ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, դու միայն Աստուած երկնաւոր, բարձրեալ, բարեգործ,
Քո է զաւրութիւն, քո` ներողութիւն,
Քո` բժշկութիւն, քո` առատութիւն,
Քո են պարգեւք, քո միայնոյ են ձիրք ձրի,
Քո` քաւութիւն, քո` պաշտպանութիւն,
Քո` հնարք անիմանալիք,
Քո` արուեստք անգտանելիք,
Քո` չափք անչափելիք,
Դու` սկիզբն եւ դու` կատարած:
Քանզի ոչ երբէք ստուերացուցանէ
Զլոյս ողորմութեան քոյ խաւար սրտմտութեան,
Վասն զի ոչ ես գրաւեալ ընդ մասամբք ախտից,
Ի վերդ, քան զբան, պատկեր անպարագիր,
Անդր, քան զորքանութիւն կշռութեան,
Անչափ լայնութիւն փառաց,
Անտարրափակ ընդարձակութիւն հատու զաւրութեան,
Անամփոփելի առաւելութիւն բացարձակութեան,
Անտկարանալի բարերարութիւն գթութեան:
Դու դարձուցանես, ըստ մարգարէին, յայգ զստուերս մահու,
Որ իջեր կամաւ ի տարտարոսն ներքին արգելականացն բանտի,
Յորում եւ մաղթանացն դուռն էր աղխեալ,
Եւ գերեալ անտի զմթերիցն կապուտ վտարանդելոցն հոգւոց`
Սուսերբ հրամանի յաղթական բանիդ
Զկապ սատակման մահուն խզեցեր
Եւ զմեղացն կարծիս ցրուեցեր:
Դարձ առ իս, որ զնդամ զնդանաւ վհիս
Տղմասիկ զբոյս յերկաթս մեղաց`
Վիրաւորեալ խոցմամբ սլաքաց բանսարկուին նետից:
Բ
Այլ դու, յամենայնի տէրդ բարերար,
Լոյսդ ի մէջ խաւարի, աւրհնութեանդ գանձ,
Ողորմած, գթած, մարդասէր, կարող,
Զաւրաւոր, անպատում, անքնին, անճառ,
Բաւական, ըստ սրբոյն Յակոբայ,
Անհնարից ամենից դիւրապատրաստ հնարաւորութիւն,
Հուր ծախիչ զխռիւս մեղաց,
Ճաճանչ կիզանող ընդհանրական թափանցանցութեան խորհրդոյ մեծի:
Յիշեա զիս յողորմութեան քո, աւրհնեալ, եւ մի յիրաւունս քո,
Ի ներողութեան քո, եւ մի ի հատուցման,
Յերկայնմտութեան, քան ի հաւաստութեան:
Եթէ կշռեսցես զմեղանաց իմոց ծանրութիւն`
Ընդ քաղցրութեան քո, եւ մի ընդ արդարութեան,
Զի առ սակ նախնումն յոյժ է նուազեալ,
Իսկ ի ներհակ վերջնոյս` յաւէտ ծանրակիր:
Գ
Արդ, մատիր առ իս, բարութիւն,
Որպէս յունկանն բժշկութիւն` հակառակ քո համբարձելոյն,
Բարձ ի մեղուցելոյս զհողմ մահու խռովութեան,
Զի հանգիցէ յիս ամենակալ Հոգիդ խաղաղութեան,
Եւ քեզ փա~ռք յամենայնի յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Բան ԺԶ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, դո՛ւ միայն Աստված երկնավոր, բարձրյալ, բարեգործ.
Քոնն են զորությունն ու ներողությունը,
Քոնն են բշկությունն ու առատությունը,
Քոնն են պարգևներն ու շնորհները ձրի,
Քոնն են քավությունն ու պաշտպանությունը,
Քոնն են հնարքներն անիմանալի,
Քոնն են հրաշքներն անգտնելի,
Քոնն են չափերն անչափելի,
Դո՛ւ ես սկիզբն ու վերջը:
Սրտմտության խավարը երբեք չի ստվերում լույսը քո ողորմության,
Քանզի լինելով ինքդ մտքից վեր՝ զերծ ես դու նաև որևէ ախտից:
Պատկեր ես դու անպարագիր՝ անկշռելի որքանությամբ,
Ո՛վ անչափություն փառաց լայնության,
Անսահմանափակ ընդարձակություն հատու զորության,
Անամփոփելի առավելություն,
Անտկարանալի բարերարություն գթության:
Դու մահվան ստվերն, ըստ մարգարեի, այգաբացի ես փոխում51Ամովս Ե. 8,
Ինքնակամ իջար տարտարոսը դու՝ արգելվածների բանտն ստորերկրյա,
Ուր աղոթքների դուռն անգամ փակ էր ամուր կողպեքով52Այսինքն՝ ուր այլևս անզոր էր աղաչանքը:,
Խլելով նրանից այնտեղ վտարված հոգիների կողոպուտը ողջ, Հաղթական խոսքիդ հրամայող սրով
Սատակիչ մահվան կապը կտրեցիր Եվ փարատեցիր երկյուղը մեղքի:
Դարձի՛ր այժըմ ինձ, որ տագնապում եմ տղմոտ իմ գուբի զնդանում խորունկ,
Մեղքի շղթայով ամուր կապկապված
Եվ բանսարկուի նետի սլաքով խոցված կարեվեր:
Բ
Դու Տեր բարերար, բացարձակ բարի, լո՜ւյս խավարի մեջ,
Օրհնության դու գանձ, ողորմած, գթած, մարդասեր, կարող,
Զորեղ, անապատում, անքնին, անճառ,
Դու՝ հո՜ւյժ ձեռնհաս, ըստ սուրբ Հակոբի.
Հնարավորություն միշտ դյուրապատրաստ՝ ամեն անհնար բաների դեպքում,
Մեղքի խռիվներն սպառող կրա՛կ,
Կիզանուտ ճաճանչ դու ընդհանրական և մեծախորհուրդ թափանցողությամբ:
Հիշի՛ր ինձ, օրհնյալ, քո ողորմությամբ և ո՛չ ըստ իրավունքի,
Ներողությամբ քո և ո՛չ պատժելով,
Երկայնամտությամբ և ոչ թե հավաստի համոզվածությամբ:
Եթե կամենաս կշռել ծանրությունն իմ մեղքերի,
Արա՛ քաղցրությամբ քո մարդասերի և ո՛չ արդարությամբ.
Քանզի ըստ առաջին պայմանի՝ շա՜տ են թեթև նրանք,
Իսկ ըստ վերջինի՝ սաստիկ ծանրակիր:
Գ
Արդ, մոտեցիր ինձ, ո՜վ դու բարություն,
Ինչպես բուժելու համար մոտեցար քո դեմ ելնողի ականջին53Ղուկ. ԻԲ. 51,
Մահվան խռովիչ հողմը հեռացրու մեղավորիցս,
Որ հանգչի իմ մեջ խաղաղության մեծազոր Հոգիդ:
Փա՜ռք քեզ ամենուր, ամեն բանի մեջ հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ դու ես միայն Աստված երկնավոր, բարձրյալ, բարեգործ,
Քոնն են զորություն ու ներողություն,
Եվ բժշկություն և՛ առատություն,
Եվ պարգև ու ձիր,
Քոնն են քավություն ու պաշտպանություն,
Բոլոր հնարներն անիմանալի
Եվ անգտնելի արվեստ ու հրաշք,
Քոնն են և չափերն իսկ անչափելի,
Դու ես սկիզբը, դո՛ւ ես և վախճան:
Բարկության խավարն ու մեգը երբեք
Չեն ստվերում քո լույսն ողորմության,
Քանզի լինելով ինքդ մտքից վեր՝
Զերծ ես լիովին ախտ ու կրքերից,
Ո՜վ անպարագիր պատկեր, կշռության սահմաններից դուրս,
Ո՜վ անչափություն լայնության փառքի
Եվ անտարրափակ ընդարձակություն հատու զորության,
Բացարձակության անամփոփելի անսահմանություն,
Անտկարելի բարերարություն անբավ գթության։:
Մահվան ստվերը, ըստ մարգարեի, այգի ես փոխում.
Ինքնակամորեն իջար տարտարոս,
Արգելափակված աքսորյալների բանտն ստորերկրյա,
Ուր փակ էր անգամ դուռն աղոթքների,
Եվ հոգիների ավարն այնտեղից հափշտակելով՝
Հրաման-խոսքիդ սրով հաղթական
Տանջալի մահվան կապը կտրեցիր
Ու փարատեցիր մեղքի ամեն մի երկյուղ ու կասկած:
Դարձի՛ր այժմ ինձ, որ սահմռկել եմ
Տղմալի գբիս զնդանում խորունկ՝
Մեղքի շղթայով ամուր կապկպված
Եվ բանսարկուի նետի սլաքով խոցված կարեվեր:
Բ
Ո՜վ ամենայնի տերդ բարերար,
Ո՜վ օրհնության գանձ, լույս խավարի մեջ,
Ողորմած, գթած, մարդասեր, կարող,
Հզոր, անքնին, անպատում, անճառ,
Հակոբի խոսքով՝ ամենակարող
Եվ անհնարին բոլոր բաների
Միշտ դյուրապատրաստ հնարավորող,
Մեղքի խռիվներ սպառող կրակ,
Կիզանուտ ճաճանչ, ընդհանրական
Ու մեծախորհուրդ թափանցողությամբ,
Հիշի՛ր ինձ ոչ թե քո իրավունքով, այլ ողորմությամբ,
Ներողությամբ քո, ոչ թե հատուցմամբ,
Ոչ թե հավաստյավ, այլ հանդուրժանքով:
Եթե մեղքերս կշռելու լինես,
Ապա արա քո քաղցրության, ոչ թե արդարության հետ.
Զի ըստ առաջին չափի՝ չափազանց նվազ կլինեն,
Իսկ ըստ վերջինի՝ սաստիկ ծանրակիր:
Գ
Արդ, մոտեցիր ինձ, ո՜վ դու բարություն,
Ինչպես բուժելու համար մոտեցար
Ականջին քո դեմ ստամբակողի.
Մեղապարտիցս վանի՛ր մահվան հողմն այս խռովահույզ.
Որ հանգչի իմ մեջ մեծազոր՛ Հոգին քո խաղաղության.
Ամեն ինչում քեզ փա՜ռք հավիտենից հավիտյանս.
ամեն: