ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, քանզի առ բարձրեալն Աստուած յաւդաւորական շրթամբք կարդաս,
Որ գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի,
Որ յԵգիպտոս միշտ ունիս զսրտիդ զդարձն,
Զի՞նչ աւրինակ առ այս քեզ նմանագոյն եւ յարմարական
Աստանաւր եդից, անձն իմ պարտաւոր:
Պատժակիցս կործանեցելոյն Սոդոմայ,
Ըմբերանեալ դատախազս Նինուէի,
Անարի բարբարոսս, քան զտիկինն հարաւային,
Վատթարագոյնս, քան զՔանան,
Յամառեցեալս, քան զԱմաղէկ,
Անբժշկականս քաղաք դրաւշելոց,
Նշմար մնացեալ ապստամբութեան հինն Իսրայելի,
Յիշատակարան պահեալ ուխտազանցութեանն Յուդայ:
Կշտամբեալս գեր, քան զԾուր,
Տարամերժեալս, քան զԾայդան,
Խորթաբարոյս, քան զԳալիլեա,
Աններելիս, քան զանհաւանն Կափառնաում,
Պարսաւեցեալս իբր զՔորազին,
Բամբասեցեալս ընդ Բեթսայիդայ,
Անպարկեշտ ծաղկեցեալ ալիքս Եփրեմի,
Աղու աղաւնիս միշտ յիմարութեամբ, այլ ոչ հանդարտութեամբ,
Ի կորեանց առիւծուց անձնական աւձս եղեռնային,
Կերպս ձուոց քարբից` լցեալ ժանտութեամբ,
Պատկերս վերջին հարուածոցն Երուսաղեմի,
Ըստ բանին տէրունի եւ տեսանողացն ձայնի:
Տաղաւարս մերժեալ` հասեալ ի կործանումն,
Խորտակեալ դրացս վստահարան,
Եւ կրկին ծրդեալ շինուածս խաւսուն,
Թողեալ ժառանգութիւնս յարմարական,
Մոռացեալ տունս աստուածակերտ,
Ըստ բանից նախագրեցելոցն Մովսեսի, Դաւթի եւ Երեմիայ,
Յարկս բանական` ունողս բորոտութեան,
Հարուածեալ խրատու քերմանն, աւրինիւ կազդուրեալ,
Աւծեալ կաւովն` ողոքական հեզութեամբն,
Անճարակ գտեալ ելս հնարից,
Քակտեալ վերստին ձեռամբ շինողին,
Արտաքս ընկեցեալ իրաւացի հատուցմամբ
Հրամանաւ հզաւրին` ի տեղի անսուրբ,
Հերքեալ, տարագրեալ խտրոցաւ մեծաւ` ամենայնիւ առանց խնայելոյ,
Ծածկեալ դրամս յերկրի չարեաց,
Ըստ աւանդակորոյս ժխտողին, որ յԱւետարանին ցուցանի:
Բ
Այլ դու, Աստուած,
Աստուածդ հոգւոց եւ ամենայն մարմնոց`
Ըստ դաւանելոյ աստուածաշնորհին,
Երկայնամիտ եւ բազումողորմ`
Ըստ սրբոյն Յովնանու ձայնին,
Շնորհեա կատարել ի քոյդ հաճութիւն, աւրհնեալդ կամաց,
Զսկզբնաւորեալ մատեան մաղթանաց այսր ողբերգութեան:
Եւ ընդ լալով սերմանել բանիս,
Ի նախընթաց չուս աստիճանաց աւթեվանացս պատրաստութեան,
Ի կատարածն ժամանելոյ հաւաքման հնձոցն`
Դարձայց բերկրեցեալ լրութեամբ քաւութեան`
Պտղոյն երանութեան որայիցն բարութեան:
Մի տացես ինձ արգանդ սրտի անորդի, իբր Իսրայելի,
Եւ ստինս աչաց ցամաքեալս, ով ամենագութ:
Լուր բանական մաղթողիս, հզաւր եւ ողորմած,
Նախ քան երկնի, եւ երկին` երկրի,
Եւ նա` ցորենոյ եւ գինւոյ եւ ձիթոյ, եւ նոքա` Յեզրայելի,
Եւ երկնաւորացն աղերս, որ առ քեզ,
Հոգւոյս ազդեսցէ, քան թէ տարերաց ապականացուաց:
Դու` ստեղծիչ, եւ ես` կաւ,
Բաց տարակուսելոյս, ի մուտս մաղթանաց այսր հեծութեան,
Կամս քաղցրութեան` զաւրանալ աստէն,
Զի մի ի բանալ վերնայինն երկնի,
Անընտիր գտեալ կրթութեան վայելման լուսոյ,
Իբր զնիւթ մոմոյ սպառեցայց` ջնջեալ ի միջոյ:
Ոգի` զրկելոյս, ըստ մաղթանաց գոչման ասողին,
Եւ ոյժ` թալկացելոյս եւ կեանք` մաշելոյս մտացս խղճիւ,
Այլ ոչ տաժանմամբ կրից աշխատութեամբ զքեզ խնդրելոյ:
Առ զաւանդ մաղթանացս եւ տուր զողորմութիւն քո շնորհացդ,
Ընկալ զփոքրս ի տկարէս եւ շնորհեա զմեծդ առ ի հզաւրէդ,
Զաւրացո զբանս զղջման` առաքեալ ի մեզ զՀոգի ի բարձանց,
Աստուածաշունչ պատգամաւքս ի սմին եդելոցս:
Պարգեւեա, բարերար, զառակն Եսայեայ լուսաւորել առ ճշմարտութիւնն,
Մատուցանելով մահու արժանոյս,
Ընդ պղնձոյս գոյի անարգս ձայնի` ինձ ոսկի շնորհի,
Ընդ անզարդութեան երկաթոյս սեւութեան գունոյս`
Պղինձ պճնելի` ցոյցք առաքինութեան, հրաշեկ Լիբանանու:
Գ
Ընդէ՞ր կարծրացուցանես զսիրտ եղկելոյս
Չերկնչել ի քէն, անճառ եւ ահաւոր:
Մի եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Մի լիցի ինձ երկնել, եւ ոչ ծնանել,
Ողբալ, եւ ոչ արտասուել,
Խորհել, եւ ոչ հառաչել,
Ամպել, եւ ոչ անձրեւել,
Ընթանալ եւ ոչ հասանել,
Ինձ ձայնել, եւ քեզ ոչ լսել,
Պաղատիլ, եւ անտես մնալ,
Կողկողիլ, եւ ոչ ողորմիլ,
Աղաչել, եւ ոչ ինչ աւգտել
Զոհել, եւ ոչ ճենճերել,
Զքեզ տեսանել, եւ դատարկ ելանել:
Լուր ինձ նախ քան զկարդալս իմ առ քեզ, միայնդ հզաւր,
Մի զանվճար տանջանացն տոյժս`
Ընդ թուով աւուրց մեղաւք կեցելոյս`
Չարագործիս ինձ հատուցանել:
Դ
Կեցո զիս, գթած, լուր ինձ, ողորմած,
Մարդասիրեա, ներող, խնայեա, երկայնամիտ,
Պաշտպանեա, ապաւէն, բարերարեա, հզաւր,
Ազատեա, ամենակալ, կենագործեա, նորոգող,
Վերականգնեա, ահաւոր, լուսաւորեա, երկնային,
Բժշկեա, հնարաւոր, քաւեա, անքնին,
Պարգեւատրեա, առատ, շնորհազարդեա, աննախանձ,
Հաշտեաց, անախտակիր, ընկալ, անոխակալ,
Սրբեա ի պարտեաց, աւրհնեալ:
Եթէ յառեցից զաչս իմ,
Նայեցեալ ի հայեցուածս երկուց վտանգից յաւուր թշուառութեան,
Զքոյդ տեսից փրկութիւն, յոյս եւ խնամակալ:
Եթէ նկատեալ դիտեցից ի վեր յամենագրաւ ուղին սոսկալի,
Հրեշտակ քո խաղաղութեան քաղցրութեամբ ինձ պատահեսցէ:
Ցոյց ինձ, տէր, ի յելիցն աւուր շնչոյս արձակման,
Մաքրութեան ոգի` լուսով ամբարձեալ ի յերկնաւորացն երջանկաց,
Պարգեւաւք սիրոյ քոյ եկեալ հասեալ:
Ի յարդարոցն կատարելոց` կարեաց ինձ կցորդ ժամանեցուսցես,
Զանակնկալն բարի` չարիս ի յուսահատութեանն աւուր շնորհեսցես:
Քա~ւ լիցի քեզ, բարեբանեալ, որ փրկութիւնդ ես ամենայնի,
Եթէ ախտացեալս քո ոչխարի գազան դժնդակ տացես ուղեկից,
Մեղաւք մեռելոյս` անախտ կեանք,
Կործանելոյս պարտեաւք` փրկութիւն:
Ե
Արդեւք մոռացի՞ս զբարերարելդ, ակնկալութիւն,
Անտեսեսցե՞ս զգթասիրելդ, խնամող,
Այլայլեսցե՞ս զմարդասիրելդ, անփոփոխ,
Նահանջեսցե՞ս զկենագործելդ, անվախճան,
Թողուցո՞ւս զողորմութեանդ երջանիկ պտուղ,
Աղաւաղեսցե՞ս զքաղցրութեանդ բարեշնորհ ծաղիկդ,
Անպատուեսցե՞ս զնիւթ պանծանաց քումդ ճոխութեան,
Յեղանակեսցե՞ս զփառս հերաց քումդ բարձրութեան,
Ո՞չ պահեսցես զվայելչական զարդ պայծառութեան քումդ պսակի:
Եթէ ողողմածացն է երանութիւն,
Իսկ դու` բնաւ իսկ արքայութիւն, լցեալ փափագմամբ,
Ո՞չ զբոլորն պարգեւեսցես փրկութիւն,
Ո՞չ մատուցանիցես դեղ վիրացս,
Ո՞չ սպեղանիս` խոցուածոյս,
Ո՞չ դարման` տկարութեանս,
Ո՞չ ծագեսցես լոյս ի խաւարի` յուսացելոյս ի քո զաւրութիւնդ,
Կենաց պարգեւդ տիեզերաց:
Որ միայնդ ունիս փառս ինքնութեամբ, իսկութեամբ
Եւ յարակայ մշտնջենաւորութեամբ` վկայեալ ի բնաւից,
Աւրհնեալ եւ փառաւորեալ յերիս յաւիտեանս,
Եւ անդր քան զպայման սահմանի իմանալեացն յաւիտենից:
Ամէն:

Բան Բ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Քանզի մարմնավոր շուրթերով, ահա՛, ուղերձ ես կարդում բարձրյալ Աստծուն,
Որ գործերով է գրավվում միայն և չի կաշառվում բանաստեղծությամբ,
Եվ քո սրտի մեջ նայում ես դու միշտ դեպի Եգիպտոս,
Համապատասխան քեզ ի՞նչ օրինակ դնեմ ես այստեղ, անձ իմ հանցավոր:
Պատժակից եմ ես քանդված Սոդոմին,
Պապանձված դատախազն եմ Նինվեի,
Սոսկալի բարբարոս՝ ավելի, քան տիկինն հարավային,
Քանանից վատթար ավելի և Ամաղեկից համառ,
Կուռքերի քաղաք անբժշկելի7Երեմ. ԾԱ. 9,
Հին Իսրայելի ապստամբության մնացած բեկոր,
Հիշատակարան պահված՝ Հուդայի ուխտազանցության8Երեմ. Գ. 11:
Կշտամբված եմ ես ավելի, քան Ծուրը Եվ Ծայդանից ավելի տարամերժված.
Խորթաբարո ավելի, քան Գալիլիան,
Եվ քան անհավատ Կափառնայումն աններելի9Մատթ. ԺԱ. 23-24. Պարսավված եմ ես, ինչպես Քորազինը և
Բեթսայիդայի հետ բամբասված.
Անպարկեշտության մեջ սպիտակած մազերն եմ
Եփրեմի10Ովսեե Է. 9.
Աղավնու նման մեղմ եմ ես՝ հիմարությամբ և ո՛չ հեզությամբ11Ովսեե Է. 11.
Օձ եմ ես բանավոր եղեռնական՝ առյուծի կորյուններից ծնված12Եսայի Լ. 6.
Ժանտությամբ լցված քարբի ձվերի կերպարանքն ունեմ13Եսայի ԾԹ. 5,
Պատկերն եմ ես Երուսաղեմի վերջին հարվածների,
Ըստ գուշակության տեսանողների և տերունական խոսքի համաձայն:
Կործանման հասած մերժված տաղավար եմ ես,
Կրկնակի ներկված շինվածք եմ խոսուն՝
Խորտակված դռան ջարդված փականքով:
Ժառանգություն եմ վայելուչ թեև, սակայն և
թողնված, Մոռացված տուն եմ աստվածակերտ,
Ինչպես ասել են Մովսեսը, Դավիթն ու Երեմիան:
Բորոտությամբ վարակված բանական մի տուն
եմ ես՝ Ապաշխարության խրատին ենթարկված,
Օրենքով նորոգված և ծեփված կավով՝ ողոք հեզության,
Բայց ճարահատված այլևս բուժման մի ելք գտնելուց՝
Շինողի ձեռքով լրիվ քանդըված,
Եվ հրամանով Հզորի, իբրև արդար հատուցում,
Դուրս նետված անսուրբ մի վայր՝ անխնա,
Հեռու վտարված և տարագրված14Հմմտ. Ղևտ. ԺԴ. 35-46:
Հողի տակ թաղված դրամն եմ անպետ՝
Ավետարանի ավանդակորույս ուրացողի քանքարի նման15Մատթ. ԻԵ. 24-25:

Բ

Սակայն դու, ո՜վ Աստված,
Աստվա՛ծ հոգիների բոլոր ու մարմինների,
Աստվածաշնորհ Մովսեսի դավանությամբ,
Եվ ըստ ձայնի երկայնամիտ ու բազումողորմ
սուրբ Հովնանի,-

Տուր ինձ ուժ, որպեսզի քո օրհնյալ կամքին ի
հաճություն Կարողանամ ավարտել աղոթամատյանն այս ողբերգական,
Որ սկսել եմ ես ահավասիկ:
Եվ մինչ արցունքով եմ սերմանում խոսքերս
Մեզ համար պատրաստված օթևաններդ տանող Ճանապարհի վրա ոտք դրած պահին այս իմ, Թող որ, երբ հասնեմ հունձքն հավաքելուն՝
Դառնամ բերկրալից ու երջանիկ և լիովին քավված՝
Բարի օրանների երանական արդյունքով:
Մի՛ տար ինձ սրտի արգանդ անորդի Իսրայելի պես,
Եվ ոչ էլ ցամքած ստինքներ աչքի, ո՜վ ամենագութ:
Լսի՛ր բանական աղաչավորիս, հզո՛ր ողորմած,
Նախքան երկնքին, երկինքը՝ երկրին, երկիրը՝
գինուն, ցորենին, ձեթին, Եվ սրանք բոլորն էլ Իսրայելին16Ովսեե Բ. 21-22՝ ի՛նձ լսիր. Երկնավորների աղերսը առ քեզ՝
Թող ազդի հոգուս, քան թե տարրերին ապականացու:
Ստեղծիչ ես դու, և ես ինքս՝ կավ.
Հեծեծագին այս աղոթքներիս նախամուտքում. Հայտնի՛ր, գթառատ, քաղցր կամքըդ ինձ՝ տարակուսյալիս,
Որպեսզի այստեղ, երկրի վրա իսկ զորանամ ես,
Եվ, երբ որ բացվի երկինքը վերին,
Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ, անընտել՝
Մոմի պես հալվեմ, սպառվեմ իսպառ, ջնջվեմ մեջտեղից:
Սիրտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է գոչել աղոթքով17Ովսեե Բ. 21, Զաք. Ը. 12,–
Ուժ՝ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից,
Եվ ո՛չ անձկությամբ ու չարչարանքով քեզ որոնելուց:
Ա՛ռ մաղթանքներիս ավանդն այս և տուր ողորմությունը քո շնորհների:
Ընդունիր դու այս փոքրը տկարիցս և շնորհիր մեծը հզորիդ կողմից:
Զղջումիս խոսքերն արա՛ զորավոր, մեզ ուղարկելով Հոգիդ բարձունքից,
Պատգամներով այն աստվածաշունչ, որոնք դրել եմ ես այս գրքիս մեջ:
Հաճի՛ր, բարերար, լուսավորելով ճշմարտապատում առակն Եսայու,
Մատուցելով ինձ՝ մահվան արժանուս
Գոյությանս անարգաձայն պղնձի փոխարեն՝ շնորհիդ ոսկին՝
Անզարդ, սևաթույր երկաթի տեղակ՝ հրաշեկ պղինձը Լիբանանի18Եսայի Կ. 17,
Որ օրինակ է առաքինության,
Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահավոր,
Որ չթափանցի երկյուղդ այնտեղ:
Թող որ չլինեմ ես անպտուղ՝ փոքր այս վաստակիս մեջ՝
Անբերի հողում, իզուր, ապարդյուն սերմանողի պես:
Չլինի, որ երկնեմ ես, և չծնեմ,
Ողբամ՝ և չարտասվեմ, խորհեմ՝ և չհառաչեմ,
Ամպեմ, և չանձրևեմ, ընթանամ՝ և չհասնեմ,
Ես ձայն տամ, և դու չլսես, պաղատեմ՝ և անտես մնամ,
Կողկողեմ՝ և ինձ չողորմես, աղաչեմ՝ բայց ոչինչ շահեմ,
Զոհ մատուցեմ, և չմխամ,
Տեսնեմ քեզ՝ և դատարկ դուրս գամ:
Դեռ քեզ չդիմած՝ լսիր ձայնս դու, ո՜վ միայն հզոր:
Մեղքերով ապրած օրերիս չափով
Տանջանքի տուգանք վճարել մի՛ տա ինձ՝ չարագործիս:
Փրկիր ինձ, գթած, լսիր, ողորմած,
Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,
Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապավեն,
Բարերարիր, հզոր, ազատիր, ամենակալ,
Կյանք տուր, նորոգող, վերականգնիր, ահավո՛ր,
Լուսավորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս,
քավի՛ր, անքնին, Պարգևատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ,
Հաշտվիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ,
Ջնջիր պարտքերս, օրհնյա՜լ:
Երբ հասնի վերջին օրս թշվառ,
Եվ ես հառեմ աչքերս տեսնելու վտանգները կրկնակի,
Քո փրկությո՜ւնը տեսնեմ թող, հո՜ւյս և խնամակալ:
Եվ երբ ուշադիր նայեմ դեպի վեր՝ ամենագրավ ճամփին սոսկալի,
Խաղաղության հրեշտակդ թո՛ղ քազցրությամբ հանդիպի ինձ:
Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցույց տուր ինձ դու, Տե՜ր,
Երկնավորներից եկած երջանիկ, մաքուր մի ոգի,
Որ լուսաթռիչ՝ ի՜նձ հասնի՝ սիրուդ պարգևը առած:
Հասցրու ինձ նույնպես կարեկից մի՝ մեռած արդարներից.
Հուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգևիր:
Քա՜վ լիցի, թե դու, ո՛վ բարեբանյալ, որ փրկությունն ես բոլորի,
Հիվանդ ոչխարիս դժնդակ գազան և մի տաս ուղեկից.
Պարգևիր վերին կյանք անապական՝ մեղքով մեռածիս,
Եվ փրկություն՝ պարտքերի տակ կործանվածիս:

Գ

Մի՞թե պիտի մոռանաս բարերարելդ, ո՜վ ակնկալություն,
Պիտի անտեսե՞ս գթասիրելդ, ո՜վ խնամող.
Պիտի փոփոխե՞ս մարդասիրելդ, ո՜վ անփոփոխ.
Պիտի նահանջե՞ս կենսագործելուցդ, անվախճա՜ն.
Պիտի թողնե՞ս ողորմությունդ, երջանի՛կ պտուղ.
Պիտի աղավաղե՞ս բարեշնորհ ծաղիկը քո քաղցրության.
Պիտի անպատվե՞ս նյութը պանծալի քո հարստության.
Պիտի պակասեցնե՞ս փառքը վարսերի քո բարձրապանծ19Ա. Թագ. ԻԶ. 19,
Պիտի չպահե՞ս պսակիդ պայծառ զարդը վայելուչ:
Եթե ողորմածներին է երանությունը,
Եվ դու, որ համակ արքայություն ես սիրով լիուլի,
Մի՞թե չպիտի պարգևես դու քո փրկությունն ամբողջ.
Դեղ չդնե՞ս պիտի իմ վերքերին
Եվ սպեղանի՝ խոցվածներիս և տկարությանս՝ դարման չպիտի՞ տանես,
Պիտի չծագե՞ս լույս՝ խավարի մեջ –
Ինձ, որ զորությանդ վրա եմ միայն իմ հույսը դրել,
Տիեզերակա՛ն դու կենսապարգև:
Դո՛ւ միայն ունես փառք իսկ ի բնե, մշտնջենապես,
Եվ արարածներն համայն առհավետ վկայում են այդ:
Օրհնված ես դու և փառավորված հավիտենության մեջ եռապատիկ
Եվ իմանալի հավիտյանների սահմանից էլ վեր՝ Միշտ ու միշտ. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, երբ սրտիդ մեջ շարունակ պահած 
Բաղձանքը դարձիդ դեպի Եգիպտոս՝ 
Խոսքով, հոդավոր շուրթերով ես լոկ 
Ուղերձներ կարդում բարձրյալ Աստծուն, 
Որը գործով է գրավվում միայն 
Եվ չի կաշառվում բանաստեղծությամբ, -
Քեզ հարմար, նման ի՞նչ օրինակներ 
Բերեմ ես այստեղ, ա՜նձն իմ հանցավոր։
Պատժակից ես դու ավեր Սոդոմին, 
Լալկված՝ Նինվեի դատախազի պես,
Բիրտ ու բարբարոս շատ ավելի, քան տիկինն հարավի,–
Քանանից վատթար և Ամաղեկից համառ, կամակոր, 
Կուռքերի քաղաք անամոքելի, 
Հին Իսրայելի ապստամբության ողբալի բեկոր, 
Հիշատակարան պահված՝ Հուդայի ուխտազանցության։
Հանդիմանված ես Ծուրից ավելի, 
Ծայդանից էլ խիստ լքված, տարամերժ, 
Գալիլիայից՝ խարդախաբարո, 
Անհավատ ու պիղծ Կափառնաումից՝ անարժան ներման,
Պարսավելի ես Քորազինի պես, 
Բեթսայիդայի հետ՝ նախատելի, 
Եփրեմի ճերմակ մազերն ես, ծաղկած անպարկեշտությամբ։ 
Մեղմաբարո ես, ինչպես աղավնի, 
Բայց ոչ հեզությամբ, այլ հիմարությամբ, 
Օձ ես բանական, առյուծից սերված եղեռնական օձ. 
Տեսքով՝ քարբի ձու, ժանտությամբ լցված։
Երուսաղեմի վերջին ավերման կերպարանքն ունես,
Ըստ տիրոջ խոսքի, մարգարեների կանխատեսության. 
Խորտակված դռնով ու փականքներով՝ 
Կործանման հասած մի տաղավար ես, մերժված ու լքված,
Բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն,
ժառանգություն ես թեև վայելուչ, սակայն բարձիթող,
Աստվածակերտ տուն, սակայն մոռացված,
Մովսեսի, Դավթի ու Երեմիայի
Նախագրական խոսքի համաձայն.
Բանական շենք ես, որ վարակված է ժանտ բորոտությամբ,
Ենթարկված իսպառ քերվելու պատժին,
Ապա կազդուրված նորից օրենքով
Ու ծեփված կավով ողոք հեզության,
Բայց չենթարկվելով բուժման որևէ ճար ու հնարքի՝
Կրկին ավերված շինողի ձեռքով
Եվ, հրամանով ամենազորի, արդար հատուցմամբ, 
Դուրս նետված, քշված ու տարագրված հեռու, շա՜տ հեռու,
Անողոքաբար ձգված անսուրբ տեղ։
Դու այն դրամն ես, որ թաղվեց հողում 
Ավետարանի ավանդակորույս դրժողի ձեռքով։

Բ
Լսի՛ր ինձ, Աստվա՜ծ, 
Աստվա՜ծդ ամենայն մարմնի ու հոգու, 
Ըստ դավանության տիրաշնորհի, 
Ըստ սուրբ Հովնանի, բարեմիտ, գթած ու բազումողորմ,
Շնո՛րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ՝
Սկզբնավորված աղերսամատյանն 
Այս ողբերգության հասնի ավարտին։
Եվ մինչ այժմ, երր ես ոտք եմ դրել այն ճանապարհին, 
Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ, 
Արցունքներով եմ խոսքս սերմանում, 
Երբ հասնի ժամը հնձի հավաքման, 
Թող որ կատարյալ քավությամբ դառնամ գոհ ու բերկրայից՝
Ընտիր խրձերի երջանիկ բերքով։
Չտա՛ս ինձ սրտի անորդի արգանդ, Իսրայելի պես,
Ո՛չ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո՜վ ամենագութ։
Լսի՛ր բանական աղաչավորիս, հզո՜ր ողորմած, 
Նախքան երկնքին, երկինքը՝ երկրին, 
Եվ սա՝ ցորենին, ձեթին ու գինուն, 
Իսկ սրանք բոլորն էլ՝ Իսրայելին. 
Երկնավորների աղերսն, ուղղված քեզ, 
Թող որ ավելի ազդի իմ հոգուն, 
Քան թե տարրերին ապականացու։
Դու ստեղծող ես, իսկ ես՝ միայն կավ» 
Տարակուսածիս այս հեծեծագին
Աղերսանքների սկզբի՛ց հայտնիր կամքդ բարեգութ, 
Որ կարողանամ զորանալ այստեղ,
Որպեսզի, երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի, 
Չլինի՜ հանկարծ, լույս վայելելուն անվարժ, անընտել,
Մի մոմի նման հալվելով իսպառ ջնջվեմ մեջտեղից։ 
Սի՛րտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է գոչել աղոթքով, 
Ուժ՝ թալկացածիս և կյանք՝ մաժվածիս խղճի խայթերից,
Ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց.
Ա՛ռ ավանդն իմ այս աղերսանքների 
Եվ ողորմության շնորհնե՛րդ տուր. 
Ընդունի՛ր փոքրն այս տկարիցս 
Եվ հզորիցդ մե՛ծը ընծայիր. 
Զորավո՛ր դարձրու խոսքերս զղջման՝ 
Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝ 
Քո աստվածաշունչ այն պատգամներով, 
Որ զետեղել եմ այս մատյանի մեջ։
Լուսավորությամբ քո ճշմարտելով առակն Եսայու՝
Հաճի՛ր, բարերա՜ր պարգևել մահվան արժանավորիս՝ 
Իմ անարգաձայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին, 
Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝ 
Հրաշեկ պղինձն այն Լիբանանի, 
Որ օրինակն է առաքինության։
Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահավոր.
Որ չթափանցի երկյուղդ այնտեղ։
Թող որ անվաստակ չմնամ փոքր իմ այս աշխատանքից,
Ինչպես զրաջան սերմնացան՝ ամուլ, ամբերրի հողի, 
Թող չպատահի ինձ հանկարծ՝ երկնել, սակայն չծնել,
Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել, 
Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել, 
Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես, 
Պաղատել, սակայն անտեսված մնալ, 
Կողկողել, սակայն դու չողորմես, 
Աղաչել քեզ, բայց չշահել ոչինչ, 
Զոհեր մատուցեյ, բայց չճենճերել, 
Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ։ 
Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր.
Մեղքերով ապրած օրերիս չափով 
Անվճար թողած տույժն՝ հանցապարտիս 
Նոր տանջանքներով վճարել մի՛ տուր։ 
Փրկի՛ր ինձ, գթա՜ծ, լսի՛ր, ողորմա՜ծ, 
Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ, 
Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ, 
Պաշտպանի՚ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն, 
Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր,
Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ, 
Բուժի՛ր, ձեռնհա՜ս, քավի՛ր, անքնի՜ն, 
Պարգևի՛ր, առա՜տ, շնորհազարդի՛ր, ամենազեղո՜ւն, 
Հաշտվի՛ր, անարա՜տ, ընդունի՛ր, անո՜խ, 
Մաքրի՛ր պարտքերից, ո՛վ ամենօրհնյալ։ 
Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ
Ինձ սպառնացող զույգ վտանգներին, 
Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո՛ւյս ու խնամակալ.
Եթե հայացքս դեպի վեր հառած՝
Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի,
Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով։
Վերջին օրը, տե՜ր, շունչս արձակելիս, 
Ցո՛ւյց տուր երկնային երջանիկներից 
Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի, 
Որ հասնի ինձ մոտ սիրուդ պարգևով. 
Նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրո՛ւ.
Հուսահատ օրս չարագործիս, տե՜ր, 
Քո անակնկալ բարին շնորհի՛ր։
Ո՜վ բարեբանյալ փրկիչ բոլորի, 
Հիվանդ ոչխարիս որպես ուղեկից 
Չլինի՜ որ տաս դժնդակ գազան.
Մեղքով մեռածիս պարգևի՚ր, գթա՜ծ, անապական կյանք 
Ու կործանվածիս ծանր պարտքերից՝ փրկությունը քո։

Գ

Պիտի մոռանա՞ս բարերարելդ, ակնկալությո՜ւն.
Գթասիրելդ պիտի անտեսե՛ս, ո՜վ խնամակալ. 
Պիտի այլայլե՞ս մարդասիրելդ, անխոտորելի՜ .
Կենագործելուց պիտի ե՞տ կանգնես, անվախճանակա՜ն.
Պիտի ձե՞ռ քաշես ողորմությունից, երջանի՜կ պտուղ.
Աղարտե՞ս պիտի ծաղիկը խնկլալ
Ու բարեշնորհ՝ մեծիդ քաղցրության.
Պիտի անպատվե՞ս քո հարստության նյութը պանծալի.
Մթագնե՞ս պիտի փառքը վարսերի քո վսեմության. 
Պիտի չպահե՞ս վայելուչ զարդը պայծառ պսակիդ։
Եթե երանին ողորմածներն են միայն ստանում, 
Հապա դու, դո՜ւ, որ արքայություն ես համակ, սիրով լի,
Մի՞թե կատարյալ փրկություն պիտի ինձ չպարգևես, 
Չմատուցե՞ս ո՛չ դեղ իմ վերքերին, 
Ո՛չ խոցվածքներիս՝ բուժիչ բալասան
Եվ ո՛չ էլ դարման՝ տկարությանս. 
Չպիտի՞ ծագի լույսդ խավարում՝ 
Զորությանդ լոկ ապավինածիս, 
Ո՛վ կենսապարգև համայն տիեզերքի, 
Կրո՜ղդ միակ ինքնագո անանց 
Մշտնջենական ճշմարիտ փառքի, 
Օրհնյա՜լ, փառավոր երիցս հավիտյան 
Եվ իմանալի հավիտենության 
Սահմաններից էլ դեռ այն կողմ, ամեն։