ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բարձրեալ անքնին, զաւրութիւն ահեղ,
Տէր արարածոց, թագաւոր երկնի,
Ստեղծիչ հրեշտակաց, գոյարան մտաց, հաստիչ հրեղինաց,
Պետ բարի` հոգւոց, աջ ապաւինութեան,
Անդորրութիւն հանգստեան, տեսարան լուսաւորութեան,
Պայծառութիւն բերկրութեան, ճանապարհ երանութեան,
Պատճառ կենդանութեան, առիթ բանաւորութեան,
Փրկութիւն` առանց չարութեան, առաջնորդ խաղաղութեան,
Պարիսպ ամրութեան, պատուար պահպանութեան,
Ցանկ բոցոյ մեծի աւրհնութեան, սահման անոխակալութեան,
Յիշեա յայսմ ողբերգութեան մատենի բանիս խոստովանութեան
Եւ զոր ի մարդկային ազնէ թշնամիս մեր` ի բարի,
Եւ արա կատարեա նոցին քաւութիւն եւ ողորմութիւն:
Մի բարկասցիս նոցա վասն իմ, Տէր,
Իբրեւ զսուրբս բամբասողաց,
Առ յաճախ սիրոյդ, որ յիս,
Այլ որպէս զչարս կշտամբողաց եւ իրաւամբք նախատողաց`
Ներեա յանցանաց նոցա:
Եւ արդ, մատուցեալ երկաքանչիւրոցս առաջի քո, արդարադատ,
Ոմանք առ մեզ վնասակարագոյնք սակաւուք,
Թերեւս եւ յիրաւի բամբասելոցս,
Եւ ես առ քեզ, ամենապարգեւ,
Անթիւս եւ անկշռելիս բազմաւրինակ ուխտազանցութիւնս:
Բ
Արդ, յիշեա զքո մեծութիւնդ Տէր,
Նայեցեալ ի յիմս անարգութիւն,
Եւ ընդ խնդրելս իմ ի քէն բարի` իմոցն ատելեաց,
Եւ դու առ քոյս, ըստ քում մեծութեանդ,
Անճառելիս հրաշագործեսցես:
Մի սատակեսցես զիմսն խածանողս, այլ փոփոխեսցես,
Խլեալ զխոտան բարս երկրաւորս`
Զբարիսն արմատացուսցես եւ յիս եւ ի նոսին,
Մանաւանդ զի դու լոյս ես եւ յոյս,
Եւ ես` խաւար եւ յիմար,
Դու` իսկութեամբ բարի, գովելի,
Եւ ես` համայնիւն չար, ապիկար,
Դու` Տէր ստորիցս եւ երկնից,
Եւ ես` անիշխան շնչոյս եւ հոգւոյս,
Դու` բարձրեալ, ի կարեաց զատեալ,
Եւ ես` տաժանաւոր եւ վտանգաւոր,
Դու` ի վեր քան զկիրս երկրիս,
Եւ ես` կաւ անարգութեան, գարշութեան,
Դու, ըստ մարգարէին, մնաս յաւիտեան յանբաւ բարձրութեան,
Եւ ես միշտ կորնչիմ` ըստ նորին բանին,
Ի քեզ ոչ է մթութիւն կամ նենգութիւն,
Եւ ես բովանդակն իսկ իցեմ, որ զաւանդն իմ ոչ պահիցեմ:
Հան զիս ի բանտէս, արձակեա ի կապանցաս,
Զերծ ի շղթայիցս, փրկեա ի խեղդմանէս,
Ազատեա ի տագնապէս, քակտեա ի յերկաթիցս,
Լոյծ ի պաշարմանցս, արտաքսեա յերկմտութեանցս,
Սփոփեա ի տխրութեանցս, հանգո ի նեղութեանցս,
Փարատեա ի վշտացս, հանդարտեա ի խռովութեանցս,
Ապաքինեա ի լալոյս, մերժեա ի հեծութեանցս,
Հեռացո ի յողբոցս, կազդուրեա ի կականմանցս:
Աստուած ողորմութեան եւ պարգեւատու քաղցրութեան,
Մի զգրաւեալս արեամբ հզաւրիդ
Անտես արարեալ ընդ վայր կորուսաներ,
Կանգնեա զհասեալս յափն մահու
Ի բազմավտանգ հիւանդութենէս:
Գ
Ահա բարդեցան, կուտեցան շրջանակք ամացս ընդունայնութեան,
Յորմէ հետէ յայտնեցեալ ցուցայ` յոչ պէտս երեւեալ,
Ի յանդաստանէ մաւրն սենեկի փուշս դժնկի մեղաց շառաւիղի.
Մի ինձ լինիր խայթոց խոցոտիչ,
Որպէս անդ տոհմին Յուդայի եւ կամ զաւակին Եփրեմի:
Եւ քանզի բուսուցեալ տնկեցի յոգիս,
Փոխանակ ցորենոյն բարեսերմութեան,
Խոտս խայթողականս, ինքնաթոյնս, ընդարմացուցիչս,
Ըստ Գրոյն բանի, որ երէցն է, քան զաւետիսն.
Զիա՞րդ ոչ կոչեցից զանձն իմ գարշելի անդաստան`
Անիծաբեր փշովք մեղաց հեղձեալ:
Ոչ սերմանեցի արդարութիւն, ըստ բանին Ովսեայ.
Եւ զիա՞րդ հնձեցից եւ ժողովեցից զկենաց պտուղն:
Անկաւ ստինք կուսութեան անձինս մաքրութեան:
Ըստ մարգարէին բանի, որ առ Իսրայէլ.
Կարող ես, Տէր, ի նոյնն հաստատել:
Լայնեցի, ընդարձակեցի, ըստ մոլեկան բարուցն Յուդայի,
Զանկողին կամացս` դիւացն հոմանեաց.
Ի ձեռս քո է ամփոփել դարձեալ ի նոյն զգաստութիւն:
Դ
Եթէ մարմնապէսն կցորդութիւն ընդ տեսանողին
Անարատ գործեաց զպոռնիկն,
Իսկ դու, փրկութիւն, հոգեպէս միացեալ ի յիս, կրկին մաքրեսցես:
Եթէ արեգակնս այս անկենդան,
Ստեղծեալ առ ի քէն երկրիս մատակարար,
Զկարակումն մաւրից ցամաքէ
Եւ զտհաս պտուղս հասուցանէ,
Իսկ ստացողդ ամենից` Հոգիդ աստուծոյ,
Ո~րքան զաւրեսցես զտիղմ չարեաց աղտոյ
Եւ զթարախ պղծութեան մեղաց մթերից իսկոյն սպառել:
Վասն այսր կանխաւ իսկ ժամանեցի հայցել առ ի քէն բարի`
Ատելեացն իմոց ի կարգ այս բանի,
Զի զհերքեալ վնասակարս պարտուց մահու
Յամենախնամ աչաց հզաւրիդ մի մերժեսցես, աւրհնեալ գթութիւն:
Արդ, կենագործեա զիս` զամենամեղս, անդամաւք մարմնոյս,
Ընդ բնութեան հոգւոյս` խորհել միշտ զքոյսդ:
Իսկ բարեգործացն խնդրել բարիս` բնութեանն են աւրէնք,
Անբռնադատ կրիցն յարակցապէս առ սոյնս բերումն:
Քանզի, արդարեւ, առ միդ այդ պատուէր ամենայն հասակ զաւրանայ,
Իսկ միւսոյդ` երկրորդի առաջնովդ խնամով հանդիպել`
Աստուածականիդ է նմանութիւն,
Յաղագս այսր իրի նախնի դասեցի
Զթշնամեացն իմոց աղերսանս,
Քան զերախտաւորացն բարիս:
Ե
Եւ արդ, յիշեա զնոսա կրկին ընդ միոյ,
Որ ի քո անուն բարձրացեալ զանարժանս` զիս ընկալան,
Եւ տուր նոցա, Տէր ամէնառատ, բարերար եւ անոխակալ,
Վարձս արդարոյ եւ մարգարէի:
Թէ եւ ես յաւէտ թափուր իցեմ յարժանեաց,
Ըստ հաւատոց նոցա եւ առ յոյս նոցին ակնկալութեան
Որ առ պարտաւոր գերիս ողջամիտ կամաւք ակնարկեն,
Որպէս թէ ի մասանցդ քո կեցուցչաց
Ի պանպանարան հոգւոյս ծածկութի լիով ունիցիմ:
Եւ զպատժաւորս անամփոփելի ի քոց տեսութեանց
Եւ անբախելի` յուղիղ կշռութեանց,
Քաղցր գթութեամբ անսահմանելեաւ
Մերձեցեալ առ իս, մաքուր արասցես`
Անխայտառակելի պահելով ի տիեզերական յանդիմանութեանն:
Եւ որպէս շուք իմն վայելչական դնել ախորժեն
Ինձ` անարժանիս սիրելիքն քո վասն քո,
Նայեցեալ ի կրաւնս զգեստուս բարեկերպութեան,
Չգիտելով զբիծս գաղտնեացն`
Երջանիկ կարդան եղկելոյս,-
Եւ դու, հնարաւոր, ամենապարգեւ,
Աւրհնեալ մարդասէր, առ բնաւս ողորմած,
Վասն ամենաթշուառիս հեծութեան`
Հաշտեաց ընդ նոսա ըստ հաւատոց նոցա,
Ընծայեալ նոցին մատո, պարգեւեա
Զանեղծ մեծութիւնդ եւ զանթառամելի զպսակդ`
Յահաւոր աւուրն յետնում հատուցմանն ամենափորձ ընտրութեանն:
Զ
Զի դու ես գրաւ փրկութեան, մեծութեան
Անվատնելի եւ անծախ գանձուց ստրկիս եւ սովեցելոյս,
Ի վաճառ վերնային շահու աւգտութեան`
Բանիւդ, որ ի քէն, յարգեալ ճոխանամք:
Կառո ինձ սահման ջրոյ հանգստեան,
Արձանացո անփոփոխ, պատրաստական վստահութիւն,
Կարգեա, աւրհնաբանեալ, անկեղակարծ յուսոյ ամրութիւն:
Տուր, ամենախնամ դու, անաչառ պաշտպանութիւն,
Սասանեցելոյս` բարեաց անդորրութիւն,
Տարակուսելոյս` լուսոյ ապաւինութիւն,
Աշխարելոյս` մեծ երջանկութիւն,
Վհատելոյս` կենաց աւգնութիւն,
Լքելոյս` անգայթակղելի աւժանդակութիւն,
Նահանջելոյս` անսայթաք վերընթացութիւն:
Զի քո է բնաւդ, եւ ի քէն է ամենայնդ,
Եւ ի ձեռն քո բաշխին հաւաստութիւնք պիտանացուաց համայնից կենաց,
Եւ քեզ վայել է փառք յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Բան ՁԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բարձրյալ անքնին, զորություն ահեղ, Տեր արարածոց,
Թագավոր երկնի, ստեղծիչ հրեշտակաց, մտքի գոյարան,
Հաստիչ հրեղենների, հոգիների բարի պետ,
Ապավինության աջ, հանգստավետ անդորրություն,
Լուսալիր տեսություն, պայծառություն բերկրալից,
Երանության ճամփա, կեդանության պատճառ,
Բանականության առիթ,
Անվտանգ փրկություն, Առաջնորդ խաղաղության,
Պարիսպ ամրության, պահպանության պատվար,
Ցանկապատ բոցեղեն՝ մեծագույն օրհնություն273Զաք. Բ. 5,
Անոխակալության սահման,
Այս ողբերգության մատյանում գրված խոսքերովն իմ խոստովանական՝
Մարդկային ազգի մեր թշնամիներին նույնպես բարությամբ հիշիր,
Եվ տո՛ւր կատարյալ քավություն նրանց և ողորմություն:
Մի՛ բարկանար, Տեր, դու նրանց վրա, որպես սրբերին բամբասողների,
Դեպ ինձ ունեցած մեծ սիրույդ համար և իմ պատճառով,
Այլ իբրև չարեր կշտամբողների և իրավաբար նախատողների՝
Ների՛ր նրանց հանցանքները:
Թե՛ ես, թե՛ նրանք եթե միասին ելնենք քո առաջ, ով արդարադատ,
Գուցե և ոմանց մեղքերը մեր դեմ շա՜տ սակավ լինեն
Եվ բամբասանքները՝ իրավացի.
Իսկ իմ՝ դեպի քեզ, ամենապարգև, ուխտազանցության օրինակները
Բազում են, անթիվ և անկշռելի:

Բ

Արդ, նայելով, Տեր, անարգիս վրա, հիշի՛ր մեծությունդ.
Եվ երբ քեզանից բարիք խնդրեմ ես իմ ատողներին,
Դու նրանց համար, որ քոնն են դարձյալ, ըստ քո մեծության,
Հրաշապես անճառ բարիքնե՛ր գործիր:
Չսատակեցնես ինձ խայթողներին, այլ ուղղի՛ր
նրանց, Գջլելով խոտան բարքերն երկրային,
Բարիներն արմատացնես դու թե՛ իմ և թե՛ նրանց մեջ:
Մանավանդ որ դու լույս ես ու հույս, Իսկ ես խավար ու խենթ.
Դու ի բնե բարի ու գովելի,
Իսկ ես՝ չար համակ ու ապիկար, Դու Տեր համորեն երկնի և երկրի,
Իսկ ես չեմ իշխում շնչիս և հոգուս
Դու բարձրյալ ազատ՝ կարիքներից զերծ,
Իսկ ես ենթակա տաժանքի, վշտի.
Դու վեր երկնային կրքերից բոլոր,
Իսկ ես կավ անարգ ու գարշելի.
Դու հար կմնաս անհասանելի բարձրության վրա, ըստ մարգարեի,
Իսկ ես, ըստ նույնի, կկորչեմ ընդմիշտ.
Քո մեջ նենգություն կամ խավար չկա,
Իսկ ես, որ ավանդն իմ չպահեցի, այդ բոլորն էլ եմ:
Հանի՛ր ինձ բանտից, արձակի՛ր կապանքներից,
Պոկի՛ր ինձ պրկող իմ շղթաներից, Փրկի՛ր խեղդվելուց,
Ազատի՛ր տագնապներից, քանդի՛ր երկաթներից,
Հա՛ն ինձ պաշարումներից, դուրս բեր երկմտությունից,
Հանգստացրու նեղություններից.
Փարատիր վշտերս, սփոփիր տխրություններս,
Հանդարտեցրու խռովություններս,
Ամոքիր լացս, ցրիր հեծություններս,
Հեռացրու ինձ իմ ողբերից ու կազդուրիր լալուց,
Աստվա՛ծ ողորմության և պարգևատու քաղցրության,
Հզորիդ արյան գնով փրկվածիս անտես առնելով՝ զուր մի՛ կորցնիր.
Կանգնեցրո՛ւ դու ինձ, որ բազմավտանգ հիվանդությունից մահվան ա՜փն եմ հասել:

Գ

Ահա՛ բարդվեցին և կուտակվեցին ընդունայն անցած տարիներն իմ ողջ
Ա՛յն օրից, երբ որ աշխարհ եկա ես, որպես անպիտան,
Դեռ անդաստանից իմ մոր արգանդի՝ մեղքերի դժնիկ փշեր ծլեցնելով.
Մի՛ լինիր ինձ խայթոց խոցոտիչ,
Ինչպես որ եղար Հուդայի տոհմին և կամ Եփրեմի զավակի համար274Ովսեե Ե. 12:
Եվ քանզի հոգուս մեջ բարեսերմ ցորենի փոխարեն
Խայթող, թունավոր ու թմրեցուցիչ խոտեր բուսցրի ու տնկեցի ես,–
Ըստ գրոց խոսքի՝ Ավետարանից էլ առաջ ասված,–
Ինչպե՞ս չկոչեմ անձն իմ գարշելի դաշտ ու անդաստան՝
Խեղդված՝ մեղքերի անիծաբեր փշերով:
Արդարություն չսերմանեցի ես, ըստ Ովսեի,
Էլ ինչպե՞ս պիտի հնձեմ կենաց բերքն ու այն
հավաքեմ, Մաքուր իմ հոգու կուսական ստինքները թառամեցին,
Ինչպես որ մարգարեն Իսրայելի համար է
ասում, Բայց դու կարող ես, Տեր, նրանց կրկին նախկին տեսքը տալ:
Հուդայի մոլի բարքի համաձայն
Ընդարձակեցի կամքիս մահիճը հոմանի դևերի համար275Եսայի ԾԷ. 8.
Քո ձեռքն է դարձյալ ամփոփել այն, Տե՛ր, նույն զգաստությամբ:
Եթե մարմնապես կցորդությունը տեսնողի հետ պոռնիկին դարձրեց անբիծ, անարատ276Ովսեե Ա. գլուխ,
Իսկ դու, փրկությո՛ւն, միանալով ինձ հոգեպես՝ կրկի՛ն կմաքրագործես:
Եթե արեգակն այս անկենդան,
Որ ստեղծել ես դու մատակարար մեր երկրի համար,
Ցամաքեցնում է ճահիճների ցեխն ու խակ պտուղներ է հասցնում,
Իսկ դու ստեղծի՛չդ ամենայնի, Հոգիդ Աստուծո,
Ո՜րքան ավելի պիտի կարենաս չարիքների
տիղմն աղտեղի Եվ մեր մեղքերի աղծապիղծ թարախն իսկույն սպառել:
Դրա համար է, որ ես խոսքերիս կարգին շտապեցի
Թշնամիներիս համար նույնպես բարին հայցել քեզանից,
Որպեսզի մահապարտությամբ հեռացված հանցավորիս
Չգցե՛ս հզորիդ ամենախնամ աչքից, օրհնյա՜լ գթություն:
Արդ, կենագործիր ամենամեղիս՝ մարմնիս անդամներով, հոգուս բնության հետ,
Որպեսզի ես միշտ քեզ վրա խորհեմ:
Բարեգործներին բարիք խնդրելը օրենք է բնության,
Եվ մենք այդ բանը անում ենք կամքով մեր անբռնադատ:
Քանզի արդարև այդ մի պատվերդ կարող է ամեն հասակ կատարել,
Իսկ երկրորդի գործադրումը նույն սիրով հոգատար՝
Նշանակում է նմանվել Աստծուդ:
Այդ իսկ պատճառով գերադասեցի թշնամիներիս բարիք ցանկանալ,
Քան երախտավոր բարերարներիս համար աղերսել:

Դ

Եվ արդ, մեկի տեղ կրկնակի անգամ հիշիր դու նրանց,
Որոնք անարժանիս քո բարձրագույն անունով ընդունեցին.
Եվ տուր դու նրանց, Տե՜ր ամենառատ, բարերար և անոխակալ,
Վարձը արդարի և մարգարեի277Մատթ. Ժ. 41,
Թեպետև զուրկ եմ ես բոլորովին արժանիքներից,
Բայց նրանք ըստ իրենց հավատքի և հուսալիր ակնկալության,
Ողջամիտ կամքով են նայում ինձ պես պատժապարտ գերուս,
Որպես թե հոգուս փակ պահարանում կեցուցիչ մասունքդ ունենամ լրիվ:
Եվ դու անսահման գթությամբ մոտենալով մեղավորիս,–
Որ անկարող է պահվել քո տեսողությունից
Եվ կամ խույս տալ կշեռքից ուղիղ, անխաբելի,– 
Մաքրե՜ս, որպեսզի չխայտառակվեմ մեծ դատաստանում:
Եվ ինչպես որ ինձ ուզում են պատվել վայելուչ շուքով սիրելիներդ քո անվան համար, Կրոնավորի զգեստիս բարեձևությանը նայելով,
Անգիտակ գաղտնի իմ արատներին՝ երանի են տալիս եղկելուս,- 
Դո՛ւ էլ, հնարավո՜ր, ամենապարգև, օրհնյալ
մարդասեր, Ողորմո՜ղդ բոլոր արարածներին հավասարապես,
Ամենաթշվառիս հեծության համար հաշտվիր
նրանց հետ, ըստ իրենց հավատքի,
Ընծայիր նրանց, տուր որպես պարգև մեծությունդ անեղծ
Եվ քո պսակը հավերժ անթառամ՝
Ամեն ինչ քննող ու պարզաբանող մեծ դատաստանի վերջին օրն ահեղ:

Ե

Ահատնում ու անվատնելի գանձերի մեծ ու փրկարար
Գրավականն ես դու ստրուկիս համար ու սովյալիս,
Եվ մենք այդ գանձերն հոգուդ երկնքի ի գործ դնելով՝ հարստանում ենք խոսքիդ համաձայն278Ղուկ. ԺԹ. 13:
Տեղ սահմանիր ինձ հանդարտ ջրի մոտ279Սաղմ. ԻԳ. 2,
Ամրացրո՛ւ իմ մեջ, անփոփո՜խ, հաստատուն վստահություն.
Կարգիր ինձ համար, օրհնաբանվա՛ծ, անկասկածելի հույսի ամրություն.
Տուր ինձ, ամենախնա՛մ, անաչառ պաշտպանություն,
Սասանյալիս՝ բարի անդորրություն,
Տարակուսյալիս՝ լուսո ապավինություն,
Ողբալուս՝ մեծ երջանկություն,
Վհատյալիս՝ կենաց օգնություն,
Լքյալիս՝ հաստատուն օժանդակություն,
Նահանջածիս՝ անսայթաք վերընթացություն:
Զի քոնն են բոլորն, ու դու ես տվիչն ամենայնի.
Եվ քո ձեռքով է բաշխվում այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեր կյանքի համար:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Բարձրյա՜լ անքնին, զորություն ահեղ,
Արարածոց տեր, երկնի թագավոր,
Հրեշտակների ստեղծող, հաստիչ հրեղենների,
Մտքի գոյարան, հոգու բարի պետ,
Ապավինման աջ, անվրդով հանգիստ,
Լույսի տեսարան, բերկրառիթ ճաճանչ,
Երանության ռահ, կյանքի շարժառիթ,
Բանականության սկզբնապատճառ,
Անչար փրկություն և խաղաղության շունչ ու առաջնորդ,
Ամրության պարիսպ, պահպանիչ պատվար,
Բոցե ցանկապատ անբավ օրհնության
Եվ անոխության չափանիշ, սահման,
Ողբերգության այս մատյանում գրված
Խոստովանական աղերսանքներով՝
Ի բարին հիշի՛ր մարդկային ազգից
Եվ նրանց, որոնք թշնամի են մեզ.
Տուր լիակատար քավություն, գթա՜ծ, ու ողորմություն։
Եվ իմ պատճառով, իմ հանդեպ տածած մեծ սիրուդ համար,
Մի՛ բարկացիր, տե՜ր, դու նրանց վրա՝
Իբրև սրբերին բամբասողների,
Այլ իբրև չարին նախատողների
Եվ արդարացի կշտամբողների՝
Ների՜ր դու նրանց հանցանքներն իրենց։
Եթե նրանց հետ քեզ ներկայանանք, ո՜վ արդարադատ,
Ոմանք մեր հանդեպ կարող են դուրս գալ պակաս հանցավոր
Եվ իրավացի, միգուցե, նաև մեզ բամբասելով,
Մինչդեռ քո հանդեպ իմ բազմօրինակ
Ուխտազանցությունն, ամենապարգև՜,
Անթիվ է, անբավ ու անկշռելի։
Բ
Արդ, տե՜ր, նայելով անարգիս՝ հիշի՛ր մեծությունը քո,
Եվ երբ քեզանից բարիքներ խնդրեմ ինձ ատողներին,
Նրանց համար էլ, որ քոնն են նույնպես,
Ըստ մեծությանդ, անճառելիներ հրաշագործի՚ր։
Ինձ խայթողներին մի՛ բնաջնջիր, այլ ուղղի՛ր միայն.
Հանելով խոտան բարքը երկրային՝
Արմատավորի՛ր առաքինություն իմ ու նրանց մեջ։
Մանավանդ չէ՛ որ դու լույս ես ու հույս,
Իսկ ես խավար եմ ու հիմարամիտ.
Դու՝ փառաբանված բարի իսկություն,
Ես՝ ամեն ինչով չար ու ապիկար.
Դու տնօրենն ես երկնի ու երկրի,
Ես իշխանություն իսկ չունեմ շնչիս ու հոգուս վրա.
Դու՝ բարձրյալ, առանց հոգս ու վշտերի,
Ես՝ տագնապահար ու տաժանավոր.
Դու՝ վեր երկրային բոլոր կրքերից,
Ես անարգ կավ եմ ու գարշելի հող.
Դու՝ հարամնա, ըստ մարգարեի,
Անհասանելի բարձունքիդ վրա,
Իսկ ես, ըստ նրա, կորստական եմ հավիտենապես.
Քո մեջ նենգություն ու խավար չկա,
Իսկ ես, որ ավանդն իմ չպահեցի, և՛ այս եմ, և՛ այն։
Դո՛ւրս բեր ինձ բանտից,
Արձակի՛ր բոլոր կապանքներն իմ այս,
Այս շղթաները պրկող՝ կտրատի՚ր,
Փրկի՛ր խեղդվելուց, վե՛րջ տուր տագնապիս,
Քանդի՛ր կապկպող երկաթներն այս ողջ,
Հա՛ն պաշարումից, տարակույսներիս վարմից ազատի՛ր,
Սփոփա՛նք տուր իմ տխրություններին, տանջանքիս անդորր,
Վիշտս փարատի՛ր, տվայտանքներիս խաղաղություն բեր,
Լացիս՝ ամոքում, հեծեծանքներիս՝ ապաքինություն,
Ողբ ու կականիս՝ դադար ու հանգիստ։
Տե՜ր ողորմության և պարգևատու ամեն քաղցրության,
Հզորիդ արյան գնով փրկվածիս
Անտես անելով իզուր մի՛ կորցրու.
Կանգնեցրո՛ւ ինձ, որ բազմավտանգ
Այս հիվանդությամբ ճարակված՝ մահվան ափին եմ հասել։
Գ
Ահա բարդվեցին ու կուտակվեցին
Կյանքիս տարիներն ընդունայն ու փուչ,
Քանզի այն օրից, երբ մորս արգանդի
Անդաստանից ես լույս աշխարհ եկա,
Ընձյուղված որպես մեղքի դժնիկ փուշ,
Եղա անպիտան.
Բայց դու մի՛ լինիր ինձ խոցող խայթոց,
Ինչպես երբեմն Հուդայի տոհմին
Եվ կամ Եփրեմի սերնդին եղար։
Երբ որ բարեսերմ ցորենի տեղ՝ միշտ
Հոգուս մեջ տնկած աճեցրի խայթող
Ընդարմացուցիչ ինքնաթույն խոտեր,
Ինչպե՞ս չկոչեմ անձն իմ գարշելի
Ու անիծաբեր անդաստան, խեղդված մեղքի փշերով։
Երբ արդարություն չսերմանեցի,
Օվսեի խոսքի համաձայն, ինչպե՞ս
Կարող եմ հնձել պտուղը կյանքի։
Թուլացավ ընկավ կուսական ստինքն անձիս մաքրության,
Ըստ մարգարեի, որ Իսրայելի մասին է ասել,
Բայց դու կարող ես վերականգնել, տե՜ր։
Վառված Հուդայի մոլեկան վարքով՝
Կամքիս մահիճը արձակ, ցոփությամբ
Բաց արի սեղեխ դևերի համար,
Բայց դու կարող ես նորից հավաքել՝
Վերադարձնելով նույն զգաստության։
Եթե մարմնական կցորդությունն այն մարգարեի հետ
Անարատ, անբիծ դարձրեց պոռնկին,
Հապա, փրկությո՜ւն, եթե հոգեպես դո՛ւ ինձ միանաս,
Պիտի կրկնակի ինձ մաքրագործես։
Եթե անկենդան արեգակն այս, որ
Հենց դո՛ւ ես որպես մի մատակարար ստեղծել երկրին,
Ճահճացեխերը ցամաքեցնում
Ու հասցնում է պտուղները խակ,
Հապա դու ինքդ, որ արարիչն ես
Ամեն գոյության ու Հոգին Աստծո,
Որքա՜ն ավելի կարող ես զազիր տիղմը չարիքի
Ու պիղծ մեղքերի մթերված թարախն իսկույն սպառել։
Ահա թե ինչու, խոսքիս ընթացքում,
Փութացի քեզնից՝ ինձ ատողներին նախ բարիք հայցել,
Որպեսզի մերժված վնասակարիս ու մահապարտիս
Հանկարծ հզորիդ ամենախնամ
Աչքից չձգես, օրհնյա՜լ գթություն.
Կենդանությո՛ւն տուր ամենամեղիս մարմնին ու հոգուն,
Որ կարողանամ մտքով լինել միշտ քո էության հետ;
Բարեգործներին բարիք խնդրելուն,
Բնության կարգով, հակամիտված է ամեն գոյություն,
Եվ ամեն հասակ այդ պատվերը քո
Ի վիճակի է, անշուշտ, կատարել,
Բայց նույն սիրով ու ջերմեռանդությամբ
Իրագործել և երկրորդն այն՝ արդեն
Նշանակում է նմանվել Աստծուդ.
Այդ պատճառով էլ գերադասեցի
Թշնամիներիս բարիք աղերսել,
Քան երախտավոր բարեկամներիս։
Դ
Մեկի փոխարեն կրկնակի՛ հիշիր նրանց,
բարերա՜ր,
Որ ընդունեցին անարժանիս քո վսեմ անունով.
Շնորհի՛ր նրանց, տե՜ր ամենառատ ու անոխակալ,
Վարձքը արդարի ու մարգարեի.
Թեպետև ինքս լիովին զուրկ եմ արժանիքներից,
Սակայն նրանք, ըստ իրենց հավատի
Եվ հուսապատար ակնկալության,
Մեղավոր գերուս նայում են բարի, ուղղամիտ կամքով,
Կարծելով հոգուս պահարանում ես
Ծածկույթի՛ ներքո ունեմ լիառատ
Սուրբ մասունքներից քո կենսապարգև։
Արդ, պատժապարտիս, որն անկարող է
Թաքնվել մեծիդ տեսողությունից
Եվ խուսափել քո կշեռքից ուղիղ ու անխաբելի,
Մոտենալով քո անսահմանորեն քաղցր գթությամբ՝
Մաքրի՛ր, որպեսզի տիեզերական
Մեծ դատաստանին ներկայանալիս չխայտառակվեմ։
Ինչպես հաճում են սիրելիներդ
Քո անվան համար ինձ՝ անարժանիս,
Վայելուչ շուքով պատվել՝ նայելով
Մաքուր զգեստիս բարեձևության
Եվ երանելի հաշվել եղկելուս՝
Անգիտակ գաղտնի իմ արատներին,
Դու էլ, ձեռնահա՜ս, ամենապարգև,
Օրհնյալ, մարդասեր և ամենողորմ,
Թշվառականիս հեծության համար՝
Հաշտվի՛ր նրանց հետ և, ըստ հավատի,
Վերջին հատուցման օրն այն ահավոր ու ամենափորձ
Ընծայի՛ր նրանց, տո՛ւր որպես պարգև մեծությունդ անեղծ
Ու պսակը քո հավերժ անթառամ։
Ե
Ստրուկիս համար ու սովատանջիս՝
Երաշխիքն ես դու փառքի, փրկության,
Անսպառելի, անհատ գանձերի,
Եվ շնորհներդ այդ շրջանակելով երկնքին ի շահ՝
Խոսքիդ զորությամբ՝ ճոխանում ենք մենք։
Տե՛ղ սահմանիր, տե՜ր, ինձ համար խաղաղ ջրերի ափին.
Ամրապնդի՚ր ինձ անխախտ, անվրդով մի վստահությամբ.
Հաստատի՛ր, օրհնյա՜լ, իմ մեջ անկասկած,
Աներկբայելի հույսի ամրություն.
Պաշտպանի՛ր աջովդ ամենախնամ.
Սասանվածիս տո՛ւր անխռով անդորր,
Տարակուսյալիս՝ լույսի ապավեն,
Բազմաչարչարիս՝ մեծ երջանկություն,
Հուսահատվածիս՝ օգնություն կյանքի,
Լքվածիս՝ անեղծ օժանդակություն
Ու նահանջածիս՝ վերընթացություն անսայթաքելի։
Քանի որ դու ես տերն ամենայնի,
Եվ ամենայն ինչ քեզնից է միայն.
Քո ձեռքն է բաշխում այն բոլորն, ինչ որ
Հավաստի պետք է ամեն մի կյանքի.
Եվ քեզ վայել է փա՜ռք հավիտենից հավիտյանս.
ամեն։