ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, քանզի բազմացուցի պայմանաւ բանիս
Զաղէտ տագնապի հեծութեան ձայնիս
Մեծ հառաչանացս անսփոփելի իմոյս վտանգի,
Զի դու, ողորմած, սկզբնահայրդ խոստովանութեան անյայտ ծածկութից,
Որդի Աստուծոյ կենդանւոյ Տէր Յիսուս Քրիստոս,
Քաղցրութեամբ նացեսցիս քաւել:
Արդարեւ կարող ես, ճշմարտապէս բաւական ես,
Եթէ կամիս, հնարաւոր ես,
Կամիս առաւելապէս, որպէս եւ կարես:
Հարստանաս մեծապէս ընդ տալն, քան եթէ ընդ առնուլն,
Բազմանան քեզ գանձք ի ցրուելն, քան ի ժողովելն,
Յաճախեն ստացուածք քո ի սփռելն, քան ի ճշդելն,
Կուտին քեզ համբարք ի տարածանելն, քան ի շտեմարանելն:
Հաւատամ այսմ ամենայնի` գտանել քեւ ելք փրկութեան,
Հաւատամ անարգս ընդ պատուականին,
Յուսամ ընդ Աբրահամու եւ ընդ Աննայի,
Զի մինն բանիդ քո հաւատաց,
Եւ միւսն քահանայապետին բարբառոյ անսաց,
Վասն որոյ եւ ոմն ի խորին ծերութեան
Անհամար որդւոց հայր հաստատեցաւ,
Զառանցեալն եւ զամուլն արգանդ Սառայի
Անդաստան պտղածին արդեան աւրհնութեան
Բազում ժողովրդոց` մարգարէից սրբոց
Եւ թագաւորաց ընտրելոց հայել յուսացաւ,-
Իսկ միւսն զանհանդերձելի երկիր որովայնին սենեկի
Եւթնեակ զաւակաւք բարգաւաճեցոյց,
Որ է թիւ մի անբաւութեան` զբնաւն նշանակելոյ զէութիւն,
Աստուածութեանն յարակայութեան սահման անհետազաւտելի
Եւ աւազանին նորածին որդւոց անհատ յորդութիւն:
Այս թիւ պանծալի, որում ոչ է կէտ կցորդի եւ ոչ սպառուած վախճանի,
Այլ կոյս ոմն է` ուրոյն ընտրութեամբ նուիրեալ յաւէտ
Անճառ վիճակաւ համայն յաւիտենիւ,
Դժուարաթարգմանելի մերոց իմաստից:
Բ
Արդ, համարեա յարդարութիւն անյուսալի փրկութեան հոգւոյս
Զամենավարան ձայն կողկողանաց սրտիս հեծութեան`
Ընդ նախագրելոցն երջանկաց եդեալ եւ դասեալ
Զայս դաւանութիւն փոքր հաւատոց իմոյս խնդրուածոց,
Զի կեցից եւ ես առ նոքաւք` բերկրեալ ընդ նոսին,
Բուռն հարեալ քան զիմոց գործոց` զքոյդ շնորհաց:
Մանաւանդ զի կրկին բարձունք են եւ փառաւորք
Եւ քան զչափ կշռութեան բանի գերագոյնք,
Իմումս խռովութեան հաշտարանք եւ հզաւրապէս քաւարանք,
Եւ կարծեաց թերութեան մտաց սլացեալք,
Ընդ արեան քոյ ահաւորի եւ ըստ մարմնոյ ծնողք քո խնկելի`
Պարք առաքելոցն, դասք մարգարէիցն,
Գունդք մարտիրոսացն, ձիաւորեալքն հետեւակ`
Սպառազէն արիութեամբ, մերկամարտիկն մրցութեամբ,
Գումարք միանձանց, բոյլք բանականաց ընտրելոց,
Ժողովք բարեկրաւնից, հոյլք հոգեղինաց յերկրէ երկնաւորաց,
Զինուորութիւնք վերնականաց ընդ մեզ կցորդելոց,
Աւանդք երախայրեաց, մատուցմունք զուարակաց, լուցմունք ղամբարաց,
Բուրմունք խնկոց` իւղոց հանդերձանաւք,
Յաղթանակք փրկական նշանաց,
Կառուցմունք խորանաց աստուածաբնակաց,
Ձեռք քահանայից շնորհիւ կատարելոց:
Գ
Առ շարժումն անձին` յիշատակ Աստուծոյ,
Առ փոփոխումն գարշապարի,
Առ կարկառումն աջոյ եւ ամբարձումն բազկի,
Առ բարիս` գոհութիւն, եւ առ գթել` աղաչանք,
Առ բանս ընտանիս, առ խաւսս հասարակաց,
Առ ձայնս բնաւորականս, առ գործոց յաջողուածս,
Առ առաքինութեան ջերմութիւնս,
Որ ի տուընջեան եւ ի գիշերի`
Ընթացմունս աւգտակարաց հոգեւորաց` քեւ առաջնորդեալք,
Ի նիրհել եւ ի զարթնուլ,
Ի պատերազմի ազգաց, ի մարտս դիւաց,
Ի հակառակութիւնս հերձուածողաց,
Առ փոքունս, առ մեծամեծս,
Առ ձգումն ըմպելեաց եւ ճաշակումն կերակրոց,
Եւ որ ինչ միանգամ ի կիրս մեր կերպանան,
Եթէ հեշտականս, եթէ տատամսելիս,
Վասն ոմանց աղաւթս` մնալ ի նոսին, եւ յաղագս ոմանց`
Զի զերծ արասցես սքանչելապէս հնարիւք անճառիւք:
Հաւատացեալ յամենեցունց, թէ բաւական ես յամենայնի,
Կաթնաբոյծ հասակաց, տիոց պատանեաց,
Մտաց վայրենեաց ստամբակաց գոռոզաց,
Մինչ զի առ թատերս տեսարանաց
Եւ առ կոյտս խառնիճաղանջ բազմութեանց
Եւ կամ առ կաքաւս կայթից անախորժականաց կամաց հզաւրիդ`
Ոչ ես մոռացեալ:
Դ
Արդ, դու ստացար զամենեսեան, եւ քո են ամենեքեան,
Եւ ողորմիս ամենեցուն, միայն բարեգութ,
Զի թէ եւ մեղիցեն` քո են, վասն զի ի քում համարի են,
Քանզի գիտեն զզաւրութիւն քո, ըստ առակողին մաղթանաց:
Որում եւ ես կցորդիմ թշուառս բանիւ` վկայեալ սորին յանցաւորապէս,
Յանդգնիմ ասել,
Թէ որ կարդայ զքեզ գովեստիւ, ծանուցեալ զքեզ, թէ իցես,
Թէ եւ եւթամբք իցէ վարակեալ կրկնապատիկ պատժաւորութեամբ,-
Առ այս աւրինակ կիրթ ձեռնարկութեան,- զիա՞րդ ոչ քո իցէ:
Յորս է տեսանել ի մէջ արջնատես ագռաւուց` սպիտականիշ երամս աղաւնեաց,
Ի մէջ խրոխտականաց ձիոց անմաքրից` որոջս հանդարտաբարս,
Ի թիւս շանց գազանականաց` գառինս նուիրելիս,
Հեզութիւն` ի խստութեան, կատարելութիւն` ի թերութեան,
Խոնարհութիւն` յամբարհաւաճութեան, ճշմարտութիւն` ի ստութեան,
Միամտութիւն` ի մանկութեան, անբծութիւն` յայլամտութեան,
Բարաւրութիւն` ի չարութեան, պարկեշտութիւն` ի լկտութեան,
Ողորմութիւն` յանգթութեան, ապաշաւանք` յանյուսութեան,
Քաղցրութիւն` ի բարկութեան, հաշտութիւն` ի թշնամութեան,
Անոխութիւն` ի խածանողութեան, քաջալերութիւն` ի լլկութեան,
Աւրհնութիւն` ի նետաձգութեան:
Յոր ոչ բաւականացայ երբէք ի դատել ճշգրտապէս,
Թէ ո՞վ յերկրածնաց աստի կանխեսցէ ժառանգել զքեզ,
Որ միայն անաչառաբար կշտամբես իրաւամբք զարդարութիւն`
Առ ամբարիշտ մաքուրն եւ առ պոռնիկ զղջացեալն:
Առ ամենեսին բարեգործ, միայն թագաւոր,
Աւրհնեա~լ ի բարձունս եւ յամենայն յաւտեանս:
Ամէն:   up

Բան ԼԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ այսպես ահա՛ սաստկացրի ես ինձ անսփոփելի ցավ պատճառող կրքերս,
Ողբալով երկար և՛ հեծեծագին, և՛ մեծահառաչ,
Որ դու, ողորմա՜ծ, սկզբնահայրդ անհայտ ու ծածուկ մեղքերի խոստովանության,
Որդիդ կենդանի Աստուծո, Տեր Հիսուս Քրիստոս,
Քաղցրությա՜մբ նայես քավելու համար.
Արդարև կարող ես դու և ձեռնհաս ես ճշմարտապես,
Եթե կամենաս՝ հնարներ ունես դու.
Ինչքան որ կամենում ես, այնքան էլ կարողանում ես,
Հարստանում ես դու մեծապես՝ տալով, քան թե առնելով,
Բազմանում են գանձերդ ցրվելով, քան թե հավաքելով,
Շատանում է ստացվածքդ սփռելով, քան թե խնայելով,
Դիզվում են պաշարներդ տարածելով, քան թե ամբարվելով,
Հավատալով այսպես այս բոլորին՝ հույս ունեմ ես,
Թե փրկության ե՜լք կգտնեմ քեզանով: Հավատում եմ անարգս պատվականի հետ,
Եվ հույս ունեմ ես Աբրահամի հետ և Աննայի.
Զի մեկը հավատաց քո խոսքին, և մյուսը քահանայապետի ձայնին անսաց:
Ուստի և մեկը խոր ծերության մեջ դարձավ անհամար որդիների հայր,
Հուսալով, թե պիտի կարողանար Սառայի արգանդն ամուլ ու զառամ՝
Բազում ժողովուրդների, մարգարեների և ընտիր թագավորների
Պտղածին և օրհնաբեր անդաստա՜ն տեսնել:
Իսկ մյուսն՝ անմշակ երկիր - սենյակը իր որովայնի Բարգավաճեց յոթ զավակներով,–
Թի՜վ անհաշվելի, որ աստվածային հավիտենություն է նշանակում,
Նրա հարակայության սահմանն անհետազոտելի,
Եվ ավազանի նորածին որդոց առատություն անսպառ:
Թիվն այս պանծալի, որ չունի իրեն զույգը հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,
Կուսություն է մի ուրույն ընտրությամբ միշտ նվիրական՝
Որ անճառորեն հավիտենության դժվարմեկնելի խորհուրդն է խորին ու մեր մտքից վեր98Պյութագորյան ըմբռնումով, որ մուտք է գործել նաև քրիստոնեական բնազանցության մեջ, յոթ թիվը համարվում էր կույս թիվ, որովհետև տասից ցած ոչ մի թիվ ծնունդ չի տալիս նրան կամ ծնունդ չի առնում նրանից. այդ պատճառով էլ համարվում էր հավիտենականության խորհրդանիշ::

Բ

Արդ, համարի՛ր դու փրկությունից հուսահատ
հոգուս համար որպես արդարացում
Ամենավարան ու կողկողագին ձայնն այս դառնապես հեծեծող սրտիս,
Իմ հավատքի փոքր այս դավանանքը խնդրագին
Վերոգրյալ երջանիկների հավատքին հավասար դասելով,
Որպեսզի ես էլ ապրեմ նրանց հետ բերկրալից կյանքով,
Ամուր կառչելով քո շնորհներին, քան թե գործերիս:
Մանավանդ որ քո շնորհները բարձր են և կրկնակի փառավոր
Եվ չեն կշռվում ու չափվում խոսքով,
Ու հավատում եմ ես անտարակույս, թե հզորապես կարող են քավել
Մեղքերս բոլոր՝ խաղաղեցնելով խռովությունն իմ:
Այդ շնորհներն են՝ քո ահավոր արյան հետ միասին և՛ մարմնավոր ծնողդ խնկելի,
Առաքյալների խմբերը, դասը մարգարեների,
Եվ գնդերը ողջ՝ հեծյալ, հետևակ և սպառազեն,
Ու մերկամարտիկ քաջաբար մրցող մարտիրոսների, մենակյացների,
Բույլքը ընտրյալ և բարեկրոն վանականների,
Հույլքն երկրի վրա ապրող երկնային հոգեղենների,
Զինվորություններն մեզ կցորդակից վերնականների,
Տուրքը երախայրիքների, մատուցումը զվարակների,
Ջահավառումներն ու բույրը յուղով օծված խունկերի,
Հաղթանակը փրկության նշանների,
Կառուցումներն աստվածաբնակ խորանների,
Եվ շնորհի խորհուրդը կատարող ձեռքերը քահանաների:
Այսպես մեր ամեն մի շարժումի մեջ Աստծուն ենք հիշում,–
Երբ քայլ ենք փոխում, ձեռք ենք կարկառում, բազուկ բարձրացնում,
Բարի գործերի համար գոհություն և գայթումների համար աղաչանք ենք վերընծայում.
Ընտանեկան զրույցներում և հասարակաց խոսակցության միջոցին
Մեր բնական ձայնի, գործերի հաջողության և առաքինական ջերմեռանդության պահերին,
Գիշեր թե ցերեկ, քնած ժամանակ և կամ արթմնի,
Քեզնով առաջնորդված հոգևորների օգտակար ընթացքում,
Ազգերի միջև պատերազմների և դևերի հետ մղվող մարտերում
Հերձվածողների հետ վիճաբանելիս,
Փոքրերի և մեծերի հետ վերաբերվելիս,
Ըմպելիքներ խմելու և կերակուրներ ճաշակելու
միջոցին, Մեզ համար հաճո և թե վշտալից բոլոր դեպքերում,
Որոնցից առաջինների համար աղոթում ենք մենք, որ մնան այնպես,
Եվ մյուսները՝ որպեսզի դու զերծ պահես նրանցից՝
Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապես,
Քանզի ամեն ոք հավատում է, թե օգնելու պատրաստ՝ կարող ես դու միշտ,
Տակավին ծծկեր երեխաներին, դեռահաս պատանիներին,
Վայրենաբարո մարդկանց և գոռոզ ստամբակներին:
Եվ թատերական տեսարանների մեջ մինչև անգամ,
Եվ խառնիճաղանջ բազմությունների խուռներամներում
Եվ կամ հզորիդ կամքին անհաճո կաքավումների ու կայթերի մեջ
Դու չե՛ս մոռացված:

Գ

Դո՛ւ ստեղծեցիր, բոլորին, և քո՛նն են բոլորը,
Եվ դու բոլորի՜ն պիտի ողորմես, միա՜յն բարեգութ.
Զի թե մեղանչեն իսկ՝ քոնն են, քանզի քո հաշվի մեջ են,
Եվ գիտեն քո զորությունը, ինչպես առակողն է աղոթել,
Որին ես ինքս էլ ձայնակից եմ իմ խղճուկ խոսքերով,
Որպես հանցավոր հաստատելով այդ:
Հանդգնում եմ ասել, թե նա, ով գովեստով է տալիս անունդ, հավատալով, թե կաս,
Եվ եթե նույնիսկ նա յոթնապատիկ անգամ հանցանքով վարակված լինի,
Ինչպես բերված է որպես ապացույց-օրինակ՝ արդյոք քոնը չէ՞ դարձյալ:
Երբեմն արջնաթույր ագռավների մեջ
Սպիտականիշ աղավնիների երամներ ենք տեսնում,
Եվ ձիերի մեջ խրոխտ, անմաքուր՝ որոջներ հանդարտաբարո,
Եվ գազանակերպ շների թվում՝ օրհնված գառներ,
Խստության մեջ՝ հեզություն,
Թերության մեջ՝ կատարելություն,
Հանձնապաստանության մեջ՝ խոնարհություն,
Ստության մեջ՝ ճշմարտություն,
Խորամանկության մեջ՝ միամտություն,
Նենգամտության մեջ՝ անբծություն,
Չարագործության մեջ՝ բարություն,
Լկտիության մեջ՝ պարկեշտություն,
Անգթության մեջ՝ ողորմություն,
Անհուսության մեջ՝ ապաշավություն,
Բարկության մեջ՝ քաղցրություն,
Թշնամության մեջ՝ հաշտություն,
Խածանողության մեջ՝ անոխակալություն,
Չարչարանքի մեջ՝ քաջալերություն,
Եվ նետաձգության մեջ՝ օրհնություն:
Ուստի անկարող եղա ես դատել ճշգրիտ կերպով,
Թե այն ո՞վ պիտի երկրածիններից կարենա կանխել ժառանգելու քեզ,
Որ կշտամբում ես անաչառորեն և արդարությամբ
Այն ամբարիշտին, որը ինքն իրեն մաքուր է
կարծում Եվ այն պոռնիկին, որ զղջացել է:
Բոլորի համար բարեգործդ դո՛ւ, միա՜կ թագավոր,
Օրհնյալ ի բարձունս, հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Անցնելով ահա ամեն մի սահման՝ 
Բազմապատկեցի արհավրալի ու 
Անսփոփ վշտիս տագնապախռով 
Ու մեծահառաչ ձայնը դառնահեծ, 
Որ դու, ողորմա՜ծ, 
Սկզբնահայրդ անհայտ ու գաղտնի 
Ծածկությունների խոստովանության, 
Որդիդ կենդանի Աստծո, տե՜ր Հիսուս, 
Քաղցրությամբ նայես քավելու համար։
Իրոք կարող ես և ճշմարտապես
ձեռներեց, հասու.
Եթե կամենաս՝ ամենաճար ես.
Ինչ կամենում ես, կարողանում ես առավելաբար։ 
Հարստանում ես մեծապես տալով,
ոչ թե առնելով,
Ոչ թե կիտելով, այլ ցրելով են գանձերդ բազմանում. 
Ունեցվածքներդ բազմապատկվում են 
Սփռելով, ոչ թե խնայողությամբ. 
Ոչ թե դիզելով, ամբարվելով են 
Պաշարներդ աճում, այլ տարածելով։
Սրանց շնորհիվ հավատում եմ ես՝
Քեզնով գտնելու ելք ու փրկություն,
Հավատում եմ ես, անարգագույնս պատվականի հետ 
Եվ Աբրահամի ու Աննայի պես հույս եմ փայփայում, 
Որոնցից մեկը խոսքիդ հավատաց, 
Իսկ մյուսն անսաց մեծիդ ընտրյալին, 
Որի շնորհիվ և առաջինը խոր ծերության մեջ 
Դարձավ անհամար որդիների հայր՝
Հուսալով տեսնել Սառայի արգանդն ամուլ ու զառամ՝
Բազում ազգերի սուրբ մարգարեներ
Ու թագավորներ արգասավորող
Բեղուն պտղաբեր օրհնյալ անդաստան,
Իսկ երկրորդը՝ հողն անմշակ՝ սենյակն իր որովայնի,
Բարգավաճեցրեց յոթ զավակներով.
Թի՜վ անբավության, որ աստվածային
Հավիտենություն է նշանակում,
Սահմանը նրա անիմանալի հարակայության
Եվ ավազանի նորածին որդոց հորդությունն անհատ։
Թիվն այս պանծալի, որ չունի իրեն 
Զույգ ու հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան, 
Կուսություն է մի ընտրությամբ ուրույն,
միշտ նվիրական,
Հավիտենության անճառ, անմեկին 
Խորհուրդը խորին, մեր մտքին անհաս։

Բ
Դառնահեծ սրտիս ամենավարան 
Ու կողկողագին ձայնն այս համարիր՝
Փրկությունից զուրկ հուսահատ հոգուս
արդարացում, տե՜ր. 
Աղերսախառն դավանությունն այս փոքր իմ հավատի
Ընդունելով ու դասելով հիշյալ 
Երջանիկներին հար ու հավասար, 
Որպեսզի ես էլ ապրեմ նրանց մոտ, 
Բերկրեմ նրանց հետ՝ ապավինելով 
Ոչ թե գործերիս, այլ շնորհներիդ, 
Որոնք կրկնակի բարձր են, փառավոր, 
Մտքի կշռության սահմաններից դուրս, 
Աներկբայելի ու անվերապահ 
Քավարաններ են ամենակարող, 
Խաղաղարարներ հոգուս խռովքի:
Դրանց միջնորդ են՝ ահեղ արյանդ հետ՝ 
Նաև խնկելի ծնողդ մարմնավոր, 
Առաքյալների խմբերն ու դասը մարգարեների, 
Մարտիրոսների՝ հեծյալ, հետևակ, 
Լոկ արիությամբ սպառազինված 
Մերկամարտ կռվող գնդերն համորեն, 
Գումարտակները մենակյացների, 
Բանականների բույլերն ընտրագույն, 
Բազմությունները բարեպաշտների, 
Երկրի՝ երկնավոր հույլերն հոգեղեն, 
Զորախմբերը մեզ կցորդակից վերնականների, 
Երախայրիքներն ընծայաբերվող, 
Մատուցումները զվարակների,
Ջահավառումներն ու խնկումները՝ օծված յուղերով, 
Հաղթանակները փրկիչ նշանիդ, 
Աստվածաբնակ սրբատների կառույցներն համակ, 
Քահանաների ձեռքերն օրհնաբեր, շնորհամատույց։
Ամեն շարժման հետ հիշում ենք Աստծուդ. 
Քայլեր փոխելիս, աջ կարկառելիս 
Կամ տարածելիս բազուկներ ի վեր. 
Բարության համար՝ գոհաբանություն, 
Գայթման միջոցին՝ աղաչանքներ ենք
վերընծայում քեզ.
Թե՛ ընտանեկան մեր զրույցներում, 
Թե՛ հասարակաց խոսակցության մեջ,
Թէ՛ մեր բնական ձայնարկումների,
Թե՛ մեր գործերի հաջողության ու
Առաքինական ջերմեռանդության պահերին, գթա՛ծ,
Գիշեր թե ցերեկ, արթմնի թե քուն,
Ամբողջ հոգեշահ մեր ընթացքի մեջ
Առաջնորդվում ենք միայն քեզանով.
Թե՛ ազգամիջյան պատերազմներում,
Թե՛ դևերի դեմ մարտեր մղելիս,
Թե՛ ընդհարվելիս հերձվածողի հետ,
Մեծ կամ փոքրի հետ վերաբերվելիս,
Կերակուրների, ըմպելիքների ճաշակման պահին,
Մի խոսքով, բոլոր հանգամանքներում,
Մեզ հաճելի, թե ծանր ու վշտառիթ,
Մի մասի համար աղոթում ենք, որ հենց
այդպես մնան,
Իսկ մյուսների՝ որ զերծ պահես դու
Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապես.
Քանզի ամեն ոք հավատացած է,
Որ կարող ես դու, ամենքին հասու՝
Կաթնակեր մանկանց, պատանիներին,
Վայրասուններին գազանաբարո,
Բարձրահոն, գոռոզ ստամբակներին.
Նույնիսկ մոլեկան թատերախաղի տեսարաններում,
Խառնակույտերում խուռն ամբոխների,
Ամենազորիդ կամքին անհաճո
Կայթ ու կաքավման հանդեսների մեջ
Դու չես մոռացված։

Գ
Արդ, ամենքին էլ դու ես ստեղծել. 
Բոլորն էլ քոնն են, միա՜յն բարերար, 
Ուստի բոլորին պիտի ողորմես. 
Եթե մինչևիսկ մեղանչած լինեն, 
Քոնն են, քանի որ քո հաշվի մեջ են 
Եվ ճանաչում են զորությունը քո, 
Ըստ առակողի աղերսանքների,
Որին ինքս էլ եմ ձայնակից իմ այս խղճուկ խոսքերով՝ 
Որպես հանցավոր վկայելով այդ։
Համարձակվում եմ ասել թե նա, ով 
Գովեստներով է դիմում բարձրյալիդ 
Եվ ընդունում է, որ կաս աներկբա, 
Եթե մինչևիսկ կրկնակի յոթն հեղ 
Վարակված լինի հանցապարտությամբ,
Համաձայն փորձով հաստատված խոսքի, 
Քոնը չէ՞ միթե։
Երբեմն արջնաթույր ագռավների մեջ 
Տեսնում ենք նաև երամներ ճերմակ աղավնիների, 
Ձիերի մեջ, գոռ, խրոխտ, անմաքուր՝ 
Որոջներ, խոնարհ, հանդարտաբարո, 
Գազանանման շների թվում՝ նվիրյայ դառներ. 
Դաժանության մեջ՝ բարեհոգություն, 
Թերատության մեջ՝ կատարելություն, 
Գոռոզության մեջ՝ հեզամտություն,
Ստահոդության մեջ՝ ճշմարտություն, 
Խորամանկության մեջ՝ շիտակություն, 
Խարդախության մեջ՝ ուղղամտություն, 
Չարիքների մեջ՝ բարեբաստություն, 
Լպիրշության մեջ՝ առաքինություն,
Անգթության մեջ՝ ողորմածություն, 
Անհուսության մեջ՝ ապաշխարություն, 
Մոլեգնության մեջ՝ քաղցրավարություն, 
Թշնամության մեջ՝ հաշտասիրություն, 
Խածանողության մեջ՝ անոխություն, 
Լլկանքների մեջ՝ քաջալերություն,
Նետարձակման մեջ՝ բարեմաղթություն։
Ուստի և երբեք չկարողացա դատել ճշտապես՝ 
Երկրածիններից ո՞վ պիտի արդյոք 
Արժանի դառնա քեզ ժառանգելու, 
Զի դու կարող ես միայն կշտամբել անաչառորեն 
Կամ արդարացնել իրավակշիռ 
Ե՛վ մաքրագործված ամբարիշտներին,
Ե՛վ այն պոռնկին, որ զղջացել է: 
Բոլորի հանդեպ բարեգործ ես դու,
Միա՜կ թագավոր, օրհնյալ ի բարձունս, 
Հավիտյաններում բովանդակ, ամեն: