Author
Հասմիկ Գուլակյան

ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ՝ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՇԱՏ

Հասմիկ Գուլակյանի զրույցը Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, միջազգային գիտական հաստատությունների անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Պարիս Հերունու հետ

Պարիս Հերունի – Paris Herouni

PARIS HEROUNI – ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ

– Պարո՛ն Հերունի, եթե ֆիզիկոս չդառնայիք, երևի նկարիչ կլինեիք՝ հետևելով Ձեր գենետիկ կոդին. նկարիչներ էին Ձեր և՛ հայրը, և՛ մայրը: Բայց Ձեր մեջ հաղթեց գիտնականը…

– Նկարիչ դառնալու մասին չէի մտածում: Դեռ դպրոցում շատ էի սիրում ֆիզիկան: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ավարտել եմ Մոսկվայում: Իսկ ծնողներս, իրոք, նկարիչներ էին: Ավարտել են Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Հայրս ավարտել է նաև համալսարանի պատմության ֆակուլտետը և ազատ ժամանակ նկարում էր, հատկապես` կենսաթոշակի անցնելուց հետո: Ամբողջ կյանքում պատմություն է դասավանդել: Մայրս մանկավարժական ուսումնարանում միշտ դասավանդել է նկարչություն, չնայած ավարտել է նաև լեզվաբանության ֆակուլտետը: Նկարչություն մանկուց եմ տեսել:

– Ի՞նչ եք սիրում նկարել:

– Առաջին հերթին՝ բնություն, նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ: Անցյալ տարի ամռանը Նկարչի տանը բացվել էր ութ գիտնական-նկարիչների ցուցահանդես. ինձ ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամի վկայական տվեցին: Հպարտ եմ դրա համար:

– Մենք՝ հայերս, սիրում ենք խոսել բարոյական արժեքների մասին: Ի՞նչ ակունքներից են սկիզբ առնում և սնվում դրանք:

– Հայերի բարձր բարոյականությունը նրանց գեների մեջ է: Հայերի մշակույթը, փիլիսոփայությունը, տիեզերագիտությունը, մի խոսքով՝ հայկական քաղաքակրթությունը զարգացել են շատ վաղ: Հայերի լեզուն բնածին է: Հայոց լեզուն, քաղաքակրթությունը և պետությունը ձևավորվել ու կայացել են մի քանի տասնյակ հազար տարի առաջ: Բնասիրությունը, բարությունը, մարդասիրությունը, հավասարությունը, ազատասիրությունը հայերի մեջ գոյություն ունեն ա՛յդ ժամանակներից:

– Մաշտոցը մեզ զինեց գրով, ճարտարապետությունը՝ կոթողներով: Ուրիշ ի՞նչ արժեքներով կարողացանք հարստացնել մեր հոգևոր զինանոցը:

– Մաշտոցը և քրիստոնեական շրջանի մեր ճարտարապետները շատ մեծ գործ են արել: Բայց նրանք չեն, որ զինել են հայ ժողովրդին: Բարձր գիտությունը և ճարտարապետությունը գոյություն են ունեցել նրանցից շատ առաջ: Մենք այբուբեն ունեցել ենք մ. թ. ա. III հազարամյակում, գիր՝ 25 հազար տարի առաջ: Մաշտոցը վերականգնել է հայոց այբուբենը 100-ամյա ընդմիջումից հետո: Այդ մասին հանգամանորեն գրել եմ «Տիեզերքի ընկալումը հոգևոր տեսանկյունից» հոդվածում և «Հիմքերը հայոց» գրքում: Գիտության համար դեռևս մեծ գաղտնիք է, թե 4-4.5 հազար տարի առաջ ովքեր են կառուցել Եգիպտոսի բուրգերը, Անգլիայի Սթոունհենջ (սթոուն նշանակում է քար, հենջ-ը հայերեն հնչել բառն է), Ֆրանսիայի՝ Բրետանի Քարնակ, Շոտլանդիայում՝ Քալենիշ (Քարենիշ) և մյուս նման աստղադիտարանները և արևի տաճարները: Հայտնի է, որ այդ ժամանակ տեղացիները չեն ունեցել համապատասխան մակարդակի գիտություն: Աշխարհը դա ընդունում է, բայց չի ասում՝ իսկ ո՞վ է դրանք կառուցել: Համոզված եմ՝ կառուցել են հայերը և գիտեմ՝ ինչո՞ւ:

– Ձեր հրապարակումներից մեկում գրել եք. «Այսօր էլ ամեն հայի մեջ կա ուսանելու և ուսուցչի ջիղը»: Արդյո՞ք շատ մեծ դեր չեք վերագրել մեզ՝ առաջինը, առաջատար լինելու կեցվածք և այլն: Չափազանցություն չէ՞:

– Ես ելնում եմ փաստերից և խոսում եմ ապացույցներով, երբ ասում եմ՝ եղել է այդ ջիղը: Մինչև մթա XIII-II-րդ հազարամյակներում հայերը խմբերով ճանապարհորդել են մերձավոր և հեռավոր ծովերով՝ մոլորակը հետազոտելու, գիտականորեն ուսումնասիրելու նպատակով: Փաստեմ ասածս: Գոյություն ունի, այսպես կոչված, աշխարհագրական քարտեզների գաղտնիքը կամ հանելուկը: Պահպանվել են մի քանի հնագույն աշխարհագրական քարտեզներ: Դրանցից մեկը ծովակալ Ռեյսի 1513 թ. քարտեզն է, որի վրա գրված է. «Կազմել եմ՝ օգտվելով ավելի հին աղբյուրներից»: Հին աղբյուրները չեն պահպանվել: Ռեյսի քարտեզը պատկերում է Հարավային Ամերիկայի հարավային կեսից ավելին և Անտարկտիդան, որը հայտնաբերվել է Ռեյսի քարտեզից 300 տարի հետո՝ 1817 թվականին: Է՛լ ավելի զարմանալի է, որ Անտարկտիդան սառցապատ չէ. պատկերված է մայր հողը: Երկրագիտությունից հայտնի է, որ վերջին վեց հազար տարում Անտարկտիդան պատված է սառույցով: Մեր դարի կեսերին միջազգային համատեղ գիտական արշավախմբերը, օգտագործելով ժամանակակից մեթոդներ, Անտարկտիդայի ավելի քան 4 կմ հաստության սառույցի տակից հանել են մայր հողի քարտեզը: Ռեյսի և այս քարտեզը համընկնում են մեծ ճշգրտությամբ: Եվ գիտնականները եկել են միակ հնարավոր հետևության` երկրի վրա շատ հնում եղել է զարգացած մի քաղաքակրթություն, որը, փաստորեն, ուսումնասիրել է ողջ մոլորակը: Մեկ այլ օրինակ: Ացտեկների, մայաների, ինկերի, մեքսիկացիների երկրներում մինչ օրս կիսավեր պահպանվել են հսկա բուրգեր և տաճարներ: Բոլոր այդ ժողովուրդներն ունեն միանման և շատ հին լեգենդներ, որոնցում առկա է ընդհանուր սյուժե: Արևելքից ծովով իրենց մոտ էին եկել աստվածային մարդիկ՝ սպիտակամորթ, մորուսավոր: Նրանք գիտեին ամեն ինչ և սովորեցնում էին մարդու միս չուտել, մարդ չզոհաբերել, իրար սիրել և այլն:

– Հայտնի է, որ մեզանից հինգ-վեց հազար տարի առաջ մեր մոլորակի վրա չկար որևէ քաղաքակրթություն: Դուք հավաստում եք, որ հայկական քաղաքակրթությունն ամենահինն է, և որ հայերը` արմենոիդ ռասան, ծնվել են Հայկական լեռնաշխարհում: Սակայն գոյություն ունի նաև հայերի եկվոր լինելու վարկածը: Ի՞նչ հակափաստարկներ ունեք:

– Դա իմ հորինած թիվը չէ: Որ հինգ-վեց հազար տարի առաջ երկրի վրա չի եղել որևէ այլ քաղաքակրթություն, գիտության մեջ ընդունված կարծիք է: Ընդունված կարծիք է նաև, որ ամենահինը եգիպտացիների մշակույթն է՝ ավելի քան 5000 տարվա: Ինչ վերաբերում է հայերի տարիքին, ապացուցում եմ, որ հայերի քաղաքակրթությունն ամենահինն է և ի սկզբանե ծագել է Հայաստան երկրում: Հենվում եմ երկու հիմնական հանգամանքի վրա: Առաջինը հայոց լեզվի վերլուծությունն է, երկրորդը՝ Սիսիանի մոտ գտնվող հնագույն աստղադիտարանի՝ Քարահունջի հայտնաբերումը և հետազոտությունը: Նախ՝ լեզվի մասին: Ունենք աշխարհագրական բազմաթիվ անվանումներ, օրինակ՝ Արարատ, Արագած, Արաքս և այլն, տղամարդկանց և կանանց անուններ, այլ կարևոր բառեր, որոնք սկսվում են Ար-ով: Մեր գլխավոր աստվածն Արն էր՝ Արևը: Արդյո՞ք սա զուտ պատահական զուգադիպում է: Ո՛չ: Ար-ով սկսվող բառերը ուզածդ հայերեն բառարանում ավելի շատ են, քան մյուսները: Այսինքն՝ լեզուն վկայում է, որ հայերն ի սկզբանե բնակվել են Հայաստանում:

– Հետաքրքիր ի՞նչ այլ եզրահանգումների է բերում հայոց լեզվի վերլուծությունը:

– Օրինակ` բառերի կառուցվածքը ցույց է տալիս, որ մարդիկ եղել են բնության հետ կապված, եղել են բարի, հավասարություն է եղել միմյանց միջև, այդ թվում՝ տղամարդկանց և կանանց (հայր և մայր բառերը նույն այր արմատն ունեն): Հայերենի ամեն մի տառը նաև բառ է, իմաստ ունի: Դա հնարավոր է միայն բնածին լեզվի դեպքում…

Ունենք նաև շատ հնուց եկած բառեր, ասենք՝ երկաթ (երկնքից կաթած՝ մետեորիտ), ասուպ (աս՝ նշանակում է այստեղ, ուպ՝ ընկնել), աստղ (աստ՝ նշանակում է տիեզերք, ղ-ն՝ սեղմվածք): Նույնը՝ Աստված. տիեզերքով մեկ սփռված (ված՝ նշանակում է օբյեկտի դրությունը, օրինակ՝ բերված, դրված): Այս բառերն ստեղծած ժողովուրդը չէր կարող թափառաշրջիկ կամ եկվոր լինել, պետք է բարձր գիտություն ունենար՝ փիլիսոփայություն, աստղադիտարաններ, համալսարաններ և այլն: Կան նաև բառեր, որոնք նույնն են գրեթե բոլոր լեզուներում՝ օվկիանոս, կատու, ատոմ, անտենա, մատեմատիկա և այլն: Նշանակում է՝ այդ բառերը վերցված են մի տեղից: Ո՞ր լեզվից: Բնականաբար՝ մայր: Մատեմատիկա նշանակում է մատ-մատ հաշվել (իկա՝ նշանակում է գալ). այս բառը չի կարելի թ-ով գրել:

– Իսկ Սիսիանի Քարահո՞ւնջը…

– Պրոֆեսոր Ջերալդ Հոկինսը, որն աստղագիտական մեթոդներով հին հուշարձանների տարիքը որոշող ամենահայտնի մասնագետն է աշխարհում, դեռ 1960-ական թվականներին հոդվածներ և գրքեր է գրել Անգլիայի Սթոունհենջի և Շոտլանդիայի Քալենիշի աստղագիտական նշանակության մասին: 30 տարի առաջ նա Վիկտոր Համբարձումյանին նամակ է գրել, թե Սթոունհենջն աշխարհում միակը չէ և պետք է ենթադրել, որ նման հուշարձաններ պիտի լինեն նաև Հայաստանում: Բայց տարիներն անցնում էին, և ոչինչ չէր ձեռնարկվում… 1994-97 թթ. կազմակերպել եմ գիտարշավներ (իմ հաշվին), հետազոտություններ կատարել տեղում՝ գիշերահավասարի և արևադարձի օրերին: Սա մեծ համալիր է: Այստեղ եղել են և՛ Ար աստծո տաճարը, և՛ աստղադիտարանը, և՛ համալսարանը: Համարակալվել է 222 քար, որից առնվազն 87-ը աստղագիտական գործիքներ են: Մեր նախնիները հսկայական ճշգրտությամբ օրացույց են կազմել: Մարտի 21-ի կեսօրը, այսինքն՝ նոր տարվա սկիզբը, որոշել են 2 վայրկյանի ճշգրտությամբ: Սա հրաշք է: Որոշել են տեղի աշխարհագրական լայնությունը, որոշել են, որ Երկիրը կլոր է: 1998-99 թթ. բազմաթիվ հաշվարկներ կատարեցի՝ աստղադիտարանի տարիքը որոշելու համար: Արևի, Լուսնի և երկընքի 21 ամենապայծառ աստղերի համար արված հաշվարկները տվեցին նույն արդյունքը. Քարահունջը կառուցվել է 7500 տարի առաջ և գործել է ոչ պակաս 5500 տարի: Հայտնաբերվեց՝ ո՛ր քարի անցքից ո՛ր աստղն են դիտել, ո՛ր թվին: Օրինակ՝ Կարապի համաստեղության Դենեբ պայծառ աստղն անցել է Քարահունջի զենիթով 7630 տարի առաջ: Սա իմ բոլոր ընդդիմախոսների համար ամենաանդուր իրողությունն է, ամենադառը հաբը. կուլ տալ կամ հերքել հնարավոր չէ: Եթե Հոկինսը դեմ խոսեր…

– Ներեցե՛ք, իսկ Ձեզ ծանո՞թ է նրա կարծիքը:

– Ես նրան գտա: Նամակագրություն սկսվեց: Նրան ուղարկեցի Քարահունջի մասին 1998 թվականին Մոսկվայում և Երևանում տպագրված գիտական հոդվածներս: Ստացա այսպիսի պատասխան. «Քարահունջը շատ հետաքրքիր աստղադիտարան է: Ես հիացած եմ Ձեր կատարած մանրակրկիտ աշխատանքներով»: Սրանով 7500-ի վրա միջազգայնորեն վավերացված կնիք է դրվել: Ով ասի, թե ավելի հին քաղաքակրթություն կամ օրացույց ունի, նրան պետք է խնդրել, ի պատասխան, ցույց տալ ի՛ր Քարահունջը:

– Աշխարհում շա՞տ կան նմանատիպ կոթողներ:

Callanish Stones, Scotland – Քալենիշ

Callanish Stones, Scotland Շոտլանդիայի հյուսիսային կղզիներից մեկում, որ կոչվում է Լուիս (լույս), կա մեր Քարահունջի երեք անգամ փոքր տեսակը՝ Քալենիշ՝ 3800 տարեկան (այդտեղ հայկական տեղանուններ շատ կան):

– Իռլանդիայում կա Նյուգրենջը (նոր հենջ)՝ 4500 տարեկան: Շոտլանդիայի հյուսիսային կղզիներից մեկում, որ կոչվում է Լուիս (լույս), կա մեր Քարահունջի երեք անգամ փոքր տեսակը՝ Քալենիշ՝ 3800 տարեկան (այդտեղ հայկական տեղանուններ շատ կան): Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետենում, հազարավոր քարերից կազմված Քարնակն է՝ 4000 տարեկան:

 Newgrange – Իռլանդիայում կա Նյուգրենջը (նոր հենջ)՝ 4500 տարեկան:

Newgrange – Իռլանդիայում կա Նյուգրենջը (նոր հենջ)՝ 4500 տարեկան:

Դեռ 7500 տարի առաջ հայ գիտնականները չափել են, որ Քարահունջի աշխարհագրական լայնությունը 39.5օ է: Եգիպտական Մեծ բուրգը 30օ լայնության վրա է, Սթոունհենջը՝ 51օ, այսինքն՝ ըստ աշխարհագրական լայնության՝ մոտ 10.5օ-ով Քարահունջից դեպի հարավ և հյուսիս: Իսկ 16օ տարբերությամբ Շոտլանդիայի Քալենիշն է և Եգիպտոսի հարավում (Ասուանի մոտ)՝ Քարնակ վայրում՝ Արևի ամենահին տաճարը: Արդյո՞ք սրանք պատահական զուգադիպումներ են: Ո՛չ: Համոզվելու համար, որ Երկիրը կլոր է, աշխարհագրական լայնությունները չափել են տարբեր տեղերում: Իսկ դա կառավարվել է միևնույն ուղեղային կենտրոնից՝ Հայաստանից: Պատահաբար այդքան զուգադիպություններ չէին կարող լինել: Վերջին շրջանում անգլիացիները շատ են հետազոտել եգիպտական բուրգերը: Քեոփսի բուրգի մեջ կա թագավորի թաղման սրահ: Հայտնաբերվել է գրանիտե մի գեղեցիկ դատարկ սարկոֆագ (քարատապան — Հ. Գ.): Դատարկ սարկոֆագներ կան նաև այլ տեղերում. դրանք հազարամյակների ընթացքում թալանվել են: Սակայն Քեոփսի բուրգում թալանի կամ թաղման արարողության հետքեր չկան… Դրանից ներքև թագուհու սրահն է, որտեղ նույնիսկ սարկոֆագ չկա: Հարց է ծագում՝ ինչո՞ւ են կառուցել այդ ամենահսկա բուրգը, որտեղ ոչ ոք չի թաղվել: Քեոփս կոչվածի դին ոչ մի տեղ չի հայտնաբերվել: Իմ ուսումնասիրություններն ապացուցում են, որ Քեոփսը… Հայկն է: Սա էլ պատահական չէ: Հայկը Բելի հրավերով մեկնել է Բաբելոն և կառուցել հայտնի աշտարակը, որը, սակայն, անավարտ է թողել ու վերադարձել Հայաստան: Սրան հետևած պատերազմում, հաղթելով Բելին, մ. թ. ա. 2492 թվականին Հայկը մեկնել է Եգիպտոս, որտեղ տասը տարի կառուցել է Մեծ բուրգը: Չսպասելով ավարտին և եգիպտացիներին խոստանալով վերադառնալ՝ նավարկել է դեպի Իռլանդիա: Բուրգի կառուցումից հետո եգիպտացիները երկար ժամանակ սպասել են նրա վերադարձին: Նրանք Հայկին աստվածացրել էին, քանի որ նա Արև աստծո զավակն էր (ինչպես բոլոր հայերը): Երկնային համաստեղությունը կոչվում էր նրա անունով: Նա կարողանում էր անել տեղացիներին անմատչելի և նրանց զարմանքը հարուցող ամեն ինչ: Հետագայում Հայկի համաստեղությունը վերանվանվեց Օրիոն (սա եգիպտացիների պանթեոնում գլխավոր աստվածն էր՝ Արևի որդին): Օրիոնին փոխարինեց Օսիրիսը՝ նույնպես Արևի որդի: Հենց Հայկի գալուց, գնալուց և վերադարձին սպասելուց են ծնվել Օսիրիսի մահանալու (գնալու) և վերակենդանանալու (գալու) հատկությունները: Իռլանդիայում նա կառուցում է Նյուգրենջը, ապա մեկնում է Անգլիա և հիմնադրում Սթոունհենջի առաջին տարբերակը: 60 տարեկանում նա վերադառնում է Հայաստան: Քարահունջի, Հայկի և Մեծ բուրգի միջև եղած կապերի մասին է խոսում նաև հետևյալ հետաքրքիր հանգամանքը: Մեծ բուրգում` թագավորի սրահում, 20 x 25 սանտիմետրանոց մի ճեղք կա: Ռոբոտը ներսում չափումներ է արել. անգլիացի գիտնական Հենկոկը հատուկ գիրք է գրել այդ մասին: Պարզվել է, որ այդ անցքն ուղղված է եղել Օրիոնի (Հայկի) գոտու պայծառ աստղին: Երեք մեծ բուրգերը շարված են ճիշտ այնպես, ինչպես Օրիոնի գոտու երեք հայտնի աստղերը: Թագուհու սրահում էլ թեք անցք կա, որն ուղղված է եղել Սիրիուսին: Շատ հետաքրքիր է, որ այդ ճեղքի թեքությունը (հորիզոնի նկատմամբ) հավասար է 39.5օ-ի, այսինքն՝ ճիշտ Քարահունջի աշխարհագրական լայնությանը:

 Վերանանք Ձեր փաստարկներից և առաջնորդվենք միայն «Հին Կտակարանով», որը հրեա ժողովրդի պատմությունն է: Այնտեղ երկու խոսուն փաստ կա Հայաստանի մասին: Առաջինը դրախտի տեղն է, որը գտնվում է չորս գետի ակունքներում, որոնցից մեկը Եփրատն է. երկրորդն այն է, որ ջրհեղեղից հետո մարդկությունը վերստին սկիզբ առավ Նոյից, Արարատյան աշխարհում: Այդ գիտնականներն անտեսում են նաև այս հանգամանքը: Ինչո՞ւ:

– Դրանք ճշմարիտ գիտնականներ չեն, հետևում են այլ գաղափարախոսության, որին փորձում են հարմարեցնել եղած փաստերը: «Հին Կտակարանն», անշուշտ, ունեցել է ավելի հին և հայերից եկող աղբյուրներ: Մարդկության ծնունդը և վերածնունդը «Հին Կտակարանը» կապում է Հայաստանի հետ, որն Իսրայելից բավական հեռու է, սակայն Հայաստան բառն ուղղակի չի հիշատակվում:

– Ձեր կարծիքով՝ փոխվե՞լ է հայերիս արմենոիդ տեսակը:

– Ո՛չ, արմենոիդ տեսակը գենետիկորեն չի փոխվել. ունի արիական հատկանիշներ՝ ազնիվ է, բնասեր, խաղաղասեր, մարդասեր, հարգում է փոխադարձ հավասարությունը և այլն: Իհարկե, տասնյակ հազարավոր տարիների ընթացքում՝ խառնուրդների հետևանքով որոշ բան փոխվել է: Դա լավ զգում ենք մեր մաշկի վրա վերջին տասը տարում… Դրանք ոչ մի կապ չունեն մեզ հետ: Իսկական հայերը եղել են Հայաստան երկրում, կան և միշտ կմնան իրենց բնօրրանում…

– Մինչդեռ պատմությունը մեր նկատմամբ մնում է անբարեհաճ…

– Եվ այն էլ՝ սարսափելի: Օրինակ՝ գերմանացի գիտնականները, իրենց ժողովրդին թիվ մեկ արիացի համարելով, փորձում էին հնդեվրոպացիների բնօրրանը տեղափոխել Գերմանիա. չստացվեց: Իջան Բալկաններ: Մինչ այժմ այդ տեսակետը պաշտոնապես չի հերքվել: Թամազ Գամկրելիձեն և Վյաչեսլավ Իվանովը գրեցին հանրահայտ «Հնդեվրոպացիները և հնդեվրոպական լեզուն» աշխատությունը: Հայաստանը ճանաչեցին հնդեվրոպական հայրենիք: Գիրքը Լենինյան մրցանակ ստացավ, իսկ նույն թեմայով հոդված տպագրվեց ԱՄՆ-ի «Scientific American» հանդեսում, բայց դեռևս համընդհանուր ընդունված տեսություն չէ: Տարօրինակ է: Հայտնի է, որ նախաուրարտական, ուրարտական և ետուրարտական մշակույթը նույնն է, սակայն Ուրարտուն մինչև հիմա Հայաստան չեն անվանում: Եվ շատ այլ անհեթեթություններ…

– Ընդ որում, այդ անհեթեթությունների ծննդականները թվագրված են 20-րդ դարով: Ուրիշ ի՞նչ պարտադրեց մեզ այս հարյուրամյակը:

– 20-րդ դարում մեր պրոբլեմները շատ-շատ էին: Բայց, դժբախտաբար, ոչ մի հայ գիտնական չհիմնավորեց իրականությունը…

– Ի՞նչ նկատի ունեք:

– Թեկուզ այն, որ Ար արմատը չփորձեցին հիմնավորել ո՛չ սովետական շրջանում, ո՛չ դրանից առաջ: Ար արմատը, որ առնվազն 60 հազար տարեկան է, չկա Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում»: Ենթադրենք՝ նա վախենում էր նացիոնալիստ կամ այլ որակումներից, բայց Վենետիկում հրատարակված «Հայկազյան բառարանում» էլ չկա:

– Ասում են՝ ինչ ցանես՝ այն կհնձես: Ի՞նչ ենք «հնձում» 20-րդ դարի վերջին:

– Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ճակատագիրը: Մեր ժողովուրդը շատ մեծ հաղթանակներ է ունեցել, որոնցով պետք է հպարտանանք և ոգևորենք երիտասարդությանը: Հայկի ու Բելի պատերազմը հայերի առաջին մեծ, ազատագրական պատերազմն էր… Հայերը հաղթանակներ են տարել և՛ հռոմեացիների դեմ, և՛ բյուզանդացիների, և՛ արաբների, և՛ թուրքերի դեմ՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Արցախում:

– Անցնող հարյուրամյակում ի՞նչ պահ տվեցինք քաղաքակրթությանը: Ի՞նչ նվաճումներ կառանձնացնեք գիտության ոլորտում:

– Կարող եմ անուններ տալ, բայց ամենակարևորը՝ սովետական շրջանում մեր հանրապետությունում մեծ զարգացում ապրեց գիտությունը, ստեղծվեցին ինստիտուտներ, կառուցվեցին մեծ փորձարարական բազաներ, աշխարհում առաջին անգամ արվեցին մեծ նշանակության նորարարություններ: Մեծ զարգացում ունեցավ նաև արդյունաբերությունը:

– Մի քիչ ավելի մանրամասն ՝ Ձեր բնագավառի մասին…

– Աշխարհում առաջին անգամ չորս գիտական ուղղություն ենք ստեղծել: Այս ինստիտուտը և այն գործարանները, ամբիոնը, դպրոցը, որ հիմնադրել եմ, տիեզերքն ուսումնասիրելու և գերհեռավոր տիեզերական կապն ապահովելու նպատակով Արագածում ռադիո-օպտիկական հսկա աստղադիտակը կառուցելու համար էր: Այդ անտենան, որ աշխարհում ամենահզորն է, Հայաստանի պարծանքն է: Երկրորդը ռադիոհոլոգրաֆիան (ռադիոլիապատկերում — Հ. Գ.) է և էլեկտրամագնիսական մոտիկ դաշտի չափումը: Սա գոյություն ունեցող ավանդական մեթոդին գերազանցում է 100 անգամ՝ արագությամբ և 10 անգամ՝ ճշգրտությամբ: Երրորդն անտենային մետրոլոգիան (անտենային չափագրում — Հ. Գ.) և 11 ազգային էտալոններն (նմուշները — Հ. Գ.) են: Չորրորդը բարձրարդյունավետ նոր հզոր տիպի արեգակնային էլեկտրակայանի նախագիծն է, որն առնվազն 10-20 անգամ էժան է ամենազարգացած երկրներում գործող արևի հզոր էլեկտրակայաններից: Իսկ հայ ժողովրդի ծագման մասին բավական հանգամանորեն ասացի:

– Օտարներն ի՞նչն են մեր մեջ բարձր գնահատում, ի՞նչը չեն ընդունում:

– Օտարների երկու տեսակ գոյություն ունի: Մեկը նրանք են, ովքեր շատ լավ գիտեն իրականությունը, բայց լռում են կամ ակտիվորեն աղավաղում: Դրանք շարքային մարդիկ չեն. գիտնականներ են կամ բարձրաստիճան քաղաքագետներ: Վախենում են, որ Հայաստանը զարգանա, մեծանա, հզորանա… Կա նաև արտասահմանցի շարքային ժողովուրդը, որն առանձնապես գաղափար չունի մեր մասին. իմացողներ էլ եթե կան, Սփյուռքի շնորհիվ է:

– Ի՞նչ կցանկանայիք տանել 20-րդ դարից:

– Առաջին հերթին՝ հայոց ուղղված, ճշգրտված պատմությունը: Շատ եմ կարևորում երկրի տնտեսական անկախության և ժողովրդի կենսամակարդակի կայացումը: Իմ ասպարեզում կուզենայի, որ մեր ինստիտուտի մեծ նվաճումները զարգանային և շարունակվեին:

«Նորաթերթ», թիվ 75, 26. 04. 2000

Դարը` մեր մեջ, մենք` դարի
(Հրապարակախոսություն), հատոր Ա, 2007

Նման գրառումներ