1712 թ.հունիսի 14-ին ծնվել է Սայաթ-Նովան, հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ (մահ. 1795 թ.):
Սայաթնովագիտության զարգացման շուրջ 160-ամյա պատմության ընթացքում դաժան վիճաբանությունների մեջ մեր գիտնական այրերը քիչ նիզակներ չեն կոտրել: Հենց սկզբից ասենք, որ չնայած հրատարակված բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններին, նոր և արժանահավատ տեսություններ և վարկածներ առաջադրող գիտնականներին կարելի է մատների վրա հաշվել (Գ. Ախվերդյան, Գ. Ասատուր, Գ. Լեոնիձե, Լ. Մելիքսեթբեկ, Ն. Աղբալյան, Գ. Լևոնյան, Մ. Հասրաթյան և այլն): Մնացած աշխատությունների ճնշող մեծամասնությունը հիշյալ հեղինակներից պարզ արտագրություններ են: Ինչպես Մուշեղ Իշխանն է դիպուկ նկատել.- «... աշուղի գործով զբաղվողներուն մեծ մասը բանասիրական և կենսագրական աշխատանք կը կատարե, յաճախ ծամելով ու ծամծմելով նոյն բաները...»:
Եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ ոլորտում երբեմն-երբեմն ի հայտ են գալիս գիր ու գրականության հետ ընդհանրապես կապ չունեցող, մասամբ գրագետ և կասկածելի հոգեկան ներաշխարհ ունեցող մարդիկ` իրենց արտառոց, աղանդավորական տեսություններով, մարդիկ, որոնք պնդերեսությամբ ինչ-ինչ կարծիքներ են մուրում իրենց համագյուղացի, գիտնականի խիղճն ու պատիվը կորցրած բուհական կաշառակերներից և այդ կարծիքները դրոշ սարքած ահաբեկում են գիտական հաստատությունները և ԶԼՄ-ները, ապա պարզ կլինի, թե ինչպիսի վիճակում է հայագիտության կարևոր բնագավառներից մեկը` սայաթնովագիտությունը (դրանցից մեկը նույնիսկ Սայաթ-Նովայի տոհմածառն է գծել, որի բոլոր ճյուղերին ագռավի պես թառած են իր ազգականները):
Պատմական այս կամ այն ժամանակահատվածում Սայաթ-Նովայի գրական ժառանգությամբ և կենսագրական հարցերով զբաղվել են մեկ-երկու անհատներ: Այնինչ, արժանահավատ փաստեր ներկայացնելու համար սայաթնովագետը պետք է տիրապետի առնվազն հետևյալ գիտելիքներին`
ա) վրացերեն լեզվին.
բ) օսման թուրքերենին և դրա բարբառներին.
գ) պարսկերեն և արաբերեն լեզուներին.
դ) քաջածանոթ լինի պարսիկ սուֆիների ստեղծագործություններին և սուֆիական դպրոցներին, որովհետև Սայաթ-Նովան պարսիկ սուֆիների հետևորդ է.
ե) քաջածանոթ լինի ինչպես Աստվածաշնչին և Սուրբ Գրոցը, այնպես էլ Ղուրանին և դրա սուֆիական մեկնություններին, որովհետև իր ստեղծագործություններում Սայաթ-Նովան առատ մեջբերումներ է անում դրանցից, իսկ որոշ տողեր ուղղակի սուֆիական բանաձևեր են (տես` կայքի «Սայաթ-Նովայի չվերծանված մի քառատան վերծանաման փորձ» հոդվածը.
զ) քաջածանոթ լինի ինչպես հայկական, այնպես էլ պարսկական և թուրքական աշուղական արվեստի բազմաբարդ ձևերին:
Դժվար է պատկերացնել մի անհատի, որը կմեկտեղի այս բոլոր գիտելիքները: Սայաթ-Նովայի պես համամարդկային արժեք ներկայացնող բանաստեղծի գրական ժառանգությունը լրջորեն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է պատրաստել երիտասարդ մասնագետների խումբ, որը կտիրապետի վերոհիշյալ գիտելիքներին: Առանց դրա, բոլոր հետազոտություններն էլ այս կամ այն չափով թերի կլինեն:
Այս` մեր կարծիքով անհրաժեշտ նախաբանից հետո փորձենք շարադրել Սայաթ-Նովայի կենսագրության այն դրվագները, որոնց վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի փաստեր կան, մի կողմ թողնելով տարբեր մարդկանց կողմից մոգոնված լեգենդները:
ԾՆՆԴՅԱՆ ԹՎԱԿԱՆԸ - Ըստ Սայաթ-Նովայի գրական ժառանգության առաջին ուսումնասիրող, լուսահոգի Գ. Ախվերդյանի հաշվարկների, Սայաթ-Նովան պետք է որ ծնված լինի 1712 թվին: Հ. Թումանյանը ևս կատարել է իր հաշվարկները, ըստ որոնց, Սայաթ-Նովայի ծննդյան թիվը 1713-ն է: Ըստ այդմ` Գ. Բաշինջաղյանի և Հ. Թումանյանի ջանքերով 1913 թվականին Թիֆլիսում մեծ շուքով նշվում է Սայաթ-Նովայի ծննդյան 200-ամյակը: Միջոցառման ժամանակ հնչում են Սայաթ-Նովայի երգերը, տպագրվում նրա հայերեն խաղերի մի էժանագին (ժողովրդին մատչելի) ժողովածու, Գ. Բաշինջաղյանի նախագծով ս. Գևորգ եկեղեցու հյուսիսային դռան աջ կողմում կառուցապատվում է Սայաթ-Նովայի գերեզմանը: Թումանյանական ավանդույթը պահպանել է ժամանակակից սայաթնովագիտության ռահվիրաներից մեկը` Մորուս Հասրաթյանը: Չնայած այն բանին, որ ականավոր գիտնականը իր հաշվարկներում նշում է այլ տարեթիվ (1717), սակայն վեր կանգնելով իր անձնական նկրտումներից, 1963թ. կազմակերպում և մեծ շուքով Երևանում, Թբիլիսիում, Բաքվում և Մոսկվայում, ՅՈՒՆԵՍԿՈ-ի մասնակցությամբ իրականացնում է բանաստեղծի ծննդյան 250-ամյա տոնախմբությունները:
Շրջանառության մեջ է նաև Սայաթ-Նովայի ծննդյան 1722թ. վարկածը: Զգուշացնում եմ, որ այս վարկածը որևէ գիտական հիմք չունի և մոգոնված է մեկ այլ կեղծիքի` արքայադուստր Աննա Բատոնաշվիլու և Սայաթ-Նովայի «սիրո» էժանագին վարկածը հաստատելու համար (այս մասին ավելի հանգամանորեն տես կայքում զետեղված մեր «Սայաթ-Նովայի սիրո առասպելը» հոդվածում):
Բանն այն է, որ Սայաթ-Նովան իր հայերեն խաղերից մեկում ունի այսպիսի տող. - «Ինձ ու իմ սիրեկան եարին մէ տարի բերած գիտենաք»:
Քանի որ վրաց պատմագրությունից հայտնի է, որ Աննա Բատոնաշվիլին ծնվել է 1722 թվականին, մեր աննայասեր գիտնականները Սայաթ-Նովայի գրածներից ինչ-ինչ բառեր են առանձնացնում և դրանց տառերի թվային արժեքները տեղադրելով «ապացուցում են» իրենց կեղծ վարկածը:
Բարեկամներ: Սայաթ-Նովան իր բոլոր հայերեն խաղերը գրել է վրացերեն տառերով: Եթե տառերը վրացերեն են, իսկ բառերը հայերեն և կամ թուրք-պարսկական ծագում ունեն, այդ որ լեզվի այբուբենի թվային արժեքների հետ են ձեռնածություն անում մեր գիտնական այրերը` հայերե՞ն, վրացերե՞ն, թուրքերե՞ն, թե՞ պարսկերեն: Ինչպես տեսնում եք, այս կարգի «գիտական» մեկնաբանությունները գրոշի արժեք անգամ չունեն:
Հաջորդ «աղբյուրը», որում կենսագրական տվյալներ են որոնում մեր մասնագետները, Սայաթ-Նովայի թուրքերեն «Փառք Արարչին» խաղն է: Այդօրինակ խաղեր ունեն գրեթե բոլոր աշուղները, օրինակ` Ջիվանին, Սազային, Հավասին, և այլն: «Վուջութլամա» կամ «Ջավսաթլամա» (բազմիմաստ հյուսկեն) կոչվող այդ խաղերում աշուղը նկարագրում է մարդու կյանքը սաղմնավորման պահից մինչև 100 տարեկանը և պատմում, թե այս կամ այն տարիքում մարդը ինչպիսին է լինում և ինչ դեպքեր են կատարվում նրա հետ: Տվյալ աշուղի կենսագրության հետ դրանք որևէ կապ չունեն: Վերցնենք օրինակ` Ջիվանու համանման խաղը (Բնագիրը` տես Թ. Պողոսյանի «Աշուղ Ջիվանի. Անհայտ էջեր» Ե., 2009, էջ 380) և այնտեղ եղած այս կամ այն տարիքում մարդուն պատահած դեպքերը համեմատենք Ջիվանու իրական կենսագրության հետ: Ջիվանու օրինակը վերցրեցինք այն պարզ պատճառով, որ նրա կենսագրությունը մանրամասնորեն հայտնի է, քանի որ դրանով զբաղվել է այնպիսի քաջատեղյակ մեկը, ինչպիսին նրա որդին էր` հանճարեղ աշուղագետ Գարեգին Լևոնյանը: Հենց առաջին իսկ հայացքից կտեսնեք, որ Ջիվանու խաղում նկարագրված դեպքերը որևէ կապ չունեն Ջիվանու իրական կենսագրության հետ: Այդպիսի պատկեր է նաև մյուս աշուղների պարագայում և այդօրինակ խաղերում տվյալ աշուղի մասին ինչ-ինչ կենսագրական փաստեր որոնելը, եթե արտահայտվելու լինենք մեծն Սանչո Պանսայի ոճով, նույնն է ինչ փնտրել կատվի հինգերորդ ոտը և այն էլ անտակ ծովի խորքերում: Կարծում ենք, որ մեր պարտքն է պահպանել թումանյանական ավանդույթը (եթե անգամ նա 1-2 տարով սխալվել է) և Սայաթ-Նովայի ծննդյան թվականը համարել 1713 թվականը: Չէ որ Թումանյանի սխալներն անգամ պաշտելի են:
ՄԱՆԿՈՒԹՈՒՆԸ - Համաձայն ենք Մ. Հասրաթյանի այն վարկածին, որ Սայաթ-Նովայի մանկությունն անցել է իր մոր հայրենիքում` Լոռիում, ուր և Սանահինի նշանավոր դպրատանը ստացել է իր նախնական կրթությունը: Այդ մասին է խոսում այն փաստը, որ Սայաթ-Նովայի հայերեն խաղերում Թիֆլիսի բարբառին գրեթե հավասար չափով առկա է Լոռվա բարբառը, իսկ թուրքերեն խաղերն ամբողջությամբ գրված են Լոռի-Բորչալուի օսման թուրքերենի «այրումլու» կոչված բարբառով:
Պահպանվել է Ռուսաստանի ԳԱ պատվավոր անդամ, վրաց արքայազն Թեյմուրազի (1782-1846) հետևյալ հիշատակումը. «Այսպես, Սայաթ-Նովան Էրեկլե 2-րդի ժամանակ ճորտագրված էր Գեորգի 13-րդի մոտ ... Նա Վրաստանի հայերից էր - Գեորգի 13-ին պատկանող արքունական Սանահին գյուղից ...» (Գ.Լեոնիձեի «Սայաթ-Նովա» գրքից:)
ԱՆՈՒՆԸ – Սայաթ-Նովա անունը թարգմանաբար նշանակում է Որսորդի թոռ և կամ Սայադենց – Սայադյանց: Նովա հավելվածով մենք ուրիշ աշուղներ էլ ունենք` Քիչիք-Նովա (փոքրիկ թոռ), Քեշիշ-Նովա (տերտերի թոռ), Սկանդար-Նովա (Ալեքսանդրի թոռ): Բանաստեղծի կրտսեր որդին` Օհանը Ս. Պետերբուրգում կրում էր Իվան Սեյադով անունը, իսկ ավագ որդու` Մելիքսեթի ժառանգները կրում էին իրենց տոհմական Սայադյան ազգանունը:
ԸՆՏԱՆԻՔԸ - Թուրքերեն խաղերից մեկում Սայաթ-Նովան գրում է, որ իր հայրը հալեպցի է, իսկ մայրը` հավլաբարցի (Հավլաբարն այն ժամանակներում Թիֆլիսի մի արվարձանն էր): Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող` Սայաթ-Նովայի ձեռքով գրված մի կրոնական ժողովածուի հիշատակարանից (ձեռ. 4270) իմանում ենք, որ նրա հոր անունը եղել է Կարապետ, իսկ մոր անունը` Սառա:
Ամուսնացած է եղել լոռեցի` Մարմար անունով կնոջ հետ, որը Իգիհաթ գյուղի գյուղացի Շահվերդու աղջիկն է եղել: Վերը հիշատակված, Սայաթ-Նովայի տոհմածառը գծող զեղծարարը այդ Շահվերդու ծագումնաբանությունը տանում-հասցնում է իր հայրենի գյուղը, և օժտում նրան ինչ-ինչ իշխանական տիտղոսներով: Հիմա տեսնենք իրականությունը: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի լուսանցքներում և ազատ տեղերում, բանաստեղծի ավագ որդի Մելիքսեթը կատարել է տարբեր գրառումներ վրացերեն լեզվով: Ահա մեջբերում եմ դավթարի 61-րդ էջում նրա արած գրառման հայատառ դարձրած բնագիրը և դրա` իմ թարգմանությունը.
«Շենիս շգիրդի Մելքոաս օրիս թվլիս սանթլե բատոնո Շավերդի պապասի րա նաբավի (նապարավի) մովիդա շուտղոբինե» (Քո աշակերտ Մելքոն երկու մեղարամոմ թռցրեց բատոնո Շահվերդի պապիկից: Ի՞նչ ձեռաց գլխի ընկավ...): Ինչպես տեսնում ենք, այդ «տիտղոսավոր» Շահվերդին սովորական գյուղացի մարդ է եղել և ինչպես բոլոր գյուղացիները, ձեռից էլ պինդ: Սա էլ այսպես:
Սայաթ-Նովան ունեցել է 4 զավակ` Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ: Մելիքսեթի ժառանգը` տեր Մովսես Սայադյանը, Խ. Աբովյանին պսակադրող քահանան է եղել, իսկ նրա ծոռնուհիներից մեկը` Պ. Պռոշյանի կինը (պահպանվել է հարսանեկան լուսանկարը): Ասացինք, որ կնոջ անունը եղել է Մարմար: Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը պահպանվել է նրա շիրմաքարը վրացերեն հետևյալ մակագրությամբ «(Քրոնիկոնի 456 (1768թ.): Էս գերեզմանում կամ Սայաթ-Նովու կողակից Մարմարն: Ինձ ողորմի ասեք»:
ՍԵՐԸ - Գ. Ախվերդյանը, այնուհետ Սկանդար-Նովան Թիֆլիսի ծերերին հարցուփորձ են արել այդ կապակցությամբ: Նրանցից ոչ մեկը Աննա անունը չի տվել, որովհետև այդպիսի բան չի եղել: Ծերունիներից մեկը միայն հիշել է, որ Սայաթ-Նովան «ուներ Տալիթա անունով մե սրտով սիրած աղջիկ», որին խաղեր էր նվիրում: Տալիթա-Դալիդա հունական անունը կարծես թե հաստատում է ինքը` Սայաթ-Նովան իր թուրքերեն խաղերից մեկում (տես սույն կայքի թուրք. 2 խաղը «Մանի դիվանա էյլադի բիր թարիփլու էք ռումի» (մի գովական հելենուհի ինձ դիվադադար արեց...): Ավելի մանրամասն տես կայքի «Սայաթ-Նովայի սիրո առասպելը» հոդվածում:
ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ - Բարեբախտաբար պահպանվել և Հ. Թումանյանի ծախսերով գնվել և Հայաստան է հասցվել Սայաթ-Նովայի խաղերի ինքնագիր ժողովածուն` «Դավթարը» (Ե. Չարենցի անվան ԳԱԹ, Սայաթ-Նովայի ֆոնդ թիվ 1):
Դավթարն սկսվում է թուրքերեն խաղերով (թվով 108 ամբողջական և 8` թերի), որոնց մի մասը հայատառ են, մյուսը` վրացատառ: Դավթարի հայերեն խաղերը, բացառությամբ մեկի, բոլորն էլ վրացատառ են (այդ մի խաղի տառերի մի մասը հայերեն են, մյուսը` վրացերեն): Դավթարի առաջին ուսումնասիրող Գ. Ախվերդյանի ժամանակ դավթարում եղել է հայերեն 47 խաղ: Հետագայում դավթարից 4 էջ կորել է (7 խաղ) և այժմ դավթարում կա 40 խաղ: Բարեբախտաբար Գ. Ախվերդյանը ժամանակին հրատարակել է այդ կորած խաղերի բնագրերը (օր. «Դուն էն գլխեն իմաստուն իս» խաղը): Դավթարի թվագրված ամենահին խաղը (1742) թուրքերեն «Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան» խաղն է (տես` թուրք. 18 խաղը) 1759 թվականից հետո դավթարում խաղեր չկան: Սայաթ-Նովան դավթարը հանձնում է վրաց արքունի դիվանապետ Հովհաննես Պենտելենցին (Իովանէ Պենտելանտ), որը դավթարի 140-րդ էջում վրացերեն չքնաղ ձեռագրով և իր կնիքով հաստատում է, որ դավթարի բոլոր խաղերը պատկանում են Սայաթ-Նովայի գրչին:
Սայաթ-Նովայի գրական ժառանգության մյուս սկզբնաղբյուրը նրա կրտսեր որդու` Օհանի գրած մի ժողովածուն է, որը նա գրել է վրաց Թեյմուրազ արքայազնի պատվերով Ս. Պետերբուրգում 1823 թ.: Այդ ժողովածուի հայերեն բաժնում կան Սայաթ-Նովայից 8 խաղ, որոնք չկան նրա ինքնագիր դավթարում (տես հավելված Ա բաժինը): Որոշ թվով խաղեր պահպանվել են այլևայլ աղբյուրներում (թվով 13), որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը չենք երաշխավորում (տես հավելված Բ):
Սայաթ-Նովայի վրացերեն լեզվով գրած խաղերը մեզ են հասել հենց Օհանի գրած ժողովածուից: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարում վրացերեն լեզվով գրված խաղեր չկան:
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է Սայաթ-Նովայի գրչագրած «Նարեկը» (ձեռ. 10338) և Սողոմոն Իմաստունի առակների և Երգ-Երգոցի գրչագրությունը (ձեռ. 4270):
ԱՇՈ՞ՒՂ, ԹԵ՞ ԲԱՆԱՍՏԵՂԾ - Այս անպտուղ վեճին հրաժարվում եմ մասնակցել, որովհետև նույնն է, ինչ խառնվել երկու հոգու վիճաբանությանը, որոնցից մեկը պնդում է, թե երկրագունդը քառակուսի է, իսկ մյուսը` գլանաձև:
Լավ աշուղները նաև լավ բանաստեղծ են (Ղուլ օղլի Երզնկացի, Նահապետ Քուչակ, Պաղտասար Դպիր, Նաղարշ Հովնաթան, Սայաթ-Նովա, Ջիվանի), իսկ վատ բանաստեղծները...: Ավելին, մեր շատ ճանաչված բանաստեղծներ բանաստեղծություններ են գրել աշուղական բազմաբարդ ձևերով (Ռ. Պատկանյան, Պ. Պռոշյան և այլն):
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ - Որոշ ժամանակ, ինչպես և իր նշանավոր նախնի Նաղարշ Հովնաթանը, Սայաթ-Նովան ծառայել է վրաց Հերակլ Բ թագավորի պալատում, ուր երգ-երաժշտությունից բացի, զբաղեցրել է նաև պալատական զվարճախոսի պաշտոնը: Այդ մասին ինքը Սայաթ-Նովան պատմել է ստորև հիշատակվող Իոնե Խելաշվիլուն, ինչպես նաև նշել է իր վրացերեն խաղերից մեկում («Խումարի վար, իցի՞ գանա» - ես զվարճախոս եմ գիտե՞ս արդյոք): Հարկ ենք համարում նշել, որ միջնադարում այդօրինակ պաշտոններ վարել են բազում ազնվական տիտղոսներով մարդիկ և դրա մեջ ամոթալի ոչինչ չկա: Իր կատակներով և զվարճախոսություններով հավանաբար չափն անցել է: Վրացերեն լեզվով մի շարք կալամբուրներ ունի, ուղղված վրաց Անտոն կաթողիկոսին, Վախտանգ արքայազնին, Մզեճաբուկ Օրբելիանիին և այլն, և այդ պատճառով հեռացվել է պալատից: Ահա թե ինչ է գրում այդ մասին բանաստեղծի որդին` Օհանը:
«Հիշատակված է, որ Սայաթ-Նովան իր ողորմած, ամենուրեք հայտնի, Վրաստանի բարձրապատիվ տեր թագավորի կողմից դժգոհության է արժանացել, և նա խռովել է իր խեղճ ստրուկ Սայաթ-Նովայից և հեռացրել պալատից, ասելով.- Էժան առած չկարծես»:
Սայաթ-Նովան իր վրացերեն խաղերից մեկում այդ դեպքի մասին գրում է.
- Ո՞ւմ մեղադրեմ ինչի՞ց եղավ,
Էս ամենն իմ խելքից եղավ:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ` ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ – Տարածված մի կեղծ կարծիք կա, որ Սայաթ-Նովային բռնի հոգևորական են կարգել Աննա Բատոնաշվիլու հետ ունեցած սիրավեպի պատճառով: Այս տեսակետը որևէ փաստարկով չի ապացուցվում, և մենք բազմիցս հերքել ենք այն թե եթերում և թե տպագիր հոդվածներում: Այն բոլշևիկյան մարտնչող աթեիզմի արգասիք է: Սայաթ-Նովան միշտ էլ կապ է ունեցել եկեղեցու հետ: Կարծում ենք, որ մանուկ հասակում իր հոր` Մահտեսի Կարապետի քաջալերանքով երգել է եկեղեցական երգչախմբերում, այնուհետև ստորին աստիճաններով ծառայել է եկեղեցում (հավանաբար դպիրի աստիճանով): Այդ է հաստատում վրաց Թեյմուրազ արքայազնի մի գրառումը. ...» Սա Սավաթնոմի ասած մուխամբազն է: Նա առաջ հայ տերտեր էր, հետո երբ վանական դարձավ, այն ժամանակ ասաց»: Հաջորդ փաստարկը Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի 24-րդ և 84-րդ էջերում գտնվող նրա կնոջ` Մարմարի գրառումներն են: 24-րդ էջի վրացերեն գրառումը հետևյալն է.
«Նետի ղմերթմա տեր Ստեփանաս շավիդոբիթ (շավի դղեեբի) միղվանիս մե: Էս դավթարի ծամիկիթխինիս մե, ամիսի արզի ար դարչես, դա չեմի թավի իմաս էմսախուրոս: (Երանի Աստված տեր Ստեփանոսին այս սև օրերին շուտափույտ ինձ հասցներ: Այս դավթարը կարդար ինձ համար, աղաչանքս (անօգուտ) չմնար ու իմ գլուխն էլ նրան ծառայեր) (թարգմանությունը իմն է. Ի.Ս.):
Ինչպես տեսնում եք, բանաստեղծի կինը նրան մեծարում է ոչ Սայաթ-Նովա և ոչ էլ Արութին անուններով, այլ` տեր Ստեփանոս հոգևորական անվամբ, որը և համընկնում է վրաց արքայազնի վերը ասածի հետ: Միջնադարում ընդունված սովորույթ էր թե Եվրոպայում և թե արևելքում, երբ հոգևորականն իր պաշտոնից ազատ ժամանակ զբաղվում էր որևէ արհեստով կամ երկրագործությամբ: Սայաթ-Նովան, լինելով օժտված անձնավորություն, իր ընտանիքը պահելու համար երգել է մեջլիսներում և խնջույքներում (ճիշտ այնպես, ինչպես Հ. Թումանյանն իր բազմանդամ ընտանիքը պահելու համար թամադայություն էր անում հարուստների հարսանիքներին):
Սայաթ-Նովայի թվագրված խաղերն ուսումնասիրելիս, ակնառու է դառնում, որ նա ստեղծագործել է մարտից մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, այսինքն` Թիֆլիսի քեֆ ու խնջույքների ժամանակ: Ձմռանը հավանաբար զբաղվել է ջուլհակությամբ (տես հայերեն 57 խաղի վերջին տողերը):
Սայաթ-Նովայի գերեզմանը
Սայաթ-Նովայի գերեզմանը Թբիլիսիի Ս.Գևորգ
եկեղեցու բակում
ՄԱՀԸ – Ըստ Գ. Ախվերդյանի` Սայաթ-Նովան Թիֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից ներքինի Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ (1795թ.): Սակայն այդ ժամանակ Սայաթ-Նովան 80-82 տարեկան ծերունի էր և հազիվ թե այդ տարիքին հարիր լիներ նման ֆիդայական կեցվածքը:
Վրաց աղբյուրներում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի, ոմն աբեղա Իոնե Խելաշվիլին Էջմիածնից Թիֆլիս վերադառնալիս Հաղպատի վանքում հյուընկալվում և երկար զրույց է ունենում ծերունի Սայաթ-Նովայի հետ: Դեպքը կատարվել է 1800 թվականին, այսինքն Գ. Ախվերդյանի նշած տարեթվից 5 տարի անց:
Ահա այսքանը պաշտելի բանաստեղծի կենսագրության մասին: Ուրիշ փաստեր չկան:
ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ – Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը համամարդկային արժեք է: Կովկասի երեք մեծ ժողովուրդների լեզուներով գրված (հայերեն, վրացերեն և թուրքերեն) նրա ստեղծագործությունները բանաստեղծական արվեստի գլուխգործոցներ են: Քանի դեռ աշխարհում ապրում է թեկուզ մեկ հայ, Սայաթ-Նովան անմահ ու պաշտելի կմնա: Դրա պատճառները հետևյալն են.
ա) Սայաթ-Նովայի գրական դպրոցը պարսից հզորահզոր պոեզիան է, ճիշտ այնպես, ինչպես խորապես հայ նկարիչ Մ. Սարյանի դպրոցը` ռուսականն է: Այդ առթիվ Գ. Ախվերդյանը գրում է. «... Էսպես, զանազան բանաստեղծական ձևերու ու խաղի հանգերու իմանալու, պարսից երաժշտութեան մայր ու երկրորդական եղանակներու տեղեկանալու, ու սրանց յարմար ներդաշնակութէնով գործ ածելու համար քանի՛ ջան կուլի մաշել Սայաթ-Նովէն»: Սայաթ-Նովան յուրացնելով պարսկական պոեզիան, ուսումնասիրելով պարսից պոեզիայի սուֆիական տարբեր ուղղությունները, կարողացավ դրանց մեջ վերագտնել և իր արմատներին վերադարձնել շուրջ 1500 տարի առաջ կորած մեր տոհմիկ, արիական պոեզիան: (Համեմատենք Սայաթ-Նովու բանաստեղծությունները Մ. Խորենացու փրկած մի քանի պատառիկների և Գ. Նարեկացու` հեթանոսական երգերի ոճով գրված տաղերի հետ «Սայլն այն իջաներ...» «Ես ձայն զառիւծուն ասեմ» և այլն):
բ) Սայաթ-Նովայի գրական ողջ ժառանգությունը տիպիկ քաղաքային պոեզիա է: Նման բան մենք չենք ունեցել ոչ իրենից առաջ և ոչ էլ` իրենից հետո:
գ) Խ. Աբովյանից շուրջ 100 տարի առաջ նա փորձ արեց ստեղծելու աշխարհաբար գրական լեզու` հիմք ունենալով Թիֆլիսի և Լոռվա բարբառները:
Բարեկամներ: Միշտ էլ Սայաթ-Նովայի խաղերի բազմաբարդ լեզուն հասկանալու խնդիր է եղել և այդ խաղերը կարդացողը բառարանները նայելու անհրաժեշտություն է զգացել: Ոչ բոլորն ունեն բառարաններ և դրանցից օգտվելու հմտություն կամ ցանկություն: Մենք փորձել ենք դյուրացնել ձեր գործը և գրական արևելահայերենի ենք վերածել բանաստեղծի հայերեն գրական ժառանգությունը, ինչպես նաև հայերենի ենք թարգմանել որոշ թվով թուրքերեն խաղեր:
Աշխատելիս մի փառասիրական երազանք ենք փայփայել. եթե թեկուզ մեկ մարդու մոտ այս աշխատանքը սեր կառաջացնի անմահ Սայաթ-Նովայի գրական ժառանգության նկատմամբ, մենք լիուլի վարձատրված կզգանք բազում լուսացրած գիշերների համար: Ամեն:
sayat-nova.am
Հայերեն խաղեր
1. Շատ սիրուն իս, շախաթայի ասողին խար չիս անի
2. Դարդ մի՛ անի, ջան ու ջիգար, միտքըդ դիվաց չըտեսնէ
3. Անգա՛ճ արա բարիթավուր (5 մասից)
4. Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովե՛լի
5. Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման
6. Յիս քու ղիմէթըն չիմ գիդի
7. Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ
8. Խօսքիրըդ մալում իմ արի` անարատ, մաքուր իս, ա՛խպէր
9. Էսօր իմ եարին տեսայ` բաղչի մէջըն ման գալով
10. Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ` օրըս մունաթ չըքաշէ
11. Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ
12. Էշխըն վառ կըրակ է` էրվելով գուքայ
13. Ձէնըդ քաղցըր ունիս` լա՛մզով կու խօսիս
14. Շատ մարդ կ'օսէ` յիս եարիմէն հասրաթ իմ
15. Առանց քիզ ի՞նչ կ'օնիմ սօյբաթն ու սազըն
16. Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա
17. Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա
18. Ի՞նչ կ’օնիմ հէքիմըն, ի՞նչ կ’օնիմ ջարէն
19. Դաստամազըդ` սիմ ու շարբաբ, նամ շաղ էկած ռեհան է
20. Մէջլումի պէս կորաւ եարըս
21. Էշխէմէն էնպէս վառվիլ իմ
22. Բըլբուլի հիդ լաց իս էլի
23. Վունցոր վուր ղարիբ բըլբուլըն մէ տարով բաղին կարօտ է
24. Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո՛վ աչքի լուս
25. Անգին ակըն վըրէդ շարած, անբան օսկու ռախտ իս, գօ՛զալ
26. Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի
27. Եա՛ր, քիզ իսկի զավալ չըլի` քու դուշմընին` շա՛ռ բացարած
28. Էշխէմէդ անդանակ էլայ, եկ մօ՛րթէ` ջալլաթըն դուն իս
29. Ինձ ու իմ սիրեկան եարին մէ տարի բերած գիդենաք
30. Էնդուր աչքըս չէ ցամաքում` սըրտիս մէջըն արին մընաց
31. Պատկիրքըդ` ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում
32. Չիս ասում, թէ լաց իս էլի
33. Թէգուզ քու քաշըն մարգրիտ տան
34. Քանի վուր ջան իմ
35. Խըմե՛ցուր ձեռիդ թասէմէն
36. Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ
37. Դուն է՛ն գըլխէն իմաստուն իս, խիլքդ յիմարին բաբ մի՛ անի
38. Աջաբ քա՛նի ժամանակ է, թաք գիդենամ տարիդ, է՛րնէկ
39. Մօդըդ նըստողըն կու հարբի` դուն բանգ ու բօզա իս, ա՛զիզ
40. Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից` խոնարհից` հիզնից բէդամաղ
41. Աշխարհըս մէ փանջարա է. թաղիրումէն բէզարիլ իմ
42. Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա
43. Ա՛րի համով ղուլուղ արա, խա՛լխի նօքար Սա՛յաթ-Նովա
44. Բէդասլին վուր խօսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ
45. Հիմքըդ վերըստին նուրեցին, չաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք
46. Էշխէմէդ հիւանդացիլ իմ, դի՛ղի համա իմ լալի
47. Յիս կանչում իմ լալանին
Հավելված - 1
48. Փահրադըն միռած, Շիրինն ասաց` ղարեն էրված իմ
49. Աչք ու ունքըդ վիր իս թուղի, հուքմըդ մէ ռուս ցարի բաբաթ
50. Կիսամուրազ մի՛ սըպանի
51. Հընդու քաղաքէմէն հանած ջավահի՛ր, լա՛լ արմանալու
52. Խաբար գընաց բըլբուլի մօդ. Վարդըն քու գալուն մընում է
53. Մըտայ էշխի քուրէն` խալիս դառնալու
54. Այիբ Ա՛ստուաձ սիրիս, Բէն բա՛րի կացի
55. Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս
Հավելված - 2
56. Թագաւուր իս, դի՛վանս արա, եա՛ր, քու արիվըն կու սիրիս
57. Սուսան-սընբուլ դաստամազըդ էրեսիդ խափանգ իս արի
58. Աստուձ խիալ արից սըվթա
59. Աշխարհէմէն բէզարիլ իմ, էլ բերնումըս համ չըկայ, չէ՛
60. Իղրար ու ամագ չունեցող եարի ձեռնէ՛մէն դադ կ’օնիմ
61. Ամէն մէ մըտիկ տալով տարար խիլքըս, քամալըս
62. Գէլն ու չօբանըն մէկ մեկու ռաստ եկան
63. Մախուխն ու ոխչըրի միսըն կըռվեցան
64. Տղէն ու աղջիկըն մէկմէկու դէմ ելան
65. Եարի ձեռնէմէն դադ կ’օնիմ, փըշին գերի բըլբուլ իմ յիս
66. Եա՛ր, քու կարօտըն քաշում իմ անմահական ջըրի նըման
67. Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս
68. Բըլբուլի պէս ձայն է տալի, ի՛նչ քաղցըր ավազ է անում
Թուրքերեն խաղեր
1. Ասացին, թե Շախաթա՛յի, դու տեղյակ ե՛ս աշխարհից
2. Նազան յարը զար է հինել իր թիկնոցի նախշի մեջ
3. Լեզուն սուտլիկ, սիրտը` խաբկան, գարուն է` յարս չեկավ
4. Մազեր ունես ռեհանի փունջ, նման սիրուն սուսանին
5. Ծաղկել է քո սիրո այգին, նուռ, սերկևիլն ա՛յստեղ է
6. Սատար կանգնիր սուրբ Կարապետ, որ օրհներգեմ ես գովքը քո
7. Էս կյանքը մի վատ երազ է, գլխիս գալիքը չգիտեմ
8. Նազան յարի նախշին նայիր, հոնքերը վրձինով քաշած
9. Լույս պատկերդ հրաշք վրձնով է քաշած
10.Մատաղ եմ իմ անուշ խոսող սիրուհուն
11.Երբ սարի ծաղիկըն ընկնի այգու մեջ
12. Որսկանից փրկըված եղնիկի նմա՛ն
13. Էս ի՞նչ եղավ ինձ հետ, տես ի՛նչ եմ արել
14. Մեղքս էն էր, որ ասացի` խղճա յար
15. Ի՞նչ լողորդ էր, նավի ուղևոր դարձած
16. Վիշտս ծով է, մարդկանց պատմել չի լինի
17. Դու միշտ չար ես խոսում աշուղանց մասին
18. Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան
19. Նազան յարի հագին մահուդ նուրբ հյուսած
20. Սիրո ծովի խորքից հանած լալ ու գոհար է բեռս
21. Խնդիրք արի անգութ յարին ու էսպիսի խոսք ասի
22. Դատավորներ, ա՛կանջ դրեք ձեր ճորտին
Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս
Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի,
էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի,
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի,
Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։
Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ՝ դուն Րոստոմի Զալ, թաքավուր.
Ասկըտ ասկերումըն գոված՝ հա'մդ ունիս, գոզալ թաքավուր.
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա տալ, թաքավուր,
Մըտիկ արա քու Ստեղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։
Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի'ղ տալու է, ցա'վ տալու չէ.
Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն իստակ պահե, յագի խոսկըն ավտալու չէ.
Աստծու սերըն կանչողի պես դըռնեմետ ջուղաբ մի՛ անի։
Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթըս ավաղ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի։
Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի.
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի.
Թե կու պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։
Մեջլումհ պես
Մեջլումհ պես կորավ յարըս,
Լե'յլի ջան, ման իմ գալի յանա-յանա,
էրվեցավ խունի ջիգհարըս,
Արնի պես աչկս է լալի յանա-յանա, յանա-յանա։
Բլբուլի նման լացիլ իմ,
Աչկիրըս արնով թացիլ իմ,
էշխեմետ հիվանդացիլ իմ,
Պառկած իմ դըժար հալի յանա-յանա, յանա-յանա։
Էշխեմետ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցա, մաշվեցա քիզիդ,
Ռա'հմ արա, մե խոսի միզիդ՝
Բե'մուրվաթ, ձեն իմ տալի յանա-յանա, յանա-յանա:
էրվում իմ, կանչում իմ ա~ման.
Ծուցըտ բաղ, ունքիրըտ քաման.
Աշխարիս մեչըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի յանա-յանա, յանա -յանա:
Մանուշակ բաց արած հովին,
Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին,
Շատ մի լացնի Սայաթ-Նովին,
Ա'չկի լուս, կսկծալի՝ յանա-յանա, յանա-յանա։
***
Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս ղուն.
Մեկն ինձ կոսե՝ «գընա մաշված շուր իս դուն»,
Մեկն էլ կոսե՝ «մե հոտած ջըրհուր իս դուն...» ։
Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից,
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին՝ «մե անպատիվ հուր իս դուն»:
Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Թաքավուրի մոդ գընացի զարթըրված.
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին՝ «գընա, էրեսըտ սիվ մուր իս դուն» ։
Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի,
Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքևուր մինձ ծնուղքը վուր իս դուն։
Թեգուզ չարթին, ջանըս փետով վեր հատին,
Շունչըս բիրնիս յիս ինձ քիզնից չիմ զատի.
Ծովը կընգնիմ, թե վուր Քուռն ինձ ազատի...
Սայաթ-Նովա, քու լիզվովըն ցավ դատի,
Հալբաթ դարդ ու ցավի մե ախպուր իս դուն։
Առանց քիզ ի՞նչ կոնիմ
Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյբաթն ու սազըն
Ձիռնեմես վեր կոծիմ չանգիրըն մեմեկ.
Չունքի ուշկ ու միտկըս իրար շաղեցիր՝
Փահմես կու հիռացնիմ հանգիրըն մեմեկ։
Մե դուգունըն էրկու դաղին ի՞նչ անե,
Մե նոքարըն Էրկու աղին ի՞նչ անե,
Մե բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անե,
Փեյվանդ գուզե թազա տընգիրըն մեմեկ։
Ղուրթ ին ասի փիր ուստաքար ղադիրըն.
«Բաղ շինեցի, վարթըն քաղից վադիրըն» .
Ջափեն յիս քաշեցի, սափեն յադիրըն.
Րաղիփն էկավ միզ, էս րանգիրըն մեմեկ։
Առանց քիզ ի՞նչ կոնիմ աշխարիս մալըն.
Չի'մ անի քալագըն, չի'մ անի ղալըն,
Կու հաքնիմ մազեղեն, կու հաքնիմ շալըն,
Կերթամ ու ման գու քամ վանքիրըն մեմեկ։
Բըլքամ մե մարթ ռաստ գա, վուր ինձ խըրատե,
Գո'զալ, քու էշխեմեն սիրտըս ազատե.
Կանց յոթըն իմասնասիրացըն շատ է
էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մեմեկ։
Աշխարհըս մե փանջարա է
Աշխարհըս մե փանջարա է, -թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի, -դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր, - վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի, - խաղերումեն բեզարիլ իմ:
Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է' գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.
Աշխարըս մեզ մընալու չէ' իմաստնասիրաց խաբարով.-
Գուզիմ թըռչի բըլբուլի պես, - բաղերումեն բեզարիլ իմ:
Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն'
Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում' շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն' մե ղուլ չին պահում, - աղերումեն բեզարիլ իմ:
Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի- յաղերումեն բեզարիլ իմ:
Սայաթ-Նովեն ասաց' դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գու լամ' վարթիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու, -քաղերումեն բեզարիլ իմ:
_____________
Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս ղուն.
Մեկն ինձ կոսե՝ «գընա մաշված շուր իս դուն»,
Մեկն էլ կոսե՝ «մե հոտած ջըրհուր իս դուն...» ։
Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից,
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին՝ «մե անպատիվ հուր իս դուն»:
Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Թաքավուրի մոդ գընացի զարթըրված.
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին՝ «գընա, էրեսըտ սիվ մուր իս դուն» ։
Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի,
Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքևուր մինձ ծնուղքը վուր իս դուն։
Թեգուզ չարթին, ջանըս փետով վեր հատին,
Շունչըս բիրնիս յիս ինձ քիզնից չիմ զատի.
Ծովը կընգնիմ, թե վուր Քուռն ինձ ազատի...
Սայաթ-Նովա, քու լիզվովըն ցավ դատի,
Հալբաթ դարդ ու ցավի մե ախպուր իս դուն։
_______________________
Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյբաթն ու սազըն
Ձիռնեմես վեր կոծիմ չանգիրըն մեմեկ.
Չունքի ուշկ ու միտկըս իրար շաղեցիր՝
Փահմես կու հիռացնիմ հանգիրըն մեմեկ։
Մե դուգունըն էրկու դաղին ի՞նչ անե,
Մե նոքարըն Էրկու աղին ի՞նչ անե,
Մե բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անե,
Փեյվանդ գուզե թազա տընգիրըն մեմեկ։
Ղուրթ ին ասի փիր ուստաքար ղադիրըն.
«Բաղ շինեցի, վարթըն քաղից վադիրըն» .
Ջափեն յիս քաշեցի, սափեն յադիրըն.
Րաղիփն էկավ միզ, էս րանգիրըն մեմեկ։
Առանց քիզ ի՞նչ կոնիմ աշխարիս մալըն.
Չի'մ անի քալագըն, չի'մ անի ղալըն,
Կու հաքնիմ մազեղեն, կու հաքնիմ շալըն,
Կերթամ ու ման գու քամ վանքիրըն մեմեկ։
Բըլքամ մե մարթ ռաստ գա, վուր ինձ խըրատե,
Գո'զալ, քու էշխեմեն սիրտըս ազատե.
Կանց յոթըն իմասնասիրացըն շատ է
էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մեմեկ։
________________________
Աշխարհըս մե փանջարա է, -թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի, -դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր, - վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի, - խաղերումեն բեզարիլ իմ:
Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է' գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.
Աշխարըս մեզ մընալու չէ' իմաստնասիրաց խաբարով.-
Գուզիմ թըռչի բըլբուլի պես, - բաղերումեն բեզարիլ իմ:
Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն'
Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում' շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն' մե ղուլ չին պահում, - աղերումեն բեզարիլ իմ:
Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի- յաղերումեն բեզարիլ իմ:
Սայաթ-Նովեն ասաց' դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գու լամ' վարթիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու, -քաղերումեն բեզարիլ իմ:
________________________________
Ամէն մե մըտիկ տալով տարար խիլքս, քամալոս,
է՛յ, նազանի, ռահմ արա, դուն մի դառնա աջալըս.
Հէնց ձէռովդ կապեցիր, էնպես բաց էր իղբալըս.
Էշխեմեդ հիվանդացա, չիս հարցնում իմ հալըս.
Քիզիքիզ մըտիկ արա, փոշմանիլու վախտըն է:
Իմ թալնիլը քու բանն էր, չասացիր ի՞նչ իս անում.
Սըրտով սիրածըս դու՛ն իս, էլ ինչի՞ իս արմանում,
ՈՒրիշնիրու խոսկիրով կապած յարես յիդ անում.
Աճկըս ճանապարհիդ է, ինչի՞ իս շատ ուշանում.
Մե խալվաթ ոթախումը բարիշիլու վախտն է:
Քու պատվական գըլուխըդ դուն ավարա մի՛ անի.
էս իմ խունի ջիգարս հազար պարա մի՛ անի,
Իմ ու քու սըրտի բանը դիփ աշքարա մի՛ անի,
Արութինի շախ սիրտը մեկ էլ յարա մի՛ անի.
Կամով ու ճիտ անէլով փաթաթվիլու վախտըն է:
__________________________
ՎՈՒՆՑ ՕՐ ՎՈՒՐ ՂԱՐԻԲ ԲՈՒԼԲՈՒԼԸ
Վունց օր վուր ղարիբ բուլբուլը մե տարով բաղին կարոտ է,
Էնենց գու լա քո սիրողը` ձեռիդ յարաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի' խոսի, քու ճուրտը աղին կարոտ է.
Հասիլ է ծուցիդ շամամը` օսկե թաբաղին կարոտ է:
Մե զադ չը կա` գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըդ,
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըդ,
Բոյեմեդ չուրս մատն ավելի լըցվիլ է դոշդ ու թիկունքըդ,
Զարով-աբրեշումով հուսած մազիրըդ` շաղին կարոտ է:
Դուն խոմ է'ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա'րի.
Ծուցըդ վարաղնած հուջրա է, հուտ ունե մուշկ ու ամբարի.
Իրեք հարուր վացունուվից ամեն անդամըդ ղարարի.
Կուռըդ շիմշատ, մատնիրըդ մում` բըրոլե ճաղին կարոտ է:
Յիս է'լ ուրիշ յար չիմ սիրի, աշխարումըս դո'ւն իս իմը.
Թե մե շափաթ քիզ չի'մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմը.
Թեգուս թագավուրը կանչե, թեգուզ Լողմանի հեքիմը`
Վո՞ւր մե դարդս կու հասկանան` դուգունըս դաղին կարոտ է:
Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխեդ յանա-յանա, գո'զալ.
Անգաճ արա, մա'տաղ իմ քիզ, մե քիչ կա'մաց գընա, գո'զալ:
Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո'զալ:
Մակամ մե՞ռավ Սայաթ Նովեն` անգաճըդ խաղին կարոտ է:
________________________
Պատկիրքըդ ղալամով քաշած, թահրըդ ռանգե-ռանգ իս անում,
Էրեսիդ խալը ծածկում է` մազիրըդ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռեքըդ օսկումը շարած, պըռոշըդ մահանգ իս անում:
Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կեհա կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի` առանց հուսիլ կու օլըրվի.
Էնդու համա քու տեսնողը իր ճամփեմեն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մեջլիսոումը, շանգ շուխի-շաբանգ իս անում:
Էրեսըդ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ` գիղի պես.
Մեռնողը քիզմեն կու առնե անմահական դիղ` դիղի պես.
Յիփ տիղեմեդ ժաժ իս գալի, շըխկշըխկում իս ջիղ` ջիղի պես`
Ի՜նչ կոնիմ սանթուր քյամանչեն, զուգսըդ չոնգուր չանգ իս անում:
Ծուցիդ մեչը վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տերը բաղըն ի՜նչ կոնե` քու հուտը ռեհան իս շինի.
Քամին մեչը անց է կենում` մազիրըդ յիլքան իս շինի.
Աշխարքը ծով, դուն մեչը նավ` ման իս գալի, լանգ իս անում:
Տասնեմեդ մեկը չին ասի, թեքուզ աշխարըս քիզ գովին.
Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրը տանե Սայաթ Նովին.
Թե տեսնողըդ մեկ էլ տեսավ` դիվանա-դաբանդ իս անում:
_____________________-
ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ
Քանի վուր ջան իմ,
Յա'ր, քի ղուրբան իմ,
Աբա ի՜նչ անիմ.
Արտասունք անիմ,
Շատ հոգուց հանիմ,
Յա'ր, ղադեդ տանիմ.
Ասիր. "Ջեյրան իմ".
Թուղ քի սեյր անիմ,
Յա'ր, մըտիկ անիմ:
Մո'ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով:
Մազիրըդ դաստա,
Պըռոշըդ փըստա,
Հեյրանի վախտ է.
Յի'կ նընգնինք չոլը
Վուր հասնինք գոլը,
Ջեյրանի վախտ է,
Բըլբուլը` վարթին,
Վարթը` բաղաթին,
Սեյրանի վախտ է:
Մո'ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով:
Շուռ գանք հանդամով,
Յիրգնային նամով
Թուփը բացվիլ է.
Խաղ կանչինք հանգով,
Լալեքը ռանգով,
Վարթը բացվիլ է.
Սուսան սըմբուլով,
Ղարիբ բըլբուլով
Բաղը լըցվիլ է:
Մո'ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով:
Պատվական շինած,
Նըման նըմանած
Լեյլու դիդարին.
Յա՜ր, ուշկըս գընաց`
Մազիրըդ մընաց
Վրա մուհաջարին.
Բաղը զարթարած,
Բըբուլը քնած
Վարթի սաջարին:
Մո'ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով:
Հաքիլ իս ատլաս,
Թուրլու զար ու խաս`
Սալբու դալ բովուն.
Ձեռիդ ունիս թաս,
Լըցնիս ու ինձ տաս,
Ղուրբան իմ մովուն.
Թաք դուն բաղչեն գաս`
Անիս մասնե-մաս
Քու Սայաթ Նովուն:
Մո'ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով:
ՔԱՄԱՆՉԱ
Ամեն սազի մեչը գոված` դուն թամամ դասն իս, քամա'նչա,
Նաքաս մարթ քիզ չի կանա տեսնի, դուն նրա պասն իս, քամա'նչա,
Ղաստ արա` է'լ լավ օրերու էդիվը հասնիս, քամա'նչա,
Քիզ ինձնից օ՞վ կանա խըլի, աշուղի բասն իս, քամա'նչա:
Անգաճըդ էրծաթեն պիտի, գըլուխըդ ջավահիր քարած,
Կութըդ շիրմայեմեն պիտի, փուրըդ սադափով նաղշ արած,
Սիմըդ օսկեն քաշած պիտի, երկաթըդ փանջարա արած,
Օչ օվ ղիմեթըդ չի գիդի, լալ ու ալմասն իս, քամա'նչա:
Ճիպուտըդ վարաղնած պիտի, թահր ունենա հազար ռանգով,
Ձարըդ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով,
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով,
Անուշահամ գինով լիքը` դո'ւն օսկե թասն իս, քամա'նչա:
Ածողիդ էրկու կու շինիս, առաչ շահիր ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այվընումը, պարապ վախտի ռափա գուզիս,
Յիփ վեր գու քաս մեջլիսումը` քաղցըր զող ու սափա գուզիս,
Բոլորքըդ գոզալնիր շարած` մեջլիսի կեսն իս, քամա'նչա:
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողը,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կոնիս, բաց կուլի հիդըդ խաղողը,
Խալխին էս իլթիմազն արա'` ասին. "Ապրի քու ածողը",
Քանի սաղ է Սայաթ Նովեն, շատ բան կու տեսնիս, քամա'նչա:
ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ
Քանի վուր ջան իմ, յա'ր, քի ղուրբան իմ, աբա ի՜նչ անիմ.
Արտասունք անիմ, շատ հոքուց հանիմ, յա'ր, ղադեդ տանիմ.
Ասիր. "Ջեյրան իմ". թուղ քե սեյր անիմ, յա'ր, մըտիկ անիմ,
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:
Մազիրըդ դաստա, պըռոշըդ փըստա, հեյրանի վախտ է.
Յի'կ նընգնինք չոլը, վուր հասնինք գոլը, ջեյրանի վախտ է.
Բըլբուլը՝ վարթին, վարթը՝ բաղաթին, սեյրանի վախտ է,
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:
Շուռ գանք հանդամով, յիրգնային նամով թուփը թացվիլ է.
Խաղ կանչինք հանգով, լալեքը ռանգով, վարթը բացվիլ է.
Սուսան սըմբուլով, ղարիբ բըլբուլով բաղը լցվիլ է:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:
Պատվական շինած, նըման նմանած Լեյլու դիդարին.
Յա'ր, ուշկըս գընաց, մազիրըդ մընաց վրա մուհաջարին.
Բաղը զարթարած, բըլբուլը քընած վարթի սաջարին:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:
Հաքիլ իս ատլաս, թուրլու զար ու խաս՝ սալբու դալ բովուն.
Ձեռիդ ունիս թաս, լըցնիս ու ինձ տաս, ղուրբան իմ մովուն.
Թաք դուն բաղչեն գաս, անիս մասնե-մաս քու Սայաթ Նովուն:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:
_______________________
Թամամ աշխարհ պըտուտ էկա
Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.
Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է վա~շ, վա~շ, նազանի:
Դուն պատվական ջավահիր իս, է'րնեկ քու առնողին ըլի.
Ով կու գըթնե, ախ չի քաշի, վա'յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:
Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշան է քաշած.
Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած.
Աչկիրըտ օսկե փիալա` չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըտ` նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի:
Էրեսըտ` փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ միչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին.
Ղալամըն ձիռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազանի:
Յիս է՛ն Սայաթ Նովայ սին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ, միզիդ ի՞նչ իս կամում` սրտետ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հնդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի:
________________________________
Վունցոր վուր ղարիբ
Վունցոր վուր ղարիբ բուլբուլըն մե տարով բաղին կարոտ է,
Էնենց գու լա քու սիրողըն` ձեռիտ արաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի' խոսի, քու ճուրտըն աղին կարոտ է.
Հասիլ է ծոցիտ շամամըն` օսկե թաբաղին կարոտ է:
Մե զադ չըկա` գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըտ,
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըտ.
Բոյեմետ չուրս մատն ավելի, լըցվիլ է դոշտ ու թիկունքըտ
Զարով-աբրեշումով հուսած մազիրըտ` շաղին կարոտ է:
Դուն խոմ է'ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա'րի.
Ծոցըտ վարաղնած հուջրա է, հոտ ունե մուշկ ու ամբարի.
Իրեք հարուր վացցուն ու վից ամեն անդամըտ ղարարի.
Կուռըտ շիմշատ, մատնիրըտ մում` բըրոլե ճաղին կարոտ է:
Յիս էլ ուրիշ յար չի'մ սիրի, աշխարումըս դո'ւն իս իմըն.
Թե մե շափաթ քիզ չի'մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմըն.
Թեգուզ թագավուրըն կանչե, թեգուզ Լողմանի հեքիմըն`
Վո՞ւր մե դարդս կու հասկանան` դուգունըս դաղին կարոտ է:
Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխետ յանա-յանա, գո'զալ.
Անգաճ արա, մա'տաղ իմ քիզ, մե քիչ կա'մաց գընա, գո'զալ:
Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո'զալ:
Մակամ մի՞ռավ Սայաթ-Նովեն` անգաճըտ խաղին կարոտ է:
_____________________________
Շատ սիրուն իս
Ինձ սիրեցիր, էշխըն ընգար, խաղի դավթար իմ քիզ ամա.
Մի' քաղի փըշի ծաղիկըն` վարթ սուսանբար իմ քիզ ամա.
Չիմ թողնի արեգագումըն` բաղչի սաջար իմ քիզ ամա.
Յիս քու մահըն վո՞ւնց կու խընդրիմ` նուղլ ու շաքար իմ քիզ ամա:
Է՛լ քու բաղին մըտիկ արա, ուրիշ բաղեն վարթ չին տա քիզ.
Աղ ու հացըն մի դեն գըցի, շափթենը մեկ մըտիկ տու միզ.
Թեգուզ աշխարըս պըտուտ գաս` չիս տեսնի ինձի պես ազիզ.
Թաք ուրիշ գոզալ չը սիրիս` իղրարով յար իմ քիզ ամա:
Թաք յիս մորես չէի ծընի. վա'յ էն օրին` յիս քիզ տեհա.
Դու բըլբուլ իս` յիս կարմիր վարթ. չասիս, թէ վարթըն ջալդ կեհա.
Մե փուքըր էտենց դիմացի, շուտով Հընդստան մի էհա.
Անգորձիլ անխարջ ու քըրիհ մանդիլի զար իմ քիզ ամա:
Աստվաձ վըկա, ղիմիշ արած գըլուխըս քիզ մատաղ ըլի.
Եկ քիզիդ սիրով դամ անիմ, ով գուզե բեդամաղ ըլի.
Յիս քու խոսկեն չիմ անց կենա, թաք քու դամաղըն չաղ ըլի.
Թեգուզ անմահութին ուզիս, սիրով կու ճարիմ քիզ ամա:
Քու դարդըն ինձի պառվեցուց. ո՞ւմըն ասիմ, Սա'յաթ-Նովա.
Մի գըցի ձեռնեմեն ձիռըն` օսկե թաս իմ, Սայաթ Նովայ .
Փռանգըստանու միչեն էլած` զար ատլաս իմ, Սա'յաթ-Նովա.
Ծալե դավթարըտ, ղութին դի` րանգ ու րուքար իմ քեզ ամա:
_____________________________
Հուր իս էշխով կըրակած
Հուր իս էշխով կըրակած,
Խոսկ իմ ասում առակաց,
Իմ սիրամա-էրծաթ ախպեր`
Օսկեջըրով վարակած:
Համբուրիմ` սիրով համբուր,
Վունցոր խեչին է դաստուր.
Ով քիզ խայան մըտիկ տա,
Դառնա էրկու աչկով կուր:
Վուր յիս ասիմ` իմացի,
Էշխի մեչըն հիմացի.
Ինձ հուրյան-բիրյան արիր,
Ասում իս, թէ դիմացի:
Հուր իս, սիրով սիրական,
Քիզի ղուլուղ պատվական,
Հազար թուրլու կերակուր,
Սուրփ գինի անապական:
Պըխտուր սիրտըտ պարզ արա,
Բլբուլի պես փարզ արա,
Աստըձուն փառք Քաղկումն իս`
Դարդըտ Խանին արզ արա:
Արզ իս անում հազարին,
Հա~ զարբաբին, հա~ զարին.
Սիրտըս յարալու արիր`
Աչկըս գուլա հա~ զարին:
Հազարին հազար պիտի,
Էրած սրտին ճար պիտի,
Յիս մե էշխի ջունուն իմ`
Ինձ մե դողրու յար պիտի:
Յարի լիզուն բլբուլ է,
Դաստամազըն սըմբուլ է.
Սայաթ-Նովեն լալիս է,
Մա՞կար ղարիբ բլբուլ է:
_____________________________
Աշխարումըս ախ չիմ քաշի
Աշխարումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջա'ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի', էնենց սըպանե` Սուլթան ու Խան իս ինձ ամա:
Մեչկըտ սալբու չինարի պես, ռանգըտ Փըռանգի ատլաս է,
Լիզուտ շաքար, պռոշըտ ղանդ, ակռեքըտ մարքրիտ ալմաս է.
Օսկու մեչըն մինա արած, աչկիրըտ, ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավայիր, լալ-Բադեշխան իս ինձ ամա:
Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ` մակամ սիրտըս ունիմ քարած,
Արտսունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեչըն բոլորքըտ վարթով չափարած.
Վըրետ շուռ գամ բըլբուլի պես` սիրով սեյրան իս ինձ ամա:
Քու էշխըն ինձի մաստ արավ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յա'ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ` աշխարումըս բան չը մնաց.
Կրակե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա:
Ի՞նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ-Նովու յար իս.
Շուխկըտ աշխարըս բըռնիլ է` արեգագի դեմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:
_____________________________________
Քի սազ գու քա ալ ղումաշըն
Քի սազ գու քա ալ ղումաշըն, նազանի.
Եկ ճակատիտ կապե զարլու մուղայիշ,
Ձիռիտ բռնե օսկեջրած մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ ծամերուտ տուր արայիշ:
Պատվական տեսնելու նովաբ ու նաջար,
Բլբուլին սըպանող թոփ վարթի սաջար.
Ունքիրըտ աչկիրուտ էլավ մուհաջար,
Թերթերուկիտ մազըն զար` օսկով զարնիշ:
Հուտըտ աշխար բըռնից, փըռանգի մաջում.
Դաստա-դաստա մազըտ` սիմ ու աբրեշում.
Կռնիրըտ շիմշատ է, մատնիրըտ է մում,
Բոյըտ սարվի ունիս, մեչկըտ է ղամիշ:
Բեմուրվաթ յար, խիլքըս գլխես մի տանի.
Դարդիրըս շատացավ քանի մե քանի.
Գիդիմ վուր, յար, դուն ինձ լայիղ չիս անի`
Դուն մե թաքավուր իս, յիս մե խիղճ դավրիշ:
Դաստամազըտ նըման սմբուլ-սուսանի.
Վախում իմ, թե սերըտ սիրտըս կես անի.
Կու միռնիմ, էլ ինձ պեսին չիս տեսանի,
Քու Սայաթ-Նովեն իմ, մի' անի ղիմիշ:
_____________________________
Էսօր իմ յարին տեսա
Էսօր իմ յարին տեսա բաղչի մեչըն ման գալով,
Գեդինըն զարթարվեցավ իմ յարի օսկե նալով.
Բըլբուլի պես պտուտ էկա վարթի վրա ձեն տալով,
Ջունուն էլավ խիլքըս գըլխես, սիրտս տխուր, աչկս լալով.
Հույս ունիմ իմ ստեղծողիմեն` միր դուշմանն ըլի էս հալով:
Յա'ր, էտ քու նազ ու ղամզով ջանս փուլ ու փանդ իս արի,
Խմիլ իս էշխով շարբաթըն` պռոշնիրըտ ղանդ իս արի.
Խաթրով, խալով, քաղցր լիզվով շատ ինձ պեսին բանդ իս արի.
Չունքի մահս յարիմեն է, թուղ լի մեռնիմ լավ գոզալով:
Տարին-տասներկու ամիս մազիրըտ հուսած կուլի.
Պռոշեմետ միղր է կաթում, թողնիս` յախետ թաց կուլի.
Գարնան շնչի ծաղկի նման կարմիր վարթըտ բաց կուլի.
Ինչ օգուտ է քու բաղմնչուն` ղարիբ բլբուլըն լաց կուլի,
Մուրվաթ չունիս, պտուտ գու քա բաղչի վրա ճըկճըկալով:
Յիփ քու սուրաթն կու քաշին` նախշումն շընուք կու տաս.
Կու վըռվռաս ճրաքի պես` սաղչումն շընուք կու տաս.
Մըշկով լիքն բըրոլի պես, թաղչումն շընուք կու տաս.
Բաց կուլիս կարմիր վարթի պես` բաղչումն շընուք կու տաս.
Քամին դիբչի փոթլիտ մեչն` հոտըտ գու քա վըռվռալով:
Յիս էլ ուրիշ յա'ր չունիմ, էս գլխեն վա'ղ իմացի.
Ա'նգաճ արա, մա'տաղ իմ քիզ, էս խոսկս սա'ղ իմացի.
Մտիկ արա քու ստիղծողին, տուզ-նամագ-ա'ղ իմացի.
Սայաթ-Նովին մի' ջգրեցնի` էշխեմետ տուսաղ իմացի.
Խիլքս գլխեմես տարիլ իս քու, բե'մուրվաթ, գարդիշ տալով:
_______________________________
Յա՛ր, քիզ իսկի զավալ չըլի
Յա՛ր, քիզ իսկի զավալ չըլի` քու դուշմընին` շառ բացարած.
Հուտըտ աշխարըս բըռնիլ է` բալասանի ծառ բացարած.
Թըխտիրըտ օսկե վարաղով Ասմավուր իս` ճառ բացարած.
Տեսնողըն շարքըն չի գիդի, Լուսնաստըղ պայծառ բացարած:
Ամեն մարթ չի կարա մըտնի` էշխիտ ջուրըն հիդ է զա'լում.
Մըտնում է յարսուն կարմունջըն` չասիս, թե մե' գիդ է, զա'լում.
Ունքիրըտ սալիղ սադախ է. թերթերուկըտ նիտ է, զա'լում.
Մըտնողըն էլ չի դուս էհա` դուռ, մահու պատճառ, բացարած:
Բարակ մեչկըտ` ղարղուղամիշ. էրեսըտ թայգուլի նըման.
Օրըն յարսուն ռանգ կու փոխիս, վո'ւնց մեկըն չէ տուլի նըման.
Յիփ խաղում իս` վըռվըռում իս օցի բերնի հուլի նըման.
Մութըն տիղըն լուս իս տալի առանց կըրակ` վառ բացարած:
Բարովին բարով չիսի տա` թաքավուրի սալամի պես.
Ձեռնիրըտ` սպիտակ մաքաղաթ, լիզուտ օսկե ղալամի պես.
Զարուզարբաբե դըրոշա` ման իս գալի ալամի պես.
Տեսնողըն էնպես կիմանա` Շահ իս գալի, ջառ բացարած:
Յա՛ր, քիզանից հիռանալըս միռնելուս վըրա դըժար ա.
Լիզուտ քաղցըր, խոսկըտ քաղցըր, ակըռքնիրըտ անգին քար ա.
Իրեք քսան ու տասըն խալըն էրեսիտ բոլորքըն շար ա,
Վունցոր Սայաթ-Նովու լիզուն յոթանասուն բառ բացարած:
_______________________________
Մե խոսկ ունիմ իլթիմազով
Մե խոսկ ունիմ իլթիմազով, անգաճ արա, ո'վ աչկի լուս.
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բարով, ա'չկի լուս,
Աջաբ քիզ ի՞նչ գեթ իմ արի` կենում իս խըռով, ա'չկի լուս.
Աշխարս աշխարով կըշտացավ, յիս քիզանից սով, ա'չկի լուս:
Մակամ օչով յա՞ր չէ սիրի, էս ի՞նչ արի, էս ի՞նչ բան ա.
Էշխեմետ ջունուն իմ էլի, ման իմ գալի յանա-յանա.
Էս դարդեն օչով չը քաշե, վուր մե դանգին չի դիմանա.
Սիրտըս լուրի պես խորվեցիր էշխիտ կըրակով, ա'չկի լուս:
Դոստիրըս դուշման շինեցիր, յադերուն ի՞նչպես դոստ անիմ.
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գուզե վուր ղաստ անիմ.
Աստվաձ վըկա, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպես դուս տանիմ`
Յիս մե փուքըր նավի նըման, քու էշխըն է` ծով, ա'չկի լուս:
Գուզիմ բերանըս բաց անիմ, գովքըտ ասիմ թարիփի պես.
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի պես.
Օխտըն տարի էլ ման գու քամ սազըն ձիռիս Ղարիբի պես`
Բութա Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչով, ա'չկի լուս:
Թեգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա~հ չիմ ասի.
Իմ հուքմի-հեքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ Շահ չիմ ասի.
Սայաթ-Նովեն ասաց. զա'լում, յիս էն մահին մահ չիմ ասի`
Հենչաք ըլի` դուն վըրես լաս մազըտ շաղ տալով, ա'չկի լուս:
__________________________________
Աշխարեմեն բեզարիլ իմ
Աշխարեմեն բեզարիլ իմ, էլ բիրնումըս համ չըկա, չէ,
Թառամիլ է սրտիս վարթը, սափա, զող ու դամ չը կա, չէ,
Ամեն մարթ իրանն է քաշում, դարդիման համդամ չը կա, չէ.
Բոլորքըս ղամքաշ ին դառի` ուրախ սիրտ անգամ չը կա, չէ:
Դառըն խոսկով սիրտըս խուցից, վադի ձեռնեմեն գուլամ յիս,
Դոստիրըս դուշման ին դառի, յադի ձեռնեմեն գուլամ յիս,
Մեկ չէ, էրկու չէ` աշխարում շատի ձեռնեմեն գուլամ յիս:
Էհտիբարը վիրացիլ է, ասկ ու բարեկամ չը կա, չէ:
Էյ ադալաթ, հուքմի-հաքիմ, սուչըս ինչ է, ա'սա ինձի.
Վուր հաքցըրիր իմ չուզեցած սիվ ու սուք լիբասըն ինձի.
Խըմցըրեցիր անմիղ տիղըն, էս աղուի թասըն ինձի,
Հոքուտ մեչ ինսափ, սըրտումըտ շընուխկ ու քարամ չը կա, չէ:
Թե ռուխսաթ տան, սիրտըս բանամ, կու տեսնիք դարդիրըս ծով ա.
Դովրանեմես դուս ին գըցի, իմ տիղըս բըռնողըն ով ա,
Ասում ին - տարքըտ թամամից, լաց ու ողփա, Սա'յաթ-Նովա,
Հայ վախ, էլ ձիռիս քամանչա, մեջլիսումըն ջամ չը կա, չէ:
_______________________
Խըմեցուր ձեռիտ թասեմեն
Խըմեցուր ձեռիտ թասեմեն,
Ջո՛ւր իմ ասում, [տուր քասեմեն].
Մընացի սըկու մասեմեն
Ա'չկի լուս, ջո՛ւր իմ ասի,
[Հուր չիմ ասի, հուր] չիմ ասի,
Թուր չիմ [ասի], տուր չիմ ասի:
Գո՛զալ, Աստվաձ քիզի լավ տա,
Չուզողի աչկերուն ցավ տա.
Անգալի խոսկին մի ավտա.-
Ա՛չկի լուս, [զ]ուր իմ ասի,
[Ս]ուր չիմ ասի, սուր չիմ ասի.
Զու[ր] իմ ասի, սուր չիմ ասի:
Ով քիզի այան մըտիկ տա,
Աբելին` Կայան մտիկ տա.
Ինչ աչկ քիզ խայան մըտիկ տա,
Ջանում յար, կո՛ւր իմ ասի.
Նուր չիմ ասի, նուր չիմ ասի,
[Կուր իմ ասի, նուր չիմ ասի]:
Ովոր ինձ շինից դիվանա`
Սուրբ Կարապիտեն խիվանա.
Վադի էրեսըն սիվանա.-
Ա՛չկի լուս, մո'ւր իմ ասի.
Չուր չիմ ասի, [չուր չիմ ասի,
Մուր իմ ասի, չուր չիմ ասի]:
Էշխեմետ խըմած մաստ էկած,
Գըլուխըս մահին ռաստ էկած
Սայաթ-Նովեն իմ տիստ էկած.
Ա'չկի լուս, ո՞ւր իմ ասի,
Սուր չիմ ասի, սուր չիմ ասի,
Տուր չիմ ասի, սուր չիմ ասի:
_______________________
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի-բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի-բրոյի,
Յա'ր, չիմի տա, չիմ հիռացնի քեզ քու յարեմեն, բարեբարեմեն:
Չիմ քաշվի էկած մահեմեն,
Րաղիփի տըված ահեմեն բրոյի-բրոյի.
Թեգուզ րաղամ գա Շահեմեն,
Յա'ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն:
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի-բրոյի,
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի-բրոյի,
Յա'ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն:
________________________
Թաքավուր իս
Թաքավուր իս, դիվանս արա, շա՛ր, քու ա՛րիվըն կու սիրիս,
Միղ ունենամ, գլխոքըս տուր քա՛ր, քու ա՛րիվըն կու սիրիս.
Սրտումըս կա ինթիզար-իղրա՛ր, քու ա՛րիվըն կու սիրիս,
Ուրոր գընաս, ինձ էլ հիդըտ տա'ր, քու ա'րիվըն կու սիրիս:
Վարթըն էյվընումըն կուլի, նամ-նամ արխին սազ ըլիլով,
Կանանչ փոթոլըն բաց կուլի, կարմիր ու գուլգազ ըլիլով,
Չուրս բոլորքըն ծաղիկնիր ին, ճամփին փիանդազ ըլիլով,
Վարթըն ակռըվին մի շանց տա, ծա՛ռ, քու ա'րիվըն կու սիրիս:
Ակռավը բլբուլ չի դառնա, քանի գուզե, վուր ա~խ անե.
Ամեն ըռանգ ծաղկի մեչըն` կարմիր վարթըն սիրեկան է.
Գուղ մարթըն մանգաղով գու քա, ձիք կու տա, տակռեն կու հանե,
Մի՛ թողնի ճուխկըտ քաղելու, խա՛ր, քու ա՛րիվըն կու սիրիս:
Բլբուլըն սարեմեն գու քա, իր լիզվովըն բաղ կանչելով.
[Մեջլումըն չոլիրում մնաց, Լեյլու համա ախ կանչելով].
Սայաթ-Նովեն վուր բեզրիլ է, շատին էրից խաղ կանչելով,
Ո~վ ջավահիր, անգին ալմաս, յա'ր, քու ա'րիվըն կու սիրիս:
__________________________
Էս ի՞նչ էլավ ինձ հիդ
Էս ի՞նչ էլավ ինձ հիդ, տե'ս, ի՞նչ իմ արի,
Դե վիզըտ ծուռ, գնա', տանեն դուս արած.
Խիլքըս տանուլ տըված լիղնուրթ իմ դառի,
Գժված ման իմ գալի, բանեն դուս արած:
Քաղցր թութըս դառը լիղի շինեցի.
Յիս մե միղք իմ արի` նշտար քաշեցի,
Իմ էն արթար կաթիս արուն խառնեցի.
Բաս էնդու համա իմ նանեն դուս արած:
Յիս բլբուլ իմ, վարթըս փակից ալալըն.
Տես ի՞նչ արից հուրիզադա ջալալըն,
Կորցրիլ իմ ջավահիրըն ու լալըն,
Մա'դա չունիս, Բադեշխանեն դուս արած:
Հա' լաց էլա, վա'յ կանչեցի անհաշիվ,
Էլ ի՞նչ օգուտ, ջան տուր, կինքըտ հա~ մաշի,
Էս իմ դարդից թուղ վուր օչով չը քաշի`
Օչով չըլի սիրեկանեն դուս արած:
Արի', մի'ղք իս, Սայաթ-Նո'վա, միղանչող
Ախպոր ճամփին կինքըս մատաղ ըլի թող.
Սըրան ղա'բուլ իմ արարիչ-ստիղծող,
Հոքիս չանիս դրախտիջանեն դուս արած:
____________________________
Դուն էն հուրին իս
Դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե,
Չունքի ինձ զավթեցիր խափով, նազանի.
Արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս
Չը կա քիզի նըման` չափով, նազանի:
Շատ մարթ քու էշխեմեն կու դառնա յիզիդ.
Արի մե ռահմ արա, լա'վ կացի միզիդ.
Գուզիմ թե համաշա դամ անիմ քիզիդ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազանի:
Դարդիրըս շատացավ` ասիլ իմ ուզում.
Աչկեմես արտասունք հուսիլ իմ ուզում.
Համաշա, յա'ր, քիզիդ խոսիլ իմ ուզում.
Սիրտըս չէ կըշտանում գափով, նազանի:
Հայալու իս` ադաբ ունիս, ար ունիս.
Ձիռիտ դաստա կապած սուսանբար ունիս.
Տուր ինձի սըպանե` իխտիար ունիս.
Հենչաք ըլի` կենաս բափով, նազանի:
Սայաթ-Նովեն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հենչաք ըլի, յա'ր, գաս իմ գերեզմանին, -
Ածիս խողըն վըրես ափով, նազանի:
_______________________
Ձենըդ քաղցըր ունիս
Ձենըդ բաղցըր ունիս՛ լամզով կու խոսիս.
Նա պահե քիզ, ումն օր ծառա իս, գո՛զալ,
Մեճկըդ ջեյրանի է, ռանգըդ՝ շաքարի,
Փռանգըստանու էկած խարա իս, գո՛զալ։
Ղումաշ ասիմ շուրեղեն է, կու մաշվի,
Սալբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի,
Ջեյրան ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յաշվի,
Բաս վո՚ւնց թարիփ անիմ՝ մարա իս, գո՛զալ։
Թե մանիշակ ասիմ՝ սարեմեն կոսին,
Թե ջավահիր ասիմ՝ քուրեմեն կոսին,
Թե վուր լուսին ասիմ՝ տարրեմե՚ն կոսին,
Արեգագի նըման փարա իս, գո՛զալ։
Գուզիմ թե համաշա դըռեանըդ գամ ուխտ,
Աճկիրըդ, կարմի՛ր վարթ, նուր բացարած տուխտ,
Լիզուդ՝ գըրիչ ունիս, ձեռըդ՝ գուլգազ թուխտ.
Ծովեմեն դուս էկած զարա իս, գո՛զալ։
Խիրա սիրմըդ սըրտիս մեչը ցանեցիր,
Նազ ու ղամզով, յա՛ր, իմ հոքիս հանեցիր,
է՚ս քու Սալաթ Նովուն դու՚ն սպա՚նեցիր
Գըլխիդ էկած ղադեն առա յիս, գո՛զալ։
______________________
Գելն ու չոբանը
Գելն ու չոբանը մեկմեկու ռաստ էկան.
Գելն ասավ. «Բարով տեհա, չոբան ախպեր» ։
Չոբանն ասավ. «Յիս քու բարովն ի՞նչ կոնիմ,
Վո՚ւնց քու խերը գա զի մ, վո՚ւնց շառը, ա՚նդե:
Գելըն ասավ. «Մուլափ կու տամ, վուր մըթնի,
Ուսուլով ման գու քամ, բինեդ կու գըթնիմ.
Քու շըներու հաչոցեմեն չիմ խըրթնի,
Առուտեհան խերն ու շառը շանց կու տամ» ։
Չոբանն ասավ. «Հենց գիդիս՝ ղուրթ քո՞ւն ու՚նիմ,
Մե աճկըս-անգաճըս քու կըռնումն ունիմ.
Ամեն ղոչի գլխին մե֊մեկ շուն ունիմ,
Առատեհան քիզ թամաշան շանց կու տամ» ։
Գելըն ասավ. «Վուր ամբը գա ծըմակին,
Ակռեքըս կու գըցիմ ղոչի դըմակին,
Կեսը կու խիխտիմ, կեսն էլ իմ քամակին՝
Մե-մեկ, մե-մեկ սարի ծերին շանց կու տամ» ։
Չոբանն ասավ. «Գիդիս անդեր մա՞լ ունիմ,
ճըտիդ համա էրկըթե կըրկալ ունիմ.
Թե վուր ճանգըս նընգար, յիս իղբալ ունիմ,
Կոմբլիս տակին կընձկընձալը շանց կու տամ» ։
Սայաթ Նովեն ասավ՝ յիս կարմիր կով իմ,
Կովկիթըս կոտռել իմ՝ հարսից խըռով իմ,
Գիլի հիդ բան չունիմ, չոբնին կու գովիմ,
Մե գամ էլա մածնի համը շանց կու տամ։
______________________________
Չի՛ս ասում, թե լաց իս էլի
Չի՛ս ասում, թե լաց իս էլի,
Բարով տեսա, իմ սիրեկան,
Վարթի նըման բաց իս էլի
Խարերով,
Խարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։
Ա՛րի, մե դարդըս իմացի,
Էշխեմեդ համա՜ն իմ լացի․
Օրըս էսպես անց է կացի
Դարերով,
Դարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։
Յիփ կու հաքնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս-մաս․
Դոշիդ պիտի լալ ու ալմաս
Շարերով,
Շարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։
Յիս քիզ գովիմ խաղի մեչը,
Շամամներըդ թաղի մեչը․
Ման իս գալի բաղի մեչը
Յարերով,
Յարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։
Սայաթ Նավեն վո՞ւնց դընջանա,
Աճկիրըդ օսկե փընջան ա․
Դուշմանի լեզուն մընջանա
Չարերով,
Չարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։
_________________________
Ինձ ու իմ սիրեկան յարին
Ինձ ու իմ սիրեկան յարին մի տարի բերած գիդենաք.
Ախ քաշելեն սըրտիս մեչը արունը մերած գիդենաք.
Գիշիր-ցերեկ յարի խաթրու ջիգարըս էրած գիդենաք.
Աճկըս թաց, բերանըս ցամաք, լիզուս յիդ քերած գիդենաք։
Սիրտըս փուրումըս թուլացավ անգալներու զախ անելեն,
Ուշկ ու միտկըս խառնըվեցավ խուռը-խուռը խաղ հանելեն,
Աճկեմես ջուհարը գընաց՝ յարեն կարոտ՝ ա՛խ անելեն.
է՛լ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք։
էրած խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մար ու՛նենամ.
Լիզվով չիմ կանացի ասի, թեգուզ խոսկըս փար ու՛նենամ.
Ափսուսալու հազար ափսուս, յիս է՜ս ղադա դար ու՛նենամ,
էշխեն ուշկ ու միտկըս կապած, ինձ ջըրի տարած գիդենաք։
Սիրտըս փուրամըս սըքուր է, ալ աճկիրըս լաց է անում.
Ծովը նընգած ամբի նըման դոշս ու յախես թաց է անում.
Քանի վուր մըհլամ իմ դընում, դուգունս է՛լ խիստ բաց է անում.
Հալվեցա, արնաքամ էլա՝ յարես յիդ արած գիդենաք։
Օվ տեսնում է, է՛ս է ասում՝ «վա՜յ քու դարին, Սա՚յաթ Նովա,
Համաշա քիզ պիտինք տեսնի աճկըդ արին, Սա՚յաթ Նովա,
Ինչո՛վ չէլավ, չըռաստ էկար մե լավ յարին, Սա՚յաթ Նովա» .
Ումբըրս էրազի պես գընաց՝ ծառըս չը խերած գիդենաք։
_______________________
Մազիր ունին դաստառեհան
Մազիր անիս դաստառեհան՝ նման սիրուն սուսանի.
Ունքիրըդ ղալամով քաշած, սազում ին միր գումանին.
Թեթերուկըդ նիտ ու նաշտար՝ դիբչում է միր քամանին,
Աճկիրըդ օսկե փիայա, կրակ դրից միր ջանին։
Վարթ էրեսիդ խալ իս դրի՝ աստղի նման հավասար.
Գունքըդ Հնդստանի մում է, ջանս արավ ղավար-ղավար,
Լիզուդ քաղցր, բառըդ քաղցր, ակըռքնիրըղ անգին քար.
Պըռոշեմեդ միղր է կաթում, չի հասնում միր փինջանին։
էրեսըդ է արիվ-լուսին, վիզդ է նման ղարղարի.
Բուխարնիրըդ կախ ին նընգի՝ ինձ ամա չիս դարդ արի.
Կուրըդ շիշմատ, մատնիրըդ՝ մում, ղանգըդ արավ ինձ սարսարի.
Գիշեր-ցերեկ էշխի մեչը կախվիլ է միր դամանին։
Էնդու համա ջունուն դառած կանչում իմ ամա՜ն-ամա՚ն,
Աճիլ է, ծաղկիլ է ծուցըդ, հուտը գու քա աննման.
Դոշըդ դառած (բաղ ու բաղչա) , խալ է գցի շամաման.
Կու բխեցնե կաթնեախպուր, կանաչ չայիր չիմանին։
Թա՚րիփ արա, Սա ՚յաթ-Նովա, գոզալը աննման է,
Մեճկը հադիդեմեն քաշած՝ մարթու հոքի կու հանե.
Ի՞նչ իս անում, ղանլու մարալ, էշխըդ ինձ կու սըպանե.
Մի սըպանի հասրաթեմեդ, յիկ, տեր մի դառ միր արնին։
______________________
բնագիր
Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքըդ դիվաց չըտեսնէ.
Ա՛չք խաւրի, ա՛նգաճ խուլանայ` էրեսըդ թաց չըտեսնէ:
Վո՛ւնց արեգագըն շուղքըն տայ, վո՛ւնց լուսինըն լուս անէ.
Ա՛վալ քու տեսնողըն միռնի` քիզ գըլխիբաց չըտեսնէ:
Դուն գըլուխըդ մահի կու տաս, յիս էլ քիզիդ կու միռնիմ.
Միր էդնէն թամամ աշխարհըս սով քաշէ` հաց չըտեսնէ:
Թէվուր չըգամ ու չըտեսնիմ, հազար բաբաթ բան կ'օսիս.
Քա՛շկա մարդ վո՛ւնց գայ, վո՛ւնց խօսի, վո՛ւնց քի տըխրած չըտեսնէ:
Աստուձու բերնէմէն առնիս մըխիթարիչ սուրբ հոգին.
Է՛լ վաղ միռնի Սայաթ-Նովեն` ճիդըդ գըցած չըտեսնէ:
թարգմանություն
Մի՛ վշտանա, սի՛րտ ու հո՛գիս, միտքդ դիվաց* չտեսնի.
Ա՛չք խավարի, ունկ խլանա` երեսդ թաց չտեսնի:
Ո՛չ արեգակը ճաճանչ տա, ո՛չ լուսինը լույս անի.
Նախ թող քո տեսնողը մեռնի` քեզ գլխաբաց չտեսնի:
Դու գլուխդ մահի կտաս, ես էլ քեզ հետ կմեռնեմ.
Մեզնից հետո ողջ աշխարհը սով քաշի` հաց չտեսնի:
Թե որ չգամ ու չտեսնեմ, հազար տեսակ բան կասես.
Երնեկ մարդ ո՛չ գա, ո՛չ խոսի, ո՛չ քեզ տխրած չտեսնի:
Աստըծո բերանից առնես մխիթարիչ սուրբ հոգին.
Սայաթ-Նովեն թո՛ղ վաղ մեռնի` վիզդ ծռած չտեսնի:
______________________
Անգա՛ճ արա բարիթավուր (5 մասից)
բնագիր
Ա՛նգաճ արա բարիթավուր.
Գընա՛, հիդըն խաղ մի՛ անի,
Եարի սիրտըն դաղ մի՛ անի`
էդ կըրակըն չաղ մի՛ անի.
Չաղ շո՛ւռ արի
Եարսուն տարի
Եարին բէդամաղ մի՛ անի:
Բէդամաղ չը’լի միզանից,
Չըհիռանայ անմիղ բանից.
Եարըն նազով հոգիս հանից.
Հանած ծառ է,
Էշխով վառ է,
Չի՛ վախենայ սուլթան-խանից:
Խանի պես դիվան իս անում,
Շահզադի պես սան իս անում,
Էդ ի՞նչթավուր բան իս անում.
Բանըդ բանդ է,
Պռօշդ ղանդ է,
Քաղցր լեզվով ջան իս հանում:
Ջան չունիմ եարի ձեռնէմէն,
Հիւանդ իմ էշխի կըռնէմէն,
Դիղ անիս ծուցիդ նըռնէմէն,
Նըռիդ օսկով,
Քաղցըր խօսքով
Կրակ իս վիր ածում բերնէմէն:
Բերնիդ մեջըն լալ է, գօ՛զալ,
Հագիդ զարըն ալ է, գօ՛զալ,
Էդ ի՞նչպէս խիալ է, գօզալ,
Էդ խիալով նազ իս անում,
Ե~ար, ա~ման:
թարգմանություն
Ա՛կանջ արա բարիթավուր*
Գնա՛, սրով խաղ մի՛ անի,
Յարի սիրտն դաղ** մի՛ անի,
Կրակն կայտառ մի՛ անի:
Կայտառ շրջի՛ր
Երսուն տարի
Յարին վշտացած մի՛ անի:
Վշտացած չլնի մեզանից,
Չնեղանա անմեղ բանից,
Յարն նազով հոգիս հանեց,
Հանած ծառ է,
Սիրով վառ է,
Չի՛ վախենում սուլթան-խանից:
Խանի նման դատ ես անում,
Իշխանի պես` հարգանք անում,
Էդ ի՞նչ տեսակ գործ ես անում,
Գործդ կարծր է,
Շուրթդ քաղցր է,
Քաղցր լեզվով` հոգի հանում:
Հոգի չունեմ յարի ձեռից,
Հիվանդ եմ ես սիրո կռից,
Դեղ լցնես քո ծոցիդ նռից,
Նռիդ ոսկով,
Քաղցր խոսքով,
Կրակ ես թափում բերանից:
Բերանիդ մեջ լալ է գո՛զալ,
Հագիդ զուքսը ալ է գո՛զալ,
Մտքումդ ի՞նչ ունես գոզալ,
Էդ մտքովը նազ ես անում,
Յա~ր, ա~ման:
* Բարիթավուր /բահրիթավիլ/ - աշուղական երկարաշունչ բանաստեղծություն:
** դաղ - վերք:
___________________________
Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովե՛լի
բնագիր
Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովե՛լի.
Հընդու դիարէմէն էկած զար-ղալամքար իս, գովե՛լի.
Շատ սօվդաքար քիզ կու պըտռէ` դուն անգին քար իս, գովե՛լի.
Անտակ ծովի միջէն հանած անգին գովհար իս, գովե՛լի:
Յիփ դու բաղչէն սէյրան կ'էհաս` ծովի նըման գուքայ ալիդ,
Գըլուխըդ պահելով արա` նամ չըդիբչի խաթուխալիդ,
Տեսնողըն հէյբաթ կու մընայ էդ քու սիրուն մահ-ջամալիդ,
Աշխարհումըս նուր դուս էկած, թազա նուգբար իս, գովե՛լի:
Արի միզիդ մէ լա՛ւ կացի, ղո՛ւրբան ըլիմ մուրվաթումըն,
Ման էկայ յիրգիր` չըտեսայ էդ քու նըման ջուրաթումըն,
Վո՛ւնց Հընդու դիարումըն կայ, վո՛ւնց փըռանգի սուրաթումըն.
Քաշվիլ իս քարգահի մէջըն. ուրիշ թահար իս, գովե՛լի:
Թարիփըդ դավթար իմ արի, փիլ պիտի, վուր գիրքըն տանէ.
Դուն քու մըտքի հիդ մի՛ էհա, էդ խիալըն սըրտէդ հա՛նէ.
Մէջքըդ հադիդէմէն քաշած սիրմա մավթուլի նըման է,
Աշխարհիս շըվաք իս անում` սալբու-չինար իս, գովե՛լի:
Յիս քիզանից չիմ հիռանայ, թէ չըհասնի մահիս վադէն.
Յիփ միռանիմ, շա՛ղ տու վըրէս դաստամազի թիլի շադէն.
Հէնչաք ըլի` ո՛ւրախ կէնաս. Սայաթ-Նովէն առնէ ղադէն.
Շատ մարդ կ'օսէ, թէ եար ունիմ, դուն ո՛ւրիշ եար իս, գովե՛լի:
թարգմանություն
Դիպակ ես ու ճերմակ կերպաս*, ոսկեկար բեհեզ` գովե՛լի.
Հնդկաստանի կողմից բերած ոսկե բանվածք ես, գովե՛լի.
Շատ ակնագործ** քեզ կփնտրի` դու անգին քար ես, գովե՛լի.
Անտակ ծովի խորքից հանած անգին գոհար ես, գովե՛լի:
Երբ ման գալու կելնես այգին` ծովի պես ծփում է ալիդ,
Գլուխդ դու էնպե՛ս պահիր` շաղ չդիպչի շող պատկերիդ,
Տեսնողն ապշած կնայի էդ քո սիրուն լուսերեսիդ,
Աշխարհումս նոր դուրս եկած, նորահաս բար ես, գովե՛լի:
Արի մեզ հետ հաշտ եղիր դու, մատաղ եմ քո խղճմտանքին,
Երկիր ման եկա` չտեսա, նման էդ քո կերպարանքին,
Ո՛չ Հնդու կողմերում տեսա, ո՛չ էլ` պատկերքում ֆրանկի, ***
Նկարված ես դու կտավին` ուրիշ տիպար ես, գովե՛լի:
Գովքդ մատյան եմ դարձրել, փիղ է պետք, որ գիրքը տանե.
Մտածմունքով մի՛ տանջիր քեզ, էդ միտքը քո սրտից հա՛նե.
Մեջքդ ճախարակից**** քաշած արծաթալարի նման է,
Աշխարհին դու հով ես անում` նոճի-չինար ես, գովե՛լի:
Ես քեզանից չեմ հեռանա, թե չգա իմ հոգեվարքը.
Երբ կմեռնեմ շա՛ղ տուր վրաս, ճոխ հյուսքերիդ թելի շարքը.
Միայն թե դու ուրախ կենաս, Սայաթ-Նովինն է տանջանքը.
Շատ մարդ կասե, թե յար ունեմ, դու ուրիշ յար ես, գովե՛լի:
* Բնագրի «ենգիդունիան» նշանակում է և՛ Ամերիկա, և՛ ամերիկյան սպիտակ կերպաս: Իր հայերեն խաղերում Բանաստեղծը բառը օգտագործում է միայն երկրորդ իմաստով:
** Բնագրի «սովդաքարը» վաճառական է նշանակում: Բարեհնչության համար դարձրինք ակնագործ, քանզի միջնադարում ակնագործները իրենք էին վաճառում իրենց արտադրանքը /Ի.Ս./:
*** Ֆրանկ - եվրոպացիների հավաքական անունը:
**** Բնագրի «Հադիդեն» ոսկերչական գործիք է, որով ոսկերիչները արծաթե և ոսկե լարեր են քաշում: Գործում է ճախարակի սկզբունքով:
__________________________
Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման
բնագիր
Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման.
Էրեսըս դի՛ վուտիդ տակըն` ա՛նց կաց փիանդազի նըման.
Եա~ր, քիզիդ խօսիլ իմ ուզում` շահի իլթիմազի նըման.
Աջայիբ սուրաթի տէր իս` ռանգըդ է գուլգազի նըման:
Եա~ր, մըտիլ իս բաղչի մէջըն, աջայիբ սէյրան իս անում.
Շուղքդ արեգակի նըման է` տեսնողին հէյրան իս անում.
Ջիգարըս կըրակ իս տըվի, էրվում իմ` բիրեան իս անում.
Վո՛ւնց մէ գօզալ չէ ունեցի էդ քու արած նազի նըման:
Հէնց իմացի, եա~ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ.
Քու դըռանըդ նընգած ըլիմ, ով տեսնէ, ասէ` տուսաղ իմ.
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, վո՛ւնց միռնում իմ, վո՛ւնց թէ սաղ իմ.
Ծովի պէս ուրղան իմ տալիս. գըժվիլ իմ Արազի նըման:
Ով կու տեսնէ, ջունուն կու'լի` բարգ էրեսիդ խալ իս անում.
Էլ ջուքամըն դո՛ւն կու քաշիս, չուն մահիս խիալ իս անում.
Եա~ր, յիս քիզ բարով իմ տալիս, շուռ իս գալի` ղալ իս անում,
Չունքի խօսքըդ անց է կէնում բէլլու շահանդազի նըման:
Սայաթ-Նովէն ասաց` գուլամ. չիմ լաց'լի, թէ ճար ունենամ.
Էլ յիս կու քաշիմ էս ղուսէն` թուղ'լի ահուզար ունենամ.
Եա~ր, քիզ վըրէն արք ունենամ, մէ լաւ իխտիար ունենամ.
Առնում, տանիմ մէջլիսնիրըն` օսկէջըրած սազի նըման:
Էս Արութինի ասած է: Ղազալի:
Էս էրկու խաղիրն մէ հանգում ին, ովոր սովրի, Դոստիի երգի ձէնով թող ասե. թէվուր չիմանաս, հարցրու, թէ «Գօզալլար յըղնաղինա բախ դաստա բէդաստա թարփանուր»:
թարգմանություն
Ես մի բլբուլ թափառական, դու ոսկե վանդակի նման.
Երեսս դի՛ր ոտքիդ տակը` ա՛նց կաց ուղեգորգի նման.
Յա~ր, հետդ խոսել եմ ուզում` շահի պաղատանքի նման,
Աննման պատկերի տեր ես` գույնդ է գուլգազի* նման:
Յա~ր, մտել ես պարտեզի մեջ, սեթեւեթ զբոսանք ես անում.
Շողքդ արեգակի նման` տեսնողին զարմանք ես անում.
Սրտիս մեջ կրակ ես գցել, վառվում եմ` խորված ես անում.
Ո՛չ մի սիրուն չի ունեցել էդ քո արած նազի նման:
Իմացիր, յա~ր, քո ստրուկն եմ, թանկ գնով գնված ծառա եմ.
Քո դռանը ընկած լինեմ, ով տեսնի, ասի` գերի եմ.
Սիրուցդ հիվանդացել եմ, ո՛չ մեռնում եմ, ո՛չ էլ ողջ եմ.
Ծովի պես հորձանք եմ տալիս, գժվել եմ Արազի նման:
Ով տեսնում է, խենթանում է` բարկ երեսիդ խալ ես անում.
Վնասն էլի դու կքաշես, քանզի մահիս միտքն ես անում.
Յա~ր, ես քեզ բարեւ եմ տալիս, շրջվում` աղմուկ ես անում.
Քանզի խոսքդ անց է կենում նշանավոր խոսքի** նման:
Սայաթ-Նովեն ասաց` կուլամ, լաց չեմ լինի ճար ունենամ.
Էս ցավն էլ ես կքաշեմ` թող որ հառաչանք ունենամ.
Յա~ր, քեզ վրա արք ունենամ, մի լավ իրավունք ունենամ.
Առնեմ, *** տանեմ մեջլիսները` ոսկեջրած սազի նման:
* գուլգազ – կարմրագույն բույս, գերմաստ:
** Բնագրի «Բելլու շահանդազը» տարաբնույթ մեկնություններ ունի: Հավանաբար, խոսքը Շահի ինչ-որ հայտնի ասացվածքի մասին է:
*** Բնագրի «առնումը» գրչի պարզ սխալ է:
__________________________
Յիս քու ղիմէթըն չիմ գիդի
բնագիր
Յիս քու ղիմէթըն չիմ գիդի`
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մէջլում կու շինիս`
Լէյլու դիդարի նըման իս:
Աշխարհումըս իմըն դո՛ւն իս,
Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս,
Պըռօշնիրըդ նաբաթ ունիս`
Ղանդ ու շաքարի նըման իս:
Դադա պիտի թարիփդ ասէ,
Ակռէքըդ եաղութ-ալմաս է,
Ռանգըդ փըռանգի ատլաս է`
Զար-ղալամքարի նըման իս:
Մազիրըդ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Ռա՛հմ արա, հոգիս մի՛ հանի.
Մուրվաթով եարի նըման իս:
Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին`
Աչքէմէս կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազլու եարին
Գընած նոքարի նըման իս:
թարգմանություն
Ես քո հարգը չեմ իմանում`
Ադամանդ քարի նման ես.
Տեսնողին Մեջլում ես շինում`
Լեյլու պատկերի նման ես:
Աշխարհումըս իմը դո՛ւ ես,
Անգութ ես դու ու գութ չունես,
Նաբաթե շրթունքներ ունես`
Ղանդ* ու շաքարի նման ես:
Հանճար է պետք գովքդ ասէ,
Ատամներդ լալ-ալմաս է,
Գույնդ ֆրանկի ատլաս է`
Ոսկե բանվածքի նման ես:
Մազերդ նման ռեհանի,
Դու է՛լ ուրիշ միտք մի՛ անի,
Խղճա~ ինձ, հոգիս մի՛ հանի,
Գթառատ յարի նման ես:
Ո՞նց դիմանամ էսչափ չարին`
Աչքիցս կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազան յարին**
Գնած նոքարի նման ես:
* «Ղանդը» - շաքարի մի տեսակ է, ճակնդեղից շաքար ստանալու պրոցեսում միջանկյալ նյութ: Վարդագույն քաղցր մասսա է:
** Նազան յարին - այսինքն` նազան յարի համար:
_______________________________
Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ
բնագիր
Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու.
Դու վարդ պըտռէ, յիս` գօզալին,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:
Ա՛րի բըլբո՛ւլ, խօ՛սի բառըն.
Օխնըվի քու էկած սարըն.
Քի վարդն էրից, ինձ` իմ եարըն.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:
Ման իմ գալի դիդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ.
Դու` վարդի հիդ, յիս` եարի հիդ.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:
Սալբուի նըման կանանչ իմ,
Ե՛կ, խօսի, ձայնիդ ճանանչ իմ,
Դու վա~րդ կանչէ, յիս եա~ր կանչիմ.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:
Ղարիբ բըլբո՛ւլ, ձայնըդ մալում,
Յիս ու դուն էրվինք մէ հալում,
Սայաթ-Նովէն ասաց` զալո՛ւմ,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:
թարգմանություն
Որտի՞ց կգաս, թշվա՛ռ սոխակ*,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու,
Դու վարդ փնտրիր, ես` սիրունին,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:
Արի՛ սո՛խակ, ասա՛ բառն,
Օրհնվի քո եկած սարն,
Քեզ վարդն այրեց, ինձ` իմ յարն,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:
Փնտրում եմ ես իմ պատկերին
Ոնց թշվառ բլբուլը խարին**,
Դու վարդ տենչող, ես` իմ յարին,
Դու մի լացիր, ես եմ լալու:
Նոճիի նման կանաչ եմ,
Ե՛կ խոսիր, ձայնիդ ճանաչ եմ,
Դու վա~րդ կանչի, ես յա~ր կանչեմ,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:
Ձայնդ ծանոթ, թշվա՛ռ սոխակ,
Ես ու դու վառվանք մի տեսակ,
Սայաթ-Նովեն ասաց` ա՛նգութ
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:
* Խաղը գրված է Ն. Հովնաթանի «Ուստի՞ կուգաս, քաղցր բլբուլ» երգի ազդեցությամբ
** Խար – այստեղ վարդի մակաբույծ միջատ է, որով սնվելու համար է սոխակը պտտվում վարդի շուրջը: Այս բառի վերաբերյալ մի զվարճալի ռեպլիկ ունի Հ. Թումանյանը` ուղղված Պ. Մակինցյանին, որը խար բառը թարգմանել էր «էշ»: Թումանյանը իր թումանյանական ոճով գրում է. «Ես ամենայն քաղաքավարությամբ խնդրում եմ պ. Մակինցյանին` իր էշը դուրս տանի Սայաթ-Նովի վարդերի միջից...» Եվ այնուհետև «...պ. Մակինցյանի էշը դուրս հանելուց հետո այժմ իմ վարդի բողոճը կամ որդը տեղավորեմ»:
Տես` Հ. Թումանյան, Սայաթ-Նովա, Եր., Հայպետհրատ, 1949թ., էջ 29
_________________________
Խօսքիրըդ մալում իմ արի` անարատ, մաքուր իս, ա՛խպէր
բնագիր
Խօսքիրըդ մալում իմ արի` անարատ, մաքուր իս, ա՛ խպէր.
Օսկէ փարչումըն լըցըրած անմահական ջուր իս, ա՛ խպէր,
Խըմողն վու՞նց կու կըշտանայ, դուն կաթնէ ախպուր իս, ա՛ խպեր,
Աշխարհքըն` ծով, դուն` մեջըն նաւ, ման գուքաս, փրփուր իս, ա՛ խպեր,
Վախում իմ, թէ ինձ էլ էրիս` անհանգչիլի հուր իս, ա՛ խպեր:
Հուր իս` էշխով կըրակած.
Խօսք իմ ասում առակաց,
Իմ սիրմա-էրծաթ ա՛ խպեր`
Օսկէ ջրով վարակած:
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, ի՞նչ է ասում էդ քու փալըդ.
Իսկի չի՛ ս գալի, չի՛ ս ասում. «Աջաբ ի՞նչ է, բա՛ նդա, հալըդ» .
Աստուաձ վըկայ, սիրտըս էրից ջէյրանի նըման ման գալըդ.
Յիս քեզանից չի՛ մ հիռանայ, թէգուզ դուս գայ խաթուխալըդ.
Թէգուզ սիրիս, թէգուզ ատիս, թէգուզէ համբուրիս, ա՛ խպեր:
Համբուրիմ սիրով համբուր,
Վունցոր խէչին է դաստուր,
Ով քիզ խայան մըտիկ տայ`
Դառնա էրկու աչքով կուր:
Քիզիդ բաս ո՞վ կարայ բըռնի` հազար բաբաթ բառ իս էլի.
Խօսքիրըդ անգին ջավահիր` Ասմաւուրու ճառ իս էլի.
Հուտըդ աշխարհըս է զաւթի` բալասանի ծառ իս էլի.
Չըկայ քիզ պէս էշխի ջունուն` կըրակ նընգած վառ իս էլի.
Շատ մարդիկ քիզիդ կու էրիս. էդ լեզվի տէր վուր իս, ախպեր:
Վուր յիս ասիմ` իմա՛ ցի,
Էշխի մէջըն հիմացի.
Ինձ հուրեան-բիրեան արիր,
Ասում իս, թէ դիմա՛ ցի:
Խիլքըս գըլխէմէս տարիլ իս, լիրթ ու թոքըս զարդ իս արի,
Սիրտըս փուրումըս սպանեցիր, էշխըդ քիզի նարդ իս արի,
Ինձ հուրեան-բիրեան շինեցիր, աջա՞բ դուն էլ դարդ իս արի.
Յիփ քիզ սիրով մէհման անիմ, վի՛ կացի, թէ մարդ իս, ա՛ րի,
Ուրախա՛ ցի, ուրախացրո՛ ւ, չունքի միզ մօդ հուր իս, ա՛խպեր:
Հո՛ ւր իս, սիրով սիրական,
Քիզի ղո՛ ւլուլ պատուական,
Հազար թուրլու կերա՛ կուր,
Սուրբ գի՛ նի անապական:
Համաշա իմ եարի ճանփին կանգնած իմ` տալիս իմ դօվա.
Աշխարհքն` աշխարհով կշտացաւ, իմ սիրտըն քիզանից սով ա.
Ցըրէ ՛, շա՛ ղ տու վուտիդ տակըն, էշխէդ դառայ հավաջօվա.
Իսկի չի՛ ս գալի, չի՛ ս ասում. «Խիստ իս լալի, Սայաթ-Նովա»:
Չը’լի՞ միտքըդ մոլըրվիլ է, սրտումըդ պըղտուր իս, ա՛խպեր:
Պըղտուր սիրտըդ պա՛ րզ արա,
Բըլբուլի պէս փա՛ րզ արա,
Աստըձուն փա՛ ռք, Քաղքումն իս`
Դարդըդ Խանին ա՛ րզ արա:
Արզ իմ անում հազարին,
Հա~ զարբաբին, հազարին,
Սիրտըս եարալու արիր`
Աչքըս գուլայ հազարին:
Հազարին հազար պիտի,
Էրած սիրտըն ճար պիտի,
Յիս մէ էշխի ջունուն իմ`
Ինձ մէ դօղրու եար պիտի:
Եարի լիզուն բըլբուլ է,
Դաստամազըն սընբուլ է.
Սայաթ-Նովէն լալիս է,
Մակա՞մ ղարիբ բըլբուլ է:
թարգմանություն
Խոսքերդ լավ ընկալել եմ` անարատ, մաքուր ես, ա՛խպեր,
Ոսկե սափորի մեջ լցրած անմահական ջուր ես, ա՛խպեր,
Խմողն ո՞նց կկշտանա, դու կաթնե աղբյուր ես, ա՛խպեր,
Աշխարհն` ծով, դու` մեջը նավ, ման կգաս, փրփուր* ես, ա՛խպեր,
Վախենամ թե ինձ էլ այրես` անհանգչելի հուր ես, ա՛խպեր:
Հուր ես` սիրով կրակած,
Խոսք եմ ասում առակաց,
Իմ արծաթաթել ախպեր,
Ոսկեջրով ջնարկած:
Արդյոք մեզնից ի՞նչ ես ուզում, ինչ է ասում քո հմայքդ,
Երբեք չե՛ս գալիս, չե՛ս ասում «Արդյոք ստրուկ, ո՞նց է կյանքդ»,
Աստված վկա, սիրտս այրեց եղնիկի նման ման գալդ,
Ես քեզանից չեմ հեռանա, թեկուզ այլայլվի կերպարդ,
Թեկուզ սիրես, թեկուզ ատես, թեկուզև համբուրես, ա՛խպեր:
Համբուրեմ սիրով համբույր,
Ինչպես խաչին է հավուր,
Ով որ քեզ ծուռ կնայի`
Դառնա երկու աչքով կույր:
Քեզ մրցավեճ ո՞վ կկանչի` հազար տեսակ բառ ես եղել,
Խոսքերդ անգին ադամանդ` Հայսմավուրքի ճառ ես եղել,
Հոտդ աշխարհն է զավթել` բալասանի ծառ ես եղել,
Չկա քեզ պես սիրո խենթը` կրակն ընկած վառ ես եղել,
Շատ մարդկանց քեզ հետ կվառես. էդ լեզվի տեր որ ես ախպեր:
Որ ես ասեմ` իմա՛ցիր,
Սիրո մեջն ամրա՛ցիր,
Այրված-խորված արե՛ցիր,
Ասում ես թե դիմա՛ցիր:
Խելքս գլխիցս տարել ես, լյարդ ու թոք ավեր** ես արել,
Սիրտս մարմնումս սպանեցիր, սերդ նարդու խաղ ես արել,
Ինձ այրված-խորված շինեցիր, արդո՞ք դու էլ վիշտ ես արել,
Երբ քեզ սիրով հյուրընկալեմ, վե՛ր կաց ու թե մարդ ես` ա՛րի
Ուրախացի, ուրախացրու, քանզի մեզ մոտ հյուր ես, ախպեր:
Հյո՛ւր ես սիրով սիրեկան,
Քեզ մեծա՛րանք պատվական,
Հազար տեսակ կերա՛կուր,
Սուրբ գինի անապական:
Մշտապես յարիս ճամփին կանգնած` աղողքներս իմ ծով ա,
Աշխարհն` աշխարհով կշտացավ, իմ սիրտը քեզնից սով ա,
Ցրի՛ր, շա՛ղ տուր ոտքիդ տակին, սիրուց դառա հավաջովա***,
Բնավ չե՛ս գալիս, չե՛ս ասում. «Խիստ ես լալիս, Սա՛յաթ-Նովա»,
Չլինի՞ միտքդ շեղվել է, մտքումդ պղտոր ես, ա՛խպեր:
Պղտոր սիրտդ պա՛րզ արա,
Հանց սոխակ թևիդ արա,
Աստծուն փա՛ռք, Քաղքում ես`
Խանին դու աղերս ա՛րա:
Աղերսում եմ հազարին,
Տանջվածին ու հզորին,
Սիրտս վիրավոր արիր`
Աչքս կուլա հա~ զարին****:
Հազարին հազար է պետք*****,
Վառված սրտին ճար է պետք,
Ես մի սիրո խենթուկ եմ`
Ինձ մի կարգին յար է պետք:
Յարի լեզուն բլբուլ է,
Փարթամ մազը սմբուլ է,
Սայաթ-Նովան լալիս է,
Մի՞թե թշվառ բլբուլ է:
* Բնագրի «փրփուրը» հավանաբար թուրքերեն «փըրփըրը» բառն է, որը փողփողացող կարմիր կտոր է նշանակում: Ըստ այդմ` տողի իմաստն է. «ման կգաս, ալ առագաստ ես, ախպեր»: Հայերեն փրփուր բառը իմաստազրկում է տողը (Ի.Ս.):
** Բնագրի «զարդը» դեղին է նշանակում (լյարդ ու թոքս դեղնացրել ես):
*** Հավաջովա - դառնահամ դեղաբույս է:
**** Զարին - (զ) արյուն
***** Հազարին հազար է պետք - այստեղ` սոխակին սոխակ է պետք:
Խաղից անհասկանալի է մնում, թե Բանաստեղծը ու՞մ է դիմում` ինչ-որ տղամարդու, թե՞ սիրած կնոջը: Բազմաթիվ մեկնաբանություններ կան: Պ. Սևակը նույնիսկ զուգահեռներ է անցկացնում Շեքսպիրի սոնետների հետ /Պ. Սևակ, Սայաթ-Նովա, Եր., 1969թ./: Մեր կարծիքով Սայաթ-Նովան այստեղ դիմում է ինքն իրեն` իր բանաստեղծական մուսային, որին խնդրում է ավելի հաճախակի այցի գալ: Քրիստոնեական հավատում մուսաները հրեշտակներն են, որոնք անսեռ արարած են և այդ պատճառով հեղինակը նրան դիմում է մերթ որպես կին և մերթ որպես տղամարդ /Ի.Ս./:
___________________________
Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ` օրըս մունաթ չըքաշէ
բնագիր
Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ` օրըս մունաթ չըքաշէ.
Թէգուզ հազար դարդ ունենամ` դարըս մունաթ չըքաշէ.
Ղաստ անիմ, բարու հանդիբիմ` չարըս մունաթ չըքաշէ.
Գըլուխըս չարէն ռադ անիմ` սարըս մունաթ չըքաշէ.
Էրեսըս հայալու պահիմ` արըս մունաթ չըքաշէ:
Հիռու տիղացէն գալիս իմ` խիլքի զարար շահ իմ բերի.
Հուջրէս լիքն է անգին լալով, ջավահիրչուն ահ իմ բերի.
Հընդու միջէմէն դուս էկած ղիմէթով մաթահ իմ բերի.
Տեսնողըն թահրըն չի գիդի` մէ հեստի քարգահ իմ բերի.
Հէստի տիղ դուքան բաց անիմ` զարըս մունաթ չըքաշէ:
Մէ բիռըս փռանգի ատլաս է, տալիս է շովղ ու շափաղաթ.
Մէ բիռըն` զար-ղալամքարի, տիղ ունէ վունցոր մագաղաթ.
Մէ բիռըս Չինումաչինն կու առնէ թամամ, փարաղաթ.
Մէ բիռըն ենգիդունիա է, մէ բիռըն` փարչայի խալաթ.
Վո՛ւնց ձիվիլ գ’ուզէ, վո՛ւնց կըտրիլ` կարըս մունաթ չըքաշէ:
Մէ բիռըն` ղըրմըզ ու զափռանգ, մէ բիռըն էլ զանջափիլ ա,
Մէ քանի բիռըս` դարիչին, մէ բիռըն էլ ղարանփիլ ա,
Բերնիրըն վըրայ չէ գալիս, հակնիրըս է սիլա-սիլա.
Անտակ ծովի միջէն հանած ակնիր ունիմ` լալ ու թիլա.
Մարգարիտըս շադա-շադա` շարըս մունաթ չըքաշե:
Շատ մարդ էստունք կու իմանայ, կ’օսե. «Հալբաթ սա զանգին ա» .
Չին գիդի, թէ ուշք ու միտքըս հազար մէ բաբաթ հանգին ա,
Մարիփաթով քաղցըր լիզուն դիփունի վըրայ անգին ա.
Սայաթ-Նովէն էնդուր գուլայ` գըլուխըն մահու ճանգին ա.
Աստուաձ սիրողն ինձ ազատէ` եարըս մունաթ չըքաշէ:
թարգմանություն
Կուզեմ կյանքս անցկացնել որ` օրըս սևերես չըլնի,
Թեկուզ հազար վիշտ ունենամ` դարըս* սևերես չըլնի,
Ջանք անեմ, բարու հանդիպեմ` չարըս սևերես չըլնի,
Գլուխս չարից ազատեմ` որ այն սևերես չըլնի,
Երեսս ամոթխած պահեմ` պատիվս սևերես չըլնի:
Հեռու տեղիցը գալիս եմ` խելք խաթարող շահ եմ բերել,
Թարեքս լի անգին լալով, ակնագործին ահ եմ բերել,
Հնդկաստանի մեջից ելած արժեքավոր իր եմ բերել,
Տեսնողն կերպն չգիտի` այնպիսի դազգահ եմ բերել,
Մի այնպես տեղ խանութ բացեմ` ծախսս սևերես չըլնի:
Մի բեռս ֆռանկի ատլաս է, տալիս է շողք ու ճառագայթ,
Մի բեռս ոսկե գործվածք է, դիտվում է որպես մագաղաթ,
Մի բեռս Չինմաչինը կառնի լրիվ` գիտցիր հաստատ,
Մի բեռս ճերմակ կերպաս է, մի բեռն էլ` ընտիր խալաթ,
Ոչ ձևել կուզի, ոչ` կտրել` կարս սևերես չլինի:
Մի բեռս կարմիր ներկ, շաֆրան, մի բեռն էլ պղպեղի պես,
Մի քանի բեռս դարչին է, մի բեռն էլ մեխակի պես,
Բեռներիս կապը չի կապվում` հակներս է տռզածի պես,
Անտակ ծովի միջից հանած ակներ ունեմ լալ-ոսկու պես,
Մարգարիտս շարան-շարան` շարս սևերես չըլնի:
Մարդիկ կասեն «Սրա համար լալ ու գոհար ջրի գին է» .**
Չեն իմանում ուշքս, միտքս հազար մի կարգին հանգին է,
Շենք-շնորհքով, քաղցր լեզուն ամենքի համար անգին է,
Սայաթ-Նովեն լաց է լինում` գլուխը մահի ճանկին է,
Աստված սիրողն ինձ ազատի` յարս*** սևերես չըլնի:
Համանման մի խաղ Բանաստեղծը գրել էր թուրքերենով
* Դար - այստեղ` վիճակ
** Բնագրի «զանգինը» մեծահարուստ է նշանակում: Ջանացել ենք պահպանել ենթատեքստը /Ի. Ս./:
*** «Յարս»` այստեղ մեր կարծիքով օգտագործված է բանաստեղծական ձիրքի, տաղանդի իմաստով: Համեմատության համար տես հայերեն 65-րդ խաղի 10-րդ տողը. «Ո՞վ կու հարցնե թե եար չունիս, խաղիրըդ եար, Սայաթ-Նովա» /Ի. Ս./:
_______________________________
Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ
բնագիր
Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի:
Շատ մարդ քու էշխէմէն կու դառնայ յիզիդ,
Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ,
Գ'ուզիմ, թէ համաշա դամ անիմ քիզիդ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:
Դարդիրըս շատացաւ` ասիլ իմ ուզում.
Աչքէմէս արտասունք հուսիլ իմ ուզում.
Համաշա, եա~ր, քիզիդ խօսիլ իմ ուզում,
Սիրտըս չէ կըշտանում գափով, նազա՛նի:
Հայալու իս, ադաբ ունիս, ար ունիս,
Ձեռիդ` դաստա կապած սուսանբար ունիս,
Տո՛ւր, ինձի սըպանէ` իխտիար ունիս.
Հէնչաք ըլի` կէնաս բափով, նազա՛նի:
Սայաթ-Նովէն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հէնչաք ըլի, եա~ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի:
թարգմանություն
Դու էն հուրին ես, որ նավեր է զավթում,
Քանզի ինձ զավթեցիր խաբով, նազա՛նի
Արեւելք, արեւմուտք, հարավ ու հյուսիս
Չկա քեզի նման չափով, նազա՛նի:
Շատ մարդ քո սիրուցը կդառնա եզիդ*,
Եկ ողո՛րմած եղիր, լա՛վ վարվիր մեզ հետ,
Կուզեմ թե, շարունակ քեֆ անեմ քեզ հետ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:
Վշտերս շատացան` ասել եմ ուզում.
Աչքիցս արտասուք հոսել եմ ուզում.
Շարունակ, յա~ր, քեզ հետ խոսել եմ ուզում,
Սիրտս չի կշտանում ծաղրով, նազա՛նի:
Ամոթխած ես, բարեկիրթ ես, հարգ ունես,
Ձեռքումդ փունջ կապած սուսանբար ունես,
Խփի՛ր ու ինձ սպանի՛ր` իրավունք ունես.
Միայն հաստատ մնաս խոսքով, նազա՛նի:
Սայաթ-Նովեն ասաց` աղաչեմ Խանին,
Համաձայն եմ` քո խաթրու թող ինձ սպանեն,
Միայն լինի, յա~ր, գաս իմ գերեզմանին,
Լցնես հողը վրաս ափով, նազա՛նի:
* Եզիդ – եզդի: Եզդիները մուսուլման ժողովուրդների կողմից համարվում էին անհավատ և կռապաշտ: Բանաստեղծը տուրք է տվել ժամանակի պատկերացումներին:
______________________
Էշխըն վառ կըրակ է` էրվելով գուքայ
բնագիր
Էշխըն վառ կըրակ է` էրվելով գուքայ.
Շատ մարդ կ’օսէ` յիս եարի հիդ ման գուքամ...
Էս դարդէմէն ով չէ քաշի` վո՛ւչ քաշէ.
Ով եար սիրէ, էլ չասէ թէ` ջան գուքամ:
Շատ մարդ կայ` էն գըլխէն սըրտում ունէ ղամ.
Բազի մարդ չէ քաշի` էշխէմէն է խամ.
Ինչ ասիս կ’օնիլ տայ` սէրն է անըզգամ.
Հալվեցայ, մաշվեցայ. էլ ի~նչ ջան գուքամ:
Էշխըն վուր կայ` հազար բաբաթ հանգ ունէ.
Ուշք ու միտքըն կու քընեցնէ` բանգ ունէ.
Բըռնածըն չի թուղնի` ղայիմ չանգ ունէ.
էնդու համա խա՛ն հիդ կ’էհամ, խա՛ն գուքամ:
Թէ դուն էշխի հիդ մանգալըն հարցընիս`
Չի դիմանայ Ռօստօմ-Զալըն` հարցընիս.
Թէ բէմուրվաթ եարի հալըն հարցընիս,
Ասում է, թէ` սուլթան գուքամ, խան գուքամ:
Սայաթ-Նովէն ասաց` շատ ի ջանք դըրի,
Մէ բափա չըտեսայ հում կաթնակիրի.
Ովոր ինձ չի սիրի` յիս է՛լ չիմ սիրի.
Սէրըն սէր կու բէրէ` սիրեկան գուքամ:
թարգմանություն
Սերն վառ կրակ է` այրելով կգա,
Շատ մարդ կասի` թե ես յարին ման կգամ...
Էս վշտիցը ով չի քաշել` չքա՛շի
Ով յար սիրե, էլ չասի թե` ջան կգամ:
Շատ մարդ ի սկզբանե սրտում ունի ցավ,
Ամեն մարդ չի քաշի` սիրուցն է խամ,
Ինչ ասես նա կանի` սերն է անզգամ,
Հալվեցի մաշվեցի. էլ ի~նչ ջան կգամ:
Սերն որ կա` հազար տեսակ հանգ ունի,
Ուշք ու միտքը կքնեցնի` բանգ* ունի,
Բռնածին չի թողնի` ամուր ճանկ ունի,
Դրա համար մե՛կ հետ կերթամ, մե՛կ կգամ:
Թե դու սիրո սուր մանգաղն հարցնես`
Չի դիմանա Ռոստոմ-Զալն` հարցնես,
Եթե անգութ յարի հալը հարցնես,
Ասում է թե` սուլթան կգամ, խան կգամ:
Սայաթ-Նովեն ասաց` շա՛տ ջանք դրեցի,
Խոստումի տեր մարդու չպատահեցի,
Ով որ ինձ չսիրի` ես է՛լ չեմ սիրի
Սերն սեր կբերե` սիրե՛կան կգամ:
_______________________
Շատ մարդ կ'օսէ` յիս եարիմէն հասրաթ իմ
բնագիր
Շատ մարդ կ'օսէ` յիս եարիմէն հասրաթ իմ`
Լէյլի-Մէջլումն էլ չէ էլի էս հալով.
Մարդ պիտի համաշա բերանըդ տընդղէ.
Խօսք իս ասում առակաւուր-մասալով:
Լիզուդ քաղցըր ունիս` շաքար ու շարթին.
Մազիրըդ ռեհան է` փաթըթած վարդին,
Քի զարդարած տեսնիմ հիդ ծաղկազարդին`
Հագիլ ըլիս զար-զարբաբըն` խաս ալով:
Եա՛ ինձի կորցըրէք, եա՛ մէ բան արէք,
Խըփե՛ցէք, մէ տիղըս մէ նըշա՛ն արէք,
Թէգուզ էստու համա քարա՛սպան արէք`
Չիմ կըշտանում գօզալի հիդ խօսալով:
Աջաբ վո՞ւնց դիմանամ յիս էսչափ դարին,
Աչքէմէս արտասունք դուս գուքայ արին,
Օրըն իր շաբաթով կարօտ իմ եարին,
Վունցոր ղարիբ բըլբուլ` վարդին տիսալով:
Խիլքըս տարաւ` ջադուքարին չի՛մ տեսի.
Բէմուրվաթին, բէիղրարին չի՛մ տեսի.
Սայաթ-Նովէն ասաց` եարին չի՛մ տեսի.
Ման իմ գալի` արտասունքըս հուսալով:
թարգմանություն
Շատ մարդ կասե` ես իմ յարին կարոտ եմ`
Լեյլի-Մեջլումն էլ չեն եղել էս հալով.
Մարդ պիտի շարունակ բերանդ տնտղի.
Խոսք ես ասում առակներով-ակնարկով:
Քաղցր լեզու ունես` շաքար ու շարթին*.
Մազերդ ռեհան են` փաթաթված վարդին,
Քեզ զարդարված տեսնեմ ես ծաղկազարդին`
Հագած լինես մետաքս` կարմիր կերպասով:
Կա՛մ ինձի կորցրեք, կա՛մ մի բան արեք,
Խփե՛ցեք, մի տեղս մի նշա՛ն արեք,
Թեկուզ սրա համար քարա՛սպան արեք`
Չեմ կշտանում գոզալի հետ խոսելով:
Արդյոք ո՞նց դիմանամ ես էսչափ ցավին,
Աչքիցս հոսում է արտասուք-արին,
Օրն իր շաբաթով կարոտ իմ յարին,
Ոնց որ խեղճ բլբուլը` վարդին տեսնելուն**:
Խելքս տարավ` ես իմ փերուն չե՛մ տեսել.
Անգութին ու ուխտազանցին չե՛մ տեսել.
Սայաթ-Նովեն ասաց` յարին չե՛մ տեսել.
Ման եմ գալիս` արտասուքս հոսելով:
* շարթին – անհալ մեղր
** Բնագրի «տիսալովը» բռնազբոսիկ բառ է, որ հանգի համար օգտագործել է Բանաստեղծը: Այդպիսին է նաև վերջին «հուսալով» բառը:
Ձեռագիր դավթարում 3-րդ տանը հաջորդում է մի անավարտ քառյակ ջնջված հեղինակի կողմից:
Ահլի թաքավուր իս, յաղութ ալմաս իս,
Մին արզուհալ ունիմ, աջապ ինչ կոսիս,
Գուզիմ թե դռանըտ ծառայ դառնամ յիս,
Չուն դիդարետ...
________________________________
Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա
բնագիր
Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա.
Մի՛ քաղի փըշի ծաղիկըն` վարդ, սուսանբար իմ քիզ ամա.
Չիմ թուղնի արեգագումըն` բաղչի սաջար իմ քիզ ամա.
Յիս քու մահըն վո՞ւնց կու խընդրիմ` նուղլ ու շաքար իմ քիզ ամա:
Է՛լ քու բաղին մըտի՛կ արա, ուրիշ բաղէն վարդ չին տայ քիզ.
Աղ ու հացըն մի՛ դէն գըցի, շաբթէնըն մէկ մըտի՛կ տու միզ.
Թէգուզ աշխարհըս պըտուտ գաս, չիս տեսնի ինձի պէս ազիզ.
Թաք ուրիշ գօզալ չըսիրիս` իղրարով եար իմ քիզ ամա:
Թաք յիս մօրէս չէի ծընի. վա~յ էն օրին` յիս քիզ տէհայ.
Դու բըլբուլ իս, յիս` կարմիր վարդ. չասիս, թէ վարդըն ջալդ կ'էհայ.
Մէ փուքըր էտէնց դիմացի, շուտով Հընդըստան մի՛ էհայ.
Անգուրձիլ, անխարջ ու քըրիհ մանդիլի զար իմ քիզ ամա:
Ա՛ստուաձ վըկայ, ղիմիշ արած գըլուխըս քիզ մա՛տաղ ըլի.
Ե՛կ, քիզիդ սիրով դամ անիմ, ով գ'ուզէ բէդամաղ ըլի.
Յիս քու խօսքէն չիմ անցկէնայ, թաք քու դամաղըն չաղ ըլի.
Թէգուզ անմահութին ուզիս, սիրով կու ճարիմ քիզ ամա:
Քու դարդըն ինձի պառվեցուց. ո՞ւմըն ասիմ, Սա՛յաթ-Նովա.
Մի՛ գըցի ձեռնէմէն ձեռըն` օսկէ թաս իմ, Սա՛յաթ-Նովա.
Փըռանգըստանու միջէն էլած` զար ատլաս իմ, Սա՛յաթ-Նովա.
Ծա՛լէ դավթարըդ, ղո՛ւթին դի` ռանգու ռուքար իմ քիզ ամա:
Ղազալի. էս Արութինը ու իր սիրեկանը վուր խօսիլ ին, էն է. սիրեկանն ասել է ուղիղ Սայաթ-Նովի էրեսին, քրոնիկոնի 442-ին (1754):
Էսպես ասել է մեկ հաւատարիմ սիրեկանն, եւ միւս էրեսին` Սայաթ-Նովէն, ապրիլի 1-ին, քրոնիկոնի 442-ին (1754):
թարգմանություն
Ինձ սիրեցիր, ոգի առար, երգի մատյան եմ քեզ համար.
Մի՛ քաղիր փշի ծաղիկը` վարդ, սուսանբար եմ քեզ համար.
Չեմ թողնի քեզ արեւի տակ` շվաքով ծառ եմ քեզ համար.
Ես քո մահը ո՞նց կցանկամ` նուշ ու շաքար եմ քեզ համար:
Էլի քո այգուն տեր եղիր, ուրիշ այգուց վարդ չեն տա քեզ.
Աղ ու հացը դեն մի՛ գցիր, շաբաթը մեկ այցի եկ մեզ.
Թեկուզ աշխարհս պտույտ գաս, չես տեսնի հարազատ ինձ պես .
Միայն ուրիշի չսիրես` երդումով յար եմ քեզ համար:
Երանի թե չծնվեի, վա~յ էն օրին` ես քեզ տեսա.
Դու բլբուլ ես, ես` կարմիր վարդ, չասես` վարդը շուտ կգնա.
Մի փոքր էդպես դիմա՛ցիր, շուտով Հնդստան մի՛ գնա.
Անձեռագործ, անվարձ, անծախս` նուրբ ոսկեկար եմ քեզ համար:
Ա՛ստված վկա, իմ գուրգուրված գլուխը քեզ մա՛տաղ լինի.
Ե՛կ, քեզ հետ սիրով խաղ անեմ, ով ուզում է թող սրտնեղի.
Ես քո խոսքից չեմ անց կենա, միայն սիրտդ ուրախ լինի.
Թեկուզ անմահություն ուզես, սիրով կճարեմ քեզ համար:
Էդ քո վիշտը ինձ ծերացրեց, էլ ու՞մ ասեմ, Սա՛յաթ-Նովա.
Եկ ձեռքից-ձեռք ինձ մի՛ գցիր` ոսկե թաս եմ, Սա՛յաթ-Նովա.
Ֆրանկստանի միջից ելած զար-ատլաս եմ, Սա՛յաթ-Նովա.
Ծա՛լիր մատյանդ, ա՛րկղը դիր` հույս ու պատվար եմ քեզ համար:
___________________________
Ի՞նչ կ’օնիմ հէքիմըն, ի՞նչ կ’օնիմ ջարէն
բնագիր
Ի՞նչ կ’օնիմ հէքիմըն, ի՞նչ կ’օնիմ ջարէն`
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ,
Էրում է մըհլամըն, չէ լաւնում եարէն.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ամա~ն, ուրի՛շ դիղ» "
Ասաց թէ. «Հիռա՛ցի գըլխէմէս, գընա՛.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
Էդ քու արարմունքսըն քիզի չի՛ մընայ.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա~ման, ո՛ւրիշ տիղ»:
Ասի թէ. «Էշխէմէդ չիմ հանգչում տանըս,
Ձեռնիրըս թուլացաւ` չէ շինում բանըս,
Էրվեցաւ ջիգարըս, մաշվեցաւ ջանըս,
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ա~ման, ո՛ւրիշ դիղ»:
Ասաց. «Իմ դիղեմեն քիզ չըկայ չարա,
Գընա՛, թէ խիլք ունիս` գըլխիդ ճա՛ր արա,
Թէ չէ` անիլ կու տամ քիզ փարա-փարա.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա~ման, ո՛ւրիշ տիղ»:
ՙՅիս բըլբուլ իմ, վարդըս մընաց խարումըն.
Կըրակ դըրիր սըրտիս խուցի եարումըն.
Վունց գըրանքումըն կայ, վունց դավթարումըն.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ա~ման, ո՛ւրիշ դիղ»:
Ասաց թէ. «Քի զարար շինեցիր շահըդ
Կըտրեցիր ադաբըդ, կըտրեցիր ահըդ.
Մի՛ վիթի արունըդ, մի՛ շանց տայ մահըդ.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ու՛րիշ տիղ.
ուրիշ տիղ, ա~ման, ու՛րիշ տիղ»:
Ասի թէ. «Մազիրըդ սիրմա իս անում,
Հէնց գիդիս` չի՞մ գիդի, եա՛ր, չի՞մ իմանում,
Սէրըդ ինձ մահ դառաւ, էլ չի՛մ դիմանում.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ու՛րիշ դիղ.
ուրիշ դիղ, ա~ման, ու՛րիշ դիղ»:
ՙԹագաւուրի թագի լայիղ քարըն իմ,
Շիրինի պէս Փահրադի դիդարըն իմ,
Յիս է՛ն գըլխէն Սայաթ-Նովու եարըն իմ.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ուրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա~ման, ու՛րիշ տիղ»:
ՙՀիդըս խօ՛սի, մի՛ կէնայ խըռովի պէս.
Տալղա տըվիր` գէմիս տարար ծովի պէս.
Կու միռնիմ, չիս տեսնի Սայաթ-Նովի պէս.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ու՛րիշ դիղ.
ուրիշ դիղ, ա~ման, ու՛րիշ դիղ»:
Էսպէս շիրվանի հանգում, վուր ասում է «Եօլարումըզդան» .
Արութինն ու իր սիրեկանն ասում ին իրար:
Սեպտեմբերի 3-ին, քրոնիկոնի 444-ին (1756):
թարգմանություն
Ի՞նչ կանեմ հեքիմն, բժիշկն ի՞նչ կանեմ*`
Քո տվածն ուրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ,
Այրում է սպեղանին, չի բուժվում վերքը,
Քո տվածն ուրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա~ման, ո՛ւրիշ դեղ»:
Ասաց թե. «Հեռա՛ցի գլխիցս, գնա՛,
Քո ասածն ուրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ,
Էդ քո արարմունքն քեզ էլ չի՛ մնա.
Քո ասածն ո՛ւրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ.
ուրիշ տեղ, ա~ման, ո՛ւրիշ տեղ»:
Ասի թե. «Սիրուցդ չեմ հանգչում տանս,
Ձեռքերս թուլացան` խաթարվեց գործս,
Վառվեցավ իմ սիրտն, մաշվեց մարմինս,
Քո տվածն ո՛ւրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա~ման, ո՛ւրիշ դեղ»:
Ասաց թե. «Իմ դեղից քեզ չկա մի ճար,
Գնա՛, թե խելք ունես` գլխիդ արա ճա՛ր,
Թե չէ` անել կտամ քեզ կտոր հազար,
Քո ասածն ո՛ւրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ.
ուրիշ տեղ, ա~ման, ուրիշ տեղ»:
ՙԵս բլբուլ եմ, վարդս մնաց փշի մեջ,
Կրակ դրեց սրտիս խուցի վերքի մեջ,
Ո՛չ գրվածքներում կա, ո՛չ էլ` գրքի մեջ,
Քո տվածն ո՛ւրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա~ման, ո՛ւրիշ դեղ:
Ասաց թե. «Քեզ վնաս շինեցիր շահդ,
Կտրեցիր ամոթդ, կտրեցիր ահդ,
Մի՛ հեղի այրունդ, մի ցույց տուր մահդ,
Քո ասածն ուրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ.
ուրիշ տեղ, ա~ման, ո՛ւրիշ տեղ:
Ասի թե. «Մազերդ արծաթ ես անում,
Կարծում ես` չգիտե՞մ, յա՛ր, չե՞մ իմանում,
Սերդ ինձ մահ դարձավ, էլ չե՛մ դիմանում,
Քո տվածն ուրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա~ման, ո՛ւրիշ դեղ»:
ՙԹագավորի թագին վայել ես քարն եմ,
Շիրինի պես Ֆահրադի պատկերըն եմ,
Ի՛ սկզբանե ես Սայաթ-Նովու յարն եմ**,
Քո ասածն ուրիշ տեղ է, ուրիշ տեղ.
ուրիշ տեղ, ա~ման, որիշ տեղ»:
ՙՀետս խո՛սիր, մի՛ մնա խռովի պես,
Հորձանք տվիր` նավս տարար ծովի պես,
Կմեռնեմ, չես տեսնի Սայաթ-Նովի պես,
Քո տվածն ուրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա~ման, ո՛ւրիշ դեղ»:
* Ըստ Ն. Աղբալյանի` Սայաթ-Նովայի ճակատագրական սերը եղել է վրացական արքունիքին մոտ կանգնած մի հայուհի: Ինչպես երևում է խաղի բովանդակությունից, թեթև ֆլիրտին դեմ չլինող այդ գեղեցկուհին հարցը լրջանալու դեպքում անմիջապես տեղն է դնում դժբախտ Սիրահարին` «Քո ասածն ուրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ»:
** Յար - այստեղ նշանակում է ոչ թե սիրած, այլ` ընկեր, մտերիմ մարդ
_________________________
Դաստամազըդ` սիմ ու շարբաբ, նամ շաղ էկած ռեհան է
բնագիր
Դաստամազըդ` սիմ ու շարբաբ, նամ շաղ էկած ռեհան է.
Ունքիրըդ` ղալամով քաշած, էրէսըդ զարնըշան է.
Ակըռքնիրըդ` լալ ու մարգրիտ, ռանգիդ մարդ կու էրանէ.
Թաք յիս միռնիմ` դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է.
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ:
Վուր բըլբուլին վարդըն [խաբէ, աբա] խարին թամա՛մ է.
Ումնոր կանց միզի լաւ սիրիս` Աստուաձ չարին թամա՛մէ.
Դիդարէդ կարօտ մընացի` էրկու տարին թամամ է.
Թաք յիս միռնիմ` դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է.
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ:
Թառամեցաւ կարմիր վարդըն, բաղըն բըլբուլ չէ գալի,
Սիրտըս եարալու շինեցիր, էրվում իմ մըրմընջալի,
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, պառկած իմ դըժար հալի.
Թաք յիս միռնիմ` դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է.
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ:
Մէջլումի պէս սարն իմ նընգի, Լէյլումէն խաբար չունիմ.
Էշխէմէն սիրտըս էրվում է, հովանալու ճար չունիմ.
Ա՛ստուաձ վըկայ, աշխարհումըս յիս քիզ աւել եար չունիմ.
Թաք յիս միռնիմ` դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է.
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ:
Սայաթ-Նովէն ասաց` զա՛լում, աչքըս լալիս է արին.
Հում կաթնա՛կիր` Աթամի զա՛թ, նա՛լաթ քու էյթիբարին.
Իղրարէմէն շուտ անցկացար, ո՞ւր է եարասուն տարին.
Թաք յիս միռնիմ` դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է.
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ:
թարգմանություն
Ճոխ մազերդ` մետաքսաթել, ցողոտ, շաղոտ ռեհան է,
Ունքերդ` վրձինով քաշած, դեմքդ` ոսկյա նշան է,
Ատամներդ` լալ-մարգարիտ, քո տեսքին մարդ կերանե,
Թող ես մեռնեմ, դու ողջ լինես, սերդ իմ գերեզմանն է,
Նազիդ մեռնեմ, նազ մի՛ անի, քո նազը ինձ կըսպանե:
Թե բլբուլին վարդը խաբի` արժան է կրծող-խարին*,
Ում որ մեզանից շատ սիրես` Աստված թող մատնի չարին.
Պատկերիդ կարոտ մնացի` լրացավ երկու տարին,
Թող ես մեռնեմ, դու ողջ լինես, սերդ իմ գերեզմանն է,
Նազիդ մեռնեմ, նազ մի՛ անի, քո նազը ինձ կըսպանե:
Թառամեց իմ կարմիր վարդը, այգին բլբուլ չի գալի,
Սիրտս վիրավոր շինեցիր, վառվում եմ կսկծալի,
Սիրուցդ հիվանդացել եմ, պառկած եմ ծանր հալի,
Թող ես մեռնեմ, դու ողջ լինես, սերդ իմ գերեզմանն է,
Նազիդ մեռնեմ, նազ մի՛ անի, քո նազը ինձ կըսպանե:
Մեջլումի պես սարն եմ ընկել, Լեյլիից մի լուր չունեմ,
Սիրուց սիրտս հրդեհվում է, հովանալու ճար չունեմ,
Ա՛ստված վկա, աշխարհումս քեզանից զատ յար չունեմ,
Թող ես մեռնեմ, դու ողջ լինես, սերդ իմ գերեզմանն է,
Նազիդ մեռնեմ, նազ մի՛ անի, քո նազը ինձ կըսպանե:
Սայաթ-Նովեն ասաց` ա՛նգութ, աչքս լալիս է արին,
Հում կաթնա՛կեր` ադա՛մորդի, անե՛ծք քո կեղծ հավատին.
Խոստումիցդ շուտ անցկացար, ո՞ւր է երեսուն տարին**,
Թող ես մեռնեմ, դու ողջ լինես, սերդ իմ գերեզմանն է,
Նազիդ մեռնեմ, նազ մի՛ անի, քո նազը ինձ կըսպանե:
* Խար - այստեղ` վարդի վնասատու միջատ:
** 30 տարի - ըստ այն ժամանակների պարտադրանքի` աշուղը մինչև 30 տարեկանը պարտավոր էր աշակերտել վարպետին, չամուսնանալ, և ընդհանրապես ժուժկալ կյանք վարել: Երեսնամյա այս տարիքային ցենզը հազարամյակների պատմություն ունի եւ իր արտացոլումն է գտել Աստվածաշունչ մատյանում: Օրինակ` Աստված Ադամին ստեղծեց 30 տարեկան, Հովհաննես Մկրտիչը եւ Հիսուս Քրիստոսը սկսեցին քարոզել 30 տարեկանում, հրեական օրենքներով 30-ից ցածր տարիք ունեցող անձանց արգելվում էր կարդալ «Երգ Երգոցը» եւ այլն:
________________________________
Մէջլումի պէս կորաւ եարըս
բնագիր
Մէջլումի պէս կորաւ եարըս,
Լէ՛յլի ջան, ման իմ գալի
եա՛նա-եանա.
Էրվեցաւ խունի ջիգարըս,
Արնի պէս աչքս է լալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:
Բըլբուլի նըման լացիլ իմ,
Աչքիրըս արնով թացիլ իմ,
Էշխէմէդ հիւանդացիլ իմ.
Պառկած իմ դըժար հալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:
Էշխէմէդ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցայ, մաշվեցայ քիզիդ,
Ռա՛հմ արա, մէ խօ՛սէ միզիդ.
Բէմո՛ւրվաթ, ձէն իմ տալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:
Էրվում իմ, կանչում իմ ա~ման.
Ծուցըդ` բաղ, ունքիրըդ` քաման,
Աշխարհիս մէջըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:
Մանո՛ւշակ բաց արած հովին,
Կարմիր վա՛րդ, ծա՛ղիկ հուտովին
Շատ մի՛ լաց'նի Սայաթ-Նովին,
Ա՛չքի լուս, կըսկըծալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:
թարգմանություն
Մեջլումի պես կորավ յարս,
Լե՛յլի ջան, որոնում եմ
տոչորվելով:
Վառվեց արնակոլոլ սիրտս,
Արյան պես աչքս է լալիս.
տոչորվե~լով, տոչորվե~լով:
Բլբուլի նման լացել եմ,
Աչքերս արնով թացել եմ,
Սիրուցդ հիվանդացել եմ.
Պառկած եմ դժվար հալի.
տոչորվե~լով, տոչորվե~լով:
Սիրուցդ դարձել եմ եզիդ*,
Հալվեցի, մաշվեցի քեզ հետ,
Գո~ւթ արա, զրո՛ւցիր մեզ հետ,
Անա՛ստված, ձայն եմ տալիս`
տոչորվե~լով, տոչորվե~լով:
Վառվում եմ, կանչում եմ ա~ման.
Ծոցըդ` այգի, ունքդ` կամար,
Աշխարհումս ես քեզ նման
Չե՛մ տեսել, ման եմ գալիս`
տոչորվե~լով, տոչորվե~լով:
Մանո՛ւշակ, բաց արած հովին,
Կարմիր վա՛րդ, ծա՛ղիկ հոտովին**,
Մի՛ լացացնի Սայաթ-Նովին,
Ա՛չքի լույս, կսկծալի.
տոչորվե~լով, տոչորվե~լով:
* Եզիդ - Տես` «Դուն էն հուրին ես...» խաղի ծանոթագրությունը
** Հոտավետ բառն է` սազեցրած հանգի համար, որոշեցինք թողնել բնագրի պես (Ի.Ս.)
_____________________________
Էշխէմէն էնպէս վառվիլ իմ
բնագիր
Էշխէմէն էնպէս վառվիլ իմ.
Վունց Մէջլում` եա~ր իմ ասում
Էնտիղէ~մէն,
Գօզալի տիսուն կարօտ իմ`
Հի՛դ քաշվի, սար իմ ասում,
Էնտիղէ~մէն, էնտիղէ~մէն:
Ղուրբան իմ ծուցիդ նըռանըն,
Հոգիս տամ շիմշատ կըռանըն,
Թաք պառկիմ եարի դըռանըն.
Գըլխօքըս քար իմ ասում,
Էնտիղէ~մէն, էնտիղէ~մէն:
Հագիլ իս ատլաս խասէմէն.
Խըմե՛ցուր ձեռիդ թասէմէն,
Համաշա էշխիդ բասէմէն
Էրվում իմ, ճա~ր իմ ասում,
Էնտիղէ~մէն, էնտիղ~մէն:
Բաղ կու սիրիմ, յիս բաղման չիմ,
Բաղի տիրուջըն ճանանչ իմ,
Բըլբուլ իմ, սիրով վա~րդ կանչիմ.
Հիդ քաշվի, խար իմ ասում,
Էնտիղէ~մէն, էնտիղէ~մէն:
Մէջլիսնէրու խաղըն դուն իս,
Վանքիրումըն տաղըն դուն իս,
Սայաթ-Նովու բաղըն դուն իս.
Կարօտ իմ, բա~ր իմ ասում,
Էնտիղէ~մէն, էնտիղէ~մէն:
Էս էրկու խաղիրն էն ձէնով` «Բլբուլն նստած է վարդին, լաւ կանչէր նա վարդի համա»: Արութինի ասած. ապրիլի 5-ին, քրոնիկոնի 445-ին / 1757/:
թարգմանություն
Սիրուցդ այնպես վառվել եմ,
Մեջլումի պես յա~ր եմ ասում
Ես ա~յնտեղից,
Սիրունի տեսքին կարոտ եմ`
Հե՛տ քաշվի, սա՛ ր եմ ասում
Ես ա~յնտեղից, ա~յնտեղից:
Մատաղ եմ ծոցիդ նռանը,
Հոգիս տամ շիմշատ կռանը,
Գեթ պառկեմ յարի դռանը,
Գլխովս քար եմ ասում*
Ես ա~յնտեղից, ա~յնտեղից:
Հագել ես ատլաս խասիցը,
Խմեցրու ձեռքիդ թասիցը,
Շարունակ սիրուդ բասիցը**,
Վառվում եմ, ճա~ր եմ ասում,
Ես ա~յնտեղից, ա~յնտեղից:
Բաղ եմ սիրում, այգեպան չեմ,
Այգու տիրոջն ճանանչ եմ,
Բլբուլ եմ` սիրով վարդ կանչեմ,
Հետ քաշվիր, փուշ եմ ասում
Ես ա~յնտեղից, ա~յնտեղից:
Հավաքույթի խաղն դու ես,
Վանքերի մեջ տաղը դու ես,
Սայաթ-Նովու բաղը դու ես,
Կարոտ եմ, բե~րք եմ ասում
Ես ա~յնտեղից, ա~յնտեղից:
* Բնագրի` «Գըլխօքըս քար իմ ասում» -ը նշանակում է «թեկուզ գլուխ քարի վրա լինի», և ոչ թե` «գլխիս քար դիպչի»: Տես` Ն. Աղբալյան, 1966:
** Բասից - այստեղ` վեճից:
______________________________________
Բըլբուլի հիդ լաց իս էլի
բնագիր
Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարդի նըման բաց իս էլի,
Վարդաջըրով թաց իս էլի,
Թա՛ց իս էլի:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
Սիրունութինդ էլաւ արբաբ,
Մազիր ունիս սիմ ու շարբաբ,
Քի սազ գուքայ ղուշլու զարբաբ,
Ղո՛ւշլու զարբաբ:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
Էրէսըդ է շամշ ու ղամար,
Ջանըս դուս գուքայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար,
Օ՛սկէ քամար:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
Հագիդ զարըն ալ իս արի,
Բըլբուլի հիդ լալ իս արի,
Բարգ էրէսիդ խալ իս արի,
Խա՛լ իս արի:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
Դարդըս ասիմ` գուլան սարիր,
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջունուն արիր,
Ջո՛ւնուն արիր:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
թարգմանություն
Բլբուլի հետ լաց ես եղել,
Վարդի նման բաց ես եղել,
Վարդաջրով թաց ես եղել,
Թա՛ց ես եղել:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Սիրունությունդ եղավ տանջանք,
Մազեր ունես արծաթ-հինվածք,
Քեզ կսազի նախշած գործվածք*,
Նա՛խշած գործվածք:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Երեսդ արև` լուսնի կամար,
Հոգիս դուրս կգա քեզ համար,
Մեջքիդ ունես ոսկե քամար**,
Ո՛սկե քամար:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Հագիդ զուքսն ալ ես արել,
Բլբուլի հետ լալ ես արել,
Բարկ երեսիդ խալ ես արել,
Խա՛լ ես արել:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Դարդս ասեմ` լացեն սարեր,
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Սայաթ-Նովուն խելքից հանիր,
Խելքից հա՛նիր:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
_______________________________
Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո՛վ աչքի լուս
բնագիր
Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո~վ աչքի լուս,
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բա՛րով, ա՛չքի լուս,
Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի` կէնում իս խըռով, ա՛չքի լուս,
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, յիս քիզանից սով, ա՛չքի լուս:
Մակամ օչով եար չէ սիրի՞, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա.
Էշխէմէդ ջունուն իմ էլի, ման իմ գալի եանա-եանա.
Էս դարդէն օչով չըքաշէ, վուր մէ դա՛նգին չի դիմանայ.
Սիրտըս լուրի պէս խորվեցիր էշխիդ կըրակով, ա՛չքի լուս:
Դօստիրըս դուշման շինեցիր, եադիրուն ի՞նչպէս դօստ անիմ.
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գ'ուզէ վուր ղաստ անիմ.
Ա՛ստուձ վըկայ, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպէս դուս տանիմ.
Յիս մէ փուքըր նաւի նըման, քու էշխըն է ծով, ա՛չքի լուս:
Գ'ուզիմ բերանըս բաց անիմ, գովքըդ ասիմ թարիփի պէս.
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի պէս.
Օխտըն տարի էլ ման գուքամ` սազըն ձեռիս Ղարիբի պէս.
Բութա Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչով, ա՛չքի լուս:
Թէգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա~հ չիմ ասի.
Իմ հուքմի-հէքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ շա՛հ չիմ ասի.
Սայաթ-Նովէն ասաց` զա՛լում, յիս էն մահին մա՛հ չիմ ասի.
Հէնչաք ըլի` դո՛ւն վըրէս լաս, մազըդ շաղ տալով, ա՛չքի լուս:
թարգմանություն
Մի խոսք ունեմ պաղատագին, ա՛կանջ արա, ո~վ աչքի լույս,
Սրտումս ես սպասում ունեմ, քո տեսը բա՛րով, ա՛չքի լույս,
Արդյոք ի՞նչ հանցանք եմ գործել` մնում ես խռով, աչքի լույս,
Աշխարհս աշխարհով կշտացավ, ես քեզանից սով, ա՛չքի լույս:
Արդյոք ոչ ոք յար չի սիրե՞լ, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա,
Քո սիրուցը խենթացել եմ, ման եմ գալիս յա~նա-յա~նա*,
Էս վշտից ոչ ոք չքաշի, փշրա՛նքին էլ չի դիմանա,
Սիրտս լորի պես խորվեցիր, սիրուդ կրակով, ա՛չքի լույս:
Ընկերներիս թշնամացրիր, օտարին ընկեր ո՞նց անեմ.
Անցկացած օրը չեմ տեսնում, քանի կուզե որ ջանք անեմ.
Ա՛ստված վկա, խիստ դժվար է, գլուխս ի՞նչպես ազատեմ.
Ես մի փոքր նավի նման, քո հմայքը` ծով, ա՛չքի լույս:
Կուզեմ բերանս բաց անել, ասել քո գովքը ձոնի պես.
Տաս տարի է ման եմ գալիս փադիշահի դեսպանի պես,
Յոթ տարի էլ կթափառեմ` սազը ձեռիս Ղարիբի պես.
Իմ հույս Շահսանամը** դու ես, էլ չունեմ ոչ ոք, ա՛չքի լույս:
Թեկուզ հազար վիշտ ունենամ, ես սրտումս ա~հ չեմ ասի.
Իմ տեր-դատավորը դու էս, ես էլ ուրիշ շահ չեմ ասի.
Սայաթ-Նովեն ասաց` անգո՛ւթ, ես էն մահին մա՛հ չեմ ասի.
Միայն թե դու ինձ վրա լաս, մազդ շաղ տալով, ա՛չքի լույս:
* յանա-յանա – տոչորվելով
** Շահսանամ – «Աշուղ ղարիբ» սիրավեպի հերոսուհին: Հավատարիմ կնոջ կերպար է: Բնագրի «բութա» -ն Հ.Բախչինյանը թարգմանել է «սրբաշնորհ սեր», որ ընդունելի չէ: «Բութա» նշանակում է հույս, ապավեն, ինչպես նաեւ կողպեք, փական: Օր.` Թումանյանի Սարոն սարերին դիմելով ասում է «Որսն եմ, բութես ձեզ արած» (հույսս ձեր վրա): Թուրքերեն խաղերից մեկում կա այսպիսի տող. «Հար հուջրամդա մին բութա վար» (ամեն սնդուկս հազար կողպեք ունի) (Ի.Ս.):
__________________________
Անգին ակըն վըրէդ շարած, անբան օսկու ռախտ իս, գօ՛զալ
բնագիր
Անգին ակըն վըրէդ շարած, անբան օսկու ռախտ իս, գօ՛զալ,
Աստուաձ քիզ ու նըրա՛ն պահէ, ում հիդ վուր նըվախտ իս, գօ՛զալ,
Բըլբուլին լիզու շինեցիր, դուն վարդի դըրախտ իս, գօ՛զալ,
Վարդըն մէ ամիս ումբր ունէ. դուն ամենան վախտ իս, գօ՛զալ:
Մէմէկ մէմէկ էլ չի ասվի` թարիփըդ դառաւ քուլիչով.
Պատիրըդ` զարով, զարբաբով, դօշամէդ` խալով, խալիչով.
Տախտակնիրըն` էրծաթէմէն, միխիրըն` օսկէ գուլիչով.
Խոսրով փաչայէմէն թողած, դուն Թօվուզի թախտ իս, գօ՛զալ:
Սկանդարի-Զուլղարի թողած ջավահիր իս, անգին լալ իս.
Դանգըն դանգի միջէն հանած, հիդքաշած մըսխալ-մըսխալ իս.
Յիփ դուն սէյրանգահըն կ'էհաս, օչով այնումըդ չէ գալիս,
Փաք չունիս փաչազադիմէն, անղամ, առանց սախտ իս, գօ՛զալ:
Թէգուզ մըտօք ճարտար ըլի, կանց Սողոմոն դադա ըլի,
Թէգուզ մարգարիտով լիքըն, թէգուզ սադափ սադա ըլի,
Թէգուզ արեգագ, լուսնիակ, թէգուզ հուրիզադա ըլի,
Էդ քու ամէն մարիփաթով դիփունին կու ախտիս, գօ՛զալ:
Յիրգնուց վըրէդ ձուն է էկի` փունջ մանուշակ նուր իս, ջա՛նում,
Մօդըդ նըստողըն կու էրվի` էդ նազի տէր վուր իս, ջա՛նում,
Դիռ Սայաթ-Նովէն չէ միռի` դուն ինչի՞ տըխուր իս, ջա՛նում.
Թաք յիս միռնիմ, դո՛ւն սաղ ըլիս, գերեզմանըս վա՛ղ տիս, գօ՛զալ:
Էս էլ «Դիբայի» հանգում. Արութինի ասած:
Աստուաձ թողութին շնորհէ սիրեկանէն սպանած Արութին-Սայաթ-Նովին.
քրոնիկոնի 446-ին (1758):
թարգմանություն
Անգին քարեր վրադ շարած, անբան* ոսկու զարդ ես, գո՛զալ,
Աստված քեզ ու նրա՛ն պահի, ում հետ որ զվարթ** ես, գո՛զալ,
Սոխակին լեզու տվեցիր, դու վարդի դրախտ ես, գո՛զալ,
Վարդը մեկ ամիս կյանք ունի. դու ամենայն վախտ*** ես, գո՛զալ:
Մեկ-մեկ անհնար է ասել` քո գովքը դարձավ հազարով.
Պատերդ` ոսկով, բեհեզով, հատակդ` գորգով, կարպետով.
Տախտակներդ արծաթից են, գամերդ` ոսկե գլխիկով.
Խոսրով արքայից ժառանգած Թովուզի ճոխ թախտ**** ես, գո՛զալ:
Ալեքսանդր Մեծի***** թողած ադամանդ ես, անգին լալ ես.
Ամեն մասնիկը կշռված, ճշգրիտ չափված գոհար ես.
Երբ որ զբոսանքի ես ելնում, ամենքին էլ անտեսում ես,
Վախ չունես դու արքայազնից, անհոգ ու անդարդ ես, գո՛զալ:
Թեկուզ Սողոմոնի նման մտքով մեծ ու ճարտար լինի,
Թեկուզ մարգարիտով լիքը, թեկուզ մաքուր սադաֆ լինի,
Թեկուզ արեգակ ու լուսին, թեկուզեւ փերու զարմ լինի,
Էդ քո բոլոր շնորհքներով ամենքին կհա՛ղթես, գո՛զալ:
Երկնից վրադ ձյուն է եկել` փունջ մանուշակ, նուր****** ես, հո՛գիս,
Մոտդ նստողը կվառվի, էդ նազի տեր որ ես, հո՛գիս,
Սայաթ-Նովեն դեռ չի մեռել, ինչո՞ւ դու տխուր ե՛ս, հո՛գիս,
Թող ես մեռնեմ, դո՛ւ ողջ մնաս, գերեզմանս վա՛ղ տես, գո՛զալ:
* անբան – չբանեցված
** Բնագրի «նըվախտը» գորովալից է նշանակում
*** ամենայն վախտ ես - մշտապես թարմ ես
**** Թովուզի թախտ - հնդկական մողոլի հայտնի գահն է, որն ավարի մատնեց Նադիր Շահը
***** Բնագրի «Սկանդար-Զուլղարը» բառացիորեն նշանակում է Ալեքսանդր Եղջյուրակիր
****** նուր - լույս /պրսկ./
_____________________________
Եա՛ր, քիզ իսկի զավալ չըլի` քու դուշմընին` շա՛ռ բացարած
բնագիր
Եա՛ր, քիզ իսկի զավալ չըլի` քու դուշմընին` շա՛ռ բացարած.
Հուտըդ աշխարհըս բըռնիլ է` բալասանի ծա՛ռ բացարած.
Թըղթիրըդ օսկէ վարաղով` Ասմաւուր իս` ճառ բացարած.
Տեսնողըն շարքըն չի գիդի, Լուսնի աստղ պայծառ բացարած:
Ամէն մարդ չի կարայ մըտնի` էշխիդ ջուրըն հիդ է, զա՛լում,
Մըտնում է եարսուն կարմունջըն` չասիս, թէ մէ՛ գիդ է, զա՛լում,
Ունքիրըդ սալիղ-սադաղ է, թերթերուկըդ նիտ է, զա՛լում,
Մըտնողըն էլ չի դուս էհայ` դուռ, մահու պատճառ, բացարած:
Բարակ մէջքըդ ղարղուղամիշ, էրէսըդ թայգուլի նըման.
Օրըն եարսուն ռանգ կու փոխիս, վո՛ւնց մէկը չէ տուլի նըման.
Յիփ խաղում իս` վըռվըռում իս օձի բերնի հուլի նըման,
Մութըն տիղըն լուս իս տալի առանց կըրակ` վառ բացարած:
Բարովողին բարով չիս տայ` թագաւուրի սալամի պէս,
Ձեռնիրըդ` սիպտակ մագաղաթ, լիզուդ օսկէ ղալամի պէս,
Զարուզարբաբէ դըրօ՛շա` ման իս գալի ալամի պէս.
Տեսնողըն էնպէս կ'իմանայ` շահ իս գալի` ջառ բացարած:
Եա~ր, քիզանից հիռանալըս միռնիլուս վըրայ դըժար ա.
Լիզուդ` քաղցըր, խօսքըդ` քաղցըր, ակըռքնիրըդ անգին քար ա.
Իրէք քըսան ու տաս խալըն էրէսիդ բոլորքըն շար ա.
Վունցոր Սայաթ-Նովու լիզուն եօթանասուն բառ բացարած:
Էս էլ «Դիբա ու ենգիդունիայի» հանգում. Արութինի ասած, հոկտեմբերի 9-ին, քրոնիկոնի 446-ին (1758):
թարգմանություն
Յա՛ր, քեզ փորձանք չպատահի` քո թշնամուն` շա՛ռ բացարած,
Հոտդ աշխարհը բռնել է` բալասանի ծա՛ռ բացարած,
Ոսկենախշ արած թղթերով Հայսմավուրք* ես` ճա՛ռ, բացարած,
Տեսնողը շարքը չգիտի, Լուսնաստղ` պայծա՛ռ բացարած:
Ամեն մարդ չի կարող մտնել` սիրուդ ջուրը հորդ է, ա՛նգութ,
Անցնում է երեսուն կամուրջ` չասե՛ս, թե մե՛կ գետ է, ա՛նգութ,
Հոնքերդ պրկված աղեղ են, թերթերունքդ նետ է, ա՛նգութ,
Մտնողն էլ դուրս չի գնա` դուռ, մահվան պատճառ բացարած:
Բարակ մեջքդ` դալար եղեգն, երեսդ` վարդ-պսակի պես,
Օրն երեսուն տեսք ես փոխում, ոչ մեկը չէ շղարշի պես,
Երբ պարում ես` առկայծում ես օձի բերնի շողակի պես,
Խավարի մեջ լույս ես տալիս առանց կրակ` վառ բացարած:
Բարեւողին բարեւ չես տա` թագավորի բարեւի պես,
Ձեռքերդ` սպիտակ մագաղաթ, լեզուդ ոսկե փետուրի պես,
Ոսկեզօծ մետաքսե պաստառ` ման ես գալիս դրոշի պես,
Տեսնողը էնպես կիմանա` շահն է գալիս` ջառ** բացարած:
Յա~ր, քեզանից հեռանալս մահից առավել դժվար ա, ***
Լեզուդ` քաղցր, խոսքդ` քաղցր, ատամներդ անգին քար ա,
Երեք քսան ու մի տաս խալը երեսիդ բոլորքը շար ա, ****
Ինչպես Սայաթ-Նովի լեզուն` յոթանասուն բառ բացարած:
* Հայսմավուրք - կրոնական ճառերի ժողովածու
** ջառ – շքերթ, շքախումբ
*** Ուշագրավ է, որ Բանաստեղծն առանց հանգի թելադրանքի անցել է Լոռու բարբառին: Թիֆլիսեցին չէր ասի` «դժվար ա», նա կասեր` «դժվար է» և այլն: Որոշեցինք թողնել բնագրի պես /Ի. Ս./:
**** Այստեղ էլ Բանաստեղծը ընկնում է գրոտեսկային չափազանցության մեջ: Յոթանասուն խալը երեսի վրա որևէ կնոջ զարդարել չի կարող /Ի. Ս./:
______________________________
Էշխէմէդ անդանակ էլայ, եկ մօ՛րթէ` ջալլաթըն դուն իս
բնագիր
Էշխէմէդ անդանակ էլայ, եկ մօ՛րթէ` ջալլաթըն դուն իս,
Մի՛ սպանի հասրաթէմէդ` սըրտիս խըջալաթըն դուն իս,
Թագաւուրի քարխանէմէն դուս էկած խալաթըն դուն իս,
Հինդ ու Հաբաշ, Արաբըստան, Խորասնու Քալաթըն դուն իս:
Բարգ էրէսըդ կըրակ նընգած օսկու նըման ջիռանում է,
Էնդու համա քու տեսնողի խիլքըն գըլխէն հիռանում է.
Ով չէ տեսի, տիսդ է ուզում, ով տեսնում է` միռանում է.
Օսկէ վարաղով վարաղնած սուրաթ-մագաղաթըն դուն իս:
Շատըն քու էշխէն կու միռնի, չի դիմանայ ինթիզարի.
Տարէնըն մէ գամ բաց կու'լիս, մա՛թահ Շահրադէլ բազարի.
Է՛րնէկ ըլի քու տիրուջըն` մըտիկ տալէն չի բէզարի.
Ամառըն ու ձըմիռըն ծաղկած գուլբաղ ու բաղաթըն դուն իս:
Մուզդ ունէ էն նաղաշքարըն, վուր թահրըդ ղալամով հանայ.
Ճակտէդ ունքըդ չի կանայ գայ, քանի գ'ուզէ վուր շատ ջանայ.
Էնդու համա ծարաւ մարդըն քու ջըրէմէն չի կըշտանայ.
Շիրազու շուշումըն ածած նաբաթէ շարբաթըն դուն իս:
Է՛րնէկ մօտըդ նըստող եարին, վուր քիզի պէս համդամ ունէ,
Խայան եարին չէ ռաստ էկի, քիզանից խաթըրջամ ունէ.
Սայաթ-Նովէն, վուր քի՛զ ունէ, աշխարհումըս ի՞նչ ղամ ունէ.
Խաթաբանդով չարա-չարդախ, քօշկ ու ամարաթըն դուն իս:
թարգմանություն
Սիրուցդ անդանակ եղա, եկ մորթի՛ր` դահիճը դու ես,
Մի՛ սպանիր քո կարոտից` սրտիս պատկառանքը դու ես,
Արքայական գանձարանից ջոկած հանդերձանքը դու ես,
Հինդ ու Հաբաշ, Արաբստան, Խորասնի Քալաթը* դու ես:
Բարկ երեսդ կրակն ընկած ոսկու նման վառվռում է,
Էդ պատճառով քեզ տեսնողի խելքը գլխից հեռանում է,
Ով չի տեսել, տեսքդ է ուզում, ով որ տեսնում է` մեռնում է, **
Ոսկեջրով նախշազարդած պատկեր-մագաղաթը դու ես:
Շատը սիրուցդ կմեռնի, չի դիմանա էլ սպասումի.
Տարին մեկ անգամ կբացվես, ո~վ դու գանձ Դելու բազարի, ***
Ե՛րնեկ քո տիրոջը լինի` քեզ նայելուց չի բեզարի.
Ամառ-ձմեռ ծաղկած պարտեզ, փարթամ այգեվարդը դու ես:
Ճարտար է էն նկարիչը, որ պատկերդ վրձնով բանա.
Ճակատից հոնքին չի հասնի, որքան էլ որ նա խիստ ջանա.
Էդ պատճառով ծարավ մարդը քո ջրիցը չի կշտանա.
Շիրազի սրվակում լցրած նաբաթե շարբաթը դու ես:
Ե՛րնեկ մոտդ նստող յարին` քեզ պես զրուցակից ունի,
Ուխտազանցին չի պատահել, քեզանից սպասելիք ունի,
Սայաթ-Նովեն որ քեզ ունի, աշխարհումս ի՞նչ ցավ ունի,
Նախշազարդով ամպհովանի, դղյակն ու պալատը դու ես:
* Քալաթ - փոքրիկ, գեղեցիկ քաղաք Խորասանում (Իրան)
** Բնագրի «միռանումը» բռնազբոսիկ բառ է
*** Շահրադել - Շահր քաղաք է նշանակում (պրսկ., ): Խոսքը Դելի քաղաքի շուկայի մասին է:
________________________________
Էնդուր աչքըս չէ ցամաքում` սըրտիս մէջըն արին մընաց
բնագիր
Էնդուր աչքըս չէ ցամաքում` սըրտիս մէջըն արին մընաց.
Վունչիչ դարով չըլաւացաւ` մըհլամըս հիդ եարին մընաց.
Էշխէմէն հիւանդ պառկեցայ, աչքըս ճանապարհին մընաց.
Յիփ միռայ` ի՛ժում տիս էկաւ` նազըն բէիղրարին մընաց:
Գարունքվան վախտըն լըցվիլ է. էրա~նի ձիզ, ծաղկած վա՛րիր,
Թէ բըլբուլին բաղն ղըրգեցիք, մանուշակով լիքըն սա՛րիր,
Բաս ինչի՞ ձէնըն չէ գալիս, սա՛լբու-չինար, էդ ի՞նչ արիր,
Ճուղքըդ բըլբուլին սըպանից` կարմիր վարդըն խարին մընաց:
Ալ պուճպուճէն ասաց խաբէ սարումըն ղարիբ բըլբուլին,
Յիփ բըլբուլըն միտըն ածաւ ռեհնով կապած թայիգուլին.
Ով վաղ գընաց, վարդըն քաղից. չասին թէ պէտք է բըլբուլին,
Վա~յ քու դարին, ղա՛րիբ բըլբուլ, վուր լէշըդ չափարին մընաց:
Խօսքիրըդ քա~ղցըր-քաղցըր է, լիզուդ շաքար ու նաբաթ է,
Խըմողին վընաս չի անի` ձեռիդ բըռնածըն շարբաթ է.
Շաբաթըն օխտն օր ին ասի` քու հագածըն նուր բաբաթ է.
Հագիլ իս բեհեզ ծիրանին` ծալած ղալամքարին մընաց:
Աշուղի լիզուն բըլբուլ է, օրհնանք ունէ, նալաթ չըկայ.
Շահի մօդ խօսքն անց կու կէնայ, սըպանելու ջալլաթ չըկայ.
Հէքիմ ու դադաստան չըկայ, մէ դըրուստ ադալաթ չըկայ.
Մէ մարդ չըկէր` ազատիլ էր, Սայաթ-Նովէն դարին մընաց:
թարգմանություն
Աչքս չի ցամաքում, քանզի սրտիս խորքում արյուն մնաց.
Տառապանքով ոչինչ չանցավ` սպեղանիս յարիս մոտ մնաց.
Իր սիրուց հիվանդ պառկեցի, աչքս ճանապարհին մնաց.
Երբ մեռա, նոր այցի եկավ` նազը ուխտազանցին մնաց:
Գարնան օրերը բացվել են, երա~նի ձեզ, ծաղկած հա՛նդեր.
Թե բլբուլին բաղն ղրկեցիք, մանուշակով լիքը սա՛րեր.
Բա ինչո՞ւ ձայնը չի լսվում, նո՛ճի-չինար, էդ ի՞նչ արիր,
Ոստդ բլբուլին ըսպանեց` կարմիր վարդը փշին մնաց:
Ալ կակաչը ուզեց խաբել սարերում թշվառ բլբուլին
Երբ բլբուլը միտքը շեղեց ռեհանով փունջ արած վարդին.
Ով շուտ հասավ, վարդը քաղեց, չասեց թե պետք է բլբուլին.
Վա~յ քո ցավին, թշվա՛ռ բլբուլ, դիակդ չափարին մնաց:
Խոսքերդ քա~ղցր-քա~ղցր են, լեզուդ շաքար ու նաբաթ է,
Խմողին վնաս չի անի` ձեռքիդ բռնածը շարբաթ է.
Շաբաթը յոթ օր է ասին` քո հագածը միշտ նորույթ է,
Հագել ես բեհեզ-ծիրանին` ծալած ղալամաքարին* մնաց:
Աշուղի լեզուն բլբուլ է, օրհնանք ունի, անեծք չկա.**
Շահի մոտ խոսքն անց է կենում, նրան սպանող դահիճ չկա.
Դատող ու դատաստան չկա, մի ճիշտ արդարություն չկա.
Մի մարդ չկար, որ ազատեր` Սայաթ-Նովեն ցավին մնաց:
* ղալամքարի – ընտիր տեսակի տպածո չիթ:
** Տողի «մեկնաբանությունը» կտեսնեք Սայաթ-Նովային նվիրված գրեթե բոլոր աշխատություններում, այն առումով, իբր նա միշտ օրհնություն եւ բարին է երգել, այնինչ ուշադիր ընթերցողը բազմաթիվ անեծքի բառեր կգտնի թե՛ հայերեն եւ թե՛ թուրքերեն խաղերում:
Ինչպես դիպուկ նկատել է Մուշեղ Իշխանը «աշուղի գործով զբաղվողներուն մեծ մասը բանասիրական եւ կենսագրական աշխատանք կը կատարէ յաճախ ծամելով ու ծամծմելով նոյն բաները» (տես` Ն.Աղբալյան, «Սայաթ-Նովայի հետ», Պեյրութ, 1966. Մուշեղ Իշխանի առաջաբանը):
________________________________
Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ
բնագիր
Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հա՛յա սիրէ, ա՛դաբ սիրէ, ա՛ր սիրէ.
Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի`
Ա՛ստուաձ սիրէ, հո՛գի սիրէ, եա՛ր սիրէ:
Էն բանն արա, վուր Աստըձու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վարքումն է.
Յիրիք բան կայ` հոգու, մարմնու կարգումն է`
Գի՛ր սիրէ, ղա՛լամ սիրէ, դա՛վթար սիրէ:
Ե՛կ, ա՛րի սի՛րտ, մընա՛ դուն մէ դամաղի,
Հա՛լալ մըտիկ արա հացի ու աղի.
Հէնց բա՛ն արա` մարդ վըրէդ չըծիծաղի.
Խըրա՛տ սիրէ, սա՛բըր սիրէ, շար սիրէ:
Հըպարտութին չանիս` դուր գուքաս Տէրիդ,
Խոնարհո՛ւթին արա կանց քիզ դէվէրիդ,
Աստուաձ դիփունանցըն մին հոգի էրիտ.
Ա՛ղքատ սիրէ, ղօ՛նաղ սիրէ, տա՛ր սիրէ:
Սայա՛թ-Նովա, է՛րնէկ քիզ, թէ է՛ս անիս`
Հոգուդ խաթրի մարմնուդ ումբրըն կէս անիս.
Թէ գուզիս, վուր դադաստան չըտեսանիս`
Վա՛նք սիրէ, անա՛պատ սիրէ, քա՛ր սիրէ:
թարգմանություն
Ա՛րի ինձ ունկնդրի, այ դիվահար սիրտ,
Պատկառանք, ամոթ, համեստություն սիրե,
Աշխարհը քոնը լինի, ի՞նչ կտանես`
Աստված սիրե, հո՛գի սիրե, յա՛ր* սիրե:
Է՛ն բանն արա, որ Աստըծո շարքում է,
Խրատներն գրած Հարանց վարքում է**,
Երեք բան կա` հոգու, մարմնի կարգում է`
Մատյա՛ն սիրե, գրի՛չ սիրե, գի՛ր սիրե:
Ե՛կ, ա՛րի, սիրտ. մնա՛ դու մի ձևի մեջ,
Արդար հայացք գցի աղ ու հացի մեջ,
Էնպես արա որ չընկնես ծաղրի մեջ,
Խրա՛տ, համբերությո՛ւն ու օ՛րենք սիրե:
Հպարտություն չանես, դուր կգաս Տերին,
Խոնարհություն արա հանց քեզ դևերին,
Աստված մեկ հոգի տվեց բոլորին,
Ա՛ղքատ սիրե, հյո՛ւր սիրե, օ՛տար սիրե:
Սայաթ-Նովա, ե՛րնեկ քեզ, թե է՛ս անես,
Հանուն հոգու` մարմնիդ կյանքը կես անես,
Թե կուզես, որ դատաստան չտեսանես`
Վա՛նք սիրե, անապա՛տ սիրե, քա՛ր սիրե:
* յար - այստեղ` ընկեր
** Հարանց վարք - սրբերի վարքի վերաբերյալ կրոնական ժողովածու
________________________________
Մօդըդ նըստողըն կու հարբի` դուն բանգ ու բօզա իս, ա՛զիզ
բնագիր
Մօդըդ նըստողըն կու հարբի` դուն բանգ ու բօզա իս, ա՛զիզ,
Դիվանա Փահլուլ կու շինիս տեսնողին` ազա իս, ա՛զիզ,
Ինչ տիղ կու'լիս շընուք կու տաս` մէջլիսի մազա իս, ա՛զիզ.
Մազէն մէ սահաթ լաւ կու'լի, դուն համան թազա իս, ա՛զիզ:
Մէ խօսքըդ հանց շաքար քաղցըր, մէ խօսքըդ վառ` քուրա-քուրա,
Մէ նըմանըդ ռաշի նըման, մէ նըմանըդ` ջուրա-ջուրա.
Մարգարիտով լիքըն կալ իս, սադափնիրըդ թուրա-թուրա.
Էրծաթէ կողպէքով կողպած, դուն օսկէ ռազա իս, ա՛զիզ:
Էրեսըդ առվուտվան արիվ` քանի կ'էհայ, կու զարգանայ.
Թագաւուրի քարխանի զա՛ր` ծառըն ծառէն չի թարգանայ.
Թէ սուչ ունենամ` սըպա՛նէ, թէ չէ նըհախ մի՛ բարգանայ.
Մէ ձեռըդ` ջուր, մէ ձեռդ` արուն, ջալլաթի ջազա իս, ա՛զիզ:
Տեսնողըն նաղշըդ կու տընդղէ էն թօվուզի բըմբուլի պէս.
Ձընի տակէն նուր դուս էկած, արիվ դիբած սընբուլի պէս.
Թո՛ւղ վըրէդ լալով պըտուտ գամ, վարդի կարօտ բըլբուլի պէս.
Դուն ինձնից շուտով մի՛ թըռչի` շավարդան-բազա իս, ա՛զիզ:
Էշխէմէդ հիւանդացիլ իմ. վո՛ւնց զարար, վո՛ւնց շահ ին ասում.
Հէքիմնիրըս ափսուսում ին, ծընգան տալով վա~յ ին ասում.
Կանչողըս դարդակ է գընում. «Ա~խ, Սա՛յաթ-Նովա» ին ասում.
Թաք դուն տիս գաս, վիր կու կէնամ. թէ սազիս սազա իս, ա՛զիզ:
թարգմանություն
Մոտդ նստողը կհարբի` հաշիշ ու խմիչք ես, հո՛գիս,
Դիվահար Փահլուլ* ես դարձնում տեսնողին` տանջանք ես, հո՛գիս.
Ուր որ լինես շնորհք կտաս` խնջույքի խորտիկ ես, հո՛գիս,
Խորտիկը մի ժամ լավ կըլնի, դու մշտապես թարմ ես, հո՛գիս:
Մի խոսքդ հանց շաքար քաղցր է, մի խոսքդ վառ` հնոց է տաք,
Մերթ հրեղեն նժույգ ես դու, մերթ դառնում ես տեսակ-տեսակ.
Մարգարիտով լիքը կալ ես, սադաֆներդ` բազմատեսակ,
Արծաթե կողպեքով կողպած, դու ոսկե սողնակ ես, հո՛գիս:
Երեսըդ է ծագող արեւ, որ գնալով կամբողջանա,
Արքունի վարպետի գո՛րծվածք` ծառը ծառից չի հեռանա, **
Թե մեղք ունենամ` տու՛ր, սպանի՛ր, թե չէ` իզուր մի՛ բարկանա,
Մի ձեռքիդ` ջուր, մյուսին` արյուն, դահիճի կտտանք ես, հո՛գիս:
Տեսնողդ նախշդ կտնտղի, սիրամարգի բմբուլի պես,
Ձյունի տակից նոր դուրս եկած, արեւ դիպած սմբուլի պես.
Թող շուրջդ լալով պտույտ գամ, վարդի կարոտ բլբուլի պես.
Դու ինձնից արագ մի թռչիր` սրաթեւ բազե ես, հո՛գիս:
Սիրուցդ հիվանդացել եմ, ո՛չ վնաս, ո՛չ շահ են ասում.
Բժիշկներս ափսոսում են, ծնկին տալով վա~յ են ասում.
Կանչողս դատարկ է գնում. «Ա~խ, Սա՛յաթ-Նովա» են ասում.
Միայն թե գաս, վեր կկենամ, թե սազիս հավան ես, հո՛գիս:
* Փահլուլ – վիպական թագավոր, որը հրաժարվել է գահից եւ հարստությունից ու դարձել թափառաշրջիկ
** Ընդհանուր առմամբ անհաջող այս տողում ըստ Գ.Լեւոնյանի հեղինակը նկատի է ունեցել ընտիր գործվածքի իրար միահյուսված ծաղիկները (տես` Գ.Լեւոնյան, «Սայաթ-Նովա», Եր., 1931): Խաղի բնագիրը ձեռագրում այժմ չկա, հավանաբար Գ.Ախվերդյանից հետո կորել է:
__________________________________
Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից` խոնարհից` հիզնից բէդամաղ
բնագիր
Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից` խոնարհից` հիզնից բէդամաղ.
Քանի գ'ուզէ մարդ վուր հարբի, վո՞ւնց կու'լի վազնից բէդամաղ.
Եա՛ր, յիս քիզ ի՞նչ գէթ իմ արի. նըստած իս միզնից բէդամաղ.
Քամեցիր էշխիդ մանգանով. յի՛ս պիտիմ քիզնից բէդամաղ:
Ինչ քիզանից հիռացիլ իմ, իմ ջանումըս ջան չէ մըտի.
Ուշք ու միտքըս դուն իս տարի, ձեռիս մէջըն բան չէ մըտի.
Հէնց գիդիմ, թէ չուրս տարի է Քաղաքըն քարվան չէ մըտի,
Ռախտարի նըման նըստած իմ` իջարից, միզնից բէդամաղ:
Հալբաթ սէրըն կէս է ըլի, վուր միզի ատիլ է ուզում.
Չուրս տարեկան էրեխի պէս եարըս խըրատիլ է ուզում.
Բըռնիլ է էշխի դանակըն` սիրտըս կըտրատիլ է ուզում.
Շատ մարդ կայ նըստած լաց'լիլիս, գօզալի նազնից բէդամաղ:
Թէգուզ իմա՛ցի, կարդա՛ցի իմաստնասիրաց առակըն.
Էշխէմէդ ջունուն իմ էլի, վիր էկաւ սըրտիս վարակըն.
Ա՛ստուաձ վըկայ, մարդ չըքա՛շէ` դըժար է էշխի կըրակըն.
Տեսայ արունուտ ջէյրանըն` վուրսնուրդի նիզնից բէդամաղ:
Անցկացաւ աշունքվայ վախտըն, սալբիքըն խաղալ է ուզում.
Հասաւ գարունքվան հուսանըն` բըլբուլըն էլ գալ է ուզում.
Սայաթ-Նովէն առանց նընգիր` ճիդըն գըցած լալ է ուզում.
Ջառ կորցըրած խօնթքարի պէս նըստած է խազնից բէդամաղ:
թարգմանություն
Արդյոք քո սիրտը ո՞վ ստեղծեց` խոնհարվեց` հենակից դժգոհ,
Ինչքան էլ որ մարդը հարբի, ո՞նց կլինի վազից դժգոհ,
Յա~ր, քո դեմ ի՞նչ մեղք եմ գործել, որ նստած ես մեզնից դժգոհ,
Քամեցիր սիրուդ մամլիչով, ե՛ս պիտ լինեմ քեզնից դժգոհ:
Ինչ քեզանից հեռացել եմ, իմ մարմնի մեջ շունչ չի մտել.
Ուշք ու միտքս դու էս տարել, ձեռքս էլ ոչինչ չի գտել.
Կարծում եմ, թե չորս տարի է, Քաղաքը* քարվան չի մտել,
Մաքսավորի պես նստած եմ` տուրքից ու կշեռքից դժգոհ:
Գուցե սերը կես է եղել, որ նա մեզ ատել է ուզում.
Չորս տարեկան մանուկի պես յարս խրատել է ուզում,
Բռնել է սիրո դանակը` սիրտս կտրատել է ուզում,
Շատ մարդ նստած լաց է լինում` իր սիրուհու նազից դժգոհ:
Թեկուզ կարդա՛ցի, հասկա՛ցա իմաստնասիրաց առակը,
Սիրուցդ ես խենթացել եմ, մաշվեց իմ սրտի վարակը**.
Ա՛ստված վկա, մարդ չքաշի` դժվար է սիրո կրակը.
Տեսա արյունոտ եղնիկը` որսորդի նիզակից դժգոհ:
Անցկացավ արդեն աշունը` նոճիքն խաղալ են ուզում,
Հասել է գարնան ձնհալը` բլբուլը ետ գալ է ուզում,
Սայաթ-Նովեն առանց ընկեր` վիզը ծռած լալ է ուզում.
Զորք կորցրած արքայի պես նստած է իր գանձից դժգոհ:
* Քաղաքը - նկատի ունի Թիֆլիսը
** վարակ – ոսկեջուր
_____________________________________
Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս
բնագիր
Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա,
Նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի` դուն նըրա պասն իս, քամա՛նչա,
Ղա՛ստ արա` է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա,
Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի` աշուղի բասն իս, քամա՛նչա:
Անգաճըդ էրծաթէն պիտի, գըլուխըդ` ջավահիր քարած,
Կութըդ շիրմայէմէն պիտի, փուրըդ` սադափով նաղշ արած,
Սիմըդ օսկէն քաշած պիտի, էրկաթըդ` փանջարա արած,
Օչով ղիմէթըդ չի գիդի` լալ ու ալմասն իս, քամա՛նչա:
Ճիպուտըդ վարաղնած պիտի` թահր ունենայ հազար ռանգով.
Ձարըդ ռաշի կուդէն պիտի, վուր դուն խօսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով.
Անուշահամ գինով լիքըն` դուն օսկէ թասն իս, քամա՛նչա:
Ածողիդ է՛րկու կու շինիս, առաջ չայի, ղափա գ'ուզիս.
Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի ռափա գ'ուզիս.
Յիփ վիր գուքաս մէջլիսումըն` քաղցըր զօղ ու սափա գ'ուզիս,
Բոլորքըդ գօզալնիր շարած` մէջլիսի կէսն իս, քամա՛նչա:
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կ'օնիս` բաց կու'լի հիդըդ խաղողըն.
Խալխին էս իլթիմազն արա` ասին. «Ա՛պրի քու ածողըն»:
Քանի սաղ է Սայաթ-Նովէն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա:
թարգմանություն
Ամեն սազի մեջն գոված` դու ամբողջ տասն ես, քամա՛նչա,
Ժլատը քեզ չի հասկանա` դու նրա պասն ես, քամա՛նչա, *
Էլ ավելի լավ օրերի ջանա՛, որ հասնես, քամա՛նչա,
Քեզ ինձնից ո՞վ կարա խլի, աշուղի բասն** ես, քամա՛նչա:
Ականջդ արծաթյա պիտի, գլուխդ` շողակն քարած,
Կոթդ փղոսկրյա պիտի, փորդ` սադաֆով նախշ արած,
Լարըդ ոսկուց քաշած պիտի, երկաթդ` նախշազարդ արած,
Ոչ ոք արժեքդ չգիտի` լալ ու ալմաս ես, քամա՛նչա:
Աղեղդ ոսկեզօծ պիտի` կերպ ունենա բյուր երանգով.
Թելդ ռաշի*** պոչից պիտի, որ դու խոսես քաղցր հանգով.
Շատին արթուն կլուսացնես, շատին կքնեցնես բանգով****.
Անուշահամ գինով լիքը` դու ոսկե թաս ես, քամա՛նչա:
Նվագողիդ կշիռ կտաս, սկզբում թեյ ու սուրճ ես ուզում,
Մեծարվում ես սրահներում, հանգիստ ու խոնջանք ես ուզում.
Երբ հայտնվում ես հանդեսում, քաղցր խրախճանք ես ուզում,
Բոլորքդ գոզալներ շարած` խնջույքի կեսն ես, քամա՛նչա:
Շատ տխուր սիրտ կխնդացնես, կկտրես հիվանդի դողը,
Երբ որ քաղցր ձայնդ է հնչում, ցնծում է քո նվագողը.
Մարդկանց այս խնդրանքը արա` ասեն. «ա՛պրի կատարողը» .
Քանի ողջ է Սայաթ-Նովեն, շատ բան կտեսնես, քամա՛նչա:
* Բնագրի երկրորդ տողում մեկ վանկ ավել է:
** բաս – մրցավեճի գործիք
*** ռաշ - Հրեղեն ձի, երևի Ռոստոմ-Զալի ձիու անունն է:
**** բանգ – հաշիշ, թմրանյութ
____________________________________
Ա՛րի համով ղուլուղ արա, խա՛լխի նօքար Սա՛յաթ-Նովա
բնագիր
Ա՛րի համով ղո՛ւլուղ արա, խա՛լխի նօքար Սա՛յաթ-Նովա.
Ամէն մարդ չի կանայ ճանգի շահով շըքար, Սա՛յաթ-Նովա.
Ով քիզի լիղի պարգիվէ, դուն տու շա՛քար, Սա՛յաթ-Նովա.
Ղա՛ստ արա` շուշէդ չըկոտրին, չըխըփին քար, Սա՛յաթ-Նովա:
Թէգուզ դըբրատանըն պահ տաս` ծեծով չի խըրատվի խիվըն.
Ինչրու անձնէն չըդուս էհայ անախտիլի էն չար դիվըն.
Բէդասլըն ասըլ չի՛ դառնայ, թօլով չի՛ սիպտակի սիվըն,
Ծուռըն փէտըն չի դըրըստի ռանդան, դո՛ւրգար Սայաթ-Նովա:
Թէգուզ իմանաս, գիդենաս աստղիրու համբարքըն սիրուն.
Անբարի գուրձըն կորած է` կա՛րդա Հարանց վարքըն սիրուն.
Աւիտարանի խօսքիրըն մարգարիտ է, կարգըն` սիրուն.
Մի՛ ածի խուզի առջիվըն լալ ու գովհար, Սա՛յաթ-Նովա:
Թէ էս կենաց փառքըն չուզիս` էն կենաց ալմասըն կու տան.
Թէ հոգուդ խաթիր շալ հագնիս` զար քաշած ատլասըն կու տան.
Թէվուր լալով զըխճում անիս` անմահացըն մասըն կու տան.
Խոստովանիս արած միղքըդ` չանիս ինքար, Սա՛յաթ-Նովա:
Վուրտիղ հարսնիք, վուրտիղըն սուգ, վուրտիղ սօյբաթ, խաղ է ըլում.
Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում.
Թէվուր հոգուդ կամքն իս անում, մարմինդ բէդամաղ է ըլում.
Վո՞ւր մէ դարդին կու դիմանաս, դուն ջըրա՛տար Սայաթ-Նովա:
թարգմանություն
Ա՛րի տքնությամբ ծա՛ռայիր, խա՛լխի նոքար* Սա՛յաթ-Նովա.
Ամեն մարդ չի կարող ճանկել բարիք ու բար, Սա՛յաթ-Նովա.
Ով քեզ դառնություն պարգեւի, դու տուր շա՛քար, Սա՛յաթ-Նովա.
Ջա՛նա` ապակիդ չկոտրեն, չխփեն քար, Սա՛յաթ-Նովա:
Թեկուզ դպրատանը պահ տաս` ծեծով չի խրատվի խեւը.
Մինչեւ որ հոգուց դուրս չգա անհաղթելի էն չար դեւը.
Անազնիվն ազնիվ չի՛ դառնա, սապնով չի՛ սպիտակի սեւը,
Ծուռ փայտը ռանդան չի ուղղի, ատա՛ղձագործ Սայաթ-Նովա:
Թեկուզ իմանաս, գիտենաս աստղերի համրանքը սիրուն.
Ոչ բարի գործը կորած է` կա՛րդա Հարանց վարքը** սիրուն.
Ավետարանի խոսքերը մարգարիտ են, կարգը` սիրուն.
Մի՛ լցնիր խոզի առջեւը լալ ու գոհար, Սա՛յաթ-Նովա:
Թե այս կյանքի փառքը մերժես` այն կյանքի ալմասը կտան.
Թե հանուն հոգու շալ հագնես` ոսկեզօծ ատլասը կտան.
Թե որ ողբով զղջում անես` անմահների մասը*** կտան.
Խոստովանես արած մեղքդ` չհերքես այն, Սա՛յաթ-Նովա:
Որտեղ հարսանիք, որտեղ սուգ, որտեղ զրույց, խաղ է լինում.
Որտեղ ժամ, որտեղ պատարագ, որտեղ սիրով տաղ է լինում.
Թե որ հոգուդ կամքն ես անում, մարմինդ նեղված է լինում.
Ո՞ր մի ցավին կդիմանաս, դու ջրա՛տար Սայաթ-Նովա:
* խալխի նոքար – ժողովրդի ծառա
** Հարանց վարք - սրբերի վարքի վերաբերյալ կրոնական ժողովածու:
*** Մաս - նշխարք
________________________
Բէդասլին վուր խօսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ
բնագիր
Բէդասլին վուր խօսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ.
Ռանգըն վուր սիվադէն նընգնի` ալ անիլըն ինչի՞ն է շահ.
Մարդ վուր քու խօսքով միռանի` գալ անիլըն ինչի՞ն է շահ.
Պատանքին մէ ռանգն է հերիք` չալ անիլըն ինչի՞ն է շահ:
Մարդ պիտի թանգ հախ տայ, ա՛ռնէ խօսքիրըն փիր-ուստադէմէն.
Ռանգըն ռանգիրուն ծածկում է, հուջրէքըն լիքն է սադէմէն.
Թէգուզ զար-զարբաբ հագցընիս, վուր չըլի ասըլզադէմէն...
Սիվ արաբի ճակտի վըրայ խալ անիլըն ինչի՞ն է շահ:
Լաւ մարդն էն է` սի՛րով անէ բարի հրիշտակնիրու կամքըն.
Իմաստուննի՛րն էլ չըտեսան էս աշխարհի հուտն ու համքըն.
Չուրս գըլխանի ռաշի վըրէն աջալըն դըրիլ է թամքըն.
Աշխարհըս միզ մընալու չէ. մալ անիլըն ինչի՞ն է շահ:
Մէր ու մանուկ բաժանվեցան, մանուկն է՛նդուր ունի լալու.
Սատանէն մէ դամբ է դըրի` Աթամի զաթըն վուրսալու.
Շատըն սատանէն է տանում, վիրջըն մընում է վա~յ տալու.
Վուր չէ Ուռնի կալի նըման` կալ անիլըն ինչի՞ն է շահ:
Շուռ էրիտ չարխըն փալագըն, դօվլաթըն միզնից խըռով ա.
Ում հագին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թէ էս ո՞վ ա.
Եարովըդ մէկ մըհլամ չունիս, էնդուր գուլաս, Սա՛յաթ-Նովա.
Ջարէքըն դիղըդ չին գիդի` փալ անիլըն ինչի՞ն է շահ:
թարգմանություն
Անկիրթ մարդուն որ խոսեցնես, լռեցնելը ի՞նչին է շահ.
Կտորը որ սեւ ներկն ընկնի, ալ անելը ի՞նչին է շահ.
Մարդ որ քո խոսքերից մեռնի` այցի գալը ի՞նչին է շահ.
Պատանքին մի գույնն էլ է բավ` չալ անելը ի՞նչին է շահ:
Մարդ պիտի թանկ գին տա առնի, խոսքերը իմաստուններից.
Մի գույնը մյուսին ծածկում է դարակների լիությունից.
Թեկուզեւ բեհեզ հագցնես, ի՞նչ շահ, թե չէ ազնիվ ցեղից...
Սեւ արաբի ճակտի վրա խալ անելը ի՞նչին է շահ:
Լավ մարդն էն է` սիրով անի բարի հրեշտակաց կամքը.
Իմաստուններն էլ չտեսան էս աշխարհի հոտ ու համքը.
Չորս գլխանի ձիու վրա մահը դրել է իր թամքը.
Աշխարհս մեզ չի մնալու. կուտակելը ի՞նչին է շահ:
Մայր ու մանուկ բաժանվեցին, մանուկն առիթ ունի լալու.
Սատանան մի ցանց է դրել` Ադամի զարմը որսալու.
Շատին սատանան է տանում, վերջը մնում է վա~յ տալու.
Որ չէ Ուռնի* կալի նման` կալ անելը ի՞նչին է շահ:
Բախտը շրջեց իր անիվը, փառքը մեզանից խռով ա.
Ում հագին հին շոր են տեսնում, էլ չեն ասում, թե էս ո՞վ ա.
Վերքիդ հարմար դարման չունես, ուստի կուլաս, Սա՛յաթ-Նովա.
Բուժողդ դեղդ չգիտի` հմայելը ի՞նչին է շահ:
* Ուռնա – աստվածաշնչյան Ուռնա Հեբուսացին, որի կալը գնեց Դավիթ թագավորը եւ տեղում տաճար կառուցեց (Բ. Թագ. Ե: 6, ԻԴ: 18, Բ. Մնաց. Գ: 1)
_________________________________
Հիմքըդ վերըստին նուրեցին, չաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք
բնագիր
Հիմքըդ վերըստին նուրեցին, չաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք.
Քար ու կիրըդ օխչըրի կաթ շաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք.
Աջ ու ձախ կախեցին` բրօլէ ճաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք.
Յիրգնուց լուսըն վըրէդ կամար-թաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք:
Պատիրըդ` կարմիր ագուրով, սընիրըդ` տաշ մարմար քարով,
Հընդու միջէմէն դուս էկած վարագուրըդ` ղալամքարով,
Թագիրըդ` անգին ակնիրով, զգիստըդ` զարբաբով, զարով.
Բիմըդ ու խաչկալըդ դրախտի բաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք:
Վիրնատունդ` սանդալէ տախտակ, ռանգըն է տօրօնի նըման.
Հոգով ու մարմնով կու սըրբվի, ով քիզ գուքայ մօնի նըման.
Տապանակ ուխտի կըտակաւ խորանդ Ահարոնի նըման.
Միաբանքըդ քաղցըր ձայնով տաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք.
թարգմանություն
Հիմքդ կրկին նորոգեցին, ճոխացրին, Մողնու սուրբ Գե՛ւորգ*.
Քար ու կիրդ ոչխարի կաթ շաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւորգ.
Աջ ու ձախ բյուրեղյա ջահեր կախեցին, Մողնու սուրբ Գե՛ւորգ.
Երկնի լույսը վրադ կամար-թաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւորգ:
Պատերդ` կարմիր աղյուսով, սյուներդ` խաս մարմար քարով,
Հնդկաստանից բերված բեհեզ վարագույրդ` ոսկեկարով,
Թագերդ` անգին ակներով, զգեստդ` մետաքս-նկարով,
Բեմ ու խաչկալդ դրախտի բաղ արին, Մողնու սուրբ Գեւորգ:
Վերնատունդ` սանդալ ծառից, երանգն է տորոնի նման.
Հոգով մարմնով կսրբվի, ով գա քեզ ծառայի նման.
Տապանակ ուխտի կտակով խորանդ Ահարոնի նման.
Միաբանքդ քաղցր ձայնով տաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւորգ:
* Մողնու ս. Գևորգ - Վանք Թիֆլիսում
** Հեղինակի ձեռագիր դավթարում երրորդ տնից հետո գրված է. «Ամեն բորոտըն կու սըրփվի, քեզի կու գայ ով փափակով» տողը, որը հետո ջնջել է եւ խաղը թողել անավարտ:
_______________________________
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, դի՛ղի համա իմ լալի
բնագիր
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, դի՛ղի համա իմ լալի.
Վախում իմ, թէ դարդըն հալէ, յի՛ղի համա իմ լալի.
Շահի կարգած վէքիլի պէս գի՛ղի համա իմ լալի.
Տանէն դուս արածի նըման տիղի համա իմ լալի:
Մէ տիղ հուքմի-հէքիմ չըկայ` դուռըն էհամ, կանչիմ հա~րա.
Վի կէնայ Լօղման հէքիմըն, բըլքամ դարդիս անէ չարա.
Տե՛ս, թէ ի՞նչպէս է շըփոթվի, դուն իմ խի՛լքին մըտիկ արա.
Ջուրն էկաւ, գերանըս տարաւ, ծի՛ղի համա իմ լալի:
Սիրտըս էշխէմէն էրած է, դուգունըն, դաղըն ի՞նչ կ'օնիմ.
Վո՛ւնց ղօբա ունէ, վո՛ւնց չափար, յիս էնպէս բաղըն ի՞նչ կ'օնիմ.
Անղի լարըն կըտըրվիլ է, դարդակ սադաղըն ի՞նչ կ'օնիմ.
Նիտըս քարումըն կոտրեցի, թիղի համա իմ լալի:
Ղալամըն գիրըս չէ գըրում` մէ չուրացած թանքի նըման.
Խօսքիրըս մէմէկ չի ասվի` իմաստններու բանքի նըման.
Մէջըն չիմ կանացի մըտնի` ծովի ծածկած վանքի նըման.
Խոստովնահէրըս հիռացաւ, մի՛ղի համա իմ լալի:
Գիղումըն` մէլիք-տանուտէր, քաղաք տիղըն սուլթան-խան իս.
Բաղումըն` վարդ ու մանուշակ, սարումըն սընբուլ-սուսան իս.
Ղաբուլ ունէ Սայաթ-Նովէն` թաք քու ձեռով դուն սըպանիս.
Միռնիլուս համա չիմ հոգում, ցի՛ղի համա իմ լալի:
թարգմանություն
Սիրուցդ հիվանդացել եմ, դե՛ղի համար եմ լալիս.
Վախում եմ, թե վիշտը հալի, յո՛ւղի համար եմ լալիս.
Շահի տեղապահի նման գյո՛ւղի համար եմ լալիս.
Տանից դուրս արածի նման տե՛ղի համար եմ լալիս:
Մի տեղ մի զորավոր չկա` դուռը գնամ, կանչեմ «օգնի~» .
Այցի գա Լողման հեքիմը, * գուցե վիշտս նա ամոքի.
Տես, թե ի՞նչպես է շփոթվել, նա՛յիր հապա դու իմ խե՛լքին
Ջուրն եկավ, գերանս տարավ, ծե՛ղի համար եմ լալիս:
Սիրտս սիրուց կրակված է, խոց ու խարանը ի՞նչ կանեմ.
Ո՛չ պատ, ո՛չ ցանկապատ ունի, էդպես պարտեզը ի՞նչ կանեմ.
Աղեղի լարը խզվել է, դատարկ կապարճը ի՞նչ կանեմ.
Նետս քարերին կոտրեցի, սա՛յրի համար եմ լալիս:
Գրիչը գիրս չի գրում` ցամաքած թանաքի նման.
Խոսքերս մեկ-մեկ չի ասվի` գիտունների բանքի նման.
Անկարող եմ մեջը մտնել` ծովի ծածկած վանքի նման.
Խոստովնահայրս հեռացավ, մե՛ղքի համար եմ լալիս:
Գյուղում` մելիք ու տանուտեր, քաղաքում էլ սուլթան-խան ես.
Պարտեզում` վարդ ու մանուշակ, սարում էլ սմբուլ-սուսան ես.
Համաձայն է Սայաթ-Նովեն` միայն քո ձեռքով դու սպանես.
Մեռնելուս համար չեմ հոգում, ցե՛ղի համար եմ լալիս:
__________________________
Յիս կանչում իմ լալանին
բնագիր
Յիս կանչում իմ լալանին
Բադէշխանէն լալանին.
Վա~յ թէ հասրաթէդ միռնիմ.
Բըլբուլ լիզուս լալանին.
Դօստիրըս հիռու կանգնին,
Եադիրըն գան, լալանին:
Քիզ սազ գուքայ ալ ղումաշըն, նազա՛նի.
Ե՛կ ճակատիդ կապէ զարլու մուղայիշ.
Ձեռիդ բըռնէ՛ օսկէջըրած մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ կավիրուդ տուր արայիշ:
Յիս կանչում իմ եարանին.
Թէջնիս, վարսաղ, եարանին.
Ո՞վ ասաւ, թէ նըհախ տիղ
Եարիդ մէջըն եարանին.
Աւիտարանըն կու տայ
Խոնարհ մարդուն եարանին:
Պատուական տեսնիլու նօվաբու նա՛ջար,
Բըլբուլին գըժվեցնող թօփ վարդի սա՛ջար,
Աչքիրուդ ունքիրըդ էլաւ մուհաջար.
Թերթերուկիդ մազըն` զար, օսկու զարնիշ:
Յիս կանչում իմ զայանին.
Նու /ու/ Այիբ զայանին.
Դո՛ւն իս ասի` նըհախ տիղ
Եարի սիրտըն զայանին.
Շահն էր քաշի, չէր դիմնայ
Էս իմ քաշած զայանին:
Հուտըդ աշխարհ բըռնից, փըռանգի մա՛ջում,
Դաստամազըդ դառաւ սիմ ու աբրէշում.
Կըռնիրըդ շիմշատ է, մատնիրըդ է մում.
Ծուցըդ բաղչա ունիս, մէջքըդ է ղամիշ:
Յիս կանչում իմ մերանին.
Սկըզբնական մերանին.
Թուղ դօստիրըն շատանան,
Թըշնամիքըն մերանին.
Ասի, թէ յիս քու ախպէր`
Քու մէրն ինձի մերանին:
Բէմուրվաթ եա՛ր, խիլքըն գըլխէս մի՛ տանի.
Դարդիրըս շատացաւ քա~նի մէ քանի.
Գիդիմ վուր, եա՛ր, դուն ինձ լայիղ չիս անի`
Դուն մէ թագաւուր իս, յիս մէ խիղճ դավրիշ:
Յիս կանչում իմ մասանին.
Սէ ու Այիբ մասանին.
/Յիս քիզնից չիմ հիռանայ,
Գուզէ ինձ անմաս անին/.
Սայաթ-Նովէն քու եարն է,
Թէգուզ մասնէմաս անին:
Դաստամազըդ նըման սընբուլ-սուսանի.
Վախում իմ, թէ սէրըդ սիրտըս կէս անի.
Կու միռնիմ, ինձի պէս չիս տեսանի.
Քու Սայաթ-Նովէն իմ, մի՛ անի ղիմիշ:
թարգմանություն
Ես կանչում եմ լալանին /սուտակին/1,
Բադեշխանից* լալ հանին,
Գուցե կարոտից մեռնեմ,
Բլբուլ լեզուս համր անին,
Ընկերներս հեռու կանգնեն,
Օտարքն գան լաց անին:
Քեզ կսազի ալ կերպասն, նազա՛նի,
Ե՛կ, ճակատիդ նախշուն վարսակալ կապիր,
Ձեռքիդ բռնի՛ ոսկեջրած մկրատըն,
Գանգուր-գանգուր խոպոպներդ հարդարիր:
Ես կանչում եմ յարանին /յարին/,
Թեջնիս, վարսաղ, յարանին**
Ո՞վ ասաց թե անմեղ տեղ
Վերքիդ մեջը վերք անին,
Ավետարանը կտա
Խոնարհ մարդուն երանին:
Պատվական «տեսնելու դրվագված կերպար,
Բլբուլին գժվեցնող գունդ վարդի թաղար,
Աչքերիդ հոնքերդ դառավ ճաղաշար,
Թերթևունքիտ մազն` փայլուն ոսկենիշ:
Ես կանչում եմ զայանին /քաղցրիկին/,
/Ես կանչում եմ/ ՆԱԶանին,
Դու ես ասել` անմեղ տեղ
Յարի սիրտը խոց անին,
Շահն էլ քաշեր, չէր դիմանա
Էս իմ քաշած մեծ ցավին:
Հոտդ աշխարհ բռնեց, ֆրանկի թխվա՛ծք,
Փարթամ մազդ դառավ մետաքսե հինվածք,
Ձեռքերդ շիմշատ են, մատներդ են մոմ,
Ծոցդ այգու պես է, մեջքդ` եղեգնի:
Ես կանչում եմ մերանին /մայրիկին/,
Սկզբնապատճառ մերանին,
Ընկերներս թող շատանան,
Թշնամիքն մեռանին,
Ասի, թե ես քեզ ախպեր,
Քո մորը ինձ մեր անին:
Ով անգութ յար, խելքս գլխից մի տանի,
Վշտերս շատացան, էլ քա~նի, քա~նի,
Գիտեմ, որ յա՛ր, դու ինձ արժան չես անի,
Դու մի թագավոր ես, ես` մի անտունի:
Ես կանչում եմ մասանին /նշխարքին/,
/Ես կանչում եմ/ ՍԱՄանին*** (գանձին)
Ես քեզանից չեմ հեռանա
Թեկուզ աննշխարք անին,
Սայաթ-Նովեն քո յարն է,
Թեկուզ մասնեմաս անին:
Ճոխ մազերդ նման սմբուլ սուսանի,
Վախում եմ, թե սերդ սիրտս կես անի,
Կմեռնեմ, ինձ պեսին չես տես անի,
Քո Սայաթ-Նովեն եմ, մատաղ մի անի:
1 Խաղի մեկնաբանությունը տես «Սայաթ-Նովայի սիրո առասպելը» հոդվածում:
* Բադեշխան - լալ-սուտակի հանքավայր Հինդուքուշ լեռներում
** Թեջնիս, վարսաղ, յարանա - աշուղական երգի ձևեր են
*** Սաման - գանձ, արժեքավոր իր (արաբ.), խելոք, խոհեմ, ծիածան (պրսկ.): Այս բոլոր ածականները համապատասխանում են տեքստի իմաստին:
gisher.org