Author
Հովհաննես Ազիզբեկյան

ՄԱՅՐԻ ԾԱՌԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ  և  հին աշխարհի ընկալումներում

Մայրի Անտառում, ուր մեծ երկնափառ ու
փառապանծ աստվածներն են բնակվում․․․
                                      Գիլգամեշի Էպոսից

Ցանկ
Նախաբան
Մայրի ծառը բնության մեջ
Մայրի ծառը հին աշխարհի ընկալումներում
Մայրի ծառը Միջագետքում (Շումեր)
Մայրիների անտառի պահապան Խումբաբան
Մայրի ծառը Եգիպտոսում
Մայրի ծառը Բիբլիայում
Մայրի ծառը Հայոց մեջ
Մայրի ծառը խնկի ծառ, մայրի ծառը կենաց ծառ
Մայրիների սրբազան անտառի տեղադրությունը և  Մայրիների լեռան թագավորությունը
Ինչպե՞ս և ինչո՞ւ անհայտացավ Մայրի ծառը Հայկական լեռնաշխարհից

Նախաբան

Մայրի ծառի հայրենիքը համարվում է Լիբանանը կամ հնագույն Փյունիկյան, սակայն այստեղ կարծում են, որ առաջին Մայրի ծառը աճել է հայկական լեռնաշխարհում, մինչդեռ Մայրի ծառը Հայաստանում բացակայում է և ընդհանրապես հայերի համար համարվում է օտար (շատերը նույնիսկ կարծում են թե ծառը արևադարձային է), որը Հայաստանում չի եղել և չի էլ կարող լինել: Կարծրատիպը առաջացել է վերջին 1700 տարում, երբ ամբողջ Հայկական լեռնաշխարհում վերացավ վերջին Մայրի ծառը… իսկ հնագույն քաղաքակրթության երկրներից մեկը՝ Շումերը, հայկական լեռնաշխարհը անվանում էր Անուշահոտ Մայրիների երկիր…

Մայրի ծառի մասին ամենահնագույն քաղաքակրթության երկրների՝ Շումերի, Եգիպտոսի, Ասորեստանի մշակույթը ողողված է ամենատարբեր տեղեկություններով՝ ծառի օգտակար հատկությունների, նրանից ստացվող նյութերի օգտագործման …  Շումերա-աքքադական  Գիլգամեշի Էպոսի 12 պնակիտներից  6-ում նկարագրվում է Ուրուկի արքայի՝ Գիլգամեշի արշավանքը Մայրի ծառի բնափայտի, տաճարի կառուցման և այլ ծիսական նպատակների համար: Եգիպտական կրոնական ծեսերը, մումիացումը կապված էին Մայրի ծառից ստացվող նյութերի հետ, իսկ ասորական սեպագրերը մանրամասն նկարագրում են այս ծառի բնափայտի հայթաթման համար կազմակերպված ռազմական արշավանքները և դրա օգտագործումը տաճարական շինարարության մեջ: Նշված երկրներից ոչ մեկում Մայրի ծառ չի աճում, բնականաբար այդ երկրներում տեղեկությունները այս ծառի մասին հասել են Մայրի ծառի հայրենիքից, որի տեղադրությունը կամ աղավաղվում է, կամ աշխատում են շրջանցել: Մեր այս աշխատության նպատակն է պարզաբանել, թե ո՞րն է Անուշահոտ մայրիների երկիրը, ինչո՞ւ են աղավաղում այդ երկրի տեղադրությունը, և ինչո՞ւ վերացավ այդ երկրից Մայրի ծառը…

Մայրի ծառը բնության մեջ

Մայրի ծառը հայտնի է աշխարհին իր գիտական կամ լատինական անվամբ՝  Cedrus- Կեդրուս, որը Սոճազգիների ընտանիքի ծառատեսակ է, ընտանիք, որի մեջ մտնում են մոտ 250  ծառատեսակ (Farjon. A. World Checklist and Bibliography of Conifers): Հայ ժողովուրդը ծառի այս ընտանիքի մի տարատեսակին անվանել է Մայրի, որը գիտության մեջ հայտնի է  ՄայրիՀայկական կամ Արարատյան (Cedrus libani var. stenocoma), աճում էր հիմնականում Հայկական լեռնաշխարհում, գիտական գրականության մեջ այն այժմ կոչվում է Մայրի թուրքական:   Արարատյան Մայրի  տեսակին ամենամոտ ազգականը Լիբանանյան Մայրին (Cedrus libani var. libani) է, որը գրեթե չի տարբերվում հայկականից, աճում է Լիբանանի լեռներում: Մայրին հայտնի էր հին աշխարհին  իր բազմաթիվ օգտակար հատկություններով՝ առաջին հերթին (ժամանակակից ընկալումներով) որպես ամենաթանկարժեք և ամենակատարյալ փայտանյութ ունեցող ծառատեսակ:

Քանի որ նշված երկու տարատեսակները գրեթե նույնական են (տարբերությունների մասին կխոսենք ստորև), այդ պատճառով էլ մեր ուսումնասիրության մեջ մենք կանդրադառնանք միմիայն Մայրիի այս երկու տարատեսակներին, այսինքն՝ Մայրի անվան տակ ի նկատի կունենանք Մայրի Արարատյան և Մայրի Լիբանանյան:

Մայրի ծառը աշխարհի ամենահնագույն ռելիկտային (մնացորդային) ծառերից մեկն է, այս ծառի ամենահնագույն հետքերը հայտնի են մոտ 250 միլ. տարվա Պերմի երկրաբանական դարաշրջանի  նստվածքներում (Եվրասիայի լեռնային տարածքներում), այն մեծ տարածում է ունեցել հատկապես Կավճի դարաշրջանում (մոտ 65-145 միլ. տ.), որից հետո այն ունեցել է խիստ սահմանափակ տարածում (Зауер В.В. Ископаемые виды рода Cedrus и их значение для стратиграфии континентальных отложении, Материалы по палинологии и стратиграфии, сборник стстей, М-1954), մի փոքր ակտիվացել է արդեն  Նեոգեն — Չորրորդական ժամանակներում (մոտ 22 միլ.-10 հազ. տարի առաջ):  Արդեն Հոլոցենի ժամանակ (10 000 տ), շնորհիվ իր խիստ օգտակար հատկությունների և հատկապես  մարդու գործունեության ակտիվացման, սկսում է Մայրի ծառի  օգտագործումը տնտեսության մեջ, որը հատկապես անխնա և ինտենսիվ է դարձել Վաղ և Միջին բրոնզի ժամանակներում: Մեր ժամանակներում Մայրի ծառը գրեթե վերացման եզրին է:

Մայրին փշատերև մշտադալար ծառ է:  Ծառի գլխավոր ու կարևորագույն պահանջը Արևն է,

արևային պայմաններում այն կարող է հրաշալի աճել նույնիսկ կրային հողերում և ցածր խոնավության դեպքում: Լավագույն պայմաններում ծառի բարձրությունը կարող է հասնել 40-50 մ, բնի տրամագիծը 2,5-3 մ:

Ծառի սաղարթը հիմնականում կոնաձև է, Լիբանանյան Մայրիների սաղարթը երբեմն տարիքի հետ դառնում է հովհարաձև:

Ծառի փշատերևները մուգ կանաչավուն են, փնջերով են, որտեղ փշերի քանակը տատանվում են 40-50 հատ, երկարությունը 3,5 սմ, փշերի կյանքի տևողությունը երկու տարի է:

Մայրին սկսում է սերմ տալ 25-30 տարում, կոները դարչնագույն են ու տակառաձև, մեջտեղում մոտ 1-2 սմ ավելի տրամագծով, 12 սմ երկարությամբ և 4-6 սմ տրամագծով: Սերմերը ունեն մոտ 15 մմ երկարություն և 5 մմ լայնություն, դեղնավուն գույնի են և քաղցրավուն համով,  ձիթառատ են,  տարածվում են քամու միջոցով:

Ծառի կեղևը թեփուկավոր է, մուգ-գորշ գույնի: Փայտը կարմրավուն է, ամուր և բուրավետ, թեթև է և փափուկ, այն խիստ դիմացկուն է և չի փտում (Феофраст. Исследование о растениях, М-1951, ст 100): Մայրի փայտանյութը ունի դառնավուն համ, կայուն ու դիմացկուն

է միջատների և խոնավության նկատմամբ:

Մայրին աճում է շատ դանդաղ, դիմանում է մինչև -30 աստիճան ցրտերին, Արարատյան Մայրին աչքի է ընկնում ավելի ցրտադիմացկունությամբ: Խիստ լուսասեր է (Արևասեր), դիմանում է երաշտին և տառապում է խոնավության առատությունից:

Ամենահնագույն ժամանակներում Մայրին համարվում էր սրբազան ծառ և այն օգտագործվում էր բացառապես ծիսական նպատակներով  և տաճարային շինարարության մեջ (տաճարների դռներ, առաստաղ, ներքին հարդարում): (Афанасьева В. К.  Гильгамеш и  Энкиду. «М-1979, ст. 93-94) , հետո սկսեցին օգտագործել նաև նավաշինարարության մեջ (Մայրիի բնափայտից էր կառուցվում նավի կարկասը և ղեկր ), նույնիսկ հիմնադրվեցին  առանձին նավաշինարարական անտառներ, որոնք տեղակայված էին մակեդոնիայում, Իտալիայում, Կիլիկիայում, Սիրիայում և Փոքր Ասիայի արևմտյան մասերում (Феофраст. Исследование о растениях, М-1951, ст 133): Մայրի ծառի սերմերից ստանում են Մայրի յուղ, որը հայտնի էր իր հականեխիչ հատկություններով, օգտագործվում էր բժշկության մեջ և մումիաների մշակման գործում: Մայրիից ստացվում է խունկ (կնդրուկ), որը համարվում է ամենահոտավետը ու կատարյալը խնկերի մեջ (ազնիվ կամ սպիտակ խունկ):

Անհիշելի ժամանակներից եգիպտացիները և Շումերները Մայրափայտը օգտագործում էին ոչ միայն տաճարների շինարարության, նավաշինության և ծիսական նպատակներով (սարկաֆագներ, դագաղներ, թաղման նավակներ), այլ նաև խեժի ստացման համար, որով ներծծում էին  մումիաների համար օգտագործվող գործվածքները և մումիաների մարմնի դատարկ մասերը: Այս պատճառով էլ փարավոնների երկրում և թե Շումերում, Մայրի ծառը սրբազան էր, այն հարգում, սիրում ու գնահատում էին: Բիբլիայի հայտնի մեկնաբաններից մեկը՝ Իոխանան Ռաբինը գրում է. «Աշխարհն արժանի չէ մայրի ծառի օգտագործման համար, ինչի՞ համար է այդ դեպքում ստեղծվել Մայրին, — Տաճարների համար!:  (Волков А. В., Загадки Финикии, Вече; 2004,ст. 20-21)

Հին Եգիպտոսում, Շումերում, ինչպես նաև Հրեաստանում, Մայրի ծառ երբեք չի աճել, այս երկրները Մայրի փայտանյութ, յուղ և խեժ ներկրել են որոշ լեռնային երկրներից, այսինքն՝ Մայրի ծառը սրբազան էր հենց իր հայրենիքում, որտեղից էլ տարածվեց  դրախտային այս ծառը իր սրբազան կոչումով:

Մայրի ծառը օգտագործվում էր ոչ միայն որպես փայտանյութ, այլ նաև սննդային համակարգում, ըստ որում արմատից մինչև տերևները՝ փայտանյութը, կեղևը, փշատերևները, կոները (յուղեր և թեյեր): Ծառի սերմերի կամ պտուղների մասին գրականության մեջ ընդունված է նշել որպես անօգտագործելի, սակայն հին հայկական խոհանոցային մի բաղադրատոմսում պահպանվել են Մայրիի սերմերի օգտագործումը տոլմայի մեջ (https://newsarmenia.am/news/armenia/sensatsionnye-i-neozhidannye-retsepty-byli-predstavleny-posetitelyam-festivalya-tolmy-v-armenii-vide/):

Մեր ժամանակներում Մայրի ծառը աճում է Հայկական լեռնաշխարհի հարավային մասերում՝ Տավրոսի լեռնաշղթայում, Կիլիկիայում և Լիբանանի լեռներում 1000-2000 մետր բարձրությունների վրա: Լիբանանի լեռներում  է գտնվում Աստվածային Մայրիների անտառը (Նկ. 3,4. ), որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

Մայրին համարվում է Լիբանան պետության ազգային սիմվոլը, տեղադրված է այդ երկրի դրոշի, գերբի ու դրամի վրա: Լիբանանի բարձրագույն պարգևը համարվում է Մայրիի ազգային մեդալը:

Մայրի ծառը լայնորեն հայտնի դարձավ միայն ուշ միջնադարյան աշխարհին և սկսեցին մշակել 17-րդ դարի վերջերին (Իտալիա, Ֆրանսիա): Լիբանանյան Մայրին այժմ լայնորեն օգտագործվում է անտառային տարածքներում աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, այն հատկապես տարածված է Ղրիմի հարավային ափերին, Կովկասի Սևծովյան ափերին, Անդրկովկասում և Միջին Ասիայում:

Մայրի ծառը բիբլիական ժամանակներում խիստ տարածված էր Լիբանանյան լեռներում և դարեր շարունակ համարվել է փյունիկյան առևտրականների արտահանման հիմնական փայտանյութը, որը շատ մեծ պահանջարկ ուներ այդ ժամանակվա հզոր երկրներում՝ Եգիպտոս, Իրան, Հռոմ: Ահա այս մեծ  պահանջարկն էլ պատճառ դարձավ Մայրի ծառերի անխնա ոչնչացմանը, որին նպաստեց նաև այդ անտառների գոյության ամենակարևոր երաշխիքի բացակայությունը՝ որն է անտառների վերականգնման և վերատնկման անընդհատ գործընթացը:

Այժմ Լիբանանյան լեռների ամենակարևոր հատվածում, որը անվանվում է Աստվածային Մայրիների անտառ, պահպանվում է ընդամենը մոտ 300 ծառ: Պետք է նշել, որ անտառի ամբողջ շրջակայքում տնկվել և մշակվում են մեծ քանակությամբ նորատունկ Մայրիներ:

Ինչպես նշեցինք վերևում, Հայկական կամ Արարատյան Մայրին տարածված էր  Հայկական լեռնաշխարհում և Կիլիկիայում, ներկայումս Արարատյան Մայրին պահպանվել է հիմնականում Արևմտյան և կենտրոնական Տավրոսի լեռնաշղթայում, Կիլիկյան Տավրոսում (Ամանոս), ինչպես նաև գրեթե ամբողջ Փոքր Ասիայի թերակղզու սահմաններում մինչև Հայկական Լեռնաշխարհ: Հայաստանի ներկայիս տարածքում և ամբողջ Հայկական լեռնաշխարհում Արարատյան Մայրին բացակայում է: Առաջին անգամ Հայկական լեռնաշխարհի Մայրի ծառի մասին տեղեկություն ենք ստանում Ագաթանգեղոսի Պատմությունից՝ քրիստոնեության ընդունման ժամանակ (4-րդ դար), որից հետո ոչ մի հայ պատմիչ Մայրի ծառ չի հիշատակում:

Բնության մեջ Արարատյան Կամ Թուրքական Մայրին, որը գիտության մեջ համարվում է լիբանանյանի ենթատեսակ,  շատ քիչ է տարբերվում լիբանանյանից: Արարատյան Մայրին աճում է ուղղաձիգ և բունը գրեթե չի ճյուղավորվում, այն ավելի ցրտադիմացկուն է, սաղարթը կոնաձև է և հիմնականում անկախ տարիքից  պահպանում է իր բրգաձևությունը:

Արարատյան Մայրու ասեղնատերևները մի փոքր ավելի կարճ են և ունեն մուգ կանաչավուն գույն, իսկ կոները մի փոքր ավելի նեղ են, հասունանում են երկու տարին մեկ, աշնանը:

(Missouri botanical garden, Cedrus libani subsp. Stenocoma,  https://www.missouribotanicalgarden.org/PlantFinder/PlantFinderDetails.aspx?taxonid=268017&isprofile=0&#AllImages)

Արարատյան Մայրուն անդրադառնում է նաև Ղևոնդ Ալիշանը Կիլիկիայի անտառների նկարագրության մեջ, որտեղ Մայրի ծառը անվանում է Կիլիկիայի անտառների զարդը և թագավորը: Կիլիկիայի Մայրին ըստ ոստերի գույների երկու տեսակ է՝ կանաչ և գորշագույն, այս ծառը մրցում և հաղթում է Լիբանանյան Մայրուն նույնիսկ իր շատությամբ, ծառից մեծ քանակությամբ հյութ և խեժ է դուրս գալիս, որի պատճառով էլ թուրքերը  «Գաթրան աղաճը կանվանեն»  (Ալիշան, Սիսուան, Վենետիկ 1885,  Բերք բուսականք բաժին):

Կիլիկիայի Մայրիի անտառները պահպանվել են մինչև 20-րդ դար և մինչև մեր օրերը, չնայած այդ անտառների անխնա օգտագործմանը տեղի բնակչության կողմից (Գրիգոր Գալուստեան, Մարաշ կամ Գերմանիկ և հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934, էջ 10):

Ըստ որոշ աղբյուրների մեծ աշխատանքներ են  կատարվում Թուրքիայի ամբողջ տարածքում մայրի ծառի անտառների վերականգնման համար (https://wonderseed.ecrater.com/p/18350509/turkish-cedar-cedrus-libani-var):

Մայրի ծառը հին աշխարհի ընկալումներում

Մայրի ծառի մասին ամենահնագույն տեղեկությունը կապված է Երկրի արարման կամ առաջացման մասին առասպելներում:  Փյունիկյան առասպելը Երկրի առաջացման մասին պատմում է. «Ամենասկզբում հավերժական ծովն էր, որը բարձրանում էր գմբեթի նման և որից առաջացավ առաջին ցամաքը սարի տեսքով: Սարից սկսեց հոսել համաշխարհային գետը՝ Մեծ Եփրատը, իսկ սարի վրա աճեց առաջին ծառը՝ հզոր Մայրին» (Циркин Ю . Б., Мифы Финикии и Угарита, М 2003, ст. 137-138):

Ըստ այս հնագույն առասպելի, աշխարհի արարման հենց սկզբում առաջացել է առաջին ծառը՝ հզոր Մայրին, ըստ որում այն աճել է համաշխարհային գետի՝ Եփրատի ակունքներում: Քանի որ Եփրատի ակունքները Փյունիկյաից բավական հեռու են գտնվում, կարելի է եզրակացնել, որ առասպելի կրողները կամ հեղինակները Փյունիկյաից չեն, կամ որ ամենահավանական է, այստեղ են եկել հեռավոր Եփրատի ակունքներից, իրենց հետ բերելով նաև իրենց առասպելներն ու պատմությունները:  Իսկ քանի որ բիբլիական Եդեմի այգին  գտնվում էր Եփրատի ակունքներում (Ծննդոց, 2, 10-15), ստացվում է, որ դրախտում աճող առաջին ծառը Մայրին էր: Մայրիի դրախտում աճելը վկայվում է նաև ուշ միջնադարյան հայկական աղբյուրներում, Ալիշանը իր Հայբուսակում հիշում է հնագույն բժշկարանում Մայրի ծառը, որի հնագույն անունը դրախտի ծառ էր (Ալիշան, Հայբուսակ, Վենետիկ 1895թ):

Մայրի ծառի մասին Փյունիկյան առասպելը կարծես հաստատում է շումերական կնիքի վրա պատկերված  Մայրի ծառի հնագույն պատկերը,  Շումերական կնիքներից մեկի դրոշմվածքի վրա, կնիքը պահպանվում է բրիտանական թանգարանում և կոչվում է Գիլգամեշը և Մայրի ծառը (Նկ. 6.):

Ինչպես և Փյունիկյան առասպելում, այստեղ ևս առաջացած գմբեթանման սարն է, որի վրա աճում է հզոր Մայրի ծառը:

Մայրի ծառը Միջագետքում (Շումեր)

 Աշխարհում հայտնի ամենահնագույն հնագիտական ու պատմագրական աղբյուրները ցույց են տալիս, որ Մայրի ծառը հայտնի էր մարդկության քաղաքակրթության ամենահնագույն ակունքներում և այն իր կարևոր տեղն ունի ամենահին քաղաքակրթությունը համարվող  շումերա-աքքադական հնագրության և գրականության մեջ: Թերևս, այս ծառի մասին ամենահնագույն գրավոր հիշատակությունը պարունակում է միջագետքի Ուրուկ քաղաքի արքա Գիլգամեշի մասին հայտնի հերոսական էպոսում (թվագրվում է XXVII – XXVI դ. մթա): Էպոսում Ուրուկի արքա Գիլգամեշը հայտնում է իր ընկերոջը՝ Էնկիդուին, որ իր երազանքն է եղել գնալ Լիբանանի լեռները, որտեղ Մայրիների լեռն է և Մայրիների անտառը.

«Եղբայր իմ, հեռվում լեռներն են Լիբանանի,
Մայրիների անտառով են լեռներն այդ ծածկված,»
(Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, էջ 112)

Այստեղ ամենազարմանալին թերևս «Լիբանանի լեռներ» արտահայտությունն է և այնքան բնականորեն է գրված, կարծես թե 5000- 6000 տարի առաջ միջագետքում շումերներին հայտնի էր Լիբանան երկիրն ու անունը և այն իսկապես տեղ է գտել սեպագիր արձանագրության մեջ (Լիբանան երկրանունը ծագել է արաբերեն Սպիտակ լեռներ անվանումից- սպիտակ կրաքարերից): Սակայն պարզվեց, որ Լիբանան անունը բացակայում է «Գիլգամեշ» էպոսի որոշ հրատարակություններում, Այդ թվում Նիկոլայ Գումիլյովի, Նշան Մարտիրոսյանի, Հովիկ Ներսիսյանի  թարգմանություններում, ինչպես նաև Կրամերի ուսումնասիրություններում:

Ահա թե ինչպես է բացատրում որոշ հրատարակություններում «Լիբանանի լեռների» անվան առկայությունը Էպոսի լավագույն վերլուծաբան Վերոնիկա Աֆանասևան իր «Գիլգամեշ և Էնկիդու» գրքում,  Էջ 93.

Характерно, что, как и в шумерской песне, Ливанские горы, откуда вывозился кедр, не названы, это просто  kur — горы. (Թարգ. Հատկանշական է, որ ինչպես և շումերական օրինակում լիբանանյան լեռներ՝ որտեղից բերվել է Մայրին, չի նշվում, ուղղակի նշվում է kur-լեռներ)

Այսինքն` շումերական բնագրերում (սեպագրերում) «Լիբանանի լեռներ» արտահայտություն չկա, այնտեղ գրված է միայն kur-լեռ, այնուհետև Աֆանասևան նույն էջի ծանոթագրության մեջ նշում է.
Кедр мог вывозиться только с Ливана или с Тавра (сев. или сев.-зап. Направление).   Отдельные   предположения,   что   местом   действия   песни (а следовательно,   и   более   ранних   походов)   был   Элам,   неосновательны. В горах Загроса кедра нет. (Թարգ. Մայրի կարող էին բերել Լիբանանից կամ Տավրից (հյուսիս կամ հյուս.- արևմտ.): Առանձին ենթադրություններ, որ էպոսի (հետևաբար նաև ավելի ուշ արշավանքների) գործողությունները կատարվել են Էլամում, անհիմն են: Զագրոսի լեռներում Մայրի չկա:)

Այստեղ մի փոքր շեղվենք նյութից ցույց տալու համար, թե ինչ է Աֆանասևայի նշած Տավրը, որտեղ աճում են Մայրի ծառերը: Տավրը կամ Տավրոսի լեռնաշղթան գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավային մասում և ձգվում է արևմուտք – արևելք ուղղությամբ մոտ 1250 կմ (տես Նկ. 7.):

Սա մի ուրույն լեռնաշղթա է, իր բնորոշ կենդանական և բուսական աշխարհով: Լեռնաշղթան անհիշելի ժամանակներից կոչվել է Տավր (ցուլ), որը բաժանվում է չորս մասի, արևմտյան հատվածը կոչվում է Արևմտյան Տավրոս, կենտրոնականը՝ Կենտրոնական Տավրոս,  արևելյան հատվածը՝  հնում-Հայկական Տավրոս, իսկ հիմա՝ Արևելյան Տավրոս,  իսկ կիլիկիայի ճյուղը՝  Կիլիկյան Տավրոս:

Տիգրիս գետը սկիզբ է առնում բուն Հայկական Տավրոսից, իսկ Եփրատ գետը լայնակի կտրում է այս լեռնաշղթան: Մայրի ծառերը աճում էին լեռնաշղթայի բոլոր հատվածներում, այժմ այս ծառերը շատ թե քիչ պահպանվել են Արևմտյան, Կենտրոնական, Կիլիկյան հատվածներում և շատ հազվագյուտ Հայկական Տավրոսում: Ըստ Վերոնիկա Աֆանասևաի,  Մայրի կարելի էր բերել Լիբանանից կամ Տավրից, բայց չգիտես ինչո՞ւ, տեքստում ավելացվել է Լիբանանյան տեղանունը:

Ինչպես տեսնում ենք, մեր այս ուսումնասիրողները հրաշալի գիտեն, թե որտեղ է աճում  Մայրի ծառը, և թե որտեղից կարելի է  բերել, բայց ցանկությունը մեծ է, որ Գիլգամեշի էպոսի Մայրիների անտառը լինի Լիբանանի լեռներում, բնականաբար թարգմանություններում ավելացրել են Լիբանան անունը, նաև կարծես թե ձեռի հետ բացառելով Տավր երկիրը: Այս դեպքը նշված կարգի գիտական հրատարակությունների և վերլուծությունների համար կարծես թե բացառիկ է, քանի որ առկա է ուսումնասիրողին կամ ընթերցողին ուղղակի ուղղորդելու ակնհայտ միտումը: Իսկ ինչո՞ւ են ուղղորդում ուսումնասիրողին դեպի Լիբանան, իսկ ինչո՞ւ ոչ  Տավր: Աֆանասևան առանց բացատրության ուղղակի նշում է կարծես թե երկրանուն Տավր, հյուսիս Կամ հյուսիս-արևմուտք ուղղությամբ: Համոզված եմ, որ պատմական գիտությունների դոկտոր, շումերագետ Վերոնիկա Աֆանասևան, անշուշտ, գիտեր, որ Շումերից հյուսիս կամ հյուսիս-արևմուտք գտնվում է Հայաստան հնագույն երկիրը, իսկ իր նշած այդ Տավրը (որտեղ Մայրին է աճում) Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթաներից մեկն է՝ Տավրոսի լեռնաշղթան, որը հայտնի է Հայկական Տավրոս անունով, բայց ուղղակի նշում է Տավր և առաջ անցնում: Աֆանասևան ոչ միայն չի քննադատում շումերական էպոսի անհարկի կեղծումը, այլ նույնիսկ փորձում է արդարացնել Լիբանան անվան ավելացումը, ակնարկելով, որ Լիբանանի լեռներ արտահայտությունը գալիս է էպոսի աքքադական տարբերակից: Սակայն հենց աքքադական տարբերակի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ նույնպես չէր կարող լինել Լիբանան բառը, որ Մայրիների լեռը և մայրիների սրբազան անտառը ոչ մի կապ չունեն  Լիբանանի հետ և էպոսի ոչ մի տարբերակում  չի կարող լինել «Լիբանանյան լեռներ» կամ «Լիբանան» արտահայտությունը:

Իսկ ասածս ապացուցելու համար բավական է քայլ առ քայլ հետևել Գիլգամեշին ու Էնկիդուին և պարզ կդառնա Մայրիների անտառը Լիբանանում տեղադրողների դիտավորությունը և կեղծիքը: Եվ այսպես, հետևենք մեր հերոսներին. ըստ որում քննարկենք Մայրի ծառերի տարածման երկու տեղամասերը՝ Լիբանան և հայկական լեռնաշխարհ (Տավրոսի լեռնաշղթան) տանող ճանապարհները:

Նախ` նշենք, որ Գիլգամեշի արշավանքի նպատակը, անկախ էպոսում հնչված բարձրագոչ հայտարարություններին,

«Ապրում է այդ անտառում Խումբաբան վայրագ,-
Եկ սպանենք մենք նրան միասին,
Եվ ամենն, ինչ չար է, քշենք աշխարհից,»
(Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, էջ 112),

ընդամենը Մայրի ծառի շինափայտի ձեռք բերումն էր (Афанфсева В. Гильгамеш и  Энкиду. «М-1979, ст. 94, ծան. 26), որը շատ թանկարժեք էր և գրեթե անհասանելի միջագետքի համար, այն  հնում օգտագործվում էր հիմնականում սրբազան տաճարների և ծիսական այլ նպատակների համար: Բացի այդ, Մայրիների անտառը սրբազան էր, իսկ նույնիսկ մեկ Մայրի ծառի կտրելը համարվում էր սպանություն (Афанасьева В. К.  Гильгамеш и  Энкиду. «М-1979, ст. 93): Հենց այս պատճառներով էլ անտառը պահպանում էր Խումբաբա հրեշը, ում   «…ձայնը փոթորիկ է, նրա շուրթերը բոց են, մահ է շնչառությունը:» (Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, էջ 112)

Եվ այսպես, համապատասխան պատրաստություն տեսնելուց հետո (զենքեր և կացիններ), ընկերները ճանապարհ են ընկնում դեպի Մայրիների անտառ: Վեց շաբաթվա ուղի անցնելուց (մեր հերոսները այդ ճանապարհը անցնում են մի քանի օրում), հասնում են «Մայրիների լեռը»՝ «կացարանը աստվածների, գահն Իրնինի», իսկ լեռան շուրջը տարածված է Մայրիների անտառը (Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, էջ 124): Այստեղ պետք է նշել, որ այս պարբերությունը (Մայրիների լեռը, կացարանը աստվածների, գահն Իրնինի), տարբեր թարգմանիչների մոտ տարբեր են, հայագետ Հովիկ Ներսիսյանը այդ պարբերությունը ներկայացնում է «աստվածների բնակավայր Մայրի լեռն  ու Իմինի  փայտյա գահը» (Հովիկ Ներսիսյան, Հայաստանը՝ հարևան երկրների  հոգևոր  բնորոշումներում աստվածների բնակավայր ու Կաճառ,  Գլենդել, 2010 էջ 47), Գումիլյովը՝ իրնինի տաճար (Николай Гумилёв, Гильгамеш. 1918, табл.5), Նշան Մարտիրոսյանը՝ Իրնինիի նվիրական սուրբ տաճար (Նշան Մարտիրոսյան, Գիլգամեշ, Եր. 1963, էջ 49), Իսկ Թոմփսոնը՝ աստվածուհիների գահ (Thompson R. C. The Epis of Gilgamesh, Oxford, 1930, Tablet v): Մի բան հաստատ էր, որ Մայրիների անտառում էր Մայրիների լեռը (որի լանջերին էլ Մայրիների անտառն էր), որը համարվում էր աստվածների բնակավայր և այդտեղ էր նաև աստվածուհու տաճարը կամ գահը: Թոմպսոնը նշում է, որ այստեղ նշված աստվածուհի Իրնինին Իշտար աստվածուհու անունն է  (Thompson R. C. The Epis of Gilgamesh, Oxford, 1930, էջ 223):  Մեր կարծիքով Մայրիների անտառի այս աստվածուհու անունը, որը տարբեր թարգմանիչ-ուսումնասիրողների մոտ տարբեր հնչեղություն ունի (Իրնինա, Իմինա, իրինա), հավանաբար  սխալ է կարդացվել, կամ այդ աղավաղված անունը ուղղակի Մայր աստվածուհու բազմաթիվ անուններից մեկն է:

Հասնելով Մայրիների սրբազան անտառ, Գիլգամեշն ու Էնկիդուն խաբեբայությամբ հաղթում են անտառի պահապան  Խումբաբային (Dean Caputo, From Sumerian Tales to Babylonian Epic: An Interdisciplinary Student Guide to Gilgamesh, International Journal of Literary Humanities 14.4 (2016): 39-54), կտրելով ու անջատելով գլուխը մարմնից:

Գետին տապալեցին պահապանին, Խումբաբային,-
Երկու ասպարեզ շառավղով Մայրիները տնքացին,
Նրա հետ միասին Էնկիդուն անտառներն ու Մայրիներն սպանեց,
Տապալեց Էնկիդուն անտառի պահապանին,
Ում խոսքից սարսափում էին Լիբանանն ու Սարիան,
(Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, էջ 126),

Ինչպես տեսնում եք, այստեղ ևս առկա է հնագույն սեպագիր բնօրինակի վերծանված տեքստի ժամանակակից ձևափոխությունը, այսինքն` ուսումնասիրողի ու ընթերցողի  ուղղորդումը, քանզի Շումերում գաղափար չէին կարող ունենալ, որ գոյություն ունի Սարիա ու Լիբանան, բայց մեծ է ցանկությունը Մայրիների անտառը տեղադրել Լիբանանում, ահա այդ պատճառով էլ արհեստականորեն ավելացվել է «Ում խոսքից սարսափում էին Լիբանանն ու Սարիան» ամբողջ նախադասությունը:

Խումբաբային սպանելուց հետո մեր հերոսները սկսում են Մայրիներ կտրել, ըստ որում կտրում են ընտրելով, խոշոր և հսկա Մայրիները, վերածելով խոշոր գերանների: Իսկ ահա մի քանի պարբերություն հետո հակասությունը կամ կեղծիքը ջրի երես է դուրս գալիս, երբ Էնկիդուն դիմում է Գիլգամեշին.

Մարտական կացինը գոտուցդ կախիր,
Շամաշի առաջ հեղում կատարիր,
Եփրատի ափը տանենք Մայրիները:
(Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, էջ 126),

Այսինքն` պարզվում է, որ մեր հերոսները գտնվում են ոչ թե Լիբանանում, այլ Եփրատի ափին ինչ-որ տեղում…  Այ քեզ անհարմար վիճակ, չէ՞ որ Եփրատը Լիբանանի տարածքով չի հոսում, այ եթե գոնե Լիբանանի Մայրիների տարածքը մի քիչ մոտիկ լիներ Եփրատին, ապա էլի կարելի էր պնդել, որ մեր հերոսները տեղափոխել են գերանները այդ մի քիչը (գոնե մի քանի կմ-ը) ասենք գլորելով, սակայն ցավոք Լիբանանի Մայրիների տարածքը Եփրատի ամենամոտակա մասից հեռու է ուղիղ գծով ընդամենը 270 կմ (տես քարտեզը, Նկ. 9): Բնականաբար չեմ կարծում, որ Ուրուկի արքա Գիլգամեշն ու Էնկիդուն հասնեին Լիբանան և այնտեղից Սիրիայի անապատով Մայրիները քարշ տային 270 կմ մինչև Եփրատ, կամ մոտ 1100 կմ  մինչև Ուրուկ (տես քարտեզը, Նկ. 9.), իսկ եթե դրա փոխարեն այդ նույն Մայրիները կարելի էր կտրել Տավրոսի լեռներում (Աֆանասևաի նշած Տավրում) — Եփրատի ափին և լաստերով տեղափոխել մինչև իրենց քաղաքը, ապա նույնիսկ հասարակ մահկանացուն  (Գիլգամեշը կիսաստված էր) անշուշտ կընտրեր ոչ թե Լիբանանը, այլ Տավրը:

Այստեղ խոսքը տանք Հովիկ Ներսիսյանին.

«Հումբաբային  սպանելուց  Հետո, Գիլգամեշն ու էնքիդուն սկսեցին մայրի ծառեր կտրել:
Էնքիդուն խոսքը ուղղում է Գիլգամեշին:
«Ընկեր, մենք բարձրաբերձ երկնասլաց Մայրին կտրեցինք,

……………..

Ու Նիփուր փոխադրենք Եփրատով,
Որը բերկրանք է պատճառելու Նիփուրին…»
Մի լաստ պատրաստեցին…
էնքիդուն լաստավարում էր…»

(Հովիկ Ներսիսյան, Հայաստանը՝ Հարևան երկրների  հոգևոր  ընկալումներում    աստվածների

բնակավայր   ու Կաճառ,  Գլենդել, 2010 էջ 55-56)

Այսինքն Մայրիների անտառը Եփրատի ափին էր կամ մոտիկ էր ափին և Մայրիները կտրելուց հետո լաստ պատրաստեցին և սկսեցին լաստավարել…

Հետաքրքիր է, որ ոչ մի հեղինակ կամ ուսումնասիրող այս հակասության մասին նույնիսկ ակնարկ չեն անում, թե այս ինչպե՞ս պատահեց, որ մեր հերոսները հասնում են Լիբանան, բայց հայտնվում են Եփրատի ափին, բոլորը խոսքերը մեկ արած կարծես թե  ոչինչ չեն նկատում… բայց կարծես թե նկատում են, դե էլ ինչ կեղծարարներ, որ չփորձեն գոնե ձևականորեն բացատրել այդ հակասությունը. և ահա արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Նեմիրովսկին հղում անելով իրենց ամենամեծ կեղծարարին, «հանճարեղորեն» բացատրում է նշված հակասությունը. «…а при описании того, как Гильгамеш в результате победы над Хумбабой добыл много кедровых стволов, в разрушенном контексте упоминается Евфрат (V.СВ, 44) – очевидно, как река, по которой Гильгамешу предстояло сплавлять добытые кедры домой, в Урук (Дьяконов, 1961, c. 37) …» (Индоевропейская история в свете новых исследований,  сборник научных статей, Немировский А.А. «Страна кедра», «Верх» и «Низ» в географических представлениях ранней     Месопотамии, М. 2010.   ст. 277),   (Թարգմ. «…իսկ նկարագրության մեջ, ինչպես Խումբաբային հաղթելուց հետո Գիլգամեշը ձեռք է բերում մեծ քանակի Մայրիների գերաններ, քայքայված սեպագիր տեքստի հատվածում հիշատակվում է Եփրատ գետանունը – ակնհայտ է որ այն  այստեղ օգտագործվել է  գետ իմաստով , որով Գիլգամեշը լաստառաքում է մայրի գերանները Ուրուկ (Դյակոնով, 1961, էջ 37)»): Դե իհարկե, մեր հերոսները Եփրատ գետանվան տակ  ուղղակի «հասկանում» են որպես գետ, և եթե ասում են լաստը իջեցնենք Եփրատ, հասկանում են ոչ թե Եփրատ, այլ ուղղակի գետ (ցավոք լաստի համար այդ տարածաշրջանում այլ գետ չկա): Սա իհարկե կեղծիքի ամենալկտի ձևն է, երբ կեղծողը վստահ է, որ ոչ ոք չի համարձակվի նույնիսկ կասկածել…

Այսինքն՝ ըստ այս պատմագրության կեղծարարների, հնագույն սեպագիր տեքստերում երբ գրված է  kur — горы, պետք է հասկանալ, որ ի նկատի են ունեցել Լիբանանի լեռները, իսկ եթե գրված է Եփրատ գետ, ուրեմն դա Եփրատ գետը չի…

Ի դժբախտություն պատմագրության կեղծարարների, այս պատմության մեջ Մայրի ծառի հսկա գերանների տեղափոխման հարցը շատ կարևոր է, որովհետև տարածությունը շատ մեծ է և միակ ճանապարհը ինչքան էլ նրանց համար անցանկալի է, մնում է Եփրատ գետը, և Մայրիների լեռան միակ տեղադրությունը նորմալ տրամաբանությամբ ենթադրվում է Եփրատ գետի և Տավրոսի լեռնաշղթայի հատման շրջանը, որի մասին ավելի մանրամասն կանդրադառնանք ներքևում: Մայրիների անտառի Եփրատի ափի տեղադրությունն է հաստատում նաև թվաբանական հաշվարկները:  Ըստ էպոսի, Ուրուկից  մայրիների անտառ 6 շաբաթվա ճանապարհը է, միջին պատրաստության մարդը օրական կարող է անցնել 40-45 կմ ճանապարհ (https://oetar.livejournal.com/93807.html): Նկ. 6.–ի քարտեզի Եփրատի շրջակա մայրիների անտառը  գտնվում է  Ուրուկից մոտ 1400-1500 կմ հեռավորության վրա, որը կարելի է անցնել 6 շաբաթում, եթե մարդը օրական անցնի 30-35 կմ ճանապարհ (պետք է հաշվի առնել, որ Գիլգամեշն ու Էնկիդուն բեռնավորված էին զենքերով ու կացիններով, բացի այդ, նրանք բարձրանում էին գետի հոսանքով վերև):

Այսպիսով` կարդալով «Գիլգամեշի» էպոսի բազմաթիվ թարգմանություններ, որտեղ հեղինակները ընթերցողին կամ ուսումնասիրողին անընդհատ փորձում են ուղղորդել դեպի Լիբանան, որպես Մայրիների անտառի տեղադրման տարածք, կարելի է  ենթադրել, որ Գիլգամեշը շատ էր ուզում գնալ Լիբանանի լեռները Մայրիներ բերելու և Խումբաբայից էլ սարսափում էր ողջ Սարիան ու Լիբանանը, բայց Գիլգամեշը «սխալմամբ» Եփրատի ափով բարձրացել է Հայաստան, հասել է  Տավրոսի լեռնաշղթայի Մայրիների անտառ, սպանել է Խումբաբային, կտրելով Մայրիները, լաստ է սարքել և հենց Եփրատով էլ իջել է մինչև Ուրուկ (հավանաբար այդպես էր «չհասկանալով», որ Մայրիների սրբազան անտառը և լեռը գտնվում են Հայաստանում): Եթե Մայրիների անտառը Եփրատի ափին է, և Խումբաբան էլ այդքան հեռու է Լիբանանից,  ապա անհասկանալի դառնում, թե այդ ինչու էին սարսափում ողջ Սարիան ու Լիբանանը: Իհարկե, թվարկած բոլոր հեղինակները, սկսած սեպագրերը վերծանողներից և էպոսի հետագա տեքստը գրողներից ու թարգմանողներից , հատկապես Գիլգամեշը և Էնկիդուն գիտեին, որ Միջագետք Մայրիներ բերելու միակ հարմար երկիրը  Հայաստանն է (Արատտան), որը հայտնի էր որպես սրբազան և անուշահոտ Մայրիների երկիր և միակ ճանապարհը Եփրատ գետն է, տեղափոխման միջոցն էլ կատարյալ էր ու հասարակ, նրանք շատ լավ տեղյակ էին և Արատտա երկրից և Մայրիների անտառից, ըստ որում իրենց արշավը կամ Մայրիների անտառից թանկարժեք փայտանյութի տեղափոխությունը (մեղմ ասած գողությունը) նախօրոք ծրագրված էր՝ փոքրաթիվ ջոկատով և հանկարծակի բերել պահապան Խումբաբային և արագ Եփրատով հեռանալ, որպեսզի չհասնեն և չպատժեն: Սակայն բոլոր հեղինակները, քանի որ Հայաստան անունը չեն կարողանում գրեն (կախարդված է), այդ պատճառով էլ ստիպված դիմում են կեղծիքի, շրջանցում են այդ երկրանունը, մայրիների անտառն էլ ստիպված տեղափոխելով Լիբանան, նույնիսկ չփորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է Լիբանանից  Ուրուկ ցամաքային ճանապարհով հսկա գերաններ տեղափոխել, որը կազմում էր 1100 կմ- ից ավելի անապատային  ճանապարհ: Եփրատ գետի, որպես Հայաստան-Շումեր հաղորդակցության լավագույն ճանապարհի մասին մանրամասն անդրադառնում է մեծ հայագետ Մարտիրոս Գավուքճյանը, հղում անելով Հերոդոտին. «Քանի գոյութիւն են ունեցել Տիգրիսն ու Եփրատը, ապա դրանց երկու ծայրերում ապրող ժողովուրդների կապը պիտի համարել հազարամեակների բնական երեւոյթ: Դրա ապացոյցներից մէկն է նաեւ, ինչպէս նշել ենք, Էնմերքարից երկու հազարամեակից աւելի յետոյ ապրած Հերոդոտի (մ.թ.ա. Vդար) բացորոշ վկայութիւնը : Նա գրում է, թէ արմէնների կողմերից եկող մարդիկ Եփրատի վրայով առեւտրական սերտ կապեր ունէին Բաբելոնի հետ, եւ մանրամասնօրէն նկարագրում է, թէ ինչպէս նրանք իրենց ապրանքներն ու էշերը, բեռնելով Հայաստանի անտառների փայտերից շինած ու կաշիներով պատած վահանաձեւ նաւակների վրայ, գետով իջնում էին Բաբելոն եւ ապրանքներն ու նաւակների փայտերը վաճառելուց յետոյ` կաշիները բեռնում էին էշերի վրայ ու վերադառնում արմէնների մօտ` երթը նորից կրկնելու համար»: (Մարտիրոս Գավուքճյան, հայագիտական ուսումնասիրություններ, Երևան 2011, էջ 251):

Այստեղ պետք է նշել, որ ուսումնասիրելով ժամանակակից պատմագրությունը, պարզում ենք, որ  նշված կեղծիքներն ու ուղորդումները խորապես ազդել են գիտության վրա, առաջացնելով շփոթություն և թյուրիմացություններ, բերենք  մի ակնառու օրինակ. Պատմական գիտությունների դոկտոր Երվանդ Գրեկյանը Արգիշտի արքայի գահակալության տարիների  վերաթվագրության մասին իր հոդվածում գրում է. «…Ք. ա. 774 թ. որպես Արգիշթիի կառավարման 7-րդ (՞) տարի ընդունելու դեպքում նախորդ՝ 6-րդ (՞) տարվա համար (Ք. ա. 775 թ. ըստ Ի. Դյակոնովի) ասորեստանյան էպոնիմների ցանկում հանդիպում ենք դեպի «մայրիների լեռ» (իմա՝ Լիբանան) ուղղված արշավանքի մասին տեղեկությանը, այն դեպքում, երբ «Խորխորյան տարեգրություն»-ը նշում է, որ ասորեստանյան զորքը ներխուժել է Ուրարտու…» (Ե. Գրեկյան, Արգիշտի I արքայի գահակալության տարիների վերաթվագրության հարցի շուրջ, ՊԲՀ, 2016, № 3, էջ 178-196):

Գիտնականը այնքան խորն է համոզված, որ  «մայրիների լեռ»-ը Լիբանանում է, որ նույնիսկ կասկածում է սկզբնաղբյուրների վրա… Իրականում այս երկու տեղեկությունները իրար չեն հակասում, այլ ապացուցում են, որ «Մայրիների լեռը» գտնվում է ոչ թե Լիբանանում, այլ Արարատյան թագավորությունում (Ուրարտու):

Նշված բոլոր փաստերն ու հիմնավորումները խոսում են մի շատ կարևոր և վերջնական իրողության մասին. «Մայրիների լեռան» թագավորությունը գտնվում է Արարատյան թագավորության (Ուրարտու) վարչական տարածքում և տեղադրված է Եփրատ գետի մերձափնյա տարածքում, բնականաբար Տավրոսի լեռնաշղթայի Եփրատյան հատվածում, որի մասին ավելի  մանրամասն կանդրադառնանք:

Այժմ փորձենք հասկանալ Մայրի ծառի նշանակությունը, էությունը, կարևորությունը և նրա դերը  միջագետքյան քաղաքակրթության մշակույթում: Առաջին հերթին շատ կարևոր է նշել, որ Միջագետքի տարածքում երբևէ  Մայրի ծառ չի աճել, այս ծառի մասին երկրի մշակույթում կան միայն գիտելիքներ, որոնք ներմուծվել են այլ երկրից, ըստ որում միջագետքի քաղաքակրթության համար խիստ կարևոր մի երկրից, որի ազդեցությունը Միջագետքի մշակույթի վրա  խիստ մեծ էր և որտեղ աճում էր, մշակվում և սրբորեն պահպանվում էր այս սրբազան ծառը, գիտելիքներ, որոնք անվերապահորեն ընդունվում են Միջագետքում: Նշենք, որ միջագետքյան Գիլգամեշի էպոսը գրված է 12 սալիկների վրա, որոնցից 5-6 սալիկների տեքստերը վերաբերում են Մայրիների անտառի արշավանքին, որն էլ վկայում է Մայրի ծառերի ու անտառի կարևորությունն ու նշանակությունը Միջագետքում և հին աշխարհում:

Միջագետքի պատմության մեջ հետագայում նույնպես հիշատակվում են արշավանքներ դեպի Մայրի սրբազան լեռան անտառներ, Մայրիի շինափայտի համար: Այդ մասին հիշատակվում է Լագաշ քաղաքի շինարարական մի արձանագրության մեջ (Афанасьева В. К.  Гильгамеш и  Энкиду. М- 1979, ст 92-93;  L. Heuzey, L. Sarzec, Decouvertes en Chaldee, Paris, 1884-1912): Արձանագրության մեջ նշվում է, որ լեռներից բերվեց Մայրի ծառի շինափայտը տաճարի շինարարության համար՝ հատկապես տաճարի տանիքի կառուցման համար: Արձանագրության տարիքը համարվում է  XXV դ. մթա, ըստ որում Մայրի ծառը կարդացվում է eren, (որը կարծում եմ Մայրի անվան աղավաղված ձևն է): Հաջորդ արշավանքը այս թանկարժեք շինափայտի համար իրագործում է  Սարգոն Աքադացին, 2316—2261 դ. մթա (P. Garelli, Gilgamesh et sa legend, Paris, 1960; Афанасьева В. К.  Гильгамеш и  Энкиду. М- 1979, ст 92): Կարծում եմ, որ նշված երկու արշավանքները կայացվել է նույն ուղղությամբ (դեպի «Մայրիների սրբազան լեռը»), ինչ-որ Գիլգամեշի դեպքում, միայն այն տարբերությամբ, որ եթե առաջին արշավանքի դեպքում Գիլգամեշը ստիպված է լինում սպանել Մայրիների անտառի պահապան Խումբաբային, ապա հետագա երկու արշավանքների ժամանակ այդպիսի արկածներ կարծես թե  չեն լինում:

«Գիլգամեշի» էպոսի և ընդհանրապես միջագետքյան մշակույթի մանրամասն վերլուծությունից կարելի է կռահել սրբազան Մայրի ծառի մասին պատկերացումները հենց ծառի հայրենիքում և միջագետքում, նշենք այդ պատկերացումներից մի քանիսը.

  1. Մայրի ծառը սրբազան է, սրբազան է  «Մայրիների լեռը»,  Մայրիների  անտառը, ուր մեծ երկնափառ  ու  փառապանծ ու անմահ աստվածներն են բնակվում,  այս անտառում է գտնվում Մայր աստվածուհու տաճարը կամ գահը:
  2. Մայրիների սրբազան անտառը մշակվում և պահպանվում է աստվածների նշանակած պահապանների կողմից և անտառ մտնողները պատժվում են:
  3. Սովորական մահկանացուներին խստիվ արգելված էր մուտքը սրբազան Մայրիների անտառ:
  4. Սրբազան Մայրի ծառի կտրելը համարվում էր սպանություն և մեծագույն հանցանք:
  5. Մայրի ծառի սրբազան անտառը լեռներում էր, Եփրատի ափին (կամ ափին մոտ), այսինքն` Հայկական լեռնաշխարհում:

Եթե Մայրի ծառի հայրենիքը Հայաստանն է, ուրեմն այն պետք է լայնորեն  տարածված լինի Հայաստանի տարածքում, բացի այդ սրբազան ծառը իր խորը հետքը պետք է թողներ հայ մշակույթում:

Միանգամից ասենք, որ Ժամանակակից Հայաստանի տարածքում ոչ մի Մայրի ծառ չի պահպանվել, միակ Մայրի ծառը (լիբանանյան Մայրի) գտնվում է Ստեփանավանի դենդրոպարկում: Հավանաբար, նույնը կարելի է ասել նաև Մեծ Հայքի մասին, համենայն դեպս ոչ մի տվյալ չունենք պատմական Հայաստանի տարածքում գտնվող մայրի անտառների կամ առանձին ծառերի մասին, ծառը պահպանվել է միայն պատմական Կիլիկիայի տարածքում՝ Արևմտյան և Կիլիկյան Տավրոսում. «…մինչեւ մերձ ’ ի սահմանս Լամբրունի աճեն գեղաղէշ մայրք թխորակք եւ կանաչագոյնք ` լիբանանեանցն  նմանակք։»  (Ալիշան, Սիսուան, Վենետիկ, ս. Ղազար  1885, 25. Մանաշ. Լամբրուն եւ տեարքն Հեթմեանք, Տարսոնի շրջակայքում; Գրիգոր Գալուստեան, Մարաշ կամ Գերմանիկ և հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934, էջ 10):

Այսինքն` Մայրի ծառը ոչ միայն տարածված չէ Հայաստանում, այլ ընդհանրապես այս ծառը բացակայում է այս տարածքում: Այստեղ պետք է նշել, որ Մայրի ծառը ընդհանրապես տարբերվում է մյուս ծառերից իր աճման դանդաղությամբ, եթե անտառային մյուս ծառերը կարող են 5-10 տարում աճել, տարածվել, անտառներ կազմել և նույնիսկ օգտագործվել որպես փայտանյութ, ապա Մայրի ծառը այդ վիճակին կարող է հասնել 50-60 տարի հետո միայն, այսինքն` այս ծառը խիստ դանդաղ է աճում և բազմանում, բացի այդ, այս զարմանալի ծառը նման է մարդուն, երբ գլխատում ես (կտրում ես կենտրոնական աճող ճյուղը), այն չորանում և ոչնչանում է (Феофраст. Исследование о растениях, М-1951, ст 162;  Левшин В. Словарь коммерческий, Москва 1790,  Часть 3, ст 168), բնականաբար ոչնչացնել ու վերացնել այս ծառատեսակը մեծ դժվարություն չի ներկայացնում: Թե ինչո՞ւ Հայքի տարածքում Մայրիներ չկան, մենք դեռ մանրամասն կանդրադառնանք, իսկ այժմ փորձենք Մայրի լեռան հետքերը փնտրել Հայկական լեռնաշխարհում և Հայոց մշակույթում:

Ինչպես նշեցինք վերևում, Գիլգամեշը և Էնկիդուն Մայրի ծառի փայտանյութի համար Ուրուկից հասնում են Հայաստան, «Մայրի լեռը», որի լանջերին տեղադրված է Մայրի սրբազան անտառը, որտեղ ըստ  այդ միջագետքյան  էպոսի,

Մայրի Անտառում, ուր մեծ երկնափառ  ու
փառապանծ աստվածներն են բնակվում,
և որտեղ գտնվում է  աստվածուհի  գահն Իրնինի»: Ինչպես և նշեցինք  աստվածուհի «իրնինի գահ»-ը  արտահայտությունը տարբեր թարգմանիչների մոտ տարբեր են, երբեմն այն անվանվում է նաև Իմինի  փայտյա գահ, աստվածուհիների գահ  կամ Ինինիի տաճար: Պարզվում է, որ  աստվածների այս բնակավայրի մասին տեղեկություններ են պահպանվել  5-րդ դարի Հայ պատմիչ Փավստոս Բուզանդի մոտ. «Արք երկու  կրօնաւորք անապատաւորք մինչ դեռ  նստէին  ի լերինն, անուն միում  Շաղիտա, և էր սա ազգաւ ասորի, և  նստէր  յԱռեւծ  լերինն, և  միումն  անուն Եպիփան, և էր սա  ազգաւ Յոյն, և նստէր սա ի Մեծի լերինն ի տեղի դիցն՝(աստվածների բնակավայր) զոր կոչեն աթոռ  (Ա)նահտայ,… :»  (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան 1987թ, 5-րդ դպրություն, ԻԵ, էջ 334)

Պատմիչը նկարագրում է երկու ճգնավորների տեսիլքները, որոնց շնորհիվ նրանք իմանում են Ներսես Մեծի մահվան մասին (373 թ) և շուտափույթ իջնում են լեռներից Եկեղեաց գավառ  «Ապա յարեան յիւրաքանչիւր լեռնէ ընթացեալք փութով  մինչև յԵկեղեաց գաւառ»:  Այս նախադասությունից պարզ է դառնում, որ ճգնավորների լեռները գտնվում են Եկեղյաց գավառի սահմաններից դուրս, բայց ոչ շատ հեռու գավառից, քանի որ նրանք իջան «մինչև յԵկեղեաց գաւառ», այսպիսով  կարելի է ենթադրել, որ այդ լեռները գտնվում են հարևան Ծոփք գավառում, Եփրատ գետի շրջակայքում: Փավստոսի նկարագրությունից հասկանալի է դառնում, որ  ճգնավորների  Առյուծ և Մեծ լեռները իրար մոտ պետք է լինեն: Ալիշանը Մեծ լեռը (աթոռ Անահտայ) տեղադրում է Ծոփքում (Քեոշմեր կոչվածը) (Ալիշան, Հին հավատք Հայոց, Վենետիկ 1895թ, էջ 267):

Այժմ փորձենք զուգահեռներ անց կացնել Գիլգամեշի էպոսի և Փավստոսի տվյալների մեջ «աստվածների բնակավայրի» լեռան մասին, այսպիսով.

Գիլգամեշի էպոս.
«Մայրի լեռը», որտեղ աստվածներն են բնակվում,
այնտեղ է գտնվում  Իրնինի աստվածուհու գահը կամ տաճարը:
Լեռը տեղադրված է Եփրատ գետի շրջակայքում:

Փավստոս Բուզանդ.
Մեծ լեռ, որտեղ աստվածների բնակավայրն է (ի տեղի դիցն),
որտեղ գտնվում է Անահիտ աստվածուհու աթոռը, 
լեռը տեղադրված է Եփրատ գետի շրջակայքում:
Հետաքրքիր է, որ Գիլգամեշի էպոսի սեպագրերի տեքստի վերծանողները Մայրի լեռը նկարագրելիս, երբեմն նշում են աստվածուհու գահ, երբեմն աստվածուհու տաճար: Փավստոսի մոտ միայն նշվում է «աթոռն Անահտայ»: Իսկ ի՞նչ է նշանակում Հայոց մեջ աթոռը… առաջին միտքը որ գալիս է, թերևս Մայր աթոռն է, որը միանշանակ նշանակում է հայ քրիստոնյաների կաթողիկոսի նստավայր կամ Մայր տաճար, այսինքն աթոռ բառը օգտագործվում  է նաև տաճար իմաստով և միանշանակ Փավստոսը կարող էր գրել նաև տաճարն Անահտայ: Միևնույն ժամանակ այստեղ  նույնական են նաև աթոռ և գահ հասկացողությունները, ըստ որում գահով նույնիսկ շատ կարևոր լեռնանուն ունենք, Արագած լեռը, որը ստուգաբանվում է որպես Արայի գահ (այսինքն՝ Արագած լեռան տարածքում պետք է որ լինի Արայի տաճարը)…

Հիմա տեսնենք  ով էր էպոսում նշված Իրնինի աստվածուհին, որի անունը տարբեր վերծանողների մոտ տարբեր է, բացի այդ, այդ անունով աստվածուհի այլևս չի կրկնվում: Ինչպես նշեցինք վերևում, ուսումնասիրողներից  Թոմպսոնը եզրակացնում  է, որ այստեղ նշված աստվածուհի Իրնինին Իշտար աստվածուհու անունն է  (Thompson R. C. The Epis of Gilgamesh, Oxford, 1930, էջ 223): Հայ մեծ հայագետ Մարտիրոս Գավուքճյանը իր «Արմենիա, Սուբարտու և Սումեր, հնդևրոպական հայրենիքը և հին Միջագետքը» աշխատության մեջ ապացուցում է Իշտար-Իննանա-Անահիտ նույնականությունը, ցույց տալով, որ Անահիտը դեռ Շումերի ժամանակակից  Հայաստանի ազգային ամենասիրված աստվածուհին էր (Մարտիրոս Գավուքճյան, հայագիտական ուսումնասիրություններ, Երևան 2011, էջ 240):

Այսպիսով եթե Իրնինին համապատասխանում է Անահիտին, ապա Գիլգամեշ-Փավստոս երկկողմանի տվյալները ամբողջովին նույնական են, իսկ ամենակարևորը, Փավստոս Բյուզանդի նկարագրած Մեծ լեռը («աթոռն Անահտայ»), կամ Գիլգամեշ էպոսի «Մայրիների լեռը» նույնն են և տեղադրված են Եփրատ գետի ափամերձ մասերում, Հայկական լեռնաշխարհի տարածքում (Մայրիների անտառի ճշգրիտ տեղադրությանը կանդրադառնանք հետո):

Այսպիսով՝ դեռևս 4-5-րդ դարերում, քրիստոնեական Հայաստանում պահպանվում էր Մայրիների լեռան հիշողությունը որպես աստվածների բնակավայր (ի տեղի դիցն) և աստվածամայր Անահիտի տաճար, իսկ ահա Մայրիների մասին հիշողությունը արդեն խամրում է, քանի որ Մայրիների լեռը վերանվանվել է Մեծ լեռ անվամբ

Մայրիների անտառի պահապան Խումբաբան

Շումերա-բաբելական Գիլգամեշ հերոսական էպոսում ստեղծվել է դրական և բացասական կերպարներ, բնականաբար հերոսացվել է սեփական  կիսաառասպելական Գիլգամեշ արքան և խիստ բացասական է դարձվել օտար հերոսը՝ Մայրիների անտառի պահապան Խումբաբան: Հիմա փորձենք հասկանալ թե ի՞նչ հերոս էր Գիլգամեշը, Ուրուկ քաղաքի առասպելական արքան: Հովիկ Ներսիսյանը իր  «Հայաստանը՝ Հարևան երկրների  հոգևոր  ընկալումներում    աստվածների բնակավայր   ու Կաճառ» գրքում Գիլգամեշ էպոսի առաջին սալիկը անվանել է «Գիլգամեշի բռնակալությունն ու Էնքիդուի արարումը», որովհետև այս սալիկում է նկարագրվում Ուրուկի «փառապանծ» արքայի բռնակալությունը իր ժողովրդի նկատմամբ: Այս «հերոսական» էպոսի գլխավոր «հերոս» Գիլգամեշ արքային էր պատկանում յուրաքանչյուր նորապսակ հարսի առաջին գիշերը, ոչ մի կույս աղջիկ չէր մնացել… իսկ որ ամենակարևորն էր, արքայի այս իրավունքները «հաստատվել» էր աստվածների կողմից (Գիլգամեշ էպոսը, 1-ին և 2-րդ սալիկ): Ժողովուրդը ստիպված բողոքում են աստվածներին, որպեսզի գոնե արքային սաստող որևէ ուժ ստեղծվի, որպես հակադրվող «հերոս» արքայի այս անասնական բնազդներին: Եվ ահա իրեն «կիսաաստված» հայտարարած այս բռնակալը որոշում է սրբազան Մայրիների փայտով նոր տաճար կառուցել, ցավոք այդ Մայրիների անտառը գտնվում էր հեռավոր Արատտայում և խիստ հսկողության տակ էր, քանի որ այն պահպանվում էր աստվածների կողմից նշանակված պահապան Խումբաբան, իսկ այդ Մայրիների փայտանյութը շատ թանկարժեք էր և գրեթե անհասանելի էր նույնիսկ Ուրուկի արքայի համար (հիշեցնենք, որ հետագայում  հրեաների Սողոմոն արքան Լիբանանից տաճարի կառուցման համար շինանյութ՝ այդ թվում Մայրիներ ձեռք բերելու համար վճարեց Քիրամ արքային 20 քաղաք և հսկայական ոսկի ու բնամթերք): Արատտա հզոր երկրի մասին Ուրուկի արքան շատ լավ գիտեր, քանի որ Ուրուկի նախորդ արքաներից մեկը՝ Էնմերքարը փորձել էր նվաճել և իրեն ենթարկել Արատտան և զոհվել էր Վանա լճի արևմտյան կողմում, Հուրում լեռան շրջակայքում (https://www.facebook.com/eduard.meliqyan.5/posts/2303512306350803):

Այս իրադրությունն էլ ստիպում է Ուրուկի արքային գաղտնի, փոքր ջոկատով ներխուժել սրբազան Մայրիների անտառ և ուղղակի գողանալ Մայրիները… Այս դեպքում արդեն արդարացնել էր պետք արքային, ստեղծվում է չարի կերպար՝ Խումբաբան, ով պահպանում էր սրբազան Մայրիները, մի «հրեշ», ով չարի մարմնացում էր (չնայած նրան աստվածներն էին նշանակել պահապան), և Գիլգամեշ արքան էլ գնում էր չարին «վերացնելու».

«Ապրում է այդ անտառում Խումբաբան վայրագ,-
Եկ սպանենք մենք նրան միասին,
Եվ ամենն, ինչ չար է, քշենք աշխարհից,»
(Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, էջ 112),

Անհասկանալի է մնում միայն, թե ի՞նչ չարություն էր արել Խումբաբան, նրան Արատտայում հանձնարարել են հսկել Սրբազան Մայրիները և Մայրիների անտառում գտնվող տաճարը (Էպոսում նրան պահապան են նշանակում աստվածները), որը նա անում էր բարեխիղճ, բայց արքային արդարացում էր պետք, Ուրուկի արքան հո չէր հայտարարի, որ գնում է անտառից փայտ գողանալու, և հնարվում է չարության մարմնացում — հրեշի կերպարը: Ի դեպ, երբ աստվածները որոշում են, որ Մայրիների արշավանքից հետո էնկիդուն պետք է մեռնի, Անու գերագույն աստվածը Գիլգամեշին այդպես էլ հենց անվանում է՝ — «նա ով լեռներից Մայրիները գողացավ» … (Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, 7-րդ պնակիտ, էջ 132): Իրաքում հայտնաբերված նորահայտ սալիկի վերծանության մեջ Գիլգամեշը ներկայացվում է որպես դաժան նվաճող, ով առանց անհրաժեշտության ոչնչացնում է անտառը: (Хумбаба: чудовищный противник Гильгамеша или неверно истолкованный Хранитель

https://vk.com/@inquizitormetalband-humbaba-chudovischnyi-protivnik-gilgamesha-ili-neverno-istol  http://godsbay.ru/orient/humbaba.html) : Նշենք, որ սա մարդկության պատմության մեջ գրավոր պահպանված էկոլոգիական հանցագործության հավանաբար ամենահնագույն դեպքն է, որի համար աստվածները մահվան են դատապարտում Գիլգամեշի օգնականին՝  էնկիդուին:

Ինչպես տեսանք վերևում, Մայրիների անտառը սրբազան էր, անտառի մեջ գտնվող լեռան վրա էր գտնվում Իննանայի կամ Անահիտ աստվածուհու տաճարը և աստվածների բնակավայրը: Բնականաբար անտառը հսկվում էր աստվածների նշանակած պահապանների կողմից և անտառը մտնող մահկանացուները պատժվում էին, որովհետև մուտքը աստվածների բնակավայր արգելվում էր, իսկ սրբազան Մայրի ծառ կտրելը համարվում էր մեծագույն հանցանք: Ըստ շումերական էպոսի՝ գերագույն աստծո, Էնլիլի կողմից սրբազան անտառի պահապան էր նշանակվել Խումբաբան, որի սարսափազդու կերպարը ստեղծվել էր որպես մարդակեր և ում «մռնչյունը հեղեղ է, երախը կրակաբուխ և շունչը՝ մահ»: Միջագետքի ժողովրդի համար Մայրի ծառերի սրբազան անտառը, աստվածների բնակավայրը և պահապան Խումբաբան այնքան անհասանելի էին ու առասպելական, իսկ սրբազան  Մայրիների շինափայտը այնքան ցանկալի ու անհրաժեշտ, որ Ուրուկի արքայի համար նույնիսկ այդպիսի արշավանք կազմակերպելը արդեն մեծ հռչակ ու պատիվ էր: Էպոսի ամբողջ անցուդարձը, այդ թվում նաև Ուրուկի նախորդ արքաների պատումներից հասկանալի է դառնում, որ Մայրիների սրբազան անտառը գտնվում է  Արատտա երկրի տարածքում, որը մրցակից էր Ուրուկին, և որի հետ լուրջ առևտրական հարաբերություններ ունեին Միջագետքի քաղաք պետությունները, և որին շումերական դյուցազնավեպերում անվանում են անուշահոտ Մայրիների երկիր: Վերևում պարզ դարձավ, որ սրբազան Մայրիների անտառը գտնվում է Եփրատի ափին մոտ, հայկական հնագույն Ծոփք Գավառում, Հնագույն Արատտա երկրում, Մեծ լեռան լանջերին, որի գագաթին է գտնվում աստվածների բնակավայրը կամ Անահիտ աստվածամոր տաճարը: «Гильгамеш и страна жизни» պոեմից պարզ է դառնում, որ Մայրիների անտառը հենց Արատտա քաղաքի ճանապարհին էր: Պոեմում  Արևի աստված Ութուն խորհուրդներ է տալիս Գիլգամեշին, իսկ որ ամենակարևորն է, նկարագրում է սրբազան Մայրիների անտառի  ճանապարհը.

Они — звезды небесные,
Пути на земле знающие,
Среди звезд в небесах сияющие,
К Аратте пути указующие,
В дороге купцов направляющие.
«Гильгамеш и страна жизни»,

Ինչպես տեսնում եք, Արևի ասվածը ճանապարհի իր նկարագրության մեջ նշում է, որ Մայրիների անտառը գտնվում է Արատտայի ճանապարհին…

Ինչպես էպոսում, այնպես էլ «Гильгамеш и страна жизни» պոեմում, ստեղծվում է գլխավոր թշնամու՝ Խումբաբայի դաժան կերպարը, որը հրեշ է իսկական.

ում   «…ձայնը փոթորիկ է,
Նրա շուրթերը բոց են,
մահ է շնչառությունը:»
(Հին արևելքի պոեզիան, Եր. 1982, էջ 112)

Հետաքրքիր է Էնկիդուի նկարագրությունը.

Я мужа того видел — трепетало сердце!
Богатырь! Его зубы — зубы дракона!
Его лик — лик львиный!
Его глотка. — поток ревущий!
Его чело — жгучее пламя! Нет от него спасения!
«Гильгамеш и страна жизни»

Բնականաբար թշնամին, որին պետք է ոչնչացնի Ուրուկի արքան, ինչքան սարսափազդու ու հզոր, այնքան բարձրանում է արքայի պատիվը:

Եվ ահա խումբը (մի տարբերակում երկուսով, մի ուրիշ տարբերակում ևս 50 ռազմիկ)  գաղտագողի մտնում են Մայրիների անտառ և չնայած այդ «դաժան» և հզոր թշնամու «կախարդանքներին», խաբեությամբ կապում են Խումբաբային (Dean Caputo, From Sumerian Tales to Babylonian Epic: An Interdisciplinary Student Guide to Gilgamesh, International Journal of Literary Humanities 14.4 (2016): 39-54), ով հավանաբար ճանաչելով Ուրուկի Արքային, և չկասկածելով, որ նա կարող է գողություն անել, իր հնազանդություն է արտահայտում (Հովիկ Ներսիսյան, Հայաստանը՝ հարևան երկրների հոգևոր ընկալումներում, Գլենդել 2010, Էջ 53-54; Նշան Մարտիրոսյան, Գիլգամեշ, Երևան 1963, էջ 50):

Իհարկե այդքան առասպելական թշնամուն պետք էր սպանել անշուշտ (եթե նույնիսկ դրա կարիքը չկա), թեկուզ և միայն փառքի համար… Հատկանշական է, որ Խումբաբային սկզբից հարվածում է հենց Ուրուկի արքա Գիլգամեշը… հետևից…

Երբ Էնլիլը իմանում է այդ սպանության մասին, զայրույթով  բացականչում է.

“Зачем вы совершили это?
[…]
Перед вами пусть бы сел он!
Вашего хлеба пусть бы поел он!

(Թարգմ.)   Ինչո՞ւ արեցիք այդ,
Ձեր առաջ թողնեիք նստեր նա,
ձեր հացը թողնեիք ուտեր նա,

«Гильгамеш и страна жизни»

2015 թվականին էպոսին ավելացվել է ևս 20 նոր տող: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրաքի պատմության թանգարանի աշխատակիցները մի քանի տասնյակ կավե պնակիտներ են գնել մաքսանենգներից: Ինչպես պարզվել է հետագայում, պնակիտներից մեկի վրա արձանագրված է էպոսի մինչ այդ անհայտ հատված, որտեղ Խումբաբա անտառապահը կարծես թե ներկայացված է դրական լույսի տակ. «վայրը, որտեղ ապրում էր Խումբաբան, կարգավորված էր արահետներով, ճանապարհները հարդարված ու ամրացված: Ամբողջ անտառը լցված էր թռչունների երգերով, նույնիսկ կապիկներն էին երգում: Երաժշտական խմբերի նման, անտառի թռչուններն ու գազանները Խումբաբայի համար համերգներ էին տալիս», այսինքն Խումբաբան իր անտառում սիրված աստված ու պահապան էր: Նորահայտ սալիկի արձանագրությունը ներկայացնում է Գիլգամեշին որպես դաժան նվաճող, ով առանց անհրաժեշտության ոչնչացնում է անտառը և ողբում է Խումբայի մահը: (Хумбаба: чудовищный противник Гильгамеша или неверно истолкованный Хранитель

https://vk.com/@inquizitormetalband-humbaba-chudovischnyi-protivnik-gilgamesha-ili-neverno-istol  http://godsbay.ru/orient/humbaba.html) :

Այսինքն, մեղմ ասած, Խումբաբայի կերպարը էպոսում այնքան էլ ճիշտ չի ներկայացված, քանի որ Խումբաբան աստվածների կամքով պահպանում էր սրբազան Մայրիների անտառը և աստվածների բնակավայրը և ինչպես երևում է նրա համբավից, իր գործը լավ էր անում:

Իսկ ո՞վ էր Խումբաբան…

Ընդհանրապես Խումբաբայի անվան որևէ ստուգաբանություն հայտնի չէ, Դիակոնովը «Հին արևելքի պատմության» գրքի մեջ կարծիք է հայտնում, որ Խումբաբա անունը ավելի քան հին է, քան ինքը՝ պատմական Գիլգամեշը  (История Древнего Востока. Месопотамия. Под ред. И. Дьяконова. Москва, 1983, стр. 306):

Էպոսի շումերական տարբերակում Խումբաբան ներկայանում է որպես Հուրում լեռան ծնունդ (Мифы народов мира, 1980, ст. 1068): Ընդհանրապես լեռների ծնունդը Շումերները համարում են աստվածային, այսինքն շումերական էպոսում Խումբաբային ընդունում են որպես աստվածային ծնունդ (Энмеркар и верховный жрец Аратты, «Вестник древней истории», 1964,№ 4,  Ст. 209;  А.  D е i ш-е 1,  Sumerische  Grammatik,  Roma,  1924, стр. 116, 117.   Священная корова — богиня Инанна,  В. М е i s s n е г, Babylonien und Assyrien, II, HeideJbeJ’g, 1925, стр. 28.):  Վերոնիկա Աֆանասևան Խումբաբա անունը համարում է հուրիական (Мифы народов мира, 1980, ст. 1068), անվան սեմիտական ծագումը բացառում է նաև Տուրաևը, համարելով այն Հաբեթական: (Тураев Б.А. История древнего востока, том 1, Ленинград 1935, ст 147):
Ինչպես տեսնում եք, և էպոսը և մասնագետները ոչ միայն  չեն բացառում, այլ ցուցում են Խումբաբայի և իր անվան հայկական արմատները… նախ Խումբաբայի ծննդավայր Հուրում լեռան մասին. այս անվան արմատը հուրն է, որը ցույց է տալիս լեռան հրաբխային ծագումը, իսկ ահա  շումերական մի քանի պոեմների («Էնմերքարը և Արատտայ», «Лугальбанда и гора Хурум», «Лугальбанда и Энмеркар») մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ Հուրում լեռը տեղադրված է վանա լճի արևմտյան կողմում և ներկայացնում է Նեմրութ Հրաբուխը (տես նաև Էդվարդ Մելիքյան, https://www.facebook.com/eduard.meliqyan.5/posts/2303512306350803)

Նեմրութ հրաբուխը գտնվում է Վանա լճի արևմտյան կողմում, Տարոն աշխարհում՝ որը մինչև 4-րդ դարի սկիզբը պատկանում էր հայոց հնագույն քրմական նախարարական Վահունիների և Սլկունիների  տոհմերին (Մովսես Խորենացի, Գիրք երկրորդ, գլ. ԺԲ):

Այսինքն՝ սրբազան Մայրիների անտառի պահապան Խումբաբան ոչ միայն հայկական արմատներ ունի, այլ հենց Հայաստանի սրտից՝ Տարոն աշխարհից, հայ հնագույն քրմական տոհմական տարածքից էր:

Քանի որ, ըստ մասնագետների, Խումբաբայի անունը Հուրի-հաբեթական է, ուրեմն հավանաբար այն հնարավոր է ստուգաբանել հայերեն լեզվի սահմաններում, որը կփորձենք անել միասին. Նախ պետք է պարզաբանել, Խումբաբա՞ թե Հումբաբա, որովհետև անունը սեպագրերից կարդացվում է Հումբաբա: Կարծում եմ անվան երկու ձևն էլ ճիշտ է, ուղղակի քանի որ անունը մոտ 5000 տարեկան է, ուրեմն բնականաբար հնագույն և սկզբնական անունը պետք է լինի Հումբաբա, հետագայում, երբ ավելացել է նաև խ տառը, անունը արտասանվել է Խումբաբա: Այսինքն անհրաժեշտ է ստուգաբանել սկզբնական հնագույն Հումբաբա անունը:

Հումբաբա բառը երկու արմատների միացություն է, հում և բաբա, այստեղ երկրորդ արմատը անմիջապես վերածվում է հատուկ անվան, քանի որ հայոց կարևորագույն հուշարձաններից մեկում՝ Մհերի դռան վրա պահպանվել է Բաբա անունով Աստվածուհի (Գ. Ղափանցյան, Հայոց լեզվի պատմություն. Հին շրջան, Ե., 1961, էջ 133): Պարզվում է, որ Բաբա աստվածուհի կա նաև շումերական դիցարանում (Мифы народов мира), ըստ որում այս դիցուհու մասին կան բազմաթիվ և հետաքրքիր տվյալներ, որոնց հավաքելով ու վերլուծելով, հետաքրքիր եզրակացությունների է եկել լեհ գրող և լրագրող Մարինա Բելիցկայան իր «Шумеры. Забытый мир» գրքում: Հեղինակը նախ ցույց է տալիս, որ շումերական Բաբա աստվածուհին ամենահնագույն պաշտվող աստվածուհիներից է և համարվում է գերագույն Ան աստծո դուստրը, որը իր մեջ կենտրոնացնում է Մայր երկրի կամ Մայր հողի գաղափարը (այսինքն՝ Մայր աստվածուհու): Մարինա Բելիցկայան միևնույն ժամանակ նշում է, որ Մայր աստվածուհին անհիշելի ժամանակներից, տարբեր երկրներում հանդես է գալիս տարբեր անուններով (որով աչքի են ընկնում գրեթե բոլոր աստվածները): Ըստ որում, նայած ժամանակաշրջանին, երկրին ու անվանը, հաճախ որոշակիորեն փոփոխվում է նաև տվյալ աստվածության ֆունկցիաները: (Белицкий Мариан. Шумеры.Забытый мир / Пер. с польского. — М.: Вече, 2000. Ст. 158-159, 227)

Հետաքրքիր է, որ հայկական պատմագրությունը ոչ միայն չի բացառում կապը շումերական և հայկական նույնանուն Բաբա աստվածուհիների միջև (Պետրոսյան Ա. Ուրարտական գլխավոր աստվածների եռյակը և պետության իշխող վերնախավի ծագման խնդիրը, ՊԲՀ, 2, 2002,  էջ 254;  Պետրոսյան Ա., Արամազդ. Կերպար, պաշտամունք, նախատիպեր, Երևան, 2006, էջ 19, ծան. 68;  Դավթյան Ա. Հայոց աստղային դիցաբանություն, Երևան 2004, էջ 121‒2;  Salvini M. Geschichte und Kultur der Urartäer, Darmstadt 1995, էջ 187), այլ գրեթե նույնական են համարում Բաբա աստվածուհին և հայկական Անահիտ աստվածուհին (Սարգիս Այվազյան, Ուրարտական դիցանունների ստուգաբանություններ, Բանբեր հայագիտության, №1, 2017, էջ 38; Հմայակյան Ս. Վանի թագավորության պետական կրոնը, Երևան 1990, էջ 44):  Այսինքն՝  Խումբաբա անվան երկրորդ՝ բաբա արմատը ցուցանում է հենց հայոց Մայր աստվածուհուն՝ Անահիտին, չմոռանանք, որ Խումբաբան հենց Մայր աստվածուհու՝ Անահիտի տաճարի Մայրի անտառի պահապան էր:                                                                                                                                                  Այժմ անցնենք Հումբաբա անվան հում արմատին: Պետք է ասել, որ հայերենում մ-ն անցումները սովորական են և հաճախակի կրկնվող (հատկապես բառբառներում), նույնիսկ Հումբաբա անվան մեջ, երբեմն արտասանվում է Հունբաբա, օրինակները շատ-շատ են. Ամբերդ- Անբերդ, ամպայման-անպայման, ամբարիշտ-անբարիշտ, ամբար-անբար, ամբաստանել-անբաստանել, ամբարտակ-անբարտակ, ամբարտավան, ամբոխ,  բամբ, բմբուլ և այլն: Կարծում եմ այս բառերի ճիշտն ու սխալը պետք է պարզել ոչ թե ինչ որ ուղղագրական կանոններով, այլ միայն բառի ստուգաբանությունից հետո: Այսպիսով եթե հում արմատի մ-ն փոխարինում ենք ն-ով, ստանում ենք Հունբաբա, որի հուն արմատը մեր լեզվաբանները ստուգաբանում են.

Հուն – կրակ, հնոց .
Ջահուկյան Գևորգ, Հայերեն ստուգաբանական բառարան.
Հնոց – արմատն է հուն «կրակ».
Աճառյան Հ. Հայերեն արմատական բառարան, էջ 106.
Հուն – հնոց, բով
Էդուարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան.

Ստացվում է կրակ, հնոց, բով, մի խոսքով սխալված չենք լինի եթե գրենք կրակարան:  Խումբաբա=կրակարան + Անահիտ աստվածամայր: Այստեղ հետաքրքիր է նշել, որ թաքնագիտական մի ուսումնասիրության մեջ Խումբաբա անունը ստուգաբանվում է «կրակե բաբա»- Огненная Баба.   «Хур-рул-лана (Հուրում լեռը-Հ.Ա.), … считалась матерью “Хум-бабы” (Огненной Бабы), родившейся в “земле Хур-рум”.»  (Александр Житниковhttps://proza.ru/2015/07/07/361): Ցավոք հեղինակը չի մանրամասնում իր ստուգաբանությունը: Կարծում եմ ավելորդ չէ նշել նաև, որ հուն վանկը հնարավոր է սկզբնական վիճակում եղել է հուր, որն էլ հազարամյակների ընթացքում ձևափոխվելով, դարձել է հուն: 

Փորձենք հասկանալ Խումբաբա = կրակարան + Անահիտ աստվածամայր   ստուգաբանության իմաստը: Վերևում ասվեց, որ սրբազան Մայրիների անտառը գտնվում է Մայրի լեռան շրջակայքում, որի գագաթին տեղադրված է Մայր աստվածուհու տաճարը: Այստեղ ստիպված ենք մի քիչ շեղվել և պարզաբանել նախաքրիստոնեական տաճարի բովանդակությունը: Ցավոք առաջին քրիստոնյաները այնպես մանրամասն ոչնչացրեցին Հայաստանում մեր հին արիական կրոնի վերաբերվող ամենավերջին տեղեկությունները, որ նույնիսկ կրոնի մասնագետները չեն պատկերացնում ամենատարրական տաճարական ծեսերը: Զրադաշտական տաճարներում գոյություն ունի մշտական սրբազան կրակի կրակարան, որտեղ պահպանվում էր մշտական կրակը և այդ գործը անում է կրակը պահպանող քուրմը: Պարսկական Յազդ քաղաքում մինչև մեր օրերը պահպանվել է Զրադաշտական կրոնի կենտրոնը, այստեղ է գտնվում նաև կրոնի կենտրոնական տաճարը:

Տաճարում  ես բախտ ունեցա զրուցելու սրբազան կրակը պահպանող քրմի հետ (2003 թ), ով հրաշալի պատկերացնում էր տվյալ ժամանակի Պարսկաստանի իսլամական պետությունը: Զրադաշտական քուրմը ներկայացրեց, որ ինքը սրբազան կրակի պահապանն է, կրակը մշտավառ է և կրակարանում վառվում է բացառապես Ծիրանի փայտ:

Զրադաշտական կրոնը գործում է 5-րդ դարից մթա, այսինքն այս կրոնի տաճարները գործել են զուգահեռ հայկական տաճարներին և հնուց ի վեր պահպանել են տաճարի ներսում սրբազան մշտավառ կրակի ներկայությունը:

Եվրոպայի արիական տաճարներում նույնպես մշտական վառվում էր սրբազան կրակը, ըստ որում այստեղ կրակը պահպանվում էր սրբազան կաղնու փայտով (Джеймс Джордж Фрэзер, Золотая ветвь, том 1.  М 2001,  ст 222; Том 2, ст 387):

Իսկ վառվում էր արդյո՞ք Հայ արիական տաճարում սրբազան կրակը…

Հայ մեծագույն հայագետ Մարտիրոս Գավուքճյանը իր «Հայ ժողովրդի ծագումը» գրքում գրում է. «Հետազօտութիւնները արդէն պարզել են, որ հայ ժողովրդի գլխաւոր աստուածութիւնը եղել է արեւ-կրակը եւ նրանք իրենց այս աստուածութիւնը կոչել են Ար կամ Արա»: (Գավուքճյան Մ. Ուսումնասիրություններ հայոց հնագույն պատմության, Երևան 2010, էջ 50):

«Արմանի (կամ Արմենի ), Նաիրի եւ Ուրարտու անունները նոյն երկրին տրուած նոյնանիշ ու համազօր անուններ էին: Տարբերութիւնը այն էր, որ Արմանի կամ Արմենի

նշանակում էր «արեւորդիների երկիր», իսկ Նաիրի եւ Ուրարտու

նշանակում էին «վայր կրակի», «երկիր արեւ-կրակի»: (Գավուքճյան Մ. նշ. աշխատությունը, Երևան 2010,  Էջ 66)

Ստուգաբանելով նաև Բիայնա բառը, Գավուքճյանը ցույց է տալիս, որ այն նույնպես հոմանիշ է Ուրարտու անվանը և նշանակում է կրակի տեղ. «Բիայնա եզրը, որ նշանակում է «կրակի վայր», իրենից ներկայացնում է կրակարան , այսինքն` կրակի մեհեան…» (Գավուքճյան Մ. նշ. Աշխատությունը, էջ 380): Ըստ Մարտիրոս Գավուքճյանի, Biaina անունից է գալիս Վան քաղաքանունը, իսկ հայերենի վանք բառի մէջ պիտի հասկանալ կրակի պաշտամունքի վայր կամ տաճար, ուստի, միանգամայն պարզ է, թէ հայերէնի պահած վանք բառը համապատասխանում է (ծնունդն է) նախկին Biaina անուան, որը նշանակում է «կրակի տաճար»: «Իհարկէ բնական է, թէ կրակի (հրաբուխների) այս երկրի նաիրեան բնիկ ցեղերի պաշտամունքի գլխաւոր առարկան պիտի լինէր կրակը, որի համար նաիրեան իւրաքանչիւր (կարեւոր) ցեղ պիտի իր բնակավայրի կենտրոնում հաստատած լինէր պաշտամունքի մեհեան` որը նուիրուած էր կրակի աստուածութեան (կամ Վահագնին)» (Գավուքճյան Մ. Նշ. աշխատությունը, էջ 381):

Կարծում եմ նշված օրինակները բավարար են հասկանալու համար, որ Նաիրյան երկիրը, որը կոչվում էր Արևի և կրակի երկիր, իր անունը ստացել էր ոչ միայն գործող հրաբուխներից, այլ նաև բազում տաճարների կրակարաններում վառվող սրբազան կրակներից, որոնց մշտական վառ պահող քրմերին կոչել են Վահունիք. «Հենց Վահագն անուան վահ բաղադրիչի «բոցավառ» իմաստի համար է որ Աշտիշատի մեհեանում սրբազան կրակը վառ պահող քրմերին կոչել են Վահունիք: Սա քրմական մի կարեւոր պաշտօն ու կոչում էր, որը եղել է ժառանգական եւ դրա համար էլ այդ տոհմը կոչուել է Վահունիք, իսկ տաճարն էլ` Վահէվահեան»: (Գավուքճյան Մ. նշ. Աշխատությունը, էջ 372)
Հայաստանի տարածքում հնագիտական պեղումներով հայտնաբերվել են բազմաթիվ սրբարաններ (տաճարներ) և նրանց կրակարանները: Հայտնաբերվել են նույնիսկ շարժական կրակարաններ: Նկ. 13.  նկարում դուք տեսնում եք Շենգավիթի և Մեծամորի հնավայրերում հայտնաբերված կրակարանները:

Վերը նշված հնագիտական և թե պատմագրական փաստերը վկայում են, որ հայկական տաճարներում գոյություն է ունեցել մշտավառ սրբազան կրակ, ըստ որում կարծում եմ, որ մեր տաճարներում սրբազան կրակի համար օգտագործվել է բացառապես Մայրի փայտ, որը ապահովվել է Հայկական լեռնաշխարհում մեծ տարածում գտած  Մայրի անտառներից…

Եթե հայկական տաճարներում պահպանվում էր մշտավառ սրբազան կրակը, ուրեմն այստեղ ևս անհրաժեշտ էր կրակի պահապան, ով մշտական վառ էր պահում կրակը, ապահովելով նաև վառելափայտով:

Այսպիսով՝ թե հնագիտական և թե պատմագրական փաստերը պարզաբանում են  Խումբաբա = կրակարան + Անահիտ Աստվածամայր    ստուգաբանության իմաստը՝ Խումբաբան հայկական սրբազան Մայրիների անտառի Անահիտի տաճարի կրակապահ քուրմն էր, ով ապահովում էր Մայրի փայտի մատակարարումը և տաճարի մշտական կրակի պահպանությունը, ինչպես նաև սրբազան Մայրիների անտառի պահպանությունը: Ըստ որում, Խումբաբան ոչ թե անուն է, այլ տվյալ ժամանակաշրջանի բնորոշ քրմական պաշտոն, որը նշանակում է Աստվածամոր տաճարի կրակի ու Մայրի անտառի պահապան:  Դատելով Խումբաբայի մեր հին քրմական տոհմի՝ Վահունիների տոհմական տարածքից լինելը, հավանական է, որ Խումբաբան հենց Վահունիների քրմական տոհմից էր:

Չափազանց կարևոր և հետաքրքիր է նաև, որ Խումբաբա անունը իր հետքերն է թողել Հայ ծիսական մշակույթում, բնագիտության և Հայ ժողովրդի հիշողության մեջ: Քրիստոնեության ընդունումից հետո, իհարկե ոչնչացվեցին և արգելվեցին հին հավատքին վերաբերվող ամեն ինչ, այդ թվում նաև անունները, սակայն մեր ժողովուրդը Խումբաբա անունը պահպանել է նաև որպես բուսանուն: Մեր ժողովրդին քաջ ծանոթ, ժամանակակից  Խատուտիկ անունով բույսը (Taraxacum L.) Ալաշկերտի, ինչպես նաև Նախիջևանի, Վայոց ձորի, Վասպուրականի, Սյունիքի բառբառներում անվանում են Խումբաբա կամ Խմբաբա: (Ա.Վարդանյան, Գիլգամեշի Խումբաբան և հայերեն բարբառային Խմբաբա բուսանունը, Իրան – Նամե; Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան): Խատուտիկ բույսը հանրահայտ և խիստ տարածված դեղաբույս է և հայտնի է ամենահնագույն ժամանակներից, այն համարվում է հիմնականում արյուն մաքրող և ստամոքսային հիվանդությունների դեմ արդյունավետ միջոց, օգտագործվում է նաև սննդային համակարգում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ընտանիքի բույսերը (արմատը) խիստ արդյունավետ են քաղցկեղային  ուռուցքների դեմ:

Նայելով ծաղկած Խումբաբային, որ ամբողջովին կրակ է ու Արև և զգալով այս բույսի ներքին հզորությունը, հասկանալի է դառնում, որ Մայր Աստվածուհու տաճարի սրբազան կրակի պահապանի և Խումբաբա բույսի անունների նույնականությունը պատահական չէ: Եվ պատահական չէ նաև, որ Խումբաբա բույսի մյուս անունը Ակլատիզ է (Ղազարյան Ռ., Բուսանունների բառարան, Երևան 2002), որը նույնպես մի երևակայական հրեշ է, որին կախում են երդիկից (էլի կապված կրակի հետ), և որով նաև վախեցնում են երեխաներին:

Ամփոփենք աշխատության առաջին 4 գլուխները, որոնք ներկայացվեց այս հոդվածում.

Մայրի ծառը հայտնի է աշխարհին իր գիտական կամ լատինական անվամբ՝  Cedrus- Կեդրուս, որը Սոճազգիների ընտանիքի ծառատեսակ է: Հայ ժողովուրդը ծառի այս ընտանիքի մի տարատեսակին անվանել է Մայրի, որը գիտության մեջ հայտնի է  Մայրի Հայկական կամ Արարատյան (Cedrus libani var. stenocoma), աճում էր հիմնականում Հայկական լեռնաշխարհում, գիտական գրականության մեջ այն այժմ կոչվում է Մայրի թուրքական: Մայրի ծառը հին աշխարհում (Շումեր, Եգիպտոս) համարվում էր սրբազան, այն խստորեն պահպանվում էր (Մայրի ծառը կտրելը համարվում էր սպանություն), ծառից ստացած փայտանյութը, խեժը, յուղը օգտագործվում էր բացառապես ծիսական նպատակներով: Շումերում դեռևս մթա 28-27 դարերում կազմակերպվում է արշավանք դեպի աստվածային Մայրիների անտառ, որը ժամանակակից պատմագրությունը տեղադրում է Լիբանանի տարածքում, սակայն Շումերի Գիլգամեշի էպոսի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ աստվածային Մայրիների անտառը գտնվում է Հայկական լեռնաշխարհում: Շումերական էպոսի հերոսներից՝ Մայրիների անտառի պահապան Խումբաբան համարվում էր Մայրիների անտառում գտնվող Մայր աստվածուհու տաճարի քուրմ, ով ծնունդով Տարոնից էր, Վահունիների քրմական տոհմից:

(Շարունակելի)
Հովհաննես Ազիզբեկյան
Երկրաբան, «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ                                                                                                                               2020 թ

Հովհաննես Ազիզբեկյան