Author
Հովհաննես Շիրազ

Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,
Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Բալասանվեմ իր բաց Վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝
Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ:

Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով,
Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնհմ Անին՝ կյանքն օրորեմ:

Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝
Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնվեմ:

Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,
Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝
Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,
Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:

Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի,
Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ:

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից
Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին“ վեր պարսպեմ:

Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,
Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ:

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,-
Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ:

Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,
Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի կոչեմ:

Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,
Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ:

Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ,
Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ:

Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,
Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագավորեմ:

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև
Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:

Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ,
Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ: