ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Արքայ երկնաւոր, թագաւոր բարձրեալ,
Տէր բոլորից, ամենից ակնկալութիւն,
Ստեղծաւղ տեսականաց, հաստիչ իմանալեաց,
Պատճառ եղանութեանց, կազմիչ հանդերձելոց,
Տուիչ լուսոյ, առիթ առաւաւտու, պատրաստիչ վաղորդայնի,
Երեւեցուցիչ երեկոյի, տարրիչ խաւարի,
Արուեստաւոր բարեհնար, իմաստութեան գործաւնեայ,
Քաւարան աւրհնեալ, հալիչ մեղանաց, հալածիչ ցաւոց,
Քակտիչ դառնութեանց, պահպանարան հանգստեան,
Հնարք նիրհման, յարմարիչ քնոյ, պարգեւիչ ննջման,
Շնչոյ յարակարգութեան, զգայութեան տեւողութիւն,
Ցրիչ ցնորից, յեղանակիչ անրջոց, փոխարկութիւն զարհուրմանց,
Այլայլութիւն տխրութեանց, խափանիչ խիթմանց,
Ընդարձակիչ կարծեաց, համադրութիւն ծփմանց,
Ահանկութիւն խարդախմանց, հարուածիչ դիւաց,
Փախուցիչ ախտից, ընկղմիչ գայթակղութեանց,
Պաշտպանեա երկնաստեղծ ձեռամբդ,
Զաւրացո բարձրացեալ քո աջովդ,
Ամփոփեա ամենակալդ թեւաւք,
Ծածկեա աստուածեան խնամովդ,
Ամրացո վերակացութեամբ վերնայնոցդ,
Շուրջանակի պարսպեա գումարտակաւքդ անմահից,
Յամենուստ պարփակեա կցորդութեամբ հրեշտակացդ,
Վանեա զընդդիմամարտն իմ զինուորութեամբ զուարթնոցդ,
Պատսպարեա զսասանեալս` Աստուածածնիդ մաղթանաւք,
Զբանակս անդրանկացդ բարեկարգեա ինձ պահապան:
Բաց ընդ աչացս դիմաց եւ զմտացս իմ տեսանելիս,
Զգաստ արա ընդ ոգւոյս եւ զծանրաբեռն կրիցս դանդաղութիւն,
Վերացո, Տէր, ի զգայութեանցս զմածեալս յիմարութիւն,
Բարձ, միայն բարեգործ, զպատրուակիս բանձրութիւն:
Ընդ սկզբան բերմանս լուսոյ` զողորմութիւն քո ծագեա,
Ընդ ելից արեւուն` արդարութեան արեգակնդ
Ի յանձկութիւն սրտիս մտցէ,
Ճառագայթ քո փառաց ի յիմաստիցս խորհրդանոց ջահեսցի,
Խաչիդ տեառնագրութիւն ընդ շունչս
Եւ ընդ մարմինս համասփիռ տարածեսցի:
Յանձն առնեմ քեզ յաւուրս զքո յարմարեալ տաղաւարս
Պահպանաւ ոգւոյս, որ ի սմին:
Զի դու ես Աստուած անքնին,
Առ ամենեսին` բաւական
Եւ յամենայնում` բովանդակ,
Աւրհնեա~լ յաւիտեանս:
Ամէն:
Բան ՁԴ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Երկնավո՛ր արքա, բարձրյալ թագավոր,
Տե՜ր դու բոլորի և ամենքի հույս,
Արարիչ տեսանելիների և հոգեղենների հաստիչ,
Պատճառ եղածների և կազմող լինելիների,
Տվիչ լույսի, առիթ առավոտի, պատրաստիչ վաղվա,
Երևացնո՛ղ երեկոյի, հորինող խավարի,
Արվեստավոր բարեհնար, իմաստության գործիչ,
Քավարան օրհնյալ, հալիչ մեղքերի, հալածիչ ցավերի,
Լուծիչ դառնության, պահպանարան հանգստի,
Հնարիչ նիրհի, կարգավորիչ քնի, պարգևիչ նինջի,
Կարգավորիչ շնչառության, զգայության տևողություն,
Ցրիչ ցնորքների, բարեկարգիչ անուրջների, փոխարկող զարհուրանքի,
Փոփոխիչ տխրություն, խափանիչ խայթումների,
Կասկածների փարատիչ, ծփանքների հանդարտիչ,
Ահաբեկություն խարդախների, դևերի հարվածիչ,
Ախտերի փախուցիչ և ընկղմիչ գայթակղությունների:
Բ
Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ,
Զորացրո՛ւ աջովդ բարձրացած,
Ամփոփի՛ր թևերովդ ամենակալ,
Ծածկի՛ր խնամքովդ աստվածային,
Ամրացրո՛ւ վերնայիններիդ վերակացությամբ,
Շուրջանակի պարսպիր անմահներիդ գումարտակներով,
Ընդդիմամարտին իմ վանիր զվարթուններիդ զինվորներով,
Պատսպարի՛ր սասանյալիս Աստվածածնիդ մաղթանքներով,
Անդրանիկներիդ բանակներն ինձ բարի պահապան կարգիր:
Բաց արա աչքերիս հետ նաև տեսանելիքները մտքիս,
Զգաստացրու շնչիս հետ նաև դանդաղությունը ծանրաբեռն իմ կրքերի,
Վերացրու թանձրամած հիմարությունն իմ զգայարանքների, Տե՛ր,
Վերցրու թանձրությունն իմ ծածկույթի280Մարմնի, միա՛կ բարեգործ:
Լույսը բացվելիս՝ ողորմությունդ էլ ծագիր ինձ վրա,
Եվ արևի հետ՝ քո արդարության արեգակը թող մտնի սիրտս նեղ.
Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահավորվի.
Եվ խաչակնքումը խաչիդ՝ մարմնիս և հոգուս մեջ թող տարածվի՜ համասփյուռ:
Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը՝
Այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին.
Զի դու ես Աստված անքնին,
Ամենակարողդ ամենքի համար և ամեն բանում բովանդակապես,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արքա՜ երկնավոր, թագավոր բարձրյալ,
Տէր ամենայնի և բոլորի հույս,
Հոգեղենների հաստիչ, ստեղծող բանականների,
Արարյալների սկզբնապատճառ
Եվ կազմավորիչ լինելիների,
Լույսի պարգևող, այգի շարժառիթ
Եվ վաղորդայնի նախապատրաստող,
Իրիկվա ցուցիչ, տարրիչ խավարի,
Արհեստ-արվեստի բարեհնարող
Եվ իմաստության գործադիր խթան,
Օրհնյալ քավարան, հալիչ մեղքերի,
Ցավի հալածիչ, լուծիչ դառնության,
Հանգստի օրրան, նիրհի հնարող,
Քնի հարմարիչ, պարգևիչ ննջման,
Շնչի պահապան-հարակարգադիր
Եվ զգայության անխափանարար,
Ցնորքի ցրիչ, այլափոփոխող անուրջ-երազի,
Թախծի ամոքիչ, վանող զարհուրման,
Ծփման խաղաղիչ, խափանիչ խիթման,
Փարատող տագնապ-տարակուսանքի,
Խարդախման սարսափ, չարի խարազան,
Ախտի փախուցիչ, ընկղմիչ գայթման։
Բ
Պաշտպանի՛ր ինձ քո երկնաստեղծ ձեռքով
Եվ զորացրու աջովդ բարձրացած,
Ամփոփի՛ր թևով ամենակալիդ,
Ծածկի՛ր խնամքով քո աստվածային
Եվ ամրապնդի՛ր վերնայիններիդ վերակացությամբ,
Պարսպի՛ր շուրջս քո անմահների գումարտակներով
Պարփակի՛ր ամուր բոլոր կողմերից
Հրեշտակներիդ միաբանությամբ,
Ընդդիմամարտին վանի՛ր, վտարի՛ր
Զվարթուններիդ զորախմբերով,
Պաղատանքներով սուրբ Աստվածամոր
Հովանավորի՛ր ալեկոծյալիս,
Անդրանիկներիդ բանակները ինձ կարգի՛ր պահապան։
Աչքերիս հետ բա՛ց տեսանելիքը նաև իմ մտքի,
Ոգուս պես նաև թեթևացրու՛
Ծանր կրքերիս հափրանքն այս տարտամ,
Փարատի՛ր անհետ լերդացած այս բութ
Հիմարությունն իմ զգայությունից,
Թոթափի՛ր պատճիս թանձրությունը բիրտ, միա՜ ն բարեգործ։
Լույսը բացվելիս ոդորմությունդ էլ թող ծագի վրաս,
Արևելի հետ՝ թող որ անձկացած սիրտս թափանցի
Եվ արդարության արեգակը քո,
Փառքիդ ճաճանչը ջահանա մտքիս խորհրդարանում,
Տյառնագրումը խաչիդ՝ համասփյուռ
Տարածվի շնչիս ու մարմնիս վրա։
Քեզ եմ ավանդում այսօր քո կերտած տաղավարը իմ,
Որ պահպանակն է մեջն եղած ոգուս,
Քանի որ դու ես Աստված անքնին,
Ամենքին հասու և ամեն ինչում բովանդակապես,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։