ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ճշմարտեսցի բան քո, ողորմած,
Բոլորից Աստուած, ներող եւ աւրհնեալ,
Ի բազմագթելին դարձաւորութիւն
Աւուրն պատկերի զղջման մեղաւորին,
Թէ եւ առ յետին իսկ շունչն իցէ ընտրութիւն,
Եւ կամ ի մէջ չարութեանն` փոխադրութիւն:
Մանաւանդ զի դժնեայ կցորդս այս անձնիշխանական,
Միշտ մարտիկ, խաբող, շողոքորթ, յարեալ ի ստութիւն,
Ըստ առակողին` արածող հողմոց,
Դժուարունելի հաստողին փախչող,
Գերեալ որսողին մոլեկան մարմնոյս,
Ներհակ տնկակից, յոգնապատճառեան ամենավարան,
Զոր քո է գիտել զքանեացն յաճախութիւն:
Եւ զկնի մեղանացն` ողորմագինս իմն ողբարկութիւնս
Վհատականս, տաժանակոծս, բազմաւաղելիս քո առաջի, Տէր,
Գթարկութիւնս, գրեալս արտասուաւք, թառանչս թշուառութեանց,
Կարգելոց անբաւս չար վտանգից մեղսատագնապ պատկառեցելոյն:
Բ
Եւ զի մի կրկնաբանութիւնս ի շատախաւսութիւն կրթեսցի,
Առաւել քան զսոյն այսու ողբալի,
Քանզի ոչ համարձակի խնդրել իւր զարքայութիւնն,
Այլ զտանջանացն թեթեւութիւն,
Ոչ ընդ կենդանեացն ի լոյս,
Քան թէ ընդ գերեզմանականացն զգայական շնչովն` ի խաւար,
Ոչ ընդ ամբարձեալսն, այլ ընդ բեկեալսն եւ ընդ խորտակեալսն:
Ի հանգստեան իւրում` վաստակեալ,
Ի խրախութեան` ինքեան տրտմեցեալ,
Դիմաւք` ժպտեալ, եւ մտաւք` խոցեալ,
Կերպ` ի ծաղր, եւ աչք` ի յողբումն,
Երեսք զսփոփանս ձեւացուցանէ,
Եւ արտասուքն զդառնութիւն սրտին ճշմարտէ:
Գ
Ըմպանակք երկու յերկոսին ձեռին,
Մինն` արեամբ, եւ միւսն` կաթամբ,
Երկու բուրանոցք կայծակնաւորք,
Մինն` խնկով, եւ միւսն` ճենճերիւ,
Սկաւառակք կրկին կրաւորականք համոց,
Մինն` քաղցու, եւ միւսն` դառնութեամբ,
Բաժակք զոյգ առ երկուս բերմունս,
Մինն` արտաւսր, եւ միւսն` ծծումբ,
Տաշտք կրեցեալք ի ծայրս մատանց,
Մինն` գինի, եւ միւսն` լեղի,
Դրունք տեսանելեաց ներհակաց,
Մինն` ի լաց, եւ միւսն` ի վրիպումն,
Խանութք հալոցականաց հակառակութեանց,
Մինն արծարծէ, եւ միւսն շիջուցանէ:
Հայեցուածք դիմաց երկուց,
Մինն` դոյզն ողոքանաւք, եւ միւսն` անանխայելի բարկութեամբ,
Համբարձումն երկակի բազկաց,
Ոմն` ի հարուածս, եւ ոմն` ի մերժումն,
Դէմք կրկնակի կերպից,
Մինն` տխրեալ, եւ միւսն` ցասուցեալ,
Կշտամբանք ընդ միոյ երկու,
Մինն` աստեացս, եւ միւսն` ապառնեացն,
Ապաւինութիւնք կարծողականք,
Մինն` գոնէ, եւ միւսն` թերեւս,
Ի մի բերան երկակի բարբառ,
Մինն` եղկութիւն, եւ միւսն` խռովութիւն,
Երկուս ազդմունս ի միում սրտի,
Մինն` կեղակարծ յուսոյ, եւ միւսն` ճշգրիտ կորստեան:
Ամպ լրթագոյն, ահագնատեսիլ, կրկին տեղացմանց,
Մինն` նետս, եւ միւսն` քարինս,
Որոտումն ահեղ երկոցունց բերմանց,
Մինն` կարկուտ, եւ միւսն` հրացան,
Ցայգ ցաւագին երկուց վտանգից,
Մինն` լալոյ, եւ միւսն` մահու,
Առաւաւտ սգոյ երկուց բողոքմանց,
Մինն` սաստից, եւ միւսն` սպառնալեաց,
Արեգակունք երկու ի յերկուց ծայրից,
Մինն` խաւարի, եւ միւսն` կիզման:
Դ
Եթէ հարուածոց աջ կառուցանի, ինքեան վարկանի,
Եթէ ձեռն պարգեւաձիր` ոչ իւր ակն ունի,
Ի պարծանս ուրուք` կորանայ,
Յամբարձումն գլխոյ` ընկճի,
Ի չարեաց յիշատակ` հեծէ,
Ի ճառս մաքրոց` պատկառէ,
Ի պատմութիւնս հանդերձելոցն` երերի:
Եթէ աւրհնի յումեքէ յայտնի,
Ի ծածուկ զանձն անիծանէ,
Եթէ գովեստ յումեքէ լսէ,
Պարսաւանաւք զինքն կշտամբէ,
Եթէ դսրովեսցի սաստկապէս,
Ինքեամբ ինքեան վկայէ,
Եթէ ձաղեսցի ուժգին,
Սակաւ հատուցումն առաւել պարտուցն գրեսցէ,
Եթէ ըղձումն մահու ինքեան լսիցէ,
Այո ասէ եւ դարձեալ կրկնէ:
Եւ եթէ որոգայթ մահու ճայթեսցէ յերկնէ,
Հազիւ զդէմսն համբառնայցէ,
Զիւրոց իրաւանցն մատեան խփեալ,
Զպատասխանութեանն յոյս լքուցեալ,
Զհամարձակութեանն ընթացս փակեալ:
Եւ եթէ ոչ էր անփրկանաւոր կորուստ գերելոյն,
Զիւրովին երթալ ոչ ինչ դանդաղէր:
Արդարեւ վա~յ մեղաւորին,
Որ տարակուսեալ կայցէ ի վերայ երկուց ճանապարհաց,
Ըստ հոգելից բանի իմաստնոյն:
Ե
Եւ արդ, զիա՞րդ ոչ ողորմեսցիս, բարեգութ,
Այսքանեացս ձայնարկութեանց կողկողագինս հեծեծանաց,
Որ անուամբս այսու մեծացար, թէ` Ողորմած եմ ես Տէր:
Ահա առ չարութիւն գերելոյս` բարութիւն քո,
Առ մահապարտիս դառնութիւն` քաղցրութիւն քո,
Առ կորուսելոյս յայտնութիւն` ճառագայթ քո,
Առ յանդգնելոյս մոլութիւն` ողորմութիւն քո,
Առ խակութիւն վնասակարիս` հեզութիւն քո,
Առ կործանելոյս այցելութիւն` աջ քո,
Առ ընկղմելոյս վերբերութիւն` ձեռն քո,
Առ բժշկութիւն անողջանալի խոցուածոյս` մատն քո,
Առ պակուցելոյս պաշտպանութիւն` ոգի քո,
Առ ապախտաւորիս իմ վստահութիւն` երկայնմտութիւն քո,
Առ աւծումն ամենադժնէիս` զաւրութիւն քո,
Առ մեղաւորիս քաւութիւն` հրաման քո,
Առ փախուցելոյս ապաւինութիւն` ոտք քո,
Առ սրացելոյս պատսպարութիւն` բազուկ քո,
Առ վրիպելոյս առաջնորդութիւն` լոյս քո,
Առ տարակուսելոյս հնարաւորութիւն` հանճար քո,
Առ անիծելոյս կրկին ստացումն` աւրհնութիւն քո,
Առ վհատելոյս քաջալերութիւն` խրախոյս քո,
Առ վշտագնելոյս մխիթարութիւն` բաժակ քո,
Առ նեղելոյս ընդարձակութիւն` կամք քո,
Առ ատեցելոյս կոչումն` սէր քո,
Առ հաստումն սասանեցելոյս` բան քո,
Առ հոգւով վիրաւորելոյս` կաթուած արեան քո,
Առ աներեւոյթ մթերս ցաւոցս` ակնարկութիւն քո,
Առ յուսահատելոյս անդրէն ընտրութիւն` իշխանութիւն քո,
Առ պատուաստումն կտրեցելոյս` կցորդութիւն քո,
Առ խաւարաւ մահու ծածկելոյս` նշոյլ կենաց քո,
Առ խռովեցելոյս իմ հանդարտութիւն` խաղաղութիւն քո,
Առ վայրագութիւն աւտարացելոյս` ողջոյն քո,
Առ մոլորելոյս դարձաւորութիւն` ձայն քո:
Զի դու տիրես ամենայնի գթութեամբ,
Եւ չիք ի քեզ մասն ինչ խաւարի,
Եւ ոչ է բարութիւն առանց քո,
Եւ քեզ վայել է փառք յաւիտեանս:
Ամէն:   up

Բան Լ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, թող ճշմարտվի քո խոսքը, ողորմած Աստված դու բոլորի,
Ներող և օրհնյալ՝ այն մեղավորի մասին,
Որը մի օրում բազմաթիվ անգամ գայթելով՝ վերջապես դարձի կգա զղջացած,
Թեկուզ այդ լինի իր վերջին շնչում
Եվ կամ չարություն գործած միջոցին:
Մանավանդ որ դժնյա կցորդս այս անձնիշխանական՝
Մի մարտիկ է միշտ, խաբող շողոքորթ, ստության հարած,
Ըստ առակողի՝ հողմեր արածող,
Դժվարբռնելի փախչող՝ հաստողից,
Որսողին գերի՝ մոլեկան մարմնիս,
Ներհակ տնկակից, որի պատճառած վարանումների
Որքանությունը դո՛ւ գիտես միայն:
Սակայն մեղքերին հաջորդում են խիստ հուսահատական և տաժանակոծ,
Բազմավաղելի հո՜ւյժ ողորմագին բարձրաձայն ողբեր,
Արցունքով գրված և ի գութ շարժող թառանչներ թշվառ,
Որոնք մեղքերով տագնապողը,
Տե՜ր, տարածում է քո առջև ամոթահար:

Բ

Եվ որպեսզի կրկնաբանությունս շատախոսության չհասնի
Ու չդառնա ավելի ողբալի, քան այս,
Ասեմ, թե նա արքայություն չէ, որ համարձակվում է խնդրել քեզանից,
Այլ միայն թեթևացում տանջանքների.
Ոչ թե կհուսա բնակվել լույսի մեջ ապրողների հետ,
Այլ՝ խավարի մեջ, գերեզմանականների հետ, զգայական շնչով.
Ոչ թե բարձրերի, այլ խորտակվածների և բեկյալների հետ լինել.
Հոգնաբեկ է նա իր հանգստի մեջ և խրախճանքում՝ տրտում,
Դեմքով ժպտուն է և մտքով՝ խոցված.
Երեսը ծիծղուն, և աչքն արտասվագին.
Առերևույթ սփոփված է ձևացնում իրեն,
Իսկ արտասուքը սրտի դառնությունն է վկայում:
Իր երկու ձեռքում երկու ըմպանակ, մեկն արյամբ լցված և մյուսը՝ կաթով.
Եվ վառվող երկու բուրվառ ունի նա, մեկը խունկով լի, մյուսը՝ ճենճերով.
Անոթներ երկու, մեկը քաղցրությամբ լեցուն և մյուսը՝ դառնությամբ.
Մի զույգ բաժակներ երկու նյութով լի, մեկը արտասուք և մյուսը՝ ծծումբ.
Մատների ծայրով բռնած երկու տաշտ՝ գինի մեկի մեջ ու մյուսում լեղի:
Տեսողության դռներ իրարու ներհակ՝ մեկը լաց լինելու և մյուսը սխալվելու տրամադիր.
Իրար հակառակ երկու հալոցներ, մեկն արծարծում է և մյուսը՝ մարում.
Երկդիմի նայվածքներ՝ մեկը ողոքիչ և մյուսն անխնա բարկությամբ լեցուն.
Դեպի վեր պարզած երկու բազուկներ՝ մեկն հարվածելու, մյուսը մերժելու.
Դեմք՝ երկու տարբեր արտահայտությամբ - տխուր ու ցասկոտ.
Մեկի փոխարեն երկու կշտամբանք՝ ներկայի համար և ապագայի.
Ապավինումներ կասկածելի՝ մեկը «գոնե» և մյուսը «թերևս».
Մի բերանի մեջ երկակի բարբառ՝ մեկը եղկություն, մյուսը խռովանք.
Միևնույն սրտում երկու զգացմունք՝ մեկը կասկածելի հույսի և մյուսը ճշգրիտ կորստյան.
Ամպ լի լրթագույն, ահագնատեսիլ կրկնակ տեղումով՝ մեկը սուր նետեր և մյուսը՝ քարեր.
Որոտում ահեղ երկու բերումով՝ կարկուտ ու կրակ95Հմմտ. Ելից Թ. 24.
Ցավագին գիշեր երկու վշտով լի՝ լալու ու մահվան96Հմմտ. Ողբ Երեմ. Ա. 2 Բ. Կորնթ. Է. 10.
Սուգի առավոտ երկու գոչյունով՝ մեկը սաստի և մյուսն սպառնալիքի.
Արևներ երկու՝ երկու կողմերից - մեկը խավարի և մյուսը կիզման97Հմմտ. Հայտն. Զ. 12:

Գ

Եթե մի բռունցք բարձրանա հանկարծ, կարծում է՝ իրեն է հարվածելու.
Իսկ եթե երկարի ձեռք պարգևաձիր՝ նա ինքը իրեն համար հույս չունի:
Երբ մեկը պարծենում է, կորանում է նա,
Եվ երբ գլուխը բարձր են պահում՝ ընկճվում է.
Երբ չար արարքներ են հիշվում՝ հեծում է.
Երբ սրբերի մասին է խոսվում՝ ամաչում է.
Հանդերձյալի մասին պատմվելիս՝ երերում է.
Երբ մեկից օրհնվի հայտնապես՝ ծածուկ անիծում է իրեն.
Երբ գովեստ լսի մեկից՝ կշտամբում է իրեն պարսավանքով.
Երբ նախատվի սաստկապես՝ գտնում է նա այդ իրավացի.
Եթե ուժգին ծաղրվի՝ համարում է այդ սակավ հատուցում նա իր բազմաթիվ մեղքերի համար.
Եթե լսի նա՝ իր մահն են ուզում՝ ասում է «այո՛» և կրկնում դարձյալ.
Եթե երկնքից մահ ու շանթ ճայթի՝ իր դեմքն հազիվ է բաձրացնում վերև:
Իր իրավունքների մատյանն է գոցված,
Պատասխան տալու հույսն է կտրված,
Համարձակության ճամփան է փակված:
Չէր դանդաղի նա լինել անձնասպան,
Եթե չլիներ այդպիսի կորուստն անփրկելի քայլ:
Արդարև վա՜յ այն մեղավորին,
Որ տարակուսյալ կկանգնի երկու ճամփաների վրա, ըստ իմաստունի հոգելից խոսքի:

Դ

Եվ արդ, ինչպե՞ս չես ողորմում, բարեգութ,
Այսքան ողբաձայն ու կողկողագին հեծեծանքներիս,
Դու այս խոսքով բարձրացար, ասելով, թե՝ «Ես ողորմած Տե՜ր եմ»:
Ահա՛ չարության դեմ գերուս՝ կա քո բարությունը,
Մահապարտիս դառնության դեմ՝ քո քաղցրությունը,
Կորուսյալիս գտնելու համար՝ քո ճառագայթը,
Հանդուգնիս մոլության դիմաց՝ քո ողորմությունը,
Վնասակարիս խստության դիմաց՝ քո հեզությունը,
Կործանվածիս օգնելու համար՝ քո աջը,
Ընկղմվածիս դուրս բերելու համար՝ քո ձեռքը,
Անողջանալի վերքերիս բժշկության համար՝ քո մատը,
Ահաբեկվածիս պաշտպանության համար՝ քո ոգին,
Ապերախտիս վստահացնելու համար՝ քո երկայնամտությունը,
Ամենադաժանիս օծման համար՝ քո զորությունը,
Մեղավորիս քավության համար՝ քո հրամանը,
Փախչողիս ապավինության համար՝ քո ոտքը,
Դուրս սլացողիս պատսպարության համար՝ քո բազուկը,
Վրիպածիս առաջնորդության համար՝ քո լույսը,
Տարակուսյալիս հնարավորության համար՝ քո հանճարը,
Անիծյալիս դարձյալ ստանալու համար՝ քո օրհնությունը,
Վհատյալիս քաջալերության համար՝ քո խրախույսը,
Վշտացյալիս մխիթարության համար՝ քո բաժակը,
Նեղյալիս ընդարձակության համար՝ քո կամքը,
Ատելուս կանչելու համար՝ քո սերը,
Սասանյալիս հաստատության համար՝ քո խոսքը,
Հոգով վիրավորվածիս համար՝ քո արյան կաթիլը,
Անտես ցավերս ցրելու համար՝ քո ակնարկությունը,
Հուսահատվածիս վերընտրության համար՝ քո իշխանությունը,
Կտրվածիս պատվաստելու համար՝ քո կցորդությունը,
Մահվան խավարով ծածկվածիս համար՝ շողդ կենսատու,
Խռովյալիս հանդարտության համար՝ քո խաղաղությունը,
Վայրագորեն օտարացածիս համար՝ քո ողջույնը,
Մոլորվածիս դարձի բերելու համար՝ քո ձայնը,
Զի դու ես տիրում բոլորին քո գթությամբ,
Եվ չկա քո մեջ խավարի մասնիկ, Եվ չկա բարություն առանց քեզ,
Եվ քեզ է վայելում փա՜ռք հավիտյանս, ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, թող ճշմարտվեն խոսքերդ, օրհնյալ, 
Ողորմած, ներող Աստվա՜ծ բոլորի, 
Այն մեղավորի հանդեպ բազմագայթ, 
Որը զղջումով դարձի էր գալիս.
Թեկուզև լինի այդ մեղանչողի հուսկ վերջին շնչում 
Կամ նույնիսկ չարիք գործելու պահին:
Մանավանդ նրա դժնի կցորդն այս 
անձնիշխանական՝ 
Մի մարտիկ է միշտ ստության հարած,
խաբող շողոքորթ,
Ըստ առակողի, հողմեր արածող, 
Հաստողից փախչող, որսողին գերի, 
Թեև համագոյ, բայց ներհակատարր՝ մոլեկան մարմնով, 
Բազմաշարժառիթ ամենավարան.
Որոնց անսահման որքանությունը միայն դու գիտես: 
Սակայն մեղքերին հաջորդում են միշտ 
Ողբերգություններ հույժ ողորմագին ու վհատական, 
Բազմավաղելի ու տաժանակոծ, 
Որ գրի առած արդ մեղսատագնապ ամոթահարիս՝ 
Անբավ չարաչար տվայտանքների թառանչով թշվառ 
Ու ողորմաղերս արտասուքներով, 
Տե՛ր, տարածում եմ ահա քո առաջ:

Բ
Որպեսզի խոսքս կրկնաբանությամբ 
Շատախոսության չվերածվի ու 
Առավել ես դառնա ողբալի, 
Ասեմ պարզապես, թշվառս բնավ
Արքայություն չէ, որ հանդգնում է խնդրել նրանով,
Այլ թեթևություն տառապանքների.
Ոչ թե, հավակնոտ, ակնկալում է՝
Ապրողների հետ՝ լուսաբնակ կյանք,
Այլ խավարակյաց զգայական շունչ՝ մեռյալների հետ.
Ոչ թե հույս ունի բարձրացածներին ընկերակցելու,
Այլ լքվածներին, խորտակվածներին։

Հանգստի ժամին նա միշտ լինում է
տանջահար, հոգնած,
Խրախճանքի մեջ՝ տխուր ու տրտում, 
Դեմքով միշտ ժպտուն, բայց մտքով խոցված, 
Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ, 
Արտաքուստ թեև ձևանում է շատ հանգիստ,
սփոփված, 
Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի: 
Երկու ըմպանակ ունի ձեռքերում, 
Մեկն արյունով լի, մյուսը՝ կաթով. 
Երկու բուրվառներ կայծակնացնցուղ, 
Մեկը՝ խնկաբույր, մեկը՝ ճենճահոտ. 
Անոթներ, երկու համեմունք կրող, 
Մեկը՝ քաղցրություն, մեկը՝ դառնություն. 
Զույգ բաժա՛կ, երկու պարունակությամբ, 
Մեկը՝ արտասուք, մյուսը՝ ծծումբ. 
Գավաթներ, բռնած մատների ծայրով, 
Մեկի մեջ՝ գինի, մյուսում՝ լեղի։
Տեսնում է բացված զույգ ներհակ դռներ, 
Մեկը՝ դեպի լաց, մեկը՝ վրիպում. 
Հակառակագործ երկու հոգոցներ, 
Մեկն արծարծում է, մյուսը՝ շիջում. 
Աչքերի խոժոռ հայացք երկդիմի, 
Մեկն՝ անզգալի, չնչին ողոքմամբ, 
Մյուսը՝ ցասմամբ, ժանտ ու անողորմ. 
Բարձրացած երկու ահեղ բազուկներ,
Մեկն՝ հարվածելու, 
Մեկը՝ մերժելու. 
Մի դեմք, երկակի արտահայտությամբ՝ 
Տխուր ու ցասկոտ. 
Մեկի փոխարեն երկու կշտամբանք, 
Մեկը՝ ներկայի, մյուսն՝ ապառնու. 
Տարակուսելի երկու ապավեն, 
Մեկը՝ «թերևս», մյուսը՝ «գոնե». 
Նույն բերանի մեջ երկակի բարբառ, 
Մեկը՝ եղկություն, մյուսը՝ խռովք. 
Երկու զգացում միևնույն սրտում, 
Մեկը՝ կեղակարծ, խաբուսիկ հույսի, 
Մյուսն՝ աներկբա, ստույգ կորստյան. 
Ահագնատեսիլ մթին, մառնամուտ 
Մի ամպ երկտարափ՝ նետեր ու քարեր. 
Ահեղ որոտմունք՝ երկու պոռթկումով, 
Մեկը՝ կարկտաբեր, մյուսն՝ հրացան. 
Ցավագին գիշեր երկու վտանգի՝ 
Ողբի ու մահու. 
Առավոտ սգո կրկնակի գուժով, 
Մեկն՝ սպառնացման, մյուսը՝ սաստի. 
Զույգ արեգակներ երկու ծագերից, 
Մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման։

Գ
Եթե հարվածի բռունցք բարձրանա,
Համոզված է, որ իր համար է հենց
Իսկ եթե պարզվի ձեռք պարգևաձիր, 
Չի ակնկալի երբևէ իրեն։
Երբ պարծենում է որևէ մեկը, կորանում է նա, 
Երբ հոխորտում են, ընկճվում է իսկույն, 
Հեծում է ամեն չարիք հիշվելիս, 
Ամաչում է, երբ անարատների մասին է խոսվում, 
Իսկ երբ պատմում են հանդերձյալներից,
սմքում է դողով։
Եթե բացահայտ որևէ մեկից օրհնանք ստանա, 
Ինքն իրեն պիտի անիծի ծածուկ. 
Երբ ինչ-որ մեկից գովեստներ լսի. 
Պիտի կշտամբի, պարսավի իրեն, 
Իսկ եթե հանկարծ նախատվի սաստիկ, 
Ինքն է հաստատում, որ արժանի է. 
Եթե ենթարկվի ծաղր ու ծանակի, 
Կհամարի այդ սակավ հատուցում 
Իր չափազանց մեծ պարտքերի դիմաց. 
Եթե լսի, որ իր մահն են ուզում, 
«Այո» է ասում ու կրկնում դարձյալ. 
Եթե երկնքից մահվան շանթ ճայթի, 
Հազիվ թե դեմքն իր բարձրացնի ի վեր։
Իր իրավունքի մատյանն է գոցված, 
Հույսն արդարացման լքել է իրեն, 
Ու փակ է ճամփան վստահ ընթացքի, 
Եվ չէր հապաղի լինել անձնասպան, 
Եթե խեղճ գերուն այն անփրկելի կորուստ չլիներ։
Արդարև, վա՜յ այն մեղավոր մարդուն, 
Ըստ իմաստունի հոգելից խոսքի,
Որ տարակուսված զույգ ճամփաների վրա կկանգնի։

Դ
Դու, որ բարձրացար ասելով, թե
«Ես տեր եմ ողորմած», 
Ինչպե՞ս, բարեգո՜ւթ, պիտի չողորմես 
Այսքան ողբաձայն ու կողկողագին հեծեծանքներիս. 
Չէ՛ որ կա գերուս չարության հանդեպ
բարությունը քո,
Քաղցրությունը քո՝ մահապարտյալիս
դառնության դիմաց, 
Կորածիս նորից գտնելու համար՝ ճառագայթը քո, 
Ողորմությունը քո՝ հանդգնածիս մոլության հանդեպ, 
Վնասակարիս խակության դիմաց՝ հեզությունդ անճառ, 
Աջդ՝ օգնելու կործանված անձիս, 
Ընկղմվածիս դուրս բերելու համար՝ ձեռքդ հոգածու, 
Մատդ՝ բուժելու վերք ու խոցերս անբժշկական, 
Ահաբեկվածիս խնամարկության համար՝ քո ոգին, 
Երախտամոռիս հույս տալու համար՝
հանդուրժանքը քո, 
Զորությունը քո՝ ամենադժնուս օծելու համար, 
Հրամանը քո՝ քավելու համար մեղանչականիս, 
Փախստականիս ապավինության համար՝ ոտքը քո,
Թևդ՝ սրդողիս պատսպարելու, 
Բազմավրեպիս առաջնորդելու համար՝ լույսը քո,
Հանճարդ՝ ճար ու հնար գտնելու տարակուսյալիս,
Անիծյալիս ետ դարձնելու համար՝ օրհնությունը քո, 
Խրախույսը քո՝ քաջալերելու հուսալքվածիս, 
Վշտամորմոքիս մխիթարելու համար՝ բաժակդ, 
Կամքդ՝ արձակելու սաստիկ նեղվածիս, 
Սերդ՝ կանչելու դարձյալ ատելուս, 
Խոսքդ՝ ցնցվածիս հաստատման համար, 
Հոգեպես ծանր խոցվածիս համար՝ կաթիլն արյունիդ, 
Մթերված անտես ցավերիս համար՝ հրամանը քո, 
Իշխանությունդ՝ կրկին ընտրելու հուսահատվածիս, 
Հատվածիս նորից պատվաստման համար՝
կցորդությունդ,
Մահվան խավարով ծածկվածիս համար՝
շողդ կենսաձիր,
Խաղաղությունդ՝ ալեխռովիս հանդարտման համար, 
Օտարացածիս մոլեգնության դեմ՝ ողջույնդ հուսատու, 
Եվ մոլորյալիս դարձի բերելու համար՝ ձայնը քո։ 
Դու ես գթությամբ տիրում բոլորին
Քո մեջ խավարի ոչ մի հետք չկա, 
Եվ առանց մեծիդ չկա բարություն. 
Քեզ վայելում է փա՜ռք հավիտենից հավիտյանս, ամեն։