ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Աւրհնեալ տիրաբար ի քումդ էութեան,
Անսահմանելի եւ անփոխադրելի, իսկապէս բարի, պաշտաւն խնկելի
Եւ երջանկութիւն խոստովանելի ամենայն երկրի,
Երկայն յուսոյ ամենապատրաստ տեսութիւն, գթած, ողորմած,
Որ ոչ պահես ոխս բազմութեան ամաց մեղանաց` քթթել մի ական,
Որ հրաշաւորս, զարմանալիս, գեր քան զամենայն ազինս նախնեացն,
Անսահման առաւելութեամբ կրկին ընդ միոյ հաճեցար հեղուլ
Զողորմութեան վերնահոս վտակս ամենախնկաւորս`
Ի շնորհաբաշխութեանս նորումս:
Եւ զանդուստ զմուտս լուսարանի պատուհանին անձկութեան
Նշողիցն աղաւտականաց չափով գիտութեանցն, ըստ Սողոմոնի,
Եւ իւր իսկ նմին եւ ինձ ընդ նորին
Բացեր, ընդարձակեցեր թշուառացելումս զառագաստն անջրպետարան
Ելիցն ողորմութեան ձրի պարգեւացն աստուածականաց:
Զոր ընդ մէջ իմն մասնաւորաւք աւետաւոր յիշատակաց
Եւ ի հնումն զայսր տպաւորութիւն աւրինակաւ նկարագրեր`
ԶþԴարձարուքն առ իս, եւ ես դառնամ առ ձեզ,
Եւ` Յորժամ դարձցիս եւ հառաչեսցես, յայնժամ կեցցես:

Բ
Նա զի եւ զաղջամղջին սեւութիւն գունոյն
Փոխարկել ի ձեան պայծառութիւն,
Եւ զարանցն արեամբ ներկելոցն`
Յեղանակել ի պատահումն գեղման,
Ըստ Եսայեայ եւ Զաքարիայ,
Եւ ի մէջ բարկութեանն` դարձեալ զոյգ զողորմութիւն,
Քանզի անապատանալ քաղաքացն Իսրայելի եւ դարձեալ բնակիլ,
Եւ ճանապարհացն ամայի լինել ի չգոյէ մարդկան եւ անդրէն հետեւիլ,
Եւ լքանիլ ի սովոյն ոգւով եւ դարձեալ զաւրանալ ձեռամբ,
Եւ գնալ Աստուծոյ ի տեղի իւր զայրացմամբ եւ դառնալ ողորմութեամբ,
Ըստ ներողութեան` զելսն եւ ի մէջ սաստիցն սպառնալեացն` կրկին պաշտպանութիւն,
Եւ ի սրտին խռովութեան` յուզումն խնամոց գթութեան:

Գ
Այս մարգարէիցն ձայն խնկելի,
Որ զաւրհնեալդ քո գալստեան
Զազատարարդ հրաման կանխաւ ազդէին,
Եւ զոր չէ բանիւ նիւթեղէն լեզուի
Ընդ թիւ արկանել վասն անբաւութեան,
Փոքունք են եւ նուազունք
Աւրինակք եւ նմանութիւնք հինք եւ ժամանակաւորք
Առ աւետեացդ քո յայտնութիւն
Եւ խաչիդ փրկագործութիւն:
Որ յամենայն վայրի կառուցեր
Զխորանն վկայութեան արեան քո ուխտի,
Որ մեծաբարբառ միշտ աղաղակէ,
Քան զդատակնիք մահուն Հաբելի,
Զյաղթանակ բարեաց քումդ հանդիսի,
Կեանս կրկինս եւ անմահականս`
Շնորհաց, մկրտութեան, յարութեան, նորոգութեան`
Առ քեզ ընտանութեան, ընդ Հոգւոյդ Սրբոյ միութեան,
Քաւութեան, ազատութեան, լուսաւորութեան,
Մշտնջենաւոր մաքրութեան, իսկապէս երանութեան,
Ընդ վերնայնոցն կցորդութեան, անկապուտ փառաց,
Ի շրթունս մեր ձայնիւ բարձրելոյն
Հաշտեցուցիչ բանից աղաչանք:
Եւ զոր ահաւորն է ասել, կարգեմ աստանաւր,
Յիշատակ եդեալ մեծիդ երախտեաց`
Աստուած իսկ լինել ընտրութեամբ շնորհին
Եւ ընդ հաստողիդ միանալ` տէրունի մարմնոյդ ճաշակմամբ
Եւ ընդ լուսոյդ կենաց խառնութեամբ,
Զոր կատարումն երջանիկ խոստման,
Ըստ Պաւղոսի բանին, ոչ ունէր Աւրէնն:
Այլ դու, փրկութիւն, եկիր հայրենիդ քո հարստութեամբ,
Արարեր եւ կատարեցեր զյուսոյն յերկարաձգութիւն,
Որ առ քեզ պահեալ անհամառաւտելի, քաւիչ ամենայնի:
Եւ քեզ փա~ռք ընդ Հաւր քում,
Ի գովեստ բարեբանութեան Հոգւոյդ քո Սրբոյ
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Բան ԾԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Օրհնյա՜լ տիրապես էությանդ մեջ,
Անսահմանելի, անփոփոխելի, իսկապես բարի,
Պաշտում խնկելի և երջանկություն խոստովանելի ամենայն երկրի,
Հարատև հույսի ամենապատրաստ դու հայտնություն,
Գթած, ողորմած, որ չես պահում ոխ մի ակնթարթ իսկ Ընդդեմ բազմամյա մեղանչումների:
Անսահման առավելությամբ և հրաշապես զարմանալի,
Ավելի, քան թե երբևէ բոլոր նախահայրերին,
Դու քո երկնահոս և բարեբանյալ վտակները ողորմության
Նոր շնորհաբաշխությամբ՝ մեկի տեղ կրկնակի հաճեցիր հեղել:
Երբեմնի անձուկ լուսամուտը149Ակնարկություն՝ տաճարի երկու փոքրիկ պատուհաններից մտնող զույգ լույսի, որը խորհրդաբար հասկանում է իբր հին տնօրենության մեջ ծագած նոր շնորհների լույսը: այն, որտեղից հազիվ, ըստ Սողոմոնի,
Չափավոր գիտությունների աղոտ նշույլներն էին թափանցում,
Դու, ինչպես նրա, այնպես նաև ինձ՝ թշվառիս համար բացիր ընդարձակ,
Առագաստն այն անջրպետող, որ արգելում էր
Մուտքն աստվածային ողորմության ձրի պարգևների:
Անցյալում՝ ավետավոր հիշատակումների հետ
Պատկերավոր օրինակներով ասացիր դու մեզ.
«Դարձեք դուք ինձ, և ես ձեզ պիտի դառնամ»150Եսայի Լ. 15, Զաք. Ա. 3, Մաղաք. Գ. 7,
Կամ՝ «Երբ կդառնաս ու կհառաչես, այնժամ դու կապրես».
Եվ կամ թե՝ «Աղջամուղջի սևությունը դու կփոխարկես ձյան պայծառության,
Եվ արյամբ ներկված մարդկանց դու կդարձնես գեղմի պես մաքուր ըստ Եսայու և Զաքարիայի,
Թե՝ բարկությանդ մեջ ողորմությունդ էլ ես մտաբերում.
Թե՝ Իսրայելի քաղաքները անապատանան պիտի
Եվ ապա դարձյալ դառնան բնակելի.
Թե՝ ճանապարհները պիտի ամայանան առ ի չգոյե մարդկանց.
Եվ ապա դարձյալ դառնան բանուկ.
Թե՝ պիտի թուլանան ոգու սովով և քո ձեռքով դարձյալ զորանան.
Թե՝ Աստված զայրագին իր տեղը պիտի գնա Եվ պիտի դառնա դարձյալ ողորմությամբ. Կթողնի նա մեզ՝ բայց և՛ կների
Կսաստի թեև ու կսպառնա, բայց և կրկին կպաշտպանի.
Եվ մինչ խռովահույզ է սիրտը նրա՝ կշարժվի գութն իր խնամքների:

Բ

Մարգարեների խոսքերն այս խնկելի,
Որոնք քո օրհնյալ գալստյան հրամանն էին ազդարարում առաջուց.
Եվ որ հնար չէ նյութեղեն լեզվով բոլորը թվել, քանզի անբավ են,
Օրինակներ են, նմանություններ նվազ, փոքր ու հին, ժամանակավոր՝
Քո ավետավոր հայտնության և խաչիդ փրկագործության համեմատությամբ:
Դու ամենուրեք կառուցեցիր խորաններ՝ քո արյան ուխտի վկայության,
Որոնք մեծաբարբառ աղաղակում են միշտ՝
Աբելի մահվան դատակնիքից ավելի բարձրաձայն հռչակելով,
Հաղթանակը բարի պատերազմիդ
Հանուն երկրորդ և անմահ կյանքի շնորհների՝
Մկրտության, հարության, նորոգության,
Ընտանության քեզ հետ և քո Սուրբ Հոգու
միավորության, Քավության, ազատության, լուսավորության,
Մշտնջենավոր մաքրության և ճշմարիտ երանության,
Վերնայինների հետ կցորդության, անկապուտ փառքի,
Եվ մեր շուրթերի` բարձրյալին ուղղած աղաչողական հաշտարար խոսքի:
Եվ այն, ինչ ասելն իսկ ահավոր է,
Գրում եմ այստեղ ես ի հիշատակ մեծ երախտիքիդ.
Կարող ենք լինել մենք աստված նույնիսկ՝ շնորհներով ընտիր
Եվ ստեղծողիդ հետ միանալ՝
Տերունի մարմինդ ճաշակելով և խառնվելով կենաց լույսիդ հետ,
Մինչ ըստ Պողոսի՝ չուներ հին օրենքն այսպես կատարյալ երջանիկ խոստում:
Իսկ դու, փրկությո՜ւն, քավիչ բոլորի, եկար հայրենի քո հարստությամբ
Եվ մեր հույսն առ քեզ անկրճատելի՝ արիր հարատև կատարելապես:
Փա՜ռք, քեզ Հորդ հետ՝ ի գովք Սուրբ Հոգուդ բարեբանության,
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա
Օրհնյա՜լ տիրաբար էությանդ մեջ
Անսահմանելի, անփոփոխելի բարի իսկությամբ,
Համայն աշխարհի պաշտում խնկելի,
Խոստովանելի ակն երջանկության,
Երկար փայփայված հույսի ժամանում
ամենապատրաստ,
Գթած, ողորմած, որ ոխ չես պահում մի ակնթարթ իսկ
Ընդդեմ բազմամյա ու բազմակուտակ մեղքերի անգամ։
Անսահմանորեն ավելի առատ,
Քան նախնիների սերունդներին ողջ,
Շնորհաբաշխմամբ նոր լուսանորոգ՝
Մեկի փոխարեն կրկնակին դու մեզ հաճեցիր հեղել
Զարմանահրաշ, անճառ վերնահոս
Վտակներն օրհնյալ քո ողորմության։
Երբեմնի տմույն լուսամուտն անձուկ,
Որով չափավոր գիտությունների
Նշույլներն էին, աղոտ ու նսեմ,
Ըստ Սողոմոնի, հազիվ թափանցում,
Դու, ինչպես նրա, այնպես նաև ինձ՝
Թշվառիս համար, բացիր լայնորեն՝
Հանելով պատվարն արգելափակող
Ելքն աստվածային քո ողորմության ձիր-պարգևների.
Որոնք թեպետև մասնակի, սակայն
Ավետապատում օրինակներով
Պատկերել էիր կանխավ անցյալում՝
Ասելով ձայնով մարգարեների.
«Դարձե՛ք ինձ, և ես կդառնամ առ ձեզ».
«Երբ դառնաս հեծես, կապրես դու այնժամ».
Աղջամուղջային գույնը սևաթույր
Կփոխարինես ձյան պայծառության
Եվ արյամբ ներկված մարդկանց կդարձնես
գեղմի պես մաքուր.
Ըստ Զաքարիայի ու Երեմիայի,
Բարկության մեջ իսկ ողորմությունդ կհիշես դարձյալ.
Իսրայելի ողջ քաղաքները նախ կանապատանան,
Եվ բնակելի կդառնան նորեն.
Ճանապարհները մարդ չլինելուց թափուր կմնան,
Ապա վերստին կդառնան բանուկ.
Հոգեկան սովից մարդիկ կլքվեն
Ու կզորանան դարձյալ քո ձեռքով,
Աստված զայրացած կգնա տեղն իր,
Բայց ողորմությամբ կվերադառնա,
Ներելով՝ նորից ելք ցույց կտա մեզ.
Թեև կսաստի ու խիստ կսպառնա,
Սակայն վերստին պաշտպան կկանգնի.
Սրտի խռովման պահերին անգամ
Կշարժվի գթով իր խնամարկու։

Բ
Խնկյալ խոսքերն այս մարգարեների,
Որ կանխապես քո օրհնյալ գալստյան
Ամենափրկիչ հրամանն էին մեզ ազդարարում,
Հնարավոր չէ նյութեղեն լեզվով
Մեկ առ մեկ պատմել, քանզի անբավ են,
Բայց, այդուհանդերձ, դրանք մինչևիսկ
Օրինակներ են միայն աննշան,
Ուրվապատկերներ, փոքր, նվազ, հին, ժամանակավոր,
Քո ավետաբեր հայտնության, խաչիդ
Փրկագործության համեմատությամբ։
Վեր խոյացրիր դու ամենուրեք
Խորաններ բազում մարտիրոսական քո արյան ուխտի,
Որ մեծաբարբառ միշտ աղաղակեն
Ավելի բարձր, քան դատակնիքն Աբելի մահվան,
Բարեգործությանդ հաղթահանդեսներն ազդարարելով՝
Շնորհմամբ երկրորդ ու անմահ կյանքի,
Մկրտությամբ ու վերանորոգմամբ,
Հարությամբ, քեզ հետ ընտանեցումով,
Քավմամբ, միությամբ քո սուրբ Հոգու հետ,
Ազատությամբ ու լուսավորությամբ,
Երանությամբ ու մաքրագործությամբ մշտնջենավոր,
Վերնայինների հետ հաղորդությամբ,
Փառքով անկապուտ,
Մեր շրթունքներով բարձրյալին ուղղված
Աղաչական ու հաշտարար խոսքով։
Եվ այն, ինչ ասելն իսկ ահավոր է,
Գրում եմ այստեղ որպես հիշատակ մեծ երախտիքիդ.
Կարող ենք նույնիսկ մենք աստված լինել
Շնորհներով ու ձիրքերով ընտիր
Ու միավորվել ստեղծողիդ հետ՝
Տերունական քո մարմնի ճաշակմամբ
Եվ միաձուլմամբ քո կենաց լույսին.
Մինչդեռ, Պողոսի խոսքի համաձայն,
Նախկին օրենքը չուներ այսպիսի
Կատարելության երջանիկ խոստում։
Բայց դու, փրկությո՜ւն,
Եկար հայրենի քո հարստությամբ
Եվ մեր աննվազ, երկար փայփայած
Հույսերն, ուղղված քեզ, քավի՜չ բոլորի,
Իրագործեցիր կատարելապես։
Փա՜ռք քեզ հորդ հետ՝ ի գովք սուրբ Հոգուդ
բարերարության,
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։