Բան ԺԱ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ես հետինս դավանողների, բարիքներից ունայն՝
Մտքիս աչքերով դիտելով սկիզբն իմ եղելության,
Որը տեղի ունեցավ Արարչի ձեռքով, անէությունից, - հավատում եմ լիահույս,
Թե Հիսուս Քրիստոս կարող է անել, ինչ որ կամենա:
Քանզի հավատացի, ուստի և խոսեցի,
Պողոսից խրատված և սովորած՝ Դավթից29Բ. Կորնթ. Դ. 13',.
Ուրեմն այժմ թող նրանց կենդանի աղոթքն ինձ
օգնի՝ Հավատքով ճանաչել նրան ճշմարտապես
Եվ նրա հարության զորությանն, ըստ առաքյալի,
Հաղորդակից լինել նրա չարչարանքներին,
Եվ այն բոլորը, որոնք հիշվում են հաջորդ տողերով:
Կցորդ է սրան և հույժ նմանատիպ՝
Հավատալն իսկապես և այն նոր փոփոխության,
Որով մեղավորը դուրս է գալիս քավված,
Չարագործն՝ արդարացած և անմաքուրը՝
սրբված, Եվ անքավելի մահացու մեղքով հանցավորըս ես՝ անդատապարտելի երանության
Եվ ստրկական կապանքներից զերծ՝ Երկնավոր ազատության տիրացած:
Եվ ի՞նչ կա արդյոք ավելի չքնաղ, քան սիրտն այն մեղավորի,
Որն իր միտքը գտած տարակուսանքի թանձր խավարից,
Եվ Աստուծո օգնությունն ստացած,
Երբ մի կողմից մարմնապես ծիծաղում է, մյուս կողմից հեծում հոգեպես:
Այդպիսին թեպետ գերագույն բարձրությունից,
Նորագյուտ և անհերքելի մեղքերով ծանրաբեռնված
Սուզված է խորը՝ կործանման գուբի անդունդն
անհատակ, Սակայն փրկավետ կյանքին մոտեցնող նշխարը
ունի, Որպես լուսեղեն մի կայծ իր մտքում և հոգում պահած.
Ինչպես թանձրամած հուրն այն նշանավոր և զարմանալի՝
Հրամանով Վեհի մակարդած հրաշքով՝
Խորունկ հատակում նիրհող ջրհորի30Բ. Մակաբ. Ա. 19:
Ուստի և ահա՛ թախծալից իսպառ մեղավորը հեգ,
Որ կորցրել է բարին գտնելու ակնկալությունն
Ու զրկվել շնորհի համարձակությունից,–
Կարող է հուսալ, թե կրկին անգամ հասնելու
է նա Նախապես իրեն պարգևված փառքի զարդարանքներին:
Զի Աստուծո կողմից է պատրաստվում նաև այս, որ գործադրվի սույնի վերաբերմամբ,
Քանի որ սա ամենահնար տվողի զորությունն է
ավետարանում, Որով հաճելի խունկ է հոտոտում Աստված,
Քան ամենաանուշ բույրերը բոլոր,
Քան խունկն այն, որ մանր աղալով, երբեմն խորանի համար էին պատրաստում31Ելից Լ. 7-8.
Ի՛սկը համակերպ այն հոգիներին,
Որոնք զղջումով խոնարհվել են վար, Նույն նմանությամբ իրար միանալու:
Ըստ որում և փրկիչը բոլորի՝ կույրերից ոմանց հարցնելով,
Թե՝ «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ ձեր աչքը բանալ»,
Լույս չպարգևեց նրանց աչքերին,
Մինչև նրանցից հաստատ հավատքի գրավական չառավ:
Ի՞նչն է մեզ համար ավելի անհույս, քան թե հավատալ,
Թե չորս օրվա մեռելը կարող է կրկին կենդանանալ:
Եվ սակայն կանայք, հավատքով լցված,
Որոնք ընկան ոտքերն Արարչի,
Տեսան անհապաղ Աստուծո փառքի ապացույցը պարզ,
Երբ նրանց եղբայրը կենդանացավ32Հովհ. ԺԱ. 17-44:
Բ
Իսկ այն մասին, թե մեղանչումից վերջն էլ մնում
էշնորհն անկապտելի՝ Կան հզորագույն վկաներ.
Նախ Ենովքն ու Ահարոնն, ապա
Նրանցից հետո Դավիթը և Պետրոսը դարձյալ,
Որոնց հետ նաև Եղիազարը կրտսեր,
Որ ողորմություն գտնելով մեծն Աստուծո կողմից՝
Վկա հանդիսացավ մեծագույններին:
Ավելորդ է առ այն հիշել, և՛ առակը անառակ որդու:
Թողնում եմ պոռնիկին33Մատթ. ԻԶ. 6, որ Տիրոջից գովվեց,
Եվ մաքսավորին34Ղուկ. ԺԸ. 14, որ բարեգործից հիշատակվեց,
Նաև երջանիկ այն ավազակին35Ղուկ. ԻԳ. 43,
Որը վերջին շնչում պսակվեց շնորհիվ իր հավատքի.
Եվ նույնիսկ նրանք, ովքեր մասնակից եղան Արարչի սպանմանը,
Որ հանցանքների ամենեն անքավելին է: Դրանից էր ինքը՝ Պողոսն ընտրյալ,
Որ առաջինն էր անօրենների մեջ մի ժամանակ: Սրանցից ոմանք, որոնք օրենքի ճանաչողությամբ հանդերձ գլորվեցին,
Քան օրենքից առաջ ապրողների առավելությունը,
Կանգնեցին կրկին նախկին կյանքն իրենց հազարապատիկ գերազանցությամբ:
Իսկ նա, որ նախքան օրինակի տրվելը՝ ավանդությունն էր պահել հայրենի
Եվ ավելի մոտ է եղել հավատքի սկզբնահոր36Աբրահամի պատվիրանին,
Եվ նախամարդու մեղապարտությունն իրենը համարելով՝
Տուժել էր այն իր տաժանագին տառապանքներով,–
Քավություն գտավ ոչ թե հողի տակ թաղվելով,
Այլ հզորապես հաղթահարած բռնությունը մահվան՝
Իր չարչարելի մարմնով դեպի երկինք փոխադրվելով,
Հանդիսանալով բանականների կյանքի կարապետ37Ենովք:
Իսկ ոմանք դեռ խակ՝ տհաս հասակից չարությամբ տարված,
Երբ տարիքն իրենց առան կատարյալ,
Ոչ թե թափվեցին բարձրությունից վար,
Այլ աշխարհային կյանքի դժնդակ թշվառությունից՝
Բարձրացան դեպի կամարն երկնքի:
Եվ եթե կանխապես կարելի եղավ չարերին դարձի բերել վերստին
Եվ մեր հողանյութ գոյացությունը փոխել ոսկեղենի,
Պատկերն արքունի՝ կերպարանքին մեր ի պատիվ՝
Նկարված խորքը մեր հոգու քանդակումով արքայական,
Մեր բնությունն անկորուստ և անփոփոխ Եվ դավադրության դեմ անպարտելի,–
Ապա, առավել հուսալի է այժմ անողոք և անծածկույթ
Շնորհաց հայտնությունը, ուխտված մեր Տեր Քրիստոսով,
Ինքը լինելով հաշտարար միջնորդ
Եվ երկնային անմահ, կենդանի ու մշտնջենավոր բարեխոս,
Որով հաստատուն կմնա մեր մեջ Տիրոջ խոսքը միշտ, ըստ մարգարեի.–
«Ուխտ խաղաղության և կնիք հաստատության»38Եսայի ԾԴ. 10:
Ուրեմն և ես այս ճշմարտագույն Կանոնի, անփոփոխ վճռի
Եվ արարչավանդ պայմանի համաձայն, ահա՛, Հավատավորի իմ շրթունքներով համբուրում
եմ ճշմարտությունն այս խոսքի Եվ հույս ունեմ՝ փառքի շնորհին արժանանալու.
Քանզի, արդարև, երբ Աստված ինքն է մեզ արդարացնում,
Ոչ ոք չի կարող մեզ դատապարտել, ըստ հաստատ խոսքի առաքելական:
Գ
Այս պայծառ գծագրված վստահությանն ապավինած, ահա՛,
Կանգուն եմ կործանյալս դարձյալ, և թշվառացյալս՝ հաղթող,
Մոլորյալս կգամ կենարար դարձի,
Ամենաթշվառ չարագործս՝ դեպի հույս,
Մահվան մատնվածս՝ դեպի կյանք,
Ապականությամբ վաճառվածս՝ դեպի շնորհ,
Դժոխային գործերով տարվածս՝ դեպի լույս,
Երկրասեր անասնակենցաղս՝ դեպի երկինք,
Կրկնակի մոլորյալս՝ դեպի փրկություն,
Մեղքերով կապկապյալս՝ դեպի հանգստյան
խոստում, Անբժշկելի վերքերով վարանածս՝ դեպի դեղն
անմահական, Ստամբակյալս վայրագաբար՝ դեպի սանձ զսպողական,
Հեռացյալս վարատական՝ դեպի կոչում,
Դժնդակ կամակորս՝ դեպի հեզություն,
Ընդդիմախոս հայհոյողս՝ դեպի ներումն,
Եվ այս բոլորը շնորհիվ Հիսուս Քրիստոսի
Եվ նրա Հոր հզոր և ահավոր Եվ ճշմարտության Հոգու անունով ու բարի
կամքով, Որոնց օրհնաբանված իսկությանը և մի աստվածությանը
Ե՛վ զորություն, և՛ արքայություն, և՛ մեծություն, և՛ փառք Հավիտյանս. ամեն:
Բան ԺԲ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, քանզի զղջման նախընթաց գլուխներում
Հուսահատության խոսքերով լքվեցի սաստիկ,
Եվ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ,
Ուստի և այստեղ վերադառնալով հույսին վերստին՝
Համարձակվեմ պիտի գո՜ւթ շարժել ես,
Սուրբ Երրորդությանը մեղավորիս օգնության կանչելով:
Գիտեմ, որ եթե օրհնաբանեմ ես և դավանեմ
Արարածներին բոլոր կյանք տվող Աստծուն,
Եվ ընտանի ձայնով կանչեմ անունն ահավոր շնորհապարգև Բարերարի,
Նա կենդանություն պիտի տա, անշուշտ ինձ՝մեղավորիս,
Ըստ մարգարեի կանխասացության,
Թե՝ «Ով որ կանչի Տիրոջ անունը, նա պիտի ապրի»:
Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան,
Այլ հավատում եմ նրա մեծությանն ամենից առաջ.
Ոչ թե գալիս եմ խնդրելու նրա պարգևները ես,
Այլ նույնիսկ իրեն, որ կենդանությունն է
ճշմարտապես, Շնչառությունն իսկ, առանց որի չի՛ք շարժում և ընթացք:
Ո՛չ այնքան հույսի հանգույցով, որքան սիրո կապով եմ ես կապվում նրան.
Ու ոչ թե տուրքի, այլ այն տվողի կարոտով եմ ես վառվում շարունակ:
Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի, Այլ փառավորյալն է համբուրելի,
Ոչ թե ապրելու կյանքի փափագով,
Այլ կենարարի հիշատակով եմ տոչորվում ես միշտ:
Ոչ թե վայելքի տարփանքով եմ ես հեծում ողբաձայն,
Այլ այն կազմողի տենչանքովն եմ խոր հառաչում սրտանց:
Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել Հանգստարարի:
Ոչ թե հարսանքատան խնջույքի, այլ փեսայի անձկությամբ եմ մաշվում,
Որի զորության շնորհիվ՝ վստահ ակնկալությամբ,
Հավատում եմ ես աներկմիտ հույսով,
Որ վերոգրյալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ՝
Ապաստանելով ամենակարողի ձեռքին,
Ոչ միայն պիտի հասնեմ քավության, այլև պիտի տեսնեմ իրեն,
Ընդունելու գութն ու ողորմությունը և ժառանգելու երկինքը նրա,
Թեև հո՜ւյժ մերժելի եմ:
Բ
Եվ արդ, ամոթահար սաստիկ ու կորագլուխ,
Գրչովս, որ խոսքի միջնորդ է դառնում
Ամուր կողպեքով փակված, պապանձված իմ
շրթունքներին, Չկարողանալով շարժել լեզուս անհամարձակ,
Պաղատանքների նոր երգեր ահա՛ պիտի ոգեմ ես՝
Ի վեր ուղերձված իմ աղիողորմ հառաչանքների աղաղակներով:
Գ
Ընդունի՛ր սիրով, Տեր Աստված հզոր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.
Քաղցր գթությամբ մոտեցիր դու ինձ՝ ամոթահարիս.
Փարատի՜ր, ամենապարգև՛, ամոթալի տխրություններս,
Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրություններս,
Հեռացրո՛ւ, հնարագետ, սովորություններս մահացու.
Խափանի՛ր, մի՛շտ հաղթող, հրապույրները խաբողի.
Վանի՛ր, վերնային, մառախուղը մոլորեցնողի.
Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի.
Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի.
Խորտակիր, անքնի՛ն, հարձակումները մարտնչողի.
Տյառնագրի՛ր անունովդ լուսացույց երդն իմ հարկի.
Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս.
Գծագրիր քո արյունով սեմը սենյակիս մուտքի.
Դրոշմիր քո նշանը աղոթյալիս ճանապարհին,
Ամրացրու քո աջով խշտյակն իմ հանգստի.
Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.
Պահպանիր քո կամքով տառապած հոգիս.
Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը մարմնիս.
Կանգնեցրո՛ւ շուրջն իմ՝ պարը երկնային քո
զորքերի, Որպես դիմամարտ՝ դևերի գնդին:
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգույն նիրհիս խորին գիշերում՝
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտրյալների:
Տեսությանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,
Ամփոփիր այնպես ու պարուրիր,
Որ պաշտպանվեն միշտ անսասանելի
Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,
Խռովահույզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական
Ու հիշատակով աներկբա հույսիդ մնան անվնաս:
Որպեսզի երբ սթափվեմ իմ ծանր քնից,
Ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ զվարթությամբ քո դեմ արձանացած,
Աղաչանքն այս իմ՝ հավատքի բուրմամբ,
Ո՜վ ամենօրհնյալ թագավոր անճառ փառքերի,
Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին՝ Քո բարձունքն ի վեր՝ առաքեմ առ քեզ:
Զի փառավորյալ ես դու արարածներից բոլոր Հավիտյանս հավիտենից. ամեն:
Բան ԺԳ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Աստված բարերար, հզոր, ահավոր, Շնորհատո՛ւ, բարի, դու Հա՜յր ողորմած.
Անունըդ անգամ քո մեծությունն ու գթությունը և քո մտերմությունն է ավետարանում,
Քաղցր ես դժնիների և անգոհների համար.
Քեզ հետ Որդիդ էլ նման է միշտ քեզ, ձեռքիդ պես նրա ձեռքն էլ զորեղ,
Անժամանակ տերությամբ ահեղ՝ քո արարչությամբ ինքն էլ բարձրացած:
Նաև Սուրբ Հոգին քո ճշմարտության՝ բխելով քեզնից անսպառորեն,
Իբր աստվածային կատարյալ իսկություն և էություն մշտնջենական,
Ըստ ամենայնի հավասար է քեզ և իշխանությամբ՝ փառակից Որդուդ:
Երրյակ անձնավորություն՝ համակ անքնին,
Հատուկ առանձնացումով տրոհված անձեր,
Բայց միավորված համազուգությամբ,
Նույնագո բնությամբ տիրապես, անշփոթ և անանջրպետ
Միևնույն կամքով և գործակցությամբ, Ոչ մեկը մյուսից ավագագույն չէ,
Եվ ոչ էլ մի ակնթարթ նույնիսկ մեկ-մյուսից նվազ երբևիցե,
Այլ իբրև պատճառ երկնային սիրո անստվեր լույսի, հայտնված մեր մեջ,
Սրբասացության միակ պսակով՝ անսկզբնաբար աստվածաբանված:
Քանզի արդարև բարձրաձայն այս խոստովանությունը երեք փառատրյան այդ դավանության՝
Պետրոսին հավատքի վեմ կոչվելու երանության արժանացրեց –
Դատապարտյալիս մեղավոր հոգին բարեհրաման քո ակնարկությամբ,
Ո՜վ դու, որ փնտրում ես գերյալիս, հրաշանորոգ թո՛ղ արդարացնե:
Զի քոնն են թեև պարգևներն ու ողորմությունները,
Բայց դու ո՛չ այնքան քո պարգևներով, որքան ողորմությամբ ես հռչակված.
Քանզի երկրորդը քո փառքն է ավելացնում,
Իսկ առաջինն առաքինական գործի է հայտարար.
Զի պարգևները փոխարինություն են ծառայության դիմաց,
Իսկ ողորմությունը՝ բարերարություն մեղավորիս:
Բ
Եվ արդ, մարդկային գործերը թող որ չգերազանցե՜ն իրենց զորությամբ քո շնորհներին, գթառա՜տ Աստված,
Եթե մինչև իսկ անցավոր բնության օրենքներից էլ վեր լինեն նրանք.
Այլ հաղթող հանդիսանալով քո երկայնամտությունը,
Երկրածինների ընթացքը երբեք չհավասարվի՛ թող քո գործերին:
Քանզի և նրանք, որ օրենքների մաքրությամբ իրենց պարծենում էին,
Քո արդարության լույսը երբ ծագեց,–
Որ նոր օրենքի ճշմարտությունն էր ծանուցանում,–
Հրեաներն հետին անձկությամբ լքված ու նվաստացած,
Ավելի քան տարագիրներն ողորմելի՝ մարդասիրությանդ կարոտ եղան:
Եվ քանզի ամենայն ինչ հնարավոր է քեզ, բարերա՛ր,
Լսի՛ր ողբաձայն պաղատանքներս, որ ուղղում եմ քեզ.
Ողորմիր, փրկիր և մարդասիրիր, զի երկայնամիտ ես դու,
Եվ քոնն են քաղցրություն, փրկություն և քավություն և փառք
Բոլոր հավիտյան ապրող ազգերից. ամեն:
Բան ԺԴ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Պաղատում եմ քեզ, լույսի՛ ճառագայթ, արքա՛ երկնավոր,
Գովյալ անապատում, և անճառ Որդիդ դու մեծ Աստուծո.
Ականջ դիր դարձյալ և այժըմ ահա՛,
Բարձրյալ, բարեգութ, կյանքի ապավեն,
Վիրավորյալիս նվազաձայն հառաչանքներին:
Բ
Չի խոսված երբեք, թե քեզ աղաչեց ավազակներից խողխողվածը39Երիքովի ճանապարհին ընկած վիրավորը. – Ղուկ. Ժ. 30,
Քանզի կարկամած էր.
Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո ետևից, Քանզի անկռինչ էր.
Կամ մատների շարժումով աղետն ու վտանգը հայտնեց տեսողիդ,
Քանզի խորտակված էր.
Ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը տնկեց բարերարիդ,
Քանզի վնասապարտ էր.
Եվ կամ միջնորդի բարեխոսությամբ ողորմածիդ կամքը սիրաշահեց,
Քանզի լքված էր.
Ոչ էլ ջախջախված մարմնի արյունով ներկված հագուստները ցույց տալով քեզ՝
Գթածիդ սիրտը ճմլեց, քանզի հուսահատ էր. Ոչ էլ հաստատուն ծնկներով՝ իբրև ոտքի
գարշապարով՝ չընթացավ, Քանզի անկանգնելի էր.
Զի կիսամեռ ասել կենդանուն՝ հեռու չէ այնքան մեռելությունից:
Մանավանդ որ խոսքով քո խրատվելուց,
Ողորմությամբդ բարերարվելուց Եվ քո փառքով լուսավորվելուց հետո էլ դեռ,
Ոչ միայն չդադարեց քեզ հակառակ ընթացք բռնելուց,
Այլև չենթարկվելով, գլուխ բարձրացրած՝ իր թշնամյաց կողմն անցավ
Եվ նրանց հետ մեկտեղ դաշն կնքած՝ միաբանեց քեզ ատողների հետ40Զուգորդաբար՝ Երիքովի վիրավորից անցնում է Բեթհեզդայի անդամալույծին, որը քրիստոնեական հին ավանդության համաձայն՝ հետո եղավ Կայիափայի այն սպասավորը, որը վերջին գիշերը քահանայական ապարանքում ապտակեց Քրիստոսին::
Գ
Իսկ դու, բազմապարգև բարերար, անոխակալ և ամենափրկիչ,
Ոչ միայն չհիշեցիր մեղքերն այդ չարագործի,
Այլև ոչ իսկ խոսքով հանդիմանեցիր.
Չոտնահարեցիր ընկածին, այլ կարեկցաբար մոտենալով նրան,
Ծայրագույն խնամք ցուցաբերեցիր:
Քահանայապես, ըստ ահարոնյան տկար օրենքի,–
Որ զորավոր է մահ գործելու մեջ41Բ. Կորնթ. Գ. 7, 9,
Դատապարտիչ անեծքներով և բռնալիր քարաձգությամբ,–
Դու չփութացիր վիրավորվածին խորտակելու.
Եվ ոչ էլ, ինչպես ղևտական առաջնորդն այն
թերապաշտոն, Որը երկուսի միջև իբրև բաժանող անջրպետ՝
Հնի լրումն էր և սկիզբը նորի,
Եվ որ հոգեզուրկ ապաշխարության հրավիրակ հանդիսացավ,–
Վիրավորյալի տագնապը տեսար.
Որ չլինի թե արմատակտուր տապարի օրինակով
Քո մեջ չարատանջ մահվան պաշտոնը նկատելով42Այսինքն՝ չուզեցիր նմանվել նույնիսկ ծառի արմատին մոտեցված այն կացնին, որով Հովհաննեսը պատկերացրել էր մոտակա գալուստդ, Մատթ. Գ. 10
Սատակի գալիք փորձություններին դեռևս չենթարկված.
Այլ պահպանանուն ասորեստանցի հեթանոսներին43Սամարացոց, ըստ որում՝ Սամարիա, որ պահապան է նշանակում:,
Որոնք ստացան իրենց օրենքը հրեաներից
Ու պահեցին միշտ, մինչդեռ նրանք մոռացան,-
Կցորդվելով՝ մեր բնությամբ խառնված մարմնիդ վերարկուով,
Օտար ազգերին էլ ազատության ավետիս համբավեցիր
Եվ աստվածային քո ներգործությամբ անապական՝ ձեռք երկարելով՝
Մահացու կերպով մեղանչած մարդուն կանգնեցրիր դարձյալ իր սերունդներով:
Տխրաբեկ սիրտն ուրախացրիր և վհատյալին
հուսադրեցիր, Եվ թշվառին զվարթացրիր դարձյալ.
Ավազանի կենարար օծմամբ և բաժակով լույսի՝ լցրիր.
Նորոգեցիր հացով քո երկնային՝ արարչական մարմնով.
Երջանիկների և ընտիրների վերակացությամբ Խնամարկեցիր ու փայփայեցիր ու դարմանեցիր, Եվ հանդարտընթաց գրաստի խնամքին հանձնելով նրան՝
Անփորձ պահեցիր, մինչև հանեցիր հարկը լուսեղեն:
Առաջին և երկրորդ կենդանատու կտակարանների միջնորդությամբ դարման տարար44Գրաբարում՝ դու մարդասիրաբար:
Եվ, ինչպես երբեմն Մովսեսին45Բ. Օրին. ԼԲ. 11 թևատարած արծվի պես ընդունեցիր
Եվ բարի երկրի խաղաղ հանգստին առաջնորդեցիր,
Հրամայելով վարդապետներին՝ խոսքի կերակրով սնել նրան:
Դ
Եվ արդ, դու, որ ողջ առավելագույն լույսդ բարության
Ամեն բանի մեջ բովանդակապես հրաշագործեցիր,
Ցրվողի գանձը սեփականելով՝ քո ստացվածքը վերադարձրիր քեզ,–
Ինձ էլ ապրեցրու, մեղքերի պարտքերն իմ մաքրելով,
Ո՜վ դու, որ պարգևում ես ձրի և հանպատրաստից,
Շնորհիր և ի՛նձ քավություն ու բժշկություն,
Բարեգո՜ւթ, զորեղ, անքնին, անեղծ, ահավոր, Օրհնյալ միշտ, հավիտյանս հավիտենից. ամեն:
Բան ԺԵ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի,
Ամաչեցի, քան թե համարձակվեցի,
Ուխտակորույսս ես և ավանդամոռաց:
Բ
Այն ոչխարի պես, որին օրինակ է բերում առակն երկրորդ46Ղուկ. ԺԵ. 3-7,
Ես էլ ծայրահեղ չափով մատնված անզգայության
Ու մոլորվելով անմարդաբնակ լեռներում՝ երկար,
Եվ դևերի հետ գազանաբարո վայրի կուռքերի մեջ թափառելով,
Առանց թեկուզ փոքր-ինչ հոտին մոտենալու,-
Չունեի լեզու, որով պատմեի ցավերն իմ տանջող,
Ոչ էլ ձեռք, որի շարժուձևերով համրերն են իրենց մտքերը հայտնում:
Իսկ դու, միա՜յն գովյալդ, սկսած նախնի սերունդներից մինչև այսօր,
Գտնելով և ինձ՝ մեղավորիս էլ մոլորության մեջ անլույս ու անել,
Ըստ գոչման առ քեզ մաղթանք երգողի47Եզեկ. ԼԴ. 11-12,
Քո խնամարկու կամքի տեսչությամբ Հովիվ կոչվեցիր.
Ոչ միայն հոգ տարար, այլև փնտրեցիր,
Եվ, ո՜վ հրաշագործ, ոչ միայն գտար, այլև անճառելի բարերարությամբ
Վերցրիր սիրով դու կենդանարար քո ուսի վրա,
Եվ քո երկնային զորաց հետ մեկտեղ՝
Քո հայրենական ժառանգության մեջ դասեցիր ինձ:
Եվ արդ, դու հզո՜ր, կենարար, օրհնյալ, այցելու գթած և մի՛շտ ողորմած,
Դու, որ ընդունեցիր նրանց՝ անաղերսներին այն անլեզու48Վիրավորին ու ոչխարին,
Որոնցից մեկը մահացու խոցված՝ չարչարվում էր խիստ,
Մյուսն անբանների անզգայությամբ
Փախել էր դեպի հեռու ամայի վայրեր անբնակ,
Եվ վտարանդի, շվար ու վհատ՝ բառաչում էր խեղճ, անիմաստորեն,-
Քո աստվածային բարեխնամությամբ տիեզերահրաշ
Ցույց տվեցիր դու հոգածությունդ թշվառության մեջ կորածի հանդեպ,-
Հայտնիր արդ և ի՛նձ գթությունդ խոր և բարիքներիդ հորդումներն առատ,
Ինձ, որ բերված օրինակներից շատ ավելի եմ եղել անօրեն.
Ինձ, որ մահապարտ եմ բազմօրինակ.
Ինձ, որ բարության քաղցր խառնուրդում՝ հատուկ համ եմ չար.
Ինձ, որ արժանի եմ անդամներիս հատմանն արդարև,
Ինձ, համաճարակ, ախտով վարակված վիրավոր հոգուս.
Ինձ, որ անզգա անասուններին եմ հավասարվել
Եվ օտարացել իմաստունների ընտանությունից.
Ինձ, որ նման չեմ բնությամբ ինձ պես բանականներին:
Եթե մի օրինակ ունենայի, ես կասեի. Թե նմանակից ունենայի՝ կպատմեի.
Թե հանգունակից ունենայի՝ կխոսեի. Թե ինձ հավասարն ունենայի՝ կգրեի.
Թե նույն բանը անող ունենայի՝ ցույց կտայի.
Թե ինձ համեմատն ունենայի՝ կիմացնեի.
Թե անցյալում լիներ՝ կսփոփվեի. Թե ներկայումս՝ կհուսայի:
Սակայն, քանի որ ոչ նմանս ունեմ, ոչ էլ օրինակ,
Ուստի դո՛ւ միայն կարող ես քավել ու բժշկել ինձ և կենսագործել,
Կենդանարարդ բոլոր մեռելների և նորոգո՛ղդ տիեզերաց:
Գ
Զի եթե երջանիկ, սուրբ ու սրատես Դավթի գործած չարիքներն ու
Անօրենությունները գլխից ավելի վեր բարձրացած էին,
Եվ մեղքերն ու հանցանքները դժվարակիր բեռների նման ծանրացած սաստիկ,
Հապա ուրեմն իմ սխալմունքներն ավելի են, քան
Տիեզերասույզ, ամենասպառ ծովի ջրակուտակ հեղեղի հորդությունը
Ու անցնում են բոլոր լեռների կատարներից:
Բայց թող որ փչե քաղցրաշունչ քամիդ,–
Ինչպես այդ եղավ Նոյի ժամանակ,–
Որ լեռներն անգամ կարող է հալել,
Ցամաքեցնելու բազմաբովանդակ ջրակույտն իմ երկրակործան հանցանքների
Ու լեռնակարկառ բարձրությամբ դիզված մեղքերն իմ բոլոր:
Եվ արդ, համառոտ քո խոսքով հզոր,
Եվ ամենակարող հնարավորությամբ կարճ դատաստանիդ,
Ըստ մարգարեի, քավության մի ելք ցույց տուր ինձ՝
Անօրենության մեջ ընդերկար մոլորյալիս:
Եվ դու, ներելով համառությունն իմ,
Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնյալ,
Շնորհի՛ր ինձ կատարյալ թողություն և բարեգործիր ճշմարտապես,
Ջնջի՛ր բոլորովին՝ անվճարելի պարտքերիս արժանահատույց տոկոսների տույժը տաժանակիր:
Չէ՞ որ դու չունես ցասումնալից սիրտ ու բարկություն բորբոք,
Ինչպես նաև չկան քո մեջ նենգություններ և նշաններ մթության,
Քանզի դու կյանք ես կամենում և լույս,
Դու մահ չստեղծեցիր և, ըստ Դավթի ու Սողոմոնի,
Մարդու կորուստը քեզ ուրախություն չի պատճառում:
Դ
Քո բարեվիճակ կանոնների մեջ դու մեծագույն պայման սահմանեցիր մարդկանց համար՝
Չարությունը չարությամբ չփոխարինել,
Այլ մի օրվա մեջ յոթանասունյոթ անգամ գործած մեղքերը նույնիսկ ներել պատգամեցիր մեզ49Մատթ. ԺԸ. 22,
Մեզ, որ ի բնե հակամետ ենք միշտ ի հայտ բերելու բյուր ու անհամար չարության բծեր,
Որոնք աճում են ու միշտ նորոգվում
Մեր ամեն տեսակ փշեր բուսցնող բնության դաշտում՝
Համաձայն անսուտ քո վկայության,
Թե՝ «Մարդու միտքը իր մանկությունից տրամադիր է չարիք50Ծննդ. Ը. 21 գործելու»:
Քո Կենաց բանի ավետարանիչ Հովհաննեսն անգամ,
Որը մաքուր էր կատարելապես,
Նա ինքը՝ որպես հասարակության բնության լծակից,
Ամբողջովին արդարացած՝ քո ճշմարտությունը հաստատեց իմ ստության հանդեպ:
«Եթե ասենք, որ ոչ մի մեղք չունենք,- ասում է նա,–
Սուտ դուրս բերած կլինենք նրան»:
Արդ, կատարված է խոսքդ խնկելի Եվ լիովին ստույգ արդարացված՝
Իմ մոլորության խիստ դժնդակ անիրավության հանդեպ:
Ուստի խնայի՛ր ինձ ողորմությամբ, քաղցրահա՜մ աղբյուր,
Դո՛ւ միայն օրհնյալ հավիտյանս. ամեն:
Բան ԺԶ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, դո՛ւ միայն Աստված երկնավոր, բարձրյալ, բարեգործ.
Քոնն են զորությունն ու ներողությունը,
Քոնն են բշկությունն ու առատությունը,
Քոնն են պարգևներն ու շնորհները ձրի,
Քոնն են քավությունն ու պաշտպանությունը,
Քոնն են հնարքներն անիմանալի,
Քոնն են հրաշքներն անգտնելի,
Քոնն են չափերն անչափելի,
Դո՛ւ ես սկիզբն ու վերջը:
Սրտմտության խավարը երբեք չի ստվերում լույսը քո ողորմության,
Քանզի լինելով ինքդ մտքից վեր՝ զերծ ես դու նաև որևէ ախտից:
Պատկեր ես դու անպարագիր՝ անկշռելի որքանությամբ,
Ո՛վ անչափություն փառաց լայնության,
Անսահմանափակ ընդարձակություն հատու զորության,
Անամփոփելի առավելություն,
Անտկարանալի բարերարություն գթության:
Դու մահվան ստվերն, ըստ մարգարեի, այգաբացի ես փոխում51Ամովս Ե. 8,
Ինքնակամ իջար տարտարոսը դու՝ արգելվածների բանտն ստորերկրյա,
Ուր աղոթքների դուռն անգամ փակ էր ամուր կողպեքով52Այսինքն՝ ուր այլևս անզոր էր աղաչանքը:,
Խլելով նրանից այնտեղ վտարված հոգիների կողոպուտը ողջ, Հաղթական խոսքիդ հրամայող սրով
Սատակիչ մահվան կապը կտրեցիր Եվ փարատեցիր երկյուղը մեղքի:
Դարձի՛ր այժըմ ինձ, որ տագնապում եմ տղմոտ իմ գուբի զնդանում խորունկ,
Մեղքի շղթայով ամուր կապկապված
Եվ բանսարկուի նետի սլաքով խոցված կարեվեր:
Բ
Դու Տեր բարերար, բացարձակ բարի, լո՜ւյս խավարի մեջ,
Օրհնության դու գանձ, ողորմած, գթած, մարդասեր, կարող,
Զորեղ, անապատում, անքնին, անճառ,
Դու՝ հո՜ւյժ ձեռնհաս, ըստ սուրբ Հակոբի.
Հնարավորություն միշտ դյուրապատրաստ՝ ամեն անհնար բաների դեպքում,
Մեղքի խռիվներն սպառող կրա՛կ,
Կիզանուտ ճաճանչ դու ընդհանրական և մեծախորհուրդ թափանցողությամբ:
Հիշի՛ր ինձ, օրհնյալ, քո ողորմությամբ և ո՛չ ըստ իրավունքի,
Ներողությամբ քո և ո՛չ պատժելով,
Երկայնամտությամբ և ոչ թե հավաստի համոզվածությամբ:
Եթե կամենաս կշռել ծանրությունն իմ մեղքերի,
Արա՛ քաղցրությամբ քո մարդասերի և ո՛չ արդարությամբ.
Քանզի ըստ առաջին պայմանի՝ շա՜տ են թեթև նրանք,
Իսկ ըստ վերջինի՝ սաստիկ ծանրակիր:
Գ
Արդ, մոտեցիր ինձ, ո՜վ դու բարություն,
Ինչպես բուժելու համար մոտեցար քո դեմ ելնողի ականջին53Ղուկ. ԻԲ. 51,
Մահվան խռովիչ հողմը հեռացրու մեղավորիցս,
Որ հանգչի իմ մեջ խաղաղության մեծազոր Հոգիդ:
Փա՜ռք քեզ ամենուր, ամեն բանի մեջ հավիտյանս. ամեն:
Բան ԺԷ
Ա
Աղաչում եմ քեզ՝ վտանգված, վշտոտ ու տխրաթախիծ տառապանքներով լի հոգիների խնամակալիդ,
Մի՛ ավելացնիր ցավն իմ հեծության և մի՛ խոցիր ինձ՝ վիրավորվածիս,
Մի՛ դատապարտիր պատժվածիս և մի՛ տանջիր չարչարվածիս,
Մի՛ գանակոծիր հարվածյալիս, մի՛ գլորիր ընկածիս,
Մի՛ կործանիր սայթաքյալիս, մի՛ հեռացնիր հեռացվածիս,
Մի՛ ամաչեցնի պատկառյալիս, մի՛ տարագրիր հալածվածիս,
Մի՛ կշտամբիր խրտնածիս, մի՛ խորտակիր ջախջախվածիս,
Մի՛ խռովիր վրդովյալիս, մի՛ ալեկոծիր փոթորկվածիս,
Մի՛ սասանիր դղրդվածիս, մի՛ շփոթիր մրրկյալիս,
Մի՛ կեղեքիր գիշատվածիս, մի՛ ջախջախիր փշրվածիս,
Մի՛ հոշոտիր մորմոքյալիս, մի՛ կուրացնի խավարածիս,
Մի՛ զարհուրեցնիր ապշահարիս, մի՛ խորովիր խարշատվածիս,
Մի՛ մահացնիր հիվանդիս, մի՛ ծանրաբեռնիր տկարիս,
Մի՛ ավելացնիր անուր՝ կարկամած թիկունքիս,
Մի՛ բարդիր ողբեր դառն հեծեծանքիս,
Մի՛ ուժգնորեն վարվիր հողիս հետ,
Մի՛ սաստկապես՝ մոխրիս հետ,
Մի՛ անաչառորեն՝ ստեղծվածիս հետ,
ի՛ ահարկությամբ՝ փոշուս հետ,
Մի՛ խստությամբ ընդհարվիր մեծդ փոքրիս հետ,
Լույսդ՝ ստվերիս հետ,
Բնությամբ բարիդ՝ ի բնե չարիս հետ,
Ողկույզդ օրհնության՝ անիծյալ պտղիս հետ,
Քաղցրությունդ ճշմարիտ՝ համակ դառնությանս հետ,
Փառավորյալդ անփոփոխ՝ իսպառ անարգիս հետ,
Կենաց նշխարդ՝ կավեղեն զանգվածիս հետ,
Տերերի Տերդ՝ երկրային տիղմիս հետ,
Աննվազ լիությունդ՝ չքավոր ստրուկիս հետ,
Անկապուտ ճոխությունդ՝ անպատսպար տառապյալիս հետ,
Անկարոտ բարությունդ՝ ամենաթշվառ աղքատիս հետ:
Քանզի ո՞վ է նա, որ առավոտյան լույսին հասնելով՝
Կտարակուսի, թե խավարի մեջ կարող է ընկնել.
Կամ մոտ լինելով կյանքին՝ մահանալ,
Կամ ազատության՝ և բռնության ենթարկվել,
Կամ շնորհին՝ և դատապարտվել,
Կամ փրկության՝ և մատնվել,
Կամ նորոգման՝ և քայքայվել,
Կամ օրհնության՝ և տարագրվել,
Կամ բժշկության՝ և վիրավորվել,
Կամ լիության՝ և նվազել,
Կամ առատ հացի՝ և քաղցել,
Կամ հոսող գետերի՝ և պապակել,
Կամ մայրական գթության՝ և նրանից նենգվել,
Կամ աստվածային խնամող աջիդ՝ և տառապել:
Բ
Արդ, բորոտությամբ մարմնի սաստկապես վարակվածի հետ54Մատթ. Ը. 3
Ե՛ս էլ վշտահար հոգովըս ահա՛ պաղատում եմ քեզ.
«Տե՛ր, եթե ուզես՝ կարող ես ինձ մաքրել»:
Մշտագիշեր խարխափումներով տանջվող կույրերի հետ
Հառաչում եմ ձայնով մեծակական.
Ոչ թե անվանում եմ քեզ Դավթի որդի,
Այլ աստվածային էության իբրև ծնունդ եմ դավանում քեզ.
Ոչ միայն կոչում եմ Ռաբբի,
Որ պատվանուն է իսկությունը գիտենալ կարծող վարդապետների,
Այլև հավատում եմ քեզ, որպես Տիրոջ երկնի և երկրի:
Ոչ միայն մոտից ձեռքդ երկարելով, ո՜վ դու բարեգութ
Աստված մերձավոր,
Այլև վստահ եմ, թե մեծ միջոցով նույնիսկ ինձանից հեռու լինելով՝
Խոսքդ կարող է բուժել թշվառիս:
Կամեցողությանդ և ողորմությանդ միջև անջրպետ չեմ դնում երբեք,
Որ երկմտություն է նշանակում տարակուսելի,
Այլ համոզված եմ, թե կկամենաս որպես բարեգութ Եվ կկարենաս որպես Արարիչ.
Ասա՛ խոսքովդ, և ես կբուժվեմ:
Հարյուրապետի հավատքին և ես կլինեմ լծորդ.
Ոչ միայն մոտիկ տարածությունից, խորանից խորան՝
Զորավոր ես դու տալու հարություն և բժշկություն,
Այլև երկնքում բազմելով նույնիսկ,
Ստորև, երկրի վրա բովանդակ դու սքանչելի հրաշքներ ես գործում,
Որոնց փոխարեն հատուցանելու ես ոչինչ չունեմ:
Գ
Շնորհիր և ինձ, ինչպես որ պոռնիկին ընդունելիս
Վճռեցիր խոսքիդ դատակնիքով հինգ հարյուր դենար պարտքը շնորհել55Ղուկ. Է. 41,
Աստվա՜ծ բարությանց և Տե՜ր երանությանց:
Որքան շատ բաշխես, այնքան ավելի՛ կփառավորվես.
Որքան որ շատ տաս, այնքան կսիրվես.
Եվ ավելին ողորմելով՝ դո՛ւ էլ կրկնակի կբարգավաճես.
Այսքան բարիքներիդ համար իրավամբ գովվում ես դու,
Ամեն բանի տեր լինելով հանդերձ՝ մեզ հավասար ես ցույց տալիս դու քեզ.
Եվ դու, որ ունես ամեն ինչ առատ՝ մեր ունեցածին արժեք ես տալիս.
Քո պարգևների փոխարեն անճառ՝ մերն իբրև վճար ես ընդունում դու.
Երկրայինի տեղ անվախճանի տալն ես արժանի գտնում.
Մեծ համարելով մերը՝ վեհորեն գոհանում ես դու.
Չե՜ս մեծամտի, երբ քո տվածի փոխարեն դույզն-ինչ փառավորվես56Հմմտ. Ղուկ. Է. 47:
Նո՜ւյն գթությունդ ցույց տուր նաև ինձ՝ հույժ մեղապարտիս,
Որ երբ թվարկեմ քո պարգևների երախտիքը ես՝
Նույն չափով սիրելդ էլ չմոռանամ:
Ամեն բանի մեջ քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:
Բան ԺԸ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Արդ, ես ծնունդս մեղքի և մահացու երկունքի որդիս,
Արդարև պարտավոր եմ մի օրվա մեջ բյուր քանքարների տույժը հատուցել:
Սակայն ոչ թե մարդկային մտքի փոքրության համեմատ եմ ես ներումն հայցում,
Այլ փրկչիդ՝ Հիսուս Քրիստոսի աննվազելի լիության չափով եմ պաղատում մարդասիրություն:
Չկայի երբեմն, և ստեղծեցիր, Ես չաղաչեցի, և դու գոյացրիր,
Դեռ աշխարհ չեկած՝ տեսար դու ինձ,
Չէի հայտնվել, և դու գթացիր,
Չէի խնդրել ես՝ խնամարկեցիր,
Չէի բարձրացրել ձեռքս՝ նայեցիր,
Չէի պաղատել՝ և ողորմեցիր, Չէի ձայն հանել, և դու լսեցիր,
Չէի հառաչել՝ և ունկնդրեցիր,
Գիտեիր, թե ինչ կպատահի ինձ, և չանտեսեցիր,
Նախատես աչքով քո նկատեցիր չարագործությունը պատժապարտիս և հորինեցիր ինձ:
Եվ արդ, ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկված
Եվ այնքան խնամոտ սիրովդ հոգացված,-
Արա՛ դու այնպես, որ չարահնար մեղքերի հարվածն ինձ դեպի կորուստ չտանի իսպառ:
Թող համառության մառախուղը իմ՝ քո ներողության լույսին չհաղթի,
Եվ ոչ էլ սրտիս կարծրությունը՝ քո երկայնամիտ համբերությանը,
Եվ կամ մսեղեն այս մահկանացուն՝ քո լրությանն ամենակատար,
Ոչ էլ նյութեղեն տկարությունս իմ՝ քո բարձրությանն անպարտելի:
Բ
Ահա՛, կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անվամբ, հզո՛ր,
Արա՛ այն առողջ, ինչպես էր առաջ,
Երբ դրախտի փափկության մեջ կենաց պտուղն էի քաղում ես:
Ախտավոր կնոջ նման կաշկանդված, գոսացած ձեռքով,
Գլխիկոր, շվար և անուղղելի մեղքերով կքած թշվառ իմ հոգին
Սատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա՛,
Չի նայում վերև, որ քո երկնայնոց ողջույնը չառնե:
Խոնարհվիր վրաս, միայն ողորմած, և բարձրացրու ինձ՝
Գետնահար ընկած ծառիս բանավոր.
Բարեվայելուչ կյանքով վերստին ծաղկեցրու չորացյալիս,
Ըստ աստվածաբանության սուրբ մարգարեի57Եզեկ. ԺԵ. 24:
Ինչպես ի ծնե լուսազուրկ մի կույր՝ չունեմ տեսողություն,
Որ կարողանամ տեսնել Արարչիդ դեմքն ու պաղատեմ,
Հզո՛ր բարեգութ, դու միայն պաշտպան,
Քո անճառ սիրո հոգածու, ակնարկն ինձ դարձընելով՝
Շնչավոր, խոսուն քո անոթի մեջ անէությունից լո՜ւյս գոյացրու դու:
Տասներկու տարվա ախտով տառապած, տանջահար, տխուր
Կնոջ նման ես մեղքի արյան մեջ ողողվում եմ, տե՛ս.
Անմատույց լույսով քո պարածածկված՝ նայիր բարձունքից,
Ուր չկա քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ58Հները մի ժամանակ երկինքը նմանեցրել են մի մեծ վարագույրի, վրանի և նույնիսկ պատմուճանի կամ վերարկուի:,
Բայց ամենուրեք տարածված են քո հրաշքներն հզոր:
Մեղսոտ կնոջ պես պատժապարտս ես59Հովհ. ԺԲ. 3
Օծման յուղով չէ, որ մոտենում եմ կենսաձիր ոտքիդ,
Կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա,–
Այլ հավատս անբիծ՝ իմ բազուկների վերամբարձումով, ստույգ դավանմամբ,
Հոգու ողջույնով և փակ շուրթերով երկրպագելով:
Եվ աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաև հեծեծանք, ահա՛,
Բժշկություն եմ աղերսում հոգուս:
Գոյությունն հոգուս՝ մեղկությամբ լուծված և քայքայված է մեղքերով համակ,
Եվ մարմնիս շինվածքը իրենց վրա վերցնող ոտքերս,
Որոնք քայլում են կաղալով տխեղծ ու խիստ անհաստատ,
Եվ որոնց չարը արգելք է լինում մտնելու ուղիղ–
Դեպի կենսաթիռ պտղաբեր ծառը տանող ճամփի մեջ,–
Զորացրո՛ւ դարձյալ, ո՜վ ամենազոր, քանզի դո՛ւ միայն կարող ես փրկել:
Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ,
Ամրափակ խցմամբ կապեց, համրացրեց հողմը բանսարկուի:
Զգայուն հոգուդ մեծ ողորմությամբ,
Ինչպես բուժեցիր Ավետարանում հիշատակվածին60Մարկ. Է. 33-34,
Հրաշափառորեն շնորհիր և ի՛նձ Բանդ կենդանի,
Որպեսզի ես էլ խոսեմ անսայթաք:
Ախտով վարակված՝ մեղքի մահիճն եմ ընկել ես, ինչպես կենդանի մեռյալ.
Ի լուր ողբագին հեծեծանքներիս և թշվառությանն իմ կարեկցելով,
Ո՜վ դու բարերար Որդի Աստուծո,
Քո օրհնաբանված աչքերի ցողով ինձ ոտքի՛ հանիր կրկին կենդանի,
Ինչպես սիրելուդ՝ անշարժ ու անշունչ մեռելությունից61Ղազարոսին:
Ստույգ անօրեն եմ տարակուսյալ՝ մեղքի գուբն ընկած.
Ձեռքըդ ինձ տալով, արև՜ անստվեր, Որդիդ բարձրյալի,
Քո ճաճանչափայլ լույսի՛ն հանիր ինձ:
Ինչպես աղեխարշ թշվառ ճիչերով, մատների տխուր տատանումներով
Կուրծքը ծեծելով, արցունք թափելով, տխրամած դեմքի տվայտանքներով
Իր միամորիկ որդուն ողբացող Նայինի այրին62Ղուկ. Է. 11,–
Ես էլ սրտագին, սաստիկ հեծությամբ պաղատում եմ քեզ,
Տո՛ւր հուսահատիս քաջալերություն քո մխիթարիչ և գթոտ խոսքով,
Ասելով և ինձ, ո՜վ բարեբանյալ ստեղծիչ աշխարհի,
Թե՝ «Մի՛ լար՝ այդպես սաստիկ ողբալի».
Որպեսզի կրկին կենդանացած այն պատանու հետ,
Որ սփոփեց վիշտն իրեն ծնող մոր,
Ես էլ քեզանով իմ ամենապարտ հոգին ընդունեմ վերանորոգված:
Այսահարությամբ անզգայացած, դիվալլուկ ու քարակոշկոճ,
Հեղձամղձուկ ու եղկելի, քստմնելի, գիսախռիվ մազերով,
Վայրենադեմ ու ցնորամիտ մարդկանց հետ, որոնց դու ողորմեցիր63Մարկ. Է. 2,
Ես էլ նրանց պես քեզ պիտի դիմեմ, ամենափրկի՛չ:
Հեռու դու վանիր ապականարար գնդերը չարի մարմնիս խորանից,
Որպեսզի հասնի հոգին քո բարի և հանգստանա այնտեղ վերստին,
Եվ մաքուր շնչով լցնելով մարմինս ու անդամներս՝
Զգաստացնես ինձ՝ խելագարվածիս ամենաթշվառ:
Դժոխաբնակ և վտարանդի հոգիների հետ գերված՝ նաև ես
Արգելափակված տառապում եմ խիստ:
Փառահեղ ճառագայթը քո ողորմության, լույսդ իմ անձկալի,
Ծագելով վրաս՝ ինձ պառակտիչի կապերից փրկիր:
Վհատ կերպարանք է առել հոգիս,
Որ գաղտնորոգայթ և աներևույթ արահետներում մոլորաթափառ՝
Գարշ իմ մեղքերով է հիվանդացած:
Իմ՝ չարագործի թույնից գոյացած այտուցքներն անտես,
Որդի՛ Աստուծո,
Քեզ միայն հատուկ քո կարողությամբ առողջացրու դու գթասիրաբար:
Զանազանակերպ և բազմատեսակ ախտերն մահացու,
Որոնցից ամեն մեկն իր առանձին արդյունքն ունի,
Եվ որ ժանտարմատ շառավիղներով հաստատված են մեր անօրեն մարմնի մեղկ անդաստանում,
Ամենակալի քո ձեռքով թող որ կորզե՜ս արմատից,
Դու, որ արորով՝ մեր հոգիների դաշտերն անոպա մշակում ես միշտ,
Որպեսզի կենաց քո խոսքը հավետ արդյունավորվի:
Գ
Եվ քանզի ճարակող քաղցկեղի նման
Հանցանքներիս վերքն այս իմ բերած օրինակները գերազանցեց,
Եվ ախտն ամբողջովին անդամներիս մեջ տարածվեց,-
Չիք սպեղանի, ինչպես Իսրայելին, որ դրվի անչափ իմ խարանների վրա,
Ազդրերիս խարսխից մինչև ծայրն իմ անդամների կառուցվածքի64Այսինքն՝ ոտքից մինչև գլուխ:
Չի մնացել մի տեղ լիովին առողջ և բժշկելի:
Իսկ դու, ողորմա՜ծ, բարերար, օրհնյալ և երկայնամիտ թագավոր անմահ,
Լսիր վշտահար սրտիս խղճալի պաղատանքներն այս,
Որ դառնահառաչ քեզ եմ ուղերձում իմ նեղության մեջ,
Տե՛ր ամենակալ:
Բան ԺԹ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Ով դու, բարի կյանքի հուսատու ամենահայաց տեսողություն,
Ուշք դիր ցավագնած հոգուս հեծեծանքների բարձրաձայն աղաղակին,
Անհա՜ս մեծություն, անուն ահավոր, բարբառ կենդանի,
Լուր ցանկալի, ճաշակ ախորժելի, կոչումն պաշտելի,
Բարություն խոստովանելի, ազդումն խնկելի,
Դավանելի իսկություն, էություն փառատրելի,
գոյություն օրհնաբանելի, Ո՜վ դու Տեր Հիսուս,
Հորդ հետ գովված ու երկրպագված Եվ Սուրբ Հոգուդ հետ բարձրացած ու հռչակված,
Որ մարմնացար մեզ պես ու մեզ համար,
Որպեսզի մեզ էլ անես քեզ համար ու քեզ նման, Լույս ամենայնի, համակ ողորմած, հզոր երկնային:
Եվ այժմ քայքայված ու խորտակված անոթն իմ հողեղեն
Աստվածորեն հրաշակերտելով, աղաչում եմ, գթա՛ծ, նորոգիր նորեն:
Մեղքերով հնացած պատկերն իմ՝ քո ինձ տված,
Հալելով կրկին քուրաների մեջ խոսքիդ կայծակով՝
Պաղատում եմ քեզ, ձուլի՛ր վերստին:
Հոգիս պահպանող մարմնիս խորանի շինվածքը խախտված՝ հանգստարանը քո,
Աղաչում եմ, ո՜վ բարերար, մաքրագործիր քեզ ի բնակություն:
Իմ չար գործերի փոխարեն մի՛ հատուցիր նույնը դու ինձ:
Արբած եմ ես, բայց ոչ թե գինով, ինչպես մարգարեն է ասում65Եսայի ԻԹ. 9.
Թափիր հրամանով քո ազատարար, ամենակեցո՜ւյց,
Մահվան բաժակիս թմրեցնող մրուրն անօրենության,
Որ բաժակդ ես չքամեմ վերջին օրը հատուցման66Երեմ. ԻԵ. 15-16:
Բ
Արդար ես դու իրավունքիդ մեջ և հաղթող՝ քո դատաստանում.
Թե մատնես մահվան՝ ճշմարիտն արած կլինես.
Թե դատապարտես, այստեղից սկսելով կշտամբությունդ տանջողական՝ հատուցում է ճիշտ.
Թե անդունդների խորքերը սուզես,
Թե կենդանության շարժումները դադարեցնես,
Թե զորությունն իմ խոսքի ունայնացնես,
Թե պատուհաններն աչքերիս ստվերացնես,
Թե կյանքի ճաշակն ինձնից հետ առնես,
Թե ընդհանրական կերակրից ինձ զրկես,
Թե օրերիս երկարությունը կարճացնես,
Թե իջնող քաղցր ցողի հետ մեկտեղ վերից հուր
թափես, Թե խոսքդ լսելուց ինձ քաղցած թողնես,
Թե ականջներիս դռները խցես,
Թե շնորհիդ պատկերն ինձանից կտրես,
Թե ոտքիս տակի հողը սարսես,
Թե ինձ անձկալի քո լույսից հանես,
Թե այս աշխարհից ինձ բոլորովին դու դուրս վտարես,
Թե հրաբորբոք փայլատակումով ինձ ահաբեկես,
Թե անբուժելի ցավերով պատժես,
Թե ինձ չարչարող դևերին մատնես,
Թե ցասման հողմով ինձ հեռու քշես,
Եվ թե ուրիշ նոր չարչարանքների գործիքներ կազմես–
Տարտարոսից վատ և գեհենից էլ ավելի սաստիկ,
Ավելի թունոտ, քան թե որդերը, և քան խավարը տարակուսելի
Եվ երկյուղալի՝ խորխորատից էլ, և ողորմելի՝ մերկությունը քան,–
Ես ինքս անձամբ վկայում եմ, թե արժանի եմ խիստ այդ բոլորին:
Գ
Եվ քանզի մեղքերս նման են իրար,
Ուրեմն և նրանց հատուցումներն էլ պետք է որ նման լինեն իրարու,
Իբրև միմյանց պատկերակից, միատեսակ և զուգակշիռ,
Այս հասկացողության կրողներն են,
Ուստի կարևոր է խոստովանել և քողը վերցնել նրանց երեսի,
Որպեսզի տեսնի փնտրողը նրան և ծանոթանա,
Քանի որ ջերմ սիրով չմոտեցա ես ընկերոջս կարիքներին,
Իրավացի է, որ առաջին իսկ վտանգի պահին սառեմ տագնապած:
Եվ որովհետև ես չսանձեցի ցանկություններս ապերասան,
Ուստի եղկելուս արժանի է, որ կրում եմ կիզումն անզովանալի:
Եվ քանի որ ես չսիրեցի ավետիսը լույսիդ՝ Արդար է, որ ես կորստյան մեգի թանձր խավարում խարխափեմ մոլորագնաց:
Եվ քանզի խտրություն չդրի մանր ու մունր հանցանքների միջև, համարելով նրանք անվնասակար,
Զազիր զեռունների խայթումներից խոցոտվում եմ արդ արժանապես:
Եվ քանի որ ես ձեռք չերկարեցի վտանգի մեջ վշտակրին օգնելու,
Տեղին է, որ գարշ ապականության գուբին մատնվեմ:
Դ
Եվ արդ, ո՛չ աստվածային քո գանձերից՝ չարիք,
Ո՛չ քո լույսի շողերից՝ խավար, Եվ ոչ էլ քեզ ապավինելուց սայթաքումներ
առաջ կգան, Այլ ես ինքս՝ կորստյան որդիս գտա այս բոլորը:
Բազում անօրեն մեղքերս են, որոնք նյութեցին այսքան բարկություն:
Մոլորեցուցիչ իշխանի կամքին հնազանդելով՝ նրան թողի ես քո տեղն իսկական,
Ըստ Գրքի հանդիմանության67Ժողով. Ժ. 4:
Եվ քանզի հայտնի դարձավ մարմնիս անդամների գաղտնիքն ու խայտառակությունը,
Եվ երեսիս ընկավ անվայելուչ ստվերն ամոթանքիս, ըստ մարգարեի առակի68Նավ. Գ. 5-6,
Ինձ բոլորովին տգեղացնելով՝ մերկ, խայտառակված պոռնիկի նման,–
Ծագիր իմ մեջ լույսը քավության, երկնավո՛ր արքա,
Որպեսզի թոթափելով մեղքերիս փոշին,
Ավետյաց ձայնը լսած, Բաբելոնից ետ դարձողների պես69Եսայի ԾԲ. 2,
Հողից վեր կենալով՝ վերստին նստեմ,
Եվ անսասան՝ հույսիդ ամրությանը հիմնվելով,
Ինչպես Եսային է ասել,
Նախնի մաքրությամբ հագնեմ քո բազկի զորությունը կարող,
Քո քաղցր փառքի մեծության համար և աստվածությանդ ամենապարգև,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:
Բան Ի
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Տե՜ր անոխակալ և երկայնամիտ, ներող, բարեգութ, հզոր, ողորմած,
Ահա՛ ճշմարիտ են քո գործերը և դատաստաններդ խոստովանված,
Եվ որոշումներդ վկայված են, ո՜վ ծածկությունների տեսանո՛ղ:
Երեք երջանկահիշատակ երիտասարդների հետ,
Որոնք կիզանուտ բոցով փորձվեցին ու չվնասվեցին Բաբելոնի մեջ,
Նրանց թախծալի ե՜րգն եմ հառաչում.–
«Ես մեղանչեցի և անօրեն դարձա,
Ապստամբվեցի և պատվերներին քո չանսացի»:
Մաքուր լինելով հանդերձ՝ այսպես գոչեցին
նրանք խոստովանաբար, Իսկ ես, որ իսպառ մահապարտ եմ մի,
Ձայնակցելով նրանց այդ ողբերին,
Այս ողբերգությանս դեռ ուրիշնե՜ր էլ պիտի ավելացնեմ ես՝ ամեն բանով մահապարտս,
Դանիելի հետ՝ երանելի և սուրբ մարգարեի,
Որը հարազատ ազգական էր քեզ և Հուդայի տան ընտիր շառավիղ,
Նրա հաճելի և նվիրական պաղատանքների խոսքերն առնելով՝70Դան. Թ. 4-19
Իմ պատժապարտի հեծեծանքներով դեռ ուրիշնե՜ր էլ պիտի կրկնեմ ես:
Գիտակցելով մեկտեղ՝ անպատշաճ ընթացք ունեցա,
Զարտուղելով շարունակ և դժնդակորեն սխալվելով.
Եվ այսպես՝ մեղանչեցի ես ամեն բանի մեջ, ամեն եղանակով:
Կամքիդ որոշակի սահմանից ես ի դուրս սլացա,
Որ և իսկական օրինակ է մի անմաքուր անօրենության:
Անչափելի չարիքներն հաճախակի կրկնելով՝ իրենց լրումին հասցրի,
Ինչ որ ճշգրիտ մի պատկեր է հանցավորության:
Սպառնացիր՝ չզարհուրեցի, խրատեցիր ինձ, ևչանսացի,
Որ հայտնի նշան է ըմբոստության:
Արդարություն հարդարեցիր քեզ, ո՜վ բարերար,
Եվ ինձ՝ պատրաստեցիր ամոթ ու պատկառանք:
Քեզ՝ փառք վայելչական և ինձ՝ նախատինքհարմարավոր.
Քեզ՝ քաղցր հիշատակ և ինձ՝ մաղձ քացախյալ վերջում.
Քեզ՝ անլռելի բարեբանություն և ինձ՝ ողբ ու կոծ.
Քեզ՝ օրհներգություն խնկելի և ինձ՝ մերժումն ի բաց.
Քեզ՝ իրավունք բազմարժան և ինձ՝ ամենավարան պատասխանատվություն.
Քեզ՝ փառք անճառ գովեստներով և ինձ՝ մոխիր լիզելու անարգական պատիժ:
Բ
Արդ, ընդունեցիր դու, ո՜վ անկշիռ սահման ընտիր բարությանց,
Քոյիններից վեր առար կնդրուկներ ախորժանուշ՝ քեզ համապատասխան,
Իսկ ես ստացա այստեղ բազում պարսավանքներ սրանց դիմաց՝ կրկնակի բարդությամբ:
Եթե անբիծներն հանձն էին առնում այսպես աղոթել,
Իսկ ես պարսավի ինչպիսի՜ տողեր հյուսեմ ինձ համար,
Երբ քան բոլոր դժնաբարոներն առավել վրիպեցի:
Անառակ ընթացքովն իմ ես մոլորվեցի որպես վայրենամիտ,
Եվ հանդգնեցի իմ շրթունքներով երկրավոր խոսքեր բարբառել:
Մոլի դարձա անկասելի կերպով ամոթալի գործերի մեջ,
Փքվեցի և վերացա ես, որ փոքր-ինչ ժամանակից հետո մահվան հողն եմ իջնելու.
Գոռոզացա և բարձրամտեցի ես, որ տերն իսկ չեմ հոգուս գրավական եղող շնչառությանը:
Ամբարտավանացա՜ փոշիս շնչավոր, Ամբարհավաճեցի կավս ձայնավոր, Հպարտացա հողս անգոսնելի, Դեպի վեր ելա մոխիրս մերժելի, Բազուկ բարձրացրի՝ բաժակս փշրելի: Տարածվեցի առավել, քան իբր վեհ,
Եվ իբրև հետ մղված՝ դարձյալ ինքս իմ մեջ ամփոփվեցի:
Բարկության բոցով ցոլացա՝ տիղմս բանավոր:
Իբրև անմեռ մի՝ մեծամտեցի, ես, որ չորքոտանիների հետ մահից եմ կառչած:
Այս կյանքի սիրույն բացի գիրկս ես և դեմքիս փոխարեն քեզ թիկունք դարձրի.
Մտքիս թևերով մութ խորհուրդների միջից սլացա.
Անարատ հոգիս մարմնիս փափկությամբ հավետ հյուծեցի.
Զորությունն իմ աջ կողմի տկարացրի,
Իսկ ձախակողմիս ուժգնություն տալով՝ հաղթեցի նրան71Ձախը իբրև բացասական կողմ՝ չարամետ ուղղության նշանակ::
Հոգածությունդ իսկ տեսա ինձ համար,-
որն այստեղ գրել անկարող եմ ես, ու չպատկառեցի72Հավանաբար ակնարկում է իր տեսիլքի մեջ Հիսուսին տեսնելը, որի համար մանրամասնություններ տալը հոգևոր անհամեստություն է նկատում:.
Վայրի հավքի պես սլացա դեպի սովորությունն իմ վաղեմի,
Ինչպես Ովսեեն Եփրեմի վերաբերյալ է ասել73Ովսեե Է. 11:
Աղոթավայրում ես այս կենցաղի զբաղումներով շրջանակվեցի.
Մտքիս երիվարը բանականության երասանակով ոտքի չհանեցի:
Հին չարությունների վրա ես ինքս նորերն ստեղծեցի,
Եվ, ինչպես Հոբն է ասում, անտանելի ծանր անուրներն ինձ վրա ես ինքս ծանրացրի:
Ինքս ինձ սփածանելի արի անկարկատելի, ըստ Երեմիայի.
Եվ առակողի խոսքի համաձայն,
Անունն անգրելի մի վիժվածի պես՝ մարդահամարից ջնջվեցի,
Եվ ըստ Եսայու՝ դաշտանավորի զգեստի նման զազրելի դարձա:
Որպես թրծված խեցեղեն աման՝ աննորգելի կերպով փշրվեցի:
Եդովմին ուղղած մարգարեական մեղադրանքների համաձայն, ե՛ս էլ
Անօրենության սատակիչ չորրորդ չափն իմ ինձ պատրաստեցի74Ամովս Ա. 11-13:
Եվ սո՞ւտ կլինի, որ ավելացնեմ ես այդ բոլորին,
Թե Մողոքի դիվանվեր վրանն անգամ առա ես՝75Ամովս Ե. 26
դժոխքը ժառանգելու համար:
Երկնայինը լքած՝ ես ինքս էլ ձևակերպեցի խայտառակ պատկերն Ռեփանի աստղի,
Որն Իսրայելից պաշտվեց Սինայում76Ամովս Ե. 25-26,:
Գ
Եվ արդ, քանզի զրկվեցի ես նախկին շնորհի համարձակությունից,
Ելա նրանից, հեռացա դարձյալ և բաժանվեցի,
Եվ անպատվաստելի կերպով կտրվեցի,–
Ընդունի՛ր ինձ, Տեր, հոգուդ պատկերով կերպարանելով ինձ կրկին անգամ,
Ինձ, որ անարժան եմ ապրելու իբրև մահապարտ և չարագործ,
Իբրև ամոթահար ու ոտքի կոխան եղած բանսարկուի կողմից,
Որպես անբժշկելի մանրված,
Որպես մահվան հատակը հասած,
Որպես գարշելի դարձած,
Որպես կոչումիդ խոտան համարված,
Որպես միանգամայն կորստյան մատնված,
Որպես դեգերյալ, որպես վտարված,
Որպես տարակուսյալ, որպես թշվառացած,
Որպես վհատյալ, որպես կործանված,
Որպես խորտակված, որպես կոտրված, Ո
րպես թախծոտված, որպես խիստ տրտմած,
Որպես թշնամանված:
Իսկ նայելով վրաս, գթա՜ծ, մարդասեր, հզոր,
Ինչպես նաև աղերսական այս խոսքերիս՝
Ընդունիր ինձ դարձյալ որպես զղջացած, որպես խոստովանված,
Որպես ոտքիդ դիմած, որպես ապաշխարած:
Դու, որ կշռում ես, չափում ու համարում մեծ՝
Հառաչանքն հոգու, ձայնն հեծող շնչի,
Կսկիծը շուրթերի, ցամաքելը լեզվի, տխրությունը դեմքի,
Կամքը խորհուրդների և հոժարությունը սրտի խորքերից.
Դու, որ փրկությունն ես հոգիների
Եվ տեսնում ես չգործվածները,
Ստեղծիչն ես բոլորի և աներևույթ վերքերի բժիշկ,
Պաշտպանն ես քեզ հուսացողների
Եվ բարեխնամ Տեր ամենեցուն՝
Ամեն բանի մեջ քեզ փա՜ռք հավիտյան. ամեն: