ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ի յիշատակ ահարկութեան վերագրեցելոցդ,
Որք յաստուածուստ են սպառնալիք` ինձ ժամանեցեալք,
Զիա՞րդ դադարեցայց ի նորոգ ողբերգութեանց,
Եւ կամ ո՞րպէս զցամաքումն առցէ հեղեղք արտասուացս:
Զի թէ զչորեքվտակեան առաջս գետոցդ յորդահոսան ծաւալմանցդ,
Որ զեդեմ եւ զերկիր առ հասարակ ոռոգանեն`
Լիապէս բաւականութեամբ բաշխեալ ամենայնի,
Եւ զբղխումն ելից իւրեանց առ աչս իմ եդեալ,
Զանձինս մեղաց սաստկութեանս բոց
Զովացուցանել ոչ բաւականասցին:
Եւ կամ մարգարէին սրբոյ ըղձականութիւն`
Կրկին ինձ լցցի գլուխս ջուրց բազմութիւն,
Եւ ճրագարան տեսութեանց կերպիս` աղբերց կայլակմունք,
Զբեկման ոգւոցս չափել զվտանգ ոչ ձեռնարկեսցեն,
Եւ ոչ եղերականք ջայլիծ համաւրէն բանահիւսից կանանց լալականաց`
Ի սիրտ եւ յոգի վիրաւորելոց,
Զաղէտ վտանգիս ի յերգ արկանել
Եւ կամ ի նուագս ձայնից բերել:
Բ
Իմ է աւրն լինելութեան նզովեալ
Եւ ոչ Յոբայ կամ Երեմիայ,
Քանզի տաւնելի է աւրն նոցա,-
Զորոց մի ի նոցանէ ոչ արժէ աշխարհս,-
Եւ ոչ տարագրելի,
Ապա ուրեմն զիս նկատեալ եղեալ` զոչ արժանիս լուսոյ
Եւ կամ միոյ մասնաւոր բարւոյ, զհանդիպումն աւուրն անիծին,
Յորում ես գտայ կորստեան որդիս եւ մահու դրացիս,
Մշակս մեղաց եւ արբանեակս անաւրէնութեանց:
Որ ոչ կացի յուխտին կենաց,
Զոր դու սահմանեցեր, Աստուած բարերար,
Ոչ գնացի ի քո պատուիրանն կենդանական, անմահացուցիչ:
Ոչ վաստակեցի ի հունձս արմտեացն,
Որով ի մուտս ձեանն աւուրցն խռովութեան կերակրել պատրաստեցայց:
Ոչ կառուցի ամրութիւն որմոց
Եւ ոչ ձեղուն յարկաց ձգեցի,
Որով ի շնչմանէ մրրկաց աւդոց պահեցայց:
Ոչ համբարեցի նշխարս պաշարաց ի յուղին անեզրական,
Որով զտագնապ սովոյն իմ բժշկեցից:
Ոչ հանդերձաւորեցի քեզ աղերս աղաւթից,
Որով առաջի քո կալ համարձակեցայց:
Ոչ կազմեցի թոշակ փրկութեան վարուց մաքրութեան,
Որ զնորոգութիւն ինձ երաշխաւորէ:
Գ
Ոչ ետու զընտրութեան հաշիւն ի կենցաղոյս ճանապարհի իմոյ մատնչին,
Զի ի դատաւորին ձեռանէ աստէն ի փրծայց:
Ոչ լրութեամբ ձեռին աւրհնութեան մատեայ յանդիման,
Որով աւրէնսդրին մասնակից գտայց` սրբեցեալ:
Ոչ դիմաց ետու զգուշութիւն
Եւ ոչ թիկանց` պատսպարութիւն,
Ոչ աջոյս իմ` զինուորութիւն
Եւ ոչ ահեկիս` պարածածկութիւն,
Որով ի պատերազմիս վտանգէ զերծայց:
Զերիվարս ոչ զգեցուցի զրահիւք
Եւ ոչ զմարտիկս` սպառազինութեամբ,
Որով զճակատն յարդարեցից:
Զկանուխն ոչ կապտեցի պտուղ
Եւ անագանին ոչ ժամանեցի,
Եւ ահա տարակուսիմ` ունայն ի բարեաց:
Մաքրութեան ծաղիկ ոչ ունիմ
Եւ ոչ իւղ ողորմութեան,
Եւ գիշերոյն մռայլ` աննշոյլ.
Ի նիրհումն մահու ննջեալ եմ,
Եւ տագնապ կոչողին փողոյ ստիպէ:
Զզարդ հարսանեացն կրկին մերկացայ
Եւ զձէթ վարուցն վերստին լքի,
Եւ դուռն մտին հարսանեացն աւասիկ փակի:
Դ
Եւ արդ, զիա՞րդ առից մխիթարութիւն այսքանեաց վշտաց,
Եւ կամ ընդ ո՞րքանեաց տարակուսանաց խաւարի
Լուսաւորութիւն յուսոյ կենաց խառնեցից,
Եւ կամ ո՞ւր արդեւք զգարշապարս ոտին կառուցից,
Եւ կամ յո՞ր վստահութիւն զաչս իմ յառեցից,
Եւ զի՞նչ անդորրութիւն ծփանացս նկատեցից,
Եւ կամ յո՞ր ըղձական դիւրութիւն ձեռն համբարձից:
Զի եթէ ի ձեղուն բարձրութեան երկնի`
Անտի անձրեւեաց հուրն Սոդոմայ, որպէս ասացեալ է,
Իսկ եթէ յատակ երկրի խորութեան`
Սա եբաց զկոկորդն ըմբռնողական
Եւ եկուլ զԴադան բանակաւքն Աբիրոնի:
Եթէ յանդգնեցայց փախչել յունողէն,
Գուցէ կալցի զիս վիշապն ահագին,
Եթէ ընդ գազանս ինչ թափառեցայց`
Արագունք են խնդրել զվրէժ ստացողին
Առաւել առ իս, քան երբեմն զԵղիսէին`
Առ մատաղ մանկունս բեթելացիս քրմորդիս:
Եթէ յամենատարած աւդոյս պարզութիւն`
Այն եղեւ եգիպտացւոցն խաւար շաւշափելի,
Եթէ ի թռչունս բարձանց`
Նոքա են կոչեցեալք ի սպանդն զոհին բոսորայ դիականցն:
Ե
Եթէ ի տկարսն խիզախեցից, վատնիմ ի պիծակացն,
Եւ զի՞ պիտոյ են ինձ առիւծունք:
Եթէ յարջոցն պատառողաց ապրեցայց,
Մժիղքն` արեան ծարաւիքն, ինձ պատահեսցեն:
Եթէ յանհոգս ուրեք նստիցիմ,
Մժուկքն անարգագոյնք, իբր ցնցուղս հրոյ եռացման, զինեւ մաղեսցին:
Եթէ յեղջերէ միեղջերւոյ փախնուցում զերծեալ,
Նկուն ճիրանք աղկաղկաց մնոցն մորմոքողաց զիս կեղեքեսցեն:
Եթէ ի սենեակս շտեմարանաց խորշից ղաւղեալ ամփոփիցիմ,
Տաղտկատեսակ գարշութիւն գորտոցն զիս զազրացուսցեն:
Եթէ ի վայրս ինչ անդաստանաց կացեալ զետեղեցայց,
Շարք շանաճանճոցն տարմից զինեւ պատեսցեն:
Թողում ասել զխառնիճն եւ զջորեակն` զզաւրն զաւրաւոր,
Ընդ թունաւորն թրթուր եւ ընդ անկենդանական երեւիլն,
Հանդերձ ջրակարծ կարկտիւն եւ ապականագործ եղեմամբն,
Որ առ աչաց տեսիլ ապազէնք եւ նուաստագոյնք,
Բայց ի յակնարկելն Աստուծոյ յաւէտ գոռոզաբար ուժգնութեամբ
Հարին, հանին, վանեցին զհպարտն ամբարհաւաճութիւն
Փարաւոնի բռնութեանն բուռն գաւազանին` յաղթող վիճակաւ,
Որ են կերպարանք թաքուցելոցն կրից լլկողաց
Անձնականացն աներեւութից եգիպտացւոցն անաւրէնութեանց`
Յոգի տանջողաց, գաղտնի վնասողաց:
Զ
Այլ դու, ամենազաւր, Արարիչ բնաւից, տէրդ բոլորից,
Ի յատելիսն հանդիսացիր հերքել զնոսա
Եւ ինձ ողորմեա կրկին գթութեամբ` ձեռն մատուցեալ փրկութեան
Տարակուսեցեալ, կոշկոճեալ, վարանեալ ի մահ պարտելոյս:
Զի դու միայն ճանաչիս Աստուած` փառաւորեալ միշտ
Ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Բան ԿԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, հիշելով ահարկությունը վերոգրյալների,
Որոնք Աստուծո կողմից ինձ հասած սպառնալիքներ են ահագնապես
Ինչպե՞ս դադարեմ նոր ողբերգության տողեր հյուսելուց,
Եվ կամ ինչպե՞ս ցամաքեն հեղեղներն արցունքիս:
Զի եթե քառավտակ գետերի ճյուղավորումները բոլոր,
Որոնք հորդահոս ծավալվելով ոռոգում են ողջ եդեմն ու երկիր.
Լիառատ, լրիվ բավականությամբ ջուր տալով նրանց.
Իրենց ուղխերով ու ակունքներով աչքերս լցվեն,
Չեն կարող երբեք զովացնել սաստիկ բոցն իմ մեղքերի:
Կամ եթե նույնիսկ, ըստ մարգարեի ըղձականության185Երեմ. Թ. 1,
Գլուխս լցվի ջրերի առատությամբ,
Եվ տեսողությանս ճրագարանները աղբյուրներ կայլակեն՝
Չեն կարող չափել վշտերն անպատում կոտրված հոգուս.
Եվ ոչ էլ սրտով կարեվեր խոցված, եղերապատում բանահյուսությամբ
Լալկան կիների ջայլերը բոլոր՝ կարող են ցավերս
Ու աղետներս երգի վերածել և կամ նվագել ձայնով ողբական:

Բ

Ի՛մ աշխարհ գալու օրն է նզովված և ոչ թե Հոբի կամ Երեմիայի186Հոբ Գ. 3.
Զի տոնելի է նրանց ծննդյան օրը բարեբախտ և ո՛չ մերժելի,
Եվ աշխարհն ամբողջ չարժե նրանցից թեկուզ և մեկին:
Ապա ուրեմն ինձ է վերաբերում նրանց անիծած օրը,
Երբ ես՝ անարժանս լույսի և ամեն տեսակ բարիքի՝ աշխարհ եմ եկել,
Դառնալով այստեղ կորստյան որդի և մահվան դրկից,
Մշակ մեղքերի և արբանյակ անօրենությանց:
Եղո՜ւկ ինձ, զի ես չմնացի հաստատ կյանքի այն ուխտին,
Որ, ո՜վ բարերար, դո՛ւ սահմանեցիր:
Չհետևեցի քո կենդանարար և անմահացնող պատվիրաններին,
Չաշխատեցի ես արմտիք հնձել,
Որ խռովալից ձմռան օրերին ուտեստ ունենամ.
Ո՛չ ամուր պատեր կառուցեցի ես և ոչ էլ ձեղուն կապեցի հարկիս,
Որպեսզի մրրկաշունչ քամիներից պաշտպանվեմ.
Երկար ճանապարհի համար նշխար մի պաշար ես չամբարեցի,
Որ դարմանեի տագնապը սովի.
Աղերսագին աղոթքներ չպատրաստեցի քեզ համար,
Որոնցով քո առաջ ելնել համարձակվեի.
Չհավաքեցի փրկության պաշար մաքրակյաց վարքով,
Որ նորոգությունս երաշխավորեր187Մատթ. ԻԵ. 8.
Աշխարհում հաշիվս ճիշտ չբռնեցի իմ մատնիչի հետ,
Որ դատավորի ձեռքից այժմվանից իսկ պրծնեի.
Օրհնալիր ձեռքով չներկայացա,
Որով սրբվելով մասնակից լինեի օրենսդրին.
Ո՛չ դեմքս պահպանեցի, ո՛չ էլ թիկունքս պատսպարեցի,
Ո՛չ աջ ձեռքս զենք առա և ո՛չ էլ ձախս՝ վահան,
Որ պատերազմում մնայի անվտանգ,
Զրահ չհագցրի երիվարիս, ոչ էլ մարտիկներիս սպառազինեցի,
Որ կարենայի ճակատ հարդարել.
Վաղահաս պտուղը չքաղեցի, և ուշհասուկին չժամանեցի
Եվ ահավասիկ շվարել եմ ես բարիքներից զուրկ:
Չունեմ մաքրության ծաղիկ և ոչ էլ յուղ ողորմության,
Եվ գիշեր է մութ, մռայլ ու անշող.
Մահվան նիրհով եմ քնել ես,
Եվ կոչողի փողի տագնապն ստիպում է ինձ188Մատթ. ԻԵ. 5-6.
Զարդը հարսանյաց մերկացրի կրկին և ձեթը վարքի լքեցի դարձյալ189Մատթ. ԻԲ. 11, ԻԵ. 3, 10
Եվ հարսանիքի դուռն ահավասիկ փակվում է:

Գ

Եվ արդ, այսքա՜ն վշտերի մեջ ես ինչպե՞ս մխիթարվեմ,
Կամ խավարամած տարակույսներիս կենսավետ հույսին որքա՞ն լույս խառնեմ.
Եվ կամ ո՞ւր արդյոք ոտքս հաստատեմ,
Ո՞ր վստահության աչքերս հառեմ,
Եվ կամ ո՞ւր տեսնեմ անդորրությունը իմ ծփանքների,
Կամ ո՞ր ըղձալի հանգստությանը ձեռք կարկառեմ:
Եթե երկնքի բարձր ձեղունին պարզեմ ձեռքս ես,
Այնտեղից տեղաց հուրը Սոդոմի, ինչպես ասված է:
Իսկ եթե երկրի խորունկ հատակին՝
Նա՛ բացեց երախն իր հափշտակիչ ու կուլ տվեց Դաթանին՝
Աբիրոնի բանակներով190Թվոց. ԺԶ 32:
Եթե հանդգնեմ փախչել բռնողից՝
Գուցե բռնի ինձ վիշապն ահագին:
Գազանների հետ եթե թափառեմ՝
Նրանք առավե՜լ շտապեն պիտի Արարչի վրեժն
ինձնից առնելու, Քան մի ժամանակ Եղիսեինը՝
Բեթելացի մատաղատի քրմորդիներից191Դ. Թագ. Բ. 22-23:
Եթե աչքս ամենատարած օդի պարզությանն հառեմ՝
Եգիպտացոց համար շոշափելի խավար դարձավ այն192Ելք Ժ. 21.
Թե թռչուններին՝ բարձունքում ճախրող՝
Մորթված զոհերի արյունաբոսոր դիերն ուտելու են կոչված նրանք:
Տկարների դեմ եթե խիզախեմ՝
Կսպառվեմ պիծակներից, և ինձ ի՞նչ պետք են առյուծներ այլևս:
Պատառոտող արջերից եթե ճողոպրեմ՝
Արյունածարավ մժեղները ինձ պատահեն պիտի:
Եթե ինչ-որ տեղ ես անհոգ նստեմ՝
Ամենաչնչին մժղուկները վառվող կրակի մոծիրների պես շուրջս կմաղվեն:
Միեղջուրանու եղջյուրից եթե փախչեմ ու պրծնեմ՝
Մորմոքեցուցիչ մանր մուների ճիրանները ինձ պիտի կեղեքեն:
Շտեմարանի մի խորշը եթե թաքնվեմ, կուչ գամ՝
Մեղքի նմանակ գարշ ու տաղտկալի գորտերը պիտի ինձ զզվեցնեն
Անդաստաններում եթե ինչ-որ տեղ գտնեմ ինձ համար ու տեղավորվեմ՝
Շնաճանճերի տարմերը պիտի իմ շուրջը պատեն:
Մի կողմ եմ թողնում մորեխն ու մարախ - զորքեր զորավոր,
Ժանգը անկենդան, ուտիճը անտես, թրթուր թունավոր,
Ջուր թվացող կարկուտով ու ոչնչացնող եղյամով հանդերձ,
Որոնք մեր աչքին թվում են թեև անզեն ու անզոր, չնչին, չքոտի,
Բայց և Աստուծո մի ակնարկությամբ նրանք խիստ գոռոզ և ուժգնաբար
Զարկեցին, դուրս հանեցին ու հալածեցին հաղթականորեն
Իր գավազանով հպարտ և ամբարտավան բռնավոր փարավոնին:
Սրանք են ահա մահացու խոցող, գաղտնի վնասող, լլկող ու թաքուն
Տեսակները այն հոգևոր անտես չարարանքների,
Որոնք որպես պատիժ ուղարկվեցին եգիպտացոց՝ նրանց անօրեն գործերի համար:

Դ

Բայց դու, ամենազո՛ր, Արարիչ և Տեր բոլորի,
Հաղթող հանդիսացիր թշնամիներիս՝ հալածելով նրանց.
Եվ ինձ ողորմի՜ր կրկին գթությամբ՝ փրկարար ձեռքդ մոտեցնելով ինձ,
Որ վարանած եմ և տարակուսած, խոշտանգված և մահապարտ.
Զի դու ես միայն ճանաչվում Աստված՝
Միշտ փառավորված Հոր և Սուրբ Հոգու հետ
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, երբ մտքիս մեջ հնչում է անդուլ
Ահագնությունն այն վերն հիշվածների,
Որ աստվածային սպառնալիք են, հասած եղկելուս.
Ինչպե՞ս դադարի ողբերգությունն իմ,
Կամ ինչպե՞ս, ինչպե՜ս ցամաքի հեղեղն արտասուքներիս։
Զի եթե նույնիսկ քառավտակյան
Գետերն այն, որոնք ծավալումներով հորդ ու բազմահոս
Ոռոգում են ողջ երկիրն ու եդեմ՝
Լիառատորեն բաշխված բոլորին,
Ակունքներով ու հոսանքով իրենց աչքերս լցվեն,
Դարձյալ չեն կարող մարել բոցն ահեղ անթիվ մեղքերիս։
Թե մարգարեի ըղձանքի նույնիսկ
բազմապատկությամբ՝
Գլուխն իմ անվերջ լցվի ջրերով,
Իսկ տեսողության ճրագարաններս աղբյուրներ հորդեն,
Չեն բավի, մեկ է, կործանված հոգուս
Վիշտն ու ցավերը ողբալու համար։
Ոչ էլ բանահյուս ու լալկան կանանց
Բազմությունները համորեն՝ անվերջ ողբ ու ջայլերով՝
Կկարողանան երգի վերածել ու երգով պատմել
Խորախոր խոցված սրտիս աղետներն այս դառնակսկիծ։
Բ
Իմ լինելության օրն է նզովյալ
Եվ ոչ թե Հոբի կամ Երեմիայի,
Որոնցից մեկին մինչևիսկ չարժի աշխարհն այս ամբողջ.
Ոչ թե մերժելի, այլ տոնելի է ծնունդը նրանց.
Պատշաճում է այդ անեծքն այն օրվան,
Երբ աշխարհ եկա ես՝ անարժանս լույսի, բարիքի,
Կորստյան որդիս, մահվան դրացիս, մեղքի մշակս
Եվ արբանյակս անօրենության։
Չմնացի ես հաստատ, բարերա՜ր,
Կյանքի այն ուխտին, որ սահմանեցիր.
Չհետևեցի անմահացուցիչ
Ու կենդանարար պատվիրանին քո.
Չչարչարվեցի երբեք արմտիք հնձելու համար,
Որ խռովահույզ ձմեռնամուտին
Պատրաստված լինեմ կերակրվելու.
Չկառուցեցի ամրակուռ որմեր
Եվ ոչ էլ հարկիս ձեղուն ձգեցի,
Որ պատսպարված լինեմ մրրկաշունչ փոթորիկներից.
Չամբարեցի գեթ մի փոքր պաշար
Անհատնում ուղին դուրս գալուց առաջ,
Որ փարատեի տագնապը սովի.
Չպատրաստեցի մաղթանք ու աղերս,
Որով համարձակ կարողանայի քեզ ներկայանալ.
Սրբակյաց վարքով փրկության թոշակ չապահովեցի,
Որ նորոգությունս երաշխավորեր.
Այս կյանքի ճամփին խելամիտ չեղա
Հաշիվներիս մեջ՝ իմ մատնիչի հետ,
Որ դատավորի ձեռքից հենց այստեղ պրծած լինեի.
Չներկայացա օրհնալիր ձեռքով,
Որ մաքրագործված հաղորդակցեի օրենսդրի հետ։
Ո՛չ դիմացից ինձ անվտանգություն,
Ո՛չ էլ թիկունքիս պատսպարություն ապահովեցի,
Ո՛չ աջ ձեռքիս մեջ զենքեր ունեցա
Եվ ո՛չ էլ ձախով վահան կրեցի,
Որ պատերազմում կարողանայի մնալ անվնաս.
Ո՛չ նժույգներիս զրահ հագցրի,
Ո՛չ մարտիկներիս՝ զինավառություն,
Որ կարենայի ճակատ հարդարել։
Վաղահաս պտուղն աչքաթող արի,
Իսկ վերջնահասից արդեն ուշացա.
Եվ ահա բոլոր բարիքներից զուրկ շվարել եմ ես.
Ո՛չ ունեմ հիմա մաքրության ծաղիկ
Եվ ո՛չ էլ, ավա՜ղ, ողորմության յուղ։
Գիշեր է խավար, մռայլ ու անշող.
Մահվան անհատնում նիրհով եմ քնած,
Մինչդեռ տագնապը կանչողի փողի ճեպում է անդուլ.
Հարսանյաց զարդից նորեն մերկացա
Ու վարքիս ձեթը թափեցի կրկին,
Եվ հարսանիքի դուռն ահավասիկ փակվում է իմ դեմ։
Գ
Ինչպե՞ս ստանամ այսքան վշտերիս
մխիթարություն,
Վարանումներին իմ, այսքան մռայլ ու անլուսաշող,
Կյանքի հուսավառ լուսավորություն որտեղի՞ց խառնեմ,
Կամ ո՞ւր հաստատեմ գարշապարներն իմ,
Ո՞ր ապավենին աչքերս հառեմ,
Ի՞նչ անդորր գտնեմ այս ծփանքներին
Կամ ո՞ր ըղձալի անքույթ դյուրության ձեռքն իմ կարկառեմ։
Եթե բարձրաբերձ ձեղունին երկնի,
Այնտեղից ծծումբ ու հուր անձրևեց Սոդոմի վրա.
Եթե խորախոր անդնդին երկրի,
Սա բացեց կոկորդն իր խժռողական,
Լափեց Դաթանին ու Աբրիոնին ողջ բանակներով։
Եթե հանդգնեմ փախչել բռնողից,
Գուցե ինձ ճանկի վիշապն ահավոր.
Եթե թափառեմ գազանների հետ,
Սրանք ավելի պիտի շտապեն
Արարչի վրեժն ինձնից առնելու,
Քան Եղիսեի վրեժն հանեցին
Այն բեթելացի մատաղ ու մանուկ քրմորդիներից։
Եթե աչք հառեմ ամենատարած օդի պարզության,
Այն Եգիպտոսի համար շոշափվող խավարի փոխվեց.
Թե թռչուններին, երկնքում ճախրող,
Նրանք կանչված են սպանդ՝ զոհերի
Բոսոր դիակներն ուտելու համար։
Եթե խիզախեմ տկարների դեմ,
Ի՜նչ հարկավոր են էլ առյուծներն ինձ,
Բոռ ու պիծակից կսպառվեմ իսկույն.
Եթե գիշատիչ արջերից փրկվեմ,
Պիտի պատահեն ինձ մժեղները արյունածարավ։
Եթե ինչ-որ տեղ նստեմ քիչ անհոգ,
Վրաս կմաղվեն մժղուկներն անարգ
Եռացող հրի ցնցուղների պես։
Եթե եղջյուրից ռնգեղջյուրի փախչելով պուկ տամ,
Կկեղեքեն ինձ չնչին մուների մորմոքեցուցիչ ճիրաններն անզոր։
Եթե թաքնված կուչ գամ մի խորշում
շտեմարանի,
Գարշ ու աղտեղի գորտերը պիտի լլկեն ինձ անվերջ.
Եթե ինչ-որ տեղ ապաստան գտնեմ անդաստաններում,
Պիտի պաշարեն անթիվ տարմերը շնաճանճերի։
Մի կողմ եմ թողնում խառնիճ-մարախի բանակներն հզոր,
Թունավոր թրթուր, անշունչ թվացող այլ չքոտիներ,
Ջրակարծ կարկուտ, ավերիչ եղյամ,
Որոնք մեր աչքին թեպետև անզեն, խղճուկ են թվում,
Սակայն Աստծո մի ակնարկումով՝
Այնպիսի՜ ուժգին հարված հասցրին
Անբարհավաճ ու գոռ փարավոնի հզոր տերության,
Որ բռնապետին հաղթելով՝ տեղից դուրս վռնդեցին։
Սրանք հոգետանջ, գաղտնի վնասող
Այն լլկանքների ու տանջանքների
Գոյաձևերն են, գաղտնի ու ծածուկ,
Որ եգիպտացի անօրենները կրեցին այնժամ։
Դ
Ո՜վ ամենազոր հաստող համայնի և տեր բոլորի,
Հառնի՛ր ատելի ոսոխներիս դեմ, հալածի՛ր նրանց
Եվ ողորմի՛ր ինձ կրկին գթությամբ՝
Փրկարար ձեռքդ մեկնելով լլկված,
Բազմակոշկոճ ու վարանած մահվան դատապարտյալիս,
Զի դու ես միայն ճանաչվում Աստված,
Փառաբանված քո հոր հետ, սուրբ Հոգովդ՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։