Հնդիկ ականավոր մտածող, բանաստեղծ, ինտեգրալ յոգայի հիմնադիր Շրի Ահրոբինդոյի
«Մտքեր և ասույթներ» ժողովածուն ընթերցողին հնարավորություն է տալիս առնչվելու
բազմափորձ հանճարի հոգևոր փորձառությանը:
Գիրքը բանաստեղծի փորձառության նկարագրությունը չէ, այլ հոգևոր ճամփորդությունների գրառումներն են, նրա ընդգրկուն պատկերի դրվագները և բազմագույն խճանկարը այն բացահայտումների, որին միշտ էլ ձգտում է գիտակից մարդը, բայց ավաղ բացառիկներին է տրվում այդ հնարավորությունը վայելելու սեփական հոգու աստվածային անսահման շնորհները:
Կենսագրական տեղեկանք
Շրի Աուրոբինդոն ծնվել է Կալկաթայում 1872 թ. օգոստոսի 15-ին, բժշկի ընտանիքում: Յոթ տարեկան հասակում կրթություն ստանալու նպատակով հայրը տղաներին ուղարկում է Անգլիա: Սկզբնական կրթությունն Աուրոբինդոն ստանում է Լոնդոնի Սբ. Պողոս դպրոցում, այնուհետև տեղափոխվում է Քեմբրիջ, ուսումնասիրելով, հունարեն, լատիներեն, ինչպես նաև դասական և ժամանակակից արևմտյան գրականություն: Դեռ վաղ հասակից են դրսևորվում բանաստեղծություններ գրելու նրա փայլուն ընդունակությունները: Քսան տարեկանում նա արդեն տիրապետում է յոթ եվրոպական լեզվի: Հայրենիք է վերադառնում 1893 թվականին:
1893-1907թթ. զբաղեցնում է տարբեր պաշտոններ Բարոդայի, իսկ այնուհետև Բենգալիայի նահանգներում: Բարոդայի նահանգի համալսարանում դասավանդում է ֆրանսիական և անգլիական գրականություն, իսկ 1906 թ. տեղափոխվում է Կալկաթա և նշանակվում Ազգային Քոլեջի ռեկտոր: Այդ ժամանակաշրջանում Շրի Աուրոբինդոն ակտիվ պայքարում է բրիտանական տիրապետությունից Հնդկաստանի ազատագրման համար: Պայքարը չէր սահմանափակվում միայն հանուն ազատության ողջ ազգին ուղղված հասարակական քարոզներով, որն այդ ժամանակ հնդիկների մեծ մասի համար թվում էին անհավանական ու անիրական երազանք ու գրեթե ցնդաբանություն, այլ իր մեջ ներառում էր նաև ռազմական հեղափոխության նախապատրաստություն: Այդ ժամանակաշրջանում նա սկսում է ինչպես հնդկական սրբազան տեքստերի, այնպես էլ հնդկական լեզուների ուսումնասիրությունները (սանսկրիտ, մարատհի, գուջարատի և բենգալերեն): 1904թ. Շրի Աուրոբինդոն առաջին անգամ դիմում է յոգային, բայց ոչ աշխարհից հեռանալու, այլ աշխարհում ավելի արդյունավետ գործելու համար: « Իմ մեջ կար ագնոստիկ, աթեիստ, սկեպտիկ, և լիովին համոզված չէի՝ Աստված գոյություն ունի՞ արդյոք: Ես զգում էի, որ յոգայում պետք է որ հզորագույն ճշմարտություն լինի: Այդժամ դիմեցի յոգայի սկզբունքին: Ու ահա թե ինչպիսի աղոթքով ես սկսեցի դիմել Նրան. «Եթե Դու գոյություն ունես, Դու գիտես իմ սիրտը, գիտես, որ ես Մուքտի** չեմ խնդրում, չեմ խնդրում այն, որն ուրիշներն են խնդրում: Ես միայն խնդրում եմ ինձ ուժ տալ, իմ ազգին արթնացնել և թույլ տալ, որ ապրեմ ու ծառայեմ նրան, ում սիրում եմ»:
1908 թ. Շրի Աուրոբինդոն ձերբակալվում է բրիտանական գաղութատիրական կառավարության անդամներից մեկի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով և բանտարկվում: Բանտախցում մենակ մնալը նրա համար դառնում է արդյունավետ յոգայով զբաղվելու ժանանակաշրջան: Ամեն օր Շրի Աուրոբինդոյի աչքերի առջև իրականանում են հոգևոր նոր փորձեր, տանելով դեպի սեփական առաքելության գիտակցման. ոչ թե մեկ առանձին ազգի ազատագրում, այլ համայն մարդկության հոգևոր ազատագրություն: Շրի Աուրոբինդոն ներքին խորը փոփոխություն` տրանսֆորմացիա է կրում, որը փոխում է նրա կյանքի ուղղությունը: Ազատ արձակվելուց հետո, դատարանը նրան անմեղ է ճանաչում, ներքին ձայնին հնազանդվելով նա տեղափոխվում է Պոնդիչերի: Այն մի փոքրիկ քաղաք էր Հնդկաստանի հարավում, որը գտնվում էր ֆրանսիական գաղութարարների տիրապետության ներքո: Թողնելով քաղաքական գործունեությունը, նա լիովին նվիրվում է յոգայի որոնումներին: Նրան միանում են նաև ընկերները, գաղափարակիցները, որոնք հետագայում յոգայի մեջ դառնում են նրա աշակերտները: Այդպես ձևավորվում է հետագա Շրի Աուրոբինդոյի Աշրամը***:
1914-ից 1920թթ. Շրի Աուրոբինդոն գրում է իր ամենահայտնի գործերը «Աստվածային կյանք»,
« Յոգայի սինթեզ», «Վեդաների գաղտնիքները», «Մարդկային բոլորաշրջան», «Մարդկային միասնության իդեալը», «Էսսե Գիտայի մասին» և այլն, ինչպես նաև «Արիա» փիլիսոփայական մեկնաբանությունը:
1914թ. Շրի Աուրոբինդոն ծանոթանում է Միրրա Ռիշարի հետ, որին հետագայում անվանում է Մայր: Նա դառնում է Շրի Աուրոբինդոյի գործընկերը և նրա գործի շարունակողը: 1920թ. ապրիլ 24-ին Մայրը գալիս է Պոնդիշերի ու ընդմիշտ մնում այնտեղ:
Յոգայի գաղտնածիսական աշխատանքներին զուգընթաց, որոնք նա իրագործում է Շրի Աուրոբինդոյի հետ միասին, Մայրն իր վրա է վերցնում նաև աշակերտների կրթության և հոգևոր առաջնորդի դերը, որոնց թիվը անընդհատ աճում էր:
1926թ. նոյեմբեր 24-ին Շրի Աուրոբինդոն ապրում է աներևակայելի հոգևոր փորձ, որը նա անվանում է «Քրիշնայի ներթափանցում ֆիզիկականում»: Այդ օրից նա առանձնանում է իր սենյակում, դադարեցնելով բոլոր կապերը աշակերտների հետ ու իրեն ամբողջովին նվիրում է յոգային: Երբ Շրի Աուրոբինդոն գնում է առանձնացման, Միրրա Ռիշարի ուսերին են մնում նաև Աշրամի հետ կապված հոգսերը:
Այդ տարիներին Աուրոբինդոն աշակերտների հարցերին պատասխանում է նամակներով, որոնցով հետագայում կազմվում են երեք հատոր գիրք, «Նամակներ Յոգայի մասին»: Եթե յոգայով զբաղվելու առաջին շրջանում նա օրագրեր էր պահում, որոնցից կարելի էր գաղափար կազմել նրա հոգևոր գործունեության(սադhանայի) քայլերի մասին, ապա հետագա նրա աշխատանքներից ոչինչ հայտնի չէ: Հնարավոր է, միակ գրավոր տեղեկանքը և անդրադարձը Շրի Աուրոբինդոյի բանաստեղծական էպոսն է՝ «Սավիտրին», որի վրա նա աշխատում է մինչև կյանքի վերջին օրերը:
1950թ. դեկտեմբերի 5-ին Շրի Աուրոբինդոն հեռանում է երկրային կյանքից:
Նրա աշխատանքները հաշվվում են ավելի քան երեսուն հատորյակ: Համաձայն Շրի Աուրոբինդոյի, համաշխարհային էվոլյուցիան Աստվածայինի աստիճանական ինքնադրսևորումն է, որն աներևույթ կերպով գտնվում է բնության մեջ: Սկիզբ առնելով հանածոներից այն աստիճանաբար վեր է բարձրանում դեպի բույսերը, բույսերից դեպի կենդանիները, և կենդանիներից դեպի մարդ: Սակայն էվոլյուցիան դրանով չի վերջանում, նրա նպատակը ավելի կատարյալի` «սուպրամենտալ էակի» ստեղծումն է, որը կգերազանցի մարդուն շատ ավելի, քան մարդը գերազանցում է կենդանուն: Մարդն անցումային մենտալ էակ է, որի նպատակն ավելի բարձր մակարդակի` սուպրամենտալ գիտակցության աստիճանի հասնելն է, որը տրանսֆորմացիայի կենթարկի մարդկային ողջ բնությունը, անգամ նրա ֆիզիկականն այս աշխարհում: Շրի Աուրոբինդոյի կյանքը նվիրված էր այդ նոր զարգացման` սուպրամենտալ սկզբունքների գործնական փորձարկումներին, ինչպես իր, այնպես էլ աշխարհի վրա: