1990 թ. հունվարի 13-ին Կրեմլը Բաքվում հրահրեց հայ բնակչության կոտորածներ։ ԽՍՀՄ զինված ուժերի, պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) ու ՆԳՆ մարմինների աչքի առաջ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում յոթ օր շարունակ գազանաբար սպանեցին հարյուրավոր հայերի, տասնյակ հազարներն էլ ապրեցին ջարդերի սարսափը։
Երբ հայերին էին ջարդում` Կրեմլը լուռ ու անտարբեր հետեւում էր։ Հունվարի 19-ին, երբ ջարդարարների ամբոխը դարձավ անկառավարելի, հնչեցին հակախորհրդային, հակառուսական ու Ադրբեջանի անկախության կոչեր եւ զինված հարձակումներ ձեռնարկվեցին իշխանության տեղական մարմինների ու զորամասերի պահեստների վրա, ջարդուփշուր արվեցին խորհրդա-իրանական սահմանի առանձին տեղամասեր` այդ ժամանակ Կրեմլը, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ զորք մտցրեց Բաքու:
Գործողությունը համակարգում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը: Մի քանի օր անց նա խոստովանեց, որ զորքերը Բաքու են մտցվել Ադրբեջանի Ժողճակատի կողմից իշխանությունը զավթելու փորձը կանխելու նպատակով։
ՀԳ - Սա 20-րդ դարում Բաքվի հայության երրորդ կոտորածն էր (1905, 1918, 1990), որից հետո քաղաքն ամբողջությամբ հայազրկվեց։