ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ջուր կամաց եւ կաթ արտասուաց
Բեկութեամբ հոգւոյս, մտացս լքմամբ,
Խորտակմամբ սրտիս հեղեալ առաջի`
Զմարգարէն յիշեցուցանեմ` զարիմաթացւոյն Սամուէլի,
Զոր առեալ եհեղ ի սկաւառակէ յանդիման քո, ամենատես,
Առ ժողովրդեանն աւրինակութիւն`
Զանձն արկանելոյ խոստովանութեամբ
Եւ հնազանդութեամբ կենդանարարդ գարշապարաց:
Բ
Եւ արդ, ընկալ զայս հիւսուած բանի աղիողորմ հեծեծանաց,
Եւ հոտոտեսցիս յայս նուէր բանի անարիւն զոհի, թագաւոր երկնի,
Եւ աւրհնեալ սրբեա զտառ մատենի այսր ողբերգութեան,
Եւ գրեալ դրոշմեսցես յարձան յաւիտեան
Ընդ հաճոյականացն սպասաւորութիւնս:
Կացցէ առաջի քո մշտնջենաւոր
Եւ յիշատակեսցի ի լսելիսդ քո հանապազ,
Բարբառեսցի շրթամբք ընտրելոց քոց
Եւ խաւսեսցի բերանովք հրեշտակաց քոց,
Տարածեսցի հանդէպ աթոռոյ քոյ
Եւ ընծայեսցի ի սրահ սրբութեան քոյ,
Խնկեսցի ի տաճար անուան քոյ
Եւ բուրեսցի ի սեղան փառաց քոց,
Պահեսցի ի գանձարանի քում
Եւ համբարեսցի ի ստացուածս քո,
Պատմեսցի ի յականջս ազգաց
Եւ քարոզեսցի ի լուր ժողովրդոց,
Նկարեսցի ի դրունս իմաստից
Եւ տպաւորեսցի ի սեամս զգայութեանց,
Իբր կենդանեաւք զիմս պատմեսցէ
Խոստովանեալ զանաւրէնութիւն:
Եւ թէպէտ վախճան ընկալայց իբր զմահացու,
Այլ յարակայութեամբ բանի այսր սոփերի
Գրեցայց կենդանի:
Մնասցէ սա անեղծ ի կամս քո, Տէր,
Ինձ` պատժապարտիս համբարձեալ
Միշտ անդուլ դատիչ, անաչառ կշտամբիչ,
Անպատկառ յանդիմանիչ, անանխայելի դսրովիչ,
Անողոքելի պարսաւիչ, անհամբոյր ծանակիչ,
Անմարդասիրելի մատնիչ, անփրկելի տանջիչ,
Անկաշառ կառափիչ, անխնամելի յայտնիչ,
Ապառում հրապարակիչ, աշխարհալուր բողոքիչ,
Փողով մեծութեան ազդման
Առանց լռութեան եւ կամ դադարման
Զիմոցս պարտեացս խոստովանեսցի:
Գ
Սոյն գիր իմովս ձայնիւ, իբր զիս, ընդ իմ աղաղակեսցէ,
Տարածեսցէ զծածկեալսն, հռչակեսցէ զգաղտնիսն,
Կականեսցէ զկատարածն, հնչեսցէ զմոռացեալսն,
Յայտնեսցէ զաներեւոյթսն, բարբառեսցէ զբարուրսն,
Քարոզեսցէ զխորոցն, պատմեսցէ զմեղացն,
Մերկացուսցէ զանտեսիցն, ցուցցէ զկերպարանս թաքուցելոցն:
Շաւշափեսցին սովաւ որսքն, գտցին գայթակղութիւնքն,
Յանդիմանեսցին անճառքն, քամեսցին չարեացն մնացուածք,
Եւ թագաւորեսցեն կեանքդ շնորհաց ողորմութեան քոյ, Քրիստոս,
Ի գանձս պահեստի ոսկերացն ցամաքելոց,
Որով ի ժամանակս կենդանականս
Սկզբնաւոր լուսոյ մտի գարնայնոյն`
Նորոգման աւուրն պայծառութեան`
Քոյովդ ցաւղով յոգի աճեցեալ
Այսու փրկութեամբ անմահականաւ
Եւ անցամաքելի վերամբարձութեամբ
Շառաւիղս ձգեալ իմանալեացն բարեաց`
Դարձեալ դալարացայց եւ կրկին ծաղկեցայց,
Ըստ քոյինաշունչ Գրոյն յուսադրութեան:
Եւ քեզ միայնոյ փրկողի եւ Հոգւոյդ քում` Հաւր իսկակցի,
Միասնական տէրութեանդ եւ անճառ Երրորդութեանդ
Խորհրդական գովեստիւ փա~ռք եւ երկրպագութիւն յաւիտեանս:
Ամէն:

Բան ՁԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ ահավասիկ, կոտրված հոգով, սաստիկ հուսահատ,
Խորտակված սրտով առջևդ եմ թափում ջուրը իմ կամքի, կաթիլն արցունքի,
Հիշեցնելով արեմաթացի Սամուել մարգարեին282Ա. Թագ. Է. 6,
Որ առնելով ջուրն սկավառակից՝ թափեց քո առջև, ո՜վ ամենատես,
Ցույց տալու համար ժողովրդին, թե խոստովանությամբ և հնազանդությամբ
Պետք է ընկնել գարշապարներիդ կենդանարար:

Բ

Եվ արդ, ընդունի՜ր այս աղիողորմ հեծեծանքներով հյուսված խոսքերը,
Եվ այս բանավոր անարյուն զոհի նվերն հոտոտիր, թագավո՛ր երկնի.
Սրբիր օրհնությամբ գիրը մատյանի այս ողբերգության,
Եվ դրոշմիր գրվածքն այս որպես արձան մշտնջենական՝
Քեզ համար հաճո մյուս միջնորդական մաղթանքների հետ:
Թող որ նա ընդմիշտ մնա քո առաջ և ականջներիդ հնչի շարունակ.
Եվ շրթունքներով ընտրյալներիդ բարբառի՛ թող նա
Ու հրեշտակներիդ բերանով խոսի.
Թող որ տարածվի աթոռիդ հանդեպ և ընծայվի սուրբ սրահի մեջ քո.
Քո անվան նվիրված տաճարում խնկարկվի և բուրի՜ փառքիդ սեղանի վրա.
Թող պահվի հարուստ քո գանձարանում և թող ամբարվի ստացվածքիդ մեջ.
Թող որ պատմվի ազգերին ի լուր և ժողովրդի համար քարոզվի.
Պատկերվի՛ թող որ մտքի դռներին և զգայարանքների սեմերին տպվի.
Իբրև կենդանի՝ թող պատմի նա իմ գործերն անօրեն ու խոստովանի.
Եվ թեպետ որպես մահացու պիտի վախճանվեմ ես,
Սակայն այս համեստ մատյանովս միշտ անմեռ կմնամ:
Քո կամքով՝ թող այն անեղծ մնա, Տե՜ր,
Եվ պատժապարտիս հանդեպ դատավոր դառնալով անդուլ,
Անաչառ կշտամբիչ, համարձակ հանդիմանիչ,
Անխնա պախարակիչ, անողոք պարսավիչ,
Անհամբույր ծանակիչ, անմարդասեր մատնիչ,
Անփրկելի տանջարար, անկաշառ գլխատիչ,
Խստասիրտ հրապարակող, աշխարհալուր բողոքող,-
Մեծաձայն փողով, առանց լռելու, անդուլ-ան-
դադար՝ Իմ հանցանքնե՜րը թող խոստովանի:

Գ

Այս գիրքն իմ ձայնով իմ փոխարեն պիտի աղաղակի,
Ծածկվածները պիտի բանա և գաղտնիքներն հրապարակի,
Կատարվածները բարձրաձայն ողբա, մոռացվածները հնչեցնի,
Աներևույթները պիտի հայտնի, բարուրվածները բարբառի,
Դուրս պիտի հանի խորքում եղածներն ու մեղքերը պատմի,
Անտեսները պիտի մերկացնի, թաքցրածները ցուցահանի,
Սրանով որսերը պիտի շոշափվեն, գայթակղությունները գտնվեն,
Անպատմելիներն հանդես պիտի գան և ճզմվեն չարի մնացորդները:
Քո ողորմության շնորհիվ, Քրիստո՛ս, կյանքը պիտի թագավորի
Իմ ցամաքած ոսկորների գանձարանի պահեստում,
Որով կենդանության գարնանամտի արշալույսին, օրը պայծառ նորոգության,
Շնորհիվ քո ցողի հոգիս աճելով անմահ փրկությամբ
Եվ անթառամ վերամբարձությամբ իմանալի բարիքների ճյուղեր ընձյուղելով,
Պիտի նորից նոր դալարեմ դարձյալ և կրկի՜ն ծաղկեմ,
Ըստ ներշնչումովդ գրված գրքերի հուսադրության:
Եվ քեզ՝ միակ փրկչիդ և Հոգուդ՝ իսկակցին քո Հոր
Միասնական Տերությանդ և Երրորդությանդ անճառելի
Խորհրդական գովեստով՝ փա՜ռք և երկրպագություն հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, բեկված հոգով, վհատված մտքով,
խորտակված սրտով՝
Ջուրը իմ կամքի և կաթիլները
Արտասուքներիս առջևդ եմ թափում,
Զամարաթացի մարգարեի պես,
Որ ջուրն առնելով՝ սկավառակից
Հեղեց քո առաջ, ո՜վ ամենատես,
Օրինակ տալով ժողովրդին, որ
Խոստովանությամբ, հնազանդությամբ
Ընկնեն կենարար գարշապարներդ։
Բ
Ընդունիր հյուսվածքն այս աղիողորմ
հեծեծանքներիս
Եվ այս բանական նվերն հոտոտի՛ր
Որպես անարյուն զոհաբերություն.
Օրհնությամբ սրբի՛ր ու մաքրի՛ր ամեն
Տառը մատյանի այս ողբերգության.
Վավերագրի՛ր, հաստատի՛ր, կնքի՛ր
Այն որպես արձան հավիտենական՝
Ընտիր ու հաճո գործերի կարգում։
Թո՛ղ որ առջևդ լինի մշտապես
Ու լսելիքիդ հնչի շարունակ,
Խոսի շուրթերով քո ընտրյալների,
Հրեշտակներիդ լեզվով բարբառի.
Թո՛ղ տարածվի քո աթոռի հանդեպ
Եվ ընծա բերվի քո սուրբ սրահում,
Խնկի տաճարում անունդ կրող
Ու բուրի փառքիդ սեղանի վրա,
Պահպանվի հավետ քո գանձարանում
Եվ ամբարվի քո ստացվածքի մեջ:
Թո՛ղ որ հռչակված հասնի ազգերին,
ժողովուրդներին քարոզվի ի լուր,
Տպվի դռներին բանականության
Եվ զգայության սեմերի վրա դրոշմվի ամուր։
Ու թեպետ որպես մի մահկանացու՝ պիտի վախճանվեմ,
Բայց այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ։
Կամքովդ թող, տե՜ր, սա մնա անեղծ,
Պատժապարտիս դեմ բարձրացած որպես
Անաչառ դատող, անդուլ կշտամբիչ,
Անպատկառ բասրիչ, անխիղճ նախատող,
Անգութ պարսավող, անհաշտ ծանակիչ,
Անողոք մատնիչ, անողորմ տանջող,
Անկաշառ դահիճ, անխնա հայտնիչ,
Անզգամ ու բիրտ հրապարակող
Եվ ամբաստանող մի աշխարհալուր.
Բարձրագոչ փողով անլուռ, անդադար ազդարարելով՝
Թող որ հանցանքներն իմ խոստովանի։
Գ
Այս գիրքն իմ ձայնով անձիս փոխարեն
Իբրև ես՝ պիտի միշտ աղաղակի,
Տարածի այն, ինչ ծածկված է եղել
Ինչ որ գաղտնի էր, պիտի հռչակի,
Կատարածներս կականի ողբով,
Մոռացվածները բերի ասպարեզ,
Ինչ որ եղել է անտեսանելի ու աներևույթ,
Մերկացնելով՝ դուրս հանի հանդես,
Բարուրանքներս պիտի տարփողի,
Հրապարակի՝ ինչ որ թաղված է եղել խորքերում,
Մեղքերս պատմի, թաքնվածները
Ցուցադրի բուն կերպարանքներով։
Սրանով պիտի խայծերն ի հայտ գան,
Որոգայթներն ու կարթերը բացվեն,
Երևան հանվեն անպատումները,
Չարիքների ողջ մնացորդները լիովին քամվեն։
Եվ իմ ցամաքած, գոս ոսկորների
գանձապահեստում
Թող թագավորի քո շնորհների
Ու ողորմության շունչը, Քրիստո՜ս,
Որ կենդանանար գարնանամուտի սկզբնալույսին՝
Կենսանորոգման այն օրը պայծառ՝
Անմահ փրկության քո ցողով աճած
Ու բարունակած հոգևոր բարյաց ընձյուղները պերճ՝
Անթառամելի վերամբարձությամբ
Դալարեմ դարձյալ ու ծաղկեմ կրկին,
Համաձայն շնչով քո՝ գրված գրքի հուսադրության։
Եվ քեզ՝ փրկողիդ միակ և Հոգուդ, հորդ փառակից.
Միասնական քո տերության՝ անճառ սուրբ Երրորդության.
Գովեստով փա՛ռք ու երկրպագությո՜ւն հավիտյանս.
ամեն։