ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, դու միայն սկիզբն բարեաց,
Գթութիւն անճառ, Որդի բարձրեալ միոյդ Աստուծոյ,
Որ զողջոյն զաւրն թողութեան ցուցեր փրկարան
Եւ ոչ կորստեան դատապարտարան`
Յեղանակեալ ինձ զաւուրն չար առ մեծ աւետիս ակնկալութեան:
Բժիշկ` ախտացելոյս,
Հովիւ` մոլորեալ ոչխարիս,
Տէր` ապաւինեալ ծառայիս,
Գինի անապակ` մեծ տրտմեցելոյս,
Սպեղանեաց դեղ` վիրաւորեցելոյս,
Ազատութիւն` մեղաւք գրաւելոյս,
Աւրհնութիւն բարեաց` մերժելոյս,
Կնիք շնորհաց` խոտելոյս,
Աւծումն կոչման` կապտելոյս,
Կանգնումն վերստին` կործանեցելոյս,
Պատսպարան հզաւր` գլորեցելոյս,
Աւժանդակ վեհ` գայթակղեցելոյս,
Դուռն բարձրութեան` տարակուսելոյս,
Սանդուղք երանութեան` եղկելոյս,
Ճանապարհ շաւղաց` մոլորելոյս,
Թագաւոր ներող` պարտելոյս,
Քաղցր յուսադրութիւն` լքելոյս,
Ձեռնկալ կենաց` հերքելոյս:
Բ
Մեծդ միայն եւ ամէնառատ,
Որ զլիութիւն բարեաց սահմանեալ`
Հեղուս անչափ յաճախութեամբ,
Քան զոր խնդրեմք եւ իմանամք,
Ըստ Պաւղոսի գոհաբանութեանն:
Քանզի իննուց յիսնից եւ թուոց երից եւ չորեակ տասանց,
Ի վաղորդայնէ տուընջեանն առ մուտս արեւուն,
Անդուստ առ նմին յաւէտ կարկառմամբ
Իսկ եւ իսկ ի սոյն անարգել սրտիւ
Ի վեր է, քան զաղերսանաց ակնկալութիւն մարդկան`
Բարեգործել միմեանց շնորհատրութիւն,
Իսկ առ իմս թշուառութեան եւ անարգութեան զքոյդ եդեալ փառս,
Ամենակարող զաւրութիւն ահեղ, բոլորից Աստուած, աւրհնեալ տէր Քրիստոս,
Որո՞վք սահմանեսցի կշռութեամբ չափու`
Հաստողիդ ընդ հողոյս հաւասարութիւն կցորդեալ:
Քանզի մնաս յայսոսիկ անբաւ եւ անհետազաւտելի,
Ամենեւին բարի, անմասն բարկութեան խաւարի,
Ուստի յոյժ նուազ են քում մեծութեան աստեղացդ թիւ,
Զորս գոյացուցեալ յոչէից` յորջորջմամբ անուանց կնքեցեր,
Եւ կամ հիւթ երկրի, ի յաւդս հեղեալ,
Զոր ի չգոյից հաստեալ` տարածումն յատակի կառուցեր,-
Քան ինձ նախագրեալ համարդ սակաւութեան,
Որով քեզ նմանիլ վարդապետեցեր:
Գ
Ահա ծածկեցաւ եւ ընկղմեցաւ
Ի քոյդ լոյս կամաց երկայնմտութեան հանուրց չարութիւն,
Իբր դոյզն մռայլ` ի տապ արեւու,
Եւ որպէս աստուստ իսկ կիրք բնութեանց զհասարակաց բարուց ցուցանէ:
Քանզի ո՞վ ոք ի մարդկանէ մեղաւ եւ ոչ զղջացաւ,
Ո՞վ ոք զազրացաւ եւ ոչ ամաչեաց,
Ո՞վ ոք գարշեցաւ եւ ոչ պատկառեաց,
Ո՞վ ոք սխալեաց եւ ոչ ապաշաւեաց,
Ո՞վ ոք կործանեցաւ եւ ոչ հեծեծեաց,
Ո՞վ ոք գայթակղեցաւ եւ ոչ ստրջացաւ,
Ո՞վ ոք պարտեցաւ եւ ոչ ինքեամբ ըմբերանեցաւ,
Ո՞վ ոք պատրեցաւ եւ ոչ յոգւոց ելաւ,
Ո՞վ ոք ճաշակեաց լեղի եւ ոչ դառնացաւ:
Ո՞վ ոք անկաւ ի բարձրութենէ եւ ոչ ընդոստեաւ,
Ո՞վ ոք կորոյս մեծութիւն եւ ոչ աշխարեաց,
Ո՞վ ոք զրկեցաւ յերանութենէ եւ ոչ ելաց,
Ո՞վ ոք կապտեցաւ ի շնորհէ փառաց եւ ոչ ողբաց,
Ո՞վ ոք գտաւ ինքեան վնասակար եւ ոչ ստգտաւ,
Ո՞վ ոք մերժեցաւ յերեսացն Աստուծոյ եւ ոչ հառաչեաց,
Ո՞վ ոք լուաւ զԱստուծոյ սպառնալիսն եւ ոչ սոսկացաւ,
Ո՞վ ոք ընդ մի չարեացն հազարս չաւաղեաց,
Ո՞վ ոք մերկացեալ յաւուրս ձմերայնոյ` եւ ոչ զոփացաւ,
Ո՞վ ոք անաւրինեցաւ եւ ոչ քարամբք զմիտսն կոծեաց,
Ո՞վ ոք ետես զստրուկն յիւրում մեծութեան եւ ոչ զկծեցաւ:
Ո՞վ ոք կատարեաց չարիս եւ ոչ զինքն իսկ նզովեաց,
Ո՞վ ոք ախտացաւ եւ ոչ զանձն դսրովեաց,
Ո՞վ ոք յամաւթալեացն գործեաց եւ ոչ զիւր մարմինն ձաղեաց,
Ո՞վ ոք ի պատկառելիսն հպեցաւ եւ ոչ զաւրն իւր անիծեաց,
Ո՞վ ոք զգործեցեալսն յիշեաց եւ ոչ տապացաւ,
Ո՞վ ոք զգաղտնիսն մտաբերեաց եւ ոչ խորովեցաւ,
Ո՞վ ոք զծածուկսն նկատեաց եւ ոչ մահ կորստեան խնդրեաց,
Ո՞վ ոք զաներեւոյթսն կերպաւորեաց եւ ոչ կրկին յերկիր կորացաւ,
Ո՞վ ոք ընդ մեղացն հեշտութեան բոց անշէջ հնոցի ոչ խառնեաց,
Ո՞վ ոք զվնասակարսն բնութեանն` եւ ոչ պապակեցաւ,
Ո՞վ ոք զկամաւ ներգործեալսն` եւ ոչ սատակման ինքեան աղաւթեաց,
Ո՞վ ոք զանճառելիսն` եւ ոչ խռովեցաւ,
Ո՞վ ոք զանկրելիսն էութեանն` եւ ոչ թախծեցաւ,
Ո՞վ ոք զմեծամեծսն` եւ ոչ մաշեցաւ,
Ո՞վ ոք զանբծութեանն ապականարարսն` եւ ոչ տոչորեցաւ:
Ո՞վ ոք զտարագրութեանն պատճառ յանցմունս` եւ ոչ տագնապեցաւ,
Ո՞վ ոք զերեսացն աղտեղի տեսիլ` եւ ոչ բարկութեան վերնոյն զանձն պարտ վարկաւ,
Ո՞վ ոք զմի ի կարեւորացն մեղաց յաչս կերպացոյց եւ ոչ զինուք մահու խոցեցաւ,
Ո՞վ ոք զխայտառականացն` եւ ոչ վայս վհատութեան ընդ հեծութիւնս ձայնին հիւսեաց:
Ո՞վ ոք յարքայական գահոյից տնանկացաւ եւ ոչ կարկամեալ ի վայր գլորեցաւ,
Ո՞վ ոք ընդ պսակին պերճութեան հող ի գլուխ եղեալ` եւ ոչ կրկին չարչարեալ յոգի մահացաւ,
Ո՞վ ոք ընդ պայծառ պատմուճանին քրձազգած եղեալ` եւ ոչ տխրեցաւ,
Ո՞վ ոք զկեանս իւր կորոյս եւ ոչ արեան արտասուս երկնեաց,
Ո՞վ ոք ընդ արկանելեաց լուսոյ խաւար զգեցաւ եւ ոչ նուաղեցաւ,
Ո՞վ ոք ի վերայ սգոյ սիրելւոյ ոչ թառամեցաւ:
Դ
Ահա այս կերպարանք ճշգրտագոյնք պարտաւորիս յանդիմանութեան.
Տխուր դէմք, քաղեալ ճաճանչ, ցամաքեալ խոնաւութիւն, երիթացեալ շուրթն,
Անշքեալ տիպ, տրտմեցեալ ոգի, այլայլեալ ձայն, կրկնեալ պարանոց:
Եւ զի թէ ոք զիսկութիւնն իսկ նշանակեսցէ` ոչ անաւրինէ.
Անամբարտաւան միտ, անհպարտ սիրտ անխնդրող պարգեւի թշուառ,
Անաղերսալի պասքեալ, ինքնակշտամբելի դեգերեալ,
Իրաւամերժ սովեալ, արդարալլուկ քաղցեալ,
Պատշաճադատ հարուածեալ, ինքնավկայ մահապարտեալ,
Արժանապէս հանեալ, անձնանէծ եղկելի:
Եւ զայս թարգմանեալ ցուցանէ արդարագործ փարիսեցին կշտամբեալ
Եւ մեղապարտ մաքսաւորն բարեհամբաւեալ:
Ե
Եւ արդ, եթէ զչարիսն հնարաւորութեան բանսարկուին`
Գտողին զմեզ գայթակղեալս,
Զիւրն ի մեզ սերմանիս առ աւրն համարեսցի,-
Զիա՞րդ ոչ զբարիսն, տնկեալս ի մեզ հոգւոյ արութիւնս
Ի խնամակալութենէ կամաց կեցուցչիդ, աւն եւ աւն գրեսցես,
Տէր բարեգութ, հզաւր եւ յաղթող, քաւիչ մեղուցելոց,
Կարող յամենայնի առ ամենայն փրկութիւն:
Եթէ զանդունդս առ երկինս փոխես
Եւ կամ զխաւար մթութեան ի լոյս հաստատես,
Եթէ զդառնութիւն լեղւոյ ի մանանայի քաղցրութիւն կազմես
Եւ կամ զկոծ սաստկութեան վշտաց
Ի պարտ դասու բերկրութեան հարսանեաց կարգես,
Դիւրինք եւ հնարաւորք են քեզ այսոքիկ,
Եւ եւս քան զսոսին բաւես առ նոսին`
Տիրեալ համայնից ահաւորապէս:
Եւ քեզ փա~ռք յաւիտենից յաւիտեանս:
Ամէն: up
Բան ԻԹ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Դո՛ւ ես բարիքի սկիզբը միայն,
Գթություն անճառ, Որդիդ բարձրյալ միակ Աստուծո,
Որ ամբողջ օրը արիր մեզ համար ներման փրկարան,
Եվ ո՛չ կորստյան դատապարտարան,
Օրվա չարը փոխարկելով ինձ համար հույսի ավետման:
Բժիշկ ախտավորիս, Հովիվ մոլորյալ ոչխարիս, Տեր՝ քեզ ապավինած ծառայիս,
Գինի անապակ՝ մեծապես տրտմածիս,
Դեղ-սպեղանի՝ վիրավորվածիս,
Ազատություն՝ մեղքով գրավվածիս,
Բարի օրհնություն՝ մերժվածիս,
Շնորհաց կնիք՝ արհամարհվածիս,
Կոչումի օծումն՝ կողոպտվածիս,
Կանգնումն կրկին՝ կործանվածիս,
Պատսպարան հզոր՝ գլորվածիս,
Օժանդակդ վեհ՝ սայթաքածիս,
Դուռ բարձրադիր՝ տարակուսածիս,
Սանդուղ երանության՝ եղկելիիս,
Ճանապարհ ուղիղ՝ մոլորվածիս,
Թագավոր ներող՝ պարտվածիս,
Քաղցր հուսադրություն՝ լքվածիս,
Կյանքի ձեռնտու՝ վտարվածիս,
Դո՛ւ միայն ես մեծ և ամենառատ, որ քո լիուլի բարիքների մեջ՝
Ավելի, քան մենք հասկանում ենք և խնդրում,
Սահմանում ես ու միշտ հեղում, ըստ Պողոսի գոհաբանության:
Քանզի դո՛ւ պատվիրեցիր, որ վաղորդյանից մինչև արևամուտ,
Միևնույն օրում՝ ինն անգամ հիսուն և չորս անգամ տասը հեղ բարիք գործենք՝
Միշտ ակնկառույց, սրտով անարգել ներելով միմյանց մեղքերը սիրով,
Մի բան, որ մարդիկ չեն հուսա երբեք, թե կարելի է այդքանը խնդրել:
Իսկ եթե իմ թշվառությունն ու անարգությունը համեմատենք քո փառքի հետ,
Ամենակարող զորություն ահեղ, Աստված բոլորի, օրհնյալ Տեր Քրիստոս,
Ինչպիսի՞ կշռով և կամ ի՞նչ չափով կհավասարվի հողս՝ հաստողիդ,
Զի անհուն ես դու, անբավ և անհետազոտելի,
Բացարձակ բարի և թե բարկության խավարին՝ անմասն:
Ուստի հույժ նվազ են համեմատած քո մեծության հետ
Թիվն այն աստղերի, որոնք ոչնչից ստեղծեցիր դու ու հորջորջեցիր ուրույն անուններով
Կամ մթնոլորտում հեղված նյութն երկրի, որոնք հաստելով անգոյությունից՝
Կերտեցիր երկրի զանգվածն ահագին՝
Շատ քիչ են, քան թե վերևում հիշված այն թիվը, որով Դու քեզ նմանվել վարդապետեցիր:
Բ
Ահա՛ ընկղմվեց, ծածկվեց անհետ քո երկայնամիտ կամքի լույսի մեջ
Բոլորի չարիքն, իբրև դույզն մեգ, որ փարատվում է արևի տապից,
Ինչպես որ այստեղ մեր իսկ բնական զգացումները
Նույնը ցույց կտան մեր հասարակաց բարքերի մասին:
Քանզի մարդկանցից այն ո՛վ մեղանչեց, և չզղջաց.
Ո՛վ ապականվեց՝ և չամաչեց.
Ո՛վ գարշելի դարձավ՝ և չպատկառեց.
Ո՛վ սխալվեց՝ և չապաշավեց.
Ո՛վ կործանվեց՝ և չհեծեծեց.
Ո՛վ գայթակղվեց՝ և չստրջացավ.
Ո՛վ հաղթվեց՝ և իր բերանը չփակեց.
Ո՛վ խաբվեց՝ և հոգոց չհանեց.
Ո՛վ ճաշակեց լեղի՝ և չդառնացավ.
Ո՛վ ընկավ բարձրից՝ ու վեր չցատկեց.
Ո՛վ կորցրեց մեծությունը՝ և չաշխարեց,
Ո՛վ զրկվեց երանությունից՝ և չլացեց.
Ո՛վ կողոպտվեց փառքի շնորհներից՝ ու չողբաց.
Ո՛վ ինքն իր դեմ դարձավ վնասակար՝ և իրեն չմեղադրեց.
Ո՛վ մերժվեց Աստուծո երեսից՝ և չհառաչեց.
Ո՛վ լսեց Աստուծո սպառնալիքներն՝ ու չսոսկաց.
Ո՛վ մի մեղքի դեմ հազար չավաղեց.
Ո՛վ մերկացավ ձմռանը՝ և չսարսռաց.
Ո՛վ գործեց անօրենություն՝ և իր խիղճը չքարկոծեց.
Ո՛վ տեսավ ստրուկին իր մեծության մեջ՝ և չցավեց,
Ո՛վ չարիք գործեց՝ և ինքն իրեն չնզովեց.
Ո՛վ բռնվեց ախտով՝ և իր անձը չպարսավեց.
Ո՛վ ամոթալի գործեր կատարեց՝ և իր մարմինը չձաղկեց.
Ո՛վ ձեռք զարկեց անպատկառ գործի՝ և իր օրը չանիծեց.
Ո՛վ հիշեց գործածները՝ ու չտապացավ. Ո՛վ մտաբերեց գաղտնիները՝ և չխորովվեց.
Ո՛վ նկատեց ծածուկները՝ և կորստյան մահ չխնդրեց.
Ո՛վ աներևույթները պատկերացրեց՝ և գլուխը չկախեց.
Ո՛վ հեշտավետ մեղանչումների հետ հնոցի անշեջ բոցը չխառնեց.
Ո՛վ պագշոտացավ՝ ու չպապակեց.
Ո՛վ իր կամովին գործած չարիքներն հիշեց՝ և իր սատակման համար չաղոթեց.
Ո՛վ չպատմվելիքները՝ և չխռովվեց.
Ո՛վ մարդկային էության համար անտանելիները՝ և չթախծեց.
Ո՛վ մեծամեծներն՝ ու չմաշվեց.
Ո՛վ անբծությունն ապականողները՝ և չտոչորվեց.
Ո՛վ տարագրության պատճառ եղող հանցանքները՝ և չտագնապեց.
Ո՛վ իր երեսի աղտեղի տեսքը՝ և անձը վերնայնի բարկության արժանի չհամարեց.
Ո՛վ աչքի առջև բերեց գլխավոր մեղքերից մեկը՝ և մահացու զենքով չխոցվեց.
Ո՛վ խայտառակություններն հիշեց՝ և վհատության ողբաձայն վայեր չհյուսեց.
Ո՛վ արքայական իր գահից զրկվեց՝ և կարկամելով՝ վայր չգլորվեց.
Ո՛վ պսակի տեղ հող դրեց գլխին՝ և հոգով չարաչար չմահացավ.
Ո՛վ պայծառ պատմուճանի տեղ քուրձ հագավ՝ և չտխրեց.
Ո՛վ իր կյանքը կորցրեց՝ և չերկնեց արյուն-ար- տասուք.
Ո՛վ լուսեղեն վերարկուի փոխարեն խավար հագավ՝ և չնվաղեց.
Ո՛վ իր սիրելու սուգի վրա չթառամեց:
Սրանք են ահա ճշգրտագույն կերպարանքը հանդիմանության արժանի մեղապարտիս՝
Տխուր դեմք, շիջած ճառագայթ, ցամաքած խոնավություն, նիհարած շրթունք,
Անշքացած տիպ, տխրամած հոգի, այլայլված ձայն, ծռված պարանոց:
Եթե մեկը իսկական ճշմարտությունը ցույց տա,
Չի ստի, ասելով՝ Ամբարտավան միտք և անհպարտ սիրտ,
Ու չլինի՝ պարգև խնդրելու անկարող թշվառ և աղերսելու ծարավյալ,
Ինքնակշտամբ դեգերող, իրավամերժ սովյալ,
Արդարալլուկ քաղցած, պատշաճադատ հարվածյալ,
Ինքնավկա մահապարտ, արժանապես արտաքսված և անձնանեծ եղկելի:
Սրանց օրինակ են ծառայում արդարագործ փարիսեցին, որ կշտամբվեց,
Եվ մեղապարտ մաքսավորը, որ հռչակվեց:
Գ
Եվ արդ, եթե այն չարիքներն ամեն,
Որոնք հնարում ու սերմանում է մեր սրտերի մեջ մոլորյալներիս գտնող բանսարկուն,
Իրենց տեղն ունեն օրվա հաշվի մեջ,–
Ինչո՞ւ չպիտի համրես դու նաև այն բարիքները,
Որոնք խնամակալ ապրեցնող քո կամքն է տնկել
մեր մեջ, Արիացնելու համար մեր հոգին, ո՜վ բարեգութ
Տեր, հզոր ու հաղթող, Քավիչ մեղավորների, ամենակարող փրկիչ բոլորի,
Եթե ուզենաս՝ անդունդները դու երկնքի կփոխես,
Եվ կամ խավարը մթին՝ կփոխարկես լույսի,
Դառնահամ լեղին՝ քաղցր մանանայի.
Եվ կամ սաստկավիշտ ողբ ու կոծերից հարսանյաց ուրախ պար ու նվագներ կարող ես կազմել:
Սրանք բոլորն էլ դյուրին են քեզ մոտ և հնարավոր,
Եվ դեռ ավելի՛ն կարող ես անել,
Զի տիրում ես դու համայն բոլորին ահավորապես.
Փա՜ռք քեզ հավիտյանս հավիտենից. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Դու բարիքների սկիզբն ես միակ,
անճա՜ռ գթություն,
Որդիդ միածին բարձրյալ Աստծո,
Որ ամբողջ օրը արիր մեզ համար
ներման փրկարան,
Ոչ թե կորստյան դատապարտարան,
Փոխարինելով չարն օրվա՝ կենաց
Մեծ ավետիսի ակնկալության:
Բժիշկ հիվանդիս, մոլոր ոչխարիս՝
հովիվ հոգածու,
Ապավինածիս՝ բարեխնամ տեր,
Վշտամորմոքիս՝ անապակ գինի,
Վիրավորվածիս՝ սպեղանի-դեդ,
Փրկագործություն՝ մեղքով գերվածիս,
Մերժվածիս համար բարի օրհնություն,
Շնորհի կնիք՝ արհամարհվածիս,
Կողոպտվածիս՝ կոչումի օծում,
Ընկածիս՝ նեցուկ, գայթածիս՝ սատար,
Գահավիժածիս՝ հզոր ապավեն,
Տարակուսածիս՝ վերելքի սանդուղք,
Եղկելուս առաջ՝ երանության դուռ,
Մոլորվածիս դեմ՝ անշեղ ճանապարհ,
Պարտվածիս համար՝ ներող թագավոր,
Լքվածիս՝ քաղցր հուսադրություն,
Կյանքի ձեռնկալ՝ տարագրվածիս։
Ո՜վ մեծդ միակ և ամենառատ,
Որ բարիքների լիությունը քո
Սահմանում ես ու զեղում ավելի մեծ շռայլությամբ,
Քան կար՛ող ենք մենք խնդրել, իմանալ,
Ըստ սուրբ Պողոսի օրհնաբանության:
Դու պատվիրեցիր, որ վաղորդայնից
Մինչև արևմուտ, օրնիբուն անդուլ,
իրար ձեռք մեկնած.
Ինն անգամ հիսուն, չորս անգամ տասն հեղ՝
Անարգել սրտով ու սիրահոժար
Ներելով՝ միմյանց բարիքներ գործենք,
Որ վեր է ամեն ակնկալիքից:
Հապա եթե իմ թշվառության ու
անարգության հետ
Համեմտելու լինենք փառքը քո,
Ամենակարող զորությո՜ւն ահեղ,
Աստվա՜ծ բոլորի, օրհնյալ տե՜ր Քրիստոս,
Ի՞նչ կշռաչափով պիտի կարենա հողս կշռորդվել,
Համազուգակցել ստեղծողիդ հետ.
Զի անհուն ես դու անբավ, անքնին,
Համակ բարություն, ցասման խավարին
անմասն ու օտար,
Մինչևիսկ թիվն այն աստղերի, որոնց
Անէությունից տվիր գոյություն՝
Տարբերակելով իրենց հորջորջմամբ,
Կամ մթնոլորտում հեղված հյութն երկրի,
Որն ստեղծելով անգոյությունից՝
Կերտեցիր զանգվածն այս լայնատարած,
Քո մեծության մոտ անչափ ավելի փոքր կլինեն,
Քան վերոհիշյալ թիվն այն սակավ՝
իմ համեմատությամբ,
Որով եղկելուս դու քեզ նմանվել վարդապետեցիր:
Բ
Ահա ընկղմվեց ու ծածկվեց անհետ
Արարածներիդ չարությունն համայն
Քո երկայնամիտ կամքի լույսի մեջ,
Ինչպես չնչին մեգն արևի տապում.
Այդ են վկայում նաև հենց այստեղ
Մեր իսկ էության հատուկ բարքերն ու
կրքերն ամենքի։
Քանզի մարդկանցից այն ո՜վ մեղանչեց՝
ու չապրեց զղջում.
Ո՛վ ապականվեց՝ ու չպատկառեց,
Գարշելի դարձավ՝ ու ամոթ չզգաց,
Սխալմունք գործեց՝ ու չապաշավեց,
Այդ ո՜վ կործանվեց՝ ու չհեծեծաց,
Ո՜վ գայթակղվեց՝ ու չվշտացավ,
Պարտություն կրեց՝ ու չպապանձվեց,
Չարաչար խաբվեց՝ չցավեց սաստիկ,
Ճաշակեց լեղի՝ ու չդառնացավ,
Բարձունքից ընկավ՝ ու չահաբեկվեց,
Կորցրած մեծության համար չսգաց,
Երանությունից զրկվեց՝ չլացեց,
Կողոպտվեց իսպառ փառքի շնորհից՝ ու չհեկեկաց,
Ո՜վ ինքնավնաս գործեր կատարեց՝ չանարգեց իրեն.
Մերժվեց բարձրյալից՝ ու չհառաչեց,
Սպառնալիքից Աստծո՝ չսոսկաց.
Մի հանցանքի տեղ՝ հազար չավաղեց,
Այդ ո՜վ մերկացավ ձմռան օրերին՝ ու չդոդդողաց,
Անօրինացավ՝ ու չկոշկոճեց խիղճը քարերով,
Իր մեծության մեջ տեսավ ստրուկին՝ ու չկսկծաց,
Չարիքներ գործեց՝ չեղավ ինքնանեծ,
Լափվեց ախտերով՝ չանգոսնեց անձն իր,
Ո՜վ ամոթալի գործեր կատարեց՝ չձաղկեց իրեն,
Լրբության տրվեց՝ ու չնզովեց օրն իր ծննդյան,
Ո՜վ մտաբերեց իր արարքները՝ ու չխարշատվեց,
Ծածկություններն իր տեսավ՝ չխնդրեց
մահ ու կործանում,
Գաղտնիքներն հիշեց՝ ու չխորովվեց,
Աներևույթներն երևակայեց՝
Եվ ամոթահար չհակվեց գետնին:
Այդ ո՜վ չխառնեց հեշտասիրական
իր մեղքերի հետ՝
Անշիջանելի բոցը հնոցի.
Ո՜վ պագշոտացավ՝ ու չպապակեց,
Կամովին գործած չարիքներն հիշեց՝
Ու չաղոթեց իր կորստյան համար,
Անպատմելիներն՝ ու չխռովվեց,
Անտանելիներն՝ ու չվշտացավ,
Մեծամեծերն՝ ու չհալվեց իսպառ,
Ապականիչներն իր անբծության՝ ու չտոչորվեց.
Հիշեց հանցանքներն, որ եղան պատճառ
Իր տարագրման՝ ու չտագնապեց.
Տեսավ իր դեմքի տեսքը աղտեղի՝
Ու չհամարեց իրեն արժանի վերնայնի ցասման.
Ո՜վ պատկերացրեց իր աչքերի դեմ
Մեկն իսկ մեղքերից կարևորագույն՝
Ու չխոցոտվեց մահվան զենքերով,
Խայտառակներից՝ չհյուսեց վայեր
Ու հեծեծանքներ հուսահատական.
Ո՜վ արքայական իր գահից ղրկվեց՝
Ու չգալարվեց ջղաձգորեն.
Պերճ պսակի տեղ հող կրեց գլխին՝
Ու չմահացավ հոգով ՛կրկնապես.
Ո՜վ պայծառափայլ պատմուճանի տեղ
Քուրջեր հագավ միշտ՝ ու չմորմոքաց.
Ո՜վ կյանքն իր կորցրեց՝ ու չերկնեց անվերջ
արյուն-արտասուք.
Այդ ո՜վ լուսեղեն զգեստների տեղ
Ծածկվեց խավարով՝ ու չնվաղեց.
Ո՜վ չթաոամեց սիրելու սգից:
Ահա ճշգրիտ պատկերն իրական
Հանդիմանարժան վնասապարտիս.
Տխուր կերպարանք, շիջած ճառագայթ,
Իսպառ ցամաքած հյութալիություն,
Չորացած շրթունք, անշքացած տիպ, վշտագնած հոգի
Այլափոխված ձայն, ծռված պարանոց:
Բնավ սխալված չէր լինի, եթե մեկն ասեր նաև՝
Անբարձրախոհ միտք ու անհպարտ սիրտ,
Պարգև խնդրելուն անիրավասու երկչոտ տառապյալ,
Աղերսանքների իրավունքից զուրկ ծարավատոչոր.
Ինքնանարգելի հապաղկոտ, պղերգ,
Արդարալլուկ մերժված սովահար,
Ինքնանահատակ մահապարտ մի հեգ
Արժանապատիժ մի վտարանդի,
Անձնանեծ թշվառ:
Սրան օրինակ կարող են լինել
Այն փարիսեցին, որն արդարագործ
Համարեց իրեն, սակայն կշտամբվեց,
Եվ մաքսավորն այն, որ ճանաչելով
Իրեն մեղապարտ՝ բարեհռչակվեց:
Գ
Արդ, եթե բոլոր այն չարիքները,
Որոնք հնարում և սերմանում է մեր մեջ շարունակ
Մոլորյալներիս գանող բանսարկուն,
Մտցնում է իր օրվա հաշվի մեջ,
Հապա ինչո՞ւ դու նաև մեկ առ մեկ
Նկատի չառնես բարիքները այն,
Որ խնամակալ կեցուցչիդ կամքն է տնկում
միշտ մեր մեջ՝
Արիացնելու համար մեր հոգին,
Ո՜վ բարեգութ տեր, հղոր ու հաղթող,
Մեղքերի քավիչ, ձեռներեց, հասու
Ամենայն ինչի, ամեն փրկության,
Դու, որ կարող ես չափազանց դյուրավ
Անդունդները խոր՝ երկնքի փոխել,
Խավարն անթափանց վերածել լույսի,
Լեղուց պատրաստել քաղցր մանանա,
Վշտահարների ողբը սաստկակոծ
Փոխարկել զվարթ հարսնահանդեսի
Եվ սրանցից էլ ավելին անել,
Տիրո՜ղդ ամենքին ահավորապես,
Փառավորյա՜լդ հավիտյանս, ամեն: