ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ քանզի երջանիկքն եւ փառաւորեալքն սրբոցն պարք,
Յորոց ոմանք դոյզն ինչ գթեցին եւ յաճախագոյնս հաստատեցան,
Փոքունս սասանեցան եւ մեծագոյն վառմամբ նշուլից
Հոգւոյն մաքրութեամբ լուսաւորեցան,
Յորոց մինն զզանգուածոյն յայտնէ զհասարակաստեղծն տկարութիւն,
Իսկ միւսն` զգերազանցն քան զբնութեանն աւրէնս,
Վարս եւ առաքինութիւնս հրեշտակականս:
Եւ արդ, նոքա, որ աւրհնեալքն են
Յամէնիշխան բերանոյ աստուածութեան Հաւրն Քրիստոսի,
Ընտրեալքն, տաւնեալքն, խնկեալքն եւ բարեբանեալքն,
Իբրեւ զանդամս Քրիստոսի պաշտեցեալք
Եւ իբրեւ զաւթեվանս Հոգւոյն Սրբոյ յարդարեալք,
Յորս չիք ինչ նշմարանք եւ կամ գիւտք խաւարի,
Այլ ամենեւին անկեղծութիւն եւ լուսաւոր արդարութիւն
Եւ որքան մարթ է զմարդն Աստուծոյ` Աստուծոյ նմանեցուցանել,
Երեսք պարզք եւ անպատկառելիք,
Կրաւնք բարձունք եւ անխոնարհելիք,
Կեանք զգաստք եւ անստգտանելիք,
Պաշտաւն առ Աստուած կարծր եւ անփոխարկելի,
Ընթացք արիականք եւ անկասելիք,
Ճշմարտութիւն միատարր եւ անցնդելի,
Դիմագրաւութիւն զաւրեղ եւ անհերքելի,
Տեսաւորութիւն պայծառ եւ անապշելի,
Իմաստասիրութին վերնական եւ անկոխելի,
Պատկեր մաքուր եւ անաղարտելի,
Զորոց կերպարանս եւ զյիշատակս անուանցն աղաչել
Աստուած իսկ վարդապետեաց,
Եւ նոքաւք հաճութիւն ի մէջ խռովութեան
Արարչիդ բան լուսաւորեաց:
Բ
Այլ ես անպիտանս յամենայնի
Եւ որքան բան զաւրէ` պարսաւեալս,
Որ մինչդեռ արթունս եմ` նիրհեմ,
Մինչդեռ զգաստ երեւիմ` թմբրիմ,
Ի բարեպաշտելս իմում` գայթակղիմ,
Մինչդեռ աղաւթեմս` եւ վրիպիմ,
Ի յընթանալս իմում` եւ կասիմ,
Յարդարանալս իմ` եւ մեղանչեմ,
Ի խաղաղանալս իմում` ամբոխիմ,
Մինչդեռ արշաւեմս` առ ի յետոյսն հակամիտեմ,
Ի չուելն իմում` ընդ կրուկն դառնամ,
Ընդ լուսոյն մասին` եւ խաւար յարեմ,
Ընդ քաղցրութեանն ճաշակ աւշինդր խառնեմ,
Ընդ կուղս բարեացն չարիս հիւսեմ,
Ընդ կանգնելն` եւ կրկին գլորիմ:
Ծաղկիմ, եւ ոչ պտղաբերիմ,
Ասեմ, եւ ոչ առնեմ,
Խոստանամ, եւ ոչ կատարեմ,
Ուխտեմ, եւ ոչ վճարեմ,
Կարկառեմ, եւ անդրէն ամփոփեմ,
Ցուցանեմ, եւ ոչ ընծայեմ,
Մերձեցուցանեմ, եւ ոչ մատուցանեմ,
Ի ճարակել խոցուածոյս` անդրէն վիրաւորիմ.
Ի հաշտեցուցանելն` վերստին խռովեմ,
Զուր հանդիսանամ, եւ իրաւամբք պարտաւորիմ,
Գրիմ, եւ իսկոյն եղծանիմ,
Նաւեմ, եւ ի գիծն թուլանամ,
Սկսանիմ, եւ ի հանգիստն ոչ ժամանեմ,
Կարգիմ, եւ դարձեալ սասանիմ,
Լնանիմ, եւ կրկին հեղում,
Շարունակիմ աստ, եւ անդ ի ստորեւս հոսիմ:
Բարդիմ, եւ անդրէն տոչորիմ,
Հիմն արկանեմ, եւ ոչ գլխաւորեմ,
Սակաւ վաստակեմ, եւ բիւրս վատնեմ,
Դոյզն գանձեմ, եւ անթիւս սպառեմ,
Զայլս խրատեմ, եւ ես ինքն անփորձ եմ,
Միշտ ուսանիմ, եւ երբէք ի գիտութիւն ճշմարտութեան ոչ հասանեմ,
Զշիջեալ չարիսն նոյնչափ արծարծեմ,
Սուղ ինչ քաջալերիմ, եւ առաւելապէս լքանիմ,
Լարիմ, եւ իսկ եւ իսկ առ նմին մեղկիմ,
Զայս կարկատեմ, եւ զայն պատառեմ,
խլեմ զեղիճն, եւ տատասկ տնկեմ,
Ընդ ամբառնալն` եւ այսրէն բերիմ,
Մտեմ ի բոյնն աղաւնի, եւ անդուստ ագռաւ ելանեմ,
Գամ սակաւ մի սպիտակ, եւ սրանամ դառնամ բնաւին սեւացեալ,
Ասեմ զիս քեզ դաւանել, եւ սպանողին նուիրիմ,
Ընդ յանդիման լինելն` եւ թիկունս դարձուցանեմ:
Գ
Մաքրիմ, եւ այլ մրճոտիմ,
Լուանիմ, եւ նովին զազրանամ,
Կերպարանիմ զԴաւթին, եւ գործք զՍաւուղայն կատարեմ,
Շրթամբք ճշմարտեմ, եւ ստեմ երիկամամբք,
Աջովս մատակարարեմ, եւ ահեակ կողմամբս աւերեմ,
Ընդ երկրագործութեան ցորենոյն` որոմն սերմանեմ,
Ի բարձրեգոյն իմաստիցն ի վայր իջեալ` ես ինքն գտանիմ,
Հրեշտականամ յերեսս, եւ ի խորհուրդս դիւանամ,
Հաստատիմ ի յոտս, եւ ի միտս տատանիմ,
Սուտ ձեւանամ, եւ իրաւք խոտորիմ,
Կեղծաւորիմ արդար, եւ արդեամբք ամբարշտեմ,
Դասիմ ի պարս հեզոց, եւ ընդ այսս կաքաւեմ,
Ի մարդկանէ գովիմ, եւ ի տեսողէդ պարսաւիմ,
Ի հողածնելոցս երանիմ, եւ յորդւոցն լուսոյ աւաղիմ,
Հաճոյանամ յետին ռամկին, եւ թագաւորիդ մեծի յաչաց ելանեմ,
Զատեանն դատաւորին թողեալ` խառնակրաւնիցն աղերսեմ,
Հերքեալ ի վեհիցն` սոսկականացն սպրդիմ:
Մարմնովս արտաքուստ պճնիմ, եւ անձամբս երփնիւ ճային ճանաչիմ,
Հպաւորիմ դաշն հաստատել` եւ ուխտակորոյս արտաքս մերժիմ,
Այսաւր` մաքուր հոգեկիր, եւ վաղիւ` մոլի խելագար,
Զտէրունի պատուէրն լքեալ` թելադրութեան աւձին հետեւիմ,
Արիանամ զաւրապէս, եւ վատթարագոյնս ընկրկիմ,
Զծանրութիւն աւուրն բառնամ,
Եւ ի ժամ վարձուն անմասն ելանեմ,
Ի բացուստ ճոռոմս խաւսիմ,
Եւ ի պատասխանութեանն պահու պապանձեալ կարկիմ,
Ի յելս արեւուն հարուստ երեւիմ,
Եւ ընդ երեկս ունայն դեգերիմ,
Յաթոռս ծերոց բազմեալ` եւ խելայեղից կցորդիմ,
Ննջեմ խեթիւ, եւ արհաւրաւք զարհուրեալ զարթնում:
Զանդաստանս կամացս չարաչարս հերկեմ,
Փոյթ խնամով ի չարիս, միշտ անառակ որդիս,
Անդարձ տարագրեալս, անզղջական զառածեալս,
Անմխիթար տրտմեալս, ինքնագրաւ գերեալս,
Մահու եւ ապականութեան ծառայեալս,
Անողոքելի տանջեալս, անփրկելի մատնեցեալս,
Անպատուաստելի հատուածեալս, անարծարծելի շիջուցեալս,
Անկազդուրելի խորտակեալս, անհանդերձելի կործանեալս,
Եւ եթէ պարտ է զսաստիկն աստանաւր ասել
Անաւրինեալս անձին նախատինս,
Ահա գրեմ, գրեմ եւ ոչ անխայեմ
Ի խռիւս նիւթեալ գեհենին:
Ստացուածս նախանձու նորոյս Ադամայ երկնայնոյ,
Որպէս եւ Կայէնն առաջին` հնոյն եւ հողեղինին,
Որ ունիմ զբնաւն աստուստ ի յանձին
Զնշանակ ամբաստանութեանս,
Ոչ զշնչոյս տուրեւառութիւն,
Այլ զբանիցս կշտամբութիւն:
Դ
Եւ արդ, ո՞ւր իցեն փրկութիւնքն,
Ուր սկզբնահայրն հաւատոց ի յուսահատութեանն վայրի
Զանգթութեանն իմ չարիս կրկնէ,
Մեծն մարգարէից քարամբք բանից կոշկոճէ,
Արին բարեփառ աշտէին նիզակաւ ի մահ սատակէ,
Պատկեր ճշմարտին ընդ Աքարու համայնիւ ջնջէ,
Աստուածարեալն վեհից յարագողացն վրիժուց մատնէ,
Մարգարէածին տեսանողն ընդ ամաղեկացւոյն առաջի տեառն սպանանէ,
Նախանձաւորն Աստուծոյ երկնատեղաց բոցովն վատնէ,
Ստուերին լրումն եւ նորոյս սկիզբն
Հեծանոցին ընտրութեամբ հոսէ,
Պետն առաքելոց ընդ Սափիրայի ի կենաց զրաւէ,
Զարմանալին քննութեամբ Հոգւոյն
Բուրումն մահու ինձ ընդ կենացն քարոզ խառնէ:
Արդ, անաչառք եւ ինձ կաճառք երջանկացն
Եւ ուժգնութեան հրամանի վերնոյն` արի սպառազէնք,
Ընդ հրեշտակացն` եւ մարդիկ,
Ընդ տիեզերաց երկրի` եւ տարերք,
Ընդ անզգայիցն` եւ շարժողականք,
Որովք դատեալ միշտ լինիմ տուժիւք լլկանաց`
Յաւրինակ եւ յիշատակ սոսկալեացն ապագայից,
Իբր հողմով փոթորկի ալեաց յաւէտ մրրկեալ
Կենացս վստահութիւն` մնայ անկայուն ի հաստատութեանց:
Զոր եթէ ոք, իմաստութեամբ ի քնին առեալ,
Խուզեսցէ զլուղակացն բազմատեսիլ զանազանութիւն`
Զմանունս փոքունս ընդ մեծամեծացն դասեալ,
Որ առանց թուոյ եւ քանակութեան համարոյ
Թինդս առեալ անբաւ երամոց`
Եռան, զեռան, սլանան ի մարմնիս ծովու,-
Վկայեսցէ եւ հաստատեսցէ ճշմարիտ լինել
Զասացելոցս բանագրութիւն:
Ե
Այլ դու ինքն աւրհնաբանեալ անմահ թագաւոր,
Բարի, երկնաւոր, մարդասէր Քրիստոս,
Աստուծոյ կենդանւոյ միածին Որդի,
Հզաւր, բարձրեալ, անքնին, անճառ, քաւիչ, ահաւոր,
Սաստեա ի ձմեռն ամբոխեալ ալեաց ոգւոյս ծփանաց,
Արձանացո զծաւալս մոլեգին շարժման սրտիս խռովութեան,
Ընդոտնեա ի սանձս կապոյ երասանաց ըմբռնման
Զցնդեալ մտացս վայրագութիւն:
Եղիցի խաղաղութիւն հրամանաւ մեծիդ
Ամենավարան բքոյս սասանման,
Սատակեա, խափանեա զբազմագլխեան անդամս ուրուականս
Գաղտնեաց ամաւթոյս` երկրակենցաղս հինից,
Գրեսցես աղաւթս մշտամատոյցս
Զայս նորընծայ տառ ողորմաղերս`
Թախծագին ձայնի ողբերգարկութեան այսր մատենի,
Հան ի խորոց մահուս անդնոց`
Չքնաղ ապրեցեալ ընդ մարգարէին փրկելոյ,
Ընկալ զխոստովանութիւն անձնադատ բանիս ի հոտ անուշից,
Շնորհեա մխիթար դառնութեան վշտաց
Ուժգին հեծութեան յուսահատելոյս:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով
Փա~ռք, պատի~ւ եւ իշխանութի~ւն յաւիտեանս:
Ամէն:

Բան ՀԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Երջանիկ և փառավորյալ են սրբերի դասերը,
Որոնցից ոմանք դուզն-ինչ գայթեցին թեև, բայց ավելի հաճախ հաստատվեցին.
Սասանեցին փոքր-ինչ, բայց վառված՝ հոգու շողերով պայծառ՝
Մաքրությամբ դարձյալ լուսավորվեցին:
Մեկը ցույց է տալիս նրանց խառնվածքի տկարությունն հասարակաստեղծ,
Իսկ մյուսը՝ բնության օրենքին հաղթող վարքն առաքինի, հրեշտակային:
Ուստի և նրանք օրհնված են Քրիստոսի Հոր ամենիշխան և աստվածային բերանով,
Եվ ընտրյալներ են հռչակված, խնկված ու բարեբանված,
Պաշտված են իբրև անդամներ Քրիստոսի,
Եվ իբրև Սուրբ Հոգու օթևաններ են պատրաստված.
Չունեն իրենց մեջ խավարի նշմարներ կամ հետքեր անգամ,
Այլ անկեղծություն են ամբողջովին և լուսավոր արդարություն՝
Եվ որքան հնարավոր է Աստուծո մարդուն Աստծուն նմանեցնել,
Պարզերես են նրանք և վարքով, բարձր ու անխոնարհելի,
Նրանց կյանքն զգաստ է և անըստգյուտ,
Աստվածպաշտությունն ամուր, անհեղլի,
Ընթացքն արիական և անկասելի,
Ճշմարտությունը միատարր և անցնդելի,
Դիմագրավությունը զորեղ և անհաղթելի,
Տեսողությունը պայծառ և անապշելի
Իմաստասիրությունը երկնային և անկոխելի,
Պատկերը մաքուր և անաղարտելի:
Նրանց անուններն հիշատակել և աղոթքը հայցել՝
Աստված ինքն էր, որ մեզ սովորեցրեց:

Բ

Իսկ ես անպետք եմ ամեն ինչի մեջ,
Եվ պարսավելի, որքան հնար է ասել խոսքերով,
Նիրհում եմ՝ մինչդեռ արթուն եմ,
Թմրում եմ՝ մինչդեռ զգաստ եմ երևում,
Բարեպաշտությանս մեջ գայթակղվում եմ,
Եվ վրիպում՝ մինչդեռ աղոթում եմ,
Ընթանալիս՝ հանկարծ կանգ եմ առնում,
Հազիվ արդարացած՝ մեղանչում եմ,
Ու դեռ նոր խաղաղված՝ վրդովվում դարձյալ,
Մինչդեռ արշավում եմ առաջ՝ դեպի ետ եմ հակամիտում,
Ու քայլելիս՝ կրունկիս վրա դառնում եմ ետ,
Լույսի հետ՝ մի մաս խավար եմ կցում,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարիքների կուղի հետ և՛ չարիքներ եմ հյուսում,
Հազիվ կանգնած՝ կրկին գլորվում եմ,
Ծաղկում եմ ու չեմ տալիս պտուղ,
Ասում եմ ու չեմ գործադրում,
Խոստանում եմ ու չեմ կատարում,
Ուխտում եմ ու չեմ վճարում,
Կարկառում եմ ձեռքս ու ետ քաշում դարձյալ,
Ցույց եմ տալիս ու չեմ ընծայում,
Մոտեցնում եմ ու չեմ մատուցում:
Վերքս հազիվ դեռ դարմանած՝ վիրավորվում եմ նորից,
Հաշտեցնում եմ ու վերստին խռովում,
Դատի եմ դիմում հանիրավի՝ և իրավամբ դատապարտվում,
Գրվում եմ և իսկույն ջնջվում,
Նավում եմ ու շեղվում գծից,
Սկսում եմ ու չեմ հասնում հանգստի:
Հաստատվում եմ և սասանվում դարձյալ,
Լցվում եմ ու կրկին թափվում,
Շարակարգվում այստեղ՝ և այնտեղ վար հոսում,
Բարդվում եմ ու տեղնուտեղ վառվում:
Հիմնարկում եմ ու չեմ հանում գլուխ,
Վաստակում եմ սակավ և վատնում եմ բյուր,
Դյուզն-ինչ գանձում եմ ու սպառում անհաշիվ,
Խրատում եմ ուրիշներին, և ինքս անփորձ եմ,
Սովորում եմ միշտ, և ճշմարիտ գիտության չեմ հասնում երբեք:
Մարած չարիքները արծարծում եմ նույնչափ,
Քաջալերվում եմ փոքր-ինչ և առավելապես
հուսալքվում, Լարվում եմ և իսկույն թուլանում,
Կարկատում եմ այս՝ և այն պատառոտում,
Եղինջը հանում եմ և տնկում եմ տատասկ:
Հազիվ վեր բարձրացած՝ ցած եմ իջնում դարձյալ,
Մտնում եմ բույնն իբրև աղավնի ու դուրս գալիս այնտեղից իբրև ագռավ,
Գալիս եմ սակավ-ինչ սպիտակ և գնում եմ բոլորովին սև,
Ասում եմ, որ քոնն եմ ես, և սպանողին եմ նվիրում ինձ,
Հազիվ եմ ելնում քո դեմ-հանդիման և ահա՛ թիկունք եմ դարձնում քեզ:
Մաքրվում եմ, և սակայն դարձյալ մրոտվում,
Լվացվում եմ և աղտոտվում իսկույն,
Դավթի կերպարանքն առած, և Սավուղի գործերն եմ կատարում:
Շուրթերովս շիտակ եմ խոսում և սրտովս ստում,
Աջ ձեռքովս տնտեսում եմ և ձախովս՝ ցրում:
Ցորեն ցանելու հետ սերմանում եմ և՛ որոմ,
Իմաստության բարձունքից ի վայր իջնելով, դառնում եմ ես այն, ինչ էի առաջ,
Հրեշտակ եմ դառնում երեսանց և խորհուրդների մեջ դիվանում,
Ոտքերովս մնում եմ հաստատ և մտքովս տատանվում եմ,
Սուտ ձևեր եմ առնում և իրոք խոտորում եմ,
Արդարություն եմ կեղծում և ամբարշտանում եմ գործերով:
Հեզերի դասն եմ դասվում և դևերի հետ կաքավում եմ,
Գովաբանվում եմ մարդկանցից, և տեսանողիցդ պարսավվում:
Հողածիններից երանվում եմ, և լույսի որդիներից ավաղվում,
Հաճոյանում եմ հետին ռամկին և աչքից ելնում մեծ թագավորիդ:
Դատավորի ատյանը թողած՝ խառնակրոններին եմ աղերսում:
Վեհերից վռնդվելով՝ խաժամուժների մեջ եմ սպրդում:
Արտաքուստ մարմնովս պճնվում եմ, և հոգովս՝ ճայի գույնով եմ ճանաչվում.
Մոտենում եմ դաշն հաստատելու, և ուխտակորույս դուրս եմ վտարվում:
Այսօր մաքուր հոգեկիր՝ և վաղը մոլի խելագար.
Տերունի պատվերը թողած՝ հետևում եմ օձի թելադրանքին.
Արիանում եմ հզորապես, և ընկրկում եմ վատթարաբար.
Վերցնում եմ օրվա ծանրությունը, և վարձքի ժամին մնում անմասն197Մատթ. Ի. 12.
Խոսում եմ հեռվից ճոռոմ, և պատասխանելու պահին պապանձվում եմ.
Արևածագին հարուստ եմ երևում, և արևամուտին դատարկ դեգերում եմ:
Ծերերի աթոռին բազմած՝ խելահեղնեի հետ եմ ընկերակցում.
Ննջում եմ կասկածներով՝ և արհավրալից զարթնում զարհուրած:
Անդաստանները կամքիս հերկում եմ վատթարապես
Չարիքների մեջ փութաջան եմ ես՝ մշտապես անառակ որդիս,
Տարագրյալս անդարձ և մոլորյալս անզղջում,
Տրտումս անմխիթար, ինքնագրավ գերիս
Մահվան և ապականության ծառաս,
Անողոքելի տանջվածս, մատնվածս անփրկելի,
Անպատվաստելի կոտրվածս անարծարծելի
հանգածս, Անկազդուրելի խորտակվածս, անվերականգնելի կործանվածս:
Եվ եթե պետք է ավելի սաստիկ նախատել այստեղ հոգիս անօրեն,
Գրում եմ ահա՛, գրում անխնա գեհենի խռիվներ պատրաստելով ինձնից,
Ես երկնայինի՝ նոր Ադամի նախանձոտ ծնունդը հանդիսացա,
Ինչպես Կայենը առաջնին՝ հնին և հողեղենին:
Ուստի նաև ե՛ս այստեղ հոգուս մեջ կրում եմ նշանը ամբաստանության,
Ոչ թե շնչառությունս, այլ կշտամբանքը իմ այս խոսքերի:

Գ

Եվ արդ, ո՞ւր փնտրեմ փրկությունս ես,
Երբ որ հավատքի սկզբնահայրը հուսահատության վայրում
Իմ անգթության չարիքներն է հիշեցնում ինձ198Ղուկ. ԺԶ. 25.
Մարգարեների մեծը199Մովսեսը խոսքի քարերով է ինձ
կոշկոճում, Արին բարեփառ՝ նիզակի սայրով է սատակեցնում ինձ200Եղիազարի Փենեհես որդին, որ սպանեց պոռնիկներին (Թվոց. ԻԷ).
Ճշմարտի պատկերն է201Հեսուն, որը ոչ միայն անունով, այլև հոգով նմանվում է Հիսուսին: Աքարը Քարմի որդին էր, որին իր ընտանիքով բնաջնջեց Հեսուն, Երիքովի ավարից գողանալու համար (Հեսու Է.) բնաջնջում ինձ Աքարի հետ,
Վեհն աստվածարյալ հարագողների վրեժին է մատնում ինձ202Դավիթը (Բ. Թագ. ԻԱ. 8-9),
Մարգարեածին տեսանողը203Սամուելը, որ տապանակի առջև սպանեց ամաղեկացոց Ագագ թագավորին (Ա. Թագ. ԺԷ. 35) ամաղեկացու հետ Տիրոջ առջև է սպանում ինձ,
Աստուծո նախանձավորը՝ երկնատեղաց բոցով է սպառում204Եղիա մարգարեն (Դ. Թագ. Ա. 10).
Հնի լրումն ու նորի սկիզբը205Հովհաննես Մկրտիչը դատաստանի հեծանոցով է երանում,
Առաքյալների պետը Սափիրայի հետ է կենազրավում206Պետրոսը (Գործք առ. Ե. 5, 10),
Զարմանալին քննող՝ հոգով՝ կյանքի քարոզին մահվան բուրմունք է խառնում ինձ համար207Ակնարկություն՝ «Հոտ ի մահուանէ ի կեանս» խոսքի (Բ. Կորնթ. Բ. 16):
Իսկ զարմանալին՝ Պողոսը, որովհետև անունն այդ է նշանակում:
:
Արդ, անաչառ են իմ նկատմամբ նաև կաճառներն երջանիկների,
Որոնք վերնայնի ուժգին հրամանի սպառազեններն են արիակամ.
Հրեշտակների հետ նաև մարդիկ,
Տիեզերքի հետ երկրի՝ և՛ տարերքը,
Անզգաների հետ և՛ շարժունները,
Որոնցով ես միշտ դատապարտվում եմ լլկիչ տանջանքների,
Իբրև օրինակ և հիշեցուցիչ գալիք սոսկալի չարչարանքների.
Եվ իմ այս կյանքի անդորրը խաղաղ
Ինչպես հողմակոծ փոթորկումներից հավետ մրրկված՝ միշտ կալեկոծվի:
Եվ եթե մեկն իմաստությամբ քննել ուզենա
Եվ հետազոտել մանր ու մեծամեծ և բազմատեսակ, զանազանակերպ
Անթիվ-անհամար լուղակներն ամեն, որոնք
խլրտում են երամներով, Սուրում-սլանում են եռուզեռով մարմնիս ծովի մեջ,- 
Վկայի պիտի և հաստատի, թե Ճշմարիտ է այն ամենը, ինչ որ այստեղ գրեցի:

Դ

Բայց դու, ո՛վ հզոր և օրհնաբանված անմահ թագավոր,
Բարի, երկնավոր, մարդասեր Քրիստոս,
Կենդանի Աստուծո միածին Որդի,
Բարձրյալ անքնին, քավիչ ահավոր և անճառելի,
Սաստի՛ր ձեռքովդ խռովահույզ հոգուս ծփանքները.
Դադարեցրու վրդովված սրտիս մոլեգին հուզման ծավալումները,
Զսպիր ամրապինդ սանձահարումով վայրագությունը իմ ցնդած մտքի:
Թող խաղաղվի մեծիդ հրամանով սասանող բուքը ամենավարան,
Ջնջիր, խափանիր գաղտնի, ուրվային և ամոթալի և բազմագլխյան
Անդամներս ողջ այդ երկրակենցաղ հեներին բոլոր,
Համարիր աղոթք մշտամատույց՝ ողորմաղերս տողերն այս նորընծա,
Որ ողբերգական թախծագին ձայնով կան այս մատյանում:
Հանիր ինձ մահվան խոր անդունդներից,
Որպեսզի փրկված՝ մարգարեի208Հովնանի հետ վերապրեմ և ես գեղեցիկ կյանքով:
Ընդունիր խոսքերն իմ այս անձնադատ խոստովանության, որպես անուշ հոտ,
Շնորհիր սփոփանք դառն վշտերին ուժգին հեծությամբ հուսահատվածիս:
Եվ քեզ՝ քո Հոր և քո Սուրբ Հոգով՝
Փա՜ռք, պատիվ և իշխանություն հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Հույժ երջանիկ է ու փառավորված կարգը
սրբերի,
Որոնցից ոմանք թեպետ երբեմն փոքր-ինչ
գայթեցին,
Բայց հաստատվեցին ավելի հաճախ,
Քիչ սասանվեցին,
Բայց հոգու պայծառ շողերի վառմամբ
Մաքրված՝ դարձյալ լուսավորվեցին.
Մեկն հաստատում է նրանց զանգվածի
Տկարությունը հասարակաստեղծ,
Մյուսը, սակայն, բնության օրենքն իսկ գերազանցող
Վարքն առաքինի, հրեշտակային։
Եվ ահա սրանք, որոնք օրհնված են
Հենց Քրիստոսի հոր ամենակալ
Ու աստվածային բերանից, ընտրյալ,
Տոնելի, խնկյալ ու բարեբանյալ,
Այլ նաև պաշտյալ՝ որպես անդամներ տեր Քրիստոսի,
Հարդարյալ՝ իբրև ապաստարաններ սուրբ Հոգու
համար,—
Չունեն իրենց մեջ խավարի նշմար կամ որևէ հետք,
Այլ ամբողջովին անկեղծություն են,
Արդարություն են վեհ ու լուսաշող
Եվ, որքան Աստծո մարդը կարող է, նման են
Աստծուն։
Պարզերես են ու ճակատները բաց,
Վարքով անբասիր, բարձր ու անխոտոր,
Կյանքով անթերի, ազնիվ ու զգաստ,
Բարեպաշտությամբ ամուր, աներեր,
Ընթացքով արի ու անկասելի,
Հավատամքով միշտ միատարր, անշեղ,
Համարձակությամբ հաղթ ու անկոտրում,
Հայացքով հստակ, անշփոթ, պայծառ,
Առաքինությամբ վերնային, անկոխ,
Պատկերով մաքուր, անբիծ, անաղարտ։
Աստված հենց ինքն իր վարդապետությամբ մեզ
լուսավորեց,
Որ նրանց անվամբ ու հիշատակով՝
Իր հաճությունը, խռովության մեջ, կարող ենք
հայցել։
Բ
Անպիտան եմ ես ամեն ինչի մեջ
Եվ պարսավելի՝ որքան խոսքերը զորեն ասելու,
Ես, որ նիրհում եմ, մինչդեռ արթուն եմ,
Թմրում եմ, երբ որ զգաստ եմ թվում,
Բարեպաշտելիս գայթակղվում եմ
Եվ վրիպում եմ աղոթք անելիս.
Ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ,
Դեռ չարդարացած՝ նորից մեղանչում,
Դեռ չխաղաղված՝ հուզվում եմ դարձյալ,
Արշավ չսկսած՝ իսկույն նահանջում,
Գնալուս պահին ընկրկում եմ ետ,
Լույսն եմ պղտորում խավարի մասով,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարու հինվածքին հյուսում հմ չարիք,
Ոտքի չկանգնած՝ ընկնում եմ կրկին։
Ծաղկում եմ, սակայն պտուղ չեմ տալիս,
Ասում եմ, սակայն չեմ անում ոչինչ,
Խոստանում եմ, բայց չեմ գործադրում,
Պարտավորվում եմ՝ և չեմ կատարում,
Ձեռքս պարզում եմ, բայց քաշում եմ ետ,
Ցուցադրում եմ՝ և չեմ ընծայում,
Մոտեցնում եմ, սակայն չեմ տալիս։
Վիրավորվում եմ՝ նախկին վերքերս դեո
չդարմանած.
Դեո չհաշտեցրած՝ խռովում նորից.
Անիրավորեն դատի եմ դիմում՝
Եվ ինքս եմ դատվում արդար ու իրավ,
Գրվում եմ, սակայն ջնջվում եմ իսկույն,
Նավարկում եմ, բայց շեղվում եմ գծից,
Սկսում եմ՝ և չեմ հասնում վերջին։
Դեռ չամրապնդված՝ խախտվում եմ դարձյալ.
Չլցված՝ նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ՝
քայքայվում.
Դեռ չհավաքված՝ ցրվում եմ կրկին,
Հիմքը գցում եմ, բայց չեմ ավարտում։
Մեկը՝ վաստակում, սպառում եմ բյուր,
Գանձում՝ աննշան, վատնում եմ անթիվ։
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ
անփորձ.
Սովորում եմ միշտ, սակայն ճշմարիտ
Գիտության հասու չեմ դաոնում երբեք։
Մարած չարիքն եմ արծարծում նորից.
Հազիվ մի փոքր սիրտ աոած՝ դարձյալ լքվում եմ
անհույս
Լարվում եմ, սակայն հենց տեղն ու տեղը թուլանում
կրկին։
Այս կարկատում եմ, այն պատառոտում,
Եղինջը քաղում, տնկում եմ տատասկ։
Հազիվ բարձրացած՝ ցած եմ գլորվում,
Մտնում եմ բույնը որպես աղավնի,
Բայց դուրս եմ ելնում այնտեղից ագռավ.
Գալիս եմ ճերմակ, վերադառնում եմ լրիվ սևացած։
Քեզ դավանող եմ համարում ինքս ինձ,
Սակայն նվիրվում եմ սպանողին.
Հազիվ հանդիպած՝ թիկունք եմ դարձնում։
Մաքրվում եմ և մրոտվում դարձյալ,
Լվացվում եմ և իսկույն զազրոտում։
Դավթի կերպարանք առած՝ անում եմ գործը Սավուղի.
Շրթունքներովս ճշմարտում եմ, բայց սրտովս՝ ստում։
Աջով տնտեսում, ցրում եմ ձախով,
Ցորեն ցանելիս, որոմ եմ խառնում։
Իջած բարձրագույն իմաստությունից՝
Դառնում եմ ես այն, ինչ որ ինքս կամ.
Դրսից առնում եմ հրեշտակի տեսք, ներքուստ՝
դիվանում.
Ոտքով հաստատվում, բայց տատանվում եմ շարունակ
մտքով.
Սուտ ձևանում եմ, իրոք խոտորվում.
Կեղծում եմ արդար, սակայն գործում եմ
ամբարշտություն.
Դասվում եմ կարգը հեզամիտների,
Բայց կաքավում եմ միշտ դևերի հետ։
Մարդկանցից գովվում, բայց պարսավվում եմ
տեսնողիդ կողմից.
Հողածիններից «երանի՜», սակայն
Լուսորդիներից լսում եմ «ավա՜ղ».
Հաճոյանում եմ հետին ռամկին,
Ընկնում եմ աչքից մեծ թագավորիդ.
Դատավորի սուրբ ատյանը թողած՝
Աղերս եմ անում խառնիճաղանջին.
Վեհերից մերժված՝ խաժամուժների մեջ եմ սողոսկում։
Պճնազարդվում եմ մարմնով արտաքուստ,
Բայց իրականում ճայի գույն ունեմ.
Մոտենում եմ, որ դաշինք հաստատեմ,
Բայց ուխտակորույս վռնդվում եմ դուրս.
Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես, վաղը՝ խելագար.
Թողած տերունի պատվիրանները՝
Հետևում եմ միշտ օձի սադրանքին։
Արիանում եմ կտրիճի նման,
Բայց վախկոտի պես ետ եմ ընկրկում.
Կրում եմ օրվա ծանրությունները,
Բայց վարձքի ժամին մնում եմ անմաս.
Հեռվից խոսում եմ ճոռում ու մեծ-մեծ,
Սակայն պապանձվում ու կարկամում եմ
պատասխան տալիս.
Արևածագին հարուստ եմ թվում,
Իսկ մայրամուտին դեգերում եմ ու հածում
ձեռնունայն։
Ծերակույտական աթոռին բազմած՝
Ընկերակցում եմ խելահեղներին։
Ննջում եմ ահ ու տարակուսանքով,
Արհավիրքներով զարհուրած՝ զարթնում։
Անդաստանները սրտիս հերկում եմ վատշվերաբար։
Փութաջան եմ միշտ չարիքների մեջ
Անառակ որդիս, տարագիրս անդարձ,
Մոլորս անզղջում, տրտումս անսփոփ, ինքնակամ
գերիս,
Ապականության ու մահվան ծառաս,
Տանջվածս անողոք, մատնվածս անփրկում,
Հատվածս անպատվաստ, շիջածս անարծարծ,
Ջարդվածս անամոք, կործանվածս անբույժ։
Եվ եթե պետք է ասել ավելի խիստ
նախատինքներ,
Կգրեմ այստեղ, կգրեմ անվերջ
Ու չեմ խնայի անօրեն անձիս,
Որ խռիվների կույտ է գեհենում այրվելու համար։
Նախանձ ծնունդ եմ, նախկին հողածին Կայենի
նման,
Ես էլ երկնային մի նոր Ադամի,
Եվ որպես նշան ամբաստանության,
Կրում եմ իմ մեջ, աշխարհում, ոչ թե շնչառությունս,
Այլ նախատինքիս խոսքերը միայն։
Գ
Արդ, ո՞ւր կարող եմ գտնել փրկություն,
Երբ սկզբնահայրն հավատի անվերջ,
Հուսահատության այս անձուկ վայրում,
Իմ անգթության չարիքներն է միշտ հիշել տալիս ինձ.
Մարգարեների մեծն է անխնա
Կոշկոճում սաստիկ խոսքի քարերով,
Արին բարեփառ՝ նիզակ ու տեգով խոցամահ անում.
Բնաջնջում է ճշմարտի պատկերն Աքարի նման,
Վեհն աստվածարյալ՝ հարագողների վրեժին մատնում.
Կանխատեսողն է մարգարեածին՝
Ամաղակեցու նման սպանում արարչի առաջ,
Վատնում է բոցով իր երկնատարափ՝ նախանձորդն
Աստծո.
Հնի լրումն ու սկիզբը նորի
Հեծանոցով իր հանձնում է քամուն,
Առաքյալների պետը անողոք
Կենազրկում է Սափիրայի պես,
Հոգեքննիչի քարոզն իսկ կենաց՝ մահ է ինձ բուրում:
Երբ անաչառ են իմ հանդեպ նաև
Կաճառներն ամբողջ երջանիկների,
Սպառազինված վերնայնի սաստիկ հրամաններով.
Հրեշտակների հետ նաև մարդիկ,
Այս հողագնդի ու տիեզերքի հետ տարերքները ողջ,
Անզգաներն ու շարժուններն համայն,
Որ դատապարտած ինձ անլուր լլկանք ու
տանջանքների,
Ազդարարում ու պատկերում են միշտ աչքերիս առաջ
Նաև ապագան առավել դժխեմ։
Արդ, կորցրած այսպես վստահությունն ու
անդորրը կյանքիս,
Ալեկոծվում եմ սաստիկ հողմածեծ
Փոթորկահույզ ու հավերժ մրրկածուփ մի ծովի նման։
Եվ եթե մեկը քննախույզ լինի ուշիմ հայացքով,
Կտեսնի անթիվ, բյուր ու անհամար,
Փոքր ու մեծամեծ, բազմատեսակ ու զանազանակերպ
Խմբեր լողացող կենդանիների,
Որոնք անհատնում ամեհի վտառ ու երամներով
Եռում, զեռում են, սուրում, սլանում մարմնիս ծովի
մեջ,
Ու կհաստատի ճշմարտությունը գրած խոսքերիս։
Դ
Սակայն դու ինքդ, ո՜վ օրհնաբանված անմահ
թագավոր,
Բարի, երկնավոր, մարդասեր Քրիստոս,
Կենսաձիր Աստծո միածին որդի,
Հզոր, անքնին, անպատում, անճառ, քավիչ, ահավոր,
Սաստի՛ր ամեհի ձմեռնաբուքն այս մրրկահույզ
հոգուս,
Դադարեցրո՛ւ ալեկոծ սրտիս
Ծարավումների տենդը մոլեկան,
Սանձ ու կապերով, երասաններով բռնած ամրապինդ՝
Նվաճի՛ր, զսպի՛ր վայրագությունը ցնդած մտքերիս։
Թող հրամանով մեծիդ խաղաղվի
Ամենավարան բուքն այս խելահեղ.
Ջնջի՛ր, խափանի՛ր ամոթի խորհուրդ ու գաղտնիքների
Ուրվականները բազմակերպարան՝
Հորդաներն անսանձ այդ երկրակենցաղ ավազակների։
Համարի՛ր աղոթք մի մշտամատույց
Թախծանվագ իմ ողբամատյանի
Նորընծա տողերն այս ողորմաղերս.
Հա՛ն անդնդախոր վիհերից մահվան
Եվ չքնաղ կյանքո՛վ օժտիր փրկված այն մարգարեի
պես.
Ընդունի՛ր սիրով խոստովանությունն իմ այս
ինքնադատ
Եվ տո՛ւր սփոփանք դառը վշտերով
Ուժգին հեծեծող հուսահատվածիս։
Եվ քեզ, սուրբ Հոգով, բարձրյալ հորդ հետ,
Իշխանությո՜ւն, փա՜ռք հավիտյանս, ամեն։