ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Թագաւոր բարձրեալ, հզաւր, ահաւոր,
Աւրհնեալդ միայն Տէր Յիսուս Քրիստոս,
Քո է փոխարկիլ յանակնկալս կենաց յուսահատութեան
Զսատակիչ անէծս առ կեցուցանող աւրհնութիւնս,
Զպարսաւանս վհատութեան` առ զուարթացուցիչ գովութիւն,
Ընդ ամաւթոյն` համարձակութիւն,
Ընդ պատկառանացն` պատիւ,
Ընդ տարագրութեանն` յոյս բարութեան,
Ընդ բաժանմանն` ակնկալութիւն միութեան,
Ընդ սպառնականացն բանից` ողոքական սփոփանս,
Ընդ միանգամ դատապարտութեանն` կրկին ազատութիւն:
Բ
Ողորմեաց, Տէր, մահու մեղապարտիս,
Յաւուր արձակման շնչոյս կենդանութեան,
Մինչ աչացս ողորմագին հայեցուածս ի բարձունս կողկողիցի`
Զբազմարկածեան ուղւոյն զանզերծ ընթացիցն
Զանփախչելին ճանապարհ յաչս բերելով`
Մտացս տեսմամբ ամենայնիւ վտանգեալ:
Եւ ի յերդ բնակութեան յարկիս նկատեալ յելիցն շաւիղ,
Թշուառացեալ կիսամեռութեամբ, դիմաւք այլայլութեան,
Տատանմամբ մատանցս, կարկամ հառաչմամբ,
Նուազ հեծութեամբ, նրբական ձայնիւ,
Յոգի թախծութեան յոգնամասնեայ տարակուսանաց`
Ի խորոցս աներեւութից զգործեցելոցս ողբալով հառաչեմ:
Կարող ես, բարեգութ, եւ անդ հրաշագործել
Յաւէտ զաւրեղութեամբ` ասելով,
Թէ` Ողջ եղիջիր յոգւոյդ խորտակմանէ,
Եւ կամ` Թողեալ լիցին քեզ մեղանք քո,
Եւ կամ թէ` Երթ ի խաղաղութիւն` սրբեալ ի մեղաց:
Եւ զոր յայնմ ժամու ոչ ժամանեցից պաղատիլ,
Այսաւր, ընկալցիս մարդասիրապէս,
Ով երկայնամիտ, բազմաշնորհ, ամենակեցոյց:
Գ
Յորժամ, որ այժմս բանապաճոյճ,
Խրոխտաձայն, սիգացող, բարձրապարանոց,
Անկեալ դնիմ դի անկենդան, կարկեալ ի խաւսից,
Կաշկանդեալ ձեռաւք, լքեալ անդամաւք,
Խփեալ շրթամբք, կափուցեալ աչաւք,
Տախտակ անշարժուն, կոճղ կիսայրեաց,
Արձան անզգայ, պատկեր անբարբառ, գոյութիւն անշունչ,
Ողորմելի տեսիլ, աշխարելի կերպարան,
Ողբալի աւրինակ, եղկելի դէմք,
Արտասուելի նմանութիւն, լռեցեալ լեզու,
Ցամաքեալ խոտ, թաւթափեալ ծաղիկ,
Ծորեալ գեղ, շիջեալ ղամբար,
Դատարկ կոկորդ, խոպանացեալ սիրտ,
Աղխեալ ազդարան, սպառեալ աղբիւր,
Թալկացեալ մարմին, ժողխեալ որովայն,
Քակտեալ տաղաւար, կոտորեալ ոստք, բաժանեալ յաւդք,
Հատեալ ծառ, սղոցեալ արմատ, թողեալ տուն,
Հնձեալ արտ, ստորախուզեալ բոյս,
Աւտարացեալ բարեկամ, մոռացեալ պահեստ,
Թաղեալ գարշութիւն, մերժեալ ատելի,
Բարձեալ խէթ, անարգեալ կմախք
Եւ իբր զանպիտան` առ ոտն կոխեալ,
Կարաւտեալ այլոց մաղթանաց,
Որք զհաւատոց թշուառիս ձայնիւ նուագեալ աղերս հառաչման
Ցաւղով արտասուաց բարերարիդ գթութեան
Ի բարձունս տարածանեն:
Զառ քեզ դարձն յեղանակեն արգահատելով, զոր աւրհնեմ,
Զնշան խաչիդ փրկութեան` զոր երկրպագեմ,
Զյարութեանն ճշմարտութիւն` որում հաւատամ,
Զփառացդ քո յայտնութիւն` զոր փառաւորեմ,
Զդատաստանիդ ահաւորութիւն` զոր խոստովանիմ,
Զբանիցդ յանդիմանութիւն` յորմէ զարհուրիմ,
Զհոգւոյդ Սրբոյ ինձ ուղեկցութիւն` զոր պաշտեմ,
Զաւծմանդ տեառնագրութիւն` զոր եւ համբուրեմ,
Զթագաւորելն ընդ քեզ, Տէր Յիսուս, որում պաղատիմ:
Արդ, լքաւ, մերժեցաւ, բարձաւ, տրոհեցաւ, փախեաւ, սրացաւ,
Տեղի ետ կցորդութիւն զուգութեան կենցաղոյս կենդանութեան,
Եւ յոյսդ, որ ի քէն պարգեւ,
Մնացական եւ անջնջական յիշատակարան պահեցաւ:
Դ
Տես ողորմութեամբ եւ տարակուսանս վտանգելոյս,
Միայն բարեգութ, փառաբանեալ Որդի Աստուծոյ,
Քաւել, բժշկել, կենագործել,
Պաշտպանել, նորոգել, նկարել, կանգնել, հաստատել,
Վերստին ստեղծագործել յերջանիկն անարատութիւն:
Քո է կարողութիւն, քո է փրկութիւն, քո` ողորմութիւն,
Չիք քո անկարութիւն, այլ ամենեւին զաւրութիւն,
Բարձրութիւն, իշխանութիւն, անվախճան թագաւորութիւն,
Իսկութիւն, ինքնութիւն, ամենատեղի բացարձակութիւն,
Բարերարութիւն, լուսաւորութիւն,
Փառաւորեալ տիրապէս, անպակաս եւ անյաւելուած,
Խնկեալ խորհրդով անթարգմանելեաւ յԵրրորդութեանդ սրբում,
Գոհաբանեալ յաւէտ եւ եւս առ սմին`
Ի նոյն պաշտաւն հաւասարութեան միապատիւ զուգականութեան
Երէկ եւ այսաւր եւ յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:

Բան ՀԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Թագավոր, բարձրյալ, հզոր, ահավոր, Օրհնյա՜լդ միայն,
Տեր Հիսուս Քրիստոս,
Լոկ դո՛ւ կարող ես հուսահատ կյանքի անհուսության մեջ
Սատակիչ անեծքներն ապրեցնող օրհնությա՜ն փոխել,
Եվ վհատեցուցիչ պարսավանքները զվարթարար գովքի.
Ամոթի փոխարեն համարձակություն շնորհել,
Պատկառանքի փոխարեն՝ պատիվ,
Տարագրության փոխարեն՝ բարության հույս.
Բաժանման փոխարեն՝ միության ակնկալություն,
Սպառնական խոսքի փոխարեն՝ ողոքական սփոփանք
Եվ մեկ անգամ դատապարտության փոխարեն՝
կրկնակի ազատություն213Այսինքն՝ ազատություն մեղքից ու մահից::

Բ

Ողորմիր, Տե՛ր, մահվան արժանի մեղապարտիս,
Ողորմի՛ր այնօր, երբ կենդանության շունչս կարձակեմ.
Երբ նայվածքս խեղճ դեպի վեր կուղղեմ ես կողկողագին,
Հույժ տանգնապահար հոգուս տեսությամբ աչքի առջև բերելով
Այն վտանգավոր ճամփան, որտեղ անխուսափելի կերպով անպայման պիտի ընթանամ.
Եվ բնակելի իմ տան երդիկից ելքիս շավիղը դիտելով թշվառ կիսամեռությամբ,
Այլայլված դեմքով, մատների տարտամ տատանումներով,
Կարկամ հառաչմամբ, նվազ հեծությամբ, ձայնով նվաղած,
Եվ բազմապիսի տարակույսներով լի տխուր հոգով՝
Սրտիս խորքերից իմ գործած բազում մեղքերի համար ողբով հառաչեմ:
Բայց դու, բարեգո՛ւթ, կարող ես նույնպես և ա՛յդ ժամանակ
Զորավորապես հրաշագործել, ասելով ինձ.-

«Թող փրկվի հոգին քո խորտակումից և առողջանա»,
Եվ կամ՝ «Թող ներվեն քո մեղքերը քեզ»,
«Գնա՛ խաղաղությամբ՝ մեղքերից մաքրված»:
Այն պաղատանքները, որ չպիտի կարողանամ հասցնել քեզ այդ ժամին,
Ընդունիր այսօ՛ր մարդասիրաբար,
Ո՜վ երկայնամիտ և բազմաշնորհ ամենակեցույց:
Եվ մինչդեռ այժմ պերճախոս եմ ես խրոխտաձայն, սիգացող և բարձրապարանոց՝
Այնժամ դիակի պես պիտի պառկեմ ես անկենդան, անխոս,
Կաշկանդված ձեռքով, թույլ անդամներով,
Խուփ շրթունքներով, փակված աչքերով,
Իբրև տախտակ անշարժ, կոճղ կիսավառ,
Արձան անզգա, պատկեր անբարբառ, անշունչ գոյություն,
Ողորմելի տեսիլ, ողբալի կերպարանք, տխրալի տիպ,
Եղկելի դեմք, արտասվելի նմանություն, համրացած լեզու,
Չորացած խոտ, թոթափված ծաղիկ, ծյուրած գեղեցկություն,
Շիջած լապտեր, դատարկ կոկորդ, խոպանացած
սիրտ, Թալկացած մարմին, քայքայված որովայն,
Քանդված տաղավար, կոտրված ոստեր, անջատված հոդեր,
Կտրված ծառ, սղոցված արմատ,
Լքված տուն, հնձված արտ, արմատախիլ բույս,
Օտարացած բարեկամ, մոռացված պահեստ, թաղված գարշություն,
Մերժված ատելի, վերացված խոչընդոտ, անարգված կմախք,
Եվ իբր անպիտան ոտնակոխ եղած՝ կարոտ ուրիշների աղոթքներին,
Որոնք թշվառիս հավատքի ձայնով հառաչալից աղերս նվագեն պիտի
Արցունքի ցողով տարածելով այն քո բարձունքն ի վեր՝
Բարերարիդ գթությա՜նը:
Նրանք լալագին զղջումով պիտի երգեն դարձը դեպի քեզ, որ օրհնում եմ ես,
Նշանը փրկարար խաչիդ, որին երկրպագում եմ,
Ճշմարտությունը հարության, որին հավատում
եմ, Փառքիդ հայտնությունը, որը փառավորում եմ,
Դատաստանիդ ահավորությունը, որ խոստովանում եմ,
Խոսքերիդ հանդիմանությունը, որից զարհուրում եմ,
Սուրբ Հոգուդ ուղեկցությունն ինձ, որ պաշտում եմ,
Մկրտությունը քո օծման, որ և համբուրում եմ,
Քեզ հետ թագավորելը, Տե՜ր Հիսուս, որի համար պաղատում եմ:
Եվ այսպես ահա՛, թեև թուլացավ, հեռացավ, վերացավ,
Մասնատվեց, փախավ, սլացավ
Եվ տեղի տվեց կենդանությունն իմ կենցաղի,
Բայց քո պարգևած հույսը հաստատուն՝ պահված է իմ մեջ,
Որպես մնայուն և անջնջելի հիշատակարան:

Գ

Տե՛ս ողորմությամբ տարակուսանքները վտանգյալիս,
Միա՜յն բարեգութ ու փառաբանված Որդիդ Աստուծո,
Որպեսզի քավես, բժշկես դու ինձ և կենագործես,
Պաշտպանես, նորոգես, նկարես, կանգնես, հաստատես
Եվ վերստին ստեղծագործես երջանիկ անարատությամբ:
Քոնն են կարողությունը, փրկությունն ու ողորմությունը.
Չունես դու անկարողություն, այլ՝ լիուլի զորություն.
Բարձրություն, իշխանություն, անվախճան թագավորություն,
Իսկություն, ինքնություն, ամենուրեք բացարձակություն,
Բարերարություն, լուսավորություն:
Փառավորյալ ես դու տիրապես, անպակաս և անհավելված,
Խնկված՝ խորհուրդով անբացատրելի Սուրբ Երրորդությամբդ,
Նաև առհավետ գովաբանված՝
Հավասարազոր և համապատիվ համագոյության երկրպագությամբ,
Երեկ և այսօր և հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Թագավո՛ր բարձրյալ, հզոր, ահավոր,
Օրհնյալդ միայն տե՜ր Հիսուս Քրիստոս,
Կարող ես կյանքի հուսահատության անեծքն սպանիչ
Փոխել օրհնության կենդանապարգև,
Պարսավանքները վհատեցնող՝
Զվարթացուցիչ գովասանքների,
Ամոթի դիմաց՝ համարձակություն,
Լքվածության տեղ՝ պատիվ շնորհել,
Տարագրման տեղ՝ բարիքների հույս,
Բաժանման դիմաց՝ միավորվելու ակնկալություն,
Ահաբեկչական խոսքի փոխարեն՝
Մխիթարություն ամենագորով
Եվ միապատիկ դատապարտության
Դիմաց՝ կրկնակի ազատագրում։
Բ
Ողորմի՜ր մահվան մեղապարտիս, տե՜ր,
Կենդանի շունչս փչելու պահին,
Երբ կողկողագին բարձունքիդ հառվի հայացքս
տարտամ,
Եվ տագնապահար մտքիս տեսությամբ աչքիս դեմ
բերեմ
Բազմավտանգ ու անճողոպրելի,
Անխուսափելի ընթացքիս ուղին,
Երբ հարկիս երդից շավիղը ելքիս
Դիտելով թշվառ կիսամեռությամբ,
Այլայլված դեմքով, մատներով դողդոջ,
Կարկամ հառաչմամբ, նվաղ հեծությամբ, ձայնով
կերկերուն
Բազմատարակույս թախծալի հոգով՝
Սրտիս խորքերից իմ արարքների համար հառաչեմ։
Բայց դու կարող ես, անշուշտ, բարեգո՛ւթ,
Եվ այն ժամանակ զորավորապես հրաշագործել
Ասելով ինձ, թե՝ «Թո՛ղ առողջանա խորտակված
հոգիդ»,
Եվ կամ՝ «Թո՛ղ ներվեն քո մեղքերը քեզ»,
Կամ՝ «Գնա՛ հանգիստ, սրբված մեղքերից»։
Իսկ այն, ինչ որ ես չպիտի հասցնեմ այնժամ
պաղատել,
Ընդունի՛ր այսօր մարդասիրաբար,
Ո՛վ երկայնամիտ, բազմաշնորհ ու ամենակեցույց։
Զի ես, որ այժմ այսպես պերճախոս,
Խրոխտաձայն եմ, սիգաքայլ, հպարտ,
բարձրապարանոց,
Այնժամ մեկնված՝ պիտ պառկեմ որպես
Անկենդան դիակ, անխոս, անլեզու,
Ձեռքերս կապված, խեղ անդամներով,
Շրթունքներս խուփ, աչքերս փակված,
Իբր անշարժ տախտակ, կիսայրված խանձող,
Անզգա արձան, անբարբառ պատկեր,
Անշունչ գոյություն, խղճալի տեսիլ,
Եղկելի կերպար, ողբալի տիպար,
Ողորմելի դեմք, արտասվելի տեսք, համրացած լեզու,
Խորշակահար խոտ, թոթափված ծաղիկ,
Այլակերպված գեղ, մարած մի կանթեղ,
Սնամեջ կոկորդ, խոպանացած սիրտ,
Գոց զգայարան, ցամաքած աղբյուր,
Թալկացած մարմին, նեխած որովայն,
Քանդված տաղավար, ջարդոտված ոստեր, մասնատված
հոդեր,
Կտրատված մի ծառ, սղոցված արմատ, բարձիթողի
տուն.
Հնձած անդաստան, արմատախիլ բույս,
Մոռացված պահեստ, օտար բարեկամ,
Թաղված գարշություն, մերժված ատելի,
Խափանված արգելք, անարգված կմախք,
Որպես անպիտան դարձած ոտնակոխ,
Մի կարիքավոր այլոց մաղթանքին,
Որոնք թշվառիս հավատքի ձայնով՝
Հառաչախառն ու արտասվացող
Աղերսի երգեր ուղղելով մեծիդ բարեգթության՝
Բարձունքներն ի վեր պիտի տարածեն,
Նվագեն օրհնանքն իմ՝ դարձիս առ քեզ,
Պաշտամունքս՝ քո փրկիչ նշանի,
Մեծիդ հարության ճշմարտության՝ իմ հավատն
աներեր,
Բարեբանումս՝ փառքիդ հայտնության,
Խոստովանանքն իմ՝ մեծ դատաստանիդ
ահավորության.
Զարհուրանքս՝ քո կշտամբանքներից,
Երկրպագումն՝ ինձ ուղեկից Հոգուդ,
Համբույրս՝ օծմանդ տյառնագրության
Եվ պաղատանքս՝ թագավորելու քեզ հետ, տե՛ր
Հիսուս:
Արդ, թեև լքվեց, մերժվեց, բաժանվեց,
Քշվեց, սլացավ, փախավ, վերացավ,
Զրկվեց այս կյանքի գոյակցությունից կենդանությունն
իմ,
Բայց քո պարգևած հույսը մշտապես
Պահվում է իբրև մի հարամնա ու անջնջելի
հիշատակարան։
Գ
Տե՛ս ողորմությամբ՝ վարանումները
տարակուսյալիս,
Միայն բարեգութ և փառաբանված որդի՜ Աստծո,
Որպեսզի քավես, բուժես, նորոգես,
Կյանք տաս, պաշտպանես, պատկերավորես,
Վերականգնես ու վերահաստատես,
Ստեղծագործես կրկին երջանիկ անարատությամբ.
Ջի քո ձեռքում են և՛ կարողություն,
Ե՛վ փրկագործում, և՛ ողորմություն.
Անկարությունից բոլորովին զերծ
Զորություն ես դու ամենակատար,
Անհաս բարձրություն, իշխանություն և
Թագավորություն անվախճանական,
Ինքնէ իսկություն, բացարձակություն ամենատեղի,
Բարերարություն, լուսավորություն,
Որ պսակված ես փառքով տիրապես,
Առանց պակասի ու անհավելված,
Խնկված խորհրդով անհաս, անմեկին սուրբ
Երրորդության
Եվ գոհաբանված հավիտենապես
Հավասարազոր ու միապատիվ
Համագոյության երկրպագությամբ՝
Երեկ և այսօր և հավիտենից հավիտյանս, ամեն։