ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, որպէս զի ոչ վայել է աւրհնաբանութիւն ի բերան մեղաւորի,
Ի ճշմարիտն առակէ կանխաւ իսկ ուսայ,
Զիա՞րդ յաւելից կրկնել զնոյն գովութիւն աղաչաւորս բազմապատկառ,
Որ հանապազ ընդունիմ անէծս ի սաղմոսիս բարեբաստութեան:
Զի ի՞բր երգեցից ինձ վտանգս եւ արձանացուցից նախատինս
Եւ ի մերկութեանս գրկի փուշս ընդ շուշանաց ժողովեցից:
Զիա՞րդ ընդ Դաւթի համարձակեցայց ասել,
Թէ` Զատամունս մեղաւորաց փշրեսցես,
Զիա՞րդ դարձեալ, թէ` Մի անաւրէնք բնակեսցեն առաջի աչաց քոց,
Զիա՞րդ, թէ` Դատ արա ինձ, Տէր,
Ըստ արդարութեան քո, ըստ անբծութեան իմոյ, որ յիս:
Զիա՞րդ, թէ` Կատարեսցին չարիք ի վերայ մեղաւորաց,
Զիա՞րդ, թէ` Խորտակեսցին բազուկք մեղաւորի եւ չարի,-
Եւ զայլն, որ զկնի:
Զիա՞րդ, թէ` Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ, հուր եւ ծծումբ,
Զիա՞րդ, թէ` Սատակէ Տէր զշրթունս նենգաւորս եւ զլեզուս մեծաբանս,
Զիա՞րդ, թէ` Փորձեցեր զսիրտ իմ եւ ոչ գտեր անիրաւութիւն:
Զիա՞րդ զյաջորդն սմին, թէ` Ես պահեցի զճանապարհս խիստս,
Զիա՞րդ զեւսն, թէ` Ես արդարութեամբ երեւեցայց երեսաց քոց,
Զիա՞րդ, թէ` Եւ ես եղէց անբիծ ընդ նմա,
Զիա՞րդ զմիւսն, թէ` Հատուսցէ ինձ Տէր
Ըստ արդարութեան իմում եւ ըստ սրբութեան ձեռաց իմոց:
Զիա՞րդ անձամբ ինձէն զստութիւն իմ ծանակեցից`
Ասել ընդ սրբոյն, թէ` Լուացայց սրբութեամբ զձեռս իմ:
Զիա՞րդ ի մէջ նանրութեան զամբարշտացն աթոռս բամբասեցից,
Զիա՞րդ զերջանկին պարծանս թշուառացելումս կերպաւորեցից,
Թէ` Դատ արա ինձ, Տէր, զի ես յանբծութեան իմում գնացի:
Զիա՞րդ աւտարս ի բարեաց գիտողիդ գաղտնեաց արգահատեցից,
Թէ` Մի համարիր ընդ ամբարիշտս զանձն իմ:
Զիա՞րդ ես ինքն գոլով` զայլս անիծեցից,
Թէ` Տուր նոցա, Տէր, ըստ գործս նոցա,-
Եւ ի կարգ բանին համարձակեցայց:

Բ

Քանզի թէ զյետինս բանիցն առաջնովքն աստանաւր եդից,
Կրկին ծանրանան ինձ ցաւք, եւ յաճախեսցեն դառնութիւնք:
Բայց ի շեղջեցելոցն արտասուաց դոյզն մի չափեալ`
Բաւականացայց հանապազորդեան յանդիմանութեամբ
Սաղմոսարանին ընտանի ձայնիւն,
Որ զպարտաւորեալս միշտ կշտամբէ:
Առ որս եւ սպառուած քառասներորդի իններորդին հատուածի բանի յանդիմանողի,
Զիս գարշեցուցեալ, հանապազ խայտառակէ,
Խցեալ զբերանս ի փառաբանութենէ` եղկելի զանձն իմ ցուցանէ,
Աստուածային ձայնիւն դատախազեալ` յակնկալութենէ կենաց լքանէ,
Միանգամայն եւ վիրգս մահու ինձ իբր ի պատնիշէ առաքէ:
Քանզի, թէ չար է անէծս առնուլ յաւտարէ,
Ապա անձամբ զանձն անիծանել` կրկին չարաչար:
Իսկ եթէ չառնուլ նախատինք ի մերձաւորաց աւրէնք են,
Ապա ի տեսողէն հայել զայսոսիկ`
Կրից արեան տաժանմունք, վիշտք աղէտից եւ խէթք մտաց:
Բայց թէ առ խոնարհութեան անձին իւրում մատնեսցի`
Ջնեալ եւ կշտամբեալ անիծիւք ի լեզուէ իւրմէ,
Ի խոստովանեալ եւ յամէնիշխան շրթանց բերանոյ վերնոյն աւրհնեսցի,
Զի ճշգրտեալ թարգմանեաց զդարձն իւր առ նա`
Զհետս կենացն ոչ լքանելով,
Սահմանաւն սիրոյ զպարտեացն արմատ կրճատեաց`
Ոչ տիրեալ ի խարդաւանաց չարաբանողաց,
Ոչխար հաւտին Քրիստոսի գտաւ բժշկեալ`
Դիմելով ի յաղն բուժիչ աղեացն արկածից:
Բայց եւս անբանական բարոյից է
Ասուն կենդանեաց ի մէջ դալարոց
Ծաղկածին վայրից կենաձիր բանից`
Թմբրութեամբ մտաց ի յարաւտս մահու ճարակել:

Գ

Եւ արդ, քանզի իմ է առակս վերջին կշտամբողական,
Եւ առ իս ակնարկէ զդիպուածոցն չար պատահմունս,
Որ ինձէն անձին նիւթեցի միշտ զեղմունս կիզանողականս հրոյ տոչորման`
Հոսեալ ի յերկնուստ զգոյիւ գագաթանս` իմաստնարանի բազմակիս:
Քանզի զիա՞րդ ի յարդիւնս ինձ աւգտից սաղմոսն եկեսցէ,
Յորժամ անպտուղ ի բազմերգութենէն լինիցիմ`
Ոչ նուագել հոգւով, ըստ թելադրելոյն Պաւղոսի:
Զիա՞րդ ընդ մարգարէին եւս զտէրունին խառնեցից
Մեծս մեղաւորաց, նկունս պիտանեաց`
Ասել ընդ սրբոյն, թէ` Ի բաց կացէք յինէն
Ամենեքեան, որ գործէք զանաւրէնութիւն:
Զիա՞րդ, ոչ ունելով ի բազմացն պատուիրանաց կատարեալ
Շնորհին եւ աւրինին, բարբառեցայց զերջանկին,
Որ նախ ինքն արար, զոր մեզ կանոնեաց,
Թէ` Քանզի ծառայս քո պահեցի զայս,-
Եւ որ զհետն գան ասացեալքն:
Զիա՞րդ թափուրս ի լրութենէ իմաստից կենաց
Ընդ երկիւղածս տեառն աւրհնեցից:
Զիա՞րդ ընդ մեծին մաղթանաց զիմս յաւդեցից,
Թէ` Զմին խնդրեցի ի տեառնէ`
Զտեսիլ վայելչութեան նորա եւ զհրամանատրութիւն տաճարի նորա:
Զիա՞րդ ի հրաժարելին ինձ ձեռնամխեցից,
Յորժամ լսեմ, թէ` Ուղղոց վայել է աւրհնութիւն:
Զիա՞րդ շրթամբք իմովք զանձն իմ անիծից`
Ասելով զկնի յոլովից առեալն,
Թէ` Երեսք Տեառն ի վերայ չարագործաց`
Սատակել զյիշատակս նոցա յերկրէ:
Զիա՞րդ զմիւսն դարձեալ,
Թէ` Չարք վաղվաղակի սատակեսցին,
Զիա՞րդ զկերպարանացն իմ նմանութիւն,
Թէ` Բազուկք ամպարշտաց խորտակեսցին,
Զիա՞րդ սատակման ինձ պաղատեցայց,
Թէ` Ահա մեղաւորք կորիցեն:
Զիա՞րդ զբազմայածեան լեզուս ի յաւրհնեալս բան մխեցից,
Թէ` Ասացի պահել զճանապարհս իմ,
Զի մի մեղայց լեզուաւ իմով:
Զիա՞րդ փշովք մեղաց հեղձեալս զանարատին պարծեցայց,
Թէ` Այլ զիս յանբծութեան իմում ընկալար:
Զիա՞րդ ես` մեղաւոր եւ կրկին պատժաւոր,
Զհանգունակիցսն դսրովեցից` ապրել ի նոցունց,
Թէ` Ի մարդոյ մեղաւորէ, նենգաւորէ փրկեա զիս, Աստուած:

Դ

Զիա՞րդ, իբր ոչ կռապաշտեալ, անպատկառապէս պերճացայց
Ունայն պանծանաւք ասել ընդ Դաւթի`
Միթէ մոռացեա՞լ իցէ մեր զանուն Աստուծոյ
Կամ ձգեա՞լ զձեռս ի մաղթանս աւտար աստուածոց:
Քանզի որ ի մեղս գարշութեան խոնարհեսցի,
Առաջի կայ նորին կառուցեալ առեալ ի պաշտաւն
Յաւսականացն, ախտարծարծիցն, պոռնկապատիր պատկերացն կերպարան`
Աստարտայ եւ Քոմովսայ եւ Մեղքոմայ արուարձանի
Եւ Թարահատայ թարմատարի, ընդ զազրոտեացն կանացեացն
Իշանդամիցն պատկառանք, անվերարկու ծանակութիւնք:
Ի՞բր ոչ պատկառեցից սովիմբ ասել ընդ նահատակին,
Որ զայս դիմագրաւութիւն առ բարին ունէր միշտ,
Թէ` Վասն քո մեռանիմք զաւրհանապազ,-
Եւ որ ի կարգին է սորին սաղմոս:
Ի՞բր յիմարս յարս եւ վատթարս ասել ժպրհիմ,
Թէ` Բերան իմ պատմեսցէ զիմաստութիւն, եւ սիրտս` զհանճար:
Ի՞բր մարդելոյզ կերպարանաւոր`
Զմարդահաճոյիցն ոսկերս ցրուել մաղթեցից:
Ի՞բր զկրկին երկրորդեալսն մեծանունն բարութիւնս,
Թէ` Հաճոյ եղէց առաջի տեառն յերկրին կենդանեաց:
Զիա՞րդ ունողս անբաւից մեղաց զարդարոյն առեալ կարդացից,
Թէ` Ոչ մեղք իմ եւ ոչ յանցանք,
Առանց մեղաց ընթացայ եւ ուղիղ եղէ:
Զիա՞րդ զիս ինքն մատնեցից կորստեան` յասելն զայս բան,
Թէ` Մի ողորմիր գործողացն զանաւրէնութիւն,
Զիա՞րդ թէ` Որպէս հալի մոմ առաջի հրոյ,
Այնպէս եւ մեղաւորք` յերեսաց Աստուծոյ:

Ե

Զիա՞րդ գրգեալս ապականացու փափկութեամբ`
Սահմանեցից զաննման ինձ բան,
Թէ` Խոնարհեցուցի պահաւք զանձն իմ,-
Եւ զազգակիցս նորին ընդ նոյն`
Եւ ի նեղել նոցա քուրձ զգենուի
Եւ, իբրեւ զսգաւոր եւ զտրտում, խոնարհ առնէի:
Ո՞րպէս հանդարտեցից զնմանեացն իմ պատիժ միշտ յիշատակել,
Թէ` Սակայն մրուր բարկութեանն Աստուծոյ ոչ սպառեսցի,
Եւ արբցեն ի նմանէ ամենայն մեղաւորք երկրի:
Ի՞բրեւ զեւսն առ սմին,
Թէ` Զամենայն եղջիւրս մեղաւորաց փշրեսցես:
Զիա՞րդ զապերախտութիւնն Յակոբայ ի ճառ առեալ հենգնեցից,
Որ ընդ ստուերին զճշմարտութիւնն ընկալեալ`
Մոռացայ ընդ նոսին նոցին թերութեամբ
Զերախտիսն Քրիստոսի աստուածայնովքն արուեստիւք խաչին փրկանաւք,
Քան նոքա` զզաւրավարութիւն Մովսեսն ցպոյն սքանչելեաւք,
Որ զաւրինակն նկարագրէր տէրունական տնտեսութեանն:
Զիա՞րդ զյարուցելոցն ի վերայ դիւաց զաղէտս ցուցից,
Իբր նոքա` զաւտարացեղից խուժադուժ ազգացն,
Ասելով, թէ` Արկին զդիակունս բարեացն, որ ի մեզ,
Կուր վնասակարացն թռչնոց, այս է` այսոցն աւդայնոց:
Ո՞րպէս զանկեալ զսերմն բանին ի ճանապարհին
Եւ զմիաբանեալս զկամս ընդ չարին սուրբ անուանեցից,
Ի՞բրեւ` զնմանակիցն առ ի նոյն շաւիղ չարին պատերազմի`
Գուպար գաղտնամարտ մտացս աւցտելոց,
Զոր ես զաւրացուցի` գործակցեալ հնարից բանսարկուին:
Եւ ոչ ունիմ աղերսել, թէ` Մի լռեր եւ մի դադարեր, Աստուած,
Եւ` Խորհեցան ի վերայ սրբոց քոց եւ ասացին,-
Զոր ի կարգէ սաղմոսիս է աղաւթել:
Քանզի յոյժ պատեհագոյն է առնուլ զայսոսիկ
Ի վերայ բռնութեան մոլեկան դիւաց`
Միշտ ճակատելոց առ ներկայիս խռովութիւն,
Եւ ընդ նոսին` նոցին մշակաց:

Զ

Յորոց դու, Տէր Քրիտոս,
Որդի բարձրեալ մեծիդ Աստուծոյ,
Պահեսցես եւ ամրացուսցես երկնային զաւրուդ շրջափակութեամբ`
Յամենայն ընթացից խաբողին հողմոց
Խաչիւդ լուսոյ զմեզ պաշտպանեալ,
Որ զի թէ եւ գտցին յիս անաւրէնութիւնք բազմաւրինակք,
Այլ ոչ հայհոյութիւնք:
Որ ոչ հանգեար ի կորուստ նմանեացն իմոց ամբարշտելոց,
Այլ ամենագորով թախանձմամբ
Ընդ եղծման ջրողողն զազրագործաց կրկին վշտացար,
Տաղտկալի զմահու նոցա դիպուած քեզ գրեցեր`
Ասելով զզարմանալիսն լսողաց բան.
Ածեալ զմտաւ` ոչ եւս յաւելից
Անիծեալ զերկիր վասն գործոց մարդկան:
Եւ մխիթարիս մեծ իմն պարարեալ
Ընդ կեանս անմաքրից եւ պարտաւորաց սատակման:
Որ երբեմն առակաւ դդմենւոյն
Զանխայելն ի կործանելիսն ցուցեր, ողորմած,
Եւ առ այլ ումեմն նեղեցար, սաստիկ վտանգեալ,
Ընդ յամրանալ անձրեւին առ ուրացողացն դարման:
Անճառելիս ցուցեր բարութեան տեսակս յիշատակ տաւնելիս
Ի վերջին աւուրս` քեւ, ի ձեռն առաքելոցն քոց,
Ողջոյնս հասարակաց անհամբուրիցն հեռաւորաց
Քաղցրաճաշակս հրամայեցեր:
Ահա եւ յիս ցաւղեա, կենդանի, զհայրենի գթութեանցդ զսէր,
Զի եւ ես փրկեցայց` քաւեալ ամէնառատ քո այցելութեամբդ:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա~ռք յաւիտեանս:
Ամէն:

Բան Կ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, քանի որ ինձ հայտնի է ճշգրիտ առակով արդեն,
Թե՝ չի վայելում մեղավոր բերնին օրհնաբանություն,–
Ինչպե՞ս պիտի նույն գովությունը քեզ կրկնեմ վերստին աղաչավորս խիստ ամոթապարտ,
Որ անեծքներ եմ ընդունում անվերջ՝ սաղմոսարանում, ինձ համար ասված:
Ինչպե՞ս ինձ համար երգեմ վտանգներ և նախատինքներ արձանագրեմ
Ու մերկ գրկիս մեջ շուշանի տեղակ փշեր հավաքեմ.
Եվ ինչպե՞ս պիտի համարձակվեմ ես Դավթի պես ասել,
Թե՝ «Պիտի փշրես մեղավորների ատամները դու»,
Եվ դարձյալ ինչպես՝ «Անօրենները չպիտի բնակվեն քո աչքի առջև».
Ինչպե՞ս, թե՝ «Դատիր ինձ, Տեր, ըստ արդարության քո և իմ՝ անբծության»:
Եվ կամ թե ինչպե՞ս՝ «Չարիքները մեղավորների վրա պիտի կատարվեն»,
Ինչպե՞ս, թե՝ «Պիտի խորտակվեն չարի և մեղավորի բազուկները»,
Եվ ուրիշները հետևյալ կարգով.
Ինչպե՞ս կարող եմ ասել, թե՝
«Մեղավորների վրա տեղան պիտի հուր, ծծումբ, որոգայթ».
Ինչպե՞ս, թե՝ «Տերը կթուլացնի նենգավոր շրթունքներն ու լեզուները մեծաբանող».
Ինչպե՞ս, թե՝ «Սիրտս քննեցիր և չգտար այնտեղ անիրավություն».
Եվ ինչպե՞ս դրան հաջորդող խոսքն այս,
Թե՝ «Զգուշացա խստասիրտների ճանապարհից ես».
Եվ ինչպե՞ս ապա, թե՝
«Արդարությամբ ես քո երեսը պիտի ելնեմ»158Այսինքն՝ «Ես արդարությամբ կերևամ քո առաջ» (Սաղմ. ԺԶ. 15).
Ինչպե՞ս, թե՝ «Ես էլ անբիծ պիտի լինեմ նրա հետ».
Ինչպե՞ս և մյուսը, թե՝
«Տերն ինձ ըստ իմ արդարության և ձեռքի մաքրության պիտի հատուցի».
Ես ինքս ինչպե՞ս իմ ստությունը պիտի ծանակեմ, ասելով սուրբի հետ, թե՝
«Ձեռքերս սրբությամբ պիտի լվանամ».
Սնոտիների մեջ նստածս ինչպե՞ս ամբարիշտների աթոռները բամբասեմ.
Ինչպե՞ս թշվառս երջանկի պարծանքն ինձ վրա առնեմ,
Թե՝ «Դատիր ինձ, Տեր, զի անմեղությանս մեջ քայլեցի ես».
Ինչպե՞ս օտարս բարի գործերից՝ պիտի շարժեմ գո՜ւթը գաղտնագետիդ,
Թե՝ «Մի՛ դասիր ինձ ամբարիշտներին».
Ինչպե՞ս ես ինքս լինելով անիծապարտ, ուրիշների համար ասեմ՝
«Տո՛ւր նրանց, Տեր, ըստ նրանց գործի»,
Եվ համարձակվեմ շարունակելու:

Բ

Մնացածներն էլ եթե գումարեմ առաջիններին,
Կրկնապես պիտի ծանրանան ցավերս ու դառնություններս աճեն,
Բայց արցունքների շեղջերից միայն դույզն-ինչ առնելով,
Առայժմ պիտի բավականանամ սաղմոսարանի
Ընտանի ձայնի հանապազօրյա հանդիմանությամբ,
Որ ամբարիշտիս կշտամբում է միշտ:
Դրանց հետ նաև քառասունիններորդ գլխի վերջին հատվածի հանդիմանական տողերը,
Որոնք գարշելի համարելով ինձ՝ խայտառակում են միշտ և հանապազ:
Խցելով բերանս, որպեսզի չփառաբանեմ՝ անձս եղկելի են ներկայացնում.
Եվ աստվածային ձայնով ինձ ամբաստանելով՝ զրկում են կյանքի հույսից,
Միաժամանակ, ինչպես պատնեշի վրայից, քարեր են նետում վրաս:
Եթե ծանր է ուրիներից անեծք ընդունել,
Ապա կրկնակի ծանրածանր է անձամբ ինքն իրեն անիծելը:
Իսկ եթե օրենք է մերձավորներից նախատիքներ չառնել,
Ապա ուրեմն ամենատեսիցդ սպասել դրանք՝
Արյունալից ցավ, սարսափելի վիշտ ու մտալլկանք են պատճառում մեզ:
Բայց ով որ նրանց խոնարհությամբ անձնատուր լինի,
Եվ գավազանով ծեծի ինքն իրեն, կշտամբի ու դառն անեծքներ կարդա,
Այդպիսին պիտի օրհնվի
Վերնայնի խոստովանած և ամենաիշխան բերանի շրթունքներով.
Զի նա ճշգրիտ կերպով բացատրեց դարձն իր դեպի նա, կյանքի ճիշտ ճամփից չհեռանալով.
Սիրո օրենքով նա իր մեղքերի արմատը կտրեց,
Չնվաճելով չարախոսների խարդավանքից,
Քրիստոսի հոտի բժշկված ոչխարը եղավ նա,
Դիմելով աղիքների խոցերը բուժող աղին:
Բայց անբանների բարքին է հատուկ ասուն կենդանիների
Կենսաձիր խոսքի դալար, ծաղկածին դաշտավայրում՝
Մտքի թմրությամբ մահացու արոտներ ճարակելը:

Գ

Արդ, քանզի իսկ և իսկ ինձ համար է ասված վերջին օրինակն այս կշտամբողական,
Եվ չար դիպվածներն ու պատահմունքներն ինձ են ակնարկում,
Որոնք նյութեցի ես ինքս որպես սաստիկ տոչորող կիզիչ կրակներ,
Նրանք երկնքից թափելով իմաստությանս ճրագարանի՝ գագաթի վրա:
Այլևս սաղմոսն ինձ ի՞նչ օգուտ կարող է բերել,
Երբ ինքս նրա բազմերանգությունից մնացի անպտուղ,
Ու չնվագեցի հոգով այն, ինչ որ Պողոսն է թելադրում:
Ինչպե՞ս կարող եմ մեծագույնս ես մեղավորներից և պիտանիներից նկունս
Մարգարեի երգերին խառնել Տիրոջ խոսքերը և ասել սուրբի հետ.
«Հեռացե՛ք ինձնից բոլորդ էլ, որ գործում եք անօրենություն»:
Ես, որ չեմ կատարել օրենքի և շնորհի բազում պատվիրաններից և ոչ մեկը՝
Ինչպե՞ս բարբառեմ երջանիկի հետ,
Որը մեզ համար սահմանածը նախ ինքը գործադրեց,
Թե՝ «Ես՝ քո ծառան, պահեցի այս», և դրանց հետևող խոսքերը:
Կյանքի կատարյալ իմաստությունից թափուրս ինչպե՞ս
Տիրոջ երկյուղածների հետ օրհնեմ.
Ինչպե՞ս պիտի մաղթանքներից մեծագույնին իմոնքն էլ կցեմ,
Թե՝ «Մի բան խնդրեցի ես Տիրոջից՝ տեսնել իր վայելչությունը
Եվ իր տաճարի հրամանատարը լինել».
Ինչպե՞ս ձեռնամուխ լինեմ այն բանին, որ արգելված է ինձ,
Երբ լսում եմ, թե՝ ուղղամիտներին վայել է միայն օրհնություն կարդալ:
Ես իմ սեփական շուրթերովս ինչպե՞ս ինքս ինձ անիծեմ,
Ասելով, թե՝ «Տիրոջ աչքը չարագործների վրա է,
Ջնջելու համար նրանց հիշատակն երկրի երեսից».
Ինչպե՞ս՝ և մյուսը, թե՝ «Չարերը շուտով պիտի ջնջվեն».
Ինչպե՞ս այն խոսքը, որ արդարև ինձ է վերաբերում,
Թե՝ «Բազուկները ամբարիշտների պիտի խորտակվեն».
Ինչպե՞ս պաղատեմ սատակման համար, Թե՝
«Պիտի կորչեն մեղավորները»:
Ինչպե՞ս թաթախեմ թափառող լեզուս օրհնյալ խոսքի մեջ,
Թե՝ «Հսկեցի ես կյանքիս ընթացքը, որ չմեղանչեմ ինքս իմ լեզվով».
Ինչպե՞ս մեղքերի փշերով խեղդվածս պարծենամ խոսքովն անարատի,
Թե՝ «Իմ անբծության մեջ ընդունեցիր ինձ».
Ինչպե՞ս ես մեղավորս և կրկնակի պատժապարտս
Պարսավեմ պիտի իմ նմաններին, նրանցից ազատվելս մաղթելով,
Թե՝ «Մեղավոր ու նենգ մարդկանցից ազատի՜ր ինձ, Աստված»:

Դ

Ինչպե՞ս, որպես ոչ կռապաշտ, անպատկառորեն խրոխտամ ունայն պարծանքով,
Դավթի հետ ասելով՝ «Մի՞թե մոռացել ենք մենք անունն Աստուծո,
Եվ կամ օտար աստվածներին աղոթելու ձեռք ենք երկարել»:
Զի նա, որ գարշելի մեղքերի մեջ կընկնի,
Այդպիսին կառուցած կլինի պաշտելու համար
Անասնական, ախտարծարծ և պոռնկապատիր կերպարանքներ՝
Աստարտի, Քամովսի, Մեղքոմի159Մողոքը՝ Ամմոնացոց կուռքը, որի համար տուն կանգնեց Դավիթը (Գ. Թագ. ԺԱ. 7): և թարմատար Թարահատի160Անծանոթ է այս դիցաբանական անունը: Հավանական չէ ոմանց այն կարծիքը, թե Աբրահամի հոր՝ Թարայի պաշտած կուռքերից լինի (Հեսու ԻԳ. 2): Խորենացին ևս հիշատակում է Թարաթ անունով մի կուռք, բայց դա լինել չի կարող: արձաններ արու,
Ինչպես նաև կանացի զազիր ու աղծապիղծ կուռքեր
Եվ իշանդամ առականքների անծածկույթ ծանակություններ:
Ինչպե՞ս չամաչեմ ասել նահատակի հետ, որ բարության էր միշտ հետամուտ,
Թե՝ «Ամեն օր մեռնում ենք քեզ համար»,
Եվ հետևյալ տողերն այդ սաղմոսի:
Ինչպե՞ս հիմարս մարդկանց մեջ և վատթարս հանդգնեմ ասել,
Թե՝ «Բերանս իմաստություն պիտի պատմի, և սիրտս՝ հանճար»:
Ինչպե՞ս ես՝ մարդակորույս կեղծավորս երեսպաշտների ոսկորների ցրումը մաղթեմ.
Ինչպե՞ս կրկին երկրորդված մեծանուն բարությունն այն,
Թե՝ «Հաճելի պիտի լինեմ Տիրոջը կենդանյաց երկրում»:
Ինչպե՞ս ես անբավ մեղքերի տերս, արդարից առած՝ բարբառեմ այսպես,–
«Ոչ մեղք ունեմ ես և ոչ էլ հանցանք, ընթացքս եղավ անմեղ և ուղիղ»:
Ինչպե՞ս ինքս ինձ մատնեմ կորստյան այսպես ասելով՝
«Անօրենություն գործողներին մի՛ ողորմիր»:
Եվ կամ թե ասեմ. «Ինչպես մոմը, որ հալվում է կրակի դիմաց,
Այդպես էլ պիտի լինեն մեղավորներն Աստուծո առջև»:
Ինչպե՞ս՝ ապականացու փափկությամբ շոյվածս այս ինձ անվայել խոսքը հաստատեմ,
Թե՝ «Ես ընկճեցի իմ անձը ծոմով».
Ինչպե՞ս նաև այս խոսքը նույնիմաստ,–
«Նրանց նեղության մեջ ես քուրջ էի հագնում
Եվ, ինչպես սգավոր ու տրտում՝ խոնարհ էի».
Ինչպե՞ս հանդարտվեմ իմ նմանների պատիժն
հիշելով, Թե՝ «Աստուծո բարկության մրուրը չի սպառվի,
Եվ պիտի խմեն նրանից երկրի բոլոր մեղավորները»:
Ինչպե՞ս՝ սրա հետ և մյուսը, թե՝
«Մեղավորների բոլոր եղջյուրները պիտի փշրես դու».
Ինչպե՞ս, Հակոբի ապերախտության մասին պատմելով, կարող եմ հեգնել նրան
Ես, որ ստվերի տեղ ճշմարտությունն ընդունած, նրանց հետ և նրանց թերությամբ
Մոռացա Քրիստոսի երախտիքները՝ աստվածահրաշ խաչի փրկանքով,
Եվս առավել, քան նրանք, որոնք չուզեցին
Զորությունն Մովսեսի սքանչելագործ ցուպի,
Որ տերունական տնօրինության մի օրինակն էր:
Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ մեզ վրա խուժող դևերի -
Խմբերի խուժդուժ և օտարացեղ՝ աղետները ողջ,
Ասելով, թե՝ «Մեր մեջ գտնվող բարիների դիակներն իբրև կեր
Ձգեցին գիշատիչ թռչուններին, այսինքն՝ օդային դևերին»:
Ինչպե՞ս կարող եմ ճանապարհի վրա ընկած խոսքի սերմը
Եվ չարի հետ միաբանված կամքը անվանել սուրբ161Մատթ. ԺԳ. 4,
Ինչպե՞ս սուրբ կոչեմ պատերազմի հետ նույն շավղով գնացող՝
Իմ ճանապարհից դուրս եկած մտքի գուպարը գաղտնամարտ,
Որ ես զորացրի՝ գործակցելով բանսարկուի հնարքներին:
Չեմ կարող աղերսել քեզ, թե՝ «Մի՛ լռիր և մի՛ դադարիր, Աստված»,
Ինչպես և՝ «Խորհեցին քո սուրբերի վրա և ասացին»,–
Եվ մյուս խոսքերը՝ սաղմոսարանի այս աղոթքի մեջ:
Զի հույժ տեղին է, որ այս խոսքերով ճանաչենք մոլեկան բռնությունը դևերի,
Եվ նրանց հետ նաև իրենց արբանյակներին,
Որոնք մղում են ճակատամարտ միշտ, խռովելով ներկան:

Ե

Այդ բոլորից, Տեր Քրիստոս, Որդիդ դու բարձրյալ և մեծ Աստուծո,
Պահե՜ս ու պահպանես երկնային զորքիդ շրջափակությամբ,
Բոլոր հողմերից ու խաբողների հարձակումներից
Լուսեղեն խաչովդ պաշտպանելով մեզ:
Զի թեև իմ մեջ գտնվեն անօրենություններ բազօրինակ,
Սակայն ո՛չ երբեք հայհոյություններ:
Չհանգստացա՜ր դու ինձ նման ամբարիշտների կորուստով,
Այլ ամենագորով թախծությամբ, ջրհեղեղով ջնջված
Զազրագործների վրա մինչև իսկ կրկնապես
վշտացար, Նրանց այդպիսի մահն համարելով անհանդուրժելի և հույժ անհաճո:
Լսողներին զարմանալի այս խոսքն ասացիր դու,
Թե՝ «Այլևս մարդկանց գործերի պատճառով երկիրը չպիտի անիծեմ»:
Մխիթարվում ես դու մեծապես ու պարարվում՝
Անմաքուր ու սատակման արժանի մարդկանց կենդանացման համար.
Ինչպես որ երբեմն, դդմենու առակով ցույց տվեցիր դու
Կործանվելու արժանիներին խնայելդ, ողորմա՛ծ. Եվ մի ուրիշի162Եղիայի վրա նեղացար, սաստիկ վշտացած,
Երբ նա անձրևն ուշացնում էր, որպեսզի ուրացողները ապրուստ չունենան163Գ. Թագ. ԺԸ գլուխ:
Եվ բազմապիսի հիշատակարժան և անճառելի
Բարություններ ցուցաբերեցիր դու վերջին օրերին.
Քո կողմից՝ առաքյալներիդ միջոցով հրամայեցիր ողջույն տալ քաղցրահամ՝
Հասարակաց բոլոր և անհամբույր հեռավորներին:
Նաև ի՛նձ վրա ցողիր հայրական սերդ գթառատ, կենդանի Աստված,
Որպեսզի ես էլ գտնեմ փրկություն՝
Քավված մեղքերից ամենաառատ քո այցելությամբ:
Եվ քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա
Քանզի ճշմարիտ առակից կանխավ քաջ
հայտնի է ինձ,
Որ մեղավորի բերանին՝ կարդալ
Օրհնաբանություն անվայել է խիստ,
Ինչպե՞ս կրկնեմ նույն գովեստները քեզ
Աղաչավորս հույժ ամոթապարտ,
Որ անեծքներ եմ ընդունում անվերջ
Բարեմաղթական սաղմոսարանից։
Ինչպե՞ս երգեմ ինձ վիշտ ու աղետներ
Եվ նախատինքներ՝ ընդդեմ իմ անձին
Ու մերկ գրկիս մեջ շուշանների տեղ փշեր հավաքեմ։
Ինչպե՞ս Դավթի հետ հանդգնեմ ասել,
Թե՝ «Պիտի փշրես ատամներն համայն մեղավորների».
«Անօրենները չպիտի ապրեն քո աչքի առաջ».
«Դատի՛ր ինձ ըստ քո արդարության և անբծության իմ».
«Մեղավորների վրա պիտի գան չարիքները ողջ».
«Պիտի խորտակվեն բազուկները չար, մեղավոր մարդկանց».
«Ամենայն վտանգ, կրակ ու ծծումբ
Մեղավորների գլխին պիտ տեղա».
«Տերը կջնջի շրթունքները նենգ
Եվ լեզուները բոլոր մեծաբան»։
Ինչպե՞ս ասեմ, թե՝ «Քննեցիր սիրտս ու
Չգտար այնտեղ անիրավություն».
Կամ՝ «Ես խստամբեր ընթացք ունեցա».
«Ես արդար պիտի ներկայանամ քեզ».
«Ես էլ նրա պես կլինեմ անբիծ».
«Տերը ինձ ըստ իմ արդարության ու
Ձեռքի մաքրության պիտի հատուցի».
Ինչպե՞ս ես ինքս անձամբ ծանակեմ
Սուտն իմ՝ ասելով այն սրբի հետ, թե՝
«Ձեռքերս սրբությամբ պիտի լվանամ».
Նանրամիտս ինչպե՞ս ամբարիշտների գահերն անարգեմ
Ինչպե՞ս թշվառս պարծանքն երջանկի պատշաճեմ անձիս,
Թե՝ «Դատի՛ր ինձ, տե՜ր, զի ընթացել եմ միշտ անբծությամբ».
Օտարս բարուց գաղտնատեսիդ գութն ինչպե՞ս աղերսեմ՝
«Մի՛ դասիր ինձ կարգն ամբարիշտների».
Ինքս անիծապարտ լինելով՝ ինչպե՞ս նզովեմ այլոց՝
«Տո՛ւր նրանց, տե՜ր, ըստ իրենց գործերի»
Եվ համարձակվեմ դեռ շարունակել։

Բ
Վերջին մասերն էլ եթե գումարեմ առաջիններին,
Ցավերս կրկնակի պիտի ծանրանան,
Ու բազմապատկվեն դառնություններն իմ։
Բայց արտասուքի շեղջերից միայն փոքր ինչ առնելով՝
Կբավարարվեմ սաղմոսարանի ընտանի ձայնի
Հանապազորդյան հանդիմանությամբ,
Որն ամբարշտիս կշտամբում է միշտ։
Դրանցից են և քառասնիններորդ
Սաղմոսի վերջին հատվածի տողերն հանդիմանական,
Որոնք գարշելի համարելով ինձ՝
Խայտառակում են հանապազ, անդուլ,
Ցուցադրելով անձն իմ եղկելի՝
Բերանս են խցում, որպեսզի մեծիդ չփառաբանեմ,
Եվ աստվածային ձայնով շարունակ ամբաստանելով՝
Զրկում են կյանքի ակնկալումից,
Այլև, ասես թե պատնեշից, վրաս
Նետում են անվերջ մահացու քարեր։
Եթե, արդարև, ծանր է ուրիշից անեծք ստանալ.
Ապա կրկնակի դառն է, դժնդակ,
Երբ մարդ հենց ինքն է նզովում իրեն.
Իսկ եթե կարգ է մերձավորների ՛
Նախատինքներին չենթարկվելն, ապա
Սպասել դրանք ամենատեսից՝
Ցավ է արյունող ու տաժանելի,
Աղետալի վիշտ ու մտալլկանք։
Սակայն եթե մարդ խոնարհությամբ՝ հենց
Ինքը իր անձը ենթարկի դրանց,
Սեփական լեզվով կշտամբի, ձաղկի,
Մտրակի իրեն դառն անեծքներով,
Կօրհնվի շուրթերով ամենակալի,
Քանզի անսխալ մեկնած կլինի դարձն իր առ Աստված՝
Չհեռանալով ճիշտ ճանապարհից,
Սիրով հատուցած կլինի լրիվ պարտքերն իր բոլոր՝
Չնվաճվելով չարախոսների խարդավանքներից,
Դարձած կլինի Հիսուսի հոտի բժշկված ոչխար՝
Դիմելով հենց այն աղին, որ, իրոք,
Բուժում է ախտերն իր աղիքների։
Բայց անբանների բարքին հատուկ է,
Ասուն կենդանի լինելով հանդերձ,
Կենսաձիր խոսքի դալար ծաղկածին արոտավայրում
Մտքի թմրությամբ մահացու խոտեր միայն ճարակել։

Գ
Ինձ է պատշաճում, արդարև, վերջին
Օրինակը այս կշտամբողական՝
Ակնարկելով այն պատուհասներն ու դիպվածները չար,
Որոնք նյութեցի ինքս ինձ մշտապես՝
Որպես զեղումներ կիզանողական ու հրատոչոր,
Թափված երկնքից իմաստությանս Ճրագարանի՝ գագաթիս վրա։
Արդ, սաղմոսն ինձ ի՞նչ օգուտ պիտի տա,
Երբ անպտուղ եմ մնում միշտ նրա բազմերգությունից,
Չերգելով հոգով ըստ սուրբ Պողոսի թելադրության։
Ես՝ մեծագույնս մեղավորներից,
Պիտանիներից նկունս հետին,
Ինչպե՞ս, խառնելով մարգարեական
Երգերին նաև խոսքը տերունի, ասեմ սրբի հետ՝
«Հեռո՛ւ մնացեք ինձնից բոլորդ,
Ովքեր գործում եք անօրենություն»։
Երբ չեմ կատարել ոչ մեկն օրենքի
Շնորհի բազում պատվիրաններից,
Ինչպե՞ս բարբառեմ երջանիկի հետ,
Որը մեզ համար սահմանածն ինքը նախ գործադրեց.
Կամ ինչպե՞ս հոդեմ իմը՝ մեծագույն այս
Այլև խոսքերը սրան հաջորդող։
Ինչպե՞ս թափուրս կյանքի կատարյալ իմաստությունից
Երկյուղածների հետ օրհնեմ տիրոջ.
Կամ ինչպե՞ս հորդեմ իմը՝ մեծագույն այս աղերսի հետ՝
«Մի բան խնդրեցի տիրոջից՝ տեսնել վայելչությունն իր
Եվ սպասավոր լինել սրբազան իր տաճարի մեջ».
Ինչպե՞ս ձեռնարկեմ ինձ արգելվածին,
Երբ լսում եմ, թե՝ «օրհնաբանություն
Արդարներին է վայելում միայն»։
Ինչպե՞ս անիծեմ ինքս ինձ անձամբ իմ իսկ շուրթերով,
Թե՝ «Տիրոջ աչքը չարագործների վրա է ուղղված,
Որպեսզի ջնջի նրանց հիշատակն երկրի երեսից».
Կամ՝ «Պիտի ջնջվեն չարերն անհապաղ».
Ինչպե՞ս ասեմ խոսքն այս ինձ պատշաճող,
Թե՝ «Բազուկները ամբարիշտների պիտի խորտակվեն»
Ինչպե՞ս պաղատեմ սատակման համար,
Թե՝ «Թող որ կորչեն մեղավորները»։
Ինչպե՞ս թաթախեմ բազմահած լեզուս օրհնյալ խոսքի մեջ՝
«Խոստացա պահել ճանապարհը քո,
Որպեսզի լեզվով իմ չմեղանչեմ».
Մեղքի փշերով խեղդվածս ինչպե՞ս
Պարծենամ խոսքով այն անարատի՝
«Ինձ ընդունեցիր իմ անբծությամբ».
Կրկնապատժապարտ մեղավորս հապա
Ինչպե՞ս պարսավեմ իմ նմաններին,
Խնդրելով նրանց ձեռքից ազատվել՝
«Նենգամիտներից, մեղավորներից փրկի՜ր ինձ, Աստվա՛ծ»։

Դ
Ինչպե՞ս ես որպես ոչ-կռապաշտյալ
Անպատկառորեն ունայն պարծանքով
Պանծամ, Դավթի հետ ասելով՝ «Մի՞թե
Մոռացել ենք մենք անունն Աստծո,
Կամ աստվածներին օտար՝ աղոթքի ձե՞ռք ենք կարկառել»,
Երբ նա, ով տրվում ու խոնարհվում է զազիր մեղքերին,
Պաշտելու համար բարձրացրած կլինի արդեն իր առաջ
Ախտաշարժ, շամբուշ ու տարփատենչիկ,
Պոռնկապատիր պատկերները ցոփ
Աստարտ ու Քամովս դիցուհիների,
Մելքոմի արձանն արվական ու այն Թարահատ չքոտու,
Կանացիական զազրոտության հետ
Նաև իշանդամ առականքների
Ծանակություններ մերկ ու անծածկույթ։
Ինչպե՞ս չամաչեմ, ուրեմն, ասել նահատակի հետ,
Որ բարության էր միայն հետամուտ,
Թե՝ «Քեզ համար ենք ամեն օր մեռնում»,
Այլև սաղմոսը սրան հաջորդող։
Հիմարագույնս, վատթարս բոլոր
Մարդկանցից ինչպե՞ս հանդգնեմ ասել,
Թե՝ «Բերանը իմ իմաստություն է
Արտաբխելու, իսկ միտքս՝ հանճար»։
Մարդելուզակս, շողոմ, կեղծավոր,
Ինչպե՛ս մաղթեմ, որ ցրվեն ոսկորներն երեսպաշտների.
Ինչպե՞ս կրկնեմ արդ երկիցս ասված բարությունն այն մեծ.
Թե՝ «Ես հաճելի կլինեմ տիրոջ՝ կենդանյաց երկրում»։
Անթիվ մեղքերի կրողս ինչպե՞ս
Արդարից առած խոսքով բարբառեմ՝
«Ո՛չ մեղքեր ունեմ և ո՛չ էլ հանցանք,
Ընթացա անմեղ ու եղա շիտակ»։
Ինչպե՞ս կորստյան մատնեմ ինքս ինձ
Ասելով, թե՝ «Մի՛ ողորմիր նրանց,
Ովքեր գործում են անօրենություն»,
Կամ՝ «Ինչպես մոմն է հալվում հրի դեմ,
Այդպես կլինեն մեղավորները Աստծո առաջ»։
Ապականացու փափկակեցությամբ գրգյալս ինչպե՞ս
Հաստատեմ խոսքն ինձ անպատշաճական՝
«Խոնարհեցրի ինքս ինձ ծոմով».
Կամ թե՝ «Ես նրանց նեղության ժամին քուրջ էի հագնում
Եվ ընկճված էի որպես սգավոր, տրտում ու թշվառ»։
Ինչպե՞ս անխռով հիշեմ պատիժներն իմ նմանների՝
«Սակայն մրուրը Աստծո բարկության չի սպառվելու,
Եվ պիտի խմեն նրանից բոլոր մեղավորները»,
Կամ՝ «Պիտի փշրես մեղավորների եղջյուրները ողջ»։
Ինչպե՞ս Հակոբի ապերախտության
Մասին խոսելով՝ ծանակեմ նրան,
Երբ ստվերի տեղ ճշմարտությունը
Ինքս ստացած լինելով հանդերձ՝
Նրանց պես նրանց այն նույն թերացմամբ՝
Մերժեցի բոլոր երախտիքները տեր Քրիստոսի՝
Աստվածահրաշ խաչի փրկանքով,
Գերազանցելով մինչևիսկ նրանց,
Որոնք մերժեցին առաջնորդությունն ընտրյալ Մովսեսի՝
Սքանչելագործ իր գավազանով,
Որ տերունական խնամարկության
Օրինակն էր լոկ ուրվանկարում։
Իսկ ինչպե՞ս վրաս խուժող դևերի
Արհավիրքները ցույց տամ, համարեմ
Կատարված իբր օտար այլացեղ խուժդուժ ազգերից,
Ասելով, թե հենց «Նրանք ձգեցին
Դիերը մեր մեջ եղած բարության
Գիշակերներին», այսինքն՝ օդային այսերին ի կուր։
Ինչպե՞ս կոչեմ սուրբ խոսքի սերմն, ընկած լերկ ճանապարհին,
Կամ միաբանված կամքս չարի հետ,
Նրա հետքերով գաղտնի պատերազմ
Ընթացող գուպարն ըմբոստ մտքերիս,
Որոնց հենց ինքս տվի զորություն՝
Գործակից դարձած բանսարկուի նենգ հնարանքներին։
Մի՞թե կարող եմ այլևս աղերսել այս նույն սաղմոսով՝
«Մի՛ լռիր, Աստվա՜ծ, և մի՛ դադարիր»,
Կամ՝ «Խորհեցին քո սրբերի վրա,
Ասացին...» էլի՞ դեռ շարունակեմ...
Այո՛, ավելի պատեհ կլինի,
Որ այս բոլորը վերագրենք հենց ,
Իրենց՝ դևերի, ինչպես և նրանց
Արբանյակների դժնդակության,
Որ մոլեգնաբար ճակատ են տալիս
Միշտ՝ խռովելու կյանքն այս անցավոր։ 

Ե
Այս բոլորից մեզ պահի՛ր, պահպանի՛ր,
Տե՜ր Հիսուս, բարձրյալ որդիդ մեծ Աստծո,
Երկնային զորքիդ շրջափակությամբ,
Պաշտպանելով քո լուսեղեն խաչով
Խարդավանողի հողմերի բոլոր արշավանքներից.
Քանզի գուցե և գտնվի իմ մեջ
Ամեն տեսակի անօրենություն,
Բայց ոչ հայհոյանք։
Չէ՛ որ ինձ նման ամբարիշտների
Կորուստով դու չես հանգստանում, տե՜ր.
Անգամ հեղեղով իրավամբ ջնջված
Զազրագործների համար տրտմությամբ
Ամենագորով՝ սաստիկ վշտացար,
Նրանց պատահած աղետն այդ մահու
Համարեցիր քեզ ծանր ու անհաճո,
Ասելով նույնիսկ խոսքն այս՝ ի զարմանս քեզ լսողների՝
«Մարդկանց գործերի պատճառով այլևս
Երկիրը երբեք չեմ անիծելու»։
Մխիթարվում ու պարարվում ես հույժ
Փրկելով պիղծ ու մահապարտ մարդկանց
Եվ խնայում ես կործանման իրոք արժանիներին,
Ինչպես երբեմն ցույց տվեցիր այդ դդմի առակով
Կամ վրդովմամբ քո, սաստիկ դառնացած,
Երբ ուշանում էր անձրևն՝ ի դարման ուրացողների։
Վերջին օրերին գործեցիր նույնպես
Անճառ, տոնելու հիշատակարժան
Ամենատեսակ բարերարություն.
Առաքյալներիդ հրամայեցիր մինչևիսկ քեզնից
Քաղցր ողջույններ հաղորդել բոլոր
Հեռավորներին անբարեհամբույր:
Ցողի՛ր հայրական սերդ բազմագութ
Նաև ինձ վրա, ո՜վ կենսաշնորհ,
Որպեսզի և ես գտնեմ փրկություն՝
Քավված օգնությամբ քո ամենառատ։
Եվ քեզ Սուրբ Հոգուդ ու Հորդ հետ փա՜ռք
հավիտյանս, ամեն։