ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ի վերայ այսքանեաց յուսահատութեանց
Եւ ահարկու սրտաբեկութեանց,
Պակուցանողական սաստկութեանց աստուածային բարկութեանց,
Տագնապեալ ոգւով թախծութեան իսպառ,
Աղաչեմ զքեզ, սուրբ Աստուածածին,
Հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ քերոբէ, երկնաւոր արքայուհի,
Անխառն իբրեւ զաւդ, մաքուր որպէս լոյս,
Անշաղախ` ըստ նմանութեան պատկերի արուսեկին բարձրութեան,
Գերազանց, քան զբնակութիւն անկոխելին սրբութեանց,
Երանաւոր խոստմանն տեղի, եդեմ շնչական,
Ծառ կենացն անմահից` բոցեղէն սրովն պարունակեալ,
Ի բարձրեալն Հաւրէ զաւրացեալ եւ հովանացեալ,
Հանգստեամբ Հոգւոյն հանդերձեալ եւ մաքրագործեալ,
Բնակութեամբ Որդւոյն յարդարեալ եւ տաղավարեալ,
Միածինն` Հաւր եւ քեզ` անդրանիկ,
Որդի քո` ծննդեամբ եւ Տէր` արարչութեամբ,
Ընդ անաղտ մաքրութեանդ` եւ անբիծ բարի,
Ընդ անարատ սրբութեանդ` եւ խնամակալ բարեխաւս:
Ընկա~լ զմաղթանս այսր աղերսանաց քում դաւանողիս
Եւ մատո ընծայեա` ընդ սմին խառնեալ
Զբանն իմ նախնի մեծիդ ներբողի ի քոյդ պաղատանս:
Հիւսեա միացո զմեղուցելոյս դառն հեծութիւն
Ընդ քումդ երջանիկ եւ խնկաւորեալ հայցուածոց,
Տունկդ կենաց պտղոյն աւրհնութեան,
Զի ի քէն միշտ աւգնեալ եւ բարեգործեալ
Եւ ի մաքրական քո ծնելութիւնդ ապաւինեալ եւ լուսաւորեալ`
Կեցից Քրիստոսի` Որդւոյ քոյ եւ Տեառն:
Բ
Աւժանդակեա թեւոցդ աղաւթիւք,
Խոստովանեալ մայրդ կենդանեաց,
Եւ ելիցն իմ յերկրէս հովտէ
Առանց լլկանաց հետեւել ի կեանս աւթեւանացդ պատրաստութեան,
Զի թեթեւասցի կատարածն իմ ինձ` ծանրացելոյս անաւրէնութեամբ:
Արասցես տաւն ինձ բերկրութեան զաւրն իմ տագնապի,
Ողջացուցիչ երկանցն Եւայի:
Բարեխաւսեա, խնդրեա, աղաչեա,
Զի ըստ անճառելի մաքրութեանդ`
Եւ ահա զբանիդ հաւատամ զընդունելութիւն:
Արտասուաւք աւգնեա վտանգեցելոյս, գովեալդ ի կանայս
Ծունր խոնարհեցո առ իմ հաշտութիւն, ծնողդ Աստուծոյ,
Ընդ իմում թշուառիս հոգա, խորան բարձրելոյդ
Ձեռն տուր անկելոյս, տաճար երկնային:
Փառաւորեա զՈրդիդ քո ի քեզ`
Աստուածաւրէն ինձ հրաշագործել քաւութիւն եւ ողորմութիւն,
Աղախին Աստուծոյ եւ մայր:
Գ
Բարձրասցի պատիւ քո ինեւ,
Եւ ցուցցի փրկութիւն իմ քեւ,
Եթէ զիս գտցես, տիրամայր,
Թէ ինձ ողորմեսցիս, սրբուհի,
Թէ զկորուսեալս շահեսցիս, անարատ,
Թէ զհարթուցեալս յանձանձեսցես, երջանիկ,
Թէ զամաչեցեալս յառաջ մատուսցես, բարեշնորհ,
Թէ յուսահատելոյս ինձ միջնորդեսցես, միշտ սուրբ կոյս,
Թէ զմերժեալս ընտանեցուսցես, մեծարեալդ Աստուծոյ,
Թէ յիս ցուցցես զգթածութիւն, լուծիչդ անիծից,
Թէ զծփեալս հաստատեսցես, հանգիստ,
Թէ ի խռովութեանս յուզմանց փոխեսցես զիս, խաղաղարար,
Թէ վրիպելոյս ինձ հնարաւորեսցես գովեալ,
Թէ վասն իմ մտցես ի հանդէս, մահու նահանջիչ,
Թէ զդառնութիւնս իմ անուշեսցես, քաղցրութիւն,
Թէ զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես, հաշտութիւն,
Թէ զանմաքրութիւնց իմ բարձցես, եղծման ընդոտնիչ,
Թէ զմատնեալս մահու փրկեսցես, կենդանի լոյս,
Թէ զլալեացս ձայն հատցես, բերկրութիւն,
Թէ զխորտակեալս կազդուրեսցես, դեղ կենաց,
Թէ ի կործանեալս յիս ակնարկեսցես, հոգելից,
Թէ ողորմութեամբ ինձ պատահեսցես, կտակ նուիրեալ,
Աւրհնեալդ միայն ի շրթունս անբիծս լեզուաց երջանկաց:
Ահա կաթիլ մի կաթին քումդ կուսութեան,
Յանձն իմ անձրեւեալ, կենաց ինձ զաւրէ,
Մայրդ բարձրելոյ Տեառն Յիսուսի`
Արարչին երկնի եւ բնաւին երկրի,
Զոր անճառապէս ծնար բովանդակ մարմնովն եւ համայն աստուածութեամբն,
Որ փառաւորեալն է ընդ Հաւր եւ Հոգւոյն Սրբոյ`
Էութեամբ եւ անքննութեամբ մերոյին բնութեամբս միացելով,
Ամենայն եւ յամենայնում, մի յԵրրորդութենէն:
Նմա փա՜ռք յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:
Բան Ձ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, այսքան հուսահատությունների և ահարկու սրտաբեկության,
Ահաբեկիչ սաստկությամբ աստվածային բարկության ենթարկվելուց հետո,
Թախծալից ոգով, իսպառ տագնապած՝
Քեզ եմ աղաչում, սուրբ Աստվածածին,
Հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսիլ քերովբե, Երկնավոր արքայուհի.
Անխառն, ինչպես օդ, մաքուր, ինչպես լույս,
Անշաղախ՝ նման բարձր արուսյակի պատկերին պայծառ,
Գերազանց, քան սրբությունների բնակարան անկոխելի,
Խոստացված դու վայր երանավետ,
Եդեմ շնչավոր, Անմահ կենաց ծառ՝ բոցեղեն սրով պարունակված268aԾննդ. Գ.24,
Բարձրյալ Հորից զորացած և հովանավորված,
Հանգստությամբ Հոգու պատրաստված և մաքրագործված,
Բնակությամբ Որդու հարդարված և տաղավարված269Ղուկ. Ա. 35,
Հոր համար միածին և քեզ՝ անդրանիկ,
Որդիդ՝ ծնունդով և Տերդ՝ արարչությամբ,
Անաղտ մաքրությանդ հետ և՛ անբիծ բարի,
Անարատ սրբությանդ հետ և՛ բարեխոս խնամակալ,
Ընդունի՛ր աղոթքն այս աղերսալից քեզ դավանողիս,
Եվ այն ընծայիր Աստծուն իբրև պաղատանքը քո,
Խառնելով նրան՝ մեծիդ մատուցված իմ պաղատալից ներբողն առաջին.
Հյուսիր, միացրու դառն հեծությունն իմ մեղավորի
Քո երանելի և նվիրական խնդրվածքի հետ,
Կյանքի տունկդ դու օրհնված պտղի, Որպեսզի քեզնից միշտ բարերարված
Եվ ապավինած մաքուր մայրությանդ ու լուսավորված՝
Ապրեմ ես Քրիստոս Որդուդ միածին և Տիրոջդ համար:
Բ
Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով, ո՜վ խոստովանված մայրդ ողջերի.
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դեպի կյանք,
Դեպի պատրաստված օթևաններդ:
Թող թեթև լինի վախճանն իմ, զի ես ծանրացել եմ խիստ անօրենությամբ,
Օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տոն ուրախության,
Դու, որ բուժեցիր երկունքն Եվայի:
Խնդրի՛ր, աղաչիր ու բարեխոսիր,
Զի անճառելի մաքրությանդ համար հավատում եմ ես՝ խոսքդ կընդունվի:
Արցունքով օգնիր դու վտանգվածիս, գովյա՜լդ կանանց մեջ.
Ծնկաչոք խնդրիր հաշտությանս համար, ծնո՜ղդ Աստուծո.
Հոգատար եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն բարձրյալի.
Ձեռք տուր ընկածիս, տաճա՜ր երկնային.
Եվ փառավորիր Որդուդ քեզանով,
Որ աստվածորեն հրաշագործե ինձ ի քավություն և ողորմություն,
Ո՜վ դու Աստուծո աղախին և մայր.
Բարձրանա պիտի պատիվդ ինձանով
Եվ փրկությունն իմ՝ ցույց տրվի քեզնով:
Գ
Եթե ինձ գտնես, տիրամա՜յր, Թե ինձ ողորմես, սրբուհի՛,
Թե կորուսյալիս շահես, անարա՛տ:
Եթե խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
Եթե ամոթահարիս առաջ տանես, բարեշնո՛րհ,
Եթե միջնորդես հուսահատվածիս համար, մի՜շտ սուրբ կույս,
Եթե մերժվածիս ընտանեցնես, Աստծո՛ւց մեծարված,
Եթե ցույց տաս ինձ գթությունդ, լուծի՛չդ
անեծքների, Եթե տատանյալիս ամրապնդես, հանգի՛ստ,
Եթե հուզումներս ու խռովքներս հանդարտեցնես, խաղաղարա՛ր,
Եթե մոլորյալիս մի ճար գտնես, գովյա՜լ,
Եթե ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՛ն նահանջիչ,
Եթե դառնությունս անուշացնես, քացրությո՜ւն,
Եթե բաժանման արգելքը քանդես, հաշտությո՛ւն,
Եթե անմաքրությունս վերացնես, եղծմա՛ն ընդոտնիչ,
Եթե փրկես ինձ՝ մահվան մատնվածիս, կենդանի՜ լույս,
Եթե իմ լացի ձայնը կտրես, բերկրությո՛ւն,
Եթե խորտակվածիս կազդուրես, կյանքի՛ դարման,
Եթե կործանվածիս մի ակնարկ գցես, հոգելի՛ց,
Եթե ողորմությամբ ինձ պատահես, նվիրակա՛ն կտակ,
Օրհնյալդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից,
Ահա կաթիլ մի կուսությանդ կաթից
Մեջս անձրևելով՝ կյանք է տալիս ինձ,
Ո՜վ դու մայր բարձրյալ Տիրոջդ-Հիսուսի,
Երկնի և համայն երկրի արարչի, որին ծնեցիր դու անճառորեն,
Բովանդակ մարմնով և ամբողջովին իր աստվածությամբ,
Որ փառավորված է Հոր և Սուրբ Հոգու հետ
Էությամբ համակ և անքննությամբ մեր բնության հետ միացած,
Ամենայն է նա և ամեն ինչում, Երրորդությունից մեկը,
Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ահա ենթարկված այսքան անողորմ,
Դառն ու սրտաբեկ հուսահատության
Եվ աստվածային սահմռկեցուցիչ բարկության ահեղ,
Թախծագին հոգով իսպառ տագնապած՝
Աղաչում եմ քեզ, սուրբ Աստվածածի՜ն,
Ո՜վ մարդ-հրեշտակ ու մարմնատեսիլ անբիծ քերովբե,
Երկնի թագուհի, անխառն՝ ինչպես օդ, մաքուր՝ ինչպես լույս,
Անեղծ՝ երկնաճեմ արուսյակի պես,
Անապակությամբ գերազանց՝ անկոխ սրբություններից,
Առատախոստում երանության վայր, շնչավոր եդեմ,
Բոցեղեն սրով պաշտպանված՝ կենաց անմահության ծառ,
Հովանավորված, զորացած՝ բարձրյալ արարչի ձեռքով,
Հանգստյամբ հոգու՝ շնորհազարդված ու մաքրագործված,
Հարդարված, որպես տաղավար, որդուդ սուրբ բնակությամբ,
Անաղտ մաքրությամբ հանդերձ՝ գթասիրտ,
Անբիծ սրբությամբ հանդերձ՝ բարեխոս ու խնամակալ,
Ընդունի՛ր մաղթանքն այս աղերսական՝ քեզ դավանողիս,
Խառնելով մեծիդ նվիրած նախկին ներբողներիս հետ՝
Մատուցի՛ր որպես պաղատանքը քո.
Միավորի՛ր ու հյուսի՛ր հեծեծանքն իմ դառնակսկիծ
Աղերսանքներին քո երանելի ու նվիրական,
Ո՜վ կենաց պտղի օրհնաբանված տունկ,
Որ ապավինած քո սուրբ մայրության
Եվ լուսազարդված, միշտ աջակցություն,
Բարեգործություն գտած քեզանից,
Ապրեմ միածին Քրիստոս որդուդ ու տիրոջ համար։
Բ
Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով,
Ո՛վ խոստովանված մայր կենդանության,
Որ այս աշխարհի հովտից դուրս գալիս՝
Առանց տանջանքի մեկնեմ դեպի կյանք,
Դեպի պատրաստած օթևաններդ,
Որպեսզի թեթև լինի վախճանը
Անօրենությամբ ծանրաբեռնվածիս։
Օրն հոգեվարքի դարձրո՛ւ ինձ համար մի տոն ցնծության,
Ցավազերծո՛ղդ երկունքն Եվայի,
Խնդրի՚ր, աղաչի՛ր ու բարեխոսի՛ր,
Քանզի անպատում մաքրությանդ համար,
Հավատացած եմ, խոսքդ կընդունվի։
Արցունքով օգնի՛ր ինձ, վտանգվածիս, գովյա՜լդ կանանց մեջ.
Ծնրադիր խնդրի՛ր հաշտությանս համար, ծնո՜ղդ Աստծո.
Հոգածո՛ւ եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն բարձրյալի.
Ձե՛ռք տուր ընկածիս, երկնայի՜ն տաճար.
Փառավորի՛ր քո որդուն քեզանով՝
Աստվածորեն ինձ հրաշագործնլ,
Տալով քավություն հ ողորմություն,
Ո՜վ դու Աստծո աղախին ու մայր.
Թող փրկությունս ցույց տրվի քեզնով,
Եվ քո պատիվը ինձնով բարձրանա։
Գ
Եթե գտնես ինձ նորից, Տիրամա՜յր,
Եթե ողորմես, անե՜ղծ սրբուհի,
Թե կորուսյալիս շահես, անարա՜տ,
Եթե խրտնածիս հոգաս, երջանի՜կ,
Թե առաջ տանես ամոթահարիս, ո՜վ բարեշնորհ,
Եթե միջնորդես հուսահատվածիս համար, միշտ սո՜ւրբ կույս,
Եթե մերժվածիս ընտանեցնես, մեծարյա՜լդ Աստծո,
Եթե ցույց տաս ինձ գթածությունդ, լուծի՜չդ անեծքի,
Եթե ամոքես հուզվածիս, հանգի՜ստ,
Եթե ազատես այս ալեխռով
Վարանումներից, ո՜վ խաղաղարար,
Եթե ճար գանես գայթածիս, գովյա՜լ,
Եթե ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՜ն նահանջիչ,
Թե անուշացնես դառնություններն իմ, համա՜կ քաղցրություն,
Եթե բաժանման խոչընդոտները քանդես, հաշտարա՜ր,
Եթե սրբես ինձ անմաքրությունից, եղծմա՜ն ընդոտնիչ,
Եթե փրկես ինձ՝ մատնվածիս մահվան, ո՜վ կենդանի լույս,
Թե ձայնը լացիս կտրես, բերկրությո՜ւն,
Թե խորտակվածիս կազդուրես նորից, կենսապարգև՜ դեղ,
Թե կործանվածիս նայես, հոգելի՜ց,
Եթե ընդունես ինձ ողորմությամբ, նվիրյա՜լ կտակ։
Օրհնյա՛լդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերով,
Ահա մի կաթիլ կուսական կաթիդ
Մեջս անձրևելով՝ կյանք է տալիս ինձ,
Ո՜վ մայրդ բարձրյալ տիրոջ Հիսուսի՝
Արարչի երկնի և համայն երկրի,
Որին ծնեցիր դու անճառորեն՝
Բովանդակ մարմնով ու համաբոլոր իր աստվածությամբ,
Որ փառավորն է հոր հետ, սուրբ Հոգով,
Կապված էությամբ և անքննությամբ մեր բնության հետ,
Որն ամենայն է և ամեն ինչում՝
Որպես մեկը սուրբ Երրորդությունից.
Նրան վայել է փա՛ռք հավիտենից հավիտյանս, ամեն։