ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Տէր, տէր զաւրութեանց, բոլորից գոյից թագաւոր,
Աւրհնաբանեալ ողորմութիւն, Աստուած ամենեցուն,
Որ յաղթես սահմանի լայնատարած ընդարձակութեան,
Ամենայն անբաւութեանց դու ես որքանութիւն,
Մինչ զի կարծրն քեզ հոսանուտ է, եւ լոյծն քեզ պնդակազմ,
Եւ չիք քո իր անհնարաւորական, յաղթող զաւրութիւն ահեղ,
Հուրն ցաւղ իմն է զովական, եւ անձրեւն` բոց կիզանողական:
Զքարն բաւես ցուցանել կերպարան ազդման,
Եւ զբանականն դնես անխաւս եւ անշունչ արձան,
Զպարտաւորն ողոքեալ պատուական առնես,
Եւ զկարծեցեալն մաքուր` իրաւամբք քննեալ դատիս,
Զմատուցեալն ի մահ` բերկրութեամբ բարեաց արձակես,
Եւ զամաչեցեալն` զուարթ տեսութեամբ աւծեալ դարձուցանես,
Կանգնես զմատնեալն խաղբից գլորման
Եւ զսասանեալն` ի վստահութիւն վիմին հաստատես,
Զախտացեալն բազմահառաչ` երջանիկ կարգես,
Եւ զյառաջատեալն դարձեալ անդրէն յետս նահանջես:
Եւ յորժամ սպառին առ ի մէնջ բարիքն,
Զառաւել զարմանալիսն յայնժամ ներգործես,
Քանզի վասն քո գիտես թողուլ զմեղս եւ ջնջել զանաւրէնութիւնս,
Եւ քաւիչ լինել անիրաւութեանց եւ զմեղս մեր ոչ յիշատակել,
Ըստ Եսայեայ եւ Երեմիայ:

Բ
Այլ առ շնորհ նորոգ փրկութեանս
Բազմաւք գոհաբանութեամբ հետեւեալ`
Ի յաճախութիւն անբաւիցն
Լռեալ առ սմին իսկոյն կարկեցայ.
Քանզի կրկնեալ զլուսոյդ անսպառ բարիսդ
Որ ի քէն առ իմ յամառս թշուառութիւն,
Քոյին աղերսիւ առ քեզ մաղթեցից,
Յարմարեալ դարձեալ ի նիւթս բանիս`
Զտառ ողբերգութեան այսր մատենի
Լցից թախծութեամբք եւ հեծեծանաւք:
Այլ առեալ խառնեցից, ի տուողիդ հաճութիւն,
Ընդ ցաւոցն` զդեղն,
Ընդ վհատութեանն` զխրախոյսն,
Ընդ յուսահատութեանն` զյիշատակդ անուան հաստողիդ,
Ընդ տխրութեանն` զսփոփանսդ,
Ընդ իմումս դառնութեան` զքաղցրութիւն կենարարիդ,
Ընդ պատիժ աւրինին` զշնորհն,
Ընդ պարտս անիծիցն` զազատարար աւրհնութիւնդ,
Ընդ մարմնոյ մահուն` զամենայնիւ նորոգութիւնդ:

Գ
Հաւատամ հզաւրիդ բանի, ուստի վկայեմ,
Լուր լռութեան սրտիս, Տէր Յիսուս,
Որ հնչումն է առ քեզ մեծութեան ձայնի երկար գոչելոյ:
Որ մարմնակից եւ պատկերակից մեր եղեալ,
Եւ քահանայապետապէս անաւրինակդ զաւրինակին խորտակեալ զլուծ,
Ընդ զենման մահու անասնոցն, բարեբանեալ մարմնոյդ նուիրմամբ
Անմահապէս միշտ մատուցանիս եւ աննուազաբար քաւութիւն շնորհես
Ոչ սակաւամեղիցն միայն,
Այլ եւ որոց հատեալ է ակնկալութիւն առ ելս կենաց:
Զի ո՞րքան զաւրէ մարմնոց անդամոց առ մեղս կենդանութիւն,
Թէ եւ բիւրուց ամաց ունիցի յերկարաձգութիւն,
Յորժամ, Աստուածդ բոլորեցուն, վասն սորին կամաւ եւ յաւժարութեամբ
Զենումն ընկալեալ, մահու համբերես` բաշխեալ ի քաւութիւն:
Զի ոչ եթէ, մաքրութեանդ աղբիւր,
Պարտական գոս մահու յաւրըստաւրէ կատարիլն,
Այլ կամաւք քովք, Հոգւոյդ գործակցութեամբ,
Ի հաճութիւն Հաւր եւ ի մեր հաշտութիւն` ցանկ մատուցանիս:
Իսկ եթէ, ամենիցդ Աստուած անքնին,
Իմովս վասն իմ առ իմ փրկութիւն, ի դէմս իմ,
Իբր թէ ընդ քոյդ էութեան ես իցեմ
Մարմնով պարունակողիդ կցորդ միացեալ,
Եւ դու, բարերար, յաղագս իմ ի յիմս կերպի,
Փոխանակեալ ընդ իմում պարտեաց,
Եւ մահ ընկալեալ անպարտդ`
Զմահապարտիս վնասուց պատուհաս,
Եւ ի յիմ անուն յանցաւորապէս,
Որպէս թէ կամաւ ընդ քեզ ես կրիցեմ,
Բազումս մեռեալ` եւ մնաս կենդանի,
Ոչ ուրացողացն ձեռաւք, այլ դաւանողացն հաւատովք
Աստուածապէս նուիրեալ եւ ի մասունս անհատս բաշխեալ:

Դ
Ասէր ոմն ողոքաւոր` չաւատալեացն պաշտաւնատար,
Մեծ ինչ եւ անկշռելի առ սմին դատէր`
Անյարմարագիր անձին յուսադիր.
Հաւատամ զփառս եւ զերջանկութիւն,
Քան թէ մարտիրոսութեամբ իսկ,
Թող թէ ուղղութեամբ իմս թշուառութեան,
Յանցաւոր մարմնիս վախճան ընդունել:
Իսկ զանճառութիւն խորհրդոյս այսու դիտեցի.
Դաւանէր իսկոյն, որ զի եւ մաքրոցն անձինք
Առանց նուիրման այսր յիշատակի
Չեւ են իսկապէս կատարեալք իսպառ,
Եթէ ոչ ընդ այս հրաշակերտութիւն մեծութեան հոգւով խառնեսցին:
Ապա թէ` Մեղաւորիս մասին կրկին մատուցար բաժին,- ասելով`
Յուսայր, իբրեւ այն թէ` Ես ինքն եղեր ճշմարտիւ`
Գրաւեալ զիմս դաժանութիւն ընդ քում համեղութեան,
Պատարագեալ քոյինանիւթ զանգուածոյ նշխարաւդ կենաց լուսոյ:
Այսու ամենայնիւ, ի վերնատանն նախանուէր բարեշնորհութեան,
Անհնարաւոր ախտիցն ճարակ,
Զմարմին եւ զարիւն իւր բաշխեաց ի քաւութիւն,
Ի վեր կարծեցուցանէր,
Քան զնահատակի վկայեցելոյ արեամբ կատարմամբ:
Յուսոյս աւրինակ յարգաւորութեամբ գրել զիս ի փառս,
Այսմ փրկանաւք հաւատալի երեւեցուցանէր,
Քան թէ քաւելոյ եւ ողորմելոյ եւ շնորհելոյ,
Որչափ աստուածականիդ առ մարդ զաւրութիւն.
Եւ տիրական աստուածախառն մարմնոյն կամաւորական նուիրումն`
Առ անասնական սպանդին մատուցումն,
Եւ անմահն` առ մահկանացուս,
Լոյսն ահաւոր` առ ստուերայինս,
Յաւիտենականն, քան զանցաւորս,
Բարձրեալն, քան զերկրաւորս,
Անստեղծն, քան զեղականս,
Բարին իսկութեամբ, քան զթիւրեալս բնութեամբ,
Մանաւանդ զի իւր է կամելն եւ իւր` կենագործելն,
Աւրհնութեանն առիթ, քան զանիծիցս պատճառ:

Ե
Արդ, տուր խոցելոյս ի սիրտ եւ յոգի, աղաչեմ, գթած,
Զառ ի յերկնուստ ընծայեալ զդեղդ կենաց,
Մատիր քաղցրութեամբ առ ախտացեալս մեղաւք,
Քաւեա ի պարտեաց, ամենակատար բաւականութիւն:
Իսկ առ ի յինէն այս է ճշմարիտ եւ անխաբելի կերպարան բանի,
Որ զի հաստիչդ ամենից ի սուրբս բնակես,
Եւ ըստ տարազու սերմանն եւ հնձելն է իրաւացի,
Ըստ ճշմարիտ բանին Պաւղոսի,
Եւ աչացաւացն ի տապ արեւու ոչ է զաւրութիւն:
Այլ դու, բարերար, հաստիչ յոչէից,
Յարգես յաւէտ իսկապէս համայն եւ զդաւանելն զքեզ`
Բաւական առ կենդանութիւն,
Եւ ոչ ես ընդ սահմանաւ փակեալ աւրինի,
Այլ յաղթես, մանաւանդ թէ խզես զկապ կանոնի,
Եւ դու մնաս պայման աւետեաց
Համաւրէն յանցաւորաց տարակուսելոց:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով,
Փա~ռք եւ իշխանութիւն յաւիտեանս:
Ամէն:

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա
Զորությունների՛ դու Տեր և թագավորբոլոր գոյությունների.
Օրհնաբանված ողորմություն և բոլորի Աստված,
Որ իշխում ես լայնատարած և ընդարձակ անսահմանության վրա,
Դու ես չափն ու քանակությունը բոլոր մեծությունների,
Մինչ այն աստիճան, որ կարծրը հեղուկ է քեզ մոտ և լույծը՝ պնդակազմ,
Անհնար ոչինչ չկա քեզ համար, ո՛վ դու 
հաղթական զորություն ահեղ.

Հուրը զովասուն ցող է քեզ համար և անձրևը՝ բոց կիզանողական:
Քարին կարող ես դու կյանք ներշնչել ու տալ կերպարանք,
Եվ բանականին դարձնել անխոս և անշունչ արձան:
Պատվի ես արժանացնում դու քեզ ողոքող մեղապարտին
Եվ կարծեցյալ մաքուրին՝ արդար քննությամբ դատապարտում:
Մահամերձին բարի բերկրությամբ արձակում ես դու,
Եվ ամոթահարին՝ օծությամբ դարձնում զվարթերես:
Ոտքի ես հանում թակարդի մեջ գլորվածին
Եվ սասանյալին ապահով վեմի վրա հաստատում:
Հիվանդին բազմահառաչ՝ երջանկացնում ես դու,
Առաջ գնացածին ետ դարձնում վերստին:
Եվ երբ սպառվում են բարիքները մեզ համար,
Այնժամ դու է՜լ ավելի զարմանասքանչ գործեր ես կատարում,
Քանզի դու գիտես ներել մեր մեղքերն ու անօրենությունները ջնջել.
Քավիչ լինել անիրավությունների և մեր մեղքերը չհիշել,
Ինչպես գրում են Եսային և Երեմիան:

Բ
Եվ քանզի այս նոր փրկության շնորհներին գոհաբանությամբ հետևելով
Եվ տեսնելով նրանց շատությունն անբավ, լռեցի իսկույն ու պապանձվեցի.
Ուստի և ահա՛ հիշելով դարձյալ լույսիդ անսպառ բարիքներն ամեն,
Որոնք քո կողմից պարգևված են ինձ՝ համառ թշվառիս,
Քո՛ աղերսով՝ քե՜զ պիտի պաղատեմ,
Իմ այս մատյանի խոսքերին դարձյալ համարեցնելով
Թախծությամբ լեցուն հեծեծագին բազմաթիվ տողեր:
Սակայն ի հաճույս տվողիդ պիտի առնեմ ու խառնեմ՝
Ցավերի հետ՝ դեղ,
Վհատության հետ՝ խրախույս,
Հուսահատության հետ՝ հիշատակն անվան հաստողիդ,
Տխրությանս հետ՝ սփոփանքը քո,
Դառնությանս հետ՝ քաղցրությունը կենարարիդ,
Օրենքի պատժի հետ՝ քո շնորհը,
Անիծապարտության հետ՝ օրհնությունդ ազատարար,
Մարմնի մահվան հետ՝ նորոգությունդ կատարյալ:

Գ
Հավատում ես ես հզորիդ խոսքին և հաստատում այն.
Լսի՛ր դու սրտիս լռությունը, Տե՜ր Հիսուս,
Որը դեպի քեզ մեծաձայն հնչումն է երկարագոչ:
Մարմնակից ու պատկերակից լինելով մեզ հետ,
Ինչպես անօրինակ քահանայապետ, օրինակի լուծը խորտակելով.
Անասունների տեղ մահվամբ զենված,
Բարեբանված մարմնիդ նվիրումով
Անմահապես մատուցվում ես միշտ և քավություն շնորհում աննվազորեն
Ոչ միայն սակավ մեղանչողներին, այլ նաև նրանց.
Որոնք փրկության ոչ մի հույս չունեն:
Կյանքը մեղքի մեջ մեր մարմնի համար ինչքա՞ն կարող է տևական լինել,
Եթե մինչև իսկ բյուր-բյուր տարիներ երկարաձգվի,
Երբ դու Աստվածդ զենումն հոժար կամքով հանձն առած,
Մահն համբերությամբ տարար՝ բաշխվելով ի քավություն մեզ:
Աղբյո՛ւրդ մաքրության, ոչ թե մահապարտ լինելով ես դու զոհվում օրեցօր.
Այլ որպեսզի մեզ հաշտեցնես Հորդ հետ՝ հաճեցնելով նրան,
Քո կամքով, Հոգուդ գործակցությամբ՝ մատուցվում ես միշտ:
Իսկ դու, բոլորի Աստվածդ անքնին, իմ պատկերով՝ ինձ՝
Փրկությանս համար, իմ անունից,
Որպես թե ես ինքս կցորդվելով՝ միացած լինեի
Նույն մարմնով պարունակված էությանդ հետ,
Ո՜վ բարերար, ինձ համար և իմ կերպարանքով,
Փոխ առնելով իմ պարտքերը և անպարտելիդ մահ ընդունելով
Մահապարտիս պատիժն ու պատուհասը
Որպես թե կամավոր կերպով քո փոխարեն ես կկրեմ,–
Բազմիցս մեռնելով՝ մնում ես դարձյալ կենդանի:
Ոչ թե ուրացողների ձեռքով, այլ հավատացողների հավատքով է,
Որ նվիրվում ես դու աստվածորեն ու բաշխվում անհատնում մասերով:

Դ
Ոմն աղոթավոր, կուռքերի մի պաշտոնատար
Այս մասին մի մեծ և անկշռելի դատողություն էր անում,
Հույս տալով իրեն անհարմարագիր խոսքով այսպիսի.
«Հավատում ես ես տիրանալ փառքի և երջանկության,
Երբ հասնի վախճանն անցավոր մարմնիս»:
Այդ նույն խորհրդի միջոցով, քան թե մարտիրոսությամբ,
Եվ կամ ուղղելով ընթացքս թշվառ:
Բայց նկատեցի, որ նա անճառությունն
այս խորհրդի դավանում էր այնպես,
Թե մաքուրներն իսկ, առանց նվիրման այս հիշատակին,
Թե գոնե հոգով խառնվելով այդ մեծ 
հրաշակերտության հետ՝
Չեն կարող իսկապես բոլորովին կատարյալ դառնալ:
Եվ ապա ասում էր նա հուսալով վստահապես՝
«Մեղավորիս համար դու կրկնապես մատուցվեցիր և եղար իմ եսը ճշմարտապես՝
Քո համեղության փոխարեն դառնությունն իմ առնելով,
Եվ քո իսկ մարմնով՝ լուսեղեն կյանքի նշխարովդ դու պատարագվեցիր»:
Եվ սակայն, քանզի վերնատան մեջ, առաջին անգամ,
Բարեշնորհ հաղորդության խորհրդի ժամանակ,
Որպես անհնար և անբուժելի մեղքերի դարման՝
Նա բաշխեց մարմինն ու արյունը իր որպես քավություն,–
Ուստի և, ահա, հաղորդությունն այս վեր է դասում նա,
Քան թե վկայվածի նահատակությունն արյամբ կատարված:
Այս օրինակով համոզված էր նա և հավատացնում էր միանգամայն,
Թե այս փրկանքով հնարավոր է հասնել հարգանքի և փառքի տիրանալ,
Քան թե քավությամբ և ողորմությամբ կամ շնորհումով.
Զի աստվածային զորությունը վեր է, քան թե մարդկայինը,
Եվ աստվածախառն տիրական մարմնի կամավորական նվիրումն է վեհ,
Քան անասնական սպանդի մատուցումը.
Անմահը, քան թե մահկանացուն,
Լույսը ահավոր, քան թե խավարը,
Հավիտենականը, քան թե անցավորը,
Բարձրյալը, քան թե երկրավորը,
Անստեղծը, քան թե եղածը, 
Իսկությամբ բարին, քան թե բնությամբ վատը.
Մանավանդ որ իր ձեռքն է կամենալն ու կենսագործելը,
Տալով օրհնության առիթ և ոչ թե պատճառ՝ դառն անեծքների:

Ե
Աղաչում եմ, գթա՛ծ, տուր հոգով-սրտով խոցվածիս
Երկնուց ընծայված կենաց դեղը քո:
Քաղցրությամբ, Տե՜ր, մոտեցիր դու ինձ՝ բազում մեղքերով ախտավորվածիս.
Ջնջի՛ր պարտքերս, ամենակատա՜ր բավականություն:
Եվ ճշմարիտ է ինձ համար, իրոք, իմաստն այս խոսքի,
Թե՝ ստեղծիչդ ամենայնի՛ սրբերի մեջ ես բնակվում.
Ճիշտ է արդարև, թե ինչ որ ցանես, նույնը կհնձես,
Ինչպես Պողոսն է ասում հիրավի՝
Ցավագին աչքերն արևի տապին տոկալ չեն կարող:
Իսկ դու, բարերար, ստեղծիչդ ամենայնի՝ ոչնչությունից,
Գնահատում ես հավետ իսկապես դավանելը քեզ,
Որպես կարող ուժ՝ կյանք տալու համար:
Օրենքով դու չես սահմանափակված, այլ վեր ես ամեն մի սահմանումից,
Եվ մանավանդ թե կարող ես խզել կանոնի ամեն տեսակ կապանքներ,
Մնալով միայն ի՜նքդ ավետյաց պայման ու խոստում
Հույժ տարակուսյալ հանցավորների համար համորեն:
Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգու
հետ՝ փա՜ռք, իշխանություն
հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա
Տե՜ր, տեր զորության,
Թագավոր բոլոր գոյությունների,
Օրհնաբանյալդ ողորմածությամբ,
Մեծությանդ հանդեպ փոքր են ու չնչին
Սահմաններն համայն ամենատարած
ընդարձակությամբ.
Դու ես ամենայն անբավության չափ ու որքանություն
Չկա քեզ համար անհնար ոչինչ,
Ո՜վ ամենահաղթ զորություն ահեղ,
Այնքան որ կարծրը հոսանուտ է քեզ,
իսկ հեղուկը՝ պինդ,
Կրակն ամեհի՝ ցող է զովասուն,
Իսկ անձրևը՝ բոց կիզանողական։
Քարին կարող ես դու տալ կերպարանք
ու օժտել կյանքով,
Իսկ բանականին վերածել անշունչ, անխոս արձանի.
Մեղապարտին, որ ողոքում է քեզ,
դարձնել պատվական
Եվ դատապարտել, արդար քննությամբ,
կարծեցյալ սրբին.
Մահվան մատնվածին արձակել ազատ՝
բարի բերկրությամբ
Եվ զվարթությամբ օծել երեսը ամոթահարի.
Ծուղակն ընկածին վեր հանել նորեն
Եվ սասանվածին ապահովաբար հաստատել վեմին.
Ախտաժետվածին, թշվառ, բազմահեծ,
դարձնել երջանիկ,
Իսկ բարձրացածին ետ մղել դարձյալ։
Երբ սպառվում են բարիքները մեր,
Այնժամ ավելի մեծ հրաշքներ ես սքանչագործում,
Քանզի գիտես մեր մեղքերը ներել,
Ջնջել պարտքերը անօրենության,
Քավել ամենայն անիրավություն,
Հանցանքները մեր չհիշատակել։

Բ
Գոհաբանությամբ հետևելով նոր
Փրկագործության այս շնորհներին,
Տեսնելով նրանց բազմությունն անբավ՝
Լռեցի իսկույն ու պապանձվեցի.
Սակայն հիշելով վերստին լույսիդ բարիքներն անհատ,
Պարգևված քեզնից համառ թշվառիս,
Քո աղերսով քեզ պիտի պաղատեմ՝
Ողբամատյանն այս լցնելով դարձյալ
Դառնագին վիշտ ու հեծեծանքներով։
Բայց, շնորհատվիդ ի հաճույս, պիտի
Առնելով խառնեմ ցավերիս հետ՝ դեղ,
Վհատության հետ՝ քաջալերություն,
Անհուսության հետ՝ հիշատակն անեղծ
հաստողիդ անվան,
Վիշտ ու թախծի հետ՝ սփոփանքը քո,
Իմ դառնության հետ՝ քաղցրությունն
օրհնյալ կենդանարարիդ.
Օրենքի պատժին՝ շնորհներդ անճառ,
Անեծքների հետ՝ օրհնանքդ փրկիչ ու ազատաբեր,
Մարմնական մահվան՝ նորոգությունդ կատարելագործ։

Գ
Հավատում եմ ես հզորիդ խոսքին
ու հաստատում այն.
Լսի՛ր, տե՜ր Հիսուս, լռության սրտիս,
Որ մեծահառաչ ու երկարագոչ հնչումն է առ քեզ։
Ինքդ դառնալով մեզ համամարմին
ու պատկերակից,
Անօրինակ մի քահանայապետ,
Խորտակելով լուծն հին օրինակի,
Անասունների զոհման փոխարեն՝
Բարեբանյալ քո մարմնի նվիրմամբ
Պատարագվում ես միշտ անմահապես,
Աննվազաբար բաշխում քավություն
Ոչ միայն սակավ մեղանչողներին,
Այլ նաև նրանց, որոնք կորցրել են հույսը փրկության։
Արդ, մեղքերն ի՞նչ ուժ պիտի ունենան
Եվ ի՞նչ կարող են անել մեր մարմնին,
Եթե մինչևիսկ գոյատևելու
Լինեն նրա մեջ հազարամյակներ,
Երբ դրա համար Աստվածդ համայնի
Կամավորապես ու սիրահոժար
Զոհումն հանձն առած, մահն հանդուրժելով՝
Պատարագվում ես անվերջ ամեն օր՝
մեզ ի քավություն
Եվ ի հաշտություն բարձրյալ հորդ հետ,
Ըստ որում ոչ թե որպես մահապարտ,
աղբյո՜ւր մաքրության,
Այլ կամա՝ Հոգուդ գործակցությամբ ու
հաճությամբ քո հոր։
Եվ այսպես, անհաս Աստվածդ համայնի,
Իմ բնությամբ ու կերպարանքով՝
իմ քավության համար,
Այնպես որ կարծես ես լինեմ մարմնով
Միավորված քեզ, քո էության հետ,
Իմ պիղծ անունով դարձած հանցավոր,
Վնասապարտիս պատիժներն համակ հանձն
առած վրադ,
Ասես կամովին ինքս կրեի
Տանջանքները քո՝ մեծիդ փոխարեն,—
Անմեղապարտդ մահ ընդունելով՝
Բազմիցս մեռնում, բայց կենդանի ես մնում հանապազ.
Սակայն դու ոչ թե ուրացողների,
Այլ քեզ դավանող մարդկանց ձեռքով ես
Նվիրաբերվում միշտ աստվածորեն՝
Բաշխվելով անհատ, անբավ մասերի։

Դ
Ոմն աղոթավոր, որ չաստվածների
Պաշտոնատար էր եղել նախկինում,
Չկշռադատված ինչ-որ կարծիք էր հայտնում
այս մասին՝
Իր անձի համար հույժ կասկածելի հուսադրությամբ.
«Հավատում եմ ես այս անցողական
մարմնիս վախճանին
Ստանալու փառք ու երջանկություն,
Ոչ թե ուղղելով ընթացքն իմ թշվառ
Արդարությամբ կամ մարտիրոսությամբ,
այլ սուրբ խորհրդով»։
Բայց նկատեցի, որ համոզված էր
ինքն հաստատապես,
Թե մաքուրներն իսկ առանց նվիրման
անճառ խորհրդի,
Առանց խառնվելու հոգով այդ վսեմ հիշատակի հետ,
Չեն կարող լինել իսպառ կատարյալ։
Ապա ասելով, թե «մեղավորիս
Համար կրկնապես դու մատուցվեցիր»,
Հույս էր տածում, թե իբր «ճշտորեն իմ եսը եղար,
Ընդունելով քո համեղության տեղ դառնությունը իմ,
Պատարագվեցիր շաղված քոյանյութ
Մարմնով իսկ՝ կյանքի լույսի նշխարով»։
Այսպիսով, քանզի վերնատանը նա
Իր նախանվեր շնորհաբաշխման ժամանակ, իբրև
Մեր անբուժելի ախտերին դարման,
Իր մարմինն ու իր արյունը բաշխեց՝
մեզ ի քավություն,
Ուստի և, ահա, հաղորդությունն այս
Սա վեր է դասում նահատակների
Արյամբ կատարած վկայությունից,
Հավատացնելով, որ այս փրկանքով
Ավելի ստույգ կկարողանա
Հասնել պատվի ու տիրանալ փառքի,
Քան թե քավությամբ, շնորհաբաշխմամբ
ու ողորմությամբ.
Այնքանով, որքան աստվածայինն է
զորավոր մարդուց.
Աստվածախառն տիրական մարմնի
Նվիրաբերումն ինքնակամորեն՝
Մատուցումներից անասնասպանդ,
Անմահն ինքնակա՝ մահկանացուից,
Ստվերայինից՝ լույսը երկնավոր,
Հավերժականը՝ անցողականից,
Բարձրյալն՝ երկրայնից, եղականից՝ Էն,
Իսկությամբ բարին՝ թյուրից բնությամբ.
Մանավանդ որ ինքն է տնօրինում
Ե՛վ կամենալուն, և՛ կենագործման,
Իսկ ինքն առիթ է օրհնության,
ոչ թե պատճառ անեծքի

Ե
Աղաչում եմ քեզ, տո՛ւր երկնաշնորհ
կենաց դեղը քո
Հոգով ու սրտով խոցվածիս, գթա՜ծ.
Քաղցրությա՛մբ նայիր մեղքերով իսպառ
ախտաժետվածիս.
Քավի՛ր պարտքերից, ամենակատա՜ր
բավականություն։
Իսկ իմ կողմից ես կարող եմ միայն
Ճշմարիտ, անխաբ այն միտքն հավաստել,
Որ բնակվում ես հաստիչդ համայնի սրբերի մեջ լոկ.
ճիշտ է նաև այն, թե՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես,
Պողոսի անսուտ խոսքի համաձայն,
Եվ աչքացավով հիվանդը երբեք
Չի կարող բերկրել արևի տապով։
Բայց դու, բարերա՜ր, հաստիչդ անէից,
Կյանք տալու համար բավարարվում ես
Մինչևիսկ միայն քեզ դավանելով։
Օրենքներով չես սահմանափակված,
Եվ նրանից վեր լինելով՝ նույնիսկ
Կարող ես քանդել կապանքն օրենքի՝
Ինքդ մնալով ավետյաց միակ պայման ու խոստում
Բոլոր վարանած հանցավորներին։
Եվ քեզ Հորդ ու Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք
Ու իշխանություն հավիտյանս, ամեն: