Author
Վարուժ Ներսեսեան

Վարուժան Ներսեսյան. «Խեթերէ՞ն թե հին հայերէն»

Գիտական խոշոր հայտնագործություններին զուգահեռ`ավելի ու ավելի հաճախ են տեսակետներ հնչում, թե մեռած համարվող կամ այսօր էլ խոսվող հին լեզուներում հայերենի անուրանալի հետք է նկատվում։ 

Այս մասին հիմնականում խոսում են հայ ուսումնասիրողները, և դրանց անդրադառնալու առիթներ եղել են։ Ահա և ամենավերջին նորույթը` «Գասպրինտ» հրատարակչությունը  լույս է ընծայել Վարուժ Ներսեսյանի խեթագիտական հետազոտությունների հանրագումարը` «Խեթերէ՞ն թե հին հայերէն» գիրքը, որտեղ հեղինակն անդրադառնում է մեռած համարվող խեթերենին՝ ցույց տալու համար, որ այն պարզապես հին հայերենն է և բնավ էլ մեռած չէ։

Կյանքի բոլոր տարիները հայրենիքից հեռու ապրած Վարուժ Ներսեսյանն այժմ ամերիկաբնակ գիտնական է։ Փոքր տպաքանակով`ընդամենը 300 օրինակով հրատարակված այս գրքում տեղեկություններ կան նաև հեղինակի՝ փորձություններով լի գիտական ճանապարհի մասին, ճանապարհ, որն ի վերջո նրան հասցրել է իր նախնիների պատմությունը կեղծողներին փաստերի զորությամբ մերկացնելու հանգրվանին։ Գիրքը հասցեագրված է հայագետներին, խեթագետներին, ինչպես նաև հետաքրքրասերների լայն շրջանակին։

Հեղինակը հիմնավորելով գրքի անհրաժեշտությունը`մասնավորապես նշում է. «1700-2000 Ք.ա. Հալիս գետի արեւելեան ափում հաստատած հայկական պետականութիւնը, որի հիմքը դրուել է հին Եգիպտոսից վերադարձած հիքսոսների հետագա սերունդների միջոցով, անգլերէն Hatti, իսկ հայերեն խեթ անունով ճանաչում գտավ։ 

Իսկ իրենք՝ հիքսոսները, որոնք գաղթել էին Վանա լճի հարաւում հիմնադրված հայկական ավելի հին պետութեան կողմից, ինչը այսօր ճանաչված է անգ. Hurri անունով, մասնագէտների մոտ այնպիսի շփոթութիւն առաջացրեց, որ 1840-ական թուականներին, երբ խեթական սեպագիր արձանագրութիւնների շուրջ թեժ բանավէջ էր գնում նրանց հայերէն լինելու կամ չլինելու նկատմամբ, մինչևիսկ Փիթր Ենսնի կողմից էլ առաջարկված կարծիքներում հուրիերէնի նկատմամբ, ոչ մեկում ոչ մի հայանպաստ խօսք չենք տեսնում»:


Վարուժ Ներսեսյանը ցավով արձանագրում է, որ թեկուզ Փ. Ենսնը իր ամբողջ կյանքը նվիրաբերել է խեթէրենն ուսումնասիրելու և լեզվի` գլուխկոտրուկի վերածված գաղտնիքները բացահայտելու գործին`«հայերենի և Հայաստանի նկատմամբ խափանարարների որդեգրած քաղաքականութիւնը պսակվեց հաջողութեամբ և խեթերէնը դասվեց որպէս ոչ-հայերէն մեռած լեզու»:

Խեթական կամ հեթական արձանագրությունները կարդալու սկզբունքերի մասին նախագիտելիք հաղորդելուց հետո գրքի 16 գլուխներում Վարուժ Ներսեսյանը  քայլ առ քայլ վերարտադրում է գտնված հինգ կնիքների ընթերցման պատմությունը և բացահայտելով անճշտություններն ու աղավաղումները՝ ներկայացնում սեփական տարբերակը։

 Հետարքիր են նրա դիտարկումները արձանագրությունների լեզուն և հնչողությունն աղավաղելու նախադեպերի վերաբերյալ։ Օրինակ` խեթագետների առաջարկած (li12) նշումը, ինչը նշանակում է, որ այդ վանկը 12 տարբեր իմաստներ ունի, հիմնավոր է համարում միայն այն պարագայում, եթե խեթերեն բոլոր արձանագրությունները վերծանված լինեին, մինչդեռ հայտնի է, որ այդպես չէ`չվերծանված գրերն անհամեմատ շատ են: Իսկ խեթերենի ընթերցանության և հնչողության որոշ ահմանված կանոններ, ըստ Վ. Ներսեսյանի, կարող էին ապացուցվել միայն ձայնագրված տեքստերի կամ գոնե ուսումնական մանրամասն ձեռնարկների առկայությամբ, որոնցում խեթերենի դասատուն կբացատրի այդ  կանոնները։ 

Բնականաբար` դրանք նույնպես չկան։ Խոսելով «հնչյունային լրացուցիչ»  (phonetic complement) եզրաբառի մասին՝ գիտնականը գրում է, թե այն կարծես հատուկ ստեղծվել է մեռած համարվող խեթերենի բնագրերը ոչ թե կարդալու, այլ աղավաղելու համար։ 

Օրինակ Է. Սթորտանտն իր «Խեթերենի քրեստոմատիա” գրքում գրում է, թե տողի վերևում այդ հնչյունային լրացուցիչը տեղադրելով՝ խեթերեն գրողներն ընթերցողին հասկացրել են, թե այն չպետք է կարդացվի։ 

Ներկայացնելով The Appologi of Hatusilis կոչվող բնագրի նախնական՝ գերմանական և վերատպություն ամերիկյան տարբերակները՝ Ներսեսյանը ցույց է տալիս, որ ամերիկյան տարբերակում աղավաղումներ կան։ 

Ի վերջո խոսելով հանրահայտ գիտնական Ֆրեդերիկ Հրոզնու հիմնավորման մասին, թե ինչու խեթերենը չէր կարող հայերեն լինել, իբր որովհետև«խեթերեն մեհենագրերի և մաշտոցյան տառերի  գործարկման միջև ընկած է 1000-1200 տարի հեռավորություն, որն արգելում է այդ երկուսի առնչությունը», հայ գիտնականը նշում է, որ նախ` տարբերությունն ավելի  մեծ է՝ 2000 տարի, ապա` այդպես դատելու պարագայում չպետք է առնչություն տեսնել սասանյան պարսիկների և հին պարսկերենով արված սեպագիր արձանագրությունների միջև: 

Մինչդեռ հայերի և խեթերի առնչությունները ժխտելու համար հենց այս «փաստարկն» է առաջնայինը համարվել։Նշված կնիքները կազմող սեպանշաններն առանձին-առանձին ներկայացնելով՝ Վարուժ Ներսեսյանը շատ հստակ ցույց է տվել, թե դրանցից որը քանի տարբերակով էր կարդացվում և որն է ընտրվել արդեն ընթերցված ձևում։ 

Այնուհետև առաջարկում է իր տարբերակը, որը մյուս վանկերին մինալով՝ հայերեն բառ է տալիս։ Գրքոմ բերված համոզիչ օրինակներն անհամար են, մենք խուսափում ենք դրանք վկայակոչել` չցանկանալով ծանրաբեռնել ընթերցողի միտքը: 

Միայն նշենք, որ մեկ սեպի համար գրքում նշված ընթերցանության հնարավոր տարբերակները  բազմաթիվ են: Կարելի է ասել՝ աղավաղելու համար անսահմանափակ հնարավորություններ են ստեղծվում, իսկ դրանցից միակ ճիշտ տարբերակն ընտրելու հնարավորություն միայն կենդանի լեզուն կտա։ 

Ահա` օգտագործելով հնագույն ու  մինչ օրս կենդանի հայերենը՝  Վարուժ Նեսեսյանը հնչողություն և որ կարևորն է՝ իմաստ է հաղորդել բազմաթիվ բառերի, անունների ու շարադրանքների, որոնք կամայական  ընթերցմամբ և հաճախ մտացածին «թարգմանությամբ» այսօր ողողել են թե  արևելագիտության անդաստանը, թե ամբողջ մարդկության ու քաղաքակրթության պատմությունը։

 Այսկերպ Լաբարնա բառը, որն ընկալվել է որպես թագավորի անուն, ուղղակի ընթերցվել է թագուարնա-թագավոր, Հաթուսիլիս անձնանունը՝ Հաթուծիլ, որտեղ հաթ=հայ, ուստի պիետք է ընկալել որպես Հայ աստծո ծիլ՝ սերունդ, այսինքն Հայ աստծուց սերած։ 

Մուրսիլիսն էլ դառնում է Հուրծիլ՝ այսինքն հրից սերված (հիշենք՝ մինչև այսօր էլ հայոց մեջ տարածված է Հրածին անունը), իսկ շումեր բառը վերծանվելով` դառնում է մայր գետ։Եթե ընթերցողը շատ թե քիչ գաղափար ունի արծարծվող թեմայից` ակամայից խորասուզվում է բարդ համադրությունների աշխարհում, կասկածում կամ համաձայնում, կրկին անդրադառնում արդեն կարդացած վերծանություններին, փորձում իր համար հստակեցնել ճիշտն ու սխալը, ձգտում ներթափանցել հների տրամաբանության ու այս գրքի հեղինակի եզրակացությունների մեջ։

Մենք արդեն գիտենք, որ շատ դեպքերում գիտությունն օգտագործում են որպես քաղաքական զենք, և մեր տարածաշրջանում հայերիս դեմ ամենագործուն զենքը դարձել է մեր եկվորությունն ապացուցելը, որպեսզի արդարացվի Հայկական լեռնաշխարհից` հայոց բնօրրանից մեզ դուրս մղելու դավադրությունը։

 Այս գիրքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ զենքի դեմ մեր անխոցելի զրահը հայոց լեզուն է, ու որքան էլ փորձեն փաստերը կեղծել, աղավաղել, պարտակել,`ճշմարտությունը արևերես է ելնելու, քանի դեռ բուն Հայաստանում և աշխարհի չորս ծագերում հայերեն խոսողներ կան։

Այս գիրքն ավարտվում է ուրախալի նշումով`առաջիկայում հրատարակվելու է նաև Վարուժ Ներսեսյանի «Հուրիերէ՞ն թե հին հայերէն» գիրքը։ Հարկ է նկատել, որ «Խեթերէ՞ն թե հին հայերէն” գիրքը, որը դասական ուղղագրությամբ է   հրատարակվել,  սրբագրական ուղղումների կարիք ունի։ 

Հուսանք՝ նոր գրքում այդ բացը վերացված կլինի։ Եվ ամենակարևորը՝ որքան էլ կարծիքներ հնչեն, թե նման հրատարակությունները Հայաստանում ոչ ոքի չեն հետաքրքրում, ողջունելի է, որ արտասահմանում աշխատող մեր հայրենակցի գիրքը տպարան է մտել իր հինավուրց հայրենիքում և տեղյակ եմ, որ գոնե մասնագետներին այն ոչ միայն հետաքրքրել է, այլև ուրախացրել: 

Համոզված եմ, որ Վարուժ Ներսեսյանի այս արժեքավոր գիրքն ասելիք ունի նաև սեփական ինքնությամբ հետաքրքրվող բոլոր հայազուններին: Բացառված չէ, որ պատմության կեղծարարներն այս աշխատության լույս աշխարհ գալով իրենց հանգիստը կորցնեն, սակայն տագնապելու կարիք չկա, քանի որ այս անգամ ոչ միայն արդարությունն է մեր կողմից, այլև անաչառ գիտությունը:

Հ.Գ. Հետևյալ հղումներով մեր ընթերցողը կարող է «Հայտուն» հեռուստահանդեսի եթերում լսել հենց իր՝ Վարուժ Ներսեսյանի մեկնաբանություններն ու պարզաբանումները.

http://www.youtube.com/watch?v=5eBoJMj6naI, http://www.youtube.com/watch?v=qEAtR00-q_M

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ 2013թ., հոկտեմբեր