՎԹՅԱՆ

ՀԻՄՆԱԿԱ*  (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՏԻԵԶԵՐՔԸ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հատվածներ "Հիմնարար դաշտի տեսություն" գրքից

 

Հիմնակա (ստացիոնար) Տիեզերքի մասին

Տիեզերքը գտնվում է գալակտիկաների նյութական զանգվածից գեոնային զանգվածի (էլեկտրոմագնիսական-գրավիտացիոն ճառագայթման) և գեոնային զանգվածից նյութական զանգվածի փոխակերպման շարժընթացային հավասարակշիռ վիճակում: Այս գործընթացներից առաջինը տեղի է ունենում մետագալակտիկայի արտաքին ռեակցիոն գոտիներում, իսկ մյուսը` (ճառագայթների փոխակերպումը նյութի) մետագալակտիկայի մեջ, (օրինակ` գալակտիկաների միջուկներում):

Տիեզերքի նյութական զանգվածը ամբողջությամբ պարուրված է գեոնային զանգվածով, որն ունի հսկա թագի` "ճերմակ լուսապսակի" տեսք: Ընդհանրապես, նյութական զանգվածի վրա գեոնային պսակ կարող է գոյանալ այն դեպքում, երբ տվյալ զանգվածը հասնում է սահմանային մեծության: Վերջինս որոշվում է հետևյալ բանաձևով` 2GM/Rk=c, որտեղ M-ը զանգվածն է, Rk-ն` սահմանային կամ շվարցշիլդովյան շառավիղը, c-ն` լույսի արագությունը, իսկ G-ն` գրավիտացիոն հաստատունը: Սահմանային վիճակում նյութական զանգվածը "այրվում" է` փոխակերպվելով էլեկտրոմագնիսական-գրավիտացիոն ճառագայթների: Ճիշտ այդպիսի գործընթաց է տեղի ունենում մետագալակտիկայի արտաքին ոլորտում: Այդ դեպքում էլեկտրոմագնիսական և գրավիտացիոն ճառագայթները, ինչպես ամպ, պարուրում են մետագալակտիկան` առաջացնելով գեոնային պսակ:

Սակայն չի հաստատվում, որ Տիեզերքի գեոնային պսակը միայն գալակտիկական զանգվածների "այրման" գործընթացի արդյունքն է: Գեոնային պսակը, հավանաբար, միշտ գոյություն է ունեցել, ինչպես և ինքը` մետագալակտիկան` անկախ "այրման" գործընթացներից:

Հիմնակա Տիեզերքի տեսության մյուս կարևոր դրույթը այն է, որ, ակնառու է, գոյություն ունեն անսահման քանակության Տիեզերքներ` մետագալակտիկաներ, ինչպես մերը` գեոնային պսակներով պարուրված, և բոլորը գտնվում են ջերմային և տեղեկատվական փոխհավասարակշիռ վիճակում:

Յուրաքանչյուր գալակտիկայի գեոնային պսակ կարող է կլանել տվյալ մետագալակտիկայից արձակվող ճառագայթները, և բոլոր մետագալակտիկաների պսակները, միասին վերցրած, գտնվում են շարժընթացային փոխներգործական գործընթացում:

 

Գեոնային համակարգը որպես անսպառ տեղեկատվություն կրող

Գեոնային համակարգը գրավիտացիոն-իներցիալ և էլեկտրամագնիսական ճառագայթների խտացում է: Վերջիններս զսպվում են սեփական գրավիտացիոն դաշտի շնորհիվ: Այլ կերպ ասած` գեոնի գոյությունը պայմանավորված է երկու երկրաբանական գոտիների (ավել ճիշտ` երկրաբանական մակերեսների) առկայությամբ: Սա նշանակում է, որ գեոնային համակարգին բնորոշ հատկությունը կարող է այնպիսին լինել, որ ամբողջ աշխարհից այնտեղ մուտք գործող բոլոր ճառագայթները, մասնակիորեն կամ ամբողջությամբ, մնան նրա մեջ: Քանի որ ցանկացած ճառագայթում պարունակում է իր աղբյուրի մասին որոշակի տեղեկատվություն, ուրեմն` Տիեզերքի գեոնային համակարգը, փաստորեն, անսահման քանակությամբ տեղեկատվական դաշտերի ամբողջականություն է: Այդ համակարգը ընդունում և պահպանում է մեր աշխարհում (և ուրիշ աշխարհներում) կատարվող բացարձակապես բոլոր գործընթացների մասին տեղեկատվություն:

Խոսելով տեղեկատվության մասին` այստեղ պետք է հասկանալ, որ անպայման կատարվում է տեղեկատվական ազդանշանների համաձևույթ, այսինքն` աշխարհում կատարվող գործողությունների մասին ստացված տեղեկատվական ազդանշանների համանմանեցում` ըստ իմաստի և բովանդակության: Ազդանշանների նյութական կամ էներգետիկ վիճակը (էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ալիքներ) տեղեկատվական են այքանով, որքանով, տվյալ դեպքում, ճառագայթային էներգիան տեղեկատվություն է կրում: Այսպիսով, էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ազդանշանները, որպես տեղեկատվություն, կարևոր են ոչ թե նյութական կամ էներգետիկ բնույթով, այլ իմաստաբանական նշանակությամբ:

Գեոնային համակարգի մյուս կարևոր բնորոշ հատկությունը այն է, որ նրա կողմից ընկալված ազդանշանները, գեոնային համակարգի նկատմամբ հաշվարկի դեպքում, տեղ են հասնում անսահման մեծ արագությամբ` ժամանակա-տարածական զրոյական հատվածում (ds=0): Բացի այդ, տեղեկատվության տարածումը, փորձարարական հաշվարկների համեմատությամբ, հնարավոր է, որ կատարվում է գերլուսային արագությամբ:

Տեղեկատվության ընկալումը, կուտակումը և պահպանումը բոլոր կիբերնետիկ համակարգերի ամենակարևոր և անհրաժեշտ հատկություններն են: Ավելին` մետագալակտիկաների, ինչպես նաև Տիեզեքի, գեոնոյին համակարգերը ոչ միայն ընդունում, կուտակում և պահպանում են տեղեկատվություն, այլև, ամենայն հավանականությամբ, նրանք ունեն բնության մեջ կատարվող բոլոր երևույթները ճանաչելու հատկություն` իրենցում հիշողության ձևով պահպանվող և ընդունվող տեղեկատվության համահարաբերակցության շնորհիվ: Իսկապես, այժմ քաջ հայտնի է, որ կիբերնետիկ մեքենան և մարդը, առանց նախնական փորձը "գրանցելու" ընդունակության, չեն կարող բանականություն դրսևորել: Այլ կերպ ասած, հիշողությունից զրկված համակարգերը չեն կարող ճանաչել և մտածել: Ճանաչողական գործընթացները և դրանցից բխող բանական վարքը պետք է հիմնված լինեն պահպանվող տեղեկատվության հետ կատարվող համեմատության վրա: Իսկ գեոնային համակարգում համեմատության գործընթացներ պետք է կատարվեն, ըստ նույնանման տատանումների փոխուժեղացման օրենքի, ռեզոնանսի նմանվող ալիքների զուգադրման շնորհիվ: "Ռեզոնանսին" վերաբերվում են ոչ միայն հաճախականության (ոչ մեծ ժամանակահատվածում) և ամպլիտուդային, այլ նաև փուլային մոդուլացիաները, որոնք տվյալ հաճախականության դեպքում կրում են տեղեկատվություն: Այսպիսով, գեոնային համակարգ մուտք գործող ցանկացած տեղեկատվություն իր տեղը կգտնի անսահման քանակության տեղեկատվական ազդանշանների շարքում` այստեղ պահպանվող համանման, կամ բովանդակությամբ մոտ, տեղեկատվության հարստացման ճանպարհով: Եթե տեղեկատվություն կրող ալիքները գծային տատանումներ չեն, ինչպես, օրինակ` գրավիտացիոն ալիքները, ապա նշված երևույթը կարող է ուղեկցվել փոթորկումով, և կարող է տեղի ունենալ մարում` արգելակում: Ինչպես հետո կտեսնենք, ինչ-որ նման մի բան տեղի է ունենում մարդու գլխուղեղում` ճանաչողության գործընթացում:

Տեղեկատվության ընկալումը, պահպանումը և մշակումը համապատասխանում են մտավոր այնպիսի գործընթացներին, ինչպիսիք են ընկալումը, ճանաչումը, հիշողությունը, պատկերացումը և երևակայումը: Մտքի առաջացումը պայմանավորված է ակտիվության տարբեր մակարդակներում տեղեկատվությունը պահպանող հիշողության որոշ կենտրոնների գրգռումով և հիշողության այլ կենտրոնների ագելակումով: Գրգռումներն ու արգելակումերը տվյալ դեպքերում կարող են տեղի ունենալ ինչպես արտաքինից, այնպես էլ գեոնային համակարգի ներքին ոլորտից եկող ազդանշանների միջոցով: Այսպես կարող է գեոնային համակարգի մտածողությունը ձևավորվել` ինչպես մարդու ուղեղում:

Արտահայտված գաղափարները խոսում են այն մասին, որ, ամենայն հավականությամբ, բոլոր մետագալակտիկաների գեոնային համակարգերը, միասին վերցրած, կարող են դիտվել որպես մի ինչ-որ բնական, համապարփակ, ինքնակառավարվող համակարգ` օժտված անսահման հիշողությամբ և, հետևապես, ծայրահեղ մեծ բանականությամբ: Ընդ որում, Տիեզերքի էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիոն դաշտերը կարելի է դիտել, մեր մետագալակտիկայի համար, որպես կատարյալ "ծայրամասային նյադային համակարգ" և ընկալչական ու հաղորդչական բնույթի անսահման գեոնային ուղեղ: Գեոնային պսակի ճառագայթների հաճախականությունները, զուգորդման և զուգակցման գործընթացը կարող է կարգավորվել Վիների հայտնի ինքնազուգորդման տեսության մեխանիզմով: Եվ ինչքան էլ անսահմանափակ ժամանակաընթացում այդպիսի անսահման բանականության զարգացման հավանականությունը քիչ լինի, այն, համենայն դեպս, զրոյից կտարբերվի: Սակայն, ըստ հավանականության տեսության հայտնի դրույթների, երբ հիմնակա Տիեզերքը և մյուս մետագալակտիկաները գոյություն ունեն անսահաման ժամանակի մեջ, այդպիսի հավանականություն պետք է հավաստի լինի: Ելնելով ճառագայթային տեղեկատվության հատկություններից, գեոնային համակարգի հիշողությունը, երևի, կարելի է նմանեցնել հոլոգրաֆիկ գրանցմանը, որը բնորոշ է նրանով, որ ամբողջ տարածության մասին տեղեկատվությունը ինչ-որ չափով վերաբերվում է այդ տարածության ցանկացած կետին:

Անսահման մեծ բանականության հնարավոր գոյության մասին արտահայտված գաղափարները անպատրաստ ու պահպանողական ընթերցողին կարող են շատ հանդուգն թվալ: Որպեսզի նման ընթերցողի մոտ թյուրիմացություն չառաջանա, որը կապված է գիտակցության մեջ պատմականորեն արմատավորված ուղեղի պաշտամունքի հետ (կամ, առհասարակ, այն ուղեղի, որը կառուցված է սպիտակուցային նյութերի հիման վրա), նշում եմ, որ ընդհանրապես, ոչ մեկը տեսականորեն և սկզբունքորեն չի կարող բացառել, որ մարդկային ուղեղի կողքին բնության մեջ կարող են գոյություն ունենալ բնական այլ կիբերնետիկ համակարգեր: Այս հարցի վերաբերյալ օգտակար է նշել Վ. Հ. Համբարձումյանի և այլ նշանավոր գիտնականների կարծիքները, ըստ որոնց, չի բացառվում` Տիեզերքում որևէ տեղ կիբերնետիկ համակարգերի, և նույնիսկ, ինքնավար մասերից բաղկացած միասնական կիբերնետիկ համակարգերի գոյությունը: Այս հարցի վերաբերյալ Ա. Ն. Կոլմոգորովը արտահայտում է հետևյալ հետաքրքիր միտքը. "Տիեզերագնացության դարում իզուր չի ենթադրել, որ մենք կարող ենք բախվել ավելի զարգացած և միաժամանակ մեզ չնմանվող ուրիշ կենդանի արարածների հետ… Ինչու՞, օրինակ, զարգացած արարածը չունենա քարերին փռված բորբոս-կեղևի տեսք": Այս աշխատանքի վերջին մասում կակնարկվի մարդու բանականության և գեոնային բանականության` առայժմ միակողմանի թվացող սերտ կապի մասին:

Իսկ այժմ մենք ունենք ուղեղի աշխատանքի մեխանիզմի պարզաբանությունը, առանց որի հնարավոր չէ լուծում տալ առաջադրված որևէ խնդրի:

 

Ուղեղը որպես տեղեկատվություն ճառագայթող

Կենսաբանական օբյեկտները իներցիալ ալիքների ստեղծիչներն ու փոխակերպիչներն են:

Մենք եկանք այն եզրակացության, որ նյութական համակարգի իներցիալ շարժումը, որը կախված է ժամանակի ընթացքում նրա էներգիայի փոփոխության հետ, կարող է ծառայել որպես հիմնարար դաշտի փոթորկման պատճառ, արդյունքում առաջացած իներցիալ ալիքները կարող են տարածվել հիմնարար արագությամբ: Կենսաբանական օբյեկտները կարող են ծառայել որպես իներցիալ ալիքների աղբյուր:

Իսկապես, իներցիալ ալիքները առաջանում են ցանկացած արագացման դեպքում, այդ թվում նաև տատանողական գործընթացներում, որոնց ժամանակ էներգիա է ծախսվում: Այդ ալիքների միջոցով տվյալ գործընթացների մասին (ֆիզիկական, քիմիական և կենսաբանական) տեղեկատվությունը մուտք է գործում հիմնարար դաշտ, և աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները այնտեղ "գրանցվում են"` ամբողջությամբ և բացարձակապես անսխալ:

Հիշողության մեխանիզմի կենսագործունեությունը և մկանների աշխատանքը կատավում է այն էներգիայի հաշվին, որի աղբյուրը հանդիսանում է ԱԵՖ-ի մոլեկուլը:

Բջիջներում կենսաբանական մոլեկուլների տատանողական գործընթացը առաջացնում է ԱԵՖ-ի "այրում" և հակառակը` ԱԵՖ-ի "այրումը", ինքնըստինքյան, առաջացնում է կենսաբանական մոլեկուլների տատանում: Կենսաբանական օբյեկտներում, այդ թվում և` մարդու ուղեղում, համատեղ գործող կենսաբանական տատանակները կարող են առաջացնել օրգանիզմի կենսագործունեության, մտածողության և պատկերների ընկալման մասին տեղեկատվական իներցիալ ալիքներ: Իր հերթին, մարդու ուղեղն ունի իներցիալ ալիքների տեսքով արտաքինից ներթափանցող տեղեկատվությունը (համեմատելով այն հիշողության մեջ արդեն պահպանվող տեղեկատվության հետ) ճանաչելու ընդունակություն (որը կարելի է զարգացնել): Ընդ որում, այդ գործընթացը ռեզոնանսի բնույթ ունի. ազդանշանները առաջացնում են հիշողության կենսաբանական տատանիչների մոլեկուլային կապերի տատանումներ, եթե ազդանշանների "կառուցվածքը" (ձև, հաճախականություն, փուլ, ամպլիտուդ) համընկնում է, կամ մոտ է ուղեղում գրանցված ազդանշաններին:

 

Մարդկային էության` "ես"-ի փոխակերպությունը "եթեր"-ի

Վերը նշված տրամաբանական հայեցակարգը այն է, որ ընկալման, ճանաչողության և այստեղից բխող մտածողության գործընթացները սերտորեն կապված են հիշողության մեջ սևեռված կապերի գրգռման և ուժեղացման հետ: Ճանաչողության կամ մտածողության գործընթացի ավարտից հետո տվյալ շղթայի ("նախշի") մոլեկուլային շղթաների տատանումները անցնում են հանգստի` "տնտեսողական" վիճակի: Այդ գործընթացները առնչակից են ընկալման և մտածողության մասին լրիվ տեղեկատվություն կրող էլեկտրամագնիսական ճառագայթմանը: Այդ տեղեկատվական ազդանշանները, վերջին հաշվով, հասնում են Տիեզերքի լուսապսակին: Հիշեցնենք, որ գեոնի հաշվարկման համակարգում ցանկացած տեղից ինֆորմացիա ստանալու համար ժամանակ չի պահանջվում: Բացի դրանից, ինչպես ցույց է տրված աշխատությունում, նույնիսկ փորձարարական հաշվարկի համեմատությամբ, գոյություն ունի գերլուսային արագությամբ տեղեկատվության տարածման հնարավորութուն: Այս կերպ, մարդկային ուղեղի ճանաչողության և մտածողության ամբողջ պատկերը "ակնթարթորեն" հասանելի է դառնում անսահման ուղեղին` Տիեզերքի լուսապսակին: Քաջ հայտնի է, որ մարդկային էությունը` "Ես"-ը, ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա գոյածագման և ցեղածագման մասին տեղեկատվություն` հիշողության ձևով արտահայտված: Մարդու հոգևոր էությունը, հիմնականում, նրա ամբողջ կյանքում ձեռք բերած փորձն է: Մարդկային "Ես"-ը չի փոխվում նրա մարմնի որևէ օրգանի կամ ամբողջ օրգանների` (իհարկե, բացի ուղեղից) այլ մարդու կամ արհեստական օրգաններով փոխարինելուց հետո, եթե նրա հիշողությունը պահպանվում է: Միայն մարդու հիշողության "ջնջումը" կբերի նրա սեփական "Ես"-ի վերացմանը:

Այդ երևույթը ամբողջովին պայմանավորված է տեղեկատվության հատկություններով: Համաձայն տեղեկատվության տեսության` ցանկացած տեղեկատվություն կարող է բխել տեղեկատվությունից: Նրա քանակը և բովանդակությունը նրա կրողի փոխակերպումից չի փոփոխվում: Այլ կերպ ասած, տեղեկատվությունը իր կրողի նյութական և էներգետիկ վիճակի փոփոխության նկատմամբ անտարբեր է: Ամեն մի սարքավորում, որը նախատեսված է տեղեկատվության պահպանման և հեռահաղորդման համար, կախված չէ տվյալ տեղեկատվության կոնկրետ բնույթից: Հաղորդման սարքը չի կարող ազդել տեղեկատվության որակի և քանակի վրա: Տեղեկատվության օրենքից հետևում է, որ մարդկային "Ես"-ի կրողը սկզբունքորեն կարող է լինել ոչ միայն ուղեղը, այլ նաև ցանկացած սարքավորում: Դա նշանակում է, որ մարդկային էությունը կարող է տեղափոխվել մի "տարողությունից" մյուսը, որը կարող է ունենալ բոլորովին ուրիշ կառուցվածք: Այսպիսով, մարդկային էությունը կախված չէ կրողներից: Նրանք կարող են լինել տատանողական շարժման մեջ գտնվող սպիտակուցային մոլեկուլների ամբողջություն, կամ ասենք, իներցիալ, էլեկտրամագնիսական կամ գրավիտացիոն ալիքներ:

Հարկ է նշել, որ արծարծված միտքը նոր չէ: Հերբերտ Վիները` կիբերնետիկայի հիմնադիրը, ասել է, որ մարդկային էությունը կարող է "ճամփորդել հեռահաղորդիչներով": Նա գրել է. "Այն փաստը, որ մենք հեռահաղորդիչներով չենք կարող մարդուն փոխանցել մի տեղից մի ուրիշ տեղ, դա, թերևս, պայմանավորված է, այսօրինակ արմատական վերակառուցման դեպքում, կյանքը պահպանելու տեխնիկական դժվարություններով": Ուրիշ մի աշխատանքում նա իր միտքը պարզաբանում է այսպես. "… ես ասել եմ, որ մարդկային էակը սկզբունքորեն կարող է հաղորդիչով հեռահաղորդվել: Թույլ տվեք ինձ հենց այստեղ նշել, որ տվյալ դեպքում ծագող դժվարությունները գերազանցում են դրանք հաղթահարելու իմ հնարավորություններին: Այժմ, և, հնարավոր է, մարդկային ցեղի գոյության ամբողջ ընթացքում, այդ գաղափարի իրագործումը կարող է անհնարին թվալ, սակայն չի նշանակում, որ դրան հասնել հնարավոր չէ": Այստեղ Վիներին կարելի է հասկանալ այսպես, որ հիշողության մեջ պահպանվող ամբողջական տեղեկատվության` մարդկային էակի, հեռահաղորդման համար պահանջվում է ծայրաստիճան կատարելագործված կիբերնետիկ համակարգ: Բայց ինչպես մենք տեսանք, այս ուսմունքից բխում է այն, որ այդպիսի ծայրաստիճան կատարելագործված կիբերնետիկ համակարգ` օժտված անսահման հիշողությամբ և տեղեկատվություն հաղորդելու կատարյալ հնարավորությամբ, գոյություն ունի և միշտ գոյություն է ունեցել աշխարհում. դա գեոնային համակարգն է` Տիեզերքի էլեկտրա-մագնիսական, գրավիտացիոն և իներցիալ դաշտերի հետ միասին:

Բերված դրույթների հիման վրա, մենք կկարողանանք մարդկային էությունը հաղորդել Տիեզերք` էլեկտրամագնիսական-իներցիալ ալիքների միջոցով: Իսկապես, ինչ-որ կարճ ժամանակահատվածում, ինչ-որ պատճառով թող գրգռվեն հիշողության բոլոր կենտրոնները` տրամաբանական հերթականությամբ: Ի դեպ, ինչպես մենք տեսանք, "տնտեսման" պայմաններում նրանք օգտագործում են ԱԵՖ-ի մոլեկուլների էներգիան: Նշանակում է, որ այս ժամանակահատվածում մարդկային "Ես"-ը կգտնվի ամբողջովին գրգռված վիճակում: Եվ թող հիշողության տատանակների գրգռման այսպիսի կարճ ժամանակահատվածում հիշողության բոլոր կենտրոնները անցնեն հանգիստ վիճակի (ուղեղի բնականոն վիճակ): Հասկանալի է, որ երբ հիշողության տատանակները մի էներգետիկ վիճակից մյուսին են անցնում, համաձայն քվանտային և իներցիալ տեսություների դրույթների, հիշողության բոլոր կենտրոնները պետք է ճառագայթեն էլեկտրամագնիսական և իներցիալ ալիքներ: Այդ ալիքները, ըստ վերը բերված պատկերացումների, տվյալ մարդու էության մասին լիարժեք տեղեկատվություն կկրեն: Հիշողության կենտրոնները մի վիճակից մյուսը նման և ավելի կտրուկ անցումներ պետք է կատարեն, երբ հիշողությունը հանկարծակի և ամբողջովին "ջնջվում" է:

Այդպիսի երևույթ փաստորեն տեղի է ունենում յուրաքանչյուր մարդու հետ մի անգամ նրա կյանքում` մահվան պահին: Ինչպես մենք տեսանք, համաձայն հիշողության մեխանիզմի մասին սույն տեսություն, մահվան պահին ուղեղի հիշողությունը ակնթարթորեն և լրիվ "ջնջվում" է: Ահա այսպես, ուղեղի մահը, այսինքն` հիշողության բոլոր մոլեկուլների տատանողական շարժումների հանկարծակի անցումը ջերմային քաոսատիպ շարժման, ուղեկցվում է էլեկտրամագնիսական և իներցիալ ճառագայթումով, որը պետք է բովանդակի մարդու էության մասին, ինքնագիտակցական բնորոշ դրսևուրումներով հանդերձ, լրիվ տեղեկատվություն:

Ասածին հարկավոր է ավելացնել, որ մարդկային ուղեղի գործառույթի մարման գործընթացին, երբ ինֆորմացիան հաղորդվում է Տիեզերք, պետք է նախորդի հիշողության "պայծառացումը": Սա պայմանավորված է օրգանիզմի ինքնապաշտպանական հատկությունով: Եվ դա բացատրվում է նրանով, որ մարդու մահից առաջ, որոշակի ժամանակ, պահեստային ԱԵՖ-ի մոլեկուլների ավելացած ծախսի հաշվին, ուժեղանում է նրա օրգանիզմի կենսագործունեությունը և ուղեղում կյանքին վերադառնալու ուժեղ ռեակցիա է առաջանում (հոգեվարքային "բռնկում"): Այդ ռեակցիայով է պայմանավորված սափական "Ես"-ի "բռնկումը", որից հետո այն տեղափոխվում է Տիեզերք:

Եվ այսպես, ուղեղի մահը (անցումը քաոսային վիճակի) ուղեկցվում է տվյալ անհատի էության ճառագայթումով "եթեր"` էլեկտրամագնիսական և իներցիոն ալիքների ձևով: Դա նշանակում, որ մարդկային էակի մահը ուղեկցվում է ժամանակ-տարածության աշխարհից դեպի գեոնային համակարգ անցումով: Գեոնային համակարգը մարդկային "Ես"-ը հզորացնում է` գեոնային հիշողության մեջ պահպանված նույնատիպ "Ես"-ի ալիքների զուգորդման և ռեզոնանսային համահարաբերակցության ճանապարհով: Նկարագրվածը, որ ինֆորմացիան մի կրողից անցնում է մի ուրիշ կրողի որոշ առումով բազմաբնույթ երևույթը է: Նշանակում է, որ ամեն անգամ, երբ գործող համակարգը անցնում է քաոսային վիճակի, միաժամանակ տեղի է ունենում այդ համակարգի կառուցվածքի մասին տեղեկատվության ճառագայթում (կամ, ընդհանրապես, տեղի է ունենում արտահոսք):

Ներկայացված գաղափարներից, բնականաբար, բխում այն, որ ծայրահեղ դեպքում գոյություն ունի մի օրենք, որի համաձայն տեղեկատվության և էնտրոպիայի հարաբերությունը, կամ երևի նրանց գումարը, հաստատուն մեծություն է, եթե տեղեկատվությունը անընդհատ չի աճում: Այդ տեսակետից, հիմնակա Տիեզերքի մասին, որպես մեկուսացված ինչ-որ համակարգի (թերմոդինամիկական առումով), այն պատկերացումը, որ այնտեղ էնտրոպիան ձգտում է առավելագույնի, իսկ տեղեկատվությունը` նվազագույնի, ճիշտ լինել չի կարող: Էնտրոպիայի աճման գորընթացին համընթաց, տվյալ մասից համապատասխան քանակությամբ տեղեկատվություն է արտահոսում և, համապատասխանաբար, կուտակվում է աշխարհի մի ուրիշ մասում: Այսպիսով, Տիեզերական չափանիշներով, եթե էնտրոպիան աճում է Տիեզերքի որևէ մասում, ապա միաժամանակ նվազում է այն (տեղեկատվության աճ) մի ուրիշ մասում: Հիշեցնենք, որ Վիների և ուրիշների հաստատմամբ տեղեկատվությունը կախված է հավանականությունից այնպիսի լոգարիթմական առույթով, ինչպես էնտրոպիան, սակայն հակառակ նշանով:

Այս եզրակացությունը անմիջականորեն բխում է այն պատկերացումից, որ Տիեզերքը գտնվում է բուռն զարգացման և ինքնակարգավորման վիճակում, այն հիմնակա և հավերժական է:

Որպես եզրակացություն, կարևոր եմ համարում ասել հետևյալը. ինչպես հայտնի է, արդի ժամանակում գիտական հրատապ խնդիր է արտերկրային քաղաքակրթությունների փնտրտուքը: Ինձ թվում է` մարդկության համար ավելի կարևոր է անսահման բանականության դրսևորման և նրա` մարդու ինտուիտիվ մտածողության վրա ունեցած ազդեցության փաստերի հայտնաբերումն ու հետազոտումը:

Այս աշխատության շատ ընթերցողներ, որոնք ծանոթ են իմաստասիրության պատմությանը, անկասկած կնկատեն, որ այստեղ արծարծված որոշ գաղափարներ, այս կամ այլ կերպ, արտահայտվել են դեռևս Հնդկաստանի, Չինաստանի և անտիկ աշխարհի իմաստասերների կողմից: Առհասարակ, դա բոլորովին նորմալ երևույթ է: Քանզի մարդկային ճանաչողության շարժընթաց զարգացումը տեղի է ուենում պարուրաձև ճանապարհով: Գաղափարները հաճախ պատմականորեն կրկնվում են, սակայն զարգացման նոր մակարդակում: Մարդու էության փոխակերպության և հոգու անմահության մասին անտիկ իմաստասերների պատկերացումները գրեթե միշտ բնազանցական են եղել, ընդհանրապես քողարկվել են խորհրդապաշտությամբ և մշտապես մնացել են կրոնական դոգմաների շրջանակներում: Եվ այլ կերպ լինել չեր կարող: Չնայած դրան, այս գաղափարների պատմական զարգացումն ունի գիտական մեծ արժեք:

 

Տիեզերքի ինֆորմացիոն դաշտերի մասին

Ամփոփելով աշխատությունը նշենք, որ բուսական և կեդանական աշխարհի, էվոլյուցիայի և մարդկային հասարակության ճանաչողության ու վարքուբարքի զարգացման գործընթացում տեղեկատվության հիմնական աղբյուրը եղել և կա Տիեզերքի լուսապսակը:

 

Տեղեկատվությունը` որպես աշխարհի ստեղծագործական և կառուցողական գործոն

Սկզբում պարզաբանենք այստեղ քննարկվող "տեղեկատվություն” հասկացությունը: Ինչպես հայտնի է, տեղեկատվությունը կարգավորման և ինքակարգավորման տեսությունների հիմնական հասկացությունն է` կիբեռնետիկայի հիմնական առարկան: Ըստ Վիների սահմանման, "ինֆորմացիան համակարգի կառույցի և գործունեության կարգավորման ցուցանիշն է, այն բանի ցուցանիշը, թե տվյալ համակարգի կառույցը և նրանում տեղի ունեցող գործընթացները ինչքանով են տարբերվում քաոսից կամ ինչքանով է կարգավորված ու նպատակահարմար տվյալ համակարգը… Չափազանց կարևոր է նշել, որ տեղեկատվությունը ոչ նյութ է և ոչ էներգիա: Սակայն ինֆորմացիայի կրողը միշտ նյութն է (մատերիան) այդ թվում նաև էլեկտրամագնիսական, գրավիտացիոն, իներցիալ և ձայնային ալիքները: Ավելին` տեղեկատվությունը ոչ միայն չի կարող դրսևորվել առանց մատերիայի, այլ նաև մատերիան իր բոլոր դրսևորումներով չի կարող ներկայանալ առանց տեղեկատվության:

Առավել ընդհանուր իմաստով, տեղեկատվությունը շրջակա աշխարհում առկա երևույթների և գործընթացների մասին տեղեկություն է: Այդ տեղեկատվությունը ամփոփում է իմացության բոլոր ոլորտներում (գիտության և տեխնիկայի, արվեստի և իմաստասիրության) մարդկության կուտակած գիտելիքները: Աշխարհում առկա այն երևույթները և գործընթացները, որոնց մասին առայժմ տեղեկություն չկա, և այն երևույթներն ու գործընթացները, որոնք կարող են էվոլյուցիայի հետևանքով ի հայտ գալ ապագայում, կարելի է դիտել որպես ներուժային տեղեկատվություն:

Եվ այսպես, աշխարհի մասին եղած ամբողջական տեղեկատվությունը կարգավորման գործոն է, այնպես, ինչպես քաոսի գործոնը էնտրոպիան է: Նյութական աշխարհի զարգացման օրինաչափությունները նրա բոլոր կառուցվածքային մակարդակներում` սկսած տարրական մասնիկների, ատոմների, մոլեկուլների, երկնային մարմինների, միգամածությունների ու գալակտիկաների առաջացումից, վերջացրած բարդ կենսաբանական և մտավոր համակարգերի ստեղծումով, ունեն էնտրոպիական-տեղեկատվական 1.5-1.8 հարաբերակցություն: Այդ դրույթները, ավելի ճիշտ` սկզբունքները, այժմ քաջ հայտնի են և բոլորի կողմից ընդունված են:

Ինչպես մենք տեսանք, էնտրոպիայի նվազումը, հետևապես` տեղեկատվության աճը, հիմնականում կախված է ֆիզիկական, այդ թվում էլեկտրական, գրավիտացիոն և իներցիալ դաշտերի ներգործությունից: Այսպիսով, բոլոր դաշտերը մատերիայի կառուցողական գործոններն են: Մատերիայի ինքնաձևավորման պարզ օրինակներ են զանգվածների քաոսային վիճակից երկնային մարմիների և գալակտիկաների առաջացումը` իրենց գրավիտացիոն դաշտերի ազդեցությամբ, ատոմների և մոլեկուլների քաոսային վիճակից մոլեկուլային և բյուրեղային համակարգերի առաջացումը` իրենց էլեկտրական դաշտերի ազդեցությամբ, և այլն:

Ձևավորված համակարգերը, եթե նրանք ճառագայթում են էլեկտրամագնիսական և իներցիալ ճառագայթներ, կարող են դառնալ բացասական էնտրոպիայի` տեղեկատվության, աղբյուր: Իսկապես, կարգավորված համակարգերից արձակվող ալիքները, որոնք կրում են նրա կառուցվածքի և գործունեության մասին տեղեկատվություն, չկայացած նյութական համակարգում կարող են առաջացնել այնպիսի "ռեզոնանս”, որ (տվյալ համակարգը սնուցող էներգիայի աղբյուրների առկայության դեպքում) նրա էվոլյուցիայի ճանապարհներից ամենահավանականը կլինի ճառագայթող համակարգին մասնակիորեն կամ լրիվ նման, կարգավորված համակարգի ձևավորումը: Մեզ թվում է` Տիեզերքում ձևավորված համակարգերի նման ազդեցությունը կենդանական և բուսական աշխարհի զարգացման համար կարևորագույն պայմանն է, իսկ մարդկային ինտուիտիվ մտածողության համար` հիմնական գործոնը:

Համակարգի ձևավորման մեխանիզմը պարզագույնս կարելի է պատկերացնել հետևյալ կերպ. կարգավորված համակարգից արձակված տեղեկատվություն կրող ճառագայթները կարող են մասնակիորեն կամ լրիվ կլանվել դեռևս չձևավորված համակարգի կողմից, եթե վերջինիս էվոլյուցիայի ընթացքում, ավելի ճիշտ, կառուցվացքի ու գործունեության պատահական փոփոխության ընթացքում, առաջանում է այնպիսի վիճակ, երբ նրա կառուցվածքը պատահաբար, մասնակիորեն կամ լրիվ, նման է դառնում ճառագայթող համակարգի կառուցվածքին ու գործունեությանը: Այս դեպքում երկու համակարգերը կգտնվեն ռեզոնանսի նմանվող վիճակում: Մինչ այդ չձևավորված համակարգի այս պատահական վիճակը, որը սովորական պայմաններում կարող է առաջանալ և անհետանալ, դառնում է կայուն վիճակ. նա, փաստորեն, վերածվում է արդեն գործող մեխանիզմի, որը պահանջում է էներգիա` նոր առաջացած գործառույթների պահպանման համար: Էներգիա ծախսելը` մեխանիզմի գործելու ժամանակ, կամ էներգիա ծախսելու ժամանակ` մեխամիզմի գործելը, հակադարձ կապ է դառնում` տվյալ համակարգի գործառնության համար:

Այսպիսով, արտաքին տեղեկատվության ճառագայթման աղբյուրները միշտ արձանագրում են տվյալ տեղեկատվությանը համապատասխանող պատահական իրադարձություններ: Սա նշանակում է, որ այդ պայմաններում նման պատահական իրադարձությունները դառնում են ավելի հավանական, քան տվյալ համակարգի չկանխատեսված իրադարձությունները:

Այսպիսի մեխանիզմների գործողության համար ազատ էներգիայի աղբյուր կարող է ծառայել Արեգակը և ուրիշ աստղեր, որոնք ճառագայթում են լուսային էներգիա: Այս դեպքում որպես ինքնակառույց համակարգ կարող են դիտվել բուսական աշխարհի օրգանիզմները: Ուրիշ էներգիայի ուղղակի աղբյուրներ կենդանական աշխարհի զարգացման համար կարող են լինել ադենոզին-եռաֆոսֆորաթթվի մոլեկուլները (ԱԵՖ): Կենդանական աշխարհի, այդ թվում նաև` մարդկային բանականության և նրա բնազդային գործունեության էվոլյուցիան, պետք է տեղի ունենա տեղեկատվության ձևավորված աղբյուրի առկայությամբ:

Մարդկային հասարակության զարգացման համար գոյություն ունեն և ուրիշ դաշտեր` բացասական էնտրոպիայի աղբյուրներ, որոնք առաջանում են մարդկային հասարակության զարգացման էվոլյուցիայի գործընթացներում: Դրանց մեջ կարելի է դասել աշխարհի ամենատարբեր երևույթները և օրենքները, որոնք բացահայտվում են մարդու կողմից: Այլ կերպ ասած, մարդու բացահայտած տեղեկատվությունը դառնում է նոր տեղեկատվության ներուժային աղբյուր: Ամեն նոր գիտական հայտնագործություն համարժեք է տեղեկատվական (բացասական էնտրոպիայի) այն դաշտին, որը ձևավորում է մարդու ճանաչողութունն ու մտածողությունը:

Կրկին անգամ նշենք, որ նման դաշտերը չեն ստեղծվում, այլ բացահայտվում են մարդու կողմից, հետևապես, այդ դաշտերը որպես ներուժ կամ ոչ այդպիսին գոյություն ունեն աշխարհում: Նման տեղեկատվական դաշտերի թվին են դասվում նաև նույնպես մաթեմատիկական ամբողջ տրաբանությունը իր օրենքներով և, ինձ թվում է, մարդու վարքուբարքի կանոնները: Դրանք մարդը չի ստեղծում, այլ միայն բացահայտում է դրանք ներուժային վիճակից:

Վարքուբարքի կանոների ու սկզբունքների մասին խոսելով, նշենք, որ ուրիշ աշխարհներում և մարդկության պատմության ուրիշ դարաշրջաններում չկան և չեն կարող լինել վարքուբարքի տարբեր սկզբունքներ ինչպես որ չի կարող գոյություն ունենալ մեր աշխարհին անհարիր մաթեմատիկական կոնկրետ տրամաբանություն` կոնկրետ աքսիոմների համար, ինչպես նաև, չեն կարող գոյություն ունենալ տարբեր քերականական սկզբունքներ` իրարից անկախ, նույնիսկ լիովին մեկուսացված, ազգերի լեզուննրի համար: Տարբեր ազգերի մոտ, տարբեր դարաշրջաններում վարքուբարքի մակարդակների տարբերություններն ու յուրահատկությունները պայմանավորված են դրանց բացահայտվածության տարբեր աստիճաններով: Տարբեր ժողովուրդների մոտ չկան վարքուբարքի տարբեր սկզբունքներ, կան միայն իրենց ներուժային վիճակներից բխող բացահայտվածության տարբեր աստիճաններ: Կան մարդիկ, որոնց վարվելակերպը հաճախ չի համապատասխանում տվյալ հասարակության կամ տվյալ ժողովրդի վարվելակերպի սկզբունքներին:

Ներկայացված գաղափարները, բնականաբար, մեզ կհանգեցնեն այն կանխադրույթին, որ աշխարհում կա ծայրաստիճան կարգավորված համակարգ, որը տեղեկատվության աղբյուր է, և այն ապահովում է մարդկային բանականության և բարոյական սկզբունքների էվոլյուցիան: Իսկապես, եթե բացասական էնտրոպիան կառուցողական գործոն է և ձևավորման սկզբունք, որի մասին վկայում են բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիան և ուրիշ օրինակներ, որպես տրանաբանական եզրակացություն` կարելի է ասել, որ Տիեզերքը հիմնակա է, միշտ գույություն ունի, որ տեղեկատվություն կուտակած այդպիսի համակարգ, ինչպիսին գեոնային պսակն է, պետք է վաղ թե ուշ, հարատև ժամանակի մեջ ենթարկվեր ինքնակարգավորման` ինչպես մարդու ուղեղը, և դառնար գերհզոր ու ամենակարող կիբերնետիկ համակարգ` Բարձրյալ բանականություն:

Այստեղ միայն կնշենք, որ, տեղեկատվության կուտակման և ճառագայթման շնորհիվ, մշտանորոգ գեոնային պսակը ձգտում է անվերջ զարգացման: Չնայած, դժվար է ըմբռնել, թե անվերջությունը ինչպես կարող է անվերջ զարգանալ, այնուամենայնիվ, դա այդպես է:

Վերը արտահայտված գաղափարներից հետևում է, որ գեոնային պսակը` տեղեկատվական գերհզոր աղբյուրը, իսկապես, տեղեկատվական դաշտ է, որի ներգործությամբ կատարվում են բուսական ու կենդանական աշխարհի և, գիտատեխնիկական ու իմաստասիրական-բարոյագիտական ասպարեզում, մարդու գիտական ճանաչողության ու հայտնագործական գործընթացների զարգացումն ու էվոլյուցիան:

Երկու սկզբունքների` բարու և չարի պայքարի մասին

Համաշխարհային գործընթացների էվոլյուցիան, բեկվելով մարդու հոգեբանության մեջ, առհասարակ, դրսևորվում է երկու սկզբունքների` բարու և չարի գոյությամբ: Աշխարհի զարգացման բոլոր աստիճաններում վեր է հանվում նշված երկու սկզբունքների միջև եղած անվերջանալի պայքարը. փաստորեն, էնտրոպիայի և բացասական էնտրոպիայի, կամ այլ կերպ ասած, անկարգության և կարգի միջև եղած պայքարը: Առաջինը ցածրարժեք, անկայուն և ինքնալույծ համակարգերի ու օրգանիզմների միջոցով` ընդհանրապես, ձգտում է քաոս տարածել, երկրորդը ձևավորում է հաճախ նաև մարդու տեսանկյունից արժեքավոր և օգտակար, կառույցներ և համակարգեր: Անվախճան չարի սկզբունքը բերում է շատ կառույցների և համակարգերի փլուզման ու ոչնչացման, իսկ բարու սկզբունքը ստեղծում է կայուն օրգանիզմներ ու համակարգեր:

Աշխարհի չար ոգին` Մեֆիստոֆելը, հպարտանում էր իր չարագործությունների պտուղներով: Աշխարհն այնքան վատ է, ասում էր նա, որ ի վիճակի չէ արդեն չարագործություն կատարել: Եվ, այդուհանդերձ, նա երկյուղ էր կրում աշխարհում գոյություն ունեցող սիրո, որը բարու դրսևորումն է, հաղթական սկզբունքից:

Մեծ մտածողնորից շատերը, այդ թվում նաև Իոհան Վոլֆգանգ Գյոթեն, յուրօրինակ կերպով էին մեկնաբանում չարի և բարու պայքարը. չգիտեին աշխարհի մեծագույն սկզբունքի գոյության, այսինքն` էնտրոպիայի և բացասական էնտրոպիայի փոխկապակցված հակամարտության, քայքայման սկզբունքի և կառուցողական` տեղեկատվական ու ստեղծագործական սկզբունքի միջև եղած պայքարի մասին:

Պայքարը գոյության, ստեղծելու կամ լավագույնը դառնալու համար, ըստ Լյուդվիգ Բոլցմանի, պայքար է էնտրոպիայի նվազեցման համար, այսինքն` տեղեկատվության ավելացման համար: Այդ ընդհանուր սկզբունքը ընկած է բոլոր համակարգերի` անօրգանական, կենդանական և բուսական աշխարհի ձևավորման ու գոյատևման հիմքում` նրանց ձևավորման և էվոլյուցիայի բոլոր մակարդակներում: Այդ սկզբունքով են զարգանում ու էվոլյուցիա ապրում մարդու վարքնուբարքն ու ճանաչողությունը:

Էվոլյուցիայի բոլոր մեխանիզմների հիմքում ընկած է տեղեկատվության քանակական աճը` իր բոլոր դրսևորումներով, որի աղբյուրը կարող են հանդիսանալ ամեն տեսակի ֆիզիկական և ոչ ֆիզիկական դաշտերը, և, հիմնականում, Տիեզերքի գեոնային պսակը:

Ռուսերենից թարգմանեց Վահան Հարությունյանը

* "Հիմնակա" եզրույթը թարգմանչի նորաբանությունն է, որը, մեր կարծիքով, հաջողված է և կարող է օգտագործվել:

 

=================

Հովհաննես Դավթյանի տեսության ապացույցը՝ http://www.pnas.org/content/114/19/4920.abstract and PDF

Local PDF

 

https://www.facebook.com/melik.stepanyan.54/posts/10209625502774388

Publushed: Monday, 6 June, 2016