Հեռավոր այմարները խոսում են մեր մայրենիով
– ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 2010
ԲԱԺԻՆՆԵՐ:
349 դիտումներ
Պարզվում է, որ Կենտրոնական Ամերիկայում` Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ` այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: Նա գործածում է բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են: Այս բացահայտման հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանն է: Նա ռուսական բանասիրության մասնագետ է, թարգմանություններ է արել ռադիոֆիզիկայի, ճարտարապետության ոլորտներում, հայերեն է թարգմանել ակադեմիկոս Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գիրքը: 2011թ. նրա թարգմանությամբ կտպագրվի Անաստասիա Ցվետաեւայի «Մոգական զանգահարության վարպետը. ասք հանճարի մասին» գիրքը` հայազգի երաժիշտ Կոնստանտին Սարաջեւի մասին, որը մեկ օկտավայում լսում էր 1701 հնչյուն այն դեպքում, երբ սովորական մարդն ի վիճակի է լսել ընդամենը 23-ը: Մերի Սարգսյանի հետ զրույցը այմարա ժողովրդին առնչվող ուշագրավ բացահայտումների մասին է:
-Միշտ մտածում էի, թե ի՞նչ է նշանակում «Սասուն» բառը, ինչու՞ Աճառյանի կամ մեկ այլ բառարանում դրա ստուգաբանությունը չկա,-իր զրույցն այսպես սկսեց իմ զրուցակիցը:-Մենք ունենք Սասուն երկրի անուն, սարերի անուն եւ «անսասան» բառը, ուրիշ ոչինչ: Որոշ գրքերից իմացա այմարա հին ժողովրդի մասին, որը, ըստ ուսումնասիրողների, աշխարհի ամենահին լեզուներից մեկն ունի, իր մշակույթով ծաղկել է 15 հազար տարի առաջ, եւ ունեցել լեգենդ: Լեգենդ, որը կրկնվում է մի քանի ժողովուրդների մոտ: Պատմում են, որ ծովով իրենց մոտ եկան սպիտակամորթ, գանգրահեր, շիկահեր, կապտաչյա մարդիկ, որոնք համարվել են իրենց աստվածները, որովհետեւ գալով այստեղ` իրենց սովորեցրել են ձուլագործության գաղտնիքները, նաեւ ճարտարապետական գաղտնիքներ, սովորեցրել են միակնությունը: Այդ ժամանակներում ձուլագործությունն առաջին հերթին Հայաստանում է եղել: Շումերերեն գրություններում նաեւ հիշատակվում է անուն` Իոաննեշ: Դժվար չէ կռահել, որ դա Հովհաննեսն է: Կարելի է ենթադրել, եթե` չպնդել, որ եկվորները հայեր են եղել: Նույն լեգենդում կա իրենց «Վիրակոչա» անունը, եւ եթե շատ համարձակ լինենք, ապա կարող ենք ստուգաբանել որպես «ի վերուստ կոչված»: Գոյություն ունի Կալասասայա հրապարակ, որտեղ կանգնեցված է Վիրակոչայի բարձր արձանը` շուրջը քարեր: «Կալասասայա» բառը այմարերենից թարգմանվում է «կանգուն քարեր»: «Կալ»` հայերեն քարն է: «Քար» հայերեն արմատը մտել է աշխարհի բոլոր ժողովուրդների լեզուների մեջ: Ես հիշեցնեմ, որ «Սասունցի Դավիթ» էպոսում Սանասարի եւ Բաղդասարի կառուցած քաղաքն անվանակոչած ծերուկը բացականչեց` «սա հո սասունն է», այսինքն` պինդ, ամրակուռ: «Կալասասայա» եւ «Սասուն» նույն նշանակությունն ունեն` անսասան, պինդ: Ես որոշեցի ուսումնասիրել այդ լեզուն, հասկանալ, թե մեր Սասունն ու Կալասասայան ինչպես համընկան: Գտանք 600 բառանոց այմարա-անգլերեն բառարան: Վեց ամիս ինքս ինձ թեւ տալով ու համոզելով, ինքս ինձ չհավատալով ուսումնասիրեցի: Իմ առաջ բացվեց մի զարմանահրաշ աշխարհ: 57 բառ` մոտ 10 տոկոսը, հայարմատ էին: Գիտության դոկտորներն ասացին, որ նույնիսկ երեք բառի նույնարմատ լինելը առիթ է մտահոգվելու այն մասին, որ կա լեզվական փոխառություն:
-Է՞լ որ բառերում համընկնումներ կան:
-Օրինակ` «փիսի» նշանակում է կատու, «փուրակա»` փոր, «արմջանա»` մոռանալ, «կիտա»` ձկնկիթ, «ջուրա»` ջուր: 2004թ. հոդված պատրաստեցի եւ տարա ԳԱԱ «Լրաբերին»: Մեծ ոգեւորությամբ ընդունեցին, եւ դրեցին հերթի: Երկու տարի մնաց հերթում, հետո էլ գլխավոր խմբագիրը կանչեց, թե` չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է: Ասի` թուրքամետակա՞ն պիտի լիներ, որ տպագրեիք: Հոդվածը տպագրվեց այլ հանդեսներում:
-Իսկ այդ «ենթադրյալ» հայերը ձուլվել են տեղացիների՞ն, վերջիններիս սերունդները կենսաբանորեն նման չե՞ն հայերին:
-2009 թ. Նիկարագուայից էլեկտրոնային փոստով նամակ եկավ: Այդ երկրի կենսաբանական գիտություների դոկտոր, ազգությամբ ֆինն Սեպոտիուսանենը գրում էր, որ հիացած է իմ հոդվածով, մի տասնհինգ միջազգային կոնֆերանսներում զեկուցել է այն: Հոդվածը հաստատել էր նրանց կենսաբանական տեսությունն այն մասին, որ որոշ հին ժողովուրդներ կարող են ունենալ ընդհանուր գեներ: Այմարների մեջ նրանք հայկական գեներ են գտել: Ես չեմ կարող դա ոչ պնդել, ոչ հաստատել, քանի-որ կենսաբան չեմ, կպնդեմ միայն լեզվական նմանությունը: Եւ այդ գիտնականը խնդրեց շարունակել հոդվածը: Ուղարկեց նոր` արդեն 3 հազար բառանոց բառարան, այմարա-իսպաներեն, եւ բնականաբար նոր բառեր ավելացան իմ հոդվածում:
-Հիմա ուսումնասիրությունը շարունակու՞մ եք:
-Արդեն հաստատվել են լեզվական նմանությունները: Ես ուրախ եմ, որ դա հայամետական աշխատանք է, ու երեւի այդ պատճառով էլ շատերի դուրը չի գալիս:
-Պարիս Հերունու հայագիտական աշխատությունը, որ թարգմանել եք, երեւի նույնպես շատերի դուրը չէր գալիս:
-Նա աշխատությունը գրել է անգլերենով, որպեսզի աշխարհը կարդա, որ նախաքրիստոնեական Հայաստանն ունեցել է շատ բարձր մշակույթ, գիր, եւ որ սխալ է, թե Մաշտոցի ականջին Աստված փսփսաց, ու նա էլ տառերը շարեց, ու մենք ունեցանք գանձեր` շարականներ, որ աղոթքներ են, ու հանկարծ «ծլեց» Խորենացին, որն աշխարհում առաջին ժամանակագիրն է աշխարհում… Այդպես հնարավոր չէ:
-Ինչու՞ է կեղծվում այդ հարցը:
-Այն էլ` մեր եկեղեցու կողմից: Որ հավատացյալները հանկարծ չկասկածեն, որ Քրիստոսը… Ոչ ոք ոչինչ չի կասկածի: Քրիստոսն էլ դեմ կլիներ ամեն տեսակ կեղծիքի: Ինչպե՞ս մենք կարող էինք միանգամից «իմանալ զբանս հանճարոյ» եւ հանճարներ տալ աշխարհին: Մարդկության պատմությունն ընթանում է դանդաղ, էվոլյուցիոն ճանապարհով: Նույնն էլ` լեզվի զարգացումը: Հայոց լեզուն ունի 11 հազար բուն արմատ, որից 4 հազարը լրիվ, իսկ 5,5 հազարը մոտիկ իդենտիկ են սանսկրիտի` հին հնդկերեն մեռած լեզվի հետ: Այսինքն նույնն են: Հայ հին գրաբարը եւ սանսկրիտը ունեն միարմատ չորս հազար բառ: Հնդկաստանում ասում են, որ սանսկրիտը հայերեն գրաբարի փոքր քույրն է: Հնդկական «Ռամայանա» էպոսը ստեղծված է եղել ոչ թե Հնդկաստանում, այլ իրենց բուն հայրենիքում, եւ այդ էպոսում կա կարոտ, ցավով ու սիրով հիշում են իրենց հին երկիրը, որն ուներ «կապույտ, ձյունապատ, բարձրաբերձ սարեր»: Ուղղակի կրկնում եմ շատ ուսումնասիրողների, որոնք պնդում են, թե քանի-որ Հայաստանը հանդիսանում է քաղաքակրթության օրրանը, հնդիկներն այստեղից են գնացել արեւելք:
Գագիկ Աղբալյան
http://tesankyun.am/2010/10/673-is1nl1ssl1l1lns/
Տարածեք հոդվածը սոց. ցանցերում