Որտե՞ղ ես, իմ սեր կանգնած թիկունքում բոլորի, պահված մութ ստվերներում:
Հրմշտելով քեզ, Ճամբին այս փոշոտ անցնում են նրանք, կարծելով ոչինչ:
Իմ սեղանը բաց սպասում եմ քեզ հոգնամաշ ժամեր,
Երբ անցորդներն են մեկառմեկ տանում ծաղիկներս ամեն,
Ու դատարկվում է զամբյուղս արդեն:
Առավոտն անցավ, նաեւ կեսօրը, ու երեկոյի մշուշում աչքս է քնով ծանրացած:
Տուն դարձող մարդիկ հայացք են նետում, ժպտալով լցնում ինձ ամոթանքով:
Նստած եմ ինչպես այրի մուրացկան, շապիկն երեսիս, եւ երբ հարցնում են, թէ ի՞նչ եմ փնտրում,
Աչքերս եմ կախում ես անպատասխան:
Ինչպէ՞ս ասեմ, որ Քեզ եմ սպասում, խոստացել ես գալ:
Ինչպէ՞ս չամաչեմ թոթովել, որ այս թշվառությունն իմ
Պահում եմ որպես բաժինք օժիտի:
Օ փայփայում եմ պարծանքը իմ այս սրտիս մատուռում:
Նստում խոտերին հայում եմ երկինք, մտապատկերում շքեղությունը հանկարծ գալստյան:
Բոցավառ ջահեր, կառքին ծածանվող պաստառներ ոսկե,
եւ ճամփեզրքին բերանները բաց բոլորը կանգնած,
Դու գալիս ես ցած Քո գահաթոռից, ինձ փոշուց հանում, բազմեցնում կողքիդ,
Քուրձոտ, մուրացկան այս խեղճ աղջկան, կծիկ ամոթի ու հպարտության, նման սողունի ամառվա զովին:
Ժամանակն անցնում, սահում է սակայն, կառքիդ անիվի ձայները չկան:
Բազում շքերթներ անցան գոչերով, աղմուկներով ու փայլով հաղթության:
Այդ դո՞ւ ես միայն, որ կանգնած ես լուռ, մութ ստվերներում, բոլորից անդին,
Եվ ե՞ս եմ միայն, որ սպասում եմ արտասուքներով, սիրտս մաշելով զուր կարոտներով: