ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ես` նախնիս ամբարշտաց,
Գլուխս մեղաւորաց, պետս անիրաւաց,
Առաջինս պարտաւորաց, պատկերս յանցաւորաց,
Ատտիկեցիս ըստ վատթարութեան, այլ ոչ ըստ բարեբաստութեան,
Ահա զանճառիցն իմոց ճառեցի,
Զպատկառելիսն խայտառակեցի,
Զգաղտնիսն հրապարակեցի,
Զծածուկսն յայտնեցի,
Զթաքուցեալսն ցուցի,
Զամփոփեալսն տարածեցի,
Զդառնութեանս մաղձ ժայթքեցի,
Զգործակցութիւն չարին մատնեցի,
Զամբարեալ թարախ վիրիս քամեցի,
Զխորս պարտեաց իմոց ծանուցի,
Զպատրուակն կեղծեաց առի,
Զքող տգեղութեանն վերացուցի,
Զամաւթալեացն զգեստ մերկացուցի,
Զգարշելիսն յանդիմանեցի,
Զմրուրն մահու փսխեցի,
Զպալարս հոգւոյս խածուածոց քահանայապետիդ Քրիստոսի բացի:
Յանձինս վտանգ ոչ անխայեցի,
Մարմնոյս սիրոյ ոչ աչառեցի,
Զարմատն հնութեան տեսիլ արարի,
Բնութեանս կարեաց ոչ ողորմեցայ,
Զմիաբանութեանն կապ խզեցի,
Զդղեակ սրտիս Քանդեցի,
Ընդ կամացս որսոյ, իբր ընդ դարանակալի մահու, կռուեցայ,
Զպահեստ անյայտիցն արտաքս հանի,
Զմթերիցն գանձ մեծին գուշակեցի,
Զդատախազն դատաւորին հանդէպ կացուցի,
Զապառնեացն փորձ այժմէն իսկ գտի,
Զդաշն կործանողին կտրեցի,
Զուխտն խաբողին ցրուեցի,
Զկատարած մարտին յաղթութեան ի քեզ, Տէր Յիսուս, ապաստանեցի,
Զպատերազմին խումբ գրգռեցի,
Զդիմադրութիւն դիմեցմանն` բանիդ Աստուծոյ յուսացայ,
Զխաւարասիրացն փաղանգ լուսեղինացն զինուց սադրեցի:
Բ
Եւ արդ, ստեղծիչդ ամենայն եղելոց Քրիստոս,
Որդի բարձրեալդ Աստուծոյ,
Զաստէն դսրովեալս յայսպիսեաց բանից
Եւ զհարուածեալս յայսքանեաց գանից
Մի կշտամբեսցես կրկնակի դատել ի մեծի աւուրն:
Ահա, հզաւր, անքնին, անճառ, բարերար թագաւոր անմահ,
Առ այս կերպ պատկառանաց ինքնապարսաւս խոնարհութեան,
Որ ինձէն զանձն մեծաւ ձաղանաւք յոգի դատեցի,
Լի`ց նուագաւք այսր մատենի
Անարգանաւք ամաւթոյ զդէմսն սատանայի,
Եւ զերեսս կերպի պատկառեցելոյս նշանաւ խաչիդ զաւրացո:
Միասցի կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս,
Ամրութեանդ նշան հաստատեսցի ի տիպ դիտակիս,
Երեւակ կենացդ փայտի ձեւասցի ի պատկեր այտիս,
Արուեստդ հրաշից ի ճակատիս շուք նշանակեսցի:
Մի այլայլեսցի յինէն դրոշմդ լուսապաճոյճ,
Մի բարձցի ի տեսանելեացս բբաց ճաճանչդ աւրհնութեան,
Մի մերժեսցի ի գլխոյս առհաւատչեայդ վստահութեան,
Մի սասանեսցի ի բերանոյս ամրութեան սեմոց փառք տեառնագրութեանդ:
Պահպանակդ երկրպագելի ի զգայարան սրտիս միասցի,
Չորիցս նիւթոց իմոյս գոյութեան քառաթեւիդ նշոյլ ազդեսցէ,
Ձեռինս կարկառման փրկչիդ իշխանութիւն աւժանդակեսցէ,
Մատուցման հաստուածոյ մատինս խորհրդարանդ
Համարձակութեան բարեգործեսցէ:
Գ
Ի մեկնելս իմում մի հեռասցի սրբութիւնդ,
Մի լքցի պատիւս ի պատիլն պարտաւորիս,
Մի մերժեսցի ի յոգւոյս անդաւաճանելիդ փրկութիւն
Մի ջնջեսցին գիծք կենդանատուիդ ի քո գրեցեալս շնչոյ,
Մի եղծցի նկարումն արեան զաւրութեան ի տիրատիպ խորանէս,
Ընդ իս բնակեսցէ յիմում գերեզմանին:
Ի ծորել մարմնոյս թշուառի աւծումն շնորհիդ առ իս պահեսցի,
Ի նորոգութեանն աւուր սովաւ հանդիպեցայց փառաց փեսայիդ,
Ի քոյոց այտի ծանուցայց,
Քոյովքդ վաստակաւք պճնեցայց,
Երախտեաւք մեծիդ յարգեցայց,
Աւազանին զգեստիւ պերճացայց` քաւեալ ողորմութեամբ:
Մատո, բարեգութ, զվերարկուդ անապականութեան
Տաժանեցեալս մեղաւք մարմնոյս
Մի յարիցէ ընդ քոյս` բանսարկութիւն,
Հնացուցիչ հոգւոյս վատնեսցի,
Խաւարաբնակացն պատիրք մի ընդ իս վերերեւեսցին:
Աւրհնեսցի անուամբ քո, գթած, վիհն իմ հանգստեան,
Ողորմութեամբ քո լցցի գուբն իմ գերութեան,
Ընդարձակեսցի քեւ ինձ տեղին թշուառութեան,
Անդորր եղիցի, խնամող, ինձ բանտն բարկութեան,
Սնուսցէ զիս առ յաճումն արգանդն մթութեան,
Յուսով քո շտեմարանեսցէ զիս յարկն այն անձկութեան:
Ձեռամբ քո պահեցայց ի խշտին տարտամութեան,
Թեւաւք քո ընկալայց ի տունն տագնապի,
Դու, գովեալ, ընդ իս ի սենեակն վտանգի:
Աւա~ղս ինձ աստանաւր ի թիւս հազարաց,
Զի որ երբեմն էի վերնային, եւ այժմ` անդնդային,
Երբեմն` տաւնելի, եւ այժմ` աշխարելի:
Դ
Այլ եւ արդ կրկին դու աւրհնեալ ի բոլորից գոյից`
Յերկայնոց եւ ի ստորնայնոց
Եւ ի սանդարամետականաց մեռելոց,
Անպարտականդ այս տարագրութեան,
Ես վրիպեցայ, ես աւտարացայ,
Ես յիմարեցայ, պարտեցայ եւ խոտան գտայ,
Ես լքայ, կասեցայ եւ կործանեցայ,
Ես մոլորեցայ, ես մատնեցայ, ես մերժեցայ,
Ես խորթացայ, գերեցայ եւ գայթակղեցեայ,
Ես նզովեցայ, ես թշուառացայ, արբեցայ եւ վատթարացայ,
Ես ընկլուզայ, ես խաբեցայ, ես անաւրինեցայ,
Ես ապականեցայ, մահացայ եւ իսպառ եղծայ:
Չիք քո առ այս ինչ մատն չարի,
Որ ես միայն անփոփոխ բարի:
Ե
Արդ, կամք քո յիս` եւ խաւարն ինձ ճառագայթ,
Ճրագ յուսոյ քո անդ` եւ գիշերն վաղորդայն,
Մարմնոյ քոյ հաղորդեալ` եւ յամաւթոյն կարծեաց ապրեալ:
Իսկ ես ոչ գրեմ զանձն իմ կենդանի`
Վասն անփախչելի վախճանին,
Դարձեալ զի ոչ վարկանիմ կորուսեալ`
Վասն աներկեւան նորոգմանն:
Որ եւ փակեալ համարիմ ինձ զելս կենացդ`
Վասն անքաւելեացն պարտեաց,
Դարձեալ բացեալ ինձ զդրախտն`
Վասն փրկութեանն աւետեաց,
Քանզի ոչ այնքան վհատութեանն գոյժ տագնապէ,
Որչափ փրկութեանդ քաջալերեալ` ձեռն կարկառէ:
Արդ, տուր, Տէր, տուր ողորմութիւն`
Առ ամենայն ձայն գոհաբանեալ, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:
Բան ԿԵ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ես նախնիս ամբարիշտների,
Գլխավորս մեղավորների, պետս անիրավների,
Առաջինս պարտավորների, պատկերս հանցավորների, Ատտիկեցիս175Ատտիկեցի կամ աթենացի հունաց համար նույնպես թե՛ ընտիր և թե՛ հոռի է նշանակում, որովհետև Ելլադայի ոստանիկ գավառի բնակիչները որքան անվանի էին իմաստությամբ և գիտությամբ, նույնքան էլ անառակ և անպարկեշտ վարք ու բարքով էին հայտնի: ըստ վատթարության և ո՛չ ըստ բարեբաստության,
Անպատումներն իմ պատմեցի ահա՛,
Ամոթալի արարքներս նշավակեցի,
Գաղտնիքներն հրապարակեցի,
Ծածուկներն հայտնեցի,
Թաքցրածներն ի ցույց հանեցի,
Ամփոփվածներն տարածեցի,
Դառնության մաղձը ժայթքեցի,
Գործակցությունս չարին՝ մատնեցի,
Վերքիս թարախն ամբարված՝ քամեցի,
Մեղքերիս խորությունը ծանուցեցի,
Կեղծիքների ծածկույթը մի կողմ քաշեցի
Տգեղության քողը վերցրի,
Ամոթանքի զգեստը մերկացրի,
Գարշելիներն ի հայտ հանեցի,
Մրուրը մահվան փսխեցի,
Պալարներն հոգուս խոցերի քահանայապետ Քրիստոսիդ բացի:
Անձս անխնա չարչարեցի,
Մարմնիս նկատմամբ սեր ցույց չտվի,
Հին արմատներն ի տես հանեցի,
Բնությանս կարիքներին չընդառաջեցի,
Միաբանության կապը նրանց հետ խզեցի,
Սրտիս դղյակը քանդեցի,
Որսացված կամքիս հետ, իբրև մահվան դարանակալի հետ, կռվեցի,
Պահուստն անհայտ իմ մեղքերի արտաքս հանեցի:
Մթերված ախտերի գանձը մեծիդ առջև դրեցի,
Դատախազին դատավորի հանդեպ կանգնեցրի,
Ապառնիների փորձն այժմից առա,
Կործանողի հետ դաշինքն իմ բեկանեցի,
Խաբեբայի հետ ուխտս խափանեցի,
Մարտի հաղթական ավարտը, Հիսուս, քե՜զ
վստահեցի, Ռազմիկ գնդերը շարժման մեջ դրի,
Հարձակումներին դիմադրելու հույսն
Աստուծո խոսքի վրա հիմնեցի,
Խավարասերների փաղանգը լուսեղենների զենքին մատնեցի:
Բ
Եվ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Քրիստոս,
Որդիդ բարձրյալ Աստուծո,
Մի՛ մեղադրիր ինձ՝ դատելով խստիվ մեծ օրն հատուցման,
Ինձ որ ա՛յժմ արդեն պարսավված եմ խիստ խոսքերով այսպես
Եվ ստացել եմ գանակոծության այսքա՜ն հարվածներ:
Ուրեմն, հզո՜ր, անքնին, անճառ. բարերար թագավոր անմահ.
Այսպիսի ամոթալից ինքնապարսավ խոնարհությանս համար,
Որով ինքըս ինձ անողոք կերպով դատափետեցի,–
Նվագներով այս մատյանի,
Ծածկի՛ր սատանայի դեմքն ամոթի անարգանքով
Եվ խաչիդ նշանով զորացրո՛ւ երեսն ամոթահարիս:
Լուսեղեն կնիքդ տեսքիս գեղեցկությանը թող միանա,
Նշանդ ամրության թող որ դրոշմվի իմ կերպարանքին,
Թող կենաց փայտիդ ձևը պատկերվի այտերիս վրա,
Արվեստն հրաշքներիդ որպես շուք թող որ տպվի ճակատիս,
Թո՛ղ չաղավաղվի քո լուսապաճույճ դրոշմն ինձ վրա,
Աչքիս բիբերից թող չվերցվի ճաճանչդ օրհնության,
Չհեռացվի գլխիցս քո վստահության առհավատչյան,
Տյառնագրությանդ փառքը բերանիս ամուր սեմերիցն թո՛ղ չսասանվի,
Երկրպագելի պահպանակդ թող միանա սրտիս զգայարանքին,
Գոյակցությանս չորս նյութերի մեջ քառաթևիդ լո՜ւյսը թող թափանցի,
Փրկչիդ իշխանությունն օժանդակի թող կարկառվող ձեռքիս,
Մատուցման համար ստեղծված մատներիս
Համարձակության խորհրդարանդ թո՛ղ բարեգործե:
Աշխարհից մեկնելիս՝ սրբությունդ ինձնից թող չհեռանա,
Երբ պատանեն պարտապանիս՝ պատիվս թող չպակասի,
Փրկությունդ անդավաճան թող չլքի հոգիս,
Ու չջնջվեն քոնը համարվող շնչիցս գրերն կենդանատուիդ,
Զորեղ արյունիդ նկարը թող չեղծվի խորանից իմ աստվածատիպ,
Եվ բնակվի ինձ հետ գերեզմանիս մեջ:
Թշվառ մարմնիս մաշվելուց հետո շնորհիդ օծումն ինձ մոտ թող պահվի,
Որ նորոգության օրը նրանով ես ներկայանամ փառաց փեսայիդ,
Ճանաչվեմ թող ես այդ նշաններովդ ու վաստակներովդ պճնվեմ,
Ու մեծագույնիդ երախտիքներով գնահատվե՛մ թող,
Եվ ողորմությամբդ քավված՝ ավազանի զգեստով պերճանա՜մ,
Տո՛ւր ինձ, բարեգութ, վերարկուդ անապական,
Որ տառապում եմ մարմնիս մեղքերով:
Թող որ քոնոնց դեմ չելնի՛ բանսարկուն,
Հոգիս հնացնողը թո՛ղ ոչնչանա,
Խավարաբնակների խաբկանքները թող հանդես չգան,
Թող քո անունով օրհնվի, գթա՛ծ, վիհն իմ հանգստյան,
Թող ողորմությամբդ լցվի լիուլի գուբն իմ գերության,
Թող որ քեզանով ընդարձակվի տեղն իմ թշվառության,
Թող խաղաղ լինի, խնամո՛ղ, ինձ համար բանտը բարկության,
Թող արգանդը մութ՝ սնի իր մեջ հանուն հարության,
Հույսովդ թող ինձ իր մեջ ամփոփի տունը անձկության,
Թող ես քո ձեռքով պահվեմ խշտյակում այդ տարտամության,
Թող որ ընդունվեմ ես քո թևերով տագնապի տան մեջ,
Եղի՛ր դու, գովյա՜լ, ինձ հետ վտանգով լեցուն սենյակում,
Ավա՜ղ ինձ այստեղ բյուր-հազար անգամ,
Զի երբեմն վերնային էի և այժմ անդնդային,
Տոնելի երբեմն և այժմ եղկելի:
Գ
Բայց և դու դարձյալ օրհնված ես բոլոր արարածներից՝
Երկնայիններից, երկրայիններից և մեռելներից սանդարամետի,
Անպարտականդ այս տարագրության:
Ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացա, ե՛ս հիմարացա,
Ե՛ս պարտվեցի և դարձա խոտան:
Ե՛ս վհատվեցի, ե՛ս կարկամեցի և կործանվեցի.
Ե՛ս մոլորվեցի, ե՛ս մատնվեցի, ե՛ս մերժվեցի.
Ե՛ս խորթացա, գերվեցի և գայթակղվեցի.
Ե՛ս նզովվեցի, ե՛ս թշվառացա, հարբեցի և վատթարացա,
Ե՛ս ընկղմվեցի, ե՛ս խաբվեցի, ե՛ս անօրենացա.
Ե՛ս ապականվեցի, մահացա և իսպառ եղծվեցի:
Այս բոլորի մեջ դու չարության մատ չունես,
Մնում ես դու միշտ միա՜յն ու միայն անփոփոխ բարի:
Երբ կամքդ ինձ հետ է՝ խավարը ճառագայթ է ինձ համար.
Հույսիդ ճրագն երբ կա, գիշերն արշալույս է.
Հաղորդվելով մարմնիդ՝ կասկածների ամոթանքից զերծ կլինեմ.
Իսկ ես ինքս ինձ կենդանի չեմ համարում, հիշելով վախճանն անխուսափելի,
Եվ ոչ էլ կորած եմ կարծում ես ինձ,
Քանզի անկասկած հավատում եմ ես նորոգման հրաշքին:
Կյանքիդ դուռն առջևս համարում եմ փակ՝ իմ անքավելի մեղքերի համար,
Բայց ես տեսնում եմ միաժամանակ դրախտն իմ առջև բաց,
Որ ավետում է փրկությունդ ինձ:
Քանզի ո՛չ այնքան վհատության գույժն է տագնապեցնում,
Որքան փրկության համար կարկառած ձեռքդ է խրախույս քաջալերական:
Ուստի, տո՛ւր դու, Տե՜ր, տո՛ւր ողորմություն
Գոհաբանություն կարդացող բոլոր բանականներին,
Օրհնյա՜լ հավիտյան. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ես՝ նախահայրս ամբարշտության,
Մեղավորների պետս ու գլխավորս անիրավների,
Պատժապարտների առաջնագույնս,
Հանցավորների տիպարս հարազատ,
Ատտիկեցիս, ո՛չ բարեբաստությամբ, այլ
վատթարությամբ.
Ահա պատմեցի անպատումներն իմ,
Խայտառակեցի գործերս անպատկառ,
Ցուցադրեցի գաղտնիքներս ողջ,
Ծածկություններս հայտնեցի մեկ-մեկ,
Թաքնվածները դրեցի ի ցույց,
Ամփոփվածները հանեցի ի տես,
Արտաժայթքեցի մաղձը դառնության,
Գործակցությունս չարին՝ մատնեցի,
Քամեցի վերքիս թարախն ամբարված,
Ցույց տվի խորքերն իմ արատների,
Վերցրի դիմակը կեղծակերպության,
Քողազերծեցի տգեղությունն իմ,
Մերկացրի զգեստն ամոթույքներիս.
Ցուցադրեցի գարշությունս ամբողջ,
Փսխեցի դիրտն ու մրուրը մահվան,
Խածոտումների պալարներն հոգուս բաց արի ի տես
Քահանայապետ տեր Քրիստոսին։
Անձիս նկատմամբ եղա անխնա,
Չշփացրի մարմինս բնավ աչառու սիրով,
Արմատներն հնի նշավակեցի հրապարակավ.
Բնությանս կիրք, կարիքների դեմ եղա անողորմ.
Խզեցի կապը միաբանության,
Քանդեցի սրտիս դղյակն հիմնիվեր,
Կամքիս խայծի դեմ կռվեցի իբրև
Մահվան չարանենգ դարանակալի,
Արտաքս հանեցի պահուստներն անհայտ,
Մթերքն ամբարված՝ պարզեցի մեծիդ,
Կանգնել տվեցի նաև դատախազ դատավորի դեմ,
Հանդերձյալի փորձն այժմեն իսկ առա,
Հրաժարվեցի կործանարարի դաշնակցությունից,
Խզեցի ուխտը խաբեբայի հետ,
Մարտի հաղթական ելքը, տե՜ր Հիսուս, քեզ
վստահեցի,
Զորագնդերը մղեցի առաջ,
Դիմադրությունն հարձակումներին՝
Ապավինեցի խոսքին Աստծուդ,
Խավարասերի փաղանգներն համակ
Մատնեցի զենքին լուսեղենների։
Բ
Եվ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Հիսո՜ւս.
Որդիդ միածին բարձրյալ Աստծո,
Արդեն այստեղ իսկ այսպես խստորեն պախարակվածիս,
Գանակոծվածիս այսքան չարաչար,
Այն մեծ օրն ահեղ դու էլ կրկնապես
Դատապարտելով մի՛ հանդիմանիր։
Հզոր, անքնին, անճառ, բարերար անմահ թագավո՜ր,
Ի տրիտուր այս ամենապատկառ
Ու ինքնապարսավ իմ խոնարհության
(Որ ես այսպիսի ձաղկանքով ինքս ինձ
Անողորմաբար դատափետեցի)
Նվագներով այս մատյանի ծածկի՛ր
Սկզբնաչարի դեմքն անարգանքով,
Խաչիդ նշանով զորացրո՛ւ երեսն ամոթահարիս։
Լույսիդ կնիքը թող որ միանա իմ
կերպարանքին,
Տեսքիս հաստատվի նշանդ ամրության,
Կենացդ փայտի ձևը պատկերվի այտերիս վրա,
Արվեստն հրաշքիդ վեհաշքորեն տպվի ճակատիս։
Թող չաղավաղվի ինձնից դրոշմը քո լուսապաճույճ,
Առհավատչյայիդ վստահությունը ինձնից չհեռացվի,
Ու չսասանվի բերանիս ամուր
Սեմերից փառքը տյառնագրությանդ։
Երկրպագելի պահպանակդ թող
Միանա սրտիս զգայարանին,
Իմ գոյացության չորս նյութերի մեջ
Թափանցի յույսը քո քառաթևի,
Իշխանությունը փրկչիդ՝ աջակցի ձեռքիս կարկառման,
Մատուցման համար հաստված մատներիս
Բարեգործի քո խորհրդարանը համարձակության։
Երբ որ մեկնելու լինեմ աշխարհից,
Սրբությունդ ինձնից թող չհեռանա,
Պատանելուց ետ՝ պատվից չզրկվեմ,
Չլքի հոգիս՝ աննենգ, անխարդախ փրկությունը քո.
Թող որ իմ շնչից չջնջվեն երբեք
Նշանները սուրբ, դրոշմված ձեռքով կենդանարարիդ,
Չեղծվի խորանից իմ աստվածատիպ՝
Պատկերը մեծիդ զորավոր արյան,
Բնակվի ինձ հետ գերեզմանի մեջ.
Թշվառ մարմինս ծորելուց հետո
Օծման շնորհդ թող ինձ մոտ մնա,
Որ նորոգության օրը նրանով
Ներկայանամ ես փառքի փեսայիդ,
Քոնը ճանաչվեմ,
Շնորհազարդվեմ քո վաստակներով,
Երախտիքներիդ զորությամբ հարգվեմ,
Պանծամ զգեստով սուրբ ավազանի՝
Քավություն գտած քո ողորմությամբ։
Մատուցի՛ր, գթա՜ծ, վերարկուդ անեղծ
Մեղքերով սաստիկ տաժանած մարմնիս,
Որ նենգ բանսարկուն չելնի քոնոնց դեմ,
Հնացնողն հոգուս չքվի լիովին,
Խավարաբնակ մութ հոգիների
Պատրանքներն ինձ հետ երևան չգան։
Թող որ քո անվամբ օրհնվի, գթա՜ծ, վիհն իմ հանգստյան
Գերության գուբն իմ լցվի լիապես ողորմությամբ քո,
Տեղն իմ այն թշվառ ընդլայնվի քեզնով,
Միշտ անդորր լինի բանտն այն բարկության,
Արգանդն այն խավար ինձ համար լինի աճման սնուցիչ,
Անձուկ հարկն իմ այն ամփոփի իր մեջ ինձ՝ մեծիդ հույսով,
Քո ձեռքով պահվեմ տրտում խշտյակում,
Թևովդ ընդունվեմ տանն այն տագնապի,
Եվ դու միշտ լինես այն վտանգալի սենյակում ինձ հետ։
Ավա՜ղ ինձ այստեղ բյուր հազար անգամ,
Որ մի ժամանակ երկնային էի, այժմ՝ անդնդային,
Երբեմն՝ տոնելի, իսկ այժմ՝ թշվառ։
Գ
Սակայն դու դարձյալ օրհնյալ ես բոլոր արարածներից,
Երկնքում եղած, թե երկրաբնակ,
Թե մեռելներից սանդարամետի,
Անպարտակա՜նդ այս տարագրության.
Ե՛ս հիմարացա, ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացա,
Մեղապարտվեցի ու դարձա խոտան,
Ե՛ս խոտորվեցի, հուսալքվեցի,
Ե՛ս մոլորվելով կործանում գտա,
Ե՛ս մատնվեցի ու վտարվեցի,
Ե՛ս խորթացա ն գերվեցի գայթած,
Ե՛ս նզովվեցի ու թշվառացա,
Ե՛ս արբեցի ու խայտառակվեցի,
Ե՛ս խաբվեցի ու խորասուզվեցի,
Ապականվեցի, անօրինացա,
Ես մահացա ու իսպառ եղծվեցի.
Այս բոլորի մեջ դու ամենևին չարի մաս չունես
Եվ մնում ես միշտ անփոփոխ բարի։
Երբ կամքդ ինձ հետ է, խավարն ինձ համար
ճաճանչ է պայծառ.
Որտեղ քո հույսի ճրագն է վառվում,
Այնտեղ դառնում է գիշերն այգաբաց.
Եթե մարմնիդ հետ հաղորդվում է մարդ,
Ազատ կլինի ամոթի բոլոր կասկածանքներից։
Իսկ ես չեմ հաշվում ինքս ինձ կենդանի՝
Անխուսափելի մահվան պատճառով.
Բայց և չեմ կարծում կորած լիովին,
Քանզի աներկբա նորոգումդ կա։
Կյանքիդ դուռն իմ դեմ փակ եմ համարում՝
Հիշելով պարտքերն իմ անքավելի,
Բայց և տեսնում եմ նաև դրախտը բացված իմ առաջ,
Որ ավետում է փրկությունը քո.
Այդ իսկ պատճառով ահա ոչ այնքան
Ինձ վհատության գույժն է տագնապում,
Որքան հոգածու ձեռքիդ կարկառմամբ՝
Քաջալերում է փրկությունը քո։
Ուստի տո՛ւր ինձ, տե՜ր, տո՜ւր ողորմություն,
Գոհաբանյա՜լդ բոլորից, օրհնյա՜լ հավիտյանս.
ամեն։