ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Եւ արդ, առ երկրածի՞ն ոք պաղատեցայց այրս մահացու ամենապատիր,
Եթէ ընդունայն է աղաղակելն,
Առ մահկանացո՞ւ բանական,
Եթէ սուտ իցէ փրկութիւնն առ յուսոյն վստահութիւն,
Առ մա՞րդ ոք եղծական,
Եթէ ընդ տկարութեան բանին` եւ նանիր է զաւրութիւնն,
Առ իշխա՞նս երկրաւոր գահից,
Եթէ անցաւոր է ընդ ինքեանս եւ իւրեանցն բարութիւն,
Առ եղբա՞յր ոք հարազատ,
Եթէ կարաւտ է կամելոյն առ անձինն անդորրութիւն,
Առ հա՞յրն իմ երկրաւոր,
Եթէ պակասեալ են խնամականքն ընդ աւուրց նուազութեանն,
Առ մա՞յրն իմ, որ երկնեաց,
Եթէ կասեցան գթութիւնքն ընդ նահանջել կենդանութեանն,
Առ թագաւորութի՞ւնս աշխարհի արդեաւք,
Որք զմահացուցանելն միշտ արուեստաւորեն, քան զկենագործելն,-
Այլ առ քեզ, բարերար Աստուած, աւրհնեալ ի բարձունս,
Որ կենդանի ես եւ զկենդանութիւն տաս ամենայնի,
Որ եւ յետ վախճանին զաւրես անեղծապէս նորոգել:

Բ
Որ եթէ փախնումք ի քէն` դու զկնի ընթանաս,
Եթէ տկարանամք` զաւրացուցանես,
Եթէ վրիպիմք` շաւիղ դիւրութեան ուղղես,
Եթէ պատկառեմք` քաջալերես,
Եթէ ախտանամք յանձն եւ ի մարմին` բժշկես,
Եթէ գարշանամք մեղաւք` մաքրես,
Եթէ ստեմք` քո ճշմարտութեամբդ արդարացուցանես,
Եթէ յանդունդս ներքինս սուզեալ գլորիցիմք` յերկինս ցուցանես,
Եթէ ի կամաց մերոց ոչ դառնամք` դու դարձուցանես,
Եթէ մեղանչեմք` ողբաս,
Եթէ արդարանամք` ժպտիս,
Եթէ աւտարանամք` սգաս,
Եթէ մերձենամք` տաւնես,
Եթէ տամք` ընդունիս,
Եթէ յամրանամք` երկայնամտես,
Եթէ մեք ժխտեմք` դու առատապէս շնորհեալ ընձեռես,
Եթէ լքանիմք` տրտմիս,
Եթէ արիանամք` խնդաս:

Գ
Որպէս հարիւրորդ երկրորդ սաղմոսն աւրհնաբան, հրաշաւորական
Զվհատելոյս զսիրտ սփոփէ
Եւ մեծ յոյս կենաց աւետարանէ` առ փրկութեանն հանդէս,
Որ յաղթականն է դիւաց եւ տարակոյս` բանսարկուին,
Որ իբր զխաչին տէրունի նշան բարեբախտ, պանծալի, սքանչելափառ,
Անխոնարհելի` բարձրութեամբ լուսոյ
Եւ անպարտելի` վերնոյն զաւրութեամբ,
Կանգնեալ է ախոյեան անվանական
Եւ անշարժական ամենայնիւ յաւիտենական`
Ընդդէմ անբարի բարուց բռնութեանն Բելիարայ,
Որ ունի յինքեան գանձս հոգեւոր աւգտից գիտողաց մտաց`
Ընծայեալս զպարտումն մահու եւ զլուծումն մեղաց,
Եւ յոյսս կրկինս յերկուս յաւիտեանս,
Եւ զնորոգումն խոստման անեղծութեան արդարոցն,
Կանոնս բարեհրաւէրս եւ կենդանատուրս, գրեալս հոգւովն Աստուծոյ,
Որպէս ամենայն իսկ երգ սաղմոսացն,
Մաքուր սրտից է տեսանելի,
Կտակ կենաց` մարդկան նկարեալ:

Դ
Զի թէ ի նախնումն տկար կերպարանն
Զայս աւետիս եւ վստահութիւն ընդգոգեալ ունէր`
Կործանման մահու նախաժաման մեծ աւետագիր
Եւ կեանս երկնակրաւնս, վերնակենցաղս, միշտ անճառելիս,
Եւ այն` ջնջական գիրն եւ յեղանակաւոր աւրինակն,
Եւ պաշտաւնն` դատապարտիչ վհատութեան յանցաւորացն,
Եւ խափանելի` կտակն երկրային,
Եւ տկար` հաշտարարութիւն միջնորդացն,
Եւ թերութիւն` բանից մաղթողացն:
Որ զի թէ Մանասէի փրկութիւնն խոստովանելի է անդուստ վկայեալ`
Յետ այնքանեաց մեղանաց անբժշկականաց,
Որ արեամբն արդարոց ելից
Զնուիրեալն մեծի թագաւորին հրաշանուն քաղաք հայրենի,
Ըստ մարգարէագիր անսուտ պատմութեանն,
Որ եւ զմեծն իսկ տեսանողաց`
Բազմերախտիս ձեռնկալութեան խնամողաւրէնն պաշտպանութենան,
Նախնակերտ յարկին տեսչութեան, մանկավարժ ինքեան եւ նախնի,
Մեքենայիւ մահու սղոցեաց,
Ի յերկուս մասունս խզեալ` դժնդակ տանջանաւք մաշեաց,
Իբր խորհրդով ապստամբութեան` զյուսոյն փրկանակ կտրեալ:
Առ որով զչար յաւելուածն մոլեգնական`
Զքրէական վերնամարտութիւնն ի բարձրեալն յանդգնութիւն,
Քանզի ոչ պատկառեաց երբէք
Զստեղծողին պատիւ եւ զանուն յիւրաբնակ խորանէն մերժել,
Հալածեալ զԱստուծոյ հոգին`
Բելիարայ զանձն դաւանեաց:
Քանզի զնոյն տաճար տիրական`
Խնկարկութեան հաստողին սահման,
Հռչակաւորն երկրի տեսարան,
Զսարսափելին ազանց սրբարան,
Ուր տեսիլք հրեշտակականք եւ աստուածային հրաման յաղթողականք
Լուսաւորապէս յայտնութեամբ ազդեալ երեւէին,
Զայն վայր երկնանման, ահաւոր, սքանչելատես,
Քեւանայ ումեմն քառադիմակի նախանձարկու պատկերի
Աւերածոյն անապատի պաշտաւնատեղ գարշելի
Եւ դիւաճենճեր զոհարան պատրաստեալ կազմեաց,
Զրկեալ զարքայն երկնաւոր ի յարքայականն կայից,
Զամենահարուստն` ունայն ի ստացուածոց իւրոց,
Զտանուտէրն` անհանգիստ եւ թափառական տատանեալ,
Բէեղզեբուղայ ձեղուն նկարեալ,
Եւ զանունն ահեղ վտարանդի արարեալ,
Գերի տարեալ զաւանդ գովելոյն,
Ողբալի զողորմածին մասն նուազեցուցեալ,
Աղուեսուն փոքու ապարանք զսրահն լուսոյ կարգեալ,
Եւ բնաւից ունողին եւ ոչ գլխոյն տաղաւար յիւրայոցն եդեալ,
Հատեալ զցանկ հզաւրին` բախտից հմայից
Զսեղանն մեծախորհուրդ արեանն սրսկման երեւեցուցեալ,
Լայնեալ հետս բազումս ընթացելոց ի գայթակղութիւն
Հովիւ կորստեան հաւտին սատակման`
Մոլորութեան բուռն վարդապետ,
Եւ այն` գիտութեամբ կրաւնիցն աւրինաց,
Հայր ունելով զմեծն Եզեկիա` զնմանակիցն Դաւթի:

Ե
Այնքան ստացեալ գտմունս չարեաց, որ եւ զԱստուծոյ պատիւն,
Որ զարքայութեանն փառս ընծայեաց նմա, հայհոյեալ եւ թշնամանեալ
Եւ զաղաւթկերացն բազմութիւն սուսերաւ մահու խողխողեալ,
Ընտանի դաւաճան, մերձաւոր վատնիչ,
Հարազատ սատակիչ, կցորդակից սպանող:
Առ Աստուած ոչ գոյր դառնալ, զի ուրացեալ էր զնա,
ԶԱբրահամ ոչ էր յիշել, զի խորթացեալ էր ի նմանէ,
Իսահակաւ ոչ էր աղաւթել, զի նզովեալ էր ի նմանէ,
Իսրայելիւ ոչ էր պարծել,
Զի տարագիր էր անուան կոչմանն մեծախորհուրդն շնորհի,
Զդաւթեան երգ ոչ էր նուագել, զի կշտամբիչ էր նորին,
Ի քաւարանն ոչ էր մերձենալ, զի պղծեալ էր զնա,
Ի տապանակն աստուածագիծ ոչ էր ապաւինել,
Զի ընդ գարշութեան ձուլածուին էր փոխանակեալ,
Առ Մովսէս ոչ էր կարդալ, զի անքաւելի էր պարտիքն, որ առ նա,
Առ Ահարոն ոչ գոյր աղաչել, զի վնասապարտ էր առ նա,
Առ մերձաւոր մարգարէիցն գունդ ոչ էր դիմել, զի սպանող էր նոցա:
Եւ նորա քաւութիւն մեղաց
Եւ արքայութիւն թագաւորութեան
Վերստին պարգեւեալ տուաւ,
Զի քեզ, բարերար, բազմացուսցես եւ կարգեսցես
Զգովեստս անճառս եւ անլռելիս
Ի յազգս տոհմից եւ ի դարս ժամանակաց,
Եւ զդուռն յուսոյն մտից անփակելի պահեսցես`
Ի փառս քոյդ բարձրութեան
Եւ ի փրկութիւն դատապարտելոյս,
Անմահութեանց պարգեւաց տուիչ Քրիստոս,
Գովեալ յաւիտեանս:
Ամէն:

Բան ԾԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ես մահացուս ամենապատիր՝ երկրածնի՜ միթե պաղատեցի մի,
Որին ընդունայն է աղաղակել. Մահկանացուի՞ միթե բանական,
Որից փրկություն հուսալը լինի սնոտի ու սուտ. Ոմն եղծականի՞,
Որի զորությունն անուժ խոսքի պես լինի զուր, նանիր.
Երկրավոր գահակալ իշխանների՞,
Որոնց բարիքներն էլ իրենց նման լինեն անցավոր.
Հարազատ եղբո՞ր,
Որն ինքն էլ կարոտ լինի իր անձի անդորրությանը.
Հո՞րն իմ երկրավոր,
Որի օրերի նվազության հետ խնամքն էլ է պակասել.
Ինձ ծնող մո՞րս,
Որ հրաժարված լինելով կյանքից՝ գութն է ցամաքել.
Արդյոք աշխարհի թագավորների՞ն,
Որոնք մեռցնելու, քան թե կյանք տալու հնարքներ են միշտ մտածում միայն,–
Այլ քե՜զ դիմեցի, բարերա՛ր Աստված, օրհնյալ ի բարձունս,
Որ կենդանի ես և կենդանություն կտաս բոլորին.
Եվ մահից հետո էլ անեղծապես կարող ես նորոգել:

Բ

Եթե քեզանից փախչենք, դու մեր ետևից կվազես.
Եթե տկարանանք, կզորացնես.
Եթե շեղվենք, դու մեզ շիտակ շավիղի վրա կհանես.
Եթե պատկառենք, կքաջալերես.
Եթե հիվանդանանք հոգով ու մարմնով, կբժշկես,
Եթե գարշանանք մեղքերով, կմաքրես.
Եթե ստենք, քո ճշմարտութեամբ դու մեզ կուղղես.
Եթե գլորվենք անդունդներ անտակ, երկինքը ցույց կտաս մեզ.
Եթե մենք չուզենք մեր կամքից դառնալ, դու կդարձնես.
Եթե մեղանչենք, կողբաս, եթե արդարանանք, կժպտես.
Եթե օտարանանք, կսգաս, եթե մոտենանք, կտոնես.
Եթե տանք, կընդունես, եթե դանդաղենք, կհամբերես.
Եթե մենք ապերախտ լինենք, դու առատապես կշնորհես.
Եթե թուլանանք, կտրտմես, եթե արիանանք, կխնդաս:

Գ

Հարյուրերկուերորդ սաղմոսն օրհնաբան և հրաշագեղ սփոփում է սիրտն իմ վհատյալի.
Եվ ավետում է ինձ կյանքի մեծ հույս, որպես հավաստիք անձիս փրկության.
Հաղթահարում է դևերին բոլոր և բանսարկուին մատնում վարանքի,
Ինչպես տերունի խաչի նշանը պանծալի, բարեբախտ և հրաշափառ,
Անխոնարհելի բարձրությամբ լուսո և անպարտելի զորությամբ վերնույն
Ախոյան է նա կանգնել անհողդողդ անշարժելի հավերժ-հավիտյան
Ընդդեմ բռնության անբարեբարո Բելիարի:
Նա ունի իր մեջ գիտուն, հետամուտ մտքերի համար հոգեշահ գանձեր,
Որոնք բերում են մահվան՝ պարտություն, մեղքերին՝ լուծում,
Կրկնակի հույսեր՝ ա՛յս և անվախճան կյանքերի
համար, Եվ արդարներին՝ անեղծանելի նորոգման խոստում,
Բարեհրավեր և կենդանատու կանոններ՝ գրված Աստուծո Հոգով:
Եվ ոչ միայն այդ, այլ բոլոր երգերն էլ սաղմոսների՝
Մի-մի կտակ են մարդկության համար կենդանագրված,
Որոնք, արդարև, մաքուր սրտերին են տեսանելի:

Դ

Նախկին օրենքը, որ նոր օրենքի օրինակն էր թույլ145Եբր. Է. Ը. Ժ. գլուխները և Բ. Կորնթ. Դ. 7-9,
Որպես առաջին անգամ տեղ հասնող մեծ ավետագիր կյանքի կործանման՝
Երկնակրոն, վերնակենցաղ և մի՜շտ անճառելի կյանքի ավետիս
Ու վստահություն էր պարունակում, Եվ սակայն գրվածքն այդ
Ջնջելի էր և նրա օրինակն՝ այլայլելի.
Հուսահատ հանցավորներին դատապարտելու պաշտոն ուներ նա,
Երկրային մի կտակ էր այն խափանելի և տկար միջնորդ հաշտարարության,
Եվ որով՝ խոսքերն աղոթողների անկատար էին:
Այդ մասին ստույգ վկայում է փրկությունը
Մանասեի՝ Նրա այնքան շատ և անբուժելի վերքերից հետո.
Նա, որ արդարների արյունով լցրեց մեծ թագավորին նվիրված
Հրաշանուն քաղաքն հայրենի, ըստ մարգարեագիր անսուտ պատմության146Դ. Թագ. ԺԱ. Երեմ. ԺԹ. 4-5:
Նա, որ տեսանողներից մեծին իսկ՝ բազմերախտ պաշտպան իր դաստիարակին,
Նախնակերտ հարկի տեսչին սղոցեց մահվան մեքենայով,
Եվ մարմինն երկու կտոր անելով՝ մաշեց դժնդակ չարչարանքներով,
Ապստամբության խորհրդով կտրած փրկանակն հույսի:
Դրա հետ մի այլ չարություն էլ նա գործեց մոլեգին.
Ընդդեմ բարձրյալի հանդգնեց մղել նա քրեական մի աստվածամարտ,
Քանզի չամաչեց երբեք՝ Արարչի պատիվն ու անունը յուրաբնակ խորանից մերժել,
Եվ հալածելով Աստուծո Հոգին՝ ինքը Բելիարի հետ համաձայնեց:
Քանզի նույն այդ տաճարը տիրական՝ Արարչի խնկարկությանը սահմանված,
Երկրային հռչակավոր հանդիսատեղին, ազգերին սարսափ ազդող սրբավայրը,
Որտեղ տեսիլներն հրեշտակային և աստվածային հրամաններն հաղթող՝
Լուսավոր, պայծառ հայտնությամբ էին ծանուցվում,
Այդտեղ, այդ երկնանման, սքանչելատես վայրը ահազդու քարուքանդ արավ
Եվ քառադիմակ ու նախանձարկու Քևան անունով մի կուռքի համար147Ս. Գրքի եբրայական բնագրում Քիուն կամ Քիոն է կոչվում այս աստվածը (Ամվս. Ե. 26), որը յոթանասնիցը թարգմանում է՝ Ռեբան և որը, ըստ ասորաց, արաբացոց և պարսից՝ նույն ինքը Երևակ աստղի կուռքն է: Քառադեմ է կոչվում նա, որովհետև ըստ Եվսեբիոսի՝ չորս աչք ուներ, կամ, ըստ այլոց՝ չորեքկողմյան խարսխի վրա էր դրված:
Նա հույժ գարշելի պաշտոնատեղի ու դիվաճենճեր զոհարան դարձրեց:
Զրկելով երկնավոր թագավորին իր կյանքից արքայական,
Ամենահարուստին իր ստացվածքներից թափուր թողնելով,
Եվ տանուտերին արած անհանգիստ ու տատանյալ թափառական՝
Բեեղզեբուղի148Ակկարոնի Ճանճիկ աստվածն է: ձեղունը նկարազարդեց և ահեղ անունը վտարեց նրանից.
Գերի վարելով գովյալի ավանդը, ողբալի կերպով նվազեցրեց ողորմածի մասը.
Լույսի սրահը ապարանք շինեց փոքր աղվեսի համար
Եվ ամեն ինչ ունեցողին ոչ իսկ մի տաղավար թողեց՝ իր գլուխը դնելու.
Հզորի ցանկապատը քանդելով՝
Արյամբ սրսկված սեղանն այն մեծախորհուրդ
Հատկացրեց բախտագուշակության ու հմայությունների:
Լայն ճանապարհներ բացեց բազմաթիվ՝ գայթակղումների համար,
Դառնալով ինքը կորստյան հովիվ սատակման հոտին
Եվ մոլորության բուռն վարդապետ.
Եվ այդ բոլորը նա արավ, գիտենալով հանդերձ կրոնի օրենքները ողջ
Եվ ունենալով Դավթին նմանակից հայր՝ մեծ Եզեկիան:

Ե

Այսպես, նա այնքան չարիքներ գործեց, որ մինչև անգամ պատիվն Աստուծո,
Որն արքայական փառք ընծայեց նրան, հայհոյեց ու թշնամանեց,
Եվ սրախողխող սպանեց բազում աղոթողների:
Եղավ նա ընտանի դավաճան, մերձավոր վատնիչ,
Հարազատ սատակիչ, մեղսակից սպանող:
Չէր կարող դառնալ նա Աստծուն կրկին, զի ուրացել էր նրան.
Չէր կարող հիշել Աբրահամին, զի խորթացել էր նրանից.
Չէր կարող Իսահակով աղոթել, զի նզովված էր նրանից.
Չէր կարող Իսրայելով պարծենալ, զի տարագիր էր այդ մեծախորհուրդ կոչման շնորհից.
Չէր կարող դավթյան երգը երգել, զի կշտամբիչն էր նրա.
Չէր կարող մոտենալ քավարանին, զի պղծել էր այն.
Չէր կարող ապավինել աստվածագիծ տապանակին,
Զի այն գարշելի ձուլածոյի հետ էր փոխանակել.
Չէր կարող Մովսեսին դիմել, զի անքավելի էին
իր մեղքերը նրա հանդեպ.
Չէր կարող աղաչել Ահարոնին, զի հանցապարտ էր նրա առջև:
Չէր կարող դիմել մարգարեների խմբին մերձավոր, զի նրանց սպանողն էր նա:
Սակայն և այնպես նրա մեղքերին քավություն եղավ
Եվ արքունի իշխանությամբ դարձյալ պարգևատրվեց,
Որպեսզի քեզ համար, ո՜վ բարերար,
Սերնդեսերունդ և դարե ի դար գովեստներ անճառ և անլռելի ավելացնես դու,
Եվ դարպասն հույսի՝ մտնելու համար միշտ անփակ պահես,
Ի փառս քո բարձրության և ի փրկություն դատապարտյալիս,
Ո՛վ անմահական պարգևների տվիչ Քրիստոս, Գովյա՜լդ հավիտյան. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա

Մի՞թե երկրածին ամենապատիր
Անցավոր մեկին պաղատեցի ես,
Որ աղաղակն իմ հնչի ընդունայն.
Կամ բանականի՞ մի մահկանացու,
Որ իմ փրկության հույսը լինի սին.
Կամ թե եղծական մի ադամորդո՞ւ,
Որը ո՛չ միայն տկար է խոսքով, այլև՛ զորությամբ.
Ինչ-որ երկրավոր գահակալների՞ աղերս ուղղեցի,
Որոնց հետ նաև անցողիկ լինեն բարիքներն իրենց.
Հարազատ եղբո՞ր, որն ինքն է կարոտ
Փնտրելու անդորր սեփական անձին.
Հո՞րն իմ երկրավոր, որ հասած կյանքի արևամուտին՝
Անկարող լինի հոգատարության,
Թե՞ ծնող մորս, որն արդեն զրկված կենդանությունից՝
Կորցրած լինի գորովանք ու գութ.
Կամ թե աշխարհիս թագավորների՞ն,
Որոնք ճարտար են միմիայն մահվան ու սպանության
Արվեստների մեջ, ոչ թե կյանք տալու։
Այլ քեզ, միայն քեզ, բարերար Աստվա՜ծ,
օրհնյալ երկնավոր,
Որ կենդանի ես, կենդանություն ես տալիս բոլորին,
Այլև կարող ես վախճանից հետո անգամ լիովին
Ու անեղծորեն վերանորոգել։

Բ
Եթե փախչելու լինենք քեզանից, կհետևես մեզ.
Կզորացնես, եթե թուլանանք.
Եթե խոտորվենք, կհանես դարձյալ հարթ ճանապարհի.
Եթե ամաչենք, կքաջալերես.
Կբուժես, եթե ախտացած լինենք մարմնով ու հոգով.
Կմաքրես, եթե մեղքով գարշանանք.
Թե ստենք, կուղղես ճշմարտությամբ քո.
Եթե կործանված՝ խորասույզ լինենք
Անդունդներն անտակ, երկինք ցույց կտաս,
Եթե չուզենանք մեր կամքից դառնալ, ինքդ կդարձնես.
Եթե մեղանչենք, դառնորեն կողբաս.
Կժպտաս, եթե մենք արդարանանք.
Կսգաս, եթե օտարանանք քեզ.
Տոն կկատարես, եթե մերձենանք.
Թե տանք, կընդունես, եթե հապաղենք,
կհամբերես լուռ.
Եթե ուրանանք, կառատացնես շնորհները քո.
Կտրտմես, եթե լքված թուլանանք.
Կցնծաս, եթե արիանանք մենք։

Գ
Ինչպե՜ս է հարյուրևերկուերորդ
Սաղմոսն, օրհնաբան ու հրաշագեղ,
Սփոփում սիրտը հուսահատյալիս,
Ավետելով ինձ կյանքի մեծ հույսեր՝
Որպես հավաստիք անձիս փրկության։
Հաղթական է նա ընդդեմ դևերի
Եվ բանսարկուի համար ահազդու.
Ինչպես նշանը տերունի խաչի,
Պանծալի է այն, բարեբաստիկ ու սքանչելափառ՝
Աշխարհատարած բարձրությամբ լուսո
Եվ երկնավորի անպարտ զորությամբ.
Հավիտենական ախոյան է մի,
Կանգնած անվկանդ, անհաղթ, անհողդողդ՝
Ընդդեմ բռնության անբարեբարո նենգ Բելիարի.
Բովանդակում է իր մեջ՝ ըմբռնող
Մտքերի համար հոգեշահ գանձեր,
Որ ընծայում են՝ մահվան պարտություն,
մեղքերի լուծում,
Կրկնակի հույսեր՝ զույգ աշխարհների՝
այս ու անվախճան,
Եվ արդարներին՝ անեղծանելի նորոգման խոստում,
Բարեհրավեր ա կենսապարգև
Կանոններ, գրված Աստծո հոգով։
Բոլոր երգերն էլ սաղմոսարանի
Մի-մի կտակ են մարդկության համար
կենդանագրված,
Որ, սակայն, միայն տեսանելի են մաքուր սրտերին։

Դ
Նախկին օրենքը, որ նորի տկար
օրինակն էր լոկ,
Մի նախաշավիղ մեծ ավետագիր մահվան կործանման,
Պարունակում էր իր մեջ երկնավարք
Ու վերնակենցաղ կյանքի ավետիս ու վստահություն.
Սակայն իբրև գիրք ջնջելի էր այն,
Իբրև օրինակ՝ վերափոխելի.
Հանցավորությամբ հուսահատներին
Դատապարտելն էր պաշտոնը նրա.
Մի թույլ միջնորդ էր հաշտարարության,
Խափանելի մի կտակ երկրային։
Այդ է վկայում և փրկությունը գոռ Մանասեի՝
Ծանր, անքավելի այնքա՜ն հանցանքներ
գործելուց հետո,
Այն Մանասեի, որն արդարների արյամբ հեղեղեց
Մեծ թագավորին նվիրված չքնաղ քաղաքն հայրենի,
Ըստ մարգարեի անսուտ պատմության,
Որ տեսնողներից մեծագույնին իսկ,
Տեսչին, պաշտպանին հայրական իր տան,
Իր ազգականին, իր իսկ ուսուցչին
Ու դաստիարակին բազմերախտավոր
Մահվան գործիքով սղոցեց միջից երկու մասերի.
Դժնի չարչրկմամբ խոշտանգեց անլուր,
Կորցնելով, իբրև ապստամբամիտ, փրկանակն հույսի։
Սրա հետ նաև մի այլ մոլագար
չարություն գործեց.
Հանդգնեց մղել ընդդեմ բարձրյալի դժնի վերնամարտ.
Չամաչեց երբեք արտաքսել անունն ու
փառքն արարչի.
Եվ հալածելով հոգին Աստծո
Իր բնակության խորանից անճառ՝
Իրեն նվիրեց սկզբնաչարի պիղծ դավանանքին։
Այն նույն տաճարը, որ սահմանված էր
Բարձրյալ արարչի խնկարկման համար,
Համայն աշխարհում հռչակավոր այդ հանդիսատեղին,
Օտար ցեղերի համար ահազդու սրբավայրը այդ, ՚
Որտեղ տեսիլներն հրեշտակային
Եվ ամենահաղթ պատգամներն Աստծո
Ճաճանչում էին՝ ազդարարվելով պայծառ
հայտնությամբ,–
Երկնանման վայրն այղ, վսեմափառ, սքանչելատես,
Քեվան անունով ինչ-որ նախանձոտ
Ու քառադիմակ մի կուռքի համար
Ավերակ, անշեն, գարշ ու աղծապիղծ աղոթատեղի
Ու դիվաճենճեր զոհարան դարձրեց։
Երկնավոր տիրոջ զրկելով կայքից
իր արքայական,
Ամենընչեղին իր ունեցվածքից թափուր թողնելով,
Բուն տնատերին արած անհանգիստ
ու աստանդական՝
Բեհեղզեբուղին ձեղուն հարդարեց
Վտարանդելով անունն ահեղի,
Ավանդն օրհնյալի գերի վարելով,
Մասն ողորմածի նվազեցրեց ողբալիորեն.
Լույսի սրահը փոքր աղվեսի ապարանք դարձրեց,
Իսկ նրան, որ տերն էր ամենայնի,
Մի տաղավար իսկ չթողեց գլուխ դնելու համար,
Քանդեց, խորտակեց պատվարն հզորի
Եվ մեծախորհուրդ արյամբ սրսկված սեղանն ընծայեց
Բախտագուշակման ու հմայության։
Լայնորեն բացեց ճամփաներ՝ ամեն
Գայթակղության ու ախտի համար՝
Ինքը դառնալով սատակման հոտի կերստյան հովիվ
Եվ մոլորության դժնի վարդապետ,
Այն էլ կրոնի սուրբ օրենքների գիտությամբ հանդերձ,
Հայր ունենալով Դավթի հանգունակ մեծ Եզեկիային։

Ե
Այնքան դաժան ու չարահնար էր
ոճիրների մեջ,
Որ նույնիսկ իրեն արքայական փառք շնորհող Աստծո
Պատիվն անարգեց, լուտեց, հայհոյեց
Եվ սրախողխող սպանեց բազում աղոթողների՝
Որպես առտնին նենգող դավաճան,
Մերձավոր վատնիչ, սպանող ընկեր,
Չարամահության մատնող հարազատ։
Չէր կարող դառնալ այլես Աստծուն,
Զի ուրացել ու դրժել էր նրան.
Չէր կարող հիշել և Աբրահամին,
Զի խորթացել էր նրանից արդեն.
Իսահակով չէր կարող աղոթել,
Զի նզովված էր նաև նրանից.
Իսրայելով չէր կարող պարծենալ,
Քանզի մերժված էր այդ մեծախորհուրդ
Անվամբ կոչվելու շնորհից իսպառ.
Չէր կարող երգել երգերը Դավթի,
Քանզի եղել էր նրան անարգող.
Քավարանին չէր կարող մերձենալ, զի պղծել էր այն.
Չէր կարող հուսալ և աստվածագործ
սուրբ տապանակին,
Զի փոխարկել էր այն զազրաթորմի ձուլածոյի հետ.
Չէր կարող ձայնել նաև Մովսեսին,
Քանզի նրա դեմ մեղանչել էր ծանր ու անքավելի.
Ահարոնին չէր կարող աղերսել,
Զի հանցապարտ էր և նրա առաջ.
Չէր կարող դիմել մարգարեների մերձավոր խմբին,
Քանզի եղել էր նրանց սպանող։
Եվ այդուհանդերձ նրա մեղքերին
եղավ քավություն,
Ու նա վերստին շնորհատրվեց թագավորությամբ,
Որպեսզի, գթա՜ծ, բազմապատկես քեզ
Գովեստներ անճառ ու անլռելի
Սերնդե-սերունդ անվերջ, դարեդար
Եվ դարբասն հույսի՝ մտնելու համար
միշտ անփակ պահես՝
Ի փառս բարձրյալիդ և ի փրկություն
դատապարտյալիս.
Ո՜վ անմահության շնորհապարգև Հիսուս Քրիստոս.
Գովաբանյալդ հավիտյանս, ամեն: