ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Յիշեա, Տէր, տէր գթութեանց,
Սիրողդ իրաւանց, Աստուած ճշմարիտ,
Նայեա վերստին ի բնութեանս կերպարան միշտ սխալական,
Զննեա ինձ դարձեալ զամէնընթաց տարածմունս
Ելից արեանս շարժողութեան,
Բժշկապէս մատիր տեսանել,
Զի մարդ եմ հաստատեալ մտաւք խակութեան թերի խորհրդոց
Յայն ինչ, զոր դու իսկ վկայեցեր, տեսողդ ոչէից.
Միայն դու անմասն ստութեան խաւարի:
Ապա իրաւունս է գրել ինձ ընդ մեղուցեալսն`
Մարդկաւրէն վրիպանաց սխալմամբ պարտեալ կրկին
Իբր զերկրածին մահացու մարմին,
Քան բանիդ քում սուտ երեւել,
Քանզի արդարեւ գիտես իսկ,
Թէ` Չար է արարն, եւ ընդաբոյս` չարութիւնն մեր,
Եւ ոչ փոփոխին խորհուրդք մեր յաւիտեան,
Ըստ հոգեհանճար իմաստնոյն կանխազեկոյց առակի:
Բ
Թեթեւացո զսաստկութիւն տանջանացն,
Որ պատրաստեալ եւ մնայ ինձ`
Արկանել զորդիս գեհենին զարդ մահուն յաւիտենականի:
Բարձ զամաւթոյն պարտիս,
Որ պահեալ է յայտնել թշուառականիս
Յետին ատենին յանդիմանութեան:
Խրատ խաղաղութեան յառաջապարգեւ ողորմութեամբ քո ընծայեցո,
Զի մի անտանելիքն ահաւորութեան
Ի ցոյցս ինձ եկեալ կերպարանեսցին`
Անյոյս ապշութիւն ընդ կենաց զղջման առաջի կարգեալ.
Դատաստանն ահաւոր, անկաշառ եւ անխաբելի դատաւորն,
Ամաւթն սոսկալի, կշտամբանքն սարսափելի,
Յանդիմանութիւնն անփախչելի, տագնապն անճողոպրելի,
Պակուցումն անխրախուսելի, դողումն անվճարելի,
Լալումն անսփոփելի, կրճտումն ատամանցն անբժշկելի,
Ապականութիւնն անողջանալի,
Անէծքն սարսափելի աստուածային քո բանիդ,
Փակումն գթոյն եւ արգելումն ողորմութեանն:
Որ ընդ գալարելն երկնի,
Եւ ընդ երկրի դղրդելն ընդ կարծրութիւն յատակիս,
Ըստ կուտակելոյ կոհակաց խռովութեան ծովու
Իբր փախստեան կերպ ցուցանելով`
Մի զմիոյ հետս խափանեն` կասեալ յերկոցունց.
Եւ տատանեալ, սասանեալ
Լայնատարած գետնոյս թանձրութեան ի հիմանց անտի,
Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց`
Հարթէ զլերինս.
Եւ հալեալ հրդեհին բնութիւնք վիմաց
Եւ ամենայն տարերաց գոյից,
Այլայլին երկինք յանեղծ փոփոխութիւն,
Եւ յեղանակին արարածք տարերաւք իւրովք ի նորոգ նմանութիւն.
Ծածկութիւնք գործոցս հրապարակին,
Եւ աներեւոյթք կրից մեր յայտնին,
Վարք կրաւնից ներգործելոց ի մարմինս մեր նկարին.
Թագաւորն երկնից յատենի նստի`
Վճիռ հատուցմանն ի ձեռին իւրում:
Գ
Ահա վա~յ ինձ եւթնիցս անգամ կրկին եղկութեամբ,
Ըստ չափոյ կշռութեան այսր համարոյ,
Որ զանբաւութիւնս թուոց պարագրէ.
Զի՞նչ գործեցից ողբալիս հոգի յայնմ մեծի աւուր վտանգի:
Քանզի սաստիկ ի յիշատակն իսկ յառաջեալ, քան զհանդիպումն,
Զոր ոմն մարգարէ, զաւրինակին նմանութիւն ի դէմս բերելով,
Զճեպ տագնապի անզերծ փախստեանն նշանակէ` ասելովն.
Զոր աւրինակ եթէ փախնուցու ոք ի ձեռաց առիւծու,
Եւ պատահեսցէ նմա արջ,
Եւ փախնուցու յերեսաց արջուն
Եւ մտանիցէ ի տուն եւ յեցուսցէ զձեռն իւր յորմն,
Եւ խածանիցէ զնա աւձ:
Եւ դարձեալ կրկին սաստկացուցանէ
Առ նոյն կերպարան իրի զտեսիլն քստմնելի.
Ո՞չ ապաքէն, ասէ, խաւար է աւր Տեառն:
Աւր խաւարոյ եւ մթոյ, աւր ամպոյ եւ մառախղոյ:
Դ
Յորժամ հրեշտակն պահպանողական կենակից`
Հզաւր ոստիկան, իրաւամբք ամբաստանեսցէ,
Եւ հատուցանողն ահաւոր` արդարութեամբ յանդիմանեսցէ,
Սպասաւորք թագաւորին առանց խնայելոյ խուճապեն.
Զոմանս ի կեանսն հրաւիրեն,
Եւ զոմանս յամաւթն դատապարտեն,
Կիսոց դէմս լցեալս ծաղու ցուցանեն,
Եւ ինձ ահարկուս եւ քստմնելիս երեւեցուցանեն,
Ոմանց պսակս լուսապաճոյճս մատուցանեն,
Եւ այլոց կորուստ մահու բողոքեն,
Արդարոցն` ձայն աւետեաց,
Եւ ինձ` գոյժ անվախճան վշտաց:
Յորժամ առ բարիսն մահու յաղթութիւն իսպառ մեռանի,
Եւ ինձ` չարագործիս կրկին յարակայի,
Ուր դրանն բախել ոչ ինչ ազդիցէ`
Վճար եղեալ գթութեան առ իս:
Յորժամ դպրութիւնք հրաշիցն զարմանալեաց,
Որ են ծածկեալքն յայժմուցս հասարակաց վարուցն տեսակք
Մարդկային բնութեանս գործոց
Յաղագս որոյ եղեն գոյութիւնք ամենայն էից,
Յիւրաքանչիւր մարմինս անպակաս գրութեամբ իսկոյն երեւին,
Եւ խորութիւնք անճառիցն` կնքելոցն յիմաստից աստեացս
Առաջի աչաց մերոց կերպարանին:
Ուր այժմ վաճառաշահութիւնք ողբոց եւ արտասուաց զերկինս գրաւեն,
Եւ անդ, իբր զապաժաման ընդունայնութիւնք, արհամարհեալ լքանին:
Հառաչմունք հեծութեան, ոչ կանխաւ աստի առաքեալ,
Չէ երբէք գտանել անդէն,
Ողորմութիւնք, ճշդով սերմանեալ,
Ոչ պայծառ վառմամբ գնան առաջի:
Ուր տապանն նախայանցիցն
Եւ կտակարանն տիրանարգիցն
Եւ նշանն ահաւոր այժմուցս,
Յանդիման եղեալ մեծաձայնս դատախազեն.
Յորում սոսկալի վայրի
Ոմն` զուխտն կցորդութեան հայրենի.
Եւ ոմն` զխորանն վկայութեան անտեսիցն,
Եւ ոմն` զարիւն մեծին Աստուծոյ
Ամբաստան իմն իրաւացի առաջի իմ տարածանեն:
Զտանջանարանսն բազմապատիկս
Անձամբ անձին աստէն իսկ պատրաստեցի.
Զիա՞րդ մխիթարեցայց համառաւտեալս յուսոյ:
Զի եթէ զաւրքն լուսոյ` դասուք արդարոցն,
Որ փառաւորեալքն են երանութեամբ, սարսեն դողալով,
Ոչ բաւեն բերել զահաւոր տեսիլ երեսաց մեծ դատաստանին,-
Ես` եղկելիս, աւանդակորոյս սատակման որդիս, ո՞ւր երեւեցայց,
Որ ոչ միայն չեմ պսակելոց,
Այլ եւ պատուհասն իմ` անտանելի,
Եւ կորուստն անսպառելի:
Ե
Այլ արագեա, ամենապարգեւ զաւրութիւն անճառ,
Ձեռն փրկութեան ի կորուստ գերելոյս,
Զի աւգնեալ ի քէն` դարձայց միւսանգամ ի դրաց դժոխոց`
Ամենապատրաստ հանդերձեալ ամենեւին անվտանգելի պրծեալ ի պատժոց,
Աստանաւր տեսեալ մտացս իմաստիւ զապագայիցն դիպուածս,
Բաւականացեալ ի լուր երկիւղին
Ի տագնապէ տանջանաց ահին համբաւով`
Կամաւք քո բարեաց զերծեալ ապրեցայց
Եւ մի մատնեցայց կորեանցն առիւծուց
Որք խնդրեն ի քէն զիս ի կերակուր`
Ծախել ատամամբքն գազանութեան,
Զի զորովայն մահուն լցուցեալ`
Զաստուստ պարարեալս անդ ձգեալ հալեն,
Ուր անսպառն պահի մնացուած մթերիցն
Ի ծախումն յաւիտենից:
Զի դու միայն բաւես կորզել ի ժանեաց սատակման
Ի կեանս եւ յերանութիւն,
Բնաւից ապաւէն թագաւոր լուսոյ,
Տէր Յիսուս Քրիստոս, աւրհնեա~լ յաւիտեանս:
Ամէն:
Բան ՀԹ
Սրտի Խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Հիշի՛ր, Տե՛ր գթած և արդարասեր,
Աստվա՛ծ ճշմարիտ.
Նայի՛ր վերստին քո ստեղծածին, որ սխալական է իր բնությամբ.
Զննիր ինձ դարձյալ՝ շրջանառությունն իմ արյան, ահա՛,
Որ տարածվում է ամեն ուղղությամբ:
Մոտեցիր դու ինձ բժշկի նման Եվ տե՛ս, որ մարդ եմ խակամիտ, թերի իմ խորհուրդներով, Ինչպես որ ինքդ վկայեցիր258Ծննդ. Ը. 21, չեղածներն անգամ տեսնող սրտագետ,
Դո՛ւ միայն անմաս՝ ստության մութին:
Ապա ուրեմն իրավացի է, որ դասվեմ կարգն այն մեղավորների,
Որոնք իբրև երկրածին մարմին մահականացու
Վրիպել են մարդկորեն սխալվելով և դատապարտված են կրկնապես,
Քան թե ուզենամ՝ խոսքդ սուտ դուրս գա:
Քանզի արդարև դու ինքդ էլ գիտես,
Թե չար է ի բնե մեր ծնունդն արդեն և ընդաբույս է չարությունը մեր,
Եվ մեր խորհուրդներն անփոփոխ են միշտ,
Ըստ հոգեհանճար իմաստունի կանխազեկույց առակի:
Բ
Թեթևացրո՛ւ սաստկությունն այն տանջանքների,
Որոնք պատրաստված՝ սպասում են ինձ՝
Գեհենի որդուս հավիտենական մահվան համար զարդ դարձնելու ընդմիշտ.
Վերացրո՛ւ մեջտեղից մեղքերս ամոթալի,
Որոնք պահված են՝ վերջին ատյանին հայտնի դառնալու թշվառականիս:
Ընծայի՛ր խրատդ խաղաղարար259Եսայի ԾԳ. 5 նախապարգև քո ողորմությամբ,
Որպեսզի ահեղ անտանելիներն իր մտքի առաջ չպատկերանան,
Կենարար զղջման փոխարեն՝ անհույս ապշության առաջ կանգնեցնելով ինձ,–
Դատաստանն ահավոր և դատավորն անկաշառ ու անխաբելի,
Սոսկալի ամոթն ու կշտամբանքը սարսափելի,
Հանդիմանությունն անխուսափելի,
Տագնապն անճողոպրելի,
Պակուցումն անխրախուսելի,
Դողումն անվերջանալի, Լացն անսփոփելի,
Ատամնակրճտումն անբժշկելի,
Ապականությունն անողջանալի,
Սարսափելի անեծքն աստվածային խոսքիդ,
Փակումն գթության և արգելումն ողորմության:
Կգալարվի երկինքն այն ժամանակ,
Եվ կդղրդվի երկիրն իր հատակով
Խռովահույզ ծովի բազմակուտակ կոհակների պես,
Որոնք փախչում են նախ խուճապահար,
Ապա դառնալով մեկ-մյուսի վրա՝
Խափանում են խոլ ընթացքն երկուստեք ու կանգ են առնում:
Եվ լայնատարած գետինը այնժամ տարուբերվելով ու տատանվելով՝
Թնդագին բախմամբ կցնցի ուժգին իրենց հիմունքից
Լեռները բոլոր ու փուլ բերելով՝ կհարթի նրանց:
Կհալվեն համակ ու կհրդեհվեն քարեղեն նյութերն ու տարրերն ամեն.
Կայլայլվի երկինքն անեղծանելի մի փոփոխությամբ,
Եվ արարածներն իրենց տարերքով կառնեն մի նոր ձև ու նոր կերպարանք:
Ծածուկ գործերը կհրապարակվեն, ու կհայտնվեն մեր կրքերն անտես.
Մեր վարքն ու կենցաղն ու ներքինը ողջ՝
Պարզ կնկարվեն մեր մարմնի վրա:
Երկնի թագավորն ատյան կնստի՝ հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ:
Ուստի և ահա՛, վա՜յ ինձ յոթն անգամ՝ կրկին եղկությամբ,
Չափով ու կշռով այս նույն համրանքի,
Որը թվերի անբավություն է պարփակում իր մեջ260Հմմտ. «Նարեկ», ԳԼ. ԼԱ:
Ի՞նչ պիտի անեմ ողբալի հոգիս՝ այդ մեծ օրվա մեջ ամենաահեղ.
Քանզի առաջուց հիշելն ավելի սաստիկ է, քան թե հանդիպել նրան:
Ոմն մարգարե261Ամովս այդ տագնապալից փախուստի խուճապն անզերծանելի
Պատկերացնում է մեզ առակավոր այս օրինակով,
Թե՝ մի մարդ փախչում է առյուծի ձեռքից, Եվ պատահում է նրան արջը.
Եվ երբ արջից էլ խույս տալով հասնում և մտնում է տուն,
Եվ ձեռքը հենում է պատին՝ օձն է խայթում նրան262Ամովս Ե. 19-20:
Եվ ապա, ավելի սաստկացնելով տեսիլն այդ քստմնելի,
Ավելացնում է դարձյալ ասելով.-
«Ո՞չ ապաքեն խավար է Տիրոջ օրը»,
«Օր խավարի և մութի, օր ամպի և մառախուղի»263Սոփոն. Ա. 15:
Գ
Երբ կենակից պահապան հրեշտակը՝ հզոր ոստիկանն264Սաղմ. ԼԳ. 8 իրավամբ կամբաստանի,
Եվ ահավոր հատուցողը կհանդիմանի արդարությամբ,
Թագավորի սպասավորները կաճապարեն առանց խնայելու՝
Ոմանց կյանքի հրավիրելով և ոմանց դատապարտելով ամոթի,
Ոմանց ծիծաղկոտ և ինձ ահարկու ու քստմնելի երես ցույց տալով,
Ոմանց լուսապաճույճ պսակներ մատուցելով
Եվ այլոց՝ վճիռ մահվամբ կորստյան.
Արդարներին ավետավոր լուր և ինձ գույժ տխուր՝ անվերջ վշտերի:
Մինչդեռ բարիների համար կմեռնի իսպառ մահվան հաղթանակը,
Ինձ՝ չարագործիս համար կմնա ընդմիշտ տևական.
Դուռ բախելն այլևս ի զուր կդառնա,
Ու կդադարի գութն իմ նկատմամբ265Մատթ. ԻԵ. 11-13:
Զարմանահրաշ գրքերն երբ բացվեն,
Ուր գրված են մեր մինչև հիմա ծածուկ մնացած բոլոր
Գործերը պես-պես այս կյանքում վարած մարդկային բնության,
Որի համար և գոյություն առան էակներն ամեն,
Այնժամ յուրաքանչյուր մարմնի վրա իսկույն երևան կգան լրիվ դրշոմված
Եվ երկրավորներիս հասկացողության հանդեպ կնքված ու փակված բոլոր
Անպատմելի խորությունները, և մեր աչքի առաջ կպատկերանան266Հայտն. Ի. 12:
Այստեղ է, որ ողբ ու արտասուքով գնվում է երկինքը:
Իսկ այնտեղ նրանք իբրև ուշ մնացած ունայնություններ՝ կարհամարհվեն ու կմերժվեն.
Այստեղից նախօրոք չառաքված հեծեծագին հառաչանքները
Այնտեղ լսելի չեն լինի երբեք.
Կշեռքով ցանված ողորմությունները պայծառ ճրագով ճամփա չեն բանա267Բ. Կորնթ. Թ. 6.
Այնտեղ տապանը նախահանցավորների և կտակարանը տիրանարգների
Եվ ահավոր նշանն հիմիկվաններիս՝268Այսինքն՝ խաչը, քրիստոնյաներիս
Հանդես գալով՝ մեծաձայն պիտի դատախազեն:
Այդ նույն սոսկալի վայրում՝ Մեկը հայրենի հաղորդության ուխտը,
Մեկն էլ անտեսների վկայության խորանը,
Մյուսը՝ մեծագործ արյունն Աստուծո
Իբրև իրավացի ամբաստանողներ՝ իմ առջև պիտի տարածեն:
Բազմապիսի տանջարաններ ես ինքս անձամբ այստեղի՛ց իսկ պատրաստեցի ինձ համար,
Այլևս ինչպե՞ս հուսակտուրս մխիթարվեմ:
Զի եթե նույնիսկ լուսեղեն զորքերն արդարների հետ,
Որոնք փառավորված են երանությամբ, սարսում են ու դողում
Եվ սիրտ չեն անում նայել ահավոր դատաստանին,–
Ես՝ եղկելիս, ավանդակորույս սատակման որդիս, որտե՞ղ կմնամ,
Ես, որ ոչ միայն չպիտի լինեմ պսակի արժան,
Այլև պատուհասն իմ անտանելի և կորուստս պիտի լինի անսպառ:
Դ
Բայց դու շտապիր, ամենապարգև, անճա՜ռ զորություն,
Փրկարար ձեռքդ երկարելու ինձ՝ կորստյան մատնված գերուս,
Որպեսզի քեզնով օգնություն գտած՝ կրկին ետ դառնամ դժոխքի դռնից
Եվ բոլորովին ամենապատրաստ՝ պատիժներից զերծ մնամ, անվտանգ:
Գալիքներն այստեղ մտքի աչքերով նախատեսելով,
Բավ համարելով լսել տագնապած՝ տանջանքների ձայնն ահեղահամբավ,
Քո բարի կամքով ազատվեմ իսպառ և չմատնվեմ առյուծների կորյուններին,
Որոնք խնդրում են քեզանից՝ տալու ինձ իրենց որպես կերակուր,
Խժռելու գազանային ատամներով,
Որպեսզի լցնելով որովայնը մահվան՝
Այստեղ պարարվածիս քաշեն ու հալեն այնտեղ,
Ուր պահվում են անսպառ մնացորդ մթերքները՝
Հավիտենապես լափվելու համար:
Քանզի դո՛ւ միայն կարող ես կորզել այդ սպառիչ ժանիքներից
Եվ տանել դեպ կյանք ու երանություն,
Ապավե՜ն բոլորի՝ լույսի թագավոր
Տեր Հիսուս Քրիստոս,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Հիշի՛ր, տե՜ր գթած և արդարասեր, Աստվա՜ծ
ճշմարիտ,
Ու մի՛ մոռացիր, որ իր բնությամբ
Սխալական է մարդը մշտապես,
Եվ դու ես միայն օտար խավարի ու մոլորության.
Զննի՛ր ինձ դարձյալ, տե՛ս ալեխռով արյան
հորձանքն իմ,
Որ ծավալվում է երակներիս մեջ ամեն ուղղությամբ,
Մոտեցի՛ր միայն ինձ որպես բժիշկ.
Չէ՞ որ ես մարդ եմ, ո՜վ անգոյատես,
Որն ստեղծված է, քո վկայությամբ, թերի, խակամիտ։
Եվ որպես մի մարդ, երկրածին մարմին մի
մահկանացու,
Ես էլ չեմ կարող մնացած լինել
Անսխալական, անգայթ, անխոտոր.
Ուստի ավելի ճիշտ է ընդունել ինձ էլ մեղապարտ,
Քան սուտ համարել ասածները քո.
Քանզի, արդարև, հայտնի է և քեզ,
Որ արարածը չար է էությամբ,
Որ բնածին է չարությունը մեր,
Եվ անփոփոխ են խորհուրդները մեր հավիտենապես,
Ըստ իմաստունի կանխասացության։
Բ
Թեթևացրո՛ւ, գթա՜ծ, սաստկությունն այն տանջանքների,
Որոնք պատրաստված սպասում են ինձ,
Որպեսզի դարձնեն գեհենի որդուս
Մահու զարդարանք հավիտենական.
Ջնջի՛ր պարտքերն իմ ամոթահարույց,
Որոնք պահված են հետին ատյանում
Ազդարարվելու թշվառականիս՝ որպես նախատինք։
Այժմ իսկ ընծայի՛ր ողորմածությամբ՝ պատիժդ հաշտարար.
Որ է՛լ ավելի անտանելիներ սահմռկեցուցիչ
Չպատկերանան աչքերիս առջև,
Կենարար զղջման փոխարեն՝ անհույս
Տատամս ու շփոթ պատճառելով ինձ,—
Դատաստանն ահեղ, դատավորն անխաբ, անկաշառելի,
Սոսկալի ամոթ, դաժան կշտամբանք,
Հանդիմանություն անխուսափելի,
Անճողոպրելի տագնապ ու երկյուղ,
Անսփոփ սարսափ ու դող անվախճան,
Ատամնակրճտում անբժշկելի,
Անմխիթար լաց, անամոք կորուստ,
Նզովքն ահավոր քո պատգամների,—
Ուր չկա ո՛չ գութ, ո՛չ ողորմություն։
Ահա երկինքը պիտի գալարվի,
Երկիրն հատակի կարծրակերտությամբ`
Խոլ դղրդյունով նման կդառնա մրրկահույզ ծովի,
Որի կոհակներն ահագնակուտակ
Նախ խուճապահար ասես փախուստ են տալիս իրարից,
Ապա դեմընթաց խուժումով բախվում,
Երկուստեք կասում ու խափանում են ընթացքը միմյանց.
Հողազանգվածը իր լայնատարած ամբողջ թանձրությամբ
Հիմքից սասանված՝ պիտի խարխլվի.
Ընդերքի խորքի ուժգին բախումից ահեղաթնդյուն՝
Կհարթվեն լեռներն, ու հրդեհվելով
Կհալվեն ժայռերն ու տարերքները ամեն գոյության.
Երկինքն այլայլված՝ կընդունի իր տեսքն անեղծանելի
Արարածները իրենց տարերքով
Փոխված՝ կստանան մի նոր կերպարանք։
Ասպարեզ կգան գործերը ծածուկ,
Հայտնի կդառնան մեր կրքերն անտես,
Վարքն ու բարքն ամբողջ, հույզերը ներքին
Պարզ կնկարվեն մեր մարմնի վրա։
Երկնի թագավորն ատյան կնստի,
Հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ։
Վա՜յ ինձ յոթն անգամ՝ կրկին եղկությամբ.
Ըստ այս համրանքի չափի ու կշռի,
Որը թվերի անբավություն է պարփակում իր մեջ։
Ողբալի՜ հոգիս, ի՞նչ պիտի անեմ
Այդ ահեղ օրվա վտանգի պահին,
Որի նախապես հիշելն ավելի
Սարսափ է ազդում, քան հանդիպումը։
Խուճապն այդ պահի, անճողոպրելի ու տագնապահար,
Ոմն մարգարե պատկերում է մեզ այս օրինակով.
Ասենք, փախչում է մեկը առյուծից,
Եվ արջն է դեմից պատահում նրան.
Փախչում է արջից ու մտնում է տուն,
Ձեռքը հենում է պատերից մեկին,
Եվ հանկարծ նրան խայթում է մի օձ։
Ապա ասում է, առավելապես
Սաստկացնելով պատկերն ահավոր.
Իրոք խավար է տիրոջ օրը մեծ,
Օր մռայլության, մութի, օր ամպի ու մառախուղի։
Գ
Երբ որ կենակից պահապան հրեշտակ ոստիկանն հզոր
Անաչառորեն ամբաստանի, և
Իր արդարադատ վճիռն արձակի հատուցողն ահեղ,
Սպասավորներն արքայի այնժամ
Անխնայորեն պիտի խուճապեն՝
Մի մասին կյանքի հրավիրելու,
Իսկ մյուսներին՝ դատապարտելու ամոթի անանց.
Ոմանց կընդունեն ծիծղուն, ժպտերես,
Իսկ ինձ՝ դեմքերով սահմռկեցուցիչ ու քստմնելի.
Ոմանց կընծայեն լուսազարդ պսակ,
Այլոց կգուժեն չարամահ կորուստ.
Արդարներն այնտեղ կլսեն միայն ավետիքի ձայն,
Իսկ ես՝ բոթն ահեղ անվերջ վշտերիս.
Մինչ բարիների նկատմամբ մահվան
Հաղթանակն այնժամ անդարձ կմեռնի.
Չարագործներիս՝ կշարունակվի մնալ հարակա.
Դռան բախումը կդառնա իզուր,
Քանի որ անցած կլինի արդեն ժամը գթության։
Երբ բացվեն գրքերն սքանչելահրաշ,
Որոնք ճշգրիտ արտացոլումն են, մինչև այդ ծածկված,
Մարդկային ամբողջ վարք ու բնության,
Երկրում կատարված բոլոր գործերի,
Որի համար և գոյություն առան Էակներն համայն.
Ամեն մեկինն հենց իր մարմնին իսկույն
Ստույգ անթերի գրությամբ՝ պիտի հայտնված երևան.
Կպատկերանան մեր աչքի աոաջ
Երկրավոր մտքի, իմացության դեմ
Փակված ու կնքված խորությունները անճառ, անպատում։
Շահավաճառներն այն՝ ողբերի ու արտասուքների.
Որոնցով երկրից հնարավոր է երկինք գրավել,
Այնտեղ կմերժվեն ու կարհամարհվեն
Որպես ուշացած ընդունայնություն.
Այստեղից կանխավ ի վեր չառաքված
Հեծեծանքներն ու հառաչանքները
Այլևս լսելի չեն լինի այնտեղ.
Ողորմությունն ու նվիրումներն այն,
Որ սերմանված են կծծությամբ, երբեք
Լուսափայլ վառմամբ ճամփա չեն բանա։
Այնտեղ տապանը՝ նախահանցների,
Կտակարանը՝ տիրանենգների,
Նշանն ահավոր՝ ներկաներիս դեմ
Բարձրացած պիտի մեծաբարբառ ու խիստ դատախազեն.
Այդ նույն սոսկալի հրապարակում՝
Ե՛վ հաղորդության ուխտը հայրենի,
Ե՛վ անտեսների վկա խորանը,
Ե՛վ սուրբ արյունը մեծագործ Աստծո,
Որպես անխնա և իրավացի ամբաստանողներ,
Իմ առաջ պիտի տարածեն բոլոր
Տանջարաններն այն զանազանակերպ,
Որոնք հենց ինքս եմ անձամբ ինձ համար այստեղ պատրաստել.
Հուսակտուրս Էլ ինչպե՞ս գտնեմ մխիթարություն.
Զի եթե նույնիսկ զորքերը լույսի՝ արդարների հետ,
Որ փառավորված են երանությամբ, սարսում են դոդով,
Չեն համարձակվում նայել ահավոր
Տեսարաններին մեծ դատաստանի,
Հապա եղկելիս ավանդակորույս,
Սատակման որդիս ի՞նչ պիտի անեմ,
Ես, որ ոչ միայն չեմ արժանանա պսակազարդման,
Այլև պատուհասն իմ պիտի լինի
Անտանելի, իսկ կորուստս՝ անսպառ։
Դ
Բայց դու շտապով փրկարար ձեռքդ
Մեկնի՛ր կորստյան մատնված գերուս,
Ամենապարգև զորությո՜ւն անճառ,
Որ քո օգնությամբ ետ դառնամ կրկին դժոխքի դռնից
Եվ, պատրաստվելով կատարելապես,
Պատուհասներից պրծնեմ անվտանգ.
Թող որ այստեղից աչքերով մտքիս
Տեսնելով գալիք դիպվածները ողջ՝
Բավականանամ լոկ տագնապահույզ
Արհավիրքների լուրը լսելով,
Ահեղահամբավ տառապանքներից
Քո բարի կամքով փրկված ազատվեմ
Եվ առյուծների կորյուններին այն չմատնվեմ հանկարծ,
Որոնք ուզում են խլել ինձ քեզնից որպես կերակուր.
Որպեսզի խժռեն ժանտ ժանիքներով, ի հագուրդ մահվան.
Եվ պարարյալիս այստեղ՝ քաշքշեն ու հալեն այնտեղ.
Ուր պահվում են միշտ մնացորդները անհատ մթերքի
Հավիտենապես լափելու համար։
Արդ, դու կարող ես միայն ինձ կորզել մահվան երախից
Եվ առաջնորդել դեպի անանց կյանք ու երանություն
Միա՜կ ապավեն, լույսի՜ թագավոր, տե՜ր Հիսուս Քրիստոս.
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս, ամեն։