ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Աստուած ողորմած, բազմագութ, հզաւր, ահաւոր, Մարդաէր, աւրհնեալ, կենդանի, անճառ,
Որ ոչ ելանէ երբէք ըստ բան քո իր անձեռնարկելի,
Որ եւ մտաց է անհնարաւոր:
Քո է հատուցանել պտուղ քաղցրութեան ընդ փշոց խստութեան,
Սկզբնահայրդ այսմ նորոգ եւ զարմանաւոր կանոնաց կենաց:
Քանզի բարի առնել ատելւոյն,
Եւ աղաւթս` ի վերայ հալածչին,
Եւ փրկութիւն հայցել խոցողին,
Եւ սպանողին ներումն խնդրել,-
Ի քէն ընծայեցաւ պտուղս այս հրաշից,
Որոյ քաղցրութիւն անճառ է քան զաւրինակ,
Եւ բարեբանեալ կամաց քոց ախորժելիք,
Եւ գովեալ շրթանց քոց ճաշակելիք,
Հոգի երեսաց եւ զաւրութիւն գեղոյ մերոյ,
Տէր Քրիստոս, աւրհնեալ ի բարձունս:
Այլ մարդք երկրածինք եւ ամենավրէպք
Եւ բարեմատոյց ձեռաց չարիս դարձուցին,
Իսկ դու, լոյս եւ տուիչ լուսոյ,
Ոչ լսես անէծս, ոչ ախորժես չար,
Ոչ կամիս կորուստ, ոչ ըղձանաս մահ,
Ոչ յուզիս ի խռովութենէ,
Ոչ տիրիս ի ցասմանէ,
Ոչ հարկիս ի բարկութենէ,
Ոչ մթանաս ի սիրոյ,
Ոչ այլայլիս ի գթութենէ,
Ոչ փոփոխիս ի բարութենէ,
Ոչ թիկանց շրջումն եւ ոչ երեսաց անդրադարձութիւն,
Այլ ամենեւին լուսաւորութիւն եւ նկատումն փրկութեան:
Բ
Եթէ քաւեսցես` կարող ես,
Եթէ բժշկես` զաւրաւոր ես,
Եթէ կենդանացուցանես` բաւական ես,
Եթէ շնորհես` առատ ես,
Եթէ ողջացուցանես` հնարաւոր ես,
Եթէ պարգեւես` ամենալի ես,
Եթէ արդարացուցանես` ամէնարուեստ ես,
Եթէ մխիթարես` ամէնիշխան ես,
Եթէ նորոգես` ամենակալ ես,
Եթէ հրաշագործեսցես` ամենաթագաւոր ես,
Եթէ վերստին հաստատես` արարիչ ես,
Եթէ կրկին գոյացուցանես` աստուած ես,
Եթէ հոգաս ընդ մեր` ամենատէր ես,
Եթէ կորզես ի մեղաց` այցելու ես,
Եթէ չարժանեացս ընձեռես` աւրհնեալ ես,
Եթէ յորսողէն զերծուսցես` փրկիչ ես,
Եթէ զեղցես ի քոյոցդ ի մեզ` հարուստ ես,
Եթէ նախ քան ի մէնջ խնդրելն դու կարկառեսցես` անկարաւտ ես,
Եթէ լայնես նեղութեանս` անդորրիչ ես,
Եթէ զվերջացեալս կոչես` խնամակալ ես,
Եթէ զսասանեալս հաստատես` վէմ ես,
Եթէ պասքելոյս արբուցանիցես` աղբիւր ես,
Եթէ զծածկեալսն երեւեցուսցես` լոյս ես,
Եթէ զաւգտակարսն իմ ծանուցանես` բարի ես,
Եթէ զբիծսն անտես առնիցես` երկայնամիտ ես,
Եթէ ընդ փոքուս ի դատ ոչ մտանիցես` բարձրեալ ես,
Եթէ ծառայիս ձեռն մատուսցես` ստացող ես,
Եթէ աջով քո պաշտպանեսցես` յանձնանձիչ ես,
Եթէ վհատելոյս դարման մատուսցես` կերակրիչ ես,
Եթէ զանգէտս պարարեսցես` վարդապետ ես,
Եթէ զդիմեալս առ քեզ ընկալցիս` ապաւէն ես:
Գ
Եւ արդ, քո են այսոքիկ, Տէր ողորմութեան,
Ոչ միայն գրեալ, այլ կատարեալ եւ գլխաւորեալ,
Նախնի նահատակդ համբերութեան վկայից:
Որ վասն իմոյ փրկութեան
Հանդիսացար զաւրապէս յասպարիսի ճակատուն,
Զի կակղեսցես զկարծր բռնութիւն մարմնոյս գոռոզութեան`
Վարժմամբ կրթութեան չարչարանացն վտանգի,
Եւ յանպարտակիրդ մարմին չափեալ
Զբնութեան մերում զտաժանականն տագնապ տուժի,
Զի զգթութիւնդ, որ առ մեզ,
Արդեամբք ցուցցես` ի քեզ աւրինակեալ:
Աւրհնեա~լ յաւիտեանս:
Ամէն:

Բան ՀԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվա՜ծ ողորմած, բազմագութ, հզոր,
Ահավոր, մարդասեր, օրհնյալ, կենդանի, անճառ,
Չկա ոչ մի բան քեզ համար բնավ անձեռնարկելի,
Նույնիսկ եթե նա մեր մտքի համար լինի անհնար:
Դժնի փշի տեղ դու քաղցր պտուղ կարող ես տալ,
Սկզբնահա՜յրդ այս նոր ու զարմանալի կենաց կանոնի.
Քանզի բարիք անել ատելիին և աղոթել հալածչի համար,
Փրկություն հայցել խոցողին և սպանողին ներումն խնդրել՝
Դո՛ւ էիր, որ ընծայեցիր մեզ պտուղն այս հրաշալի,
Որի քաղցրությունն է անճառելի և անօրինակ,
Քո բարեբանված կամքին հաճելի
Եվ ճաշակելի գովյալ շուրթերիդ:
Հոգի՛դ մեր երեսի և զորությունդ մեր գեղեցկության,
Դու Տե՜ր Քրիստոս, օրհնյալ ի բարձունս:
Բայց ամենավրեպ երկրածին մարդիկ
Քո բարեմատույց ձեռքերին անգամ չարությամբ հատուցեցին:
Իսկ դու լինելով լույս ու լուսատու,
Չես լսում անեծք ու չես ախորժում չարից.
Չես ուզում կորուստ, չես ցանկանում մահ,
Չես հուզվում խռովությունից,
Չես ենթարկվում ցասման,
Չես հարկադրվում բարկությունից, Չես մթագնում սիրուց,
Չես այլայլվում գթությունից,
Չես փոփոխվում բարությունից,
Ո՛չ թիկունքդ ես շուռ տալիս և ո՛չ էլ երես ես դարձնում,
Այլ լո՜ւյս ես համակ և փրկություն ամբողջովին:

Բ

Եթե ուզենաս քավել՝ կարող ես.
Եթե բժշկել՝ զորավոր ես.
Եթե կենդանացնել՝ ձեռնհաս ես.
Եթե շնորհել՝ առատաձեռն ես.
Եթե առողջացնել՝ հնարավոր ես.
Եթե պարգևել՝ ամենալեցուն ես.
Եթե արդարացնել՝ ամենարվեստ ես.
Եթե մխիթարել՝ ամենիշխան ես.
Եթե նորոգել՝ ամենակալ ես.
Եթե հրաշագործել՝ գերահզոր ես.
Եթե վերստեղծել՝ Արարիչ ես.
Եթե կրկին գոյացնել՝ Աստված ես.
Եթե հոգալ կամենաս մեզ՝ ամենատեր ես.
Եթե մեղքերից կորզել՝ գթասիրտ ես.
Եթե անարժանիս ընձեռել՝ օրհնյալ ես.
Եթե որսացողից ազատել՝ փրկիչ ես.
Եթե շնորհներդ մեր մեջ զեղել՝ հարուստ ես.
Եթե նախքան մեր խնդրելը ձեռք կարկառել՝ անկարոտ ես.
Եթե նեղվածիս լայն տեղ դուրս բերել՝ անդորրիչ ես.
Եթե հետ մնացածիս կոչել՝ խնամակալ ես.
Եթե սասանյալիս հաստատել՝ վեմ ես.
Եթե ծարավյալիս հագեցնել՝ աղբյուր ես.
Եթե ծածուկներն երևան հանել՝ լույս ես.
Եթե օգտակարին ինձ ծանոթացնել՝ բարի ես.
Եթե արատներն անտեսել՝ երկայնամիտ ես.
Եթե փոքրիս հետ դատի չմտնել՝ բարձրյալ ես.
Եթե ծառայիս ձեռք տալ՝ ստեղծող ես.
Եթե աջովդ պաշտպանել՝ հոգածու ես.
Եթե վհատածիս դարման մատուցել՝ կերակրող ես.
Եթե անգետիս մտքին հագուրդ տալ՝ վարդապետ ես.
Եթե քեզ դիմողիս ընդունել՝ ապավեն ես.

Գ

Արդ, այս բոլորը քո ձեռքումն են լոկ, Տե՜ր ողորմության,
Ոչ միայն գրված, այլև կատարված ու գլխավորված,
Ո՜վ առաջամարտիկդ համբերության նահատակների մեջ,
Որ իմ փրկության համար՝ հզորաբար հանդես
եկար ճակատամարտի ասպարեզում,
Որպեսզի գոռոզ մարմնիս բռնության կարծրությունը դու
Վշտի և տառապանքի վարժություններով կակղացնես:
Մեր բնության հատուկ տույժի տագնապը տաժանագին
Քո անմեղորեն չարչարված մարմնով չափեցիր դու,
Որպեսզի այն քո մեջ որպես օրինակ ունենալով՝
Գթությունդ մեր նկատմամբ առավելապես ցուցաբերես,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աստվա՜ծ ողորմած, բազմագութ, հզոր,
Անճառ, կենարար, օրհնյալ, մարդասեր,
Քո կամքի համար չկա ոչ մի բան անձեռնարկելի,
Թեկուզ այն լինի մինչևիսկ մտքով
Անըմբռնելի, անհաս, անհնար.
Դժնի փշերի փոխարեն նույնիսկ
Հատուցում ես միշտ քաղցրահամ պտուղ,
Սկզբնահա՜յրդ նոր զարմանասքանչ կյանքի կանոնի.
Քանզի բարիքներ գործել ատելուն,
Աղոթել իր իսկ հալածչի համար,
Փրկություն հայցել իր խոցոտողին
Եվ սպանողին ներումն խնդրել,—
Դու էիր միայն, որ ընծայեցիր
Այս սքանչելի պտուղները մեզ,
Քաղցրությամբ անճառ ու անօրինակ,
Ախորժահաճո՝ օրհնյալ քո կամքին
Եվ ճաշակելի՝ շուրթերիդ գովյալ, ՛
Շո՜ւնչդ մեր կյանքի և զորությունդ մեր
գեղեցկության,
Տե՜ր Հիսուս Քրիստոս, օրհնյալ ի բարձունս։
Թեպետ ապերախտ ու բազմավրեպ երկրածին
մարդիկ
Քո բարեմատույց ձեռքերին անգամ
Միայն չարությամբ փոխհատուցեցին,
Բայց դու լինելով լույս ու լուսատու՝
Անեծք չես լսում, խորշում ես չարից,
Կորուստ չես ուզում, չես ցանկանում մահ,
Խռովությունից չես հուզվում երբեք,
Չես տրվում ցասման և բարկությունից չես
բռնադատվում,
Սիրուց չես մթնում,
Չես այլակերպվում գթածությունից,
Բարությունից քո չես փոխվում բնավ,
Թիկունք չես դարձնում, չես շրջում երես.
Լո՜ւյս ես համորեն ն ամբողջովին փրկագործություն։
Բ
Եթե ցանկանաս քավել, կարող ես,
Եթե ամոքել, բուժել՝ զորավոր,
Թե կենդանացնել՝ ձեռներեց, հասու,
Եթե շնորհել՝ առատապարգև,
Եթե ողջացնել՝ ամենահնար,
Եթե ընծայել՝ ամենազեղուն,
Թե արդարացնել՝ ամենակատար,
Եթե սփոփել՝ ամենախնամ,
Եթե նորոգել՝ ամենակարող,
Թե հրաշք գործել՝ ամենքի արքա,
Եթե հաստատել կրկին՝ արարիչ,
Թե գոյություն տալ վերստին՝ աստված,
Թե խնամարկել մեզ՝ ամենատեր,
Եթե մեղքերից կորզել՝ հանձանձիչ,
Թե անարժանին ընծայել՝ օրհնյալ,
Եթե որսողից ազատել՝ փրկիչ,
Եթե գանձերդ զեղել մեզ՝ հարուստ,
Թե ձեռք կարկառել նախքան մեր կողմից խնդրելն՝
անկարոտ,
Եթե դուրս բերել անձկություններից՝ անդորրապարգև,
Թե ետ ընկածիս կանչել՝ հոգատար,
Եթե հաստատել սասանյալիս՝ վեմ,
Եթե ծարավիս հագուրդ տալ՝ աղբյուր,
Թե ծածկյալները ցուցադրել՝ լույս,
Եթե ծանուցել օգտակարները՝ ամենաբարի,
Եթե արատներն անտեսել՝ անոխ,
Եթե փոքրիս հետ դատի չմտնել՝ ամենաբարձրյալ,
Եթե ծառայիս ձեռք մեկնել՝ հաստող,
Եթե պաշտպանել աջովդ՝ հոգածու,
Եթե մատուցել հուսահատյալիս դարման՝ սնուցիչ,
Եթե անգետիս հոգալ՝ վարդապետ,
Եթե դիմողիս առ քեզ ընդունել կրկին՝ ապավեն։
Գ
Այս բոլորն ահա քո ձեռքում են լոկ, տե՜ր
ողորմության,
Ոչ միայն գրված, այլև կատարված ու գլխավորված,
Ո՜վ համբերատար նախամարտիկդ նահատակության,
Որ հզորապես խիզախելով՝ իմ փրկության համար
Մտար ասպարեզ ճակատամարտի,
Որպեսզի վիշտ ու տառապանքների վարժությամբ
կրթած՝
Կակղացնես, մեղմես բռնությունը կարծր այս գոռոզ
մարմնիս.
Անպարտականդ՝ չարչրկումներով մարմնիդ չափեցիր
Տաժանելի ողջ տագնապները մեր բնության հատուկ,
Որ ունենալով փորձ ու օրինակ՝
Առավել գործուն ցույց տաս մեր հանդեպ
գթությունը քո,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս, ամեն։