ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Տէ~ր իմ, Տէ~ր, տուիչ պարգեւաց, ինքնաբուն բարի,
Ամենից տիրող հաւասարապէս, միայն արարիչ զբնաւս յոչէից,
Փառաւորեալ, անքնին, ահեղ, ահարկու,
Սոսկալի, հզաւր, սաստիկ,
Անտանելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի,
Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշաւշափելի,
Անորոնելի, անսկիզբն, անժամանակ,
Անշամանդաղ գիտութիւն, աներկեւան տեսութւին,
Ճշմարիտ էականութիւն, բարձր եւ խոնարհ,
Աւրհնաբանելի գոյութիւն, անստուեր ծագումն,
Ամենափայլ ճառագայթ, խոստովանեալ լոյս,
Անտարակոյս վստահութիւն, անտարտամ հանգիստ,
Անյեղլի կնիք, անսահմանելի տեսիլ, վկայեալ անուն,
Ճաշակ քաղցրութեան, բաժակ բերկրութեան,
Հաստիչ հոգւոց հաց, աւտար մթութեանց սէր, աներկբայ խոստումն,
Ծածկոյթ ցանկալի, զգեստ անկապուտ,
Աւթոց բաղձալի, զարդ փառաց,
Ձեռնկալու մեծ, ապաւէն գովեալ,
Աննուազելի շնորհ, անպակասելի գանձ,
Անապական անձրեւ, արփիացնցուղ ցաւղ,
Ամենատեղաց դեղ, ձրի բժշկութիւն,
Կրկնաձիր առողջութիւն, վեհագոյն խրախոյս,
Անպատիր կոչումն, համաւրէն աւետիս,
Ստրկամեծար թագաւոր, աղքատասէր պաշտպան, մշտահարուստ տուիչ,
Անխափան դիմեցումն, աննահանջելի հրաման,
Անհամառաւտ յոյս, երկար տեսողութիւն,
Անզջղական տուր, ամենաբաշխ աջ,
Արդարակշիռ ձեռն, անաչառատես ակն,
Մխիթարութեան ձայն, սփոփանաց լուր, բերկրութեան բերումն,
Անուն կենդանի, նախախնամող մատն,
Անգայթակղելի ելք, անխարդախ ընթացք,
Կենդանարար կամք, աննենգելի խրատ, աննախանձելի պատիւ,
Լայնական հնարք, անձկական պայման,
Անգտանելի հետք, աներեւոյթ շաւիղ,
Անչափագիր պատկեր, որքանութիւն անսահման, աննմանական տիպ,
Անզուգական գութ, ողորմութիւն բազմազեղ,
Խոնարհութիւն տաւնելի, համբոյր փրկական:
Եւ եւս քան զայս ազդմունք վայելչականք` աստուածութեանդ նուիրելիք.
Աւրհնեալ, գովեալ, բարեբանեալ, քարոզեալ, աւետարանեալ,
Հռչակեալ, հնչեցեալ, պատմեալ, անխաբելի կամաւք աղաչեալ,
Եւ որ ինչ առ մեզ բերին առ ի քէն հոսմունք քաղցրութեան,
Զոր հանդերձելոցն ճառից լուսաբանեն կերպաւորութիւնք,
Որով զուարթ ցուցանիս ի փրկութիւն իմ, երանութիւն,
Իբր ի պարարտութենէ իմեքէ, ախորժ տենչանաւք լցեալ,
Զի ոչ իմովս ինչ սնոտիապատուաստ փառատրիս երգով,
Այլ զի պատճառ իմն առցես զփոքրս աղերս` մեծիդ փրկանաց:
Բ
Եւ քանզի առ ամենայն հասարա կտնկեցեալ յերկրի ազգ բանականաց`
Այս պատուէր նկարագրական նորոգ մատենի ողբոց նուագի,
Որ զամենեցունց ունի զկրից պատահմանց, նշաւակեալ յիւրում պատկերի,
Իբր կցորդ մեծգիտակական կարեաց համայնից`
Առ բոլոր գումարս բազմահոլով տիեզերակոյտ քրիստոնէից,
Առ նախնի ժամն ժամանողաց
Եւ առ երկրորդ կոչեցեալ չափով արբունն,
Առ որ ի կատարած աւուրն ընկալեալ սակաւաձեռն ծերութեամբն,
Առ պարտաւորս եւ արդարս,
Առ ինքնագով բարձրայաւնն
Եւ առ սխալեալ անձնադատ գտեալն,
Առ բարիս եւ եղեռնագործս,
Առ նկունս եւ առ արիս,
Առ ստրուկս եւ ներքոյ անկեալս,
Առ սեպուհս եւ գերաշխարհիկս,
Միջակայնոց եւ պայազատաց,
Շինականաց եւ տոհմականաց,
Արուաց եւ իգաց,
Հրամայողաց եւ հնազանդելոց,
Գեր ելոց եւ նուաստից,
Վեհից եւ փոքունց,
Պատուականաց եւ ռամկաց,
Ձիավարժից եւ սոսկականաց,
Քաղաքականաց եւ գեղջկաց,
Արքայից գոռոզութեանց` ի սանձս ահաւորին ըմբռնեցելոց,
Միայնացելոց` վերնականացն խաւսակցաց,
Մաքրականաց` տիրանուէր զգաստութեանց,
Քահանայական երջանկակրաւն ընտրութեանց,
Այցելութեանց` բարեզգեստից դիտողութեանց,
Աթոռակալութեանց նախագահից` սրբանուէր տեսողութեանց,
Որոց ոմանց` աղերս աղաչանաց, եւ ոմանց` խրատ բարեաց
Առ դէմս աղաւթից այսու մատենիւ մատակարարեսցի,
Ձեռնարկեալ Հոգւոյդ զաւրութեամբ`
Կարգել ինձ մաղթանս բազմադիմիս,
Եւ ամենեցուն սոցին խնդրուածս`
Գթութեան մեծիդ յանդիման լինել սովաւ հանապազ:
Գ
Եւ արասցես զսոյն ընթերցողացն ի սիրտս յստակս`
Բժշկութիւն հոգւոց եւ մաքրութիւն յանցանաց,
Թողութիւն պարտուց եւ արձակումն մեղաց կապանաց:
Եղիցի բղխումն արտասուաց սովաւ վարժելոցն,
Եւ պարգեւեալ տացի ի ձեռն սորին ապաշաւ ըղձից:
Շնորհեսցի, Տէր, եւ ինձ ընդ նոսին առ ի քէն զղջումն կամաց,
Եւ նոցա իմովս ձայնիւ` շունչս բարեհամբոյրս,
Նուիրեսցի վասն իմ այսու մատենիւ պաղատանք նոցին,
Եւ բանիւ այսու հեծութիւն նոցին ընդ իմ խնկեսցի,
Ընդ համբոյր ճաշակման այսր ողբերգութեան`
Շնորհ լուսոյ քոյ մտեալ բնակիցէ:
Եթէ ելցեն ինձ բարեպարիշտք ընծայիլ սովաւ,
Ընկալ կենդանեաւք վասն քո, գթած, եւ զիս ընդ նոսա:
Եթէ ախտս ինչ սրբանուէրս կաթուածոց աչաց սովիմբ բերիցի,
Եղիցի ի քէն, խնամակալ, եւ յիս անձրեւեալ:
Եթէ գրեսցի եւ ի փրկութիւն կարգեսցի հաղորդելոցն յայս կիրս կենաց,
Արասցես կամաւք քո, աւրհնեալ, եւ ինձ համարեալ:
Եթէ հեծութիւնս աստուածահաճոյս
Ի ձեռն այսր բանի ի գաղտնեաց ուրուք յառաջ եկեսցէ,
Աւգտեցայց քեւ, բարձրեալ, եւ ես ընդ նոսա:
Եթէ ձեռն մաքուր, խնկով հանդերձեալ, առ քեզ համբարձցի,
Հասցէ միասցի ընդ իմս ձայնի
Եւ աղաչողացն աղերս` յառաջ մատուցեալ:
Եթէ պաղատանս բազմապիսիս ընդ իմս երկնեսցի,
Լիցի եւ ինձ քեւ վասն սորին կրկին նուիրեալ:
Եթէ յարգեսցի այս անձին բանի պատարագ` քեզ ի հաճութիւն,
Նախայլոցն ընդ իս քեւ ընծայեսցի:
Եթէ ի տխրանաց ինչ ձանձրութենէ ոք նուաղեսցի,
Կանգնեսցի վերստին հաստարանաւ այսր հառաչանաց` ի քեզ յուսացեալ:
Եթէ համբարտակն վստահութեան մեղաւք յատակի,
Այսու արձանաւք պատկանեցելովք աջով քո պաշտպան` դարձեալ կառուսցի:
Եթէ յուսոյն ձգարան սուսերբն յանցանաց հատեալ կտրեսցի,
Կցեսցի դարձեալ միւսանգամ կամաւք ամենակալիդ` բարւոք պատուաստեալ:
Դ
Եթէ վտանգ մահու անձնական ցաւոց զոք պաշարեսցէ,
Գտցէ փրկութիւն սովաւ առ ի յոյս կենաց`
Յաղաւթելն առ քեզ, կեցուցիչ:
Եթէ տագնապաւ ոք տարակուսի ի սիրտ խոցիցի,
Քաղցրութեամբ քո սովաւ ապրեալ ողջասցի:
Եթէ անքաւելի կորստեամբ պարտեաց`
Յանդունդս ոք խորոց իցէ ընկլուզեալ,
Եկեսցէ ի լոյս կարթիւ այս հնարից` քեւ պատսպարեալ:
Եթէ թմբրութեամբ խաղբից` խաւարին գործոց իցէ ոք վնասեալ,
Զաւրասցի անդրէն վասն քո, միայն ապաւէն, ի քեզ ապաստան եղեալ:
Եթէ պահպանակն վստահութեան զանձն ուրուք լքցէ,
Ընկալցի այսու միջնորդիւ ձեռն քո զնա`
Ամփոփեալ ի նոյն հաստատութիւն:
Եթէ ամայի ի զգուշութենէ պահողացն ոք դեգերեսցի,
Սպասեսցէ սովիմբ առ ի նոյն դարձ նորոգողիդ:
Եթէ սարսուռ դիւային ջերման դողութեամբ ինչ զոք խռովեսցէ,
Սթափեսցի ի սոյն յայս նշան`
Խոստովանեալ եւ երկրպագեալ խաչիդ խորհրդոյ:
Եթէ անաւրէնութեան մրրիկ խորտակիչ հողմոյ յանկարծ բախեսցէ,
Զհաստուածս մարմնոյ շինուածոյ մարդոյ յերկրային ծովուս,
Հանդարտեսցի անդրէն` ղեկաւ այս թեւոց ի քեզ պատկանեալ:
Ե
Եւ արասցես լինել դեղ կենաց
Առ հնարս ցաւոց հոգւոց եւ մարմնոց քոց ստեղծուածոց,
Զայս կարգեալ սահման ողբոց մատենի`
Սկզբնեցելոյ յանուն քո, բարձրեալ:
Զսկսեալս իմ դու կատարեա,
Եղիցի հոգի քո խառնեալ ի սա,
Շունչ զաւրութեան մեծիդ միասցի
Ի քո ինձ շնորհեալ ստեղծաբանութիւնս:
Զի դու տաս զաւրութիւն վհատեալ սրտից
Եւ ընդունիս փառս յամենեցունց:
Ամէն:
Բան Գ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Տե՛ր իմ, Տե՛ր պարգևատու, ինքնաբուն բարի,
Բոլորին տիրող հավասարապես, միայն Արարիչ դու ամեն ինչի.
Փառավորյալ անքնին, ահեղ ահարկու, սոսկալի հզոր,
Անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի,
Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշոշափելի, անորոնելի,
Անսկիզբ և անժամանակ, անշամանդաղ գիտություն,
Համարձակ տեսողություն, ճշմարիտ էականություն,
Բարձր և խոնարհ, օրհնաբանված գոյություն.
Անստվեր ծագում, ամենափայլ ճառագայթ, խոստովանված լույս,
Անտարակույս վստահություն, կատարյալ հանգիստ,
Անհեղելի կնիք, անսահման պատկեր, վկայված անուն,
Ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության,
Հաց՝ հոգին հաստող, սեր՝ մթանն օտար, աներկբա խոստում,
Ծածկույթ ցանկալի, զգեստ անկապուտ, օթոց
բաղձալի, Զարդ վայելչական, մեծազոր պաշտպան, գովված ապավեն,
Աննվազելի շնորհ, անպակասելի գանձ,
Անապական անձրև, արփիացնցուղ ցող,
Ամենաբույժ դեղ, ձրի բժշկություն, կրկնաձիր առողջություն,
Վեհագույն խրախույս, անպատիր կոչում, հանուր ավետիս,
Ստրկամեծար թագավոր, աղքատասեր պաշտպան, մշտահարուստ տվող,
Անխափան ընթացք, աննահանջ հրաման,
Անհամառոտ հույս, երկար տեսողություն, տուրք անզղջական,
Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք, անաչառ աչք,
Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր, բերկրության բերումն,
Անուն կենդանի, նախախնամող մատ,
Անմոլար ճամփա, անխարդախ ընթացք, կենդանարար կամք,
Աննենգելի խրատ, աննախանձ պատիվ, լայնարձակ հնարք,
Անձկական պայման, անգտնելի հետք, աներևույթ շավիղ,
Անչափագիր պատկեր, քանակությո՜ւն անսահման,
Աննմանական տիպ, անզուգական գութ, ողորմություն բազմազեղ,
Խոնարհություն տոնելի, համբույր փրկարար,
Կա՜ն դեռ շատ ուրիշ խոսքեր ավելի վեհ ու վայելուչ
Նվիրելու քեզ՝ աստվածությանդ:
Օրհնված, գովված, բարեբանված, քարոզված, ավետարանված,
Հռչակված, հնչեցված, պատմված,
Աղաչված կամքով անխաբելի,
Եվ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ քաղցր բխումով,
Որոնք մեր հաջորդ ճառերում պետք է որ լուսաբանվեն:
Որով և պիտի դու զվարթանաս իմ փրկությամբ, ո՜վ երանություն,
Ախորժ զգացմամբ լցված լիուլի:
Դատարկ բառերով հյուսված երգով չէ, որ փառավորվում ես դու,
Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ դառնա մի պատճառ քո մեծ փրկության:
Բ
Ողբե՜ր երգեցի ես շարահյուսված այս նոր մատյանում,–
Որն իբրև կցորդ, մեծապես գիտակ բոլոր վշտերի՝
Նշավակում է ուրույն պատկերով կրքերը ամեն մարդու պատահող,–
Այս երկրում ապրող ամեն հասակի բանականների համար անխտիր,
Աշխարհում ցրված բազմասփյուռ բոլոր քրիստոնյաների,
Բոլոր նրանց, որոնք կյանքի առաջին շրջանումն են,
Եվ նրանց, որոնք արբունքի են հասել,
Նրանց, որ մոտ են անկար ծերությամբ կյանքի վախճանին,
Մեղավորների և արդարների,
Բարձրահոն ինքնամեծարի և իր սխալն ընդունող անձնադատի,
Բարիների և եղեռնագործների, նկունների և արիների,
Ստրուկների և հպատակների,
Գերաշխարհիկների և սեպուհների, միջակների և պայազատների,
Շինականների և տոհմիկների, արուների և էգերի,
Հրամայողների և հնազանդվողների, վսեմների և նվաստների,
Վեհերի և փոքրերի, ազնվականների և ռամիկների,
Ձիավարժների և հետևակների, քաղաքացիների ու գեղջուկների,
Ահավորի սանձով բռնված գոռոզ արքաների,
Վերնականների հետ խոսակցող մենակյացների,
Մաքրակենցաղ ու տիրանվեր զգաստների,
Երջանկակրոն և ընտրելագույն քահանաների,
Վերակացու և բարեզգեցիկ առաջնորդների,
Նախաթոռ գահակալների, սրբանվեր տեսուչների համար,
Որոնցից ոմանց՝ աղերս-աղաչանք և ոմանց՝ բարի խրատներ
Հորինեցի ես աղոթքի համար՝ այս մատենիկով,
Որ հոգուդ զորությամբ եմ ձեռնարկել,
Գրի առնելով մաղթանքներ պես-պես,
Որպեսզի խնդրանքներն այս բոլորի սրանով ընդմիշտ
Քո մեծ գթությա՜նը ներկայացվեն:
Գ
Արա՛ այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ,
Բժշկի՛ր նրանց հոգիները դու և հանցանքները սրբի՛ր,
Թո՛ղ պարտքերը նրանց և արձակի՛ր կապանքները մեղքի:
Արտասուքները թող բխեն սրանով հրահանգվողների,
Եվ թո՛ղ սրանով պարգևի նրանց իղձ ապաշավի:
Շնորհվի թող, ո՜վ Տեր, նրանց հետ և ի՛նձ զղջումի կամք,
Ինչպես և նրանց՝ ի՛մ իսկ բառերով՝ շունչ բարեհամբույր.
Թող այս մատյանով և ի՛նձ նվիրվի պաղատանքը նրանց,
Եվ իմ խոսքերով իմ փոխարեն էլ խնկվեն նրանց հեծեծանքները:
Ողբերգությունն այս սիրով ճաշակող սրտերում թող որ
Շնորհիդ լո՜ւյսը մտնի և բնակվի:
Եթե պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայվեն,
Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, որոնք կենդանի են քեզ համար.
Եթե սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից,
Ո՜վ խնամակալ, անձրևի՛ր նաև նրանք ի՛նձ վրա:
Հաղորդակիցներն այս կենաց գրքի՝ թող փրկվածներին լինեն դասակից:
Քո կամքով, օրհնյալ, թող որ նաև ե՛ս համարվեմ փրկված:
Եթե խոսքերի իմ ազդեցությամբ որևէ մեկի
Սրտի խորքերից Հնչեն հառաչներ աստվածահաճո,
Թող որ նրա հետ, ո՜վ բարձրյալ, և ե՛ս օգտվեմ քեզանով.
Թե մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ քեզ կարկառվի,
Թող իմ ձայնի հետ հասնի, միանա
Եվ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցվող աղոթքների.
Եթե ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,
Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին նվիրված լինեմ:
Եթե բանավոր պատարագն այս իմ հաճո լինի քեզ և գնահատես,
Ուրիշներինն էլ, առաջ, քան թե իմ, թող քեզ ընծայվի.
Եթե տրտմությամբ մի ոք սրտաբեկ նվաղի տկար,
Թո՛ղ կանգնի դարձյալ հառաչանքների այս հաստարանով՝ քեզնով հուսադրված.
Եթե ամբարտակն ապահովության խորտակվի մեղքով,
Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապես կառուցվի՜
դարձյալ, աջովդ պաշտպանված.
Եթե հանցանքի սրով կտրվի հույսի լարը ձիգ,
Ամենակալիդ կամքով թող դարձյալ կցվի ամրապես՝ քո պատվաստումով.
Եթե հոգեկան ցավի մի վտանգ պաշարի մեկին մահացու կերպով,
Թող որ փրկություն գտնի սրանով՝ հույսով ապրելու,
Ո՜վ կեցուցիչդ քեզ աղոթողի:
Տարակուսանքի տագնապով եթե խոցոտվի մի սիրտ,
Թո՛ղ քո քաղցրությամբ՝ բուժվի սրանով և առողջանա.
Թե անքավելի մեղքի կորստյամբ մեկն ընկղմել է խոր անդունդի մեջ,
Այս կարթով թող որ դեպի լո՜ւյսը գա՝ քո պաշտպանությամբ.
Թե խավարային գործերով թմրած՝ ուժասպառ է ոք,
Թող որ զորանա քեզ ապաստանած, միա՜կ ապավեն.
Եթե պահպանակը վստահության լքել է մեկի հոգին,
Ա՛յս միջնորդությամբ թող ձեռքդ նրան ընդունի դարձյալ և ամրապնդի.
Եթե ոք հսկող պահապաններից հեռու դեգերի,
Այդպիսին թող որ սպասի սրանով նորոգչիդ դարձին.
Եթե դիվային ջերմի սարսուռը խռովի մեկին,
Սթափվի՛ թող նա խաչիդ խորհրդի
Այս խոստովանված ու երկրպագված նշանի առջև.
Անօրենության խորտակիչ հողմի մրրիկը եթե
Մարդու մարմնեղեն շինվածքն աշխարհի ծովում հարվածի,
Թող որ քո կողմից շինված այս ղեկով, առագաստներով խաղաղվի՜ դարձյալ:
Դ
Մատյանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրյա՜լ,
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր:
Սկսածն այս իմ՝ իր ավարտին հասցրու դու
Եվ թող քո Հոգին խառնվի սրան:
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,
Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին
Եվ ընդունում փառք բոլորից. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Տե՜ր պարգևատու, ինքնաբուն բարի,
Ամենքին իշխող հավասարապես,
Միակ արարիչ ամեն գոյության՝ անգոյությունից,
Ո՜վ փառավորյալ, անքնին, ահեղ,
Սոսկալի, սաստիկ, ահարկու, հզոր,
Անպարփակելի, անմերձենալի,
Անըմբռնելի, անիմանալի, անճառ, անպատում,
Անտեսանելի ու անզննելի,
Անշոշափելի, անորոնելի,
Անսկիզբ-անվերջ ու անժամանակ,
Գիտություն անմեգ, տեսություն անգայթ,
Էականություն անկասկածելի,
Դու բարձր ու խոնարհ, օրհնյալ գոյություն,
Անստվեր ծագում, բազմափայլ ճաճանչ, խոստովանված լույս,
Անխարդախ նեցուկ, անվրդով հանգիստ,
անխաթար կնիք,
Անսահման տեսիլ, վկայված անուն,
ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության,
Հոգին հաստող հաց, մթան օտար սեր, աներկբա խոստում,
Ծածկույթ ցանկալի, զգեստ անկապուտ,
Օթոց բաղձալի, զարդ վայելչափառ,
Մեծ խնամակալ, գովյալ ապավեն,
Աննվազ շնորհ ու անհատնում գանձ,
Անապակ անձրև, արփիացնցուղ ցող,
Ամենազոր գեղ, անվճար բուժում ու կրկնաձիր կյանք,
Վեհագույն խրախույս, անպատիր կոչում, հանուր ավետիս,
Դու աղքատասեր պաշտպան, թագավոր ստրկամեծար,
Մշտառատ տվիչ, անմերժ ընդունում, աննահանջ հրաման,
Հավերժական հույս, աչք ամենատես,
Ամենաբաշխ աջ, անզղջական տուրք,
Անկողմնակալ ձեռք, անաչառ հայացք,
Մխիթարիչ ձայն, սփոփանքի լուր, բերկրանքի աղբյուր.
Անուն կենդանի, նախախնամ մատ,
Անսայթաք ուղի, անխափան ընթացք,
Կենդանարար կամք, անխարդախ խրատ, աննախանձ պատիվ,
Անսպառ հնարք, անփոփոխ պայման,
Անգտնելի հետք ու անտես շավիղ,
Անեզրական չափ, աննման տիպար, անպարփակ պատկեր,
Անզուգական գութ, բազմազեղ գորով,
Տոնելի խոնարհ, փրկարար համբույր։
Կան դեռ ավելի վայելուչ խոսքեր
Աստվածությունդ փառաբանելու.
Օրհնյալ, ներբողյալ, գովյալ, քարոզյալ,
Ավետարանված, հնչված, հռչակված,
Պատմված, աղաչված կամքով անպատիր։
Եվ դեռ ինչե՜ր կան քո կողմից մեր մեջ
Կայլակող անլուռ՝ անուշ հոսանքով,
Որ պիտի ասվեն ու լուսաբանվեն հաջորդ մասերում։
Դրա շնորհիվ, ո՜վ երանություն,
Ինձ փրկելով՝ դու կզվարթանաս,
Հանց ախորժատենչ մի ճաշակումից.
Ո՛չ, անշուշտ, շոյված սնոտիապատվաստ
Երգերիս դատարկ փառաբանությամբ,
Այլ իմ փրկությամբ, որ պիտի գործես՝
Առիթ դարձնելով աղերսն այս փոքրիկ։
Բ
Նորակերտ մատյանն այս ողբերգության, .
Ուր պատկերված են, նշավակվելով,
Ամենատարբեր կրքերն ամենքի,
Իբրև ամենայն վիշտ ու ցավերի
Մասնակից, հաղորդ, մեծապես գիտակ
Ճշմարտացի մի պատվեր, ավանդ,
Հանձնարարվում է այս երկրի վրա
Հաստատված բոլոր բանականներին,
Համայնատարած քրիստոնյաների
Տիեզերագումար ամբողջ բազմության,
Նրանց, որ նոր են միայն կյանք մտնում,
Որոնք հասել են արդեն արբունքի,
Որ սպասում են վախճանի օրվան՝ անկար ծերությամբ,
Լինեն մեղավոր, թե արդարամիտ,
Ինքնապանծ գոռոզ, թե սխալներին հասու անձնադատ,
Անչար ու բարի, թե եղեռնագործ,
Նկուն, թե խիզախ,
Ստրուկ, հպատակ, թե իշխանավոր կամ գերաշխարհիկ,
Շինական, միջակ, թե բարետոհմիկ, սեպուհ, պայազատ,
Թե՛ արու, թե՛ էգ,
Թե՛ հրամայող և թե՛ հնազանդ,
Թե՛ վեհ ու վսեմ, թե՛ փոքր ու նվաստ,
Արգո, թե անարգ, ասպետ, թե ռամիկ,
Թե՛ գյուղաբնակ, թե՛ քաղաքացի,
Թե՛ ահավորի սանձով բռնված գոռոզ բռնակալ.
Վերնականների հետ հաղորդակից մենակյացներին,
Նվիրյալներին, զգաստ ու պարկեշտ,
Քահանաներին, ընտիր ու մաքուր,
Առաջնորդներին, վարքով բարեզարդ
Ու սրբանվեր նախաթոռակալ գահերեցներին։
Նրանցից ոմանց աղերս-աղաչանք,
Իսկ ոմանց համար բարի խրատներ
Աղոթքի ձևով ներկայացրի ես այս մատյանում,
Որ ձեռնարկել եմ հոգուդ զորությամբ,
Շարադրելով ինձ բազմապիսի աղերս-մաղթանքներ,
Իսկ այն բոլորին խնդրանքներ բազում՝
Հանապազ մեծիդ բարեգթության դիմելու համար։
Գ
Արա՛ այս մատյանն ընթերցողներին սրտերով հստակ,
Հոգով բժշկված, հանցանքից մաքուր,
Անպարտ, ազատված մեղքի կապանքից։
Թող առատորեն արցունքներ բխեն
Սրանով կրթված մարդկանց աչքերից,
Սրա շնորհիվ ապաշավի իղձ պարգևվի նրանց.
Թող որ նրանց հետ քեզնից շնորհվի և ինձ զղջման կամք,
Նրանց՝ իմ ձայնով՝ շունչ բարեհամբույր.
Թող այս մատյանով նվիրվեն նրանց
Պաղատանքները նաև ինձ համար,
Եվ իմ խոսքերով՝ հեծեծանքները
Նրանց խնկվեն քեզ և ի՛մ փոխարեն։
Ողբերգությունն այս սիրով, հաճությամբ
Ճաշակողների սրտերում թող որ
Լույսիդ շնորհը մտած բնակվի։
Եթե պատահի, որ բարեպաշտներ
Քեզ ընծայաբեր լինեն սրանով,
Նրանց հետ, գթա՜ծ, որոնք քեզ համար
Կենդանի են միշտ, ընդունի՛ր և ինձ.
Եթե ախտաջինջ արցունքներ կաթեն
Սրա միջոցով մեկի աչքերից,
Թող որ քո կողմից, ո՜վ խնամակալ,
Անձրևեն դրանք նաև ինձ վրա.
Հաղորդակիցներն այս կենաց գրքի
Եթե արժանի դառնան փրկության,
Քո կամքով, օրհնյա՜լ, թող որ նան ես փրկված համարվեմ։
Սրա շնորհիվ թե մեկի սրտի գաղտնարաններից
Աստվածահաճո հեծեծանք դուրս գա,
Թող որ նրա հետ քեզանով, բարձրյա՜լ, օգտվեմ նաև ես.
Եթե մաքուր ձեռք անուշ խնկարկմամբ կարկառվի առ քեզ,
Թող որ հասնի իմ ձայնին միացած՝
Մատուցելով և աղերսանքները աղաչողների։
Եթե իմոնց հետ նաև բազմազան
Այլ պաղատանքներ ծնվելու լինեն,
Թող քեզ նվիրված լինեմ կրկնակի՝ և դրանց համար.
Եթե հաճությամբ հարգվի քո կողմից
Նվիրաբերումն իմ այս բանական,
Թող ինձ հետ նաև, ինձանից առաջ, այլոցն ընծայվի։
Եթե վշտերից լքված, հոգնաբեկ՝ մեկը նվաղի,
Թող ամրապնդված հառնի վերստին
Հառաչանքների այս հաստարանով՝ հուսալով ի քեզ։
Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի,
Թող որ քարերով այս, շնորհաձիր
Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ։
Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի,
Ամենակալիդ բարեհաճությամբ՝
Ամուր պատվաստմամբ՝ թող կցվի նորեն։
Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին,
Թող որ սրանով, աղոթելով քեզ,
Ստանա կյանքի հույս ու փրկություն։
Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ,
Սրանով փրկված՝ թող ապաքինվի՝ մեծիդ քաղցրությամբ:
Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝
Ընկղմված լինի խորքն անդունդների,
Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ։
Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի
Մեկը թալկացած լինի կարեվեր,
Թող որ զորանա նորից քեզ համար,
Միակ զորավիգ, ապավինած քեզ։
Եթե պահպանակն ապահովության լքի մի մարդու,
Թող ձեռքդ նրան ընդունի նորեն
Ու ամրապնդի այս միջնորդությամբ։
Եթե անտեսված դեգերի մի մարդ, լքված ու մոլոր,
Թող որ սրանով հույս առնի դարձյալ քո հոգածության։
Եթե սարսուռը դիվային ջերմի
Խռովի մեկին տենդով մոլեկան,
Թող որ սթափվի այս նույն նշանով
Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին։
Եթե մրրիկը անօրենության խորտակիչ հողմի
Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն
Շինվածքն հարվածի ալեբախությամբ,
Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ։
Դ
Թող ողբերգության մատյանն այս, բարձրյա՜լ,
Որ սկսել եմ գրել հանուն քո,
Կենաց դեղ լինի արարածներիդ
Մարմնի ու հոգու վիշտն ու ցավերը բուժելու համար։
Սկսածս դո՛ւ հասցրու ավարտին.
Թող որ քո հոգին խառնվի սրա հետ,
Մեծիդ ներգործող շունչը միանա
Քո՝ ինձ շնորհած բանաստեղծության,
Քանզի դու ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին
Եվ ընդունում փառք ամենքից. ամեն։