Հայաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի անտիպ հուշերից (1925թ.)

«… 1916թ. ամռանը, երբ ես վերադարձա Թիֆլիս, իր ողջ սրությամբ կանգնած էր հայ փախստականների հարցը: Ռուսական զորքի մշտական հարձակումներն ու նահանջները ստիպում էին Վանի, Ալաշկերտի տարաբախտ բնակիչներին տասնյակ հազարներով հեռանալ Թուրքիայից և հետո նորից վերադառնալ այդտեղ:

Այդպես ալիք ալիքի հետևից Թուրքիայից աճում էր փախստականների զանգվածը: Ռուսական զորքի ամեն մի նահանջ որպես հետևանք առաջ էր բերում տասնյակ հազարավոր փախստականների մի նոր ալիք: Փախստականների զանգվածները գալիս ու գալիս էին դեպի Ռուսաստանի սահման, դեպի Ռուսահայաստան: Մենք արդեն տեղյակ էինք կոտորածների սարսափներից: Եվրոպայում սաստիկ պատերազմ էր և գաղթականության այդ ալիքը Կովկասում էր հավաքել մոտ 350.000 հայ փախստականներ Թուրքիայից: 1916թ. աշնանն արդեն թվում էր, թե գրավված վիլայեթներում կարծես հաստատվել էր կայուն ռուսական իշխանություն: Բայց միաժամանակ աճում էին նաև հայերի հանդեպ անբարյացակամ վերաբերմունքի դրսևորման նշանները:

Այն հիացական գովեստների փոխարեն, որ 1914-1915 թթ. շռայլորեն ուղղվում էին հայկական կամավորական ջոկատներին, սկսեցին հնչել քննադատական կարծիքներ: Ինձ հրավիրեցին խորհրդակցության գեներալ Յանուշկևիչի մոտ, որտեղ ներկա 8 գեներալները զեկուցում էին, որ հայազգի զինվորները դասալիքներ են, խուսափում են ծառայությունից, դիմում են ինքնավնասման: Նշվեց նաև դասալքության պատճառով մի քանի հայերի նկատմամբ մահապատիժ իրականացնելու մասին: Ռազմաճակատ ուղարկվեց հանձնաժողով` եպիսկոպոս Մոսրոպն ու Թումանյանը: Տրամադրվածությունն ընդդեմ հայկական կամավորական ջոկատների աճում էր: Նրանց ենթարկեցին ընդհանուր հրամանատարության, տեղափոխեցին թիկունք վերաձևավորման և վերածեցին հրաձգային գումարտակների: Նոր կամավորական խմբերի ձևավորումն արգելեցին: Հայերի ձեռքից վերցրեցին նոր տեսակի հրացանները և փոխարենը նրանց սկսեցին զինել հին “բերդանկա” տեսակի հրացաններով: Այդ բոլոր տեղեկությունները գնում էին ու հասնում հասարակությանն ու ժողովրդին: Սկզբից դա առաջ էր բերում տարակուսանք, բայց հետագայում` արդեն գրգռվածություն, զայրույթ ու վրդովմունք: Ես բողոքով գնացի փոխարքայի մոտ (Խատիսյանն այդ ժամանակ Թիֆլիսի քաղաքապետն էր․ խմբ): Նա ամեն ինչ “շուռ տվեց” Զորակայանի վրա: Ազգային բյուրոն այդ հարցի վերաբերյալ իմ առջև իր բողոքը ներկայացրեց, իսկ իշխանությունները ամեն ձևերով խույս էին տալիս հարցի քննարկումից: Այդ ամենին զուգահեռ, գեներալ Պեշկովի գլխավորած գրավյալ տարածքների Քաղաքացիական Կառավարչությունում բացահայտորեն անտեսում էին հայկական շահերը: Իրենց բնակավայր վերադարձած հայ փախստականներին թույլ չէր տրվում տեղավորվել իրենց հողերի վրա: Վերադարձած հայերից սկսեցին ինչ-ինչ փաստաթղթեր պահանջել: Սկսեց շրջանառվել “եփրաթի կազակություն” հիմնելու գաղափարը: Այն է` Հյուսիսային Կովկասից 6000 կազկական ընտանիքներ բերել և վերաբնակեցնել Արևմտյան Հայաստանում: Հայերը վրդովվում էին: Իրոք, չէ որ բալոր տեսակի զոհերը, արյան գետերը, բոլոր արհավիրքները տեսել ու տարել էին հանուն Հայաստանի, հանուն Թուրքահայաստանի, իսկ այն ոչ միայն չեն տալիս իր բնիկներին` արևմտահայերին, այլ ուզում են փոխանցել կազակներին: Վերհիշվեց նաև իշխան Լոբանով-Ռոստովսկու “Հայաստանն առանց հայերի” հայտնի թեզը»:

Ծանո՞թ նկարագրություններ են՝ նման 2020-ից Հայաստանի դեմ Արցախում ՌԴ կազմակերպած ռազմական արշավի եւ «հետպատերազմյա կարգավորման», հակահայ քարոզչության իրողություններին, որոնք բոլորիս աչքի առաջ են։ Ռուսական քաղաքականությունը Հայաստանի ու հայության հանդեպ նույնն է՝ լինի ցարի, կոմունիստների, թե Պուտինի օրոք։