ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Այլ արդ, քանզի որպէս ոչ է առանց Քրիստոսի Աստուծոյ ոգւոց փրկութիւն,
Եւ ոչ առանց տեսման աչաց` առ լոյս զուարճութիւն,
Եւ կամ առանց արուսեկին նշուլից` արեւու երբէք քաղցրութիւն,
Այսպէս եւ ոչ առանց խոստովանութեան ծածկութից
Եւ ստգտանաց անձին` քաւութիւն:
Զի զի՞նչ աւգուտ է քեզ մաքրութիւնդ,
Եթէ ընդ փարիսեցւոյն դատեսցիս,
Եւ կամ զի՞նչ վնասեսցեն զիս պարտիքս,
Եթէ ընդ մաքսաւորին գովեցայց,
Եւ կամ ո՞ւր ասի պարսաւեալ մարգարէն Յովէլ`
Երիցս կրկնելով զանձինն եղկութիւն,
Եւ կամ զի՞ գուցէ սրբոյն դատաստան`
Առ ի յիշատակ աւուրն մեծի,
Եւ կամ ի՞բր արդեաւք անմաքուր իմասցի շրթամբք Եսայի`
Հեռին ի գործոց տանն Իսրայելի,
Եւ զիա՞րդ Աստուած պարտաւոր պաշտի ադամեան մարմնովն`
Իմոյս կարեկցեալ յանցաւորապէս առ Հայր աղաւթել,
Եւ կամ յո՞րս թարգմանի առած առակին,
Թէ` Սիրտ իմաստնոյն` ի տան սգոյ,
Եւ սիրտ անմտին` ի տան ուրախութեան:
Զի որ զսխալելն Ադամայ անձին իւրում ոչ գրեսցէ
Եւ զմեղս ամենից ինքեան ոչ համարեսցի,
Իբր երջանիկն արքայից` զհարցն,-
Կորոյս զիւրն արդարութիւն`
Որպէս անախտակիր գոլ բնութեանս,
Եւ ոչ բերկրի սիրտ առ զուարթութիւն երեսաց
Աւետեաւք յուսոյն, ըստ ասացելոյն,
Եթէ ոչ յառաքելոյն Քրիստոսի ուսեալ`
Ամենայնիւ ահա ըստ Աստուծոյ տրտմեսցի:
Բ
Արդ, ըղձալի է ինձ յաւէտ աստանաւր,
Խրատն հին` նորոգ ընկալեալ հոգեւոր հանճարեղին,
Զոր Տէրն իսկ երկրորդեաց,
Երթալ նստել ոչ յառաջին բարձին հպարտից
Ընդ ամբարշտացն նանրախորհուրդ ժողովելոց,
Ուստի Դաւիթ եւ Երեմիա,
Ուխտիւ կանոնի սահման հաստատեալ, հրաժարեցուցին,-
Այլ ընդ զղջացեալսն սրտիւ, պատկառեալսն մեղաւք
Եւ ի դատաստանաց մեծին պակուցեալ ահիւ հատուցմանն`
Յետնոցն հաւասարեալ աստէն ի յերկրի կամաւ խոնարհութեան,
Ուստի բարձրեալն Աստուած պարարեալ բերկրի,
Որով ընդ նախադասեալսն ի բազմականսն երանութեան
Համարձակեցայց թէ ես եւ թէ նա` հետեւեալ սովիմբ:
Առ որ զերծեալ ի բամբասանաց բանի մարգարէին,
Որ ի վէսս ոմանս ակնարկի.
Մի յիս, ասէ, մերձենար. մաքուր եմ, եւ ո՞վ զիս տեսանիցէ,-
Այլ զանկշիռն խոնարհութիւն երջանկին Դաւթի ինձ նպաստ առեալ`
Ասել ընդ նմին. Ես իբր զանասուն համարեցայ`
Հերքեալ ի զգայութենէ, եւ հասին չարիք ինձ շուրջանակի,
Եւ նեխեցան եւ փտեցան վէրք իմ ի յանզգամիս անբժշկութիւն:
Եւ զայլոց ոմանց ընտրելոց ի յԱսորեստանի`
Զկամաւորն կշտամբութիւն մեղապարտութեան անձանցն անարատից,
Ընդ որս եւ զԵզրի մեծի քահանայի զասելն ես ինձէն առեալ բարբառիմ,
Թէ` Եւ ոչ զերեսս բաւական իցեմ համբառնալ ի վեր առ քեզ Աստուած:
Գ
Արդ, ես` ճշգրիտ պատկեր ամենայն երկրի,
Զիմս խառնեալ ընդ նոցին պարտիս
Եւ ի նոցայոցն զառ իս դառնութիւն կրկին առաւելեալ,
Նոքաւք հեծեծեցից,
Թէպէտ եւ չէ ինչ պիտոյ գարշութեան գունոյ
Դարձեալ տգեղութիւն:
Ահա արդ մեղայ,
Զի անմտութեամբ գործեցի զոչ հաճոյսն քո`
Բազմաւք սխալեալ յանցաւորութեամբք:
Նայեա յիս, գթած,
Որպէս երբեմն յուրացութեանն ըմբռնեալ Պետրոս,
Զի յոյժ ունայնացայ:
Լուսաւորեա ինձ զողորմութեանդ քո ճառագայթ,
Ամենեւին բարերարութիւն,
Զի ընկալեալ զաւրհնութիւն քո, Տէր,
Արդարացայց, կեցից եւ մաքուր եղէց
Յանստեղծիցն քո` իմոց լլկողաց:
Չունիմ համարձակութիւն
Զմեղապարտ ձեռինս հաստուած առ քեզ տարածանել,
Մինչեւ մատուսցես զաւրհնեալդ քո զաջ`
Ի նորոգութիւն դատապարտելոյս:
Արդ, յաղթեա վերստին իմում յամառութեան քոյին հեզութեամբդ`
Առ իս ժամանեալ մարդասիրապէս,
Եւ զամենայնն յամենայնի ամենայնիւ քո կարողութեամբդ
Զառաջին չարիսն, միջնովքն եւ վերջնականաւքն, թող ինձ,
Հնարաւոր անհասից Քրիստոս թագաւոր լուսոյն արդարոց:
Դ
Չեմ արժանի յիշել զանուն քո աւրհնեալ,
Զի վնասակար եմ բարեգործիդ մահու հարուածոց`
Առ կնիքն, առ շնորհն, առ փչումն,
Առ պարգեւն, առ աւանդն, առ ձիրն,
Առ անունն, առ որդեգրութիւնն, առ պատիւն արքայական,
Առ պատկերն, առ դրոշմն, առ աւծումն,
Առ ճոխութիւնն, առ համարձակութիւնն, առ ընտանութիւնն,
Առ կեանսն, առ լոյսն, առ երանութիւնն,
Առ յոյսն, առ փառսն, առ անխոնարհելի բարձրութիւնն,
Առ պսակն անկապտելի, առ խոստմունս ծածկեցելոցն,
Որ քեւ, Տէր Քրիստոս, բազմաւք աւետարանեցաւ
Ինձ` յամառելոյս իժիս եւ քարբիս,
Ունկնախից եւ լսելափակ անլուր ականջացս,
Որ միշտ յառաւելութեան քումդ բարութեան,
Յոգնապատիկ յաւէտ քան զսոյն չարիքն իմ յաճախեալ`
Իսպառ կործանեցին, մերժեալ ի կենաց` ընդ մահ կապեցին`
Ծառայ կարգեալ ապականութեան:
Ե
Եւ արդ, դու միայն իրաւակշիռ եւ ճշմարտադատ բարերար,
Աւրհնեալդ ի գթութեան, մեղայ քեզ, անաւրինեցայ, անիրաւեցայ,
Վասն որոյ եւ եղծայ, զեղծայ, յանցեայ, ամբարշտեցայ
Եւ ոչ լուայ խոստովանեալ եւ երկրպագեալ գովեալ քո բանիդ:
Որ դու իսկ երեւեցար անճառելեաւ քո սիրովդ,
Զոր գրելն իսկ մեծ է, եւ նշանակելն` սարսափելի,
Քեզ արդարութիւն եւ փառք եւ մշտնջենաւոր գովութիւն,
Եւ ինձ` պատկառեցելոյս ի քէն, խնամակալ,
Քաւութիւն եւ ողորմութիւն եւ բժշկութիւն,
Աւգնութիւն եւ պահպանութիւն սրտի եւ ոգւոյ,
Բարեբանեալդ յամենայնի յաւիտեանս:
Ամէն:
Բան Ծ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Ինչպես որ առանց Քրիստոս Աստուծո մեր հոգիներին փրկություն չկա,
Եվ ոչ էլ առանց աչքի տեսողության՝ լույսի զվարճանք,
Եվ կամ արևի քաղցրություն՝ առանց արևածագի,–
Այսպես էլ առանց ծածուկ մեղքերի խոստովանության
Եվ ինքնապարսավ մեղադրանքների՝ չկա քավություն:
Զի քեզ ի՞նչ օգուտ քո մաքրությունից, փարիսեցու հետ եթե դու դատվես,
Եվ կամ ի՞նչ վնաս ինձ իմ մեղքերից, թե մաքսավորի հետ պիտի գովվեմ,
Կամ ո՞ւր պարսավվեց Հովել մարգարեն, երիցս կրկնելով եղկությունն անձի,
Կամ մեղադրել կարո՞ղ է մի սուրբ՝ մեծագույն օրը հաշվելու համար139aՀովել Ա. 15, Բ. 11.
Եսային ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի դիտվի պղծաշուրթ140Եսայի Զ. 5,
Որ Իսրայելի տան արարքներից մնաց միշտ հեռու.
Եվ Հիսուսն ինչո՞ւ մեղավոր լինի ադամյան մարմնով՝
Կարեկցելով ինձ՝ հանցավորապես Հորը աղոթած լինելու համար.
Կամ ինչպե՞ս մեկնել միտքն այս առակի.-
«Սիրտն իմաստունի՝ սգատան մեջ է,
Իսկ սիրտն անմտի` ուրախության տան»141Ժողով. Է. 5:
Զի նա, որ Ադամի սխալն իր անձին չի վերագրում
Եվ բոլորի մեղքերը չի համարում իրենը,-
Ինչպես Երջանիկն այն արքաներից, որ մեղավոր
էր համարում իրեն հայրերի գործած հանցանքների մեջ,–
Դրանով իսկ նա մեղանչում է խիստ և կորցնում իր արդարությունը,
Ինչպես մեկը, որ անախտակիր է կարծում մարդկային բնությունը իր,
Եվ սիրտը երբեք չի կարող բերկրել այն զվարթությամբ,
Որ պարգևում է ավետումն հույսի, եթե Քրիստոսի առաքյալից սովորած՝
Չկարողանա տրտմել Աստուծո կամքի համաձայն, ինչպես ասված է142Բ. Կորնթ. Է. 10:
Բ
Արդ, ըղձալի է ինձ այստեղ հիշել հոգևոր այն հանճարեղի
Խրատն հինավուրց, և սակայն միշտ նոր, որ Տերն իսկ կրկնեց143Ղուկ. ԺԴ. 8.
Ամբարիշտների նանրախորհուրդ ժողովներում
Չգնալ նստել հպարտների առաջին բարձին,–
Որից հաստատուն ուխտ ու պայմանով՝ հրաժարվեցին Դավիթն ու Երեմիան,–
Այլ իրենց մեղքով խիստ ամոթահար մեծ դատաստանի հատուցման ահով սասանածների սրտանց զղջացածների հետ՝
Եվ խոնարհ կամքով հավասարվել հետիններին այստեղ երկրի վրա.
Սրանցով է, որ բերկրում է բարձրյալ Աստվածն ու պարարվում:
Եվ այսպես ահա, ես էլ նրանց հետ, հետևելով այդ խրատին,
Համարձակվում եմ նախադաս լինել բազմականների հետ երանելի:
Այսպիսով զերծ կլինենք մարգարեի մեղադրական այս խոսքերից,
Որն ակնարկում է վեսերից ոմանց.
«Մի՜ մոտենար ինձ, զի մաքուր եմ ես, և ո՞վ կարող է նայել ինձ»:
Երջանիկ Դավթի անսահման խոնարհությունից օգտվելով՝ կարող կլինեմ նրա հետ ասել.–
«Որպես անասուն համարվեցի ես՝ զգայազուրկ
եղած, Վրա հասան չարիքներն ու ինձ պաշարեցին.
Նեխեցին վերքերս ու փտեցին անբժշկելի՝ անզգամության պատճառով»,
Ինչպես նաև Ասորեստանում՝ ընտիր, անարատ անձերից ոմանց
Ինքնադատական կշտամբանքները մեղապարտության,
Որոնցից Եզր մեծ քահանայի այս խոսքն եմ ահա կրկնում ես ինքս.
«Ոչ իսկ երեսն իմ կարող եմ առ քեզ բարձրացնել, Աստվա՛ծ»:
Գ
Արդ, ես ճշգրիտ պատկերս ամենայն մարդկանց,
Խառնելով մեղքերս նրանց մեղքերին,
Եվ նրանցով դառնությունն իմ կրկնակի ավելացնելով՝
Հեծեծեմ պիտի նրանց հետ դարձյալ,
Թեպետև պետք չէ գարշ գույնի վրա նոր տգեղություն ավելացնել:
Ահա և հիմա ես մեղանչեցի, զի անմտությամբ գործեցի քեզ անհաճելին՝ բազում հանցավոր սխալանքներով:
Նայիր ինձ, գթա՛ծ, ինչպես որ երբեմն ուրացության մեջ բռնված Պետրոսին144Սաղմ. Ա. 1, ԻԵ. 4-5,
Զի ծայր աստիճան ես ունայնացա:
Քո ողորմության ճառագայթը ծագիր ինձ վրա, համա՜կ բարերարություն,
Որպեսզի, ո՛վ Տեր, քո օրհնությունն ընդունելով՝
Արդարանամ, կենդանանամ և լինեմ մաքուր Ինձ լլկող մեղքերից, որոնք դո՛ւ չես ստեղծել: Մեղապարտ ձեռքերս քեզ պարզելու համարձակություն չունեմ.
Մինչև որ մոտեցնես քո օրհնյալ աջը դատապարտյալիս նորոգելու:
Արդ, հաղթի՛ր դարձյալ համառությանս քո հեզությամբ
Եվ գալով դեպի ինձ մարդասիրաբար,
Եվ քո բացարձակ ու կատարյալ կարողությամբ
Ների՛ր առաջին, միջին և վերջին մեղքերս բոլոր,
Ո՜վ անհասներին հասնող, լույս արդարների,
Քրիստոս թագավոր:
Դ
Արժանի չեմ ես քո օրհնյալ անունն հիշելու,
Զի հանցավոր եմ մահացու կերպով բարեգործիդ հանդեպ,
Կնիքիդ հանդեպ ու շնորհիդ,
Փչումիդ ու պարգևիդ,
Ավանդիդ, ձիրքիդ և անունիդ, Որդեգրությանդ,
Արքայական պատվիդ ու պատկերիդ,
Դրոշմիդ, օծումիդ ու ճոխությանդ,
Համարձակությանդ և ընտանությանդ, Կյանքիդ, լույսիդ ու երանությանդ,
Պսակիդ անկապտելի և խոստումներիդ ծածկված,
Որոնք, Տե՛ր Քրիստոս, բազում ձևերով ավետեցիր ինձ՝
Համառողիս, իժիս և քարբիս, և ամուր խոցված խուլ ականջներիս:
Քո շարունակ ավելացող բարության դիմաց՝
Բազմապատկվեցին չարություններն իմ և ինձ կործանեցին իսպառ,
Զատելով կյանքից, կապեցին մահվան, Ծառա կարգելով ապականության:
Արդ, դու ես միայն իրավակշիռ և ճշմարտադատ, ո՜վ բարերար և օրհնյալդ գթության մեջ.
Ես մեղանչեցի քո դեմ՝ գործելով անօրենություն, եղա անիրավ,
Եվ որի համար եղծվեցի ու զեղծվեցի,
Հանցավորապես ամբարշտացա,
Ու չլսեցի քո խոսքը գովված, խոստովանված ու երկրպագված:
Դու ինքդ իսկ երևացիր անճառելի քո սիրով,
Որը գրել իսկ դժվարին է խիստ և նշանակելը՝ սարսափելի:
Քեզ արդարություն և փառք, և մշտնջենական գովություն,
Իսկ ինձ՝ ամոթապարտիս քո դեմ, խնամակա՛լ,
Քավություն և ողորմություն և բժշկություն,
Օգնություն և պահպանություն սրտի ու հոգու.
Բարեբանյալդ ըստ ամենայնի հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ինչպես որ առանց Քրիստոս Աստծո
Չի կարող լինել հոգու փրկություն,
Եվ ոչ էլ առանց աչքի տեսության՝ լույսի զվարճանք,
Ոչ էլ արևի քաղցրություն՝ առանց արևածագի,
Այնպես էլ առանց ծածկությունների խոստովանության
Եվ ինքնաձաղկման՝ չկա քավություն։
Զի ի՞նչ օգուտ քեզ մաքրությունից քո,
Երբ պիտի դատվես փարիսեցու հետ.
Կամ ինձ ի՞նչ վնաս իմ հանցանքներից,
Եթե ես պիտի մաքսավորի հետ գովեստ ստանամ.
Որտե՞ղ և ինչո՞ւ պիտի պարսավվի Հովել մարգարեն՝
Երիցս կրկնելով եղկությունն անձի.
Կամ մեղադրվել կարո՞ղ է մի սուրբ՝
Մեծագույն օրը հիշելու հասար.
Եսային ինչո՞ւ պիտի ճանաչվի փոքր-ինչ պղծաշուրթ,
Երբ հեռու մնաց Իսրայելի տան բոլոր գործերից.
Կամ Հիսուսն ինչպե՞ս ադամյան մարմնով
հաշվվի մեղավոր՝
Ինձ կարեկցելուց՝ հանցավորապես
Իր հորն աղոթած լինելու համար.
Կամ ինչպե՞ս մեկնել միտքն այս առածի՝
«Սիրտն իմաստունի սգատան մեջ է,
Իսկ սիրտն անմտի՝ ուրախության տան»։
Նա, որ Ադամի սխալն իր անձին
չի վերագրում,
Մեղքերն համայնի չի հաշվում իրեն,
Ինչպես երջանիկն այն արքաներից,
Որը իրենն էր համարում նաև
Ողջ հանցանքներն ու մեղքերն հայրերի,
Մեղանչած կլինի արդարության դեմ,
Ինչպես մեկը, որ անախտակիր է
Կարծում մարդկային բնությունը իր.
Այդպիսի մարդու սիրտը չի բերկրի
այն զվարթությամբ,
Որ պարգևում է ավետումն հույսի,
Եթե Հիսուսի առաքյալների խոսքի համաձայն
Չկարողանա «տրտմել ըստ Աստծո»։
Բ
Արդ, ըղձալի է ինձ հիշել այստեղ
Հինավուրց, սակայն մշտապես նորոգ
Խրատն հոգեշունչ այն հանճարեղի, որ տերն
իսկ կրկնեց.
Ոչ թե գնալ ու նստել մանրախոհ
Ամբարիշտների ժողովարանում
Ժանտամիտների առաջին բարձին.
Որից Դավիթն ու Երեմիան նույնպես
Հաստատուն ուխտ ու կանոնադրմամբ
Միշտ հրաժարվել հանձնարարեցին,
Այլ նրանց հետ, որ սրտանց զղջացած՝
Ամոթահար են իրենց մեղքերից
Ու ահաբեկված մեծ դատաստանի հատուցման ահով.
Հետինների հետ, նրանց հավասար,
Նրանց պես խոնարհ ինքնակամորեն,
Որից բավական՝ բերկրում է Աստված,
Այսպիսով ես էլ կարող կլինեմ
Նրանց հետ հուսալ՝ արժանանալու
Երանության վեհ բազմականներին,
Այլև զերծ մնալ մարգարեի այն մեղադրանքից,
Որն ակնարկում է վեսերից ոմանց.
«Մի՜ մոտեցիր ինձ, քանզի սուրբ եմ ես»,
Եվ ո՜վ կարող է ինձ նայել անգամ։
Ես օգտվում եմ, սակայն, երջանիկ
Դավթի անսահման խոնարհությունից՝ ասելով իր հետ,
«Համարվեցի ես անասուն» անմիտ, անզգայացած.
Չարիքներն հասան պաշարեցին ինձ.
«Նեխեցին վերքերն անզգամիս ու փտեցին անբույժ»։
Այլև կկրկնեմ Ասորեստանի
Այն մի խումբ ընտիր ու անբիծ անձանց
Կշտամբանքները ինքնադատափետ,
Որոնց հետ և Եզր մեծ քահանայի խոսքն
այս հոգեշահ՝
«Ոչ իսկ հայացքս կարող եմ առ քեզ վեր հառել,
Աստվա՜ծ»։
Գ
Ես, որ տիպարն ու պատկերն եմ ճշգրիտ
հանուր մարդկության,
Նրանց բոլորի հանցանքներն ահա իմին խառնելով,
Նրանց դառնությամբ սաստկացնելով իմը կրկնապես՝
Նրանցով հանդերձ հեծեծում եմ արդ,
Թեպետ հարկ չկար գարշելի գույնին
Գումարելու և նոր տգեղություն։
Ահա և այժմ ես մեղանչեցի՝
Անխոհեմաբար գործելով այն, ինչ անհաճո է քեզ՝
Հանցավորապես թույլ տալով դարձյալ
սխալներ բազում։
Նայի՛ր ինձ, գթա՜ծ, ինչպես երբեմն
Ուրացության մեջ բռնված Պետրոսին,
Քանզի լիովին ես ունայնացա։
Լուսավորիր ինձ քո ողորմության ճառագայթներով,
Ո՜վ ամբողջովին բարերարություն,
Որ ընդունելով օրհնությունը քո՝
Արդարանա՛մ ես, կյանք առնեմ դարձյալ,
Մաքրվեմ լլկող մեղքերից, որոնք դու չես ստեղծել։
Չեմ համարձակվի կարկառել առ քեզ
Գոսացած, կարկամ ձեռքերս հանցապարտ,
Մինչև չմեկնես օրհնյալ աջը քո
Ու չնորոգես դատապարտյալիս։
Հաղթի՛ր վերստին համառությունն
իմ հեզությամբ մեծիդ՝
Մարդասիրաբար հասած օգնության.
Ամենահնար կարողությամբ քո
Ների՛ր աոաջին, միջին և վերջին չարիքները իմ,
Ո՜վ անհասներին հասու ապավեն
Եվ արդարների լույսի թագավոր։
Դ
Արժանի չեմ ես օրհնյալ անունդ
հիշելուն անգամ.
Զի հանցավոր եմ մահապարտորեն բարեգործիդ դեմ.
Կնիքիդ հանդեպ, շնորհիդ, փչմանդ,
Պարգևներիդ ու անվանդ, ավանդիդ,
Պատկերիդ, պատվիդ թագավորական,
Որդեգրությանդ, օծմանդ, դրոշմիդ,
Առատությանդ ու ընտանությանդ,
Համարձակությանդ, կյանքիդ ու լույսիդ,
Երանությանդ ու բարձրությանդ վսեմ,
Հույսիդ, պսակիդ անկապուտ, փառքիդ
Եվ խոստումներիդ այն ամենայնի, ծածուկ ու անհայտ,
Որոնք, տե՜ր Հիսուս, բազում ձևերով ավետեցիր ինձ՝
Համառիս, իժիս, քարբիս չարաթույն,
Ականջներիս խուլ, անլուր, ունկնախից։
Մեծիդ հարաճուն բարության դիմաց՝
Բազմապատկվեցին չարություններն իմ,
Կործանեցին ինձ, կապեցին մահվան՝
կյանքից զրկելով,
Կարգելով ծառա ապականության։
Արդ, դու ես միայն ճշմարտադատ
ու իրավակշիռ,
Ո՜վ բարերարդ օրհնյալ գթությամբ,
Ես մեղանչեցի, անօրինացա, անիրավեցի,
Ուստի եղծվեցի, զեղծվեցի իսպառ,
Հանցավորապես ամբարշտացա,
Չանսացի խնկյալ պատվիրաններիդ,
Թեպետև ինքդ իսկ երևացիր ինձ անճառ քո սիրով,
Որ գրել այստեղ ծանր է չափազանց
(Սարսափելի է հիշելը նույնիսկ):
Քեզ արդարություն, մշտնջենական
գովեստներ ու փա՜ռք,
Իսկ ինձ՝ քո հանդեպ ամոթահարիս,
Քավություն, բուժում, ողորմածություն
Եվ պահպանություն սրտի ու հոգու,
Բարեբանյա՜լդ ըստ ամենայնի հավիտյանս, ամեն։