ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, զի՞նչ գոյ ասել ամաչեցելոյս յերեսաց մեծիդ ահաւորութենէ,
Բայց եթէ համրանալ եւ հող ի բերան եղեալ` լռել ի սրտի,
Ըստ մարգարէութեանն խրատու` ահա ի բարւոյն կարկառեալ ի յոյս:
Իսկ եթէ զփականս շարժողութեանց շրթանցս բացից`
Բռնադատեցից խաւսել կամեցեալ,
Դարձեալ զնոյն ձայն կրկնակական եղերերգութեան լալեաց բազմութեան
Խէթ մտացս յառաջադրէ:
Բ
Եւ արդ, ողբակից մեծ մեղաւորին` անաւրինելոյ կամաւ առ ի մահ,
Զնորին գոչումն երկրորդեցից եւ ես ընդ նմին.
Մեղա~յ, Տէր, մեղա~յ, եւ անաւրէնութեանց իմոց ինձէն վկայեմ:
Հիւսեալ ընդ նմին զբանս յիսներորդի սաղմոսին`
Անթիւս գրեմ զպարտուցս սակ անձինս մեղաց,
Քան զհիւղ երկրի հողմահոս փոշւոյ`
Ընդ աւդս ամենայն տարածեցելոյ:
Մեղա~յ յերկինս եւ առաջի քո,-
Ընդ անառակ որդւոյն պատկառեցելոյ
Հայրենի գթոյդ վերստին դարձեալ` թախանձ արկանեմ,
Զողորմելին ձայն աղերսանաց արտաւսրածին ողբովք գոչման
Ի տխուր դէմս մատուցեալ` առաջի քո տարածանեմ:
Հայր գթութեանց, Աստուած բոլորից,
Չեմ արժանի կոչիլ եւ ոչ բնաւին առ այս անուանիլ
Ոչ միայն որդի, այլ եւ անպիտան, ապաբան վարձկան:
Ընկալ զսովեալս տարագրական, պարտական վնասուց,
Եւ զցաւ քաղցոյս լլկանաց նեղոյս նուաղեցելոյս
Կենաց քո հացիւդ բժշկեսցես:
Լեր ընդ առաջ քո ողորմութեամբդ ի սկզբնաւորս ապաւինութեան,
Զգեցո, գթած եւ անոխակալ, անաւրինեալս մեղապարտի
Զնախակապուտ հանդերձին ծածկոյթ,
Աւանդակորոյս ձեռացս աղտեղեալ մեղաւք,
Զկնիք մատանւոյն համարձակութեան ամէնառատ կամաւք մատուսցես,
Զգարշապարացս թշուառութիւն մերկութեան ոտիցս,
Պատսպարութեամբ աւետարանական ամրավերարկու աւդիցս կաւշկաց,
Ի յանձին թունից միշտ ամրացուսցես:
Զզուարակդ պարարակի եզինդ երկնայնոյ,
Որ է միածին Որդիդ քո աւրհնեալ,
Իսկապէս մարդասիրութեամբ կարաւտելոյս բարեաց նուիրեա:
Որ մատուցեալ միշտ եւ անպակաս մնայ ի լրութեան`
Յարակայ զենեալ ի սպանդարանի անթիւ սեղանոց անսպառութեամբ,
Բոլոր` յամենեսին եւ բնաւ` յամենայնում,
Էութեամբ` յեղկինս եւ իսկութեամբ` ի ստորինս,
Աննուազ` մարդկութեամբ եւ անթերի` աստուածութեամբ,
Փշրեալ եւ բաշխի ի մասունս անհատս,
Զի զհամայնն հաւաքեսցէ առ ի նոյն մարմին իւրումն գլխոյ:
Քեզ փա~ռք ընդ նմին, Հայր ողորմութեան:
Ամէն:
Բան ԽԷ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ամաչելով մեծիդ ահավորությունից, ի՞նչ կարող եմ ասել,
Եթե ոչ համրանալ և բերանս հողին՝ լռել սրտիս մեջ,
Աչքերս հառած բարի հույսին, ըստ մարգարեական խոսքի.
Իսկ եթե բանամ փականքը՝ շարժվող իմ շրթունքների
Եվ կամենամ բռնադատել նրանց, որ խոսեն,
Խղճմտանքիս ձայնը դարձյալ կթելադրե ինձ
Հյուսել լալագին ու կրկնակական եղերերգրություն:
Բ
Ուստի ողբակից մեծ մեղավորին,
Որը կամովին մահացու կերպով անօրինացավ,
Նրա գոչն իր հետ կրկընում եմ և ե՛ս:
«Մեղա՜, Տեր, մեղա՜, անօրենություններիս մասին ես ինքս եմ վկայում»:
Դրա հետ մեկտեղ հյուսելով նաև հիսուներորդ սաղմոսի խոսքերը,
Մեղավոր հոգուս պարտքերի հաշիվը ես համարում եմ անթվելի,
Ավելի քան հողմից քշված հյուլեները փոշու՝ օդում համատարած:
Գ
Մեղա՜ երկնքի և քո առջև.
Անառակ որդու հետ ամոթապարտ և ես
Հայրենի գութիդ վերադառնալով՝ թախանձում եմ քեզ:
Եվ տխրադեմ, ահա՛, քեզ մոտենալով,
Ձայնը ողորմելի աղերսանքներիս, արտոսրածին ողբերի գոչյունով՝
Քո առջևն եմ տարածում, Հա՜յր գթությանց, Աստվա՜ծ բոլորի:
Ես արժանի չեմ ոչ միայն որդի կոչվելու,
Այլև անվանվելու անպիտան և անօգուտ վարձկան:
Ընդունիր սովյալ տարագրականիս և հանցապարտիս,
Եվ նեղվածիս ու նվաղածիս տանջող ցավը քաղցի՝
Կենաց քո հացով դարմանի՛ր դու:
Ընդառաջիր ինձ քո ողորմությամբ, քանզի ես նախ քեզ եմ ապավինել.
Հագցրո՛ւ, գթա՜ծ և անոխակալ, անօրինյալ մեղապարտիս
Զգեստն այն, որից ես դեռ նախապես կողոպտված էի.
Մեղքերով աղտեղված անվանդակորույս ձեռքիս
Մատուցիր կամքով քո ամենառատ՝ մատանին
կնքով համարձակության.
Ոտքերիս գարշապարների մերկությունը թշվառ
Ավետարանի ամրածածուկ կոշիկներով պատսպարելով՝
Ապահովի՛ր դու օձի թույնի դեմ:
Զվարակդ պարարյալ, երկնային, որ քո միածին Որդին է օրհնյալ
Ճշմարիտ մարդասիրությամբ՝ իմ բարեկարոտ հոգուն նվիրիր:
Մատուցվում է նա միշտ ու չի սպառվում երբեք.
Մորթվելով անթիվ սեղանների վրա՝ անսպառ է
նա միշտ, Մնալով ամբողջ՝ բոլորի մեջ և բովանդակ՝ յուրաքանչյուր մասում,
Իր էությամբ երկնքում է նա և իսկությամբ
երկրում, Աննվազ մարդկությամբ և անթերի աստվածությամբ,
Որ փշրվելով բաշխվում է միշտ անհատնում
մասերով, Որպեսզի բոլորին հավաքի մի մարմնի մեջ՝ ինքը լինելով գլուխ:
Քեզ փա՜ռք ընդնմին, Հա՜յր ողորմության, հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, ամաչելով սաստկապես մեծիդ
ահեղությունից՝
Ի՞նչ կարող եմ ես ասել, եթե ոչ
Համրանալ իսպառ և հող ի բերան՝ լռել սրտիս մեջ,
Մարգարեական խոսքի համաձայն,
Հայացքս հառած լոկ բարի հույսին։
Իսկ եթե բացեմ փականքը շարժման
գոց շրթունքներիս՝
Բռնադատելով նրանց, որ խոսեն,
Խղճմտանքս ինձ կթելադրի
Վերստին հյուսել միայն ողբագին
Ու կրկնակական եղերերգություն։
Բ
Եվ արդ, ողբակից մեծ մեղավորին,
Որը կամովին մահացու կերպով անօրինացավ,
Նրա գոչն իր հետ կրկնում եմ և ես.
«Մեղա՜, տե՜ր, մեղա՜,
Անօրենությունս ինքս եմ վկայում»։
Չափը պարտքերի մեղավոր հոգուս,
Ըստ հիսուներորդ սաղմոսի խոսքի,
Շատ ավելի է, քան հյուլեները
Օդում տարածված հողմավար փոշու։
Գ
«Մեղա՜ երկնքի, այլև քո առաջ».
Անառակ որդու պես ամոթապարտ՝
Վերադառնալով գթիդ հայրական՝ թախանձում եմ քեզ
Եվ մոտենալով դեմքով տխրագին՝
Արտասվահեղեղ ողբերիս գոչմամբ
Խղճալի ձայնը աղերսանքներիս
Տարածում եմ, տե՜ր, ահա քո առաջ.
Ո՜վ հայր գթության, Աստված բոլորի,
Արժանի չեմ ես բնավ ոչ միայն որդի կոչվելու,
Այլև անպիտան ու անբան վարձկան։
Ընդունի՛ր դարձյալ սովալլուկիս.
Տարագրական ու վնասապարտ,
Եվ բաղմաչարչար հոգնանվաղիս
Քաղցը փարատի՛ր կենացդ հացով.
Ե՛լ ինձ ընդառաջ քո ողորմությամբ,
Քանզի նախ քեզ եմ ես ապավինել.
Հագցրո՛ւ, գթա՜ծ և անոխակալ,
Զգեստն այն, որից կողոպտված էի արդեն նախապես.
Ավանդակորույս, մեղքերով իսպառ աղտոտված ձեռքիս
Մատուցի՛ր կամքովդ ամենաշնորհ
Մատանին, կնքով համարձակության
Եվ մերկությունը թշվառ ոտքերիս գարշապարների,
Ավետարանի ամրածածկ կոշկով պատսպարելով.
Ապահովիր միշտ օձի թույնի դեմ։
Մեծիդ անխոտոր մարդասիրությամբ
Նվիրի՛ր հոգուն իմ բարեկարոտ
Երկնային պարարտ եզդ զվարակ,
Որ է միածին օրհնյալ քո որդին,
Որ մատուցվելով միշտ՝ չի պակասում իր լրությունից,
Զոհաբերվելով հավիտենապես
Ամեն սեղանի սպանդարանում՝
Անսպառորեն մնում է համայնն ամեն ինչի մեջ,
Ամբողջությունը՝ ամեն մի մասում,
Էությամբ՝ երկնում, իսկությամբ՝ երկրում,
Անհատ՝ մարդկությամբ և աստվածությամբ իր՝
լիակատար.
Փշրվելով միշտ անթիվ մասերի՝ բաշխվում է անվերջ,
Որ միավորի այդպես բոլորին
Որպես մի մարմին իր՝ գլխի համար.
Փա՜ռք քեզ նրա հետ, հա՜յր ողորմության,
հավիտյանս, ամեն։