ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Որդի Աստուծոյ կենդանւոյ, աւրհնեալ յամենայնի,
Հաւրդ ահաւորի անքնին ծնունդ,
Որ տկարանայ առ ի քէն եւ ոչ ինչ,
Որ ի ծագել անստուեր նշողից ողորմութեան քո փառաց
Հալին մեղք, հալածին դեւք, ջնջին յանցանք,
Խզին կապանք, խորտակին շղթայք,
Կենդանածնին մահացեալք, բժշկին հարուածք,
Ողջանան վէրք, բառնին ապականութիւնք,
Տեղի տան տխրութիւնք, նահանջին հեծութիւնք,
Փախնու խաւարն, մեկնի մէգն,
Մերժի մառախուղն, փարատի մռայլն,
Սպառի աղջամուղջն, վերանայ մութն, գնայ գիշերն,
Տարագրի տագնապն, չքանան չարիքն, հալածին յուսահատութիւնքն,
Եւ թագաւորէ ձեռն քո ամենակար, քաւիչդ ամենայնի:
Բ
Որ ոչ եկիր կորուսանել զմարդկան ոգիս, այլ կեցուցանել,
Թող ինձ զանթիւ չարիսն իմ բազում ողորմութեամբդ,
Զի դու միայն ես յերկնի անճառ եւ յերկրի անզնին,
Ի տարր գոյի եւ յեզրս ծագաց աշխարհի,
Սկիզբն ամենայնի եւ յամենայնի ամենայն լրմամբ, աւրհնեալ ի բարձունս:
Եւ քեզ ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ փա~ռք յաւիտեանս:
Ամէն:   up

Բան ԽԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ,
Անքնին ծնունդ դու ահավոր Հոր,
Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,
Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,
Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները,
Կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները,
Եվ վերքերը կառողջանան.
Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,
Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,
Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի.
Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու
գիշերը կանցնի, Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,
Հուսահատությունները կհալածվեն,
Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի:

Բ

Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու.
Ների՛ր ինձ անթիվ չարիքներս՝ քո բազում ողորմությամբ,
Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով,
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ո՜վ ամենօրհնյալ որդիդ Աստծո,
Կենդանարար հոր անքնին ծնունդ,
Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ.
Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության,
Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,
Դևը հալածվի, հանցանքը ջնջվի,
Կապանքը խզվի, խորտակվի շղթան,
Մահացածները կենդանածնվեն,
Խոցը բժշկվի, վերքն առողջանա,
Վերանա ամեն ապականություն,
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի,
Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա,
Չարիքը չքվի, տագնապն հեռանա,
Հուսահատությունն հալածվի անհետ,
Եվ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի։

Բ
Դու, որ եկել ես մարդկային ոգին
Փրկելու, ոչ թե կորցնելու համար,
Ների՛ր անհամար չարիքները իմ
Ամենաառատ քո ողորմությամբ,
Զի դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին,
Գոյության բոլոր տարերքների մեջ,
Աշխարհի բոլոր եզրածագերում,
Սկիզբն համայնի և ամեն ինչում՝ ամբողջ լրությամբ,
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ քեզ սուրբ Հոգուդ ու հորդ հետ փա՜ռք
հավիտյանս, ամեն։